ՊԵՏՐՈՍ ՍԻՒՆԵՑԻ

Պետրոս Սիւնեցու կենսագրական տուեալները խիստ սակաւաթիւ են: Ծնուել է, հաւանաբար, Ե դ. վերջին քառորդին, պատանեկութեան ժամանակ աշակերտել Մովսէս Քերթողահօրը: Ստացել է խոր, համակողմանի գիտելիքներ, հմտացել մեկնաբանական, քերթողական արուեստի մէջ. այս պատճառով նա յայտնի է նաեւ Քերթող պատուանունով: Որպէս Սիւնեաց թեմի հոգեւոր վերատեսուչ (547-556 թթ.)՝ մասնակցել է 554 թ. Դուինի եկեղեցաժողովին: Նրա ստորագրութիւնը կայ Ներսէս Բ կաթողիկոսի երեք թղթերի մէջ: Պետրոսը տակաւին ողջ է եղել 555-556 թթ. եւ մահացել, հաւանաբար, 558 թ.: