ԱՆԱՆՈՒՆ ԿԱՂԱՆԿԱՏՈՒԱՑԻ
Ժ դ. վերջի պատմիչ Մովսէս Դասխուրանցու (ձեռագրերում եւ գրականութեան մէջ կոչուած նաեւ Կաղանկատուացի) Պատմութիւն Աղուանից երկում բառացի արտագրութեամբ պահպանուած Է դարի առաջին պատմական գործը պայմանականօրէն անուանւում է Վիրոյ կաթողիկոսի պատմութիւն։ Այն ընդօրինակուած է Պատմութիւն Աղուանիցի երկրորդ գրքի Թ-ԺԴ եւ ԺԶ գլուխներում. ԺԵ գլխում Դասխուրանցին արտագրել է 595-629 թթ. աթոռակալած Վիրոյ Աղուանից կաթողիկոսի մի փոքրիկ Ճառ, որը մեր երկի հետ ուղիղ կապ չունի։ Պատմութիւն Աղուանիցում առկայ գլխագրերի մեծ մասը նոյնպէս արդիւնք են Մովսէս Դասխուրանցու ստեղծագործութեան։ Սակայն Թ գլխի վերնագիրը («Պատմութիւն յաղագս յարուցման ազգաց բարբարոսաց եւ պէսպէս անցից տիեզերահեծ տագնապին, որ եղեւ աշխարհաց») ամենայն հաւանականութեամբ պատկանում է Վիրոյի կենսագրի գրչին եւ մտայղացուել է նրա կողմից՝ իբրեւ բուն երկի գլխագիր։
Որոշ հետազօտողների կարծիքով երկի հեղինակը հէնց ինքը՝ Վիրոյ կաթողիկոսն է։ Սակայն, ժամանակին ցոյց է տրուած, որ ոչ մի միջնադարեան հայ հեղինակ չէր կարող ինքն իր մասին արտայայտուել այն բարձրագով ոճով, որը գտնում ենք երկում։ Փոխարէնը պարզ է, որ Պատմութեան հեղինակը Վիրոյին շատ մօտ կանգնած անձնաւորութիւն է եղել եւ մասնակցել է կաթողիկոսի մի շարք գործերին։ Երկու հատուածում նրա շարադրանքը դառնում է առաջին դէմքով։ Մասնաւորապէս, դրա շնորհիւ պարզ է դառնում, որ գրողը ծնունդով Ուտիք (Ուտի Առանձնակ) գաւառի Կաղանկատոյք գիւղից է («հասեալ ի մասն ինչ առ ստորոտով լերինն, որ յանդիման գեաւղջն մեծի Կաղանկատուաց, որ է ի նմին յՈւտի գաւառի, յորմէ եւ ես»), ուստի՝ Անանուն Կաղանկատուացի։ Ըստ Ն. Ակինեանի՝ «Աղուանից Պատմութեան մէջ գոհար մըն է գրութիւնս, արժէքաւոր իր արժանահաւատութեամբ, վսեմ իր ոճով»։