Հայագիտական հետազօտութիւններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՇԱՀԱՄԻՐ ՇԱՀԱՄԻՐՅԱՆՆ ՈՒ ՀՆԴԿԱՀԱՅՈՑ ՀԱՄԱՅՆԱԿԱՆ  ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ XVIII ԴԱՐՈՒՄ 

Ա

/255/ Հայ հանրային մտքի պատմության մեջ նոր դարագլուխ է սկսվում XVIII դարի 70-80-ական թվականներին լույս տեսած հնդկահայ հրատարակություններով։ 

Սրանք հին իշխող դասակարգի աշխարհիկ ու հոգեւոր կալվածատիրության փոխարեն պատմության նախաբեմը ելած հայ «երրորդ դասի» իդեոլոգիական անդրանիկ արտահայտություններն են: Այս պատճառով էլ, հակառակ այն համատարած մոլար կարծիքի, թե հայ նոր գրականությունն առաջ է եկել XIX դարում, եւ սրա արեւելահայ հատվածի հիմնադիրներն են Խ. Աբովյանն, Ս. Նազարյանը, Ռ. Պատկանյանը, Մ. Նալբանդյանն ու ընկերները, պետք է պնդել, կրկնել ու երեքկնել, թե հայ նոր գրականության, այսինքն՝ բուրժուական-դեմոկրատական գրականության հիմնադրումը հարկավոր է հաշվել հնդկահայ հայտնի գրքերից ու հեղինակներից, որոնք ֆրանսական մեծ հեղափոխությունից էլ առաջ արտահայտել են եւ ջատագովել «երրորդ դասի» մտքերն ու իդեալները՝ գրելով հայ հանրային նշանավոր հարցերի մասին ընդհանրապես եւ մեր երկրային-պետական ու քաղաքային համայնական կազմակերպությունների էության ու ձեւերի մասին առանձնապես

Հայոց գրականության ու տպագրության պատմությունը գրողներին մինչեւ այժմ հայտնի են եղել Հնդկահայ այս կարգի հրատարակություններից երկու ամենանշանավորը— «Հորդորակն» [1] ու «Որոգայթ փառացը» [2]: Հիմա մեր ձեռքին է մի հազվագյուտ օրինակ, եւ մենք հնարավորություն ունենք սրանց վրա ավելացնելու մի երրորդ մեծարժեք գրքույկ էլ՝ «Նշավակը», որը մինչեւ այժմ անծանոթ է մնացել

Գրական-պատմական ակնարկիս նպատակն է՝ նախ պարզել, թե ինչ դեր է ունեցել հնդկահայ կյանքում «Նշավակը», ո՞վ է նրա հեղինակն ու  /256/  ապա մատնանշել այն տեղը, որ պետք է հատկացնել հիշյալ գրքույկին մեր հանրային մտքի պատմության մեջ

Բ 

«Նշավակի» լրիվ վերնագիրն է

«Տետրակ որ կոչի Նշաւակ վասն կառավարելոյ ինչս որբոց եւ առանց կտակ ննջեցելոց. ի հայրապետութեան Տեառն Սրբազ: սն Ղուկասայ ամենայն Հայոց Կաթուղիկոսի ի Վաղարշապատ. ի թագաւորութեան Տեառն Երկրորդ Հերակլիոսի Բակրատոնու ի Թիպղիս. յամի տեառն փրկչին մերոյ Քրիստոսի 1783, ի թուականութեան Հայոց 1232. ի Հնդիկս ի մայրաքաղաքն Մադրաս, ի Տպարանի Յակոբայ Շահմրեանց կոչեցելոյ»

Գրքույկը, որ ունի 80 էջ, Շահամիրյանի հրատարակությունների դիրքով է, նրանց թղթով, տառերով, նրանց նման սխալաշատ եւ նրանց հատուկ կաշեկազմով, 21-րդ եւ 80-րդ էջերում տպված է Շահամիրյանի արհեստանիշը— կշեռք քարերով, թանաքաման ու գրիչ, գազ ու մկրատ եւ այլն: 3-5 էջերը բռնում է «նախերգանք առ ընթերցօղքն», 7–72 էջերը՝ Մադրասի հայ գաղութի համայնական ինքնավարության կանոնադրությունը (Ա— ԿԵ «հատոր» կամ հոդված) «Կարգադրութիւն Մադրասի հայոց վասն կառավարելոյ ինչս որբոց եւ առանց կտակ ննջեցելոց» վերնագրով, 73-76 էջերը՝ «Վերջաբանութիւն տետրակիս» եւ վերջապես 77-80 էջերը՝ «ցանկ տետրակիս, որում ցուցանէ իւրաքանչիւրի թխտահամարն»

Հետաքրքրական են «վերջաբանության» հետեւյալ տողերը.

«Տետրակս տպեցաք քառասուն յատ՝ ծախիւք Մադրասիս հայոց եւ բաշխեցաք սնդիկին որբոց մերոց եւ գին սորա նշանաւորեցաք ֆի մին տետրակն հինգ յատ Մադրասիս աստխով հուն... այսպէս կատարեցաւ գործս այսօր ի Հնդիկս ի ափն Ովկիանոսի ի Կօրմանտէլ ի մայրաքաղաքն Մադրաս յամսեանն օգոստոսի 15: Յամի տեառն փրկչին մերոյ Քրիստոսի մին հազար եօթն հարիւր ութսուն եւ երեք 1783» եւ այլն

Սրանից իմանում ենք, որ «Նշավակի» տպագրությունն ավարտվել է 1783-ի օգոստոսի 15-ին, հրատարակվել է 40 օրինակ միայն, գինը նշանակված է եղել 5 հուն (աստղով), որն այն ժամանակվա ռուսական ստակով կանի մոտ 5 դ. 83 կ. [3], եւ բոլոր օրինակներն էլ դրվել են Մադրասի հայոց այն կենտրոնական հիմնարկի տրամադրության տակ, որը կոչվում էր «Սնդուկ որբոց»

Գ

Թեեւ «Նշավակն» անծանոթ է մնացել հայ դպրության ու տպագրական գործի պատմությունը գրողներին, բայց մեր գրական աղբյուրների մեջ եղել են հիշատակություններ այս գրքույկի մասին: Այսպիսի հիշատակություններ կարող ենք մատնանշել առայժմ երեք տեղ

/257/  1. Ղուկաս կաթուղիկոս Կարնեցին 1792 թ. օգոստոսի 16-ին գրում է Շահամիր Շահամիրյանին. «Նշաւակ կոչեցեալ գրքուկն ... քանի ամօք յառաջ ընկալեալ եմք եւ ազնուոյդ եւս միամտութիւն գրեալ» [4]

2. Մադրասի «Ազդարար» լրագրի 1795 թվականի նիրհն ամսվա (փետր. 14-մարտ 15) համարի 82-րդ էջում տպված է Մադրասի որբոց դպիր (= քարտուղար— Թ. Ա. ) Գրիգոր Հովհաննես Գուլամիրի 1795 թ. հունվարի 1-ին գրած պաշտոնական հայտարարությունը, որով նա «հրամանաւ պարոնաց կառավարչաց որբոց Մադրասիս Հայոց» առաջարկներ է անում «ըստ կարգադրութեան տետրակին անուանեալ «Նշաւակ» [5] ։ 

3. «Նոր Ջուղայու պատմության» Ա. հատորում մեջ է բերված Մադրասի հայոց 1793 թվականի օգոստոսի 17-ին կայացած հասարակական ժողովի արձանագրությունը, որտեղ իբրեւ օրենսգիրք մատնանշված է «Նշավակը» հետեւյալ բառերով. «Ունիմք աւանդութիւն ի «Նշաւակ» գրքէ օրինացն կառավարելոյ որբոց Մադրասիս Հայոց» [6]

Սակայն «Ազդարարի» ու «Նոր Ջուղայու պատմության» մեջ բացի «Նշավակ» գրքույկի անվան հիշատակությունից, ուրիշ կարեւոր տեղեկություններ էլ ենք գտնում։ 

«Նշավակի» 76-րդ էջի վերջին տողերից երեւում է, որ Մադրասի հայ համայնքի ինքնավարության այս կանոնադրությունը պետք է գործադրվել՝ սկսեր 1784 թվականի սկզբից. «Տետրակս տպեցաք ... որ սկսանի ի գործ՝ վեցերորդ առաջի մեր ամսուն յունվարի յամի տեառն մին հազար եօթն հարիւր ութսուն եւ չորս 1784 եւ ի թուականութեանն Հայոց 1233»։

«Նոր Ջուղայու պատմության» առաջին հատորում բերված արձանագրությունից իմանում ենք, որ Մադրասի հայոց ինքնավարությունը վաղուց արդեն գոյություն ունի. 1792 թվականի սեպտեմբերի 3-ին տեղի է ունեցած եղել «Հասարակաց երեսուն եւ երկուերորդ ժողովը, որի հաջորդ ընդհանուր ժողովը լինում է 1793 թ. օգոստոսի 17-ին: Այստեղ կարդացվում են ստացված մի շարք պաշտոնական գրություններ, խոսվում եւ կարգադրություններ են արվում ոչ միայն Մադրասի, այլեւ բոլոր հնդկահայոց ու նույնիսկ նոր ջուղայեցոց վերաբերմամբ: Արձանագրության մեջ հիշված են «սնդուկն որբոց: Մադրասիս Հայոց» [7], «կառավարիչք որբոց Մադրասիս Հայոց [8] ու Հարութիւն Տէր Խաչատուր(եան— Թ. Ա. դպիրն որբոց Մադրասիս Հայոց» [9]: Ընդհանուր ժողովը կոչվում է «ատեան հասարակ յաւաքեալ ժողովրդոց»: Արձանագրությունը ժամանակին տպված է եղել (Մադրաս, 1793) [10], որից եզրակացնում  /258/  ենք, որ ուրիշ ժողովների արձանագրություններն էլ էին տպվում։ Արձանագրության տակ ստորագրել են նշանավոր ժողովականները, եւ նրանց մեջ առաջին տեղում յուր ստորագրությունը դրել է «ծառայ Շամիր Սուլթանումյան» [11], որ Շահամիր Շահամիրյանն է:

«Ազդարարից» տեղեկանում ենք, որ 1795 թվականի նիրհան 9 երեկոյն ու նիրհան 10 երեկոյն (մարտի 22-ին ու 23-ին) գումարվել է «ժողովն տարեկան ըստ սովորութեան Մադրասիս Հայոց»: «Ժողովն էր ըստ սովորութեան զարդարեալ ամենայն քահանայիւք եւ ծերօք քաղաքիս եւ գրեթէ բովանդակ ազգիւս յայսմ տեղւոյ, բաց ի յոմանց տկարաց»: Ժողովում 1794 թվականի գործունեության մասին զեկուցում է տալիս հին տարվա գլխավոր «կառավարիչ» պարոն Սեթ Մամը, որի հրաժարվելուց հետո ընտրվում են՝ առաջին կառավարիչ՝ պրն. Ավետ Սեթյանը, երկրորդ կառավարիչ՝ պրն. Պետրոս Տեր Հովհաննեսյանը), երրորդ կառավարիչ՝ պրն. Հարություն Հակոբն ու «դպիր, այսինքն՝ գրագիր որբոց»՝ պրն. Գրիգոր Հովհաննէս Գուլամիրը՝ մինչեւ 1795 թ. դեկտ. 31-ը տեւելիք լիազորությամբ [12] ։ «Ազդարար»-ի մեջ տպված է որբոց դպիր Գուլամիրի մի երկրորդ հայտարարությունն էլ, 1795, փետր. 26 թվակիր [13], որտեղ փոխանակ «Նշավակի» անունը տալու՝ առաջարկներ է անում «ըստ սովորութեան կարգադրութեան որբոց Մադրասիս Հայոց»: Այստեղ «կարգադրութիւն» բառի տակ պարզապես հասկացվում է «Նշավակը», որ, ինչպես վերեւում տեսանք, իրոք պարունակում էր «կարգադրութիւն Մադրասիս Հայոց»

Այս բոլորը ցույց են տալիս, որ «Նշավակը» ոչ թե մի սովորական գրական երկ է եղել՝ ծառայելով լոկ իբրեւ ընթերցանության գիրք, այլ մարմնացել է կյանքում։ Նրա հետեւանքն է եղել Մադրասի (ու հնդկահայոց) համայնական ինքնավարությունը, որ հարատեւել է տասնյակ տարիներ: Եվ «Նշավակը» եղել է XVIII դարում երեւան եկած այս ինքնավարության գործող իրավունքը, «կարգադրությունը», «Положение»-ն

Դ

Ո՞վ է «Նշավակ»-ի հեղինակը։

Սրա անունը գրքի վրա տպված չէ, եւ մենք նրան գտնելու համար առաջ պետք է բանանք մի ուրիշ խճճված կծիկ

Այս կծիկը «Հորդորակի» ու «Որոգայթ փառացի» հեղինակի կամ թե հեղինակների հարցն է, որ XVIII դարից սկսած՝ գրական ոլորտների տարաձայնությունների առիթ է դարձել եւ մնացել մինչեւ օրս: Կա մի կարծիք, թե «Հորդորակի» հեղինակը Շահամիրյանների ընտանիքում ուսուցչություն անող Արցախեցի Մովսես Բաղրամյանը կամ Բարաղամյանն է, իսկ «Որոգայթինը»՝ Հակոբ Շահամիրյանը: Կա մի ուրիշ կարծիք, թե այս երկու գիրքն էլ Հակոբ Շահամիրյանի գրածն է: Վերջապես կա մի կարծիք էլ, որ Մովսես Բաղրամյանն է հեղինակը թե «Հորդորակի» ու թե «Որոգայթի»

/259/  Թեեւ 150-ամյա այս գրական առեղծվածը մեր մի ուրիշ, տակավին անտիպ աշխատության նյութն է կազմում, բայց եւ այնպես մենք այստեղ կնշենք չի քանի իրողություններ, որոնք մի քիչ պարզում են այս շփոթը եւ մեզ հնարավորություն տալիս որոշելու նաեւ, թե ով է գրել «Նշալակը»

1. «Հորդորակի» վրա պարզ գրված է, որ սրա հեղինակը Մովսես Բաղրամյանն է («աշխատութեամբ Մովսեսի Բաղրամեան»), իսկ Հակոբ Շահամիրյանը եղել է հրատարակիչը («տպագրեցեալ ջանիւք եւ ծախիւք Յակոբայ Շահամիրեան»

2. «Հորդորակն» ու «Որոգայթը» միեւնույն գրչի արգասիք չեն. «Հորդորակի» լեզուն տանելի գրաբար է, իսկ «Որոգայթինը»՝ մի անգրագետ, մախառոնիկ լեզու՝ գրաբարի լոկ կերպարանքով։ Բացի սրանից, «Հորդորակի» հեղինակը լավ ծանոթ է ոչ միայն հայոց պատմությանն, այլեւ Հայաստանի աշխարհագրությանն, այնինչ նույն բանն ամենեւին չի կարելի ասել «Որոգայթը» շարադրողի մասին

3. Եթե «Հորդորակն» ու «Որոգայթը» միեւնույն հեղինակի գրական արտադրանք չեն, եւ «Հորդորակը» Բաղրամյանի գրածն է, ապա պարզ է, որ «Որոգայթը» նրան վերագրել չի կարելի։

4. «Որոգայթի» վրա գրված է, թե այս գիրքը տպագրված է 1773 - ին։ Այսպես էլ մինչեւ օրս ընդունել են բոլորը: Սակայն այս մի գրական կեղծիք է։ «Որոգայթը» գրվել եւ հրատարակվել է շատ տարիներ հետո։ Ահա գլխավոր ապացույցները

ա) Նախ անախրոնիզմ է իբր 1773-ին արված այն հիշատակությունը, որ վերաբերում է Գեւորգ Վաշինգտոնի ապստամբությանը

«Եւ այժմոյս լսեմք բորբոքում նոր, այսինքն ոմն իմաստուն Վաշինկթան անուամբ ի յազգէն Բրիթանիացուց, ծնեալ ի ամէրիկ, որում պահպանիւր ի մեծի բրիթանիացուց, սա՛ հակառակել տերանց եւ ժողովեալ հասարակութենէ ժողովրդոց ամէրիկու զօրք բազում, ջանայ եւ աշխատի գտնիլ ազատութիւն եւ լինիլ անհնազանդ ումեքէ. թէպէտ կատարածն բանին դեռ եւս ո՛չ երեւեցաւ թէ զինչ լինելոց, այլ ցանկութիւն սրտի ամերիկացուց բնական է ի բնութեանս մարդոյ, քանզի ո՛չ գոյ ի յերեսս երկրի ոչ ոք առաւել քաղցրութիւն ի թոշակս մարդոյ, քան թէ ազատութիւն»: («Որոգայթ», 138):

Հանրահայտնի է, որ Վաշինգտոնը Ֆիլադելֆիայի կոնգրեսի պատգամավոր է ընտրվել 1774-ին եւ մեկ տարի հետո միայն, այսինքն՝ 1775-ին է նշանակվել Ամերիկայի ազատագրական բանակի գլխավոր հրամանատար՝ այս պաշտոնում մնալով մինչեւ 1783 թվականը:

բ) «Որոգայթի» մեջ հիշված է Պարսկաստանի միապետ Քարիմ խանի մահը («Քարիմ խան... տիրապետեաց բոլոր Պարս, Արաղ, Ատրպատական աշխարհ եւ... իբրեւ թագաւոր բնական մահուամբ վաղճանեցաւ») [14], որ տեղի է ունեցել... 1779 թվականին [15] ։ 

