Վայոց-ձոր

Հեղինակ

Բաժին

Թեմա
ՑԱԽԱՑ - ՔԱՐ
       Տեղադրութիւն. - Ցախաց-քարի «բարձրահռչակ եւ սուրբ առաքինարան » վանքը գտնւում է Էրդափին եւ Ալագեազ գիւղերի միջեւ բարձրացող մի երկարաձիգ լերան հարթ գագաթին, Թաքադոնդուրան լերան հիւսիսային կողմը, Սմբատայ բերդից (տես ալբոմ III. 3) հիւսիս, փոքր ինչ բարձր դիրքի վրայ։
       Ճանապարհը դէպի Ցախաց-քար բարձրանում է Էրդափին գիւղի միջից, եւ կամ Ալագեազից, չափազանց դժուարելանելի է եւ նեղ։
      
       Պատմական տեսութիւն. - Այս վանքը կոչւում է Ցախաց-քար, կամ Ցախա-քար, եւ երբեմն, մանաւանդ արձանագրութիւնների մէջ, գրուել է նաեւ Ցաղաց-քար։ Այժմ յայտնի է առաւելապէս Ղոշա (զոյգ ) վանք անունով, որ դրուած է թուրքերից, ի նկատ առնելով միմեանց մօտ կանգնած զոյգ եկեղեցիները։
       Ըստ Ասողկի Ցախաց-քարի վանքը հիմնուած է «ի ձեռն հօր Ստեփանոսի Ժ. դարի կիսին, Աբաս Բագրատունու թագաւորութեան միջոցին։ Մօտ մի դար յետոյ, Ստեփանոս Օրբելեանի ասելով, 1041 թուին, Գագիկ բ. թագաւորութեան ժամանակ, «հայր ոմն վանիցն Վարդիկ շինէ պայծառ եկեղեցիս երկու ՚ի հանգստարանի առաջին սուրբ հարցն, զմին գմբէթայարկ յանուն սրբոյ Կարապետին, եւ զմիւսն սագաշէն, հրաշալի յօրինուածքովք », որ ըստ արձանագրութեան՝ կոչուել է ս . Յովհաննէս։
       Բացի այս երկու եկեղեցիներից, սրանց մօտ, հազիւ հարիւր մետր հեռու, կան ուրիշ երկու եկեղեցիներ եւս, ս . Աստուածածնի եւ ս. Նշան, որոնց շինութեան թուականն անյայտ է, միայն վերանորոգուած են 1222 թուին մի ոմն Գրիգորի ձեռքով։
       Եկեղեցիների վրայ եղած արձանագրութիւններից երեւում է, որ 1061 թուին Տարսայիճ իշխանը նուիրել է այս վանքին Ցախաց-քարի հողը , Գեղարքունիքում Գառնի գիւղն, եւ Մճռակաձորում իւր ձեռատունկ այգին։ Եւ այդ ժամանակի վանքի առաջնորդ Տէր Գրիգորը միւս միաբանների հետ՝ այդ նուիրաբերութեան պատճառով սահմանել են տարեկան երկու պատարագ, մինը Տարսայիճին, միւսը նրա երկրորդ կնոջը՝ Մինա խաթունին։
       Այս նուիրաբերութեան մասին վկայում է եւ Լիպարիտի որդի Ստեփանոս Օրբելեանը իւր պատմութեան մէջ ։
       Տարսայիճ իշխանն ուրիշ վանքերի հետ Ցախաց-քարն էլ ժառանգութիւն է թողել իւր որդուն՝ Սիւնեաց Ստեփանոս եպիսկոպոսին։
       1317 թուին Պռօշի թոռ եւ Հասանի որդի Եաչին իւր ձեռատունկ այգին է նուիրել այս վանքին։
       Նոյն 1317 թ. Գրամիկ անունով մինը մի ուրիշ այգի է նուիրել այս ուխտին։
       1376 թ. մի ոմն Սամսոնի որդի իր ամուսնու հետ թաղել է այս վանքում իւր որդի Սամսոնին եւ այս առիթով նուիրաբերութիւն արել։
       1462-3 թուին գրուած մի աւետարանի յիշատակարանում ասուած է. գրեցաւ «ընդ հովանեաւ ս. Աստուածածնի եւ սուրբ Կարապետիս, երկնանման կաթուղիկէի ». իսկ սրանից 25 տարի առաջ գրուած է մի շարական «՚ի գաւառիս Եղեգեաց, ի վանս Ցաւղաց-քար, ընդ հովանեաւ կենարար ս. Նշանիս ... ձեռամբ Մատթէոս քահանայի ։ Գուցէ սխալմամբ է գրուած Ցաւղաց- քար։
       Ոչինչ յայտնի չէ այս վանքերի մասին XVI դարից սկսած, սակայն ներքին վերանորոգութիւններից, ինչպէս ծեփից, նկատելի է, որ կեանքը դադարած չէ եղել։ Այժմ բոլորովին անխնամ է թողնուած եւ մօտակայ Ալագեազի թուրքերը սրանց մէջ ոչխար են պահում։
       Այս վանքի եկեղեցիներից նշանաւոր են ս. Յովհաննէսն եւ ս. Կարապետն իրենց չքնաղ քանդակներով եւ ս. Աստուածածինը իւր յատակագծով, որ բաւական նման է ս . Հռիփսիմէի եւ Աղթամարի եկեղեցիներին։
       Վանքի նկարագրութիւնը. - Ցախաց քարի վանքը բաղկացած է չորս եկեղեցիներից, սրանցից ս. Կարապետն ու ս. Յովհաննէսը կանգնած են միմեանց մոտ, իսկ ս. Աստուածածինը եւ ս. Նշանը սրանցից մոտ հարիւր մետր հեռու, դարձեալ միմեանց կից եւ առանձին պարսպով պատած։
       Ս. Կարապետ- (տես ալբոմ IV 4) Շինուած է կարմրաւոյն սրբատաշ քարից, երկարութիւնն է 10 մետր լայնութիւնը 6 1/2, եւ բարձրութիւնը մոտ 9 մետր (ներքուստ երկ. 8, 5 լայն. 5 մետր Ճարտարապետական տեսակէտից սա այս վանքի ամենագեղեցիկ շէնքն է։
       Ներքուստ եկեղեցին անսիւն է եւ խաչաձեւ։ Ունի մի սեղան եւ չորս խորան, որոնցից երկուսն արեւմտեան կողմը։ Չորս որմնասիւների վրայ բոլորում են կիսաբոլոր կամարներ, կրելով իրենց վրայ գեղեցիկ կաթուղիկէն։
       Որմնասիւները բաղկացած են երկու կիսաբոլոր եւ սրանց միջեւ մի քառանկիւնի կիսասիւներից, յանգած կիսաբոլոր եւ քառանկիւնի պատուանդանի վրայ եւ վերջացած նոյնպիսի միայն հակադիր խոյակով։
       Կիսաբոլոր եւ կամարակապ կողակի մէջ տեղում բացւում է մի պատուհան։ Սեղանի սանդուխտներն ոչ թէ կողքերից այլ մէջ տեղից են։ Սեղանի ճակատը զարդարուած է չորս կամարներով, որոնցից իւրաքանչիւրի մէջ կայ մի մի բարձրաքանդակ սափոր։ Խորանների մէջ կան մի մի բոլորաձեւ սեղան, վէմ քարով, եւ մի մի փոքրիկ պատուհան։ Խորանների վերեւ նկատելի են գաղտնի պահարաններ։ Եկեղեցու յատակը սալատակած է։
       Արտաքուստ՝ արեւելեան պատն ունի երկու ներսանկուած, որոնց միջեւ բացւում է մի փոքրիկ պատուհան, միքանի շատ գեղեցիկ շրջանակներով շրջապատուած։ խորանների տեղում բացւում են մի մի փոքրիկ պատուհան, կամարակապ եւ վարդանման քանդակներով զարդարուած։
       Հարաւային պատի մէջ (տես Ալբոմ III 4) եւս կան երկու ներսանկուած, գեղեցկաքանդակ կամարով։ Սրանց միջեւ բացւում է մի դուռ, պարզ շրջանակով, միայն ուղղաձիգ կամարը զարդարուած է ողկոյզանման եւ այլ գեղեցիկ քանդակներով։
       Դռան վերեւ բացւում է մի ռոզաս՝ երկու համակենտրոն շրջանակներով եւ սրանց մէջ գնդակներ։
       Սրա ձախ կողմում կայ մի շատ գեղեցիկ ցածրաքանդակ թեւատարած մի արծիւ՝ մագիլների մէջ մի խոյ բռնած - Մամիկոնեան իշխանների դրոշմը։ Ափսոս որ արծուի գլուխը այժմ կոտրուած է։
       Նոյն սեղանի աջ կողմում եղել է մի ուրիշ ցածրաքանդակ՝ մի մարդ, որ բռնած է այս եկեղեցու կաղապարը։ Այս ցածրաքանդակն այժմ ընկած է այս պատի առջեւ միայն մարդու գլխի մասը կոտրուած է (տես ալբոմ III4)։
       Արեւմտեան պատի մէջ տեղում, (տես ալբոմ պատկեր IV5) բարձրից, բացւում է մի երկար պատուհան, կրկնակ շրջանակներով եզրափակուած եւ սվաստիկային քանդակներով գեղազարդուած։ Այժմ պատուհանի վերին, ձախ մասը քանդուած է։ Այս պատուհանից փոքր ինչ ներքեւ, խորանների վրայ կան մի մի փոքրիկ պատուհան, կամարակապ, միայն ոչ միեւնոյն բարձրութեան վրայ, այլ աջակողմեանը փոքր ինչ ցածր։ Վերջինիս վերեւ, իսկ ձախակողմեանի կողքին, կանգնած են միեւնոյն բարձրութեան վերայ մի մի գեղեցկաքանդակ խաչքար։
       Հիւսիսային պատի վրայ ներսանկուածներ չկան, եւ ոչ էլ պատուհան, միայն բարձրում, երկու մետրաչափ միակտոր քարի վրայ քանդակուած է մի առիւծ, որ առաջի թաթերով յարձակուած է մի ցուլի վրայ։ Եկեղեցու գմբէթը գլանաձեւ է, կոնաձեւ կատարով, առանց խաչի, եւ զարդարուած չորս, նեղ եւ երկար պատուհաններով։
       Ս. Յովհաննէս. - Բարձրանում է ս. Կարապետից դէպի հիւսիս-արեւելք, մոտ 30 մետր հեռու։ Սա բաղկացած է մի փոքրիկ եկեղեցուց, սրան կից մի փոքրիկ գաւթից, (տես նկ 10) եւ վերջինիս վրայ շինուած մի փոքրիկ մատուռից։ Ամբողջ շէնքը շինուած է կարմրաւոյն, սրբատաշ քարերից։
       Ս . Յովհաննիսի եկեղեցու երկարութիւնն է 5 մետր, լայնութիւնը 2 1/2 մետր, եւ բարձրութիւնը՝ 4 մետր։ Եկեղեցին սագաշէն է, ներքուստ անսիւն եւ թաղակապ։ Խորաններ չունի, այլ միայն մի սեղան, որի երկու կողմում բարձրանում են քառանկիւնի որմնասիւներ՝ կրելով մի կիսաբոլոր կամար։ Արտաքուստ, արեւելեան պատի վրայ կայ մի ռոզաս, միանգամայն նման սուրբ Կարապետի վրայ եղածին։ Միւս պատերը միապաղաղ են, առանց որեւէ քանդակի։ Արեւմտեան կողմը, միակ պարզ դռան առաջ, ձգում է գաւիթը, 3 մետր երկարութեամբ եւ նոյն լայնութեամբ։ Գաւիթը նոյնպէս անսիւն է եւ ձեղունը աստղաձեւ քանդակներով գեղազարդուած։
       Գաւիթը եւս ունի միայն մի դուռն, արեւմտեան կողմում, նոյնպէս շատ պարզ։
       Գաւթի կտրին կայ մի ուրիշ մատուռ, թերեւս ս. Նշան անունով, որ իսկապէս կազմում է այս շէնքի առանձնայատուկ, ուշագրաւ մասը։ Այս մատրան երկարութիւնն է 2 մետր լայնութիւնը 1 1/2 մետր եւ բարձրութիւնը 3 մետր։
       Ներքուստ անսիւն է, թաղակապ, ունի միայն մի կիսաբոլոր սեղան, վէմ քարով։ Մի դուռ բացւում է հիւսիսային կողմում՝ գաւթի կտրան վրայ, մի քառանկիւնի պատուհան կայ արեւելեան պատի մէջ եւ մի ռոզաս՝ արեւմտեան կողմը։ Կտրան փլուածքներից կարելի է ենթադրել, որ չորս սիւների վրայ բարձրանալիս է եղել մի փոքրիկ զանգակատուն։ Այս մատրան ամենագեղեցիկ մասը արեւմտեան ճակատն է այստեղ կանգնած են երկու մետրաչափ կարմիր, գեղեցկաքանդակ երկու խաչքար, որոնց միջեւ կայ մի երկկամարակապ ներսանկուած, որի մէջ կանգնած են մի մեծ եւ մի փոքր խաչքար։
       Աստուածածնի եկեղեցին. - Ս. Կարապետի եկեղեցուց մոտ հարիւր մետր դէպի արեւմուտք գտնւում են երկու ուրիշ եկեղեցիներ, առանձին պարսպով պատած։ Այսպիսի արեւելեան մասը մեծ մասամբ դեռ եւս կանգուն է, եւ սրա հարաւային ծայրում բացւում է մի մեծ դուռն (նկ 12) որի կամարի վրայ դեռ եւս մնում են սրբատաշ քարից շինուած մի փոքրիկ մատրան կիսաւեր պատերը։ Դռան երկու կողմին կանգնած են մի մի եկեղեցի, այժմ կիսաւեր։
       Արձանագրութիւններից երեւում է, որ այս եկեղեցիներից հիւսիսայինը կոչուել է ս. Աստուածածին։ Եկեղեցին ներքուստ անսիւն է, անկիւնները բոլորաձեւ ինչպէս Հռիփսիմէի եկեղեցին, թաղակապ, մի սեղանով եւ չորս խորաններով, որոնցից երկուսն արեւմտեան կողմը։ Արեւելեան մասի խորաններից հիւսիսայինը բացւում է ուղղակի սեղանի վրայ։ Եկեղեցու երկարութիւնն է արտաքուստ՝ 9, ներքուստ 7, 60 մետր, լայնութիւնը արտաքուստ 8, ներքուստ 7, 25 մետր, բարձրութիւնը 6, 5 մետր։ Այս եկեղեցին հարաւային դռնով հաղորդակցւում է մի մատրան հետ, որ կամարափակ սիւներով մի թաղակապ շէնք է եւ ունի մի սեղան՝ վէմ քարով։ Այստեղ մի գեղեցաքանդակ գերեզմանի վրայ խնդրուած է յիշել «Զազնիւն յընտրեալսն եւ զքաջն ի զօրականսն զպարսն Ուքանն» (թուին ՉՀԵ-1326)։
       Նոյն եկեղեցին արեւմտեան դռնով էլ հաղորդակցւում է մի ընդարձակ, կամարակապ գաւթի հետ, որի մէջ կան միքանի գերեզմանաքարեր եւ մի մեծ խաչքար։
       Դարպասի հարաւային կողմի եկեղեցին (նկ. 12) անսիւն է, թաղակապ եւ առանց խորանների երկ. 9, 5 լայն 4, 25 մետր։
       Այս եկեղեցիների շուրջը, պարսպի մէջ կան բաւականաչափ խցերի հիմնապատեր, ինչպէս նաեւ ձիթեհանքի երկու մեծ քար։
      
       Արձանագրութիւններ. -
      
       Ս. Կարապետի եկ. արեւմտեան պատի վրայ ներքուստ։
       Թվին ՈՀԹ (=1230) յիշեցէք ի Քս.
      
       Ս . Կարապետ եկեղեցու հարաւային դրան կամարի վրայ.
       Տր. Ած. ողորմեայ Գագկայ ի թում գալստեանդ եւ պահեա ի չարէ։
      
       Սրա ներքեւ կայ մի եղծուած արձանագրութիւն, որի շարունակութիւնը կազմում է դրան աջ կողմում ձգուող երկու տողը՝
       Յաւատարաց, մասնաբաժին ընդ Յուդայի եղիցի Աստուածածին տաւնին։
      
       Սրա ներքեւ.
       Ոողորմեայ Քս. Ած. Վարդկայ ի քում գալստեանդ որպէս աւազակին ի խաչին եւ մաքսաւորին ի տաճարին։ Ես Վարդիկ հայր ստացայ զսբ. Կարապետս արդ որ սբ Սարգիսն աւր յայս Ե։ Եկեղեցումս ժամ Վարդակա չառնէ սբ Կարապետէս եղիցին նզովեալ իսկ առնելին աւըրհնեալը եզ. յԱյ.
      
       Ներսը՝ հարաւային պատի վրայ.
       Ի թվին Չ. (=1251) Այս գիր ճշմարիտ յուսոյ յիշատակ հոգւոյ... Տարսայիճի իշխանաց իշխանի, որդի մեծին Լիպարիտի, եղբայր Սմբատայ արքայի կողմնակալի այսմ նահանգի, որ իշխեցաւդ է ի Բարդուշատայ մինչեւ ցԳառնի սահմանք մեր Երասխայ, մեր յոյս Քրիստոս է... զհոգւոց մերոց տուաք ի սուրբ ուխտս զՑախաքարի հողն ի հայրենեաց մերոց, ի Գեղարքունի զգեղն Գառնի եւ ի Մճռակաձոր զմեր ձեռատունկ այգին Ա... ութիից։ Սպասաւորք Տէր Գրիգոր եւ այլ միաբանք սահմանեցին Զատկի սուրբ տաւնին, առաքելոց Պետրոսի եւ Պաւղոսի եկեղեցիս ամենայն պատարագն Ա. աւուր ինձ առնեն Տարսայիճս, Ա. աւրն ամուսնոյ իմոյ Մինա Խաթունին։ Արդ թէ ի մերոց կամ յաւտարաց կամ յիշխանաց հակառակի ՅԺԸ հայրապետացն նզոված եղ…
      
       Ս. Կարապետի գաւթի հարաւային պատի վրայ.
       Յանուն Այ. ես Մարտիրոս զիմ հայրենի հողն զՓորադափնին, զԿայումեռանէ ի Ցաղացքարի սուրբ Յովհաննէս տուի, իմ հայրենեաց անդարձ էր որ իմ մահուն յետու Ցաղացքարէն որում ոչ ում հետ ոչինչ հաշիւ (չկայ)…
       Որ զիմ անդարձն յետ դարձուցանէ ՅԺԸ հայրապետացն նզոված եղիցի։
      
       Ս. Յովհաննէս եկեղեցու գաւթի դրան վերեւ։
       Ես հայր Վարդիկ առաջնորդ սուրբ Ուխտիս Ցախացքարիս շինեցի զսուրբ կաթուղիկէս եւ կանգնեցի զնշան սուրբ Երրորդութեան վասն իմ հոգւոյս փրկութեան, թեւերեւս ողորմութիւն գտից ի յագագային, ի տիեզերական հրապարակին, ուր բանքն սպառին եւ գործքն թագաւորեն։ Արդ ով սրբազարդ քահանայք, որք զսուրբ պատարագն համարձակ մատուցանէք, զիս յաղաւթս յիշեցէք առաջի զինլոյն Քրիստոսի, ամեն շաբաթ աւր զայն ինձ առնէ այն քահանայն որ ի սմա պատարագ մատուցանէ։
      
       Ս. Յովհաննէս եկեղեցու արեւմտեան դրան վերեւ , որ բացւում է գաւթի մէջ։
       Թուին ՇԺ (= 1061) կամ եղեւ ինձ հայր Վարդկայ եւ ամենայն եղբարց գրել յյիշատակ վասն Վարդայ՝ Զաքարէի որդւոյ, որ մեծ յուսով երետ զԲվեայ մարդ եւ Սիդայի այգին եւ այլ շատ իրք, եւ մեք գրեցաք որչափ ի ԺԵ ժամ, որ խափանէ ՅԺԸ հայրապետացն նզոված է եւ մեր մեղացն տէր է։
      
       Ս. Աստուածածնի եկեղեցու դրան վրայ.
       Ես Գրիգոր որդի Սմբատայ Ոստնի տէր, երկու .. նիս անկեցի, երկու ի ս. Յովհաննէս։ Գրեցաւի տարին ԺԲ աւր ժամ պատարագ։ Որ գրոյս հակառակի ՅԺԸ հայրապետացն նզովեալ եղիցի։
      
       Սուրբ Աստուածածնի եկեղեցու պարսպի դռան վերայ։
       Թվին ՈՀԱ (=1222). Նորոգեցաւ Սբ Աստուածածինս ի ձեռն Գրիգորս եւ եղբարքս գրեցին իւր տաւնին Ա. ժամ Կատարիչք աւրհնին յԱյ։
      
       Ս. Աստուածածնի եկեղեցու պարսպի մուտքի հիւսիսային պատի վրայ.
       Կամաւն Այ ես Էաչի որդի Հասանա, թոռն Պռաւշայ միաբանեցայ սբ. Ուխտիս Ցաղացքարու եւ ետու յիմ հայրենեաց ի Արկղունս զմեր ձեռատունկ այգին նորակերտ իւր ջրովն. մեր եղբայրն Տէր Աւրպէլի Ովանէս եւ միաբանքն ի տարին սահմանեցին Դ. պատարագ մեզ եւ ծնողաց մերոց եւ ամուսնոյն իմոյ Մամախաթունին ի տաւնի Դաւթի եւ Յակոբայ։ Կատարիչք աւրհնին յԱյ. ի թվին ՉԿԶ (=1317)։
      
       Այս արձանագրութեան աջ կողմը.
       Կամաւն Այ. յիշխանութեան Իւանէի ի հայրապետութեան Տեառն Ներսիսի… որդի Սամփսոնայ եւ ամուսին իմ Արուզ խաթունս թաղեցաք մեր Սամփսոն որդիս ի վանքս մեք էլ գերեզմանա... մատաղ արարաք եւ... հրեշտակաբնակ սբ. Ուխտի Ցաղացքարի… ծախեցին ամենայն հարկէ ազատ Սիրկնայ այգին… Բուրզա թուրքի… գերի թափեցին… այգի... չորեքս Ա. իմ հոգւոյս Ա. ամուսնոյ խաթունի հոգւոյն. Ա Սամփսոնայ հոգւոյն տուաք եւի սբ. Յովհաննէս վասն ծովացեալ մեղաց մերոց. Սպասաւորք Ներսէս եւ այլ միաբանքս տարին վեց պատարագ տուին մեզ. ծնողաց մերոց ով հակառակի դատի յԱյ մասն ու բաժին Յուդային եւ այլ խաչահանուացն առցէ։ Թվ. ՊԺԶ (=1367)
      
       Պարսպի դռան հարաւային պատի վրայ.
       Ի թվին ՉԿԶ (=1317). Կամաւն Այ ես Գրամիկ միաբանեցա սբ ուխտս Ցաղացքարս եւ ետու ի հալալ ընչից իմոց… նոյն յայգոյն.....