ԹԱՓԱՌԱԿԱՆ ՀՐԷԱՅԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԵԱՆ ՅԱՌԱՋԱԲԱՆԸ

Մեր պատուելի հայրենակիցքը, շատ անգամ լսելով ազնուամիտ հեղինակների առ ի սրտէ ճշմարտասէր եւ ցաւակցական խօսքերը Ազգի անուսումնասիրութեան եւ անգրասիրութեան մասին, վիրաւորւում են՝ ցոյց տալով իւրեանց, ինչպէս երեւում է, արդարացի պատճառները։ Առաջին՝ թէ նոցա գրածները՝ հին եւ մեռեալ լեզուով, անմօտենալի էին Ազգին։ Երկրորդ՝ թէ մեծ մասով գրուածքը լինում են փիլիսոփայական կամ հնասիրական խնդիրների վերայ, որ, ժամանակի որպիսութեանը անյարմար լինելով, չեն զարթեցնում Ազգի հոգու մէջ եռանդ դէպի գրասիրութին, վասնորոյ եւ մնում են սորա եւ նորա տանը ընկած՝ առանց անգամ եւ բացուելու, կամ՝ քանի մի հին լեզու իմացողների ձեռքում։
Այդ խօսքերի վերայ ինձ քաղցր եղաւ դուրս տալ Եւժէն Սիւ Պարոնի " Թափառական Հրէայ " անունով վիպասանութեան հայ թարգմանութիւնը այն լեզուով, որ ժողովրդին հասկանալի էր։ Եթէ փորձով երեւի, որ ժողովրդի գանգատին արժան է իրաւունք տալ, իհարկէ մեր պատուելի հեղինակքը իւրեանց ընթացքը կը յարմարեն ժամանակի որպիսութեանը եւ կ՚աշխատին այնպիսի բաներով պարապեցուցանել ընթերցողները, որ ե՛ւ հասկանալի լինէին նոցա, ե՛ւ ազդեցութիւն ունենային նոցա հոգեղէն զարգացման վերայ։ Իսկ թէ Ազգայինքը այդ խօսքերը բերան առել են միայն այն մտքով, որ բամբասեն հեղինակների արդարաբանութիւնը եւ դորանով ծածկեն իւրեանց անուսումնասիրութեան մեղքը, այն ժամանակ այդ եւս հայտնի կը լինի եւ կը հասկացնէ բանի զօրութիւնը։ Այս խօսքերը ես ասում եմ ընդհանրապէս, իսկ, իմ կարծիքով, մինչեւ մէջտեղումը չ'կային դպրոցներ, հասարակութիւններ եւ այլ շատ պարագաներ, որ կարո՛ղ էին Ազգի հոգու մէջ բուսուցանել եւ զարգացնել լուսաւորութեան սերմը, մինչեւ օրինաւոր գործի չ'կար խոպանացած երկիրը վարելու եւ հերկելու, զուր տեղը սերմ ցանել չոր ու մացառոտ երկրի վերայ, կամ ապառաժների եւ ճանապարհի վերայ, օգուտ ամենեւին ունենալու չէր։
Այն ազգը, որ չունէր դպրոցներ, ուսումնական ընկերութիւններ, զանազան լուսաւոր գաղափարներով հարուստ շարունակ օրագրութիւններ, այն Ազգը, որի համար ուսումը եւ գիտութիւնը մի երկրորդական, երրորդական բան էր, որ իւր հոգու բոլոր զօրութիւնը լարել եւ տրամադրել էր միայն նիւթական բաների համար, նորան ի՞նչ կը ներգործէ երկու տարին մի անգամ կամ տարին մի անգամ մի գրքի աշխարհ յայտնուիլը։ Եւ խեղճ հեղինակը տարիներով չարչարւում է մինչեւ իւր աշխատութիւնը գլուխ կը բերէ, բայց այդ աշխատութիւնը Ազգին մի բանի տեղ անց կը կենա՞յ. գո՛նէ մինչեւ այժմ չէ երեւում դորա մի դրական ապացոյցը։
Բանը այստեղ հասած լինելով՝ հարկաւոր էր հեղինակներին մի հնար գտանել ժողովրդի սիրտը մի կերպով ջերմացնելու, մի կերպով զարթեցնելու նորա մէջ այն ազնիւ եռանդը լուսաւորութեան, որ մարդկութեան պարծանքն էր։ Ուրեմն, նախ պիտոյ էր այն լեզուով խօսել, որ ժողովրդի ականջը ներգործէր սրտի վերայ եւ այն տպաւորութիւնը, որ լսողութիւնը ստանում էր, բացարձակէր սրտի վերայ։ Այս, գիտակցութենով եւ հասկացութենով կը լինի. եթէ մեք լսէինք մի անհասկանալի բառ, մեր համար միեւնոյն էր լսել մի թմբուկի ձայն։ Այսպիսի ձայները լսողութեան վերայ ներգործելուց առաւել, այլ ազդեցութիւն չ'ունէին։ Այս պատճառով ժողովրդի սրտի վերայ ներգործելու համար պիտոյ է այնպիսի ձայնով ներգործել նորա լսողութեան վերայ, որ գիտակցութիւնը, ըմբռնելով այս ձայնի խորհուրդը եւ տպաւորութիւնը, անմիջապէս հասուցանէ նորա սրտին։ Եւ հեղինակը պարտական է գործ ունենալ ժողովրդի սրտի եւ հոգու հետ եւ ո՛չ նորա ականջի հետ, որ ինքն ըստ ինքեան առաջնորդ էր միմիայն արտաքին աշխարհի տպաւորութեններին, սրտի եւ հոգու մէջ մտանելու։ Երկրորդ՝ մի այնպիսի ժողովրդի, ինչպէս մեր հայոցն է, նայելով նորա այժմեան վիճակին, պիտոյ է ընդհանուր եւ հասարկ կրթութիւն, որպէս պատրաստողական հնար դէպի առաւել բարձր եւ հիմնաւոր կրթութիւն, եւ ո՛չ բարձր եւ վերին կրթութիւն մի, որպիսի եւ իցէ մասնաւոր առարկայի կամ, լաւ ասել, ուսման ճիւղի։ Այժմեան դրութեան մէջ Հայոց ազգը կարո՛ղ է հասանել բարձր կամ վերին կրթութեան մասնաւոր առարկայն մէջ միայն այն ժամանակ, եթէ այդ առարկայն, այդ ուսման ճիւղը հնար էր նորա նիւթական բարեկենդանութեանը։
Այս պատճառների հիման վերայ հեղինակի գրելիքը առաջինը պիտոյ է լինէին նոր հայախօսութենով։ Երկրորդ՝ հեղինակութիւնը պիտոյ է վերաբերուէր ընդհանուր կրթութեան, եւ այնպէս, որ, առանց նախընթաց կարօտութեան օրինաւոր դպրոցների եւ Համալսարանի, հասկանալի լինէր ընթերցողներին եւ միեւնոյն ժամանակը՝ գրաւող եւ դաստիարակող ընդհանրապէս։
Շատ օրինակներ ունինք մեր աչքի առաջեւ, որ մեծամեծ աշխատութիւնք, այո՛, քրտինքով գլուխ բերած, Ազգին ամենեւին օգուտ չեն բերել, ինչպէս են բարձրագոյն ուսումների հրահանգութիւնքը։ Յանկարծ, մինչ ո՛չ Դպրոցներ, ո՛չ Ճեմարան եւ ո՛չ Համալսարան ունէինք, թարգմանել եւ տպել " Ուսումն նաւուղղութեան ". այս ասելով, միտք չ'ունիմ միայն այս գործը պախարակել կամ սորա անտեղի լինելը յայտնել, այլ այլապէս շատերը կան, եւ ո՛չ միայն շատ կան, այլ կարելի է ասել, թէ մեր մատենագրութեան մեծ մասը այսպիսի բաներից է բաղկացած։ Ո՞վ է դոցա կարդացողը եւ հասկացողը, եւ ո՞ւր է այդ գրքերի հանդէսը։ Այո՛, եթէ ունեցել էինք պատշաճաւոր ուսումնարաններ, եթէ գիտութեան սանդուղքի համար ունեցել էինք մի ամուր քարից պատուանդան, որի վերայ աներկիւղ կարելի էր սանդուղքը ամրացնել, այն ժամանակ կարելի էր եւ աւելի վեր բարձրանալ։ Իսկ մեք ո՛չ եթէ օրինաւոր պատուանդան, այլ եւ առանց մի ոտք կոխելու տեղ ունենալու, կամենում ենք օդի վերայ սանդուղք ամրացնել եւ նորա վերայով բարձրանալ։ Այդպիսի բաներ երազում միայն կարո՛ղ են կատարուիլ, իսկ արթնութեան մէջ՝ ո՛չ երբէք։
Քանի որ մեր մատենագրական գործունէութիւնը փակուած է այն նեղսիրտ եւ դարաւոր հնութեան սահմանի մէջ, քանի որ տասն եւ ինն դարու հեղինակքը, չորրորդ եւ հինգերորդ դարու լեզուով խօսելով, ստիպում են ժողովրդին եւս մոռանալ XIX դարը, մոռանալ շրջապատող հանգամանքները եւ յետ գնալ, հեռանալ մինչեւ V դարը, ես իմ կողմից կարելի է մեղանչում եմ... Կատարեալ իրաւունք կը տամ ժողովրդի անգրասիրութեանը. պատճառ, թէեւ հեղինակները ինքեանք գրելու ժամանակ վերանում են մինչեւ V դարը, բաչց ժողովուրդը չէ կարող նոյնպէս գնալ V դարը՝ մեր պատուելի XIX դարու հեղինակութիւնքը կարդալու։ Նա պինդ կապած է ժամանակի շղթաներով. ժամանակը վազում է յառաջ, ուրեմն եւ ժողովուրդը պիտոյ է վազէ։ Այստեղ նա միջոց չունի, թէ եւ ցանկանար, յետ դառնալ այնքան հեռի, տասն եւ չորս դարու ճանապարհ։ Ժողովուրդը ուղեկից է ժամանակին եւ մնացել է եւ մնում է նորա ազդեցութեան տակ։ Պատուելի հեղինակները, բացառութիւն կամենալով լինել հասարակաց օրէնքից, մնացել են եւ այժմ եւս ամենայն ջանք գործ են դնում մնալ V դարումը եւ ամենեւին ցած չ'գալ այս դարուցը։ Ուրեմն ի՞նչպէս պիտոյ է սոքա միմեանց հասկանան։ Չ'գիտեմ՝ ի՞նչ գերբնական զօրութիւն է հարկաւոր, որ տասն եւ չորս դարու խտրոցը, որ այնքան մեծամարմին ընկած էր V եւ XIX դարերի մէջ, ճեղքէր եւ հասանէր ժողովրդին։
Տեղիք չունինք ամենեւին մեր ժողովրդի անգրասիրութեան վերայ զարմանալու. պատճառ, մեր մատենագրութիւնը մինչեւ այսօր Աբեղայական մատենագրութիւն է, միջին դարերի դպրոցական մատենագրութիւն, եթէ այս անունը եւս կարելի էր տալ։ Չ'կայ նորա մէջ կեանք եւ կենդանութիւն, այլ սկզբից մինչեւ այսօր մի վհատեցուցիչ միօրինակութիւն։ Եւ դնենք, թէ մի հայ մարդ առնուր իւր ձեռքը հին լեզուով շարադրած մի գիրք (իհարկէ՝ հայերէն) եւ սկսէր չոր չոր կարդալ այնքան, մինչեւ որ անգիր ուսանէր միանգամայն կարդացածը, թէպէտ այս մի մեքենական սարսափելի տանջանք է։ Բայց ի՞նչ օգուտ կարո՛ղ էր քաղել դորանից։ Ո՛չինչ, եւ Աստուած վկայ է, ո՛չինչ։ Մարդկային մարմինը երբէք չէ կարող սնանուիլ այնպիսի կերակրից, որ ինչ յատկութեններով մտանում էր բերանը, նոյն յատկութեններով դուրս գար որովայնից առանց մարսուելու եւ արիւն դառնալու. պատճառ, մարմինը, իւր շինուածքի համար նիւթ չ'ստանալով այնպիսի կերակրից, անտարակոյս կը թուլանար եւ յետոյ կը քանդուէր եւս. հոգու համար մի այսպիսի կերակուր է չ'հասկացած բան կարդալը։
Թոյլ տանք, թէ կարդացածի լեզուն եւս հասկանար, բայց մի բան կարդալու ժամանակ բառերի լոկ նշանակութիւնը հասկանալ, չէ իմացւում բանի զօրութիւնը հասկանալ։ Ուրեմն ի՞նչ կարո՛ղ էր գտանել այնտեղ, որ եւ մտքի կողմից հասկանալի լինէր նորան եւ գրաւիչ։ Ուսումնական բաները հասարակ ժողովրդի համար չեն. նա չէ կարող տանել նոցա ճշդութեանը, նա չէ ուսել այդ առարկաները։ Իսկ մեր միջումը եթէ կան եւս նորախօս մատեանք, նոցա բովանդակութիւնքը մեծ մասով ուսումնական են։ Չեմ ասում այստեղ նոցա պակասութիւնքը՝ թէ՛ լեզուի եւ թէ՛ կարիքների կողմից։ Վերջինները շատ տեղ դարերով յետ են մնացած այժմեան ժամանակներից։
Եւ առհասարակ մեր մատենագրութեան մէջ ի՞նչ գրքեր կան. Սուրբ գիրք, որ դժբաղդաբար հասկանում եւս չէ ժողովուրդը, թարգմանչաց իւրեանց սեպհական գրուածքը, զորօրինակ՝ Մովսէս Խորենացի, Եղիշէ վարդապետ, Կորիւն, Ղազար Փարպեցի եւ որ սոցա կարգումը են։ Բայց քանի՞ մարդիկ կային, որ համ էին տեսանում սորանցից։ Ասածիս անհակառակելի վկայ այն տխուր ճշմարտութիւնն է, որ Հայերը օտարի լեզուով կարդում են իւրենաց սեպհական հեղինակի գործը։ Բացի սորանցից, ի՞նչ ունինք ժողովրդի մէջ՝ մի քանի աննպատակ եւ անտեղի գրքեր՝ գերապատիւ Մխիթարեանց շնորհքով լոյս հանած, յետոյ՝ հրահանգ քրիստոնէական վարդապետութեան, յետոյ՝ դարձեալ հրահանգ, դարձեալ հրահանգ, տասը քսան անգամ միեւնոյն բանը՝ զանազան կերպարանափոխութենով։ Ինչի՞ եմ մոռանում քերականութիւնները, որ զանազանւում են մինը միւսից շատ անգամ նորանով, որ մինը տասը հոլով է ընդունում, միւսը՝ իննը, միւսը՝ վեց, իսկ միւսի հոլովների կարգը այլ է բոլորովին։
Այսպէս ահա՛ մեր դպրութեան մէջ չկայ ոչինչ նորութիւն. միեւնոյն բաները կրկնւում են ամենայն օր, չեմ ասում օրացոյցների համար, որ միշտ նոր են տպւում զանազան տեղերում, որոնց մի քանիքը եղանակներն են գուշակում, միւսը արիւն թողնելու համար չար ու բարի օրերն է ցոյց տալիս։ Ճշմարիտ է՛ եւ չեմ ուրանում, որ էֆիմէրտէ եւս պակաս չէ, այն հրաշալի գիրքը, որ մեր ժողովուրդը սիրում է, որի մէջ գրուած են ամենայն տարի աշխարհի երեսին պատահելու գործերը, արեգակի եւ լուսնի խաւարումը՝ իւրեանց գուշակութեններով, արագիլի գնալը եւայլ եւայլն։ Տխուր մատենագրութիւն! Եւ ի՞նչպէս կարելի է պահանջել, որ ժողովուրդը ընթացք տայ այսպիսի մատենագրութեան, ընդունի նորան սիրով սեղանով։
Բնական աշխարհի մէջ ոչինչ բան չկայ, ոչինչ բան չէ կատարւում առանց խորհրդի։ Հեղինակները եւս մնալով այս հասարակաց բնութեան օրէնքի տակ, ամենայն բան գրելու ժամանակ պիտոյ է իւրեանց խորհուրդը ունենան, եւ այս խորհուրդը պիտոյ է կարելի բան լինի, այսինքն՝ ժամանակի հանգամանքներին յարմար։ Բայց ցաւելով եմ խոստովանում, որ մեր հին լեզուով խօսող հեղինակները պակաս են այս խորհրդից։ Մի այդպիսի հեղինակի սիրտ տուել է շարադրել կամ թարգմանել մի գիրք, նա կատարում է իւր սրտի ցանկութիւնը։ Բայց՝ ի՞նչ խորհրդով, օգուտը ի՞նչ է, ո՞վ է կարդացողը կամ հասկացողը, նա չէ մտածում. նա ցանկանում է միայն, որ գրքի ճակատումը տպած լինի իւր անունը։ Եւ թէ փոքր ինչ ուսել է հնախօսել, Եղիշէի հետ հաւասար է իւր մտքումը, Փարպեցին շատ ցած է նորանից։ Եւ հետեւում է, որ ոճերի ամփոփութեան կողմից Խորենացուց եւս պակաս չ'մնայ։ Բայց ես կարծեմ աւելորդ ասացի. եթէ լատիներէն գրելու ժամանակ աշխատում են ամենայն բառ այնպէս գործածել, ինչպէս Կիկերոնն է գործածել, ի՞նչ պատճառով հայերս ամբողջ ոճեր եւ դարձուածներ չէ պիտոյ դնենք մեր շարադրութենների մէջ Խորենացուց եւ Յովհաննէս Կաթողիկոսից... ի՞նչ պատճառով հին լեզուի անգործածական բառերը եւ ոճերը անտես առնենք, որոնք հին ժամանակներումը տեղ տեղ երեւում են գործածուած. առաւել անհասկանալի կը լինի մեր գրածը եւ կը փառաւորուի մեր անունը, կ'ասեն՝ սա՛ երեւելի հայկաբան է...
Չեմ խղճահարւում այս խօսքերը ասելու ժամանակ. պատճառ, կենդանի ճշմարտութիւն է, թէեւ դժբաղդաբար " Ձայն բարբառոյ յանապատի "։
Դպրոցական աշխատութենով, որ մեր պատուելի հնասէր հեղինակքը համարում են, թէ կարելի էր մեծ ազդեցութիւն ունենալ ժողովրդի լուսաւորութեան վերայ։ Ահա հազար երեք հարիւր տարին լրացած, հազար չորս հարիւրն է գնում, որ ոչինչ չ'յառաջացաւ, եւ թէ Հայերի մէջ կան մարդիկ, այդ օտար դպրութենների շնորհն է։ Եթէ պատուելի հեղինակների ընթացքը այսպէս շարունակուի միշտ, ապա եւ Հայերի հոգեղէն կեանքը կը շարունակուի մի օրինակ, ինչպէս եղել է եւ կայ եւ կը մնայ այնպէս, այսինքն՝ հասարակ ժողովուրդը զուրկ լուսաւորութենից, իսկ բան ուսանել կամեցողը կարօտ օտարների շնորհին։
Այս ողբալի բանի պատճառը պարզ տեսանելի է ամենայն մարդու, եթէ, միջին դարերի աբեղայական ակնոցները աչքերի վերայից հանած, նային ամենայն բանի վերայ Հերշելի հեռադիտակով։ Այն ժամանակ կը տեսանեն անտարակոյս, որ Հայերը մինչեւ այժմ աշխարհական դպրութիւն չեն ունեցել. լաւ ու վատ եղել է եւ կայ աբեղայական դպրութիւն, ինչպէս վերեւումը յիշեցինք։ Կը տեսանեն, որ սա մի կողմից իւր լեզուի հնութիւնը չ'փոխելով, միւս կողմից միեւնոյն բանը հարիւր անգամ գրելով՝ օտարացուցել է ժողովուրդը իւրանից այնպէս, որ այժմ հին լեզուն մեր ժողովրդի համար եղել է Եգիպտոսի մեհենական անմատչելի լեզու։ Անցան այն ժամանակները, գեղեցիկ խօսում է Պարոն Պիսարեւսկին,) երբ համարում էին մարդիկ, թէ միմիայն քուրմի հանդերձով կարելի է մօտենալ գիտութիւնների աշտանակին։ Անցան այն ժամանակները, կրկնում եմ, երբ չափով ու կշռով տալիս էին ազգին իմաստութեան լոյսը եւ այն, ինչ ուղղութենով որ կամենում էին։ Զարմանալի է աշխարհիս փոփոխութիւնը, բայց առաւել զարմանալին այս է, որ այժմ եւս կան շատ մարդիկ, որ չեն հաւատում, թէ այս փոփոխութիւնը իրագործուած է արդէն աշխարհի երեսին։
Ես ամենեւին երկբայութիւն չունիմ այս փոփոխութեան վերայ. միայն այս եմ մտածում, թէ հազարաւոր տարիներով քնելուց յետոյ ո՞րքան աշխատութիւն պիտի մեր Ազգին Հայկական խօսքը վերակենցաղելու, քանի՞ սիրտ ու ձեռք նոր հայախօսութեան ամբարտակ յարուցանելու հնութեան աւերակների վերայ։ Այո՛, մեծ հանդէս կայ բանիմաց Հայերի առաջեւ, եթէ դոքա, հասկանալով իրաց կարգի փոփոխութիւնը, ցանկանային մշակել Հայկական անշէն անապատը եւ անմահացուցանէին իւրեանց անունը մշտնջենական արձաններով՝ աննախանձ աշխատութեններով։
Բայց իմ այս ասելովը թո՛ղ մեր սիրելի Ազգը չ'իմանայ, թէ Ազգի համար կայ չկայ, միայն ուսումնականքն են պարտական գործ կատարել։ Ո՛չ, ազգային խօսքի տնտեսութեան մէջ ամենայն մարդ իւր վիճակի եւ կարողութեան յարմար պիտոյ է գործակատար գտանուի. միմիայն հեղինակները ո՛չինչ չեն կարո՛ղ առնել։ Դնենք, թէ գրեցին շատ բաներ. գրուածքը կարօտ են տպուելու։ Հեղինակը, տարիներով կեանք մաշելուց յետոյ իւր աշխատութեան վերայ, պարտական չէ հոգալ եւ նորա տպագրութիւնը։ Նա յանցաւոր չեղաւ, որ աշխատեց։ Նորա աշխատութիւնը պիտոյ է դառնայ հասարակաց ժառանգութիւն, թէեւ դժբաղդաբար այսպէս է եղել մեր հեղինակների գործակատարութիւնը մինչեւ այսօր։ Ազգային եղբարք պարտական են նոյնպէս քաջալերել իւրեանց համար աշխատողքը, սրբել նոցա ճակատի քրտինքը եւ բարի եւ Ազգաշէն գործերով օրինակ դառնալ նոյնպէս իւրեանց ընկերներին։
Ես ազգային խօսքի շինութեան մասին խօսակցութիւնս կնքում եմ սորանով, թէ մինչեւ նոր լեզուն չ'լինի առհասարակ մատենագրական լեզու, մինչեւ գրուածների իմաստը ըմբռնելի եւ հասկանալի չ'լինի ժողովրդին, մինչեւ Ազգը խոհեմ ճանապարհներով հոգս չ'առնէ սեպհական Ազգային դպրոցների մասին եւ վերջապէս, որ ամենից հարկաւորն է, մինչեւ մեր պատուելի հեղինակները, դպրոցական փառքը յետ դնելով, Ազգի համար չ'աշխատէին առողջամիտ կերպով, եւ միւս կողմից՝ Ազգի կարողքը օգնութիւն չ'առնէին նորանց, սուտ է ամենայն լուսաւորութիւն, եւ առանց ամենայն գործունէութեան սպասելը մի լուսաւրող ժամանակի, ոչ այլ ինչ է, եթէ ո՛չ անձնախաբէութիւն։
Կնքելով իմ խօսակցութիւնը հայկական մատենագրութեան վերայ, արժան եմ համարում ծանօթութիւն տալ այստեղ մի քանի բաների մասին, որ վերաբերւում էին ներկայ աշխատութեանս։
Մեր Ազգայիններից, որ ծանօթ էին Ֆրանսիարէն, Գերմաներէն եւ Ռուսերէն լեզուներին, արդէն կարդացած կը լինին " Թափառական Հրէայ " վիպասանութիւնը եւ ճանաչած նորա ազնիւ եւ սուրբ խորհուրդը, ուրեմն եւ՝ արժանաւորութիւնը։ Վասնորոյ, աւելորդ համարելով այս մասին երկար բարակ քարոզ կարդալ, պարտականութիւն եմ համարում միայն այսքան ասել, որ, եթէ մեր Մխիթարեան գերապատիւ Հարք չեն կամեցել այս բանը հայերէն թարգմանել եւ տպել, պատճառը կարօտութիւն չունի մեկնութեան։ Եւժէն Սիւ՝ մարդկութեան բարեկամ Պարոնը, այս աշխատութեան մէջ նկարագրում է Յիսուսեան աբեղաների անքրիստոնեայ եւ բարբարոս վարք ու բարքը։ Մխիթարեան գերապատիւ Հարք, ինքեանք եւս կրօնակից եւ ջատագով լինելով Յիսուսեաններին,) հաւանական եւ շատ բնական է, որ նոցա ձեռքը չէր համարձակուելու այսպիսի գործ կատարել, մանաւանդ որ Տէր Պապը նզովել է այս աշխատութեան հեղինակը եւ կարդացողը, ուրեմն եւ՝ թարգմանողը։ Եւ ճշմարիտը պիտոյ է խոստովանել՝ ի՞նչպէս կարելի է, որ մի Պապական աբեղայ հակառակուի այնպիսի մի մարդու, որ Աստուծոյ փոխանորդ էր, արքայութեան դուռը բացող եւ փակող... (մի՞թէԳո՛հ եմ Աստուծուց, որ, Պապական չ'լինելով, ունիմ ազատութիւն գրել եւ թարգմանել այն բանը, որ ջատագով էր ճշմարտութեան, որ պախարակում էր Քրիստոսի օրէնքին ընդդէմ գործերը եւ նկարագրում էր ամենայն ինչ մաքուր խղճմտանքով։ Եւ այս երկար աշխատութեան մէջ, ամենայն քայլափոխումս նոր քաջալերութիւն եմ զգացել, որովհետեւ պիտոյ է բարձրացնէի ճշմարտութեան դրօշակը։
Իմաստուն եւ բանագէտ մարդերի համար բացադրութեան կարօտ չէ՛ իմ նպատակը, իսկ մեր միւս եղբայրակիցներին, որ կէս մի բաղդի անգթանալովը, կէս մի իւրեանց մեղքովը հեռի են մնացել լուսաւորութեան ճրագից, պիտոյ է ասել, թէ այս վիպասանութիւնը, այս հրաշալի գործը, առանց ամենեւին կողմնապահութեան նկարագրելով Յիսուսեանների ընթացքը դէպի Րեննըպօնի ժառանգները, կարո՛ղ էր ըմբռնելի կերպով հասկացուցանել մեր Հայերին, թէ ի՞նչպէս էր Յիսուսեան Կարգի ուղղութիւնը, որ Պապականութեան հարազատ զաւակներն էին։ Այսքան եւս աւելորդ էր ասել, եթէ մեր Ազգի բոլոր որդիքը ձեռնհաս լինէին քննել իմաստասիրաբար, թէ ի՞նչ է Պապականութիւնը առհասարակ, քննել նորա պատմութիւնը եւ նորանից կարողանալ դուրս բերել մի անկողմնապահ եւ ճշմարիտ եզրակացութիւն։ Բայց ափսո՛ս, որ այս չ'կայ ընդհանուրի մէջ։ Թէպէտ եւ մասնաւոր մարդերում Քրիստոսի կենարար Աւետարանը, ուսուցանելով անհակառակելի ճշմարտութիւնը, տնկելով Աստուածային հոգու խաղաղութիւնը, ներգործել է եւ բերել է այն պտուղը, որի մասին ինքը՝ Քրիստոս, աղաչում էր. " Սո՛ւրբ արա զնոսա ճշմարտութեամբ քով, զի քո բանդ ճշմարտութիւն է ")։
Այո՛, եթէ այսպէս լինէր եւ ընդհանուրի համար, մեք երանելի մարդիկ էինք։ Բայց ի՞նչպէս լինէր, կայի՞ն արդեօք լինելութեան պատճառները, ո՞ւր են Ազգային դպրոցները, ո՞ւր են Ազգի իշխանների այս մասին հոգաբարձութիւնքը։ Եւ այս է պատճառը, որ Պարոն Փափազեանի նման մարդիկ աշխատութիւն են կրում մեր համար եկեղեցական պատմութիւն գրելու։ Հայոց ազգը " շէն տուն հարս կը գնայ "՝ Փափազեանից ուսանելով իւր եկեղեցու պատմութիւնը։ Չեմ ասում դեռեւս այն, որ աբեղայական խուցը, չէ՛ եւ չէ՛ այն դիտանոցը, որտեղից կարելի լինէր ազատ տեսողութենով նկատել աշխարհի իրողութիւնքը եւ նկարագրել այնպէս, ինչպէս որ կային։
Պարոն Փափազեանը իւր 1848 թուականում տպած եկեղեցական պատմութեան մէջ սկսած 923 երեսից մինչեւ 932 երեսը, ախոյեան դուրս գալով Յիսուսեան Կարգի հակառակորդների ընդդէմ, ամենայն ջանք գործ է դնում Յիսուսեանների խաւարը լոյս ապացուցանել, իսկ հակառակորդների լոյսը՝ խաւար։ Ցաւում եմ, որ պատուելի հեղինակը չէ՛ կարողացել գո՛նէ մասնաւորապէս ծածկել իւր համակրութիւնը Յիսուսեանց հետ եւ համարելով, թէ աշխարհքում, բացի Մխիթարեան միաբանութենից, այլ մարդիկ չ'կային, շատ դրական եւ վճռական կերպով հանդէս է դուրս եկել Հայերի մէջ։ Այս բանը ինձ պատճառ տուեց գերապատիւ Եւժէեն Սիւ հեղինակի վիպասանութեան սկզբումը դնել Յիսուսեան Կարգի պատմութիւնը՝ քաղելով արդարամիտ եւ ճշմարտասէր հեղինակների գործերից. եւ այս նախ, որ իմ ընթերցողքը չ'համարեն, թէ Պարոն Սիւ'ն, ոյժ տալով իւր մտքի թեւերին եւ ունենալով զանազան յարաբերութիւնք դէպի Յիսուսեանները, կերպարանագործել է Րոդէնի, դ'Էգրինիէի, Դիւբուայի եւ այլ մարդերի մէջ զանազան բնաւորութիւնք, այլ, ուսանելով Յիսուսեան Կարգի պատմութիւնը, ցրուեն ամենայն ստորաքարշ կարծիք Եւժէն Սիւ Պարոնի մասին։ Երկրորդ՝ Պարոն Փափազեանը կամ, թէ նա ինքը կենդանի չէ, նորա եղբայրակիցքը, կարդալով այս գրուածը, այսքան միայն հասկանան, թէ ինչ որ իւրեանք գրում են այն դիտաւորութեամբ, որ Հայոց ազգը իւրեանց գրածը ընդունէ հալած իւղի տեղ, Ազգը ունի կարողութիւն ո՛չ թէ միայն ճանաչել այս խարդախութիւնը, որ գիտենք, թէ ինչ աղբիւրից է... այլ եւ քննել եւ քննելուց յետոյ անաչառ հոգով դատել եւ դատապարտել սուտը եւ ստութեան հեղինակը։
