Անանուն ժամանակագրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

1551 թվականին Վալախիայում (Ռումինիայում), Սուչավա քաղաքում եւ մի քանի այլ վայրերում հայերի դեմ կազմակերպված հալածանքների մասին Մինաս Թոխաթեցու «Ողբ ի վերայ Օլախաց երկրի հայերունե բանաստեղծությունից բացի, մեզ հասել են եւս մի քանի համառոտ այլ վկայություններ։ Չամչյանը 1551 թ. դեպի Հայաստան կատարած շահ Թահմազի արշավանքի եւ ավերածությունների մասին գրելուց հետո ավելացնում է, որ նույն ժամանակ Մոլդավիայի Ստեփան իշխանը հալածանք սկսեց իր երկրում բնակվող հայերի դեմ։ Տեղեկությունը Չամչյանը քաղել է մի հիշատակարանից, սակայն աղբյուրը չի նշել։ Այս հիշատակարանի առթիվ Պըյըքլյանը գրում է. «Այս անծանօթ ձեռքէ գրուած յիշատակարանը կերեւայ թէ Մինաս սարկաւագին ողբերգութիւնն ի բաց առնելով Հայոց քով մի միակն եղած ըլլա, որ Ստհեփան Ռարէսին անագորունութեան վերայ կը խօսիե։

Սույն դեպքերի մասին «Տարէգիրք Կամենիցայե-ի մեջ 1551 թվականի տակ նույնպես կարդում ենք. «Ի թվին Ռ [1551] Օլախի երկրին Շտեֆան պարոնն՝ Օլախի երկրին զհայերն եհան ի հաւատէ, եւ զեկեղեցստան քակեց զամէն բովանդակե։

Ալիշանը վերոհիշյալ հատվածին որպես լրացում տողատակ գրում է. «Այս ծանօթ պժգալի դիպուածին վրայօք՝ դար մի վերջը Երեմիա չէլօպի Քէօմիւրճեան, եղբայր Երան. Կոմիտասայ, գրէ այսչափս. «Ի թուականութեանս Հայոց Ռ-ին ի Սէչով քաղաք երկիր Ուլախին, թագաւորն Ստեփան՝ դաւանութեամբ Յունաց, բռնութեամբ կալաւ հազար տուն ի Հայոց ազգէ, գրով, դարձուցանել յաղանդս իւր, որք ընդ նորա իշխանութեամբ էին, եւ որք ոչ դարձան՝ նահատակեցան։ Յորոց մինն ի բազմաց Խաչատուր քահանայ ոմն, որ զերկու աչսն եհան, եւ զերկու ձեռսն եւ զոտսն եւ զլեզուս եւ զհոտոտելիս եւ զշրթունսն՝ նման Յակովկայ արար։ Եւ Պալքոյ անուն ումեմն զճակատն քերթեցին, եւ այլ պէսպէս կտտամահ սպանին եւ զբազումս։ Դահիճք նոցա քահանայք էին Ուլախաց ազգէ, եւ գլխաւորք սոցա զեպիսկոպոսն իւրեանց, հրամանաւ պիղծ թագաւորին Ստեփանի. յորմէ էառ . . . (պակասէ)ե։

Շատ հավանական է, որ Չամչյանի օգտագործած հիշատակարանը վերոհիշյալ վկայությունը լինի։

1551 թվականի Վալախիայի հայերի հալածանքի եւ այլ իրադարձությունների մասին բավական ընդարձակ վկայության ենք հանդիպում N 7584 ժողովածուի 684-686 էջերում գտնվող «Նախ վասն խօնթքարի եւ շահին եւ զկնի պղծին Ստեֆանի Օլախաց թագաւորի եւ չարեաց նորին որ առ ազգս Հայոցե խորագիրը կրող ժամանակագրության մեջ։ Սրա միայն երկրորդ մասը պահվել է նաեւ N 3079 ժողովածուի 254ա էջում, որի տարընթերցվացքները բերում ենք հրատարակվող բնագրի տողատակում։

Ժամանակագրությունը սկսվում է 1546 թվականի շահ Թահմազի եղբոր՝ Ալխասի Կ. Պոլիս փախչելու, փախուստին հաջորդող պարսկա-օսմանական կռիվների վկայությամբ եւ վերջանում 1556 թվականի սուլթան Սուլեյման I-ի հետ կապված մի դեպքի հիշատակությամբ։ Այսպիսով, ժամանակագրությունը ընդգրկում է 10 տարվա՝ 1546-1556 թ. թ. անցուդարձ, որի մեծագույն մասը նվիրված է 1551 թվականի Վալախիայի հայերի հալածանքին։

Թե ո՞վ է եղել առաջարկվող ժամանակագրության հեղինակը, հնարավոր չէ պարզել, սակայն պարզ է, որ այն կազմել է դեպքերին ժամանակակից մի անձնավորություն։ Այդ երեւում է ժամանակագրության վերջին հատվածից, որտեղ կարդում ենք. «Ի ժամանակիս այսմիկ, որ է թիւ Հայոց ՌԵ [=1556] կամի խօնդքարն եւ ի միտս եդեալ է ձեռն արկանել զքրիստոնէից թագաւորօքն, զոր անյաջող եղեցիե։

Մեզ զբաղեցնող ժամանակագրության 1551 թվականի Վալախիայի հայերի հալածանքին վերաբերող հատվածը եւ նույն դեպքերի մասին Քեոմուճյանի օգտագործած վկայությունը, որը մեջ է բերել «Կամենիցե աշխատության 18-րդ եւ 19-րդ էջերում, համեմատելիս կարելի է նկատել երկու բնագրերի համապատասխան հատվածների նույնությունը։ Այս բանը մեզ ենթադրել է տալիս, թե Կ. Քեոմուրճյանի օգտագործած վերոհիշյալ բնագիրը հավանորեն ծագել է ստորեւ հրապարակվող բնագրից։ Սակայն հնարավոր է նաեւ այն, որ վերոհիշյալ երկու հատվածները ժամանակակից տարբեր հեղինակների են պատկանում, բայց մեզ հավանական թվում է առաջինը։

Այս ժամանակագրության մի շարք տեղեկությունները թեեւ հայտնի են Մինաս Թոխաթեցու միջոցով, իչպես եկեղեցիների ավերում, թալան, գրքերի այրում, խոշտանգումներ, սպանություններ եւ այլն, սակայն հանդիպում են նաեւ այնպիսի փաստեր, որոնք կարող են նոր լույս սփռել հալածանքի պատճառների լուսաբանության վրա։ Որոշ վկայություններ էլ կամ շեղվում են Մինաս Թոխաթեցու տեղեկություններից, կամ չեն նշված նրա կողմից։

Պատմագրության մեջ վերոհիշյալ հալածանքի պատճառների մասին գոյություն ունեն հակասական կարծիքներ։

Առաջարկվող ժամանակագրության որոշ տվյալների ուշադիր քնումը ցույց է տալիս, որ վերոհիշյալ հալածանքի պատճառներն ավելի խոր արմատներ ունէին եւ որ վավանափոխության հապրցը խնդրի արտաքին կողմն է միայն։ Ժամանակագրության առանձին նկարագրությունները եւ Մինաս Թոխաթեցու հեռավոր ակնարկները ի մի բերելով, կարելի է հանգել այն եզրակացության, որ հայերի հալածելու գլխավոր պատճառը ոչ թե հայերի դավանափոխության հարցն էր, այլ նրանց տնտեսապես թուլացնելու, ունեցվածքը զավթելու ու քաղաքական որոշ արտոնությունները սահմանափակելու հարցն էր։

Մասամբ այս տեսանկյունով մեկնաբանելու երկչոտ փորձեր է կատարել պատմաբան Դեմետրիոս Տանը, հայերի հալածանքի պատճառների մասին գրելով. «Դարձընելու (խոսքը վերաբերում է հայերի դավանափոխությանը - Վ. Հ. ) այս փորձերու պատճառն էր այն յեղափոխական ժամանակին հոգին, կամ թերեւս ճշտագոյնս, Ստեփան իշխանին անագորոյն բնութիւնն կամ հարուստ հայերու դրամը կորզելու դիտաւորութիւննե։ (Ընդգծումը մերն է - Վ. Հ.

Ինչպես տեսնում ենք, հեղինակը հայերի հալածանքի պատճառը կապում է երեք հնարավոր հանգամանքների հետ։ Մինչդեռ երբ նկատի ենք ունենում Վալախիայի հայերի վիճակը եւ նրանց խաղացած դերը Վալախիայի տնտեսական կյանքում մի կողմից եւ առաջարկվող ժամանակագրության տեղեկություններն ու Մինաս Թոխաթեցու որոշ ակնարկները մյուս կողմից, ապա դժվար չի լինի հետեւեցնել, որ հայերի հալածանքի բուն պատճառը պետք է փնտրել տնտեսական, որոշ առումով նաեւ քաղաքական, հողի վրա։

Դ. Տանը բազմաթիվ փաստերով ցույց է տալիս, որ հայ գաղթականները Վալախիայում նշանակալի արտոնություններ ունենալու շնորհիվ, տնտեսական իրենց գործունեությամբ կարողացել էին ահագին հարստություններ կուտակել եւ մեծ դեր խաղալ Վալախիայի տնտեսական կյանքում։ Նվիրատվությունների ու այլ գործարքների շնորհիվ հայկական եկեղեցիները նույնպես մեծ հարստությունների տեր էին դարձել։ Այս հանգամանքները հասկանալի են դարձնում, թէ ինչու ռումինական իշխողները, ձգտել են հայերի դավանափոխության պատրվակի տակ հարուստ հայերի եւ եկեղեցիների ունեցվածքը բռնագրավելով, թուլացնել տնտեսապես, դրանով իսկ սահմանափակել նրանց տնտեսական ազատ գործունեությունը։ Հենց այս փաստը, որ հայերի դավանափոխությունից հետո նրանց, հատկապես առեւտրական կապիտալի ներկայացուցիչներին, շարունակել են կողոպտել եւ հալածել, ցույց է տալիս, որ 1551 թվականին հալածանքի պանտճառները դուրս են եկել կրոնական ոլորտից։ Այս կապակցությամբ թանկարժեք վկայություն է տալիս առաջարկվող ժամանակագրությանը, «Ապա գիտացիր եղբայր, որ յոյնք յետ դարձուցանելոյ զհայք ի դաւանութիւն իւրեանց, չար հրաման հանին ընդ ամենայն երկիր, որք էին ընդ իշխանութեամբ իւրեանց, ըմբռնել զվաճառականս ամենայն զհայ եւ զտաճիկսն. եւ սպանին անթիւ վաճառականք ի Հայոց եւ ի Տաճկաց, որոց մինն ի բազմացն էր մեծ վաճառականն Կարապետ Կաֆայեցին եւ այլոց ոչ գոյր թիւե (ընգրկումը մերն է - Վ. Հ.

Ինչպես տեսնում ենք, դավանափոխությունը հարցը չի լուծել եւ, որ կարեւորն է, այժմ բռնագրավում են ոչ միայն հայ, այլեւ թուրք վաճառականների ունեցվածքը։ Հարվածը առաջին հերթին իջել է ունեւորների եւ եկեղեցու վրա։ Այդ մասին Մինաս Թոխաթեցին գրում է.

«Խիստ փառաւոր հայեր կային.

Հանկարծ փորձանք եկաւ նոցինե։ (15-րդ քառյակ)։

Եւ եթե եկեղեցին նույնպես կրել է առաջին հարվածը, այդ բացատրվում է ոչ թե հայերի դավանանքի ոգեշնչող կենտրոն հանդիսանալու պատճառով, այլ նրանով, որ եկեղեցին եւս մեծ հարստություններ է ունեցել եւ ձգտել են այն եւս բռնագրավել։ Եւ իսկապես, եթե հարցը վերաբերվեր հայերի դավանափոխությանը, ապա այդ հրամանը պետք է հայերին հայտնվեր նախքան հալածանքները, որպեսզի մերժելու դեպքում նոր միայն սկսվեր հալածանքը. մինչդեռ իրականում հայերին առաջարկում են դավանափոխ լինել կողոպուտը, բռնագրավումը, խոշտանգումները եւ սպանությունները չորս օր կատարելուց հետո։ Այդ մասին հետաքրքիր վկայություն է տալիս Մինաս Թոխաթեցին իր «Ողբիե մեջ.

«Ի լուսանալ չորեքշաբթին՝ (պետք է նկատի ունենալ, որ հալածանքը սկսվել է 1551 թ. օգոստոսի 16-ին կիրակի օրը)...

. . . . . . . . . . . . . . . . . . . .

Այն վոյվոտայն պեղծ Շտեֆան

Որ ինքն եղաւ դիւաց դարան,

Ասաց. հայեր դուք միաբան,

Ունկըն դըրեք ամենեքեան.

Այդ ի՞նչ հաւատք որ կու պաշտէք,

Ամէն ազգէ դուք ի դուրս էք,

Որ դուք ամէնքըդ մոլար էք,

Եկէք ի մեր հաւատն մտէքե։

(27-րդ, 37-րդ եւ 38-րդ քառյակները)։

Եկեղեցինգերի ոսկեղենի, արծաթեղենի եւ այլ իրերի կողոպուտի մասին ժամանակագրության մեջ կարդում ենք. «Զսպասք եւ զինչք զխաչ եւ զսկիհք, զի զոսկին եւ զարծաթն առին եւ ձիու թամբ եւ նալ շինեցին եւ միմեանց օժիտս առաքէին, զշուրջառն եւ զուրարն եւ զշապիկքն եւ զայլ ամէնն անկողին եւ տօշակ շինեցինե։ Իսկ Մինաս Թոխաթեցին նկարագրելով հալածանքից մի փոքր առաջ, թերեւս օգոստոսի լույս 16-ի գիշերը Սուչավա բերդում տեղի ունեցած Ստեփան Ռարեսի մասնակցությամբ, քաղաքի ազդեցիկ մարդկանց եւ բարձր հոգեւորականության խնճույքը, գրում է.

«Խորհուրդ արին իւրեանց միջին,

Չարիք բազում սերմանեցին.

Շատոց ոխ կայր իւրեանց սրտին

Սուրբ հաւատոց Լուսաւորչինե (11-րդ քառյակ)։

Ընդգծված բառերը արդյո՞ք խուլ ակնարկ չեն հայերի (հարուստների եւ հայկական եկեղեցու) նկատմամբ անբարեհամբույր վերաբերմունքի մասին, որը կարող է արդյունք լինել հայերի տնտեսական եռանդուն գործունեության, նրանց ունեցած որոշ արտոնությունների։ Հետեւաբար, հենց այդ էր ոխի պատճառը, որը Վալախիայի ունեւոր դասակարգի մեջ կուտակել էր ատելություն դեպի հայ գաղութի ունեւոր շերտերի դավանությունը, սովորությունները եւ կենցաղը։ Ուստի այս վերջիններս միահյուսվել են հալածանքի գլխավոր պատճառին եւ գերազանցապես քողարկել այն։

Ժամանակագրության որոշ տվյալները չեն հաստատում Մինաս Թոխաթեցու համապատասխան վկայությունները, ինչպես այն փաստը, որ Խաչատուր քահանան ծանր խոշտանգումներից հետո ստիպված է դավանափոխ լինել, որովհետեւ սպառնում էին նրա զավակներին, ուստի

«Ծընողական գութն շարժեցաւ

Եւ իւր տըղոց ողորմեցաւ,

Եւ ակամայ մըկըրտւեցաւ

Եւ յՕլախի հաւատ մըտաւե,

գրում է Մինաս Թոխաթեցին։

Մինչդեռ ժամանակագրության հաստատելով Խաչատուր քահանայի կրած տառապանքները, ավելացնում է, որ նա նահատակվեց։ Ոմն Պալքոյի եւ Խաչատուր Կաֆայեցու սպանության, ինչպես նաեւ Ստեփան Ռարեսի հաջորդ Ալեքսանդրի հայերի նկատմամբ վարած մեղմ քաղաքականության մասին Մինաս Թոխաթեցին որեւէ հիշատակություն չի պահել։ Այդ տեղեկություններն իմանում ենք ժամանակագրության միջոցով, ինչպես նաեւ պարսկա-թուրքական պատերազմներին վերաբերող վկայությունները, որոնք հետաքրքիր են նրանով, որ մի փոքր շեղվում են Զաքարիա Սարկաւագի տեղեկություններից։ Օրինակ, Զաքարիան չի նշում Ալխասի փախուստի տարեթիվը, մինչդեռ ժամանակագրությունը սույն դեպքը դնում է ՋՂԵ [1546] թվականի տակ։ Ըստ ժամանակագրության Ալխասի հարձակումը իր եղբոր դեմ տեղի է ունեցել ոչ թե ՋՂԷ [1548] թվականին, ինչպես հաղորդում է Զաքարիան, այլ ՋՂԶ [1547] թվականին եւ այլն։