Թղթեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

  Պետրոս Սիւնեցին ծաւալել է մատենագրական լայն գործունէութիւն, հեղինակել է ճառեր, ներբողներ, դաւանաբանական, մեկնաբանական աշխատութիւններ:

ա. Աստուածաբանական, գեղարուեստական արժանիքներով աչքի ընկնող առաջին երկը՝ Գովեստ ի սուրբ Աստուածածինն խորագրով ներբողն է: Այն հնագոյնն է հայ եկեղեցական մատենագրութեան մէջ Տիրամօրը նուիրուած երկերի շարքում: Շարադրանքն ուղեկցւում է աստուածաբանական խոր, համակողմանի մեկնաբանութեամբ, ինչը դրսեւորում է այս երկի կենդանի կապը, մասնաւորաբար՝ արեւելաքրիստոնէական մարեմաբանութեան հետ: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Գ. Տէր - Մկրտչեանի չօգտագործած ՄՄ թիւ 5349 ձեռագիրը ( թերթ 110 ա -113 բ ) պարունակում է շահեկան ընթերցումներ՝ նպատակայարմար գտանք այն համեմատել հրատարակուած քննական բնագրի հետ։

բ. Պետրոսի անուամբ մեզ է հասել Յաղագս հաւատոյ վերտառութեամբ մի աշխատութիւն, որ առաջին երեք տիեզերաժողովների, ինչպէս նաեւ Եփեսոսի երկրորդ եւ Քաղկեդոնի ժողովների համառօտ պատմութիւնն է:

գ. Պետրոսի միւս աշխատութիւնը Սուրբ Ծննդեան մի ճառ է, որից փոքրիկ պատառիկներ են պահպանուել միայն: Դրանք առկայ են Ստեփաննոս Սիւնեցու Յաղագս անապականութեան մարմնոյն եւ Վարդան Այգեկցու Արմատ հաւատոյ աշխատութիւններում:

դ. Պետրոսի անուամբ միւս երկը՝ Հարցմունք յաղագս մարմնաւորութեան Տեառն, ներկայացնում է Աղուանից Վաչագան թագաւորի հարցումներն ու Պետրոսի պատասխանները: Ըստ Գ. Տէր - Մկրտչեանի եւ այլ ուսումնասիրողների՝ այս երկն անվաւեր է:

ե. Պետրոսի Սիւնեաց եպիսկոպոսի առ Սուրբն Յիզտիբուզտի յորժամ ի հանդի էր ի Դվին երկը յարաբերւում է ս. Յիզտիբուզտի վկայաբանութեանը: Պետրոսի թուղթը դրուատում է ս. Յիզտիբուզտի՝ նահատակուելու պատրաստակամութիւնը: Շարադրուած է, ամենայն հաւանականութեամբ, 549-553 թթ.:

զ. Պետրոս Սիւնեցին հեղինակ է նաեւ դաւանաբանական ( Ճառ ընդդէմ քաղկեդոնականաց ), մեկնաբանական ( Մեկնութիւն խրթին եւ դժուարիմաց բանից Հին եւ Նոր կտակարանաց ), ներբողական ( Ներբողեան ի Բաբիկ Սիւնի ) երկերի, որոնք մեզ չեն հասել: Այս երկերից օգտուել է Ստեփաննոս Օրբէլեանն իր Պատմութեան մէջ:

Պետրոս Սիւնեցու գործերը հրատարակւում են ըստ Գալուստ Տէր - Մկրտչեանի եւ Նորայր Պողարեանի կազմած բնագրերի՝ որոշ դէպքերում նոր ձեռագրերի համեմատութեամբ։ Պետրոսի Հայոց Քերթողի եւ Նորին յետ սակաւուց միաւորները հրատարակւում են ըստ ՄՄ թիւ 1982 ձեռագրի ( ժամանակ՝ 1699 եւ 1702 թթ. ) ։

Յակոբ Քէոսէեան

ՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹԻՒՆ

1. Գալուստ Տէր - Մկրտչեան, Պետրոս Սիւնեաց եպիսկոպոս. տե՛ս Գալուստ Տէր - Մկրտչեան, Հայագիտական ուսումնասիրութիւններ, գիրք Բ, աշխատասիրութեամբ՝ Պ. Հ. Յակոբեանի, Ս. Էջմիածին, 1998:

2. Հ. Ներսէս Ակինեան, Պետրոս եպս. Սիւնեաց, ՀԱ, 1903, 1904:

3. Հ. Բարսեղ Սարգիսեան, Պետրոս Սիւնեցի, « Բազմավէպ », 1904, էջ 65-71 ։

4. Հ. Նորայր Պողարեան, Պետրոսի Սիւնեաց եպիսկոպոսի առ Սուրբն Յիզտիբուզտի յորժամ ի հանդի էր ի Դվին, « Էջմիածին », 1966, Ա։

ՏԱՌԱՆԻՇԵՐ ԲԱՂԴԱՏՈՒԱԾ ՁԵՌԱԳՐԵՐԻ ԵՒ ՀԱՄԱՌՕՏԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ

  ՄՄ ձեռ. թիւ 2679, ժամանակ՝ 981 թ.

  ՄՄ ձեռ. թիւ 5349, Ճառընտիր, ժամանակ՝ ԺԳ դ.

  ՄՄ ձեռ. թիւ 1525, Ճառընտիր, ժամանակ՝ ԺԳ դ.

  ՄՄ ձեռ. թիւ 993, Ճառընտիր, ժամանակ՝ 1456 թ.

  ՄՄ ձեռ. թիւ 1521, Ճառընտիր, ժամանակ՝ 1404 թ.

  ՄՄ ձեռ. թիւ 1524, Ճառընտիր, ժամանակ՝ 1401 թ.

Աթանաս՝   Ս. Աթանաս Աղեքսանդրացի, Ճառք, Վենետիկ - Ս. Ղազար, 1899

Սահմանք՝   Սահմանք իմաստասիրութեան. տե՛ս Կորիւն վարդապետի, Մամբրէ Վերծանողի եւ Դաւթի Անյաղթի Մատենագրութիւնք, Վենետիկ - Ս. Ղազար, 1833

Առածք՝   Դաւթի փիլիսոփայի առածք հինգ. տե՛ս Կորիւն վարդապետի, Մամբրէ Վերծանողի եւ Դաւթի Անյաղթի Մատենագրութիւնք

Պորփիւր՝   Վերլուծութիւն Պորփիւրի. տե՛ս Կորիւն վարդապետի, Մամբրէ Վերծանողի եւ Դաւթի Անյաղթի Մատենագրութիւնք

Նիւս. Կազմ. ՝   Գրիգոր Նիւսացի, Տեսութիւն մարդոյ կազմութեան. տե՛ս ՄՄ ձեռ. թիւ 469

Նիւս. Բն. ՝   Գրիգոր Նիւսացի, Նեմեսիոսի Յաղագս բնութեան մարդոյ. տե՛ս ՄՄ ձեռ. թիւ 469