/260/  գ) Շահամիր Շահամիրյանի մի նամակում, որ սա 1787 թվականի հոկտեմբերի 15-ին գրել է Հերակլ Բ-ին, պարզ ասված է, թե այս միջոցին «Որոգայթը» դեռ տպված չէ եղել. «Տետրակն անուանեալ «Որոգայթ փառաց»` շարադրեալ վասն ազատութեան ազգին հայոց... ես ոչ իշխեցի տպել... վասն եւ որոյ ձեռագիր երիս օրինակօք միայն ելանոյ է» [16]:

դ) 1783 թվականին լույս տեսած «Նշավակը» Ղուկաս Կարնեցուն ուղարկելուց հետո Շահամիր Շահամիրյանը նույն կաթուղիկոսին գրում է 1789 թվականի նոյեմբերի 1–ին, թե սրան ուղարկել է «Որոգայթ փառաց» անունով նորատիպ գիրք. այս առթիվ Կարնեցին գրում է. «Գիտասջիր եւ զայս, ազնիւ սիրելիդ իմ, զի զոր գրեալ էիր, թէ զմի նորատիպ գիրք իցես յղեալ առ մեզ՝ անուանեալ «Որոգայթ փառաց». թուեցավ մեզ, թե «Նշաւակ» կոչեցեալ գրքույկն իցէ, զոր քանի ամօք սռաջ ընկալեալ եմք եւ ազնուոյդ եւս միամտութիւն գրեալ, բայց թէ այլ ուրիշ գիրք իցէ «Որոգայթ փառաց», տակավին առ մեզ չի հասեալ» [17]

Այս տվյալներից հետո անհնարին է պնդել, թե «Որոգայթը» գրվել եւ լույս է տեսել 1773-ին: Տպագրության ստույգ թվականը սահմանելը մնում է ապագային: Առայժմ մի բան կարելի է հաստատապես ասել, որ այս գիրքը լույս է տեսել Հերակլ թագավորին ու Ղուկաս կաթուղիկոսին ուղղած նամակների թվականների արանքում, այն է՝ 1787 թ. հոկտ. 15-ից մինչեւ 1789 թ. նոյ. 1-ն ընկած ժամանակամիջոցում:

5. Եթե «Որոգայթի» մեջ հիշատակված ենք գտնում Քարիմ խանի մահը, որ տեղի է ունեցել 1779-ին, եւ այս գիրքը տպագրվել է 1787 15|1I—1789 1/XI ժամանակամիջոցում, ապա ակներեւ է, որ այն չէր կարող լինել գործը Հակոբ Շահամիրյանի, որը մեռել էր 29 տարեկան հասակում 1774 թվականի հուլիսի 7-ին Մալաքա թերակղզու Մալաղա քաղաքում, որտեղ եւ վերջերս հայտնագործված է նրա շիրիմը սրտաշարժ տապանագրով [18] ։ 

6. Որ Հակոբ Շահամիրյանը չէ «Որոգայթի» հեղինակն, այս ապացուցվում է նաեւ հետեւյալով. 1775 թվականին Մադրասում լույս տեսած «Պատ/261/մություն մնացորդաց հայոց եւ վրաց» գրքի առաջաբանում Հակոբ Շահամիրյանը հիշվում է մեռած, եւ նրա արած գործերի շարքում չկա «Որոգայթի» անունը: Հակոբի եղբայր Եղիազարն այսպես է հիշում նրա մասին. «Լուսաւորեալ հոգի եղբայրն իմ աւագ Յակոբոս Շամիրեանն ... յառոյգ եւ յերիտասարդական տիս փոխեալ ի կենաց աստի առ Արարիչն իւր՝ զիւրն թողլով յիշատակութեան արժանին զՏետրակ իմն՝ յորջորջեալն Յորդորակ» [19]: Եվ ուրիշ ոչինչ:

Եթե Հակոբը «Որոգայթի» նման մի նշանավոր երկ արտադրած լիներ, նրա փոքր եղբայր Եղիազարն ու նրա ուսուցիչ Մովսես Բաղրամյանը նրա թարմ շիրմի առաջ չէին զլանալ անվանել նրա գլխավոր գործը

Անտարակույս է, որ 4-րդ, 5-րդ ու 6-րդ կետերում մեր բերած առարկու թյունները վերջնականապես օդն են ցնդեցնում Հակոբ Շահամիրյանի ավանդավեպը: Ամբողջ վերոգրյալի հետեւանքով մենք ունենում ենք մեկ դրական եզրակացություն, թե «Հորդորակի» հեղինակը Մովսես Բաղրամյանն է, ու երկու բացասական թեզիս, թե «Որոգայթը» Մովսես Բաղրամյանի գրածը չէ եւ թե այս վերջին գիրքն անհնարին է Հակոբ Շահամիրյանի գործ համարել։ Բայց հենց այս վայրկյանից արդեն տեսարանը պայծառանում է ուսուցչի ու որդու ուրուների մի կողմ քաշվելն իսկույն տեսանելի է դարձնում հոյակապ դեմքը դերձակ հոր, այն է Շահամիր Շահամիրյանի, որը թե «Որոգայթի» ու թե, ինչպես շուտով կտեսնենք, «Նշավակի» իսկական հեղինակն է։ 

Եթե ուրիշ փաստեր չլինեին էլ, «Որոգայթի» լեզուն մենակ բավական էր վերջ ի վերջո երեւան հանելու, թե ո՞վ է նրա հեղինակը: Եվ իրոք, XVIII դարի վերջին տասնամյակներում գրիչ ձեռք առած մարդկանց մեջ դժվար է մատնանշել մի ուրիշին, որի գրածների լեզուն յուր հատուկ արտահայտություններում ու բնորոշ անկանոնություններով այնքան նման լինի «Որոգայթի» եւ օրենքների խուժադուժ լեզվին, որքան Շահամիրյանի լեզուն է

Բացի սրանից, չպետք է մոռանալ հետեւյալ պարագաները

«Որոգայթը» լույս է տեսել Շահամիրյանների տպարանից եւ կրում է սրանցից մեկի՝ Հակոբի, անունը: Մի այլ մարդ, ոչ Շահամիրյան, չէր հանդգնիլ Շահամիրյան Հակոբի անունով գիրք հրատարակել Շահամիրյանների տպարանում։ Դարձյալ մենակ Շահամիր Շահամիրյանն է, որ յուր նամակներում գրում եւ նույնիսկ պրոպագանդ է անում «Որոգայթի» մասին, որով երեւան է հանում յուր կապն այս գրքի հետ

Վերջապես մենք ունենք հենց յուր՝ Շահամիրի ուղղակի վկայությունը, որ ինքն է «Որոգայթի» հեղինակը: Հերակլ թագավորին գրած վերոհիշյալ նամակում Շահամիր Հայրը գրում է

«Տետրակն անուանեալ «Որոգայթ փառաց» ... ես ոչ իշխեցի տպել... նախ որ ունի սխալանս ի պատճառս մերոց ռամկօրէն բանիս... ։ Այլ եթէ  /262/ գուցէ, զի խոտան երեւեսցի ի միտս տեառն իմոյ եւ հասարակաց, ունիս ի ձեռին քո ի բաց ընկենուլ եւ ներել համարձակությունն մեր, քանզի մեք ոչ ավելի եմք, քան թէ մարդ սխալական, այլ եթէ հաճեսցի կամաց տեառն իմոյ եւ եղբայրակից իշխանաց իմոց, խրախճան առնէ մեզ յույժ: ... Վասն որոյ ես պահեցի անձն իմ անարատ է որ ոք կողմնակալութենէ, զի կարող լինիցեմ շահել եւ հավաքել սիրտ հասարակաց առ ի հնազանդութիւն բառնաբալոյ ի վերայ պարանոցի իւրեանց լուծն քաղցր օրինաց» [20]

Ժամանակակիցներից Հովսեփ արքեպիսկոպոս Արղությանն էլ որոշակի վկայում է, թե «Որոգայթ փառացը» Շահամիր Շահամիրյանի հեղինակությունն է. 1791 թվականի ապրիլի 4-ի նամակում Հովսեփը գրում է պարզ. «Շամիրամ աղայի Որոգայթ փառաց գիրքն» [21] ։ 

Հապա ինչո՞ւ է «Որոգայթի» ճակատին գրված Հակոբ Շահամիրյանի անունը՝ 1773 թվականի նշումով։ 

Երեւույթը հոգեբանորեն շատ հասկանալի է, եւ պատասխանելն էլ հեշտ։ «Որոգայթի» ճակատին Հակոբ Շահամիրյանի անունը դնելը պետք է համարել ծնողական սիրո մի ակտ, որով որդեկորույս ու սրտամորմոք հայրն ուզեցել է անմահացրած լինել յուր անդրանիկ ու խոստումնատու որդու գուրգուրալի հիշատակը: Տպավորության պատրանքը լրիվ դարձնելու համար էլ գրքի վրա տպված է ոչ թե լույս ընծայելու իսկական թվականն, այլ հետին թվով 1773, մի թվական, երբ Հակոբը դեռ կենդանի էր: Միեւնույն զգացմունքի հետեւանքով է, որ Շահամիրյանի տպարանը Հակոբի մահվանից շատ տարիներ անց դեռ շարունակում է կոչվել «տպարան Յակոբայ Շահամիրեանը կոչեցելոյ»

Գալով «Նշավակի» հեղինակի հարցին՝ պետք է ասենք, որ «Որոգայթը» շարադրողին գտնելուց հետո Մադրասի ինքնավարության կանոնադրությունը գրողին երեւան հանելը դառնում է, այսպես ասած, խաղ ու պար: «Նշավակը» լույս է տեսել Շահամիրյանի տպարանից: «Նշավակի» մեջ երկու տեղ տպված է Շահամիրյանի արհեստանիշը: Շահամիրյան հայրն է, որ դես ու դեն է ուղարկում «Նշավակը» եւ այս առթիվ նամակ գրում։ «Նշավակ»-ի լեզուն ամենեւին նման չէ «Հորդորակի» լեզվին: Ընդհակառակը, ոչ միայն լեզվով, այլեւ բազմաթիվ տերմիններով, գրությունների նմուշների վերնագրերով ու կազմությամբ, որոշ դարձվածքների անընդհատ կրկնությամբ, մտքերի ու ամբողջ աշխարհայացքների նմանությամբ «Նշավակն» այնքան մոտ է «Որոգայթին», որ մեկից մյուսին անցնելիս տպավորության ոչ մի տարբերություն չի զգացվում. թվում է, թե մարդ շարունակում է առաջվա գիրքը կարդալ: Գրվածքների այսքան ակնբախ նմանությունը գրողի նույնության հե/263/տեւանք միայն կարող է լինել, եւ այս գրողն անկասկած մեծ ինքնուսն է նորից՝ Շահամիր Շահամիրյանը։ 

150-ամյա մառախուղի միջից նա այսօր բարձրանում է մեծադանդաղ եւ է ծառանում մեր առջեւ իբրեւ մեկը, որն այսուհետեւ առաջնակարգ տեղ պետք է գրավել ոչ միայն հայոց նոր գրականության անդրանիկ գործիչների շարքում, ոչ միայն մեր խոշորագույն դեմքերի հանդիսարանում, այլեւ XVIII դարի հանրապետական հեղինակների համաստեղության մեջ [22] ։ 

Ե

«Նշավակի» հեղինակի ով լինելը պարզելուց հետո դառնանք Մադրասի հայոց ինքնավարության կանոնադրությունը պարունակող այս մեծարժեք գրքույկին

Համայնական ինքնավարության բարձրագույն ատյանը Մադրասի հայոց «բոլոր ժողովրդի»-ի կամ «յամահաւասար ժողովրդոց» ընդհանուր ժողովն է, որ գումարվում է ամեն տարի դեկտեմբերի 31-ին (հոդված Գ. ): Ընդհանուր ժողովն ընտրում է գործադիր մարմին՝ երեք կառավարիչներ (Ա): Դիվանական գործավարությունը գտնվում է քարտուղարի ձեռքում, որ սկզբում կոչվել է գրագիր, հետո՝ «դպիր սրբոց» (ԼԳ): Գործավարությունը լինում է «Հայոց բանիվ եւ տառիվ» (ԼԳ):

Ինքնավարության կենտրոնական հիմնարկն է «սնդուկ սրբոց». «սա է կահ եւ ստացուածք Մադրասիս հայոց, որպէս ամենեցուն, եւ ամենեքեան տէր սմա» (ԺԳ)։ Այս սնդուկի մեջ առանձին հոդվածների տակ գրանցվում եւ պահվում են դրամներ ու հաշիվներ «եթէ ողորմութեան, եթէ յիշատակի, եթէ կտակաց, եթէ դպրատանց շինութեանց, եթէ արհեստի՝ ուսմանց» եւ այլն (ԺԵ)։ Ճոթեղեն ծախողները յուրաքանչյուր հակ ապրանքից սնդուկին նպաստ տալիս են մեկ հուն (= մոտ 1. 16 կ. ) փող (ԻԸ): Սնդուկն ունի հասույթի այլ աղբյուրներ էլ (ԻԱ): Սնդուկի «դաֆթարի» մեջ կարող են գրանցվել ամեն՝ տեսակի կտակներ ու «արժանավոր գրեանք», որի համար պետք է հատուկ վճարներ տրվեն (ԾԹ)։ Սնդուկից կարելի է դրամ փոխ վերցնել վստահելի գրավադրությամբ (ԿԱ), որ կարող է լինել նաեւ անշարժ կայք (ԿԲ): Սնդուկի դրամը տրվում է մասնավորներին կամ «պատուելի Կամպանուն» (Արեւելյան  /264/ Հնդկաստանի ընկերություն) շահեցնելու. դրամի մի մասով կարող են նաեւ կայքեր գնվել, եթե այս ավելի շահավետ է (ԻԲ ): Ընդունված գումարները շահեցնելով՝ սնդուկը տարեվերջում վաստակամասեր է տալիս ըստ կտակների ու այլ նվիրագրերի իրավատեր հանդիսացողներին (ԴԵ)։ Նայած վաստակի չափին՝ սահմանվում է մի որոշ մաս, որ միացվում է հիմնական կապիտալին, եւ ապա մնացորդը բաշխվում է որբերին ու տնանկներին (ԱԱ)։ Սնդուկի միջոցների շատանալու դեպքում բաժանմունքներ են բացվում Կալկաթայում ու Սուրաթում (ԱԲ): Եթե Մադրասում հայ համայնքը քչանա, այս դեպքում ամբողջ գույքը պետք է իբրեւ ավանդ մուծվի «ի սնդուկն թագավորին Բրիթանիու, որ ի քաղաքս եւ կամ ի նմանէ պահպանեալ Կամպանու»՝ դարձյալ հայերին բաժին դարձնելու դիմումով (ԾԴ): Այսպիսով, Մադրասի հայոց «սնդուկը» բարեգործական-ազգասիրական, բայց եւ միաժամանակ առեւտրային ձեռնարկություն է՝ կշռադատված ու զուտ գործարար հիմունքներով: Այն յուր տեսակի «Ազգային բանկ» է՝ բարեգործական թեքումով։

Ինքնավարության ծրագրվող հիմնարկների շարքում հատկապես նշելի է հայոց ուսումնարանը. «կազմեսցին ի արձակ տեղի եւ ի վերայ քաղցր ջրոյ ջրհոսի դպրատուն մի, եւ մուծցեն յերկու վարդապետս, մինն յազգէն հայոց եւ դաւանութեամբն Հայաստանեայց սուրբ եկեղեցւոյ, այր հեզ, խոնհար (sic!) եւ մաքուր սրտիւ եւ հմուտ արհեստին ուսուցանելոյ բառ եւ տառս Հայոց... եւ մի վարպետ երօփիեան (եվրոպացի Թ. Ա. ) յազգէն անկլիացոյ, այր հեզ եւ բարեպաշտ եւ հմուտ բառից եւ արհեստին ուսուցանելոյ մանկանց բանիւ եւ  տառիւ անկլիացւոյ» (ԼԴ)։ 

Որ «Նշավակը» միայն «սնդուկի» կանոնադրություն չէ, այս ապացուցում են ոչ միայն դպրատանն ու այլ հիմնարկներին նվիրված էջերն, այլեւ շատ ուրիշ հոդվածներ, որոնք վերաբերում են Մադրասի հայ գաղութի համայնական գործերին ընդհանրապես: Այսպես, օրինակ, հոդվածներ կան աշխարհիկ ու հոգեւոր իշխանությունների հարաբերության, համայնական վիճակագրության, եկեղեցու եւ եկեղեցական գույքի, հոգեւոր ու աշխարհիկ պաշտոնատարների, ծնունդների, նշանդրեքի, ամուսնության, թաղման, հատուկ գերեզմանատան, հողադրամի, տոներ շնորհավորելու եւ առհասարակ նիստ ու կացի, տոմարների, օրվա ժամերը հաշվելու, պիտանի գրքեր գնելու, ինքնավարության կանոնադրությունը փոփոխելու, Մադրասից նորեն գաղթելու մասին եւ այլն, եւ այլն։ 

Այս բոլորը ցույց են տալիս, որ «Նշավակի» ենթավերնագիրը՝ «Կարգադրություն Մադրասիս Հայոց վասն կառավարելոյ ինչս որբոց եւ առանց կտակ ննջեցելոց», ամենեւին չի արտահայտում կանոնադրության բուն նպատակն ու իրավասության սահմանները: Փաստորեն «Նշավակը» որբերի խնամակալության ու անվտակ մեռածների գույքի հոգաբարձության կանոնադրություն չէ, այլ օրենսգիրքն է Մադրասի հայոց համայնական ինքնավարության, որն ուներ մոտավորապես այն ֆունկցիաները, որ տաճկահայոց «Ազգային  /265/  Սահմանադրության» 52 ու 53 (նաեւ 55) հոդվածները տալիս էին թաղական խորհուրդներին [23]

