Ծիսական կարգերը հայոց մէջ

Հեղինակ

Բաժին

Թեմա
ԱՌԱՋԻՆ ԳԼՈՒԽ. ԾԷՍԵՐԻ ՄԱՍԻՆ ԸՆԴՀԱՆՐԱՊԷՍ
       Ծէս, ծիսական կարգ կոչւում են մարդկանց միմեանց հետ ունեցած ուղղակի յարաբերութիւնները եւ սրանք կազմում են նախնական կառավարութեան ընդհանրացած ձեւը։ Սրանք ծագում են շատ աւելի վաղ, քան քաղաքական եւ կրօնական իշխանութիւնները, եւ այս ապացուցւում է նրանով, որ դրանք նախընթաց են ո՛չ միայն հասարակական, այլ եւ մարդկային զարգացման. դրանք նկատելի են նաեւ բարձր կենդանիների մէջ։
       Շունը հարուածից վախենալով՝ սողալով ընկնում է իւր տիրոջ ոտները, որով պարզ ցոյց է տալիս իւր հնազանդութիւնը արտայայտելու ցանկութիւնը։ Շները գթածութեան այսպիսի միջոցների են դիմում ո՛չ միայն մարդկանց՝ այլ եւ իրենց նմանների վերաբեռմամբ։ Սկուդը մի գամբռ տեսնելիս սոսկումով ընկնում է մէջքին եւ ոտները բարձրացնում վերեւ, մինչդեռ նա ատամները կրճտացնելով յարձակում կը գործէր՝ եթէ յոյս ունենար նրա հետ չափուելու. խեղճ կենդանին ակամայից ընդունում է այն դրութիւնը, որ լինելու էր կռուի մէջ իւր պարտութեան հետեւանքը։ Պարզ է, որ սէր, անձնուիրութիւն արտայայտող գործողութիւններից են նաեւ այնպիսիներ, որոնք արտայայտում են հնազանդութիւն։
       Բոլոր վայրենի ժողովուրդները , որոնց մէջ քաղաքական եւ կրօնական իշխանութիւնները դեռ եւս սաղմնային դրութեան մէջ են եւ որոնց մէջ տիրապետում է միայն անձնական գերազանցութեան ոյժը, ենթակայ են բազմաթիւ ծիսական կարգերի։ Հայ գիւղացին մինին պատահելիս՝ պարտք է համարում բարեւել նրան, մի մեծաւոր անցնելիս՝ ոտքի կանգնել, հիւրասիրութեան միջոցին օղի խմելիս բարեմաղթութիւններ անել դիմելով բոլոր աչքի ընկնող անձնաւորութիւններին առանձին առանձին։
       Նկատուած է նաեւ, որ ծիսական կարգերը նախնական եւ կիսակիրթ ժողովրդների մէջ շատ աւելի ոյժ ունին, քան այլ իշխանութիւններ։ Այսպէս օր. երբ հայ գիւղացին ուզում է արտայայտել «անկարելի » գաղափարը, նա ասում է «ադաթ չէ»։
       Փաւստոս պատմելով Մանուէլի վերադարձը Հայաստան, ասում է ... իբրեւ ետես զնա Վաչէն, որ յառաջ էր լեալ նահապետ, մինչեւ եկեալ էր ի նա՝ ետ զնա զպատիւ իշխանութեանն զոր առեալ էր ի թագաւորէն ... քանզի նա՛ էր երէց յազգին եւ Մանուէլն ունէր զնահապետութիւն ազգին տանուտէրութեան պատուին եւ Վաչէ լինէր երկրորդ ։ Սրանից հետեւում է, որ կարգը, ծէսը աւելի մեծ ոյժ ունէր , քան թագաւորի հաստատութիւնը։
       Նոյնը հետեւում է նա՛եւ այն հանգամանքից, որ դատապարտում էին Վասակին, իբր աւագութեան իրաւունքը անգոսնողի.
       Ո՛Չ ըստ կարգի ունէր նա (Վասակ ) զտէրութիւնն Սիւնեաց աշխարհին, այլ նենգութեամբ եւ քսութեամբ ետ սպանանել զհօրեղբայր իւր զՎաղինակ եւ յինքն տարաւ զտէրութիւնն իբրեւ քրտիքեար յարքունիս , ասում է Եղիշէն։
       Նոյն իսկ այժմ հարսանեկան ծէսերին աւելի մեծ նշանակութիւն են տալիս, քան պսակին, այնպէս որ երիտասարդներին առանց հարսանեկան ծէսերի չեն պսակում, ինչպէս այդ անում են ամուրիների ժամանակ. եւ եթէ չհաս է լինում եւ կամ հոգեւոր իշխանութիւնը պսակի հրամանը տալիս մեծ գումար է պահանջում, կատարում են հարսանեկան ծէսերը եւ առանց պսակի խորհուրդը կատարելու կենակցում։
       Ծիսական կարգերը գոյութիւն են ունեցել նախ քան քաղաքական եւ կրօնական իշխանութիւնների ծագումը, եւ սա շատ հասկանալի է, որովհետեւ նախ քան իշխանութեան ծագումը պէտք է գոյութիւն ունենար հպատակութեան զգացմունքը, նախ քան օրէնքների ծագումը պէտք է ամրապնդուէր մի որոշ ուժի հպատակելու կարգը, նախ քան կրօնական իշխանութեան ծագումը պէտք է տեղի ունենար ննջեցեալի գերեզմանի վրայ, նրա ոգու, դուբլի առջեւ կատարուող կարգերը։ Պարզ է ուրեմն՝ որ նախ եւ առաջ պահանջուել է հպատակութիւն, իսկ այդ արտայայտող գործողութեան ձեւերը կազմել են վարքի առաջին եղանակաւորումը, որը եւ՛ պահանջուել է ամենայն խստութեամբ։ Պահանջը տիրոջ հրամանը կատարելու, նրա հպատակութիւն ցոյց տալու մէջ է կայացել եւ ո՛չ թէ այս զանցառութիւնից ծագած չարիքի։ Վնասուած անձը, ծագած չարիքը չէ որ ուշադրութեան է առնուել, այլ պիտի հրամանը անգոսնելը, նրա հպատակութեան ընդդիմադրելը. էականը ծէսն է եղել, կարգը եւ ո՛չ թէ նրա էութիւնը։ Վաղարշակ առաջնի կարգադրութիւնների մեծագոյն մասը կայանում է այն ծէսերի մէջ, որ կատարելու էին նախարարները՝ ցոյց տալու իրենց հպատակութիւնը։ Մելիք-Աբովը կախ է տուել Բօլնիսում Փանոսանց Հայրապետին, որ նրա հարցման թէ ինչո՞ւ է փորում իւր այգին՝ պատասխանել էր, թէ քեզ ինչ, իմ այգիս է փորում եմ ։
       Միեւնոյն երեւոյթն աւելի որոշակի ցոլանում է կրօնական իշխանութեան վրայ։ Երբ նկատում ենք, որ գերեզմանի մօտ տեղի ունեցող ծէսերը, որ յետոյ դարձել են տաճարներում կատարուող ծէսեր, սկզբում միայն այնպիսի գործողութիւններ են եղել, որոնք կատարուել են բաւարարութիւն տալու երբեմն իւր նախնական, երբեմն էլ իդիալական, աստուածային կերպարանքով ներկայացուած ննջեցեալի ոգուն, երբ տեսնում ենք, որ զոհաբերութիւններն ու մեծարանքը, մատաղը, արիւնահեղ զոհերը, ծայրատումը, որոնք ծագել են ննջեցեալի ոգուն բաւարարութիւն տալու, կամ նրան հաճոյք պատճառելու ցանկութիւնից, աւելի մեծ չափերով կատարուել են այնտեղ, ուր ննջեցեալի ոգին աւելի մեծ երկիւղ է ազդել, որ պասը՝ որպէս թաղման ծէս՝ սկիզբն է տուել կրօնական պասերին, որ ննջեցեալին ուղղած գովաբանութիւններն ու թախանձանքը դարձել են կրօնական փառաբանութիւններ եւ աղօթքներ՝ հասկանալի է լինում, թէ ինչու նախնական կրօնը կազմուած է եղել բացառապէս գթութիւն հայցող ծէսերից։ Ճիշտ է , միքանի ստոր հասարակութիւնների մէջ, որոնց նմաններն այժմ էլ գոյութիւն ունեն, գթութիւն հայցող ձեւերից մինն էլ համարուել է հայր կամ զօրապետ ննջեցեալի տուած պատուէրների կրկնութեան մէջ, որոնց միացրել են զղջման մրմունջները իրենց պատուիրազանցութեան վերաբերմամբ, որը եւ կարելի է նկատել որպէս սաղմ, որից ծագել են կրօնի երկրորդական, անհրաժեշտ մասը կազմող սուրբ պատուիրանները, սակայն եւ անյպէս՝ որովհետեւ այս էակները, որոնց վերագրում են գերբնական յատկութիւն, իրենց մահից յետոյ էլ պահպանում են այն ցանկութիւններն ու կրքերը, որ արտայայտում էին իրենց կենդանութեան ժամանակ, ուստի կարելի է եզրակացնել, որ բարոյական օրէսգրքի այս սաղմը սկզբում բռնել է միայն պաշտաման աննշան մասը, գլխաւոր, էական մասը կազմել է այն զոհաբերութիւններին ու հնազանդութեան նշանները, որոնց օգնութեամբ յոյս են տածել գրաւելու ոգու կամ Աստծու բարեհաճութիւնը։
       Այսպէս՝ հայ ժողովուրդը մի սրբի դուռ գնալիս ոչ թէ աշխատում է մաքրել իւր ներքինը, ուղիղ սրտով եւ լի հաւատով մօտենալ սրբին, այլ որքան կարելի է շատ մոմ վառել, խաչհամբոյր ձգել, մատաղ կտրել, թաշկինակներ նուիրել, որ մասունքը կամ աւետարանը նրանց մէջ փաթաթեն, բազմաթիւ ծունր դնել։ Չեն քաշւում նոյն իսկ կաշառել սրբին մի մատաղ եւ կամ մի նուէր խոստանալով, որ կատարէ իրենց խնդիրքը եւ կամ յիշեցնել նրան իրենց տուած նուէրները եւ պահանջել հատուցում, որի մի լաւ օրինակը գտնում ենք Յովհան Մանդակունու պատմութեան մէջ. - նկարագրելով Սմբատ Մամիկոնեանի պատերազմը պարսից դէմ, նա ասում է.
       «Եւ նոցա ի բլուրն ելեալ, եւ զօրացն Պարսից բազմացեալ ի վերայ Սմբատայ եւ Վարազայ, եւ նոցա կրկնեալ ծունր Աստուծոյ յօգնութիւն կոչելով զոր Կարապետն, Յիշեա՛, ասեն, զերախտիս մեր. եւ որպէս ի հեռուստ օգնեցեր, ի մօտոյս մի՛ վերջանար ի մէջ։ Եւ եհաս ի թիկունս օգնականութիւն Աստուծոյ ։
       Հայ ժողովրդի համար պաս պահելը կազմում է հաւատի էական մասը, եւ սրա՛ համար է, որ Մելիք Աբովն ու Մելիք Ջումշուտը կռւում են միմեանց հետ ո՛չ թէ այն պատճառով, որ Մելիք-Ջումշուտը համոզում է մահմեդական Աղա-Մահմատ-խանին գնալ աւերել քրիստոնեայ Թիֆլիսը, այլ որ նա պաս է ուտում ։ Հայ իշխաններից Վեստ Սարգիսը մի կողմից հայրենիքն է մատնել յոյներին, միւս կողմից Խնձկոնից տաճարները կանգնել։ Եւ եթէ Հայաստանը լի է վանքերով, այդ նրանից է, որ հայ թագաւորներն ու իշխանները հաւատացած են եղել, որ այսպիսի աստուածային նուիրաբերութիւնները բաւական են իրենց հոգիները փրկելու։
       Դարեր էին հարկաւոր, որ մարդկութիւնը ծէսից դէպի բարոյականը անցնէր, եւ մովսիսականութիւնն ու քրիստոնէութիւնը մի մի աստիճան են այդ զարգացման մէջ։
      
       Բ. - Ինկատ առնելով այն սկզբունքը, որ էվոլիւցիայի զանազան արգասիքներ մատնեում են իրենց ազգակցութիւնը պահպանելով իւրաքանչիւրը այնպիսի գծեր, որոնք պատկանել են նրան, որից բոլորը ծագել են, կարելի է եզրակացնել, որ քաղաքական, կրօնական եւ հասարակական իշխանութիւնները, ունենալով ընդհանուր, որոշ գծեր, որոնք աւելի հին են քան այս, այժմ տարբերուող իշխանութիւններն, սրանք բոլորը պէտք է պատկանեն նախնական, ծիսական իշխանութեան, որից իրենք ծագել են։ Ուրեմն ծէսերը շատ մեծ հնութիւն են ներկայացնում, որովհետեւ բոլոր, միմեանցից արդէն տարբերուող իշխանութիւնները նրանից գծեր են կրում։
       Այսպէս օր. ընծաները տալը՝ մինն այն գործողութիւններից, որոնցով արտայայտում է պետին հպատակութիւն։ Սա նաեւ կրօնական ծէս է, որ սկզբում կատարուել է գերեզմանի մօտ , իսկ յետոյ սեղանի առջեւ։ Ամենանախնական ժամանակներում դա իբր միջոց է ծառայել հասարակական յարաբերութիւնների ժամանակ բարեհաճութիւն տրամադրելու։ Այսպէս եւ՚ ողջոյնները. - դրանք բոլորն էլ իրենց բազմազանութեամբ ծառայում են արտայայտելու զանազան աստիճանի յարգանք դէպի աստուածները, դէպի պետերը, եւ դէպի մասնաւոր անձերը, մի դէպքում նրանք հանդիսանում են իբրեւ երկրպագութիւն աստծուն՝ տաճարում եւ կամ պետի կամ զօրեղ անձի ոտների առջեւ. միւս դէպքում իբրեւ ծունրադրութիւն կռքերին, կառավարիչների եւ սրանց ստորադրեալների առջեւ։ Գլուխ բանալը ծառայում է իբր նշան երկրպագութեան , հպատակութեան եւ յարգանքի։ Գլխի խոնարհումը ծառայում է միեւնոյն երեք նպատակներին էլ։
       Միեւնոյնը կարելի է ասել նա՛եւ տիտղոսների վերաբերմամբ. հայր - մի պատուանուն է, որ տրւում է թէ՛ աստծուն, թէ միապետին, եւ թէ որեւէ յարգելի անձի , այսպէս եւ տէր խօսքը եւ շատ ուրիշներ։ Միեւնոյն նպատակին ծառայում են նաեւ խոնարհութիւն ցոյց տուող խօսքերը. իւր ստորութեան եւ հնազանդութեան արտայայտութեամբ խօսողն աշխատում է շահել ե՛ւ աստուածային շնորհը ե՛ւ պետի բարեհաճութիւնը՝ ե՛ւ մասնաւոր անձի հաճութիւնը։ Վերջապէս նոյնպիսի իմաստ ունին փառաբանութիւնները, աստուածային մեծութեան փառաբանութիւնը կազմում է պաշտաման նշանաւոր մասը. բռնակալ միապետներին դիմում են մեծ շողոքորթութիւնով եւ ուր հասարակական յարաբերութիւնների մէջ տիրում է ծիսապաշտութիւնը՝ մասնաւոր անձերի հետ էլ խօսելիս գործ են ածւում չափազանց մեծ հաճոյախօսութիւններ (compliment)։
       Քիչ քաղաքակրթուած ժողովրդների, ինչպէս եւ շատ քաղաքակրթուած, սակայն նախնական կազմակերպութիւնը պահպանած հասարակութիւնների մէջ տեսնում ենք եւ ուրիշ տեսակի ծէսեր, որոնք արտայայտում են հպատակութիւն, ծէսեր, որոնք ընդհանուր են իշխանութեան երեք տեսակին էլ՝ քաղաքական, կրօնական եւ հասարակական։ Մալայիօ-պոլինեզիացիների մէջ առաջին բռնած ձկան եւ երախայրիքի ընծայաբերութիւնը ծառայում է յարգանքի նշան ինչպէս աստուածներին, այնպէս եւ՝ զօրապետներին։ Հայերիս մէջ, նոր ցորենից պատրաստուած առաջին հացերը, որ կոչւում են չալաքի, ուղարկւում են թէ եկեղեցի, թէ՛ տանուտէրին եւ թէ բարեկամներին։ Նոր-Բայազէտի գաւառում առաջին անգամ ձգուած թոռով բռնուած ձկները բաժանւում են աղքատներին, եւ նուէր ուղարկւում քահանային, տանուտէրին եւ բարեկամներին.
       Այս բոլոր օրինակներից երեւում է, որ կրօնական, քաղաքական եւ հասարակական հպատակութիւն արտայայտում է միատեսակ վարմունքով։
      
       Գ. - Ծէսերը միանգամից չեն ծագել իբր սիմվոլներ, խորհրդանիշներ, արտայայտելու յարգանք եւ հպատակութիւն, նրանք յառաջ եւ եկել բնականաբար, հետզհետէ ձեւափոխելով այն անհատական գործողութիւնները, որոնք կատարւում էին անհատական նպատակի հասնելու համար. նրանք յառաջ են եկել անհատական վարմունքից առաջ քան թէ կազմակերպուել են հասարակական կարգերը, որ պիտի քննադատէին այդ վարմունքը։ Նրանց, ըստ երեւոյթին սիմվոլական բնոյթը հետեւանք է այն հանգամանքի, որ նրանց յառաջացնող հանգամանքների փոփոխութիւնից յետոյ էլ նրանք յարատեւել են։
       Ոչխարը, չտեսնելով իւր մօտ կորցրած գառին, մայում է եւ սկսում հոտոտել իւր մօտ եղած գառները մի առ մի, մինչեւ որ, վերջապէս, հոտից նրանից մինին համարում է իրենը, այս ժամանակ նրա մայրական զգացմունքը կատարեալ բաւականութիւն է ստանում։ Շնորհիւ յաճախակի կրկնութեան, այս հոտի եւ հաճոյքի մէջ շաղկապումն է յառաջանում, որի ուժով առաջինը վերարտադրում է երկրորդը։ Հոտոտելը դառնում է բոլոր դէպքերի համար էլ հաճելի, որովհետեւ նա յառաջ է բերում գիտակցութեան մէջ որդեսիրութեան թոյլ կամ զօրեղ աստիճանի զգացում։
       Սրանից հետեւում է . քանի որ սիրելի անձին հոտոտելը սկսում է ցոյց տալ սէր դէպի նա, սրա հետեւանքը լինում է այն, որ երբ մարդիկ ցանկանում են, որ իրենց սիրէին, եւ սկսում են բաւակնութիւն զգալ երբ արտայայտում են սէր դէպի իրենք, հոտոտելու գործողութիւնը դառնում է յարգանք եւ սէր արտայայտող ծէս, Սամօասները բարեւում են քթերը միմեանց մոտ դնելով եւ ոչ թէ քսելով, ալ խիստ հոտոտելով նրանք նաեւ սեղմում են եւ հոտոտում ձեռները, մանաւանդ բարձր մարդկանց միատեսակ բարեւելու ձեւեր կան նաեւ էսկիմոսների եւ նորզելանդացիների մէջ։ Հայերիս մէջ յաճախ պատահում է սիրած երեխայի գլուխը հոտոտելիս, իսկ ննջեցեալի կամ պանդխտի շորերը հոտոտելը միանգամայն ընդհանրացած է։ Որովհետեւ հոտառութեան եւ ճաշակման մէջ մեծ կապ կայ, այս պատճառով եւ պէտք է , որ հոտառութեան վրայ հիմնուած գործողութիւնների հետ զուգընթաց տեղի ունենան նաեւ ճաշակման վրայ հիմնուած գործողութիւններ եւ յիրաւի համբոյրը, որ տալիս են միմեանց աղաւնիները եւ ընդհանրապէս սիրահարուած թռչունները, ցոյց է տալիս, որ սիրոյ այս զգացումը բաւարարութիւն է ստանում ճաշակի զգացման մէջ։ Շունը արտայայտում է իւր սէրը՝ լիզելով սիարծի ձեռը, նոյնը անում է եւ կովը, լիզելով իւր հորթին, այսպէս ուրեմն եւ համբոյրը ծագել է միեւնոյն ձեւով, ինչպէս եւ սրա նման գործողութիւնները, հետեւապէս եւ համբոյրից , որպէս սիրոյ արտայայտութեան բնական նշանից, յառաջանում է եւ այն համբոյրը, որը արտայայտելով սիրոյ արտաքին նշանները, բաւականութիւն է պատճառում նրան, որին համբուրում են, եւ սրա շնորհիւ գրաւում նրա բարեհաճութիւնը դէպի համբուրողը։ Այստեղից յառաջանում են ոտ , ձեռք, հանդերձ համբուրելը, որպէս ծէս։
       Հայերիս մէջ համբոյրով արտայայտում են նախ սէր-համբուրում են սիրուած էակի այտերը, ճակատը, շրթունքը, աչքերը, բուկը եւ պորտը։ Հասարակ ժողովրդի մէջ իբր սիրոյ արտայայտութիւն գոյութիւն չունի ձեռք համբուրելու սովորութիւնը։
       2) Համբոյրով արտայայտում են յարգանք - երիտասարդներն ու մանաւանդ հարսերը համբուրում են պառաւների եւ ծերունիների ձեռքը, յաճախ նոյն իսկ այն դէպքում, երբ միմեանցից հեռու են գտնւում, կանայք մեկնելով իրենց աջ ձեռքը, ասում են, խանում մարիկ , ձեռքտ պագեմ։ Սկեսրայրը եւ տեգրները հարսի ճակատն են համբուրում, իսկ սա նրանց ձեռքը։ Հոգեւորականների ձեռքը համբուրելը, աջը առնելկ, միանգամայն ընդհանրացած է, պատահում է նաեւ, որ նրանց քղանցքն էլ են համբուրում։ Հասակակիցներն ու միեւնոյն վիճակի անձեր՝ պռոշտի են անում միմեանց հետ։
       3) Համբոյրով արտայայտում են պաշտամունք, գերեզմանները, սրբերի մասունքները, սրբերի պատկերները, եկեղեցու դռները համբուրելը սովորական է։ Սաստիկ թախանձելիս չոքում համբուրում են մեծաւորի ոտքը, չոքում համբուրում կաթուղիկոսի ձեռքը եւ երկրպագում սրբերին եւ աստուածութեան։ Իսկ հնումը երկրպագել են նաեւ թագաւորներին, «եւ խոնարհեցաւ (Մուշեղ Մամիկոնեան ) ի վերայ երեսաց իւրոց՝ երկիր եպագ արքայի (Պարսից ) եւ կանգնեցաւ» ։
       Այն զգացումը, որ ծագում է յուզմունքից եւ կամ պարզ զգացողութիւնից, յառաջանում է ջղաձգութիւն , որի ոյժը համեմատական է զգացումի ուժին, միւս զգացումների պէս, սիրոյ զգացումն էլ յառաջացնում է ջղաձգութիւն, որից եւ ծագում է գրկախառնութիւնը. եւ եթէ խոհականութիւնը չի գալիս մեղմելու այս ջղաձգութիւնը, նա միանգամայն համապատասխանում է զգացման ուժին , եղել են դէպքեր, որ մայրերը սիրելով իրենց երեխաներին՝ այն աստիճան սեխմել են իրենց կրծքին որ նրանց սպանել են։ Այս բնական զգացումը արտայայտող ձեւերը դարձել են ծէս եւ այժմ մարդիկ միմեանց հանդիպելիս գրկախառնում են, արտայայտելու իրենց սէրը եւ յարգանքը։ Պապ թագաւորը լսելով Մուշեղ Մամիկոնեանի բացատրութիւնը նրա մասին կատարուած ամբաստանութիւնների վերաբերմամբ՝ «յարուցեալ ի գահոյիցն » բուռն հարկանէր զՄուշեղէ, արկաներ զնովաւ գիրկս . ասում է Փաւստոս։
       Երբեմն այս զգացողութիւնից յառաջացած ջղային շարժումները ողղւում են որոշ նպապատակի, երբեմն էլ յախուռն (անկարգ ) ձեւ են ստանում, սակայն սովորաբար դաշնակաւոր են լինում. ձեռքի բոլոր ուժեղ շարժումները նրան այնպիսի դրութեան մէջ են դնում, որ բաւական հեշտանում է հակադարձ շարժումը, նախ որովհետեւ մկանունքը, որ յառաջացնում են այս հակադարձ շարժումը գտնւում են սրա համար ամենից յարմար դրութեան մէջ, եւ երկրորդ որովհետեւ նրանք օգտւում են հանգստեան փոքրիկ միջոցով։ Այստեղից յառաջացնում է ծափ տալը եւ կամ ձեռներով մարմնի միւս մասերին խփելը։ Այստեղից էլ յառաջ են գալիս որոշ ծէսեր, այսպէս գոհունակութիւնը արտայայտելու համար ծափ են տալիս, ճկրտացնում են, կոտրատում մատեները, չոթացնում, երեխայի յետոյքին են խփում։ Միեւնոյն տեսակի մկանունքների ցնցումներ տարածւում են նաեւ ոտների մէջ, ուրախութիւնից վեր-վեր են թռչում, ընդառաջ վազում, պարում են։ Զգացմունքը յուզուելով, ջղաձգութիւն է յառաջ բերում նաեւ ձայնի ձղերի մէջ։ Ընդհանրապէս ուրախութիւն արտայայտող ձայները, միաժամանակ արտայայտում են եւ այնպիսի ուրախութիւն, որ յառաջանում է սիրելի անձին պատահելիս, եւ բացի սրանից, ծառայում է արտայայտելու կեղծ ուրախութիւն այն անձի առջեւ, որի հաճութիւնը կամենում են գրաւել։ Ուստի եւ սպանուած անձը երեւալիս՝ բղաւում են կեցցէ։ Ջան, ջան, հոգիտ ուտեմ։ Թագաւորը ապրած կենայ, Մելիքի մին օրը հազար։
       Արցունքը, որ սովորաբար սաստիկ յուզմունքի արդիւնք լինելով մեծ մասամբ ծանր զգացումների արտայայտիչ են լինում, երբեմն նաեւ հաճելի զգացումներից են յառաջանում, երբ վերջիններս մեծ ուժով են ներգործում։ Այս պատճառով եւ նրանք դառնում են ծէսեր, որպէս յարգանքի, ցաւակցութեան եւ ուրախութեան արտայայտութիւն։
       Պապ թագաւորը իւր սէրը արտայայտելու համար դէպի զօրապետ Մուշեղ Մամիկոնեանը, երբ նա ամբաստանութիւններից արդարացաւ եւ իւր անձնուիրութիւնն ապացուցեց, նրան գրկեց եւ «լայր ի վերայ պարանոցին Մուշեղի» ։
       Երբ հարսին հօր տանից տանում են՝ մայրը ցաւակցութիւնից լալիս է եւ երբ հարս ու փեսան պսակից վերադառնում են փեսացուի տունը, այստեղ եւս վերջինիս մայրը լալիս է, միայն ոչ թէ ցաւակցութիւնից, այլ ուրախութիւնից։ Երբ մինը պանդխտութեան է դնում, նրա կինն ու մայրը, ինչպէս եւ մօտիկները լաց են լինում իրենց ցաւակցութիւնն արտայայտելու, եւ երբ վերադառնում է՝ դարձեալ լալիս են, այս անգամ իրենց ուրախութիւնը արտայայտելու։
       Ննջեցեալների վրայ լաց լինելը այնպիսի մի զօրեղ ծէս է դարձել, որ յառաջ է բերել նոյն իսկ առանձին պաշտօնեաներ՝ «ձայնարկու կուսանք սեւազգեստ» եւ «աշխատող կանայք » եւ սրանց առաջնորդ՝ Մայր ողբոց իսկ այժմ լալկան կանայք եւ «լալկան մէր»։
       Սրանք լալով նկարագրել են ննջեցեալի բարեմասնութիւնները, նրա քաջութիւնն ու առաքինութիւնը. այս աշխարհական ծէսը վերջը դարձել է կրօնական եւ առաջ է բերել գանձերը, որ հոգեւորականները լալագին երգել են եւ նոյն իսկ այժմ էլ երգում են ննջեցեալի վրայ։
       Նոյն իսկ ոմանք արհեստական արցունք բերելու նպատակով ծածուկ աչքերին սխտոր են քսում։
       Արշակ Բ. թագաւորը իւր եղբօր որդի Գնելին սպանել տալուց յետ՝ իւր ցաւակցութիւնը արտայայտելու նպատակով հրամայեց. «ամենայն ոք առ հասարակ երթիցին դիցեն աշխար կոծոց, եւ լացցեն զԳնել մեծ սեպուհն Արշակունի զսպանեալն։ Իսկ ինքն թագաւորն գնացեալ ի լալիսն, նստեալ լայր զեղբօրորդին իւր, զոր ինքն եսպան։ Երթեալ նստէր մօտ առ դին, լայր ինքն, եւ տայր հրաման կոծ մեծ եւ աշխար դնել շուրջ զսպանելով դիակամբն։ Իսկ կինն սպանելոյն Փառանձեմն ... ի մէջ աշխարանին կոծէր. ձայն արկանելով ձչէր, յողբս արտասուաց յաղիողորմ գուժի առ հասարակ զամենեսեան լացուցանէր։
      ... Եղեւ նա (Փառանձեմ ) մայր ողբոցն եւ ձայնարկունքն ամենայն ի ձայն ողբոցն սկսան նուագել զիրսն տրփանացն Տիրիթայ, զակն դնելն, զքսութիւն, զհնարս մահու նիւթել, զսպանումն, ձայնիւքն մրմնջոցն ի վերայ սպանելոյն ի մէջ կոծոյն բարբառէին գեղգեղեալ խանդաղատութեամբ» ։
       Այս օրինակներին, որոնք բացատրում են թէ ինչպէս զգացման բնական արտայայտութիւնները յառաջացնում են ծէսերը, աւելացնենք միքանի ուրիշներ, պարզելու համար այն միջոցը, որով ծէսերը ծնունդ չառնելով ուղղակի եւ անմիջապէս ինքնակամ գործողութիւններից՝ այնուամենայնիւ յառաջանում են բնական ճանապարհով եւ ո թէ մտադրուած սիմվոլականութեամբ։
       Կարսի հայերի մէջ «ողջուն - աղբէր » են լինում հետեւեալ կերպ. - Պատարագի միջոցին «ողջոյն տալիս» «աղբրացող » երկու երիտասարդները իւրաքանչիւրը մի խորանի առջեւից գալով սեղանի առաջ միմեանց ողջոյն են տալիս, եւ ապա դուրս գալիս եկեղեցու գաւիթը, կտրում են իրենց աջ ձեռքերի ճկոյթ մատերը եւ փոխադարձաբար խմում։
       Նոյնը կատարւում է նաեւ Զանգեզուրում եւ Բորչալուում , նոյն իսկ առանց եկեղեցական ողջունի, այլ լոկ ծակելով իրենց ճկոյթ մատերի ծայրերը եւ փոխադարձաբար ծծելով միմեանց արիւն։
       Այս ծէսը, որ գոյութիւն ունի ինչպէս թուրքերի, այնպէս եւ՛ վայրենի շատ ժողովուրդների մէջ, ինչպէս են Հարաւային Աֆրիկայի եւ Մադակասկարի եւ Բօրնէօ՛ի ժողովուրդները՝ բացատրւում է հետեւել կերպ. - նախնական մարդը ո՛չ միայն համարում է որ մի որեւէ անձի յատկութիւնները կամ առանձնայատկութիւնները յատուկ են նրա բոլոր մասերին, այլ եւ նա լիովին հաւատացած է, որ քաջ թշնամու արիութիւնը կարելի է ժառանգել՝ լափելով նրա սիրտը, կամ կարելի է ներշնչել իրեն մեռած ազգականի առաքինութիւնը եթէ մանրէ նրա ոսկորները, ջրի հետ խառնէ եւ խմէ, հետեւապէս եւ հասկանալի է, որ միմեանց արիւնը ծծելով, մարդիկ հաստատում են իրենց մէջ միեւնոյն բնութեան իսկական ընդհանրութիւնը։ Միեւնոյնը կարելի է ասել նաեւ անունները փոխանակելու վերաբերմամբ։ Շոշոների մէջ ամենամեծ հաճոյախօսութիւնը որ մի մարդ մարող է մի ուրիշին անել - իւր անունը նրան տալն է։ Աւստրալիացիները փոխանակում են իրենց անունները երոպացիների հետ ի նշան իրենց եղբայրական զգացման։ Այս սովորութիւնը, որ չափազանց տարածուած է, ծագում է այն հաւատալիքներից, որ անունը անհատի մի մասն է։ Տիրել մի մարդու անուանը, միեւնոյն է թէ տիրել նրա էութեան մի մասին, եւ այս տալիս է տիրողին իշխանութիւն՝ վնաս հասցնելու այդ անձին. եւ սրանից յառաջանում է շատ ժողովրդների մէջ տիրող սովորութիւնը՝ խստութեամբ ծածկել անունը։ Հետեւապէս եւ փոխանակել անունները՝ նշանակում է մասնակից անել միւսին իւր էութեան եւ միեւնոյն ժամանակ նրան վստահիլ իշխանութիւն իւր անձի վրայ, որ նշանակում է փոխադարձ մեծ վստահութիւն։ Հայերիս մէջ միմեանց հետ անուն փոխանակելու սովորութիւնը չի նկատւում, միայն ընդհանրացած է սիրած անձի անունը իւր զաւակին տալը, ի նշան յարգանքի եւ սիրոյ, նկատուած է նաեւ որ քաջերի եւ հերոսների անունները դնում են երեխաների վրայ, յուսալով որ վերջիններս ժառանգեն նրանց բարեմասնութիւնը, օր. Բերուտով, Լազարով, Հայրիկ, Անդրանիկ։ Նաեւ երկրորդ կնոջը տալիս են առաջնի անունը։
       Միեւնոյն կերպ բացատրւում է նաեւ սիրելի ննջեցեալի անունը նորածնին տալու սովորութիւնը։ Անյարմար է համարւում նաեւ մական տուած ննջեցեալի անունը, եթէ վերջինս տան մեծերից է եղել, յաճախ կրկնելը, ուստի եւ նրան կոչում են այն պատուանունով, որ սովորաբար տալիս էին ննջեցեալին, օր ջոջ աղա, փաշա, հաճի աղա, հաճի պապ, մեծ տղա։
       Դ . - Ծիսական կարգերի վրայ առանձին ուշադրութիւն չի դարձուած, որովհետեւ քաղաքական եւ կրօնական կարգերը հետըզհետէ զարգացել է ունեցել են իրենց առանձին պաշտօնեաները, մինչդեռ ծիսական կարգերը այլասեռուել են այն հասարակութիւնների մէջ, ուր հասարակական երեւոյթները դարձել են կշռադատութեան առարկայ։ Սկզբում քաղաքական եւ կրօնական կարգերի կատարողներն էլ միմեանցից շատ չեն տարբերուել. այլ միայն այնքանով որ առաջինները աշխատել են գթութիւն հայցել կենդանի, իսկ երկրորդները մեռած պետից, որովհետեւ նախնական ժողովրդների մէջ կենդանի պետին պաշտում էին մեռած պետին հաւասար, եւ որ կենդանի պետին քրմերի տուած պաշտամունքը այն ծայրայեղ պաշտամունքն է եղել, որ կատարել են նրա բոլոր ծառայողները։
       Հայ նահապետներն ու թագաւորներն էլ պաշտուել են հայ ժողովրդից թէ՛ իրենց կենդանութեան ժամանակ եւ թէ՛ մահից յետոյ։ Կադմոս դիմելով Հայկին «մեծդ դիւցազանց » է կոչում նրան, որ մահից յետոյ Օրիօն աստեղութիւնն է կազմում, Վահագնը հայ երգիչների խանդավառ սիրոյն է արժանանում, Արշակունիներին աստուածային ծագումն է վերագրւում եւ սրանց արձանները, «որ Վաղարշակ Արմաւրում շինեց իւր նախնիների պատկերով ... որոնք բերուած էին Բագարան եւ յետոյ Արտաշատ, փշրում է Սասանեան Արտաշիրը ։ Բագրատունիներին հրէական ծագում վերագրելը նոյն աստուածացման տենչից է յառաջ գալիս, եւ սովորական սուրբ մակդիրից զատ նրանց պատկերներն էլ նկարում էին եկեղեցում, ինչպէս այս հաստատւում է Յովհաննէս կաթուղիկոսի Աշոտ Ա. թագադրութեան նկարագրութիւնից. «Դառնան յեկեղեցին սուրբ, եւ հայրապետն Գէորգ ընդ նոսա, եւ անդ աւետարանեալ ի վերայ զնուիրական աղօթսն, եւ ածեալ ի գիծս եւ ի գիրս եւ ի նկարս տեսականս զոկեճամուկ զգեցութիւնսն եւ եդեալ ի գլուխ զթագ թագաւորութեան նորա»։
       Նաեւ ո՛չ միայն քրմապետները, այլ եւ կաթողիկոսները զբաղուել են թագաւորի պաշտաման ծէսերը կազմակերպելով, ինչպէս երեւում է Փ. Բիւզանդացու հետեւեալ խօսքերից. Եւ (Ներսէս Մեծ ) զվարս թագաւորութեան իսկ յօրինէր ամենաբարի կրօնիւք, որպէս եւ տեսեալ էր իւր առ հնօքն թագաւորօքն ։
       Այն հասարակական կազմակերպութիւները, որոնք դեռ քիչ են զանազանակերպուել (différencié s) պարզ ցոյց են տալիս կենդանի եւ մեռած պետերի պաշտաման նոյնութիւնը. - վայրենի ժողովրդների մէջ սկզբում ինքը, պետը, յայտարարում է իւր քաջութիւնների, իւր նախնիքների մասին, եգիպտական եւ ասորական արձանագրութիւնները ցոյց են տալիս, որ այս սովորութիւնը երկար ժամանակ տեւել է. յետոյ, երբ պետը լաւ ճարտասան չէ լինում, յանձնարարում է ուրիշներին պատմելու. եւ այսպէս հետզհետէ սովորութիւն է դարձել, որ պետերի, իշխանների առջեւից գնում էին մարդիկ, որոնք ներբողում էին նրան եւ երգելով գովաբանում միեւնոյնը, ինչոր կատարւում է մեռած, աստուածացած պետի վերաբերմամբ։
       Թէ հայերիս մէջն էլ այս միեւնոյնը տեղի է ունեցել՝ երեւում է հետեւեալ մնացորդներից։
       Ագաթանգեղոսը (Յձդ ) յիշելով այն իշխանների անունները, որոնց Տրդատը ուղարկեց Լուսաւորչի որդիներին բերելու՝ ասում է թէ երրորդ իշխանը «Դատ անուն՝ կարապետ արքայի » ուրեմն պարզ է, որ հայ թագաւորներն էլ ունեցել են իրենց առջեւից գնացող կարապետ կամ կարապետները, որոնք ազդարարել են ժողովրդին թագաւորի մասին։ Դեռ մինչեւ այժմ էլ կաթողիկոսի գնացքին կարապետում է մի հոգեւորական՝ խաչը ձեռին, եւ երբ մոտենում է նա եկեղեցուն, նրա առջեւից գնում են հոգեւորականներ եւ երգեցիկ խմբեր՝ շարականներով ներբողելով նրան, միեւնոյնը, ինչ որ կատարւում է մի կրոնական թափորի ժամանակ, երբ մինը խաչվառը ձեռին կարապետում է, եւ հոգեւորականների խումբը շարականներ երգելով առաջնորդում է աստուածութեան պատկերը կամ մի մասունք։
       Միեւնոյնը նկատում ենք նաեւ հարսանեկան ծէսերի մէջ։ Երբ թագուորը եկեղեցուց իւր տունն է վերադառնում, մինը որ աղուէս է կոչւում, վազում է նրա առջեւից ազդարարելով նրա գալուստը եւ գովաբանելով նրան ու թագուհուն։