ԱՆԱՆՈՒՆ ԿԱՂԱՆ Պատմութիւն …ազգաց բարբարոսաց

Հեղինակ

Բաժին

Թեմա

Ժ դ. վերջի պատմիչ Մովսէս Դասխուրանցու (ձեռագրերում եւ գրականութեան մէջ կոչուած նաեւ Կաղանկատուացի) Պատմութիւն Աղուանից երկում բառացի արտագրութեամբ պահպանուած Է դարի առաջին պատմական գործը պայմանականօրէն անուանւում է Վիրոյ կաթողիկոսի պատմութիւն։ Այն ընդօրինակուած է Պատմութիւն Աղուանիցի երկրորդ գրքի Թ-ԺԴ եւ ԺԶ գլուխներում. ԺԵ գլխում Դասխուրանցին արտագրել է 595-629 թթ. աթոռակալած Վիրոյ Աղուանից կաթողիկոսի մի փոքրիկ Ճառ, որը մեր երկի հետ ուղիղ կապ չունի։ Պատմութիւն Աղուանիցում առկայ գլխագրերի մեծ մասը նոյնպէս արդիւնք են Մովսէս Դասխուրանցու ստեղծագործութեան։ Սակայն Թ գլխի վերնագիրը («Պատմութիւն յաղագս յարուցման ազգաց բարբարոսաց եւ պէսպէս անցից տիեզերահեծ տագնապին, որ եղեւ աշխարհաց») ամենայն հաւանականութեամբ պատկանում է Վիրոյի կենսագրի գրչին եւ մտայղացուել է նրա կողմից՝ իբրեւ բուն երկի գլխագիր։

Որոշ հետազօտողների կարծիքով երկի հեղինակը հէնց ինքը՝ Վիրոյ կաթողիկոսն է։ Սակայն, ժամանակին ցոյց է տրուած, որ ոչ մի միջնադարեան հայ հեղինակ չէր կարող ինքն իր մասին արտայայտուել այն բարձրագով ոճով, որը գտնում ենք երկում։ Փոխարէնը պարզ է, որ Պատմութեան հեղինակը Վիրոյին շատ մօտ կանգնած անձնաւորութիւն է եղել եւ մասնակցել է կաթողիկոսի մի շարք գործերին։ Երկու հատուածում նրա շարադրանքը դառնում է առաջին դէմքով։ Մասնաւորապէս, դրա շնորհիւ պարզ է դառնում, որ գրողը ծնունդով Ուտիք (Ուտի Առանձնակ) գաւառի Կաղանկատոյք գիւղից է («հասեալ ի մասն ինչ առ ստորոտով լերինն, որ յանդիման գեաւղջն մեծի Կաղանկատուաց, որ է ի նմին յՈւտի գաւառի, յորմէ եւ ես»), ուստի՝ Անանուն Կաղանկատուացի։ Ըստ Ն. Ակինեանի՝ «Աղուանից Պատմութեան մէջ գոհար մըն է գրութիւնս, արժէքաւոր իր արժանահաւատութեամբ, վսեմ իր ոճով»։

Շարադրանքն աւարտւում է 629 թ. իրադարձութիւններով («Յերկրորդ ամի Արտաշրի՝ որդւոյ Կաւատայ, Պարսից արքայի, մինչ դեռեւս առնէր զիշխանութիւնն ըստ կամս իւր իշխանն հիւսիւսոյ»), սակայն վերջին գլխի մի հատուածում Շահվարազ զօրավարի մասին հեղինակի չափազանց բացասական արտայայտութիւններից պարզ է դառնում, որ նա գիտէր 630 թ. այդ զօրավարի արքայանալու եւ անփառունակ վախճանի մասին։ Երկը չէր կարող գրուել 632 թ. յետոյ, քանի որ Կարինի եկեղեցական ժողովում Հայոց Եզր Արահեզացի կաթողիկոսի հետ միասին Հերակլ կայսեր պահանջով երկաբնակութեանը, աւելի ճիշտ՝ նրա մի տարբերակը հանդիսացող միակամութեանը (մոնոթելիզմ) յարեց նաեւ Աղուանից եկեղեցին, որի կաթողիկոս Զաքարիան (629-644 թթ. ) աներկբայօրէն գովերգուած է Վիրոյ կաթողիկոսի պատմութեան՝ միաբնակութեան ջատագով հեղինակի կողմից։ Այսպիսով, երկի ստեղծման հաւանական ժամանակը 630-632 թթ. միջակայքն է։

Պատմութիւն Աղուանիցի ձեռագրերի երկու խմբերի (a ձեռագիր եւ bclr ձեռագրեր՝ bl եւ cr ենթախմբերով) օգտագործմամբ կազմուած Վիրոյ կաթողիկոսի պատմութեան քննական բնագիրը մեծ հաւանականութեամբ պատկերացում է տալիս նրա եօթերորդդարեան վիճակի մասին։ Մովսէս Դասխուրանցու գրչի տակ տեղի է ունեցել երկի երկու հատուածի տեղափոխութիւն, որը մեր կողմից ուղղուած է (ԺԲ-ԺԱ գլուխներ)։ Ժ դ. պատմիչի դրած գլխագրերը եւ գրականութեան մէջ նկատուած միւս յաւելումները մեր կողմից վերցուած են փակագծերի մէջ։ Ստորեւ ներկայացուած բնագրի տողատակերում հաշուի չեն առնուած Պատմութիւն Աղուանիցի երկու տասնեակից աւելի մնացեալ գրչագրերի տարընթերցումները, քանի որ դրանք հաստատապէս արտագրուել են վերը նշուած հինգ ձեռագրերից որեւէ մէկից եւ չեն կարող օգտակար համարուել հեղինակի ինքնագրի վերականգնման հարցում։ Բնագրի տողատման եւ կէտադրման խնդրում էապէս օգտուել ենք Պատմութիւն Աղուանիցի համեմատական հրատարակութեան հեղինակ Վարագ Առաքելեանի կատարած աշխատանքից։

Միայն հատուկենտ դէպքերում, երբ բոլոր ձեռագրերի ընթերցումներն ինչ-ինչ պատճառներով իսկապէս աղաւաղուած են, կրկնել ենք նախորդ հրատարակիչների վերականգնումները, իսկ աւելի հազուադէպ կատարել նաեւ ակնյայտօրէն անհրաժեշտ թուացող նոր վերականգնումներ: Շատ դէպքերում, երբ առկայ ձեռագրերը մատուցում են բառային ու քերականական ոչ սովորական կամ անգամ ոչ ճիշտ ձեւեր եւ միաժամանակ հնարաւորութիւն չեն տալիս ապացուցել, թէ դրանք չեն յանգում հեղինակային դար) ինքնագրին, անխուսափելի ենք համարել այդ ձեւերը թողնել բնագրում: Վաղ միջնադարում նմանատիպ ձեւերի շրջանառութեան ուսումնասիրութեանը նպաստելով հանդերձ (վիմագրերի բառագանձի օրինակով)՝ դա, թերեւս, բնագրի օգտագործման հասկանալի դժուարութիւններ է առաջ բերում (յատկապէս՝ ծանօթագրութիւնների փոքրաթիւ լինելու պարագայում), որի համար հայցում ենք ընթերցողի ներողամտութիւնը: Ներկայ շարքի հրատարակութեան մէջ որդեգրուած սկզբունքի համաձայն՝ հեւտեւողականութիւն չենք ցուցաբերել աւ–օ եւ կցագիր եւ-ի տարընթերցումները ներկայացնելիս (նշենք, որ հնագոյն a ձեռագիրը բացառապէս ունի աւ եւ չնչին բացառութիւններով՝ երկնիշ եւ, իսկ Բ խմբի ԺԷ-դարեան ձեռագրերում աւելի յաճախ են օ տառը եւ կցագիր եւ-ը):

Ալեքսան Յակոբեան 

ՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹԻՒՆ

1. Ն. Ադոնց, Քննութիւն Մովսէս Կաղանկատուացու, «Անահիտ», Փարիզ, 1939,
թիւ 4-5։

2. Հ. Ն. Ակինեան, Մովսէս Դասխուրանցի (կոչուած Կաղանկատուացի) եւ իր Պատմութիւն Աղուանից, Վիեննա, 1970։

3. Կ. Ղահրամանեան, «Պատմութիւն Աղուանից աշխարհի» երկի աղբիւրները, (թեկնածուական ատենախօսութիւն), Երեւան, 1974։

4. Աս. Մնացականեան, Աղուանից աշխարհի գրականութեան հարցերի շուրջը, Երեւան, 1966։

5. Մովսեսի Կաղանկատուացւոյ Պատմութիւն Աղուանից աշխարհի, Ի լոյս ընծայեաց Մկրտիչ Էմին, Մոսկուա, 1860։

6. Մովսէս Կաղանկատուացի, Պատմութիւն Աղուանից աշխարհի, Քննական բնագիրը եւ ներածութիւնը Վ. Առաքելեանի, Երեւան, 1983։

7. Ա. Յակոբեան, Մովսէս Կաղանկատուացու «Աղուանից պատմութեան» ձեռագրերը, ԲՄ, թիւ 15, Երեւան, 1986։

8. Ա. Յակոբեան, Գտչավանքի շինարարական արձանագրութիւնը եւ հարաւային Արցախի եպիսկոպոսութեան սահմանները, ՀԱ, Վիեննա, 1999։

9. Հ. Ս. Սւազեան, Մովսէս Կաղանկատուացու «Աղուանից պատմութեան» աղբիւրները, ՊԲՀ, Երեւան, 1972, թիւ

10. Ը. Ը. ԸՍՏտ ˇ վ, ԸսոՈվՌ ˇ- ԸսցՈվՍ Չ չՐպՍՏ - սՈՑՌվրՍՌւ Ռ ՊՐպՉվպՈՐՎ ˇ վրՍՌւ ՌրՑՏփվՌՍՈւ, ժՐպՉՈվ, 1987.

11. Խ. Ը. ԽՈչՐՈՎՈվ ˇ վ, ԼրՑՏփվՌՍՌ ì ԼրՑՏՐՌՌ րՑՐՈվօ ԸսցՈվՍ î, ԸՉՑՏՐպՒ. ՊՌրր. Ö Ս. Ռ. վ., ժՐպՉՈվ, 1973.

12. ԾՏՉրֆֆֆր ԽՈսՈվՍՈՑցՈՓՌ, ԼրՑՏՐՌ ˇ րՑՐՈվօ ԸսցՈվՍ, տպՐպՉՏՊ ր ՊՐպՉվպՈՐՎ ˇ վրՍՏչՏ, տՐպՊՌրսՏՉՌպ Ռ ՍՏՎՎպվՑՈՐՌՌ Մ. Թ. հՎոՈՑ ˇ վՈ, ժՐպՉՈվ, 1984.

13. Manandian A., Beitr ä ge zur albanischen Geschichte, Untesuchungen ü ber Moses der Utier (Kalankatuaci), Leipzig, 1897.

14. The History of the Caucasian Albanians by Movs ռ s Dasxuranci. Translated by C. J. F. Dowsett, London, 1961.

ՏԱՌԱՆԻՇԵՐ ԲԱՂԴԱՏՈՒԱԾ ՁԵՌԱԳՐԵՐԻ

a - ՄՄ ձեռ. թիւ 1531, ժամանակ՝ 1289 թ.

b - ՄՄ ձեռ. թիւ 1725, ժամանակ՝ 1675 թ.

c - ՄՄ ձեռ. թիւ 2561, ժամանակ՝ 1664 թ.

l - Ռուսաստանի Գիտութիւնների ակադեմիայի Արեւելագիտութեան ինստիտուտի Ս. -Պետերբուրգի բաժանմունքի գրադարանի հայերէն ձեռագրերի հաւաքածոյ, թիւ C 59, ժամանակ՝ 1678 թ.

r - Բրիտանական թանգարանի թիւ Or 5261, ժամանակ՝ ԺԷ դ.

a ց, b ց, c ց, l ց, r ց տառանիշերով տրուած են համապատասխան ձեռագրերի՝ Մովսէս Դասխուրանցու կազմած գլխացանկերի ընթերցումները։