Սրանով Շահամիրյանը մոտ 80 տարի առաջ կանխում էր եւ կյանքի կոչում այն սկզբունքները, որ սերունդներ անց «Ազգային Սահմանադրության» հիմնաքարեր դարձրին Նահապետ Ռուսինյանը, Նիկողոս Պալյանը, Գրիգոր Օտյանը, Սերովբե Վիչենյանը (Սերվիչեն), Կարապետ Յութուճյանն ու ընկերները

Զ

Մադրասի հայոց «Կարգադրությունը» նման է տաճկահայոց «Սահմանադրությանը» նաեւ այն կողմից, որ թե՛ մեկն ու թե՛ մյուսը, փաստորեն ոչ թե հայ, այլ հայադավան համայնքի կազմակերպության կանոնադրություն են: «Նշավակը» ոչ միայն բավական տեղ է տալիս ընդհանրական կաթուղիկոսին, Էջմիածնի, Երուսաղեմի, Նոր Ջուղայի նվիրակներին ու եկեղեցական պաշտոնյաներին, այլեւ ամեն անգամ, երբ համայնքի այս կամ այն պաշտոնը կամ գործը վարելու համար ընտրության խոսք է լինում, անշեղ պահանջում է, որ ընտրելիները լինեն «սեբհական յազգէն հայոց եւ դավանութեամբն Հայաստանեայց սուրբ եկեղեցւոյ» , Դ, ԼԲ, ԼԳ եւ այլն): Դարձյալ, համայնքի անդամ է ոչ միայն հայազգի լուսավորչական, այլեւ «հեթանոս մկրտեցեալ ի յեկեղեցիս մեր» (ԺԸ, ԼԶ)։ 

Սակայն եւ այնպես մեկ հատուկ ու լայնախոհ հոդվածով «Նշավակը» պատվիրում է, որ սնդուկի բարիքներից չպետք է զրկել «խաբեցեալ որբն տնանկ եւ աղքատն յազգէն մերմէ, նմա, որ ելեալ է ի գրկէ սեբհական ծնողէ իւրմէ սուրբ եկեղեցւոյ Հայաստանեայց եւ մտեալ ի խորթամայրն իւր սուրբ եկեղեցին այլ ազգաց քրիստոնէից». նմանապէս կարելի է այլադավան հայերին տուրքեր ու նվերներ «անխտրանօք ստանալ, վասն որ ազգ մեր է, եւ աներկբայութեամբ սիրտ նորա յարաժամ տոչորէ ի վերայ որբոց տնանկաց, աղքատաց յազգին իւրոյ» (ԼԸ Այս հոդվածը մի կարեւոր ճեղք է բաց անում դավանական մեկուսացման պատնեշի մեջ այն ժամանակվա նեղմիտ ու նեղ սիրտ լուսավորչականությունից առաջնորդելով դեպի բուրժուական նացիոնալիզմը, որն անտեսում է դավանական խտրություններն՝ ազգության պատկանելություն միայն ճանաչելով։

Այսպիսի հայեցակետից դիտելով խիստ հետաքրքրական է այն հոդվածն էլ, որտեղ խոսք է լինում, թե ով կարող է սովորել Մադրասի հայոց ուսումնարանում

«Ի միջի դպրատանս մի մտցի վասն ուսման այլ ոք ի զանազան յազգաց մանկունք եւ զանազան կերպում աստված պաշտօղք, բայց որդիս Մադրասիս Հայոց եւ որդիս յեթանոսաց մկրտեալ ի յեկեղեցիս մեր եւ կալով մնացեալ ի  /266/  հաւատս աստուածպաշտութեան ըստ սովորութեան Հայաստանեաց սուրբ եկեղեցւոյ եւ որդիս յաբաշաց եւ ասորոց , եթէ իցեն ի դաւանութիւն իւրեանց եւ որդիս հեթանոսաց յայսմ քաղաքիս, բայց ցեղն պարիայի» (ԼԴ  

Այնտեղ սովորել կարող են հայ ու հեթանոս լուսավորչականներն, իրենց ազգային եկեղեցու դավանությունը չփոխած հաբեշներն ու ասորիք եւ հնդիկ հեթանոսները: Այնտեղ մուտք չունեն մնացած բոլոր դավանությունների մանուկներն, այլ եւ ... ուշադրությո՜ւն... պարիաներն, այսինքն՝ Հնդկաստանի ամենաստորին ու իրավազուրկ խավի մարդիկ։

Այս վերջին սահմանափակումով Մադրասի օրենսգիրն ապացուցում է, թե գտնվում էր բուրժուական մտայնության այն աստիճանի վրա, որ նվիրագործում է գաղութային ստրկությունը՝ սրան խտրելով ու վտարելով քաղաքակրթվելու իրավունք ունեցող մարդկության միջավայրից

Է

Տեսանք, որ «Նշավակի» հեղինակը ջերմ կողմնակից է հայադավանության եւ յուր կանոնադրության մեջ մեծ տեղ է հատկացնում հայ եկեղեցու պետին ու ներկայացուցիչներին: Բայց այսպիսին լինելով հանդերձ նա սահմանում է մի էական սկզբունք. նա տալիս է պետության եւ եկեղեցու բաժանման արդիական գաղափարի մոտավոր մինիատուրը՝ վերջինս կիրառելով իհարկե Մադրասի մասշտաբով։ Մի կողմից աշխարհականները խոստանում են, թե «փակեցաք բերան եւ աչս եւ ամենայն զօրութիւն բնութեան մերոյ, որ ոչ ոք ի մէնջ յիշխեսցի ոչ խորհրդով եւ ոչ գործով խառնիլ ընդ գործս սրբութեան եկեղեցւոյ, բայց հնազանդիլ առաջնորդի մերոյ եւ պահել պատիվ քահանայից» (Ե), մյուս կողմից՝ սահմանում են կամ, ավելի ճիշտը, սահմանափակում են՝ օրինադրելով, թե «ձեռք քահանայից արգելեալ իցէ խառնիլ ի գործ աշխարհականաց ոչ կտակակատարութեամբ եւ ոչ փոխանորդութեամբ եւ ոչ երաշխավորութեամբ» (Զ)։ «Նշավակի» ցանկում նույն միտքն արդեն ստացել է աֆորիստիկ պատվիրանի կերպարանք՝ անսքող ու հատու

«Աշխարհականն մի խառնեսցի ի գործ եկեղեցւոյ»։
«Եկեղեցական մի խառնեսցի ընդ գործ աշխարհականի» (էջ 77) [24]

Եկեղեցու ու եկեղեցականի իրավասության մարզի անջատումն ու սահմանափակումը նորություն չէր հայ կյանքում։ Այս գործի նշանավոր նախադեպը Հայաստանի մեջ տեղի էր ունեցել վաղ միջնադարում, Արշակ Բ-ի ու Պապի եկեղեցամարտ քաղաքականության տարիներում։ Բայց մինչդեռ հայ Հուլիանոսների քաղաքականությունը կալվածատիրական կենտրոնացնողը միապետության քաղաքականություն էր՝ ներշնչված լինելով խոշոր հողատիրության մեկ ֆրակցիայի շահերից, XVIII դարում հայ եկեղեցու եւ եկեղեցա/266/կանի իրավասության մարզի անջատումն ու սահմանափակումը բխում է «երրորդ դասից»: Հոգեւորականը մատ չպետք է խառնել «սնդուկին», այս էր սաստող թելադրանքը նորածին հայ բուրժուազիայի, որը ձգտում էր փոխել lանրային միջավայրը յուր շահերի համաձայն ու ձեւավորել «ըստ պատկերի յուրում»

Ը

«Նշավակի» մեջ ամենախոշոր առաջադիմական քայլն այն է, որ այն ժամանակվա հայ միջավայրում, որտեղ հանրային գործերը տնօրինելու իրավունքը ձեռք էր բերվում ծննդյան, օծման ու կամ թե «քիսայի» հատկանիշներով, որտեղ իշխող բարձունքներին տիրում էին մելիքը, վարդապետը կամ ամիրան, այս լղարիկ գրքույկը հրապարակ է հանում ժողովրդական ընտրության գաղափարը։ Մյուլքի ու բահրայի, նվիրակադրամի ու աջահամբույրի, համրիչի ու վաշխի կողքին հայտնվում է մի նոր, չտեսնված ու չլսված գործոն՝ ընտրողական քվեն

Իհարկե, հայ ընտրական իրավունքը XVIII դարում չէր կարող բացարձակ դեմոկրատական բնույթ ունենալ: Ուստի եւ զարմանալի չէ, երբ «Նշավակի» մեջ տեսնում ենք ընտրական ցենզ: Վերջինս, սակայն, ընտրելիների համար է միայն համայնքի ամեն անդամ չի կարող ընտրվել կառավարիչ ու կամ թե «հայրախնամ դատավոր». սրա համար պահանջվում է, որ ընտրելին լինի «տէր ընչից» կամ «տէր ստացուածոց» , Ծ. ): Այս նշանակում՝ է, որ ընտրելիության համար պահանջվում է սեփականության ցենզ: Դժբախտաբար այս ասված է ընդհանուր ձեւով, եւ մենք չենք կարող որոշել սեփականության այն նվազագույն չափը, որ իրավունք է տալիս ընտրելի լինելու

Ինչ վերաբերում է ընտրողներին, ապա սրանց վերաբերմամբ ցենզի հարց չկա

«Ի մէջ ժողովոյն հասարակաց Մադրասիս Հայոց... ի վերայ որ ոք գործի որ իցէ, եթէ ընտրողութեան, եթէ կարգադրութեան, եթէ նոր իմն վասն հասարակաց բարութեան առաջանալոյ եւ կամ տուրս ողորմութեան ի սնդուկն Հայոց շնորհելութեամբ եւ այլն ի մէնջ զոր ինչ հակառակութիւն եւ ընդիմադարձութիւնն որ պատահեսցի, նախ՝ ամեն այն մարդ ունի ազատապէս կամս եւ բերանս խորհելոյ եւ ասելոյ առանց խտրանօք (բաց ի լրբութեամբ). եւ յետ կատարելոյ ամենեցուն խօսից, երիցփոխանն ելցէ ի յոտս առ ի խնդիր ամենեցուն իւրաքանչիւրմէ «այո»-ն եւ եթէ «ոչ»-ն. եւ առեալ 2 բաժակ դատարկ դնէ ի միջի ժողովրդեան՝ մի բուռն բակլայիւ եւ բաժակն նշանաւորեսցի մինն «այո» եւ մինն՝ «ոչ». եւ ի միջի ժողովեալ արանց, եթէ մեծաց եւ եթէ փոքունց, յանիցէ կամք առն այն, որ վիճաբանութեան եկաց «այո», ձքիցէ իւրաքանչիւր ոմն մի բակլայ ի մէջ բաժակին, որ ունի նշանակութեան «այո», եւ կամք նոցա, որ «յոչ»-ն, իւրաքանչիւր մի բակլայ ձքեսցի ի «յոչ»-ն, եւ առաջի ատենի ամենեցուն համարեսցի բակլայքն «այո»-ի եւ «ոչ»-ի, որն որ` համարեսցի յաւելի, նա իցէ բարի վասն առնելոյ, եւ ամենեքեան անխտիր ընդունեսցեն բանին յայնմիկ» (ԻԷ)։ 

/268/ Սրանից տեսնում ենք, որ Մադրասի հայոց «հասարակաց ժողովին» մասնակցում են թե՛ երեւելիները («մեծք») ու թե՛ սոսկականները՝ («փոքունք»): Ամեն ժողովական խոսելու եւ ընտրելու իրավունք ունի անխտիր։ Քվետուփի փոխարեն դրվում է 2 բաժակ «այո» ու «ոչ» մակագրությամբ: Իբրեւ քվեներ ծառայում են բակլաները, որ նետում են այս կամ այն բաժակի մեջ: Քվեարկությունը բաց է կատարվում։ Հարցերը որոշվում են ձայների հասարակ մեծամասնությամբ։ 

Հայ մասսաների՝ հետագայում նվաճած բոլոր ընտրական սիստեմների նախածնողը Մադրասի այս «բակլաներն» են [25]

Թ

Հնդկահայ այս ինքնավարությունը հղացողի մերձավոր նպատակն է թույլ չտալ, որ հայ բազմությունը լուծվի, եւ նրա կուտակած հարստությունը փոշիանա օտար հորիզոնների տակ: «Մի ոք յուսակտոր լինիլ ի պատճառէ պանդխտութենէ, թէ վասն ո՞ւմ աշխատ արարից» (էջ 3)։ «Ոչ է արժան առնուլ զհաց մանկանց հայոց եւ արկանիլ օտարաց» (էջ 4)։ Նա հորդորում է հայ հարուստներին, այնպես անել, որ «պտուղ վաստակի գործոց ձեռաց ձերոց մնասցէ ժառանգութիւն յազգին ձերոյ» (էջ 4)։ Այս նկատառումներով էլ հենց նախաձեռնված եւ հրապարակ է հանված «Նշավակն», իբրեւ «սահման մի կարգադրութեան կառավարելոյ տուրս, ողորմութիւնս, յիշատակս եւ ստացուածս» (էջ 4) ու իբրեւ «սահման կառավարելոյ վարս ուստերաց, դստերաց եւ ամենայն ըստացվածոց մերոց» (էջ 5):

Մադրասի օրենսդիրը շատ լավ գիտե եւ վիշտ է զգում, որ «ոչ գոյ ի մեզ գաւազան իշխանութեան եւ ոչ անխախտելի Սահման օրինաց Հայոց» (էջ 4)։ Հայ պանդուխտ կապիտալը մորմոքում է, որ չունի հայրենի պետություն ու սահմանադրություն, բայց լիահույս է, որ յուր պանդխտությունը մշտնջենական չէ: Պետք է հավաքել ու կուտակել, պահպանել ու կազմակերպել, մինչեւ տէր այց արասցէ եւ բավականասցէ յապաշխարութիւնս մեր պանդխտութեան եւ յարուսցէ կառավարիչ յաշխարհին մերոյ, զի մնացորդք ի մէնջ ցնծութեամբ ելցեն ի պանդխտութենէ առ գիրկս գորովագոյթ մօրն իւրեանց յԱյրարատ աշխարհ» (էջ 5)։ Այնտեղ հայերը կունենան «կարգադրութիւն աշխարհօրէն կառավարութեան անխախտելեօք» (էջ 74)։ Այս վերջին տողերում հեղինակը երազում է Հայաստանի ապագա պետութեան հիմնական օրենքների մասին, եւ ի տես այս հեռանկարի՝ հայրենասիրական էքստազի մեջ բացականչում է

/269/  «Երանի՜ եւ բազմիցս երանի արանցն յայնոցունց, որում գտանիցին այն ոսկէզօծ ժամանակն երջանկութեան» (էջ 5  

Սրանով «Նշավակը» պանդուխտ համայնքի անդամների առջեւ գծում է մի ճանապարհ մերձավոր նպատակից դեպի հեռավոր ապագան

Այս ուղին է՝ Մադրաս-Հայաստան

Ժ

Սակայն այս ուղին կարող է ունենալ յուր միջին կայարանը։ Կարող է պատահել, որ այս կամ այն պատճառով Մադրասի հայությունն ստիպված լինի թողնելու Բրիտանական կալվածները եւ գաղթելու այլ երկիր։ 

Ո՞ւր գնա աստանդական բազմությունը

Օրենսդիրը մատնանշում է այն ժամանակավոր հանգրվանը, որտեղ պետք է դադար առնե դեպի հայրենիք միտող գաղութահայության այս հատվածը: Հանգրվանը Ռուսաստանն է, մասնավորապես Ղզլարը, որ ավելի մոտ է Հայաստանին, քան ռուսական կայսրության այլ վայրեր: Այսպիսով, Մադրաս-Հայաստան ընդհանուր գիծը կոնկրետանում եւ փոխարինվում է նոր գծով՝ Մադրաս—Ղզլար—Հայաստան:

Ղզլարում վերաբնակվելն ու ապագայում էլ Հայաստան տեղափոխվելը հեշտացնելու նպատակով հեղինակն առաջարկում է միջոցներ, որոնցից ամենանշանավորն է նախագիծն այն դաշինքի, որ պետք է կնքվի Մադրասի հայերի ու ... ռուսաց կայսեր միջեւ

Ահա հայ-ռուսական դաշնագրի նախագիծը, որը կարեւոր վավերագիր լինելու պատճառով մեջ ենք բերում ամբողջովին

 

«ՕՐԻՆԱԿ ԴԱՇՆԱՒՈՐԵԼՈՅ ԱՌ ԿԱՅՍՐՆ ՌՈՒՍՏԱՑ» [26]

Ա. Նախ՝ պաշտել մեզ Աստուածն ամենայն արարածոց եւ մերոց ազատապէս ըստ սովորութեան մերոյ սուրբ եկեղեցոյ Հայաստանեաց

Բ. Կառուցանել եկեղեցիս բարձրաբերձ գմբէթաւ եւ նշան սուրբ խաչին ի գլուխ

Գ. Մի ոք յիշխեսցէ ի վերայ եկեղեցայց մերոց, բայց հայրապետն Հայոց, որ ի Վաղարշապատ, եւ ամենայն եկեղեցական ի նմանէ դատեսցի

Դ. Դատաւոր մեզ ի յազգէ մերմէ ընտրեսցի 7 խորհրդականօք, եւ ի Կայսերէ տացեն նոցայ նամակ պաշտօնի դատաւորութեան, բայց քրեական մեղաց

Ե. Ի ժամանակի պատերազմի եւ խաղաղութեան զօրք մի բնակեսցեն ի բնակութիւնս տանց եւ այգեստանեաց եւ ի յերեսս գաւառաց մերոց, եւ ի միջէ մերմէ մի պահանջեսցեն ոչ զինվոր եւ ոչ արհեստաւոր եւ ոչ գրաuտ եւ ոչ կերակուր /270/ բայց յայնոցիկ, որ կամաւ ելցեն եւ ընդունեսցեն պաշտօն եւ կամ վասն շահաւէտութեանց իւրեանց վաճառեսցեն զոր ինչ։ 

Զ. Ի յազգէ մերմէ մի լինիցի ծառայ, այլ միաբան ազատ։ 

Է. Ամենայն իրաց վաճառականութիւն եւ յերկիր գնելոյ եւ վաճառելոյ եւ ամենայն արհեստի արհեստագործութիւն վասն մեր բացարձակ լինիցի՝ հատուցանելով մեր հարկս, մաքսս կայսերական

Ը. Առանց ժառանգ ննջեցելոյ ստացուածոց ժառանգն սրբոց սնդուկն մեր լինիցի

Թ. Մի գրեսցի ազգն Հայոց ժողովուրդ կայսեր, եթէ ոչ պանդուխտ բնակօղ՝ ամենայն ժամ ազատ ելանելոյ ընչիւք՝ եւ ամենայն ստացվածօք իւրօք, ուր եւ յերփ որ յինքն կամի, եւ անյապաղ ելանօղս գտցէ փաuապօռտ ելանելոյ

Ժ. Արձակութիւն ունենան հերքել ամենայն այլ յազգ ի քաղաքէ եւ կամ գեղէ եւ բնակութենէ մերմէ, յատկապէս քահանայից այլ ազգաց, եթէ քրիստոնէից եւ եթէ մահմեդականաց, իսրայէլից եւ հեթանոսաց

ԺԱ. Ծնունդ եւ մկրտութիւն, հարսանիս եւ պաշտոն ննջեցելոց մերոց, ձայներգութիւնքն երգոց եւ զանկակաց մերոց տարածի լեռաստան, որքայն զօրութիւն մեր խոստանայ։ 

ԺԲ. Ունիլ արձակութիւն շրջել ի յերեսս ամենայն յերկրի Ռուստաց բանիվ վաճառականութեան մերոյ՝ հատուցանելով հարկ եւ մաքսս կայսերական

ԺԳ. Ոսկի եւ երծաթն մեր յանել յաշխարհէն Ռուստաց եւ մուծանել ընդ յաշխարհս Հայոց արձակ լինիցի եւ մի լինիցի հարկ կայսերական եւ ոչ ոք դատաւորէ

ԺԴ. Յարկ եւ մաքս, յաս եւ բաժին եթէ բուսոց, տնկոց, ձեռագործից եւ վաճառականութեանց եւ այլն հատուցանեմք այն, որ սեբհական Ռուստ յազգին յատուցանէ

ԺԵ. Աղքատս, տնանկս եւ տկարս յազգէն հայոց անխտրանօք մխիթարեսցի ի տանէ ողորմութեանց եւ յիւանդանոցէ յազգէն Ռուստաց միեւնոյն կերպիւ, որպէս սեբհական յազգն Ռուստաց

ԺԶ. Մահապարտն հայոց ոչ այլիմ կերպիւ մեռցի, բայց սրով հատանելով գլուխն ի մարմնէ

Դաշինն մի լինիցի ժամանակաւոր, եթէ ոչ մշտնջենաւոր» (էջ 57-58)։ 

Մինչեւ հիմա մեր պատմական գրականության մեջ հայտնի էին հայ-ռուսական դաշնագրի երկու նախագիծ, որոնցից մեկը մշակել է XVIII դարի հայ ազատագրական շարժման աջակողմյան հոսանքը Հովսեփ Արղությանի պարագլխությամբ, իսկ երկրորդը՝ նույն շարժման ձախակողմը՝ սռաջնորդ ունենալով Շահամիր Շահամիրյանին [27]: Այս երկու նախագիծը հրապարակ են  /270/ եկել 1786-1789 թվականներին։ Այժմ սրանց վրա ավելանում է մի նորն էլ՝ «Նշավակից» վերեւում մեր մեջ բերածը, որը տպագրված ու հրապարակ հանված լինելով ավելի վաղ՝ 1783-ին, այն երկսի նախորդն է ու թերեւս երկուսի էլ ընդհանուր ելակետը։ Հենց միայն այս հանգամանքը բավական է, որ «Նշավակի» դաշինքի նախագիծը հատուկ ուշադրություն գրավե եւ դասվի հայ ազատագրական շարժման նշանավոր վավերագրերի շարքում։ 

Ինչ խոսք, որ Շահամիր Շահամիրյանի մտքի ծնունդ լինելն էլ ավելի է մեծացնում նրա հարգը։ 

ԺԱ 

Որքան էլ «Նշավակի» դաշինքի նախագիծը մեր հանրային խավերի տրամադրություններն ուսումնասիրելու տեսակետից ուշագրավ ու հետաքրքրական լինի, մենք հնարավորություն չունենք այս սուղ էջերում այն մանրամասն վերլուծելու: Ուստի հարկադրված թողնում ենք մնացած կետերը եւ կանգ առնում մեկ գլխավոր կետի վրա։ 

Այս կետը դաշինքի նախագծի վեցերորդ հոդվածն է

Վերեւում տեսանք, որ Մադրասի հայոց դպրատան սաների հարցը կարգադրելով՝ «Նշավակը» մի հատուկ վերապահություն էր արել, թե մյուս հնդիկներից աշակերտ կարելի է ընդունել, իսկ պարիաներից` ոչ: Օտարազգի պարիայի քաղաքացիական իրավահավասարությունն անըմբռնելի էր Մադրասի օրենսդրի համար։ 

Միանգամայն այլ է սրա վերաբերմունքը, երբ խոսքը գալիս է յուր հայրենակիցներին։ 

Այն ժամանակներում Ռուսաստանը մոտեցել էր Կովկասի սահմաններին՝ հայացքը հառած նաեւ Հայոց աշխարհին։ Հայ հանրային խմբերն ու սրանց քաղաքագետները եռուզեռի մեջ էին: Կարող էին միջազգային հարաբերությունների ասպարեզում մեծամեծ փոփոխություններ կատարվել, եւ սրանց հետեւանքով ռուսի սվինը փայլ կտար նաեւ Արարատի ստորոտներում։ Ռուսական տիրապետությունը կարող էր տարածվել Արաքսի ու Արածանու հովիտներից էլ հարավ՝ կալմեջ անելով հայերի երկիրը

Այս հեռանկարը շատ ցանկալի էր համարվում ընդհանրապես: Բայց հայ հանրային խավերին մտահոգում էր մի բան: Ռուսաստանը ճորտատիրական պետություն էր. նվաճելով նոր երկրներ ու սրանց թվում էր Հայոց աշխարհը՝ «շեկ Մոսկովը» կարող էր Հայաստանում էլ մտցնել ճորտություն: Եվ ահա հայ հասարակական գործիչների առաջ ծառանում է ճորտատիրության ճակատագրական հարցը՝ 

«Լինե՞լ, թե՞ չլինել»։

Մադրասի օրենսդիրը Ղզլար գաղթելու հարցերը նախատեսելիս ճորտատիրության վերաբերմամբ յուր սկզբունքային դիրքը որոշակի բացահայտում է դաշինքի նախագծի հետեւյալ պահանջով

«Ի յազգէ մերմէ մի լինիցի ծառայ, այլ միաբան ազատ» (էջ 57)

/272/  Հայերից ստրուկ կամ թե ճորտ չպիտի լինի, այլ բոլորը պետք է ազատ քաղաքացիներ լինեն։ 

Ճորտատիրության հարցում Հնդկահայ գաղափարախոսի այս անհողդողդ ու ժխտական վերաբերմունքը մի նոր ցուցանիշ է, թե նա որքան հավատարիմ էր բուրժուական հեղափոխության հիմնական սկզբունքներին [28]

* * *

Վերջացնելով գրական պատմական այս ակնարկն՝ անհրաժեշտ ենք համարում ընդգծել հետեւյալը։ 

1. Համայնական սահմանադրություն,

2. Եկեղեցական իշխանության մարզի անջատում ու սահմանափակում.

3. Ընդհանուր ընտրողական իրավունք ու 

4. Ճորտատիրության բացասում, սրանք XVIII դարի մասշտաբով քննելիս այնպիսի հեղաշրջող իդեաներ են, որոնք ոչ միայն հայ, այլեւ օտար գրականությունների մեջ անգամ նշանավոր կդարձնեին «Նշավակն» ու սրա հեղինակ Շահամիր Շահամիրյանին։ Եթե սրա վրա ավելացնենք այն, որ Հնդկահայ այս մատենագիրը գրել է ոչ միայն համայնական ինքնավարության օրենսգիրք «Նշավակն», այլեւ Հայաստանի ապագա կազմակերպության վերաբերյալ մեծակերտ «Ուտոպիան» «Որոգայթ փառացը», որ է՛լ ավելի հարուստ է խիզախ մտքերով, ապա պետք է խոստովանենք, որ Շահամիր Շահամիրյանը ֆրանսական մեծ հեղափոխության գործիչների արժանավոր զինակիցն է քննած Արեւելքում։ 

 



[1]       «Նոր տետրակ, որ կոչի Յորդորակ», Մադրաս, 1772:

[2]       «Գիրք անուանեալ Որոգայթ փառաց», Մադրաս, 1773, Բ տպագրությունը, Թիֆլիս, 1913։

[3]       Ղուկաս Վանանդեցի, Գանձ չափոյ, կշռոյ եւ այլն, Ամստերդամ, 1699, էջ 32-33 (թումանը =10 ռուբլի =30 ռուփի, հունը =3 1 / 2 ռուփի):

[4]       «Դիվան», էջ 141։

[5]       «Ազդարար» Մադրասի, հրատ. Հ. ք. Շմավոնյանի, 1795, Նիրհան, էջ 82:

[6]       Հարություն Տեր-Հովնանյան, Պատմություն Նոր-Ջուղայու, հատ. Ա, Նոր-Ջուղա, 1880, էջ 384:

[7]       Նույն տեղում, 394:

[8]       Նույն տեղում, 383, 384:

[9]       Նույն տեղում, 383:

[10]     Նույն տեղում, 396:

[11]     Նույն տեղում, 391:

[12]     «Ազդարար», 1795, Նիրհան, 82:

[13]     Նույն տեղում, 83:

[14]     «Որոգայթ», Բ. տպ. 1913, էջ 137-138:

[15]     Стэнли Лэн-Пуль, Мусулманские династии. Пер. В. Бартольд, СПБ, 1899, էջ 218.

[16]     «Փորձ», հանդես, Ե տարի, Թիֆլիս, 1881, N 2, էջ 28-29:

[17]     «Դիվան», գիրք Բ, էջ 141։

[18]             Ողջո՜յն ընդ քեզ, դամբարանիս տառն ընթերցօղ
       Տուր ինձ լուրն ազատութեան ազգին իմոյ, որ եմ տենչող,
       Եթէ յարեաւ ի մէնջ ոմն մեզ փրկիչ եւ կառավարող,
       Ընդ որ յաշխարհի յաւէտ էի յոյժ ցանկացօղ:
       Ես Յակոբոս ի Հայոց Մեծաց ի նախնեաց յառաջ եկող
       Որդի գոլով Շամիր Շամրեանց անունն ընդունօղ,
       Ծնայ ի Նժդեմ աշխարհն ի Նոր-Ջուղա պարսիցն գեօել,
       Ի լնուլ ամաց 29-ից ընթացայ ի սեփականութիւն իմ հող,
       Յայս Մալաղա յօթն Յուլիսին եղէ կեանս իմ վճարող,
       Ի թիվն Փրկչին 1774 հանգեայ յագարակիս, զոր իմ գնօղ

         Թէոդիկ, Ամենուն Տարեցույցը, 20-րդ տարի, Վենետիկ, 1926, էջ 630, հմմտ. Ս. Լիսիցյանի «Հայրենիքի կարոտ» հոդվածը՝ հրատարակված «Հայաստանի անկախության փոխառություն» միօրյա թերթում, Թիֆլիս, 1920, օգոստոսի 2-ին:

[19]     «Պատմութիւն մնացորդաց հայոց եւ վրաց... ի լոյս ածեալ տպիւք եւ ծախիւք Եղիազարու «Շամիրեան կոչեցելոյ՝ աշխատակցութեամբ Մովսեսի Բաղրամեան հրահանգչին իւրոյ», Մադրաս, 1775, նախաբան:

[20]     «Փորձ», 1881, 2, էջ 28-29:

[21]     «Դիվան», Թ. գիրք, էջ 119: Ժամանակակիցների նամակներում Շահամիր Շահամիրյանը կոչվում է նաեւ «Շամիրամյան» ու «Շամիրամ»: Հմմտ. օրինակ, Դիվան, Թ, 128, 58, 61 եւ այլն: Ի դեպ, խիստ հետաքրքրական է, որ Արղությանը 1791 թ. 4|IV նամակում գրում է, թե Ռուսաստանում ինքն ի շարս այլ գրքերի տպել է տալիս նաեւ «Շամիրամ աղայի Որոգայթ փառաց գիրքն»: Գոնե մեզ այսպիսի մի հրատարակություն հայտնի չէ:

[22]     Շահամիր Շահամիրյանի պատկերը, որ տպված է Հնդկահայ նշանավոր գործչի կենդանության ժամանակ՝ 1790 թվականին Լոնդոնում, հիմա պահվում է մեր պետական թանգարանի» պատմագրական բաժնում՝ գույքամատյանի 4899-375 համարով: Այս հազվագյուտ պատկերը, որ ունի 32x38 (կամ 32X42) սանտիմետր մեծություն, կրում է Շահամիրյանի արհեստանիշն ու հետեւյալ մակատիպը.

         London 1790

         Սա է Շահամիրն որդի Սուլթանումի 

         Յազգէն հայոց, թվին 1723

         Շահամիր Շահամիրյանի ծննդյան ու մահվան տարեթվերն ու ամսաթվերը. ծնվել է 1723 թ. նոյեմբերի 4-ին Նոր-Ջուղայում, մեռել է 1797 թ. հունիսի 13-ին Մադրասում, առել ենք Արշակ Ալպոյաճյանի «Պարսկահայ գործիչներ» գրվածքից (տե՛ս «Ամենուն տարեցույցը», 1926, էջ 622)։

[23]     «Ազգային Սահմանադրության» հիշյալ հոդվածները համեմատելու համար տեսեք բնագիրը Սարուխանի գրքում՝ «Հայկական խնդիրն եւ Ազգային Սահմանադրությունը Թուրքիայում», հատ. Ա., Թիֆլիս, 1912, Հավելված, էջ 72-74:

[24]     Նույն այս միտքը կրկնված է Մադրասի հայոց 1793 թվականի օգոստոսի 17-ի ընդհանուր ժողովի արձանագրության մեջ էլ. «աշխարհական մի շաղախեսցի անձամբ ընդ գործս եկեղեցականաց եւ նմանապէս եկեղեցականը մի շաղախեսցին ընդ գործս աշխարհականաց» («Պատմութիւն Նոր Ջուղայու», Ա, էջ 364)։

[25]     Արտաքուստ հանդարտիկ այդ բակլաները շուտով փոթորկեցին հայ հանրային կյանքը: Այսպես, օրինակ, դեռեւս 1803 թվականի հոկտ. 9-ին մեկն այսպես է նկարագրում Գրիգորիոպոլ քաղաքի հասարակական հակամարտությունը. «Անհաշտելի խռովութիւն մի ծաքեցաւ ի մէջ ժողովրդոց. ճեղքեցան երկու թիրայս՝ իշխանք եւ աղքատք: Աղքատք թէպէտ ըստ ծիսի եվրոպիացոց զօրաւոր գտան եւ հաղթահարել զիշխանս իւրեանց, սակայն թւի ինձ, որ մանգզիլն նոցա կարճ իցէ» («Դիւան», Թ. գիրք, էջ 457)։ «Եւրոպիացոց ծեսը» ժողովրդական ընտրության սկզբունքն է անտարակույս, որ սկսել էր կիրառվել այս ու այն համայնքում:

[26]     Բնագրում հոդվածների թվակարգությունը դրված է մի մասը հայկական ու մնացած մասն էլ արաբական թվանշաններով: Մենք բոլորը դարձրել ենք հայկական:

[27]     Այս երկու վավերագիրը միասին հայտնի են «Կերպ դաշնադրութեան ի մէջ երկու ազգաց հայոց եւ ռուսաց» վերնագրով: Սրանց մասին տե՛ս մեր հոդվածը՝ «Հայ ազատագրական շարժման երկու հոսանք XVIII դարի վերջերում» («Նորք», հանդես, Երեւան, 1922, Ա գիրք, էջ 151-161)։

[28]     Այս մասին տե՛ս «Կերպ դաշնադրութեան ի մէջ յերկուց ազգաց հայոց եւ ռուսաց» վավերագրերից առաջնի ԺԵ հոդվածը, որ արտահայտում էր մյուլքադարների տեսակետը (հմմտ. մեր հոդվածը «Հայ ազատագրական շարժման երկու հոսանք XVIII դարի վերջերում», «Նորք» հանդես, Ա գիրք, էջ 159-160), այլեւ էջմիածնի «Բարձրագույն խորհրդական ժողովի» կարծիքը ճորտատիրության վերաբերյալ՝ 1809 ամի ապրիլի 18 թվակիր («Кавказская старина», ежемесячный журнал под ред А. Ерицова, Тифлис 1872, No 1 (Ноябрь), էջ 26-27)։ Հիշատակելի է նաեւ Հարություն Արարատյանի կարծիքը («Վաղարշապատեցի Հա րություն Արարատյանի կյանքը», թարգմ. Պ. Պռոշյան, Թիֆլիս, 1892, էջ 36-37):