/423/ IV ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԿԱՊԵՐ «ԼՈՆԴՈՆԻ ՊՐՈՊԱԳԱՆԴԻՍՏՆԵՐԻ» ՀԵՏ
/425/ ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ
ՊԵՏՐՈՊԱՎԼՈՎՅԱՆ ԲԵՐԴՈՒՄ
Նալբանդյանի վերադարձն ու կալանքը՝ «Լոնդոնի պրոպագանդիստների» հետ կապված լինելու մեղադրանքով: Գյուղացիական շարժումները Ռուսաստանի կենտրոնում եւ ծայրամասերում: Վերահաս ռեակցիան եւ «32–ի պրոցեսը»: Մեղադրանքի առանձնահատուկ մի մոմենտը: Հայերը Բակունինի ապստամբական պլանի մեջ։ Ռուս ռեւոլյուցիոն խմբակցությունների դիրքը ազգային խնդրում: «Լոնդոնի պրոպագանդիստները» Նալբանդյանի մասին: Նալբանդյանի կապը ռուս էմիգրանտների հետ: Նրա բացատրությունները քննիչ հանձնաժողովի առաջ:

Նալբանդյանը 1862 թ. մայիսի 25-ին կամ 26-ին (հ. տ.) վերադարձավ Պետերբուրգ, այն քաղաքը, ուսկից Հնդկաստան էր մեկնել մոտ երկու տարի առաջ՝ 1860 թ. հունիսի 14-ին: Հասնելով Պետերբուրգ, նա ձեռնարկեց անմիջապես Հայաստանի աշխարհագրական քարտեզի տպագրության հետ կապված աշխատանքին: Ենթադրում էր մի ամսից, Հնդկական իր առաքելության արդյունքների մասին Նոր-Նախիջեւանում համաքաղաքացիներին հաշիվ տալուց հետո, սկսել քարտեզի տպագրությունը, որի մասին «Հայտարարություն» զետեղեց «Հյուսիսափայլ»-ում: Հունիսի 24-ին կամ 25-ին նա մեկնում է Նոր-Նախիջեւան, ուր հասնում է հուլիսի 10-ին, ճանապարհին չորս օր Մոսկվայում դեգերելուց հետո: Դեռ նոր էր կարգի բերում իր թղթերը, կտակագումարների հաշիվները՝ Ն.-նախիջեւանի համայնական ժողովին ներկայացնելու համար, երբ հուլիսի 14-ի առավոտյան կայսերական շքախմբի գեներալ Դրենյակինի կողմից Պետերբուրգից արված գաղտնի կարգադրությամբ՝ ժանդարմական ագենտները խուզարկություն սկսելով Նալբանդյանների տանը, կալանքի տակ առան Մ. Նալբանդյանին: Գեներալ Դրենյակինը նույն այն անձնավորությունն է, որը ցարի հանձնարարությամբ վայրագորեն ճնշել էր Բեզդնայի գյուղացիական ապստամբությունը {Նրա արյունոտ սխրագործությունների մասին տե՛ս П. A. Зайончковский, Отмена крепостного права в России, M., 1954, եր. 158 եւ հետ.:}: Նրա տված հրահանգները ժանդարմական ագենտները կատարեցին ամենայն ճշտությամբ:
/426/ Չորս օր անց՝ հուլիսի 18-ին, խուզարկության ժամանակ գրաված մի հակ նյութերի՝ թղթերի, գրքերի եւ լուսանկարների հետ, նրան հատուկ պահակախմբով ուղեկցեցին դեպի հյուսիս: Հուլիսի 27 -ին պատակախումբը հասցրեց կալանավորին Պետերբուրգ, ուր նրան առաջնորդեցին Պետրոպավլովյան բերդը: Նույն այդ օրը բերդի կոմենդանտ Սորոկինը գրավոր զեկուցում ուղղեց ցարին՝ «Նոր-Նախիջեւանի բնակիչ Միքայել Նալբանդովն այսօր ընդունված է եւ բանտարկված Ալեքսեեւյան ռավելինի 8-րդ կամերայում»: Զեկուցագրի լուսանցքում մակագրված է. «Թագավոր կայսրը շնորհ արեց կարդալ. 29 հուլիսի»:
Մոտ երեք տարի, մինչեւ 1865 թ. մայիսը, Նալբանդյանը փակված մնաց ժողովուրդների ազատության մարտիկների շնչառությունը կաշկանդող քարե այս կապարանում, քաղաքական խոշորագույն հանցագործներին հատկացված այն ամրոցում, որի լապտերների փայլտկոցը, ինչպես գրում էր ուկրաինական ժողովրդի մեծ բանաստեղծը՝ Շեւչենկոն, ասես կատվի չարագուշակ աչքեր, սարսափ էին փռում շուրջը գիշերային մառախուղի միջից
Մ. Լեմկեի հրապարակած նյութերի շնորհիվ {Տե՛ս журнал " Былое ", 1906, N 7, июль, стр. 183 и сл., " Восемнадцать писем " М. А. Бакунина, այլեւ Мих. Лемке, Очерки освободительного движения шестидесятых годов СПБ, 1908, стр. 18 и сл., " Процесс 32-x " վերտառությամբ ափոփված փաստաթղթերը:} բավականաչափ պարզված են արդեն Նալբանդյանի ձերբակալության անմիջական հանգամանքները: Նա մեղադրվում էր Լոնդոնի ռուսական էմիգրացիայի, կամ ինչպես ասված է համապատասխան թղթերում՝ «Լոնդոնի պրոպագանդիստների» հետ հարաբերություն ունենալու մեջ:
Ոստիկանական դեպարտամենտի — «Երկրորդ բաժանմունքի» — ձեռքն էր ընկել Մ. Բակունինի՝ Նալբանդյանին Պետերբուրգ հասցեագրված երեք նամակ: Այդ նամակներից պարզվել էր, որ Սիբիրից Լոնդոն փախած նշանավոր ռուս էմիգրանտը Նալբանդյանին եւ հանրածանոթ ռուս գրող Ի. Ս. Տուրգենեւին էր հանձնարարել Իրկուտսկում թողած իր կնոջը՝ Անտոնի Բակունինային, Փարիզ փոխադրելու գործը {Այս նամակները՝ 1862 թ. հունիսի 16, հուլիսի 5 եւ 6 (նույն տեղը) թվագրությամբ, տե՛ս «Былое», 1906, N 7, եր. 204, 211 եւ 2012:}: Բռնվել էին նաեւ Բակունինի՝ զանազան այլ անձնավորությունների հղած նամակները: Բոլոր այս գրությունները գրավվել էին ռուսական սահմանագլխին, Լոնդոնից Պետերբուրգ ուղեւորվող՝ Պ. Ա. Վետոշնիկովի մոտ: Վերջինիս մոտ հայտնվել էին նաեւ Լոնդոնի այլ էմիգրանտների՝ Գերցենի, Օգարյովի եւ Կելսիեւի՝ Ռուսաստան հասցեագրված գրությունները:
Իր նամակներում Ա. Ի. Գերցենը նշավակել է անզգույշ ու թեթեւամիտ այն վերաբերմունքը, որ հայտնաբերվել է այդ գրությունների փոխադրու/427/թյան գործում Լոնդոնի ռուս բոլոր էմիգրանտների եւ մանավանդ՝ Բակունինի կողմից: «Ռեակցիան այն ժամանակ,— գրում էր Գերցենը,— ինկուբացիոն շրջանի մեջ էր եւ չէր դրսեւորել տակավին իր ներքին, թաքնված նեխումը: Ոչ ոք երկյուղ չէր կրում գալ մեզ մոտ: Ոչ ոք չէր վախենում վերցնել իր հետ «Колокол»-ը եւ ուրիշ հրատարակությունները. շատերը պարծենում էին փոխադրություն կատարելու վարպետությամբ» {А. И. Герцен, Былое и думы, М., 1939, V, եր. 182:}: Նալբանդյանի եւ ուրիշների հասցեով ուղարկված նամակները, ինչպես պատմում է Գերցենը {Տե՛ս նույն տեղը, եր. 183 եւ հետ.:}, հանձնվել էին Վետոշնիկովին Կելսիեւի կազմակերպած մի խնճույքի ժամանակ, որին ներկա էին եղել բազմաթիվ կողմնակի մարդիկ: Սրանցից մեկը, ըստ երեւույթին՝ ոստիկանության դեպարտամենտի ագենտ, Հեռագրում է Պետերբուրգ, նախազգուշացնելով տեղի ունենալիք փոխադրության մասին: Վետոշնիկովը ձերբակալվում է տակավին շոգենավից ափ չիջած: Այս դեպքը, որ հետագայում նյութ ծառայեց Պիսեմսկու «Взбаламученное море» վեպի համար, բաց արեց ոստիկանության դեպարտամենտի առաջ «Լոնդոնի պրոպագանդիստների» հետ կապված մարդկանց գործի կծիկը: Բռնված նամակները միջոց` էին տալիս ոստիկանությանը՝ ձերբակալել եւ պատասխանատվության ենթարկել Լոնդոնի էմիգրանտների հետ կապված տասնյակ մարդկանց: Նալբանդյանը մեկն էր այդ մարդկանցից: Նրանից զատ, նույն գործով մեղադրվում էին Ն. Ա. եւ Ա. Ա. Սեռնո-Սոլովեւիչ եղբայրները, Նիչիպորենկոն, Վորոնովը, Լյալինը, Դե-Տրավերսեն եւ այլք, ընդամենը 32 հոգի: «32-ի պրոցեսի» կապակցությամբ ձերբակալվեց եւ Պետրոպավլովյան բերդ նետվեց նաեւ Ն. Գ. Չերնիշեւսկին, ռուս ռեւոլյուցիոն դեմոկրատիայի ղեկավարը, որի գործը, սակայն, քննվում էր առանձին: Նույն 1862 թ. Լոնդոնի պրոպագանդիստների գործով նախապես ձերբակալվել եւ շտապ կարգով տաժանակիր աշխատանքի էր դատապարտվել ռեւոլյուցիոն պոետ Մ. Լ. Միխայլովը:
Չերնիշեւսկու, Ն. Ա. եւ Ա. Ա. Սեռնո-Սոլովեւիչ եղբայրների, Նալբանդյանի եւ մյուսների դեմ սկսված կառավարական այս միջոցառումը 1859-1861 թվականներին ստեղծված ռեւոլյուցիոն կացությանը հաջորդող ռեակցիայի ազդանշաններից մեկն էր:
1861 թ. փետրվարի 19-ի մանիֆեստն անկարող եղավ անմիջապես զսպել ագրարային շարժման լեռնացող ալիքը: Ցարական ռեֆորմները չէին վերացնում նախկին ճորտատերերի արտոնյալ դրությունը: Նրանց ձեռքում էր մնում ոչ միայն քաղաքական իշխանության ղեկը, այլեւ ճորտերի ձեռքով մշակված հողերի 18-ից մինչեւ 44%-ը: Գյուղացիները զրկվում էին լավորակ վարելահողերից, անտառներից ու դաշ/428/տավայրերից: Նրանց մեջքին պիտի ծանրանար «փրկավճարումների» (выкупные платежи) բեռը: Դրանց պիտի ավելանային տուրքերը գյուղացիական ինքնավարության պետքերի համար: Հողի տեր դարձած գյուղացիների հոծ մասսան, զուրկ արտադրության այլ միջոցներից՝ պետք եղած լծկաններից, գյուղատնտեսական գործիքներից եւ այլն, պիտի դառնար շահագործման նոր եղանակների զոհ: Հին կալվածատերերը կամ նոր վարկատուներն ու վարձատուները հաստատելու էին նրանց պարանոցին կիսաֆեոդալական, կիսակապիտալիստական կեղեքման երկաթե լուծը: Այս ամենը քայքայելու էր մանր գյուղացու «ազատագրրված» տնտեսությունը՝ սոցիալապես տարբերակելով գյուղաբնակչությունը, դարձնելու գյուղացիության մեծ մասի տնտեսությունը անեկամըտաբեր ձեռնարկություն, աշխատանքի եւ ապրուստի մի տանջարան: «Ո՞ւր երթա 23 միլիոն ժողովուրդ անհող եւ անկայան, — հարցնում էր Նալբանդյանը, — ի՞նչ գործե, ի՞նչպես ապրի: Նույն հողը, որի վերա բնակվում էր եւ որ գործում էր, այժմ, ազատվելուց հետո, պիտի վարձու առնուր յուր պարոնից՝ ի՞նչ ազատություն էր այս, ո՞չ ապաքեն եւ առաջ նույնն էր գործում, միայն այս տարբերությամբ, որ տված դրամը կամ անձնական աշխատությունը փոխանակ դրամի՝ համարվում էր հարկ, իսկ այժմ նույնը պիտի անվանվեր վճար: Բայց շինականին ի՞նչ մխիթարություն անվանափոխության մեջ, քանի որ գործը նույնն է: Պիտի ասեն, որ այդ տեսակ ազատութենից շինականը եթե տնտեսական մասնում ավելի վնաս ունի քան թե օգուտ, գոնե կազատվի ստրկութենից եւ պարոնի իշխանության ու լուծի տակից: Այստեղ եւս մխիթարական բան չկար շինականին. այո՛, պիտի ազատվեր պարոնից, բայց դորա փոխանակ պիտի ընկներ կառավարության աստիճանավորների ձեռքը, այսինքն անձրեւի երեսից ծովը» {Ե. Լ. Ժ., III, եր. 56 եւ հետ.:}:
Ի վերուստ ստացված հողն ու ազատությունը ագրարային հարաբերությունների հեղաշրջում չէր, հարկավ, այլ սոսկ ճորտատերերի ձեռքով կատարված բուրժուական լղրճուկ ռեֆորմ:
Կառավարությունն իսկ երկյուղ ուներ, որ ձեռնարկված ռեֆորմը Հիասթափություն կարող էր պատճառել գյուղացիներին, եւ որ ռեֆորմից անմիջապես հետո երկրում կարող էր բարձրանալ վրդովմունքի հզոր ալիք: «Ո՞վ կարող է երաշխավորել,— հարցնում էր Ս. Լանսկոյին Ալեքսանդր II ցարը,— որ երբ գործադրության տրվի նոր օրինադրությունը, եւ ժողովուրդը տեսնի, որ իր սպասելիքները, այսինքն՝ իր հասկացած ազատությունը գլուխ չեկավ, արդյոք վրա չի՞ հասնի հիասթափության րոպեն: Այն ժամանակ արդեն ուշ կլինի հատուկ մարդիկ ուղարկել ժողովուրդը /429/ զսպելու համար: Պետք է, որ նրանք արդեն իսկ հիմա լինեն տեղերում» {„Крестьянское движение в 1861 году после отмены крепостного права“, M. и Л., 1949, ч. I и II, եր. 3:}:
Այս նախատեսությամբ՝ ռեֆորմների նախօրեին. կառավարությունը Հատուկ ռազմական ուժեր էր հղում նահանգները: Հրապարակված նյութերը {Տե՛ս նույն տեղը:} ցույց են տալիս, որ զուր չէր այդ «նախատեսությունը», եւ որ նահանգներում կենտրոնացված ռազմական հատուկ ուժերը ահագին եռանդ պիտի գործ դնեին հիասթափված գյուղացիության վրդովմունքը բռնի ուժով խեղդելու համար: Հիրավի, ռեֆորմից հետո նոր թափ ստացավ ագրարային ռեւոլյուցիայի «Հող եւ Ազատություն» մարտակոչը: «Ազատագրումից» հետո է հենց, որ տեղի ունեցավ գյուղացիների մասսայական «խլրտումը» Ղազանի նահանգի Բեզդինա գյուղում: Այս կարգի խլրտումները բացառիկ չէին: Ըստ պաշտոնական տվյալների՝ 1861 թ. ապրիլ-հուլիս ամիսների ընթացքում առաջացավ 647, իսկ հուլիսից մինչեւ տարվա վերջը՝ 137 ագրարային հուզմունք: 1862 թ. առաջին կիսամյակում ծագեց 300, իսկ երկրորդ կիսամյակում՝ 87 նմանօրինակ հուզմունք: 1861 թ. զինական ուժի միջամտությամբ լիկվիդացվեց 499 գյուղացիական կլըրտում, 1862 թ.՝ 298 {Հմմ. " Отчеты о действиях III отделения ", որը հրատարակեց Ցենտրարխիվը, " Крестьянское движение 1827-1869 гг. " ընդհանուր վերնագրով, M. եւ Л., 1931:}:
1861 թ. փետրվարի 19-ի ռեֆորմից դժգոհ գյուղացիները սնվում էին այն հավատով, թե «ազատության» մանիֆեստի հրապարակումից երկու տարի անց՝ 1863 թ. փետրվարի 19-ին, ցարը տալու է նրանց նոր, իսկական ազատություն, որով նրանց սեփականություն է ճանաչելու ամբողջ հողը եւ գյուղացին ազատ է հռչակվելու Հողային ամեն տեսակի տուրքերից ու վճարումներից: Գյուղացիների այս հավատն էր հենց, որ վերին աստիճանի լարված, սպասողական տրամադրություն էր առաջացրել երկրում, նպաստավոր մթնոլորտ ստեղծելով ռեւոլյուցիոն ագիտացիայի համար: Թվում էր, թե երբ վրա հասնի տարածուն պատրանքից սթավելու ժամը՝ խաբված ճորտը, կացինն առած, պիտի ոտքի ելնի խաբեբա կալվածատերերի ու իշխանավորների դեմ: Շատերի մոտ հասունանում էր այն համոզումը, թե պետք է ընդառաջել գյուղացիներին եւ մտցնել մի շարք նոր ռեֆորմներ, որպեսզի չծավալվեն մասսայական «խլրտումները», որոնք կարող էին բռնկել առաջիկայում ավելի մեծ ուժով:
Գյուղացիական շարժմանը զուգահեռ բռնկում են ուսանողական «անկարգությունները», որոնք առանձնապես աչքի ընկան 1861 թ. ըն/430/թացքում Մոսկվայում, Պետերբուրգում ու Ղազանում եւ առիթ տվեցին ուսանողական «ինքնավարությունների» վերացմանը: Ժանդարմական օրգանները գանգատվում էին, թե ուսանողական «անկարգությունները» համակիր արձագանք են գտնում քաղաքացիական եւ զինվորական գրեթե բոլոր դպրոցներում {Հմմ. " Процесс Н. Г. Чернишевского ", Архивные документы, под ред. Н. А. Алексеева, Саратов, 1939, եր. 12 եւ հետ., 21 եւ հետ.:}:
Չի կարելի անգիտանալ ռեֆորմներին կանխող կամ նրանց հաջորդող քաղաքական տրամադրությունների դրական նշանակությունը: Ճորտատերերի անբաժան տիրակալությանը, Նիկոլայ I-ի բռնապետությանը հաջորդեց քաղաքական ռեժիմի հարաբերական մեղմացում, երբ կառավարությունը, ինչպես ասում էր Նալբանդյանը, «մի փոքր թուլացրեց Ժողովրդյան սանձը» {Ե. Լ. Ժ., III, եր. 57:}, երբ սկսում էր ասպարեզ բացվել հասարակական ուժերի ազատ զարգացման եւ անհատական ազատ նախաձեռնության առաջ: Այս պայմաններում է, որ հնարավոր դարձավ ճորտերի ելույթը տիրող ռեժիմի դեմ՝ հանուն ճորտատիրական կարգերի իրական ոչնչացման: Երկրի կենտրոններում ուժ ստացավ ռուս դեմոկրատական հասարակայնությունը՝ առաջապահ ունենալով այսպես կոչված ռազնոչին մտավորականների ռեւոլյուցիոն-դեմոկրատական խմբավորումները, նրանց մամուլն ու գրականությունը: Թվում էր մի պահ, թե շղթայազերծ ճորտերի համար չկա՝ այլեւս ոչինչ անկարելի՝ լիներ միայն գիտակցություն եւ շարժվելու, գործելու կամք:
Նույն այս փոթորկահույզ ժամանակաշրջանում երկրի ծայրամասերում՝ ճնշված ազգությունների ազգային-կուլտուրական եւ ազգային-քաղաքական շարժումները սկսում են ավելի եւ ավելի կապվել Ռուսաստանի գյուղացիության ծավալվող «խլրտումների» հետ: Նույն այս երեվույթը տեղի ուներ նաեւ Անդրկովկասում եւ, մասնավորապես, Հայաստանում:
Նվաճելով Անդրկովկասը, ցարիզմը չլիկվիդացրեց տեղական ֆեոդալներին: Ռուսաստանի զինվորական իշխանությունը մի առ ժամանակ համատեղվեց խաների ու նաիբների քաղաքացիական ու դատական իշխանության հետ: Շատ ուշ՝ 1840-41 թ.թ. է միայն, որ երկրում սահմանվեց սենատոր Գանի մշակած քաղաքացիական վարչաձեւը: Վրաստանում եւ Արեւելյան Անդրկովկասում, Հայաստանում եւ Ադրբեջանում պարբերաբար առաջացող մասսայական «խլրտումներին» ու տրտունջներին վերջ տալու նպատակով՝ մտցվում էր գաղութային վարչության «նորմալ» ստատուտ, լիկվիդացվում կամայականությունների դուռ բացող խաների ու նաիբների, աղալարների ու բեկերի, մելիքների ու քալանթար/431/ների քաղաքացիական իշխանությունը: Տեղական ադաթի ու օրենսգրքերի, դիվանխանաների ու դիվանբեկերի տեղ գործելու էին համապետական օրենսգրքերն ու դատարանները: Գանի նախագծով՝ Անդրկովկասյան գյուղացիները ազատվելու էին թիուլդարների հանդեպ ունեցած տուրքային անմիջական պարտավորություններից: Մի շարք վայրերում՝ Բորչալուի, Շամշադինի եւ Ղազախի դիստանցիաներում, աղալարները զրկվեցին իրենց կալվածներից. նույնը սպառնում էր նաեւ Արեւելյան Անդրկովկասի աղալարներին {„Колониальная политика российского царизма в Азербайджане в 20—60-ых. roдax XIX cтолетия, M. и Л., 1936-1937, T. II, եր. 48 եւ հետ., 72 է 120:}:
Տեղական ֆեոդալները դիմավորեցին այս իրադարձությունը մեծ դժկամությամբ, հանգամանք, որ չէր նախատեսել Գանի նախագիծը, որի համաձայն՝ նախկին կալվածատերերը պիտի գոհանային սոսկ գանձարանից ստանալիք ռոճիկներով: Կենտրոնական կառավարությունը հարկադրված եղավ այս մարզում եւս վերանայելու իր քաղաքականությունը: Պասկեւիչը եւ իր համախոհները տակավին 1833-ին էին մատնանշում, որ Անդրկովկասում պիտի արմատավորել ռուս ազնվականությունը, միաժամանակ ձեւակերպելով տեղական ազնվականության իրավունքները: Բացի այդ, պետք էր լայն իրավունքներ տալ ռուս չինովնիկներին եւ ապահովել տեղական կալվածատերերի ապրուստը {Տե՛ս Ե. Լ. Ժ., 1, եր. 280:}: 1846 թ. հրատարակվեց Նիկոլայ I-ի դեսկրիպտը, որի համաձայն՝ խանական վարչության հետ լծորդված ժամանակավոր (թիուլական) հողատիրությունը վերածվելու էր ժառանգական (մուլքադարական) հողատիրության: Հիմք էր դրվում մի քաղաքականության, որի հետեւանքով փաuտապես վերահաստատվում էր ադրբեջանական եւ հայ գյուղացիության ճորտական կախումը տեղակայն «բարձր դասի» ներկայացուցիչներից եւ ենթարկվում սրանց ոստիկանական հսկողությանը {Նույն տեղը, II, եր. 105 եւ հետ,:}: Այս քաղաքականությունը, ինչպես բացատրում էր Վորոնցովը, կենսագործելու էր այն «արիստոկրատական սկզբունքը, որը պիտի պատնեշ կազմեր Կովկասում գլուխ բարձրացնող «դեմոկրատական ուղղության դեմ»:
Անդրկովկասի հողային ու վարչական մարզերում տեղի ունեցած իրադարձությունները խորապես ազդեցին երկրի ամբողջ կյանքի վրա եւ մասնավորապես անդրադարձան հայ գյուղական ու քաղաքային մասսաների կացությանն ու տրամադրությանը:
Ցարիզմի գաղութային քաղաքականության, ոստիկանական ռեժիմի եւ մուլքադարական իրավունքների վերականգնման ու ընդարձակման հետ էին լծորդված նաեւ այն տրամադրությունները, որ դրսեւորում էին /432/ 50-60-ական թվականների կովկասահայ գյուղացիական եւ արհեստավորական խավերն ու այդ խավերին մոտ կանգնած այն գրողներն ու գործիչները, որոնք հանդիսանում էին հետագայում ասպարեզ եկած գյուղագիրների ու նարոդնիկ մտավորականների նախակարապետները: Նրանց երկերի ու ելույթների մեջ անդրադառնում էին գյուղացիական եւ արհեստավորական մասսաների տրտունջները, կալվածատերերի, կապալառուների, վաշխառուների ու սպեկուլյանտների դեմ նրանց մղած տարերային կռիվը, մերկացվում գաղութային ոստիկանների շահատակություններն ու այլանդակությունները: Զուրկ պայքարի հստակ ծրագրից ու հեռանկարներից, նոր կարգերին ու հարաբերություններին նրանք հաճախ հակադրում էին նահապետական գյուղաքամայնքների ըմբռնումները եւ Համքարության հինավուրց կազմակերպությունների պահանջները: Երեւույթներ էին սրանք, որոնք վաթսունական թվականներին մեզանում զիտակից արտահայտություն ստացան եւ ռեւոլյուցիոն եզրակացությունների հանգեցին միայն Մ. Նալբանդյանի հրապարակախոսության եւ հասարակական-քաղաքական գործունեության միջոցով:
Ընդառաջելով ցարիզմի տապալման հեռանկարին՝ Նալբանդյանի 60 -ական թ.թ. հրապարակախոսությունը անդրադարձնում էր հայ հասարակական-քաղաքական մտքի ռեւոլյուցիոն խլրտումը: Այդ պահին էր, որ նրա հրապարակախոսությունը ստանում էր միշտ ավելի ու ավելի մարտական-ազատագրական ուղղություն: Հայ «հասարակ ժողովրդի» տրիբունն ու պարագլուխը ձեռնարկում էր ռեւոլյուցիոն ուժերի գաղափարական եւ կազմակերպական հավաքմանը:
Նալբանդյանը տանում էր այս աշխատանքը գրական-հրապարակախօսական իր գրվածքներով եւ ընդհատակյա-կազմակերպչական իր գործունեությամբ՝ ռուսահայ ռեակցիայի հետ սուր պայքարի մեջ մտած: Սակայն, ի վերջո, նա պիտի հաշվի նստեր նաեւ այն հակագրոհի հետ, որ արծարծվող ռեւոլյուցիայի դեմ ձեռնարկեցին ցարական կառավարությունն ու նրա ետեւ կանգնած համառուսական կալվածատիրությունն ու բուրժուազիան:
Անդրադառնալով Ռուսաստանում ծավալվող գյուղացիական բունտերին՝ 1862 թ. գարնանը Նալբանդյանը գրում էր. «Կառավարությունը զենք գործ դրեց նոցա վերա, բայց սպանվածների արյունը ոռոգեց եւ աճեցուց ընդդիմության տունկը» {Ն. Լ. Ժ., III, եր. 58:}: Սակայն ժամանակի խորունկ ողբերգնությունն այն էր հենց, որ «ընդդիմության տունկը» դատապարտված էր թալկացման: Գյուղացիությունը, խավար ու անկազմակերպ, ընդունակ էր տարերային բռնկումների, բայց անկարող տակավին ավերելու ֆեոդալա/433/կալվածատիրական կարգերի եւ նոր կապիտալիստական հարաբերությունների պատնեշը: Հին, կալվածատիրական իշխողները, օգտագործելով նոր, բուրժուական հասարակաշերտի օրորումները, ի վիճակի եղան հաղթահարել բռնկած հուզմունքը եւ կործանումից փրկել ինքնակալությունը: Գյուղացիական խլրտումների կոր գիծը, տեղի տալով կառավարական ուժերի բռնի միջամտությանը, իջնում էր վար, որի փոխարեն սպառնում էր բարձրանալ միայն ուսանողական «խռովությունների» ալիքը: 1861 թ. ոստիկանությունը փորձեց նաեւ կարգի հրավիրել քաղաքականապես աշխուժացած համալսարանական երիտասարդությանը: Ռեպրեսիաներն առաջացրին խլրտումներ, որոնք արձագանք գտան համալսարանական պատերից դուրս, քաղքենի հասարակության տարբեր ծալքերում, տեղի տալով, ի վերջո, ոստիկանական օրգանների նոր կամայականություններին: «1862 թ. սկզբներին,— գրում էր ժամանակակիցներից մեկը,— հասարակական մթնոլորտը ծայր աստիճան լարված էր, ամենաչնչին հանգամանքն անգամ կարող էր ուղղել կյանքի ընթացքը այս կամ այն կողմը: Այդ դերն է հենց, որ խաղացին 1862 թ. մայիսին Պետերբուրգում բռնկած հրդեհները» {Л. Ф. Пантелеев, Из воспоминаний прошлого, 1934, եր. 212:}: Հրդեհների առիթով մեղադըրում էին ուսանողներին: Պրովոկացիոն այդ մեղադրանքի առիթով էր, ի դեպ, որ Նալբանդյանին ուղղած նամակում Բակունինը գրում էր. «Այստեղ չգիտեն, թե ինչ ասեն ձեզ մոտ տեղի ունեցած հրդեհների մասին: Մի՞թե իրոք ուսանողները մասնակից են դրան: Հավատս չի գալիս» {" Былое ", նույն տեղը, եր. 212։}: Ուսանող երիտասարդների հրապարակած «Молодая Россия» պրոկլամացիան, ուր անխնա եւ արյունահեղ կռիվ էր հայտարարվում տիրող կարգերին եւ այդ նպատակով նվիրագործվում ամեն միջոց, առիթ էր տալիս հավաստելու շրջող մեղադրանքը: Սակայն բավականաչափ պարզված է հիմա, որ Պետերբուրգի հրդեհները ոստիկանությանը մոտ կանգնած մարդկանց ձեռքի գործ էին փաuտապես {Տե՛ս " Каторга и ссылка ", 1932, N 10, С. А. Рейсер-ի " Петербургские пожары 1862 года " հոդվածը։}:
Ոստիկանությունը օգտագործեց հրդեհները ռեւոլյուցիոն շարժման դեմ հակագրոհի անցնելու համար: Կեղեքվում էր, մասնավորապես, այն պառակտումը, որ առաջացրել էր ռեւոլյուցիոն դեմոկրատիայի ներսում «Молодая Россия» խմբակի պրոկլամացիան: Միապետությունը դիմում էր «վրդովիչ խռովության» ախտահանմանը: Ռեակցիայի ինկուբացիոն շրջանին հաջորդում էր նրա բուն ճգնաժամը:
«Դեմոկրատական շարժման աշխուժացումը Եվրոպայում, լեհական խմորումը, դժգոհությունը Ֆինլանդիայում, քաղաքական ռեֆորմների /434/ պահանջն ամբողջ մամուլի եւ ամբողջ ազնվականության կողմից, «Колокол»-ի տարածումն ամբողջ Ռուսաստանով մեկ, հուժկու քարոզը Չերնիշեւսկու, որը գրաքննության բովից անցած հոդվածներով էլ կարողանում էր իսկական ռեւոլյուցիոներներ դաստիարակել, թռուցիկների հանդես գալը, գյուղացիների հուզումը, որոնց «շատ հաճախ» հարկ էր լինում զինվորական ուժի օգնությամբ եւ արյունահեղությամբ ստիպել ընդունելու «Կանոնադրությունը», ոյր մինչեւ վերջին թելը կողոպտում էր նրանց, ազնվական-հաշտարար միջնորդների կոլեկտիվ հրաժարումներն այսպիսի «Կանոնադրությունը» կիրառելուց, ուսանողական անկարգությունները— այսպիսի պայմաններում ամենազգույշ եւ զգաստ քաղաքագետը պետք է ռեւոլյուցիոն պոռթկումը համարեր միանգամայն հնարավոր ու գյուղացիական ապստամբությունը՝ միանգամայն լուրջ վտանգ: Այսպիսի պայմաններում ինքնակալական կառավարությունըչէր կարող այլ կերպ վարվել, քան անխնայորեն ոչնչացնելով առանձին անձերի, բռնակալության եւ շահագործման գիտակից եւ անհողդողդ թշնամիներին (այսինքն՝ ռեւոլյուցիոն պարտիայի «պարագլուխներին»), վախեցնել եւ փոքրիկ զիջումներով կաշառել դժգոհների մասսային: Տաժանակրություն նրան, ով գերադասում է լռել, քան բթամիտ կամ կեղծավոր գովասանքներ արտազեղել «մեծ ազատագրման» հասցեին, ռեֆորմներ (ինքնակալության եւ շահագործող դասակարգերի համար անվնաս ռեֆորմներ) նրանց, ովքեր շնչասպառ էին լինում կառավարության լիբերալիզմից եւ հրճվում պրոգրեսիվ դարաշրջանով {Վ. Ի. Լենին, Երկեր, V, եր. 44 եւ հետ.:}:
«Խռովությունը» փարատելու համար կառավարությունը փաստորեն ռազմական դրություն ստեղծեց մայրաքաղաքում: Սահմանվեց զինվոիական հատուկ կոմիտե, որին հանձնարարվեց «գտնել եւ գործադրել արտակարգ ներգործուն միջոցներ մայրաքաղաքի ապահովությունը վերականգնելու համար»: Քաղաքը բաժանվեց երեք մասի, որոնցից յուրաքանչյուրը դրվեց զինվորական նահանգապետի հսկողության տակ՝ «հրդեհաշիջներին» բռնելու եւ 24 ժամում ռազմական դատի տալու համար: Շուտով ռազմական դատարաններ մտցվեցին նաեւ հուզմունքի մյուս վայրերը՝ գյուղացիական բունտերը ճնշելու համար: Սրան հաջորդեցին մի շարք այլ ռեպրեսիաներ: Այսպես, կառավարությունը զինական ուժ գործադրեց անգամ ուսանողների դեմ, փակեց Պետերբուրգի համալսարանի դռները եւ ձերբակալեց ուսանող ցուցարարներից շատերին:
Ռեակցիոն մամուլը, Կատկովի գլխավորությամբ, գրոհի անցավ «Լոնդոնի պրոպագանդիստների» դեմ՝ ներկայացնելով նրանց գլխավոր /435/ հրձիգների դերում: Միաժամանակ արշավ սկսվեց Նեկրասովի «Современник»-ի եւ Բոգոսվետլովի «Русское слово»-ի դեմ: Հետեւանքը եղավ այն, որ ութ ամսով փակվեցին «Современник»-ն ու «Русское слово»-ն, եւ վերջինիս գլխավոր աշխատակից Պիսարեւը ձերբակալվեց: Մամուլի դեմք սկսեցին գործադրվել խիսո կանոններ:
Կառավարության անմիջական մտահոգությունը «Լոնդոնի պրոպագանդիստները» չէին, այլ երկրում գործող նրանց ձագենտները»: Սրանց դեմ հանված հալածանքով ցարիզմը ձեռնարկում էր ռեւոլյուցիոն կրամոլայի արմատական լիկվիդացիան: Զուր չէ, որ նրանց գործի քննությունը «ազատարար» ցարը հանձնարարեց կառավարական սենատին, որին կից ստեղծվել էր այդ նպատակով հատուկ հանձնաժողով՝ իշխ. Ա. Ֆ. Գոլիցինի նախագահությամբ: Հանձնաժողովի ծավալած հարցաքննության բուն ղեկավարները գտնվում էին, իհարկե, սենատի պատերից դուրս՝ ոստիկանության դեպարտամենտում: Այն փաստը, որ Նալբանդյանի կալանքի մասին անմիջապես զեկուցվում էր ցարին, ակներեւ է դարձնում, որ ինքը՝ ցարը հետեւում եւ հսկում էր ինքնակալությունը փրկելու համար գործադրվող արտակարգ այս միջոցառումներին: Հատկանշական է մասնավորապես, որ Նալբանդյանին գտնելու եւ ձերբակալելու գործը կառավարությունը հանձնարարեց ճորտերի ապստամբությունները վայրագորեն ճնշելու մեջ անուն հանած ժանդարմական գեներալ Դրենյակինին:
