Վայոց-ձոր

Հեղինակ

Բաժին

Թեմա
ՆՈՐԱՎԱՆՔ
       Տեղադրութիւն. - Նորավանքը գտնւում է Ամաղու գիւղից դէպի արեւելահարաւ, հազիւ երկու կիլոմետր հեռու, մի նեղ ձորակում (տես Ալբում պատկեր VI. 7), որի միջից հոսում է մի փոքրիկ գետակ՝ սկիզբն առնելով Կնիշիկի եւ Փայադարա-ձորի աղբիւրներից։ Ձորի երկու կողմը պատած են ահագին, կարմիր ժայռեր, որոնք միանգամայն անմատչելի են դարձնում ձորը։ Լերկ ժայռերին իբր հակադրութիւն ամբողջ ձորակը ծածկուած է՛ ճոխ բուսականութեամբ, մանաւանդ ուռենիներով եւ պտղատու ծառերով։
       Գետակի աջ կողմը, բաւական բարձր, փոքրիկ հարթութեան վրայ կանգնած են Նոքավանքի եկեղեցիները՝ պաշտպանուած մի քառանկիւնի հաստ եւ բարձր պարսպով, որի երկարութիւնը հասնում է 110 եւ լայնութիւնը 65 մետրի, ունի երկու դարպաս, մինը հիւսիսային, միւսն արեւելեան պատի մէջ։
       Այս պարսպապատ տարածութեան մէջ կանգնած են երեք եկեղեցիներ , որոնցից երկուսը կից են միմեանց. իսկ մինը 5 մետր հեռու սրանցից։ Երկու կից եկեղեցիներից հարաւայինը (նկ. 13. с) այն որ իր առջեւում ունի մի ընդարձակ ժամատուն կոչւում է Նախավկայ կամ սուրբ Կարապետ, իսկ միւսը՝ սուրբ Գրիգոր (նոյն նկար. д Ս. Կարապետից արեւելահարաւ, առանձին կանգնած երկյարկանի եկեղեցու անունը որոշ յայտնի չէ, սակայն շատ հաւանական է, որ սուրբ Աստուածածին լինի։ Այս եկեղեցու առջեւում նկատելի են խցերի հետքեր եւ մի մեծ ցորնի հօր։
       Պարսպից դուրս կան կիսաւեր մի փոքրիկ մատուռ՝ որ Հիւրատուն է կոչւում, մի քանի խուց եւ տների հետքեր։
       Վանքից դէպի արեւելահարաւ, ծառերի մէջ կանգնած է հասարակ քարից շինուած մի մատուռ, որի մէջ կայ մի աղբիւր բաւական մեծ աւազանով։ Այս աւազանն այժմ էլ սուրբ է համարւում եւ շատ հիւանդներ նոյն իսկ մահետական՝ գալիս են սրանցից բժշկութիւն հայցելու։ Թէեւ ոչ մի արձանագրութիւն չկայ սրա վրայ, եւ մատուռի շէնքն էլ շատ հին չէ, սակայն շատ հաւանական է, որ սուրբ Փոկասի մատուռը լինի։
       Նորավանք գալու համար պէտք է նախ գալ Արփա գիւղը, որ խճուղիով միացած է թէ Բալ-Նորաշէնի երկաթուղու կայարանին եւ թէ Նոր-Բայազէտ քաղաքին, թէեւ դեռ եւս փոստային հաղորդակցութիւն չէ հաստատուած։
       Արփայից մի նեղ կածան հազար ու մէկ պտոյտներ անելով եւ սոսկալի նեղութիւններ պատճառելով բարձրանում է մինչեւ Սմաղու թրքաբնակ գիւղը, որտեղից նոյն ձեւով իջնում վանքը։ Միայն տեղական ջորին եւ ձին կարող են անցնել այս կածանով։
      
       Պատմական տեսութիւն. - Նոքավանքը ոչ միայն չափազանց նշանաւոր է ճարտարապետական տեսակէտից, այլ եւ պատմական մեծ դեր է կատարել, լինելով Սիւնեաց եպիսկոպոսութեան աթոռ եւ Օբելեան իշխանների հանգստարան։
       Այս «գերահռչակ եւ փառաւոր ուխտի, աշխարհագէտի խմբարանի» մասին եւս պատմական տեղեկութիւնները շատ կցկտուր են, միակ, հաւաստի աղբիւրն Ստեփանոս Օրբելեանն է , եւ նա էլ նրա հիմնարկութեան ժամանակի վերաբերմամբ շատ անորոշ ձեւով է խօսում. «Յառաջ քան զայս բազում ժամանակօք, վաղ աւուրբք եւ հնագոյն ամօք » մի նեղ եւ անձուկ ձորակի մէջ, կրաշաղաղ քարով շինուած էր Ս. Կարապետի անունով մի եկեղեցի, «յոյժ սքանչելագործ եւ ահարկու եւ անուանի մերձակայ սահմանացն»։
       Սրա մօտից բղխում էր մի քաղցրահամ աղբիւր, եւ ամբողջ ձորը զարդարուած էր այգիներով եւ պտղատու ծառերով։ «Նաեւ ՚ի թանձրամած կաշկառուտին », նոյն ձորում, կար մի եկեղեցի ս. Փոկաս հայրապետի անունով շինուած, եւ եկեղեցու մէջ, բեմի տակ, բղխում էր «ջուր սակաւ եւ ընդ ջրոյն ելանէր եւ ձէթ բժշկարար», «զորմէ լուաք ՚ի հնագոյն աւանդութեանց, ասում է Օրբելեան, եթէ բերեալ եղեւ ի նշխարաց սրբոյ հայրապետին Փոկասու եւ անդ հանգուցեալ », որի անունով եւ տեղը ս. Փոկաս է կոչուել։ «Եւ առնէր հրաշս զարմանալիս, զի ամենայն անբուժելի ցաւք եւ անհնարինք ի մարդկանէ՝ գնդութիւնք եւ բորոտութիւնք եւ վէրք բազմաժամանակեայ նեխեալք եւ ապականեալք, ի ժամանելն ի տեղին յայն հաւատովք, եւ ի լուանալ ի ջուրն եւ յօծանելն ձիթով, բժշկեալ լինէին, եւ եթէ մահացու լինէր՝ առժամայն վախճանէր »։ Եւ սրա համար նրա հռչակը մեծապէս տարածուած էր «ընդ ամենայն աշխարհ»։
       Քանի որ այս ուխտը հռչակ է ստացել իւր բժշկարար ջրի շնորհիւ, եւ քանի որ ջրի պաշտամունքը բնապաշտութեան մնացորդ է, հետեւապէս եւ կարելի է ենթադրել, որ այս տեղը նոյնիսկ հեթանոսութեան միջոցին որոշ սրբավայր է եղել, եւ մինչեւ ԺԲ դարը գլխաւորապէս հիւանդ մարդկանց ուխտատեղի։
       ԺԲ. դարի սկզբում երբ թուրքերն աւերեցին Սիւնեաց աշխարհը, սպանեցին Սենեքերիմ թագաւորին ու վերցրեցին Բաղաց թագաւորութիւնը՝ այնպէս որ »լեռցին ամենայն ուխտք վանորէիցն ի պաշտամանէ » Յովհաննու վանքից Բաղաց իշխանական տոհմից Համատունեան Հասանի որդի Յովհաննէս եպիսկոպոսը, «որ ունէր ընդ ձեռամբ զամենայն ազատս թագաւորութեան այնմ », այս ու այն կողմ երկար թափառելուց յետոյ, 1105 թուին եկել է Վայոց-ձոր գաւառը եւ կամեցել բնակիչ «ի խորաձոր անապատին Նորավանից՝ մերձ անառիկ դղեկին Հրասկաբերդոյն առ հիազօր եւ մեծասքանչ եկեղեցւոյն սրբոյ Կարապետին »։ Սրա մոտ եկել է սրա եղբայր Համատուն իշխանը եւ այստեղ կրօնաւոր դարձել։
       Երկու եղբայրներն իրենց շուրջը հաւաքելով կրօնաւորներ եւ ճգնազգեցիկ մարդիկ, հեռացրել են այստեղից աշխարհական մարդկանց, տէրունի նշաններ կանգնեցրել վանքի շուրջը, որպէսզի կանայք եւ լկտի մարդիկ չանցնին, ապա սահմանակից գանձակեցի եւ տխարբերցի գիւղացիներից հողեր են գնել եւ հետզհետէ սկսել են կազմակերպուիլ։
       Տեղի ընդրութիւնն այդ խառնակ, անվերջ ասպատակութիւնների միջոցի համար, շատ յաջող է եղել, որովհետեւ Ամաղու ձորն ահագին, անանցանելի ժայռերով պատած լինելով՝ անմատչելի էր, միայն հարկաւոր էր սրա մոտ բարձրացող Հրասեկայ բերդը ձեռք ձգել, որին արդէն տիրացել էր մի պարսիկ իշխան, որը նոյնպէս աշխատու էր որսալ եւ սպանել Յովհաննէս եպիսկոպոսին եւ աւերել վանքը։ Սակայն վերջինս, հմուտ լինելով պարսից լեզուին, պարսկական շորեր հագնելով գնացել է Սպահան ուր բժշկելով շահի մահամերձ որդուն՝ ստացել Հրասեկայ եւ Անապատի (այժմեան Այարե ) բերդերը եւ 12 ագարակ։ Կէս դար շարունակ առաջնորդութիւն անելուց յետ՝ յովհաննէս եպիսկոպոսը 1154 թուին վախճանուել է եւ թաղուել նոյն վանքի մէջ եւ «զօրութիւնք մեծամեծք ելանեն ի գերեզմանէ նորա »։ Նրա մոտ թաղուել է նրա եղբայր Համտուն իշխանը, որ վախճանուել է 3 տարի յետոյ (1157 թ)։
       ԺԳ. դարի երրորդ քառորդին Մեղրեցի Գրիգոր եպիսկոպոսի որդի Ստեփաննոս «շնորհազարդ » եպիսկոպոսը ,, որ Աթաբէկից Փախրը մսեհ (քրիստոսասէր ) էր կոչուել՝ եկել հաստատուել է այս վանքի մէջ, ուր թաղուել էր եւ հայրը 1168 թուին։ Սա այստեղ հաստատել է թեմական աթոռ՝ Սիւնեաց աւերուած աթոռի փոխարէն հաստատութիւն ստանալով Շնորհալու եղբայր Գրիգորիս կաթուղիկոսի եւ Ելակուզ սուլթանից, որից եւ նուէր է ստացել Ագարակի ձորը եւ անապատի բերդը, միանգամայն աշխարհական հարկից ազատելով վանքերն ու վանական կալուածները։ Ստեփանոս եպիսկոպոսը վախճանուել է Արփա գիւղում 1216 թուին եւ մարմինը բերուել Նորավանք։ Սրա քեռորդին։ Տէր Սարգիս եապիսկոպոսը, որ դեռ Ստեփանոս եպիսկոպոսից ձեռնադրուած է եղել իբր նրա յաջորդ՝ զիջել է Տաթեւի վանքի նոր առաջնորդ Յովհաննէս եպիսկոպոսին այն վիճակները, որ Ստեփանոս եպիսկոպոսը, օգտուելով Սիւնեաց աշխարհի աւերումից, հաստատել էր Նորավանքի վրայ։ Վերջինս մնացել է միայն Վայոց-ձոր։ Ճահուկը եւ Նախիջեւանը։ Ապա Կոստանդին կաթուղիկոսի մոտ գնալով, նրանից շրջաբերական թուղթ է առել, որ այլեւս ոչ ոք չկարողանայ խլել գոնէ այդ երեք գաւառները։ Տաթեւի եւ Նորավանքի եպիսկոպոսական աթոռներն որպէս միմեանցից անկախ յառաջ են գնացել մինչեւ որ Ստեփաննոս եպիսկոպոս Օրբելեանը կարողացել է նորից միացնել։
       Սակայն Սարգիս եպիսկոպոսի ամենանշանաւոր գործն այն է եղել, որ Վայոց ձորի իշխանաց իշխան Լիպարիտ Օրբելեանի հետ 1216 թուին սկսել է շինել «զգեղեցայարմար եկեղեցին ի Նորավանս » եւ 1221 թուին աւարտելով, մեծ հանդիսով օծել է տուել։ Ներկայ եղող բազմաթիւ նշանաւոր անձերից Բուպակ իշխանը, Լիպարիտ Օրբելեանի աները, նուիրել է այս «նորակերտ քաւարանին » Աղբերիս ագարակը, իւր սահմաններով։
       Այս միջոցներին վանքից յափշտակուած Ագարակի ձոր գիւղը Զաքարէ սպասալարը Լիպարիտ իշխանի խնդրով վերադարձրել է Նորագանքին։ Այս «բարեպաշտ » Լիպարիտ իշխանը ես թաղուել է այս վանքում, բերուելով Գոլոշտի վանքից։
       Ստեփաննոս եպիսկոպոսի ժամանակ Լիպարիտ իշխանի որդի Սմբատը, որ եւ «թագաւոր», «արքայ » է կոչուել 1261 թուին «շինէ ժամատուն մի հրաշակերտ յօրինուածովք՝ տեղի աղօթարանի, ի դրան ս. Նախավկային , ի տաշածոյ վիմանց եւ ի կոփածոյ քարանց, եւ ... աննման զարդուք զարդարէ զեկեղեցին մեծածախ գանձուք յոսկւոյ եւ յարծաթոյ եւ ի պատուական մետաքսէից»։
       Ստեփաննոս եպիսկոպոսին յաջորդել է նրա ազգական Վահրամ ճգնաւորի որդի Սարգիս եպիսկոպոսը։ Սրա ժամանակ Սըմբատ իշխանը նուիրել է Նորագանքի Աւէշ։ Անապատ եւ Ազատ գիւղերը եւ այգիներ Ակոռի, Արփա, Ամաղու, Հողոմոց, Ծաղաձոր եւ Չուա գիւղերում։ Այս Սարգիս եպիսկոպոսը Տարսայիճ իշխանի հրամանով շինել է Արփա գիւղի մօտ՝ Արփաչայի վրայ՝ մի նշանաւոր կամուրջ, որի հետքերն են մնում այժմ։
       1273 թուին Սմբատ իշխանը Դավրիժում մեռել է եւ նրա մարմինը մեծ հանդէսով բերել են «ի հայրենի դամբարանն սուրբ ուխտին Նորավանից ... ուր շինէ եղբայր իւր Տարսայիճն նմա Տուն տապանի եւ եկեղեցի յանուն սրբոյն Գրիգորի եւ անդ փոխէ ՚ի հանգիստ զեղբայր իւր Սմբատ »։ Այս շինութեան վերահսկողութիւնը Տարսայիճը յանձնել է Սիրանէս անունով մի վարդապետի, եւ յօգուտ այդ եկեղեցու յատկացրել է Հալիձոր գիւղից վաթսուն սպիտակ հարկ .
       Սարգիս եպնսկոպոսին յաջորդել է նրա քեռորդի Ստեփաննոս եպիսկոպոսը։ Սա դիմել է Կոստանդին կաթուղիկոսին եւ նրա շրջաբերական թղթով նորից հաստատել Նորավանքի վրայ Վայոց-ձորի, Ճահուկի եւ Նախիջեւանի գաւառները։
       1287 թուին Տարսայիճի որդի Ստեփանոսը Սիւնեաց մետրոպոլիտ է ձեռնադրուել, եւ միապետել Նորավանքի եւ Տաթեւի աթոռները։ Սարգիս եպիսկորոսը Նորավանքում խոնարհութեամբ հնազանդուել է նրան եւ մնացել որպէս վանքի առաջնորդ մինչեւ 1298 թուականը, երբ մեռել է եւ թաղուել Նորավանքի ժամատանը։ Հաւանօրէն այս Սարգիս եպիսկոպոսն է շինել Հիւրատուն կոչուած փոքրիկ մատուռը՝ Տարսայիճ իշխանի հրամանով։
       1339 թուին Բուրթել իշխանը շինել է Աստուածածնի հրաշակերտ երկյարկանի եկեղեցին։
       Ստեփանոս եպիսկոպոս Օրբելեան պատմաբանը, որ Նորավանքի եօթներորդ առաջնորդն է եղած, եւ նոյն վանքի ժամատան մէջ թաղուած 1304 թուին, նուիրել է վանքին Աբասաշէն եւ Ս. Սահակ Փողահանքի մէջ, իւր հայրենաբաժին Հրասեկայ բերդը, Արատես գիւղը, Չուա գիւղը եւ այլն։
       Ստեփանոս եպիսկոպոս Օրբելեանին յաջորդել է Յովհաննէս եպիսկոպոսը, որը նոյնպէս թաղուած է ժամատան մէջ եւ որի շիրիմի վրայ արձանագրուած է «Հռչակաւոր մետրապոլիտ Սիւնեաց»։
       Այնուհետեւ տեղեկութիւններ պակասում են մինչեւ ԺԶ դարը. 1569 թուին մի ոմն Եղիշայ եպիսկոպոս մի խաչ քար է կանգնել իւր հօրեղբօր Առաքել եպիսկոպոսի հոգւոյ փրկութեան համար։
       Ս. Կարապետի գաւթի տապանաքարերից մինը 1571 թուից պատկանում է Առաքել եպիսկոպոսին։
       1813 թուին պարսից Ֆաթալի շահը մի հրովարտակով «Ամաղուի Կարմիր վանքի իրաւունքը սեփականացրել է Մելիք Սանբէգի որդի Պետրոս-բէգ Օրբելեանին ... եւ այս նրա համար, որ նա (իւր երկու եղբայրների հետ ) յիշեալ գիւղի բոլոր եկամուտը դարձնելով վանքի օգտին, կարողանան խաղաղութեամբ աղօթել պետութեան մշտնջենական յարատեւութեան համար ։
       1850-ական թուականներին այս մենաստանը ոչխարանոց է դարձել։ 1872-ին Ս. Սինոդը տեսուչ է նշանակել վանքի վրայ Արփա գիւղի ծխատէր քահանայ Տէր Մկրտիչ Տէր Մկրտչեանցին, սակայն վերջինիս մահից յետոյ կրկին անտէր անտիրական է թողնուել մինչեւ այժմ։ Սրա շրջակայ հողերն այժմ պատկանում են Երեւանցի Եղիազարեաններին։
       Վանքի նկարագրութիւնը. - Ս. Կարապետի եկեղեցին. - Լիպարիտ Օրբելեանի եւ Սարգիս եպիսկոպոսի 1221 թուին կառուցած այս եկեղեցին (նկ. 13. c) շինուած է տաշած, կարմրաւոյն քարից։ Սրա եկարագրութիւնն է՝ արտաքուստ 12, 15, ներքուստ՝ 9, 45 մ. լայնութիւնը՝ արտաքուստ 9, 50, իսկ ներքուստ՝ 8 մետր, իսկ բարձրութիւնը մինչեւ գմբէթը՝ մօտ 9 մետր։
       Եկեղեցին ներքուստ (նկ. 14) անսիւն է, մի սեղանով (տես Ալբոմ VII. 9)։ Չորս որմնասիւների վրայ բոլորում են կիսաբոլոր կամարներ, կրելով մի մանեակ, որի վրայ երբեմն բարձրացել է ութանկիւնի, մօտ 3, 5 մետր տրամագիծ ունեցող գմբէթը։
       Որմնասիւներից սեղանի երկու կողքերին գտնուողները բաղկացած են մի մի, իսկ միւսները երկական կիսաբոլոր կիսասներից։ Խոյակները կիսաբոլոր եւ քառանկիւնի են, իսկ խարիսխները՝ մինինը՝ նախ կիսաբոլոր եւ ապա ութանկիւնի, իսկ միւսներինը՝ քառանկիւնի, վերան բազմանկիւնի՝ վերին եզրերը եռանկիւնաձեւ կտրուած։
       Սեղանի երկու կողմի որմնասիւների խոյակները միեւնոյն բարձրութեամբ բոլորում են սեղանի շուրջը։
       Սեղանի կիսաբոլորն է, 31/2 մ. լայնութեան եւ 3, 15 երկարութեան, նոյնպիսի կոզակով, եւ երկկամար, որոնք միմեանցից հեռու են 53 սանտիմետր տարածութեամբ։ Այս տարածութեան մէջ բացւում են մի մի դուռն, որ չորս ոտ սանդուղներով բարձրանում են երկրորդ յարկի աւանդատան մէջ։Կոզակի մէջ, միմեանց հանդէպ կան երկու պատուհան, մի մետր բարձրութեան եւ սեղանի երկու կողքերին կան հնդկական աստիճանի քարէ սանդուխտներ։ Սեղանի ճակատը շրջանակով եզրափակուած է եւ երեք շարք փոքրիկ խաչերով զարդարուած։
       Բոլոր աւանդատներն էլ գրեթէ միաչափ են, 2, 30 մետր երկարութեան, 1, 15 մետր լայնութեան եւ 2, 60 մետր բարձրութեան։ Բոլորի մէջն էլ կան մի մի կիսաբոլոր սեղան, մի մի փոքրիկ նեղ , եւ երկար պատուհանով արեւելեան կողմի պատի մէջ, այնպէս որ արեւմտեան կողմի աւանդատների պատուհանները բացւում են եկեղեցու մէջ։
       Երկրորդ յարկի աւանդատների դռներն այսպէս են. - Սեղանի երկու կողքին գտնուողներինը, ինչպէս ասացինք, բացւում են սեղանի վրայից, կոզակի մէջ, երկու կամարների միջեւ, իսկ արեւմտեան կողմը գտնուողներինը՝ ներքին յարկի աւանդատան դռան վերեւ, դէպի որը բարձրանում է 7 աստիճանից բաղկացած մի քարէ սանդուխտ։ (Տես Ալբոմ, պատկեր VII. 9)։
       Եկեղեցու հիւսիսային պատի մէջ բացւում է մի խորշ (պարհան ) 1, 50 մետր բարձրութեան, 85 սանտիմետր լայնութեան եւ 60 սանտիմետր խորութեան, որ գուցէ մի ժամանակ պատուհան եղած լինի։
       Եկեղեցին ունի միայն մի դուռն արեւմտեան կողմում, որ 5 աստիճան սանդուղով իջնում է գաւթի մէջ (տես Ալբոմ, պատկեր VII. 10)։ Ուրեմն եկեղեցու յատակը մօտաւորապէս 11/4 մետրաչափ բարձր է գաւթի յատակից, հետեւապէս եւ կարելի է ենթադրել, որ այստեղ մի ներքնայարկ, գուցէ գաղտնի պահարան կայ։ Այս դուռը բաւական լայն է, 1, 30 մետր, եւ 1, 90 մետր էլ բարձրութիւն ունի. եզրափակուած է կիսաբոլոր սիւներով եւ կիսաբոլոր կամարով։
       Եկեղեցու արեւելեան պատի մէջ, արտաքուստ, կան երկու ներսանկուածներ, որոնց մէջ կան կիսաբոլոր քանդակով եզրափակուած ներսանկուած։ Այս երկու ներսանկուածների միջեւ բացւում է մի երկար եւ նեղ , 1 մետր բարձրութեան եւ 15 հարիւրամետր լայնութեան մի պատուհան, չորս կողմից երկու կիսաբոլոր եւ երկու քառանկիւնի երիզաւոր շրջանակով պատած։
       Աւանդատների տեղերում կան մի մի, փոքր եւ նեղ, 27 հարիւրամետր բարձրութեան եւ 12 հարիւրամետր լայնութեան պատուհան, փոքրիկ կամարով պատած։
       Հարաւային պատի բարձրում կայ մի ռոզաս, շրջանակով պատած։ Սրանից ներքեւ ամբողջ պատը բռնուած է մի աւեր եւ հողով լցուած եկեղեցու պատով։
       Արեւմտեան պատը գտնւում է գաւթի մէջ եւ գրեթէ ամբողջովին պատած է խաչքարերով։ Բաւական բարձր, գաւթի ձեռղունից վերեւ կայ մի երկար եւ նեղ պատուհան, որի կողքերին եւ վերեւում կայ մի մի կամարակապ, գեղեցիկ խաչքար։
       Հիւսիսային պատը նոյնպէս պատած է Ս. Գրիգորի եկեղեցու պատով։ Ներքուստ երեւում է, որ այս պատի մէջ եղել է մի ռոզաս։
      
       Ս. Կարապետի գաւիթ. դամբարանը. - (Շինուած 1261 թ . ) Ս. Կարապետի արեւմտեան պատին կից կառուցուած է մի մեծ գաւիթ, (նկ. 13 д. ) որ իբր դամբարան է ծառայել Օրբելեան տոհմին։ Շինուած է կարմրաւոյն, սրբատաշ քարով, 8, 30 մետր երկարութեան, եւ 9, 85 մետր լայնութեան, այնպէս որ ս. Կարապետ եկեղեցուց 2, 85 մետր լայն է։ Բարձրութիւնն ուղիղ 9 մետր է։ Գաւիթը ներքուստ (նկ. 14) անսիւն է, միայն 12 որմնասիւն ունի, որոնցից երկուսը , որ արեւելեան պատին կից են, հնգանկիւնի են, իսկ մնացածը՝ կիսաբոլոր։ Անկիւնների չորս որմնասիւները համեմատաբար փոքր են։ Խարիսխներն որմնասիւների ձեւի համեմատ են, հնգանկիւնիները՝ հնգանկիւնի, իսկ կիսաբոլորինները, կիսաբոլոր են, բոլորն էլ քառանկիւնի պատուանդանի վրայ յանկած։ Խոյակ միայն երկուսը՝ արեւմտեան կողմիններն ունին, քանդակներով զարդարուած։
       Արեւելեան կողմից որմնասիւների վրայ, պատին կից, բոլորում են երեք կիսաբոլոր կամարներ, որոնցից միջինն ընդգրկում է դուռը, իսկ կողքի երկուսի մէջ կանգնեցրած են գեղեցիկ, մեծ խաչքարեր՝ պատուանդանի վրայ ամրացրած, աջ կողմում երկու, ձախում՝ երեք հատ։ Որմնասիւներից բարձր, այս երեք կամարների մէջ էլ կան երկու գեղեցիկ, փոքրիկ խաչքար։ Մի գեղեցիկ խաչքար էլ ընկած է յատակին եւ վերին մասը կոտրուած (նկ. 15)։
       Միւս որմնասիւների վրայ 2, 65 մետր բարձրութեամբ ձգւում է 40 հարիւրամետր լայնութեան եւ 25 հարիւրամետր հաստութեան մի կարնիզ, որի վրայ, իւրաքանչիւր պատի մէջ բացւում են մի մի պատուհան, կողքերին մի մի խորշ։ Պատուհանները մի մի սիւնակով բաժանւում են երկու, կամարակապ մասի։ Իւրաքանչիւր խորշի մէջ, պատուանդանի վրայ կանգնեցրած է մի մի գեղեցկաքանդակ խաչքար (տես Ալբոմ պատկեր VII 11)։
       Ձեղունը բրգաձեւ բարձրանալով վերջանում է մի՝ 1, 70 մետր երկարութեան եւ մէկ մետրից աւելի հաստութեան քառանկիւնի, երկու կտորից բաղկացած քարով, որի մէջ հետզհետէ նեղանալով, զանազան քանդակներով զարդարուած բացւում է հերթիկը
       Այս ձեղունի վրայ, արեւելեան կողմը ամրացրուած են երկու խաչքար. իսկ հիւսիսային կողմը, առաջին խորշից բարձր քանդակուած է մի ձիաւոր, որ սուրը ձեռին կռւում է իր առաջ ծառս ելած վագրի հետ (տես Ալբոմ VII 11)։
       Այս գաւիթն ունի երկու դուռն, (երկուսն էլ 1, 80X140 մ. մեծութեան ) մինը հարաւ-արեւելեան անկիւնում, որ այժմ կիսով չափ ծածկուած է, միւսը արեւմտեան կողմը։ Այս վերջինս մի քանի կիսասիւներով եզրափակուած է եւ կիսաբոլոր երեք կամարով պսակուած. կամարակալ քարի վրայ ունի մի գեղեցիկ ցածրաքանդակ, որ ներկայացնում է Աստուածածինը՝ նստած, գրկում Յիսուսը։ Նկատելի են նաեւ ծաղիկների մէջ երկու, գուցէ մոգերի անդրիներ։ Մի ցածրաքանդակ էլ սրանից բարձր կայ, կրկնակ պատուհանի կամարին, որ ներկայացնում է Հայր Աստծուն, աջ ձեռը վերեւ պարզած իբրեւ օրհնում է, իսկ ձախ ձեռը դրուած է կրծքին եւ բռի մէջ ունի մի թագակիր գլուխ։ Հայր Աստծու գլխու վերեւ քանդակուած է Սուրբ Հոգին աղաւնակերպ։ Աջ կողմում գտնւում է Յիսուսը խաչուած, ներքեւում երկու հրեշտակ։
       Ուշագրաւ է նաեւ այս դրան հիւսիսային կողմում կանգնած գեղեցկաքանդակ խաչքարը, որի գագաթին քանդակուած է Յիսուս՝ գահի վրայ բազմած, ձախ ձեռին Աւետարանը։ Յիսուսի երկու կողքերին կան մի մի առաքեալ։
       Ժամատան յատակը ծածկուած է երեք շարք գեղեցիկ, մեծ տապանաքարերով, որոնց թիւը հասնում է 23-ի։ Սրանց տապանագրերը զետեղելով արձանագրութեան բաժնում, այստեղ յիշում ենք նշանաւոր ննջեցեալների անունները.
      
       Իշխանաց իշխան Այլիկում, որ վախճանուել է 1253-5թ. ։
       Ասփա տիկին, Լիպարիտի կինը , Բուբաք իշխանի դուստրը, Տարսայիճ իշխանի մայրը, որ վախճանուել է 1263 թ։
       Փախրադուլյան, Լիպարիտի եւ Ասփայի որդին, Տարսայիճի եւ Սմբատի եղբայրը, վախճանուել է 1260 թ։
       Իվանէ, Լիպարիտի որդին, որ վախճանուել է 1260 թ.
       Տէր Ստեփաննոս Սիւնեաց եպիսկոպոս, որ վախճանուել է 1260 թուին։
       Յովհաննէս մետրապոլիտ Սիւնեաց, վախճանուել է 1274 թ.
       Սարգիս Սիւնեաց եպիսկոպոս եւ անյաղթ հռետոր, վախճանուել է 1298 թ.
       Ստեփաննոս Սիւնեաց մետրապոլիտ, վախճանուել է 1304 թ.
       Տէր Գրիգոր Սիւնեաց եպիսկոպոս, որ վախճանուել է 1305 թ.
       Առաքել եպիսկոպոս, որ վախճանուել է 1571 թ.
       Տէր Յովհաննէս Սիւնեաց եպիսկոպոս, որի մասին ոչինչ յայտնի չէ։
      
       Ս. Գրիգոր. - (Շինուել է 1273 թ . ) Ս. Կարապետ եկեղեցու հիւսիսային պատին կից կառուցուած է Ս. Գրիգորի եկեղեցին, (նկ. 13, Б ) նոյնպիսի սրբատաշ, կարմրաւոյն քարով, ներքուստ 81/2 մետր երկարութեան, 5 մետր լայնութեան եւ մօտ 7 մետր բարձրութեան։
       Եկեղեցին ներքուստ անսիւն է, թաղակապ եւ անգմբէթ։ Հարաւային պատի մէջտեղում մի որսնասիւն է բարձրանում, որից երկու կիսաբոլոր կամարներ են ձգւում աջ եւ ձախ, պատին կից, որոնք, սակայն, հանգչում են ոչ թէ որմնասիւների, այլ միայն խոյակների վրայ, որ ցցուած են պատի ծայրերում։ Այսպիսի երկու կամարներ էլ հիւսիսային պատի վրայ են բոլորում, յանկելով միմիայն երեք խոյակների վրայ, առանց որմնասիւների։
       Եկեղեցու կոզակը բոլորաձեւ է եւ թաղակապ, առանձին կամարով։ Սեղանը բաւական ցածր է, 90 հարիւրամետր եւ երկու կողմից չորսական աստիճանով սանդուղներ ունի։ Սեղանի երկու կողմը, ուր խորաններ պիտի լինէին, մի մի մեծ խաչքար է կանգնեցրած, որոնց վրայ, բացի խաչաձեւ շրջանակով պատած խաչից, մի մի հատ էլ մեծ աղաւնի է քանդակուած։
       Սա իսկապէս դամբարան է, որի յատակը ծածկուած է երկու շարք գերեզմանաքարերով։ Այստեղ թաղուած է։
      
       Սմբատ արքան, որ վախճանուել է 1273 թուին.
       Աթաբակ Տարսայիճը, որ վախճանուել է 1289 թ.
       Փախրադաւլը, Տարսայիճի որդին, որ վախճանուել է 1296 թ.
       Արքայուհի Մինա խաթունը, Աղուանից Ջալալ կողմնակալի դուստրը, որ վախճանուել է 1290 թ.
       Էլիկումը, Տարսայիճի որդին, որ վախճանուել է 1300 թ.
       Թամթայ խաթունը՝ Բուրթելի մայրը, որ վախճանուել է 1312 թուին։ Սա Սմբատի եւ Տարսայիճի աւագ եղբայր Ելիկումի կինն է եղել, Գրիգոր Մարզպանեանի դուստրը։
       Սմբատ՝ Բուրթելի տղան։
       Բուղդան, մեծ Բուրթելի եղբայրը, Ելիկումի մի որդին եւ Տարսայիճի թոռը, որ վախճանուել է 1318 թ.
      
       Տապանաքարերից ուշագրաւ են.
       Ելիկում իշխանի տապանաքարը.
       Սա մի քառանկիւնի, տափարակ քար է, որի երեսին քանդակուած է մարդկային, թագապսակ գլխով մի առիւծ, աջ կողքի վրայ պառկած, աջ թաթը գլխի տակ, իսկ ձախը ձախ ազդրի վրայ պարզած։ Երկար պոչը փաթաթուած է ձախ ոտի վրայ եւ դրուած աջի վրայ։ Այս պատկերով ցանկացել են արտայայտել, որ «առիւծօրէն խրոխտ մռնչէր ընդ դէմ այլասեռ գընդին)։
       Երկրորդը՝ Բուրթելի որդի Սմբատ «վարդագոյն տղայի » գերեզմանաքարն է, որ նոյնպէս մի քառանկիւնի տափարակ քար է, վերան երկու, միմեանց դէմ կանգնած աղաւնիներ քանդակուած, կտուցներում մի կոտրուած վարդ, որով կամեցել են արտայայտել, թէ Վարդագոյն տղան՝ Սմբատը՝ ապրեց որքան վարդը կապրի։
       Այս եկեղեցու արեւմտեան պատի մէջ բացւում է միակ դուռը՝ երկական կիսաբոլոր որմնասիւներով եզրափակուած եւ կիսաբոլոր կամարով պսակուած։ Սրա կամարակալ քարի վրայ գրուած է, որ Տարսայիճի իշխանը շինել է այս «դամբարանը » իւր եղբայր Սմբատ արքայի համար , 1275 թուին։
       Այս արձանագրութիւնից բարձր կան մի քանի հասարակ խաչեր, ապա մի շարք չափազանց գեղեցիկ վարդազարդեր եւ մի նրբաքանդակ խաչ։ Բարձրում կայ մի նեղ եւ երկար պատուհան, շրջանակով պառած եւ երկու վարդազարդով պսակուած։
       Եկեղեցին արտաքուստ սագաշէն է եւ շատ պարզ։ Արեւելեան պատի մէջ ունի մի նեղ եւ երկար պատուհան, գեղեցիկ եւ ինքնատիպ շրջանակով պատած։ Հարաւային կողմը առանձին պատ չունի, այլ Ս. Կարապետ եկեղեցու պատն է, հիւսիսային կողմի պատն էլ շատ պարզ է , ծածկուած մի ընդարձակ արձանագրութիւնով։
       Բուրթելաշէն եկեղեցին, թերեւս Ս. Աստուածածին - (1339 թ ) Սա բարձրանում է հարթութեան արեւելահարաւային մասում եւ կանգնած է առանձին, Ս. Կարապետ եկեղեցուց դէպի արեւելահարաւ, մօտ 40 մետր հեռու։
       Շինուած է կարմրաւոյն, սրբատաշ քարից։
       Եկեղեցին երկյարկանի է, որի ներքինը ծառայել է իբր դամբարան, իսկ վերինը՝ իբր աղօթատուն։
       Վերին յարկը համեմատաբար աւելի փոքր է ներքինից, աւելի գեղեցիկ եւ նուրբ քանդակներով պատած։
       Ներքին յարկը մի քառանկիւնի շէնք է, արտաքուստ 12, 65 մետր երկարութեան, 8, 60 մետր լայնութեան եւ 4, 20 մետր բարձրութեան մի մետրաչափ էլ գետնի մակերեւոյթից ցածր է, այնպէս որ պէտք է իջնել չորս աստիճանի սանդուղով։ Պատերի հաստութիւնը մի մի մետր է։ Ներքին յարկը ներկայացնում է մի քառանկիւնի շէնք, չորս որմնասիւնով, որոնց վրայ բոլորում են պայտաձեւ կամարներ՝ պահպանելով թաղակապ ձեղունը։ Սեղանի մասը, որ նոյնպէս քառանկիւնի է եւ ոչ կիսաբոլոր մի առանձին կամար է կազմում 1, 35 մետր լայնութեան, այնպէս որ սրա եւ որմնասիւների միջեւ մնում են 51 հարիւրամետր լայնութեան եւ 25 հարիւրամետր խորութեան խորշեր։ Արեւմտեան կողմն էլ, որմնասիւներից նոյնքան, այսինքն 55 հարիւրամետր հեռու, 1, 70 մետր լայնութեան դարձեալ մի առանձին կամար է կազմւում, որի մէջ, աջ եւ ձախ կողմերում, բացւում են մի մի շրջանակաւոր խորշ կամ պտըրհան, 1, 10 մետր բարձրութեան, 60 հարիւրամետր լայնութեան եւ 20 հարիւրամետր խորութեան։
       Այս ներքին յարկը ոչ աւանդատներ եւ ոչ սեղան ունի։ Արեւելեան պատի մէջ, պատուհանից ներքեւ, բոլորում է մի քանդակազարդ, կիսաբոլոր կամար , որի մէջ քանդակուած է մի մեծ խաչ, աջ եւ ձախ կողքերին մի մի փոքր բարձրում՝ Յիսուսի ցածրաքանդակը։ Առաստաղի վրայ էլ քանդակուած են ցուլ, առիւծ եւ արծիւ։
       Յատակի վրայ կան երեք մեծ գերեզմանաքարեր՝ առանց տապանագրի, մի քանիսն էլ կոտրատուած են եւ խառնիխուռն ձգուած։
       Երեք պատուհան եւ մի դուռն բացւում են սրա մէջ։
       Վերին յարկը ներքին երկարութեան եւ լայնութեան է, միայն իւրաքանչիւր անկիւնից մի մետր լայնութեան եւ 2 մետր երկարութեան կտրուած լինելով խաչաձեւ է դարձրած։ Ներքուստ անսիւն է, մի սեղանով, եւ երկու աւանդատնով, միայն արեւմտեան կողմում, աւանդատների փոխարէն կան կամարակապ խորշեր։ Ձեղունը մեծ մասամբ քանդուած է, իսկ մէջն ընկած սիւներից հետեւում է, որ սիւնազարդ գմբէթ է ունեցել։ Սեղանը բոլորաձեւ է, նոյնպիսի կողակով, եւ երկու կողմում ունի մի մի որմնասիւն։ Սրանք բաղկացած են երկու կիսաբոլոր եւ սրանց մէջ մի քառանկիւնի կիսասներից։ Խոյակներն էլ նոյն ձեւի են այսինքն կիսաբոլոր եւ քառանկիւնի։ Այս խոյակների նմանութեամբ եւ նոյն բարձրութեամբ մի կարնէզ ձգւում է բոլոր պատերի վրայ, պատուհանների մոտ կիսաշրջանակ կազմելով։
       Սեղանի երկարութիւնն է 4, 15 մետր իսկ լայնութիւնը 3 մետր։ Բեմը քարուքանդ է արուած։ Բոլորաձեւ կողակի մէջտեղում բացւում է մի երկար եւ նեղ պատուհան, աջ եւ ձախ՝ մի մի գեղեցիկ խորշ։ Լուսամտից վերեւ, կիսաբոլոր շրջանակի մէջ քանդակուած է մի աղաւնի եւ կողքերին գրուած Հոգին Սուրբ Աստուած։ Սրանից բարձր քանդակուած է Քրիստոս չորեքկերպեանների վրայ նստած, երկու կողքին մի մի թեւատարած հրեշտակ։
       Աւանդատները շատ փոքր են, 1, 95 մետր երկարութեան, 10, 5 մետր լայնութեան եւ մոտ 2 մետր էլ բարձրութեան։ Ունին կամարակապ սեղան եւ վէմքար։ Սրանց դռները զարդարուած են պայտաձեւ կամարներով եւ մի մի վարդազարդով։ Նոյն իսկ ձեղունը, որ կիսաբոլոր է, նոյնպէս զարդարուած է խաչաձեւ քանդակներով, իսկ աջում կայ մի պսակազարդ գլուխ։
       Արեւմտեան կողմի խորշերը 2 մետր բարձրութեան են, 95 հարիւրամետր խորութեան, փոքրիկ կիսասիւներով եզրափակուած եւ կիսաբոլոր կամարով զարդարուած։
       Այս խորշերին կից բարձրանում են մի մի կիսաբոլոր որմնասիւն, կամարներ տալով ինչպէս միմեանց վրայ, այնպէս եւ սեղանի երկու կողմը, աւանդատների վերեւ։ Եկեղեցին ունի երեք պատուհան եւ մի դուռն՝ արեւմտեան կողմում, որոնք արտաքուստ պատած են նրբաքանդակ շրջանակներով։
       Նզս երկսարկ եկեղեցին, որի վերակազմած պատկերը ներկայացնում է 20 նկարը, արտաքուստ հետեւեալ տեսքն ունի։
       Արեւելեան պատի գրեթէ մէջտեղում կայ մի շատ գեղեցիկ վարդազարդ՝ շրջապատուած նախ խաչաձեւ եւ ապա ութանկիւնի, լայն շրջանակներով։ Վերջինիս միանում են երկու այլ, խաչաձեւ շրջանակներ՝ որոնք շրջապատում են վերեւ եւ ներքեւ գտնուած պատուհանները։ Ներքին պատուհանի կամարակալ քարի վրայ ծաղկագրով գրուած է.
       Բուրթէլ իշխանաց իշխան Տէր Ած աւգնեա։
       Պատերը եզրափակուած են կիսաբոլոր որմնասիւներով, իսկ վերին եւ ներքին յարկերի միացման տեղում գտնւում է մի կարնէզ, որ ծայրերից երեքական մետր ձգուելով յետ՝ ոչ թէ միանում է, այլ բարձրանում վերեւ, եւ երեք եղ ուղիղ անկիւնով փոքր ինչ կոտրուելով՝ միանում է՝ շրջապատելով վերին պատուհանը եւ վարդազարդը։
       Երկական որմնասիւների վրայ բոլորող կիսաբոլոր որմնանկարներ զարդարում են վերին յարկի պատի աջ եւ ձախ կողմերը։
       Հարաւային կողմում եւս, երկու յարկերի միացման տեղում, ձգւում է նոյնպիսի մի կարնէզ , որը, սակայ, վերեւ չի բարձրանում, այլ միանում է վերին յարկի միակ պատուհանի շրջանակին։ Այս, երկար եւ նեղ, բիւզանդական պատուհանի երկու կողմը, երկական որմնասիւների վրայ, բոլորում են կիսաբոլոր որմնակամարներ։ Պատի աջ կողմում, աւանդատան վրայ, կայ մի փոքրիկ, կամարակապ պատուհան։
       Ներքին յարկի պատը բոլորովին պարզ է եւ ունի միայն մի փոքրիկ պատուհան՝ երկար շրջանակով պատած։
       Այս կողմին միանգամայն նման է հիւսիսային կողմը, (տես ալբոմ պատկեր XIII 17) միայն տարբերւում են պատուհանների շրջանակները եւ վերին յարկի պատուհանը- որ այժմ քանդուած է, եւ որ մի քանդակազարդ սիւնակով երկու մասի է բաժանուած եղել։
       Արեւմտեան կողմում եւս, երկու յարկերի միացման տեղում ձգւում է նոյն կարնէզը, որ վերեւ բարձրանալով՝ երկու տեղ ուղիղ անկիւնով փոքրանում է եւ ներփակում կամարակապ, միակ դուռը։ Սրա վերեւ եղել է մի խաչաձեւ փոքր եւ նեղ պատուհան, որ այժմ քանդուած է, մի գեղեցիկ խաչքար դեռ եւս մնում է աջ կողմում։
       Դռան երկու կողմում կան երկական որմնասիւների վրայ բոլորող կիսաբոլոր որմնակամարներ։
       Ներքին յարկի մէջ եւս կայ մի կամարակապ դուռն, որի երկու կառքից, տասնչորսական աստիճանի քարէ սանդուխտներ բարձրանում են վերին յարկը։
       Այս ներքին յարկի դուռը բաւական լայն է, 1, 20 մետր, իսկ բարձրութիւնը հասնում է 1, 70 մետրի։ Եզրափակուած է երկական կլոր որմնասիւներով, որոնց մէջ ձգւում է քառանկիւնի մի երիզ՝ քանդակներով գեղազարդուած։ Որմնասիւների վրայ բոլորում է քանդակազարդ կիսաբոլոր մի կամար, որի աջ եւ ձախ կողմերում թառած են մարդկային գլխով մի մի աղաւնի։ Դըրուակների մի երիզ , եւ մի շրջանակ պատում են ամբողջ դուռը։ Կամարակապ քարի վրայ կայ մի ցածրաքանդակ, որ ներկայացնում է Աստուածածինը՝ Յիսուս գրկում, բազկաթոռի վրայ նստած եւ շրջապատուած երկու թեւատարած հերշտակներով։ Աստուածածնի գլխի վերեւ գրուած է, Մայր Այ. աջ հրեշտակի տակ՝ Միք. (Միքայէլ ) ձախի տակ՝ Գաբ. (Գաբրիէլ Սրանցից բարձր շրջանակի վրայ գրուած է։
       *
       Վերին յարկի դուռը (տես Ալբոմ պատկեր XV 20) նոյնպէս պատած է գեղեցիկ քանդակազարդ, կիսաբոլոր կամարով, որի վրայ թառած են երկու սիրամարգ։ Քանդակների մի սքանչելի երիզ նոյնպէս պատում է այս կամարը, որի վերեւ արձանագըրուած է, որ Բուրթել իշխանաց իշխանը եւ նրա ամուսին Վախախը եւ Բէշկէն ու Իվանէ որդիքը շինեցին այս եկեղեցին։
       Այս դրան կամարակալ քարի վրայ կայ մի քածրաքանդակ , որ ներկայացնում է Յիսուսին, աջ ձեռը պարզած՝ ինչպէս անում են այժմ կրօնաւորները՝ խաղաղութիւն տալիս, իսկ ձախ ձեռում՝ մի գիրք բռնած։ Սրա երկու կողքին կանգնած են մի մի առաքեալ, ձեռներին մի մի բանալի։ Յիսուսի գլխի վերեւ գրուած է Յս. Քս. աջ առաքեալի տակը՝ Պղ. (Պօղոս ) ձախինը՝ Պետ. (Պետրոս)։
       Ճարտարապետական տեսակէտից ուշագրաւ են նաեւ հետեւեալ 3 սիւները, որոնցից երկուսը ընկած են ս. Աստուածածնի վերին, իսկ մինը՝ ներքին յարկում։ Սրանք բոլորն էլ կլոր են , 40 հարիւրամետր տրամագծով։ Առաջնի (նկ 21) բարձրութիւնն է 1, 40 մետր, վերան մի թագակիր մարդու ցածրաքանդակ, թագը կոնուսաձեւ բարձրանում է եւ մի երիզով վերջանում։ Այս երիզը կոտրուած լինելով, չի կարելի որոշել, թէ խաչ է ձեւացրել, թէ մի ուրիշ բան։ Հագաթը ֆարաջի նման մի զգեստ է, ոչ այնքան լայն թեւերով։ Մէջքն կապած է մի գօտի, որի ծայրերը իջնում են մինչեւ ֆարաջի քղանցք։ Գօտու վրայ կան կլոր զարդեր։ Ձեռները մեկնած են այնպէս, իբր թէ կամենում է մի բան ցոյց տալ։ Սեան ներքին մասը կոտրուած լինելով չի կարելի որոշել, թէ ագանելիքը ինչպիսի են եղել։
       Երկրորդ սնից կայ միայն երկու կտոր մինը 85, միւսը 35 հարիւրամետր բարձրութեան։ Սրանց վրայ եւս քանդակուած է մի մարդ, ձեռին բռնած այս եկեղեցու կաղապարը։ Դժբաղդադբար մարդու գլխի մասը կոտրուած է։ Շատ հաւանական է, որ սա եկեղեցին շինող Բուրթել իշխանի պատկերը եղած լինի։
       Ներքին յարկում գտնուած սեան վրայ քանդակուած է Աստուածածինը Քրիստոս գրկում, (նկ. 23)։
       Այս եկեղեցու հանդէպ ձգուած է եւ մի ուրիշ սիւն, նոյն տրամագծով, եւ 90 հարիւրամետր բարձրութեան։ Սրա վրայ եւս քանդակուած է մի մարդ՝ ձեռին մի բազէ բռնած։ Գլխի մասը կոտրուած է, հանդերձը ֆարաջու նման է եւ գօտիով ամրացած։
       Հիւրատուն. - Պարսպից դուրս, արեւելեան կողմում կայ մի սակաշէն, փոքրիկ մատուռ (նկ. 24) թաղակապ, հասարակ շէնքով, 4 մետր երկարութեան, 2, 35 մետր լայնութեան եւ մօտ 5 մետր բարձրութեան։ Ունի մի հասարակ դուռն եւ երկու փոքրիկ պատուհան։ Սրա բոլորաձեւ սեղանի երկու կողքին կան մի մի խաչքար, որոնցից աջակողմեանը բաւական մեծ է եւ կրում է իր վրայ մի ընդարձակ արձանագրութիւն։ Սա յայտնում է թէ Սարգիս եպիսկոպոսը «հրամանաւ պարոնաց իւրոց Տարսայիճին, եղբաւր Սմբատայ արքայի եւ ամուսնոյ իւրոյ Մինայ խաթունին եւ եղբարց իւրոց Լիպարիտի եւ Թաղային շինեցի զհիւրատունս ». ապա յիշատակում է այն գիւղը. ջրաղացը, այգին, հողաբաժինը՝որ յատկացրել է հիւրատանը, որպէսզի սրանց «մուտքն հիւրերին պէտքն, անցւոր օտարքն ուտեն, իւր պարոնաց համար աղօթք անեն » եւ իրեն յիշեն։
       Արձանագրութիւններ. -
       Ս. Կարապետի հիւսիսային պատի վրայ ներքուստ.
       * ։
      
       Ժամատան հիւսիսային պատի վրայ.
       Թվ. ՈՁԱ (=1232) Գ(է)որգ զիմ հոգոյ արդիւնք տվի ի սբ Նախավկայս մասն պահարանով... եւ Տէր Սարգիս եւ միաբանք սահմանեցին զսբ Գէորգին շաբաթն Բ. պատարագ անխափան։
      
       Ժամատան հարաւային պատի վրայ.
       Յանուն Այ. ես Շատլոյս եկի ի Նորավանս եւեկեղեցւոյս միաբանեցայ ու զիմ ձեռատունկ այգին ի սբ. Նախավկայս տվի. Տէր Ստեփաննոս եւ միաբանք հաստատեցին Աստուածածնի տաւնին Ա. պատարագ ինձ Շատլոյսի՛ս։ Արդ որ մեր բանիս հակառակ կան ի մերոց կամ յաւտարաց կամ պարոնաց կամ ձեռնաւորաց հակառակին ՅԺԸ հայրապետացն նզովեալ եղիցի, իմ մեղացն պարտական եղիցի. ի թվին ՉԵ (1256) հաստատ է։
      
       Սրա մօտ.
       Կամաւն Այ. ես Հաջարի եւ ամուսին եմ Մէլիք ոչ ունէաք զաւակ, երբ որ խոստացաք զմեր կանգնած երանելի սբ. Նշանս եւ տուաք զմեր ձեռատունկ այգին ու չորս դուռն տուն մեր շինած ի Չվայ. Տէր Սարգիս եւ միաբանք հաստատեցին ի տարին Դ. պատարագ։ Կատարիչքն աւրհնին յԱյ. եւ խափանիչքն դատին ի Տեառնէ։ Ով որ հակառակ կայ ՅԺԸ հայրապետացն նզովեալ եղեցի։
      
       Ժամատան հարաւային պատի վրայ . ներքուստ։
       ՚Ի թվի ՉԺ (=1261)։ Այս գիր յիշատակի եւ արձան անջնջելի իմ Սմբատայ իշխանաց իշխանի որդւոյ մեծին Լիպարիտի... շինեցի զեկեղեցիքս, վերստին նորոգեցի... պահարանւք եւ ետու իմ հայրենեացն Բ. գիւղ ի սբ. Նախավկայս, զԱւէշ ու Անապատ, եւ յԱկոռի զնորատունկ մեծ այգին իւր կիւրակաջրովն. Տէր Սարգիս եւ միաբանքս հաստատեցին զաւագ խորանն որ հանապազ պատարագ պարոնացն առնեն զշաբաթն ու զկիրակի՝ Լիպարիտի, հինգշաբաթ՝ Ասփային, զերկուշաբաթ ու զերեքշաբաթն՝ Ելիկումին, չորեքշաբաթն՝ Իվանէին, ուրբաթն՝ Փախրադուլային... Արդ՝ որ յետ մեր ժառանգեն ի տեղոյս յիմոց կամ յաւտարաց եւ այս հաստատեալ պայմանիս հակառակել ջանայ եւ կամ ի սբ. եկեղեցոյս հանել կամ զժամն խափանել մեր մեղացն պարտական է, եւ զանէծս ցաւագին զԿայէնին եւ զԳայիզին առցէ ի բաժին զՅուդային եւ զխաչահանացն եթէ ոք ի տաճիկէ յաւագ փոխի ու հանել ջանայ յԱյ...
      
       Սրա շարունակութիւնը գտնւում է արեւմտեան պատի վրայ.
       Յուսովն Այ. ես Սմբատ իշխանաց իշխան իմ սրտի յաւժարութեամբ տվի ի սբ. Նախավկայս իմ հայրենեացն զԱզատն իւր սահմանաւք լերամբք եւ դաշտաւք, եւ զիմ... Գինէշեկաձոր վասն փրկութեան հոգւոյ եղբաւր որդւոյ իմոյ Բուրթէլին, որ դեռաբոյս նորափթիթ փոխեցաւ առ Քս. պատերազմաւ ի դաշտին Սկիւթացւոց. խաւար էած տեսողաց եւ... Գ. իւր նովաւ զաւակ յիշատակի։ Տէր Սարգիս եւ այլ միաբանքս հաստատեցին ԺԵ աւր պատարագ։ Ե. աւր աւագ տաւներն, Ե. Պետրոսի եւ Պաւղոսի տաւնին եւ Յովհաննու եւ Յակովբայ եւ Նոր Կիրակէին։ Կատարիչքն աւրհնին եւ խափանիչքն դատին ի Տէ. եւ որ զգեղն եւ զայգին հանել ջանայ. ՅԺԸ հայրապետացն նզովեալ եղիցի։
       Կամաւն Այ. ի տէրութեան իշխանաց իշխանի Սըմբատայ եւ յառաջնորդութեան Գրիգոր ես Ասփասլան եւ Մխիթար քահանայ Այ... եւ տվի զԳակեոյ բարոյ այգին Նախավկայս... եւ գետովն. Գրիգոր եւ այլ միաբանք տվին համբարձման աւրն զամենայն... տիրացու Դաւիթն... եկեղեցիքս պատարագ Ը. աւր. Ա. Թամարին Ե. Ալփասլանին Բ. Դամաին։ Կատարիչքն աւրհնին յԱյ։
      
       Ս. Կարապետի արեւմտեան պատի կամարի վրայ, ներքուստ
       Ես Տէր Սարգիս, քեռորդի Տէր Ստեփաննոսի Սիւնեաց արհի եպիսկոպոսի շինեցի զեկեղեցիս ի բարեխաւսութիւն ինձ եւ Լիպարտին եւ նախնեաց մերոց եւ երկուց հարազատ եղբարցն, որ սպանան ի թուրքաց պատերազմաց, վասն որոյ աղաչեմ հանդիպողացդ յիշել զմեզ ի Քս.
      
       Ս. Կարապետի արեւմտեան կողմի ներքին աւանդատան հարաւային պատի վրայ.
       Յանուն Այ. այս գիր է Տէր Սարգսի եւ սպասաւորաց սբ. Կարապետիս, որ տվաք զխորանս Հասանայ Ամաղուեցւոյ, որ նորա հալալ արդեամբ շինեցաւ ի տարին Բ. աւր ժամ հաստատեցաք զՊետրոսի եւ զՊաւղոսի տաւնին. Ա. Հասանայ Ա իւր կնոջն եւ որ հակառակ...
      
       Ժամատան արեւմտեան պատի վրայ.
       Յանուն Այ. ես Սարկաւագ երէց որդի Մկրտչին եկի ի Նորավանս... Նշանիս առաջի. իմ սրտի յաւժարութեամբ զնմ գնած հայրենիքն... զխաչ... դենց այգին եւ զիմ հովատունս իւր սահմանաւն... եւ խոձտաքատուն... յեղեգնաձոր իմ գնած՝ եկեղեցոյս տվի, որ ի տարին միաբանքն սահմանեն պատարագ ի տաւնին Աստուածածնի... յիս հայրենեաց... թվ. ՉԻ (= 1271).
      
       Ս. Գրիգոր դամբարանի դրան վերեւ.
       Կամաւն Այ. ես Տարսայիժ իշխանաց իշխան շինեցի զդամբարանս յաղագս եղբաւր իմոյ Սմբատայ արքային, վասնորոյ աղաչեմ յիշել թվին ՉԻԴ (=1275)։
      
       Նոյն դամբարանի հիւսիսային պատի վրայ մեծ մեծ տառերով*)
       Կամաւն Այ. այս իմ գիր է Տարսայիճիս իշխանաց իշխանիս, որ իշխացող էի Սիւնեաց նահանգիս Որոտան եւ Շնհերոյ, որ եկեղեցի տվի շինել Սիրանէս վարդապետին ու Հալիձորոյ ու Շնհերոյ հայրենիքն տվի իւր սահմանաւրն յորդեց յորդիքն նորա հայրենիք տվի ու ինչ զեկեղեցին լմնեցին Խիշայ կուտայաք Ծ. սպիտակի այն խիլային փոխան զԱղազար Աղերծեցին տվաք նորայ հայրենիքն լինի. նորայ գեղին կայ յազգէ յազգ ու զՀալէ ձորոյ հարկն սահմանեցաք ի տարումն վաթսուն սպիտակ տա, այլ ազատ է յամէն հարկաց այլ ոչ ամիրա, ոչ պարոն, ոչ ձեռնաւորի ոչինչ հաշիւ չկայ հետ Հալէձորոյ, ոչ շոր տացի ոչ այլ ոչ ում. ով յետ մեր զայս հաստատ վճիռս խափանէ ու զմեր հրամանքս ունայն առնէ լերից սուրբ ժողովոցն որոշեալ եղիցի եւ մասն եւ բաժին ընդ Յուդայի եւ ընդ խաչահանուացն եղիցի ես Տարսայիճս իմ ձեռաւք հաստատեցի զգիրս զ այս։
      
       Ժամատան արեւմտեան պատի վրայ.
       Կամաւն Այ ես Ամիրայս, թոռն Ջուրջին եկի ի Նորավանս առաջի սբ. Նշանիս ու զՅաղթա այգին որ ի պարոն Տարսայիճէն գնեցի Դ. Ռ. դրամաւ եւ Գ. ջորի տվի սբ. Ուխտիս վասն իմ հոգւոյս եւ իմ մաւրն Գոհար խաթունին։ Տէր Ստեփաննոս եւ միաբանք կարգեցին Դ ժամ. Բ. ինձ, Բ. իմ մաւրն Հռիփսիմե(ա)նց տաւնին։ Արդ՝ թէ ի մեր յետամնացողաց կամ ի պարոնաց եւ յաւագաց հակառակել ջանայ ու զիմ Դ. Ռ. դրամն եւ Գ. ջորին ի Նորավանիցն հանէ... ի սբ. Երրորդութենէն եւ յերից սբ. Ժողովոցն նզովեալ եղիցի եւ բաժին զՅուդային առցէ, եւ մեր մեղացն պարտական եղիցի ի թվին ՉԽ (=1291) հաստատ է գիրս կամաւն Այ. ։
      
       Դամբարանի հիւսիսային պատի վրայ.
       Կամաւ Ամենակալին Աստուծոյ այս գիր յիշատակի եւ արձան անջնջելի Մինա խաթունիս է, դստեր մեծի արքային Ջալալին եւ ամուսնո մեծարգի իշխանի Տարսայիճին, եւ իմ որդւոյս Ջալալին, որ գնեցաք ի մեր հալալ ընչից զՆորապետին այգին ի Վէդի եւ զայլն ի Կորդո գնեցաք ի հայրենատիրաց եւ տնկեցաք եւ բոլորեցի զԴ դեհն. Ա ճակատն Բնաշահու Ահնուէլպղումին այգին. Ա. ճակատն իրիցին այգին,, Ա. ճակատն Որբէկին այգին, Ա ճակատն Բրէհիմին այգին։ Տեղն ԺԲ դրվի զոր յառաջ այլ տված էր վանիցս՝ մեք մեր յաւժարութեամբ վերստին տվաք ի Նորավանս յԱւագ սբ. Նշանս եւ ի Տր. Ստեփաննոս. վասն հոգեց արքաաշուք առ իմո Տարսայիճին. իսկ տր. Ստեփաննոս եւ միաբան եղբարբս կարեցին ժամ յիշատակ անջինջ զտաւնին Համբարձման, զի յայնմ աւուր հանդիսիւ աւրհնեսցեն զշիրիմս նորա եւ Ժ. աւր պատարագ մատչի. եւ այս տուրքս ոչ ի զրկանաց. ոչ ի գեղէ, ոչ ի պարոնահողաց, այլ մեր հալալ դրամագին, ազատ յամէն հարկաց, որ ոչ ում հաշիւ չկա ի հետ։ Արդ՝ թէ ի մերոցս կամ յաւտարաց կամ յիշանաց կամ ի ձեռնաւորաց զինչ եւ իցէ պատճառաւ նենգել կամ հանել ջանան զայս այգիս ի նորավանից կտրեալ լիցին նոքա յերկու կենաց, ընդ աւձին եւ ընդ սատանաի նզովեալ եղիցի յամենակալ բերանէն յԱյ. զԿայէնին եւ զՅուդային, զՅուլիանոսին առցէ վարձ, ընդ Վասակա ուրացողին դատեսցի, յերից սուրբ ժողովոցն եւ յամենայն սրբոց անիծեալ լիցի ի մահ եւ ի կեանք. եւ թէ տաճկաւ որ փոխի եւ հանել ջանայ Ռ. Ռ. Ռ. նահլաթ լինի. յիւր Մահմէտէն ապիզար լինի. ի թվին ՉԽԱ (=1292) հաստատ է գիրս կամաւն Այ. ։
      
       Ժամատան հիւսիսային պատի աջ կողմը։
       Կամաւն Այ. ես Խաթունս՝ դուստր Խալայշահի միաբանեցայ սբ. Նշանիս ու տվի Յ. սպիտակ։ Ի յԱռփա այգի գնեցի մաւտ ի... Տէր Սարգիս եւ միաբանք սահմանեցին Բ. աւր պատարագ Խաթունիս։
      
       Սրա տակ.
       Կամաւն Այ. ես Գոնցէ՝ թոռն Հասանայ դուստր պարոն Խաւսրավկայ միաբանեցայ սբ. ուխտիս Նորավանից վասն բարութեան իշխանաց իշխանայ Բուրթէլինեւ տվի զԽանգահի էգին Ամադինի հոգւոյն, միաբանքն խոստացան Զ. պատարագ Յայտնութեան ութաւրացն. Բ. ինձ Բ. Ամադինայ Բ. Հասանայ։ Այս մեր թուղթն է. թվին ՉԽԴ (=1295)։
      
       Ս. Կարապետի հիւսիսային պատի վրայ երքուստ ՈՀ թուականի արձանագրութեան տակ.
       Շնորհաւք եւ ողորմութեամբ սբ. Երրորդութեան, յուսովն առ Քս. ես յոգնամեղ եւ ապիկար Ստեփաննոս, որդի իշխանաց իշխանին Տարսայիճին, եպիսկոպոս Սիւնեաց եւ տեսուչ երկնահանդէս աթոռոյս Տաթեւոյս եւ Նորավանից, յիշելով զունայնութիւն վայրկենի կենացս, ետու զիմ հոգւոյ մասն եւ բաժին Այ եւ ժառանգ(ութիւն) սբ եկեղեցւոյս զՉովայ գիւղն իւր բոլոր սահմանաւքն ազատ յամեն յաշխարհական հարկաց ի գիւտնէ, ի խալանէ եւ յամեն չարէ, զոր գնե(ա)լ էի յիմ ախբաւրէն ի Ջալալէն եւ տվեալ ԻԱ հազար դրամ եւ Փողահանքն զսբ. Սահակ եւ զԱբասաշէն. եւ այլ ետու յիմ հալալ հայրենաբաժնէն ի Հրաշկաբերդ Քարկոփիյեանքն իւր սահմանաւքն յԵղեգիսաձորին, զԱրատեսն իւր գեղաւքն եւ ամէն հայրենիքն իմ արարի ժառանգութիւն սբ. ուխտ(ի)ս Նորավանից հայրենիք անխախտ եւ անդառնալի մինչ ի գալուստն Այ. եւ այլ բազումս։ Եւ կամաւ միաբան եղբարցս հաստատեցի ինձ յիշատակ ի սա զի զկնի կրկնազատկին պատարագեսցեն եւ ամէն աւր անբիծք եւ աւետարան ինչ ի Հոգոյ գալուստն. եւ զաւր Պենտէկոստէին մեզ յիշատակ կատարեն զենմամբ զուարակաց եւ առատ ռոճկաւք, եւ յամէն եկեղեցիքս մեզ պատարագ. թերեւս զտից յԱստուած Հոգոյն ողորմութիւն եղկելի հոգոյս ի մեծի աւուրն աներեկի, ուր բանքն սպառին եւ գործքն թագաւորեն։ Եւ արդ՝ եթէ ոք զայս խաբանել խորհի կամ չափշտակել զտուրքս եւ կամ ի ժառանգաւորացդ ծուլանալ եդեալ սահմանիս, ընդ անլոյծ նզովիւք եղիցին յԱյ. ամենակալէն եւ յամենայն սրբոց յերկնաւորաց եւ յերկրաւորաց, ընդ Կայէնի եւ ընդ Յուդայի եւ Արիոսի պատժեալ խայտառակեսցին եւ մեր մեղացն պարտական եղիցին. եւ թէ տաճիկ փոխի եւ խլել ջանայ, յԱյ. եւ ամենայն սրբոց նզոված եղիցի, եւ յիւր փեղամբարէն ի Մահմետէն ապիզար. Ռ. Ռ. նալաթ լինի մեռելաւք եւ կենդանաւք ՚ի թվիս ՉԽԷ (=1296) հաստատ է։
      
       Մի քիչ վերեւ.
       Կամաւն Այ. ես Տարսայիճս ետու Էրենարտն իւր սահմանաւքն Նորավանից վանս։
       Կամաւն Այ. ես Սանճար որդի Տարնորաղուին ոչ ունելով զաւակ երկրի՝ որ ստացայ ինձ զաւակ զսբ. Նշան եւ տվի իմ հալալ հայրենեացն զՏանձեկ իւր սահմանաւքն եւ այգովն ի Նորավանքս, եւ Տէր Ստեփաննոս եւ միաբանքս սահմանեցին ինձ ի տարին Ե. ժամ. թէ ոք խափանել ջանա, ի սբ. Երրորդութենէն նյովեալ եղիցի եւ մասն զՅուդային եւ զխաչահանուացն առցէ եւ մեր մեղացն պարտական եղիցի. ի թվիս ՉԾԲ (=1303).
      
       Դամբարանի հիւսիսային պատի վրայ . ներքեւում
       Կամաւն Այ. ի հայրապետութեան Տէր Աւրբէլի Յովանէս Սիւնեաց եպիսկոպոսի ես Գրիգոր թոռն Դոփին գնեցի ի Դամեկոբարոյ զՇատենց եւ զՄարգարտայ այգին ՌՇ սպիտակ եւ ետու ի սբ. ուխտս վասն որոյ ի տարին ամուսնոյ իմոյ Ասփային, դստեր արքայաշուր իշխանին Տարսայիճին պատարագ Գ. աւր փոխման Աստուածածնին Ա. Տեառնընդառաջին։ Բ. բուն բարեկենդանին, շաբաթ աւրն եւ կիւրակէն անխափան։ Կատարիչքն աւրհնին յԱյ եւ խափանիչքն դատին ի Տեառնէ թիւն ՉԿԱ (=1312)։
      
       Ս. Աստուածածնի վերին դրան բարձրում.
       Կամաւն Այ ես պարոն Բուրթէլ իշխանաց իշխան եւ ամուսինն իմ Վախախ եւ որդիք իմ Բէշկէն եւ Իվանէ կանգնեցաք զեկեղեցիս ի մեր հալալ արդեանց։
      
       Այս արձանագրութեան երկրորդ քարը վայր էր ընկած, որ ես նկարել տուի։
      
       Սա պարունակում է արձանագրութեան հետեւեալ տողերը,
       Պարոն Բիւր(թէք) ե(ւ) ամուսին իմ Վ(ախախ եւ որդի)ք կանգ(նեցաք) զեկեղեցիս մեր հալալ (արդեանց)։
      
       Ս. Աստուածածնի արեւելեան ներքին պատուհանի վերեւ։
       Բուրթէլ իշխանաց իշխանի Տէր Աստուած աւգնէ։
      
       «Հիւրատուն » կոչուած մատրան հարաւային պատի միջի խաչքարի վրայ ։
       Յուսովն որ առ Ած ես Սարգիս անարժան եպիսկոպոս կամաւ եւ հրամանաւ ամենաւրհնեալ պարոնացն իմոց Տարսայիճին, եղբաւր Սմբատայ արքայի եւ ամուսնոյ իւրոյ Մինայ խաթունին եւ եղբարց իւրոց Լիբարիտի եւ Թաղային, շինեցի զհիւրատունս, եւ ետու հիւրանոցս գիւղ զԱւէշ իւր ամէն սահմանաւքն եւ զերկու ակն ի ջաղացն յԱրփայ եւ այգի զԱխթամարենց բաժինն ի վանքս զԹոմային, զՈվանէսին եւ զՊետրոսին յԱկոռի զՆծնսադուռն ի Վէդէ զպարոնէն գնած բաժինն հող, ի Նրբոյն զՄարկան փորակ, յԱգարակի ձոր՝ Վարդուտն, յԱզատին՝ զՃադուռնն Սարին՝ զԱկներ, յԱնապատ զթզենին։ Որ զայսոց մուտքն ի հիւրերին պէտքն անցւոր աւտարքն եւ կամ ուտելիքն ուտեն, պարոնացն երախտաւորացն աղաւթ եւ Ած ողորմեա ասեն. յիշելով զիս եւ զիմ աշխատասէր Առաքելն, որ յետ մեր զայս սահմանեալն... յայս Հիւրատանէս հանել ջանայ կամ խափանել՝ ինքն յԱյ. դատի եւ մեր մեղացն պարտական է։
      
       Ս. Կարապետի հարաւային աւանդատան դրան վերեւ դըրուած են մի քանի հին տապանաքարեր եւ մի խաչքար, վերջինս նոյն իսկ գլխիվայր։ Սրանց տապանագրերն են.
       Յիշեա Քրիստոս Ած. զՍարգսի հոգին եւ ողորմեա թվ. ՈԾ (1201).
       Յիշեա Քրիստոս Աստուած... եւ ողորմեա.
       Ի թվ. ՈԿԲ (1213) կանգնեցաւ խաչս ի բարեխաւսութիւն Գրիգորի որ փոխեցաւ ի Քս...
      
       Մի խաչքարի վրայ.
       Այս Նշան աւծելոյն Այ. կանգնեալ ի բարեխաւսութիւն իշխանաց իշխանի Հասանայ որդւոյ Սենեքերիմայ արքայի, որ կէսաւրեայ փոխեցաւ առ Քս. զրկեալ ի հայրենի փառացն...
      
       Ժամատան մէջ. Ա. շարք. Գ . դամբան։
       * ։
      
       Ժամատան Ա. շարքի Դ . դամբան,
       * ։
      
       Ժամատան մէջ Ա. շարքի Ե . դամբան,
       *
      
       Ժամատան մէջ Ա. շարքի Ը . դամբան։
       Տէր Ստեփաննոս Սիւնեաց եպիսկոպոս թվ. ՉԹ (1260)։
      
       Ժամատան մէջ Ա. շարքի Զ . դամբան։
       * ։
      
       Մի խաչքարի վրայ.
       ՉԺԸ (=1269). Ես Դեղ կանգնեցի զխայս յիշատակ հոգւոյ իմոյ եւ բարեխաւսութիւն...
      
       Ս. Գրիգորի դամբարանում Ա. շարքի Բ . դամբան։
       Սմբատ արքային է տապանս յիշեցէք թվ. ՉԻԲ (=1273)։
      
       Ժամատան մէջ Գ. շարք ԺԹ . դամբան։
       Թվիս ՉԻԳ (=1274) Տուն իմաստից եւ հանճարոյ
       Աւրպել Յովհաննէս հռչակաւոր մետրապոլիտ Սիւնեաց։
      
       Ժամատան հարաւային կողմը մի խաչքարի վրայ։
       Կամաւն Այ ես Կուգոր որդի Ախթամարին կանգնեցի զխաչս յաղագս մաւր իմոյ Ասփային։ Որ երկրպագէք յիշեցէք ի Քս. ի թվիս ՉԼԳ(1284)։
      
       Սրա մոտ մի այլ խաչքարի վրայ։
       Կամաւն Այ ես Կուգոր որդի մեծ Ախթամարին կանգնեցի զխաչս եղբաւր իմոյ Փալկայ որ կիսաւրեայ փոխեցաւ ի Քս թվ ՉԼԴ (=1285)։
      
       Ս. Գրիգորի դամբարանում Ա շարքի Դ. դամբանի վրայ.
       Ի թվիս ՉԼԸ (1289). Այս է հանգիստ արքայաշուք կողմնակալին հզաւր եւ մեծ գործակալին եւ քաջապահ մենամարտին Աթաբակ Տարսայիճին։
      
       Մի խաչքարի վրայ.
       ԶՏիրատուր եւ զամուսին իւր Խաթուն յիշեցէք թվին ՉԽ (=1291)։
      
       Ժամատան մէջ ԺԷ դամբան,
       Զգեղեցկափթիթ ծաղիկն եւ զքաջուղէշ մանուկն վաղաթառամ Իվանէ յիշեցէք թվ. ՉԽԳ (=1294)։
      
       Ժամատան մէջ Բ. շարք ԺԲ դամբան։
       Զբարեպաշտ տիկինն զՆաթէլն յիշեցէք թվ. ՉԽԴ (1295)։
      
       Ժամատան մէջ Բ. շարք ԺԶ դամբան։
       Վայելչագեղ եւ դեռաբոյս պատանին Ուլուսն յիշեցէք թվ. ՉԽԴ (=1295)։
      
       Ս. Գրիգորի դամբարանում Ա. շարքի Ա. դամբանի վրայ.
       Այս յարկ տապանի բանդ բարկութեան է եւ գուբ գերութեան հրաշագեղ մանկանն եւ քաջազաւր երիտասարդին Փախրադաւլին որդւոյ մեծափառ իշխանին Տարսայիճին, վասն որոյ աղաչեմ յիշել. թվին ՉԽԵ (=1296)։
      
       Ս. Գրիգորի դամբարանի Բ. շարքի Բ. դամբանի վրայ.
       Ի թվին ՉԽԷ (=1296). Թագազարմ արքայուհին է Մինաայ խաթունն, դուստր մեծ կողմնակալին Աղուանից Ջալալին։
      
       Ժամատան մէջ Ա. շարք Ժ դամբան։
       Այս շիրիմ շնորհալիր Սարգսի է Սիւնեաց եպիսկոպոսի եւ անյաղթ հռետորի թվ. ՉԽԷ (=1298)։
      
       Ս. Գրիգորի դամբարանի Ա. շարքի Գ. դամբանի վրայ, ուր կայ մի առիւծի ցածրաքանդակ (տես նկար 16)։
       Թվին ՉԽԹ (=1300) Զգեղեցկատիպն Էլիկում, որդի մեծին Տարսայիճին, որ առիւծարէն խրոխտ մռնչէր ընդդէմ այլասեռ գնդին, աղաչեմ յիշել յաղաւթս։
      
       Դամբարանի հիւսիսային պատի մէջ կողքի վրայ գրուած մի խաչքարի վրայ։
       Զայս Նշան Յիսուսի խաչելոյն ... Տեառն Աստուծոյ վասն փրկութեան մարդկան կանգնէ յուսով քրիստոսասէր իշխանուհի Թաթմա խաթուն ի բարեխաւսութիւն զլի... իւր մեծափառ իշխանին Էլիկումին, եւ վասն յերկար կենաց զաւակաց իւրոց Բուրթէլին եւ Բուդդային։
      
       Ժամատան մէջ Գ. շարք Ի . դամբան։
       Ի թվին ՉԾԳ (1304) Այս է շիրիմ հանգստեան մեծի մետրապոլիտ Սիւնեաց Ստեփաննոսի։
      
       Ժամատան մէջ Ա. շարք Թ. դամբան։
       Տէր Գրիգոր Սիւնեաց եպիսկոպոս թվ. ՉԾԳ (1305)
      
       Ժամատան արեւմտեան դրան աջ կողմը կանգնած գեղեցիկ խաչքարի վրայ։
       Ես Թամթա խաթունս կանգնեցի զխաչս ի փրկութիւն հոգո Աթապէկ Տարսաիճին եւ յարեւշատութիւն որդոց իմոց Բուրթէլին եւ Բուղտային, թիւն ՉԾԷ (1308). Մոմիկ վարդապետ յիշեցէք։
      
       Ս. Գրիգորի դամբարանի Բ. շարքի Դ. դամբանի վրայ.
       Զաշխարհաշէն դշխոյափառ պարոն զԹաթմայ խաթունն, մայր Բուրթէլին յիշեցէք թվին ՉԿԱ (1312)։
      
       Ժամատան արեւելեան պատի հիւսիսային կողմի խաչքարի վրայ.
       Ի թվիս ՉԺ (1261), Ի կամս ողորմութեան Արարչին ես Բուրթէլ որդի Էլիկումին, որդւոյ մեծ Լիպարտին կանգնեցի զխաչ աստուածընկալ սբ. նշանս մաւր իմոյ Թաթմայ, յիշատակ յաւիտենից, աղաչեմ յաղաւթս յիշեցէք ի Քս։
      
       Ս Կարապետի ժամատան մէջ Բ. շարք ԺԱ դամբան։
       Զբարեպաշտ պարոնն զՆաթէլն յիշեցէք թվ. ՉԿԲ (1313)։
      
       Ս. Գրիգորի դամբարանի Բ. շարքի Գ. գերեզմանաքարի վրայ.
       Եղբայր մեծ Բուրթէլին զգեղահրաշ Բուղդային երիտասարդ հասակաւ, որ յետ յոլով քաջ մըրմանց տիգախոցեալ զանթառամն ընկալաւ զպսակ թվին ՉԿԷ (=1318)։
      
       Կոտրուած եւ դուրս ձգուած մի գերեզմանաքարի վրայ.
       Վարդագոյն տղաին. Սմպատ որդի Բուրթէլին. յիշեցէք.
      
       Ժամատան մէջ Գ. շարք ԻԳ դամբան.
       Այս է հանգիստ Առաքէլ եպիսկոպոսին, որ հանգեաւ թվ. ՌԻ (-1571)։
      
       Ժամատան մէջ Բ. շարք ԺԳ դամբան։
       Զվաղաթառամ զՍամու(էլ) յաղաւթս յիշեցէք,
      
       Ժամատան մէջ Ա. շարքի Բ . դամբան։
       Աւրիորդն է Թամթիկ յաղաւթս յիշեցէք։
      
       Ժամատան մէջ Ա. շարքի Է դամբան։
       Տէր Յոհաննէս Սիւնեաց եպիսկոպոս։
      
       Ժամատան մէջ Ա. շարքի Ա . դամբան։
       Զպարոն Թաղենց։
      
       Ժամատան առջեւ մի խաչքարի վրայ.
       Յիշատակ է հաւրեղբաւր իմոյ Առաքել եպիսկոպոսին. թվին ՌՃԺ (1611)։
      
       Մի խաչքարի վրայ.
       Տէր Ած. Յս. Քս. Այս է Տէր իմ աւրհնեալ ահեղ անուն Այս ի ծագաց մինչեւ ի ծագս ծագի լոյս թվին ՉՀ (1321)։
      
       Ժամատան արեւելեան պատի հարաւային կողմի գեղեցիկ խաչքարի վրայ.
       Ես Յովհաննէս Աւրպէլ Սիւնեաց արհի եպիսկոպոս շինող սբ. եկեղեցւոյս յիշել աղաչեմ (զիս) եւս, եւ զբարեպաշտ իշխանաց իշխան զարեան մերձաւորն իմ զքաջ մենամարտիկն զԲուրթէլն եւ զդշխոյափառ քրիստոսասէր զոյգն իւր Վախախն, նորաբողբոջ զաւակաւքն իւրեանց Բէշքէնիւն եւ Իվանէիւն թվին ՉՀԱ (1322)։
      
       Սրա կողքի խաչքարի վրայ.
       Այս Գայիսոն մխեալ արեամբ աւծելոյն Յիսուսի, որով հարեալ խոցեցաւ գոռոզն անմարմին եւ կանգնեցաւ հրամանաւ ածապաշտ իշխանաց իշխանի Սմպատի ի փրկութիւն որդո իւրո Բուրթէլին յիշեցէք։
      
       Ս. Աստուածածին եկեղեցու մոտ մի խաչքարի վրայ.
       Ես պարոն Բուրթէլ կանգնեցին զխաչս ի փրկութիւն հոգւոյ վասն եղբաւր իմ Բուդդային։
      
       Ս. Կարապետի եկեղեցու մոտ մի տապանաքարի վրայ.
       Կայ հանգուցեալ յայս տապանի։
       Չքնաղ մանուկ զարմանալի
       Որ Իվանէ անուն կոչի.
       Եղջիւր ծագեալ Աւրբելեցի։
       Որդի Չեսար մեծ իշխանի։
      
       Տապանաքարերի վրայ.
       Զհայր տեառն Սարգսի զՅովսէփ յիշեցէք ի Քս.
       Զհայր տեառն Ստեփաննոսի Տէր Գրիգոր յիշեցէք։
      
       Մի խաչքարի վրայ.
       Գնեալք արեամբ գառին Այ երկրպագողը սրբոյ խաչիս զՄխիթար քահանայ հանդերձ ծնողաւք (յիշեցէք
      
       Ժամատան հիւսիսային պատի որմնասեան վրայ.
       Ես Աբաս կանգնեցի զխաչս որդւոց իմոց Սմբատայ եւ Դաւթի, որ կիսաւրեայ փոխեցան առ Քս. եւ թողին ինձ կսկիծ, որք երկրպագէք յաղաւթս յիշեցէք ամէն։
      
       Մի խաչքարի վրայ.
       Ես Եղիշայ եպիսկոպոս կանգնեցի զխաչս ի փրկութիւն հաւրեղբաւր իմոյ Առաքէլ եպիսկոպոսին, թվին ՌԺԸ (1569)։