Թագաւորաց ժողով

Հեղինակ

Բաժին

Թեմա
ԹԱԳԱՒՈՐԱՑ ԺՈՂՈՎ «ՀԱՅՈՑ ՀԱՅՐԻԿ»Ի
       Չգիտեմ ինչպէս պատահում էր,
       Թէ ձայն տուին եւ հրաւէր,
       Մեր աշխարհի թագաւորներ
       Ժողվան մի օր եկան մի տեղ,
       Սկսեցին կարգով խօսել,
       Եւ իրարու քէփ հարցնել.
       Արդեօք, ասեն, ամենուս մէջ
       Ո՞վ հանգիստ քուն ունի գիշեր.
       Այնդափ անհուն հոգ, զբաղմունք
       Մի՞թէ տան մեզ անխռով քուն։
       Ասաց առաջ Բրիտանիոյ
       Մեծ տիրապետն Ովկիանու.
       «Իմ քունս խաղաղ է եւ անուշ,
       Ունիմ ահեղ նաւատորմիղ,
       Անպարտելի եմ ի ծովին,
       Ովկիանոսն է իմ պարիսպ.
       Կղզիս փակեր է շրջապատ,
       Իմ բազուկներս պարզեր եմ ես
       Մինչ Հնդիկս եւ Ճենաստան։
       Թէ հալածեն զիս ցամաքէն,
       Ես ի ծովուն լողալ գիտեմ.
       Զերթ Լեւիաթան ջուր փչելով,
       Ողողեմ ես աշխարհ բոլոր։
       Մեծ Նապօլէօն, այն գոռ վիշապ
       Ֆշաց մրցեց ընդ Լեւիաթան,
       Որ իր զօրեղ պոչով ոլրեց
       Տարաւ փակեց Հեղինէ կղզին։
       Թո՛ղ այս բնական իմ զօրութիւն.
       Ես հարուստ եմ այնդափ անհուն,
       Գլուխս դնեմ ոսկի բարձին
       Հանգիստ քնեմ ես ապահով։»
       Կարգն էր ապա Գերմանիոյ
       Խրոխտ ինքնապանծ Կայսերին,
       Ասաց, «Չունիմ ես ոսկեբարձ,
       Ունիմ կրթեալ զինուորութիւն,
       Անպարտելի ահեղ բանակ.
       Ես ցոյց տուի իմ զօրութիւն
       Գերման-Ֆրանս պատերազմին։
       Սոսկ ռազմական չէ զօրութիւնս,
       Գերմանիոյ թագին պարծանք
       Իր գիտութիւնն է հռչակուած։
       Ես քուն չունիմ, շարժուն եմ միշտ.
       Իմ քնարն ի՛նչ է, գիտե՞ք, -
       Կրուպի ահեղ թնդանօթ։
       Քլուխս դնեմ վերէն քնեմ,
       Վստահ լինիմ գիշերն ի բուն։
       Մի ուխտ ունիմ եւ ցանկութիւն,
       Կամիմ յայտնել ի ժողովիս.
       Ո՞ւր է մնացել Արեւելեան
       Հարցն ի վաղուց ժամանակի։
       Վեհաժողովըն Բերլինի
       Խնդիր լուծե՞ց թէ կախ թողեց,
       Վաթսուն եւ մի երրորդ յօդուած
       Հայոց ազգին յոյսն ու հաւատ,
       Կատարեցաւ բանն ի ներհակ.
       Հարիւր հազար հայք զոհուեցան։
       Ոմանք ասեն թէ Թուրքիան
       Հիւանդ է յոյժ առ ի վախճան,
       Ես բժիշկ եմ, թողէք դուք ինձ
       Դարման տանեմ խեղճ հիւանդին,
       Եւ ես կարեմ զայն բժշկել,
       Աշխարհ տեսնայ եւ զարմանայ։
       Բժշկութիւն իմ փորձն այս է.
       Փոքր-Ասիոյ երկաթուղին
       Տանեմ մինչեւ ի Բաբելոն,
       Իմ շահ փոքր է որոշ չափով,
       Իսկ Թուրքիոյ մեծ է, քան զիմ,
       Երկիրն իւր հարստանայ,
       Եւ ժողովուրդ բարգաւաճի.
       Գուցէ այսպէս տակաւ, տակաւ
       Արեւելեան հարցն լուծուի։»
       Լսեցին այս վեհապետք,
       Խոժոռեցան աստի անդի։
       Բանին կարգն է Գաղղիոյ
       Նախագահի հանրապետին.
       Ասաց. «Ես չեմ մեծ թագակիր,
       Այլ պարզ մի մարդ առանց ֆօէրմի,
       Թնգ Նապօլէօն տարաւ իւր հետ.
       Երթայ բարով, չդառնայ ետ։
       Չունիմ մեծ հոգի ինչպէս դուք,
       Իմ պաշտօն կարճ է, համառօտ։
       Բայց նզովեալ արքայասպանք
       Չգիտենք երբէք չարն ու բարին,
       Թէ թագաւոր, թէ հանրապետ
       Գլուխ է, ասեն, պէտք է կտրել.
       Քաղաքակիրթ եղան ազգեր,
       Էլ չեն պիտոյ գլուխ եւ թագեր։
       Ես չունիմ քուն, փախեր է քունս,
       Երբ յիշում եմ բարի Կարնօն։
       Մի բան էլ կայ, ո՛չ միայն ես,
       Այլ եւ բոլոր ազգ Գաղղիոյ
       Անքուն առնէ, տանջէ հոգին,
       Աւա՜ղ, չկարեմ արտասանել...
       Ալզաս-Լօրէնն է այդ բան։»
       Օ՜, խոժոռեցաւ Գերման կայսր։
       Խօսք առեց հին պետութեան
       Աւստրիոյ Յովսէփ կայսր.
       «Ես էլ ունիմ շատ պատճառներ,
       Որ չտան ինձ քուն ու հանգիստ,
       Միահատիկ որդիս մեռաւ
       Չեղեւ թագին, ո՜հ նա ժառանգ։
       Թագուհիս իմ աննման
       Սպանեցին վատ դաւաճանք,
       Թողում այս ցաւ ընտանեկան,
       Որ հատանէ քուն իմ աչացս։
       Երկիր ունիմ ես բարեշէն,
       Որ չէ կազմեալ մի ազգ մի ցեղ,
       Այլ մի խառնուրդ այլալեզու
       Միշտ հակառակ կան իրարու,
       Քաղաքակիրթ, բայց Բաբելոն։
       Քանի՜ ՜անր է եւ դժուարին
       Ղեկավարել հակառ ազգեր,
       Միայն Աստուծոյ ձեռն է կարող,
       Որ հակառակ տարերք վարէ։
       Դուք գիտէք եւ վկայ էք,
       Իշխանութիւնս է հայրական.
       Ես չկամիմ բնաւ երբէք,
       Որ բռնութիւն դնեմ ի գործ.
       Ծերագոյն եմ եւ փորձառու,
       Գիտեմ ես քաջ թէ բռնութիւն
       Ծնանի զայլ իմն ըզբռնութիւն,
       Հաւատացէք, ո՜վ թագաւորք,
       Ես պատմութիւն բերեմ վկայ։»
       Հիւսիսային մեծ պետութեան
       Գահակալին էր բանին կարգ.
       Ասաց. «Ունիմ լայնածաւալ
       Աշխարհ անեզր ու անսահման.
       Ուր ես կամիմ, դընեմ գլուխս
       Եւ քուն լինեմ իբրեւ առիւծ,
       Որ կայ ի քուն եւ արթուն է։
       Եւ ո՞ կարէ վրդովել քունս,
       Բիւրաւոր քաջ կազակներ
       Ինձ պահապան կան առ դրունս։
       Մեծ Նապօլէօն մտաբերեց,
       Մինչ Մոսկուա արշաւել,
       վտանգեցաւ, ստրկացաւ,
       Միջակոտոր դարձաւ յետս։
       Էնվալիդի գերեզմանէն
       Եթէ լսէ, թէ Գաղղիա
       Դաշնակից է Ռուսիոյ,
       Հին ոսոխին եւ թշնամոյն,
       Խռովեն անշուշտ ոսկերոտիք,
       Բողոք բառնան առ հայրենիք։
       Է՜, ժամանակ, ժամանակ,
       Որ փոփոխէ զամենայն ինչ.
       Ոսոխն առնէ դաշնակից։
       Բայց խօսեմ ձեզ, ո՜վ թագակալք,
       Արեւմուտքէն, Եւրոպայէն
       Չունիմ բնաւ երկիւղ կասկած,
       Այլ իմ վախն է Արեւելք,
       Ճենաստա՜ն է, Ճենաստան,
       Որ հատանէ քուն յաչացս։
       Ո՞վ գիտէ գայ ժամանակ,
       Որ զօրանայ ազգ Ճենաց,
       Քաղաքակիրթ լինի մեզ պէս,
       Վարժեալ ի զէն եւ պատերազմ.
       Կազմէ ահեղ զօրաբանակ
       Եւ ջրհեղեղ լինի, յորդէ
       Արեւելքէն մինչ Արեւմուտք,
       Համայն աշխարհ իմ ողողէ
       Մանջուրիայէն մինչ Նեւա գետ.
       Մայրաքաղաքն իմ Պետերսբուրգ.
       Եւ ո՞վ կարէ թում քաշել դէմ,
       Մանջուրան է իւր ճանապարհ։
       Չթողու՞ արդեօք, որ ես գրաւեմ
       Մի ահեղ թումբ քաշել իր դէմ։
       Ապագայինայս մեծ վտանգ
       Մտաբերեմ, սոսկամ այժմէն,
       Հոգածութիւն զիս խռովէ,
       Քուն եւ հանգիստ բառնալ յինէն,
       Չէ՞ք հաւատար դուք այս բանին,
       Փոքրիկ Ճաբոնն է ապացոյց»։
       Սուլթան խալիֆ Թուրքիոյ թագ
       Ասաց. «Ո՜վ դուք աշխարհակալք,
       Ինձ կարգ տուէք ես էլ խօսեմ,
       Մի՞թէ դուք զիս փոքր համարէք,
       Զաւակ եմ ես Իսմայէլի,
       Աբրահամու ճիշտ սերունդէն.
       Ու՞մ խոստացաւ Տէր Աստուած մեր
       Զաւակներուն տալ բաժին.
       Պատգամ տուաւ հրեշտակին,
       Հրեշտակ խօսեց խեղճ Հագարին,
       Թէ Իսմայէլ մեծ ազգ լինի,
       Տիրէ ազգաց եւ աշխարհի,
       «Ձեռք նորա յամենեսին,
       Ամենեցուն ձեռքն ի նա»։
       Ո՜վ թագապանծ իշխանք երկրի
       Գիտէ՞ք արդեօք պատգամին միտք,
       Ձեռք ձեր քարշեն զիս չորս կողմէն,
       Իմ ձեռք բռներ ձեր օձիքէն,
       Քարշեցէք որչափ կամիք,
       Եւ ես անշարժ մնամ ի կեդրոն
       Չնաշխարհիկ Բիւզանդիոն,
       Վա՜յ աւուրն, որ միանաք
       Զիս մի կողմէն քարշէք ի բաց,
       Այդ յաւիտեան դուք չէք տեսնար.
       Իմմ այս բաժին Աստուած է տուեր,
       Ընդէ՞ր հապա դուք նախանձիք,
       Միթէ կարէ՞ք ջնջել պատգամ։
       Ունիք եւ դուք մեծ-մեծ բաժին,
       Գիտեմ ես քաջ ի՛նչ է ձեր միտք,
       Գուցէ կարծէք Թուրքիոյ կեանք
       Ծերացեր է, մօտ է ի մահ,
       Մի՞թէ սպասէք դուք այն աւուր,
       Դրախտի նման հարուստ երկիրս
       Բաժին-բաժին անել ձեր մէջ։
       Քանի՜ դժուար է, դուք գիտէ՞ք
       Երբ խնդնր կայ բաժնել վերէն,
       Որ առիւծն է եւ զօրաւոր,
       Բաժին խնդրէ մեծ-մեծ կտոր։
       Աստ է յայնժամ կռիւ, պայքար,
       Արիւնահեղ գոռ պատերազմ,
       Եւ ի՞ւ լինի վախճան կռւոյն,
       Այս է միայն-ուրիշ ոչինչ.
       Արաբիոյ մեծ խալիֆան
       Թողուլ իւր գահ Բիւզանդիոն,
       Խաղաղութիւն լինի աշխարհ։
       Հարցէք դուք այժմ, հանգի՞ստ է իմ քուն։
       Օրհնեա՜լ է Աստուած, խոր է իմ քուն,
       Ես հաւատամ ճակատագրին.
       Ինչպէս Աստուած կամի յերկինս,
       Այսպէս լինի երկրիս վերէն
       Բանին սկիզբն եւ իւր վախճան։
       Բայց դուք ընդէ՞ր վրդովէք քունս
       Արեւելեանհարց հանելով,
       Ես ուրախ եմ եւբաղդաւոր,
       Անցաւ յինէն դժպատեհ հարց,
       Գնաց մտաւ ի Ճենաստան,
       Ո՞ տայր, որ անդ կենար մնայր,
       Կրկին ի յետ չդառնար։
       Բայց թէ դառնայ էլ, չէ ինձ փոյթ։
       Փորձուելով, փորձուելով
       Ես լաւ ուսայ զփոլիթիկ.
       Գիտեմ ինչպէս պէտք է վարուել։
       Իմ գանձարանս թափուր է միշտ,
       Չունեմ գլխոյս ոսկէ բարձիկ,
       Կամ թնդանօթ այն Կրուպի։
       Բայց ես ունիմ պատրաստ բարձեր,
       Ժամանակին հետեւելով
       Ըզմինն ընտրեմ, դնեմ գլխոյս,
       Եւ ապահով ննջեմ ի քուն։
       Թէ ժամանակ, թէ փոլիթիկ
       Երբ փոփոխեն աշխարհիս,
       Յայնժամ փոխեմ բարձն իմ գլխոյս,
       Ընտրեմ յաւէտ յարմարագոյն։
       Բարձերուն վարձ ահագին է
       Ժամանակէն բռնադատեալ.
       Զոր չկամիմ, ո՜հ, զայն առնեմ,
       Այս է միայն իմ փոլիթիկ
       Ժամանակին հետեւելով։
       Զարմացան ողջ թագակիրք.
       Կեցցէ՜, ասեն, Սուլթան խալիֆ
       Քաղաքագէտ է քան զմեզ։
       Վերջնական կարգն էր Պելճիոյ
       Փոքրիկ րկրին, փոքրիկ թագին,
       Այլ նա մեծ էր եւ իմաստուն,
       Սողոմոնի պէս էր խօսում։
       Լուարուք ինձ թագաւորք.
       Ո՞վ ետ ձեզ այդ իշխանութիւն.
       Եթէ ասէք` յերկնուստ է այն.
       Եւ հաւատք` թէ կայ մի տէր,
       Նա Աստուած է ամենիշխան,
       Եւ թագադիր է ձեր գլխուն,
       Ձեզ յանձներ է այս մեծ աշխարհ
       Վարել, դատել արդարութեամբ,
       Եւ դուք ունիք համար տալու
       Դատաստանի օր պահանջման։
       Ի՞նչ է ան որ մեծաբանէք.
       Մինն պարծի ոսկի բարձով,
       Միւսն Կրուպի թնդանօթով,
       Այլ ոմն աշխարհ իւր ընդարձակ
       Համարի իւր ապաստան,
       Չասէք ոչինչ թէ Աստուծով։
       Թագաւորէք երկրիս վըրայ։
       Գանգատ բառնաք` թէ քուն չունիք,
       Հէ՞ ապա դուք անքուն առնէք
       Եւ չարչարէք խեղճ ժողովուրդ.
       Ասացէք ինձ, ո՞վ վեհապետք,
       Թէ ու՞մ վրայ է հաստատուն
       Ձեր գանձ, աթոռ եւ տէրութիւն.
       Դուք կարծում էք թէ գանձ աթոռ
       Կարէ ինքնին կալ հաստատուն.
       Թէ չունիցի նա պատուանդան
       Հաւատարիմ իր ժողովուրդ,
       Որ անձնուէր է թագաւորին.
       Եթէ շարժի եւ կամ խախտի
       Ձեր աթոռի ամուր խարիսխ,
       Ո՜հ, կործանի գահն ու աթոռ
       Եւ թագաւորն թագն ի գլուխ։
       Աշխատեցէք, ո՜վ վեհապետք,
       Ձեր պատուանդան հաստատ պահել
       Հաւատարիմ ժողովրդով։
       Քանի որ կայ մեր այս աշխարհ.
       Պիտոյ է միշտ աշխարհավար,
       Թագաւոր ժողովրդին
       Եւ ժողովուրդ թագաւորին։
       Երկու դասն ի միասին
       Կազմեն մի կեանք համերաշխ,
       Աստուածադիր է այս կարգ,
       Մարդ չկարէ փոփոխել զայն։
       Ներողութիւն, ո՜վ մեծ իշխանք,
       Դուք խօսեցիք իւրաքանչիւր
       Թէ ինչ բարձեր են ձեր գլխոյն,
       Որով հանգիստ լինիք ի քուն։
       Արդ ես ասեմ, ինչ է իմ բարձ,
       Գուցէ խնդաք եւ զարմանաք,
       Պելճիոյ հեզ թագաւորին
       Ժողովուրդի սիրտն է իւր բարձ,
       Ուր ես գլխիկս դնեմ խաղաղ,
       Թագ հրեշտակին տամ առ ի պահ,
       Եւ ես ննջեմ հանգիստ, անվախ,
       Ժառանգութեան իմ այս երկիր
       Ես հեզութեամբ ժառանգում եմ,
       Կարծեմ արդար է իմ այս բան,
       Ըստ Քրիստոսի երանութեան։
       Մի բան ունեմ, վերջին է բանս,
       Զայն չկարեմ ես մոռանալ,
       Բանս արդար է եւ ճշմարիտ
       Եւ թագերուդ է մեծ պարտքի։
       Թէ առնիցէք, երջանիկ էք
       Դուք եւ ձեր ողջ հպատակներ։
       Ցանկալի է, յոյժ ցանկալի,
       Խաղաղութիւն մեր աշխարհին,
       Խաղաղութիւն թագաւորաց,
       Խաղաղութիւն ժողովրդին.
       Խաղաղութիւն հրեշտակ երկնից
       Խաղաղութիւն բերաւ աշխարհ,
       Խաղաղութիւն թողուց աւանդ,
       Ո՜հ, կորուսաք խաղաղութիւն.
       Քա՜ւ, մի՜թէ մենք ամբարիշտ եմք։
       Հերիք այսքան մեծութեան տենչ,
       Բաւ եւ շատ է, սահման դրէք,
       Հերիք անթիւ զէնք ու բանակ,
       Զինուորական տուրք անքանդակ
       Ժողովրդի բառնալ քամակ,
       Բարդելով բեռըն ծանրագոյն
       Անտանելի եւ դժնդակ,
       Ազգեր ողջոյն հեծեն ողորմ,
       Բողոքում են մինչեւ յերկինս։
       Մի՞թէ կարծէք արդար Աստուած
       Անտես առնէ իւր դատաստան։
       Բաւ է, դրէք սուրն ի պատեան,
       Ողջունեցէք խաղաղութիւն։
       Յոտին կացեալ աշխարհապետք,
       Կեցցէ՜, ասին Պելճիոյ թագ,
       Նա բան խօսեց ճշմարտութեամբ,
       Աւետարանն էր իւր բերան,
       Բայց մենք դառնամք ի մեր բան...
       ՀԱՅՈՑ ՀԱՅՐԻԿ Ի Ս. ԷՋՄԻԱԾԻՆ գրեց այս բան։