Նալբանդյանի ձերբակալությունը քաղաքական հատուկ նշանակություն էր ստանում նաեւ մի այլ տեսակետից: Հանձին նրա կառավարությունը գործ ուներ մի մարդու հետ, որի գործունեությունը ազդանշում էր հայերի մեջ ծայր առնող ռեւոլյուցիոն տրամադրությունների առկայության փաստը: 1862 թ. հունվարի 17-ին «Կովկասյան կոմիտեի» գործերի կառավարիչ ստատս-սեկրետար Վ. Բուտկինը Նալբանդյանի կազ«մած «Պոլսահայ լուսավորչական համայնքը» տեղեկագրի առիթով նիս մասին հայտնում էր արտաքին գործերի մինիստրին. «Նալբանդյանին ի մոտո ճանաչողները խոստովանում են նրա ընդունակությունները, բայց ցավ են հայտնում, որ նա գործ է դնում այդ ընդունակություններն ի վնաս իրեն եւ իր ազգին, եւ դիմում ինտրիգների ու այլ ոչ բարեվայելուչ միջոցների: Ասում են, թե նա սիրում է միջամտել ուրիշի գործերին եւ շարունակ ձգտում է ազդեցություն ձեռք բերել հայերի մեջ եղած այլեւայլ կուսակցությունների վրա» {Հմմ. «Անտիպ երկեր», եր. 426 եւ հետ,:}:
Նալբանդյանի գործի քննության ընթացքը պարզում է մեր առաջ այն իրողությունը, որ կառավարությունը նրա մեջ տեսնում էր մի մարդու, որ կարող էր «վտանգավոր կապեր ունենալ Հարավային Ռուսաս/436/տանի եւ Կովկասի հայերի հետ եւ ազգային-ազատագրական գաղափարներ տարածել նրանց մեջ: Պատահական չէ, որ քննիչ հանձնաժողովի նախագահ Գոլիցինը 1862 թ. օգոստոսի 14-ին Կովկասի փոխարքայի պաշտոնակատար Օրբելիանիին իրազեկ էր պահում Նալբանդյանի թղթերում հայտնված Բակունինի նամակների մասին եւ առաջարկում միջոցներ ձեռք առնել «Լոնդոնի պրոպագանդիստների» հրատարակությունները Կովկասում տարածելու դեմ:
Նալբանդյանի այս կարգի «վտանգավորության» մասին էին վկայում, հիրավի, այն նամակները, որ գտնվել էին Վետոշնիկովի պայուսակում: Այդ մասին էին վկայում, մանավանդ, այն թղթերը, որ հայտնվել էին Նալբանդյանի մոտ՝ խուզարկության ժամանակ: Սրանց հիման վրա է հենց, որ ձերբակալվեցին «Լոնդոնի պրոպագանդիստների» գործով մեղադրվողներից մի քանիսը՝ Վորոնովը, Լյալինը, Դե-Տրավերսեն: Կարեւոր էին այդ թղթերի մեջ, մանավանդ, Բակունինի մի շարք նամակները, նրա կազմած ինստրուկցիան եւ պայմանական բառարանը, հայերեն մի շիֆր ու ծածկագիր բառարան՝ գրված Նալբանդյանի ձեռքով, եւ Նալբանդյանին ուղղված հայերեն մի նամակ, ուր պատմվում է հայկական ինչ-որ կոմիտեներ եւ լոժեր կազմակերպելու մասին, Բակունինի հրահանգները Լոնդոնի հրատարակությունները Կովկասում տարածելու մասին, նրա տպագիր կոչը՝ «Русским, польским и всем славянским друзьям» վերնագրով, Բակունինի, Մաձձինիի, Գարիբալդիի եւ ուրիշների լուսանկարները եւ այլն: Այս նյութերից զատ, հանձնաժողովի տրամադրության տակ կային Վետոշնիկովի մոտ գտնված նյութերը՝ Բակունինի նամակները Նալբանդյանին, նորատիպ «Երկրագործության» օրինակները, որ Բակունինն ուղարկել էր Նալբանդյանին, թյուրքահայ ընդարձակ մի ռեցեպտ՝ պայթուցիկ նյութեր պատրաստելու մասին, էմիգրանտ Կելսիեւի համար Նալբանդյանի գտած տաճկական մի անցագիր, Նալբանդյանի միջոցով Դե-Տրավերսեին հասցեագրված գրականագետ Ալբերտինի նամակը, ուր վերջինս հանձնարարում է Նալբանդյանին, որպես Լոնդոնի ռուսների հարգանքը վայելող մարդու:
Այս ամենից զատ բռնվել էին մի շարք թղթեր, որոնք ակներեւ էին դարձնում «Լոնդոնի պրոպագանդիստների» 1862 թ. գլխավոր մտահոգությունը՝ Կենտրոնական Եվրոպայում, Բալկաններում եւ Ռուսաստանում ազգային-ռեւոլյուցիոն պրոպագանդ վարելու եւ ազգային-ռեւոլյուցիոն շարժում առաջ բերելու նրանց ծրագիրը: Վերը հիշատակված կոչի մեջ, որ հրապարակել էր Բակունինը Սիբիրից Լոնդոն հասնելուց հետո, նա հանդես եկավ Արեւմուտքում եւ Արեւելքում ազգային-ազատագրական շարժումներ կազմակերպելու ծրագրով: Իտալիայի ազատագրումը, ասում էր Բակունինը, մահացու հարված է հասցնում՝ Հաբսբուրգյան մոնար/437/խիային, որ կործանվելու է իտալացիների, հույների, ռումինների, հունգարացիների եւ բոլոր սլավոնների հավաքական ջանքերով, որի հետեւանքով խորտակվելու է նաեւ Թյուրքիան: Այս երկու պետությունների փլատակների վրա պիտի վերակենդանանա իտալացիների, հույների, ռումինների, հունգարացիների եւ բոլոր սլավոնների ազատությունը: Ռուսաստանը հասունանում է գյուղացիական ռեւոլյուցիայի համար, որը պիտի բռնկի, եթե գյուղացիությունը չստանա լիակատար ազատություն եւ հողի լիակատար սեփականություն {«Колокол ", NN: 122, 123.}: «Колокол»-ի նույն տարվա ապրիլի 15-ի համարում «Несколько слов южным славянам» հոդվածում, խոսելով Թյուրքիայի եւ Ավստրիայի կրունկների տակ տրորված սլավոնների մասին, սրանց դաշնակիցների թվում Բակունինը նշում էր նաեւ հայերին {Նույն տեղը, N: 129:}:
Ցայտուն գույներով Բակունինն ամփոփեց ազգային-ազատագրակսն ապստամբությունների այդ ծրագիրը 1862 թ. մայիսի 10-ին Գարիբալդիին ուղղած մի նամակում: Ռուս ժանդարմների ձեռքն ընկած այդ նամակում նա հայտնում էր գեներալին, որ ապարդյուն որոնումներից հետո կարողացել է վերջապես լեզու գտնել բուն Լեհաստանի երիտասարդ սերնդի հետ: «Մեր նպատակն է,— գրում էր Բակունինը,— Մոսկվա-Պետերբուրգյան կենտրոնացման (ֆեդերալիստ Բակունինի բերնում այս բառն ունի հատուկ երանգ, Ա. Հ.) ոչնչացումը, էմանսիպացիա եւ կատարյալ ազատություն, ավտոնոմիա եւ անկախություն լեհական եւ ոչ-լեհական այն երկրամասերին, որոնք կազմում են Ռուսաստանի պետությունը: Կյանքի եւ մահու պատերազմ Ավստրիայի, ինչպես նաեւ Թյուրքիայի եւ մասամբ նաեւ Ռուսիայի դեմորչափ վերջինս լեհական երկրամասերից է կազմված— եւ սլավոնական բոլոր ժողովուրդների ընդհանուր ֆեդերացիաԱյն, ինչ քարոզում եմ ես ներկայիս, դա սլավոնների եւ մաջարների անպայման միությունն է, անգամ եթե ապագային վերջիններս մեզ հակառակորդ դառնալու լինին,— քանի որ նրանք երբեք էլ չեն կարող այնքան վտանգավոր ու զորեղ լինել, որքան ավստրիացիները»: Ընդհանուր թշնամու՝ Ավստրիայի, դեմ համերաշխության ձեռ պետք է մեկնել Իտալիային: Սլավոնների ատելությունը դեպի Ավստրիան ավելի ծավալուն է, քան իտալացիներինը, եւ այդ թշնամանքը հարկադրում է նրանց համապատասխան քաղաքականություն նաեւ Նապոլեոն III-ի հանդեպ. այսպես, եթե վերջինս հարձակվելու լինի Գերմանիայի վրա, սլավոնները տեսականորեն անարդարացի կհամարեին այդ, սակայն չեն դիմադրի դրան: Ընդհակառակը, նրանք կօգտագործեին այդ Ավստրիան խորտակելու, Պրուսիան գրավելու, լեհական հողերը ազա/438/տագրելու եւ Ռուսաստանում ռեւոլյուցիա սկսելու համար: «Որտեղի՞ց է սկսվելու շարժումը, — հարցնում էր Բակունինը,— արդյոք ազդանշան կտան Ֆրանսիայի փառասիրությունն ու ներքին հանգամանքները: Արդյոք առաջ կգա հանկարծական ապստամբություն իտալական, մաջար, սլավոն, հայ եւ հույն ժողովուրդների մեջ, թե՞, այնուամենայնիվ, տեղի կունենա ռուսական ռեւոլյուցիաահա հարցը: Մենք առնվազն գործ կդնենք բոլոր միջոցները, որ այդ ապստամբությունները նպաստեն ու հանգեն մի նպատակի՝ Իտալիայի լիակատար ազատագրմանը, ամբողջ Արեւելքի ապստամբությանն ու ազատագրմանը: Թող կորչի Ավստրիան ու գերման տիրակալությունը, եւ դրա հետ միատեղ` թող կորչի՛ Ռուսաստանի ցարիզմն ու իմպերիան: Այդ բոլորի տեղ՝ ազատ ժողովուրդների ավտոնոմիա եւ ֆեդերացիա» {Лемке, նույն տեղը, եր. 86 եւ հետ.:}:
Իր մի այլ գրության մեջ Բակունինը ուրվագծում էր ապստամբական այս շարժումների հեռանկարները Ռուսաստանի ճնշված ժողովուրդների համար: «Մենք կամենում ենք, որ Լեհաստանին, Լիտվային, Ուկրաինային, ֆիններին եւ մերձբալթյան լատիշներին, ինչպես նաեւ Կովկասյան երկրին վերադարձվի լիակատար ազատություն եւ իրենց բախտը տնօրինելու իրավունքՄենք կամենում ենք եղբայրական եւ եթե հնարավոր է՝ ֆեդերատիվ դաշինք Լեհաստանի, Լիտվայի, Ուկրաինայի, մերձբալթյան բնակիչների եւ Անդրկովկասյան երկրի ժողովուրդների հետ» {А. И. Герцен, П. C. C. и П., XV, եր. 406 եւ հետ.:}: Բակունինի այս էջերը անհատական մտահղացումներ չէին անշուշտ: Այս կամ այն չափով դրանք անդրադարձնում էին ազգային-ազատագրական շարժումների նկատմամբ Լոնդոնի մյուս «պրոպագանդիստների տրամադրություններն ու հեռանկարները»: Լոնդոնի ռուս նշանավոր էմիգրանտները նման խնդիրներ էին արծարծում եվրոպական դեմոկրատիայի պարագլուխների առաջ, որոնք դեռ հիսունական թվականների սկզբներին Մանձինիի, Կոշուտի եւ ուրիշների ստորագրությամբ ազատագրական կոչեր ու մանիֆեստներ էին ուղղում Եվրոպայի ու Ասիայի ճնշված ազգություններին եւ, մասնավորապես, առաջ քաշում թյուրքերին Եվրոպայից վտարելու եւ Թուրքիան «արեւելյան Շվեյցարիայի» վերածելու պահանջ: Բակունինի արծարծած ազգային-ազատագրական ծրագիրները ընդառաջում էին «Колокол»-ի էջերում արծարծված նման հայացքներին» {Հմմ., օրինակ, Օգարյովի հոդվածը «Колокол»-ի 1861, N 9-ում:}: Այնուամենայնիվ, պիտի շեշտենք, որ խոսելով Ռուսաստանի ազգային ազատագրական շարժումների մասին՝ Գերցենը եւ Օգարյովը դրանց մեջ առաջատար դեր էին վերապահում գյուղացիների ազատագրման խնդրին:
/439/ 1863 թ. Լեհաստանում գտնված ռուս սպաներին ուղղած իր դիմումի մեջ Գերցենը գրում էր. «Շատերը մեզ ասել են, թե հողային հարցին գերակշռություն ենք տալիսԱյս ընթացքը զարմացնում է, շփոթեցնում, այն անսովոր է, նրա մեջ չի կրկնված Արեւմուտքի ձեւը, ռեւոլյուցիոն ռուտինան, որին սովոր են հեղաշրջումների մարդիկ: Ի՞նչ արած: Կարող է պատահել, որ այս ճանապարհը ավելի դժվարին է ու նվազ հանգիստ, բայց դրա փոխարեն՝ այդ ճանապարհով չես հանգի «Հա՞ց, թե արճիճ» հարցին: Եվ ոչ էլ՝ «Ով արճիճ ունի, նա հաց ունի» պատասխանին: Հաց կլինի մեզ մոտ, քանի որ հողաբաժին պիտի որ լինի» {А. И. Герцен, П. C. C. и П., XV, եր. 518:}։
Ազգային եւ սոցիալական խնդիրների սերտ առնչումը բնորոշ էր նաեւ Օգարյովի համար: «Եվրոպան չի հանգստանա, — գրում էր նա,— մինչեւ որ ժողովուրդների բնական դասակարգումը չսահմանվի ոչ թե նվաճման եւ մանր պետությունները խոշորներին զոհաբերող երեւակայական հավասարակշռության սկզբունքով, այլ ժողովուրդների ինքնուրույնության սկզբունքով, հիմք ընդունելով նրանց ցեղային միասնությունն ու աշխարհագրական հարմար պայմանները: Գիտության մեջ մեր դարը արհեստական դասակարգումից անցել է բնականին. նույն ձգտումն ունի նա նաեւ մարդկային ազգի դասակարգման նկատմամբ: Անհնարին է դադար տալ այդ ձգտմանը: Սակայն կգնա՞ այդ ձգտումը սոցիալական խնդրից տարբեր ուղիով. այդ դեռ կասկածելի էԿարո՛ղ է պատահել, որ ազգային հարցը գնա առանձին ուղիով: Բայց ես պատճառ չեմ տեսնում, թե ինչո՞ւ նա չգնա սոցիալականի հետ միատեղ, մանավանդ, որ բոլոր պետությունները, որոնք նվաճման հետեւանքով տիրում են օտար ցեղերի, նույնքան հակառակ են սոցիալական, որքան եւ ազգային ինքնուրույնության: Իսկ երբ ես տեսնում եմ, որ ռուսական հարցը բնական եղանակով վեր է ածվում սոցիալական հարցի եւ ինքը՝ կառավարությունը, կամա-ակամա, Լեհաստանում մտցնում է գյուղացիական հողատիրության սկզբունք, ապա ինձ շատ ավելի հավանական է թվում, որ երկու հարցերն էլ, պաշտպանություն գտնելով սլավոնական մասսաների կողմից, կգնան ձեռք-ձեռքի տված» {Н. П. Огарев, Избранные социально-политические и философские произведения, 1952, I, եր. 669 եւ հետ.:}: Կանգ առնելով, մասնավորապես, 1863 թ. լեհական ապստամբության կրած պարտության վրա՝ Օգարյովը ասում էր, որ լեհերի ազգային ապստամբությունը պարտություն կրեց հենց այն պատճառով, որ նրա մեջ բացակայում էր գյուղացիական նոարրը: Լեհ ժողովրդական կառավարությունը ուկազ հրատարակեց գյուղացիներին հողով ազատելու մասին, սակայն ոչինչ չարեց իրագործե/440/լու այդ, գլուխ բերելու գյուղացիների ազատագրումը: Այդ անելու դեպքում գյուղացիությունն անբաժան կլիներ ապստամբությունից {Н. П. Огарев, Избранные социально-политические и философские произведения, 1952, I, եր. 668 եւ հետ.։}:
Գյուղացիական հարցի լուծման հետ «Լոնդոնի պրոպագանդիստները» սերտորեն լծորդում էին ազգային-ազատագրական շարժումները եւ, մասնավորապես, կովկասյան ժողովուրդների ազգային-ազատագրական խնդիրը: Թե որքան խոշոր նշանակություն էին տալիս նրանք կովկասյան շարժմանը, այդ ակներեւ է այն նամակից, որ ուղղել էր Օգարյովը Ն. Ա. Սեռնո-Սոլովեւիչին 1862 թ.: Նա հրահանգում էր վերջինիս՝ պատրանքներ չունենալ Պետերբուրգի մասին եւ գործունեության համար արմատ ձգել գավառում. «Եթե գավառներում արմատ չունեք, ձեր գործը բողբոջ չի տա»,— գրում էր նա: Գերցենը անհույս էր Պետերբուրգի կառավարական ռեֆորմների նկատմամբ. «Այդտեղ կենդանի կյանք չկա, ապագայի կառուցում չկա եւ արմատական շարժման ու բարեփոխման համար տեղ չկա»: Նա դժգոհ էր նաեւ ուսանող երիտասարդության «ձախության» նշաններից, եւ ամբողջ հույսը դնելով գավառի արթնացման վրա, հատկապես շեշտում էր կովկասյան ծայրամասի դերը. «Ցավալի է ինձ երիտասարդությունը, որին չեմ մեղադրում, որովհետեւ երիտասարդության համար մեղադրել չի կարելի. դա ֆիզիոլոգա-պաթոլոգիական երեվույթ է եւ վաղանցուկ: Ցավալի են ինձ ձեր քաղքենի կառապաններընրանք մեղավոր չեն: Վերնախավերի երկպառակությունն արդեն այնքան մեծ է, որ իրար չեն կարող հասկանալ, եւ նրանց մերձեցումն ամենից քիչ հնարավոր է Նեւսկի գետափի վրա կամ Մարսյան դաշտում. այն հնարավոր է միայն Սեւ եւ Կասպից ծովերի (մեջերքում գտնված Քուռ 1. Արաքս, Ա. Հ.) գետերի եզրերին» {Лемке, նույն տեղըխ եր. 22. հմմ. նաեւ Օգարյովի հոդվածը " Колокол ", 1861, N 59։}։ Այս նամակին կցված են Գերցենի մի շարք տողերը Ն. Ա. Սեռնո-Սոլովեւիչին: Այդ տողերից ակներեւ է, որ Գերցենը կարդացել էր Օգարյովի գրածը եւ համամիտ էր նրա խոհերին:
Այս կապակցությամբ մտաբերենք նաեւ Նալբանդյանից առաջ Ալեքսեեւսկի ռավելանում արգելափակված ռուս ռեւոլյուցիոն գործիչ Բեյդեմանի մտարումներն Անդրկովկասի մասին: Ծրագրելով տեռորի տալ Ալեքսանդր II-ին, Բեյդելմանը ենթադրում էր ոտքի կանգնեցնել Ռուսաստանի նահանգներն ու ծայրամասերը, ի թիվս որոնց՝ նաեւ Վրաստանն ու Անդրկովկասը {П. Е. Щеголов, Алексеевский равелин, 1929, եր. 98։}: Նա տարված էր միաժամանակ նաեւ գարիբալդյան շարժումով, որի մեջ նշմարում էր Թյուրքիայում ապրող սլավոնների ապագա /441/ ազատության երաշխիքը {П. Е. Щеголов, նույն տեղը, եր. 142։}: Որտեղի՞ց էին գալիս այս մտքերը: 1860-61 թ.թ. Բեյդեմանն ապրել էր Լոնդոնում եւ շարում էր «Колокол»-ը: «Колокол»-ի ազդեցության տակ է, որ ձեւավորվեց նրա ռեւոլյուցիոն գիտակցությունը. մասնավորապես, Ռուսաստանի ծայրամասերին ու նահանգներին ինքնավարություն տալու նրա միտքը ներշնչված էր, ըստ երեւույթին, Օգարյովի կողմից {Հմմ. նույն տեղը, եր. 161:}:
Լոնդոնի էմիգրանտների ազգային ազատագրական ընդհանուր հսյացքներն ու ծրագրերն այս կամ այն չափով բաժանում էին նաեւ ռա: ռեւոլյուցիոն դեմոկրատիայի երկրային խմբակցությունները: Այսպես է: «Великорусс» գաղտնի ընկերությունը կողմնակից էր Լեհաստանի ինքնորոշմանը {Հմմ. " Историко-революционная хрестоматия ", М. 1923, I, եր. 25 եւ հետ.։}: Մոսկվայի համալսարանի ուսանողներ Զայնչկովսկու եւ Արգիրոպոլոյի շուրջը համախմբված «Молодая Россия» կոչված կազմակերպությունը 1861 թ. հրատարակած իր պրոկլամացիաների մեջ պահանջում էր Ռուսաստանի բոլոր մարզերի համար իրավունքի ազատորեն որոշելու իրենց հարաբերությունը ապագա ռուս ֆեդերատիվ ռեսպուբլիկայի հետ: Այս գլխից արդեն պահանջում էին Լեհաստանի եւ Լիտվայի անկախությունը, քանի որ այդ երկրներն արդեն իսկ արտահայտել էին իրենց վերաբերմունքը դեպի Ռուսաստանը {Նույն տեղը, I, եր. 55 եւ հետ.:}: Ակտիվ մասնակցություն ուներ Լեհաստանի շարժմանը նաեւ «Земля и Воля» կոչված կազմակերպությունը, որի գաղափարական ծնողներն էին Օգարյովը, Ն. Ա. Սեռնո-Սոլովեւիչը եւ ուրիշներ: Այդ կազմակերպության՝ ազգային խնդրում գրաված դիրքի մասին բավականաչափ գաղափար է տալիս 1863 թ. Բակունինի մի ելույթը Ստոկհոլմում: Բակունինի ասելով՝ «այդ կազմակերպությունը ձեւական դաշն է կնքել Վարշավայի կենտրոնական կոմիտեի, ներկայիս լեհական ազգային կառավարության հետ, լայն եւ միաժամանակ արդարացի այն հիմքով, որ յուրաքանչյուր պրովինցիա, մեծ թե փոքր, բացարձակ եւ անսահմանափակ իրավունք կունենա վարվելու իր շահերի համեմատ: Նույն հիմքերով նա դաշն է կնքել նաեւ մալոռոս պատրիոտների հետ, եւ ֆինլանդացիների ցանկության դեպքում ձեռք կմեկնի նաեւ նրանց՝ դարձյալ նույն հիմքով: Այդ միության նպատակը միանգամայն մարդասիրական եւ պահպանողական է: Նրա նպատակն է փրկել Ռուսաստանը իմպերիալիզմի ոճրապարտ խելառությունից, կատարել անխուսափելի դարձած մեծ ռեւոլյուցիա, քաղաքական եւ սոցիալական անարյուն ռեւոլյուցիա» {А. И. Герцен, П. C. C. и П., XVI, եր. 495 եւ հտ.:}:
/442/ Ծանոթանալով իր ձեռքն ընկած նյութերի հետ, ցարական ոստիկանությանը դժվար չէր նկատել «Լոնդոնի պրոպագանդիստների» արտակարգ խանդաղատանքն ու անսահման վստահությունը դեպի Նալբանդյանը: «Նալբանդյանը ոսկի հոգի ունի,— գրում էր Օգարյովը Ն. Ա. Սեռնո-Սոլովեւիչին,— նվիրված է անշահախնդիր, նվիրված է միամտորեն, սրբության հասնելու չափ»: Նամակին կցած երկտողում՝ Գերցենը «ազնվագույն մարդ» է համարում «արեւելյան բարեկամին», որին շարունակում է «հիշել ու սիրել» {Հմմ. Лемке, նույն տեղը, եր. 22:}: Տուրգենեւին գրած մի նամակում Գերցենը որակում է Նալբանդյանին «բժշկականության ազնվագույն եւ բարի դոկտոր» բառերով {А. И. Герцен, П. C. C. и П., XV, եր. 105:}: «Լոնդոնի պրոպագանդիստների»՝ Նալբանդյանի նկատմամբ տածած ջերմ վերաբերմունք է երեւում՝ նաեւ Բակունինի նրան գրած տողերից. հայտնելով, որ Գերցենը եւ Օգարյովը սիրով ընդունեցին նրա լուսանկարները, Բակունինը հարում է. «Ես վերցրի ինձ համար դրանցից երկուսը. մեկը կանգնած, մյուսը նստած (դիրքով) — ահա թե ինչքան եմ սիրում ես Ձեզ. Դուք կուրախանայիք, եթե տեսնեիք, թե ինչպես ագահորեն Գերցենը եւ Օգարյովը ընդունեցին ինձնից Ձեր պորտրեները» {Лемке, նույն տեղը, եր. 22:}: Եղբոր կնոջը գրած նամակում Բակունինը հանձնարարում է նրան «ոսկի մարդ, ամբողջովին հոգի եւ անձնվիրություն» խոսքերով: «Դու կսիրես նրան առաջին անգամից,— գրում էր Բակունինը: — Ա՜յ, օրինակ, Ի. Ս. Տուրգենեւը — ուրիշ բան է. նա նույնպես շատ բարի է, եւ աստված գիտե, որ աստված է, նա ե՛ւ, խելոք է, ե՛ւ սիրելի, բայց չի մոռանում իրեն —չունի այն սուրբ պարզությունը, ինչ որ ունի Նալբանդովը, որը գրավում է ոչ թե խելքով, այլ սրտով,— թեն, գուցե, իբրեւ իսկական հայ մարդ, շատ խորամանկն է, երբ հարկավոր է լինում այդ» {Նույն տեղը:}: Տարիներ հետո Նալբանդյանի «բարությունը» նշում եւ վկայում էր նաեւ Տուչկովա-Օգարյովան՝ Օգարյովի, հետագայում, Գերցենի կինը: «Նա մի տգետ, անհամարձակ եւ ամաչկոտ մարդ էր, բայց բարի էր, խելոք եւ համակրող ամեն մի լավ բանի»,— գրում էր նա: «Երբ առաջին անգամ եկավ Ալեքսանդր Իվանովիչի (Գերցենի, Ա. Հ.) մոտ, այնքան հուզված էր, որ չէր կարողանում խոսել, բայց հետո, խրախուսված Գերցենի սիրալիր ընդունելությունից, հաճախ լինում էր մեզ մոտ» {Н. А. Тучкова-Огарева, Воспоминания, Ленинград, 1929, եր. 313 եւ հետ.։}:
Գերցենի եւ Օգարյովի գրությունները հիմք չեն տալիս, կարծես, քաղաքական-կազմակերպական կապ ենթադրելու նրանց եւ Նալբանդյանի միջեւ: Գերցենը, կարծես, նույնիսկ համամիտ չէ եղել, որ նա կոնսպիրա/443/տիվ հանձնարարություններ ստանձներ «ցնորամիտ Բակունինից»: Նույն տրամադրություններն էր արտահայտում, ըստ երեւույթին, նաեւ Օգարյովը, ակնարկելով Նալբանդյանի «սուրբ միամտությունը»: Գերցենը կամենում էր նախազգուշացնել Նալբանդյանին. «Նալբանդովը,— գրում էր նա, — շատ եւ շատ ազնիվ ու լավ մարդ է։ Մի՛ թույլ տա, որ նա բերի այսեղ Բակունինի կնոջըԱռդիր նամակը հանձնիր Նալբանդովին, եթե նա չի մեկնել (Ռուսաստան, Ա. Հ.): Եթե մեկնել է, ետ բեր քեզ Հետ (Լոնդոն, Ա. Հ.)» {Հմմ. Лемке, նույն տեղը, եր. 110:}: Նալբանդյանի ձերբակալության առիթով Ա. Ա. Գերցենը — Գերցենի որդիննշավակում էր Բակունինի շաղակրատությունը, որ փորձանքի զոհ դարձրեց Նալբանդյանին: Գերցեն-հայրը բաժանում էր իր որդու տեսակետը եւ այդ առիթով զայրացած՝ ուղղում Բակունինին մեղադրանքով լի մի նամակ: 1863 թ. սեպտեմբերի 1-ին գըրված այդ նամակում նա ասում էր, ի միջի այլոց. «Կյանքից կտրված, երիտասարդ տարիներից ի վեր նետված գերմանական իդեալիզմի դիրկը, որից ժամանակը միայն առերեւույթը պատրաստեց ռեալիստական հայացք, անծանոթ Ռուսաստանին՝ ե՛ւ բանտ մտնելուց առաջ, ե՛ւ Սիբիրից փախչելուց հետո, սակայն տոգորված լայն ու խանդագին մղումով դեպի ազնիվ գործունեությունը՝ մոտ 50 տարի դու ապրել ես ցնորքների, ուսանողական սանձարձակության, մեծ ձգտումների եւ պլաստիկ թերությունների աշխարհում …. Տասը տարվա կալանքից հետո դու մնացել ես նույն տեսաբանը, որ խարխափում է անորոշ զգացմունքների մեջ, նույն շաղակրատըբռնված ռեւոլյուցիոն գործունեության մարմաջով, որի մեջ չկա ռեւոլյուցիոնականություն: Շաղակրատությամբ միայն Նալբանդովին չէ, որ կործանեցիր, այլեւ, օրինակ, Վորոնովին. քո ավելորդ նկատողությունը նրա մասին Նալբանդովին գրած նամակում՝ շպրտեց նրան Կովկասից բերդ, իսկ հետտ՝ աքսորավայր» {А. И. Герцен, П. C. C. и П., XV, եր. 491 եւ հետ., հմմ. " Литературное наследие ", N 41-42, եր. 78։}:
Ավելի ուշ, 1865 թ. մայիսի 15-ին, տեղեկանալով սենատական դատավճռի մասին, Գերցենը գրում էր որդուն. «Սեռնո-Սոլովեւիչը եւ նրա հետ բոլոր ձերբակալվածները, հետեւաբար եւ Նալբանդովը, զարմանալիորեն պրծել են: Ս. Ս.-ին դատապարտել են 20 տարվա տաժանակիր աշխատանքի, մյուսներին նույնպես, բայց ավելի կարճ ժամանակով: Եվ հաստատված է աքսորել Ս. Ս.-ին կարծեմ Արեւելյան Սիբիր, մյուսներին՝ որին՝ հեռավոր քաղաքներ, որին՝ թողնել ոստիկանության հսկոհության տակ: Չլինի թե որդու մահն է ազդել (ակնարկը ցարորդու մասին է, Ա. Հ.) ― հայտնիր իսկույն այս մասին Բակունինին» {А. И. Герцен, նույն տեղը, XVIII, եր. 92:}:
/444/ Այս եւ հիշատակված մյուս գրությունները հաստատու.մ են, կարծես, հարցաքննության ժամանակ Նալբանդյանի տված ցուցմունքը՝ սոսկ իր եւ Գերցեն-որդու միջեւ եղած ծանոթության մասին, եւ նրա այն հայտարարությունը, թե քաղաքական շփում չի ունեցել Գերցեն-Հոր եւ Օգարյովի հետ: Նա ժխտում էր նաեւ Բակունինի հետ ունեցած քաղաքական կապերը եւ հաստատում գրեթե այն, ինչ ասում էր ինքը՝ Բակունինը հարազատներին գրած մի նամակում, որ հրատարակել էր Կոռնիլովը: «Ձեզ հանձնարարում եմ,— գրում էր 1862 թ. Բակունինը,— Նալբանդովին՝ իբրեւ պատվական մի մարդու. նա, ինչպես եւ դուք, քաղաքական ոչ մի համերաշխություն չունի ինձ հետ: Ասենք շատ բան չի էլ հասկանում քաղաքականությունից, քանի որ առեւտրի մարդ է: Բայց անպայման վստահ եմ նրա ազնվությանը, նրա անսպառ բարությանն ու բարի կամեցողությանը» {" Былое ", 1925, N 3 (31), եր. 38 եւ հետ.։}:
Կարող է թվալ թե Բակունինի նամակը նվաստացնում է Նալբանդյանի քաղաքական դեմքը: Բայց մոլորության մեջ չընկնելու համար պետք է աչքի առաջ ունենալ, թե ո՞ւմ էր գրում Բակունինը, ինչո՞ւ եւ ի՞նչ պայմաններում: Հարազատները չէին բաժանում Բակունինի «տարապայման հայացքները» եւ հեռու էին փախչում նրա քաղաքական գործակիցներից, մինչդեռ Բակունինին անհրաժեշտ էր վստահություն ներշնչել նրանց դեպի Նալբանդյանը եւ միջոցներ ստանալ նրանցից՝ նրա ջանքերով կնոջը Սիբիրից Տվեր եւ Տվերից Լոնդոն փոխադրելու: Ոստիկանական օրգանների աչալրջությունը բթացնելու մտայնությամբ՝ նա «առեւտրականի» դիմակ էր հագցնում Նալբանդյանին նաեւ վերջինիս համար պատրաստած պայմանական բառարանի մեջ: Պատահական չէ, որ դատաքննության ժամանակ իսկ մեղադրվող Դե-Տրավերսեն, որը նամակներից մեկում իր «իսկական բարեկամ» է կոչել Նալբանդյանին, հայտնում էր, թե «իմ կարծիքը Նալբանդյանի մասին այն է, թե նա առեւտրով զբաղվող մարդ է միայն եւ չի կարող գործ ունենալ քաղաքականության հետ» {ЦГИАМ, Дело, 1862, N: 17, հատոր IV, թերթ 178 եւ հետ.,}:
Սակայն անվանի հայ գրողին ու հրապարակախոսին «առեւտրակաի» դիմակով ներկայացնելու այս տենդենցը միայն մատնում է նրան վերապահված քաղաքական դերի կարեւորությունը: Մանավանդ, եթե նկատենք, որ ուրիշ սլայմաններում ինքը՝ Բակունինը քաղաքական, ռեւոլյուցիոն գործիչ էր համարում նույն այդ «առեւտրականին»: Նալբանդյանին ուղղած մի նամակում նա գրում էր. «Ինչպե՞ս են ձեր գործերըընդհանուրը եւ մասնավորըԻնքներդ մի շեղվեք փշոտ ճանապարհից. սիրեցեք, մի մոռացեք ձեզ անձնվեր Պ. Կուրդյումովին» {Лемке, նույն տեղը, եր. 28:}: Եվ դեռ ավե/445/լին. Նալբանդյանը Բակունինի համար այն մարդկանցից մեկն էր, որի գործունեությունը կարեւոր էր քաղաքական-ապստամբական շարժումներ կազմակերպելու համար {Հմմ. «Былое», 1906, N 10, եր. 81 եւ հետ.:}: Թե, հիրավի, Բակունինը քաղաքական հանձնարարություններ էր արել նրան, մասնավորապես «Колокол»-ի տարածումը Կովկասում կազմակերպելու մասին, երեւում է նաեւ «32-ի պրոցեսում» մեղադրվածների, օրինակ՝ Վորոնովի, ցուցմունքներից {Տե՛ս «Անտիպ երկեր», եր. 773:}:
Ն. Ա. Սեռնո-Սոլովեւիչին գրած նամակում Գերցենի եւ Օգարյովի՝ Նալբանդյանին վերաբերող ջերմ հանձնարարականները հաջորդում են կովկասյան շարժման մասին նրանց արծարծած մտքերին: Դրանից իսկ ակներեւ է այն, որ ոչ միայն Բակունինը, այլեւ Գերցենը եւ Օգարյովը եւս նկատի ունեին Նալբանդյանի ղեկավարող դերն այդ շարժման մեջ:
Նրանք կամենում էին քաղաքական-կազմակերպական վտանգավոր հանձնարարությունից հեռու պահել Նալբանդյանին ոչ թե այն պատճառով, որ քաղաքական արժեք չէին տալիս նրա գործունեությանը, այլ որ, ընդհակառակը, խոշոր նշանակություն տալով նրա գործակցությանը, չէին կամենում անձնական վտանգի ենթարկելով նրան՝ տապալել այն գործը, որի մեջ նախատեսել էին նրա ղեկավար մասնակցությունը: Հենց դրանով էլ պիտի բացատրել նրանց զայրույթը Բակունինի նամակներում թույլ տրված «շաղակրատանքի» ու անզգաստ կոնսպիրացիայի մասին, վերջին դեպքում նկատի ունենալով այդ նամակներում հանդիպող ծածկագրերը: Նրանց տրտունջները Բակունինի մասին ցույց են Ալալիս միաժամանակ, որ Նալբանդյանը ստանձնած է եղել Բակունինի ինչ-ինչ հանձնարարությունները: Այս մասին ակնարկում է նաեւ Տուչկովա-0գարկովան, շեշտելով, որ Բակունինը «գրավեց եւ տիրեց նրան»: Մտքեր հուզող, գրավող եւ միաժամանակ հափշտակվող իր բնավորությամբ Բակունինը մտերմացավ Նալբանդյանի հետ, որին հատուկ էին բնավորության նույն այդ գծերը: Այդ մասին բավականաչափ նյութ են մատակարարում ուսումնասիրողին, մանավանդ, այն նամակները, որ 1862 թ. Բակունինը հասցեագրել էր Նալբանդյանին {Մեզ հասած գրավոր վկայություններից զատ, չենք կարող որոշ նշանակություն չտալ նաեւ Նալբանդյանի մասին պատմվող այն հիշողություններին, որի հետքերը դեռ մինչեւ այսօր իսկ պահվել են նրա համերկրացիների շրջանում: Խ. Փորքշեյանը մեզ ուղղած մի նամակում հաղորդում է, որ 1904–1905 թ.թ. բժ. Հ. Բերբերյանը իրեն պատմում էր, թե «մինչեւ արտասահման գնալը «Մուխալն» հափշտակված էր Գրանովսկիով, իսկ արտասահմանից վերադառնալուց հետո՝ ամբողջովին տարված Գերցենով եւ քիչ մ'ալ մյուս էմիգրանտներով». «Մուխալի» ամենամեծ սրբությունը «Колокол»-ն էր եւ Գերցենը: Մեծ ոգեւորությամբ խոսելիս է եղել Գարիբալդիի մասին: Ծերունի Հովհաննես Բաբասինյանից Փորքշեյանը այդ նույն ժամանակ լսած է եղել, թե իբր կառա վարությունը պատժել էր Նալբանդյանին Գարիբալդիի հետ կապ ունենալու համար, երկյուղ կրելով, թե նա «պիտի ապստամբեցնել հայ ժողովրդինհօգուտ Ինկլիզին (Անգլիային)»: Վերջինս զավեշտական թյուրիմացություն էր անշուշտ: Այնուամենայննիվ, ուշագրավ է, որ ժամանակակիցների շրջանում պահվում էր Նալբանդյանի եւ Գարիբալդիի գաղափարական մերձավորության վերսիան:}:
