Ժամանակագրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

|3ա| Աբգար հաւատաց ի Քրիստոս ի թուին Քրիստոսի 40։

Աբրահամ կաթուղիկոս նստաւ, այն էր Բաղիշեցի, 1730։

Աբրահամ Կրետացի, առաջնորդ Թէքիրտաղու, նստաւ կաթուղիկոս 1734։

Աթանաս հայրապետն Աղէքսանդրու էր, սարկաւագ Կիւր[ե]ղի Երուսաղէմայ հայրապետին, որ ընդ նմա գնաց ի սուրբ ժողովն Նիկիոյ։

ԵԱթոռն Հայոց փոխեցաւ ի Սիս թուին Քրիստոսի 1171: Ի Սիսոյ դարձեալ յԷջմիածին 1441։

Աղէքսանդր Ջուղայեցի նստի կաթուղիկոս Հայոց ի մերս թուին 1156 [1707] եւ վախճանի 1163 [1714] նոյեմբերի 22։

Աղէքսանդր Ստամպօլցի ընտրի կաթուղիկոս յԷջմիածնի ի Կոստանդինուպօլիսի ի թուին։

Ամբրոսիոս հայրապետն յանդիմանէր զմեծն Թէոդոս, որ նստաւ յամի տեառն 398։

Ամիրտեօլվէթ բժիշկ Ամասացի արար Գ [3] մեծ գիրք բժշկականութեան, որք են՝ միֆրէտաթ, ստածումն եւ աղիապաթին ի Կոստանդնուպօլիս աւարտեալ, որ ի թուին Հայոց՝ ԼՄՆԱՅ։

Անի առաւ ի Տաճկաց ի թուին Քրիստոսի 1030։

Աջն սուրբ Լուսաւորչի գողացեալ եղեւ ի Սըսայ եւ տարեալ յԷջմիածին ի թուի[ն] Հայոց 896 [1447]։

Առաքել վարդապետն սկսեալ է զիւր պատմագիրքն Հայոց ՌՃ [1651]։

Աստուածածնայ ժամուն ներքին թօխաթցուն դիմացէն մինչ ի Քիւլհանն հիսարին պատն փլաւ դէպ ի ծովն 1165 [1716] դեկտեմբերի 26, շաբաթ, միւհարմի 27։

Աստուածածնի դրսի դիհն նորոգեցաւ, որ սուրբ Նիկողայոսի խորան շինեցաւ 1161 [1712] յունիսի 24 ի Հայ[ո]ց թուին։

Աստուածածնի եկեղեցւոյն շինման ֆրմանն եղաւ, որ սկսան զհիմն բանալ 1168 [1719] սեպտեմբերի 28, իսկ դեկտեմբերի Է [7] շինման քէվշն եղաւ, որ Հ [70] օրն շինեցաւ։ Եւ դեկտեմբերի ԺԳ [13] գիշերն Գրիգոր վարդապետն օծեց զեկեղեցին։ |3բ| Դարձեալ ի թուին ՌՄԺԱ [1762]-ին այրեցաւ շուրջն ժամուն եւ ինքն մնաց։ Մէրամէթին հրաման եղաւ մայիսի Լ [30], օրն հինգշաբթի։

Աստուածաշունչ գիրքն թարգմանեցաւ ի մեր լեզուս թուին Քրիստոսի 460։

Աստուածատուր վարդապետ Համատանցի նստաւ կաթուղիկոս ի մեր թուին 1164 [1715]։

Արատ պազարի զտիքիլի թաշն սկսան քակել Հայոց 1160 [1711]-ին դեկտեմբերի Ա [1]։

Արիստագէս սուրբ հայրապետն, որդի սուրբ Լուսաւորչին կատարի յԱրգէղայոսէ ի թուին Քրիստոսի 331։

Արիստոտէլ եղեւ աշակերտ Պղատոնի եւ վարժապետ Աղէքսանդրոսի։ մեռաւ 63 ամաւ նախքան զՔրիստոս։

Արկադէոս եւ Ոնորիոս թագաւորեցին ի թուին Քրիստոսի 411։

Աւետիք վարդապետն մանզուլ եղեւ, Մինաս վարդապետն տեղն նստաւ Ստամպօլու պատրիարգ 1152 [1703] սեպտեմբերի 8, չմորեքշ[ա]բաթի։

Բարսեղ եւ եղբայր իւր՝ Գրիգոր եւ Աստուածաբանն հանդիսանային ՅՀԱ [371] յորում եւ մեծն Ներսէս էր ի կղզին յաքսորս։

Գագիկ օծաւ թագաւոր 411 [962] ի թուին Հայոց։

Գէորգ Ակեւռացին այր գիտնական յոյժ եւ առաքին փոխի առ Քրիստոս ՉԾԱ [1302] ի թուին Հայոց։

Գէորգ վարդապետն Ղափանցի կապայ հագաւ Ստամպօլու պատրիարգութեան ի թուին Հայոց ՌՃ [1651] յունիսի 15։

Գիրն մեր Հայոց սահմանեցաւ Քրիստոսի 423։

Գիւտ գրոյն մերոյ Քրիստոսի 420։

Գիւտ կաթուղիկոսն, որ եգիտ զԴաւիթ Անյաղթն եւ զՄովսէս Խորենացին, աշակերտ սրբոյն Սահակայ, նստաւ թուոջն Քրիստոսի 434։

Գրիգոր Լուսաւորիչն նստի յաթոռ հայրապետութեան Քրիստոսի 310։

Գրիգոր Սքանչելագործն էր ի ժամանակս Օրէղիանոսի կայսերն Հռօմայ, որ նստաւ յամին Քրիստոսի 272։

Գրիգոր Նարեկացին փոխի 422 [973] ի մեր թուին։

Գրիգոր Վկայասէրն, որ եւ Վահրամ քեռի սրբոյն Ներսէսի Շնորհալոյ, նստի ի մեր թուին 565 [1116]։

|4ա| Գրիգոր Արշարունեաց եպիսկոպոսն արար զմեկնութիւն ընթերցուածոցն պահոց յաւուրս Յօհան Օձնեցւոյն։

Գրիգորիս, թոռն Լուսաւորչին, սպանանի յԱղուանս ի Սանատրկոյ, Քրիստոսի 346։

Գրիգորիս, եղբայր սրբոյն Ներսէսի Շնորհալոյն, նստաւ Քրիստոսի 1113։

Գոշ Մխիթար վարդապետն վախճանեցաւ Հայոց 662 [1213]։

Եղիազար վարդապետն եղեւ պատրիարգ Ստամպօլու 1098 [1649], եղեւ պատրիարգ Երուսաղէմի 1115 [1666], եւ եղեւ կաթուղիկոս Յէջմիածնի 1131 [1682], իսկ վախճանի 1140 [1691]։

Եւագրիոս սուրբ հայրն սարկաւագ էր Բարսեղի Կեսարացւոյն։

Եօթանասնից թարգմանութիւնն եղեւ նախքան զՔրիստոս 291 ամի ի յուն լեզու։

Էջմիածնի հիմնարկութիւնն եղեւ Քրիստոսի 297։

Ըստամպօլու պարսպին մէրամէթն սկսան 1171 [1722] ապրիլի 22։

Թագաւորութիւնն Հայոց բարձաւ ի Յանի Հայոց 513 [1064]։

Թագաւորութիւնն Հայոց վերջին, որ ի Կիւլիկեայ, բարձաւ Հայոց թուին 811 [1362], որ էր Լէօնն վերջին։

Թադէոս առաքեալն մկրտեաց զԱբգար Հայոց Քրիստոսի թուոջն 40։

Թադէոս վարդապետ Մշէցի եղեւ պատրիարգ Երուսաղէմի 1198 [1749] Հայոց։

Ժողովն Ատանոյ ի թուոջն Քրիստոսի 1319։

Ժողովն Դունայ 500 Քրիստոսի։

Ժողովն Եփեսոսի 431 Քրիստոսի։

Ժողովն Կարնոյ 626 Քրիստոսի։

Ժողովն Կոստանդնուպօլսի [1] 381 Քրիստոսի։

Ժողովն Կոստանդնուպօլսի [2] 553 Քրիստոսի։

Ժողովն Կոստանդնուպօլսի [3] 680 Քրիստոսի։

Ժողովն Կոստանդնուպօլսի [4] 869 Քրիստոսի։

Ժողովն Նիկոյ ընդ պատկերանարգաց 787 Քրիստոսի։

Ժողովն Շիրակվանայ 862 Քրիստոսի։

|4բ| Ժողովն Սըսայ 1307 Քրիստոսի։

Ժողովն Տարսոնի 1177 Քրիստոսի։

Ժողովն Քաղկեդոնի 451 Քրիստոսի։

Իզմիրցի Յօհաննէս վարդապետն պատրիարգ Ստամպօլու 1156 [1707], սեպտեմբերի 23։

Լանկ Թէմիւրն ել ի Հայս 835 [1386]։

Լուսաւորիչն մերոյ սրբոյն Գրիգորի ծնունդն 257 Քրիստոսի։

Լուսաւորչի եկեղեցին, որ ի Ղալաթիայ սկսան շինել 1170 [1741] փետրուարի

Խարբերդցի տէր Միքայելն Աւետիք վարդապետին համար վէքիլ նստաւ, որ զԱւետիք վարդապետն բերել տան ի Հռօմայու եւ չեղեւ 1155 [1706] յունիսի Թ [9]։

Խօճա-փաշայի կրակն, որ Նոր չաշըյի մէջն ալ մտաւ 1152 [1703], սեպտեմբերի ԺԸ [18], շաբաթ։

Խօճա-փաշայի միւս կրակն, որ Ի [20] սէհէթ վառեցաւ 1157 [1708], հոկտեմբերի 28, հինգշաբթի։ Դարձեալ միւս կրակն Խօճայ-փաշային, որ չորս ճիւղ եղաւ եւ ԼԶ [36] ժամ վառեցաւ էր 1204 [1755] Հայոց թուին, սեպտեմբերի 18, օրն սուրբ Խաչ, յոր լուսացաւ։

Ծովն Ստամպօլու պաղեցաւ Հայոց 1070 [1621], յունովարի 10։

Կաթուղիկոսունք Սըսայ միապատկանք եղեն 28. առաջինն Գրիգորիս, վերջինն Գրիգոր Միւսապէկէնց ամս 330։

Կայծակն զԹաւուխ պազարի տիքիլի թաշն զարկաւ ճաթռեց 1147 [1698] յունիսի 22 մէջօրէի, չորեքշաբթի։

Կայծակ վարդապետն Զէյթիւնցի նստաւ առաջնորդ Ստամպօլու 1151 [1702]. Ծաղկազարդի երեկոյին ժամուն բակն նստաւ քիւթիւրտիւով ծանուցում ըրաւ, երկուշաբթին չուեց, այլ ոչ երեւեցաւ 1153 [1704], ապրիլի

Կարապետ կաթուղիկոսն Զէթիւնցի առաջնորդ Գաղատիոյ օծաւ կաթուղիկոս Էջմիածնի ի Կոստնդնուպօլիս, յ[եկ]եղեցին սուրբ Աստուածածնայ |5ա| 1175 [1726], փետրւարի 27։ Յերկրորդում կիւրակէի աւագ պահոցն գնաց յԷջմիածին եւ փոխեցաւ 1178 [1729], հոկտեմբերի

Կարկուտ եկաւ Ստամպօլ, որ բաղնեաց ճամ չմնաց, ճամճներն տիւտիւկն չալեցին 1163 [1714], ապրիլի 23։

Կէտիկ փաշան Միւֆէթթիշին տնէն կրակ ելլաւ 12 սահաթ յամեց 1162 [1713]։

Կոմիտաս կաթուղիկոսն, որ շինեց զՀռիփսիմեանց վկայարանն եւ ասաց զԱնձինքն, նստաւ յամի տեառն. 627։

Կոստանդիանոս Մեծն վախճանի 341 Քրիստոսի, մայիսի 22։

Կոստանդնուպօլիս առաւ ի Մահմէտ խանէն, ի Մանուէլ թագաւորէն 902 [1453] Հայոց։

Կովդինն եզերեալ է զգրուածն իւր փիլիսոփայական 1685 Քրիստոսի։

Կրակ ելաւ Թիւֆէկխանային Խայխխանայէն մինչ Ուն-ղափանէն ներս ցաթկեց, եկաւ Յաթ պազարն եւ Շահզատ ճամին Էմինէտէյի, աշխարհի բանն կայր ի հոն, ամէնն այրեցաւ. եկաւ Չուխուռ-Չէշմէով, Ղազէսկէրին բաղնիքն եւ զարկաւ Ախ-Սարայովն մինչի Չինարտիպին պտտեաց. եկաւ Այազմա դռնովն Աղային դուռն, Մաֆայ մէյտանովն զայսքան տեղս ԼԴ [34] սէհէթն սրբեց. 96 տէկրմէն, 12 գլխաւոր փուռ, 26 բաղնիք։ Այս եղեւ Տաճկաց թուին 113 շապան 21, որ Հայոց ՌՃԿԷ [1718], յուլիսի Ե [5] գիշերն, Զ [6] սահաթին։

Կրպօ երէց Ղայսէրցի նստաւ առաջնորդ Ստամպօլու 1125 [1676] Հայոց։

Հռօմուլոս մինչ շինէ զՀռօմ, Աքայար թագաւոր էր ի Հրեաստանի։

Ղազար Փարպեցի արար ժամանակագրութիւն 507 Քրիստոսի թուին։

|5բ| Ղազար կաթուղիկոս Ջահկեցի յոյժ գիտնական, որ էր առաջնորդ Իզմիրու յետ նուիրականութեանն Ստամպօլու, նստաւ կաթուղիկոս 1186 [1737] Հայոց թուին։

Ղասիտէճի կաթուղիկոս Սըսայ, որ պիտի կախէին, թուրքացաւ 1145 [1696], յունիսի 5, օրն շաբաթ։

Ղեւոնդեայ կատարումն 485։

Ղուլէլիզատէ մահտիս Պետրոս Չէլէպին հանգեաւ առ տէր 1205 [1756], յունիսի 25, Հայոց։

Ճամպազ խաղաց Ստամպօլ ի սոլթան Պայազիտն 1154 [1705], նոյեմբերի 15։ Յետոյ վարի իսկէլէյէն կապեց զչուանն մինչ ի դիմացն եւ խաղաց եւ էր տօնանմայ։ Եւ ի 16 նոյեմբերի Էճմայ էլչին եկաւ եւ այն գիշերնէ մոմ տօնանմասին, որ ի սոխախներն, չարսըին սըխ մոմ շարեցին, որ հիանայիր։

Ճիպալիյին ահագին կրակն, որ զմեծ մասն Ստամպօլու այրեց, եղեւ 1205 [1756] Հայոց, Լուսաւորչի պահոց շաբթի գիշերն։

Մալղարացի Աստուածատուրն նահատակեցաւ 1159 [1710] յունվ[ա]րի 10, երեքշաբթի։ Տիրացու Պաղտասարն զպատմութիւնն գրեաց ճառապէս եւ երկար գովք ասաց վերան չափեալ ոտիւք։

Մակար մեծն էր յաւուրս Անտօն եւ որոյ աշակերտեցաւ իսկ։

Մահմէտն երեւեցաւ Հ[այոց] 60 [611]։

Մահտէսի Եաղուպին խղճալի մահն 1201 [1752], յուլիսի 9, Հայոց։

Մահտէսի Ծերունն հանգեաւ 1201 [1752], յունսի 18։

Մահտէսի Սեղբօսն հանգեաւ 1203 [1754], փետրվարի

Մանկունք Եբեսոսի ննջեցին յաւուրս Դեկոսի 374 ամ եւ զարթեան յաւուրս Մեծին Թէոդոսի։

Մաշտոց վարդապետն հայրապետ Հայոց խոտճարակ հանգեաւ 897 եւ Հայոց 346։

Մավրամօլօզին վանքն Ալի փաշան քակեց 1164 [1715], յունվարի 27։

|6ա| Մարկոս Աւրէլիանոս թագաւորէ 163 Քրիստոսի թուին։

Մարտիրոս վարդապետն Քէֆէցի նստաւ առաջնորդ Ստամպօլու 1108 [1659] եւ Երուսաղէմի 1116 [1667] եւ Յեգիպտոս վախճանեցաւ։

Մարտիրոս վարդապետ Մեղրեցի, որ Բ [2] անգամ Ստամպօլու նուիրակ եկեր էր, վախճանեցաւ 1166 [1717], օգոստոսի 10 եւ ի Պէկօղլին թաղեցաւ։

Մարտիրոս վարդապետն Եզնկացի Քիւհանճի կոչեցեալ, նստաւ առաջնորդ Ստամպօլու 1155 [1706] փետրվարի 11, որ եղեւ եպիսկոպոս ի վերայ Ստմպօլու Սարը կաթուղիկոսէն ի Ստամպօլ, ի սուրբ Աստուածածնայ եկեղեցին։

Մելքիսէթ կաթուղիկոսն նստաւ 1042 [1593] եւ եղեւ առաջնորդ Ստամպօլու 1048 [1599] Հայոց թուին։

Մելքիսեդ վարդապետն, արծարծօղ զարտաքին գիտութիւնն, Յէջմիածին վախճանի ի թուին Հայոց 1080 [1631], վարդապետ Սիմէօնի Ջուղայեցւոյ եւ աշակերտ նախկին գտողի զայս գիտութիւն ի Հայս։

Մեծ եանղուն կոչեցեալն Ստամպօլու եղեալ է 1109 [1660] Հայոց։

Մեծ սիւրկիւնն Ստամպօլու Հայոց 1084 [1635] մայիսի 15։

Մեծն Ներսէս դեղակուր եղեւ ի Պապայ 401 Քրիստոսի։

Մեսրոպ, աշակերտն սրբոյն ի Սահակայ, եկաց հայրապետ Հայոց ամ մի պակաս եւ հանգեաւ 482 Քրիստոսի թուոջ։

Մինաս վարդապետն Համթեցի նստաւ առաջնորդ Երուսաղէմի 1138 [1689]։

Մխիթար վարդապետն Քիւրտիստանցի առաջնորդ եղեւ Ստամպօլու 1148 [1699], յուլիսի 25։

Մովսէս Քերթողահայրն պայծառանայր Քրիստոսի թուին 491։

Մօ[ս]կօֆու էլչին եկաւ Աստուածածնի ժամուն մօտն նստաւ, Շապան աղայի տունն, 1164 [1715], փետրուարի

Մինաս վարդապետն Ակնցի, առաջնորդ Մշու սուրբ Կարապետու, առաջնորդ եղեւ Ստամպօլու 1198 [1749]։ Եւ յետոյ ընտրեցաւ կաթուղիկոս ի սուրբ Աստուածածնի եկեղեցին, ի Ստամպօլ 1200 [1751], յունսի 13 եւ գնաց յԷջմիածին եւ անդ վախճանեցաւ։

|6բ| Յակոբ Արճեցին էր յաւուրս Զենոնի կայսերն առաջնոյ, որ նստաւ 484 Քրիստոսի թուին։

Յակոբ վարդապետն Զմուռնիացի նստի առաջնորդ Ստամպօլու 1190 [1741], փետրվարի 15, առաջին լինելն է։

Յոհան Ոսկեբերանն նստի ի Կոստանդնուպօլիս 412։

Յոհան Մանդակունին նստի 449։

Յոհան Օձնեցին արար զժողովն Մանածկերտոյ 177 [728] Հայոց։

Յոհան Որոտնեցին փոխի 837 [1388] Հայոց։

Յոհաննէս Կառնեցին մկրտեաց զմղրին 671 [1222]։

Յոհաննէս վարդապետն, Սարկաւագ կոչեցեալ, յոյժ իմաստուն ի տօմարական գիտութիւնս եւ այլ, վախճանի 272 [833] Հայոց։

Յօհաննէս վարդապետն Ջուղայեցի ծնեալ ի թվին 1092 [1643] եւ մտեալ է ի վանքն Ամենափրկչին ի Սպահան 1107 [1658] եւ առեալ կարգ յառաջնորդէ նոյն ուխտին Դաւիթ [վ]արդապետէ։

Յոհանէս վարդապետն Իզմիրցի նստաւ Ստամպօլ 1156 [1707] յԱղէքսանդր կաթուղիկոսէն եկեալ։

Յօհանէս վարդապետ Կէնճէցի նստաւ ի Ստամպօլ 1163 [1714], մարտ 21։

Յօհաննէս վարդապետ Բաղիշեցի նստաւ ի Ստամպօլ 1164 [1715], վախճանի 1190 [1741], փետրուարի 13, Հայոց։

Նահապետ կաթուղիկոսն նստաւ 1691 օգոստոսի 10, վախճանի 1706 յունիսի 13։

Նաղաշ վարդապետն ողբն ասաց Հայոց 918 [1469]։

Նանա Ասորի, որ գրեաց զմեկնութիւն Յօհաննու գլխոյն, որ յետոյ ածանցեցաւ ի մեզ, էր սարկաւագ, յաւուրս յետին իշխանութեանն իշխանացն տիրելոյ յետ Արշակունեաց։

Նասրատինն մեռեր էր մեր թուին 495 [1046]։

Նարին Աստուածատուր Սասընցի կաթուղիկոսն նստաւ ի Սիս։

Ներսէս Մեծն, թոռն թոռին սրբոյ Լուսաւորչին, նստի հայրապետ Հայոց 371:

Ներսէս Շնորհալին նստաւ 1165 Քրիստոսի թուին։

Ներսէս Լամբրոնացին հանդիսանայր ի ժողովն Տարսոնի 1177 Քրիստոսի։

Ներսէս վարդապետն, պատրիարգ եղաւ, Պալատցին, Սարըին չրաղն, 1153 [1704], ապրիլի 22, երկուշաբթի։

|7ա| Ներսէս վարդապետն կրկին պատրիարգ եղեւ 1153 [1704], հոկտեմբերի 6, ուրբաթ։

Նօխուտճի կոչեցեալ Յօհաննէս վարդապետն, զուտ Ստամպօլցի, նստաւ առաջնորդ Երուսաղէմի եւ անդ թաղեցաւ 1146 [1697]։

Շնորհալին փոխի ի Քրիստոս 619 [1170] Հայոց։

Ոսկան վարդապետն ծնաւ ի Սպահան Հայոց 1063 [1614]։

Որոգինէս արար զվեցիջեանն գիրք հին կտակարանին յամի ծննդեան Քրիստոսի 233։

Պատկերն պղնձի Ռօտօսու կղզոյն քակի յամին Քրիստոսի 647, որ էր մին յեօթն հր[ա]շիցն շինուածոց։

Պետրոս Գետարգելն վախճանի Հայոց 507 [1058]։

Պոչաւոր աստղն մայիսի ամսոյն, որ երեւեցաւ 1175 [1726] Հայոց։

Պրօխօրօն Ուռուսճուխցի էառ զառաջնորդութիւնն Ստամպօլու 1198 [1749] Հայոց թուին։

Պօղոս Անապատականն էր յաւուրս Դեկոսի, որ նստաւ 250 Քրիստոսի։

Սահաթճի վարդապետն եւ Երեմիայ վարդապետն ուրացան ի կռուին երկաբնակաց 1193 [1744], նոյեմբերի 3, Հայոց, չորեքշաբթի։

Սահակ կաթուղիկոսն Արզրումցի, Ահագին կոչեցեալ, այլ քաջաքարոզ, ահագնակոչ, որ էր առաջնորդ Իզմիրու, ընտրեցաւ հայրապետ Հայոց, յեկեղեցւոջ սուրբ Աստուածածնի ի Ստամպօլ 1205 [1756] Հայոց, յունիսի 20։

Սարը կաթուղիկոս Սըսայ ի սուրբ Աստուածածնի եկեղեցին Գ [3] եպիսկոպոս ձեռնադրեց՝ մինն Քիւլհանճի Մարտիրոս վարդապետն էր, Ստամպօլու պատրիարգ։ |7բ| Դրսի բակն աստիճաններ շինեցին, զարմանալի բաներ, մի էր, որ տեսնօղքն զարմացան ապուշ մնացին, որ չէր տէսնուած ի քաղաքս, 1155 [1706] Հայոց, ապրիլի

Սախա օղլու դերձակ աշխարհական եղեւ առաջնորդ Ստամպօլու 1138 [1689] վէքիլ իրիցօք։

Սահակ հայրապետ Մեծն՝ որդի սրբոյն Ներսէսի Մեծի, նստի հայրապետ Հայոց 431։

Սահակ վարդապետն Ակնցի նստաւ ի Ստամպօլ 1156 [1707], յունվարի 22, եւ յետ Իզմիրցոյն նստաւ դարձեալ 1157 [1708], դեկտեմբերի 30։

Սենեքերիմ եկն ի վերայ Երուսաղէմի 3291 աշխարհի թուին։

Սիմէօն Սիւնակեցին պայծառանայր 502։

Սիմէօն վարդապետն Ջիւղայեցի վախճանի Հայոց 1106 [1657]։

Սուլթան Պայազիտու կրակն, որ մինչեւ Աստուածածնի ժամն հասաւ 1211 [1762], մայիս 11 լուսանալու գիշերն, Գ [3] ժամու։

Սուպհի Մելքիսէթ վարդապետն նստաւ պատրիարգ Ստամպօլու 1147 [1698], մայիսի 6, յետոյ Էտիրնէու։

Վահրամն Անձրեւ վախճանի 550։

Վանականն, աշակերտ Գօշին Մխիթարայ, վախճանի Հայոց 700 [1251]։

Վանքն սուրբ Կարապետու սկսաւ շինիլ, որ կոչի Գլակայ վանք 310 Քրիստոսի։

Վարագայ սուրբ խաչն յայտնեցաւ Հայոց 114 [665]։

Վարդան Բարձրաբերթցին արար գիրգ ճարտասանական, աննման, խրթին ոճիւ շարադրեալ։

Վիրք բաժանեցան ի Հայոց, Հայոց 62 [613]։

Վրդանէս՝ որդի սրբոյն Գրիգորի, նստի 345։

Տաճիկն ել ի Հայս, Հայոց 88 [639]։

Տէր Եսային Աւետիք վարդապետին վէքիլ եղեւ 1154 [1705], օգոստոսի 15։ Եւ վախճանեցաւ 1169 [1720], յունվարի Գ [3], ղույու[մ]ճի Փափազ օղլու հաճի Պօղոսի հայրն։

|8ա| Տղայ Գրիգորն նստի հայրապետ Հայոց 619 [1170] Հայոց թուին։

Տպագրութիւնն գտեալ եղեւ յամին Քրիստոսի 1344։

Քեօմիւրճու օղլու Երեմիայ Չէլէպին, եղբայր տէր Կոմիտասին, հանգեաւ 1144 [1695]։

Քիւլհանճը Մարտիրոս վարդապետն պատրիարգ եղեւ 1153 [1704], օգոստոսի

Օշին յետին նստի արքայ Հայոց 1320 Քրիստոսի թուին։

***

|1բ| Սահակ վարդապետն, նուիրակ սուրբ Էջմիածնի, աւարտեաց զաստի կենաս իւր, ի Իզմիր քաղաքին, ՌՄԽԲ [1793] թուոջն Հայոց եւ ի սեպտեմբերի Ա [1]-ին։

Դեսպանն Ռուսաց եմուտ ի Յստամպօլ մեծաւ համարձակութեամբ եւ բազում զօրօք ի ՌՄԽԲ [1793] թուոջն Հայոց եւ ի սեպտեմբերի։

Յարութիւն վարդապետն Թէքիրտաղցի, նուիրակ սուրբ Երուսաղէմի, հանգեաւ յաստի տառապանացս ի Իզմիր քաղաքին ՌՄԽԲ

[1793] թուին Հայոց եւ ի սեպտեմբերի ԺԸ [18]-ին։

Ի սոյնում ամի, այսինքն՝ 1242 [1793] թուոջն հանգեաւ վերատեսուչն սուրբ Երուսաղէմի Յովակիմ պատրիարգն։

Ի թուին Հայոց ՌՄԽԳ [1794]-ին ապրիլի ԺԷ [17]-ին եղեւ անտանելի վիշտ ի Պուռսայ քաղաքն ազգիս Հայոց, զի մինչ սկսեալ էին շինել անդ եղեալ զեկեղեցին եւ մերձ ի վախճանին, չարացեալ տաճկաց եկեալ այրեցին զնորաշէն եկ[ե]ղ[ե]ցին եւ զանօթսն աւար առին։ Եւ զկնի ի նոյն ամին տէրութիւնն Կոստանդնուպօլսոյ սուլթան Սէլիմն հրամայեաց շինել, զոր արարին իսկ։

Ի ՌՄԽԴ [1795] թուին սոյն թագաւորս հանդերձ ծերակուտիւքն հրամայեաց ի Ղումղափու եկեղեցւոյ որմոցն կից շինել մի կողմն ջրի խազնայ եւ միւս կողմն հավուզ, հանդերձ վեց արշն պատերօք, բայց զկնի ի ՌՄԽԵ [1796] թուին եւ ի փետրվարի ԺԱ [11], յորում աւուր եւ իւր փաշայն բազմութեամբ դիմեաց ի վերայ Տաղլը կոչեցեալ աւազակաց, հրապուրեալք ի չարեաց, հրամայեցին քակել զշինեալ որմունսն խազնային եւ հավուզին։

|2ա| Ի ՌՄԽԵ [1796] թուին եւ ի յօգոստոսի ԺԸ [18] ի Մարսվան քաղաքի, ի մէջ նորաշէն սուրբ Աստուածածնի վանիցն, հանգեաւ Պաղտատցի կոչեցեալ Յոհաննէս վարդապետն, առաջնորդ նոյն ուխտին, որ երբեմն եղեալ էր պատրիարգ Կոստանդնուպօլսոյ։

Եւ ի ՌՄԽԵ [1796] Հայոց թուին, ի նոյեմբերի ԺԱ [11] նախնի պսակեալ եպիսկոպոս եւ վերատեսուչն Ամասիոյ եւ Մարսվանո[յ] Սեբաստացի Չէրքէզեան գիտնական եւ աստուածաբան վարդապետն, որ նստէր ի Յօրթա գիւդն Կոստանդինուպօլսոյ, յաջորդեաց զպսակել վիճակն իւր զԱմասիայ եւ զՄարսվան հրամանաւ Զաքարիայ պատրիարգի եւ յարգի իշխանաց հաճութեամբ։ Որոյ եկեալ ի անբան մարսվանցւոց բազում նեղութիւնս կրելոյն զկնի ի ՌՄԽԶ [1797] թուին եւ ի հոկտեմբերի ԻԲ [22]-ին պատկարակօք դիմեաց ի յօրհնեալ քաղաքն Ամասիայ, յաւուր ուրբաթու, առ ի գտանել ապաքինութիւն ի հոգածութենէն մտեալ ախտիցն, բայց տիրեալ անհանդուրժելի հոգողութեանն ցաւոց նմա, յետ երից աւուրց, ի լուսանալ երկուշաբաթի յութն եւ կէս ժամու, ի ԻԶ [26]-ըն հոկտեմբերի, զմաքրասուն եւ զսրբասէր հոգին յանդորրու աւանդեաց ի ձեռն հրեշտակի բարւոյ, որպէս հաճոյ պատրիարգ առ պսակիչն ամենայն բարեսէր անձանց եւ եդաւ պատուական մարմին նորա զկնի 34 ժամու, յերեքշաբթի ի Յամասիայ ի սուրբ Աստուածածնի գաւթի շիրիմսն մերձ այլում Յոհաննու եպիսկոպոսի եւ Կարապետ վկայի. մինչ զի ամենայն ժողովուրդք ի թաղումն |2բ| եղեալք ապշութեամբ փառս ետուն աստուծոյ, սակս երկուց պատճառաց մի, որ պատւական մարմին իւր զկնի 34 ժամու փոխանակ նեխութեանն, անուշահոտ բուրմամբ զմայլեցոյց զբազմախուռ ամբոխսն եւ երեսք նորա պայծառացեալ փայլէր եւ իբր կենդանի դնէր ծիծաղախիտ ի դագաղի։ Եւ երկրորդ՝ այնմ աւուր բացան երկնից սահանք եւ լուծան քաղցրատեղաց անձրեւս, որ երկ ամիս յառաջ երաշտութեամբ ծարավէր երկիր եւ էր ժամանակ սերմանելոյ, որոց ամենեցու ինքնին ականատես եւ իմով ձեռամբ քահանայական օծմամբ դրօշմօղ եղէ, յետնեալ ծառայս նորին սրբազնութեանն Մանուել որբացեալ Սեւակիրս եւ յետոյ եթե հաճեսցի տէր սակաւուք եւ զվարուցն յայլուր ասացից սոյն երանելոյս։

|8բ| Ի ՌՄԽԶ [1797] թուին եւ ի հոկտեմբերի ԻԶ [26]-ին քաջաքարոզ եւ բանիբուն Սեբաստացի Յոհաննէս արքեպիսկոպոսն, ի Յամասիա քաղաքին, բարի մահուամբ հանգեաւ ի Քրիստոս, յոյսն բնաւ ընտրելոց։

Ի ՌՄԽԸ [1799] թուին եւ ի մարտի ԺԱ [11]-ին Կոստանդինուպօլսոյ պատրիարգ Զաքարիա վարդապետն հանգեաւ առ տէր։

Եւ ի սոյն ամի եւ մարտ ամսոյ ԺԵ [15]-ին յաստուծոյ ընտրեալ քաղցրաբարոյ Դանիէլ գիտնական արքեպիսկոպոսն համայնից հաճութեամբ կարգեցաւ պատրիարգ ի Կոստանդնուպօլիս ամենայն Հայոց։