Ինքնակենսագրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

Ես՝ Կարէն Նիկիտի Իւզբաշեանս, ծնուել եմ 1927 թ. Յունուարի 6-ին Թբիլիսիում: Յեղափոխութիւնից յետոյ հայրս՝ Նիկիտա (Մկրտիչ) Իւզբաշեանը՝ ծագումով շուշեցի, հաստատվել էր Թբիլիսիում՝ լինելով գործարանի տնօրէն եւ դասաւանդելով Պոլիտեխնիկ ինստիտուտում: 1930 թ. տեղափոխւում է Երեւան՝ ղեկավարելով տրամվայի շինարարութիւնը, միաժամանակ դասաւանդելով Երեւանի Պոլիտեխնիկ ինստիտուտում: Վախճանուել է Երեւանում 1961 թ.: Մայրս՝ Վարսենիկ Իւզբաշեանը՝ Թիֆլիսի Գայիանեան դպրոցի շրջանաւարտ, եղել է հայերէնի ուսուցչուհի: Վախճանուել է Լենինգրադում 1982 թ.:
Միջնակարգ կրթութիւնը ստացել եմ Երեւանում՝ աւարտելով Պուշկինի անուան ռուսական դպրոցը: 1943 թ. ընդունուել եմ Մոսկուայի՝ Բաումանի անուան Բարձրագոյն տեխնիկական ուսումնարանը: Երրորդ կուրսից թողել եմ այդ ուսումնարանը եւ ընդունուել Երեւանի համալսարանի Պատմութեան ֆակուլտետ՝ հայ ժողովրդի պատմութեան բաժինը: 1948 թ. աւարտելով երկրորդ կուրսը՝ փոխադրուել եմ Լենինգրադի համալսարանի Պատմութեան ֆակուլտետը՝ մասնագիտանալով բիւզանդագիտութեան ամբիոնին առընթեր։ 1951 թ. աւարտել եմ համալսարանը. աւարտական աշխատութիւնս նուիրուած է եղել պաւլիկեան շարժմանը Հայաստանում եւ Բիւզանդիայում։
Նոյն՝ 1951 թ. ընդունուել եմ ՀԽՍՀ Գիտութիւնների Ակադեմիայի ասպիրանտուրա եւ երեք տարով գործուղուել Լենինգրադ՝ ԽՍՀՄ ԳԱ Պատմութեան ինստիտուտի Լենինգրադի բաժանմունք։ Աւարտելով ասպիրանտուրան 1954-ին՝ 1957 թ. պաշտպանել եմ դիսերտացիոն աշխատանքս՝ «Բիւզանդիան Խաչակրաց չորրորդ արշաւանքի նախօրեակին» թեմայով։
Համալսարանի եւ ասպիրանտուրայի տարիներին իմ հիմնական ուսուցիչները եղել են Մ. Վ. Լեւչենկոն եւ Ե. Է. Լիպշիցը։ 1945 թ. սկսած անմիջական շփման մէջ եմ եղել Աշոտ Յովհաննիսեանի հետ։ Աշոտ Յովհաննիսեանին, Սուրէն Երեմեանին, ձեռագրերի բնագաւառում՝ Լեւոն Խաչիկեանին, որոշ իմաստով նաեւ Յովսէփ Օրբէլուն դիտում եմ իբրեւ հայագիտութեան իմ ուսուցիչների։
1955 թ. անցել եմ աշխատանքի Մատենադարանում՝ որպէս ձեռագրական բաժնի վարիչ։ Եթէ թեկնածուական աշխատութիւնս եղել է զուտ բիւզանդագիտական բնոյթի, ապա Մատենադարանում վերսկսել եմ թողածս ուղղութիւնը՝ հայ-բիւզանդական յարաբերութիւնների ուսումնասիրութիւնը քաղաքական, մասամբ մշակութային ոլորտում։ Մատենադարանում ձեռնամուխ եմ եղել Արիստակէս Լաստիվերտցու Պատմութեան քննական բնագրի պատրաստմանը՝ գրաւոր մի յուշարձանի, որը կարեւորագոյն սկզբնաղբիւր է թէ՛ Հայոց, թէ՛ Բիւզանդիայի պատմութեան։ Նոյն այդ տարիներին սկսել եմ զբաղուել հայ հնագրութեամբ՝ բառիս լայն իմաստով։
1958 թ. ակադ. Յովսէփ Օրբէլու հրաւէրով տեղափոխուել եմ Լենինգրադ եւ անցել աշխատանքի ԽՍՀՄ ԳԱ Արեւելագիտութեան ինստիտուտի Լենինգրադի բաժանմունքում։ Բաժանմունքն ստեղծուել էր Յ. Օրբէլու ջանքերով. հիմնադիրը ծրագրել էր նաեւ կովկասագիտութեան վերածնունդը եւ համարել, որ իմ պատրաստութիւնը համապատասխանում է կովկասագիտական բաժնի ապագայ գործունէութեանը։ Տեղափոխութիւնս հնարաւոր դարձրեց կրկին հաստատել Կովկասեան կաբինետը, որտեղ ես ստանձնեցի գիտական քարտուղարի, հետագայում՝ վարիչի պաշտօնը։
Ցայսօր մնում եմ Արեւելագիտութեան ինստիտուտի Լենինգրադի բաժանմունքի աշխատակից՝ առաջատար գիտական աշխատողի պաշտօնով։ Մերձաւոր Արեւելքի բաժնում վարում եմ պատմա-մշակութային ուսումնասիրութիւնների խումբը, որի հիմնական ուղղուածութիւնը կապուած է Քրիստոնեայ Արեւելքի հարցերի հետ։
Փոխադրուելով Լենինգրադ՝ շարունակել եմ զբաղուել նոյն այն հարցերով, ինչ որ եւ Մատենադարանում։ 1962 թ. լոյս տեսած Արիստակէս Լաստիվերտցու Պատմութեան քննական բնագրի հիման վրայ պատրաստել եմ նրա ռուսերէն թարգմանութիւնը՝ ստուար առաջաբանով եւ ծանօթագրութիւններով, որը լոյս է տեսել 1968 թ. ։ Երկու աշխատութիւնների արդիւնքներն ամփոփուած են Բրիւսէլում կայացած 1973 թ. հրատարակութեան մէջ (ֆրանսերէն)։ Կազմել եմ Լենինգրադի տարբեր պահոցներում եղած հայ ձեռագրերի գիտական նկարագրութիւնը։ Հայ-բիւզանդական յարաբերութիւններին նուիրուած ուսումնասիրութիւններիս խտացումը պարունակում է դոկտորական դիսերտացիաս՝ «Արիստակէս Լաստիվերտցու Պատմութիւնը եւ Բագրատունեաց շրջանի մայրամուտը» վերնագրով։ Այդ աշխատութեան էական մասը հրատարակուած է «Բագրատունեաց շրջանի հայկական պետութիւնները եւ Բիւզանդիան IX-XI դդ. » աշխատութեան մէջ (ռուսերէն, 1988)։ Տասնեակ տարիներ զբաղուել եմ նաեւ գիտութեան պատմութեամբ. ինձ յաջողուել է յայտնաբերել Նիկողայոս Ադոնցին վերաբերող արխիւային փաստաթղթերը եւ դրանց հիման վրայ հրատարակել խոշորագոյն գիտնականի կենսագրութիւնը։ Կարեւորութիւն եմ տալիս յատկապէս Յ. Օրբէլու կեանքին եւ գործունէութեանը նուիրուած աշխատութիւններիս (առանձին գրքերով՝ 1964, 1971, 1986, 1987), քանզի այնտեղ փորձ է արուած՝ մեկնաբանելու հայագէտ-արեւելագէտի ստեղծագործական եւ գիտա-կազմակերպչական աշխատանքը հնարաւորին չափ լայն ընդգրկումով։ Գիտութեան պատմութեան հարցեր են արծարծուած նաեւ «Պաղեստինեան ընկերութիւն - պատմութեան դրուագներ» աշխատութեանս մէջ։
1989 թ. լոյս է տեսել ընթերցողների լայն շրջանակներին հասցէագրուած աշխատութիւնս՝ «Աւարայրի ճակատամարտից դէպի Նուարսակի պայմանադրութիւնը»։ Դիմելով անմիջապէս սկզբնաղբիւրներին՝ փորձել եմ կազմել V դարի պատմութեան ու մշակոյթի ընդհանուր պատկերը՝ բացայայտելով հակասասանեան շարժումների էութիւնն ու ուղղուածութիւնը, բնութագրելով դարաշրջանի մշակոյթը, նրա առանձնայատկութիւնները եւ այն տեղը, որը գրաւում է այդ մշակոյթը Քրիստոնեայ Արեւելքի ողջ համակարգում։
Այսպիսով՝ աշխատութիւններս մեծ մասամբ նուիրուած են կա՛մ զուտ բիւզանդագիտական խնդիրներին, կա՛մ հայագիտութեան հարցերին՝ որքանով վերջիններս առնչւում են բիւզանդագիտութեան հետ՝ այդ տերմինի լայն ընդգրկումով։
Գիտական կեանքիս ողջ շրջանում զբաղուել եմ գիտա-կազմակերպչական աշխատանքով՝ վարչական կամ հասարակական առումով։ 1981 թ. ընտրուել եմ ԽՍՀՄ ԳԱ Ռուսական Պաղեստինեան ընկերութեան Լենինգրադի բաժանմունքի նախագահ։ Բաժանմունքի հիմնական խնդիրները կապուած են Քրիստոնեայ Արեւելքի ուսումնասիրութեան հետ։ Որպէս նախագահ եւ որպէս «Պալեստինսկիյ սբորնիկ»-ի պատասխանատու խմբագրի տեղակալ՝ ձգտում եմ ապահովել Լենինգրադի բաժանմունքի հաւատարմութիւնը աւանդական գիտական ուղուն։
Լենինգրադ տեղափոխուելուցս յետոյ դասաւանդել եմ Լենինգրադի համալսարանի Արեւելեան ֆակուլտետում եւ Երեւանի համալսարանի Պատմութեան ֆակուլտետում։ Ղեկավարել եմ վեց ասպիրանտների աշխատանքներ. այժմ բոլորը գիտութեան թեկնածուներ են։
Մասնակցում եմ Լենինգրադի հայ համայնքի կեանքին, ընտրուել եմ Լենինգրադի՝ Հայ մշակոյթի բարեկամների ընկերութեան նախագահ։ Ղարաբաղեան շարժումը խթան է հանդիսացել, որպէսզի պարբերաբար հանդէս գամ մամուլում կամ արձագանքեմ ռադիոյով ու հեռուստատեսութեամբ այսօրուայ հայ կեանքի հրատապ հարցերին՝ Լենինգրադում եւ Երեւանում։

Լենինգրադ, 12 Դեկտեմբերի, 1989։                       

Կ. Իւզբաշեան