/446/ Հետաքրքրական է, անշուշտ, նաեւ Նալբանդյանի գրաված դիրքը, ս։ յն բացատրությունները, որ տալիս էր նա քննիչ ժողովին մեղադրանքի կետերի եւ, մանավանդ, հիմնական կետի՝ «Լոնդոնի պրոպագանդիստների» հետ ունեցած քաղաքական կապերի մասին: Նա կտրականապես ժխտում էր մեղադրանքը, կետ առ կետ թեւատում եւ ետ մղում իր մասնակցությունը հավաստող փաստարկումները։ Չէր հերքում իր ծանոթությունը «պրոպագանդիստների» հետ, բայց դիպվածական հանդիպումների հետ կապում նրանց հետ ունեցած ծանոթությունը: Չէր ժխտում, որ խոստացած է եղել Սիբիրից Տվերի նահանգը փոխադրել Բակովնինի կնոջը, բայց պնդում էր, որ չի ունեցել Բակունինից քաղաքական որեւէ Հանձնարարություն: Կամենում էր հավաստիացնել, թե Համախոհ չէ եղել «պրոպագանդիստներին», քաղաքական զրույց չի ունեցել ո՛չ անձնապես նրանց եւ ո՛չ էլ նրանց հանձնարարած որեւէ մարդու հետ, անտեղյակ է առհասարակ նրանց գործունեությանը եւ այլն: Ուր համոզված էր, թե իր ցուցմունքին չի կարող հակադրվել շոշափելի որեւէ փաստ կամ վկայություն, միակերպ կրկնում էր՝ չեմ տեսել, չեմ ճանաչում, չեմ հիշում: Հակառակ պարագային աշխատում էր փարատել իր դեմ բերված. փաստերը «անմեղ» որեւէ բացատրությամբ:
Նալբանդյանն օգտագործում էր այն փաստը, որ Բակունինի նամակներում կենտրոնական տեղ է բռնում նրա կնոջ փոխադրության խնդիրը: Այդ խնդիրն էր, իսկապես, այն առանցքը, որի շուրջը հորդում էին Բասկունինի բարեկամական առատ զեղումները Նալբանդյանի հասցեին: Նույն խնդրի շուրջն են դառնում նաեւ Բակունինի այս շրջանի բազմաթիվ այն նամակները {Հմմ. «Былое», 1925, N 3 (31), եր. 34 եւ հետ.:}, որոնք լիակատար չափով արդարացնում են Մարքսի կարծիքը Բակունինի «սիրային խանդի» մասին {Տե՛ս Մարքսի 1863 թ. սեպտեմբերի 12-ին Էնգելսին գրած նամակը:}:
Նալբանդյանը համոզված էր, թե քննիչ հանձնաժողովի ձեռին չկա որեւէ ապացույց «Լոնդոնի պրոպագանդիստների» հետ ունեցած քաղաքական իր կապի մասին: Արտասահմանից վերադառնալուց հետո նա, ըստ երեւույթին, առիթ չէր ունեցել որեւէ գրություն ուղարկելու «պրոպագանդիստներին» կամ, համենայն դեպս, չէր գրել որեւէ բան, որը մատներ նրա եւ «պրոպագանդիստների» իդեական առնչությունը:
Ն.-Նախիջեւանում պատմում են, թե երբ 1862 թ. ժանդարմները /447/ եկել էին Նալբանդյանների տունը՝ Մուխալին ձերբակալելու եւ միաժամանակ նրա իրերը խուզարկելու, նա հայերեն հասկացրել է յուրայիններին, թե «պետք է պարտկել պատի պայուսակը», որը եւ կատարվել է. այդալիսով, իբր թե, ժանդարմների ձեռքը չեն ընկել առավել վտանգավոր նրա թղթերը: Հարկավ հնարավոր չէ ո՛չ ճշտել, ո՛չ հերքել այդ պատմությունը:
Քննիչ հանձնաժողովի տրամադրության տակ եղած նամակներն ու մյուս «իրեղեն ապացույցները»՝ ամբողջությամբ վերցրած, համոզիչ չէին դարձնում՝ Նալբանդյանի ինքնապաշտպանությունը: Սակայն առանձին կետերի դեմ առարկելիս Նալբանդյանը տալիս էր խուսափողական այնպիսի բացատրություններ, որոնք հնարավորություն չէին տալիս քննիչներին՝ հիմնավորելու մեղադրանքը: Նրա բացատրությունները թվում են այնքան տրամաբանական ու համոզիչ, որ կարող էին տպավորություն ստեղծել, թե նա անմեղ է միանգամայն: Նորերս փորձ եղավ տալ Նալբանդյանի կիրառած ինքնապաշտպանության ստրատեգիայի հոգեբանական բնութագիրը: «Քննչական վավերագրերից,— գրում է Մ. Ս. Շահինյանը,— բացառիկ ուժով ու պարզությամբ մեր առաջ կանգնում է իսկական ռեւոլյուցիոների ավարտված, կատարելության հասած բնավորությունը: Ընթերցողին համակող զարմանալի, ինքնավստահ հանգստություն. ոչ մի տեղ եւ ոչ մի բանում խուճապի որեւէ ատոմ, կամ շփոթմունք, կամ որեւէ իրարանցում. նաիվության փայլուն խաղարկություն, ոչ մի րոպե հումորին չդավաճանող արտակարգ ինքնիշխանության այն խաղարկությունը, որով Նալբանդյանը խայթում էր իր Բեկզադեին: Մինչ վերջին մանրամասները նա մտածել էր իր պատասխանները, իր ձայնը, իր ընդունելիք կեցվածքը, նախ քան տեղի ունեցան այդ հարցաքննությունները: Երեւում է, որ անսովոր իր հիշողության մեջ նա դրել ու վերցրել էր ժանդարմների ձեռքն ընկած յուրաքանչյուր դոկումենտ, որոշել էր, ինչ կարող էր իրոք հայտնի լինել հանձնաժողովին, զատել այդ նրանից, ինչ կարող էր հայտնի լինել միայն կիսով չափ կամ հայտնի չինել բնավ, եւ մտովին կառուցել ալատասխանն երի մի բուրգ, որի հիմքում ընկած էր այն, ինչ իսկապես հայտնի էր հանձնաժողովին, եւ որի ծայրը կազմում էր զրոյի հասնող այն մինիմումը, որ կարելի էր եզրափակել նրա պատասխաններից, սահող, օդային, մինչեւ անէությունը նոսրացող ամուր այն հիմքը, որին թվում էր, թե կարող էին հույս դնել քննիչ հանձնաժողովի անդամները: Ազնիվ եւ անկեղծ ճշմարտախոսության տեսքով հիշատակելով միայն այն, ինչ որ անկասկած հայտնի էր հանձնաժողովին, Նալբանդյանը հետագա բոլոր իր պատասխանները վեր էր ածում «արդեն ասվածին», առանց դրան որեւէ նոր բան ավելացնելուեւ բոլոր փաստերը, որոնք այնքան անվիճելի էին թվում դոկումենտներում, նոր /148/ լուսաբանությամբ երեւում են այնքան նաիվ, անվնաս, սովորական» {Журн. «Коммунист», 1954, N 17, եր. 71:}:
Ցուցմունքների բնագրի վրա դատաքննիչների արած գունավոր ընդգծումներից ու նկարագրություններից դժվար չէ նկատել, որ պայծառափայլ սենատորները մեղադրյալի արգումենտացիայի մշուշում պաշարված՝ անօգնական կերպով դեգերում էին նրա մեղսակցության առեղծվածի շուրջը:
Չերնիշեւսկին բուռն արհամարհանքով եւ հեգնանքով էր արտահայտվում՝ նույն քննիչ հանձնաժողովի անդամների մասին, նշավակելով նրանց «բթամտությունը», «երեխայամտությունը», համարելով նրանց «անհասկացողների ճահիճ» եւ այլն {" Процесс Н. Г. Чернышевского ", եր. 89, 93:}: Ըստ երեւույթին, Նալբանդյանն ավելի լավ կարծիքի չէր քննիչների մտավոր կարողության մասին եւ ըստ ամենայնի օգտագործում էր այդ հանգամանքը:
Ցարական դատաքննիչների առաջ պատասխանատվություն չստանձնելով «Լոնդոնի պրոպագանդիստների» ասածների ու արածների մասին, Նալբանդյանը միաժամանակ չէր ասում ոչինչ, որ կարող էր օգտագործվել մյուս մեղադրվածների կամ «պրոպագանդիստների» ընդհանուր գործի դեմ: Ինքնապաշտպանության նույն այդ եղանակն էին գործադրում նաեւ Չերնիշեւսկին եւ Ն. Ա. Սեռնո-Սոլովեւիչը: Նրանք եւս իրենց ռեւոլյուցիոն պարտքն էին համարում հրաժարվել «Հերոսական կեցվածքից», խուսափել ուժերի անմիտ վատնումից՝ համատեղելով խոր ծածկամտությունը ռեւոլյուցիայի պայծառ հեռանկարների հետ {Հմմ. «Былое», 1922, No 18, եր. 89 եւ հետ., եր., 105 եւ հետ., 193 եւ հետ., այլեւ «Процесс Н. Г. Чернышевского», եր. 182 եւ հետ:}:
/449/ ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴ
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՎ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ «ԼՈՆԴՈՆԻ ՊՐՈՊԱԳԱՆԴԻՍՏՆԵՐԻ» ՀԵՏ
Ունեցե՞լ էր արդյոք Նալբանդյանը որեւէ ռեւոլյուցիոն կապ «Լոնդոնի պրոպագանդիստներին» հանդիպելուց առաջ։ Ե՞րբ էր տեղի ունեցել նրա հանդիպումը «Լոնդոնի պրոպագանդիստների» հետ: Տուչկովա–Օգարյովայի վկայությունները: Նալբանդյանի կենսագրության մի քանի մութ կետեր: Նալբանդյանը եւ Լոնդոնի հայկական «ազատ մամուլը»։ Նալբանդյանը եւ Օգարյովի «Что нужно народу?» հոդվածը: Նալբանդյանը եւ «Земля и Воля» կազմակերպությունը: Նալբանդյանի եւ Ն. Ա. Սեռնո-Սոլովեւիչի ծանոթությունը:
Ունեցե՞լ էր արդյոք Նալբանդյանը, նախքան Լոնդոնի էմիգրանտներին չհանդիպելը, կազմակերպչական որեւէ կապ ռուս կամ Եվրոպական ռեւոլյուցիոն շրջանների հետ:
Որքան գիտենք, տակավին չեն հայտաբերված արժանահավատ եւ որեւէ կասկածի տեղիք չտվող վկայություններ, որոնք կարողանային հիմք ծառայել առաջադրված հարցին դրական պատասխան տալու համար:
Աղբյուրների բացակայությունը ոմանց մոտ պահանջ է առաջացրել առկա տարակուսանքների լուծումը փոխադրել պատմական հետազոտության բնագավառից պատմական վիպագրության բնագավառը: Չենք կասկածում, որ բուն պատմական վեպը ի վիճակի է հարազատորեն վերստեղծել պատմական իրականությունը եւ որոշ իմաստով հաղթահարել պատմական աղբյուրների սակավախոսությունը եւ նույնիսկ բեղմնավոր ստիմուլներ առաջացնել պատմական գիտության հետագա զարգացման համար: Նշենք թեկուզ Վալտեր Սկոտտի անունը, որին այնքան շատ բան է պարտական եվրոպական միջնադարագիտությունը, այսպես կոչված՝ մեդիեէվիստիկան: Չմոռանանք, սակայն, որ հանճարեղ այդ վիպասանը նույնքան հանճարեղ էր նաեւ որպես պատմաբան, եւ որ նրա վեպերը գրված են սկզբնաղբյուրների խորաթափանց ուսումնասիրության հիման վրա եւ պատմաբանասիրական հզոր ինտուիցիայի ներշնչումով:
/450/ Այլ արժեք ունեն կամ հաճախ ոչ մի արժեք չունեն պատմավիպասանական կոչվելու հավակնություն ունեցող, սակայն պատմական աղբյուրների զանցառման կամ դրանց բռնազբոսիկ օգտագործման եղանակով կառուցված պատմավեպերը։ Այդ կարգի գրվածները ոչ միայն զուրկ են իմացական արժեքից, այլեւ անպետք նույնիսկ իբրեւ պատմավիպասանություն: Այսպես, ոչ միայն պատմաբանասիրական ինտուիցիայի, այլեւ պատմավիպասանական տեսակետից միանգամայն անպիտան մի փորձ էր 1929 թվականին Բոստոնի «Հայրենիք» ամսագրում Ռ. Բերբերյանի լույս ընծայած «Միքայել Նալբանդյան» վիպախառն կենսագրականը, ուր անգո հիշատակարանների եւ ժամանակաբանական խեղաթյուրումների միջոցով փորձ էր արվում, օրինակ, Նալբանդյանի ռուս բարեկամներից մեկին, դերասանուհի Մ. Ն. Պանովային, ներկայացնել որպես Չերնիշեւսկու շրջանի հետ կապված մի գործչի, որի միջոցով հայ հրապարակախոսը իբր թե ներգրավված է եղել անմիջորեն Պետերբուրգի ռեւոլյուցիոն ընդհատակյա կազմակերպության մեջ, մասնակցել Չերնիշեւսկու ժուր-ֆիքսերին եւ այլն: Ավելի համոզիչ չեն դառնում ավազի վրա կառուցված նման պատմությունները, երբ վիպական երկերից փոխադրվում են վիպախառն մեթոդով գրված այն «ուսումնասիրությունների» մեջ, ուր կառուցվում են հրապուրիչ լեգենդներ, որոնք ընթերցողների գիտակցության մեջ հետզհետե վեր են ածվում հաuտարման նախապաշարմունքի: Հրապարակ գալով նախապես իբրեւ վարկածներ՝ այդ կարգի ենթադրությունների մեջ են բերվում հետագայում իբրեւ անդրդվելի փաստեր, որոնց վրա հենված՝ փորձում են վիճարկել անգամ ակնհայտ իրողությունները: Պատմաբանասիրական կոնֆուզից զատ ոչինչ օգուտ չկա ձրի ու շահազուրկ նման վարկածներից, որոնք ջանում են պատմությունը պատկերել ոչ թե այնպես ինչպես եղել է իրոք, այլ այնպես, ինչպես ցանկանում են, որ եղած լիներ նա:
Հիմնավորված չենք համարում ոչ թե Չերնիշեւսկու եւ Նալբանդյանի միջեւ եղած իդեական կապերի ու առնչությունների մասին մինչեւ այժմ` արված մատնանշումները. նման կապերի ու առնչումների առկայությունը մասամբ արդեն նշել ենք եւ դեռ առիթ պիտի ունենանք անդրադառնալու դրան մեր գործի հաջորդ գրքում: Հարցը իդեական կապերի ու առնչումների մասին չէ, այլ անձնական հանդիպումների ու ծանոթության մասին ոմանց այն հայտարարությունների մասին, թե Նալբանդյանը ոչ միայն ծանոթ էր եւ հանդիպումներ էր ունենում Չերնիշեւսկու հետ, այլեւ անմիջական ցուցումներ ստանում նրանից:
Դժբախտաբար, նման հայտարարությունները արվում են առանց քիչ թե շատ գոհացուցիչ հիմնավորման, իսկ երբեմն՝ նույնիսկ առանց որեւէ հիմնավորման:
/451/ Այսպես, ոստիկանական ագենտների գաղտնի այն հաղորդումից, թե 1862 թ. հունիսի 13-ի—հուլիսի 7-ի արանքում Չերնիշեւսկուն մի անգամ այցելել է ոմն Բալանդին, Ա. Ինճիկյանը եզրակացրել է, թե Ռուսաստանում շատ տարածված այդ անվան տակ թաքնված է կամ նրա հետ շփոթությամբ նույնացված հենց Նալբանդյանը {Տե՛ս «Սովետական գրականություն եւ արվեստ», 1952, N 6-ում Ա. Ինճիկյանի հոդվածը:}: Տարօրինակ է, երբ մոռացության տալով իր իսկ գրածը՝ Ա. Ինճիկյանը մի այլ տեղ մատնանշում է այն հանգամանքը, որ 1862 թ. հունիս-հուլիս ամիսներին Պետերբուրգում «արտասահմանից եկած յուրաքանչյուր ոք ցարական կառավարության կողմից դիտվում էր որպես Գերցենի գործակալ եւ համարվում «կասկածելի» {Ա. Ինճիկյան, Միքայել Նալբանդյան, եր. 110:}: Դժվար է հավատալ, թե հենց այդ օրերին արտասահմանից Պետերբուրգ ժամանած Նալբանդյանը կարող էր այցելության գնալ Չերնիշեւսկուն:.
Պիտի նկատել, որ հաղորդելով Բալանդինի այցելության մասին՝ ոստիկանական ագենտները նշում են նաեւ այն տունը, ուր նա ապրում էր Պետերբուրգում՝ «на Васильевском острове между 7 и 8 линией по Среднему проспекту, в доме Сисова» {Տե՛ս «Красный архив», 1926, T. I (XIV), եր. 121:}: Հայտնի է, սակայն, որ Պետերբուրգում նույն այդ ժամանակ Նալբանդյանն ապրում էր այլ տեղ՝ «на Васильевском острове, в Биржевом переулке, в доме Минаева кв. No 46» {Ե. Լ. Ժ., II, եր. 399. հմմ. նույն տեղը, IV, եր. 253:}, որով բացարկվում է Նալբանդյանի եւ Բալանդինի՝ Ինճիկյանկ են թադրած նույնությունը:
Ներկայիս հրատարակված են երրորդ բաժանմունքի կազմած. այն ցուցակները, ուր նշված են 1862 թ. մայիսի 18-ից մինչեւ հուլիսի 7-ը Չերնիշեւսկու բնակարանը այցելած մարդկանց անունները {Տե՛ս «Красный архив», 1928, T. IV (XXIX), եր. 177:}: Սակայն ծանոթանալով այդ ցուցակներին, ավելի շուտ պետք էր գալ այն եզրակացության, որ Նալբանդյանը չէր հանդիսանում այն անձերից մեկը, որոնք այդ ժամանակ ելումուտ ունեին ռուս մեծ հրապարակախոսի բնակարանը:
Ա. Ինճիկյանի մոտ հանդիպում ենք նաեւ մի երկրորդ «բնակարանային» թյուրիմացության: Նա նշում է, որ Նալբանդյանի 1852-1862 թ.թ. ընթացքում գրված «Ծոցատետրի նոթերում» հանդիպում են Ա. Ն. Պիպինի՝ Չերնիշեւսկու մորաքրոջ որդու, Պետերբուրգի հասցեն «Пыпин Моск(овская) 3, кв. 6, в доме Есаулова, В. М.»: 1861 թ. հետո այդ նույն բնակարանում ապրել է Ն. Գ. Չերնիշեւսկին: Ինճիկյանը շտապում է եզրակացնել, որ Նալբանդյանի ծոցատետրում նշվածը հենց վերջինիս /452/ հասցեն էր {Տե՛ս Ա. Ինճիկյանի՝ «Սովետական գրականություն եւ արվեստ» ամսագրում վերը - նշված հոդվածը:}: Սակայն այս դիտողությունը եւս չի դիմանում քննության: Ինճիկյանի ուշադրությունից վրիպել է այն փաստը, որ Նալբանդյանի ծոցատետրում արված վերոհիշյալ փաստը արձանագրված է ծոցատետրի այն էջերում, ուր արված են 1859-1860 թ.թ. վերաբերող նոթերը: Պարզ է, որ Նալբանդյանը գրի է առել ոչ թե Չերնիշեւսկու, այլ Պիպինի հասցեն. այդ պահին նա ապրում էր այդ տանը, որի հասցեն էլ նշված է պարզորեն: Նալբանդյանն այդ պահին առնչություն ուներ Պիպինի հետ, վերջինս մեկն էր Պետերբուրգի համալսարանի այն պրոֆեսորներից, որոնք 1860 թ. հարցաքննում էին Նալբանդյանին՝ նրան համալսարանի ավարտական վկայական տալու համար:
Ավելի համոզիչ չէ Ա. Ինճիկյանի մատնանշած երրորդ «փաստը»: Նալբանդյանի ծոցատետրում նրա ագրեսատների շարքում 1859 թվականի ներքո հանդիպում ենք «Богданова» անվանԱնտիպ երկեր», եր. 228:}: «Ծոցատետրի» նույն թվականին արված նոթերի շարքում նույն անվանը հանդիպում ենք նաեւ մի երկրորդ անգամ {Նույն տեղը, եր. 245:}: Ա. Ինճիկյանի կարծիքով՝ Բոգդանովան պիտի եղած լինի 60-ական թվականների առաջին կին-ռեւոլյուցիոները՝ Անաստասիա Միխայլովնա Բոգդանովան {Անհրաժեշտ ուղղում. Ինճիկյանի մատնանշած Բոգդանովայի անունն ու հայրանունը Անաստասիա Միխայլովնա չէ, այլ Մարիա Արսենեւնա: Իր թույլ տված այդ սխալը Ինճիկյանը ուղղել է «Մ. Նալբանդյանի կյանքի եւ գործունեության տարեգրության» էջ 116-ում:}, որը 1862-63 ուսման տարում դասախոսություններ էր լսում Պետերբուրգի Ռազմա-բժշկական ակադեմիայում, իսկ 1861 թ. աշնանը անդամակցում էր Չերնիշեւսկու նախաձեռնությամբ կազմակերպված կարիքավոր ուսանողներին օգնություն ցույց տվող կոմիտեին, որի կազմի մեջ մտնում էին նաեւ Ն. Ա. ՍեռնոՍոլովեւիչը, Ուտինը եւ Վ. Գոգոբերիձեն {Տե՛ս Ա. Ինճիկյանի վերը նշված հոդվածը:}:
Իր այս պնդումով Ինճիկյանը վերանայում է այն բացատրությունը, որ տվել էինք մենք Բոգդանովա անվան մասին Մ. Նալբանդյանի «Անտիպ երկեր»-ի կոմենտարների բաժնում: Այդտեղ մատնանշել ենք 1857 թ. Նալբանդյանի մի նամակը, ուր կարդում ենք. «Բոգդանովան գնաց Զագրանից: Բոզեոն գնաց, Լոդդե դե լա Սանտան եւս գնաց»: Վերջիններս, գրում էինք մենք, իտալական օպերայի արտիստուհիներ էին. նրանց հետ միասին Բոգդանովայի անվան հիշատակումը անկասկածելի է դարձնում, որ ծոցատետրում խոսքը կարող է վերաբերել Մոսկվայի Մեծ թատրոնի արտիստուհի Նադեժդա Կոնստանտինովնա Բոգդանովային /453/ (1836-1897), որի շուրջն այդ պահին մեծ ռեկլամ էր արվում նույնիսկ արտասահմանումԱնտիպ երկեր», եր. 721 եւ հետ,:}: Վերոհիշյալ արտիստուհիներից զատ, Նալբանդյանի նամակներում հիշատակվում են նաեւ այլ արտիստուհիների՝ Պ. Պ. Լեբեդեւայի, Մ. Ն. Մուրավյովայի, իսկ ավելի ուշ՝ նաեւ Մ. Ն. Պանովայի անունները: - Կա՞ որեւէ հիմք կարծելու, թե Նալբանդյանի ծոցատետրում 1859 թ. նշված Բոգդանովան տարբեր անձ էր, քան 1857 թ. նրա իսկ հիշատակած համանուն արտիստուհին: Պատճառ կա՞ ենթադրելու, թե 1859 թվականին Մոսկվայում եւ արտասահմանում ապրած Նալբանդյանը նշում էր ոչ թե նշանավոր արտիստուհի Բոգդանովային, որին նա պարզ հիշատակում է 1857 թ. նամակում եւ որի հետ նա կարող էր ծանոթացած լինել 1857-1859 թ.թ. ընթացքում Մոսկվայում եւ որեւէ առիթով նամակ Տղած լինել 1859 թ. Մոսկվայից կամ արտասահմանից, այլ 1858-1859 թ. Պետերբուրգի համալսարանի ուսանողուհի Բոգդանովային {Որ այդ տարիներին ուսանողուհի Բոգդանովան ապրում էր ոչ թե Մոսկվայում, այլ Պետերբուրգում՝ այդ մասին հմմ. Л. Ф. Пантелеев, Из воспоминаний прошлого, եր. 143. Е. Юнге, " Из моих воспоминаний ",- " Вестник Европы " 1905, No 5,}: Միակ հիմքը, որ բերում է Ինճիկյանը իր ենթադրության օգտին, այն է, որ Կենտրոնական Պետական գրական արխիվում պահվող թղթերից երեւում է, որ Անաստասիա Միխայլովնա Բոգդանովան 1864 թ. օրիորդ էր, մինչդեռ Նալբանդյանի ծոցատետրում 1862 թ. նշված է տիկին Բոգդանովա, հետեւաբար եւ ծոցատետրում նշված արտիստուհի Բոգդանովայից տարբեր անձնավորություն {Տե՛ս Ա. Ինճիկյանի վերը նշված հոդվածը:}: Առ այս հիշեցնենք, որ ծոցատետրի նշումը արված է ոչ թե 1862 թ. այլ 1859 թ.: Ապա նշենք, որ Богданова ազգանվան առաջ ծոցատետրի համառոտագրված Md-ն կարող է ե՛ւ «madame», ե՛ւ «mademoiselle» կարդացվել, ըստ որում մեզ հայտնի չէ, արտիստուհի Բոգդանովան նույնպե՞ս «օրիորդ» չէր: Անգամ եթե ենթադրելու լինենք, թե Նալբանդյանի ծոցատետրում նշված Բոգդանովան նրա նամակում նշված արտիստուհուց տարբեր անձնավորություն էր, այդ դեռ ապացույց չէ, թե 1859 թ. կամ հետագայում Նալբանդյանը կապ էր հաստատում Չերնիշեւսկու հետ հանդիպող ուսանողուհի Բոգդանովայի միջոցովԻնչպես եւ պետք էր սպասել, Ինճիկյանի հոդվածում չի բերված որեւէ փաստ, որից կարելի լիներ անել նման հետեւություն {Զանց ենք առնում այն փաստը, որ շփոթած լինելով իր առաջ քաշած Բոգդանովայի անուն-հայրանունը, «Անաստասիա Միխայլովնայի» օրիորդ լինել կամ չլինելու հանգամանքը արժեքազրկվում է ինքյան:}:
Խախուտ հիմքերի վրա կառուցված այս ու նման ենթադրությունները ոմանց առիթ են տվել Նալբանդյանի եւ Չերնիշեւսկու անձնական /454/ կապերի մասին հյուսելու մի ամբողջ լեգենդ՝ փորձելով դարձնել այդ լեգենդը Նալբանդյանի ռեւոլյուցիոն-դեմոկրատական գործունեությունը բացատրելու դյուրին միջոց: Բերենք այդ լեգենդի նորագույն վերսիաներից մեկը: «Վերջերս,— գրում է պրոֆ. Մ. Մկրյանը, — սովետական գիտնականների կողմից հայտնաբերված արխիվային նյութերը նոր եւ կարեւոր փաստեր են մեզ տալիս Նալբանդյանի՝ ռեւոլյուցիոն-դեմոկրատների, հատկապես, Չերնիշեւսկու հետ ունեցած ոչ միայն գաղափարական կապերի, այլեւ ռեւոլյուցիոն պրակտիկ կապերի մասին: Այժմ հայտնի է դարձել, որ Նալբանդյանը ոչ միայն Չերնիշեւսկու դաստիարակած ռեւոլյուցիոն փառապանծ սերնդի փայլուն ներկայացուցիչներից մեկն էր, այլեւ անմիջապես նրա ղեկավարությամբ գործող ռեւոլյուցիոն ընդհատակյա կազմակերպության ամենագործունյա անդամներից մեկը: Անհավանական չէ, որ նույնիսկ Նալբանդյանի՝ 1859 թ. արտասահմանյան ճանապարհորդությունը եւ նրա առաջին հանդիպումը «Լոնդոնի պրոպագանդիստների» հետ տեղի ունեցած լինի Չերնիշեւսկու ծրագրով ու ցանկությամբ: Հայտնի է, որ Նալբանդյանին անչափ սիրել ու շատ բարձր են գնահատել Չերնիշեւսկին, Գերցենը, Օգարեւը եւ նրանց զինակիցները եւ նրան վստահել են իրականացնելու ամենաբարդ եւ պատասխանատու հանձնարարություններ» {«Ավանգարդ», 1954, նոյեմբերի 25-ի համարը:}:
Դժբախտաբար, բերված տողերի հեղինակն ի վիճակի չէ հիշատակեյու «հայտնաբերված արխիվային նյութերից» գեթ մեկի տեղը: Իսկ առանց դրան՝ նրա թվարկած «նոր եւ կարեւոր փաստերը» ավելի չեն, քան ձյան վրա փորագրված տարեմտի բաղձանքներ, որոնք, դյուրահավատ հասակավորների գիտակցության մեջ պատմական իրողությունների կերպարանք առնելու դեպքում, ազգային հպարտության առիթ ստեղծելու փոխարեն կարող են սոսկ աղբյուր դառնալ ազգային սնապարծության:
Նալբանդյանի նամակներում եւ ծոցատետրի նկատողությունների մեջ հանդիպում են մի շարք ռուս մարդկանց եւ սրանց թվում՝ հատկապես նրա մի շարք ռուս ընկերների անուններ, որոնց հետ թղթակցության մեջ էր նա 1859-1862 թվականների ընթացքում: Սակայն մեր փորձը՝ երեւան բերել դրանցից որեւէ մեկի առնչությունը ռուս կամ եվրոպական ռեւոլյուցիոն շարժումների հետ, մինչ այժմ չի պսակվել հաջողությամբ:
1860 եւ 1861 թվականներին Թբիլիսիից, Պոլսից եւ Լոնդոնից Նալբանդյանը նամակներ էր գրում ինչ-որ «քվակերների»: Ովքե՞ր էին դրանք: Անհնարին է պատկերացնել, որ այդ նշումը պիտի հասկանալ ուղղակի իմաստով, եւ ենթադրել, թե Նալբանդյանը կարող էր այդ ժամանակ որեւէ կապ ունենալ այդ անունը կրող կրոնական կազմակերպության հետ:
/455/ Պիտի, ընդհակառակը, ենթադրել, որ «քվակեր» անունը պայմանական իմաստ ուներ նրա մոտ: Շատ հավանական ենք համարում, որ այդ անվան տակ Նալբանդյանը նկատի ուներ ռեւոլյուցիոն որեւէ կազմակերպություն: Այնուամենայնիվ, անհնարին է հավաստի փաստ դարձնել ենթադրությունը կամ անել դրանից դրական եզրակացություններ: Բոլոր պարագաներում, «նշելով» «քվակերներին»՝ Նալբանդյանը չէր կարող նկատի ունեցած լինել «Լոնդոնի պրոպագանդիստներին», քանի որ «քվակերների» հասցեով նա նամակներ էր հղում ոչ միայն Պոլսից, այլեւ, ինչպես նշեցինք, նույնիսկ Թբիլիսիից եւ անգամ՝ Լոնդոնից:
Ոմանք տրամադիր են կարծելու, թե Գերցենի եւ Լոնդոնի մյուս էմիգրանտների հետ հանդիպելու համար է, որ Նալբանդյանը ձեռնարկում էր արտասահմանյան իր ուղեւորությունները: Ըստ այդմ նրա հանդիպումները «Լոնդոնի պրոպագանդիստն երի» հետ պիտի տեղի ունեցած լինեն 1859 եւ 1861-62 թվականների ընթացքում: Այս ապացուցելու համար «Հայ գրականության պատմություն» դասագրքում նշվում է, թե իր «Հիշողություններ»-ի մեջ Տուչկովա-Օգարյովան Նալբանդյանի եւ Գերցենի առաջին հանդիպումը կապում էր 1859 թ. ուղեւորության հետ: Ապա նշվում է, թե իբր այդ հանդիպումն էր նկատի ունեցել 1859 թ. իր ուղեվորությունից հետո Նալբանդյանը, երբ գրում էր, որ դեգերելով Եվրոպայում՝ հանդիպել է շատ «պատվական հոգու տեր մարդկանց», որոնք մտածում էին ոչ միայն իրենց ազգի, այլեւ մարդկության փրկության համարՀայ գրականության պատմություն», Առաջին գիրք, Երեւան, 1949, եր. 346 եւ հետ.։}:
Սակայն աչք ածելով Նալբանդյանի 1859 թ. ուղեւորության հանգամանքներին, ոչ մի տվյալ չենք գտնում պնդելու, թե դրանք կապված են եղել Գերցենի եւ նրա համախոհների «մտորումների ու ծրագրերի հետ»: Ինչպես պիտի տեսնենք վարը, խոսելով Նալբանդյանի այցելության մասին՝ Տուչկովա-Օգարյովան նկատի չուներ նրա 1859 թ. ուղեւորությունը, այլ ավելի ուշ, 1862 թ., Հնդկաստանից վերադառնալուց հետո Լոնդոնում Գերցենի հետ նրա ունեցած հանդիպումները: Հիշելով «պատվական հոգու տեր մարդկանց» հետ 1859 թ. ունեցած իր հանդիպումները՝ Նալբանդյանը չէր կարող աչքի առաջ ունեցած լինել Լոնդոնի ռուս նշանավոր էմիգրանտներին: Ստիպված ենք մեջ բերել Նալբանդյանի խոսքերը համապատասխան կոնտեքստի մեջ: «Ձանձրույթը, մյուս կողմից, խեղդում էր. չկար մի մարդ, որ մոտ լիներ սրտիս, որի հետ ունենայի մի հասարակաց գաղափար: Շատ պատահեցա գեղեցիկ եւ պատվական հոգու տեր մարդերի, որոնք դարձան ինձ շատ լավ ծանոթք, բայց նոքա պարապում էին յուրյանց ազգային գործերով կամ /456/ ընդհանուր մարդկության գործերով: Օրերը, շաբաթները վազում էին ջրի պես, բայց եւ ոչ մի խոսք այն բաների համար, որոնց մասին խոսելու ծարավը խեղդում էր ինձ. խոսք, որ մոտ էր իմ սրտին եւ հոգուն, որ վաղուց արդեն դարձել էր իմ կյանքը, իմ հոգին, իմ արյունը եւ ուղեղը» {Ե. Լ. Ժ., 1, եր. 412:}: Դժվար է համաձայնել, թե այս տողերը վերաբերում էին Գերցենին եւ նրա համախոհներին: Անհնարին է, համենայն դեպս, պատկերացնել, թե այսպես կարող էր Նալբանդյանը գրել այն մարդկանց մասին, որոնց հետ հանդիպելու համար էր նա իբրեւ թե ձեռնարկել 1859 թ. եւ հետագա տարիներին կատարած ուղեւորությունները: Տարօրինակ կլիներ համաձայնել, թե նա տարիների ընթացքում համառորեն հանդիպումներ էր որոնում Գերցենի եւ Օգարյովի հետ եւ միաժամանակ՝ չէր գտնում նրանց հետ խոսելու ընդհանուր որեւէ բան … {Դժբախտաբար, անհեթեթ նույն վկայակոչության վրա հենվում է իր գրքում նա եւ Ա. Ինճիկյանը՝ «Միքայել Նալբանդյան», եր. 56:}
Ինչ վերաբերում է Նալբանդյանի 1860-61 թ.թ. ուղեւորությանը,- կարծում ենք, որ դա եւս չէր ձեռնարկվել «Լոնդոնի պրոպագանդիստների» հետ հանդիպում ունենալու նպատակով, որչափ, ինչպես տեսանք, նա չգիտեր իսկ, թե Հնդկաստանի կտակագումարները կենդանացնելու համար անհրաժեշտ պիտի լիներ անցնել նախապես Փարիզ կամ Լոնդոն: Ինչպես նշեցինք, այդ անհրաժեշտությունը պարզվեց ավելի ուշ, 1860 թ. վերջերին, երբ Նալբանդյանը գտնվում էր Պոլսում եւ բանակցություններ վարում ռուսական ու անգլիական դեսպանությունների մեջ:
1860 թվականի վերջերին Նալբանդյանի Սըվաճյանին գրած մեզ նախածանոթ նամակը համարելով «Գերցենի մշակած ռեւոլյուցիոն ծրագրի մի մասը», ոմանց ասելով՝ «Գերցենը ծրագրում էր նախապատրաստել կովկասյան ժողովուրդների ապստամբությունը եւ միացնել սլավոնական ժողովուրդների ապստամբության հետ. այդ ծրագրի կատարումը մի փոքր հետո «Լոնդոնի պրոպագանդիստների» կողմից հանձնարարվեց Նալբանդյանին» {Տե՛ս վերը հիշատակված «Հայ գրականության պատմություն»-ը, եր. 348:}: Պարզ է, որ «Գերցենի ծրագիր» ասելով՝ այստեղ հասկացվում է Կենտրոնական Եվրոպայում եւ Արեւելքում կազմակերպվելիք ազգային-ազատագրական ապստամբությունների այն պլանը, որի վրա կանգ առանք նախընթաց գլխում: Այդ պլանը գոյություն չուներ մինչ 1862 թվականը, եւ «Լոնդոնի պրոպագանդիստները» Նալբանդյանին չէին կարող մասնակից դարձնել այդ պլանին նախքան 1862 թ. մարտ-ապրիլ ամիսները: Համենայն դեպս, այդ ժամանակից առաջ Նալբանդյանը ծանոթ չէր «պրոպագանդիստների» պլանին, եւ ինքյան խոսք չի կարող լինել այն մասին, թե Սըվաճյանին գրած նամակում արծարծում էր հենց /457/ «պրոպագանդիստների» այդ պլանը: Նալբանդյանի այդ նամակում չկա ոչինչ, որ նախապատրաստված չլիներ նրա հրապարակախոսության նախընթաց տարիներին: Գարիբալդիական շարժումը բեւեռել էր իր վրա ոչ միայն «Լոնդոնի պրոպագանդիստների», այլեւ եվրոպական ու ռուս դեմոկրատիայի եւ, մասնավորապես, «Современник»-ի ղեկավարների ուշադրությունը, որոնց հայացքներին ներկա դեպքում ընդառաջում էին նաեւ Նալբանդյանը եւ ուրիշ հայ մտավորականներ: Ուշագրավ է, որ Նալբանդյանից անկախ՝ 1861 թ. «Հյուսիսափայլ»-ը տպագրում էր Գարիբալդիի ընդարձակ կենսագրությունը, որ ուսանող Ռուբեն Ջալալյանի առաջարկով «Современник»-ից թարգմանել էր ուսանող Մարտիրոս Հրաչյան:
Ե՞րբ էր իրոք տեղի ունեցել Նալբանդյանի առաջին հանդիպումը «Լոնդոնի պրոպագանդիստների» հետ:
Սենատական հանձնաժողովում Նալբանդյանը հայտնում էր, որ ծանոթացել է Լոնդոնի էմիգրանտների հետ Հնդկաստանից վերադառնալուց հետոԱնտիպ երկեր», եր. 67:}: Պատմում էր, որ նախապես Լոնդոնի կենդանաբանական այգում դիպվածաբար ծանոթացել է Գերցենի որդու հետ եւ ցույց տվել նրան Հնդկաստանում գնած եւ Ռուսաստան ուղարկած իր ռնգեղջյուրի լուսանկարը: Հետեւյալ անգամ հանդիպել է Գերցենի որդուն ճաշարանում, ուր այդ պահին գտնվում էին նաեւ նրա հայրը, Օգարյովը եւ Բակունինը, որոնց նրան այդտեղ էլ հենց ներկայացրել է Գերցեն-որդին: Հայտնի է, որ Բակունինը, Սիբիրից փախչելով, Լոնդոն հասավ 1861 թ. դեկտեմբերի 27-ին {Նույն տեղը:}: Տեսանք, Հնդկաստանից վերադառնալով՝ Նալբանդյանը Լոնդոն մտավ հաջորդ տարվա հունվարի 9-ին {Նույն տեղը:} եւ, որոշ ընդհատումներով, ապրեց այդ քաղաքում մինչեւ նույն տարվա ապրիլի կեսերը: Նշանակում է, Նալբանդյանի ցուցմունքի տվյալներով՝ նրա՝ եւ «պրոպագանդիստների» հանդիպումը կարող էր տեղի ունեցած լինել Լոնդոնում 1862 թվականի հունվար-ապրիլ ամիսներից ոչ շուտ։
Իր դեմ ձեւակերպվող մեղադրական կետերի կապակցությամբ Նալբանդյանի համար ծանոթության ժամկետը չուներ հատուկ կարեւորություն: Ուստի եւ հիմք չկա կասկածելու նրա տված ցուցմունքի ճշտությանը, մանավանդ, որ այդ ցուցմունքը ոչ միայն չի հակասում մեր տրամադրության տակ եղած կողմնակի փաստերին, այլեւ ուղղակի կամ անուղղակի կերպով հավաստվում է դրանցով:
«Նա (խոսքը դարձյալ Նալբանդյանի մասին է, Ա. Հ.),— գրում էր /458/ Տուչկովա-Օգարյովան,— եղել է Չինաստանում (կարդա՝ Հնդկաստանում, Ա. Հ.) եւ վերադարձին, լսած լինելով «Колокол»-ի եւ Գերցենի մասին, որոշել էր այցելել նաեւ Լոնդոն»:
Չպետք է այնպես հասկանալ այս տողերը, թե հենց Արեւելքից վերադառնալիս էր լսել Նալբանդյանը «Колокол»-ի կամ նրա խմբագրի մասին, այլ որ նախապես իմացած լինելով «Колокол»-ի եւ նրա խմբագրի մասին՝ այդ պահին էր հենց որոշել Լոնդոն հասնելուց հանդիպում ունենալ հռչակավոր էմիգրանտի հետ: Համոզիչ չէ այն միտքը, թե հենց այդ նպատակով էր նա Լոնդոն ուղեւորվել Արեւելքից: Տուչկովա-Օգարյովայի սխալը հեշտ կարելի է բացատրել նրանով, որ, ինչպես «Հայտնի է, այդ ժամանակ խիստ մեծ էր այն «երկրացիների» թիվը, որոնք այցելում էին Լոնդոն՝ Գերցենին տեսնելու համար: Ինչ վերաբերում է Նալբանդյանին, «Колокол»-ի եւ նրա խմբագրի մասին, ինչպես պիտի տեսնենք հետագայում, նա գիտեր դեռ ուսանող տարիներին: Իսկ Լոնդոնում եղել էր քանիցս դեռ մինչեւ Հնդկաստան մեկնելը, սակայն, ինչպես վկայում է Տուչկովա-Օգարյովան, Գերցենի հետ ունեցած նրա պառաջին տեսակցությունը տեղի էր ունեցել ավելի ուշ՝ Արեւելքից վերադառնալուց հետո: Որ Տուչկովա-Օգարյովան չէր շփոթում դեպքերի հաջորդականությունը, երեւում է նաեւ նրանից, որ Բակունինի Լոնդոնում գտնված ժամանակի հետ էր կապում նա Նալբանդյանի ծանոթությունը Գերցենի հետ: «Բակունինի Լոնդոնում եղած ժամանակները Ռուսաստանից եկողներից ես հիշում եմ մի հայի՝ Նալբանդով ազգանունով». այս խոսքերով է հենց սկսում նա իր հուշերը Նալբանդյանի մասին: Այսպիսով, Տուչկովա-Օգարյովայի վկայությունը Նալբանդյանի եւ էմիգրանտների հանդիպման ժամանակի մասին լիովին համընկնում է Նալբանդյանի բերդում տված ցուցմունքին:
Նալբանդյանի ցուցմունքի ճշտությունը հավաստվում է նաեւ մի այլ տվյալով: Բակունինի այն կոչում, որ սկսել էր լույս տեսնել «Колокол»-ի 1862 թ. փետրվարի 15-ի համարում՝ «Русским, польским и всем славнянским друзьям» վերնագրով, Հեղինակը քաղաքական իր ծրագրերի մեջ տակավին տեղ չէր տալիս հայերին: Հակառակը տեղի ունի «Колокол»-ի նույն տարվա ապրիլի 15-ի համարում տպված «Несколько слов южным славянским друзьям» վերնագրով Բակունինի հոդվածում, ինչպես նաեւ մայիսի 10-ին նրա գրած մի նամակում, ուր խոսվում է ապագա ապստամբությունների ժամանակ հայերի ունենալիք մասնակցության մասին: Այս հանգամանքը Նալբանդյանի եւ ռուս էմիգրանտների հանդիպման հետեւանք էր անշուշտ: Ըստ երեւույթին, հանդիպումը տեղի է ունեցել 1862 թ. մարտից մինչեւ հաջորդ ամսվա կեսերը, երբ Նալբանդյանը գտնվում էր Լոնդոնում: Նշանակում է, չէր սխալվում /459/ Տուչկովա-Օգարյովան, երբ մոտ երկու ամիս էր քաշվում Նալբանդյանի եւ էմիգրանտների անմիջական ծանոթության ժամանակամիջոցը: Նալբանդյանի կյանքում դրանք նշանակալից այն ամիսներն էին հենց, երբ նա վերջին ձեռքն էր դնում «Երկրագործության բնագրի վրա, ուր, ինչպես պիտի ցույց տանք, պահվել են Լոնդոնում նրա ունեցած հանդիպումների ազդեցության իդեական ցայտուն հետքերը:
Նալբանդյանի եւ էմիգրանտների ծանոթության ժամանակամիջոցի ստուգումը կարեւոր է նրա եւ էմիգրանտների գործնական ու իդեական կապերը լուսաբանելու համար, խնդիր, որին պիտի անդրադառնանք մեր ուաումնասիրության ընթացքում: Սակայն անհրաժեշտ է նախապես հաշվի առնել Նալբանդյանի եւ «Լոնդոնի պրոպագանդիստների» հանդիպման Ժամանակաշրջանի ներկա ճշտումը՝ նրա կենսագրության հետ կապված մի շարք այլ հարցեր պարզելու համար:
Նալբանդյանին նվիրած իր հիշողությունների մեջ Տուչկովա-0գարյովան վկայում է այն մասին, որ Նալբանդյանի հետ ծանոթանալուց առաջ իրենք լսել էին արդեն նրա մասին նրա ընկեր Ս-ի միջոցով {Տե՛ս Тучкова-Огарева, նույն տեղը, եր. 313:}:
Ո՞վ էր Նալբանդյանի ընկեր «U-ն», որի միջոցով կարող էին լսած լինել նրա մասին Լոնդոնի էմիգրանտները: Կարելի է ենթադրել, թե դա Նալբանդյանի ծոցատետրում նշված Լոնդոնում ապրող այն Ստանիսլավն է, որին նա մի շարք նամակներ էր ուղղել Հնդկաստանի ճանապարհից: Սենատական գործի քննության ժամանակ Նալբանդյանն ասում էր, թե Ստանիսլավը Լոնդոնում իր ապրած հյուրանոցի թարգմանն էր: Գործը քննողները ենթադրում էին, ընդհակառակը, թե դա Լոնդոնում ապրող լեհ էմիգրանտ Ստանիսլավ Տխորժեւսկին է, որ մոտիկ մասնակցություն ուներ «Լոնդոնի պրոպագանդիստների» հրատարակչական գործունեությանը: Որչափ պարզեցինք, որ Նալբանդյանի ծանոթությունը Գերցենի եւ նրա մերձավոր մարդկանց հետ տեղի է ունեցել 1862 թ., պիտի անհավանական համարենք սենատական քննիչների այդ ենթադրությունը: Վերջնականապես լուծված չհամարելով Նալբանդյանի հետո նամակագրություն ունեցած Ստանիսլավի ինքնությունը, ներկայիս չենք պնդում ժամանակին մեր արած այն ենթադրության վրա, թե Տուչկովա-Օգարյովայի հիշատակած «U-ն» Ստանիսլավ Տխորժեւսկին պիտի եղած լինի: Մեր արած եւ ուրիշների կրկնած այդ ենթադրությունը զուրկ է հավանականությունից: Տխորժեւսկին 1845 թ. ի վեր արտասահմանում ապրող տարիքավոր մի էմիգրանտ էր եւ ըստ ամենայնի անհարմար Նալբանդյանի «ընկերոջ» դերի համար: Տուչկովա-Օգարյովայի «Հիշողություններ»-ի մեջ Տխորժեւսկու լրիվ ազգանունը հիշատակ/460/վում է բազմաթիվ անգամ, բայց ոչ մի անգամ նա չի նշում նրա անձնանունը կամ անձնանվան ինիցիալը: Դժվար է հավատալ, թե հիշատակելով Նալբանդյանի ընկերոջ անձնանունը՝ հեղինակը կարող էր հանկարծ կարիք զգացած լինել Տխորժեւսկու անունը կամ ազգանունը ծածկել խորհրդավորության քողով: Կարծում ենք, որ եթե նույնիսկ Տխորժեւսկին եղած լիներ այն Ստանիսլավը, որի հետ ծանոթացել էր Նալբանդյանը նախքան Հնդկաստան մեկնելը եւ որին նամակներ էր գրում Հնդկաստանից, նա չէր, անշուշտ, այն ընկեր «U-ն», որի բերնից «պրոպագանդիստները» կարող էին նախապես լսած լինել նրա մասին:
Երկու Ստանիսլավներից զատ կարելի է, ի դեպ, հիշել նաեւ մի երրորդի՝ Ստանիսլավ Սաթինի անունը, որ նույնպես հանդիպում է Նալբանդյանի ծոցատետրում նշված ադրեսատների թվում: Վերը հիշվածների համեմատությամբ՝ սա ունի գուցե այն առավելությունը, որ Նալբանդյանին նախածանոթ էր հավանորեն դեռ Մոսկվայի համալսարանից, ուստի եւ կարող էր իսկապես «ընկեր» համարվել նրան: 1859 թ. Նալբանդյանը հանդիպել էր Սաթինին Փարիզում եւ ուղղել նրա հասցեով մի նամակ՝ նույն տարում Լոնդոնից: Սակայն նկատենք, որ «գնացած թղթերի» մատյանում այդ նամակը նշված է ոչ թե «Ստանիսլավի», այլ «Սաթինի» անունով {Տե՛ս «Անտիպ երկեր», եր. 228:}: Չկան նաեւ փաստեր, որոնք ցույց տային, թե հետագայում Նալբանդյանը տեւական կամ մերձավոր կապ էր ունեցել այդ Ստանիսլավի հետ, կամ որ նրա միջոցով «պրոպագանդիստները» կարող էին լսած լինել Նալբանդյանի մասին:
Ավելի հավանական կարելի է համարել Տուչկովա-Օգարյովայի նշած «U-ի» նույնությունը Նալբանդյանի որեւէ հայ ընկերոջ հետ: Տուչկովա-Օգարյովայի ամբողջ գրքույկում չկա առհասարակ ծածկագրված կամ ինիցիալով նշված ուրիշ որեւէ անուն: Նալբանդյանի ընկերոջ անունը նշված է ինիցիալով հավանորեն այն պատճառով միայն, որ մոռացության տալով այդ մարդու օտարաձայն անունը կամ ազգանունը՝ հեղինակը կարողացել էր մտաբերած լինել սոսկ նրա անվան ինիցիալը: Թվում է, որ «Ս» տառի տակ թաքնված կարող է լինել Նալբանդյանի արեւմտահայ բարեկամներից ու գործակիցներից մեկը՝ Սերոբե Թագվորյանը: Թագվորյանի հետ նա բարեկամացել էր կա՛մ 1859 թ. Փարիզում, կա՛մ 1860 թ. Պոլսում: Ըստ երեւույթին, նա մեկն էր այն բարեկամներից, որոնց միջոցով Նալբանդյանը քաղաքական աշխատանք պիտի կազմակերպեր հայերի մեջ: Այդ ակներեւ կդառնա 1862 թ. մայիսին Նալբանդյանին գրած Թագվորյանի նամակից, որի բովանդակությանը պիտի անդրադառնանք շուտով: Նույն այդ նամակից պարզվում է, որ Արեւմուտքում, /461/ Թագվորյանն ուներ ընդարձակ կապեր: Անհնարին չէ, որ, մասնավորապես, նա կապեր հաստատած լիներ նաեւ ռուս էմիգրանտների հետ:
Իր ցուցմունքների մեջ 32-ի գործով մեղադրված Բենինը հայտնում էր, թե Բակունինը խնդրում էր Վորոնովին՝ նպաստել «Колокол»-ի տրանսպորտին: Այդ նպատակով նա խնդրում էր Վորոնովին՝ անցնել Փարիզ Նալբանդյանի բարեկամի մոտ եւ խոսել այդ մասին {Лемке, Очерки, եր. 116:}: Արդյոք այստեղ խոսքը` նույն Թագվորյանի մասին չէ՞ր դարձյալ:
Բոլոր պարագաներում «U» սկզբնատառի տակ թաքնված անձի մասին մեր արած այս ենթադրությունը, ինչպես նաեւ մի ուրիշը, որին կանդրադառնանք շուտով, ավելի չէ առայժմս, քան վարկած, որի հավաստիացման համար կարիք կա ավելի հաստատ՝ կռվանների:
Վաթսունական թվականների վերջերին ցարական պահնորդական բաժանմունքին հանձնած ընդարձակ իր խոստովանագրի մեջ ռենեգատ՝ Կելսիեւը հաղորդում էր, թե հանդիպել է Լոնդոնում նախիջեւանցի մի հայ առեւտրականի, որը խոստացել էր Պոլսի իր բարեկամների միջոցով տաճկական անցագիր հայթայթել նրան: Նախիջեւանցի առեւտրականի պատրաստակամությունը Կելսիեւը վերագրում է այն հանգամանքին, որ ինքը համակիր վերաբերմունք էր ցույց տվել նրան թյուրքահայ ժողովրդի նկատմամբ: Մի տարի անց, 1862 թ. հունվարին, Հարում է Կելսիեւը, հայտնվելով նորից Լոնդոնում՝ նախիջեւանցի այդ առեւտրականը «Հանդիսավոր կերպով» հանձնեց իրեն խոստացած անցագիրը {«Лит. наследство», NN 41-42, եր. 308 եւ 440:}:
Խոսքն այստեղ այն անցագրի մասին է, որ հիշատակված է նաեւ Նալբանդյանի սենատական գործի մեջ. այդտեղ Նիչիպորենկոն հայտնում էր, թե լսել է Բակունինից, որ Նալբանդյանը անցագիր է գտել Կելսիեւի համար: Բերված փաստերը բավական են համարվել եզրակացնելու, թե քանի որ Նալբանդյանը եւ Կելսիեւը ծանոթացել էին իրար հետ արդեն 1861 թ., պիտի որ առնվազն այդ ժամանակ ծանոթություն լիներ հաստատված նաեւ Նալբանդյանի եւ Լոնդոնի մյուս էմիգրանտների, մասնավորապես, Գերցենի հետ: Սակայն Կելսիեւը ոչ մի ակնարկ չի անում այն մասին, թե ինքը ծանոթացած է եղել Նալբանդյանի հետ Գերցենի մոտ, Գերցենի միջոցով կամ Գերցենի գործակիցների շրջանում: է 1861 թ. լույս տեսած «Երկու տող» պամֆլետում Նալբանդյանը հայտնում էր, թե Լոնդոնում «դրված {Այստեղ պիտի թերեւս լիներ՝ «գնված»:— Ա. Հ.։} է արդեն հայկական ազատ տպագրության համար մի մամուլ»: «Ասում ենք, — գրում էր նա,— թե «Փարիզ» լրագիրը մանրամասն տեղեկություն պիտի տա այդ տպարանի մասին, որ մի նոր առհավատչյա է ազգի հառաջադիմության թերեւս անգլիացոց /462/ ձեռքով» {Ե. Լ. Ժ., III, եր. 25, ծան.:}: Այստեղ նշված մամուլի կամ տպարանի հիմնադրումը կամք գործունեությունը փաստապես անհայտ է հայ մատենագիտությանն ու հայ գրատպության պատմությանը: Որքան գիտենք, «Փարիզ» թերթը եւ որեւէ տեղեկանք չի տալիս այդ մասին: Բողոքելով «Հյուսիսափայլ»-ի 1861 թ. N։ 10-ի դեմ կաթողիկոսի կողմից սկսված արշավանքի առիթով՝ «Փարիզ» թերթը գրում էր, որ մամուլի՝ ազատության դեմ Էջմիածնի ընթացքը ոչ միայն անընդունելի է, այլեւ աննպատակ: «Ի՞նչ կրնանք ընել,— հարցնում էր թերթը,— եթե վաղը «Հյուսիսափայլ»-ի հեղինակները եւ կամ ուրիշ անձինք Եվրոպա գան, օրինակի աղագավ Անգղիա երթան եւ մեր չուզած մոլորություններն ազատորեն եւ առատորեն տպագրեն եւ տարածեն: Կրնա՞նք հոն ալ միջնորդ մը գտնել տպագրածնին խափանելու կամ իրենց ընթերցողներուն ձեռքեն խլելու: Ոչ երբեք: Եվ ահա Լոնդռա հրապարակված «Զանգակ» անուն ռուսերեն օրագիրը մեզի օրինակ» {«Փարիզ», 1862, N 61, փետրվար 14:}: Այն հանգամանքը, որ 1862 թ. «Փարիզ»-ը ազատ գրատպության սկզբունքը պաշտպանելու համար օրինակ է բերում Լոնդոնի ռուս էմիգրանտական թերթը, ուղղակի ապացույց է հենց, թե այդ պահին տակավին Հայ տպարան կամ ազատ հայ գրատպություն չկար Լոնդոնում:
Այդ չի խանգարել ենթադրելու, թե Լոնդոնի անկնարկված մամուլը «հիմնվելու էր Գերցենի տպարանին կից եւ հրատարակվելու էր (sic) Նալբանդյանի ղեկավարությամբ» {Ե. Լ. Ժ., III, եր. 455. նույնը նաեւ Լեո, Թյուրքահայ հեղափոխության գաղափարաբանությունը, Փարիզ, 1934, Գ. Ա., եր. 18}: Այս ենթադրությունը անհիմն է անշուշտ: Նալբանդյանի ծանոթությունը «Լոնդոնի պրոպագանդիստների» Հետո սկսվեց «Երկու տող»-ը գրվելուց հետո՝ 1862 թ.: Ըստ էության, Նալբանդյանի գրածից չի էլ երեւում, թե «անգլիացիների ձեռքով» կամ նրանց հովանու տակ կազմակերպված հայ մամուլը պիտի ունենար կամ ունեցել էր որեւէ կապ Գերցենի հրատարակչության հետ: Նկատենք, ի դեպ, որ Նալբանդյանը բանեցնում էր «ազատ մամուլ» տերմինը շատ ընդարձակ իմաստով: Ըստ երեւույթին, «ազատ գրատպություն» էր կոչվում նախնական ցենզուրայից ազատ տպագրությունն առհասարակ: 1859 թ. Նալբանդյանը գրում էր. «Թյուրքիայում մինչեւ այժմ ազատ էր գրատպությունը, բայց այժմ լսում ենք, որ ամենայն ազգից կարգված են ցենզորք (քննիչք) եւ ինչպես պատմում են մեր ազգից կարգված պարոնը առավել խիստ վարվում է հեղինակների հետ, քան թե պահանջում էր Թյուրքիայի խարխլյալ կառավարությունը» {Ե. Լ. Ժ., I, եր. 440:}: Դիմակայելով խավարյալներին՝ «Երկու տող»-ում նա «ազատ մամուլի» շարքին էր դասում նույն /463/ իսկ «Հյուսիսափայլ»-ը, որի «էջերը բաց են» Պոլսում հալածված գրողների համար, եւ որը «ազատամտության կողմից» վերջին օրագիրը չէր համարում {Ե. Լ. Ժ., II, եր. 24 եւ հետ. ու ծան.:}: «Ազատ մամուլ» էր հաշվում նա նաեւ Ճանիկ Արամյանի Փարիզի տպարանը {Նույն տեղը, I, եր. 437 եւ հետ.։}: Տեսանք, որ ինքը՝ Նալբանդյանը եւս ապարդյուն ջանք թափեց «ազատ մամուլի» հիմք ձգելու արտասահմանում՝ երկրորդ իր ուղեւորության տարում: Կարելի է ստանալ այն տպավորությունը, որ «Երկու տող»-ի ազդը արվում էր արտասահմանում լույս տեսնելիք հայ ռեւոլյուցիոն հրատարակություններին սպասարկող տպարանի հետքը կորցնելու նպատակով միայն: Բոլոր պարագաներում պիտի նշենք, որ Նալբանդյանի՝ արտասահմանում լույս ընծայած երկերը լույս էին տեսնում ոչ թե Լոնդոնում, այլ Փարիզում: «Երկու տող»-ը տպվել է Ճ. Արամյանի տապարանում, իսկ «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ»-ը կրում է Paris, E. Thunot et Cie հասցեն, այսինքն՝ լույս է տեսել նույն այն տպարանում, ուսկից 50-60-ական թվականներին հրապարակ էին գալիս Կ. Վ. Շահնազարյանի «Շար հայ պատմագրաց»-ի հատորները. «Երկրագործություն»-ը տպվել է ոչ միայն նույն այդ տպարանում, այլեւ նույն այդ հատորների տպագրության ժամանակ գործադրված տառերով։
Գերցենի երկերի լիակատար հրատարակության խմբագիր Լեմկեն, առանց ակնհայտ հիմքի, ենթադրել է Օգարյովի «Что нужно народу?» նշանավոր հոդվածի դրության մեջ Նալբանդյանի մասնակցությունը: Այդ հոդվածը, որ հանդիսացավ 1862-63 թվականներին գոյություն ունեցած «Земля и Воля» ռեւոլյուցիոն կազմակերպության քաղաքական մանիֆեստը, Լեմկեի ենթադրությամբ, պետք է որ խմբագրված լինի «ոչ առանց Ն. Ա. Սեռնո-Սոլովեւիչի, Ն. Ն. Օբրուչեւի, Ա. Ա. Սլեպցովի, Մ. Նալբանդյանի եւ ուրիշների խորհուրդի եւ ցուցմունքների» {Герцен, П. С. С. и П., XI, եր. 136:}: Լեմկեի զգուշավոր վարկածը առիթ է տվել փութկոտ շատերին մի քանի քայլ է: նրանից առաջ վազել՝ մասնակից դարձնելով Նալբանդյանին ոչ միայն «Что нужно народу?» հոդվածի գրության, այլեւ «Земля и Воля» կազմակերպության հիմնադրմանը՝ նույն Ն. Ս. Սեռնո-Սոլովեւիչի, Ն. Ն. Օբրուչեւի, Ա. Ա. Սլեպցովի եւ ուրիշների հետ միասին {Տե՛ս «Истор. рев. хрестоматия», 1923, I, 42, «Рев. движение 60-ых годов», M., 1932, եր. 45 եւ Մ. Նալբանդյան, Երկերի լիակատար ժողովածու, III, եր. 512 եւ հետ.:}: Խնդիրն այն է, որ վերը նշված ենթադրության «հիմք» ծառայած հոդվածը լույս է տեսել «Колокол»-ի 1861 թ. հուլիսի 1-ի համարում, այսինքն՝ Նալբանդյանի Հնդկաստան գտնված ժամանակ եւ նախքան Գերցենի ու Օգարյովի շրջանը /461/ նրա մուտք գործելը: Լեմկեն իսկ, հակասելով ինքն իրեն, ասում է, մի կողմից, թե «Что нужно народу?» պրոկլամացիան կազմվել է 1861 թ. Հունիսի 1-ին եւ, մյուս կողմից, արձանագրում, թե Նալբանդյանը եկավ Լոնդոն 1862 թ. ապրիլի 8—11-ին {Герцен, П. С. С. и П., XV, եր. 105 եւ 108:}, մնալով այնտեղ մինչեւ ապրիլի 13—14-ը {Նույն տեղը, եր. 314 եւ 320:}: Քանի դեռ չկան Նալբանդյանի եւ «Լոնդոնի պրոպագանդիստների» ծանոթության ժամանակը ճշտող այլ տվյալներ, պետք է` սխալ համարենք Լեմկեի վարկածը «Что нужно народу?» հոդվածի նկատմամբ, ինչպես նաեւ այդ վարկածը կրկնող ու ընդլայնող հեղինակների ենթադրությունները Նալբանդյանի «Земля и Воля» կազմակերպության հիմնադրմանն ունեցած մասնակցության մասին: Այդ ենթադրությունը հակասում է, ի դեպ, նաեւ Տուչկովա-Օգարյովայի այն վկայությանը, թե «Նալբանդյանը մնաց Լոնդոնում առանց որեւէ մասնակցություն ունենալու ռուսական պրոպագանդի գործին»: Սա նշանակում է, թե Լոնդոնում նա չէր ունեցել գրական որեւէ մասնակցություն «Колокол»-ի, ինչպես եւ դրան հարակից էմիգրանտական մյուս հրատարակությունների մեջ, եւ գուցե նաեւ այն, թե Լոնդոնում եղած ժամանակ նա մասնակցություն չէր ունեցել նաեւ «ռուսական պրոպագանդի» կազմակերպական ձեռնարկությունների մեջ {Թե ինչ անհեթեթության կարող է հասցնել պատմության ժամանակաբանական «մանրուքի» արհամարհումը, դրա օրինակը եւս տալիս է Ա. Մակարյանի գիրքը: Հեղինակի հավաստիացումով՝ Հնդկաստանից վերադառնալիս, մտնելով երկրորդ անգամ Պոլիս, Նալբանդյանը իբր թե կոնկրետ հանձնարարություն է ունեցած ելել Բակունինից՝ կազմակերպելու Լոնդոնի արգելված հրատարակությունների փոխադրումը Տաճկաստանի վրայով Ռուսաստան, Կովկաս եւ այլն, իբր թե այդ մասին նա գրավոր ցուցմունք էր առել Բակունինից տակավին 1860 թ. մայիսի 10-ին Փարիզից ուղարկված նամակով: «Դրանից առաջ,— ասում է հեղինակը, — Գերցենին գրած նամակում Բակունինը տվել էր Կովկասում տանելիք ռեւոլյուցիոն պրոպագանդի կոնկրետ նախագիծը» (Ա. Մակարյան, Միքայել Նալբանդյանը եւ արեւմտահայ դեմոկրատիան, եր. 104 եւ հետ.)։ Այստեղ կոպտաբար արհամարհված է երկու փաստ: Նախ այն, որ Հնդկաստանից Պոլիս հասած Նալբանդյանը ծանոթություն չուներ Բակունինի հետ, եւ վերջինս այդ պահին ի վիճակի չէր առհասարակ որեւէ հանձնարարություն անելու նրան: Բակումինը Նալբանդյանին հանձնարարություններ արեց ոչ թե 1860 թ. մայիսի 10-ի, այլ 1862 թ. մայիսի 10-ի նամակում: 1860 թ. մայիսի 10-ին Նալբանդյանը Պետերբուրգում զբաղված էր հարցաքննություններով, իսկ Բակոցն ինը դեդերում էր Սիբիրի տայգաներում: Ոչ մի կապ այդ պահին չկար նրանց միջեւ: Կովկասյան պրոպագանդայի մասին Բակունինի՝ Գերցենին ուղղված նամակը գրվել էր Նալբանդյանին հասցեագրված նամակից հետո: Այն գրքում, որից Մակարյանը, առանց աղբյուրի հիշատակման, սիրալիր կերպով քաղում է Գերցենին գրված նամակից թարգմանած իր տողերը, պարզորեն նշված է գրության ստույգ թվականը՝ 1862 թ. նոյեմբերի 10 (հմմ. Մ. Նալբանդյան, Անտիպ երկեր, եր, 444)։}:
/465/ Վերջին տարիների ընթացքում լույս են ընծայվել «Земля и Воля»-ի առաջացման հանգամանքները լուսաբանող բազմաթիվ նոր նյութեր եւ հետազոտություններ {Հմմ., մասնավորապես, «Лит. наследство»-ի N N 41–42, եր. 82 եւ հետ., 8. Կուշեւայի հրապարակած նյութերը:}: Այդ հետազոտությունների համաձայն, «Земля и Воля»-ի կազմակերպության գաղափարը արծարծվում էր Լոնդոնում 1861 թ. ամառը՝ ռեւոլյուցիոն-դեմոկրատական մտավորականության Պետերբուրգից ժամանած ներկայացուցիչների՝ Մ. Լ. Միխայլովի, Ն. Վ. Շելգունովի եւ Ն. Ն. Օբրուչեւի շրջանում, որոնց միացավ Օգարյովը, զետեղելով «Колокол»-ում՝ հիմնվելիք կազմակերպության պլատֆորմն արծարծող «Что нужно народу?» հոդվածը {Տե՛ս «Лит. наследство», т.т. 39–40, 1, եր. 308 եւ, մանավանդ, Я.З. Черняк, «Был ли Н. Н. Обручев адресатом письма взятого при аресте H. Г. Чернышевскoro?» հաղորդոա՞ը, «Лит. наследство», т. 62, եր. 420—432:}:
Պարզված է, որ այդ կազմակերպության կենտրոնի մեջ մտնում էին Սեռնո-Սոլովեւիչ եղբայրները, Ն. Օբրուչեւը, Ա. Սլեպցովը եւ նշանավոր գրող Վ. Կուրոչկինը: Փոքր-ինչ ուշ, Սեռնո-Սոլովեւիչ եղբայրներին փոխարինեցին «Русское слово»-ի խմբագիր Գ. Բլագովետլովը եւ Ն. Ուտինը: Մինչեւ հիմա չի հայտաբերված որեւէ փաստ, որով կարելի լիներ դրականապես հավաստել Նալբանդյանի մասնակցությունը «Земля и Воля» կազմակերպության հիմնադրմանը, կամ կազմակերպության կենտրոնին նրա անդամակցությունը։ Ըստ երեւույթին, «պրոպագանդիստների» հետ Նալբանդյանի ունեցած կարճատեւ հանդիպումներից հետո է միայն, որ նա ընդհուպ ծանոթացավ եւ համակվեց այդ կազմակերպության գաղափարներով: Սակայն կարճատեւ այդ ժամանակամիջոցը բավական չէր, որպեսզի նա կարողանար ընդհուպ մասնակցել նաեւ Լոնդոնում տարվող կազմակերպչական աշխատանքներին:
Այն հանգամանքը, որ «Լոնդոնի պրոպագանդիստները» (Բակունինը, Օգարյովը եւ ուրիշներ) մտահոգվում էին «Երկրագործություն»-ը Ռուսաստան փոխադրելու գործով, հիմք է տալիս պնդելու, որ նրանք իրազեկ էին այդ երկի բովանդակությանը եւ ցանկանում էին, որ Նալբանդյանի մտքերը հասնեն հայ ընթերցողին: Եվ դեռ ավելին, նույն այդ փաստը իրավունք է տալիս ենթադրելու, որ «Երկրագործության» մեջ արծարծվող մտքերը մշակվել էին Լոնդոնի ռուս համախոհների հետ Տեղինակի ունեցած գաղափարական հաղորդակցության մթնոլորտում:
«Երկրագործություն»-ը շարադրելու համար Նալբանդյանը ծանոթացել էր նաեւ «Колокол»-ի համարներին եւ նրա խմբագիրների նախաձեռնությամբ լույս ընծայվող գրականությանը, ինչպես, օրինակ, Ֆոյեր/466/բախի «Քրիստոնեության ծագումը» գրքի ռուսերեն թարգմանությանը, որ լույս էր տեսել Լոնդոնում 1861 թ. Գերցենի հավանությամբ ու հանձնարարությամբ: Բազմաթիվ այլ նյութերի շարքին նա օգտագործել էր նաեւ Օգարյովի «Что нужно народу?» հոդվածը: Ավելին. մեր աշխատության ընթացքում պիտի տեսնենք, որ «Երկրագործության» մեջ արծարծվում էին մի շարք մտքեր, որոնք ըստ ամենայնի ընդառաջում են այդ հոդվածի հիմնական գաղափարներին: Բայց եթե Նալբանդյանն օգտագործում էր այդ հոդվածը կամ ձայնակցում նրա գաղափարներին, դեռ ապացույց չէ, թե այդ անում էր նա այն պատճառով, որ մասնակցել էր նրա գրությանը կամ խմբագրությանը: Հոդվածը գրվել եւ խմբագրվել էր մի ժամանակ, երբ նա բացակայում էր Լոնդոնից: Դժվարությունից խուսափելու համար ոմանք քմահաճորեն թվագրում են հոդվածի գրությունը 1861 թ. հունվարով, երբ Նալբանդյանը գտնվում էր Լոնդոնում {Տե՛ս Ե. Լ. Ժ., III, Եր. 459, ծան.:}: Սակայն, մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ Նալբանդյանն ա՛յդ պահին չէր ծանոթացել «պրոպագանդիստների» հետ, արհամարհվում է նաեւ այն փաստը, որ այդ պահին Լոնդոնում չէին գտնվում ռուս այն գործիչները, որոնց հետ միասին «Լոնդոնի պրոպագանդիստները» մշակեցին «Земля и Воля» կազմակերպության ծրագիրն ու անմիջական անելիքների այն պլատֆորմը, որ շարադրված է Օգարյովի հոդվածում:
Առայժմ կարող ենք եզրակացնել, որ «Земля и Воля»-ի գաղափարներով համակված՝ Նալբանդյանը խոստացել էր մասնակցել ու օժանդակել Ռուսաստանում եւ Կովկասում տանելիք նրա աշխատանքներին: Իր նվիրվածության մասին նա, ինչպես տեսանք Գերցենի եւ Օգարյովի՝ Ն. Ա. Սեռնո-Սոլովեւիչին 1862 թ. գրած նամակից, անվերապահ վստահություն էր ներշնչել կազմակերպության Լոնդոնի հիմնադիրներին: Իրենց նամակում Գերցենը եւ Օգարյովը խոսում են նրա մասին, որպես մի մարդու, որին շատ լավ ճանաչում էր Ն. Ա. Սեռնո-Սոլովեւիչի. նրանք, ըստ երեւույթին, կամենում էին միայն հավաստել ջերմ այն հանձնարարականները, որ ստացել էին Նալբանդյանի մասին Սեռնո-Սոլովեւիչից: 1859-1861 թվականներին դեգերելով Արեւմտյան Եվրոպայում՝ ՍեռնոՍոլովեւիչը եղել է Գերմանիայում, Ֆրանսիայում ու Անգլիայում, ուր ծանոթացել էր եւ գաղափարապես մոտեցել Գերցենին ու Օգարյովին: Հավանորեն նույն ժամանակամիջոցին արտասահմանում նա հանդիպել ու մտերմացել էր նաեւ Նալբանդյանի հետ: Չգիտենք, թե ե՞րբ եւ որտե՞ղ տեղի ունեցավ Նալբանդյանի ու նրա ծանոթությունը: Այսքանը միայն ստույգ է, որ երբ Սեռնո-Սոլովեւիչը 1861 թ. ճանապարհորդում էր Եվրոպայում եւ «Земля и Воля» կազմակերպության հարցերի շուրջը կապվում լոն/467/դոնցիների հետ, Նալբանդյանը բացակայում էր Լոնդոնից: Բայց, ըստ երեւույթին, հենց այս պահին է, որ Գերցենի եւ Օգարյովի շրջանում կարող էր խոսք եղած լինել նրա մասին, որպես մի անձնավորության, որին ճանաչում էր Սեռնո-Սոլովեւիչը եւ հանձնարարում, որպես մի մարդու, որը կարող էր օգտակար լինել ստեղծվելիք կազմակերպության կովկասյան աշխատանքներին:
Կարելի կլիներ նույնիսկ ենթադրել, թե Սեռնո-Սոլովեւիչն էր հենց Նալբանդյանին հանձնարարող այն «ընկեր Ս-ն»,— որի մասին գրում էր իր հիշատակարանում Տուչկովա-Օգարյովան,— եթե հարկ չլիներ հաշվի առնել այն հանգամանքը, որ հիշողությունների հեղինակը նշում էր Սեռնո-Սոլովեւիչի անունն առանց որեւէ սղման կամ ծածկագրման: Գիրքը շարադրվելու պահին ե՛ւ մեռած էին Նալբանդյանն ու նրա բարեկամ Սեռնո-Սոլովեւիչը, ե՛ւ հեղինակը պետք չուներ ծածկելու նրանց միջեւ եղած կապը:
Բոլոր պարագաներում նամակում Օգարյովի եւ Գերցենի՝ Սեռնո-Սոլովեւիչին «արեւելյան բարեկամի» մասին գրած երկտողը եւս հիմք է տալիս դարձյալ ասելու, թե Նալբանդյանի հանդիպումը «Լոնդոնի պրոպագանդիստների» հետ կարող էր տեղի ունեցած լինել միայն 1861 թ. հետո: