Հայաստանը ՀՅԴ – Բոլշեւիկ յարաբերութիւնների ոլորտում 1917-1921

Հեղինակ

Բաժին

Թեմա

Անկախ Հայաստան

Սէյմի լուծարման օրը, Մայիս 26-ին գումարուած Ազգային Խորհրդի ժողովում շփոթ եւ անորոշութիւն էր տիրում: Խորհրդի անդամները դատապարտում էին Վրաստանին իր անջատողական քայլի համար: Բայց Վրաստանը արել էր այն, ինչ որ իր շահն էր պահանջում, իսկ այդ քայլի հետեւանքով ստեղծուած կացութեան մէջ հայ ղեկավարների համար դժուար էր որեւէ որոշման յանգել եւ գալիք ուղեգիծը ճշտել. հետեւե՞լ վրացիներին եւ անկախութիւն յայտարարել թէ՞ ոչ: Նիստի մասնակիցներից ոմանք այն կարծիքին էին, թէ ներկայ վիճակում, երբ Հայաստանի հողային տարածքի մեծ մասը թուրքերի ձեռքին է, Ռուսաստանից անջատուելը կարող է վտանգաւոր լինել, մանաւանդ, որ Անդրկովկասի անկախութեան յայտարարութիւնը եւ ապա նրա երեք մասերի բաժանուելը թուրքերի պահանջն է եղել: Այս կարծիքն ունեցող թեւը նոյնիսկ պնդում էր, որ պիտի բողոքել Վրաստանի առած քայլի դէմ եւ փորձել վերականգնել Անդրկովկասի միասնականութիւնը: Արտաշէս Բաբալեանը վկայում է, թէ Ազգային Խորհրդի դաշնակցական անդամներից՝ Աւետիս Ահարոնեանը, Ռուբէնը եւ ինքը հակառակ էին անկախութեան հռչակումին, իսկ Սիմոն Վրացեանը՝ կողմնակից: [1]

Նոյն գիշերը տեղի ունեցաւ նաեւ Հ. Յ. Դաշնակցութեան Թիֆլիսի ներկայացուցչական ժողովի ու թաղային կոմիտէների նիստը: Ըստ ժողովականների ընդհանուր կարծիքի, այս պայմաններում յարմարագոյնը կլինէր այն, որ Թիֆլիսի Հայոց Ազգային Խորհուրդը Երեւան մեկնէր եւ ստանձնէր հայ ժողովրդի ու հայոց երկրի գերագոյն իշխանութեան ղեկը եւ Հայաստանի կառավարական պարտականութիւնները նախաձեռնելու համար աշխատանքի անցնէր: Յաջորդ օրուայ, Մայիս 27-ի, Ազրբէյջանի անկախութեան յայտարարութիւնից եւ հաշտութեան պատուիրակութեան հայ անդամների, Քաջազնունու եւ Խատիսեանի զեկուցումներից յետոյ աւելի պարզ դարձաւ իրողութիւնը: Մայիս 28-ին Ազգային Խորհուրդը որոշեց պատուիրակութիւն ուղարկել Բաթում՝ անկախ Հայաստանի անունից բանակցութիւնները վերսկսելու համար: Յատկանշական է, որ դեռեւս այդ ժամանակ անկախութեան յայտարարութիւն չէր կատարուած: Ազգային Խորհուրդը դեռ ամբողջական համաձայնութեան չէր եկել: Մայիս 29-ին Հ. Յ. Դ. Արեւելեան եւ Հայաստանի Բիւրոների, Թիֆլիսի Կ. Կ. ի եւ Սէյմի ու Ազգային Խորհրդի դաշնակցական ֆրակցիաների միացեալ նիստում էր միայն, որ կայացաւ ընդհանուր համաձայնութիւնը՝ Հայաստանի անկախութիւնը հռչակելու: Ժողովը նոյնպէս որոշեց, որ Ազգային Խորհուրդը Յովհաննէս Քաջազնունուն հրաւիրի որպէս վարչապետութեան թեկնածու: Ազգային խորհրդի Մայիս 30-ի նիստին խորհրդի այլ կուսակցութիւնները եւս հաստատեցին անկախութեան հռչակման անհրաժեշտութիւնը, եւ Աւետիս Ահարոնեանը, Ալեքսանդր Խատիսեանը, Յովհաննէս Քաջազնունին ու Նիկոլ Աղբալեանը նշանակուեցին խմբագրելու Հայաստանի անկախութեան հռչակագիրը: Մայիս 30-ին Ազգային Խորհրդի անունից կատարուեց պաշտօնական յայտարարութիւնը: [2]

Հրաչ Տասնապետեանը այդ հռչակագիրը այսպէս է բնութագրում. «Անկախութեան վճռական յայտարարութիւն մը ըլլալէ աւելի, դէպքերու գահավէժ եւ անհակակշիռ ընթացքով պարտադրուած իրողական վիճակի մը հաստատումն է ան»: [3]

Իսկ Րիչըրդ Յովհաննիսեանը, Վրաստանի, Ազրբէյջանի եւ Հայաստանի անկախութեան հռչակագրերը իրար համեմատելով, դիտել է տալիս, թէ հայկական հռչակագրի մէջ, հակառակ միւսների, «անկախութիւն», «հանրապետութիւն» կամ քաղաքացիական իրաւունք յորջորջումները չէին գործածուած եւ միայն յետագայ յաջողութիւններից ու Բաթումի համաձայնագրի ստորագրումից յետոյ էր, որ Ազգային Խորհուրդը համարձակութիւն ունեցաւ գործածելու «Հայաստանի Հանրապետութիւն» անունը: [4]

Մայիս 29-ին Բաթում հասաւ Հայոց Ազգային Խորհրդի պատուիրակութիւնը՝ Խատիսեանի նախագահութեամբ եւ Քաջազնունու ու Պապաջանեանի մասնակցութեամբ (վերջինս Ժողովրդական կուսակցութիւնից, նախկին Օզակոմի անդամ): Յունիս 4-ին ստորագրուեց «Խաղաղութեան եւ բարեկամութեան դաշինքը» Օսմանեան Կայսերական Կառավարութեան եւ Հայաստանի Հանրապետութեան միջեւ: [5] Նախորդ օրերին Ղարաքիլիսէի, Բաշ Ապարանի եւ Սարդարապատի ճակատամարտերում հայութեան ի յայտ բերած ուժն ու վճռականութիւնը եւ ռազմական յաջողութիւնները որոշ դեր էին կատարել: Թուրքերը համաձայնուել էին Հայաստանի համար նախատեսուած շուրջ 10, 000 քառ. կիլոմետրի վրայ աւելացնել շուրջ 1, 000 քառ. կիլոմետր եւս: Նախատեսուած սահմանագիծը անցնում էր Ջաջուռի կայարանից մինչեւ Ալագեազի գագաթը եւ իջնում էր դէպի Վաղարշապատ: [6] Վրացեանը անկախացած Հայաստանը այսպէս է բնութագրում. անկախ Հայաստանի հողային «տարածութիւնը մօտաւորապէս 12, 000 քառ. կիլոմետր էր, բնակչութիւնը գաղթականներով միասին՝ մօտ մէկ միլիոն: Եւ… մայրաքաղաքից եօթը քիլոմետր հեռու՝ երեւում էին թրքական թնդանօթները…»: [7]

Պոլսում նստած Երիտասարդ Թուրքերի Կառավարութիւնը երկար վիճաբանութիւններից յետոյ ու մանաւանդ դէմ գալով Սարդարապատի, Բաշ Ապարանի եւ Ղարաքիլիսէի ճակատներում հայկական ռազմական ուժի վճռական դիմադրութեան, ընդունել էր Թալէաթի վարկածը: Հակառակ Էնվերի պնդումներին՝ կանգ չառնել ու բնաջնջման քաղաքականութիւնը մինչեւ վերջ տանել, Թալէաթը առաջարկել էր ողջ մնացած հայերի համար ստեղծել մի փոքրիկ անկախ պետութիւն. այդպիսով, առանց ո՛չ մի թիզ թրքական հող հայերին զիջելու, թուրքերը լուծած կլինէին Հայկական Հարցը եւ կը ներկայանային Եւրոպայի հաշտութեան խորհրդաժողովին: Երիտասարդ Թուրքերի այս վերաբերմունքը աւելի բացայայտ է դառնում Բաթումի համաձայնագրի ստորագրումից յետոյ՝ Խատիսեան, Ահարոնեան եւ Պապաջանեան պատուիրակութեան՝ Պոլսում տարած բանակցութիւնների ընթացքում: [8] Հաւանաբար, ինչպէս Անահիտ Տէր-Մինասեանն է նշում, կար նաեւ ժամանակ խնայելու հարցը: Հայաստանի հետ բարեկամութեան դաշինք կնքելով՝ թուրքերը ցանկանում էին աւելի արագ իրագործել Բաքուին հասնելու իրենց ծրագիրը: [9]

Այսպիսով, իրականութիւն էր դարձել ազատ ու անկախ Հայաստանը, բայց իրականութիւն էր նաեւ Թրքահայաստանի անկումը: Եւ արդէն երկրորդ անգամ Թրքահայաստանում վերաբնակուած հայերը, շուրջ 150, 000, Ապրիլի վերջից սկսած, զանգուածային գաղթով նահանջում էին, բայց այս անգամ չկար ռուսական բանակը, չկար յոյսը վերադառնալու: «Այս զանգուածն էր, - գրում է Կարօ Սասունին, - որ մնաց Հայաստանի Հանրապետութեան սահմաններու մէջ: Չափեց երկրի լայնքն ու երկայնքը, գալարուեցաւ վտանգներու ցանցերուն մէջ, արիւնոտուեցաւ ու արիւնոտեց, բայց զօրացաւ եւ արմատ ձգեց նորակազմ հայրենիքի հողին խորքը, եւ հայկական դիմագիծ տուաւ անոր»: [10]

Դաշնագրի ստորագրումով դադարեցին հայ-թրքական կռիւները, սակայն Հայաստանի նորակազմ պետութեան բանակցութիւնները թուրքերի հետ չաւարտուեցին: Գերմանիոյ նախաձեռնութեամբ, Կովկասի եւ Թուրքիոյ միջեւ առկախ մնացած հարցերը պիտի լուծուէին Պոլսում: Եւ 1918-ի Յունիս 15-ից մինչեւ Նոյեմբերի սկիզբը Խատիսեան, Ահարոնեան եւ Պապաջանեան պատուիրակութիւնը Պոլսում ապարդիւն ջանքեր էր թափում՝ բարեփոխման ենթարկելու Բաթումի համաձայնագիրը: [11]


[1] Տես՝ Արտաշէս Բաբալեան, «Էջեր Հայաստանի Անկախութեան Պատմութենէն», «Հայրենիք» ամսագիր, Ա. տարի, թիւ 8, Յունիս, 1923, էջ 43:

[2] Հայոց Ազգային Խորհրդի այս պատմական բանաձեւը տես՝ «Հայաստանի Հանրապետութեան Ծագումն Ու Զարգացումը», էջ 84: Նաեւ «Հայաստանի Հանրապետութիւն», էջ 153:

[3] «Հ. Յ. Դաշնակցութիւնը Իր Կազմութենէն Մինչեւ Ժ. Ընդհ. Ժողով», էջ 128, ծանօթ. 37:

[4] Armenia on the Road to Independence, էջ 191:

[5] Բաթումի բանակցութիւնների մանրամասները տես՝ «Հայաստանի Հանրապետութեան Ծագումն Ու Զարգացումը», էջ 85-94, իսկ դաշնագրի եւ դրա երեք յաւելուածների բովանդակութիւնը տես՝ նոյն տեղում, էջ 154-156:

[6] Բաթումի դաշնագրի պատճէն իր յաւելուածներով (ֆրանսերէնով) տես՝ Հ. Հ. Կ. Պ. Պ. Ա. ֆոնտ 200, ցուցակ 1, գործ 12, էջ 2-13:

[7] «Հայաստանի Հանրապետութիւն», էջ 156:

[8] Տես՝ «Հայաստանի Հանրապետութեան Ծագումն Ու Զարգացումը», էջ 97-102:

[9] Անահիտ Տ. Մինասեան, La Question arménienne, (Փարիզ, Parenthese Հրատարակութիւն, 1983), էջ 173:

[10] Թրքահայաստանի գաղթաշարժի մանրամասները տես՝ «Տաճկահայաստանը Ռուսական Տիրապետութեան Տակ (1914-1918)», էջ 167-186:

[11] Պատուիրակութեան գործունէութեան մանրամասները տես՝ «Հայաստանի Հանրապետութեան Ծագումն Ու Զարգացումը», էջ 97-117: