Նալբանդյանը եւ նրա ժամանակը(Ա)

Հեղինակ

Բաժին

Թեմա

/129/ ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ

ԼՈՒՍԱՎՈՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՕՐԳԱՆԸ


Մամուլի աշխուժացման շրջանը: «Հյուսիսափայլ»-ի հրատարակման նախաձեռնությունը: «Նալբանդյանի գործակցությունը։ Պարբերականի մեկենասները: Ռուսահայ մամուլի ուղղությունները: Նալբանդյանի 1857 թ. արտասահմանյան ուղեւորությունը եւ սիստեմատիկ աշխատակցությունը «Հյուսիսափայլ»–ին: Նրա գրվածքների ընդհանուր բովանդակությունն ու ոճը: Արեւելահայ հրապարակախոսության նոր լեզուն: Հրապարակախոսը եւ ընթացիկ կյանքը:

Օրագիրը, որի ուղղության մասին խոսում էր իր նամակների մեջ Նալբանդյանը, ռուսահայ ազգային գրական-հասարակական զարթոնքի մեջ խոշոր դեր կատարած «Հյուսիսափայլ» ամսագիրն էր: Այդ պարբերականի թույլտվությունը ստացվեց 1857 թ. մայիսին, իսկ հրատարակությունը սկսվեց հաջորդ տարվա հունվարից:

«Հյուսիսափայլ»-ը ծնունդ առավ ժուռնալիստիկայի աշխուժացման այն շրջանում, որ սկսվեց Ռուսաստանում դարամիջին՝ Ղրիմի պատերազմին հաջորդած տարիներին: Այն ժամանակաշրջանն էր այդ, երբ Ռուսաստանում տեղի ունեցավ հեղաշրջում, որի միջոցով հասարակության մի ձեւը՝ ճորտատիրականը, տեղ արեց մյուսին՝ կապիտալիստականին, ժամանակ, երբ այդ հեղաշրջման շնորհիվ նոր թափ ու կենդանություն էր ստանում ժողովուրդների հասարակական կյանքը: Գործարանային շչակների սուլոցները աշխույժ էին հաղորդում նրանց կյանքին ու գրականությանը:

Սակայն գործարանային շչակների սուլոցից ավելի անմիջական եղավ թնդանոթների որոտի թողած տպավորությունը եւ, մանավանդ, Սեվաստոպոլի անկման հասարակական արձագանքը: Ռազմական պարտությունը հասարակական բոլոր խավերի մեջ ծայր տվեց այն գիտակցությանը, թե անհնարին է այլեւս հանդուրժել այն իրադրությունը, որ իշխել էր մինչեւ Ղրիմի պատերազմը: Անգամ իշխող դասերի ու կառաջ վարության շրջաններում խմորվում էր այն գիտակցությունը, որ ճոր/130/տատիրական իրավունքն արգելք է ծառայում երկրի տնտեսության առաջ: եւ որ երկրի հետագա զարգացումը հնարավոր է միայն կապիտալիզմի ուղիներով: Երկրում արծարծվող գյուղացիական շարժումներից ուշաբերված, նրանք հանգում էին այն մտքին, որ եթե կառավարությունը չձեռնարկի «ռեֆորմների», երկիրն անխուսափելի կերպով ելք կորոնի ռեւոլյուցիայի մեջ:

Իր ձեռքն առնելով «ռեֆորմների» նախաձեռնությունը, կառավարությունը նպատակահարմար գտավ օգտագործել նաեւ աշխուժացած հասարակական նորամադրությունների բարում ետրը՝ պարբերական մամուլը։ մայրաքաղաքների թերթերին եւ ամսագրերին թույլ էր տրվում փոքրինչ ընդարձակել իրենց գործունեությունը, քննության առնել ժողովրդի բարեկեցության հետ կապված այժմեական հարցեր եւ այդ թվում՝ նաեւ «ռեֆորմների» հարցը: Իր հիշողությունների մեջ ռուս նշանավոր վաթսունական Ն. Վ. Շելեգունովը, բնութագրելով այդ պահին ստեղծված կացությունը, գրում էր. «Պատերազմը վերջացել էր. ամենքը զգացին թեթեւություն, բայց այդ զգացմունքի ետեւը թաքնված էր ամոթի եւ զայրույթի զգացմունք, վիրավոր զգացմունքը պարտված ժողովրդի, որ մինչ այդ սովոր էր միայն հաղթելու… Այն հանգամանքը, որ Սեւաստոպոլից` հետո արթնացան ամենքը, սկսեցին մտածել ամենքը եւ ամենքին տիրացավ քննադատական տրամադրությունը, դրա մեջ էլ թաքնված է հենց վաթսունական թվականների միստիկական գաղտնիքի լուծումը» [1]:

Քննադատական այս տրամադրությունը համակեց Ռուսաստանի մտավոր կյանքը: Գրականության եւ գիտության մեջ զգացվեց թարմ շունչ: Համալսարանական կյանքը արտակարգ աշխույժ ստացավ՝ տարվելով հասարակական-քաղաքական հարցասիրությամբ: Հասարակությունն զգաց ազատ լսարանների եւ պարբերական մամուլի պահանջ: Սկսեցին լույս տեսնել այլեւայլ ուղղության պարբերականներ: Ամենուրեք քննըվում էին կամ գեթ շոշափվում ժամանակի մեծագույն խնդրի՝ ճորտերի ազատագրման հետ կապված հարցերը:

Ռեֆորմի հեռանկարների մասին գրում էին նաեւ դեմոկրատական Հոսանքի հեղինակները: Լարված վիճակում պահել հասարակական առաջավոր միտքը հրատապ հարցերի շուրջը, ազդել հասարակական կարծիքի վրա հօգուտ տիրող կարգերի փոխման, քաղաքական եւ իդեական այս մթնոլորտում էր սնվում ռուս առաջավոր մամուլը:

Ընդհանուր շարժումն ընդգրկեց նաեւ հայ կյանքը: Ուժեղանում էր հայ ուսանող երիտասարդության հոսանքը դեպի Ռուսաստանի կենտրոնները: Ժողովրդական լուսավորության պահանջներին սկսում են ըն/131/դառաջել ազգային դպրոցն ու թատրոնը, գրականությունն ու մամուլը: Նոր գրականության, նոր գրական լեզվի խնդիրները սկսում են ծեծվել ամենուրեք հենց քաղաքական եռուզեռի այս շրջանում:

Եթե, մի կողմից, հայ կյանքում կատարվող այս տեղաշարժերը հետեւանք էին Ղրիմի պատերազմից հետո սկսվող հեղաբեկման, մյուս կողմից, դրանք կապ ունեին խոր այն պրոցեսների հետ, որ տեղի էին ունենում հայ իրականության մեջ կապիտալիզմի սաղմնավորման, գյուղացիական «խլրտումները» հաճախանալու, բուրժուական հասարակայնության աշխուժացման եւ հայ ժողովրդի՝ որպես բուրժուական ազգ կազմավորվելու պրոցեսի արծարծման հետ: Երեւույթներ էին սրանք, որոնց այս կամ այն չափով սկսում էին արձագանքել ժամանակի հայ առաջավոր մտավորականությունը, նրա ղեկավարած մամուլն ու գրականությունը:

Ազգային-հասարակական հարցեր հուզող հրապարակագրությունը ծայր էր առել հայկական բնաշխարհից դուրս: 1845-1852 թ. թ. ընթացքում լույս տեսավ Թաղիադյանի «Ազգասեր Արարատյան»-ը, 1848 թ. Մադրասի «Բանասեր»-ը, 1849-53 թ. թ. Սինգապուրի «Ուսումնասեր»-ը: Կարճատեւ եղավ սրանց կյանքը եւ սահմանափակ՝ ազդեցության շրջանը: Այնուամենայնիվ, այս պարբերականները հրապարակում էին հայ կյանքի միջնադարյան լճացման ու հետամնացության դեմ ուղղված ուսուցականվերլուծական հոդվածներ: Դրանց մեջ արտացոլվում էր ժամանակի ընդկահայ բուրժուական մտավորականության պրոգրեսիվ աշխարհայացքը: Քննադատվում էին հայ կյանքում իշխող եկեղեցական հաստատություններն ու նրանց գործունեությունը, շոշափվում ազգային գրականության ու լեզվի, դպրոցի ու գիտության եւ քաղաքական ու տնտեսական նյութեր: Մերկացնելով Իրանում եւ Թյուրքիայում իշխող բռնատիրությունները, Անգլիայի գաղութային քաղաքականությունից դժգոհ հնդկահայ առաջավոր հրապարակագիրները Ռուսաստանի տիրապետության տակ գտնվող հայկական բնաշխարհի մեջ էին նշմարում ազգի երջանիկ ու լուսավոր ապագայի հանգրվանը:

1852 թ. սկսում է լույս տեսնել «Մասիս» պարբերաթերթը՝ պոլսահայ լիբերալ-պահպանողական բուրժուազիայի օրգանը: Իր գոյության սկզբնաշրջանում դա ավելի շուտ ազգային-քաղաքական տեղեկատու էր, քան պարբերական հրապարակախոսության բերան: Այնուամենայնիվ, մի շարք հոդվածներում թերթը անդրադառնում էր վաճառականության, բանկային գործի, ազգային լուսավորության, թյուրքահայերի «Ազգային սահմանադրության» եւ հարակից այլ խնդիրների, որոնք լիբերալ-բուրժուական սահմանափակության հետ ցույց էին տալիս նրա դիմադիր դիրքավորումը կղերական-ամիրայական հայացքների դեմ:

/132/ Առանձնապես նշելի է «Մասիս»-ի քննական դիրքը պապականության եւ մխիթարյանների հանդեպ: Թերթը մերձենում էր դրանց ոչ թե դավանաբանական, այլ ազգային տեսանկյունից: Պապությունը նկատվում էր լուսավորության եւ քաղաքակրթության մահացու թշնամի: Մխիթարյանները նշավակվում էին հայոց ազգը Հռոմին վաճառած լինելու համար: «Այսուհետեւ, ո՛չ պապը, ո՛չ ալ Մխիթարյանը հույս թող չունենան ազգը հավատաքննիչներուն եւ ճեզուիթներուն կրոնքին դարձնելու հնարավոր րութենեն, վասն զի մարդկությունը, բանականությունը եւ ավետարանը իրենց դեմ են» [2]: Հակակղերական մարտնչող հրապարակախոսությունը արտահայտություն գտավ, մանավանդ, Ստ. Ոսկանյանի խմբագրությամբ Փարիզում լույս տեսած «Արեւելք»-ի ու «Արեւմուտք»-ի եւ Հ. Սըվաճյանի «Մեղու»-ի էջերում, որ հրատարկվում էր Պոլսում 1856 թ. ի վեր: 1858 թ. Մոսկվայում հիմնադրված «Հյուսիսափայլ»-ը հանդիսանում էր պրոգրեսիվ հրապարակախոսության հաջորդ, առավել կորովամիտ եւ արգասավոր օրգանը:

«Հյուսիսափայլ»-ի հրապարակախոսությունը հեռավոր արձագանքներից մեկն էր այն շրջադարձության, որ տեղի ունեցավ արեւելահայ կյանքում: Արեւելյան Հայաստանը Ռուսաստանին միանալու հետեւանքով հայ բնակչության աճը Անդրկովկասում բարձրացրել էր հայերի տեսակարար կշիռը: Հաստատվող խաղաղությունը, կյանքի եւ գույքի համար ստեղծված անվտանգությունը, ռազմական եւ վարչական նպատակների ծառայող պետական շինարարություններն ու մատակարարումները Արեվելյան Հայաստանում բարձրացրին, մանավանդ, հայ առեւտրական բուրժուազիայի ակտիվությունը: Ռուս մայրաքաղաքներում, Հարավային Ռուսաստանում եւ Հյուսիսային Կովկասում, տնտեսական կյանքի զարգացմանը զուգընթաց, աշխուժանում է հայ գաղութների ծխական-համայնական կյանքը եւ հասունանում հայ առեւտրա-վաշխառուական կապիտալը հին, ասիական ուղիներից` զարգացման նոր, «եվրոպական», առեւտրական-արդյունաբերական ճանապարհի վրա դնելու պահանջ: Այս նշանակում էր միաժամանակ, թե համակենտրոնացող ռուսահայ էթնոսը հասունանում էր բուրժուական-կապիտալիստական զարգացման համապատասխան ազգային-կուլտուրական եւ ազգային-քաղաքական կյանքի ու գիտակցության համար: Դադարելով ապրել սոսկ որպես տարակաց կրոնական-եկեղեցական հարանվանություններ, ռուսահայ ժողովուրդն սկսում էր ինքնորոշվել որպես բուրժուական ազգություն, համախմբվել ազգային ընդհանուր խնդիրների շուրջը, միավորվել այդ նպատակով կազմակերպվող պայքարի համար:

/133/ Հայ գրականության եւ գրասլարակախոսության մեջ 19-րդ դարի կեր սերին սկսված այս աշխույժը հաճախ դիտվել է որպես «վերանորոգչություն» կամ «վերածնություն»: Սակայն «վերանորոգչությունից» կամ «վերածնությունից» առավել գրական-իդեական զարթոնքի ու հեղաբեկման մի ժամանակամիջոց էր այս, որի համար ցուցանշական է լուսավորության շրջանի եւ լուսավորական շարժման հատուկ ձգտումը դեպի գիտության եւ բանականության հաղթանակը՝ կրոնի եւ տրադիցիայի հանդեպ, հավատը դեպի հասարակական պրոգրեսը, պայքարը ազգային կյանքի ընդհանուր բարելավման ու ազգային-քաղաքական ինքնորոշ: ման համար: Եռանդուն պայքարի մի շրջան էր այս, երբ սրվում էին հատկապես կղերա-ֆեոդալական իշխանության, վանական գիտության, խալֆայական ուսուցման ու գրաբարալեզու գրականության տիրապետությունը լիկվիդացնելու եւ նոր հասունացող ազգային հասարակայնության մտավոր ուժերին ու կուլտուրական ջանքերին ասպարեզ տալու խնդիրները: Ըստ էության, կղերա-ֆեոդալական ուժերի դեմ մղվող պայքարը, ինչպես եւ հայ լեզվի ու գրականության, դպրոցի ու լուսավորության ժողովրդականացման համար արվող ձգտումները հանգում էին բուրժուական-դեմոկրատական պահանջների առաջադրման ու կիրարկման:

Հայ կյանքում, եւ առաջին հերթին ռուսահայերի մոտ զարգացող բուրժուական հասարակայնության մեջ, հետզհետե ասպարեզ էին գալիս դեմոկրատական հայացքներ դավանող գրողներ ու հրապարակախոսներ, որոնք ջանք են անում կապվել հայ ժողովրդի ճնշված ու հարստոատարված մասսաների հետ, գաղափարապես դաստիարակել ու կազմակերպել այդ մասսաներին, գլխավորել նրանց տարերային ընդվզումները ֆեոդալա-կալվածատիրական հարստահարությունների եւ ճնշումների դեմ: Հետեվողականորեն ընդլայնելով ու խորացնելով այդ պայքարը, նրանք ձեմակերպում էին հայ մասսաների ազգային-քաղաքական ինքնորոշման պահանջները: Այս մի շարժում էր, որ Միքայել Նալբանդյանի ղեկավաասությամբ վերջ ի վերջո սրվելու էր սուլթանական ֆեոդալիզմի եւ ցարիզմի գաղութային ռեժիմի դեմ՝ քաղաքական ու սոցիալական իր հեռանկարները լծորդելով ժամանակի ռեւոլյուցիոն տեղաշարժերի հետ: Հայ բուրժուական ազգության կազմավորման նշաններից մեկն էր, երբ այս ժամանակաշրջանի հայ գործիչները հաճախ վերհիշում էին ազգի անցյալը, թոթափում նրա վրայից հնության փոշին, վերագնահատում էին արժեքները, ջանալով մասամբ հենց այդ միջոցով աճեցնել հայ կյանքի գոգում մրափած նոր կյանքի ծիլերը:

Ռուսահայ իրականության մեջ սկսած աշխույժի կանխահաս արտահայտություններից մեկն էր, երբ հայոց լեզվի ամբիոն ստանալով Կազա/134/նում, Ստ. Նազարյանցը միտք հղացավ հիմք դնել այդ քաղաքում հայկական գրատպության: Տակավին 1842 թ. խնդրելով այս մասին մխիթարյանների օժանդակությունը՝ Մինաս Բժշկյանին ուղղած իր նամակում Նազարյանցը գրում էր. «Ընտիր ընտիր յիշատակարանք հայոցս դպրութեան՝ ցայսօր ժամանակի վրէպ ի ծանօթութենէ եւ յարգանաց ի Ռուսիա, գրաւեալ արդեն զուշ Տէրութեան՝ մուտ արարին ի շարս արեւելեան լեզուաց՝ որ ի կայսերական Համալսարանի Ղազանա: Քանի գեղեցիկ լինէր արդեօք եւ ուրախութեան պատճառ տառապեալ ազգիս, եթէ Ռուաք եւ Հայք միաբան զօրութեամբ եւ ձեռնտու իրերաց գուն գործէին հանդիսացուցանել զպատուական արգասիս հայկական ոգւոյ, զանտիպ մնացեալս ցարդ ընդ գրուանաւ» [3]: Եփրեմ վարդ. Ալթունյանի 1844 դեկտ. 12 թվակիր Պետերբուրգից գրած մի նամակում Նազարյանցի մասին ասված է, թե «յաշխոյժ տենչանացն տուեալ է բերել յարքունուստ ի Վենետիքոյ զլիակատար հայկական բառս, ի մուտ նորոգ տարոյս սկիզբն առնէ տպագրութեան զանազան մատենից յօրինելոց եւ թարգմանելոց ի նորին երկանց: Ըստ խնդրոյ նորին փոյթ եղէ աստէն օգնել նմա ի վեհազնէից (Լազարյաններից) եւ ի բնակչացն տեղոյս ց150 արծաթ րուպլի դրամոց» [4]:

Ինչպես տեսանք, նոր պարբերականի հարցը զբաղեցնում էր Նա-- զարյանցին եւ Նալբանդյանին նրանց հանդիպման սկզբնաշրջանից ի վեր: Հայերեն ամսագիր հրատարակելու միտքը նոր չէր: Ամսագիր հրատարակելու պահանջը Նազարյանցը հրապարակական քննության նյութ էր դարձնում դեռ 1846 թ. Կազանում լույս տեսած իր «Обозрение армянской литературы» աշխատության մեջ [5]: Գործը գլուխ բերելու համար նա երկար տարիներ նախապատրաստական աշխատանք էր տանում պաշտոնական դիմումների ու մասնավոր գրագրությունների միջոցով: Այս մասին են վկայում նոր ի հայտ բերվող նյութերը:

Մեր ձեռքի տակ կան Նազարյանցի 1844 թ. մի շարք դիմումները, ուր նա թույլտվություն էր խնդրում Կազանում «Հայկական օրագրություն» վերտառությամբ հայ ամսագիր հրատարակելու մասին: Ամսագրի նպատակը պիտի լիներ «հեշտին եւ հասարակ հասկանալի լեզվով տարածել հայոց ժողովրդյան մեջ օգտակար գիտությունք»: Արտասահմանում լույս տեսնող հայ պարբերականները, գրում էր Նազարյանցը, «Արշալույս Արարատյան»-ը, «Հայրենասեր»-ը կամ «Բազմավեպ»-ը, ի վիճակի չեն գոհացնելու ռուսահայ պարբերականի պահանջը որչափ դրանք տպվում են գրաբար կամ արեւմտահայ աշխարհաբարով: Նոր օրագրի /135/ նպատակը պիտի լինի «հաղորդել ժողովրդյանը եվրոպական «քաղաքականության (իմա՝ ցիվիլիզացիայի, Ա. Հ. ) եւ կրթության ծառաջադիմությունքը եւ կատարել աշխարհումը ցան ու ցիր եղած Հայկա որդվոց մեջ մտավորական առ ու տուրք», քաջալերելով նոցա «ազնիվ ու գեղեցիկ նախանձնավորությունը ազգային լուսավորության մասին», միավորելով նրանց «ի մի մարմին բարոյական՝ հոգեվորյալ հասարակաց մտածությամբ»: «Հստակ եւ ազնիվ աշխարհաբար ոճով» նոր պարբերականը պիտի զետեղեր՝

1. «Հատվածս հայրենի պատմության, աշխարհագրության եւ դպրության, նույնպես եւ վերջնույս հառաջադիմությունը նոր ժամանակներում»:

2. «Տեղեկության արժանի ճառք ի մասին ընդհանուր պատմության, աշխարհագրության, վիճակագրության, բնագիտության, տնտեսական իրողությանց եւ վաճառական մակացությանց»:

3. «Համառոտ ծանոթությունս վիճակի զանազան տերությանց առթալ ի Պետերբուրգա քաղաքական լրոց» [6]:

Նազարյանցի դիմումները մնացին անհետեւանք այն պատճառաբանությամբ, թե Կազանում անհնարին է գտնել համապատասխան մարդ ամսագիրը գրաքննելու համար: Մերժում ստանալով Կազանում, Նազարյանցը միտք հղացավ իրագործել հայերեն պարբերականի հրատարակությունը Կովկասում: 1845 թ. նոյեմբերի 10-ին նա գրում է այդ մասին Խ. Աբովյանին, թե ինքը ուզում է ձեռնարկել մի հայ օրագրի հրատարակություն, կամ լավ կլինի ասել, ուզում է մի ամբարտակ կանգնել ազգի կորստյան ալիքների դեմ, եւ հորդորել հայերին ճանաչող լինել իրենց եւ խելամուտ՝ ժամանակի կարեւոր խնդրին: Հայտնում է այնուհետեւ, որ այս մասին գրել է փոխարքա Վորոնցովին, հաղորդելով սրան, որ իր նպատակն է հրատարակելիք օրգանի միջոցով մի տեսակ միջնորդ հանդիսանայ հայերի եւ ռուսների միջեւ: Իր ցանկությունն իրագործելու համար Նազարյանցը ենթադրում էր փոխադրվել Կազանից Թբիլիսի [7]:

Շահխաթունյանի թղթերում պահված Աբովյանի 1847 թ. հունիսին գրած մի այլ նամակից երեւում է, որ Նազարյանցը մտադիր է եղել «ազգօգուտ» այս գործում աշխատակցության կանչել պատանեկան եւ ուսանողական տարիների իր ընկերոջը, եւ հուսացել էր Վորոնցովի եւ մանավանդ Ներսես Աշտարակեցու հովանավորության վրա: Սակայն նույն 1847 թ., հուսախաբված Ներսեսի կաթողիկոսության առաջին իսկ քայլափոխերից՝ Նազարյանցը գրում էր Շահխաթունյանին, որ թեպետեւ /136/ մարդիկ շատախոսում են մեսիայի գալուստի մասին, բայց իր աչքերը ոչ մի տեղ չեն նշմարում նրա հետքերը, քանի որ մեսիաները, ինչպես հայտնի է, չեն լինում առանց փրկագործության: Ուստի կարծում է, թե ընդունայն են հայերի ջանքերն ու աշխատանքները, ինչպես նաեւ ազգի վերակենդանացումն իր ավերակների միջից [8]:

1849 թ. ռուսերեն անտիպ մի նամակում Նազարյանցը գանգատվում էր հուսաբեկ. «Հայերը (խոսքը ազգի իշխանավորների կողմից արհամարհված «արժանավոր» հայ ուսումնականների մասին է, Ա. Հ. ) չունին եւ ոչ մի պաշտպան. հայերին հալածում են եւ ռուսները եւ հայերի (խոսքը դարձյալ հայ եւ ռուս իշխանավորների մասին է, Ա. Հ. ) հավասարապես, քանի որ հայերի սառնությունը դեպի արժանավոր ուսումնականները չի տարբերվում օտարազգիներից կրած նրանց հալածանքից: Ահավասիկ հայոց թագավորության կործանման պատճառը. նույնն է նաեւ հայկական անվան միշտ եւ հանապազ թշվառանալու եւ անշքանալու պատճառն ու աղբյուրը» [9]:

Փոխադրվելով Մոսկվա եւ հանդիպելով Նալբանդյանին, Նազարյանցը նրա մեջ նշմարեց մի անձնավորություն, որը կարող էր լծակից լինել վաղեմի մտադրության իրացմանը գործնական-կազմակերպական ձեռներեցությամբ:

Նորերս հրապարակվեց 1854 թ. Նազարյանցի կազմած նախագիծը «Ռուսիա» անունով հայ ամսագիր հրատարակելու թույլտվություն ստանալու համար: Նազարյանցը նախագծում շեշտում էր, որ հայ ժողովրդի այն զավակները, որոնք Ռուսաստանի «իմաստուն օրենքների եւ հանրակարգի» հովանու տակ սնվել են «ռուսական լուսավորության եւ գիտության» պտուղներով, չեն կարող այլ կերպ վարձահատույց լինել ռուս երկրին, քան ռուս մտքի հոգեւոր-բարոյական գանձերի յուրացումմով, ռուս ժողովրդի պատմությունն ուսումնասիրելով ու նրա քաղաքացիական կենցաղի ըմբռնումով եւ հայերին ռուս լուսավորության ու քաղաքակրթության շրջանը մտցնելու միջոցով: Այս ամենի իրագործումը կարող է հնարավոր դառնալ, հարում է Նազարյանցը, եթե իրականանա հայ ժողովրդին հասկանալի լեզվով գրական օրգանի հրատարակությունը: Նոր օրգանը պիտի կատարի իրեն առաջադրված խնդիրը, տպագրության տալով ռուս մտածողների եւ գրողների երկերի թարգմանություններ: Ամսագիրը զետեղելու է ռուս պարբերականներից առած նյութեր՝ ընդհանուր եւ մասնավորապես Ռուսաստանի պատմության, աշխարհագրության, բնական գիտությունների եւ կրոնա-բարոյական թեմաների /137/ շուրջը: Ամսագիրը նվիրվելու է «Ռուսիայի փառքին եւ կրելու «Ռուսիա» անունը» [10]:

Չնայած որ Նազարյանցը ակնբախ ջանք էր գործ դրել վանել կադավարական շրջանների կասկածամտությունը հրատարակվելիք հայերեն ամսագրի լուսավորական նպատակների վերաբերմամբ՝ «Ռուսիա» ամսագրի հրատարակման նախագծի իրագործումը եւս անկատար մնաց: Ինչպես գրում էր Նալբանդյանը Ս. Գ. Սուլթանշահին ուղղած մեզ արդեն ծանոթ նամակում, ամսագիր հրատարակելու մասին իր եւ Նազարյանցի ունեցած ցանկությունը մնաց իրենց սրտերում «բոլորովին անգործ», Հանդիպելով այլեւայլ խոչընդոտների: Ինչպես երեւում է, ամսագրի հրատարակման այս փորձի վրիպման պատճառները նույնն էին, որոնք նշված են արդեն Նազարյանցի 1849 թ. նամակում: Խափանարար դեր կատարեցին հատկապես Լազարյան ճեմարանի հայազգի տերերն ու | տնօրինողները: Ճեմարանի հոգաբարձու Հ. Լազարեւը ճեմարանի դիրեկտոր Դելիանովին ուղղած իր գրությամբ, անդրադառնալով Նազարյանցի նախագծին, անհրաժեշտ էր համարել հետաձգել ամսագրի հրատարակությունը (մինչեւ որ լինեն ավելի բարենպաստ հանգամանքներ» [11]: Պիտի կարծել, որ Նազարյանցի հայացքներին լավատեղյակ Հ. Լազարեւը պարզապես աննպատակահարմար էր գտնում «հասարակի լեզվով» եւ առաջադիմական ոգով խմբագրվելիք ամսագրի հրատարակումը:

Ամսագրի հրատարակման հարցը հրապարակ հանվեց նորից, ինչալես տեսանք, 1856 թ.: Այդ տարում Նազարյանցը հայտով դիմում է գրում լուսավորության մինիստրությանը «Հյուսիսափայլ»-ի հրատարակության համար թույլտվություն ստանալու մասին: Նոր ամսագրի հրատարակությունը եւս պիտի գլուխ բերվեր Նալբանդյանի մերձավոր մասնակցությամբ: Ինչպես գրում էր վերջինս, եթե հրատարակության թույլտվություն ստանալու դիմումները ստորագրում էր բացառապես Նազարյանցը, այդ միայն այն պատճառով էր, որ ինքը, իբրեւ համալսարանի ուսանող, իրավունք չուներ զբաղվելու նման գործով եւ ձեւականորեն պատասխանատու լինել ամսագրի համար որպես խմբագիր [12]: Փաստորեն առանց Նալբանդյանի մասնակցության Նազարյանցն անկարող պիտի լիներ ձեռնարկել ամսագրի հրատարակության գործին: Կ. Հայրապետյանին, Գր. Սալթիկյանին եւ Ս. Գ. Սուլթանշահին Նալբանդյանի գրած նամակներից երեւում է, հիրավի, որ նա «Հյուսիսափայլ»-ի գլխավոր աշխատակիցը չէր միայն, այլեւ գործի գլխավոր կազմակերպողը: Այսպես, /138/ տակավին 1856 թ. մարտին Ռ. Պատկանյանի գրած մի նամակը հիմք է տալիս ենթադրելու, թե Նալբանդյանը Պետերբուրգ էր գնացել՝ լույս ընծայվելիք ամսագրի համար տպագրական մայրեր գնելու խնդրով [13]: «Նալբանդյանին ես այստեղ խոստացա, գրում է Ռ. Պատկանյանը, выхлопотать օրագիր «Հյուսիսափայլ» անունով»: Պատկանյանն ինչոր կապեր ուներ ժողովրդական լուսավորության մինիստրության ծառայող չինովնիկների հետ, որոնց միջոցով հույս ուներ կաշառքի զորությամբ գլուխ բերել ամսագրի թույլտվությունը [14]:

Նոր պարբերականի հրատարակության պահին հայ մամուլի եւ գրականության նյութականը դրված չէր տակավին հաստատուն հիմքի վրա: Հայտնի է առհասարակ, որ մամուլի եւ գրականության վերելքը ծայր պառավ առեւտրական կենտրոններում՝ Մադրասում, Կալկաթայում, Պոլսում, Զմյուռնիայում, Վենետիկում, Փարիզում, Թբիլիսիում, Մոսկվայում եւ այլն: Սխալ կլիներ, սակայն, անմիջապես եւ բացառապես առեւտրի պահանջների հետ կապել հայ մամուլի զարգացումը: Մամուլի եւ դրականության պահանջը ապրանքաշրջանառության եւ ապրանքատերերի նյութական շահախնդրություններից ոչ պակաս առաջ էր գալիս հայ համայնքների կենցաղի զարգացումից, նրանց կուլտուրական եւ ազգայինքաղաքական հասունացումից: Նույն վայրերում հիմնված հայ տպարաններից դուրս էին գալիս գրքեր, որոնք իրենց կրոնական, գիտական, գեղարվեստական կամ դպրոցական նյութերով անմիջորեն չէին կապված առեւտրական կապիտալի առաջադրանքների հետ: Չի կարելի ասել անգամ, թե լույս տեսնող գիրքը կազմում էր առեւտրի եկամտաբեր օբյեկտներից մեկը, որչափ այդ պահին գրքի տարածումը հաճախ առընչված էր ազգասիրության կամ բարեպաշտության հետ: Ամեն ինչ գլուխ էր գալիս մեկենասների ձեռնտվության կամ գրողների անձնազոհության գնով: Հրատարակիչներն ու գրողները գանգատվում էին շարունակ միջոցների սղությունից: «Ոչ ոք մեզ չի օգնիչ, գրում էր 1855 թ. Ռ. Պատկանյանը Գեւորգ Քանանյանին, մենք պետք է. հարթենք մեր ճանապարհը, կատաղաբար պիտի մարտնչենք ամեն դժվարությանց եւ արգելքների հետ՝ աղքատություն, զրկանք, տառապանք պիտի լինի մեր բաժինը. օգուտ ոչինչ: Ազգը մեզ փող չի տալ, մենք մեր քրտնաջան վաստակի արդյունքը պիտի թափենք նոցա համար գրքեր տպելու, հայը մեր աշխատությանց գին չի դնիլ. նա կկարդա մեր գրվածքն այն նսլատակով, որ կարողանա գտնել մեջը սխալ, որ ծաղր ու ծանակ անե է մեզ. այս ամենը մենք պիտի հանձն առնունք անտրտունջ» [15]: Պատկանյա/139/նը տրտնջում էր այն մասին, որ «Գամառ-Քաթիպա» կոչված ժողովածուները մուրացկանությամբ են իրացվում: «Խնդիրքով ստորագրություն էինք անում, խնդիրքով գիրք էինք ծախում, խնդիրքով գիրք էինք ցրում, խնդիրքով մեր քրտնաջան վաստակի չնչին վարձն էինք ստանում. մենք մեր символ-ը ընտրել էինք ազնվություն, բայց իրոք մեր символ-ը ցածություն էր: Ով որ մեզ չի պատահեր՝ մենք նորան մեծ նշանակություն էինք տալիս եւ ազգասիրության ամեն պայմաններ մեկնում էինք, ինչու որ 20 կոպեկ տա եւ առնու մի հատ Գամառ» [16]:

Դորպատի ուսանողներին ուղղած իր նամակում Նազարյանցը նկարագրում էր իր վիճակը. «Ոչ առաքինություն կա մեր, մեջ եւ ոչ առաքինության կարգ, այլ ոտքից մինչեւ գլուխ մի անմխիթար բարբարոսություն։ իմացական եւ բարոյական մեռելություն»… Նազարյանցն անհույս է գրականության գործին հայերի կողմից լինելիք օժանդակության մասին. «Դոցա համար ազգասիրական խոսքը ոչինչ է, որովհետեւ դոցա սրտումը չկա ոչինչ ազգ, գոնյա բանական ազգի գաղափար ոչ» [17]: Ունենալով այսքան հոռի կարծիք ազգի կողմից լինելիք օժանդակության մասին՝ Նազարյանցը տակավին 1853 թ. լույս տեսած «Վարդապետարան կրոնի»-ի առաջաբանում աչք էր տնկում միայն նրա «հասկացող եւ մեծատուն» փոքրամասնության վրա. «Հայերի իմացական եւ բարոյական գործակատարության հանդեսը մնացել է լեզուն եւ կրոնը, թեպետ եւ սոքա անտուն եւ անհայրենիք, որբ ու պանդուխտ, առանց կարող ձեռքի հովանավորության: Մի շատ թեթեւ հայեցված ազգի վիճակի վերա իսկույն հայտնապես ուսուցանում է մեզ, թե ի՞նչպես է բարոյական պարտավորությունը հասկացող եւ մեծատուն հայերի, եւ թե ի՞նչպես պիտո է ներգործեին մասնավորները, որովհետեւ չկար ընդհանուրը» [18]:

Մտավոր աշխատավորների նյութական նեղ վիճակից գանգատվում` էր գրեթե նույն խոսքերով 1858 թ. իր մի հոդվածում նաեւ Նալբանդյանը: «Հայաստանը գիտե յուր ընթացքը, գրում էր նա, ուստի եւ չունի ոչինչ ժամանակ գանգատելու իրավունք. դեռ Հայաստանը չունի գիտնական որդիք, որ յուր կաթով լիներ մեծացուցած, թող այդ գաղափարական Հայաստանը առաջուց մի ծննդարան պատրաստել գիտնական որդիք ծնուցանելու համար, թող կաթ պատրաստել նորանց սնուցանելու համար, թող հաց պատրաստել նոցա ապրուստը ապահովելու համար, ապա թե իրավունք կստանա ասել թե «գիտնական որդիք ունիմ»: Հայաստանի որդոց գիտությունը, եթե կան այդպիսի մարդիկ ուրեւիցե, այդ հայոց ազգի շնորհքը չէ. մեզանից յուրաքանչյուր ոք, գերմանական, ֆրանսիա/140/կան եւ ռուսսիական համալսարաններումը դեգերելով, օտարության մեջ, Հազարավոր նեղութեներ համբերելով, որ խավարեցնելով, ստացել է մարդկության լուսից յուր բաժին մի քանի ճառագայթք. եթե գանգատ անի Հայաստանը, թո՛ղ բարձրացնե յուր մեծատունների եւ հոգեւոր իշխանների անփոփության վերա» [19]:

Նույն գանգատը կրկնում է Նալբանդյանը նաեւ «Մխիթար եւ Մխիթարյանք» հոդվածում. «Հայկական դպրությանը պիտո էր հյուր գնալ Իտալիա եւ օտարի հացով սնանել, որովհետեւ ինքը ազգը, ինչպես մեր ժամանակներում եւս, յուր հայրենասեր որդիների համար ոչ հաց ուներ եւ ոչ պատիվ, ամենայն մարդու մտածում է առանձնապես յուր օգտի վերա, որպես թե մասնավոր օգուտը կարելի բան է առանց ընդհանուրին» [20]:

Ինչպես տպագրական մայրեր գնելու համար պետք եղած դրամը, նույնպես նաեւ «Հյուսիսափայլ»-ի եւ Նազարյանցի երկերը հրատարակելու հետ կապված ծախսերը հոգալու միջոցները Նալբանդյանի միջնորդությամբ ստացվում էին նրա Նախիջեւանի օժանդակողներից՝ Մատթեոս Վեհապետյանից, Գր. Սալթիկյանից եւ մանավանդ Նոր-Նախիջեվանի հակախալիբյան լիբերալ-բուրժուական խմբակցության լիդեր Կ. Հայրապետյանից:

Ոչ միայն ամսագրի սկզբնավորության շրջանում, այլեւ հետագա տարիներում «Հյուսիսափայլ»-ը շարունակում էր նպաստներ հայցել մեծատուն ու «հասկացող» հայերից: Ամսագիրը քարշ էր տալիս իր գոյությունը մայրաքաղաքների, Հարավային Ռուսաստանի եւ Հյուսիսային Կովկասի հայաշատ քաղաքների նպաստների հույսով: Այս նշանակում է, որ «Հյուսիսափայլ»-ը ռուսահայ, բայց ոչ հատկապես կովկասահայ, Ռուսաստանի, բայց ոչ հատկապես Կովկասի, կամ ավելի ճիշտ կլիներ ասել, Անդրկովկասի լուսավորչության օրգանն էր. գերազանցապես երկրն տնտեսական հետամնացության հետեւանքով սննդարար հող չգտնելով Անդրկովկասում, լուսավորչությունը ծիլեր էր արձակում հայկական բնաշխարհից դուրս՝ Ռուսաստանի արդյունաբերական կենտրոններում եւ հայ առեւտրական այն գաղութների մեջ, որոնք տնտեսապես զոդված էին պետության արդյունաբերական կենտրոնների հետ: Լուսավորչությունը թափանցում էր Անդրկովկաս Դորպատի, Պետերբուրգի եւ Մոսկվայի լուսամուտներով: Պետերբուրգն ու Մոսկվան, Նախիջեւանն ու Աստրախանը, Ղզլարն ու Մոզդոկը շատ ավելի անմիջորեն էին կապված 50—60-ական թվականներին սկսված շարժման հետ, քան Երեւանն ու Գյումրին, Ղարաքիլիսան ու Դիլիջանը: «Հյուսիսափայլ»-ը քիչ-շատ /141/ բաժանորդներ էր գտնում միայն Ռուսաստանի հետ կապված առեւտրականների այնպիսի հանգրվաններում, ինչպես Թբիլիսին ու Շամախին, Ագուլիսն ու Շուշին: Փաստ է, սակայն, որ ամսագրի հրատարակության նյութական հիմնական աղբյուրները հեռու էին նաեւ այս վայրերից: Պարբերականին օժանդակում էին մայրաքաղաքների եւ Հարավային Ռուսաստղանի հայ բուրժուական լուսավորչության մեկենասները՝ Մ. Սանասարյան նը (Պետերբուրգ), Մ. Փանյանը (Մոսկվա), Հայրապետյանը եւ Սալթիկյանը (Նոր-Նախիջեւան), Հ. Սայաթնովյանը (Աստրախան): Անդրկովկասի շրջանում բաժանորդ եւ ընթերցող գտնելու եւ ամսագրի գոյության համար լրացուցիչ միջոցներ հայթայթելու համար կովկասահայ բուրժուազիայի հետ անմիջական կապ չունենալու պատճառով Նազարյանցն ու Նալբանդյանը ստիպված եղան դիմել երկրի «բարեմիտ մեծավորների» ձեռնտվությանը:

  «Պիտո էր մեզ, - գրում է Նազարյանցը մի նամակում, դիմել դեպի գավազանի ոտքը եւ դրա միջնորդությամբ ջանալ ներգործել հայերի կամքի վերա»:

«Հյուսիսափայլ»-ի հրատարակման թույլտվություն ստանալու համար խնդրելով փոխարքա Բարյատինսկու աջակցությունը, 1856 թ. գրված մի ռուսերեն դիմումի մեջ Նազարյանցը նշում էր. «Իմ գրական ձեռնարկությունը պիտի լինի ժամանակակից մի օրգան Ռուսաստանում ցրված հայերին ռուս կրթության եւ գիտության պտուղները մատակարարելու եւ ընդսմին իմ ազգակիցներին ռուս մտքի եւ կյանքի շրջանի մեջ մտցնելու համար… Ռուս զենքի Հայաստանում ունեցած փայլուն հաղթանակներից Հետո, թվում է, թե ժամանակ է, որ այդտեղ պատվաստվեն գիտության, արվեստի եւ քաղաքակրթության մարզում ռուս մտքի կատարած նվաճումները» [21]: 1857 թ. օգոստոսի 13-ին նույն Բարյատինսկուն ուղղած իր գրության մեջ պարզաբանելով իր միտքը, Նազարյանցը ասում էր, որ ամսագրի ուղղակի նպատակն է լինելու «տարածել Ռուսաստանի հայերի մեջ ռուս լուսավորության եւ գիտության պտուղները, հոգեւոր բարոյական մերձեցում ստեղծել հայ-ասիացիների եւ ռուս-եվրոպացիների միջեւ» [22]:

Նազարյանցը շեշտում է, որ որչափ ամսագրի ազդեցությունը պիտի տարածվի առավելապես կովկասահայերի վրա, նկատի ունենալով հայերի կուլտուրական հետամնացությունը, անհրաժեշտ է, որ գործին մեծապես նպաստի Կովկասի քաղաքական վարչությունը [23]:

Փոխարքան շրջաբերական ցուցմունք ուղղեց նահանգապետին ամսագրի տարածմանը նպաստելու իմաստով:

/142/ Հետաքրքրական է նաեւ Նալբանդյանի մեզ մոտ գտնված նամակը Ղարաբաղի վիճակավորին՝ Գեւորգ Վեհապետյանին, Մատթեոս Վեհապետյանի եղբորը: Տակավին անտիպ այդ նամակը, որ Նազարյանցի եւ Նալբանդյանի համագործակցության շրջանի դոկումենտներից մեկն է եւ գրված է ամսագրի «երկու գլխավոր գործակատարաց» անունից, զուրկ չէ որոշ արժեքից: Նամակագիրը խնդրում է վիճակավոր սրբազանին՝ տարածելու «Հյուսիսափայլ»-ը Ղարաբաղի թեմում, «որի ազգասիրության եւ ընթերցասիրության համբավը վաղուց ահա տարածված էր մեր կողմերում», բայց ինչ-ինչ պատճառով «անմասն կացուց յուր անձը այս ալգսյին գործից»: Այս նամակը հավաստում է նորից լուսավորիչների հակասական այն կացությունը, որ ակներեւ դարձավ մեզ Ռ. Պատկանյանի եւ Ստ. Նազարյանցի գրություններից։ Ազգային լուսավորության ախոյանները պաղատանքով մեկենաս էին որոնում հասարակական այն շրջաններում, որոնց տիրապետության դեմ փաստապես ուղղվելու էր նրանց գործունեությունը: Հակասությունն ակնբախ է, մանավանդ, Նալբանդյանի մոտ: Արտահայտված հակակղերական՝ իր նպատակների համար նա օժանդակություն էր խնդրում իր կաշառակերությամբ ու փառամոլությամբ հայտնի այնպիսի մի խալիֆայից, ինչպիսին Ղարաբաղի այդ վիճակավորն էր:

«Հյուսիսափայլ»-ի ընդհանուր ուղղության մասին գաղափար է տալիս 1857 թ. մայիսին Նազարյանցի ստորագրությամբ հրապարակված «Ծանուցումը» [24]: «Սորա խորհուրդը լինելու է, ասում է Նազարյանցը, ռուսաբնակ հայերի մեջ տարածել այնպիսի տեղեկությունք եւ գիտելիք, որ անհրաժարելի Հարկավոր են մեր օրերումը ամենայն մարդու որեւիցե պաշտոնի վիճակից, թե ուսումնականի եւ թե արհեստավորի, թե հոգեվորի եւ թե աշխարհականի, որ կամք ունին մասնակից լինել մեր լուսավորյալ դարու հառաջադիմությանը, օգուտ քաղել նորանից թե նյութապես եւ թե հոգեպես»: Հրատարակելիք ամսագիրը, ասում էր նա, չի ուզում լինել բացառապես «ուսումնականների», այսինքն՝ «ուսումնականությունը» դաuային մենաշնորհ դարձրած եկեղեցականների, այլ «ազգի բազմության»՝ ժողովրդի կրթության միջոց: «Ուսումնականքը, գրում էր նա, եթե մի քանի այդպիսի առանձնական մարդիկ կային հայոց մեջ Ռուսաստանում, չեն ոչ եկեղեցի եւ ոչ ազգ. եկեղեցին ու ազգը ժողովուրդն է… Ուրեմն, մեր տպելի օրագիրը հանձնառու լինելով ծառայել ժողովրդի օգտին, նորա ժամանակի համեմատ, պարտական է խոսել ազգի բազմության հետ, ինչպես սա կարող էր հասկանալ, առանց լինելու խաժամուժ ամբոխի գռեհկաբանություն»: «Հյուսիսափայլ»-ի /143/ խմբագիրն առաջադրում էր, այսպիսով, երկու խնդիր. «Օգտակար տեղեկությունք տարածել ազգի մեջ եւ մշակագործել հայկական կենդանի լեզուն. խոսելով լուսավորել եւ լուսավորելով ուսուցանել, խոսել, ապա ուրեմն եւ մտածել. պատճառ՝ խոսքը մտածություն է, եւ ով չգիտե խոսել, նա չգիտե եւ մտածել»: Ծրագրի հակակղերական, ազգային-ժողովրդական բնույթն ակներեւ է նաեւ նրա նպատակների իրագործման միջոցներ րից՝ «մեր օրերումը գիտությունը չունի այլեւս ոչինչ նվիրական, ծածկած ու վարագուրած գաղտնիք, որ պահած լինեին մի քանի առանձին եգիպտական քուրմերի համար. գիտությունը չէ այսօր մի քանի նեղսիրտ, ագահ եւ քանքարաթաքույց մարդերի մոնոպոլեոն»: «Բարձրահայաց գիտությունը ցած իջանելով յուր վերանիստ աթոռից, պարզ եւ հասկանալի լեզվով խոսում է հասարակ մարդի եւ ժողովրդի հետ»: Գիտությունը միաժամանակ նաեւ ազգային ինքնապաշտպանության զենք է «արտաքին սպառնալիքի դեմ»: «Ոչինչ բան, ասում էր Նազարյանցը, ժամանակի կարգից դուրս չէ կարող երկար միջոց դիմանալ ժամանակի ուտող մաշող ատամներին. ուրեմն եւ մի ազգ առանց մտավոր եւ բարոյական լուսավորության չէ կարող պահպանել ոչ յուր լեզուն, ոչ յուր եկեղեցին եւ ոչ յուր ազգությունը, այլ պիտո է մի տխուր եւ արհամարհված խաղալիք լինի աշխարհի հանգամանքների ձեռքումը»:

  «Հյուսիսափայլ»-ի ղեկավարող ուղեգիծը արժեքավորելու համար նպատակահարմար է Նազարյանցի օրագիրը հանդիպադրել ժամանակի ռուսահայ մյուս պարբերականների ծրագրին: Ճիշտ է, որ որեւէ ծրագիր ռեալ ուղղություն ու բովանդակություն չէ տակավին, որչափ ծրագիրն ինքյան դեռ խոստում էր, բայց ոչ իրացում: Սակայն «Հյուսիսափայլ»-ի ու նրան ժամանակակից օրգանների խոստումները անսխալ ազդանշում էին նրանց գործունեությունը: Հարկավ, ճաշի որակի մասին անսխալ դատելու համար բավական է լինում երբեմն առնել միայն հենց նրա հոտը: Այսպես, ուսանելի էր անգամ «Ճռաքաղ» երկշաբաթաթերթի հրատարակությունը կանխող ազդը: 1859 թ. Մոսկվայում լույս տեսնել սկսած այդ օրգանի ուղղության մասին վկայում էր արդեն նրա խոսուն ճակտնոցը՝ Մեծ եւ Փոքր Մասիսներ՝ Նոյի տապանով եւ Էջմիածնի վանքը՝ իր նեղ շըրջապարիսպով: Աջից խույր եւ շուրջառով զգեստավորված Լուսավորիչը՝ մի ձեռքում ավետարան, մյուսը մեկնած դեպի Իջման տեղը, ձախից Հայկ Նահապետը՝ զենք ու զրահով, աջ ձեռքին աղեղ, ձախը զոդիակոսի կենդանաշրջանի վրա: Մսերի գրական ժամացույցը ետ էր մնում այժմեականությունից առնվազն հարյուր տարով: Բնորոշ է, որ «Ճռաքաղ»-ը ղեկավարվում էր ոչ թե քաղաքացիական բանուկ տոմարով, այլ հին հայկական տոմարով: Այժմեական խնդիրների վրա իսկ պարբերականը նայում էր հայ եկեղեցու վարագույրի պատռվածքից: Հանդեսի անունն /144/ իսկ վկայում է նրա մատակարարած նյութերից ստացվելիք ըմպելիքի մասին. նա զբաղվելու էր տիրապես հայ դպրության գոյացած վազերի ճռաքաղով. «Ծանոթացուցանել զմեր բարեպաշտ ժողովուրդը մեր եկեղեցու արարողությանց, սովորությանց, ծիսից եւ խորհրդաց եւս եւ ազգային եւ ընդհանուր եկեղեցական պատմության, վարուց եւ գործոց սրբոց եւ այլն» [25], ահա պարբերականի խմբագրության հայտարարած ծրագրի առաջին կետը: Կարծում ենք, Մսերի ճռաքաղներից ստացվելիք գինու որակն իմանալու համար հարկ չկա պարպել ամսագրի մատակարարած գրական հեղուկի ողջ տակառը:

1861 թ. Մսերն ու նրա որդին՝ Զ. Մսերյանը, որին վստահում էին, ի դեպ, նաեւ ցարական ցենզորի պաշտոն, հրապարակ եկան նոր ազդով: «Ճռաքաղ»-ը, ասում էին նրանք, վերածվելու է ամսագրի եւ սրան կից լույս է տեսնելու «Համբավաբեր Ռուսիո» վերնագրով մի լրագիր, «որպես մի նոր պարգեւ ի մեծազոր տերութենեն, որ՝ որպիսի եւ իցե բարենպատակ ձեռնարկությանց՝ երբեք խափանարկու չէ, այլ մանավանդ հորդորիչ է եւ նպաստամատույց»: «Լրագիրը, հավատացնում են «Համբավաբեր»-ի բարեհույս խմբագիրները, փափագելի է այժմ, քան թե Էյլ բանասիրական բազմատող հոդվածներ՝ բնախոսական, հանքաբանական, բուսաբանական, աստղաբաշխական եւ այլ բարձրագույն գիտությանց վերեւ, զորս չեն կարող նոքա («սիրելի հայազգիքը», Ա. Հ. ) դյուրությամբ եւ լիագույն հանգամանով հասկանալ»: «Համբավաբեր»-ը խոստանում էր տալ «պալատական լուրեր, ազգին եւ առհասարակ ռուսահպատակներին վերաբերող լուրեր, ներքին եւ արտաքին լուրեր տեղական անցքերի, եկեղեցական հանդեսների, ազգային դպրոցների, առաջնորդական կարգադրությունների մասին, առեւտրական հայտարարություններ տորոնի, թելի եւ այլ ապրանքների մասին: Լրագրի պարզ լեզուն պիտի որոշվի ամսագրի խրթին աշխարհաբարից, կրոնական «վսեմ, ծանրակշիռ եւ առավել զգուշության կարոտ» նյութը պահանջում էր վերջինից գրել աշխարհաբար՝ «գրոց կանոնավոր լեզվի հետեւությամբ»:

Մոսկվայի հետահայաց այս պարբերականների ծրագրերից նվազ ուշագրավ չէ Թբիլիսի քաղաքի «Մեղու Հայաստանի» թերթի խմբագրող Մանդինյան քահանայի 1857 թ. սեպտեմբերին ստորագրած «Սիրելի հարց եւ եղբարց իմոց, ըստ հոգւոյ» ազդը առաջիկա տարում լույս տեսնելիք լրագրի մասին. «Մեղու»-ն ամսագիր չէր, այլ շաբաթաթերթ, ուստի եւ նրա խմբագիրը խոստանում էր տեղեկություններ տպել առօրկա անցքերի մասին, նշել «առուտուրի ծաղկիլն կամ վեր ընկնիլը, ապ| րանքի գինը, նոր-նոր գտնված արհեստները» եւ սրանց կողքին նաեւ տալ /144/ բանասիրական տեղեկություններ, այն է՝ «բարոյական խրատներ, երեւելի անձանց եւ հին տերությանը պատմություններ, ազգային եւ ընդհանրական հնություններ, նաեւ կրիտիկներ զանազան գրյանց եւ մասնավոր շարադրությանց սխալները հրատարակելով»: «Այս կարգի կրիտիկան, ասում է խմբագրության ազդը, ավելի օգուտ է բերում ուսումնականությանը, եւ ամենայն ուսումնասեր մարդ կարդալով տալիս է յուր դատողությունը, եւ այսպիսի բաներով ուսումը օրեցօր ծաղկեցնում են իրենց մեջ»: Թե հասարակական ո՞ր խավի մեջ պիտի ուսում ծաղկեցնեին տեր, որ «կրիտիկները», այդ մասին տարակուսանքի առիթ չի տակիս նրա «ուսումնական ծրագիրը: Հին սերնդի մարդկանց օգտաշատ պահանջներից զատ, թերթը չէր մոռանալու նրանց արժանի զավակների հնավանդ դաստիարակության խնդիրը: «Ուսումնարանաց աշակերտները, գրում էր Մանդինյանը, լրագիրներ կարդալով նոցա միտքն ավելի է բացվում, եւ վառվում է նոցա ուսման սերը, կյուրակի, տոների կամ պարապության օրերը, երբ ուսումնարանից ազատ են, լրագիր կարդալով՝ հեռու են մնում խաղալուց, պարապ ման գալուց, անպարկեշտ խոսակցութենից, վատ ընկերութենից, որով յուրյանց բնական շնորհքը, եւ հանճարը, որ աստված պարգեւել է, օրըստօրե աճում է, եւ ոչ միայն երեւելի եւ ազգասեր մարդիկ են լինում, այլեւ առաքինասեր եւ բարեբարո… Ի՞նչ օգուտ է հարստությունը, երբ զավակը անառակ կմեծանա, ի՞նչ շահ ունի հարստությունը, երբ որդին անուսումն եւ հիմար կմնա, եւ ծնողքը կխնայեն յուրյանց որդվոց ուսման համար ծախս առնել թե շատ եւ թե քիչ, եւ իրենց ունելիքը սնդուկի մեջ կբանտարկեն»: Պարզ է, կարծես: Թբիլիսիի հայոց ավագերեցը մտահոգված էր հարուստ կամ հարըստացող ծխականների ու սրանց հարազատների կրթության մասին: Դրանց աչքի առաջ ուներ մեր խմբագիրը, երբ լույս էր ընծայում իր թերթը ոչ թե գրոց լեզվով, այլ աշխարհաբար, որին դիմում էր առհարկի: «Մեղու»-ն, ասում էր Մանդինյանը, ունի ընդսմին իր առանձին խորՏուրդը: «Մայր լեզուն, գրում էր նա, այսինքն գրաբարը, թեպետ ավելի ընտիր է եւ քաղցր, բայց վաճառականաց եւ արհեստավորաց ընդ մասին անհասկանալի ըլնելով, վասնորո մերն էլ հետեւելով մյուս հայերեն օրագիրներին, պիտի տոլվի աշխարհաբար, էն էլ Արարատյան աշխարհի լեզվով, ըստ որում գրաբարին մոտիկ է, եւ նպատակս նոր լեզու հաստատել չէ կամ մեր պատմական գրաբարի պատիվը պակսացնել, այլ աշխատել՝ որքան կարելի է մաքրել աշխարհաբար լեզուն, եւ գրաբարին մոտեցնել օրըստօրե»: Ազդի վերջում խմբագիրը դիմում է ազգի փողատերերին՝ օգնել իրեն թե՛ դրամով, թե՛ պիտանացու նյութերով, որպեսզի «այս մեղվի շինած մեղրը ձագի մեղր լինի, սպիտակ, համեղ եւ ազնիվ, եւ շատ մարդկանց քիմքը քաղցրացնի…»։

/146/ է «Մեղու»-ն ոչ միայն հրապարակվում էր առեւտրականների համար, այլեւ մասամբ հենց առեւտրական նպատակով: Կոմս Էմմանուելը չէր սխալվում, երբ գրում էր, թե հայ խավարամիտներին ծառայող «Մեղու»-ն, զուրկ «ուխտյալ խորհուրդից», գաղափարական նպատակից՝ հիմնված էր էապես «նյութական շարժառիթների վերա». տերտերական մարդահաճությունը միջոց էր խմբագրի համար՝ «տարածել յուր անճոռնի լրագրի համարները՝ արծաթ ժողովելու աղագավ…» [26]:

«Յուրաքանչյուր դարաշրջանում տիրող դասակարգի մտքերը տիրող մտքերն են: Այն դասակարգը, որ ներկայացնում էր հասարակության տիրապետող նյութական ուժը, միեւնույն ժամանակ նաեւ նրա տիրապեսոող հոգեւոր ուժն էր» [27]: Եթե ռուսահայ կյանքում տակավին տիրում էր կղերական գրականությունն ու հրապարակախոսությունը, այդ նշան էր, որ կղերա-աղայական այս հասարակաշերտերը, որոնք պատվար էին հանդիսանում այդ հոսանքի գրականությանն ու հրապարակախոսությանը, ներկայացնում էին նաեւ ժամանակի նյութական տիրապետող ուժը: Բայց կասկած չկա, որ նյութական տիրապետող այդ ուժը սկսում էր արդեն տեղի տալ նոր զարգացող արտադրական ուժերին եւ սրանց համապատասխանող նոր հարաբերություններին՝ ռուսահայ առեւտրա-արդյունաբերական բուրժուազիային: Բնական է, որ վերջինիս գաղափարախոսությունը հակադրվելով տիրող դասակարգերի մտայնությանը՝ սլիտի վիճարկեր նրանց հոգեւոր եւ նյութական մենատիրությունը:

Տիրապետող հասարակաշերտերի գրականության եւ հրապարակախոսության մեջ առաջացած ճեղքի ապացույցներից մեկը տալիս է մեզ 1860—1863 թ. թ. հրապարակվող «Կռունկ»-ը՝ կովկասահայ առեւտրական բուրժուազիայի ազգային-պահպանողական օրգանը:

Հաստատված ծրագրի համաձայն, «Կռունկ»-ն ունենալու էր երկու բաժին՝ արեւելյան եւ եվրոպական: Արեւելյան բաժնում զետեղվելու էին գեղարվեստական երկեր, գլխավորապես՝ հայկական եւ արեւելյան մյուս ժողովուրդների կյանքից, պատմական չհրապարակված դոկումենտներ՝ նույն ժողովուրդների վերջին դարերի անցյալին վերաբերող, այլեւայլ նյութեր հայերի եւ նրանց արեւելյան հարեւանների գյուղատնտեսական, առեւտրական եւ արդյունաբերական գործերի մասին: Եվրոպական բաժնում հրատարակվելու էին նյութեր ժամանակակից հասարակական կյանքից առնված, թարգմանություններ՝ եվրոպական գեղարվեստական գրականությունից, գիտական հոդվածներ, հոդվածներ քաղաքատնտեսության, գյուղատնտեսության, առեւտրի, ֆաբրիկային եւ գործարանային արդյունաբերության վերաբերող, որոնք կարող են նպաստել հայերի մեջ /147/ գիտությունների, արվեստների, առեւտրի եւ արդյունաբերության կատարելագործմանը» [28]:

«Կռունկ»-ի ծրագրից պարզ է նրա հասարակական եւ քաղաքական տենդենցը: Ռուս արդյունաբերական բուրժուազիայի հանդեպ տեղական առեւտրականների ինքնապահության խնդրով մտահոգված՝ «Կռունկ»-ը ազգային-տնտեսական կռվաններ էր որոնում Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի շուկաներում: Դիմադրելով ցարական Ռուսաստանի քաղաքականությանը՝ նա պարզվում է եվրոպական Արեւմուտքի, առավելապես կա՛մ ֆրանսիական, կա՛մ անգլիական քաղաքականության կողմը: «Կռունկ»-ը, որպես թռչուն, արհամարհում էր Արաքսի աջ եւ ահյակ ափերի միջեւ ընկած քաղաքական սահմանագիծը: Կռահելով կարծես ամսագրի «անբարեհուսությունը», լուսավորության մինիստրությունը՝ ամսագրի հրատարակության համար արտոնություն տալով Հ. Էնֆիաջյանին, որոշակի պայման էր դնում, որ այդ ամսագրում կատարելապես չզետեղվի ոչ մի քաղաքական հոդված, լուրեր կամ դատողություններ» [29]: Դիմադիր տրամադրություն ունենալով ցարիզմի ազգային քաղաքականության հանդեպ՝ կովկասահայ վաճառականների այդ օրգանը, հարկավ, շատ հեռու է: Ռուսաստանում կամ Անդրկովկասում իշխող կարգերի հետեւողական քննադատությունից: Ամսագիրը խմբագրող Աղաբեկյանի 1863 թ. հրապարակած «Հայտարարության» մեջ ասված է ուղղակի, թե ինքը պիտի սպասավորի հայերի ազգային-բարոյական լուսավորության գործին «միեւնույն հնարավոր եւ միեւնույն օրինավոր եղանակով, ինչպես առաջ»: «Հյուսիսափայլ»-ի ընդհանուր ուղղությունից տարբերվում էր «Կռունկ»-ը նաեւ շեշտված հայ-լուսավորչական իր բարեպաշտությամբ: Իր հայտարարության մեջ Աղաբեկյանը գրում էր. «Աստվածային փողը հնչեց Հայաստանյայց սուրբ եկեղեցվույն, ժողովրդյան հոգվոյն եւ ականջին, բախեց նրանց սրտին երկնային ազդեցությունը: Բաց անենք մեր սիրտը դեպի այս ձայնը եւ վերցնենք մեր հոգին դեպի երկինք, լուսավորելով մեր խելքն ու միտքը ուսմամբ եւ գիտությամբ, դաստիարակելով մեր բարքն ու վարքը ազգային եւ բարոյական առաքինությամբ»: Ցարիզմի գաղութային քաղաքականության դեմ պաշտպանվելու մտահոգությունը՝ պատնեշված կրոնական բարեպաշտությամբ եւ ազգային-եկեղեցական տրադիցիաներով. սրանից ավելի հեռուն չէր անցնում ազգային-պահպանողական «Կռունկ»-ի թռիչքը: Որոշ նկատառումներով, որոնց վրա կանգ պիտի առնենք այս կապակցությամբ, «Կռունկ»-ը զետեղում էր գրական նյութեր, որոնք այս կամ այն չափով վերապատկերում էին Հայ գյուղի եւ գավառի կյանքը: Բավական է նշել, որ այդ ամսագրում տպ/148/վեցին Պռոշյանի «Սոս եւ Վարդիթեր»-ը կամ Դաբաղ Ղաղոյի, Գեո Ավետովի, Սարգսի եւ ուրիշների Թբիլիսիի բարբառով գրված թղթակցություններն ու «մասլահաթները»: Այնուամենայնիվ, հասարակական-քաղաքական իր կողմնորոշումով «Կռունկ»-ը քիչ կապ ուներ հայ ժողովուրդական մասսաների շահերի հետ։

Քաղաքական իր խոհերով նա ապավինում էր կովկասահայ սեպարատիզմի հովերին: «Կռունկ»-ի ազգասիրական նվոցները, նրա քարոզչական բացականչությունները կամ նրա պատմագրական նյութերն ու տեսությունները չէին կարող ցրել այն աղջամուղջը, որի մեջ ընկղմված էր հայ կյանքն ու գիտակցությունը: «Կռունկ»-ի քարոզած լուսավորությունն այս շրջադրության մեջ ավելին չէր, քան գոս պատրույգի լույսը: Հայերի ազգային-քաղաքական բարոյախոսության եւ դաստիարակության դրոշը «Կռունկ»-ի համար հանդիսանում էր հայադավան եկեղեցու խաչվառը: Հայ կյանքի միջնադարյան մենտորների հավակնությունների վիճարկողի դերը վերապահված էր միայն «Հյուսիսափայլ»-ին: Նրան էր վերապահված պրոգրեսիվ ու ղեկավարող դերը կղերի դեմ մարտնչող եվրոպական լուսավորության սկզբունքների հիմնավորման եւ պրոպագանդի մարզում:

«Եվրոպական լուսավորության» նշանաբանի տակ «Հյուսիսափայլ»-ը խոշոր տեղ հատկացրեց եվրոպական կլասիկ կամ ռեալիստական գրականության եւ գիտության ժամանակակից նվաճումների ժողովրդականացման համար: Ընթերցողի միտքը սրող, հրահրող գիտությունը հալածված էր կամ արհամարհված մյուս օրգանների էջերից: «Մեղու»-ն կապում էր լեզվի ծագումը գերբնական ուժի հետ. հայերենը նրա համար եւս անհամեմատելի այն լեզուն էր, որով տիեզերքի արարիչը դրախտում պատգամներ էր տալիս Ադամին: «Ճռաքաղ»-ը մերժում էր բնագիտական նյութերը, քանի որ դրանք անհարիր էին գրոց հեղինակությանը: Ազգային պատմության պիտակի տակ Մսերի օրգանը հրապարակ էր հանում հայ դպրության հնամաշ ձորձերը, քաղելով դրանք հարանց վաղածանոթ վարքերից եւ խրատամատույց ընթերցանության հրաշապատում ճառընտիրներից: «Այժմեական» հոդվածների նյութ էին գրեթե միայն ազնվազարմ Լազարեւների կամ բարձրադիր եկեղեցականների հոգեպարար վարքագրությունները:

Ավելի բարձր էր «Կռունկ»-ի մակարդակը: Սակայն այս պարբերաթերթը մտահոգված էր ավելի շուտ պաշտպանելու ազգային-կուլտուրական տրադիցիաները, քան ճանապարհ ճեղքելու կուլտուրական նոր արժեքների առաջ: Տարված ազգային-քաղաքական վերացական տեսություններով, «Կռունկ»-ը չէր քննում ազգային լուսավորության կոնկրետ խնդիրները կամ չէր ջանք թափում եվրոպական գիտության եւ գրականու/149/թյան նվաճումների ժողովրդականացման մարզում: Մի եւ մյուս ուղղությամբ եռանդուն գործունեություն ծավալեց միայն «Հյուսիսափայլ»-ը: Անցյալի խնդիրներին, իսկ «Հյուսիսափայլ»-ը. մոտենում էր այժմեաբար եւ մատակարարում ընթերցողներին ուսանելի ու դաստիարակիչ նյութ:

Եթե հնատիպ պարբերականներում զետեղված հոդվածները պոկված էին հասարակական ակտուալ պահանջներից կամ կրում էին պատահական բնույթ, «Հյուսիսափայլ»-ում տպվող նյութերը այժմեական էին իրենց նպատակով եւ սերտորեն պիտի կապվեին ամսագրի ղեկավար ծրագրի Հետ: Բոլոր խնդիրները դրվելու էին գիտության եւ սկզբունքային քննության լույսի տակ: Պարբերականը դառնալու էր հայ առաջավոր մտքի օրգան: Իր աշխատանքի մեթոդներով իսկ նա հանդիսանալու էր այժմեական ու պրոգրեսիվ հրապարակախոսության բերան:

* * *

«Հյուսիսափայլ»-ի տպագրությանը Նալբանդյանը մասնակցեց նախ եւ առաջ որպես հրատարակության եռանդուն կազմակերպող:

1857 թ. հուլիսի 22-ին Ք. Պատկանյանին հղած մի նամակում Ռ. Պատկանյանը, հաղորդելով «Հյուսիսափայլ»-ի հրապարակման մասին, ավելացնում է. «Նալբանդյանը գնաց արտասահման եւ ինչպես լսեցի՝ օրագրի համար մամուլ, տառեր եւ գլիշեներ պիտի բերե» [30]:

Քանի որ ըստ Պատկանյանի՝ Նալբանդյանի ուղեւորության նպատակներից մեկն էր տառեր ձեռք բերել «Հյուսիսափայլ»-ի համար, առավել հավանական է, որ արտասահմանյան առաջին այս ուղեւորության ժամանակ Նալբանդյանը պիտի ժամանած լինի Վենետիկ, ուր նա ամենից շատ շանսեր կարող էր ունենալ «մայրեր» ձեռք բերելու մխիթարյանների տպարանում:

Պատկանյանի հաղորդածը հավաստելու համար պիտի դիտենք, նախ, որ չկա Նալբանդյանի կենսագրության հայտնի որեւէ փաստ, որ հակասեր դրան: Հայտնի են, ընդհակառակը, մի շարք փաստեր, որոնք հավանական են դարձնում Ռ. Պատկանյանի հաղորդածի ճշտությունը:

Ստույգ հայտնի են Նալբանդյանի արտասահմանյան երկու ուղեւորությունները: Մեկը նա ձեռնարկել էր 1859 թ., անցնելով Վարշավա, Բեռլին, Փարիզ, Լոնդոն եւ Էսսեն, մյուսը՝ 1860—1862 թվականներին՝ Հանդկաստան ուղեւորվելու կապակցությամբ: Ռ. Պատկանյանի հաղորդածը հետաքրքրական նորություն է: Այս հանգամանքը օգնում է մեզ պարզելու այն իրողությունը, որ 1857 թ. Նալբանդյանը կատարել է նաեւ ուրիշ՝ մինչեւ հիմա անհայտ մնացած, արտասահմանյան ուղեւորություն:

/150/ Մեր ձեռքի տակ կա «Հյուսիսափայլ»-ի հրատարակման մասին 1857 թվականի մայիսին առանձին թերթիկով տպված «Ծանուցում»-ը, ուր առաջին անգամ նշված է ամսագրի նպատակը եւ բնութագրված նրա ուղղությունը: Նույն տարվա հունիսի 1-ին Սալթիկյանին գրած մի նամակում Նալբանդյանը հաղորդում է «Հյուսիսափայլ»-ի մասին եւ միաժամանակ հայտնում, թե մտադիր է առաջիկա հուլիսի կեսերին կամ վերջերին լինել Նախիջեւանում [31]: Չկա փաստ, թե Նալբանդյանը իրագործեց այդ մտադրությունը: Մատենադարանի արխիվում պահված է միայն մի գրություն, որը տեղեկացնում է այն մասին, թե 1857 թվականին դժբախտաբար նշված չէ ամիսն ու օրը նա 1000 ռուբլի ստացավ Նախիջեւանի իր գործակիցներից՝ հայկական տպարանի սարքավորում եւ տառեր գնելու համար [32]:

1857 թ. սեպտեմբերի 24-ին «Молва» թերթում տպագրվեց Մ. Նալբանդյանի հոդվածը «Հյուսիսափայլ»-ի հրատարակության մասին [33]:

Այնուհետեւ, մինչեւ 1857 թ. վերջերը դադարում են Նալբանդյանի կյանքի մասին մեր ունեցած տեղեկությունները: 1857 թ. դեկտեմբերի 11-ին Օդեսայից ուղարկված մի նամակում է միայն, որ ոմն Հովհաննես Թաթսիզյան նրա մասին հաղորդում է Աբել Մխիթարյանին. «Ազնիւ եղբայր մեր ըստ հոգւոյ զգօնամիտ Միքայել Նալբանդեանց պարապի ի բաժնի բժշկական արուեստի ի Մոսկուա, ուրանօր որպէս լսեմս՝ զերկեամ մի եւս ունի մնալ եւ ապա՝ բժիշկ» [34]:

Հարց է առաջանում, ո՞ւր էր գտնվում կամ ի՞նչ էր անում Նալբանդյանը համալսարանական արձակուրդների շրջանում՝ 1857 թ. հուլիս-օգոստոս ամիսներին: Այդ հարցին է հենց, որ պատասխան է տալիս Ռ. Պատկանյանի նամակը:

Ի՞նչ մարշրուտ էր ունեցել Նալբանդյանի առաջին արտասահմանկան ուղեւորությունը: Պատկանյանը լռում է այն մասին, բայց որչափ ուղեւորությունը կապ էր ունեցել Մոսկվայի հայկական տպարանի սարքավորման խնդրի հետ, պիտի ենթադրել, թե նա կարող էր ուղեւորված լինել Վիեննա եւ մանավանդ Վենետիկ, ուր գտնվում էին ժամանակի հայ խոշոր տպարանները: ՝

Կան տվյալներ, որոնք հավանական են դարձնում այդ ենթադրությունը:

Ավետիք Խազեզյանը, Նալբանդյանի դպրոցական ընկերը եւ միա/151/ժամանակ նրա անդրանիկ կենսագրողը, հաղորդում էր. «1858 թվականի վերջերը Նալբանդյանցը տկարության պատճառով գնաց արտաքս սահմանի (ինչպես տարի մը առաջ էլ գնացել էր) եւ շրջեցավ Պոլիս, Փարեզ ու Վեննա եւ այս տեղերու հայերուն ծանոթացավ» [35] ։ Փոքր-ինչ հետո կենսագրողը նշում է նաեւ Նալբանդյանի 1860-1862 թվականներին կատարած ուղեւորությունը: Այսպիսով, Խազեզյանը նշում է Նալբանդյանի երեք ուղեւորություն, որոնք հաջորդաբար կատարվել են 1857, 1858 թ. թ. վերջերը (պիտի լիներ 1859 թ. սկզբները, Ա. Հ. ) եւ 1860-1862 թվականներին:

Հրապարակախոսի հաջորդ կենսագրողը՝ Մ. Միանսարյանը, գրում է, թե «1856 եւ 1858 թ. թ. (Նալբանդյանը) ճանապարհորդեց Եվրոպա եւ տեսավ Կ. Պոլիս, Վիեննա, Վենետիկ, Փարիզ, Լոնդոն եւ այլ տեղեր»: Միանսարյանը հիշում է նաեւ Հնդկաստան ուղեւորվելու կապակցությամբ ձեռնարկված ճանապարհորդությունը, որ դնում է 1861-1862 թ. թ. ներքո [36]:

Մ. Տեր-Գրիգորյանը Փարպեցու «Թղթի» թարգմանությանը կցած կենսագրականում գրում է դարձյալ Նալբանդյանի՝ «1858 թ. վերջերը» եւ մինչեւ 1859 թ. վերջը դեպի Պոլիս, Վիեննա, Փարիզ կատարած ուղեվորության, ինչպես նաեւ 1860 թ. ձեռնարկած հաջորդ ճանապարհորդության մասին: .

Նալբանդյանի «Երկեր»-ի Ն. -Նախիջեւանի հրատարակությանը կցված կենսագրականը եւս՝ Գ. Սալթիկյանի պատմածները վկայակոչելով, հաղորդում է 1859 թ. Նալբանդյանի եւ մխիթարյանների Վենետիկում տեղի ունեցած ինչ-որ հանդիպման մասին [37]:

Նալբանդյանի «Ծոցատետրի նկատողություններ»-ը հայտնաբերվելուց հետո, պարզ է միանգամայն, որ 1859 թ. կամ 1860-1862 թվականներին հրապարակախոսը չէր եղել ո՛չ Վիեննայում եւ ո՛չ էլ Վենետիկում: Այնուամենայնիվ, որչափ վերը հիշատակված վկայությունները ելնում են Նալբանդյանի հետ անմիջական շփում ունեցած մարդկանցից, պիտի կարծել, որ սրանց հաղորդածները ոչ թե մտացածին են, այլ ինչոր շփոթության արդյունք: Կատարված իրողություններից շատ հետո արձանագրված այս վկայությունների մեջ նկատելի են, նախ, թվականների ու ամիսների անստուգություն եւ ապա՝ տարբեր ուղեւորությունների ու մարշրուտների միակցում: Նման բան հաճախ է լինում: Բանասիրու. թյան մեջ դա կոչվում է դեպքերի կամ փաստերի կոնտամինացիա։ Կարեւոր է, որ Խազեզյանի եւ Միանսարյանի գրած հնագույն կենսագրա/152/կանները նշում են Նալբանդյանի ոչ թե երկու, այլ երեք ուղեւորություն: Բացի այդ, բոլոր հին աղբյուրները նշում են Նալբանդյանի Վիեննայում կամ Վենետիկում լինելու փաստը:

Թե մասնավորապես Նալբանդյանը եղել էր Վենետիկում, դրա օգտին գուցե կարելի է բերել հրապարակախոսի թղթերում պահպանված իտալերեն մի նամակ՝ գրված Վենետիկում 1859 թ. հոկտեմբերի 24-ին: Նամակը հասցեագրված է ոմն «թանկագին եղբոր» նրան մտերիմ ինչ-որ նկարչուհու կողմից: «Ես միշտ անհանգստանում եմ քո առողջության մասին, քո թանկագին ծնողների մասին եւ քո խոսքերից դատելով, թվում է ինձ միշտ, թե քո թշնամիները երբեք չեն դադարում քեզ հալածելուց», գրում է նկարչուհին: Նամակից պարզվում է, որ «թանկագին եղբայրը» ճանաչում է նկարչուհուն շատ վաղուց եւ ժամանակին եղել էր Վենետիկի նրա արվեստանոցում. նամակի ակնարկներից երեւում է, որ առաջին նրա այցելությունը տեղի էր ունեցել ոչ թե 1859 թ. այլ դրանից առաջ: Հիմա «թանկագին եղբայրը» կարող է մխիթարվել գեթ նրանով, որ ապրում է հարազատ միջավայրում. որքան դժբախտ կլիներ, եթե կապվելով նրա մասին անհանգստացող «քրոջ» հետ, օտար աշխարհում շարունակ զգալու լիներ յուրայինների կարոտը:

Նամակի բովանդակությունը հիմք. է տվել ենթադրելու, թե նա ուղըղված է Նալբանդյանին: Եթե ճիշտ է այդ ենթադրությունը, ապա նկարչուհու նամակը պիտի դիտվի որպես նոր մի վկայություն այն մասին, որ 1859 թ. առաջ Նալբանդյանը իսկապես եղել էր Վենետիկում: Նոր ուժ ստացող այն փաստը, թե Նալբանդյանը 1857 թ. եղել էր Վենետիկում, իր հերթին ուժ է տալիս այն ենթադրության, թե նկարչուհու նամակն իրոք ուղղված է Նալբանդյանին:

Պիտի կարծել, որ երկարատեւ չի եղել Նալբանդյանի դեգերումը Վենետիկում: Դա է հենց պատճառը, որ այդ ուղեւորությունը հետք չի թողել նրա գրագրությունների մեջ: Տպարանական գործերն ավարտելուց` հետո նա պիտի շտապեր Մոսկվա, որչափ այդ անհրաժեշտ էր «Հյուսիսափայլ»-ի հետ կապված կազմակերպական եւ գրական աշխատանքներ կատարելու համար: Վերադարձն անհրաժեշտ էր նաեւ ուսման տարվա սկզբից համալսարանական դասախոսություններին հետեւելու համար: Պիտի կարծել, որ Նալբանդյանի արտասահմանից Մոսկվա ժամանելու մասին է խոսքը, երբ ձեռագիր իր օրագրություններից մեկում Մոսկվայում ապրող Մսեր Մսերյանը 1857 թ. օգոստոսի 28-ին ներքո-արձանագրում էր. «Նալբանդյանն եկն» [38]: Համադրելով Պատկանյանի եւ Մսերի տված տեղեկությունները՝ կարող ենք նշել, որ Նալբանդյանի արտասահման/153/յան այդ առաջին ուղեւորությունը տեղի էր ունեցել 1857 թ. հուլիսի 23-ի եւ օգոստոսի 28-ի արանքում:

Նալբանդյանի՝ Վենետիկում արած դիտողությունները պիտի որ : ազդած լինեին մխիթարյանների դեմ ուղղված նրա բազմաթիվ հարձակումների վրա: Եթե խափանված չլիներ 1858 թ. սկսած նրա «Մխիթար եւ Մխիթարյանք» հոդվածաշարի տպագրությունը, անշուշտ, միջոց պիտի ունենայինք շատ բան իմանալու նաեւ հրապարակախոսի վենետիկյան «տեսածների ու լսածների» մասին: Նույնը կարող ենք ասել նաեւ Նալբանդյանի Վիեննայում դեգերելու եւ տեղական մխիթարյաններին հանդիպած լինելու մասին:

Պիտի կարծել, որ հիմնականում Վիեննայում եւ Վենետիկում արած իր դիտողություններից էր ելնում Նալբադյանը, երբ հետագայում «Երկրագործության» էջերում ծանրանում էր «ձկնարյուն ավստրիացիների» բռնատիրության վրա եւ երկիցս նշում «գեհենապարտ» Հաբսբուրգների դեմ պայքարող Վենետիկի մասին:

 

* * *

Վերադառնալով արտասահմանյան առաջին ուղեւորությունից՝ Նալբանդյանը ընդհուպ անցավ «Հյուսիսափայլ»-ի հետ կապված գրական իր գործունեությանը:

Նրա սիստեմատիկ աշխատակցությունը «Հյուսիսափայլ»-ին ընդգրկում է երկու-երեք տարվա ժամանակամիջոց: Սկսվում է նրա աշխատակցությունը ամսագրի հրատարակության առաջին տարում՝ 1858 թվականից, եւ ավարտվում է գրեթե 1860 թվականի կեսերին, երբ նորից` մեկնելով արտասահման, նա դադար տվեց անմիջական եւ մշտական իր աշխատակցությանը:

1858—1860 թվականներին, խմբագրական աշխատանքից զատ, Նալբանդյանը զետեղում էր ամսագրում չափածո գործեր, ինքնուրույն եւ թարգմանական արձակ գրվածքներ, գրական-պատմական նյութեր, հրապարակախոսական եւ քննադատական հոդվածներ, պամֆլետներ, նամակներ, թղթակցություններ եւ այլն: Ամսագրում տպագրված հոդվածների տակ հեղինակը դնում էր իր ազգանունը, բայց շատ հաճախ գործածում պսեւդոնիմներ: Ժամանակակիցներին քաջ հայտնի էր «Հիշատակարան Կոմս Էմմանվելի թերթերից» կոչված ֆելյետոնների բուն հեղինակը: «Հիշատակարաններ»-ի մեջ Կոմսը զետեղում էր իր իսկ կազմած «նամակները» Ա. Բ. Դյուսկուրյան, Ս. Շահբեկ եւ այլ ստորագրություններով: Կոմսի մի շարք այլ նյութերը, օրինակ՝ «Սատանայի սաշտոնական մեծ հանդեսը», անտիպ մնացին նրա կենդանության ժամանակ, հավանորեն խափանվելով ցենզորի կամ, գուցե, Նազարյանցի /154/ ձեռքով [39]: Հետագայում, 1862 թ., «Հյուսիսափայլ»-ում լույս տեսավ Նալբանդյանի «Ազգային թշվառություն» հոդվածը Ստ. Նազարյանցի ստորագրությամբ: Փաստապես հոդվածի հեղինակը Պետրոպավլովսկի բերդում արգելափակված Նալբանդյանն էր [40]: Ավելի ուշ լույս տեսավ Նալբանդյանի մի ոտանավորը՝ Փառախոտ Ցոլակյան ստորագրությամբ: Նշենք, որ 1864 թ. «Հյուսիսափայլ»-ի համար էր գրված նաեւ նրա «Սոս եւ Վարդիթերի» կրիտիկան, որը լույս չտեսավ միայն ժանդարմների ստեղծած արգելքի պատճառով:

Սակայն Նալբանդյանի աշխատակցությունը «Հյուսիսափայլ»-ին ավելի ծավալուն է, քան հայտնի էր մինչեւ վերջերս: Վերջին տարիների բանասիրական հետախուզությունները ցույց են տալիս, որ դադարելով լինել «Հյուսիսափայլ»-ի մշտական աշխատակիցը՝ Նալբանդյանը, այնուամենայնիվ, երբեմն հանդես էր գալիս «Հյուսիսափայլ»-ում նաեւ մի շարք այլ պսեւդոնիմներով [41]:

Նալբանդյանի հյուսիսափայլյան նյութերն աչքի էին ընկնում ոչ միայն ժանրի, այլեւ բովանդակության բազմազանությամբ: Գրական լեզվի խնդիր, ազգային լուսավորության հարց, ազգության պրոբլեմ, կանանց ազատագրման եւ խոսքի ազատության սկզբունք, գրականության եւ թատրոնի խնդիրներ, ազգային վաճառականության հարց, եկեղեցական կյանք, ահա նյութերի մոտավոր այն շրջանը, որ ընդգրկեց Նալբանդյանը ամսագրի էջերում:

Ակներեւ է ընդհանուր այն շաղկապը, որ միավորում է Նալբանդյանի բազմերանգ եւ բազմաբովանդակ ելույթները, հաղորդելով նրանց իմաստի եւ կողմնորոշման միասնություն: Դրանց մեջ իշխում է հրապարակախոսի լուսավորական ուղղությունը: Եվ հեղինակի լուսավորական ուղղությունն է հենց, որ պայմանավորում էր նրա գրականության ժանրային բազմատեսակությունը, նրա գրվածքների հանրագիտական բնույթն ու քարոզչական-պրոպագանդիստական տենդենցները: Հրապա/155/րակագիրը, ասում էր նա, պարտական է «պատժել եւ պատուհասել բերանով ու գրչով ազգի պակասությունքը, հրապարակել նորանց այնքան, մինչեւ որ ազգը տեսանելով յուր վերայի կեղտը՝ զզվի, գարշի եւ խնամ տանե լվանալու եւ մաքրելու յուր անձը, որպեսզի արժանի լինի լուսափայլ դեմքով մասնակից լինել եվրոպական մարդկության բարիքներին» [42]:

Այս մի կռիվ էր, որ «Հյուսիսափայլ»-ը, պարզված դեպի «քաղաբակիրթ», «լուսավորված» Եվրոպան եւ, առաջին հերթին, հարկավ, դեպի «եվրոպական» Ռուսաստանը, հրահրում ու կազմակերպում էր՝ դիմակայելով կղերա-ֆեոդալական միջնադարի մնացուկներին: Ազգային լուսավորության, ազգային բարեկեցության պահանջ եւ դրա հետ միաժամանակ մտքի ու խղճի, մամուլի եւ գրականության, կնոջ եւ ընտանիքի, կրոնի եւ եկեղեցու, եւ վերջինն ըստ հերթի, բայց ոչ վերջինն ըստ նշանակության, հայրենիքի ազատության խնդիրներ սրանց շուրջն էր դառնում Նալբանդյանի հյուսիսափայլյան հրապարակախոսությունը: Գրվածքներ րի ներքին կապն ու միասնությունը նրանց նյութի եւ սյուժեի մեջ չէր, այլ նրանց իդեական բովանդակության, նրանց առաջավոր, լուսավորական, մարտական-քննադատական տենդենցի մեջ: Հայնեի եւ Գերցենի սինկրետիկ ոճը հիշեցնող գրականություն էր այդ, մի տեսակ հրապարակախոսություն, որ փոխանցվում էր բանաստեղծության, եւ մի տեղ սակ բանաստեղծություն, որ փոխանցվում էր հրապարակախոսության: «Մեռելահարցուկ» վեպի էջերում կան գրական-քննադատական տեսություններ, խորհրդածություններ ալքիմիայի, պոեզիայի, երաժշտության եւ նման այլ նյութերի մասին: Այդտեղ կա ե՛ւ արձակ, եւ ոտանավոր, ե՛ւ երգիծանք, ե՛ւ «լուրջ տոն», ե՛ւ փաստագրություն, ե՛ւ պատկերագրություն, L' պուբլիցիստիկա, ե՛ւ բելետրիստիկա: Ժանրերի նմանօրինակ խառնարան էր մանավանդ Կոմս Էմմանուելի «Հիշատակարան»-ը: Կանխենք, որ բնորոշ այս ոճը հանդիպելու ենք նաեւ հետագա շրջանում գրված գործերի մեջ, հատկապես «Սոս եւ Վարդիթեր»-ի կրիտիկայում. քննադատության հետ միատեղ այդտեղ կգտնենք պատմական եւ բնագիտական ընդարձակ ծանոթագրություններ՝ համեմված հրապարակախոսական ինվեկտիվների, լիրիկական հույզերի, հիշողությունների, ուղեգրական տպավորությունների հետ եւ այլն: Նույն երեւույթը կնկատենք, իհարկե, նաեւ նրա էպիստոլյար ժանրի գրվածքներում, հատկապես՝ բանտի նամակներում: Եվ ամենուրեք միեւնույն տենդենցը: Շոշափած նյութի առնչությամբ հեղինակը խոսում է ամեն ինչի՝ բնության եւ պատմության, ազգային եւ անձնական կյանքի մասին, եւ այս ամենը՝ խոտերի դերձանով կամ հույզերի /156/ շաղկապով միավորված բազմերանգ մի ամբողջության մեջ: Արտաքինն ու ներքինը, բնականն ու համամարդկայինը, ազգայինն ու անձնականը համատեղված են հեղինակի տեսադաշտում: Առկա կացության եւ ընթացիկ քաղաքականության, լուսավորության եւ գիտության, մամուլի եւ գրականության հարցերը կյանքի եւ մահու չափ ընտանի, մտերիմ, անձնական, հուզող հարցեր էին նրա համար: Հեղինակի էմոցիոնալ, ալեկոծ լեզուն, բուռն ու անհանգիստ գրական ոճը հակադրվում էին դժգույն ու անկենդան, քարացած ու անշարժ, արխայիկ ու սխոլաստիկ, վերացական ու վերամբարձ այն լեզվին ու ոճին, որ թագավորում էին տակավին մամուլի եւ գրականության մեջ, մասնավորապես՝ մխիթարյանների ոսկեկազմ հատորներում, եւ անհամատեղելի էին միանգամայն ազգայինքաղաքական վերածնվող կյանքին, բուրժուական-դեմոկրատական նոր՝ հասարակայնության մտածությանն ու պահանջներին:

Հարկավ, Նալբանդյանի շոշափած թեմաները մշակված ու լուսաբանված չէին հավասար խորությամբ ու լայնությամբ: Տիրող պայմաններում անհնար էր պարզել ու վճռել հուզող խնդիրները բոլոր կողմերից եւ վեր: հանել մանավանդ դրանց հասարակական-քաղաքական սուր ծայրերը: Նա կարողացավ, այնուամենայնիվ, մոտենալ գրված նյութերին համոզմունքի անզուսպ կրքով, թափանցող ու համարձակ մտքի լրջությամբ, անողոք ու անկեղծ խոսքի թափով, ներշնչելու, բորբոքելու եւ ոգեւորելու կախարդական իր ուժով: Աչքի է զարնում մանավանդ մտքի եւ խոսքի այն էվոլյուցիան, որ կատարեց Նալբանդյանը միայն հենց ամսագրի հրատարակության սկզբնաշրջանում: Եթե համեմատենք նրա «Հիշատակարան»-ի առաջին թերթերը «Հյուսիսափայլ»-ում տպված «Նկատողությունք»-ի կամ Կոմսի «Հիշատակարան»-ի վերջին թերթերի հետ, կնկատենք ահագին այն թռիչքը, որ շշմեցուցիչ արագությամբ կատարել էր դրանց հեղինակը մտքի բյուրեղացման, լեզվի մշակման, խոսքի եւ ոճի պարզության ու պատկերավորության, դրանց կորովի եւ դինամիկայի ամման ուղղությամբ: Խոսքի եւ գրչի ֆորմալ նվաճումներին զուգընթաց նկատելի է միաժամանակ դրանց հասարակական ֆունկցիայի աճը: Հրապահակագրի գրիչը դառնում է ավելի աշխույժ ու ներուժ, ավելի հաստատուն ու անմիջական, ավելի սուր ու անողոք: Արեւելահայ հրապարակախոսության մեջ Նալբանդյանն առաջինն էր, հիրավի, որ ստեղծեց արձակի թեթեւ ոճ, կենդանի, քաղաքացիական լեզու: Եվ մասամբ հենց դրանով է, որ կարողացավ գամել նա իր վրա ընթերցողի լարված ուշադրությունը:

Նալբանդյանի կատարած էվոլյուցիան տաղանդի օրգանական աճման կամ մոլի ինքնաշխատության արդյունք չէր լոկ, այլ նույն այդ տարիներին Ռուսաստանում եւ ռուսահայ կյանքում ծայր առնող ռեւոլյուցիոն զարթոնքի հետեւանք: Մտքի եւ սրտի բոլոր իր թելերով հրապարա/157/կախոսը կապված էր կյանքի ընդերքում ու մտքի ոլորտներում կատարվող եռքի ու տեղաշարժերի հետ: Սկսում էր երերալ Ռուսաստանում տիրող հասարակայնության ու պետականության ճորտատիրական շենքը, եւ ժամանակի խոշոր այդ իրադարձն է հենց, որ պայմանավորել եւ ուժ է հաղորդել վաթսունական թվականների ռուսահայ հասարակական մտքի եւ գրականության զարթոնքին առհասարակ:

Նալբանդյանը ժամանակաշրջանի, նրա մտավոր եւ գրական կյանքի ցցուն ու սուր երեւույթներից մեկն էր: Դրանում դժվար չէ համոզվել՝ ծանոթանալով առայժմ «Հյուսիսափայլ»-ում նրա արծարծած հանգուցավոր թեմաներից գեթ մի երկուսին:



[1] Н. В. Шелгунов, Воспоминания, М., 1923, եր. 67 եւ հետ. ։

[2]     «Մասիս», 1864, N 14:

[3]     Բ. Սարգիսյան, Երկհարյուրամյա գրական գործունեություն… Վենետիկո Մխիթարյան Միաբանության, Վենետիկ, 1905, եր. 153:

[4]     ՀՍՍՌ Մատենադարան, Կաթ. դիվ., թղթապ. 1854, վավ. N 265:

[5]     «Ученые записки Имп. Казанского университета», 1846, II, стр. 177.

[6]     Քաղում ենք Կազանի համալսարանի արխիվում պահված բնագիրների նմանահանություններից:

[7]     Տե՛ս Ե. Շահազիզ, Դիվան Խ. Աբովյանի, 1940, Երեւան, եր. 259 եւ հետ.:

[8]     Սեդրակյան, Հովհ. եպ. Շահխաթունյանի կենսագրությունը, ՍՊԲ, 1898, եր. 203 եւ հետ. ։

[9]     Տե՛ս մեր «Աբովյան», Երեւան, 1933, եր. 102։

[10]   Տե՛ս ՀՍՍՌ ԳԱ «Տեղեկագիր», N 12, 1953, եր. 77 եւ հետ., Ա. Ինճիկյանի «Մի նոր էջ «Հյուսիսափայլ»-ի պատմությունից» հոդվածը:

[11]   Նույն տեղը։

[12]   Ե. Լ. Ժ., IV, եր. 38:

[13]   Հմմ. «Մուրճ», 1905, N 4, եր. 65:

[14]   Նույն տեղը, եր. 69:

[15]   Նույն տեղը, N 2–3, եր. 90 եւ հետ,:

[16]   «Մուրճ», 1905, N 4, եր. 83:

[17]   «Հանդես գրականական եւ պատմական», I, եր. 315:

[18]   «Վարդապետարան կրոնի», եր. 7:

[19]   Ե. Լ. Ժ., 1, եր. 315։

[20]   Նույն տեղը, II, եր. 186:

[21]   ՀՍՍՌ Մատենադարան, Երիցյանի արխիվ, թղթապ. 154, վավ. N 221:

[22]   Նույն տեղը, թղթապ. N 8, վավ. N 226:

[23]   Նույն տեղը:

[24]   Սրա մի օրինակը գտնվում է մեզ մոտ:

[25]   Այստեղ եւ վարը օգտվում ենք մեզ մոտ եղած տպագիր ծանուցագրերից:

[26]   Ե. Լ. Ժ., 1, եր. 311:

[27]   К. Маркс и Ф. Энгельс, Сочинения, IV, стр. 36.

[28]   ЦГИАЛ, Дело 403, за 1859 г.

[29]   Նույն տեղը:

[30]   Գրակ. թանգարան, Ռ. Պատկանյանի արխիվ, 92 270, եր. 17:

[31]   Ե. Լ. Ժ., IV, եր. 46:

[32]   ՀՍՍՌ Մատենադարան, Կաթողիկոսական դիվան, թղթապ. N 185, վավ. N 50: Հմմ. «Հյուսիսափայլ», 1858, եր. 518:

[33]   Հայկական ՍՍՌ ԳԱ «Տեղեկագիր», 1954, N 5, եր. 79:

[34]   ՀՍՍՌ Մատենադարան, Պատկանյանների արխիվ, թղթապ. N 141, վավ. N 279:

[35]   «Մեղու Հայաստանի», 1866, եր. 147:

[36]   Տե՛ս «Քնար հայկական», 1867, էջ 520-521:

[37]   «Ղազար Փարպեցու գրած թուղթը», ՍՊԲ, 1868, եր. 14:

[38]   Տե՛ս Մ. Նալբանդյան, Անտիպ երկեր, եր. 744:

[39]   Հմմ. Ե. Լ. Ժ., 1, 516, խմբագրական նշումները:

[40]   Տե՛ս այդ մասին «Անտիպ երկեր», եր. 421 եւ հետ., ծան.:

[41]   1954 թ. վերջերին, առանց համոզիչ հիմնավորման, Աս. Ասատրյանը «Գրական թերթ»-ում փորձեց նշել Նալբանդյանի «Հյուսիսափայլ»-ում գործածված մի քանի նոր կեղծանունները: Դժբախտաբար, թվարկված կեղծանունները, մեկ կամ երկու բացառությամբ (նկատի ունենք «Կամսար Խաչատրյան» եւ գուցե նաեւ «Կիրակոս Մարգարյան» ստորագրությամբ 1860 թ. «Հյուսիսափայլ»-ում տպված աննշան հոդվածները), հնարավոր չենք համարում Նալբանդյանին վերագրելու Աս. Ասատրյանի նշած ծածկանունների մեծ մասը: Լեզվական եւ իդեական նկատառումներով հակամետ ենք կարծելու, որ դրանց մեծ մասի տակ թաքնված էր «Հյուսիսափայլ»-ի խմբագիրը: Ինչ վերաբերում է «Հակոբ Սերոբյան», ստորագրությանը, դա արդեն կեղծանուն չէր, այլ, ինչպես պիտի տեսնենք, հայ գործիչներից մեկի իսկական անունը:

[42]   Ե. Լ. Ժ., I, եր. 315: