Հայաստանը ՀՅԴ – Բոլշեւիկ յարաբերութիւնների ոլորտում 1917-1921

Հեղինակ

Բաժին

Թեմա

Ընդհանուր ապստամբութիւնը շղթայազերծուած

Փետրուար 16-17-ի գիշերը ամէն կողմից դէպի Երեւան են շարժւում ապստամբ խմբերը Կուռոյի եւ խմբապետ Մարտիրոսի ղեկավարութեան տակ։ Կուռոն . Թարխանեան) անկուսակցական էր եւ Աւիս Նուրիջանեանի կարգադրութեամբ Ախտայում գտնուող կարմիր զօրամասի հրամանատարի պաշտօնն էր վարում։

Փետրուարի 17-ի գիշերը Կարօ Սասունին մի հեռագիր է ուղղում Յեղկոմին ու յայտնում, թէ վերականգնուած է Վրացեանի օրինաւոր կառավարութիւնը։ Հեռագրում առաջարկւում է Յեղկոմի անդամներին, առանց եղբայրասպան կռիւների առիթ տալու, դուրս գալ Հայաստանից։ [1]

Բոլշեւիկ ղեկավարները համոզուած էին, որ ղեկավարներին բանտարկելով կամ երկրից դուրս հալածելով՝ գլխատել են Դաշնակցութեան, ուրեմն եւ հնազանդ մի զանգուածի վերածել ժողովրդին։ Վերջին մի քանի օրերի կազմակերպուած գործողութիւնները ապացոյց էին Դաշնակցութեան գոյութեան։ Ի տես այս բոլորի, Յեղկոմը իր վերջին դիմադրական միջոցներին դիմեց։ Այս ուժեղ հակազդեցութիւնների շարքում, Փետրուար 14, 15, 16 եւ 17-ի գիշերներին Երեւանի Չեկայի բանտում, Ղարաքիլիսէի, Դիլիջանի եւ այլ քաղաքների բանտերում կացնահարել տուեց հայ մտաւորականների եւ նախկին ղեկավարների։ Զոհուածների շարքում էին Բաքուի ինքնապաշտպանութեան հրամանատար Համազասպը, հեծելազօրի հրամանատար գնդ. Ղորղանեանը (Ստեփան), Ալեքսանդրապոլի նախկին ոստիկանական զօրքի պետ Սերգոն եւ շատ այլ ղեկավարներ։ Այս բոլոր ոճիրների ընթացքում Երեւանում Մոսկուայի ներկայացուցիչն էր ռուս Արկադի Պետրովսկին։

Յեղկոմի անդամների յաջորդ քայլը փախուստն էր։ Եւ իրենց տրամադրութեան տակ գտնուող զինուորական ուժերի հետ, պետական գանձանակի դրամներն ու պահեստների պաշարը յափշտակած, նրանք դէպի Ղամարլու են փախչում՝ այնտեղ ամրանալու։ Ճամբին, սակայն, ապստամբների դիմադրութեան հանդիպելով, անցնում են Շարուր եւ «բարեկամ» թուրքերին միանում։ Իրենց հետ վերցրած զինուորական շարժական ռադիոկայանի միջոցով նրանք հաւաստիացնում են Բաքուին, թէ «Մի խումբ մաուզերիստներ, աւազակապետ Վրացեանի գլխաւորութեամբ, դաւադրութեամբ տիրելով Երեւանի ռադիոկայանին, շինծու լուրեր են տարածում Հայաստանում, իբր թէ տեղի ունեցած յեղաշրջման մասին…»։ [2]

Խորհրդային Միութեան պատմութեան եւ համայնավար վարչակարգի տիրապետութեան ընթացքում խորհրդային պատմագրութիւնն ու քարոզչութիւնը դատապարտեց Դաշնակցութեան՝ ժողովրդին այդպիսի վտանգաւոր արկածախնդրութեան տանելու համար։ Իրականութիւնը այլ է, սակայն։ Դաշնակցութիւնը համաժողովրդական ցասումի եւ ընդվզումի դէմ յանդիման եկած, մէկ անգամ էլ ստանձնեց իրեն վիճակուած դերը, առաջնորդեց ու ղեկավարեց շարժումը։ Սիմոն Վրացեանի մի նամակը, 1921, Փետրուար 21-ին Երեւանից Ուաշինգթըն՝ Արմէն Գարոյին ուղղուած, մէկն է բազմաթիւ այն փաստաթղթերից, որոնք գալիս են պարզելու Փետրուարեան ապստամբութեան իրական պատկերը։ Այս նամակում նա խոստովանում է, թէ նախապէս որեւէ ծրագիր գոյութիւն չի ունեցել. ընդհակառակը, բոլոր նրանց, որոնք առաջարկում էին մի բան անել Յեղկոմի սանձարձակութիւններին վերջ տալու համար, ինքը պատասխանում էր, թէ այդպիսի մի իրավիճակում՝ «երբ թուրքը նստած էր Ախուրեանի եւ Արաքսի ափին, երբ անզէն, անհաց, անդեղ Հայաստանը, կծկուած ինքն իր մէջ կտրուած էր արտաքին աշխարհից առնուազն արկածախնդրութիւն էր ապստամբութեան մասին մտածելը»։ [3] Բայց ապստամբութիւնը շղթայազերծուած էր՝ անկախ Վրացեանի կամ որեւէ կուսակցութեան կամքից։

Փետրուար 18-ի առաւօտեան Երեւան են մտնում ապստամբները եւ գրաւում քաղաքը։ Բանտերը բացւում են, ազատ են արձակւում բանտարկեալները։ Ս. Վրացեանը վկայում է, թէ քաղաքը տօնական տեսք էր ստացել, եռագոյն դրօշներով զարդարուել էին փողոց ու շէնքեր։ «Բոլշեւիկների իշխանութիւնը Հայաստանում վերացուած է», յայտնում էր նոյն օրը «Հայրենիքի Փրկութեան Կոմիտէ»ի կողմից ժողովրդին ուղղուած կոչը։

Նոյն օրը գումարւում է մի համաժողով՝ մասնակցութեամբ նախկին կառավարութեան եւ խորհրդարանի անդամների, անհատ գործիչների եւ ապստամբ խմբերի ներկայացուցիչների։ Որոշւում է լրացումներ կատարելով վերականգնել Ս. Վրացեանի կառավարութիւնը, որ «Հայրենիքի Փրկութեան Կոմիտէ» անուան տակ պիտի դառնար յեղափոխական շրջանի գերագոյն իշխանութիւնը։ «Հայրենիքի Փրկութեան Կոմիտէ»ին մաս են կազմում Հայաստանում մնացած կուսակցութիւնների Հ. Յ. Դաշնակցութեան, Սոցիալ-դեմոկրատ, Սոցիալ-յեղափոխական եւ Ժողովրդական ներկայացուցիչները։ Պարտականութիւններ են ստանձնում Սիմոն Վրացեանը՝ իբրեւ նախագահ ու արտաքին գործերի, գիւղատնտեսութեան եւ պետական գործերի վարիչ, Արշակ Յովհաննիսեանը՝ զինուորական գործերի վարիչ, Կարօ Սասունին՝ ներքին գործերի վարիչ, Համբարձում Տէրտէրեանը՝ ելեւմտական գործերի վարիչ, Յակոբ Տէր-Յակոբեանը՝ պարենաւորման վարիչ, բժիշկ Ս. Եղիազարեանը՝ խնամատարութեան վարիչ. յետոյ կազմի վրայ աւելանում են Արշամ Խոնդկարեանը, իբրեւ արդարադատութեան վարիչ, իսկ Վահան Մինախորեանը փոխարինում է Յակոբ Տէր-Յակոբեանին, որ ճակատ էր մեկնել։ Աւելի ուշ, Կոմիտէին են միանում, Վասպուրականի մարմնի կողմից Ս. Մեսրոպեանը եւ Արմենակ Մաքսապետեանը։ Բանակի ընդհանուր հրամանատար է նշանակւում գնդ. Կուռօ Թարխանեանը։

1921-ի Փետրուար 20-ին Ռուսաստանի Կոմունիստական Կուսակցութեան Կենտկոմի Կովկասեան Բիւրոյի նիստին զեկուցում է տրւում «Հայաստանում ծագած հակառեւոլիւցիայի պատճառների եւ պայմանների մասին»։ Մատնանշւում են «սխալները», որոնք առիթ են տուել «Հայաստանի բուրժուազիային, դրանց մէջ նաեւ դաշնակցական պարտիային, հակառեւոլիւցիոն կազմակերպել»։ Այս զեկուցման հիման վրայ ընդունուած բանաձեւը նշում է, թէ «Կենտրոնի կոմունիստների մի որոշ խմբի անճիշտ քաղաքականութիւնը հասցրեց այս բանին, որ դաշնակներն այդպիսի կարճ ժամկէտում գրաւեցին իշխանութիւնը…»։ Նիստում որոշում է տրւում անյապաղ միջոցներ ձեռք առնել՝ «հակառեւոլիւցիան Հայաստանում եւ Կովկասում վերջնականապէս ոչնչացնելու համար»։ [4]

 


[1] «Փետրուարեան Ապստամբութիւնը», էջ 108։

[2] «Հայաստանի Հանրապետութիւն», էջ 527։

[3] Վրացեան, «Հին Թղթեր Նոր Պատմութեան Համար», էջ 330։

[4] «Հոկտեմբերեան», փաստաթուղթ թիւ 345, էջ 489-491։