Նալբանդյանը եւ նրա ժամանակը(Ա)

Հեղինակ

Բաժին

Թեմա

/243/ ԳԼՈՒԽ ՅՈԹԵՐՈՐԴ

ՊԱՅՔԱՐ ԱԶԱՏ ԽՈՍՔԻ ԵՎ ԱԶԱՏ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ


Կրկնակի ցենզուրայի ճնշում: Արտոնյալ դասակարգերի ինկվիզիցիան: «Մեռելահարցուկ»-ի վերապատկերած իրադրությունը։ Ազատախոհ մամուլի վիճակը։ Ազատ հրապարակախոսության պահանջ։ Նալբանդյանի սկզբունքներն այդ մարզում։ Հայկական ազատ մամուլ կազմակերպելու գաղափարը:

 

Նալբանդյանի հրապարակախոսությունը «Հյուսիսափայլ»-ի էջերում` դրված էր նեղ շրջանակների մեջ ոչ միայն ներքին տարաձայնությունների, այլեւ արտաքին խոչընդոտների հետեւանքով: «Մեծ ռեֆորմների» նախօրեին չպետք էր անգիտանալ, նախ եւ առաջ, գրականության մաքսավորների եւ մտքի պահնորդների ցարական ցենզորների դերը: Ամսագրի էջերում Նալբանդյանի հոդվածները ենթարկված էին կրկնակի ստուգման: Նրա գրությունները հոշոտում էին, մի կողմից՝ խմբագիր Նազարյանցը, մյուս կողմից՝ ցարական ցենզորը: «Հիշատակարան»-ի դրվագներից մեկում Կոմս Էմմանուելը գրում էր. «Հիշատակարան ձգել ամեն մի բան… չեմ կարող, ըստ որում… մի հորեղբայր ունիմ, որ միշտ քննում՝ է իմ բոլոր առանձնական գրվածքս անգամ» [1]: Թափանցիկ ակնարկը «Հյուսիսափայլ»-ի խմբագրի մասին էր, որը նախնական ցենզուրայի կարգով ջանում էր հանդուրժելի դարձնել աշխատակցի գրվածքները: «Հյուսիսափայլ»-ը ստանում էր թղթակցություններ, որոնց հեղինակները անդրադառնում էին հայ կյանքի բազմաթիվ խոցերին. սակայն Նազարյանցը հրաժարվում էր հրապարակել դրանք: «Առհասարակ, գրում էր Նազարյանցը, —ոչ մինը դոցանից չկարողացանք տպել «Հյուսիսափայլ»-ի մեջ ոչ թե անհավան գտնվելով նոցա, այլ որովհետեւ շատերի մեջ բանախոսությունը ցուցանում էր ամենեւին մերկանդամ ճշմարտություն, այլեւ վերաբերվում էր այնպիսի բարոյական ցավերի եւ ամոթալից հան/244/ գամանքների ազգի մեջ, որ անպատշաճ էր դրանց հրապարակել գրով, մանավանդ որ դոքա մի բարեկարգ տերության ցենզուրայի մեջ քննության տակ ընկնել եւս կարող չէին» [2]:

Կոմս Էմմանուելի «Հիշատակարան»-ում թափանցիկ ակնարկ կա նաեւ ցարական ցենզուրայի մասին: «Ճշմարիտ է եւ այն, գրում է Կոմսը, որ շատ բան եւս չէ կախվում օրագրողի հրատարակողից կամ նորա գործակիցներից. երկիրը շատ անգամ բուսուցանում է դալար ծիլեր, բայց եւ շատ անգամ հյուսիսի ցուրտը պաղեցնում է նորանց արեւագալից առաջ» [3]:

«Հյուսիսափայլ»-ի էջերում տարված նյութերի մի մասը մնաց առանց շարունակության՝ ցենզորական կալանքի պատճառով: Դրանց թվին է պատկանում, օրինակ, «Տեր Սարգիս»-ը, «Մխիթար եւ մխիթարյանք»-ը, Նալբանդյանի հինգ տպագրական թերթ բռնող մի գրվածքը Ստ. Պալասանյանի դեմ եւ գուցե նաեւ «Մեռելահարցուկ»-ը: Ստ. Նազարյանցի անտիպ նյութերից եւ նրա թողած գրական ժառանգության մասին մեզ հասած արձանագրությունից երեւում է, որ «Հյուսիսափայլ»-ի խմբագրության պորտֆելում կային նաեւ ցենզորի կողմից արգելված այլ նյութեր [4]: Հավանաբար, ցենզորական միջամտության պատճառով է դարձյալ, որ ժամանակին լույս չտեսավ «Սատանայի պաշտոնական մեծ հանդեսը» պամֆլետը: Դրա մեջ հանդիպող մի քանի ակնարկներից իսկ պարզ է, որ Նալբանդյանի այդ պամֆլետը գրված է եղել 1858 թ. վերջերին կամ 1859 թ. սկզբներին՝ «Հյուսիսափայլ»-ում տպվելու համար: Ինչպես մետագայում դիտում է «Փորձ»-ի խմբագրությունը, դրա ձեռագիրը տեղտեղ սրբագրված է եղել Նազարյանցի ձեռքով [5]:

Մեծ չափերի էր հասնում ցենզորական ճնշումը: «Современник»-ի /245/ օրինակը հիմք է տալիս ենթադրելու, որ որչափ աճում էր ռեւոլյուցիայի ճնշումը «վարից», նույնքան աճում էր նաեւ ռեակցիայի դիմակայություննը «վերից». 1855 թ. ցենզուրան դուրս է ձգել «Современник»-ից 5 թերթ, 1856 թ. ՝ 11 թերթ, 1857-ին՝ 12 թերթ, 1859-ին՝ 40 թերթ, 1860-ին՝ 51 թերթ: Կոմս Էմմանուելի տողերը ցույց են տալիս, որ նա շատ լավ էր զգում գիշերային համատարած այն սառնամանիքը, որ ցրտահար էր անում ազատագրվող մտքի ընձյուղները:

Սակայն գրական մտքի վրա ցենզորական ստրկությունից ոչ պակաս բռնանում էր խոսքի ինկվիզիցիան, հասարակական վերնաշերտի դասակարգային կարծիքը, մասսաների վրա նրանց գործ դրած «մթնոլորտային ճնշումը»: Զուր չէր, հարկավ, արտոնյալ դասերի մտավախությունը: Ազատ մտքի, ազատ խոսքի հպումից կարող էին փլվել ու փոշիանալ դարերով նվիրագործված հասկացությունները, ինչպես սնահավատության անփուտ նշխարները թարմ օդի խլրտումից: «Իշխանություն կա՞ ձեռքումդ, հարո՞ւստ ես, ուրեմն ամենալավ, ամենապատվելի մարդն ես դու հայերի մեջ, գրում էր դառնացած Նալբանդյանը, զարկի՛ր, խեղդի՛ր, հալածի՛ր, ինչ կամիս արա՛, անդատապարտ ես, որովհետեւ հարուստ կամ իշխան լինելով, արդեն քո կողմը գրավել էիր Հռովմի պապի անմեղանչականությունը: Քեզանից զարկվողը, խեղդվողը եւ հալածվողը է մեղավոր եւ դատապարտելի. դու դեռ ազգասեր անուն եւս կժառանգես հայերից, որ երկար ժամանակ ստրկության մեջ մնալով եւ ստրկությունը դոցա համար երկրորդ բնություն դառնալով, ձանձրանում են, եթե մի րոպե պակասում էր նոցա գլխից որեւիցե բռնավորի գավազան» [6]:

Հրապարակախոսը ծառանում է այն մտայնության դեմ, որ ճշմարտությունը որոշում է բարեկամության կամ թշնամության կողմնացույցով, եւ այն պատրանքի դեմ, որ իշխանավորի կամ ունեւորի պակասությունները դիտում է որպես կատարելություն [7]: Նա պայքարում է նեղմիտ ու թյուրամիտ այն մտայնության դեմ, որ ոսպաձեւ ապակու պես գլխիվայր շրջելով ազգի պակասությունները՝ հանցանքը ձեւացնում էր առաքինություն եւ առաքինությունը՝ հանցանք [8]:

«Մեռելահարցուկ»-ի մեջ գերեզմանափոր ժամկոչի բերնով Նալբանդյանը նկարագրել է ժամանակի եկեղեցական հաշվետվության զավեշտական պատկերը: Վեպի այդ էջերը նույնչափ իրական են, որչափ եւ նրա մեջ ծանոթ այն էջերը, ուր վերապատկերված է Նոր-Նախիջեւանի հասարակական սնոտիապաշտությունը: Հեղինակը տալիս է եկեղեցական /246/ գումարների շուրջը տեղի ունեցած ընդդիմամարտության երգիծապատկերը: Ցույց է տրված, թե ինչպես հաշվեմատյանների թվաբանության փոխարեն գործ էին տեսնում ծառերի տակ փռված խորովածի, գինու եւ արաղի սփռոցը եւ հաշվետես տերտերների տաղ ու շարականը: Տրված է այն հավաքույթների նկարագրությունը, ուր կազմակերպվում էր «ժողովրդի» հանրային կարծիքը: Աղքատ մարդն այնտեղ մունջ է, ինչպես ձուկը: Խոսելու եւ գործելու հոգսը նա ձգում է հարուստների վրա, նրանց, ովքեր ճնշում են նրա «ընտանեկան եւ տնտեսական ապահովությունը» եւ խեղդում նրա «խղճմտանքի եւ բանականության ազատությունը»: Մասնակցություն չունեն ժողովներին միջակ կարողության տեր մարդիկ, որոնք թեեւ ունեն առողջ մտածություն, բայց ամոթ են համարում կարծիք հայտնել հարուստների ներկայությամբ, «պատճառ՝ միանգամայն հավատացած են, թե կարծիք հայտնելու իրավունքը պատկանում է միայն պարոններին, այսինքն՝ նոցա, որ շատ արծաթ ունին»: Հրապարակի վրա մնում են հարուստները, որ խոսում են, թեեւ նրանք եւս միատարր չեն. «Ծեր, կամ հին ժամանակներից հարուստ տղան ժառանգը, ավելի պատվավոր է, քան թե մի երիտասարդ կամ նոր հարստացած մարդ- այս պատճառով եւս նորա կարծիքը կամ խոսքը ավելի մեծակշիռ է»: «Ծերերը պահանջում են, որ ամեն բան կամաց-կամաց լինի, համբերությամբ լինի, առանց մի մարդու անձնասիրության մոտենալու, բայց երիտասարդք պահանջում են, որ վճռաբար կատարվի ամենայն գործ, հետ դրվի դանդաղկոտությունը եւ չխնայվի մի մարդու անձնասիրություն, եթե այդ մարդը կապում էր ազգի կամ քաղաքի հառաջադիմության ընթացքը»:

Ծերունու եւ երիտասարդի, հնի եւ նորի միջեւ բարձրանում է կռիվ, որին միջամտում են վերջապես մյուս հարուստները, որոնցից մեկը կամ երկուսը պահում են երիտասարդի կողմը, մյուսները պաշտպանում ծերի կարծիքը: Սկսվում է «բաբելոնյան խառնակություն», որին վերջ է տալիս… «չեզոքների» միջամտությունը: «Սրանք միօրինակ դատապարտում են երկու կողմը եւս, այլեւ արտաքին կերպով ցույց են տալիս, որ ոչ մի կողմին կուսակից չեն, բայց եթե առանձնապես պատահեն երիտասարդին, գովում են նորա կարծիքը եւ համաձայնում նորա հետ, իսկ թե բախտը բերե պատահել ծերին, նորանից եւս չեն հրաժարվում, նորա ասածները եւս ճշմարիտ են, եւ այս պարոնները պատրաստ են ստորագրությամբ հաստատել ծերի խոսքերը: Այս տեսակ չեզոքական մարդիկը, շարունակում է պատմող գերեզմանափորը, այսպես մտածում են, թե հարկավոր չէր հասարակաց օգտի համար ստանալ անձնական թշնամիք. ինչ որ պիտի մտանե հասարակության գանձարանը, մի՞թե օգուտ ունի նոցա անձնական շահասիրությանը, ուրեմն ի՞նչ հարկավոր է ամեն մարդու կռիվ վեճ բանալ: Քաղաքը մինչեւ այժմ կառավարվել է, այսու/247/հետեւ եւս կկառավարվի, մեք մեր կյանքի շատ մասը անցուցել ենք, թող մեր որդիքը ինչ կամին առնեն»:

Ռեակցիոն եւ պահպանողական մտայնությունն ամենից շատ զինվում է ճշմարիտ խոսքի, ճշմարիտ հրապարակախոսության դեմ:

Հետագայում Նալբանդյանը շատ լավ պարզաբանեց մամուլի կոկորդը սեղմող հասարակական կարծիք կոչված բռունցքի դերը նույնիսկ «Habeas corpus»-ով պարծեցող Անգլիայում: «Հասարակությունը, նորա: կանխակալ կարծիքները, նորա ավանդությունքը, որ դարերով նստել են նորա ուղեղի վերա, արմատացել են նորա ոսկերքի մեջ, շատ անգամ չէ կարող հաշտ աչքով նայել ազատ հրապարակախոսության երեսին: Նա հալածում է նորան կամ որեւէ կառավարական ուժով, կամ արգելքով. ոչ, նա լավ գիտե, որ սոքա անհնարին բաներ են Անգլիո մեջ, նա Հալածում է մանր հնարներով եւ աղտոտ ճանապարհներով, որոնց մեջ վերջին ստեղը չունին անձնական վնաս հասցնել, վատաբանել, կասկածներ հարուցանել հեղինակի վերա, պարզամիտների միտքը եւ ատելությունը գրգռել նորա ընդդեմ» [9]:

Այս հանգամանքներում նորից հասկանալի է դառնում մեզ Կոմս Էմմանուելի ստորագրած պամֆլետների ոճը: Նա չի կամենում մոլորեցնել ընթերցողներին, այլ ներկայացնել իրականությունը ճշմարիտ լույսի տակ. նա թշնամի է այն մատենագրության, որի այբը քե է երեւում, իսկ քեն՝ այբ: Սակայն առասպելական Պրոմեթեոսի նման նա դիմում է մաքսախոսության, դիմափոխվում եւ բարբառում այլազան լեզուներով: Նա ձեւակերպում է իր մտքերը այլաբանորեն՝ թողնելով, որ ուշիմ կարդացողը մեկնաբանի նուրբ ու թափանցիկ առագաստով ծածկված գրությունը, կարդա տողամեջ, լրացնի թերթը եւ հանի ճիշտ եզրակացություն:

  «Ցենզուրան, գրում էր Գերցենը, շատ է նպաստում ոճի վարպետության զարգացմանն ու խոսքը սանձելու կարողությանը… Ընթերցողը, որ գիտե, թե որքան պիտի զգոն լինի գրողը, կարդում է ուշադիր. նրա եւ հեղինակի միջեւ ստեղծվում է գաղտնի կապ, մեկը թաքցնում է այն, ինչ գրում է, իսկ մյուսը այն, ինչ հասկանում է: Ուստի ցենզուրան, դա մի սարդոստայն է, որի մեջ խճճվում են սոսկ մանր ճանճերը, մինչդեռ խոշորները պատռում են այն» [10]:

Գերցենը աչքի առաջ ուներ նիկոլաեւյան ցենզուրայի պայմաններում մշակված եզոպոսյան այն լեզուն, որի օգնությամբ առաջավոր գրողները իրենց միտքը կարողանում էին հասցնել ընթերցողներին: Առավել բանուկ էր, մանավանդ այլաբանությունների կամ այսպես կոչված ակնարկումների պրիոմը, այն, ինչ Նալբանդյանը անվանում էր «ակնար/248/կական» ուղղություն: «Ազգի լուսավորության եւ հասկացողության աստիճանը, այլեւ այն շրջապատը, որի մեջ կանք մենք, գրում էր Կոմս Էմմանուելը, վաղուց արդեն հարկադրել են մեզ հայկական դպրությանը տալ այն ակնարկական ուղղությունը, որը երբեմն հայտնի էր Ֆրանսիայում «Littérature allusionelle» անունով» [11]:

«Ես, գանգատվում էր Կոմսը, ներկարարի կարաս ունիմ… կենդանիք, որ ընկնեին այդ կարասի մեջ, երեւում են այնուհետեւ ներկված եւ դժվարաճանաչելի բրդավոր»: Այս տողերը հիշեցնում են մեզ Բելինսկու խոսքերը.

  «Բնությունը դատապարտել է ինձ հաչել որպես շուն եւ ոռնալ որպես շնագայլ, մինչդեռ հանգամանքները ստիպում են ինձ մլավել որպես կատու եւ պոչ շարժել որպես աղվես» [12]: Հարկավ, մորթեփոխվելու հարկը չէր գոհացնում նաեւ շիտակ խոսքի սովոր հայ քննադատին: «Երանի թե քանի չեմ մեռած, թափեի սրտիս եղածը մեր ազգի առջեւ, պատառեի մի քանի կախարդական վարագույրներ… բայց դժվար թե հաջողի ինձ այս, եւ ես վախենում եմ, որ այն բաները, ինչ որ այժմ ճնշում է հոգիս, պիտի ճնշեն եւ ոսկերքս գերեզմանիս մեջ…», գրում է Նալբանդյանը «Մեռելահարցուկ»-ում, ցենզորի ճնշման տակ մեկ ու կես տող բազմակետեր շարելով այս խոսքերից հետո [13]:

Լավատեսության արեւը կրում էր տխուր մտքերի ամպերը, երբ Կոմսը ուղղում էր իր հայացքը դեպի հուսատու գալիքը. «Կգա օր, կծագե եւ քո համար այն արշալույսը, երբ քո ընթերցողքը կարող կլինին նայել եգիպտական աստվածուհու երեսը, առանց քողով ծածկելու նորան» [14]:

Բայց ինչքան էլ մեծ լինեին հույսերն ապագայի վերաբերմամբ,, ճշմարտասեր գրողը կարիք ուներ ազատ ու անշպար խոսքի: Ազատ, անսքող հրապարակախոսությունն առաջավոր մտքի սուր պահանջ դարձավ մանավանդ 50-ական թվականների վերջերին՝ Ռուսաստանում արծարծվող ռեւոլյուցիոն կրիզիսի տարիներին, այն «խորհրդավոր ժամանակներին», որոնց զովարար ազդեցությանը թեւատարած ընդառաջում էր նաեւ ռուսահայ դեմոկրատիայի առաջնորդը: «Զարմանալի ժամանակ էր այս, հաղորդում էր իր հիշողությունների մեջ Ն. Վ. Շելեգունովը, —ժամանակ, երբ ամեն մեկը ցանկանում էր մտածել, կարդալ ու սովորել, եւ երբ յուրաքանչյուրը, որ ասելու որեւէ բան ուներ, կամենում էր բարձրաձայն արտահայտել այդ: Մինչ այդ մրափած միտքը խլրտում էր, շարժվում եւ սկսում աշխատել: Նրա բռնկումն ուժեղ էր եւ խնդիրները վիթ/249/խարի: Խոսքն այստեղ ընթացիկ օրվա մասին չէր, խորհրդածության ենթակա էր եւ վճռվում էր գալիք սերունդների բախտը, ամբողջ Ռուսաստանի ապագայի վիճակը, որ կապված էր ռեֆորմների այս կամ այն ընթացքի հետ: Գրավիչ այս աշխատանքը քաշում էր դեպի իրեն բոլոր ընդունակ ու օժտված մարդկանց եւ առաջ մղում բազմաթիվ երիտասարդ հրապարակախոսներ, գրողների ու գիտուններ… 1857 եւ 1858 թվականները մտավոր վիթխարի այդ աշխատանքի սկիզբն էին միայն. ժուռնալիստիկայի առավել եռուն եւ հասուն վայրկյանը դեռ առաջիկայում էր: Այն սկսվեց 1859 թվականից հետո» [15]:

Մեզանում Նալբանդյանն առաջինն էր «ընդունակ եւ օժտված» այն մարդկանցից, որոնք այդ «զարմանալի ժամանակին» զգացին ազատ խոսքի, ազատ օրագրության կարիքը: Նրա միտքը հանգրվան չէր գտնում՝ այլեւս լեգալ «Հյուսիսափայլ»-ի էջերում: Նա որոնում էր անկաշկանդ խոսքի ասպարեզ:

Տակավին «Յաղագս հայկական դպրութեան ճառ»-ում է նշավակված այն «ճշմարտութիւնը», որ հաստատվում էր «հրամանաւ սպառնալեօք եւ հալածանօք», «ողբալի ճշմարտութիւն, գավազանաւ ապացուցեալ, ըստ որում հակառակորդն, թող զբռնութիւն գաւազանական, այլ զէն ոչ ունի: Եղկելի՜ ճշմարտութիւն», բացագանչում էր «Ճառ»-ի հեղինակը [16]:

Խոսքի եւ անհատի ազատության պահանջը խոշոր տեղ է բռնում Նալբանդյանի՝ «Հյուսիսափայլ»-ում տպված հոդվածներում: Թույլ տալ «յուրաքանչյուր մարդու ազատորեն խոստովանել յուր սրտի վկայություննը», այս էր Նալբանդյանի լուսավորական եւ ազատագրական պայքարի լոզունգներից մեկը [17]: «Հիսուսյանք» գրվածքում նա նշավակում էր եզվիտականությունը, որ սպանում էր ամեն մի միտք ու բանականություն, ջնջում գիտության եւ արվեստի քննական ոգին, մեռցնում մարդկային կամքը, ազատությունն ու անկախությունը: Նա ցույց էր տալիս, թե ինչպես եզվիտականության մեջ ամեն ինչ հիմնվում էր քսության կամ կույր հնազանդության վրա, որ գոսացնում էր ինքնուրույն զարգացման ընդունակ ամեն մի բողբոջ [18]: Հրապարակախոսը հարվածում՝ էր մխիթարյան եւ լուսավորչական կղերի մտասպան մոլեռանդությունն ու անհանդուրժողականությունը: «Սատանայի պաշտոնական մեծ հանդեսը» պամֆլետում նա նշավակում էր օրագրության եւ գրաքննության «ոստիկաններին»՝ բոլոր տեսակի կարենյաններին, արարատյաններին /250/ եւ մսերյաններին: Ազատաբերան խոսքի պաշտպանությանն է նվիրված նաեւ «Նկատողությունք» նշանակալից հոդվածը:

«Ոչ մեկի խաղաղութիւն արկանել, այլ՝ հուր»: Նալբանդյանի հրապարակախոսությունը սկսվել էր հենց հրացայտ այդ նշանի տակ: Նա չի ձգտում բնավ փարատել պայքարի շիկացած մթնոլորտը: «Վեճը եւ պատերազմը, գրում էր նա «Նկատողությունք» հոդվածում, դոքա անկողոպտելի սեփականությունք են ինքը յուրյան շինող մարդկության… Բայց այս մտավորական պատերազմը, կրկնում ենք խի՛ստ շեշտելով, պիտի կատարվի սրտի ազատ վկայության սահմաններում, խոսքի եւ բանականության սահմաններում: Ոչինչ արտաքին եւ կոպիտ զորություն Հանդես չունի այս պատերազմի մեջ. կտրող սուրերը երկար չեն, այլ խոսք, կշիռ ունի այստեղ ոչ թե փառավոր կոչումը կամ պատահական դրություն աշխարհի մեջ, այլ միտքը եւ փիլիսոփայությունը: Բռնադատություն հարկավոր չէ. ինկվիզիցիան սեփականություն է պապականության: Այս րոպեիս ե՛ւ մեր ազգի մեջ երեւում է մի մտավորական պատերազմ, նույնպես միմյանց զարկվում են մտքեր» [19]: Այս տողերն ուղղված են ազգային եւ համապետական կյանքում տիրող այն կարգերի դեմ, որոնց ճնշման տակ տեւում էր այդ պահին դեմոկրատ գրողի անհատականությունը՝ խոսքի ու մտքի ազատությունը: Այս կարգերի դեմ է, որ նույն 1859 թ. «Հյուսիսափայլ»-ում զետեղեց նա բանաստեղծական բոցաշունչ իր տողերը՝ «Ազատն աստված»-ը:

Նալբանդյանը բողոքում էր մամուլի եւ գրականության վրա բռնացող կոպիտ այն ուժի դեմ, որ ուղղակի թե անուղղակի գործադրվում էր ցարական Ռուսաստանում առհասարակ եւ հայ կյանքում մասնավորապես: Մամուլի եւ գրականության ղեկավարներից պահանջում էր «բարեխիղճ հերքողություն», «օրինավոր վեճ», բայց ոչ «հարձակմունք, որ պատկանում էին յուրյանց անպատշաճ ձեւերով, արժանագին եւ խոշոր կատակներով, որոնք շատ անգամ լցված են լինում զանազան աղճատանքներով եւ բամբասանքներով յուր հակառակորդի վերա» [20]: «Մենք չենք հերքում կատակը, ասում էր նա, չենք հերքում մինչեւ անգամ ծաղրը, հեգնությունը, բայց այդ բոլորը կարող են լինել պատշաճի շրջանակի մեջ, իսկ գլխավորը, ամենայն տեղ պիտո է լինի բարեխղճություն. հակառակորդների կարծիքը չէ պիտո աղճատել: Սուտ ու սխալ կարծիք հերքել եւ դատապարտել, սուրբ պարտականություն է ամմէ, մի բարոյական մարդու համար, բայց այդ սուտ կարծիքը, ավելի հեշտու/251/թյամբ դատապարտության տակ ձգելու համար, աղճատել նորանց, մարդու գործ չէ» [21]:

Ազատ հրապարակախոսությունը, ազատ քննադատությունը Նալբանդյանը պատկերացնում էր որպես պատերազմ՝ միաբան ուժով խավարի վիշապի գլուխը ջարդելու համար: Այս մի կռիվ էր, որի մասին խոսելիս նա բանեցնում էր երկաթ, կրակ, սուր, վահան արտահայտությունները: Նրա համար «խոսք ասացյալը համազոր է կրակի եւ սուրի» [22]: Պատերազմ էր այդ, ուր քարկոծվում են խոսքի մարգարեները, ուր կառուցվում են գլխապարտության սյուներ ու կախաղաններ, ուր հոսում են թարախ ու արյուն, ուր կիրարկվում են վիրաբուժական մեթոդներ: Ակներեւ է մարտնչող այդ հրապարակախոսության ռեւոլյուցիոն վճռականությունն ու նպատակասլացությունը, նրա մարտական բնույթն ու ոճը:

Ազատ միտքն ու խոսքը կյանքից ու նրա կարիքներից պոկված բարեպաշտ բաղձանք չէր Նալբանդյանի մոտ: Այդ մի պահանջ էր, որ զգաց նա խորապես «Հյուսիսափայլ»-ի հրատարակության առաջին իսկ տարվա ընթացքում, երբ հակառակորդների կողմից նոր թափ առավ նրա դեմ քաղաքական քսությունների եւ հետապնդումների սպառնալիքը: Այս հետնախորքի վրա կոնկրետ իմաստ են ստանում մամուլի եւ խոսքի ազատության մասին արտահայտած նրա մտքերը: Մտքեր էին դրանք, որ չմնացին վերացական խոհերի ոլորտում: Սուր եւ համառ այն պայքարի ընթացքում, որ սկսվել էր հայկական ռեակցիայի եւ հատկապես Այվազովսկու դեմ, Նալբանդյանը փորձեց դնել ազատ մամուլի եւ խոսքի պահանջը գործնական գետնի վրա: Այս նպատակով էր, մասամբ, որ 1859 թ. սկզբներին նա ուղեւորվեց արտասահման, ուր ենթադրում էր հանգրվան տնել մամուլի եւ ազատ գրատպության համար:

Անհրաժեշտ է կանգ առնել նրա կյանքի կարեւոր այդ դրվագի վրա ավելի հանգամանորեն: Իսկ այդ նշանակում է՝ անդրադառնալ նրա ուղեւորության հետ կապված քաղաքական հանգամանքներին եւ նախապես Նալբանդյանի գործունեության հետագա ընթացքի հետ առնչություն ունեցող կարեւոր մի անձնավորության՝ Գաբրիել Այվազովսկու վրա:



[1]     Ե. Լ. Ժ., 1, եր. 394 եւ հետ.:

[2]     «Հյուսիսափայլ», 1859, եր. 560:

[3]     Ե. Լ. Ժ., I, եր. 488 եւ հետ. ։

[4]     Տե՛ս ՀՍՍՌ ԳԱ «Տեղեկագիր», 1955, N 3:

[5]     Հարություն քահանա Կեոկչեյանի թղթերում հայտնված՝ Նալբանդյանի անտիպ ձեռագրերի ցուցակում նշված է դրանցից երկուսի գրվելու ժամկետը՝ 1) «Նալպանդյանցի «Քանի մի խոսք հասարակաց հայախոսության մասին», սկսանի՝ «Հարկավոր էր ամենայն մարդ», ավարտի՝ «ցայսօր պահել է». բաղկացած ութն թերթից. 2) «Սատանայի պաշտոնական մեծ հանդեսը», սկսանի՝ «Հողագնդի կենդրոնումը», ավարտի՝ «գնա դու հանգuտացիր, մնացածը ուրիշ անգամ», Կոմս Էմմանուել, «Հյուսիսափայլ» 59, երկրորդ տարի, մարտ ամսի» տե՛ս Մատենադարան, ձեռ. N 9134, թ. 33ա: Հայտնի է, որ ո՛չ 1859 թ., ո՛չ հաջորդ տարիներին «Հյուսիսափայլ»-ի էջերում չտպագրվեցին Կեոկչեյանի նշած գրվածքներից ո՛չ մեկը, ո՛չ մյուսը: Հնարավոր է, որ չկամենալով նոր հարձակումների առիթ տալ «Հյուսիսափայլ»-ի հակառակորդներին, վերջին պահին Նազարյանցը հրաժարվեց պամֆլետը տպելու մտքից: Սակայն ավելի հավանական ենք համարում, որ պամֆլետը դուրս նետվեց «Հյուսիսափայլ»-ի 1859 մարտ ամսվա համարի բնագրից ցենզորի կարգադրությամբ:

[6]     Ե. Լ. Ժ., 11, եր. 266 եւ հետ:

[7]     Տե՛ս նույն տեղը, եր. 265 եւ հետ.:

[8]     Տե՛ս նույն տեղը, եր. 151, ծան.:

[9]     Ե. Լ. Ժ., III, եր. 55:

[10]   Герцен, П. С. С., и П., VI, եր. 366 եւ հտ. ։

[11]   Ե. Լ. Ժ., I, եր. 497:

[12]   Белинский, Письма, под ред. Е. А. Ляцкого, СПБ, 19144 т. III, 184.

[13]   Ե. Լ. Ժ., 1, եր. 282:

[14]   Նույն տեղը, եր. 411:

[15]   Н. В. Шелгунов, Воспоминания, М. и Л., 1923, եր. 82։

[16]   Ե. Լ. Ժ., 1, եր. 19: Այս տողերը գրված են Նազարյանցի գրչով:

[17]   Նույն տեղը, եր. 441:

[18]   Տե՛ս նույն տեղը, II, եր. 99 եւ հետ.:

[19]   Ե. Լ. Ժ., 11, եր. 261 եւ հետ.:

[20]   Նույն տեղը, եր. 264 եւ հետ.:

[21]   Ե. Լ. Ժ., II, եր. 262:

[22]   Նույն տեղը, 1, եր. 404: