ՅՈՎՀԱՆ ՄԱՆԴԱԿՈՒՆԻ

Յովհաննէս կաթողիկոս Մանդակունին «էր գաւառէն Արշամունեաց, գեղջէն Ծախնոտայ» (Ասողիկ): Ըստ աղբիւրների` նա Գիւտ կաթողիկոսի ազգականն էր, որին եւ փոխարինեց` ժառանգելով կաթողիկոսական Աթոռը: Ենթադրւում է, թէ եղել է կրտսեր թարգմանիչներից մէկը, որոնք կրթութիւն ստացան տեղում` Ս. Սահակի վերադիտութեամբ: Ղազար Փարպեցու բնութագրմամբ՝ նա բարեխօս, ուխտապահ, քաջ զինուոր ու զինուորներին հաւատարիմ, հրեշտականման հովուապետ-այր է եղել, Վահանանց կռիւների ժամանակ թիկունք է կանգնել Մամիկոնեան զօրավարին, իսկ խաղաղ տարիներին նուիրուել Եկեղեցու ներքին կարգաւորմանը: Ցաւօք, ժամանակակից պատմիչի հաղորդումները կենսագրական մանրամասնութիւններ չեն բովանդակում, ուստի շատ իրողութիւններ մեզ անյայտ են մնում: Եթէ Գիրք թղթոցում պահպանուած Ապացոյց յերկուց բնութեանց ասել Փրկիչն եւ կամ մի բնութիւն-ը իրօք պատկանում է Մանդակունու գրչին, ապա կարելի է եզրակացնել, թէ նա եղել է երկաբնակութիւնը մերժող առաջին գործիչն ու հեղինակը մեզանում: Ասողիկը, հարկաւ, գրաւոր աղբիւր պիտի ունենար, երբ գրում էր, թէ նա «զՀայոց բազում կարգս ուղղութեան կատարեաց, զքարոզս գիշերի եւ տուընջեան, զկարգս մկրտութեան, զսարկաւագի, զքահանայի եւ զեպիսկոպոսի եւ զօրհնութեան եկեղեցւոյ եւ գլխովիմբ զպատարագամատոյց, զոր Աթանասի ասեն լինել»: