Նալբանդյանը եւ նրա ժամանակը(Ա)

Հեղինակ

Բաժին

Թեմա

/507/ ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴ

ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԴԻՐՔԱՎՈՐՈՒՄԸ ԱՐԵՎՄՏԱՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՄԱՆ ՀԱՆԴԵՊ


«Երկրագործություն»-ը որպես մեղադրական դոկումենտ: Նալբանդյանի հասարակական–տնտեսական հայացքների կազմավորման նախընթաց էտապը։ «Երկրագործության» հակակապիտալիստական դիրքավորման շրջանակները։ «Տնտեսական հեղափոխության» պլատֆորմը: «Ազգային վաճառականությունը» որպես մեքենայական արդյունաբերության նախաձեռնող։ Գաղութահայ քաղաքային մանր վաճառականությունը մտահոգության առարկա: «Ազգային վաճառականության» կապիտալիստական զարգացման անխուսափելիությունը։ «Երկրագործություն»-ը եւ արեւմտահայ ազգային-քաղաքական շարժումը։ Շարժման կապը սոցիալական հեղաշրջման հեռանկարի հետ։ «Հող եւ ազատություն» մարտակոչի կենսագործումը զինված ապստամբության միջոցով։ Դասակարգային ճակատամարտ ճնշված եւ տիրող ազգությունների ներսում: Հայկական շարժումը եւ սոցիալիզմը։ «Տնտեսական հեղափոխությունը» եւ ազգային-քաղաքական ինքնորոշումը որպես սոցիալիստական ռեւոլյուցիայի նախադուռ: Հայկական շարժումը ցարական եւ սուլթանական ռեժիմների հանդեպ: «Երկրագործություն»-ը եւ Պոլսի Բարեգործականը։ «Երկրագործության» քննարկումը դեմոկրատական մամուլում: Արձագանքներ «Հայկական նամականի»–ի էջերից: «Մեղու»-ն Նալբանդյանի կալանքի մասին: Նալբանդյանի եւ արեւմտահայ դեմոկրատիայի գրական–քաղաքական համագործակցության նորահայտ փաստերը:

 

Թարթափելով կասկածների բավիղներում՝ սենատական հանձնաժողովը չկարողացավ հիմնավորել Նալբանդյանի մեղադրականը ուղղակի տվյալներով: Հանձնաժողովը չծանրացավ մեղադրության համար կարեւոր ամենաարժեքավոր «իրեղեն ապացույցի»՝ «Երկրագործության» վրա անգամ, որի մի քանի օրինակն ուղարկել էր Նալբանդյանին Բակունինը եւ որի մասին հիշատակություն կար նույնիսկ վերջինիս նամակներում: Նամակներում «Երկրագործություն»-ը ծածկագրված էր «Խոհարարական գիրք» բառերով: Քննիչ հանձնաժողովը պարզել էր, որ «խոհարարական» այդ գիրքն ունի «անբարեհույս» պարունակություն: Բայց չգիտեր եւ չիմացավ ամենաէականը, այն, որ Նալբանդյանն ինքն էր հենց գրքի հեղինակը՝ նրա շապկի վրա նշանակված Սիմեոն Մանիկյանը: Նալբանդյանին ուղ/508/ղած նամակներից մեկում Բակունինը գրում էր «Երկրագործության» մասին, թե «Брошюры Ваши я получил только на днях» եւ այլն: Քննիչները չանդրադարձան մեր ընդգծած բառին: Նրանք կա՛մ չէին կապակցել ընդգծված բառը «Խոհարարական գրքի» հետ, կա՛մ այնպես էին կարծել, թե դրանով նշվում է ոչ թե գրքի հեղինակը, այլ ստացողը:

Նալբանդյանի եւ «Լոնդոնի պրոպագանդիստների» իդեական-քաղաքական առնչությունը աներկբա դարձնելու համար այսօր իսկ չկա ավելի անմիջական ու շոշափելի աղբյուր, քան նրա «Երկրագործություն»-ը: Հռչակավոր այդ գրվածքն է հիմնականում, որ արտահայտում է հեղինակի վերաբերմունքը դեպի սոցիալ-տնտեսական ու քաղաքական այն ծրագրերն ու մտորումները, որոնք այդ պահին զբաղեցնում էին, մի կողմից, «Լոնդոնի պրոպագանդիստներին», մյուս կողմից՝ արեւելահայ եւ արեւմտահայ ազգային գործիչներին ու հրապարակագիրներին:

Այդ խնդիրները համակենտրոնանում էին հիմնական երկու հարցեր րի շուրջը. «ազգի» դիրքը հանդեպ կապիտալիզմի առհասարակ եւ ապա՝ «ազգի» ինքնապաշտպանությունը օտարերկրյա կապիտալիստների հանդեպ: Ելնելով ռեւոլյուցիոն դեմոկրատիայի ղեկավար դիրքերից` «Երկրագործության» հեղինակը լուսաբանում էր այս հարցերի մասին իր հայյացքները՝ նյութ ունենալով անմիջապես պոլսահայ Բարեգործականի շուրջը խմբված հասարակական-քաղաքական հոսանքներին զբաղեցրած` կոնկրետ հարցերը:

Սրանով էլ պայմանավորված է այդ աշխատության բովանդակությունն ու առերեւույթ մի հակասությունը: Մի կողմից՝ աչքի է ընկնում հեղինակի ռեւոլյուցիոն-դեմոկրատական կողմնորոշումը, կապիտալիզմի եւ եվրոպական «քաղաքակրթության» սոցիալիստ-ուտոպիստական նրա քննադատությունը, մյուս կողմից՝ «տնտեսական հեղափոխության» նրա պլատֆորմը, ուր հեղինակի նպատակն էր ընդհանուր թշնամու եվրոպական կապիտալի դեմ ապահովել լիբերալ-բուրժուական եւ ռեւոլյուցիոն-դեմոկրատական ուժերի համագործությունը, կամ ինչպես արտահայտվում էր հեղինակը՝ «հավասարակշիռ զորություն» ստեղծել այդ ուժերի միջեւ՝ «ազգային թշվառությունը» վերացնելու համար: Այլ խոսքով՝ հեղինակը տարբերանշում էր «Երկրագործության» լեգալ պլատֆորմը նրա սոցիալ-քաղաքական ծրագրից: Լեգալ պլատֆորմը տակտիկական մի ուղեգիծ էր, որ կիրառվելու էր քաղաքական ընդհատակյա աշխատանքի եւ զինված ապստամբության հետամուտ «Լոնդոնի պրոպագանդիստների» ընդհանուր ստրատեգիայի հետ շաղկապված: Այս հանգամանքի պիտի աչքի առաջ ունենալ միշտ՝ «Երկրագործության» գաղափարները` միասնաբար ընկալելու եւ ճշտորեն արժեքավորելու համար:

Նալբանդյանի սոցիալ-տնտեսական հայացքները սկսում են կազմավորվել տակավին «Հյուսիսափայլ»-ում զետեղված նրա հոդվածներում:

Անդրադառնալով Նոր-Նախիջեւանի տնտեսական կացությանը, 1859 թ. իր «Հիշատակարան»-ում Կոմս Էմմանուելը գրում էր. «Վաճառականությունը Նախիջեւանի մեջ որպես ամենայն տեղ հայերի մեջ՝ չունի եվրոպական բնավորություն… Չկան այդտեղ վաճառական ընկերությունք, մանավանդ հացեղեն ապրանքի, որով պարապողքը մեծ մասնով երեւելի արծաթագլխի տեր են: Այս վաճառականներից ոչ մինը չունի Եվրոպայում յուր համար գործակալ, եւ այդ պատճառով ապրանքի գինը Նախիջեւանի մեջ բարձրանում է եւ ցածրանում է նայելով եվրոպական վաճառական ընկերություններին եւ հաշվետներին, որ գտնվում են Նախիջեւանից կես ժամ հեռավորությամբ Ռոստով քաղաքի մեջ» [1]: Հեղինակը մատնանշում էր հացի այն հսկայական քանակը, որ արտահանում է Ռուսաստանը Դոնի վրայով: Վերացնելով երկրորդ եւ երրորդ միջնորդությունը, ասում էր նա, Ն. -Նախիջեւանում կազմվելիք հայ առեւտրական ընկերությունը կոչված է անմիջական միջնորդ լինելու ռուսաց երկրագործի եւ Եվրոպայի միջեւ: Հայ վաճառականի շահաստացությունը բարձրացնելու նպատակով նա առաջարկում էր անմիջական կապ հաստատել Եվրոպայի հետ, հաշվետու կամ գործակալ պահել գեթ Մարսեյլում: Այս՝ ոչ միայն հացեղենի, այլեւ երկաթի, յուղի եւ կաշվի արտածության համար:

Այս մտքերը շարադրելիս Նալբանդյանը տակավին հանդես չի գալիս որպես կապիտալիզմի քննադատ: Կապիտալիզմը նրա աչքում այդ պահին համազոր էր դեմոկրատ լուսավորիչների համար տենչալի «եվրոպական քաղաքակրթության»: Մերժել այն, կնշանակեր վերադառնալ դեպի պապենական անցյալը, դեպի նահապետական ու ասիական հետամնացությունը: Հրապարակախոսը անհաշտ կռիվ էր հայտարարել հետամնաց անցյալին եւ մտադիր չէր բնավ երես շուռ տալ այն ապագայից, որ գծագրում էր ազգի առաջ եվրոպական «քաղաքակրթությունը», «լուսավորությունը»— կապիտալիզմը: Նա ցանկանում էր միայն, որ հայ բուրժուազիան մտնի կապիտալիստական զարգացման ոլորտի մեջ կազմակերպված շարքերով եւ կարողանա օգտագործել Արեւմուտքի ու Ռուսաստանի միջեւ կատարվող ապրանքափոխանակությունը հօգուտ ազգի առաջադիմության:

1859 թ. «Մեռելահարցուկ»-ում Նալբանդյանը հրապարակ էր հանում՝ կապիտալի նախնական կուտակման կոնդոտիերներին՝ Հայկական ղանթարի տխուր ասպետներին: Ռուսահայ գրականության մեջ «Մեռելահարցուկ»-ը առաջին վեպն էր, որի հենքը կազմում է կապիտալի նախ/510/նական կուտակման շրջանի քաղքենի հասարակությունը, նրա վերն ու վարը, նրա ներքին հակասություններն ու բախումները: Պետական կապալներով հարստացող աղան, հանրային գումարներ գռփող երեցփոխը, ոսկի դիզելու մարմաջով տարված ալքիմիկն ու գրբացը վերապատկերված են այդ հասարակության արատավոր վերնատան մեջ: Հարստահարվող գործակատարն ու ծառան, չարքաշ ասլոուտի դատապարտված եւ նույնիսկ տերտերների ու երեցփոխների մեքենայությունները քննափետող ժամկոչը բնութագծված են նույն հասարակության ներքնատան մեջ: Պետական կապալների միջոցով, խաբկանքի ու կեղծիքի այլեւայլ հնարքով արծաթագլխի տեր դարձած Հովնաթանյանը՝ վեպի պերսոնաժներից մեկը, պատկանում է այն մարդկանց շարքին, որոնք, ինչպես ասում էր Գր. Զոհրապը, «գլուխ ըլլալե դադրած են ստամոքս դառնալու համար»: Պարարելով իր ստամոքսը, Հովնաթանյանը հռչակ է ստանում որպես ազգի բարերար, չնայած, որ ընդունակ էր երկու կոպեկի համար վաճառքի հանելու ոչ միայն ազգն ու ազգասիրությունը, այլեւ հարազատ հոր` ոսկորները: Կոմսի «Հիշատակարան»-ը բնորոշում էր «մեքենայական վաճառականության» սիստեմը, պատմելով իր մի հերոսի՝ Բեկզադեի, Հովնաթանյանի տարատեսակության, շահատակությունները [2]: Կոմսը ուրվանկարում էր խարդախ լումայափոխության եւ վաճառականական շառլատանության տիպականացված պատկերներ, որոնցով կանխում էր Սունդուկյանի եւ Րաֆֆու բնութագծած «մռայլ դասակարգի» գունեղ պերսոնաժներին:

Կրկնում ենք, այս մերկացումներով Նալբանդյանը տակավին չէր ծառանում կապիտալիզմի դեմ: Բուրժուայի դեմ վարած նրա պայքարի համատեղվում էր լիովին եվրոպական «քաղաքակրթության» համար նրա վարած պրոպագանդի հետ: Ավելի շուտ նա ըմբոստանում էր նախորդ տնտեսաձեւերից կապիտալիզմին ժառանգություն մնացած սոցիալական արատների, մասնավոր յուրացման արտատնտեսական գիշատիչ ձեւերի, քան իրեն՝ կապիտալիզմի ընդոծին արատների դեմ: Նալբանդյանը մերժում էր «սատանայական կանոնների» վրա հանգչող վաճառականություննը, մերկացնում եւ դատապարտում այն առեւտուրը, որ կատարվում էր՝ չարաշահությամբ ու մաքսանենգությամբ, կուտակում արծաթագլուխը՝ իբրեւ «արյունի գին», իբրեւ «մեծամեծ զրկողությունների» գին [3]: Դատապարտելով վաշխառությունը, զոշաքաղությունը, սրբապիղծ «աղավնեվաճառությունն ու լումայափոխությունը», նա «սուրբ» էր համարում արծաթագլխի կուտակումը, եթե այդ կատարվում էր «արդարությամբ եւ խղճ/511/մտանքով» [4]: Եվրոպայի երեւելի բանկերը ինչ պակաս արդյունաբեր կամ անբարոյական գործ են, որն եթե մեր հայերը եւս պարապելու լինեին այդ գործերով, արժանի էին դատապարտության», հարցնում էր Կոմսը եւ ինքն իսկ պատասխանում. «Մենք դատապարտելու չէինք հայոց ազգը, եթե նա եվրոպական կերպով աղավնեվաճառությամբ եւ լումայափոխությամբ պարապեր» [5]: Համաքաղաքացիների տնտեսական կյանքը բարեշտկելու մտայնությամբ մշակած իր ծրագրով հրապարակախոսը կամենում էր հայրենակից կապիտալիստներին մրցունակ դարձնել եվրոպական կապիտալիստներին: Նա դեմ չէր կապիտալիստական շահագործման հիմք կազմող վարձու աշխատանքի սկզբունքին: «Մշակությունը, ասում էր նա, - չքավոր մարդերի համար բավական օգտակար բան դարձավ վերջին ժամանակներում, երբ (Դոն) գետի ափում ամբարներ եւ նավահանդիստ շինվեցան, որովհետեւ մշակների ձեռքով լցվում էին ցորյան, ունդեղենք այն նավերի մեջ, որ մոտենում էին Նախիջեւանին» [6]:

Առեւտրա-արդյունաբերական ընկերություններ ստեղծելու միտք արծարծում էին տակավին հնդկահայ պարբերականներ՝ Գալստանյանի «Ուսումնասեր»-ը եւ Թաղիադյանի «Ազգասեր»-ը: Դեռեւս նշանավոր իր «Ճանապարհորդություն ի Հայս»-ում էր Թաղիադյանը առաջ քաշում այն դրույթը, թե «այս դար արվեստից դար է եւ ոչ թե բնության», շեշտելով, հատկապես, որ «արվեստից», այսինքն՝ արհեստագործություն եւ արդյունաբերություն զարգացնելու համար մինչ այժմ միայն մատակարարածի անմիջական յուրացմանը երկրպագու մեր հայրենակիցները նախատվյալներ ունին տնտեսական նոր, ինդուստրիալ կենցաղ ստեղծելու համար: «Ընդէ՞ր եւ ի սոյն արդեօք գերազանցել զփութասցուք: Այն ինչ այլք միայն արուեստ ունիլ կարեն եւ զնիւթ արուեստի յայլուստ հայթայթեն մեք գրեթէ զամենայն պատրաստի ունիմք յաշխարհի եւ ի տան մերում», գրում էր Թաղիադյանը: «Ազգասեր»-ի էջերից Թ. Խ. Ավետումյանն առաջարկում էր հայերի տնտեսական բարգավաճմանը առեւտրի եւ արհեստների կապիտալիստական զարգացմանը զարկ տալու համար հիմնել ընկերություններ [7]: Հիսարյանի «Բանասեր»-ը նշում էր առեւտրական, ուլսումնական եւ մարդասիրական ընկերությունների օգտակարությունն ազգի համար» [8]: Իր «Փորձական հոգեբանութեան» առաջաբանում Նազարյանցը ծառանում էր հայ վաճառականության մեջ տիրող այն առեւտրի դեմ, որը ամեն մի արժանավորություն չափում էր փողով, որին ամեն մեկը /512/ բերում էր իր սրտի ուխտն ու փափաքը: Հայ վաճառականները, ասում էր նա, լոկ միջնորդներ են, առնող-ծախողներ, զուրկ վաճառաշահ նյութերի գործարաններից: Հայերի մեջ չկան առեւտրական ընկերություններ, վաճառաշահ գործարաններ, որոնք հնար կարող էին տալ ներդնել միլիոններ եւ շահել միլիոններ [9]: Արծարծելով այս միտքը, Նազարյանցը գրում էր, թե ազգային վաճառականությունը հիմնվելու է «երկրագործական եւ բնության բերքերի պիտառության վերա, ուստի կարող են առաջանալ գործարանի եւ ֆաբրիկայի պատրաստելու զանազան ապրանք եւ վաճառական ընկերությունք» [10]:

Կոմսի «Հիշատակարան»-ում շարադրվում ու պաշտպանվում էին նույն այս մտքերը: Բայց դիտենք նաեւ էական այն տարբերությունը, որ տակավին այդ ժամանակ կար դեմոկրատ-լուսավորիչ Կոմսի եւ նրա լիբերալ նախորդների ու ժամանակակիցների միջեւ: «Հիշատակարան»-ի Հեղինակն արծարծում էր առեւտրական ընկերություններ կազմակերպելու միտքը, ելակետ ունենալով ոչ թե նորատիպ հայ առեւտրականարդյունաբերական բուրժուազիայի, այլ հայ «չքավոր մարդերի» շահը: Պայքարելով կապիտալի նախնական կուտակման ասպետների դեմ՝ նա հանձնարարում էր վաճառականական ընկերությունների գործունեությունը՝ որպես միջոց չքավոր մասսաների վիճակը բարվոքելու համար: Ավելի ուշ, 1862 թ., «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» աշխատության մեջ վերադառնալով վաճառականական ընկերություններ կազմակերպելու խնդրին՝ Նալբանդյանը դրա դրական լուծումը դարձնում էր ոչ միայն եվրոպական մենատիրության դեմ պայքարելու զենք, այլեւ կապիտալիզմի քննադատության եւ հայ կյանքի հասարակական-քաղաքական առկա ստրուկտուրայի ռեւոլյուցիոն-դեմոկրատական վերակազմության մեկնակետով:

«Հյուսիսափայլ»-ի էջերում Նալբանդյանի արտահայտած տնտեսական հայացքների ու «Երկրագործության» էջերում արծարծված մտքերի միջեւ կա սկզբունքային տարբերություն: 1858–59 թ. թ. հեղինակի ձեվակերպած տնտեսական հայացքների եւ 1862 թ. լույս տեսած «Երկրագործության» մեջ պարզ արտացոլված են Նալբանդյանի զարգացման երկու տարբեր էտապները: Եթե «Հիշատակարան»-ի հեղինակը, մտահոգված ազգի բարօրության խնդրով, առաջ էր քաշում վաճառականական ընկերությունների խնդիրը՝ հայրենի առեւտրա-վաշխառուական կապիտալի դեմ պայքարելու համար, «Երկրագործության» էջերում նա նշում էր «ազ/513/գային վաճառականություն» կազմակերպելու պլատֆորմ՝ հայ գյուղացիությանը եւ քաղքենի պլեբեյական մասսաներին եվրոպական կապիտալի ներխուժումից պաշտպանելու եւ միաժամանակ՝ կապիտալիզմին նոր տամայնակենցաղ ստեղծելու համար:

Վարձու աշխատանքի սիստեմը «Երկրագործության» հեղինակին չէր պատկերանում որպես հասարակական բարիք: Վարձու աշխատանքը ստրկության համազոր «ծառայություն» էր նրա համար՝ հավասար իրական ազատության ոչնչացման: Ծառայության այդ սիստեմը, ասում է «Երկրագործության» հեղինակը, տիրապետում է Եվրոպայում, ուր չի լուծված «մարդու եւ հացի» խնդիրը, ուր չկա մարդու իրական ազատություն, քանի որ ծառայության այդ սիստեմը օգտակար չէ բանվորին եւ անհամատեղելի է նրա նյութական բարեկեցության հետ: Բյուրավոր գործավորներ ապրում են Եվրոպայում կատարյալ թշվառության մեջ:

Որչափ Նալբանդյանը նպատակ էր դնում արեւմտյան կապիտալի եւ թյուրք բռնակալության դեմ ընդհանուր ֆրոնտ հարդարել արեւմտահայ դեմոկրատիայի եւ հայ ազգային վաճառականության միջեւ, «Երկրագործության» էջերում նա առաջին հերթին հակադրվում էր ֆեոդալական կալվածատիրությանն ու Արեւմուտքի կոմպրադորական կապիտալի տիրապետությանը:

Հետաքննելով կապիտալիստական հասարակության ծագումը՝ գյուղղացիների հողազրկման մեջ Մարքսը նշմարեց կապիտալի նախնական կուսոակման արտահայտություններից մեկը: Նալբանդյանը մոտենում էր կապիտալիստական հարաբերությունների ծագմանը հակադարձ տեսանկյունից: «Անգլիական ազգի այդչափ սարսափելի մեծությամբ վաճառականությունքը, ձեռագործությունքը, մեքենաները, գրում էր նա, հառաջանում են նորանից, որ հասարակ ժողովուրդը հող չունի: Որովհետեւ բնականը չկա, հարկը ստիպում է արհեստականով լցնել նորա պակասը» [11]:

Նալբանդյանի հայացքը համընկնում էր այն ըմբռնմանը, որ արծարծում էին նաեւ «Լոնդոնի պրոպագանդիստները»: «Տարօրինակ է, գրում էր Օգարյովը, որ լուրջ մարդիկ չեն կամենում ուշադրություն դարձնել այն բանի վրա, որ Եվրոպան կործանվում է ոչ թե ռեւոլյուցիացից եւ ոչ թե նապոլեոնիդներից, այլ մասնավոր հողատիրությունից»։ Արեւմտյան Եվրոպան «հանգել է հողային սեփականության, որից շնչաՏեղձ լինելով, նա չի կարողանում ազատվել» [12]:

/514/ Անգամ Անգլիայի գաղութային քաղաքականությունն այլ ինչ չէ, Նալբանդյանի համար, քան հողազրկության հետեւանք: «Անգլիական ազգի այն ահավոր գաղթականությունքը, Ամերիկա, Ավստրալիա, Հնդկաստան, զանազան կղզիներ, բնականապես եւ գլխավորաբար, հառաջանում են դարձյալ Բրիտանիո մեջ հասարակ ժողովրդի հող չունենալուց» [13]: Վաճառականությունը եւ մանուֆակտուրան ընդունելի են, եթե համատեղվում են համայնական հողատիրության հետ, ասում էր նա. «Վաճառականությունը եւ արվեստը անհրաժեշտ է եւ մեծապես պատճառ ազգի հարստության, բարօրության եւ երջանկության, եթե ազգի փոքրագույն մասը պարապում է նորանով, եթե մյուս մեծագույն մասը ամուր նստած է հողի վերա եւ գործում է նորան» [14]:

Հողը պիտի հանդիսանա գյուղական եւ քաղաքային համայնքների ընդհանուր սեփականությունը, այս է «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» աշխատության հիմնական դրույթը: Հեղինակը պաշտպանում էր հողային սեփականության մի սկզբունք, որը շատ լավ ծանոթ էր նրան իր հայրենի քաղաքի եւ նրա շրջակայքում գտնված հայ գյուղաքամայնքների համար սահմանված իրավական այն օրենքներից, որոնք խախտվում էին համայնքային հողերը մասնավոր սեփականություն դարձնելու հետամուտ հարուստ փոտորատերերի կողմից:

Ելնելով հողատիրական այդ նորմերից եւ դրանց դեմ արծարծված դասակարգային պայքարի փորձից՝ «Երկրագործության» հեղինակը «գողություն» է հռչակում հողի մասնավոր սեփականությունը: Նա մերժում է անաշխատ սեփականությունը, սեփականության ժառանգական, ֆեոդալական ինստիտուտը, հողատիրությունը։ «Սեփականությունը այն բանի, պարզաբանում է նա, որ առանց մեր աշխատության բնությունը դնում է մեր առաջ՝ գողություն է, ավազակություն եւ հափշտակություն, եթե մինը առնու հարյուրավոր, հազարավոր, իսկ մյուսը ամենեւին ոչինչ: Այլ խնդիր է աշխատությամբ ձեռ բերված այն բանը, որ բնությունը չէ պահում յուր գոգում , որ բնությունը չի պատրաստում անմիջապես, որ մարդը արվեստական ճանապարհով է պատրաստել եւ ի վերջո, որի արժեքը պայմանական է, մի խոսքով դրամը, որ մարդը վաստակել է: Բայց հողը նա չէ վաստակել, հողը նա չէ շինել, հողը բնությանն է» [15]: Գյուղի եւ քաղաքի յուրաքանչյուր բնակիչ հավասար չափով իրավունք պիտի ունենա «մշակելու եւ գործելու» համայնական սեփականություն կազմող իր հողաբաժինը, ասել է՝ բաժին պիտի ունենա համայնական սեփա/515/կանություն կազմող վարելահողից կամ, ինչպես ասում էր Նալբանդյանը, «դաշտային հողից»: Հողը, որպես բնակատեղի կամ որպես տնամերձ տնտեսության վայր «առտնին պարտեզի, անասնոց գոմի եւ այլ կարեւոր բաների հարկավոր եղած հողը», պիտի մնա մասնավոր սեփականություն, եւ որպես այդպիսին՝ առուծախի առարկա: Սակայն արգելված է խստիվ մնացած հողերի վաճառքը, որչափ դրանով կբացասվեր համայնական հողատիրության այն սկզբունքը, որի կիրառումը պիտի վերացներ աղքատության եւ թշվառության սկզբնապատճառը, լուծեր «տնտեսական խնդիրը», ճանապարհ հարթելով իսկական ազատության, հավասարության եւ եղբայրության առաջ:

Հակադրվելով արտադրության կապիտալիստական եղանակին, Նալբանդյանը դրվատում է համայնական հողատիրության վրա հիմնված գյուղացիական մանր արտադրության սիստեմը: «Երկրագործը ունի հիմք, նա ունի հող, նորա ձեռքում կան նյութ (իմա՝ մասնավոր արտադրամիջոցներ, Ա. Հ. ) որ ասել է ուժ եւ կարողություն դրամի համազոր, բայց երբ նա թողեց երկիրը եւ գնաց քաղաք, այնտեղ ոչ հողը կա եւ ոչ նյութը. նա տարավ յուր հետ միմիայն աշխատությունը, այսինքն, յուր երկու ձեռքը: Աշխատությունը առանց նյութի եւ առանց հիմքի, հասարակաց վերաբերությամբ, չունի՞ այն ուժը եւ զորությունը, ինչ որ ունի աշխատությունը, երբ նորա հետ զուգընթաց է նյութը, երբ այդ բոլորը հաստատած է հիմքի վերա» [16]:

Հայաստանի տնտեսության հիմքը Նալբանդյանը նշմարում էր համայնական հողատիրության վրա կառուցված գյուղական մանր արտադրության եւ դրա հետ կապված քաղաքային մանր արհեստագործոթյան մեջ:

Մերկացնելով ֆրանսիական բուրժուական ռեւոլյուցիայի բանակ լոզունգները՝ նա հարց էր տալիս. «Ազա՞տ եմ ես, միմիայն օրենքով, քաղաքականապես ազատ կոչվելով, ազա՞տ եմ ես, քանի որ նյութական կարոտությունը ստիպում է ինձ, կամա-ակամա, մի ուրիշին ստրկանալ, ուրիշին ծառայել եւ այդ ծառայությամբ հաց ճարել իմ ընտանիքի համար: Ազա՞տ եմ ես, եթե տեր ունիմ, որին եթե իմ ազատությունը հայտնեմ բացարձակապես, պիտի զրկեմ ապրուստից եւ ինձ, եւ իմ ընտանիքս, ծառա լինելուց դադարելով, եւ այս բոլորից հետո ազա՞տ եմ ես… երեվակայության մեջ, թե՞ օդի մեջ» [17]: Կարո՞ղ է կառավարվել աշխարհը, հարցնում է Նալբանդյանը, եթե չլինի նյութի եւ աշխատության փոխադարձ հատուցում, այսինքն՝ եթե լինի այն, ինչ կազմում է կապիտալիզ/516/մի ձեւական հիմքը, ուր մասնավոր սեփականությունը կազմող նյութը «փոխհատուցման» մեջ է հասարակական արտադրությանը լծված «աշխատանքի» հետ: «Ես մտածում եմ, պատասխանում է Նալբանդյանը, որ կարող է եւ մանավանդ երջանիկ, եթե աշխատությունը բռնադատական չէ, այլ կամայական, եթե նա աշխատություն է եւ ոչ ծառայություն, եթե մարդկային իրավունքները անխտիր հավասարաչափ են եւ ոչ մինինը ավելի իսկ մյուսինը՝ պակաս» [18]:

Ըստ էության, այս տողերի մեջ ընդելուզված է արդեն կապիտալիստական կարգերի սկզբունքային քննադատությունը եւ սոցիալիզմի սկըզբունքային հակադրումը կապիտալիզմին: Նալբանդյանն ազատ չի համարում բանվորին, քանի դեռ նրա ազատությունը սահմանափակվում է միայն իր ձեռքը վարձու աշխատանքի համար վաճառքի հանելու իրավունքով: Անազատ այդ բանվորի վիճակին է դատապարտված, մասնավորապես, արեւմտահայ պանդուխտը, ասում էր նա: «Աղքատությունը ստիպում է նորան թողուլ յուր տունը, յուր ընտանիքը, յուր ամուսինը, յուր զավակները եւ գնալ Պոլիս կամ այլ քաղաք, աղքատութենից ազատվելու համար: Բայց այդ տեղերում եւս նորան հանդես է գալիս էապես նույն աղքատությունը, գուցե մի փոքր քաղաքային ամոք կերպարանքով…» [19]: Նալբանդյանը չի հավատում բուրժուազիայի սահմանած «հավասարությանը», «քանի որ հավասարությունը, իբրեւ լոկ խոսք, հնչում է միայն օդի մեջ, եւ քանի որ իրական անհավասարության հետեւանքը շինում է ինձ ազատ-ստրուկ» [20]:

Դատապարտելով կապիտալիզմը՝ հեղինակը կառչում է համայնական հողատիրության համադարմանին: Դա է այն բանալին, որով կարող են բացվել ազատության, հավասարության եւ եղբայրության փակված դռները, ասում է նա: «Բաժին տուր ինձ քո հողից, այն ժամանակ ես չեմ աշխատելու բռնի. ես կզգամ ինձ ազատ, մեր իրավունքները կհավասարվեն եւ ճշգրիտ եղբայրություն երեւան կելնե» [21], գրում է Նալբանդյանը:

Համայնական հողատիրությունը նա համարում էր գյուղացիական հարցի լուծման միջոց, կապիտալիզմի առաջացրած անհավասարության, հարստահարության եւ պաուպերիզմի հաղթահարման կտրուկ զենք:

Համայնական հողատիրության կենսագործելիք ազատության, հավասարության եւ եղբայրության հեռանկարով Նալբանդյանը դրսեւորում /517/ էր, մի կողմից, իր քարոզած սոցիալիզմի ուտոպիզմը, մյուս կողմից՝ իր ռեւոլյուցիոն դիրքավորումը: «Մանր արտադրողներին հավասարության գաղափարը, գրում էր Լենինը 1907 թ. «Ռուսական ռեւոլյուցիայի ուժն ու թուլությունը» հոդվածում, հետադիմական է որպես սոցիալիստական ռեւոլյուցիայի խնդիրների լուծումը անցյալում եւ ոչ թե ապագայում՝ փնտրելու մի փորձ… Բայց հավասարության նույն այդ գաղափարը բուրժուական-դեմոկրատական խնդիրների ամենալրիվ, հետեւողական եւ վրճռական արտահայտությունն է… Հավասարության գաղափարն ամենից ամբողջականորեն է արտահայտում պայքարը ճորտատիրության բոլոր մնացուկների դեմ, պայքարն ապրանքային արտադրության ամենալայն եւ ամենաանխառն զարգացման համար» [22]: ««Հողի իրավունքի» եւ «հողի հավասար բաժանքի» գաղափարը, նշում է Լենինը մի այլ տեղ, ոչ այլ ինչ է, եթե ոչ կալվածատիրական իշխանության լիակատար տապալման համար կալվածատիրական հողատիրության լիակատար ոչնչացման համար պայքարող գյուղացիների կողմից հավասարության նկատմամբ ցուցաբերվող ռեւոլյուցիոն ձգտումների ձեւակերպումը» [23]: Նալբանդյանի քարոզած հավասար հողօգտագործման պահանջը ռեգրեսիվ պահանջ է խոշոր, համայնացված արտադրության վրա հենված սոցիալիստական ռեւոլյուցիայի տեսակետից, սակայն նա հանդիսանում է պրոգրեսիվ պահանջ բուրժուական ռեւոլյուցիայի տեսակետից:

Հրապարակախոսն ահազանգում էր «հասարակ ժողովրդի» պրոլետաիրացման վտանգը. «Այն աշխարհում, որ հասարակ ժողովուրդը հող չունի, ուր չէ կարող երկրագործությամբ ապրիլ, նա կենտրոնանում է քաղաքներում եւ մայրաքաղաքներում, եւ այս կենտրոնացման չափով սաստկանում է թանկությունը, ուրեմն եւ աղքատությունը» [24]: Նալբանդյանին սարսափ էր ազդում ոչ միայն այն աղքատությունը, որ բերում էր ժողովրրդի համար կապիտալիզմը, այլեւ սրանից ծայր առնող բարոյական ախտերը: Տակավին Կոմս Էմմանուելի «Հիշատակարան»-ում եւ «Մեռելահարցուկ»-ում էր նա ուրվանկարում մարդու եւ ազգության բարոյականը դիմազրկող ու կազմալուծող բազմաթիվ այն երեւույթները, որոնք առաջանում են «մեքենայական վաճառականության» եվրոպական սիստեմից։ Պոլսահայ թատրոնին նվիրած իր ճառում նա խոսում է արդեն այն մասին, որ հայերի ընտանեկան կյանքը կարող է խեղճությունից թշվառության փոխվել, «եթե եվրոպական ընտանեկան բարքի զեխությունքի եւ ավերանքը, որպես քաղաքակրթության հատկությունք, պատվաստվին Հայկական ընտանիքի վերա»: Հրապարակախոսը մտահոգվում է այն մա/518/սին, որ հայերը խուսափեն այն ժայռերից, «ուր գահավեժ ընկավ ֆրանսիական ընտանեկան կյանքը» [25]:

Ուսումնասիրելով կապիտալիստական աշխարհում կատարվող հանցագործությունների ստատիստիկան ու տարեգրությունները՝ «Սոս եւ Վարդիթեր»-ի կրիտիկայում Նալբանդյանը գոհ էր, որ հայ ազգը ազատ է գեթ այդ խոցերից: «Երկրագործության» մեջ նա նպատակ ունի կանխել բարոյական այն ախտերը, որ սպառնում էին հայ ընտանիքին եւ հայ ազգությանը՝ կապիտալիզմը հայ աշխարհում արմատավորելու դեպքում։ Պրոլետարիատի առաջացումը նա բնութագրում է սոսկ որպես աղքատության աղբյուր: Պրոլետարիատը, իբրեւ «սոսկալի փոթորկով» ծնվող հասարակարդի դայակ, իբրեւ կապիտալիստական հասարակարգի առաջատար ուժ, իբրեւ սոցիալիստական ռեւոլյուցիայի դրոշակակիր գիտական սոցիալիզմի այս պատկերացումներին Նալբանդյանն անհաղորդ էր միանգամայն::

Մասնավորելով իր միտքը արեւմտահայ քայքայվող մանր արտադրող - ների ու մանր տնտեսատերերի վրա, նա գրում էր. «Մեր քարոզության նպատակը եւ մեր աշխատության խորհուրդն այն է միայն, որ ազգը մտածե յուր ապագան եւ ազատե յուր անձը սարսափելի նեղութենից եւ աղքատութենից, որ եթե ոչ այսօր, վաղը պիտի թագավորել բոլոր Թյուրքիո մեջ» [26]:

Նալբանդյանը նկարագրում է հայրենի գյուղից հալածված եւ դեպի Պոլիս ու առափնյա այլ քաղաքներ պանդխտող հայ մասսաների վիճակը, թյուրք բարբարոս ռեժիմի եւ արտասահմանյան կապիտուլյացիաների պատճառով Արեւմտահայաստանում ծավալված հարստահարումների այն պրոցեսը, որ առաջնորդում է հայ ժողովրդական մասսաներին դեպի տընտեսական քայքայում: Նրան զբաղեցնում է, մասնավորապես, հայ վաճառականությունը, որ հավասարապես տուժում էր թե՛ շուկայի հարափոփոխ կացության եւ թե՛ երկրի տնտեսական-քաղաքական ռեժիմի բերումով: Նալբանդյանի նկարագրածով՝ ոչ միայն մանր վաճառականի, այլեւ եվրոպական գործարանատերերից ու հողի մոնոպոլիստներից կախում ունեցող հայ մանուֆակտուրիստների եւ մեքենական վաճառականությամբ» զբաղվողների վիճակը տարբեր չէ վարձու մշակների վիճակից: «Վաճառականների մի մասը, ուղղակի, վարձկան է գործարանատերերին, իսկ մյուս մասը, գործարանատերերի հետ միասին, վարձկան այն վերասած մոնոպոլիստների, որոնց մոտ կենտրոնացած է դրամական ուժը: Ուր որ է դրական զորությունը, այնտեղ է եւ դրական շահը: Մյուս /519/ բոլորը, որ ինքյանք զորություն չունենալով պիտի ուրիշ զորությամբ շարժին, վարձկան են այդ զորության: Նոցա շահն այն է, որ հազիվ հազ ապրում են, բայց նոցա կյանքը զոհված է զորության շահին» [27]: Այս դրությունից գաղութահայ ժողովրդի համար նա չի տեսնում այլ փրկում, քան վերադարձ դեպի երկրագործությունը: «Ազգը, լավ ու վատ, փորձեց մինչեւ այժմ վաճառականությունը, նա փորձեց եւ վարձկանությունը, եւ մշակությունը. սոցանից հետեւեցավ նորա կյանքի ավերանքը, որի տակ այսօր ճնշվում է միջաբեկ: Հիմնական եւ խելացի հնարը փրկության ուրիշ բան չէր կարող լինել, եթե ոչ դառնալ յուր նախկին կացությանը: Հողը եւ երկրագործությունը կարող են նորան փրկել» [28]: Ավելի ճիշտ՝ «ազգի մեծագույն մասը երկրագործ լինի, իսկ փոքրագույնը՝ երկրագործի դուրս բերած արդյունքը մշակող եւ վաճառող, որ զուգակշիռը պահվի եւ աղքատությունը տարագիր գնա» [29]: Կամ ավելի կոնկրետ՝ «Այն ժողովուրդը, որ դուրս չէ եկել յուր պատմական աշխարհից, թող եւ չշարժի, մեք ընդդեմ ենք գաղթականության եւ գաղթականությունը չէ մեր քարոզածը, իսկ այն մասը, որ դուրս է յուր աշխարհից, ասել է թե գտնվում է գաղթականության եւ պանդխտության մեջ, նորան հրավիրում ենք վերադառնալ, մանավանդ Փոքր Ասիա, որ ավելի հրապուրիչ է յուր ծովեզրյա դրությամբ» [30]:

Ընդառաջելով Պոլսի Բարեգործականին՝ Նալբանդյանն առայժմ չէր կենտրոնացնում իր հայացքը հայերի «պատմական աշխարհի»՝ Արեւելյան Անատոլիայի հայկական բարձրավանդակի, այլ ծովահայաց Փոքր Ասիայի «հրապուրիչ» Կիլիկիայի վրա: Վերջ գաղթականության, վերադարձ դեպի գյուղ— ահա համադարմանը, ահա «տնտեսական հեղափոխության» նախապայմանը: «Մինչեւ ազգը չկոտրե այս ուղղությունը, մինչեւ որ նա չկատարել մի տնտեսական հեղափոխություն, յուր մինչեւ այսօր բռնած ընթացքի մեջ, եւ մինչեւ չդիմել դեպի բնության գոգը, հառաջադիմությունը աներեւակայելի է» [31]:

Կարող է թվալ, թե այս քարոզությամբ Նալբանդյանի «տնտեսական հեղափոխությունը» հանգում է տնտեսական հետաշարժության՝ ձգտելով վերականգնել գյուղի վաղնջական, նատուրալ-տնտեսական՝ ռուսսոյական իդիլիան, կամ կարող է կարծիք լինել, թե համարելով հողային համայնքը որպես համադարման կապիտալիզմի դեմ՝ Նալբանդյանն «առաջարկում էր համայնական հողատիրության հիման վրա դիմել անմի/520/ջապես սոցիալիստական տնտեսության կազմակերպման: Նալբանդյանի առաջարկած «տնտեսական հեղափոխությունը» հեռու էր այս ամենից: Նալբանդյանի քարոզած տնտեսական սիստեմը հիմնված է ապրանքաարտադրության եւ ապրանքափոխանակության վրա: Հայ վաճառականությունը պիտի վերածվի «ազգային վաճառականության»՝ հիմնված, գլխավորապես, տեղական բնական բերքերի ծառաջածության (Սըվաճյանի բնորոշ տերմինը, Ա. Հ. ) եւ երկրագործության արդյունքների վաճառահանման վրա՝ միջնորդ դառնալով «հայոց ընդհանրության եւ Եվրոպիո մեջ» [32]:

Նյութական ի՞նչ միջոցներով պիտի գլուխ գար Նալբանդյանի նախաղծած «հեղափոխությունը»: Ո՞վ պիտի արտադրական միջոցներ կամ համապատասխան վարկ տար չքավոր հայ գյուղացիներին եւ քաղաք գաղթած հայ պանդուխտներին՝ գյուղ վերադառնալու եւ քայքայված երկրագործությունը ոտքի վրա դնելու համար, անգամ եթե ենթադրենք, թե նրանք արդեն տեր էին դարձել համայնական հողերին: Նալբանդյանը զգում էր այս հարցի հնարավորությունը եւ ինքն իսկ շտապում էր տալ դրա պատասխանը:

«Բայց խնդիրն այստեղ է, գրում էր նա, թե ո՞վ տա երկրագործին այն դրամը, որ հարկավոր է նորա լքյալ բազուկները զորացնելու համար: Վաճառականը կամ փոքրիշատե կարողության տեր մարդը, պատասխանում ենք մենք: Վաճառականը ո՞չ ապաքեն դրամ է տալիս յուր վաճառելի ապրանքը ձեռք բերելու համար: Ո՞չ ապաքեն ունի մի քանի փարա, որի շրջանառությամբ ապրում է նա եւ նորա ընտանիքը: Կարողության տեր մարդը ո՞չ ապաքեն յուր արծաթը դնում է սեղանավորի մոտ կամ տալիս է մասնավոր մարդերի՝ տոկոս ստանալու ակնկալությամբ: Վաճառականը փոխանակ Եվրոպայի ձեռագործքը գնելու եւ փոխանակ պատահարների ձեռքում խաղալիք դառնալու, կարող է ամենայն վստահությամբ հում նյութեր առնուլ հայ երկրագործից, ապրանք ապսպըրել նորան, մանր-մունր գումարներ տալ առաջուց այս եւ այն շինականին եւ հունձից հետո ապրանք ստանալու փոխարեն» [33]: Այդ նպատակով հիմնվելու են հատուկ ընկերություններ, որոնց միջոցով հայ վաճառականները պիտի դառնան հայ մանր արտադրողների գյուղատնտեսական արտադրանքի վաճառահանողներ [34]:

Կարծում ենք, որ գյուղատնտեսական վարկի խնդիրը Նալբանդյանն առաջ էր քաշում ազդված այն մտքերից, որ նույն այդ պահին առաջ էր քաշում Օգարյովը: Քննադատելով ցարական Ռուսաստանի պետական /521/ բանկերի դասային քաղաքականությունը՝ ճորտատիրությունից ազատագրվելիք Ռուսաստանի համար Օգարյովը ծրագրում էր ակցիոներական, «ժողովրդական» բանկեր կազմակերպել: Նա համոզված էր, թե բացարկելով գյուղացիների կեղեքումը, այդ բանկերը պիտի կյանքի կոչեն ոչ թե «կապիտալիստների նոր կաստային», այլ «ժողովրդին», «հասարակայնությանը» [35]:

Նալբանդյանի մոտ վարկային ընկերությունները զարկ են տալու նաեւ գյուղատնտեսական արտադրությանը: Այստեղ խոսքը միայն մանը գյուղատնտեսության մասին չէ, այլեւ մեքենական արտադրության վրա հիմնված խոշոր գյուղատնտեսության:

«Մինչեւ այժմ, գրում էր Նալբանդյանը, հայոց ազգի մեջ խախուտ եւ անհիմն վաճառականության խորհուրդով հիմնվեցան մեծ կամ փոքր ընկերություններ, նորանցից ոմանք ընկան դեպքերի հարվածի տակ, ոմանք տեւում են կիսամեռ, բայց մինչեւ այժմ չերեւեցավ եւ ո՛չ մի ընկերություն, որ պարապեր երկրագործության եւ երկրագործական բերքերի մշակության, մինչեւ այժմ չերեւեցավ մի ընկերություն ազգային վաճառականության» [36]:

«Եվ միայն հում բերքերը չեն, պարզաբանում էր Նալբանդյանը, որ կարող են գրավել հայ վաճառականի գործունեությունը. այդ բերքերի մշակության մի լա՜յն հանդես, մի բնակա՜ն ասպարեզ այն ժրաջան եւ գործունյա մարդերի համար, որ ստուգապես կամին պարապել վաճառականության: Նույն այն գործարանքը, նույն այն մեքենաները, որ կարող էին ներգործել Եվրոպայի մեջ, ծանր պայմանների տակ, կարող են ներգործել եւ Ասիո մեջ, ուր կյանքի պիտույքը, պարզությունը եւ այլ բնական հանգամանքները ավելի դյուրություն կարող են տալ այսպիսի ձեռնարկությանց» [37]: Նալբանդյանը մատնանշում էր երկրի ինդուստրացման տնտեսական նախադրյալները, ցույց էր տալիս դրա բնական հնարավորությունը, ամենից առաջ՝ «սպիտակ ածուխի» այն ուժը, որ առատորեն տրամադրում է Ասիան: «Շատ մեքենայք, որ Եվրոպայի մեջ ներգործում՝ են կրակի եւ շոգու զորությամբ, Ասիո պարզության մեջ կարո՛ղ են ներգործել սարերից կատաղաբար վազած ջրերով, որի համար հարկավոր՝ չէ վատնել այն դրամը, ինչ որ եվրոպացին վատնում է ածուխի եւ փայտի համար: Եվ այն ապրանքը, որի հում նյութը, շատ անգամ Ասիայից երթալով Եվրոպա եւ պատրաստվելով այնտեղ դառնում է դարձյալ Ասիա, /522/ անցնելով մի քանի ձեռքերից, նույնը, ավելի արժան եւ նույն որակությամբ, կարող է պատրաստվիլ Ասիո մեջ» [38]:

Նալբանդյանը նախագծում էր «տնտեսական հեղափոխության» այս ծրագիրը, ելնելով Հայաստանի գյուղացիության եւ դրա հետ կապված քաղաքային մանր արտադրողների շահերից: Նա խնդիր էր դնում ազատարագրել հայ մանր տնտեսատերերին եւ ձեռնարկողներին եվրոպական կապիտալից ու սրա հայ հանձնակատարներից: Նա շոշափում էր ռեալ հնարավորություններ՝ միազոդելու հայ մանր արտադրողների եւ ազգային խոշոր վաճառականության ու արդյունաբերության տնտեսական շահերը: «Մանր վաճառականը, գրում էր նա, յուր ընթացքի մեջ կարոտ է մեծ վաճառականին, զանազան միջնորդական տուների, գործարանների եւ ի վերջո դրամագլխի տեր մարդոց. իսկ այն օրից, երբ նա թողեց նորանց եւ դեմք դարձուց դեպի բնության հյուրընկալ գիրկը, հարաբերությունքը փոխվում են, ե՛ւ միջնորդը, եւ մեծ վաճառականը, ե՛ւ գործարանը, ե՛ւ մյուսը, ե՛ւ մյուսը, կարոտ կլինին նորան: Ուժը կանցնե նորա ձեռք…» [39]:

Ցանելու եւ մշակելու համար տրամադրելի հողային ամբողջ ֆոնդի Նալբանդյանը չի հատկացնում միայն գյուղաբնակչությանը. ցանելու եւ մշակելու հողային ֆոնդ պիտի ունենա նաեւ քաղաքաբնակչությունը: «Գեղի եւ քաղաքի յուրաքանչյուր անդամը, գրում էր նա, հավասար չափով իրավունք պիտի ունենա մի որոշյալ քանակություն հող մշակելու եւ գործելու: Եվ այս իրավունքը պիտի տեւե այնքան, որքան նա, կամ նորա սերունդը պիտի բնակվի այն հողի վերա… Եվ եթե դու, լինելով քաղաքացի, զբաղված լինելով վաճառականությամբ կամ այլ գործերով, չկամիս կամ ձեռնահաս չես քո բաժին ընկած հողը մշակելու, կամ մարդիկ վարձելով մշակել տալու, այդպիսի դիպվածում կարող ես վարձու տալ եւ այդ կերպով օգուտ քաղել քո հողից» [40]: Խստիվ արգելված է միայն հատկացված հողամասի վաճառումը, քանի որ, համոզված էր Նալբանդյանը, այլապես դա կարող էր պատճառ դառնալ հողերի համակենտրոնացման եւ աղբյուր դառնալ հողազուրկ մասսաների թշվառության: «Հողը, հարում էր Նալբանդյանը, պատկանում է հասարակության, որի ամեն մի անդամ հավասար իրավունք ունի հավասար քանակության վերա, հավիտյանս ժամանակների. եւ մի կողմից վաճառելու իրավունք չունենալով, իսկ, մյուս կողմից, առանց արգելքի հողը գործելու եւ արդյունավորելու իրավունքը անկողոպտելի պահելով, այդ հասարակության անդամը եւ նորա սերունդը հաստատում է յուր կյանքը մի ամուր եւ ապա/523/հով հիմքի վերա. եւ անհնար է, որ նա կամ աղքատության հանդիպի կամ սպառ կարոտ մնա» [41]:

  «Երկրագործության» հարթուկած «ճանապարհը», Նալբանդյանի կարծիքով, անմիջորեն զարկ պիտի տար ազգի մեջ փողի եւ ապրանքի լայն շրջանառությանը: Ոչ միայն թշվառության մատնված մասսաների դրությունն է, որ բարվոքվելու էր այդ ճանապարհով, այլեւ ունեւորների՝ «ազգային վաճառականության», ազգի «ընդհանրության» ձեռքը տալով դրամի իշխանությունը: «Ընդհանրությունը կապահովվի, գրում էր Նալբանդյանը, քանզի զորությունը կգրավե յուր կողմը, քանզի Եվրոպան կարոտ է նորան, քանզի բերքերը դուրս տալով՝ յուր մեջ պիտի դարձնե դրամի շրջանառությունը» [42]: Եվ ապա՝ «Այս ճանապարհով միայն դրամի շրջանառությունը կմտնի ազգի մեջ, այս ճանապարհով միայն ազգը կարող է բարվոքել յուր տնտեսական վիճակը, այս ճանապարհով նյութական ուժը կանցնե ազգի ձեռքը. ազգը կզորանա, եւ երկրագործը, եւ վաճառականը, եւ կարողության տեր մարդը օրըստօրե կհարստանա: Զուգահեռաբար սորա հետ կյլայնանա եւ նոցա գործունեության ասպարեզը: Եվ որքան ասպարեզը լայնանա, այնքան շահը եւ հարաբերությունը կլայնանա եւ որքան շահը եւ գործունեությունն աճի, այնքան եւ ասպարեզը կտարածվի» [43]:

Որքա՞ն իրական են Նալբանդյանի այս հավաստիացումները, ան400 մ՝ եթե հնարավոր համարենք նրա առաջարկությունների իրագործումը:

Նկատենք, որ հակադրվելով եվրոպական կապիտալին՝ Նալբանդյանի ծրագիրը ոչ միայն չի դիմադրում Թյուրքիայի կամ նրա հայաբնակ գավառների արտադրական ուժերի կապիտալիստական շահագործմանը, մայլեւ մեծապես ընդառաջում է դրան: Եվրոպական կապիտալի եւ նրան սպասարկող արեւմտահայ բուրժուազիայի տեղը պիտի գրավեր «ազգային վաճառականությունը», Եվրոպայի ազդեցությունից ճողոպրած արեւմտաՀայ կապիտալիստական բուրժուազիան: Գլուխ գալու դեպքում Նալթանդյանի ծրագիրը պիտի, հարկավ, նպաստեր արեւմտահայ բուրժուազիայի ազգային կոնսոլիդացմանը եւ արեւմտահայ ազգային ճակատի ու ազգային-քաղաքական շարժման զորեղացմանը:

Ի՞նչ շահ կարող էին ունենալ «ազգային վաճառականությունից» արեւմտահայ մանր արտադրողները, արեւմտահայ հասարակ ժողովուրդը: Ազատվելով եվրոպական հարվածներից, ազգային վարկի միջոցով իրենց արտադրանքները վաճառքի հանելու դյուրություն ստացած հայ մանրարտադրողները մի առ ժամանակ կարող են գուցե համեմատաբար բարվոք վիճակի մեջ զգալ իրենց: Սակայն կապիտալիզմը, անկախ նրանից, /524/ թե ինչ ծագում ունի նա կամ ինչպես է կազմակերպված, ունի զարգացման իր օրինաչափությունները, որոնց դեմ անզոր պիտի հանդիսանային վերը թվարկված միջոցառումները: Հողային կապալի, վարկի եւ բանվորական ուժի օգտագործման սիստեմը ոչ թե պիտի խափաներ, այլ հարթեր հայ գյուղի զարգացման կապիտալիստական ուղին: Ինչպես ցույց տվեց Ռուսաստանի օրինակը, համայնքային հողատիրությունը սանձ չդրեց կապիտալիզմի երախին, չխափանեց նրա առաջացրած սոցիալական շերտավորումները: Համայնապատկան ֆոնդերից մեծապես օգտվում էին լծկան, ինվենտար եւ սերմացու ունեցող համայնականները, այսինքն՝ ունեւորներն ու կուլակները: Արտադրամիջոցներից զուրկ աղքատ գյուղացիներն իրենց հողաբաժինները հարուստ գյուղացիներին էին տալիս եւ դատապարտվում բատրակության վիճակի: Գյուղական համայնքը դառնում էր շահագործման վարագույր՝ կուլակների համար կամ սոսկ հարկման գործիք՝ ցարական չինովնիկների ձեռքում:

«Երկրագործություն»-ը գրելու պահին Նալբանդյանի տեսած Երեւանի նահանգի հայ գյուղերում հիմնականում իշխում էր հենց հողատիրության համայնքային սիստեմ. սակայն դրանով չէր վերանում գյուղի շահագործումը կալվածատերերի եւ առեւտրական-վաշխառուական կապիտալիստների ձեռքով: Տնտեսական զարգացման ընթացքը ոչ թե ամրացնելու, այլ քայքայելու էր նույնիսկ համայնքային հողատիրությունը, այն հիմքը, որի վրա «Երկրագործության» հեղինակը կառուցում էր «տնտեսական հեղափոխության» հեռանկարներ:

Այս ամենից պիտի հետեւեցնել, ուրեմն, որ «Երկրագործության» էգալիտարիստական ուտոպիան, անգամ եթե հնարավոր դառնար նրա լիակատար իրագործումը, չպիտի կարողանար խուսափել Արեւմուտքի «ծուռ ճանապարհից»: Անհնարին պիտի լիներ վերացնել այն չարիքը, որի դեմ ծառանում էր գրքի հեղինակը՝ մասսայական թշվառությունը, մանր արտադրողների տնտեսական եւ սոցիալական քայքայումը:

Միայն կապիտալիզմի ծագման ու զարգացման ընթացքով պայմանավորված ալրոլետարիատի առաջացումը կարող էր պատմական հեռանկարներ ստեղծել կապիտալիզմի առաջացրած չարիքների վերացման եւ կապիտալիզմի ընդերքում զարգացած արտադրողական ուժերի վրա հենված նոր, սոցիալիստական արտադրաձեւի համար: Գյուղի արտադրական մակարդակը բարձրացնելու եւ մասսաների վիճակը պլանաչափ բարելավելու համար գյուղական աշխատավորությանը վարկ ու մեքենաներ կարող է տալ միայն բանվոր դասակարգը: Հայաստանի գյուղի եւ քաղաքի աշխատավորները կարող էին գտնել իրենց ազատագրման ստույգ հեռանկարները միայն պրոլետարիատի զինակցությամբ:

Նալբանդյանը շարունակ աչքի առաջ ուներ հայ «հասարակ ժողովրդ/525/դին», նրա ընթացիկ վիճակը, նրան սպառնացող ապագան: Նա նշմարում էր «հասարակ ժողովրդի» պրոլետարականացման հնարավորությունը։ Սակայն ընկալելով այդ հեռանկարը սոսկ որպես սոցիալական չարիք՝ նա անկարող գտնվեց գիտակցելու կապիտալիզմին վերապահված դերը:

Նալբանդյանի «տնտեսական հեղափոխության» պլատֆորմն ընդառաջում էր անմիջապես մանր արտադրողների տնտեսական անկախության համար նյութական «հավասարակշիռ զորություն» ստեղծելու մտայնությանը: Բայց հնարավո՞ր էր ամրացնել մանր արտադրողների սոնտեսապես խախտված դիրքը, հնարավո՞ր էր այդ նպատակով ծրագրվող «տնտեսական հեղափոխությունը», առանց քաղաքական պայքարի եւ առանց մանր արտադրողի համար քաղաքական դիրքի ամրակայացման։ Ուղղակի պատասխան այդ հարցերին «Երկրագործության» հեղինակը չի տալիս: Դա հիմք չպիտի տա կարծելու, թե նա չէր էլ ըմբռնել խնդրի քաղաքական կողմը, կամ որ նա չուներ քաղաքական իշխանություն նվաճելու հեռանկարը: Ճիշտ է, որ Նալբանդյանը չէր հավատում քաղաքական ազատության, եթե չկա տնտեսական ազատություն, եթե բացակայում են քաղաքական իշխանության տնտեսական նեցուկն ու երաշխիքը: Նշանակո՞ւմ էր այդ, թե նա չէր հասկանում քաղաքական իշխանության, քաղաքական ազատության արժեքը ազգի բազմության համար: Ոչ, իհարկե: Պայքարելով շահագործող դասակարգերի դեմ, նա պիտի պայքարեր նաեւ նրանց սպասարկող պետական իշխանությունների դեմ: Այդ մի պայքար էր «Հին օրերից մնացած ավանդական կառավարությանց» դեմ, որոնք պետությանը, կալվածատերերին կամ դրամատերերին սեփականելով հողը՝ հասարակ ժողովրդին զրկում էին հողից [44]: Նալբանդյանը պայքարում էր պետական այն սիստեմների դեմ, որոնք հակադրվում էին հասարակ ժողովրդի շահերին. «բայց հարկավոր է իմանալ, գրում էր նա, որ տերությանց շահը, ազգի շահի հետ բնավ վերաբերություն չունի, քանի որ տերությանց կազմությունը այնպես է, ինչպես որ կան այսօր [45]: Ընդգծված տողերից ակներեւ է, որ Նալբանդյանը չէր մերժում պետության այն սիստեմը, որ սպասարկում էր ժողովրդի շահերին: Նալբանդյանի կարծիքով՝ պետական այդպիսի սիստեմ կարող էր ստեղծվել միայն ռեւոլյուցիոն ճանապարհով, բռնակալության դեմ «հասարակ ժողովրդի» գյուղացիության եւ արհեստավորության ապստամբության միջոցով: Պատկերացում այն մասին, որ «հասարակ ժողովրդի» ռեւոլյուցիան լավագույն դեպքում պիտի հանգեր բուրժուական դեմոկրատիայի, Նալբանդյանը, ինչպես եւ նրան համախոհ ռուս ռեւոլյուցիոն դեմոկրատների չունեին, իհարկե:

/526/ Չպիտի անգիտանալ այն իրողությունը, որ «Երկրագործության» հեղինակը պարզապես նպատակ չէ ունեցել ծանրանալ թյուրքահայերի տնտեսական կացությանը անդրադարձող իր էջերում նրանց քաղաքական կացության վրա: «Տնտեսական խնդրի սահմանից չէ պիտո դուրս գանք այս անգամ» [46], գրում եւ ընդգծում էր նա: Մի այլ տեղ նա ակնարկում էր այն մասին, որ մտադիր է մի ուրիշ անգամ անդրադառնալ պետության հարցին. «թե ինչ է տերությունը՝ այդ մասին մի ուրիշ ժամանակ», գրում էր նա այդտեղ [47]: Պարզ է, որ Նալբանդյանը չէր արծարծում ուղղակի քաղաքական խնդիր, ոչ այն պատճառով, որ չէր գիտակցում տնտեսական եւ քաղաքական խնդիրների սերտ կապը, այլ պարզապես այն պատճառով, որ քաղաքական խնդրի լուսաբանությունը թողնում էր այլ առիթի, երբ, ըստ երեւույթին, պիտի ծանրանար ոչ միայն ազգի շաէին անհամերաշխ քաղաքական ընթացիկ վիճակի, այլեւ ազգային շահի համեմատ ստեղծվելիք քաղաքական ապագա դրության վրա: Հավանորեն այդ առիթով պիտի անդրադառնար նաեւ հայերի քաղաքական ընթացիկ կացությանը, ցույց տար նրանց առկա «տերունական կազմությունը» ռեվոլյուցիոն ճանապարհով փոխելու անհրաժեշտությունը եւ մատնանշեր: Հայ «հասարակ ժողովրդի» կացությունը բարեփոխելու քաղաքական «ուղիղ ճանապարհը»:

Սոցիալական ուտոպիայի եւ քաղաքական պայքարի միաձուլումը բնորոշ է ոչ միայն Նալբանդյանի, այլեւ նրա ռուս համախոհների համար: Հանգամանք է այս, որ Նալբանդյանին եւ ռուս ռեւոլյուցիոն դեմոկրատներին տարբերանշում էր արեւմտաեվրոպական սոցիալիստ-ուտոպիստներից:

Հասկանալի է, կապիտալիզմի ուտոպիստական քննադատության եւ բուրժուական-դեմոկրատական գործնական նպատակադրումների համատեղումը, մանավանդ, «Երկրագործության էջերում, եթե աչքի առաջ ունենանք հայ իրականությունը եւ, մանավանդ, արեւմտահայ հետամնաց իրականությունը, ուր կապիտալիզմը գտնվում էր տակավին իր խանձարուրքում, եւ ժողովուրդը հեւում թյուրք բռնակալության կրունկի տակ: Անզարգացած, ճնշված նման ժողովուրդների առաջ ծառանում են, նախ եւ առաջ, համազգային խնդիրներ, որոնք վերջ ի վերջո հանգելու էին բռնակալության լուծը թոթափելու հարցին: Այդպիսի ազգությունների մեջ տակավին գոյություն ունեն համադեմոկրատական խնդիրներ, օտարազգի ճնշումը տապալելու քաղաքական խնսդիրներ: Այդ էր պատճառը, որ ազգը լուսավորելու, ազգային ճնշումը վերացնելու, ազգի ազատագրումը ապահովելու նպատակով Նալբանդյանը ձգտում էր, մի կողմից, հայ ռեւո/527/լյուցիոն-դեմոկրատական ուժերի համախմբման, մյուս կողմից՝ ընդառաջում բուրժուական-դեմոկրատական համազգային ճակատ ստեղծելու ջանքերին եւ այդ նպատակով ձեռք մեկնում ազգային լիբերալ այնպիսի գործիչների, ինչպես Նազարյանցը կամ Ոսկանյանը, կամ համազգային այնպիսի կազմակերպությունների, ինչպիսին Կ. Պոլսի Բարեգործականն էր:

  «Երկրագործության» էջերը ողողված են «ազգի կենսանորոգ եւ որոտընդոստ հարության» հավատով: Նվիրելով իր գործը հայկական երիտասարդությանը՝ հեղինակը հավատացած էր, թե այդ երիտասարդությունը պիտի կյանքի կոչի ազգությունը, որի «ստրկությունը եւ աղքատությությունը»— ասել է՝ քաղաքական եւ տնտեսական նկուն վիճակը պահանջում են դիմադրություն եւ խոստանում մրցանակ [48]: «Երկրագործության» մեջ նշված այն «քաղցր եղբարքը», որոնց ուղղված է գրքի նախաբանը, «սակավաթիվ» այն անձինք, որոնց հասցեագրում է հեղինակը մարտական իր հորդորը, Կ. Պոլսի Բարեգործականի շուրջը խմբված նրա արեւմտահայ բարեկամներն էին: «Երկրագործության» մեջ, ինչպես պիտի տեսնենք հետագայում, Նալբանդյանն անդրադառնում էր ոչ միայն թյուրքահայ, այլեւ ռուսահայ իրականության հասունացած հարցերին: Մի շարք նմուշներից պարզ է, այնուամենայնիվ, որ հեղինակը շարադրում էր իր հայացքները՝ աչքի առաջ ունենալով, նախ եւ առաջ, արեւմտահայ ընթերցողներին: Հեղինակի արծարծած հարցերի եւ Պոլսի Բարեգործականի շուրջը խմբված մարդկանց կողմից առաջ քաշված խնդիրների զուգադիպությունը հիմք է տալիս կարծելու, որ գիրքը գրվել էր հենց Բարեգործականի պիտակի տակ գործող արեւմտահայ համախոհների առաջ ուղենիշներ ու հեռանկարներ գծագրելու համար: Կապիտալիզմի ծրագրային քննադատության հետ մեկտեղ, «Երկրագործության» հեղինակի նպատակն էր միաժամանակ ստեղծել Բարեգործականին անդամակցած ազգային-լիբերալ եւ արեւմտահայ ռեւոլյուցիոն-դեմոկրատական խմբակցությունների գործակցության պլատֆորմ: Քննադատելով կապիտալիզմը` հեղինակը առաջին նվագ արծարծում էր գործնական մի խնդիր, եվրոպական կապիտալի հանդեպ «ազգային վաճառականությունը» պաշտպանելու խնդիրը:

Որչափ գիրքը հրապարակվում էր «Թյուրքիայում տարածվելու համար», հեղինակը ստիպված էր նրա էջերում չծանրանալ թյուրք բռնակալության դեմ մղվելիք քաղաքական պայքարի գործնական խնդիրների վրա. լավագույն դեպքում նա կարող էր շոշափել այդ խնդիրները քսղարկված ձեւով: Գրքի ամբողջ կառուցվածքից ու ենթատեքստից, նրա մեջ /528/ արծարծված մտքերի ընթացքից պարզ է, այնուամենայնիվ, որ հեղինակը դիտում էր հայերի ազգային կյանքը եւ դրա հետ կապված հասարակական-տնտեսական քննվող երեւույթները թյուրքահայ կյանքի վրա իշխող «պետական համակարգության» շրջանակներում: Առաջ քաշելով գտնտեսական հեղափոխության» խնդիրները՝ նա սկզբունքորեն չէր անտեսում ազգության քաղաքական խնդիրները: Գրվածքի քաղաքական տենդենցը պարզ է ինքյան նրա ընդհանուր բովանդակությունից:

Ուսումնասիրելով ազգային «ջարդված մեքենան»՝ հեղինակը, ինչպես տեսանք, «տնտեսական խնդրի» եւ, ամենից առաջ, արեւմտահայ մանր արտադրողների քայքայման մեջ էր դիտում արեւմտահայ ժողովրդի թշվահությունն ու «ազգի կաթվածահարության» աղբյուրը: «Տնտեսական հեղափոխությունը» պիտի վերջ տա քայքայման այդ պրոցեսին, ուղի հարթելով միաժամանակ նաեւ ազգության «ջարդված մեքենայի» վերակառուցման առաջ: Ազգային կյանքի վերակառուցումը, համոզված էր Նալբանդյանը, հնարավոր է, եթե թյուրքահայ ժողովուրդը կարողանա ազատագրվել եվրոպական կապիտալի եւ եվրոպական պետությունների ճնշումից: Սրանք են, որ խոչընդոտ դառնալով Թյուրքիայի նյութական բարեկեցությանը, դատապարտում են այդ երկիրը «հիվանդ մարդուն դրության, անխախտ պահելով նրա «խարխլված պետությունը», նրա «անվանաբեկ Քայիմեն» (իմա՝ ներքին փոխառության գործիք դարձած նրա թղթադրամը, Ա. Հ. ) ու «սնանկության դրոշակը», նրա պետական-հասարակական status quo-ն, որի լուծը, ինչպես գրում էր հեղինակը մի այլ տեղ, Խատտի Հյումայունը դուրս գալուց հետո, ծանրացած էր, մանավանդ, երկրի քրիստոնյա հպատակների վրա [49]:

Տեղի տալով արտաքին ճնշման՝ ժողովուրդը դրվում է ազգային իր նկարագիրը խախտելու եւ ընդսմին նաեւ քաղաքական իր ինքնուրույնության հեռանկարները կորցնելու վտանգի առաջ: Մինչդեռ հենց ազգային նկարագրի, ազգային ինքնագիտակցության ամրակայացման միջոցով է ճանապարհ հարթվում դեպի ազգային ինքնորոշումն ու ազգային անէ կախությունը: «Երկրագործության» մեջ բազմաթիվ էջեր են նվիրված ազգային գաղափարի տեսության, որով, ըստ էության, բացահայտվում է գրքի քաղաքական ենթատեքստը: «Վայ այն ազգին, այն ժողովրդին, որի արտասուքի համար օտար փոշուց ավելի չկա մի ուրիշ ազնիվ ընդունարան», ասում էր Կոմս Էմմանուելը [50]: «Երկրագործության» քարոզած «տնտեսական հեղափոխության» նպատակն էր հենց «ազնիվ ընդունարան» ստեղծել հայ ժողովրդի թափած դառն արտասուքի համար: Իր գոյությունն ապահովելու համար ազգի ջանքերով «տիրաբար» /529/ առինքնվելիք հողը պիտի հավասարակշիռ ուժ հաղորդել նրան՝ ազգությանը սպառնացող «արտաքին ուժերի» դեմ: «Արտաքին ուժեր» ասելով՝ Նալբանդյանը նկատի ուներ քաղաքական այն բռնատիրությունը, որի դեմ պարզվում է ճնշված ազգության դրոշը: «Այսօր, գրում էր նա, ճնշված մարդերի համար, ազգությունն է նոցա դրոշը, որ կարող է բացվել բռնակալության ընդդեմ» [51]: Կարծում ենք՝ չի կարելի միանգամայն անարժանահավատ համարել, երբ ռուս էմիգրանտ Կելսիեւը, նշելով Նալբանդյանի հետ Լոնդոնում ունեցած իր հանդիպումը, ասում էր. «Ես շատ դուր եկա նրան՝ Արարատից մինչեւ Միջերկրական ծովի հայ ազդությունը Թյուրքիայում վերականգնելու համակիր վերաբերմունք ցույց տալու համար» [52]: Բանտում գրած իր մի նամակում, կարդալով Պրուդոնի «Պատերազմ եւ խաղաղություն» գրքի ռուսերեն թարգմանությունը՝ Նալբանդյանը գրում էր. «Առաջին հատորը ես արդեն կարդացել եմ մեծ հաճույքով: Հեղինակը պողպատե տրամաբանություն ունի» [53]: Սակայն դժվար է հավատալ, թե նա պաշտպանում էր հեղինակի այդ գրքում հայտնած բոլոր կարծիքները: Իր այդ գրքում Պրուդոնը հերքում էր իրավունքի եւ ուժի հակադրումն ու այն միտքը, թե իրավունքն իշխում է քաղաքակիրթ ժողովուրդների, իսկ ուժը՝ վայրենիների մոտ: Պրուդոնը պընդում էր, որ իրավունքը ծայր է առնում ուժից, որ պետությունը եւ սեփականությունն իրավական հիմնարկներ են եւ որպես այդպիսիք՝ ուժի արտահայտություն: Սակայն, ավելացնում էր նա, այդ դեռ չի նշանակում, որ ուժի իրավունքը միակ իրավունքն է, եւ կամ որ այդ իրավունքը պիտի նախապատիվ լինի, քան «բանականությունը»: «Ես հարգում եմ ուժը, նա փառավորապես հիմք է դրել երկրիս վրա իրավունքի թագավորությանը, բայց ես չեմ կամենում ունենալ այն որպես իշխանավոր» [54]: Վերջին դրույթից գրքի երկրորդ հատորում Պրուդոնն անում էր անարսիստական հետեւություններ: Սակայն Նալբանդյանը կարդացել էր միայն գրքի առաջին հատորը, ուր հեղինակը տալիս էր միայն «ուժի իրավունքը» տեսության հիմնավորումը: Կասկած չկա, Նալբանդյանը համամիտ էր հենց Պրուդոնի այդ տեսությանը, որն ընդառաջում էր իր սեփական հայացքներին: Նկատենք նաեւ, որ իր գրքի առաջին հատորում, ծանրանալով Թյուրքիային սպասվող ապագայի վրա, Պրուդոնն ասում էր, թե Եվրոպայում ոչ ոք չի կասկածում այն մասին, որ թյուրքական կայսրությունը դիմում է դեպի քաղաքական մահացում, եւ որ հրապարակի վրա դրված է նրա ժառանգության հարցը: Թյուրքիան կարող է /530/ բաժին դառնալ կա՛մ նրան հպատակ ազգություններին, կա՛մ մասնատվեր եվրոպական տերությունների միջեւ: Խնդրի այս կամ այն լուծումը կախված կլինի նրանից, թե վերջին հաշվով որտեղ կհայտնվի ուժի իրավունքը: Նալբանդյանը համամիտ էր անշուշտ Թյուրքիայի նկատմամբ Պրուդոնի նշած երկընտրանքին, սակայն հազիվ թե բաժանում էր նրա թերահավատությունն այն մասին, թե Կանդիայում, Ռոդոստոյում, Կիպրոսում, Սիրիայում կամ Հայաստանում կգտնվեն ուժեր, որոնք ի վիճակի կլինեն զենքով հաստատելու «ազգությունների սկզբունքը»:

Սակայն «տնտեսական հեղափոխության» հարցը շաղկապված է ոչ միայն «արտաքին ուժերի» դեմ, այլեւ ազգի ներսում ծավալվելիք պայքարի հետ: Բռնակալության դեմ մղվելիք պայքարի մեջ ղեկավար սկզբունք դարձնելով ազգության գաղափարը, եւ «հասարակ ժողովրդի» անունից կռիվ հայտարարելով ճնշող բռնակալությանը՝ Նալբանդյանը եզվիտ անունն էր դրոշմում այն մարդկանց ճակատին, որոնք «արտաքին ուժերի ընդդեմ» ազգի քարոզում էին քաղաքացիական խաղաղություն: Նա չէր անգիտանում այն հանգամանքը, որ «հասարակ ժողովուրդը» ենթակա է ոչ միայն օտար գավազանի, այլեւ սեփական հարստահարիչների հարվածներին [55]: Բոլոր տեսակի հարստահարությունների հիմքը նա տեսնում էր մասնավոր հողատիրության մեջ: Սեփականության այդ սիստեմի եւ այն պաշտպանող ազգային վերնաշերտերի դեմ նա առաջ էր քաշում «հասարակ ժողովրդի» անմիջական պահանջները՝ հիշեցնելով ազդի հարստահարիչներին ժողովրդական ցասման ու վրեժխնդրության հնարավորությունը:

Քաղաքական հեղաշրջման նպատակն էր՝ նվաճել «հասարակ ժողովրդի» համար «Հող եւ ազատություն»: Վճռական մի պայքար էր այս՝ ֆեոդալական տիրող կարգերի դեմ, որ պիտի գլուխ գար զինված ապստամբության միջոցով: Այս ակներեւ է եւ պարզ Նալբանդյանի չափական երկերից ու ցարական ոստիկանների ձեռքն ընկած նյութերից եւ անգամ՝ արտասահմանում տպված նրա գրություններից: «Շատ ազգեր պատահեցան անբախտության, գրում էր «Երկու տող»-ի հեղինակը, բայց այդ չեղավ նոցա համար հավիտենական մեռելություն: Աքսորվեցան, կախվեցան, գլխատվեցան եւ այրվեցան, բայց նոցա հոգին կենդանի մնաց յուրյանց ամայացած հայրենիքի փլատակների մեջ: Հայրենիքի օդը, սարերը եւ անտառները, խոր գիշերի լռության մեջ, դարերով շշնջեցին այդ նահատակների վերջին րոպեում արած բողոքների արձագանքը: Եղո՜ւկ ձեզ, Հայաստանի սարեր, Հայաստանի ձորեր եւ Հայաստանի նվիրական անտառներ: Այրարատից մինչեւ Տորոս, ստիպված եք դուք` հնչեցնել միայն հեկեկանքը եւ հռնդյունքը Հայաստանի որբ զավակնե/531/րի, հարստահարողների եւ եկեղեցականների գավազանի տակից: Ուրիշ ազգերի նահատակների ուրվականքը հալածեցին հարստահարողների կյանքը, մինչեւ մի ժամանակ, իսկ երբ մինչեւ բերանը լցված է փորձության բաժակը, այնուհետեւ նոցա սգազգեստ ժառանգների վերարկուների տակից դուրս շողացին պողովատիկները» [56] (ընդգծումը մերն է, Ա. Հ. ):

«Երկրագործության» էջերում Անգլիայի բյուրավոր գործազուրկների մասին խոսելիս Նալբանդյանն ասում էր, թե որեւէ ստրկացած ազգի մի ներկայացուցիչ եթե առաջարկելու լինի զենք առնել իր հետ միասին երկիրը ավազակի ձեռքից ազատելու համար (ամենքի հետ հավասար իրավունքով հող ստանալու պայմանով), այդպիսին կարող է Անգլիայի մեջ հազարավոր զինվոր հավաքագրել [57]: Անկասկած Նալբանդյանը նույն այս ձեւով էր պատկերացնում նաեւ արեւմտահայ խնդրի լուծումը: Այստեղ եւ հայ աշխատավորները պիտի ոտքի ելնեին իրենց հայրենիքը ավազակ սուլթանի ձեռքից զենքով ազատելու համար, երկրի արգավանդ հողերին ամենքի հետ հավասար իրավունքով «տիրաբար իշխելու» եւ իրենց հողաբաժինները ազատորեն մշակելու համար:

Չկա իսկական ազատություն, եթե հասարակ ժողովուրդի ձեռքը չի դրվում հողի իշխանությունը, զրկելով մինչ այժմվա իշխողներին մենատիրական իրավունքներից: Նշանակում է, «Երկրագործության» քարոզած «տնտեսական հեղափոխությունը»` լծորդվում է քաղաքական եւ սոցիալական հեղափոխության հեռանկարների հետ: Հայերի ազատագրման հեռանկարը Նալբանդյանը վերջին հաշվով շաղկապում էր ազգությունների ազատագրման եւ սոցիալական հարստահարության վերացման միջազգային հեռանկարների հետ: Մանկացած Ասիան, ասում էր նա, պիտի գնա ժողովուրդների մեծ տեղաշարժի ուղիով, «մարդու եւ հացի» խնդիրը լուծելուց հետո Արեւելք իջած «եվրոպական մարդուն կարդա՝ սոցիալիզմի գաղափարը կենսագործող եվրոպական ժողովուրդների առաջնորդությամբ: Ասիական ժողովուրդների եւ դրանց թվում հայ ժողովրդի հեռավոր ապագան նա եւս շաղկապում էր սոցիալիզմի հաղթության ընդհանուր-պատմական հեռանկարների հետ:

Ասիական ժողովուրդների, մասնավորապես՝ նաեւ հայերի, ազգային ներկան այդ ապագայի համար նախապատրաստելու նպատակով է հենց, որ հրամցնում է նա ընթերցողին իր մշակած «տնտեսական հեղափոխության» պլատֆորմը: Հայերի եւ ասիական մյուս ժողովուրդների սոցիալիստական վերածնունդից առաջ անհրաժեշտ է նրանց ազգային կենսունակության ապացույց: Երկրագնդի վրա «հավասար իրավունք» սահմանելու գործը «ժամանակի է կարոտ», իսկ «մինչ այդ «արքայութիւն աս/532/տուծո բռնաբարի, եւ բռունցք յափշտակեն զնա»: Քանի դեռ չկա «լավասար իրավունք», իշխում է իմաստուն ծերունու՝ Խորենացու բանաձեւը՝ «Սահմանք քաջաց՝ զէնք իւրեանց»: Այլ խոսքով՝ «մարդու եւ հացի» խնդիրը լուծելու կամ սոցիալիզմին հասնելու համար ասիական ազգերը, եւ դրանց թվում հայերը, պիտի ցույց տան, որ ընդունակ են դիմադրելու հափշտակողների բռունցքին, պաշտպանելու իրենց երկրի սահմանները, ապրելու իբրեւ ազգ եւ պահպանելու իրենց ազգությունը [58]: Այլ կերպ՝ հայերը որպես ազգություն «օրըստօրե կանհետանան որպես մի կաթիլ ծովի մեջ»: Դրությունից «վաղօրոք օգուտ քաղելու», այսինքն՝ «տնտեսական Հեղափոխություն» կատարելու, զենքի ուժով պաշտպանվելու, իբրեւ ազգ ապրելու եւ սոցիալիզմի համատարած հաղթության համար նախապատրաստվելու առաջնահերթ խնդիրների շուրջն են. դառնում «Երկրագործության» գործնական, այժմեական խորհրդածությունները:

Արեւմտահայ ժողովուրդը մեկն է ասիական այն ժողովուրդներից, որոնք տրորվում են ու հեւում թյուրք բռնատիրության եւ նրա եվրոպական հոգաբարձուների կեղեքումների ու ճնշումների ներքո:

  «Եվրոպական տերությունք», արձանագրում էր հեգնանքով Նալբանդյանը, անդադար օգնություն են տալիս Թյուրքիային, որ նա դիմանա եւ չկործանվի: Որպեսզի Թյուրքիո ստրկացած հայը, սկլավոն եւ հույն ժողովուրդը քայքայիչ հոգաբարձվից չզրկվի: Կուրանով Ավետարանի որդի՞ք քաղաքակրթել: Այդ քաղաքականությունն ավելի փրկարար է: Ավետարանից թերեւս ազատություն կարող է ծագել, իսկ Կուրանից եւ այդ երկյուղը չկա» [59]:

Կապիտուլյացիաների, պարտքերի եւ եվրոպական հսկողության տակ ճնշված Թյուրքիան չի ներկայանում Նալբանդյանին որպես տնտեսապես եւ քաղաքականապես կենսունակ մի մարմին:

Հայ հասարակ ժողովուրդը, կարծում էր Նալբանդյանը, հազիվ է կարողանում գլուխ պահել, քանի որ միջոց չունի ավելին արտադրել, քանի անհրաժեշտ է այդ իր սպառողական պետքերի համար: Ավելին արտադրելու դեպքում իսկ նա չպիտի կարողանար ապահովել իր ապրանքի անձեռնմխելիությունը կամ դրա վաճառահանումը, քանի որ բնակակից է մի «կաթվածահար ժողովրդի», որպիսին է թյուրքը, որի մեջ, Հեղինակի ասելով, «չկար եւ հավիտյան չպիտի լինի ոչինչ գործունեություն»: Այս տողերից չպիտի հետեւցնել, թե Նալբանդյանը բնականից անընդունակ էր համարում թյուրք ժողովրդին:

Նալբանդյանը գրում է թյուրք ժողովրդի մասին, բայց նկատի ունի, ըստ էության, թյուրք ֆեոդալական պետականությունը, որին նույն «Երկ/533/իրագործության» մեջ նա հակադրում էր թյուրք «հասարակ ժողովուրդը»: «Տերության կառավարիչքը յուրյանց անձնական շահին պաշտոնյա, տեդրության գանձը հասարակ ժողովրդի արյունի եւ քրտինքի հետ միասին լափլիզող» [60], այս խոսքերով է բնորոշում նա այդ պետության գործակալներին: Վերջին հաշվով թյուրք ժողովրդի «կաթվածահար» վիճակը Նալբանդյանը պատկերացնում էր իրեն որպես հետեւանք միջազգային այն status quo-ի, որին դատապարտված է սուլթանի երկիրը մեծ պետությունների կողմից [61]:

Իրերի նման պատկերացումը հուզում է ինքյան այն միտքը, որ եթե ոչ թյուրք կաթվածահար պետականության, գեթ թյուրք ճնշված ու հարըստահարված ժողովրդի ազգային վերակենդանացումը եւս վերջին հաշվով կապված է Թյուրքիայի պարանոցից կապիտալիստական Եվրոպայի հոգաբարձության անուրը վերացնելու խնդրի հետ: Բայց եթե ընդունենք անգամ, որ Նալբանդյանը «կաթվածահար» էր համարում ոչ թե թյուրք պետականությունը, այլ թյուրք ռայան, այդ դեպքում իսկ չի կարելի հետեւեցնել, թե նրա խիստ կարծիքը վերացնում է ինքյան թյուրք ռայայի վերածնության հեռանկարները: Նկատենք, որ Նալբանդյանը «կաթվածահար» էր համարում ոչ միայն թյուրք ժողովուրդը, այլեւ հայ ազգը [62], որը իր եսակենտրոն «մասնավորության» պատճառով, ինչպես երբեմն գրում էր նա, «դուրս էր ընկել մարդկության պատմագրքի տախտակից» [63]: Սակայն հայ ժողովրդի մասին հայտնած այս միտքը չէր խանգարում Նալբանդյանին՝ ջերմորեն հավատալու հայ «կաթվածահար» ժողովրդի վերակենդանության հեռանկարին, հավատալու մարդկության հաշվեմատյանից դուրս համարված հարազատների վերածնությանը…

Ռուսաստանի եւ Եվրոպայի ռեւոլյուցիոն շարժումների հետ Նալբանդյանը, ինչպես պիտի տեսնենք, Թյուրքիայի status quo-ի վերացման մեջ տեսավ հայերի ազգային-քաղաքական ինքնորոշման երաշխիքը, ազատ մնալով ռուսահայ մարտական բուրժուազիայի հետագա այն քարոզներից, թե ցարիզմը կամ եվրոպական դիպլոմատիան կարող են «քրիստոնեության ազատարար» լինել Թյուրքիայում: «Ես չեմ կարող հանդուրԺել, ասել է Նիկողայոս I ցարը, որ Թյուրքիան բաժանվի մանր հանրապետությունների, որոնք փախուստի շատ հարմար վայր կդառնային Կոշուտների, Մաձձինիների եւ եվրոպական այլ ռեւոլյուցիոներների համար» [64]: Հայաստանի ազատագրման գաղափարը Նալբանդյանն ընձեռում /534/ էր հենց՝ հարելով նույն այս «Կոշուտներին եւ Մաձձինիներին» եւ գործակցելով նրանց ռուս բարեկամներին: «Սուրբ Մաձձինիի եւ սուրբ Գարիբալդիի բարեխոսությունքը անպակաս լինի Հաբսբուրգյան տունի գլխից…», շշնջում էր «Երկրագործության» հեղինակը [65], արձագանքելով այն մտորումներին, որ նույն այդ ժամանակ զբաղեցնում էին նրա ռուս բարեկամներին՝ «Լոնդոնի պրոպագանդիստներին»…

* * *

Ինչպես երեւաց Ս. Թագվորյանի նամակից ու հարակից նյութերի՝ քննությունից, Եվրոպայում եւ Ռուսաստանում արծարծվող ազգային ազատագրական ու գյուղացիական շարժումների եւ դրանց ղեկավարների հետ կապվելու անհրաժեշտությունը գիտակցում էին նաեւ Կ. Պոլսի Բարեգործականի ռեւոլյուցիոն-դեմոկրատ տարրերը: Նալբանդյանի եւ Բարեգործականի միջեւ հաստատված կապը ձեւական արտահայտություն գտավ: նրանով, որ նա անդամ գրվեց Բարեգործականին: «Մասիս»-ի էջերում Ս. Թագվորյանի ձեռքով զետեղված ցուցակի մեջ, ուր նշված են Բարեգործականին անդամագրվածների անունները, Հանդիպում ենք մի` անվան, որը բացառություն կազմելով՝ նշված է ոչ թե լիակատար ազգանունով եւ անձնանունով, այլ սոսկ՝ անդամագրվածի ազգանվան եւ անձնանվան «Ն. Մ. » սկզբնատառերով: Սկզբնատառերով նշված այդ անունը, անշուշտ, պիտի կարդալ՝ «Նալբանդյան Միքայել» [66]: Կա տեղեկություն այն մասին, որ Պոլսում գտնված ժամանակ Նալբանդյանը ելույթ էր ունեցել Բարեգործականի հավաքույթում [67]: Հավանորեն, Բարեգործականի պատվերով է, որ Նալբանդյանը ձեռնարկել էր կազմելու Հայաստանի աշխարհագրության այն քարտեզը, որի մասին իր տված «Հայտարարության» մեջ գրում էր, թե Կ. Պոլսի Բարեգործական ընկերության սեփականությունն էր լինելու այդ հրատարակությունը: «Կ. Պոլսի Հայկական Բարեգործական Ընկերության նպատակն է, գրում էր Նալբանդյանը, հայոց աղքատ մանուկներին կրթել եւ դաստիարակել հատկապես երկրագործության եւ արվեստների մեջ: Այս նպատակով հիմնվելու մասնավոր (специельный) դպրոցը շուտով կբացվի Փոքր Հայաստանի մեջ, ուր հողի արգավանդությունը եւ ծովեզրյա դրությունը մեծապես գրավում է մեր բոլոր ուշադրությունը, որ մի հատ է յուր տեսակի միջեւ, որի «վերա անչափելի մեծ են ազգի մտածողների հույսերը» [68] ։ Նալբանդյանը /535/ կազմել եւ ստորագրել էր այս «Հայտարարությունը» Պետերբուրգում՝ 1862 թ. հունիսի 20-ին, իր կալանքից անմիջապես առաջ:

Սակայն Նալբանդյանի եւ Բարեգործականի միջեւ եղած առնչությունների ամենացայտուն արտահայտությունը պիտի համարենք այն, որ «Երկրագործության» գլխավոր նպատակներից մեկն էր՝ մանրամասնորեն քննության առնել ու լուսաբանել այն հարցերը, որոնք զբաղեցնում էին Բարեգործականի ղեկավարներին:

Դժբախտաբար, ի վիճակի չենք պարզելու թեր եւ դեմ այն կարծիքները, որ առաջ բերեց Բարեգործականի շարքերում եւ արեւմտահայ մտավորականության մեջ, առհասարակ, «Երկրագործության» ընթերցումը: Ժամանակակիցների ասելով՝ գիրքը թողել էր մեծ տպավորություն, եւ անշուշտ միայն հեղինակի վերահաս ձերբակալությունն ու նրա հայացքների բնույթն է, որ արգելք եղան մամուլի էջերում արտահայտելու ընթերցողների վերաբերմունքը: Այնուամենայնիվ, թեպետեւ առանց հեղինակի անունը հիշատակելու, 60-ական թվականներին արեւմտահայ մամուլի էջերում «Երկրագործության» մասին եղան արտահայտվողներ: Կանգ ենք առնում միայն դրանցից մի երկուսի վրա [69]:

  «Մեղու»-ի 1862 թ. հունիսի 20-ի համարում լույս տեսավ Հ. Սըվաճյանի առաջնորդող հոդվածը, ուր գտնում ենք Կ. Պոլսում նոր ստացված «Երկրագործության» անդրանիկ արձագանքը: «Ով որ այսօր հող չունի, վաղը հաց չունի», այսպես է վերնագրված առաջնորդողը: Մեկնելով Նալբանդյանի այն մտքից, թե «ազգի հիմքը դրված է երկրի մակերեւույթի վերա եւ կախված չէ օդի մեջ», ինչպես եւ նրա այն դրույթից, թե ազատությունը չի կարող իրողություն դառնալ առանց տնտեսական խնդրի լուծման, Սըվաճյանը շրջելով Ավետարանի հայտնի ֆրազը՝ գրում էր. ««Ոչ միայն ուսմամբ կեցցե մարդ, այլ միանգամայն եւ հացիվ»: Այս համոզմամբ է, որ ճշմարիտ Հայու մը ըսածին նման (ակնարկված է անշուշտ Նալբանդյանը, Ա. Հ. ) ով որ այսօր հող չունի, վաղը հաց չունի ըսելով, նույնը մինչեւ մեր վերջին շունչը պիտի կրկնեմք…»:

Նալբանդյանի հետեւությամբ, սակայն առանց նրա անունը հիշապակելու՝ Սըվաճյանն այդ հոդվածում առաջ էր քաշում նաեւ այն միտքը, թե ազգի բարեկեցությունը նրա հարուստների ունեցվածքով չէ, որ պիտի չափվի, այլ «հասարակ ժողովրդի» նյութական վիճակով: «Ինչ հարկավոր է մեզի դաս մը ազնվական կոչվածներուն անհուն հարստության տեր /536/ ըլլալը, մինչդեռ միլիոններու կյանքը կախված է միմիայն երկրագործութենեն: Շեշտելով ի վերջո Նալբանդյանի այն միտքը, թե հասարակական բարեկեցության հիմքը պիտի կազմի հողօգտագործման իրավունքը, Սըվաճյանն առաջարկում էր կազմել դրա համար ակցիոներական սկզբունքների վրա կառուցված երկրագործական ընկերություն. «Երկրագործության մեջ, սուրբ եւ անմեղ արհեստին օգտակարությունն արդեն զգալով, գրում էր Սըվաճյանը, ազգին ճշմարիտ օգտին փափագողներու խումբ մը… ազգին կյանքը մոտահաս վտանգե մը ազատելու համար, «Բարեգործական Ընկերություն Հայոց» անունով համազգային ընկերության մը կազմությանը ձեռնամուխ ըլլալնին արդեն գիտեմք: Մեր առաջարկած ընկերությունը այս ալ չէ, այլ մասնավորներու կարողության տեր եղողներու մեծ բաժիններով երկրագործությամբ պարապելու խորհուրդն է» [70]:

Ազգին սպառնացող «մոտահաս վտանգը» Նալբանդյանի պես Սըվաճյանը եւս նշմարում էր այն հանգամանքի մեջ, որ «եվրոպական ձեռագործներե կամ արհեստներե կքաղենք մեր հացը»: Ազգային երկրագործության ծաղկումը Սըվաճյանի համար եւս հանդիսանում էր այն «ուղիղ ճանապարհը», որ պիտի պաշտպաներ ազգի գոյությունը նրան սպառնացող այդ վտանգից:

  «Մասիս»-ի 1863 թ. N 616-ում գյուղատնտես Հովհաննես Ջրասունյանը պաշտպանում էր այն թեզը, թե գլխավորապես հողագործության վրա է հանգչում «Եվրոպիո արդի հարստության եւ շքեղության շենքը»: Մեջ բերելով Ֆենըլոնի այն միտքը, թե «բազմություն ժողովրդյան եւ կերակրեղինաց առատությունն է թագավորության ճշմարիտ հարստությունն ու ճշմարիտ զորությունը», կամ եվրոպական այն առածը, թե «պարկ մը ցորենո քով երկու մարդ կծնանի», Ջրասունյանը հարում էր. «Ուրեմն երկրագործությունն է ազգի մը վիճակին բարվոքման ու (այստեղ հաջորդում են բազմակետեր. հավանական է ենթադրել, թե խմբագրությունը դուրս է ձգել «նրա ազատության» բառերը, Ա. Հ. ) ուղիղ ճանապարհը»:

Յուրովի անդրադառնալով «Երկրագործության» մեջ ձեւակերպված հայացքներին, Ջրասունյանն, ըստ էության, հակադրվում էր Նալբանդյանի հիմնական գաղափարներին: Հայերի ազգային վիճակի բարվոքումը նա կապում էր ոչ թե եվրոպական կապիտալին դիմակայելու, այլ եվրոպական արդյունաբերությանը սպասարկելու, նրան երկրագործական համույթ մատակարարելու հետ: «Մասիս-ի հաջորդ համարներից մեկում Ջրասունյանը ձեւակերպում էր մտքեր, որոնք փորձում էին միանգամայն շրջել Նալբանդյանի հետապնդած նպատակը: «Ես կպնդեմ , գրում էր նա, որ Տաճկաստանի նպատակը գլխավորապես նախնական նյութերուն ար/537/տադրությունը պետք է ըլլայ եւ ոչ թե զուտ ճարտարությունն, այսինքն պետք է, որ Տաճկաստանի բնակիչք ամեն ջանք, ամեն միջոց ի գործ դնեն երկրագործության հետեւելու եւ ոչ արվեստից: Առաջինով՝ Եվրոպիո ահավոր դործարաններում պետք եղած նախնական նյութերն հայթայթելով կգտնան հարստություն: Երկրորդով՝ Եվրոպիո ուսմանց եւ դրամագլխոց զորությունը, այսինքն այս ահավոր գործարաններուն հետ մրցելու երբեք չկրնալ կարող ըլլալուն պատճառով՝ կգտնան չքավորություն» [71]:

Պարզ է, որ «Մասիս»-ի լիբերալ տնտեսագետն օգտագործելով սոսկ Նալբանդյանի բառերը՝ խնամքով դուրս է նետում նրանց միջից նրա հիմնական միտքը: Մինչդեռ Նալբանդյանը նշում էր Հայաստանի երկրագործության ընկած վիճակը եւ մտահոգված էր աշխատավոր գյուղացիության վիճակի բարվոքումով, Ջրասունյանը, ընդհակառակը, ելնում էր Թյուրքիայի երկրագործության բարեկեցիկ վիճակի տեսությունից եւ հետամտում էր նրա ունեւոր խավերի համար հարստության նոր աղբյուր նշելու խնդրին: «Ամեն նահանգի մեջ, գրում էր նա, նաեւ հոն ուր երկրագործությունը շատ ետ մնացած է, հասարակ երկրագործներն այնպիսի վիճակի մը մեջ են, որ գոնե իրենց ընտանիքը կապրեցնեն, եւ շատ մշակյալ նահանգներուն մեջ վարձավորներուն մեծ մասն արվեստնուն աշխատելով պատվավոր եւ հանգիստ կերպով կապրին, եթե ամեն տեղ մեկ քանի երկրագործներ կգտնվին, որ ունեցած փոքր դրամագլուխնին կորսնցուցած են, կան նաեւ խիստ շատերը ալ որ հարստություննին երկրիս պտուղներուն շահով ավելացնելով վարձավորության վիճակեն կալվածատեր կըլլան» [72]: Ակներեւ է, որ Ջրասունյանը եւ Նալբանդյանը ելնում էին ոչ միայն քաղաքական, այլեւ սոցիալական տարբեր տեսանկյուններից:

Ջրասունյանը արեւմտահայ բուրժուազիայի հավատարիմ սպասավորն էր, նրան զբաղեցնողը՝ այդ բուրժուազիայի «լուսավորումն» ու «ազատագրումը», նրա կապիտալի անվտանգ ու շահաբեր կիրարկման Հարցը: «Ամեն ազատ երկրի մեջ, գրում էր նա, երկրագործությունը շուտով բարեբաստիկ վիճակի մը մեջ դնելու համար պետք եղածներն դրամագլուխք եւ կարող երկրագործք. ուրեմն ամեն կամեցող անձանց եւ ամեն պատրաստական դրամոց զբաղմանցի համար երկրագործությունն ընդարձակ ասպարեզ մըն է» [73]:

Հեղինակի իդեալը ոչ թե համայնական հողատիրության հիման վրա կազմակերպվելիք «հայ հասարակ ժողովրդի բարեկեցությունն էր, /538/ այլ կապիտալիստական Արեւմուտքի կալվածատիրությունը: «Անտարակույս, ասում էր նա, հառաջադեմ երկիրներու մեջ գրեթե ամեն տեղ աշխատասեր եւ խոհեմությամբ լավացուցիչ (sic!) երկրագործներ կարանեմք, որ կամ վարձավոր եւ կամ կալվածատեր ըլլալով՝ օրըստօրե քիչ շատ արվեստնին կկատարելագործեն, որով ագարակնուն եկամուտներն ալ կավելնան, եւ Գաղղիա չկա գավառ մը որուն մեջ ասոր նման շատ մը երեւելի օրինակներ չգտնվին, որ կալվածատյարց մշակության մեջ նոր ընթացքներ բռնելով առաջ եկած են» [74]: Նկատենք, ի դեպ, որ «Ջրասունյանը սովորել էր Ֆրանսիայի կայսերական երկրագործական դպրոցում եւ տնտեսագիտական բոլոր իր գիտելիքները շարադրում էր՝ ելնելով, հավանորեն, իր լսած դասախոսությունների տետրերից: Համենայն դեպս, «Մասիս»-ում զետեղված իր հոդվածներում նա չի բերում որեւէ փաստ, որից կարելի լիներ եզրակացնել, թե նա ի մոտո ծանոթ էր Թյուրքիայի կամ Հայաստանի տնտեսական կոնկրետ իրադրությանը:

«Երկրագործության» մասին թեր եւ դեմ այս կարծիքներից հետո ուշագրավ է վերապահ այն դիրքը, որը գրավեց գրքի հանդեպ, փոքր-ինչ ուշ, Զմյուռնիայի «Ծաղիկ» պարբերականում Գր. Չիլինկիրյանը:

«Մեր փրկության ապավենը, կարդում ենք այդտեղ, ապագա անկումե մ՚ազատելու համար մեր ապաստանն է հողը: Ասի ըսելով նոր ճշմարտություն մը հայտնած ըլլալու պահանջումը չունինք, վասնզի արդեն շատերը այս նյութի վրա մեզմե հառաջ գրեցին, եւ մասնավորապես Միքայել Նալբանդյանց «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» անուն տետրակով մը, որն որ ուշադրության արժանի է՝ ընկերային տնտեսագիտության մասին պարունակող ճշմարտություններովը եւ որու ամեն կարծիքները անխտիր կընդունինք ըսել չենք ուզեր սակայն» [75]: «Ընկերային խնդիր մը, հիվանդություն մը կա, գրում էր Չիլինկիրյանը, որ սոցիալիսթներե ետք սկսած է Եվրոպայի քանի մը ազգերու եւ կառավարություններու ուշը գրավել»: Այդ «հիվանդությունը» աղքատությունն էր, որը եւ նա ենթադրում էր ամոքել երկրագործության միջոցով: Բայց երկրագործությունն անհնարին է առանց պետական օժանդակության: «Առանց տերության պաշտպանության Թյուրքիայի մեջ անհնարին կամ միշտ ամուլ է երկրագործությունը», հայտարարում էր նա: Այս դրույթից երկու եզրակացություն կարելի էր սպասել կա՛մ առդիմել առկա պետության ձեռնտվությանը, կա՛մ պայքարի կոչ անել նրա դեմ՝ պետական նոր իրավակարգ ստեղծելու համար: Չիլինկիրյանը խուսափում է պարզ եզրակացություն անել այս երկընտրանքից: Բացահայտորեն, նա այլ դարման չունի առայժմ, քան՝ դիմել մասնավոր բարեգործության ճանա/539/պարհով լինելիք ձեռնտվության: «Հայերու արդի եւ ապագա աղքատության դեմ, հարում էր նա, երկու դարման կա: Մին հանրական է, որու ազդումը համրաբար կտարածվի, բայց ազգին նյութական, հետեւաբար բարոյական եւ մտային էությունը ավազի վրայեն անխախտելի հիմերու վրա կփոխադրե: Մյուսը մասնավոր է, եւ իր ազդումը կներգործե ավելի անկե հետեւող վիշտերը թեթեւելու, քան թե բուն իսկ ախտեն հիմնական բույժ մը տալու համար» [76]:

Անշուշտ Չիլինկիրյանը շատ ճիշտ ըմբռնել էր «Երկրագործության» Հեղինակի միտքը՝ Թյուրքիայում «հանրական նոր կարգ» ստեղծելու մասին: Եվ այս էր պատճառը, որ չէր ուզում ասել, թե ինքը անխտիր համերաշխ է՝ նրան: Դրվատելով Նալբանդյանի «ազգասիրությունը», «Ծաղիկ»-ը հարկ էր համարում նույնիսկ հայտարարել, որ եթե «Հյուսիսափայլ»-ի պահանջած ռեֆորմը «եկեղեցիին հիմը պիտի դղրդեն, եթե վտանգավոր մոլորություն մը պիտի հաստատե», ինքը պիտի ստիպված լինի դատապարտելու նրա պահանջը [77]:

Ակներեւ է, որ «Ծաղիկ» թերթի խմբագիրը շատ հեռու պիտի լիներ, մանավանդ, «Երկրագործության» ռեւոլյուցիոն-դեմոկրատական հետեւություններից:

«Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» գրքի էջերում քարոզված մի շարք գաղափարների եւ, մասնավորապես, այդ գրքի հեղինակի անձնավորության նկատմամբ համեմատաբար ավելի համակիր վերաբեր| մունք էր հայտաբերում արեւմտահայ նացիոնալ-դեմոկրատական հոսանքին պատկանող մի այլ հրապարակագիր՝ Մ. Մամուրյանը:

Կանգ առնելով Մ. Մամուրյանի «Անգղիական նամականի»-ի վրա՝ ընդգծեցինք այդ գրքի էջերում արծարծված այն մտքերը, որոնք հող էին պատրաստում «Երկրագործության» համար: Ուշագրավ է դիտել հիմա այն ներգործությունը, որ իր հերթին ունեցավ Նալբանդյանը 60—70-ական թվականներին «Ծաղիկ», «Մեղու», «Կիլիկիա» եւ «Արեւելյան Մամուլ» պարբերականների էջերում «Վրույր» ստորագրությամբ Մամուրյանի զետեղած ֆելյետոնների վրա: 1860-61 թվականներին գտնվելով Պոլսում, ուր նա ատենադարի պաշտոն էր վարում պատրիարքարանում եւ միաժամանակ զբաղվում գրական գործերով, Մամուրյանը, երեւի, առիթ ունեցավ անձնապես ծանոթանալու Նալբանդյանի հետ: Անձնական ծանոթությունն ամրապնդեց ազդեցությունը, որ ունեցել էր Մամուրյանի վրա իրեն հասակակից ռուսահայ հրապարակագիրը: Հիրավի, մոռացված նրա ֆելյետոնների մեջ կհանդիպենք Նալբանդյանի «Գիրսաս»-ներին եւ «Այվազ»-ներին, այլեւ Կոմս Էմմանուելի հետեւությամբ գրված ժամանակակից /540/ գործիչների «գոցեիգոց» կերպարները… Թերթելով Վրույրի էջերը՝ դժվար չէ, հիրավի, նշմարել Նար-Պեյի, Չամուռճյանի, Ֆերուհանի, Սերվիչենի, Գր. Օտյանի, Շիշմանյանի, Պեշիկթաշլյանի, Սըվաճյանի, Ոսկանյանի դիմաստվերները…

Որպես լուսավորիչ՝ Մամուրյանը ելնում էր 18-րդ դարի եվրոպական մտածողների հռչակած «մարդկային բանականության» եւ «բնական օրենքի» սկզբունքներից: Այնուամենայնիվ, չկարողանալով հաղթահարել փիլիսոփայական իդեալիզմը՝ անհամակիր վերաբերմունք ուներ դեպի Սպինոզան, Թոմաս Բեյլը, Հելվեցիուսը եւ մյուս մատերիալիստները։ Փիլիսոփայական իդեալիզմը չխանգարեց, սակայն, որ Մամուրյանը պատկաներ արեւմտահայ այն լուսավորիչների թվին, որոնք չէին իդեալականացնում եվրոպական «քաղաքակրթությունը»: «Երկրագործության» Հեղինակի պես նա եւս նշմարեց այդ «քաղաքակրթության» հակասությունները: «Սատանա եւ հրեշտակ, խավար եւ լույս, ավելորդապաշտություն եւ բանականություն, գերբնական եւ բնական, այս երկու բաները թեեւ ի բնե իրարու հետ շուն ու կատու են, սակայն արդի քաղաքակակրթությունը կուզե, որ իբր եղբայր եւ քույր քովե քով գահակալին… սքանչելի քաղաքակրթություն» [78]: Մամուրյանը մատնանշում է այն երեւույթը, որ հաճախ նույնիսկ Թյուրքիան՝ եվրոպական լուսավորության «աշակերտը», ապաստան է դառնում եվրոպական քաղաքակրթության հալածված առաքյալների համար, մինչդեռ Եվրոպան՝ քաղաքակրթության կենտրոնը, հովանավորում է լուսավորության բանադրիչներին: Եվրոպական պատմությունը խանձած է հավատաքննության խարույկներում, նրա էջերը ներկված միլիոնավոր անում եղների արյունով: Եվրոպական պետությունները քաղաքակրթության բեմի վրա միմոսական դեր են խաղում հաճախ եւ ստեպ ժողովուրդները խնդացնելով պատռում… [79]

Քաղաքական համոզմունքներով Մամուրյանը հեռու չէր գնում 18-րդ դարում հռչակված սահմանադրական հայացքներից եւ 19-րդ դարում արծարծված ազգային շարժումների սկզբունքներից: «Ազատությունը, նորահաս պատանի, ոչ Պետրոսի բանալին է, ոչ Պողոսի փողն, ոչ Քրոմվելի ավետարանն, ոչ Մարայի կարմիր գդակն, ոչ բանականության քրմուհիին աթոռն, ոչ Նափոլեոնի հրաշեկ ռումբն, այլ Սոկրատի լեղի բաժակը, Նազովրեցիին խաչը, Վարդանա արյունը, Պրուտոսի դաշույնը, Բելի նետը, Sանդոնի որոտընդոստ ձայնը, Ֆրանգլինի գրիչը, Վոլինկդընի եւ Կարիպալտիի դրոշակն…» [80]: Նրա պաշտած ճշմարտության առաջնորդներն ու նահատակներն են Մովսես, Սոլոն, /541/ Հայկ, Սոկրատ, Ներսես, Լութեր, 89-ի դյուցազունները, Իտալիայի շահատակները [81]: Մի այլ տեղ պարզվում է, որ ս. Մեսրոպը լուսավորության խորհրդանշանն է նրա համար, Վարդանը՝ Հայրենիքի անկախության, Լութերը՝ կրոնական ազատ քննության ու թույլտվության եւ Միրաբոն՝ քաղաքական ազատության [82]: Մամուրյանի պահանջները բուրժուական-դեմոկրատական իրավակարգից դենը չէին գնում: Նա վճռապես առարկում էր իրականությունից պոկված, վերացական իդեալների պատվաստման դեմ: «Հայաստանցին մեզի իր մութ լեզուն, իր տրտում երեսն, իր հալումաշ սիրտը կցուցնե վիրալի ձեռքով մը, եւ նախ՝ տունը, կինը, զավակն, եկեղեցին, հացը կփնտրե, զորս ի վաղուց կորուսեր է, մենք անոր ցույց կտանք մեր հոյակապ պալատները, մեր զարդերը, մեր սնափառություններին, եւ ասկից զատ՝ հոգեբանության, աստղաբաշխության, Հանրավարության, հասարակականության (socialisme) եւ չգիտեմ ինչ՝ նյութերու վրա անոր դասեր կկարդանք: Էհ, այն մարդն՝ որ հազիվ քյուրտին սրեն ազատեր՝ արյուն քրտինք կխմե եւ աշխարհես զզված՝ անկից օր առաջ ելնել կփափաքի, ի՞նչպես կուզես, որ մինչեւ հոգվո եւ երկնից վերնագավառներն ելնե քեզի հետ՝ իրական աղետից լուծը թոթվելով» [83]:

Այնուամենայնիվ, նախապաշարումների եւ բռնության դեմ պայքարելու համար Մամուրյանը չի ընկրկում վճռական միջոցների առաջ: Նրա համար կենաց եւ մահու մի պայքար է դա: «Եթե հաղթությունը դժվարին է արդի նախապաշարմանց ապառաժին դեմ եւ մոլորությանց տղմին մեջ, պետք է մեռնիլ: Մեռնիլ՝ չէ թե կռնակե վերք առնելով, այլ ճակատե: Ինչպես հավատն՝ այնպես սկզբունք մը նահատակվելով կվերածնի, եւ եթե ճշմարտությունն արյան գնով իրենց ընկերական եւ քաղաքական իրավունքները ձեռք ձգող ազգերուն հայտնի անգամ չլիներ, հայերը պեւոք էին քարոզել զայն անոնց, քանի որ իրենց հավատքին կենդանի նահատակներն են եւ դարե դար անոր շնչով կվերածնին» [84]:

Հասկանալի է, թե մամուլի էջերը շատ լայն չպիտի լինեին նման հայացք դավանող հրապարակագրի համար: «Ազգին մեջ երկպառակություն հարուցանելու համար գրելու ազատություն կա, գրում էր Մամուրյանը, բայց որեւէ ճշմարտություն պարզորեն գրելու ազատություն չկա: Ո՞վ կարգիլե այս ազատությունը: Անոնք, որոնց վրա խոսելու ազատություն չունիմ… վասնզի Թյուրքաստան կգտնվիմ» [85]: «Գրելու անսահման /542/ ազատությունը դեռ անհնար է ձեռք ձգել ընկերական այս շինովի եւ իրարու հակասական եւ անբնական օրինաց մեջ… Ուրեմն ի՞նչ ընել պետք է այս դժվարին վիճակին մեջ: Լռությունը մահ կսպառնա, ազատ հրատարակությունը՝ պատիժ: Ահա երկսայրի սուր մ այն անձին համար, որ չմեռած ճշմարտության պսակը կուզե տեսնել» [86]:

«Քանի երջանիկ էին այն օրերը, շարունակում էր Մամուրյանը, երբ եկեղեցի եւ ատրուշան, խաչ ու միհր, հայրենասեր եւ մատնտու դեմ առ դեմ կկռվեին Տղմուտ գետին եզերքն, Ավարայրի դաշտը: Հիմակ դավաճանը դիմակ ունի, անպատկառ մեր տունը, մեր եկեղեցին կմտնե, մեր բարեկամը կձեւանա: Հիմակ դավաճանը քաղաքագիտության նուրբ սլաքներով կմաքառի, եւ ոչ թե սրով ու վահանով. Հիմակ թշնամին Գիրսաս մ՚է, Հաթիր մ՚է, Կանոս մ՚է, որ մերթ արեւին ու մերթ մահիկին ստվերին տակ կշանթեն, կխածնեն, կմատնեն մութին՝ եւ ասոր աքսորմման, անոր արգելման վճիռը կստանան: Այսպիսի որոգայթներու մեջ միթե գործել հնարի՞ն է: Քանի-քանի հայեր կան արդյոք, որ տիտաններ (դառնալու համար մինակ ազատ օդ, ազատ հող, ազատ շունչ կփափաքին, եւ սակայն եթե իրենց սրտին խանդեն շարժյալ՝ քիչ մը խոսին, քիչ մը գրեն, քիչ մը գործեն գռեհիկ ընթացքեն տարբեր կերպով, իսկույն աներեւույթ ձեռքե թավալագլոր կընկնին ի խոր վիրապ» [87]:

Նալբանդյանի եւ Սըվաճյանի պես Մամուրյանը եւս դիրքավորվում էր 1861—63 թվականներին Պոլսում գլուխ բարձրացրած հակաժողովրդական ուժերի դեմ: Ռամիկն, ասում էր նա, այդ պահին տարված էր այն պատրանքով, թե Ազգային սահմանադրությունը պիտի դարման լինի ժողովըրդի բոլոր ցավերին, բերի նրան «առատություն, բարօրություն եւ երջանկություն» [88]: Սակայն Մամուրյանը եւս մերկացնում էր լիբերալ-սահմանադրականներին [89]: Գիտեր, որ 1863 թ. Սահմանադրությունը ապարդյուն դարձրեց «ժողովրդին եւ ազնվական սեպված դասըն մեջ բացված սկզբունքի եւ դրության կռիվը»: Նոր Սահմանադրության պաշտոնական մարմիններն իրենք է, որը սկսում են ներսից պայթեցնել Սահմանադրությունը. «Ազգն ու եկեղեցին վտանգի մեջ է ըսելով՝ միապետական դրության բարեկամներն ու կրոնական դասը նորեն միացան հրապարակով, եւ Սահմանադրությունը վեճի տակ ձգելով՝ համամտության խնդիր մը բացին, որուն հետեւեցավ, իբր պարտության հետեւություն մը, իրավասությունը, որ պատրվակ մ՚էր քաղաքական ժողո/543/վի կործանումը պատրաստելու համար» [90]: Առերես կողմնակից ձեւանալով Սահմանադրության՝ վերջինիս թաքուն թշնամիները տեղիք տվին ժողովրդական բողոքների եւ հուզմունքների: Այդքանն էլ բավական եղավ, որ Սահմանադրության կեղծ բարեկամները, եւ սրանց թվում նաեւ «Մասիս»-ի լիբերալները, վայր դնելով իրենց դիմակները, զինվեին ժողովուրդի դեմ եւ ամբաստանեին նրան կառավարության առաջ [91]: Սրա հետեւանքը եղավ կառավարության 1866 թ. մարտի 20-ի հրամանագիրը, որ պատվիրում էր պատրիարքարանին՝ չխառնվել քաղաքական գործերի մեջ:

Միաժամանակ դադար է տրվում Սահմանադրությանն ու սկսվում «խռովարարների ձերբակալություններ: «Մասիս»-ը ողջունում է այս ամենը է որպես ազգի փրկության նոր դարագլուխ: Ազգի պատմության այս նոր դարագլուխը սկսվեց նրանով, որ կառավարությունը սահմանափակեց ժողովրդի ընտրական իրավունքը, մտցնելով՝ ընտրական բարձր ցենզ, սահմանափակելով գավառի ներկայացուցչությունը եւ այլն:

  «Հայկական նամականի»-ի հեղինակն անդրադարձավ նաեւ Նալ| բանդյանի կալանքին: Արշավելով ռուսահայ փարիսեցիների դեմ՝ Մ. Մամուրյանը գրում էր. «Ռուսի հայը անդադար իր Լազարյանց ճեմարա՞նը պիտի ցուցնե, որ բուն ազգային չէ, իր Նալբանդյա՞նցը, որ բանտի մեջ կհեծե, եւ անոր բանտարկության անտարբեր կմնա, իսկ պարոն Այվա՞զը, որուն մատնտու ներկայության տակավին կհանդուրժե» [92]:

Տարիներ անց Մամուրյանը հարցնում էր դարձյալ. «Ո՞վ պիտի սնուցանե, քաջալերե, մեծարել նորածին կամ թաքուն հայ քերթողը, վիպասա| նը, իմաստասերը, թշվառության, ստրկության եւ բռնակալության հողին վրա. ո՞վ պիտի կերակրե, պաշտպանե, ազատե Աբովյան մը, որ Հայաստանի վերքը ցույց տալու եւ ողբալու ատենը անտեսանելի ձեռքե մը անդունդ կգլորի. Նալբանդյանց մը, որ ուղիղ ճանապարհը հայտնելու, արծիվի ճիրաններու տակ կճնշվի եւ ազատություն գոչելով հոգին կփչե…» [93]: Ակներեւ է, որ Մամուրյանն ուղղակի «Երկրագործություն»-ն ու «Ազատն ասստված»-ն էր ակնարկում այստեղ:

Մամուրյանն առաջինը չէր, որ անդրադարձավ Նալբանդյանի կալանքին: Այդ մասին խոսք առան նաեւ արտասահմանյան մի շարք հրապարակագիրներ:

Նալբանդյանի կալանքն առիթ էր տվել Մուրադյանի «Փարիզ»-ին տակավին 1862 թ. սեպտեմբերի 26-ի համարում գրել. «Ահա ուսումնական, /544/ լեզվագետ, ազգասեր, գործունյա եւ աշխույժ հայ մը, որ բավական ծառայություններ ըրած է… եւ տակավին պիտի ըներ ալ հարկավ, փոքրոգի նախանձոտներու կրիցը զոհ կերթա, որ ազգին համար փոքր կորուստ մը չէ: Կփափագեինք ի սրտե, որ այս լուրը բոլորովին սուտ ելներ, եւ արգը չպարտավորվեր այսպիսի ցավալի վնասու մը վերա ալ ողբալ» [94]:

Կալկաթայի «Եղբայրասեր»-ը եւս գրում էր նույն առիթով. «Եւ թէ որպէս ուսումնասէր, եւ քանի լեզուաց ծանօթ, եւ ինչպէս ազգասէր անձն էրթայն, ամենքն կարեն վկայել թէ հնդկաբնակ հայքն որոց դէպ եղեւ տեսադնել զնա, եւ թէ այլ քաղաքաց հայ եղբարք մեր, որք քաջածանօթ են նմա: Գործունէութիւն առնս այս հաստատեցաւ աստ յանցեալ ամի, երբ արիաջան վաստակօք եւ աննկուն հոգւով իւրով ի ձեռ եբեր զմեծաքանակ գումարն կտակաւ ի հանգուցեալ պարոն Բաբաջան Մսեհէ… Ցաիմք մեք արդ ի սրտէ ընդ կորուստ պիտանի եւ ազգասէր առնս, որ վառեալ գոլով ազգասիրութեամբ՝ միշտ զօգուտն ազգին իւրոյ խոկայր…» [95]: Հաջորդ տարում վերադառնալով նույն խնդրին՝ «Եղբայրասեր»-ն ասում էր. «Իցիւ թէ չէր եկեալ քո աստ ի Հնդիկս, ազգասէր եւ ի վերայ ազգին անձնախնդիր Նալբանդեանց, քանզի յայն ժամ ոչ ճանաչելով զքեզ եւ ոչ գիտելով զչափ տաղանդոյդ եւ զազգասէր եռանդեանդ՝ սակաւ ինչ թուէր յաչս մեր կորուստ անգին ազգայնոյդ, որոյ վասն զարդիս այսքան ցաւագնիմք»: Ազգասեր խոյանքի զոհ համարելով «դյուցազնի» կորուստը՝ հոդվածագիրը գրում էր. «Ազատութիւն երեւի լինել միայն նորա յանցանքն եւ հոգեւորականքն դատախազ, իսկ կառավարութիւնն ռուսաց կազմ եւ պատրաստ առաքել ի Սիպիրիայ զամենեսեան, որ համարձակին կոչել զանձինս հայրենասէրք եւ բարեկամք Ազատութեան» [96]: Պիտի կարծել, որ այս համարձակախոսությունը խիստ թանկ նստեց «Եղբայրասեր»-ին: 1863 թ. դեկտեմբերին խմբագիր Եղիազար Տեր-Հարությունյանը հայտնում էր Կալկաթայից, որ 62-րդ համարից հարկադրված եղավ դադարեցնել իր պարբերականը, «քանզի այսչափ որ գրեցաք եւ հրատարակեցաք յօգուտ հնդկաբնակ եւ Ջուղայու հայոց, զի՞նչ շահեցաք, եթէ ոչ բազում թշնամիս, բանտ, տուգանս եւ այլն…» [97]: Ի դեպ, Նալբանդյանի վիճակի նկատմամբ հնդկահայերի ի հայտ բերած հետաքրքրության մասին է վկայում նույնիսկ «Արշալույս Արարատյան»-ի խմբագրի մի հարցադրումը: 1865 թ. իր մի նամակում վերջինս գրում էր Մսերյանին. «Եթե ունեք լուրս Նալբանդեանցէ, հաճեսջիք ծանուցանել ինձ, զի ի Հնդկաստանէ խնդրեն տեղեկութիւն /545/ զկացութենէ նորին, այսինքն ի բանտի է տակաւին, թէ ազատեալ է ի բանսարկութենէ» [98]:

Նշանակալից էին, մանավանդ, այն էջերը, որ նվիրեց Նալբանդյանին Զմյուռնիայի «Ծաղիկը»-ը: Նալբանդյանի կալանքին արձագանքելով՝ այդ թերթը գրում էր. «Ռուսիո մեջ երիտասարդությունը տրտմալի կերպով երկու կողմե ճնշում կկրե. մեկը կղերին, մյուսն ալ իշխանության կողմե։ Ռուսիո հայոց վիճակը տխուր է: Ազգաջինջ քաղաքականության մը գավազանը կսպառնա հայրենասիրական խլրտումներ, եւ չենք կարծեր, որ ուրիշ ազգաց հետ մերինն ալ կարենա ոգի առնուլ մինչեւ որ զորավոր ճյուղեր չարձակեն ազատության այն սերմերը, որք երկար ժամանակներե ի վեր ծավալած են այս լայնատարած երկրին մեջ եւ որք հազիվ-հազ սկսան ծլիլ եւ բողբոջիլ Եվրոպայի լուսավորության անձրեւի շնորհիվը»: Մատնանշելով, այնուհետեւ, հայ կղերի եւ, մանավանդ, նրա պետերի քսությունը՝ «Ծաղիկ»-ն ավելացնում է. «Վկա է մեր ըսածին հայրենասեր երիտասարդի մը անիմանալի եւ տխուր ձերբակալությունը, ուր մատնության մատը կնշմարվի» [99]: Հետագայում Նալբանդյանի ձերբակալության պատճառների մասին «Ծաղիկ»-ն առաջինն էր, որ Մամուրյանի ձեռով քիչ թե շատ ստույգ տեղեկանք զետեղեց. «Նախիջեւանի ոստիկանությունը (թերեւս վեղարի մը դրդմամբ), կասկածելով թե Նալբանդյանց գաղտնի նամակագրություն ունի Լոնդոնի «Քոլոքոլ» («Զանգակ») հակառուս օրագրի խմբագիր Հերցենի հետ եւ հատուկ տեսություններ ունեցել է, մյուս կողմեն ռուս դեսպանը Նալբանդյանցի ընթացքին վրա իր կառավարության զանազան տեղեկություններ տված ըլլալով՝ Նալբանդյանցը ամբաստանության ներքո կձգեն» [100]:

Նալբանդյանի կալանքի մասին խոսք առավ նաեւ Սըվաճյանը: «Մեղու»-ի խմբագիրը ջերմ խոսքեր էր ուղղում Պետերբուրգի «մեծ», «չնաշխարհիկ» կալանավորի հասցեին, համարելով նրան մեկը այնչափ կատարելություններով փայլող այն անձերից, որոնք «կարի քիչ գտնված են ոչ միայն Արամյան, այլեւ ընդհանուր մարդկային ազգի մեջ»: Թերթը գրում էր նրա կալանքի առիթով. «Թշվառ մայր մը եւ հայր մը, երեք-չորս եղբայրներ, երկու քույր, բազմաթիվ բարեկամներ, լման ազգ մը, շատ օտարազգիք, խռոված ու անհանգիստ սրտով ամեն օր անոր ազատության լուրը կսպասեն. մեկ քանի գիշերադեմ մարդիկ, մեկ քանի վատ հոգիներ անհամբեր սրտով ու անարգ վրեժառությամբ անոր առանց արդար դատաստանի դատապարտության լուրը կսպասեն»: Այս տողերը նշում են ոչ միայն Սըվաճյանի սուր կարեկցությունը, այլեւ բացահայտում /546/ նրա մոտիկ իրազեկությունը. նա ակնարկում է Նալբանդյանի ոչ միայն Հայ, այլեւ «օտարազգի բարեկամների» մասին՝ աչքի առաջ ունենալով նրա կապը «Լոնդոնի պրոպագանդիստների» հետ: Սըվաճյանը գիտակցում էր իր բարեկամի նշանակությունը ռեւոլյուցիոն ընդհանուր շարժման համար, գիտեր, որ ռուսահայ հրապարակախոսը ձգտում էր ոչ միայն իր ազգի, այլեւ «ընդհանուր մարդկային ազատությանը» [101]: «Պ. Նալբանդյանը, շարունակում էր «Մեղուն»-ն, հանցավոր է, այո՛, մարդկությունը գերության, թշվառության եւ տգիտության մեջ հավիտյան կաշկանդյալ պահելու ջանացող առանձնաշնորհյալ համարված մարդոց առջեւ, ոչ արդարության եւ իրավանաց առջեւ» [102]: Հաջորդ տարվա մի հոդվածում մասնավորելով խոսքը «Հյուսիսափայլ»-ի 1863 թ. դադարման եւ Նալբանդյան): լռության պատճառ եղած մատնիչների մասին՝ թերթը շարունակում է, «Այո՛… լռեց… այն, որպեսզի իմաստակներու եւ ազգատյացներու գրիչները միջոց գտնեն ի վնաս եւ ի թշվառություն այս տարաբախտ սեռին՝ զանի թովչելու եւ խավարասեր Մոմոսին ոտքը ձգելու» [103]:

1864 թ. փետրվարի 11-ին Նալբանդյանը թույլտվություն ստացավ հոդվածներ գրել՝ «Հյուսիսափայլ»-ի էջերում տպելու համար, պայմանով, որ դրանք նախապես ենթարկվեն III բաժանմունքի քննության: «Մեղու»-ն անմիջապես տեղեկանք տպեց այդ մասին փետրվարի 25-ի համարում։ Հաղորդելով «Հյուսիսափայլ»-ի վերահրատարակման լուրը, թերթը գրում՝ էր. «Ինչպես միշտ, այնպես էլ հիմա, պ. Նալբանդյանցը գործակից է Հյուսիսափայլին եւ անոր հոդվածները ամեն թվին մեջեն ալ պիտ չպակսին: Սակայն այսկե չպիտի հետեւցնել, թե անի ազատված է հիմա. չէ. Բեդերսպուրկի մեջ, սուրբ Պետրոսի բերդը կգտնվի, բայց իրեն թույլտվություն եղած է (որ) այժմ հրատարակության մասնակից ըլլա: Անշուշտ իր գրվածքները Մոսկվա՝ օրագրի խմբագրությունը հասնելեն առաջ, քանի մը խիստ քննությանց ենթակա պիտի ըլլան»:

Նալբանդյանը օգտագործեց իրեն տրված դյուրությունը եւ գրի առավ «Ազգային թշվառություն» պամֆլետը, ուր անդրադառնալով արեւմտահայ կյանքը հուզող հարցերին՝ լիբերալ-կղերական խմբակցության դեմ պաշտպանում էր Սըվաճյանի եւ համախոհ երիտասարդների վարքագիծը:

«Երիտասարդները եւ Մեղուն, գրում էր Նալբանդյանն այդտեղ, որ մահու չափ ճգնեցան Սահմանադրությունը պաշտպանելու, պիտի տեսնեն այսօր, որ նոցա պաշտպանած Սահմանադրության գործադիրքը Սահմանադրության վաղեմի ցանկությունը կատարելու համար արտասահման բռնակալությամբ վարվում են Մեղվի հետ, որ է երիտասարդն է/547/րի եւ կենդանի ժողովրդի մաքուր բերանը, ազգի ցավերի եւ ուրախության ճշմարտապես հայտարարը» [104]: Եվ ապա ավելացնում է հեգնանքով. «Գավառների դրությունը նկարագրեց Մեղուն, Վասպուրականի անակցել թշվառությունը ստորադրեց Մեղուն, Իգնատիոսի դիմակը վերայից հանեց Մեղուն, Տարասի խռովությունքը պատմեց Մեղուն, արժ. Խրիմյան Մկրտիչ վարդապետին պաշտպանեց Մեղուն, նորա վերա, գիշերային լռության մեջ, հրացան դատարկողների ընդդեմ բողոքեց Մեղուն, գավառ չթողեց, քաղաք չթողեց, գեղ չթողեց, թաղ չթողեց, ամեն ծակ ու ծուկ մտավ ելավ Մեղուն, թո՛ղ մեռնի Մեղուն։ Կոտորեցե՛ք այդ հայելին, որ իմ՝ ճիվաղադեմ կերպարանքն ամեն օր ինձ ցույց է տալիս, փշրեցե՛ք նորան… Թո՛ղ վանեցի Պողոսները փառավորվին…» [105]:

Պետրոպավլովյան բերդում Նալբանդյանը գրեց նաեւ Սըվաճյանին ուղղված «Ուղերձ առ Մեչուխեչայն ի Կոստանդնուպոլիս» ոտանավորը, որը լույս տեսավ «Հյուսիսափայլ»-ում 1864 թ., Փառախոտ Ցոլակյանց ստորագրությամբ [106]: Ուղղելով խոսքը Պոլսի իր զինակցին՝ Նալբանդյանը գրում էր.

 

Հողմերից թեւ առած, թռչում ես Մեչուխեչա,

Ծովերից ու ցամաքից քեզ արգելք չկա,

Մեռուցիր ժամանակը, տարածությունը ջնջեցիր,

Փայլակը նախանձեցավ արագությանդ երկնաձիր:

 

Տավրոսից Արարատ, Բոսֆորից Աղթամար,

Քո տեսած, Քո պատմած թշվառությունք անհամար,

Ո՛վ հոգաց, ո՛վ վազեց լսել ազգի հռնչյուն,

Ո՛վ ներկա նորա մոտ, երբ փչում էր նա հոգին:

 

Ո'վ սրբեց նեղվածի արտասուք աչքերից,

Ո՛վ ողբաց, բողոքեց, երբ խլեցին հաց որբից:

Քնած էր ամիրան, աչք փակած եւ դիտող, ի ժամու, տարաժամ

Դո՛ւ եղար միայն օգնող:

 

Քեզ սիրեց Հայաստան, Քեզ օրհնում է բյուր բերան,

Քեզ դաբնի պսակներ հյուսում է ապագան:

Ընդունի՛ր այս երկտող իմ անշուք հյուսվածը,

Պակասը թող լցնե սիրած իմ, Քո ազգի:

 

Նեւայի եզերքից, Ռավելինի խուլ ու մռայլ նկուղից ելած՝ Նալբանդյանի այս տողերը հեռավոր արձագանք էին այն գործերին ու մտքերին, /518/ որոնք հուզում էին մի ժամանակ Բոսֆորի ափերին դեգերող նրա բարեկամներին:

1864 թ. դեկտեմբերին «Մեղվում» լույս տեսավ «Կտոր մը Այվազովսքիաբանություն» վերնագրով անստորագիր մի պամֆլետ. այլուր հիմնավորել ենք մեր վարկածը այն մասին, որ այդ պամֆլետը պատկանում է Նալբանդյանի գրչին [107]:

Առաջին անգամ չէ, որ Նալբանդյանը անհրաժեշտ էր համարում մերկացնել այդ հակառակորդին արեւմտահայ ընթերցողների առաջ: Վարդապետի դիմակը նա պոկում էր տակավին 1861 թ. ՝ «Երկու տող» բիոշյուրում, որի անմիջական նշավակը Չամուռճյանն էր եւ Այվազովսկին:

Սակայն սրանց չէ , որ հեղինակը ցանկանում կամ կարող էր հաղորդակից անել իր մտքերին ու հույզերին:

Խալիբը եւ Այվազովսկին ամուր կապեր ունեին պոլսահայ վերնախավերի հետ: «Երկու տող»-ի ինվեկտիվներն այժմեական պիտի լինեին ազգային վերնախավերի դեմ մարտնչող արեւմտահայ «սահմանադրական» մտավորականության համար, որոնց համար այդ պահին մի հայտնի չափով դեռ կարող էր համահնչուն լինել հրապարակախոսի արեւելահայ գրական լեզվով հակասահմանադրական ռեակցիայի դեմ արտասանած մարտաշունչ խոսքը, եթե ոչ ըստ լեզվի, գեթ ըստ բովանդակության:

Բայց, եթե 1861-1863 թվականների ընթացքում խոշոր պառակտում առաջացավ «սահմանադրականների» շարքերում, 1863-1864 թվականներին ժողովրդական մասսաները եւ լիբերալ-պահպանողական զինակցությունը կանգնած էին դեմառդեմ՝ որպես հակամարտ բանակներ: Ժողովրդի եւ լիբերալների սահմանազատումը երեւան էր գալիս, մասնավորապես, նաեւ Այվազովսկու հարցում: Կրոնական եւ քաղաքական ժողովներրը «սահմանադրական» կղերի եւ բուրժուազիայի ներկայացուցիչները տակավին 1861 թ. էին բողոքում այն մասին, թե Մատթեոս Չուխաճյանը «Համազգայնոց լուսավորության եւ քաղաքակրթության» համար աշխատող վարդապետին պաշտպանելու եւ եպիսկոպոս ձեռնադրելու փոխարեն՝ հալածում է նրան [108]:

Նվազ բնորոշ չէ այն փաստը, որ 1861-1863 թվականներին լիբերալ «Մասիս»-ը զետեղում էր հոդվածներ ու թղթակցություններ, որոնք անվերապահորեն գովաբանում էին Այվազովսկուն եւ նրա դպրոցը՝ «զրպարտություն» հռչակելով դեմոկրատական բանակից տեղացող քննադատականները [109]:

/519/ Նալբանդյանը լիովին ըմբռնել էր արեւմտահայ կյանքում տեղի ունեցող իրադարձերի բնույթը եւ անդրադարձել դրանց տակավին արտասահմանում հրատարակած իր գրվածքներում: Որ նրան այդ իրադարձերը հուզում էին նաեւ այդ պահին, դա ակներեւ է «Ազգային թշվառություն» հոդվածից, ուր նա դիմակազերծում էր արեւմտահայ լիբերալներին: Հասկանալի է, թե ինչու, ավարտելով լիբերալներին ուղղված իր խոսքը՝ հրապարակախոսը պահանջ էր զգում հիմա՝ գրել կղերա-բուրժուական ռեակցիային հակադրված արեւմտահայ մասսաների համար եւ նրանց մատչելի լեզվով:

Սակայն լեզվի հարցը կապված չէր սոսկ մասսաներին հասկանալի դառնալու մտահոգության հետ. վերջին հանգամանքը ազգային-քաղաքական ստրատեգիայի հետ լծորդված հարցերից մեկն էր միայն:

Որչափ ցարիզմը առաջ էր քաշել Այվազովսկուն հայերի, եւ գլխավորապես արեւմտահայերի, համակրանքը նվաճելու դիտումով, մոբիլիզացնելով արեւմտահայ դեմոկրատիայի ուժերը՝ Նալբանդյանը ցանկանում էր, որ արեւմտահայ մամուլի էջերից եւս սկսվի դրական մի արշավանք, որով ակներեւ դառնար, թե վարդապետի դեմ է տրամադրված ոչ միայն արեւելահայ, այլեւ արեւմտահայ ժողովրդի հասարակական կարծիքը: Քանի որ վարդապետի դեմ տարվող պայքարը մտել էր իր զարգացման վերջին փուլի մեջ, անհրաժեշտ էր, որ սաստկացվեին նրա դեմ նաեւ արեւմտահայ գրական ճակատի հարձակումները: Վերջին հաշվով, գրական այս արշավանքը պիտի նպաստեր արեւելահայ կղերա-աղայական զինակցության թուլացմանն ու դրա ետեւը կանգնած ցարական ռեակցիայի նվազմանը:

Բայց անշուշտ, ընդհանուր-քաղաքական նպատակներից զատ, Նալբանդյանն ուներ նաեւ մասնավոր, սենատական իր գործի հետ կապված շարժառիթներ:

Դատական վճիռներ կայացնելիս հաշվի պիտի առնվեին քննչական օրգանների հավաքած «կարծիքներն» ու պետական նկուղներում կուտակված գաղտնի տեղեկություններն ու բնութագրումները: Նման նյութեր կային նաեւ Նալբանդյանի մասին. Նալբանդյանը գիտեր անշուշտ, որ իր դեմ ուղղված մեղադրանքը կապ չուներ Այվազովսկու քսությունների հետ: Բայց եւ անտեղյակ չէր, որ այս կարգի նյութերը եւս նժարի վրա պիտի դրվեին վերջին պահին: Գիտեր նա, որ համերկրացիները հավաքական դիմումներ էին հղում իր օգտին, որ իր մասին համակրական հոդվածներ էին տպվում արտասահմանյան հայ առաջավոր թերթերում՝ Հնդկաստանում, Թյուրքիայում կամ Ֆրանսիայում: Մասնավորապես, «Մեղու»-ն եւս տեղեկանքներ ու հոդվածներ էր զետեղում իր օգտին: Նալբանդյանը կարծում էր, ըստ երեւույթին, թե արեւմտահայ մամուլի էջերում Այվազովսկու /550/ դեմ լույս տեսնելիք իր պամֆլետը կարող էր որոշ ազդեցություն ունենալ սենատական դատավճռի վրա:

Բոլոր պարագաներում անհրաժեշտ էր, որ ցարական օրգաններն ընկալեին այդ պամֆլետը որպես արեւմտահայ առաջավոր հասարակական կարծիքի արտահայտություն։

  Գրվածքը պիտի շարադրված լիներ այնպես, որ ստացվեր այն տպավորությունը, թե դրա հեղինակը Սըվաճյանն է հենց, որը ներկա դեպքում սպասում էր նաեւ երկրորդ իր եսի՝ Մեչուխեչայի ելույթին:

Նալբանդյանի համար այս կետում չկա անհարիր որեւէ բան: Գրական դիմակավորումը սովորական հնարք էր ռեւոլյուցիոն-դեմոկրատական հրապարակագրության մեջ:

Ճշմարտությունից հեռու չէր «Արշալույս Արարատյան» թերթը, երբ գրում էր հետագայում, թե «Ազգային թշվառություն» հոդվածը, «որ լի է կրյուք եւ ազգային երեւելիները, բեյերը, էֆենդիները եւ հոգեւոր հովիվները չարաչար կպախարակե… կերեւի թե դադարյալ «Մեղու» լրագրին ներշնչությամբը գրվում է» [110]: Հավանաբար, առանց «Մեղու»-ի «ներշնչման» չէ գրվել նաեւ Այվազովսկի վարդապետի դեմ ուղղված պամֆլետը: Բոլոր պարագաներում, եթե «Ազգային թշվառություն» հոդվածի հեղինակը կարող էր թաքնվել Նազարյանցի պիտակի տակ, «Կտոր մը Այվազովսքիաբանության» հեղինակի համար դժվար չպիտի լիներ քողարկվել գաղափարամերձ Սըվաճյանի գրական առագաստով:

Հավանական է կարծել, որ Սըվաճյանը շարունակում էր նամակագրության մեջ լինել բերդում նստած Նալբանդյանի կամ նրա մերձավորների հետ, եւ անհնարին չէ, որ պամֆլետի նյութը շոշափվել եւ նախապատրաստվել էր մասամբ հենց նամակագրության միջոցով: Այս ենթադրության համար որոշ հիմք է տալիս մեզ պամֆլետի մեջ տրված այն ակնարկությունը, թե Այվազովսկու ֆրանսագիր քսության մի օրինակը կա Մեչուխեչայի ձեռքին եւ որ վերջինս «կխոստանա օր մը անոր թարգմանությունը հրատարակել բնագիր ֆրանսերենին հետ»: Հավանորեն Նալբանդյանի կացության մասին «Մեղվում» տպվող քիչ թե շատ ստույգ լուրերը եւս ստացվում էին դարձյալ նամակագրության ճանապարհով:

Նալբանդյանը նույն այս պահին էր հենց նշում Սըվաճյանի հնարները՝ հատուկ ուղերձ հղելով Մեչուխեչային, որը կարողանում էր հաղթահարել ծովերի եւ ցամաքի արգելքները, ամենուր տեսնում ու պատմում ազգի անհամար թշվառությունները…

Սըվաճյանն ըմբռնեց պամֆլետի կարեւորությունը: «Մեղու»-ի հերթական համարը պիտի լույս տեսներ 1864 թ. դեկտեմբերի 30-ին: Սա/551/կայն խմբագիրը չկամեցավ այդքան երկար հետաձգել գրվածքը եւ այն տպեց հանդեսի հերթական համարից դուրս՝ դեկտեմբերի 5-ին, առանձին «Հավելված»-ով: Պամֆլետի հրատարակության այդ եղանակը գրեթե աննախընթաց էր «Մեղու»-ի ողջ պրակտիկայում: Բացառիկ ուշադրության ցույց էր այս դեպի հայ ռեւոլյուցիոն դեմոկրատիայի ղեկավարը, որը ցարական բանտապահների գլխի վրայով անգամ կարողանում էր հատու հարվածներ հասցնել ժողովրդի թշնամիներին:

Կառավարական օրգաններն իսկ համոզվեցին, որ անհնարին է այլեւս թեւարկել Այվազովսկուն, քանի որ այդ քաղաքականությունը լարել էր իր դեմ ոչ միայն ռուսահայ, այլեւ արեւմտահայ լայն շրջանների հասարակական կարծիքը: Իսկ չէ՞ որ արեւմտահայերի համակրանքը գրավելու մտայնությամբ էր հենց տարվել այդ քաղաքականությունը: «Պոլսահայերի ներկա հուզված վիճակում, դեպի մեր կառավարությունը տածված ծայր աստիճանի թերահավատ այն վերաբերմունքի շնորհիվ, որ երեւան են բերում նրանք վերջերս, հազիվ թե հաջողվի Խալիբյան դպրոց գրավել թյուրքահայ պատանիներին, եթե հնարավորություն չտանք հայ եկեղեցուն, ի դեմս հայոց կաթողիկոսի, ըստ կարելույն մեծ ազդեցություն ունենալ այդ դպրոցի վրա, մանավանդ, որ այդ եկեղեցին նշանավոր գումարներ է ծախսել նրա հիմնարկման եւ պահպանման վրա» [111]: Ցարական վիցե-կանցլերի այս կարծիքն է, անշուշտ, որ ստեղծված պայմաններում վճռեց, ի վերջո, նաեւ Այվազովսկու շուրջը հուզված պայքարի ելքը:



[1]     Ե. Լ. Ժ., 1, եր. 354:

[2]     Տե՛ս Ե. Լ. Ժ., I, եր. 444 եւ հետ.:

[3]     Նույն տեղը, եր. 309:

[4]     Ե. Լ. Ժ., I, եր. 309 եւ հետ»:

[5]     Նույն տեղը, եր. 142:

[6]     Նույն տեղը, եր. 354:

[7]     Հմմ. «Ազգասեր», 1845, եր. 67 եւ հետ.:

[8]     Հմմ. «Բանասեր», 1851, N 11, եր. 545 եւ հետ.:

[9]     Տե՛ս Ստ. Նազարյանց, Յաղագս փորձական հոգեբանութեան ճառ, Յառաջաբան, եր. ԻԶ եւ հետ.:

[10]   «Արարատ», 1916, եր. 362 եւ հետ.:

[11]   Ե. Լ. Ժ., III, եր. 47:

[12]   Н. П. Огарев, Избранные социально-политические и философские произведения, т. I, եր. 198 եւ 338:

[13]   Ե. Լ. Ժ., III, եր. 47:

[14]   Նույն տեղը, եր. 50:

[15]   Նույն տեղը, եր. 53:

[16]   Ե. Լ. Ժ., III, եր. 62:

[17]   Նույն տեղը , եր. 52:

[18]   Ե. Լ. Ժ., III, եր. 52:

[19]   Նույն տեղը, եր. 68:

[20]   Նույն տեղը, եր. 53

[21]   Նույն տեղը:

[22]   Լենին, Երկեր, XII, եր. 419 եւ հետ.:

[23]   Նույն տեղը, XVIII, եր. 16:

[24]   Ե. Լ. Ժ., III, եր. 64:

[25]   Ե. Լ. Ժ., II, եր. 310:

[26]   Նույն տեղը, եր. 93։

[27]   Ե. Լ. Ժ., III, եր. 63:

[28]   Նույն տեղը, եր. 70:

[29]   Նույն տեղը:

[30]   Նույն տեղը, եր. 71:

[31]   Նույն տեղը, եր. 78:

[32]   Ե. Լ. Ժ., 111, եր. 72:

[33]   Նույն տեղը, եր. 74:

[34]   Տե՛ս նույն տեղը, եր. 75:

[35]   Н. П. Огарев, Очерк о положении в России, Лондон, 1862, էր. 118:

[36]   Ե. Լ. Ժ., III, Եր. 74:

[37]   Նույն տեղը, եր. 79:

[38]   Ե. Լ. Ժ., 111, եր. 79:

[39]   Նույն տեղը:

[40]   Նույն տեղը, եր. 48 եւ հետ.:

[41]   Ե. Լ. Ժ., III, եր. 46 եւ հետ»:

[42]   Նույն տեղը:

[43]   Նույն տեղը, եր. 74:

[44]   Հմմ. Ե. Լ. Ժ., III, եր. 92 եւ այլուր:

[45]   նույն տեղը, եր. 45:

[46]   Ե. Լ. Ժ., III, եր. 65:

[47]   Նույն տեղը, եր. 45։

[48]   Հմմ. Ե. Լ. Ժ., 111, եր. 41:

[49]   Հմմ. Ե. Լ. Ժ., 1, եր. 360 եւ 440:

[50]   Նույն տեղը, եր. 264:

[51]   Ե. Լ. Ժ., III, եր. 90:

[52]   «Литер. Наследство», NN 41–42, եր. 440:

[53]   Ե. Լ. Ժ., IV, եր. 248:

[54]   Прудон, Война и мир, M., 1864, 1, եր. 10 եւ 19:

[55]   Հմմ. Ե. Լ. Ժ., 111, եր. 29։

[56]   Ե. Լ. Ժ., 111, եր. 30:

[57]   Հմմ. նույն տեղը, եր. 48:

[58]   Հմմ. Ե. Լ. Ժ., 111, եր. 81 եւ հետ:

[59]   Նույն տեղը, եր. 89:

[60]   Ե. Լ. Ժ., III, եր. 67:

[61]   Հմմ. նույն տեղը, եր. 74:

[62]   Նույն տեղը, եր. 78:

[63]   «Երկեր», II, եր. 259:

[64]   C. Rousset, La guerre de Crimée, Paris, 1878.

[65]   Ե. Լ. Ժ., III, եր. 85, ծան.:

[66]   Տե՛ս «Մասիս», 1860, N 463:

[67]   Տե՛ս Ա. Արփիարյանի «Հայաստան եւ Պոլիս» հոդվածաշարը, «Նոր Կյանք», Լոնդոն, 1899, եր. 195 եւ հետ.:

[68]   «Հյուսիսափայլ», 1862, մայիս, եր. 235 եւ հետ.:

[69]   Նորերս «Երկրագործության» մասին 60-ական թվականների թյուրքահայ մամուլыуմ տպված նյութերի հետաքրքիր տեսություն է արել Գ. Ստեփանյանը՝ Հայկ. ՍՍՌ ԳԱ «Տեղեկագրի» 1953 թ. N 11-ում տպած «Մ. Նալբանդյանի «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» աշխատության արձագանքները 1862—1872 թ. թ. տասնամյակում» հոդվածում:

[70]   «Մեղու», 1862, N 165։

[71]   «Մասիս», 1863, N: 618:

[72]   Նույն տեղը, 630:

[73]   Նույն տեղը:

[74]   «Մասիս», 1863, N 630:

[75]   «Ծաղիկ», 1866, N 128:

[76]   «Ծաղիկ», 1866, N 128:

[77]   Նույն տեղը, 1862, N 39:

[78]   «Հայկական նամականի», եր. 101:

[79]   Նույն տեղը, եր) 99 եւ հետ.:

[80]   Նույն տեղը, եր. 155:

[81]   Հմմ. «Հայկական նամականի», եր» 156, մանավանդ, եր. 164 եւ հետ., հեղինակի ազգային-սահմանադրական հայացքների շարադրանքը:

[82]   Հմմ. նույն տեղը, եր. 217 եւ հետ.:

[83]   Նույն տեղը, եր. 4:

[84]   Նույն տեղը, եր. 80:

[85]   Նույն տեղը, եր. 8:

[86]   «Հայկական նամականի», եր. 81. հմմ. նաեւ նույն տեղը, եր. 88:

[87]   Նույն տեղը, եր. 202:

[88]   Հմմ. նույն տեղը, եր. 158 եւ հետ:

[89]   Հմմ. նույն տեղը, եր. 195 եւ հետ., 198 եւ հետ.:

[90]   «Հայկական նամականի», եր159։

[91]   Նույն տեղը, եր. 161 եւ հետ.:

[92]   Այս ֆելյետոնը, թվագրված 1864 թ. հոնվարի 1-ին, տպվել է «Մեղու», 1865, N 263-ում: Տե՛ս նաեւ «Հայկական նամականի», եր. 28:

[93]   «Արեւելյան Մամուլ», 1871, N 1:

[94]   «Փարիզ», 1862, 76:

[95]   «Եղբայրասեր», 1862, N 26:

[96]   Նույն տեղը, 1863, N . Na 33 –36, այլեւ «Սովետական գրականություն», 1941, Ne 8, եր. 82 եւ հետ, որտեղ բերված են այս հոդվածից մանրամասն քաղվածներ:

[97]   «Արշալույս Արարատյան», 1864, N 719:

[98]   ՀՍՍՌ Մատենադարան, Մսերյանի արխիվ, թղթապ. N 205, վավ. N 1138:

[99]   «Ծաղիկ», 1862, . N: 53:

[100]            Նույն տեղը, 1867, N: 145:

[101]            «Մեղու», 1862, եր. 197 եւ հետ.:

[102]            Նույն տեղը:

[103]            Նույն տեղը, 1863, եր. 115:

[104]            Ե. Լ. Ժ., III, եր. 107:

[105]            Նույն տեղը, եր. 108:

[106]            Կեղծանունը կազմված է Խորենացու հիշատակած «արի» Փառոխ եւ «կայտառ» Ցոլակ եղբայրների անուններից (հմմ. Խոր., Ա., 12), ճիշտ այնպես, ինչպես Կոմս Էմմանուել կեղծանունը կազմվել էր Փավստոսի հիշատակած Կոմս եւ Մանվել եղբայրների անուններից (հմմ. Փավստոս, Ե., 37):

[107]            Տե՛ս ՀՍՍՌ ԳԱ «Տեղեկագիր», 1950, . N: 7, եր. 53 եւ հետ.:

[108]            Հմմ. «Մեղու», 1863, N: 221:

[109]            Հմմ., օրինակ, «Մասիս», 1861, N: 602:

[110]            «Արշալույս Արարատյան», 1865, N 767:

[111]            ЦГИАМ, фонд Министер. Иностр. дел, 1869, отд. СПБ, гл. арх. N: 89, թերթ 50բ։