Անցան այն ժամանակները, երբ Պապական իշխանութիւնը կարգում էր խուզարկու ատեան (inquisitio), կատարում էր զարհուրելի տօներ (auto-da-fe)՝ զոհելով մարդկութեան անբաւ անդամները։ Ժամանակը, աշխարհի լուսաւորութիւնը, ինքեանք կարգել են այժմ Պապական գործերի վերայ քննութեան Ատեան։ Այն մարդիկը, որ երբեմն ինկուիզիտորների ձեռքով դատապարտւում էին դէպի բանդ, դէպի հուր, դէպի սուր, նոյն մարդիկը, կրկնում եմ, մի անփախչելի մտաւորական ինկուիզիցիօ են կարգել եւ դէպի յաւիտենական ամօթ դատապարտում են ապականութեան անքրիստոնեայ գործերը։ Զարմանալին այս է, որ Մխիթարեան գերապատիւ Հարք, ինքեանք միշտ նստելով կանգնելով մի քանի անուսումն եւ ռամիկ Հայերի հետ եւ շօշափելով նոցա տգիտութիւնը, կարծում են, թէ մեր բոլոր Ազգը առանց բացառութեան այդպիսի մարդերից է բաղկացած. եւ թէ, ինչպէս այն խեղճ մարդիկը չեն որոշում թոյնը, որ խառնում են Մխիթարեանք իւրեանց գրուածների մէջ, նոյնպէս բոլոր ազգը թոյնը կ'ընդունէ շաքարի տեղ, խնդրենք ներողութիւն, այդպէս չէ. Հայերի համար եւս մի փոքր փոխուել է աշխարհը։
Ճշմարիտ է, եւ ո՛վ կարող էր ուրանալ, մեր Ազգի մէջ կան շատ եւ շատ անուսումն մարդիկ, ինչպէս նաեւ պատուելի Մխիթարեանց մէջ, որոնց շատերին ես ինքս պատահել եմ, որոնք, բացի Rosarium եւ Pater noster աղօթելուց, այլ բան չ'գիտէին։ Բայց մի՞թէ չ'կան մեր Ազգի մէջ նաեւ լուսաւոր մարդիկ, որոնց դատաստանի առաջեւը պատճառ ունէին կարմրիլ եւ ամաչել հրապարակական ստախօսքը... Այո՛, կան եւ շատ կան այժմ, կրկնում եմ, եւ սրտիս երախտագիտութենից դէպի Աստուած, ստիպւում եմ ասել հանապազ. " Փա՛ռք քեզ, Տէ՛ր Աստուած, որ, խնայելով մարդկութեան տկարութեանը, ստեղծել ես նոյնպէս հնարներ, որոնցով կարելի էր դարման տանել ախտացածներին "։
Իմ աշխատութեան բովանդակութեան մասին եւս այսքան ծանօթութիւն տալուց յետոյ մի երկու խօսք պատշաճ եմ համարում ասել այն մասին, թէ ես իմ այս աշխատութեան մէջ գործ դրել եմ ամենայն ջանք, որ իմ գրածը պարզ լինի եւ հասկանալի եւ որքան կարելի է՝ մօտ ժողովրդի կենդանի լեզուին։ Բայց արդեօք հասե՞լ եմ նպատակիս։ Այդ խնդիրը իմ գործ չէ լուծանել։
Նոր լեզուն դեռեւս մանուկ է. դեռ շատ եւ շատ դժուարութիւնք կան այս լեզուով գեղեցիկ եւ յաջող խօսելու։ Այդ կը հոգայ ժամանակը, երբ նոր լեզուն, հեղինակների գրչի տակ ճախարկուելով, կ'ըստանայ իւր այրական հասակը. մանաւանդ որ այժմ դեռ շատ բաներ կան, որոնց մասին Հայերը, ամենեւին գաղափար եւս չունենալով, չունին հետեւաբար եւ այն անօթները, այսինքն այն ոճերը եւ դարձուածները, այո՛, շատ անգամ եւ բառերը, որոնց մէջ կարելի էր պարունակել նոր մտքերը, որ մինչեւ այժմ չ'կային Հայերի մէջ։
Ես շատ լաւ գիտեմ, որ իմ խօսակցութեան ձեւը ունի պակասութիւններ, բայց ի՞նչ առնես. ամենայն մարդ իւր պէս կը խօսի, անհատութիւնը չէ կարելի ոչնչացուցանել։ Իմ խորհուրդը այն չէ եղել, որ իմ գրածը ուրիշին օրինակ դառնայ. ես միմիայն ցանկացել եմ, որ այս վիպասանութիւնը եւ Յիսուսեան Կարգի պատմութիւնը Հայերի համար եւս կենդանի լինի աշխարհի երեսին։ Ես հասած եմ իմ նպատակիս։
1857 թ.