ՀԱՄԱՌՕՏ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ԺԱՄԱՆԱԿԱՑ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԿԱՐԵՆ ՄԱԹԵՒՈՍՅԱՆ

Հեթում Կոռիկոսցու «Համառոտ պատմութիւն ժամանակաց հաւաքեալ ի զանազան պատմութեանց…» ժամանակագրությունը

Հայ միջնադարյան մատենագրության նշանավոր դեմքերից է իշխան Հեթում Կոռիկոսցին, որը հայ պատմագրության մեջ հայտնի է Հեթում Պատմիչ, իսկ եվրոպականում՝ Հայթոն Հայ անունով (Hayton l’Arménien): Նա Կիլիկիո Հեթում Ա (1226-1269) թագավորի եղբայր Օշին պայլի որդին էր, նշանավոր իշխան, տերը Կոռիկոս ծովափնյա բերդաքաղաքի եւ մի շարք ամրոցների, եղել է նաեւ պետական բարձր պաշտոններում, մասնակցել դիվանագիտական առաքելությունների ու պատերազմների: Դրան զուգահեռ Հեթում Կոռիկոսցին պատմագիտական նախասիրություններով անձնավորություն էր. 1293-1296 թթ. ժամանակամիջոցում գրել է մի շարք ազգաբանական աշխատություններ՝ նվիրված Ռուբինյաններին, Երուսաղեմի ու Կիպրոսի թագավորներին եւ Անտիոքի իշխաններին, ֆրանսագիր հեղինակների գործերից թարգմանել է մի ծավալուն ժամանակագրություն՝ «Պատմութիւն խրոնիկոնին…», ապա դրա հիմքի վրա կազմել մեկ այլ համառոտ ժամանակագրություն՝ «Համառոտ պատմութիւն ժամանակաց հաւաքեալ ի զանազան պատմութեանց…», որը ներկայացվում է այս գրքում:

1305 թ. Կիպրոս տեղափոխված Հեթումը 1307 թ., որպես իր բարեկամ եւ Կիպրոսի կառավարիչ Ամորիի պատգամախոս Ֆրանսիա մեկնելով՝ հանդիպել է Հռոմի Կղեմես Ե (1305-1314) պապին եւ նրա հանձնարարությամբ պատրաստել «Ծաղիկ պատմութեանց Արեւելից աշխարհի» երկը: Կոռիկոսցին այն թելադրել է հին ֆրանսերենով, որը գրի է առել Նիկոլաս Ֆալկոնը, ապա եւ անմիջապես թարգմանել լատիներեն, որից հետո հեղինակը երկը հանձնել է Հռոմի պապին: Արեւելքի բազմաթիվ երկրների պատմության դրվագներ ներկայացնող այդ քառամաս երկի վերջին հատվածը խաչակրաց նոր արշավանքի կազմակերպման ռազմաքաղաքական մի ուշագրավ ծրագիր է, որը լուրջ քննարկման է դրվել, սակայն տարբեր պատճառներով չի իրականացել:

Եվրոպացի ուսումնասիրողները բարձր են գնահատել Հեթում Կոռիկոսցու «Ծաղիկ պատմութեանց…» երկը եւ անգամ համեմատել Մարկո Պոլոյի ու այլոց նույն ժամանակաշրջանում գրած ուղեգրությունների հետ: Իսկ նշանավոր հայագետ, պրոֆեսոր Ֆրեդերիկ Ֆեյդին, Հեթումին համարելով ֆրանսերենով ստեղծագործած առաջին հայը, նշում է, որ եթե մյուսները Արեւելք եկած ճանապարհորդներ էին, ապա նա բուն արեւելցի էր, հայ մարդ, որը թե՛ իր ծագումով, թե՛ գործունեության դիվանագիտական ասպարեզով մասնագիտական երաշխավորն էր իր գրածի 1: «Ծաղիկ պատմութեանց…» երկը թարգմանվել է եվրոպական մի շարք լեզուներով եւ 16-17-րդ դարերում տարբեր երկրներում ունեցել է այնքան բազմաթիվ հրատարակություններ, որպիսին երբեւէ չի ունեցել որեւէ այլ հայ միջնադարյան հեղինակի գործ։ Չնայած դրան՝ այն հայերեն (գրաբար) թարգմանվել է միայն մասամբ, առանց մեծարժեք չորրորդ մասի եւ հրատարակվել Վենետիկում1842 թվականին:

Հեթում Կոռիկոսցու հայերեն աշխատությունները նույնպես միասնաբար եւ առանձին գրքով տպագրվելու բախտին չեն արժանացել: Ազգաբանական երկերը եւ «Պատմութիւն խրոնիկոնին…» ժամանակագրությունը Վազգեն Հակոբյանը հրատարակել է «Մանր ժամանակագրությունների» 2-րդ հատորում 2, իսկ «Համառոտ պատմութիւն ժամանակաց հաւաքեալ ի զանազան պատմութեանց…» ժամանակագրությունը՝ «Մանր ժամանակագրությունների» 1-ին հատորում, բայց այն վերագրել այլ հեղինակի՝ Հեթում Բ թագավորին 3: Այս վերջին գործը թեեւ հրատարակվել է համեմատական բնագրով, բայց դրա համար որպես հիմք է ընդունվել 1724 թվականի մի ընդօրինակություն, որի տեքստը լի է գրչության ուշ շրջանից եկող բազմաթիվ սխալներով, մինչդեռ Ժամանակագրության պահպանված հնագույն օրինակը՝ 1319 թվականից, իր հրատարակությամբ հանդերձ 4, «Մանր ժամանակագրությունների» հրատարակչին անծանոթ են մնացել:

Ստորեւ ներկայացնում ենք « Համառոտ պատմութիւն ժամանակաց հաւաքեալ ի զանազան պատմութեանց… » ժամանակագրությունը՝ ճշգրտված բնագրով, իր երեք խմբագրությունների զուգադրմամբ եւ մեկնաբանություններով (որով լուծվում է այս գործի հեղինակային պատկանելության թնջուկը), իսկ որպես հավելված՝ Հեթում Կոռիկոսցու նորահայտ լրացումները Սամվել Անեցու ժամանակագրության մեջ եւ նրա 1293 թվականի ուշագրավ հիշատակարանը, որի ամբողջական տեքստը գիտական աշխարհին հասու է դարձել միայն մի քանի տարի առաջ: Այս աշխատանքը համարում ենք մի քայլ Հեթում Կոռիկոսցու մատենագրական վաստակի ամբողջացման ճանապարհին, հուսալով, որ առաջիկայում համապատասխան մասնագետների ջանքերով ի մի կբերվեն եւ առանձին հատորյակում կամփոփվեն այս ինքնատիպ հեղինակի բոլոր գործերը, այդ թվում՝ ամբողջական թարգմանությամբ «Ծաղիկ պատմութեանց Արեւելից աշխարհի» մեծարժեք երկը:

ՀԵԹՈՒՄ ԿՈՌԻԿՈՍՑԻ ԻՇԽԱՆԸ

ա. Կենսագրական գծեր

Կիլիկիայի ծովահայաց Կոռիկոս բերդաքաղաքը, որը հայտնի է իր ցամաքային ու ծովային ամրոցներով, 13-րդ դ. կեսերին պատկանում էր Կիլիկիո Կոստանդին սպարապետի (1226-ից թագավորահայր) կրտսեր որդիներից Օշին պայլին (մահ. 1265 թ. ): Նրա ավագ եղբայրներն էին Հեթում Ա թագավորը (1226-1269) եւ Սմբատ Սպարապետը։ Օշինին պատկանած բերդերի մասին Սմբատ Սպարապետը գրում է . «որ եւ նա տէր գոլով գերագոյն դղեկին Կուռիկօսոյ, Միտիզօնին, Մանիօնին, Կանչոյն եւ այլ փոքրագոյն ամրոցաց» 5 ։ Հեթում Կոռիկոսցին այս Օշին պայլի երեք որդիներից կրտսերն էր:

Հեթում Կոռիկոսցուն նվիրված առայժմ միակ ամբողջական ուսումնասիրության հեղինակ Կլոդ-Արմեն Մութաֆյանը մանրամասնորեն անդրադարձել է նրա ծագմանը, կենսագրությանն ու գործունեությանը 6 ։ Ըստ նրա՝ Օշին պայլի ավագ որդին՝ Կանչի (Կանչնո) բերդի տերն էր, մյուս որդին՝ Կոռիկոսի տերը, սակայն վերջինիս վաղ մահանալու պատճառով (1277 թ. ) մոտավորապես 1280 թ. եղբայրներից կրտսերը՝ Հեթումը, դարձել է Կոռիկոսի տերը 7 ։ Կլոդ-Արմեն Մութաֆյանը ենթադրում է, որ Հեթում Կոռիկոսցին ծնվել է մոտավորապես 1240-ական թվականներին, 1280-90 թթ. շրջանում ամուսնացել է Զաբելի (Զաբլուն) հետ, որը մոր կողմից նույնպես Հեթումյան տոհմից էր 8 ։ Հեթում Կոռիկոսցին 1293 թ. ստացած Ավետարանի հիշատակարանում նշում է իր կնոջը եւ որդիներին 9, որոնցից ավագը՝ Օշինը, հետագայում դարձել է Կիլիկիո պայլ, իսկ Կոստանդինը՝ սպարապետ (գունդստաբլ), երկուսն էլ քաջ զինվորականներ էին 10 ։

Հեթում Կոռիկոսցու մասին տեղեկություններ ենք գտնում նրա ստացած ձեռագրերի հիշատակարաններում։ Դրանցից առաջինը 1287 թ. գրված պատմական եւ տոմարական հարուստ ժողովածու է (այժմ պահվում է Հռոմում, Վատիկան, ձեռ. թիվ 3), որի նյութերը Հեթումի պատվերով հավաքել ու ընդօրինակել է Ստեփանոս գրիչը՝ հիշատակարանում նշելով. «Հրամանաւ թագազարմ իշխանին իշխանաց՝ բարեպաշտին եւ աստուածասիրին Հեթմո տեառն Կուրիկոսի, շինեցաւ եւ գրեցաւ Ամսամտիկս այս ձեռամբ Ստեփանոսի նըւաստ քահանայի…» 11 ։

Հաջորդ մատյանը վերը նշված 1293 թ. Ավետարանն է . Էջմիածին, ձեռ. թիվ 1250), գրված Հեթում Կոռիկոսցու քարտուղար՝ դպիր Վասիլի ձեռքով, որի պատմական նյութերով հարուստ եւ ծավալուն հիշատակարանը հրատարակվում է սույն գրքի վերջում (տե՛ս հավելված 2, հիշատակարանի պարունակած տեղեկություններին ավելի հանգամանորեն կանդրադառնանք հաջորդ ենթաբաժիններում):

Հեթումի ստացած մյուս ձեռագիրը Բժշկարան է (պահվում է Վենետիկում, ձեռ. թիվ 1281), որը 1294 թ. ընդօրինակել է Վարդ Մրտիշցին։ Ձեռագիրը պարունակում է մասամբ արաբերենից թարգմանված, մասամբ Մխիթար Հերացու գրած բժշկագիտական նյութեր։ Հիշատակարանում նշվում է. «Զստացող Բժշկարանիս զմեծ սեւաստիօս եւ թագաւորազն եւ բարեհամբաւ զայրն զպարոն Հեթում տէր Կօռիկօսոյ եւ զիւրս ամենայն, զկենդանիս եւ զհանգուցեալս յիշեսջիք… գրեցաւ ի թու(ականիս) ՉԽԳ (1294) ի թագ(աւորութեանն) Հեթմոյ եւ ի հայր(ապետութեանն) Գրիգորի» 12 ։

Հեթում Կոռիկոսցին վաղ տարիքում սերտորեն առնչվել է իր հորեղբոր՝ Հեթում Ա թագավորի հետ, որի մասին նշում է «Ծաղիկ պատմութեանց…» գրքում, որպես իշխան կայացել է վերջինիս որդու՝ Լեւոն Գ (II)-ի (1269-1289) ժամանակ: Դրան հաջորդած շրջանում, երբ գահն անցավ Լեւոն Գ-ի ավագ որդուն՝ Հեթում Բ-ին (1289-1306 թթ. ընդհատումներով), երկիրը ճգնաժամի մատնվեց, որովհետեւ նա քանիցս հրաժարվեց իշխանությունից (բայց ոչ գահից), չթագադրվեց, այլ դարձավ լատին կրոնական՝ Հովհաննես անունով, հաջորդաբար իր Թորոս եւ Սմբատ եղբայրներին հանձնելով իշխանությունը, այնուհետեւ նրանց ինքնուրույնացումից անհանգստանալով, խլեց այն եւ այլն 13: Այս խառնաշփոթ շրջանում Հեթում Կոռիկոսցին, ըստ երեւույթին, միշտ չէ, որ թագավորի համախոհն է եղել։ Այդ մասին կարելի է եզրակացնել նրա իսկ ժամանակագրության մեջ այլ ձեռքով կատարված երկու ընդմիջարկությունից, որոնցից մեկում (1293) ասվում է. «Դաւ եղեւ Հեթում թագաւորի յիր իշխանացն, որք էին գլուխք պարոն Հեթում Կաւռիկոսոյ տէրն եւ իր եղբայրն պարոն Աւշին՝ Կանչոյն տէրն եւ յայլ բազում յիշխանացն» 14 ։ Այդ թվականին էր, որ Հեթում Բ-ն իշխանությունը հանձնեց Թորոս եղբորը (ինչի մասին նշվում է նույն ժամանակագրության մեջ եւ այլ աղբյուրներում)։ Իսկ Ժամանակագրության 1294 թ. դիմաց, որտեղ ասվում է, որ Հեթում Բ-ը Թորոսից հետ վերցրեց իշխանությունը, ավելացված է. «Եւ ի սոյն ամի փախեաւ պարոն Հեթում Կաւռիկոսայ տէրն եւ իւր եղբայրն պարոն Աւշինն» 15 (հավանաբար Հեթում Կոռիկոսցին եղել է Թորոսի կողմնակիցներից):

Այս տեղեկությունները ոմանց ենթադրել են տվել, թե Հեթում Կոռիկոսցին այդ ժամանակ անվերադարձ հեռացել է երկրից 16, որը թյուրիմացություն է, քանի որ 1296-ին նա համարվում է Կոռիկոսի տերը: Այդ թվականին էր, որ Հեթում Բ-ն այս անգամ էլ իշխանությունը հանձնեց իր մյուս եղբորը՝ Սմբատին, որը, փորձելով ազատվել մրցակից եղբայրներից, Թորոսին սպանել տվեց, իսկ Հեթումին կուրացրեց: Որոշ ժամանակ անց քաղաքական բարդ իրավիճակում Սմբատին ընդդիմացավ նրա կրտսեր եղբայր Կոստանդինը եւ ճակատամարտում հաղթանակ տանելով՝ 1298-ին գահին վերադարձրեց Հեթում Բ-ին, մեռոնով բուժել տվեց նրա անվնաս մնացած մեկ աչքը: Ապաքինվելուց հետո Հեթումն իր Սմբատ եւ Կոստանդին եղբայրներին աքսորեց Կոստանդնուպոլիս (1299 թ. ): Այս ամենի մասին մանրամասնորեն պատմում է հենց Հեթում Կոռիկոսցին իր «Ծաղիկ պատմութեանց…» երկում 17:

Ավելացնենք, որ Ժամանակագրության 1296 թվականի դիմաց եղած մեկ այլ հավելման մեջ նշվում է Հեթում Բ-ի նկատմամբ անհնազանդության մի ուրիշ դեպքի մասին «…դաւ եղեւ նմա յիշխանացն, որ էին գլուխք պարոն Աւշին սինիջալն, որդի պարոն Սմբատ Գունդուստապլին եւ պարոն Աւշին Բակուրնանց, որ էր ասպասալար Դարպսուն…»: Դատելով այն բանից, որ «դաւ եղեւ…» բառերով սկսվող եւ միանման շարադրանքով երկու հատվածներում (1293, 1296 թթ. ) նկարագրված դեպքերը հայտնի են միայն այս աղբյուրից (եթե իրական դավաճանություն կամ դավադրություն եղած լիներ, հավանաբար կհիշվեր նաեւ այլ տեղերում), եւ որ նշված «ընդվզումների» պարագլուխները չեն զրկվել իրենց տիրույթներից, իսկ որոշ ժամանակ անց հիշվում են որպես Հեթում Բ-ի գործակիցներ եւ պաշտոններ վարում, մասնավորապես 1299 եւ 1303 թվականներին Հեթում Կոռիկոսցին թագավորի հետ էր նրա սիրիական արշավանքների ժամանակ, իսկ Օշին սենեշալը, արդեն որպես գունդստաբլ, 1307-ին սպանվեց թագավորի հետ միասին, պետք է կարծել, որ վերոնշյալ վկայություններում «դաւ» բառն օգտագործվել է «դավի»՝ վեճ իմաստով, եւ դրանք իրականում ինչ-ինչ հարցերի շուրջ անհամաձայնության, վեճի միջադեպեր են եղել: Ամեն դեպքում, Հեթում Բ-ի եւ Հեթում Կոռիկոսցու հարաբերությունների լարվածությունը կամ առնվազն սառնությունը իրականություն պետք է համարել՝ ելնելով նաեւ «Ծաղիկ պատմութեանց…» գործում այս թագավորի մասին հիշատակությունների չոր ոճից:

Այդ նույն երկում Հեթում Կոռիկոսցին, անդրադառնալով մոնղոլական Ղազան խանի (1295-1304) 1299 թ. հաղթական արշավանքին, որին հայկական զորաբանակով մասնակցում էր Հեթում Բ թագավորը, պատմում է, թե ինչպես Ղազանը՝ այդ կարճահասակ ու տգեղ մարդը, մի օր խորտակեց թշնամու հզորությունը, իսկ հաջորդ օրն առատաձեռնորեն բաժանեց ավարը, ընդգծելով, որ ինքն այդ ամենը տեսել է իր աչքերով («զայս ամենայն աչօք տեսի»), քանի որ ներկա էր 18 ։ Դատելով այս երկի այլ մանրամասներից՝ Հեթում Կոռիկոսցին Հեթում Բ-ի տիրապետության շրջանում նաեւ դիվանագիտական առաքելությունների մասնակից է եղել, շփումներ ունեցել մոնղոլական վերնախավի ներկայացուցիչների հետ:

Հ. Աճառյանը գրում է, որ սիրիական հաջորդ արշավանքից եւ 1305 թ. եգիպտացիների դեմ հաղթական ճակատամարտից հետո Հեթում Կոռիկոսցին «Հեթում Բ-ից խնդրեց հրաժարվել զինվորական եւ աշխարհիկ կյանքից եւ գնալով Կիպրոս մտավ Պրէմոնստրատեանց լատինական կրոնական կարգը (Ordre des Prռmontrռs)» 19:

Հեթում Կոռիկոսցու՝ Կիպրոս տեղափոխվելուց հետո Կոռիկոսը փոխանցվել է նրա ավագ որդի Օշինին, որը, նաեւ պայլի պաշտոնը ստանալով, դարձավ երկրի ամենաազդեցիկ պետական գործիչը 20: Այս ամենը վկայում են, որ 1293-94 թթ. Հեթում Կոռիկոսցու՝ Հեթում Բ-ի հետ ունեցած հակասությունը ճակատագրական բնույթ չի կրել եւ հարթվել է:

Ի՞նչ պաշտոն է ունեցել Հեթում Կոռիկոսցին կիլիկյան արքունիքում 1280-1290-ական թվականներին։ Նրա անունն ուսումնասիրողները նշում են Կիլիկիո Հայոց սպարապետների եւ պայլերի շարքում 21, սակայն պաշտոնի մասին ուղղակի վկայություն աղբյուրներում հայտնի չէ:

Հնարավոր է, որ Հեթում Կոռիկոսցու Կիպրոս տեղափոխվելը միայն նրա կրոնական զգացումների հետ չի կապված եղել, այլ նաեւ քաղաքական նպատակներ է հետապնդել: Հայտնի է, որ 1306-ին Կիպրոսում հեղաշրջմամբ իշխանության է եկել Հենրի Բ թագավորի եղբայրը՝ Ամորին, որի մտերիմ բարեկամն էր Հեթում Կոռիկոսցին: Այս դեպքերի մասին Լ. Տեր Պետրոսյանը գրում է. «Հեթում Կոռիկոսցին (հայտնի Հայթոն պատմիչը) հեղաշրջումից անմիջապես հետո Ամորիի կողմից գործուղվեց Արեւմուտք, խնդիր դնելով՝ Հռոմի պապի օրհնությամբ օրինականացնելու իշխանության բռնազավթումը» 22: Հեթում Կոռիկոսցու այս դիվանագիտական առաքելությունը հաջողությամբ ավարտվեց, քանի որ պապը Ամորիին ճանաչեց «Կիպրոսի թագավորության կառավարիչ»: «Հեթումը Կիպրոս վերադարձավ 1308 թ. մայիսին՝ իր հետ բերելով պապի նամակներն՝ ուղղված Ամորիին, որոնցում պահանջվում էր դադարեցնել Կիպրոսի Տաճարականների գործունեությունը…» 23:

Բայց Հեթում Կոռիկոսցու Ֆրանսիա մեկնելը ունեցավ նաեւ մեկ այլ նշանակալից արդյունք. դա վերը նշված «Ծաղիկ պատմութեանց Արեւելից աշխարհի» (La Fleur des Histoires de la terre d’Orient”) 24 գործի ստեղծումն էր Կղեմես Ե պապի հանձնարարությամբ: Հեթում Կոռիկոսցու երկը հին ֆրանսերենով գրի առած Նիկոլաս Ֆալկոնը գրքի սկզբում գրում է. «Այստեղ սկսվում է Ծաղիկ Արեւելից աշխարհի պատմության գիրքը, որը հորինեց Հայթոն եղբայրը, Կոռիկոսի իշխան, Հայաստանի թագավորի ազգական, առաքված Կղեմես 5-րդ սրբազան քահանայապետի հրամանով, մեր Տիրոջ թվականի 1307 տարվա օգոստոս ամսին, Ֆրանսիայի թագավորության Պուատիե քաղաքի մեջ»: Իսկ գրքի վերջում նշում է. «Այս գիրքը, ես՝ Նիկոլաս Ֆալկոն, նախ ֆրանսերեն գրեցի, ինչպես Հայթոն եղբայրը բանավոր պատմեց, առանց նոթերի եւ օրինակի, եւ ֆրանսերենից լատիներեն թարգմանեցի: Եւ այս գիրքը իր ձեռքում ունեցավ Նորին Սրբություն քահանայապետը մեր Տիրոջ 1307 թվականի օգոստոս ամսին» 25 ։

Հեթում Կոռիկոսցին գրքի հատվածներից մեկում Ղազան խանի հաջորդի եւ հայերի ու եգիպտացիների միջեւ հաստատված խաղաղության մասին պատմելուց հետո իր մասին հետեւյալն է ասում. «Ես եղբայր Հայթոնս, նախորդ պատմածներիս ականատեսը լինելով, վաղուց մտադրվել էի կրոնավորի սքեմ հագնել, բայց (Հայոց) թագավորության դժվարին դրության պատճառով չկարողացա թողնել թագավորությունը, սակայն Բարձրյալի կամքով կատարեցի սրտիս ցանկությունը, գնացի Կիպրոս եւ առա Պրէմոնստրատեանց կարգը 1305 թվին»: Ապա նա հուսառատ խոսքերով նշում է Հեթում Բ-ի հաջորդի՝ նրա սպանված եղբայր Թորոսի որդի Լեւոն Դ(III)-ի գահակալության մասին. «Փառք Աստծո, քանզի Հայոց թագավորությունը բարվոք վիճակում է եւ Աստծո զորությամբ տեր Թորոսի որդի Լեւոնի ձեռքում իր նախկին վիճակն է ստանում…» (ճակատագրի հեգնանքով, այս խոսքերի գրվելուց 3 ամիս անց, 1307 թ. նոյեմբերի 17-ին, Լեւոն Դ-ն իր հորեղբայր Հեթում Բ-ի հետ սպանվեց մոնղոլ զորավար Բիլարղուի ձեռքով): Դրանից հետո գրառողը պատմում է Հեթում Կոռիկոսցու շուրթերից լսածը նրա աղբյուրների մասին հետեւյալ խոսքերով. «Գրքիս ստուգապատում հորինողը, այն ինչ որ պատմում է Չինգիզ խանից մինչեւ Մանգու խանը, վերցրել է թաթարների պատմությունից, Մանգու խանից մինչեւ Հուլավուն պատմում է ըստ իր հորեղբորից լսածի, որը ներկա է գտնվել բոլոր եղելություններին: Ապաղա խանից մինչեւ գրքի վերջը՝ ինքն է ականատես եղել բոլոր անցքերին» 26:

Այն հանգամանքը, որ Հեթում Կոռիկոսցին շատ կարճ ժամանակում բառացիորեն թելադրել է իր երկը 27 հարյուրավոր օտար տեղանունների, անձնանունների ու այլ անվանումների հիշատակությամբ, արդեն իսկ վկայում է նրա գիտելիքների հարուստ պաշարի եւ մտավոր բարձր կարողությունների մասին: Բնական է, որ Հեթում Կոռիկոսցին դա կարողացել է անել տարիների ընթացքում կուտակած գիտելիքների եւ այն բանի շնորհիվ, որ մինչ այդ արդեն զբաղվել էր պատմական նյութեր ժողովելով, թարգմանությամբ, ժամանակագրություններ կազմելով: Ըստ էության, Կղեմես պապն էլ իմացել է, որ իր պատվերը կատարելու ընդունակ անձնավորության է հանձնարարում Արեւելքի երկրների մասին պատմաաշխարհագրական աշխատություն պատրաստել («Ծաղիկ պատմութեանց…» երկի բովանդակության մասին կխոսվի ստորեւ, Հեթում Կոռիկոսցու աշխատությունների բաժնում):

Բայց ավելի հետաքրքրական է խաչակրաց նոր արշավանքի կազմակերպման մասին այդ երկում եղած հատվածը: Ինչպես նկատում է ֆրանսիացի ուսումնասիրող Մարի-Աննա Շեվալիեն, Հեթումի երկի չորրորդ մասը «խաչակրաց արշավանքին վերաբերող տրակտատ է, որն այս խնդրի շուրջ Պապի հարցերի պատասխանն է…: Խաչակրաց արշավանքի նրա (Հեթում Կոռիկոսցու - Կ. Մ. ) նախագիծը, որը վերաբերում էր երթուղիներին, թշնամական ուժերին, ֆրանկներին անհրաժեշտ դաշինքներին ու զինված ուժերին, վերանվաճման շարժառիթներին, նպատակահարմար ժամանակաշրջաններին եւ բազում այլ մանրամասների՝ մեծապես հետաքրքրել է Պապին» 28: Հեթում Կոռիկոսցին առաջարկություններ է ներկայացրել գլխավոր թշնամուն՝ Եգիպտոսի սուլթանությանը ծովային շրջափակմամբ թուլացնելու (քանի որ այն հաց էր ներմուծում ծովային ճանապարհով), մոնղոլների եւ այլոց հետ դաշնակցելու, խաչակիրների զորքի արդյունավետ երթուղիները որոշելու (նպատակահարմար էր գտնում Կիլիկիան), դաշնակից ուժերի միասնաբար գործելու, ինչպես նաեւ արշավանքի ճիշտ պահը ընտրելու վերաբերյալ: 1307-ին իր այս ծրագիրը պապին ներկայացրած Հեթում Կոռիկոսցին գտնում էր, որ դա հենց արշավանքի համար ամենանպաստավոր պահն էր:

Հայտնի է, որ այս ծրագրի եւ մասնավորապես խաչակրաց զորքերի Կիլիկիայում ափհանման նպատակահարմարության վերաբերյալ Կղեմես Ե պապը հարցում է արել Տաճարականների մեծ մագիստրոսին, որից, սակայն, մերժողական պատասխան է ստացել 29:

Հեթում Կոռիկոսցին իր երկն անձամբ հանձնել է Կղեմես պապին եւ այդ պահը ներկայացված է ֆրանսիական մի քանի ձեռագրերի մանրանկարներում 30: Ֆ. Ֆեյդիի բնորոշմամբ այս ուշագրավ աշխատության հատկապես վերջին մասը Հեթում Կոռիկոսցուն բնութագրում է որպես «խաչակրության քարոզիչ եւ կազմակերպիչ», բայց նաեւ՝ «հայրենասեր մարդ» 31, իսկ ընդհանրապես, այս գործում նա հանդես է բերում ոչ միայն Արեւելքի հարցերի խորը իմացություն, այլեւ ռազմավարական մտածողության տեր քաղաքական գործչի հատկանիշներ 32:

Հարկ է ավելացնել, որ իր երկում Հեթում Կոռիկոսցին կարեւոր տեղեկություններ է հայտնում նաեւ Կիլիկիայի Հայոց պետության մասին, որոնք իր գրքում օգտագործելով՝ Լ. Տեր-Պետրոսյանը նրան համարում է «Կիլիկիո արքունիքի անցուդարձերին եւ գահաժառանգության իրավունքի նրբություններին քաջածանոթ հեղինակ» 33, բայց որոնք այդ գործի չորրորդ մասի եւ այլ կարեւոր հատվածների հետ միասին դուրս են մնացել Կոռիկոսցու երկի հայերեն թարգմանությունից (վենետիկյան հրատարակություն):

Հեթում Կոռիկոսցին եղել է լատինական կողմնորոշման գործիչ 34: Հայոց թագավորության ուժն իրատեսորեն գնահատելով՝ նա համարել է, որ առանց արտաքին օգնության այն չի կարող դիմակայել թշնամաբար տրամադրված մահմեդական շրջապատին եւ այդ փրկարար ուժի աղբյուր է համարել Հռոմի պապի ազդեցության ներքո գտնվող Արեւմուտքը: Հասկանալի է, որ իր այդ կողմնորոշման համար նա Կիլիկիայում ունեցել է հակառակորդներ: Նրա անունը՝ որպես լատինամետ գործչի, հիշատակվում է անգամ Գլաձորի համալսարանի նշանավոր ուսուցչապետ Եսայի Նչեցու մի դավանական թղթի վերնագրում՝ «Երջանիկ րաբունոյն Եսայեայ ասացեալ վասն դաւանութեան հաւատոյ ընդդէմ պարոն Հեթմոյ Կիւռիկոսցոյն», թեեւ բուն նամակը հասցեագրված է Հեթում Կոռիկոսցու որդի Օշինին («Պարոն, պայլ եւ մարզպան ամենայն հայոց Աւշին…») 35:

308-ին Կիպրոս վերադառնալուց հետո Հեթում Կոռիկոսցին հավանաբար թողել է վանքը 36 եւ վերադարձել Կիլիկիա, որը ծանր ցնցում էր ապրել երիտասարդ Լեւոն Դ թագավորի եւ Հեթում Բ-ի՝ մոնղոլ ուխտադրուժ զորավարի ձեռքով սպանությունից հետո: Կ-Ա. Մութաֆյանի կարծիքով 1309-ին Հեթում Կոռիկոսցին ստանձնել է Կիլիկիո գունդստաբլի պաշտոնը:

Կղեմես Գալանոսի՝ լատիներենով շարադրված երկում Ադանայի 1316 թ. եկեղեցական ժողովի մասնակիցների թվում հիշատակվող Հայթոնը («Hayton, Armeniorum Dux Generalis») 37 ամենայն հավանականությամբ հենց Հեթում Կոռիկոսցին է: Այս հանգամանքից ելնելով ենթադրվում է, որ Հեթում Կոռիկոսցին մահացել է 1316 թվականից հետո մինչեւ 1320 թվականը 38:

բ. Հեթումը` բերդատեր եւ Կոռիկոսի ծովային ամրոցի կառուցող

Մինչեւ Հեթում Կոռիկոսցուն նվիրված Կլոդ-Արմեն Մութաֆյանի հոդվածի հրապարակումը (1996 թ. ) հայագիտությանը հայտնի էր, որ Հեթումը միայն Կոռիկոս բերդաքաղաքի 39 տերն է եղել: Սակայն հիշյալ հոդվածում հեղինակը վկայաբերում է մի մասնավոր հավաքածուի 1293 թ. հիշատակարանի հատված, որտեղ Հեթումը համարվում է մի քանի բերդերի տեր («…seigneur de Korykos, de Manion, de Bounar, d’Anamur») 40: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ այդ ձեռագիրը պատկանել է Շահե արքեպս. Աճեմյանին, որն էլ այն նվիրել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնին: Դա 1293 թ. Հեթում Կոռիկոսցու ստացած վերը նշված Ավետարանն է, որի հիշատակարանի միայն երկրորդ եւ կրճատված մասն էր հայտնի (երկիցս հրատարակված) 41, իսկ բուն ձեռագիրը կորած էր համարվում: 2006-ին Շահե արքեպս. Աճեմյանը փոքր առաջաբանով հրատարակել է Ավետարանի հիշատակարանն ամբողջությամբ 42: Հեթում Կոռիկոսցուն պատկանած բերդերին վերաբերող հատվածը հիշատակարանի առաջին մասում է, ուր մասնավորապես ասվում է. «… Հեթում , որդի Աւշնին՝ եղբաւր Հեթմոյ Հայոց թագաւորի , որ եւ ես՝ Հեթում շնորհաւք ողորմութեանն Աստուծոյ տէր Կուռիկաւսոյ եւ Մանիաւնին , Պունառոյ , Անամուռին եւ Կուպային եւ այլոց ամրոցացն , որ առ կողմամբքն Սավրիո եւ գաւառաց բերդիցն , ստացա զսուրբ Աւետարանս …» 43 ։

Հեթում Կոռիկոսցուն պատկանած բերդերի այս տպավորիչ ցանկը վկայում է հիշյալ շրջանում նրա չափազանց ազդեցիկ գործիչ լինելու մասին: Բավական է նշել, որ Միջերկրականի ծովափնյա Անամուռը գտնվում է Կոռիկոսից շուրջ 100 կմ արեւմուտք, անմատչելի Մանիոնը ժամանակին Ատան պայլի գլխավոր բերդն էր (որին Լեւոն Բ (I) թագավորն իր միակ դստեր Զաբելի խնամակալ էր կարգել):

Եթե Կոռիկոսը, Անամուռը, Մանիոնը հանրահայտ բերդեր են, ապա Կուպան եւ Պունառը թեեւ իրենց բերդակալ իշխանների անունների հետ հիշվում են Սմբատ Սպարապետի Տարեգրքում (այդ իշխանները եկել էին Լեւոն Բ-ի թագադրության հանդեսին) 44, բայց դրանց գտնվելու ստույգ տեղը հայտնի չէ. «ճիշտ դիրքն անորոշ է», ինչպես տեղանունների բառարանն է նշում 45: Կիլիկիայի բերդերի պատմության հետազոտող Մ. Հովհաննիսյանը նույնպես Սմբատի հայտնածից բացի այս բերդերի մասին այլ տեղեկություն չի գտել 46: Այժմ Հեթում Կոռիկոսցու հիշատակարանի շնորհիվ կարելի է ասել, որ Կուպան եւ Պունառը գտնվել են Իսավրիա երկրամասում կամ դրա կողմերում: Ուշագրավ է նաեւ, որ բացի անվանապես հիշվածներից, եղել են նաեւ իշխանին պատկանած այլ ամրոցներ, «գավառների բերդեր»: Այս ամենը մի փոքր իշխանապետություն էր, որը հետո անցել է Հեթում Կոռիկոսցու ավագ որդուն՝ Օշին պայլին, որն էլ այն ավելի է ընդարձակել՝ դառնալով Իսավրիա երկրամասի մեծ կոմսը («մեծ գունթն Սաւրիոյ») 47, իսկ 14-րդ դարի 20-ական թվականներին՝ հանգամանքների բերումով՝ «Հայոց թագավորության փաստացի տերն ու տիրակալը» 48:

Վերադառնալով 1293 թվականի հիշատակարանին՝ նշենք, որ դրա երկրորդ մասում արժեքավոր վկայություն կա Կոռիկոսի ծովային ամրոցի կառուցման մասին: Հեթում Կոռիկոսցին նախ պատմում է այդ ժամանակաշրջանի աննախադեպ եւ ճակատագրական իրադարձությունների մասին: Մամլյուքյան Եգիպտոսի սուլթանները մեկը մյուսի հետեւից վերացնում են խաչակիրների վերջին իշխանություններն ու հենակետերը. 1268-ին գրավում նշանավոր Անտիոքը, 1289-ին՝ Տրիպոլին («զեռապարսպեանն Տրապօլիս»), վերջապես 1291 թվականին՝ խաչակիրների՝ Արեւելքում գտնվող վերջին ցամաքային ամրակուռ բերդը՝ Աքքան (Ակրա): Հերթը հասնում է Կիլիկյան Հայաստանին: 1292 թ. Մելիք Աշրաֆ սուլթանի (1290-1294) զորքերը պաշարում են կաթողիկոսանիստ Հռմոկլան եւ հունիսի 28-ին գրավում, ավերում են այն՝ Եգիպտոս գերության մատնելով Ստեփանոս կաթողիկոսին ու հայրապետանոցի անգին սրբությունները:

Կիլիկիան հայտնվում է վերահաս վտանգի առջեւ, տագնապում են հատկապես ծովեզերյա շրջանները («յաճախեաց ահ եւ երկիւղ ի վերայ ամենայն քաղաքաց ծովեզերեայց»), ուստի Հեթում իշխանը «մտախոհ եղեալ գտանել տեղի ամրոցի եւ ապաստանի» Կոռիկոսի ափամերձ «գեղեցկադիր» կղզում բազում ծախսերով «գեղեցկաշէն» ամրոց է կառուցում: Նաեւ՝ հավատացյալների մխիթարության համար ամրոցում կառուցում է եկեղեցի, միաժամանակ գրել տալիս այդ Ավետարանն ու ընծայում եկեղեցուն: Ահավասիկ հիշատակարանի այդ ամենի մասին վկայող հատվածը. «…ես Հեթում, մտախոհ եղեալ գտանել տեղի ամրոցի… ցանկացայ գեղեցկադիր այսմ կղզոյս, որ հանդէպ մերոյ աստուածապահ ամրոցիս եւ յարմարեալ շինեցի զսա բազում ծախիւք եւ մեծ փափագանաւք, եւ վասն բնակչացն մխիթարութեան շինեցի տաճար Աստուծոյ եւ տուն աղաւթից զսուրբ եկեղեցիս, որ ի մէջ գեղեցկաշէն ամրոցի բերդիս, յորում եւ ի պէտս լուսաւորութեան հոգւոց որպէս ծառն կենաց ի մէջ դրախտին եւ Աւետարան Քրիստոսի պիտոյ էր այսմ դրախտի եկեղեցւոյ, զոր եւ ետու գրել ի լուսաւորութիւն հոգւոց ի տաճարս յայս աղաւթողաց եւ յիշատակ բարեաց ինձ եւ իմոցն յապագայս ժամանակաց…»:

Այսօր Կոռիկոսի ծովային ամրոցը կանգուն է 49, իսկ նրա մոտավորապես կենտրոնում պահպանվել են եկեղեցու հիմնապատերը՝ արեւելյան խորանի հատվածով:

Կոռիկոսի ծովային ամրոցի արեւելյան քառանկյուն բարձրադիր աշտարակի հարավային պատին, աշտարակի մուտքի վերեւում պահպանվել է Հեթում Կոռիկոսցու զարդաշրջանակով վիմագիր արձանագրությունը, որը հայագիտությանը ցայժմ հայտնի է եղել Վ. Լանգլուայի, Ղ. Ալիշանի բնութագրմամբ՝ «աղաւաղ» ընդօրինակությամբ: Այն հետեւյալն է.

« Ի թուակա ( նիս ) Հայոց Չ ամին եւ եւթն թիուն

ի բարեպա(շտ) թագաւորին Հեթմ… թաչգէ

…ամրոցս… Սուլթանին. շինեալ

Մեծ իշխան Հեթմոյ Ռ» 50:

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության (RAA) մեզ տրամադրած լուսանկարներից դատելով արձանագրությունը սկսվում է հետեւյալ կերպ. «(Ի ԹՈՒԱԿԱՆԻ)Ս ՀԱՅՈՑ ԶԱՐՄԻՆ ԵՒԹՆՀ(ԱՐԻՒՐ)…», այսինքն «Չ» (700) թվատառ չկա 51: Ցավոք տարեթվի տասնավորն ու միավորը եղծված են, բայց պահպանված առանձին տառերի ու մասնիկների եւ մյուս տողերում պահպանված հատվածների, ինչպես նաեւ Վ. Լանգլուայի հրատարակության (նրա ժամանակ առաջին տողերի արձանագիր քարերն ընկած չեն եղել) հիման վրա առաջարկում ենք հետեւյալ վերծանությունը.

 

«( Ի ԹՈՒԱԿԱՆԻ ) Ս ՀԱՅՈՑ ԶԱՐՄԻՆ: ԵՒԹՆՀ [ ԱՐԻՒՐ ] ՔԱ [ ՌԱՍՆ ] ՈՒԹԻՆ,

( Ի ԲԱՐԵՊԱՇՏ ԹԱ ) ԳԱՒՈՐԻՆ: ՀԵԹՄՈՅ /// Լ Հ [ ԱՅՈՑ ] ԱԶԳԻՆ,

( ՇԻՆԵԱՑ ԱՄՐՈՑՍ ) /// ՄԱՆԻՆ: ՇԻՆԵԱԾՔ Ծ [ ԱԽ ] ԻՒՔ ԽՈՀԵՄ [ ԱՄՏ ] ԻՆ, 52

(… ՄԵԾ ԻՇԽ ) ԱՆԻՆ: ՀԵԹՄՈՅ՝ ՈՐԴ [ ՒՈՅ ] Ա [ ՒՇՆԻ ] Ն »:

 

Պարզվում է, որ արձանագրությունը չափածո է, եւ տողերի միջնամասում գրիչը զույգ կետի նշանով տարանջատել է հանգավոր տողերը: Ըստ այս վերծանության՝ Կոռիկոսի ծովային ամրոցի շինարարական արձանագրությունը գրվել է 1299 թ.: Ինչպես երեւում է, արձանագրությունը պատրաստվել է բոլոր շինարարական աշխատանքների ավարտից հետո, իսկ մինչ այդ արդեն կառուցված է եղել ամրոցի եկեղեցին, որի համար, ինչպես վերեւում տեսանք, 1293 թ. Ավետարան է գրել տվել Հեթում Կոռիկոսցին:

գ. Հեթում Կոռիկոսցու դպիր Վասիլը՝ «որ երբէմն սարկաւագ»

1293 թ. Ավետարանի ամբողջովին հրատարակված հիշատակարանի երկրորդ կարեւոր նորությունը հիշատակությունն է դրա գրչի մասին: Առաջին հայացքից երկրորդական թվացող այս հարցը, սակայն, կարեւորություն է ստանում, երբ պարզվում է, որ Վասիլ անունով այդ գրիչը եղել է Հեթում Կոռիկոսցու քարտուղար-դպիրը, գրել նաեւ իշխանի «հրովարտակները»: Այլ հիշատակարաններից եւ գրչության համեմատությունից պարզվում են նաեւ Վասիլի ընդօրինակած մի քանի այլ ձեռագրերը:

Բայց նախ ծանոթանանք 1293 թ. հիշատակարանին, որտեղ ողջ ձեռագրի, ինչպես նաեւ Հեթում Կոռիկոսցու անունից գրված մեծ հիշատակարանի գրիչ Վասիլն իր մասին երկու վկայություն է թողել, առաջինը՝ միջնամասում, երկրորդը՝ ամենավերջում: Առաջինում, վերը նշված՝ Հեթումի բերդերը թվարկող հատվածի անմիջական շարունակության մեջ ասվում է. «…ես` Հեթում… ստացա զսուրբ Աւետարանս եւ փափագեալ սրտի բաղձանաւք ետու գրել զսա իմոյ իսկ հրովարտակաց դպրի՝ Վասլի, որ երբեմն սարկաւագ լեալ` եւ այժմ ծառայէ ինձ միամտութեամբ եւ մտերմաբար սիրով» 53:

Հիշատակարանն արժեքավոր է Վասիլի անձի մասին տեղեկություններով, որը նախկինում սարկավագ է եղել, բայց հետո ծառայության է անցել Հեթում Կոռիկոսցու մոտ, որպես նրա հրովարտակները գրող քարտուղար՝ դպիր, միաժամանակ եղել է իշխանի համախոհը՝ «միամիտը» (թերեւս նկատի է առնված գաղափարական եւ դավանական նախընտրությունները) եւ բարեկամը: Իսկ գրչին բնութագրող «որ երբեմն սարկաւագ» արտահայտությունը թույլ է տալիս ի հայտ բերել նրա ընդօրինակած նաեւ մյուս ձեռագրերը:

Վասիլն իր ու իր ազգականների, նաեւ մատյանի ծաղկող՝ նույնպես Վասիլ անունով, բայց «Երկինք» մականունով մանրանկարչի մասին նշում է հիշատակարանի վերջում. «Աղաչեմ եւ ես անիմաստ այրս եւ թերավարժս յուսումն գրչութեան՝ Վասիլ գրող սորա եւ կազմող, յիշել ի մեղաց թողութիւն զիս եւ զծնողսն իմ եւ զեղբարս: Այլ եւ զհոգեւոր եղբայրն իմ զշնորհաներկ գրիչն Վասիլ, մականուն Երկինք, որ զանազան երանգաւք եւ ոսկիազաւծ ծաղկաւք զարդարեաց զսա, մի մոռանայք յաղաւթից»: Այսպիսով, Վասիլը, որ չնայած իրեն հիշատակարաններին հատուկ ձեւակերպումներով «անիմաստ այր» եւ գրչության մեջ «թերավարժ» է կոչում, բայց հմուտ գրիչ լինելով ընդօրինակել է Ավետարանը, գրել հիշատակարանը, ապա կազմել մատյանը, իսկ նրա հոգեւոր եղբայր Վասիլ Երկինքը պատկերազարդել է այն:

1293 թ. ձեռագրի ու դրա գրչի հայտնի դառնալու շնորհիվ՝ հնարավորություն առաջացավ պարզելու, որ Հեթում Կոռիկոսցու հայերեն երկերի հիմնական մասը՝ ազգաբանական եւ ժամանակագրական գործերը պարունակող Մատենադարանի թիվ 1898 ձեռագրի գրիչը նույնպես Վասիլն է: Այդ մեծարժեք ժողովածուն, ցավոք, զրկվել է հիշատակարանից, բայց դրա եւ 1293 թ. Ավետարանի գրչության համեմատությունը, հատկապես բարդ գրությամբ տառերի , զ, ծ, ճ, ջ, չ, ֆ) նույնականությունը, ոչ մի կասկած չեն թողնում, որ դրանք նույն Վասիլ գրչին են պատկանում: Ձեռագրի պարունակած նյութերին եւ Հեթում Կոռիկոսցու երկերին կծանոթանաք ստորեւ, իսկ մատյանի սկզբում եղած Սամվել Անեցու ժամանակագրության մեջ Կոռիկոսցու հանձնարարությամբ Վասիլի ձեռամբ կատարված հավելումները ներկայացվում են գրքի վերջում (հավելված 1):

Ավելացնենք, որ Վասիլի ընդօրինակած թվարկված երկու մատյանները՝ 1293 թ. Ավետարանը . Էջմիածին, ձեռ. թիվ 1250) եւ Մատենադարանի թիվ 1898 Ժողովածուն, 2007 թվականին միասին ցուցադրվել են Ֆրանսիայում (Մարսել) կազմակերպված հայերեն գրքին նվիրված «Գրի կախարդանքը» ցուցահանդեսում, իսկ դրանց մասին տեղեկությունները (որպես Կոռիկոսի շրջանի գրքեր) ներկայացված են ցուցահանդեսի պատկերազարդ կատալոգի հանդիպակաց էջերում 54:

Վասիլ գրչին բնութագրող «որ երբեմն սարկաւագ» ձեւակերպումն ուղենիշ ունենալով՝ կարելի է խոսել նրա եւս երկու ձեռագրի մասին: Առաջինն այժմ Վենետիկում պահվող թիվ 1040 մատյանն է («Փիլոնի Եբրայեցւոյ մատենագրութիւնք»)՝ գրված 1296 թ., որի ստացողը Հեթում Բ թագավորն է: Հիշատակարանում նշելով Հեթում Բ-ի՝ Մամեստիայում (Մսիս) եկեղեցի կառուցելու մասին՝ գրիչը շարունակում է՝ «Որ եւ հրամայեաց իմոց նուաստութեանս Բասլի, որ երբեմն սարկաւագ, գրել զսոյն զայս տառ… արագահատութեամբ եւ վերակացութեամբ սրբասէր քահանային Կոստանդեայ, որ էր քահանայիցն ամենայն երէց ի դրան արքունի», իսկ հիշատակարանի վերջում ավելացնում է՝ «…զանյարմար գրիչս Վասիլ աղաչէմ արժանի առնել յիշման» 55: Հետաքրքիր է, որ բուն հիշատակարանում նա բավական մանրամասնորեն եւ ոգեւորությամբ պատմում է, թե ինչպես Հեթում Բ-ը թագավորությունը հանձնեց իր եղբայր Սմբատին: Այս դրվագը նկատի ունենալով՝ Լ. Տեր-Պետրոսյանը, անդրադառնալով Սմբատի գահակալությանը, Վասիլին կոչում է վերջինիս «բացահայտ կողմնակից եւ ջատագով» 56:

Վերջապես, Վասիլի անվան եւս մի հիշատակություն գտնում ենք Հալեպում պահվող 1300 թ. մի Ավետարանի հիշատակարանում, ուր նա հանդես է գալիս որպես կազմարար. «Զմեղաւոր կազմաւղ սորա զՎասիլ, որ երբեմն սարկաւագ, յիշեսջիք ի Քրիստոս. ՉԽԹ (1300)» 57:

Այսպիսով, վերոհիշյալ հիշատակարանների միջոցով որոշակի պատկերացում ենք կազմում առնվազն չորս ձեռագրի վրա աշխատած Վասիլ հմուտ գրչի մասին, որը 1290-ական թթ. եղել է Հեթում Կոռիկոսցու դպիրն ու բարեկամը, առնվազն երկու ձեռագիր գրել նրա համար, ձեռագիր է ընդօրինակել նաեւ Հեթում Բ թագավորի պատվերով, քաջածանոթ է եղել արքունական անցուդարձերին, գրել է ուշագրավ հիշատակարաններ, որտեղ նաեւ յուրահատուկ «ստորագրության» իմաստով գործածել է «որ երբեմն սարկաւագ» բնութագրական ձեւակերպումը:

ՀԵԹՈՒՄ ԿՈՌԻԿՈՍՑՈՒ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ա. Ազգաբանական աշխատություններ

Հեթում Կոռիկոսցու ազգաբանական (տոհմաբանական) աշխատությունները պահպանվել են նրա դպիր Վասիլի ձեռքով 13-րդ դարի վերջին տարիներին գրված վերը նշված Ժողովածուի մեջ (Մատենադարան, ձեռ. թիվ 1898) 58: Այս մատյանի առաջին նյութը Սամվել Անեցու Ժամանակագրությունն է, որի երկրորդ՝ աղյուսակավոր մասը հիմնականում լրացված է Հեթում Կոռիկոսցու երկերից քաղված ժամանակագրական միավորներով, երկրորդ նյութը Հեթում Կոռիկոսցու թարգմանած եւ լրացրած «Պատմութիւն խրոնիկոնին…» ժամանակագրությունն է, իսկ 3-րդ, 4-րդ, 5-րդ նյութ-միավորները համապատասխանաբար վերնագրված են՝ «Պատմութիւն ազգին Ռովբինանց, թէ որպէս տիրեցին Կիլիկիո» (թերթ 168ա-172ա), «Ազգաբանութիւն թագաւորացն Երուսաղէմի եւ թագաւորացն Կիպրոսի» (172ա-174բ) «Ազգաբանութիւն բրընձնոյն Անտիոքա» (174բ-175բ): Սրանք բոլորը հրատարակել է Վազգեն Հակոբյանը «Մանր ժամանակագրությունների» 2-րդ հատորում, առաջաբանով եւ հակիրճ ծանոթագրություններով, միաժամանակ հիմնավորելով, որ հեղինակը Հեթում Կոռիկոսցին է 59:

«Պատմութիւն ազգին Ռովբինանց…» գործը, սկսվելով տոհմի հիմնադիր Ռուբեն Ա-ի իշխանության հաստատումից, պատմում է հաջորդ իշխանների, այնուհետեւ թագավորության հռչակման, ապա՝ Հեթումյան գահակալների (որոնք իրենց նույնպես Ռուբինյան էին համարում) մասին, հասնում մինչեւ Հեթում Բ-ի թագավորության շրջանը՝ պարունակելով հիմնականում այլ աղբյուրներից հայտնի տվյալներ, բայց երբեմն նաեւ շատ ուշագրավ մանրամասներ: Հեղինակը նշում է Կիլիկիո իշխանների եւ թագավորների կանանց ու զավակների անունները, ներկայացնում նրանց խնամիական կապերը եւ այլն: Ըստ Վ. Հակոբյանի այս գործը գրվել է 1293 թ. 60:

Հաջորդ նյութերում, նույնպիսի մանրամասնություններով ու խնամիական կապերի բացահայտմամբ, ներկայացվում են Երուսաղեմի եւ Կիպրոսի թագավորները, Անտիոքի իշխանները (պրինց-բրինձ): Երուսաղեմի թագավորության պատմությունը սկսվում է խաչակիրների կողմից քաղաքի գրավմամբ եւ հասնում մինչեւ 13-րդ դարի առաջին կեսը: Կիպրոսի թագավորների մասին պատմվում է փոքրիկ ենթավերնագրի ներքո («Թագաւորք Կիպրոսի», թերթ 173բ), սկսվելով թագավորության հիմնադրմամբ՝ 12-րդ դարի 90-ականների սկիզբ, իսկ ավատվում է կիպրական թագավորական ընտանիքից սերող Մարգարիտի եւ Հայոց Լեւոն Գ (II) թագավորի որդի Թորոսի առաջնեկի՝ Լեւոնի (հետագայում Լեւոն Դ (III) թագ. ) ծննդյան հիշատակությամբ, որը տեղի է ունեցել 1289 թ 61:

Անտիոքի իշխանության գահակալների ազգաբանությանը վերաբերող նյութն ընդգրկում է 11-րդ դարի 90-ականներից մինչեւ 12-րդ դարի 50-ական թվականներն ընկած ժամանակահատվածը: Հարկ է նշել, որ հեղինակը որոշ մարդկանց մասին տարբեր նյութերում կրկնվող տեղեկություններ հաղորդելիս, նշում է՝ «որպէս վերոյ գրեցաք» կամ «որպէս ի վերոյ յիշեցաք»՝ նկատի ունենալով նաեւ ազգաբանական նյութերին նախորդող «Պատմութիւն խրոնիկոնին…» ժամանակագրությունը 62:

բ. «Պատմութիւն խրոնիկոնին…» ժամանակագրությունը

Վասիլ դպրի ընդօրինակած մատյանի երկրորդ նյութը, ինչպես վերը նշվեց, «Պատմութիւն խրոնիկոնին…» ժամանակագրությունն է (Մատենադարան, ձեռ. թիվ 1898, թերթ 123ա-167բ, ), որի երկարաշունչ վերնագիրը նաեւ մի քանի կարեւոր տվյալ է պարունակում. «Պատմութիւն խրոնիկոնին, զոր նըւաստ ծառայս Քրիստոսի Հեթումս տէր Կուռիկաւսոյ փոխեցի ի Ֆռանգ գրոց ի թուին Հայոց ՉԽԵ (1296)» 63: Վերնագիրը ներկայացնում է նախ աշխատության տեսակը՝ ժամանակագրական պատմություն (պատմութիւն խրոնիկոնին), թարգմանական բնույթը եւ աղբյուրը (փոխեալ ի ֆռանգ գրոց), հեղինակի անունը (Հեթում՝ տէր Կուռիկաւսոյ) եւ թվականը (Հայոց ՉԽԵ (1296):

Այս տվյալները հայագիտության մեջ, բարեբախտաբար, ցայժմ չեն վիճարկվել, ինչը չի կարելի ասել Հեթում Կոռիկոսցու նմանատիպ տեղեկություններով վերնագիր ունեցող «Համառոտ պատմութիւն ժամանակաց…» ժամանակագրության մասին, որին կանդրադառնանք քիչ հետո: Ավելացնենք միայն, որ «Պատմութիւն խրոնիկոնին…» թարգմանական գործը, որը սկսվում է Քրիստոսի ծնունդից (1 թ. ) եւ հասնում մինչեւ 1294 թ., Հեթում Կոռիկոսցու ձեռքով մեծապես լրացվել է Կիլիկիո պատմությանը վերաբերող հայկական նյութերով, եւ պատահական չէ, որ որոշ ուսումնասիրողներ նրան հենց հեղինակ են համարում: Մարի-Աննա Շեվալիեն, օրինակ, նկատի ունենալով «Պատմութիւն խրոնիկոնին…» գործը, նշում է, որ Հեթում Կոռիկոսցու ժամանակագրության մեջ խաչակիրների մասին եղած տեղեկությունները ստույգ եւ արժեքավոր են 64:

Ժամանակագրության հրատարակիչ Վ. Հակոբյանը նկատում է, որ այս գործում հանդիպում են «հարյուրից անցնող հունարեն, արաբերեն, լատիներեն եւ ֆրանսերեն» բառեր, որոնցից չորս տասնյակից ավելին ֆրանսերեն են 65:

Ինչ վերաբերում է այս գործի սկզբնաղբյուրին, ապա ինչպես Վ. Հակոբյանն է նշում, դրանցից մեկը դոմինիկյան միաբանության անդամ Մարտինոս Օպավինացու կամ Լեհացու (լատ. Martinus Oppaviensis) Ժամանակագրությունն է: Հայտնի է, որ ավելի ուշ (1348-1351 թթ. ), Ավինյոնում այն ամբողջովին հայերեն է թարգմանել հայտնի միարար, կաթոլիկ եպիսկոպոս Ներսես Պալիանենցը: Բայց նկատենք, որ Մարտինոսը մահացել է 1278 թ., մինչդեռ Հեթում Կոռիկոսցու թարգմանական գործն ավարտվում է 1294 թվականով, եւ ակներեւ է, որ նա ձեռքին նաեւ այլ աղբյուրներ է ունեցել, հետեւաբար իրավացիորեն վերնագրում նշում է, թե թարգմանել է «ի Ֆռանգ գրոց»:

գ. «Ծաղիկ պատմութեանց Արեւելից աշխարհի»

Այս երկի ստեղծման հանգամանքներին եւ ժամանակին վայելած հռչակին ծանոթացանք վերեւում, միայն ավելացնենք ռուս արեւելագետ Ս. Միրնիի կարծիքն, ըստ որի, Արեւելքին վերաբերող գրականության մեջ, եթե չհաշվենք Մարկո Պոլոյի «Ճանապարհորդությունը», ապա Հեթումի երկը միջնադարյան Եվրոպայում ամենից շատ է տպագրվել 66: Կոռիկոսցու պատմության ձեռագիր ընդօրինակություններն աչքի են ընկել նաեւ իրենց մանրանկարներով, քանի որ գրքում նկարագրված պատմություններն ակնհայտորեն շարժել են եվրոպացի նկարիչների ստեղծագործական երեւակայությունը 67:

1842 թ. Մկրտիչ Ավգերյանը Հեթում Կոռիկոսցու այս արժեքավոր պատմությունը որոշ կրճատումներով թարգմանել է հայերեն (գրաբար) եւ հրատարակել Վենետիկում՝ հետեւյալ վերնագրով. «Հեթում պատմիչ թաթարաց, յեղեալ ի լատին օրինակէ ի հայ բարբառ ի ձեռն Հ. Մկրտիչ վարդապետի Աւգերեան» (Վենետիկ, 1842, երկրորդ տպագրություն՝ Վենետիկ, 1951): Սույն հրատարակության վերնագրից ելնելով է, որ Հեթում Կոռիկոսցուն կոչել են նաեւ Հեթում Պատմիչ, երբեմն՝ «Հեթում պատմիչ թաթարաց», իսկ բուն երկը՝ «Պատմութիւն թաթարաց», որը ծագում է այս երկի Եվրոպայում տարածված մեկ այլ անվանումից. “L’Histoire merveilleuse du grand Empereur de Tartarie nommé le grand Can”: Հայերեն թարգմանության եւ ընտրված վերնագրի առնչությամբ ակադ. Աշոտ Հովհաննիսյանը գրում է. «գրի առնելով իր երկը, Հեթումն ամենից քիչ մտածել էր «թաթարաց պատմիչ» լինելու մասին: …Հեթումի բուն աշխատությունը… խաչակրաց նոր արշավանքի ռազմաքաղաքական մի ծրագիր էր, որը Վենետիկի հայերեն թարգմանության մեջ դուրս է ձգված» 68: Հեթում Կոռիկոսցու երկի «թարգմանությունից բացակայող հատվածների մի ընտրանի» աշխարհաբարով հրատարակած Ա. Ազիզյանը վենետիկյան հրատարակության մասին գրում է. «Ցավոք, բացի այն, որ թարգմանիչը, որպես սկզբնական նյութ օգտագործել է արդեն որոշ չափով ձեւափոխված լատիներեն թարգմանությունը, այլ ոչ ֆրանսերեն բնօրինակը, նա բավական ազատ է մոտեցել նյութին՝ կատարել կրճատումներ, իսկ մի քանի գլուխներ ընդհանրապես չի թարգմանել» 69:

Հեթում Կոռիկոսցու այս պատմությունը բաղկացած է չորս մասից, առաջինը ներկայացնում է Արեւելքի 14 երկրներն ու դրանց ժողովուրդներին՝ համառոտ բնութագրումներով (դրանք են՝ Չինաստան, Ույգորիա-Տարոս, Թուրքեստան, Խորեզմ, Կոմանիա, Հնդկաստան, Պարսկաստան, Մարաստան, Հայաստան, Վրաստան, Միջագետք, Խալդիա, Թուրքաց (սելջուկների) պետություն, Ասորիք), երկրորդ մասում խոսվում է այն ինքնակալների մասին, որոնք իշխել են Ասիայում Քրիստոսի ծնունդից ի վեր, երրորդ մասը թաթարների պատմությունն է (ծագումը, նվաճումները, պետությունը եւ այլն), չորրորդ մասը՝ դեպի Սուրբ Երկիր խաչակրաց նոր արշավանք կազմակերպելու մանրամասն մշակված ծրագիր է։ Եւ պետք է ասել, որ հեղինակի բուն նպատակը հենց այդ ծրագիրը ներկայացնելն է եղել, որն իրականություն դարձնելու եւ այդ գործում Կիլիկիայի Հայոց թագավորության համար շահեկան վիճակ ապահովելու համար երբեմն մեծացրել է վերջինիս դերը, գերագնահատել մոնղոլների հետ ունեցած նրա հարաբերությունները 70: Սակայն անկախ դրդապատճառներից ծագող նրբերանգներից՝ Հեթում Կոռիկոսցու գիրքը հսկայական աղբյուրագիտական արժեք է ներկայացնում, ինչպես հայ-մոնղոլական հարաբերությունների ուսումնասիրության, այնպես էլ այլ հարցերի վերաբերյալ:

Գրքի մյուս մանրամասներին ու առանձնահատկություններին չենք անդրադառնում, որովհետեւ մեր նպատակից դուրս է այս աշխատության քննությունը, որն առանձին եւ մանրակրկիտ հետազոտության նյութ է, միայն հարկադրված ենք արձանագրել, որ հայագիտությունը ցավալիորեն ուշացել է հայ միջնադարյան պատմագրության մեջ միանգամայն ուրույն տեղ գրավող այս երկի հայերեն ամբողջական թարգմանության եւ պատշաճ ուսումնասիրությամբ հրատարակման հարցում:

Իսկ վերջում, այս գրքում հեղինակի ոճի մասին որոշ պատկերացում տալու նպատակով՝ ուզում ենք մեջբերել Ա. Ազիզյանի թարգմանած մի հատվածը, որը վերաբերում է նախատեսված խաչակրաց արշավանքի ժամանակ նաեւ վրացիներին ու նուբիացիներին (եթովպացիներին) ներգրավելու հարցին:

ԳԻՐՔ IV, գլուխ XXIII

[Թե ինչպես այս գրքի հեղինակը Պապի հետ խոսեց ծովի այն կողմ արշավի մասին]

«Ինձ կների Ձերդ Սրբությունը, եթե ես համարձակվեմ ասել եւս երկու խոսք, մեկը՝ որ Ձերդ Սրբությունը գրի վրացիների թագավորին, որոնք քրիստոնյաներ են եւ ուրիշ ազգերից ավելի են նվիրված Սուրբ Երկրի ուխտագնացություններին ու հանգրվաններին, որպեսզի օգնություն ու աջակցություն ցուցաբերեն ուխտագնացներին Սուրբ Երկիրը վերադարձնելու գործում: Ես վստահորեն հավատում եմ, որ հանուն Աստծո փառքի ու Ձերդ Սրբության հարգանքի, նրանք ուրախությամբ կկատարեն Ձեր հրամանը, քանի որ աստվածավախ քրիստոնյաներ են եւ թվաքանակով շատ, եւ շատ ուժեղ ու խիզախ զինվորներ են, եւ կարծես թե հարեւան են Հայոց թագավորությանը:

Հետո, երբ Ձերդ Սրբությունը գրի նուբիացիներին, որոնք քրիստոնյաներ են եւ Քրիստոսի հավատքին դարձան իմ տեր սուրբ Թովմաս առաքյալի ձեռքով՝ Եթովպիայում, ասելով, որ նրանք պատերազմ սկսեն սուլթանի ու նրա մարդկանց դեմ, ես վստահորեն հավատում եմ, որ վերոհիշյալ նուբիացիները, հանուն մեր Տեր Հիսուս Քրիստոսի փառքի ու Ձերդ Սրբության հարգանքի, պատերազմ կսկսեն սուլթանի ու նրա մարդկանց դեմ եւ նրանց անհանգստություն կպատճառեն, իսկ նրա ուժին՝ վնաս, եւ սա մի մեծ գլխացավանք կլինի սուլթանի եւ նրա մարդկանց համար: Եւ այս նամակները կարող են ուղարկվել Հայոց թագավորին, որը դրանք թարգմանել կտա նրանց լեզուներով եւ կուղարկի վստահելի սուրհանդակների միջոցով» 71:

«ՀԱՄԱՌՕՏ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ԺԱՄԱՆԱԿԱՑ ՀԱՒԱՔԵԱԼ Ի ԶԱՆԱԶԱՆ ՊԱՏՄՈՒԹԵԱՆՑ…» ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Հեթում Կոռիկոսցու ժամանակագրական այս երկի մասին եթե վիճակագրության լեզվով խոսենք, պետք է արձանագրենք՝ 12 ձեռագիր, 3 խմբագրություն, 5 հրատարակություն (որից 2-ն օտար լեզուներով՝ ֆրանսերեն եւ ռուսերեն): Եւ անմիջապես կարող է հարց առաջանալ, թե այդքան անգամ հրատարակվելու բախտին արժանացած գործն ինչո՞ւ է նորից վերահրատարակվում: Պատճառները հիմնավոր են, քանի որ նախկինում որոշ հրատարակություններ կատարվել են թերի բնագրերով ձեռագրերից, իսկ հեղինակի ինքնության հարցը վիճարկվել է, եւ ժամանակագրությունը վերագրվել ուրիշ հեղինակի՝ Հեթում Բ թագավորին։

Հեթում Կոռիկոսցու սույն ժամանակագրությունը, համաձայն վերնագրում նշված տեղեկության, կազմել է 1296 թ.: Վերեւում արդեն տեսանք, որ այդ նույն ձեւով, վերնագրում 1296 թվականն արձանագրելով՝ Կոռիկոսցին թարգմանել եւ հայկական նյութով համալրել է «Պատմութիւն խրոնիկոնին…» ժամանակագրությունը: Վազգեն Հակոբյանը, որը հրատարակել է երկու ժամանակագրությունն էլ, «Մանր ժամանակագրությունների» առաջին եւ երկրորդ հատորներում, իրավացիորեն նկատում է, որ նախ գրվել է «Պատմութիւն խրոնիկոնին…» ժամանակագրությունը, որից հետո նրա նյութերը հիմնական աղբյուր են դարձել «Համառոտ պատմութիւն ժամանակաց…» ժամանակագրության համար 72: Սա նշանակում է, որ ֆրանսագիր հեղինակների գործերից թարգմանելով Քրիստոսի ծնունդից մինչեւ իր ժամանակները (1294 թ. ) ձգվող «Պատմութիւն խրոնիկոնին…» ծավալուն ժամանակագրությունը եւ նրա մեջ որոշ հավելումներ կատարելով՝ Հեթում Կոռիկոսցին որոշել է կազմել մի ավելի բազմաղբյուր՝ «հաւաքեալ ի զանազան պատմութեանց», բայց միաժամանակ համառոտ՝ 1076-1296 թվականներն ընդգրկող 73 եւ հայ հասարակության հետաքրքրասիրությունը բավարարող ժամանակագրություն, եւ հենց նույն 1296 թվականին պատրաստել է այն, վերնագրում, ինչպես «Պատմութիւն խրոնիկոնին…» գործում, զետեղելով նյութի բնույթը պարզաբանող, հեղինակի անունն ու գրության թվականը պարունակող տվյալներ. « Համառոտ պատմութիւն ժամանակաց հաւաքեալ ի զանազան պատմութեանց , այսինքն՝ ի Հայոց , ի Ֆռանկաց , ի Յունաց , ի յԱսորւոց գրենաց , աշխատութեամբ իմոյ , ծառայիս Աստուծոյ Հեթմոյ , տեառն Կուռիկաւսոյ , ի թվականիս Հայոց ՉԽԵ (1296)»:

Այս ժամանակագրությունը, հակիրճության եւ նյութի պարզության տեսակետից հանրամատչելի լինելով, հետագայում բազմաթիվ ընդօրինակություններ է ունեցել տարբերություն «Պատմութիւն խրոնիկոնին…» գործի), բայց նաեւ խմբագրվել, ավելի համառոտվել, որոշ օրինակներում՝ շարունակվել է:

Ինչպես նշվեց, այժմ հայտնի է «Համառոտ պատմութիւն ժամանակաց…» ժամանակագրության երեք խմբագրություն: Դրանք են՝

Ա խմբագրություն՝ Հեթում Բ թագավորի,

Բ խմբագրություն՝ Ներսես Պալիանենցի,

Գ խմբագրություն՝ Ստեփանոս քահանայի:

Այժմ ծանոթանանք խմբագրություններից յուրաքանչյուրի առաջացման հանգամանքներին, խմբագրողներին (հիմնավորելով նրանց ով լինելը) եւ ժամանակագրության հրատարակություններին:

Ա խմբագրություն

Ժամանակագրության Ա խմբագրությունը, որը մեզ է հասել երեք ընդօրինակությամբ, պատկանում է Հեթում Բ թագավորին: Այստեղ Հեթում Կոռիկոսցու ժամանակագրության մի ընդօրինակության մեջ, ձեռագիր՝ որը պատկանել է Հեթում Բ-ին, ընդմիջարկություններ են արվել հենց թագավորի կամ նրա քարտուղարի ձեռքով: Սույն խմբագրությունը պարունակում է Հեթում Կոռիկոսցու ժամանակագրության առավել ամբողջական տեքստը, իսկ մեզ հասած հնագույն օրինակը 1319 թվականից է (Հալեպի հայկական Քառասնից Մանկանց վանքի թիվ 6 ձեռագիր):

Ա խմբագրության հնությամբ երկրորդ ընդօրինակությունը (վերջից թերի է, հասնում է մինչեւ 1270 թվականը) պահպանվել է 1382-1404 թթ. ժամանակամիջոցում կազմված ժամանակագրական նյութերի ժողովածուի մեջ 74, որը պահվում է Բրիտանական թանգարանում (Or. 5458, թերթ 135բ-142բ, Մատենադարան, դրսի մանրաժապավեն՝ 360): Ա խմբագրության երրորդ ընդօրինակությունը 1724 թվականից է (Մատենադարան, ձեռ. թիվ 663, թերթ 246ա-252բ): Այս վերջին ձեռագիրն էլ հիմք ընդունելով՝ Վազգեն Հակոբյանն իրականացրել է ժամանակագրության համեմատական բնագրի հրատարակությունը «Մանր ժամանակագրությունների» առաջին հատորում (ցավոք նա ծանոթ չի եղել Ա խմբագրության հնագույն օրինակին, իսկ Բրիտանական թանգարանի օրինակի՝ միայն վերնագրին ու սկսվածներին):

Իր ունեցած Ա խմբագրության միակ օրինակի՝ ուշ շրջանի ձեռագրերին բնորոշ աղավաղումներ ունեցող տեքստը 75 Վ. Հակոբյանը համեմատել է Մատենադարանի եւս չորս ձեռագրի 76 (որոնցից 3-ը պատկանում են Բ խմբագրությանը, մեկը՝ Գ խմբագրությունն է) եւ ժամանակագրության՝ Վենետիկի 1842 թ. հրատարակության հետ: Թեեւ բնագիրը հրատարակվել է ձեռագրերից չորսում պահպանված վերնագրով, ուր նշված է հեղինակի անունը («…. աշխատութեամբ իմոյ՝ ծառայիս Քրիստոսի Աստուծոյ Հեթմոյ, տեառն Կուռիկօսայ…»), սակայն Վ. Հակոբյանը գործը վերագրել է Հեթում Բ թագավորին՝ հիմնականում ելնելով ժամանակագրության երկու հատվածում եղած տեղեկություններից, որոնք վերաբերում են վերջինիս պապի ու մոր մահվանը եւ նշված են՝ «պապն իմ», «մայր իմ» ձեւակերպումներով 77: Ժամանակագրությունը Հեթում Բ-ին վերագրելու մյուս կռվանն էլ Բրիտանական թանգարանում պահվող ընդօրինակության վերնագիրն է, որտեղ «Հեթմոյ, տեառն Կուռիկօսայ» բառերի փոխարեն նշված է «Հովհաննես սպասաւոր բանի», որը Հեթում Բ-ի հոգեւորական դառնալուց հետո ընդունած անունն է։ Վ. Հակոբյանի ներկայացրած բացահայտումն առաջին հայացքից այնքան տպավորիչ է թվացել, որ նրա տեսակետը միանգամից ընդունվել է հայագիտության մեջ, եւ ուսումնասիրողներն այդուհետեւ սկսել են Ժամանակագրությունը կոչել «Հեթում Բ-ի տարեգրություն»՝ ըստ «Մանր ժամանակագրություններում» բնագրին նախորդող հետազոտական մասի վերնագրի 78 ։

Սակայն այդ վերագրումն ընդունելի չէ, քանի որ Հեթում Բ-ի «պապն իմ», «մայր իմ» ձեւակերպումներով ժամանակագրական միավորները, ինչպես նաեւ մի քանի այլ տեղեկություններ (1293, 1294 թթ. ), որոնք վերաբերում են հենց Հեթում Կոռիկոսցուն եւ որոնցում նա ներկայացված է ոչ դրական լույսի ներքո, հետեւաբար՝ դրանց հեղինակը չէր կարող լինել, նաեւ 1296 թ. Հեթում Բ-ի դեմ ըմբոստության հատվածը (այդ մասին նշվեց վերեւում), խմբագրողի կատարած հավելումներն են 79: Հենց այդ ընդմիջարկություն-հավելումներով էլ հատկանշվում է Ա խմբագրությունը եւ տարբերվում ժամանակագրության Բ եւ Գ խմբագրություններից:

Հեթում Կոռիկոսցու ԺամանակագրությանԱ խմբագրությանառաջին հրատարակությունը տեղի է ունեցել «Մանր ժամանակագրությունների» տպագրությունից շուրջ երկու տասնամյակ առաջ, Հալեպի Քառասնից Մանկանց վանքում պահվող Օշին թագավորի 1319 թ. Ժամագրքի նյութերի շարքում՝ աշխատասիրությամբ Արտավազդ արքեպիսկոպոս Սյուրմեյանի (1889-1951) 80: Սա Հեթում Կոռիկոսցու Ժամանակագրության առայժմ հայտնի ամենավաղ ընդօրինակությունն է, որը Հեթում Բ-ի խմբագրության ընդմիջարկություններն ունենալով հանդերձ, վերնագրում կրում է բուն հեղինակի՝ Հեթում Կոռիկոսցու անունը (ինչպես որ Մատենադարանի թիվ 663 մատյանը): Օշինյան ձեռագրի Հակոբ անունով գրիչը, որը Հեթում Բ-ի եւ Հեթում Կոռիկոսցու կրտսեր ժամանակակիցն էր եւ բնականաբար ճանաչում էր հեղինակին, Ժամանակագրության վերնագրում անփոփոխ է թողել նրա անունը: Կամ, այլ կերպ ասած, նրա ձեռքին եղած նախօրինակը վերնագրում ընդմիջարկություն չի ունեցել, ինչպիսին ունի Բրիտանական թանգարանի օրինակը:

Մեր կարծիքով Հեթում Կոռիկոսցու Ժամանակագրության՝Հեթում Բ-ին պատկանած եւ տեքստի մեջ վերը նշված ընդմիջարկություններն ունեցող օրինակը, թագավորի անակնկալ սպանությունից հետո (1307 թ. ) մնացել է արքունիքում, եւ 1319-ին դրանից ընդօրինակություն է կատարել Օշինի ժամագրքի գրիչը: Վերջինս հիշատակարանում նշում է, որ Օշին թագավորը ձեռագիրը գրելու հանձնարարություն է տվել արքունիքի ավագերեց Թորոսին, սա էլ իր հերթին՝ գրչին («…աղաչեմ յիշել ի Տէր ըզտէր Թորոս աւագերեց զդրան արքունի, որ ետ զգիրս զայս գրել…») 81: Դրանից որոշ ժամանակ անց (մինչեւ 1380-ական թվականները), ինչ-որ մեկն ուշադրություն դարձնելով ժամանակագրության մեջ եղած «պապն իմ», «մայր իմ» նշումներով ժամանակագրական միավորներին եւ հասկանալով, որ դրանք Հեթում Բ-ին են վերաբերում, իր ունեցած օրինակի վերնագրում «Հեթմոյ տեառն Կուռիկօսայ» (21 տառանիշ) բառերը ջնջելով՝ դրանց տեղում գրել է «Հովհաննես սպասաւոր բանի» (21 տառ), որից էլ կատարվել է Բրիտանական թանգարանի ձեռագրի ընդօրինակությունը: Կարելի է ասել, որ փաստորեն, ընդմիջարկությունների պատճառով հեղինակի անունը փոխելու (Հեթում Կոռիկոսցու գործը Հեթում Բ-ին վերագրելու) այս նույն պատմությունը մեկ անգամ էլ կրկնվել է 20-րդ դարում:

Բարեբախտաբար, Հեթում Կոռիկոսցու ժամանակագրության Բ եւ Գ խմբագրություններն այլ ճանապարհ են անցել եւ զերծ մնացել Ա խմբագրությանը հատուկ ընդմիջարկություններից, որոնք, բնականաբար, բացակայում են նաեւ ժամանակագրության հիմնական աղբյուրի՝ «Պատմութիւն խրոնիկոնին» գործի մեջ: Բայց հատկանշական է, որ այդտեղ առկա է Հեթում Կոռիկոսցու նշումը իր հոր՝ Օշին պայլի մահվան մասին՝ «ՌՄԿԵ (1265)… վախջանեացաւ թագաւորեղբայրն Հայոց պարոն Աւշին, տէրն Կուռիկաւսոյ ԻԵ (25) աւրն ի դեկտեմբռն, ի Նոյէլին գիշերն» 82: Եւ հասկանալի է, որ այդ տվյալը Հեթում Կոռիկոսցին փոխանցել է նաեւ իր ժամանակագրության մեջ. «ՉԺԴ (1265) Վախճանեցաւ պարոն Աւշին թագաւորեղբայրն Հայոց, տէրն Կուռիկոսոյ, ԻԵ (25) ի դեկտեմբերի, յուրբաթ» 83 ։

Այն, որ հենց Հեթում Կոռիկոսցին է քննության առարկա ժամանակագրության հեղինակը, հստակ իմացել է նաեւ նրա ու Հեթում Բ-ի մեկ այլ կրտսեր ժամանակակից՝ Ներսես Պալիանենցը, որն իր աշխատության մեջ անդրադառնալով խաչակիրների քաղաքների գրավմանը, ընթերցողին ծանուցում է Հեթում Կոռիկոսցու հեղինակած Ժամանակագրության մասին՝ «…այլ եւս գտանես զսայ ի գաւազանագիրքն պարոն Հեթմո տեառն Կօռիկոսոյ, որ գրեմք ի յետո գրոցս» 84, եւ իր խոստման համաձայն, այդ ժամանակագրությունը տեղադրում է նույն մատյանում, իր գործից հետո:

Ժամանակագրության 1246-1296 թվականներն ընդգրկող հիմնական հատվածը «Մանր ժամանակագրություններից» թարգմանվել է ռուսերեն 85:

Բ խմբագրություն

Ժամանակագրությունն առաջին անգամ հրատարակվել է Բ խմբագրության հիման վրա: 1842 թ. Մ. Ավգերյանը Հեթում Կոռիկոսցու «Ծաղիկ պատմութեանց» երկի գրաբար թարգմանության գրքի վերջում, որպես հավելված զետեղել է Վենետիկի ձեռագրերից քաղված այս ժամանակագրության բնագիրը, հետեւյալ վերնագրով. «Ժամանակագրութիւնք երեք հարիւր եւ մէկ ամաց կարճ ի կարճոյ հաւաքեալ ի զանազան պատմութեանց՝ Հայ, Ֆռանկ եւ Ասորի, շարագրեալ պարոն Հեթմոյ տեառն Կոռիկոսոյ եւ արար զայս բանք ի թուին Հայոց ՇԽԵ եւ յամի մարդեղութեան Տեառն ՌՄՂԶ» 86: Դժվար չէ նկատել, որ վերնագիրը հետագա ընդմիջարկության շերտ ունի, որտեղ նշված է ժամանակագրության՝ 301 տարի ընդգրկելու մասին, որը չի համապատասխանում ո՛չ բուն ժամանակագրության ընդգրկմանը՝ 1076-1296 թթ. (220 տարի), ո՛չ էլ վենետիկյան հրատարակության մեջ տեղ գտած, լրացված տարբերակին՝ 1076-1307 թթ. (231 տարի): Հեթում Կոռիկոսցու Ժամանակագրությունը Վենետիկի հրատարակությունից ֆրանսերեն է թարգմանել Է. Դյուլորիեն եւ հայերենի հետ հրատարակել է 1869-ին՝ “Table Chronologique de Héthoum, Comte de Gorigos’’ վերնագրով 87:

Վերնագրում եղած հավելումը Բ խմբագրության առանձնահատկություններից մեկն է, բայց ոչ միակը, քանի որ այն նաեւ բնագրում ունի զգալի կրճատումներ (դա ակներեւորեն երեւում է ստորեւ երեք խմբագրությունների զուգադիր հրատարակության մեջ), միաժամանակ շարունակվել է 1296 թվականից հետո տեղի ունեցած դեպքերի արձանագրմամբ: Բ խմբագրության առայժմ հայտնի ձեռագրերը թվով ութն են եւ դրանցից առնվազն չորսը 88 թույլ են տալիս պարզելու, թե որտեղից է ծագում վերնագրի՝ 301 տարվա մասին նշումը: Այդ ձեռագրերում ժամանակագրությունը շարունակված է մինչեւ Կիլիկիայի Հայոց թագավորության անկումը, թագավորական ընտանիքի եւ ավագանու գերեվարությունը Եգիպտոս (ըստ հավելման հեղինակի՝ 1374 թ., իրականում՝ 1375 թ. ), իսկ ժամանակով ամենավերջին դեպքը վերաբերում է գերության մատնված, բայց սուլթանի թույլատվությամբ Երուսաղեմ ուխտի մեկնած Մարիուն թագուհու մահվանը, որը տեղի է ունեցել 1377 թ. (թագուհին թաղվել է Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանքի մուտքի մոտ): Հենց այս թվականի առկայությունն էլ, մեր կարծիքով, հիմք է հանդիսացել ժամանակագրության վերնագրում 301 տարվա ընդգրկման մասին հավելում կատարելու համար (1377-1076 = 301) 89: Հետաքրքիր է, որ Բ խմբագրության Մատենադարանում պահվող հնագույն ձեռագիրը (թիվ 2037), որը 1421 թվականից է, եւ որի մեջ ժամանակագրությունը շարունակված է մինչեւ 1351 թ., վերնագրում չի ունեցել նշում 301 տարվա մասին, բայց հետագայում այն ավելացվել է, որպես ընդմիջարկություն:

Ժամանակագրության Բ խմբագրության հեղինակ-խմբագրողի ինքնության վերաբերյալ ցայժմ եղած միակ կարծիքը պատկանում է հայագետ Գեւորգ Տեր-Վարդանյանին, որը նկատի ունենալով ժամանակագրության այս տարբերակի առկայությունը Ներսես Պալիանենցի՝ Վենետիկում պահվող ինքնագիր մատյանում, հենց վերջինիս է համարում խմբագիր 90: Սա միանգամայն ընդունելի տեսակետ է: Պետք է ասել, որ այդ ձեռագրում Ներսես Պալիանենցի հավելումներով ժամանակագրությունը հասնում է մինչեւ 1351 թ. (նա մահացել է մոտ 1363 թվականին), բայց դրանից հետո շարունակվել է այլ լրացնողի ձեռքով եւ վերջում ունի Մարիուն թագուհու մահվան մասին վերոնշյալ տվյալը:

Վերջում ավելացնենք, որ թերեւս պատահական զուգադիպությամբ, ժամանակագրության այս խմբագրությունը եզրափակվում է բուն հեղինակի անմիջական ժառանգի մասին տեղեկությամբ, քանի որ Մարիուն թագուհին (Օշին պայլի դուստրը) 91 Հեթում Կոռիկոսցու թոռնուհին էր:

Գ խմբագրություն

Հեթում Կոռիկոսցու Ժամանակագրության ընդօրինակությունների մեջ նախորդ երկու խմբի ձեռագրերից առանձնանում է Մատենադարանի թիվ 5599 մատյանի (Ժողովածու) տեքստը, որը տարբերվում է նախ վերնագրով, որտեղ չի նշված հեղինակի անունը, ապա բովանդակությամբ, որը խիստ կրճատված է 92: Հնարավոր է, որ վերնագրում հեղինակի անվան եւ հարակից մի քանի բառերի դուրս թողնելը նույնպես տեքստի համառոտման միտումի արտահայտություն է, կամ էլ 1347 թ. ձեռագիրն ընդօրինակող Ուրել գյուղի քահանա Ստեփանոսը դավանաբանական նկատառումներով լատինական կողմնորոշման ակնառու ներկայացուցիչ հեղինակի անունը միտումնավոր է կրճատել 93: Այստեղ Ժամանակագրությունը շարունակված է 1307-1341 թթ., որին հաջորդող 1342-1345 թթ. մի քանի տեղեկություններ (խառը հերթականությամբ) տեղական (գավառական) նշանակության դեպքերի մասին են 94, իսկ վերջին նշումը 1355 թ. վերաբերյալ է: Այս օրինակն էլ ժամանակագրության Գ խմբագրություն համարելով՝ պայմանականորեն խմբագրող ենք համարում գրիչ Ստեփանոս քահանային:

Երեք խմբագրությունների եւ խմբագրողների մոտեցումների տարբերության հետաքրքիր պատկեր է ներկայացնում 1292 թ. ծռազատիկի մասին տեղեկությունը: Հայտնի է, որ Հեթում Բ թագավորի հրամանով, այդ թվականին Կիլիկիան պաշտոնապես Զատիկը նշել է կաթոլիկ եկեղեցու հետ՝ նույն օրը, մինչդեռ ավանդապահ ժողովրդի մի մասը՝ Հայոց եկեղեցու սահմանած օրը, որը համընկել է նաեւ նեստորական ասորիների զատկական տոնին: Հեթում Կոռիկոսցին խմբագրություն) այդ մասին գրել է. «Յայսմ ամի մոլորումն եղեւ Զատկի, զի մոլորեցան Ասորիքն՝ Նեստորքն եւ բաժին մի՝ Հայոց»։ Մինչդեռ Ներսես Պալիանենցը խմբագրություն) մոլեռանդորեն մոլորված է համարել բոլոր հայերին 95, ընդ որում, ակնարկելով, որ նախկինում եւս նրանք մոլորված են եղել. «Յայսմ ամի եւս մոլորեցան զԶատիկն Հայք եւ Ասորիքն՝ Նստորք»: Ստեփանոս քահանան խմբագրություն), թերեւս հայ ավանդապահ հոգեւորականությունը ներկայացնելով, որեւէ մեկին չի մեղադրել, այլ միայն արձանագրել է ծռազատկի փաստը, որից պարզ էլ չէ, թե իրականում ով է եղել մոլորվողը՝ «Յայս ամի մոլորումն եղեւ Զատկին»:

 

Այսպիսով, ունենք Հեթում Կոռիկոսցու Ժամանակագրության երեք խմբագրություն: Դրանցից հնագույնը (Ա) Հեթում Բ-ի խմբագրությունն է, որը նրան պատկանած օրինակի վրա, մեր կարծիքով, թագավորի ցուցումով կատարել է նրա քարտուղարը 96: Այդ օրինակը Հեթում Բ-ի սպանությունից հետո մնացել է արքունիքում, այդ պատճառով էլ դրա բնագիրն արդեն 1319-ին նախօրինակ է դարձել Օշին թագավորի ձեռագրի համար, ավելի ուշ՝ ընդմիջարկյալի վերնագրով՝ Բրիտանական թանգարանի ձեռագրի գրչի համար: Իսկ Ներսես Պալիանենցի (Բ) եւ Ստեփանոս քահանայի (Գ) խմբագրությունները, թեեւ զերծ են մնացել Հեթում Բ-ի խմբագրության հավելումներից, բայց որոշ չափով համառոտվել եւ 1296 թվականից հետո շարունակվել են խմբագրողների ձեռքով:

Ավելացնենք, որ Հեթում Կոռիկոսցու ժամանակագրության մի օգտագործող-շարունակողն էլ եղել է Հայոց ջամբռլա (սենեկապետ) Հեթում Նղիրցին, որն իր ժամանակագրությունը (պահպանվել է Բրիտանական թանգարանի վերը նշված ձեռագրում, եզակի օրինակով) վերնագրել է Հեթում Կոռիկոսցու պես՝ «Համառօտ պատմութիւն ժամանակաց» եւ սկսելով 1099 թվականից՝ մինչեւ 1296 թվականը Կոռիկոսցու ժամանակագրությունից տասնյակ ժամանակագրական միավորներ է արտագրել նույնությամբ կամ փոքր կրճատումներով: Այս բնագիրը հրատարակած Լ. Տեր-Պետրոսյանը, 1296 թվականի ներքո եղած տեղեկությունը ծանոթագրելով, գրում է՝ «այստեղից սկսվում է Հեթում Նղիրցու սեփական շարադրանքը» 97 (դրանից հետո ժամանակագրությունը շարունակվում է մինչեւ 1344 թ. ):

Ամփոփելով կարող ենք ասել, որ Հեթում Կոռիկոսցու այս ժամանակագրությունը չունի ո՛չ ձեռագրերի ու խմբագրությունների, ո՛չ էլ հրատարակությունների պակաս, բայց միայն՝ բուն նյութի ամփոփման եւ հեղինակային տեքստի զտման, հավելումների առանձնացման կարիք, ինչն էլ պիտի փորձենք կատարել ստորեւ:

Ժամանակագրության ներկայացվող բնագիրը

Քանի որ Հեթում Կոռիկոսցու ժամանակագրությունը ծավալով փոքր է, նպատակահարմար գտանք տեքստը ներկայացնել երեք խմբագրությունների զուգադրմամբ, նմանություններն ու տարբերություններն ավելի ակնառու դարձնելու համար, մանավանդ նկատի ունենալով, որ Ա եւ Բ խմբագրություններն ունեցել են առանձին հրատարակություններ: Ամբողջական շարադրանքը տալիս ենք Ա խմբագրության սյունակում, իսկ մյուս երկու սյունակներում՝ նույն ժամանակագրական միավորի համար կրկնության դեպքում նշում ենք «Նույնը», իսկ բացակայության դեպքում՝ «Չիք»: Եթե ժամանակագրական միավորի տեքստը զգալիորեն տարբերվում է Ա խմբագրությունից, կամ համեմատության համար էական մանրամասներ է պարունակում, այն դնում ենք համապատասխան սյունակում՝ որպես այդ տեղեկության տարբերակ 98 ։

Ա խմբագրության տեքստում չակերտների մեջ դնելով եւ շեղ տառերով առանձնացրել ենք այն տողերը, որոնք հավանորեն ժամանակագրության մեջ են մուծվել խմբագրողի՝ Հեթում Բ թագավորի կամ նրա քարտուղարի ձեռքով։

Ծանոթագրությունները ներկայացվում են վերջում՝ ըստ հաջորդական տարեթվերի եւ ժամանակագրական միավորների (հանրահայտ դեպքերը եւ տեղանունները՝ օրինակ Կիլիկիա, Սիս եւ այլն, չենք ծանոթագրել) 99: Ծանոթագրություններում հաճախ վկայաբերում ենք տվյալ ժամանակագրական միավորի զուգահեռը Հեթում Կոռիկոսցու թարգմանած եւ լրացրած «Պատմութիւն խրոնիկոնին» ժամանակագրությունից՝ առաջին հերթին աղբյուրը եւ նմանությունը ցույց տալու համար, միաժամանակ դրանցում երբեմն լինում են հավելյալ անվանումներ եւ բառեր, որոնք ավելի են հստակեցնում հրատարակվող բնագրում եղած տեղեկությունները (օրինակ՝ 1202, 1208, 1210, 1220, 1259, 1260, 1282 թթ. միավորները եւ այլն):

Ժամանակագրության երեք խմբագրությունները ներկայացվում են հետեւյալ ձեռագրերով եւ հրատարակություններով.

Ա խմբագրություն
(Հեթում Բ թագավորի)

Ա1 - Օշին թագավորի Ժամագիրք, 1319 թ., գրիչ՝ Հակոբ քհ., հանձնարարող՝ «Թորոս աւագերեց զդրան արքունի», ստացող՝ Օշին թագավոր (Հալեպի Ս. Քառասնից մանկանց վանքի հավաքածու, ձեռ. 6, էջ 1002-1014), հրատ. ՝ Նկարագիր Օշին թագաւորի ձեռագիր Ժամագիրքին, 1319, նկարագրեց Արտաւազդ արքեպիսկոպոս, Անթիլիաս, 1933, էջ 93-101։

Տեքստի առանձնահատկություն - «եղբայր» բառը որոշ տեղերում գրված է «աղբայր»:

Ա2 - Ժամանակագրական նյութերի ժողովածու, մոտ. 1382-1404 թթ. (Բրիտանական թանգարան, Or. 5458, թերթ 135բ-142բ, Մատենադարան, դրսի մանրաժապավեն՝ 360): Այս օրինակում ժամանակագրությունն ավարտվում է 1270 թվականով (թերի է)։

Ա3 - Ժողովածու, 1724 թ., գրիչ՝ Պետրոս վրդ. Աստապատցի, վայր՝ Երուսաղեմ, Հալեպ (Մատենադարան, ձեռ. թիվ 663, թերթ 246ա-252բ), հրատ., Մանր ժամանակագրություններ, 13-18-րդ դդ., հ. 1, կազմեց՝ Վ. Հակոբյան, Երեւան, 1951, էջ 37-80։

Տեքստի առանձնահատկություն - Վերնագրից բացի գրիչն ամենուր Հեթում անձնանունը գրում է «Հեդոմ»։ Տողատակերում Ա3 ձեռագրի հղումները ոչ այնքան տարընթերցումներ են մատնանշում, որքան ուշ շրջանի ընդօրինակության հետեւանք հանդիսացող գրչական սխալներ ու վրիպումներ, սակայն դրանցից առավել ակնառուները նշում ենք, քանի որ այս օրինակն է դարձել Ժամանակագրության 1951 թ. հրատարակված համեմատանկան բնագրի հիմք (որից կատարվել է նաեւ ռուսերեն թարգմանությունը), եւ այդ տեքստը լայն տարածում է գտել գիտական գրականության մեջ։

Բ խմբագրություն
(Ներսես Պալիանենցի)

Բ1 Վենետիկի Մխիթարյանների մատենադարանի ձեռագրերից մեկի հիման վրա կատարված հրատ. ՝ Հեթում պատմիչ թաթարաց, յեղեալ ի լատին օրինակէ ի հայ բարբառ ի ձեռն Հ. Մկրտիչ վարդապետի Աւգերեան, Վենետիկ, 1842 (որպես հավելված), էջ 77-86։

Բ2 Ժողովածու, 1421 թ., գրիչ՝ Ֆրա Հովսէփ, վայր՝ Կաֆա, (Մատենադարան, ձեռ. թիվ 2037, թերթ 145ա-146բ)։

Տեքստի առանձնահատկություն Սկզբում (մինչեւ 1104 թ. ) Հայոց թվականից հետո նշված է նաեւ Փրկչական թվականը։

Բ3 Ժողովածու, 1700 թ., գրիչ՝ Մարգար Զմյուռնիացի, վայր՝ Կոստանդնուպոլիս (Մատենադարան, ձեռ. թիվ 3079, թերթ 215բ-221բ)։ Այս օրինակն օգտագործվում է միայն բուն Ժամանակագրությանը հաջորդող հավելումները նշելու համար, քանի որ կրկնում է միաժամանակ Բ1 եւ Բ2 օրինակներում եղած բոլոր տարընթերցումները: Ամենավերջին տեղեկությունը համեմատված է նաեւ Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց վանքի թիվ 995 ձեռագրում (Մատենադարան, դրսի մանրաժապավեն՝ 890) եղած ժամանակագրության համապատասխան հատվածի հետ:

Գ խմբագրություն
(Ստեփանոս քահանայի)

Գ1 - Ժողովածու, 1347 թ., գրիչ՝ Ստեփանոս քհ., վայր՝ Ուրել գյուղ (Մատենադարան, ձեռ. թիվ 5599, թերթ 219ա-221բ)։

Տեքստի առանձնահատկություն - «Օ» հնչյունն արտահայտելու համար «աւ»-ը «օ» գրելով՝ գրիչն այդ տառն է գործածում նաեւ «աւ» երկհնչյունի տեղում, օրինակ Դաւիթի փոխարեն՝ Դօիթ։ Մենք տալիս ենք ուղիղ ձեւը։ Այս օրինակում Ժամանակագրության ավարտին հաջորդող շարունակությունը տրված է թվականների խառը հերթականությամբ (տե՛ս Մժ, հ. 1, էջ 88), մենք տալիս ենք ժամանակագրական հաջորդականությամբ։

 

Տողատակերում կիրառվում է՝

- փոխարեն բառի համար՝ ] նշանը 100,

- չկա (չիք) բառի փոխարեն՝ > նշանը,

- հաւելումների դեպքում՝ + նշանը:

 

 

1 Ֆ. Ֆէյտի, Հեթում Պատմիչ հեղինակ «Ծաղիկ պատմութեանց Արեւելեան Աշխարհի» գրքին, Փարիզ, 1939, էջ 7:
2 Մանր ժամանակագրություններ, 13-18-րդ դդ., հ. 2, կազմեց՝ Վ. Հակոբյան, Երեւան, 1956, էջ 33-114 (այսուհետեւ՝ Մժ, հ. 2):
3 Մանր ժամանակագրություններ, 13-18-րդ դդ., հ. 1, կազմեց՝ Վ. Հակոբյան, Երեւան, 1951, էջ 65-87 (այսուհետեւ՝ Մժ, հ. 1): Ժամանակագրության հեղինակի ինքնության պարզաբանումը տե՛ս Կ. Մաթեւոսյան, Հեթում Կոռիկոսցու ժամանակագրությունը եւ նորահայտ ժամանակագրական լրացումները, Լ. Խաչիկյանի 90-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի նյութեր, Երեւան, 2010, էջ 119-149:
4 Նկարագիր Օշին թագաւորի ձեռագիր Ժամագիրքին, 1319, նկարագրեց Արտաւազդ արքեպիսկոպոս, Անթիլիաս, 1933, էջ 93-101:
5 Սմբատայ Սպարապետի Տարեգիրք, Վենետիկ, 1956, էջ 244:
6 Claude Mutafian, Héthoum de Korykos historien armenien un prince cosmopolite a l’aube du XIV e siècle, “Cahiers de recherches médiévales” No. 1, Orléans, 1996, pp. 157-174:
7 Claude Mutafian, Héthoum de Korykos, p. 161.
8 Հեթում Կոռիկոսցին Հեթում Ա թագավորի եղբոր որդին էր, իսկ նրա կին Զաբելը, նույն Հեթում թագավորի Մարիամ դստեր (ամուսինը՝ Կիպրոսի սենեշալ Բալդուինի որդի Գի Իբելինացի) դուստրը։ Տե՛ս Claude Mutafian, Héthoum de Korykos, p. 161, 176.
9 Նույն տեղում, հմմտ. աստ, հավելված 2:
10 Երկուսն էլ սպանվել են 1329 թ. Լեւոն Ե (IV) (1320-1342) թագավորի հրամանով, որի խնամակալներն էին։ Նույն թագավորի հրամանով Կոռիկոսը խլվեց այս տոհմից (այս մասին հանգամանորեն տե՛ս Լ. Տեր-Պետրոսյան, Խաչակիրները եւ հայերը, հ. Բ, Երեւան, 2007, էջ 395-406)։
11 Ձեռագրում առկա են Կիլիկիայի պատմությանը վերաբերող նյութեր, զանազան ցանկեր, Հեթում Հեղիի թարգմանությունները, նաեւ Սամվել Անեցու ժամանակագրության մի ընդօրինակությունը, որն այստեղ շարունակված է մինչեւ 1271 թ.: Հեթում Կոռիկոսցու պատվիրած նյութերը հավանաբար այս մատյանի միայն մի մասն են կազմում: (տե՛ս Codices Armeni bybliotheae Vaticanae Borgiani Vaticani Barberiniani Chisiani, Rome, 1928, p. 216-221, Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, ԺԳ դար, կազմեց Ա. Մաթեւոսյան, Երեւան, 1984, էջ 610):
12 Մայր ցուցակ հայերէն ձեռագրաց մատենադարանին Մխիթարեանց ի Վենետիկ, հ. Ը., Յօրինեց Ս. Ճեմճեմեան, Վենետիկ, 1998, էջ 721-722, Ղ. Ալիշան, Սիսուան, Վենետիկ, 1885, էջ 337։
13 Այս մասին հանգամանորեն տե՛ս Լ. Տեր-Պետրոսյան, Խաչակիրները եւ հայերը, հ. Բ, էջ 337-379։
14 Բնագիրը հրատարակվում է ստորեւ, նախորդ հրատարակությունները տե՛ս Նկարագիր Օշին թագաւորի ձեռագիր Ժամագրքին, 1319, նկարագրեց Արտաւազդ արքեպիսկոպոս, Անթիլիաս, 1933, էջ 100, հմմտ. ՄԺ, հ. 1, էջ 86-87։
15 Նույն տեղում:
16 Ն. Ակինեան, Գրախօսական, «Հանդէս ամսօեայ», 1957, էջ 507:
17 Հեթում Կոռիկոսցու պատմության այս հատվածը դուրս է թողնված նրա երկի 1842 թ. հայերեն թարգմանությունից, տե՛ս Hayton, La Fleur des Histoires de la terre d’Orient, “Recueil des historiens des Croisades” Documents Arméniens, t II, Paris, 1906, p. 209-210 (այսուհետեւ՝ Hayton): Կիլիկյան գահի շուրջ ծավալված հիշյալ դեպքերի մասին հանգամանորեն տե՛ս Լ. Տեր-Պետրոսյան, Խաչակիրները եւ հայերը, հ. Բ., էջ 348-360:
18 «Իբրեւ դարձաւ արքայն Հայոց առ Ղազան, եգիտ զի քաղաքն Ղազանայ անձնատուր էր եղեալ հանդերձ ամենայն գանձու… զոր Ղազան ճոխաբար առատաձեռնութեամբ բաժանեաց ի մէջ իւրոցն եւ հարստացոյց զնոսա։ Ես՝ եղբայր Հեթում, զայս ամենայն աչօք տեսի, զի առաջիկայ էի։ Այն էր սքանչելի, զի Ղազան այր փոքրահասակ եւ տգեղ դիմօք, ի միում աւուր խորտակեաց զթշնամիս եւ յաւուր երկրորդի զամենայն ճոխութիւնս առատաձեռնօրեն բաշխեաց ի մէջ իւրոցն…» (Հեթում պատմիչ թաթարաց, յեղեալ ի լատին օրինակէ ի հայ բարբառ ի ձեռն Հ. Մկրտիչ վարդապետի Աւգերեան, Վենետիկ, 1842, էջ 62, այսուհետեւ՝ Հեթում Պատմիչ):
19 Հ. Աճառյան, Հայոց անձնանունների բառարան, հ. Գ, Երեւան, 1946, էջ 73-74: 14-րդ դ. կեսերին այս օրդենը Եվրոպայում շուրջ 1300 վանք ուներ։
20 Օշին Կոռիկոսցին գահաժառանգ Լեւոն Ե (IV)-ի չորս խնամակալներից ամենաազդեցիկն էր եւ ամուսնացել էր վերջնինս մոր՝ 1320-ին մահացած Օշին թագավորի այրու՝ Յովհաննա Անժուացու հետ: Այս մասին տե՛ս Լ. Տեր-Պետրոսյան, Խաչակիրները եւ հայերը, հ. Բ, էջ 395-404։
21 Ղ. Ալիշան, Սիսուան, էջ 484, Տարեգիրք Սմբատայ Սպարապետի, Փարիզ, 1859, էջ 137, Հ. Աճառյան, Հայոց անձնանունների բառարան, էջ 73 եւ այլն:
22 Լ. Տեր-Պետրոսյան, Խաչակիրները եւ հայերը, հ. 1, Երեւան, 2005, էջ 120:
23 Նույն տեղում, էջ 121: 1310 թ. Կիպրոսի կառավարիչ Ամորին դավադրաբար սպանվեց:
24 Հայ ուսումնասիրողները երբեմն վերնագրում նախընտրում են օգտագործել «ծաղկաքաղ» բառը:
25 Hayton, p. 113, 253, տե՛ս նաեւ Ֆ. Ֆէյտի, Հեթում Պատմիչ հեղինակ…, էջ 9:
26 Հեթում Պատմիչ, էջ 67-68 (վերածել ենք աշխարհաբարի): Վերջին հատվածի գրաբարում նշվում է, թե Կոռիկոսցին լսել է «ի քեռւոյ իւր», բայց խոսքը Հեթում Ա թագավորի մասին է, որը նրա հորեղբայրն էր: Պատճառը «oncle» բառն է, որն օգտագործվում է ե՛ւ քեռու, ե՛ւ հորեղբոր պարագայում: Իսկ հետագա դեպքերին ականատես լինելու մասին բազմաթիվ օրինակներ կարելի է գտնել նրա երկում: Հատկապես ուշագրավ է վկայությունը թաթար խաների վրանը երկիցս անձամբ տեսած լինելու մասին (Նույն տեղում, էջ 32):
27 Հեթումը երբեմն տալիս է որոշ գրքերի ու հեղինակների անուններ (Տե՛ս Հեթում Պատմիչ, էջ 19, 30, 31, 36) որոնցից օգտվել է, բայց ինչպես երեւում է Նիկոլաս Ֆալկոնի խոսքերից, դա արել է հիշողությամբ:
28 Մարի-Աննա Շեվալիե, Կիլիկյան Հայաստանի եւ հոգեւորասպետական միաբանությունների փոխհարաբերությունների պատմությունից, Երեւան, 2007, էջ 20-21:
29 Մարի-Աննա Շեվալիե, նշվ. աշխ., էջ 21:
30 Ֆ. Ֆեյտի, Հեթում Պատմիչ հեղինակ, էջ 8, 17, 23:
31 Նույն տեղում, էջ 26:
32 Նոր խաչակրության նախագիծն անձամբ Հռոմի պապին ներկայացնելու համար ընտրելով առավել արդյունավետ ճանապարհ՝ ներկայանալով կաթոլիկ վանականի հանգամանքով, կարծում ենք, որ Հեթում Կոռիկոսցին ծրագիրը նախապես համաձայնեցրել էր Հայոց թագավոր կամ այդ պահին՝ ավագ պարոն Հեթում Բ-ի եւ Կիպրոսի կառավարիչ Ամորիի (որի կինը Հեթում Բ-ի քույրն էր) հետ: Հեթումի գիրքը բարձր են գնահատել եվրոպացի եւ ռուս հետազոտողները (այս մասին տե՛ս Լ. Բաբայան, Դրվագներ Հայաստանի զարգացած ֆեոդալիզմի դարաշրջանի պատմագրության, Երեւան, 1981, էջ 342-343): Նոր խաչակրության կազմակերպման համար Հեթում Կոռիկոսցու երկը դարձել է նաեւ շատերին ոգեւորող եւ նոր ծրագրերի համար օրինակ ծառայող մի գործ (տե՛ս Г. Абгарян, Архетип “Татарской хроники” Гетума, использованный в “Любекской хронике” Детмара, Պատմա-բանասիրական հանդես, 1978, N 1, էջ 157-170)։ Այն մեկ այլ տեսակետից արժեվորելով Մ. Զուլալյանը գրում է. «13-րդ դարի 50-80-ական թվականների հայ-մոնղոլական քաղաքական կապերի, մոնղոլների վարած արտաքին քաղաքականության հարցերը եւ ոչ մի պատմական աշխատության մեջ այնքան խորը ու բազմակողմանի չեն լուսաբանված, ինչպես դա արված է Հեթում պատմիչի հին ֆրանսերենով գրված «Ծաղկաքաղում» . Զուլալյան, Հայ ժողովրդի 13-18-րդ դարերի պատմության հարցերը ըստ եվրոպացի հեղինակների, գիրք Ա, Երեւան, 1990, էջ 77):
33 Լ. Տեր-Պետրոսյան, Խաչակիրները եւ հայերը, հ. Բ, էջ 367, 375:
34 Ռընե Գրուսեն այս կապակցությամբ գրում է. «Կիլիկյան բարձր հասարակության մի որոշ հատվածի՝ լատինականությանը հարելու շարժումը լուսաբանվում է Հեթում Կոռիկոսցու՝ «Հայթոն վանականի» օրինակով (ծնված 1230-1245 թթ., մահացած, անկասկած, 1314-ից հետո): Դա արքայական ընտանիքից սերած մի իշխան էր, հավանաբար Հեթում Ա թագավորի զարմիկներից մեկը: 1305 թվականին նա կաթոլիկ վանական դարձավ Կիպրոսի Լապայիս բնակավայրի Պրեմոնտրյան վանքում: Նա գրեց «Արեւելքի պատմություն» ֆրանսերեն աշխատությունը, որը 1307 թվականին Պուատիեում նվիրեց Կղեմես 5-րդ պապին, ցուցաբերելով ասիական խնդիրների փայլուն իմացություն եւ հանդես գալով որպես մոնղոլական դաշինքի հաստատամիտ կողմնակից» (Ռընե Գրուսե, Լեւանտի կայսրությունը, հայերեն թարգմանությունը տե՛ս Լ. Տեր-Պետրոսյան, Խաչակիրները եւ հայերը, հ. Ա, էջ 357):
35 Մայր ցուցակ հայերէն ձեռագրաց մատենադարանին Մխիթարեանց ի Վենետիկ, հ. Է, յօրինեաց Ս. Ճեմճեմեան, Վենետիկ, 1996, էջ 427-428:
36 Մեկ այլ ենթադրության համաձայն Հեթում Կոռիկոսցին կրկին Եվրոպա է գնացել եւ Պուատիեի վանքի աբբահայրը դարձել . Ալիշան, Սիսուան, էջ 339, Ֆ. Ֆեյտի, Հեթում Պատմիչ հեղինակ, էջ 9):
37 Հայերեն հատվածում թարգմանված է՝ «Հեթում մեծ Սպարապետն Հայոց» (Միաբանութիւն Հայոց սուրբ Եկեղեցոյն ընդ մեծի սուրբ Եկեղեցւոյն Հռովմայ, շարադրեալ… Կղէմէս վարդապետէ, հ. Ա, Հռոմ, 1690, էջ 504):
38 Claude Mutafian, Héthoum de Korykos, p. 172, Լ. Տեր-Պետրոսյան, Խաչակիրները եւ հայերը, հ. Բ, էջ 625:
39 Կոռիկոսը նշանավոր քաղաք եւ նավահանգիստ է եղել դեռեւս անտիկ շրջանում: Այստեղ հաստատված ծովահենները մեծ անհանգստություն են պատճառել հռոմեացիներին:
40 Claude Mutafian, Héthoum de Korykos, p. 161.
41 Ավետարանի հիշատակարանը որոշ կրճատումներով արտագրված է եղել 1608 թ. մի ժողովածուի մեջ (Մատենադարան, ձեռ. 5613), որից էլ 1948-ին հրատարակել է Վ. Հակոբյանը . Հակոբյան, Հեթում պատմիչի հիշատակարանը, ՀՍՍՌ ԳԱ «Տեղեկագիր», 1948, N 10, էջ 66-73), իսկ երկրորդ անգամ՝ Ա. Մաթեւոսյանը՝ 13-րդ դարի հիշատակարանների ժողովածուում (Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, ԺԳ դար, էջ 717-719
42 Շ. Աճէմեան, Հայոց սպարապետ Հեթում պայլի յիշատակարանը, «Հայերէն Աստուածաշունչը» (հայագիտական ուսումնասիրութիւններ), Երեւան, 2006, էջ 344-351:
43 Նույն տեղում, էջ 348: Ս. Էջմիածին, ձեռ. թիվ 1250, թերթ 448բ։ Հիշատակարանն ամբողջությամբ տե՛ս աստ, հավելված 2: «Պունառոյ» բառը գրիչը մանր տառերով ավելացրել է տողի վերեւում։
44 Սմբատ Սպարապետ, էջ 210:
45 Թ. Հակոբյան, Ստ. Մելիք-Բախշյան, Հ. Բարսեղյան, Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3, Երեւան, 1991, էջ 278, հ. 4, Երեւան, 1998, էջ 369:
46 Մ. Յովհաննէսեան, Հայկական Կիլիկիոյ բերդերն ու բերդաքաղաքները, Վենետիկ, 1989, էջ 245, 310:
47 ԺԴ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, կազմեց՝ Լ. Խաչիկյան, Երեւան, 1950, էջ 208:
48 Լ. Տեր-Պետրոսյան, Խաչակիրները եւ հայերը, հ. Բ, էջ 404:
49 Ամրոցի ճարտարապետության մասին տե՛ս Հ. Խալփախչյան, Հայաստանի պաշտպանական կառույցների հատակագծման կոմպոզիցիոն առանձնահատկությունները, «Հայկական արվեստ», 1, Երեւան, 1974, էջ 32:
50 Ղ. Ալիշան, Սիսուան, Վենետիկ, 1885, էջ 336, V. Langlois, Inscriptions Grecques, Romanes, Byzantines et Arméniennes de la Cilicie, Paris, 1854, p. 48.
51 Կոռիկոսի արձանագրության մեջ կարծեցյալ «Չ»-ն թվական համարելով Վ. Լանգլուան արձանագրությունը թվագրել է (700+551=1251), որի հետեւանքով այլ ուսումնասիրություններում նույնպես արձանագրությունը համարվել է 1251 թվականի: Մինչդեռ «Զ» տառը միանգամայն հստակ է (նույնությամբ կրկնվում է հաջորդ տողի «ԱԶԳԻՆ» բառում) եւ դրանով սկսվում է «ԶԱՐՄԻՆ» բառը: Կիլիկիայի Դեղընքար բերդի 1319 թ. չափածո արձանագրության մեջ Օշին թագավորը կոչվում է «ԹԱԳ(ԱՒ)ՈՐ ՀԱՅՈՑ ԶԱՐՄԻՆ» . Յովհաննէսեան, Հայկական Կիլիկիոյ բերդերը, էջ 94):
52 Արձանագրության երրորդ տողը հավելյալ վերծանության կարիք ունի:
53 Հիշատակարանն ամբողջությամբ տե՛ս գրքի վերջում (հավելված 2):
54 Arménie, La magie de l’écrit (sous la direction de Claude Mutafian), Samogy édition d’art, Paris, 2007, p. 330-331.
55 Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, ԺԳ դար, էջ 789, Մայր ցուցակ հայերէն ձեռագրաց մատենադարանին Մխիթարեանց ի Վենետիկ, հ. Ը էջ 593:
56 Լ. Տեր-Պետրոսյան, Խաչակիրները եւ հայերը, հ. Բ, էջ 52, 54:
57 Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, ԺԳ դար, էջ 873 (ձեռագիրը պահվում է Հալեպում, ձեռ. թիվ 39, գրչության վայրը, գրիչն ու ստացողն անհայտ են):
58 Մատենադարանի ձեռագրացուցակում համարվում է 13-րդ դարի մատյան (Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարանի, հ. Ա, կազմեցին՝ Օ. Եգանյան, Ա. Զեյթունյան, Փ. Անթաբյան, Երեւան, 1965, էջ 669): Քանի որ ձեռագրում Սամվել Անեցու Ժամանակագրությունը շարունակված է մինչեւ 1294 թ., ձեռագրի հաջորդ նյութը Հեթում Կոռիկոսցու՝ 1296-ին թարգմանած «Պատմութիւն խրոնիկոնին» գործն է, իսկ մյուս նյութերում եղած թվականները չեն հասնում 14-րդ դար, կարելի է ենթադրել, որ ձեռագիրը գրվել է 13-րդ դարի վերջին տարիներին:
59 ՄԺ, հ. 2, էջ 33-35: Հրատարակիչը «Պատմութիւն ազգին Ռովբինանց…» գործի տեքստը համեմատել է Մատենադարանի թիվ 3965 մատյանում եղած ընդօրինակության հետ (թերթ 88ա-91ա):
60 Վ. Հակոբյանը նկատում է, որ աշխատության վերջում նշվում է Հեթում Բ-ի ավագ քրոջ՝ Զապելի ամուսնությունը, որը տեղի է ունեցել 1293 թ, բայց չի նշվում մյուս քրոջ՝ Ռիթայի ամուսնությունը՝ 1294-ին (Մժ, հ. 2, էջ 94):
61 ՄԺ, հ. 2, էջ 108, ՄԺ, հ. 1, էջ 86:
62 ՄԺ, հ. 2, էջ 95, 107, 109, 110:
63 Հրատարակությունը տե՛ս Մժ, հ. 2, էջ 37-80: Երկի մեկ այլ օրինակ պահվել է Ղալաթիայի ազգային մատենադարանում (Բաբկէն կաթողիկոս, Ցուցակ ձեռագրաց Ղալաթիոյ Ազգային մատենադարանին Հայոց, Անթիլիաս, 1961, էջ 875):
64 Մարի-Աննա Շեվալիե, նշվ. աշխ., էջ 52, 64-65, 75:
65 Մժ, հ. 2, էջ 34: Բնագրում կատարվել են որոշ փոքր կրճատումներ (տե՛ս նույն տեղում, էջ 36):
66 С. Мирный, «La Flor des histoires de la terres d’Orient» Гайтона как историкогеографический источник по востоку и по истории монголов, «Вопросы востоковедения», 1956, т. V, стр. 73: Հեթում Կոռիկոսցու պատմությունը Փարիզում առաջին անգամ տպագրվել է 1510 թ., այնուհետեւ՝ 1517, 1529 եւ 1735 թթ., իսկ համեմատական բնագիրը ֆրանսիական ակադեմիան հրատարակել է 1906-ին (Hayton, p. 110-254), վերահրատարակվել է 2002-ին: Լատիներեն տպվել է 1529, 1532, 1555, 1585, 1671 թթ., իտալերեն՝ 1535, 1559, 1562 թթ., հոլանդերեն՝ 1563, 1664, տպագրվել է նաեւ անգլերեն (Լոնդոն, 1520), գերմաներեն (Ստրասբուրգ, 1534), իսպաներեն (Կորդոբա, 1595) եւ այլն (տե՛ս Հ. Աճառյան, Հայոց անձնանունների բառարան, հ. Գ, էջ 74-75, Ֆ. Ֆէյտի, Հեթում Պատմիչ հեղինակ…, էջ 8, Լ. Բաբայան, նշվ. աշխ., էջ 338, 390, տե՛ս նաեւ համացանցի՝ Wikipedia հանրագիտարանի գերմաներեն «Hethum von Korykos» հոդվածը): Ռուսերեն, Ն. Գորելովի ուսումնասիրությամբ ու ծանոթագրություններով տպագրվել է 2006-ին (Սանկտ-Պետերբուրգ): Երկի բազմաթիվ նորագույն այլ հրատարակությունների մասին տե՛ս համացանցում. http: //rbedrosian. com/hetumint. htm
67 «Ծաղիկ պատմութեանց... » գրքի միջնադարյան նկարազարդումների մասին տե՛ս Ֆ. Ֆէյտի, Հեթում Պատմիչ հեղինակ…, էջ 7-28: Բազմաթիվ նկարազարդումներ կարելի է տեսնել համացանցում.
http: //en. wikipedia. org/wiki/Hayton_of_Corycus
http: //crm. revues. org/index2262. html
http: //digitalgallery. nypl. org/nypldigital/dgtitle_tree. cfm?level=2&title_id=185689
http: //www. qantara-med. org/qantara4/public/show_document. php?do_id=1439&lang=en
68 Ա. Հովհաննիսյան, Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության, գիրք Ա, Երեւան, 1957, էջ 175:
69 Ա. Ազիզյան, Հատվածներ Հեթում պատմիչի «Արեւելքի երկրների պատմության ծաղկաքաղ»-ից, «Բանբեր Երեւանի Համալսարանի», 2003, N 3, էջ 101:
70 Պատմելով Հայոց թագավոր Հեթում Ա-ի Կարակորում մեկնելու եւ կնքված հայ-մոնղոլական դաշնագրի մասին՝ Կոռիկոսցին վկայաբերում է պայմանագրի բոլոր կետերը, որոնք ընդգծված հայանպաստ են: Հարցի հանգամանալից քննությամբ զբաղված Լ. Տեր-Պետրոսյանը, դրանք չափազանցություն համարելով, գրում է. «Մենք դիտավորյալ չանդրադարձանք Հեթում Կոռիկոսցու «Արեւելքի պատմության ծաղկաքաղ» գրքում ընդգրկված, այսպես կոչված, «Հայ-մոնղոլական պայմանագրին», քանի որ այն, որոշ պատմական ճշմարտություններ պարունակելով հանդերձ, ընդհանուր առմամբ արդյունք է հեղինակի անսահման երեւակայության եւ հետապնդում է զուտ քարոզչական նպատակներ», ապա ավելացնում՝ «Հեթում պատմիչը, Արեւմուտքի վրա տպավորություն գործելու նպատակով, հակված է չափազանցնելու հայ-մոնղոլական հարաբերությունների իրական դրությունը» . Տեր-Պետրոսյան, Խաչակիրները եւ հայերը, հ. Բ, էջ 315, 324):
71 Ա. Ազիզյան, Հատվածներ Հեթում պատմիչի…, էջ 102-103: Ուշագրավ է, որ գրքի առաջին մասում՝ Վրաստանին վերաբերող հատվածում, Հեթում Կոռիկոսցին նշում է, թե անձամբ եղել է այնտեղ (Հեթում պատմիչ, էջ 15):
72 Մժ, հ. 1, էջ 71-72:
73 «Պատմութիւն խրոնիկոնին... » գործի եւ «Համառօտ պատմութիւն ժամանակաց հաւաքեալ ի զանազան պատմութեանց... » ժամանակագրության ծավալային հարաբերության մասին պատկերացում կազմելու համար նշենք, որ Վ. Հակոբյանի աշխատասիրությամբ որոշ կրճատումներով հրատարակված առաջին բնագիրը «Մանր ժամանակագրություններում» . 2) կազմում է 1950 տող, իսկ երկրորդը . 1)՝ 458 տող:
74 Ա . Մաթեւոսյան , Հեթում Ախտուց տիրոջ եւ Վասիլ մարաջախտի ժամանակագրությունները , « Պատմաբանասիրական հանդես », 1963, N 4, էջ 184: Բրիտանական թանգարանի ձեռագիրը պարունակում է նաեւ Հեթում Կոռիկոսցու զավակների սերնդակից Հեթում Նղիրցու ժամանակագրությունը , որը վերջինս վերնագրել է Հեթում Կոռիկոսցու երկի նման՝ « Համառօտ պատմութիւն ժամանակաց » (117 բ ) եւ մեծապես օգտվել նրանից : Այս ժամանակագրությունն ունեցել է երկու հրատարակություն ( Ա . Մաթեւոսյան , նշվ . աշխ ., էջ 189-201, Լ . Տեր - Պետրոսյան , Խաչակիրները եւ հայերը , հ . Բ , էջ 537-553): Այս ձեռագրում պահպանվել է նաեւ Վասիլ մարաջախտի փոքրիկ ժամանակագրությունը եւ մի քանի այլ ժամանակագրական միավորներ :
75 Ինչպես կարելի է տեսնել ստորեւ հրատարակվող բնագրում, 1724 թ. մատյանում (Ա3) բազմաթիվ անձնանուններ եւ տեղանուններ աղավաղումներով են: Այդ տեքստի ակներեւորեն սխալ բառերը «Մանր ժամանակագրություններում» հրատարակվել են նույնությամբ, իսկ այլ ձեռագրերում եղած ճիշտ տարբերակները թողնվել են տողատակում: Օրինակ, տպված է «ՈԽԶ (1197)… զՃպէթն թաւօվ (sic) առին յանօրինաց», մինչդեռ այդ հրատարակության երեք ձեռագիր (բնականաբար նաեւ Ա խմբագրության մյուս երկու ձեռագրերը) տալիս են ճիշտ ձեւը՝ «…դաւով առին» (Մժ, հ. 1, էջ 77): Հրատարակված բնագրում Հեթում անունն ընդհանրապես գրված է «Հեդոմ» ձեւով, մինչդեռ Օշին թագավորի Ժամագրքում, Բրիտանական թանգարանի ձեռագրում (ինչպես եւ Ժամանակագրության մյուս բոլոր ձեռագրերում), այն «Հեթում» է: Ցավոք այդ հանգամանքը չի արտահայտված հրատարակության տողատակերում եւ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ բոլոր ձեռագրերն էլ «Հեդոմ» անվանաձեւն են կիրառել: Ուսումնասիրության մեջ Վ. Հակոբյանը գրում է. «աչքի ընկնող շեղումները տվել ենք տողատակ՝ բացառելով մանրամասնությունները (օր. Կոստանդին թե Կոստանտին, բերթն թե բերդն եւ այլն)» (անդ, էջ 73): Ինչպես երեւում է, նա այդ կարգի «մանրամասնությունների» շարքն է դասել նաեւ Հեթում-Հեդոմը, որն անընդունելի է: Տարօրինակ է նաեւ, որ գրքի անվանացանկում «Հեթում պատմիչ» անվան դիմաց հղում է տրված՝ «Հեդոմ Կոռիկոսի իշխան» (անդ, էջ 434), որով 1724 թվականի մատյանի տեքստում Հեթում անձնանվան աղավաղված ձեւը հրամցվել է որպես Հեթում Կոռիկոսցուն հատկանշող անվանաձեւ:
76 Վ. Հակոբյանը հիմնական՝ A օրինակ է համարել Մատենադարանի թիվ 663 ձեռագիրը (թերթ 246ա-252բ), մյուս ձեռագրերը նշվել են ռուսերեն այբուբենի տառերով՝ ը - ձեռ. թիվ 2037, (127ա, 145ա-146բ), 1421 թ., В - ձեռ. թիվ 7841, (303ա-306բ), Г - ձեռ. թիվ 3079, (215բ-221բ), Е - ձեռ. թիվ 5599, (219ա-221բ), 1347 թ., (սա Գ խմբագրության ձեռագիրն է), վերջապես՝ Д (տեքստի տողատակերում՝ D) վենետիկյան հրատարակությունը (Մժ, հ. 1, էջ 67-68):
77 ՄԺ, հ.. 1, էջ 65, 87։
78 Այս հրատարակության տեքստը, Վ. Հակոբյանի ներածականով, զետեղված է նաեւ համացանցում. Հայ մատենագրության թվանշային գրադարանում՝ http: //www. digilib. am/digilib/#scroll
79 Հարցի քննությունը տե՛ս Կ. Մաթեւոսյան, Հեթում Կոռիկոսցու ժամանակագրությունը…, էջ 127-133:
80 Նկարագիր Օշին թագաւորի ձեռագիր Ժամագիրքին, էջ 93-101:
81 Նկարագիր Օշին թագաւորի ձեռագիր Ժամագիրքին, էջ 101:
82 ՄԺ, հ. 2, էջ 73:
83 Նկարագիր Օշին թագաւորի ձեռագիր Ժամագիրքին, էջ 99:
84 ՄԺ, հ. 2, էջ 179: Ձեռագիրը (Մատենադարան, ձեռ. թիվ 2037) Ն. Պալիանենցի գործերի հին եւ ընտիր օրինակ է (տե՛ս Յու. Վարդանյան, Ներսես Պալիանենցին վերագրվող ժամանակագրական մի ցանկի մասին, «Պատմա-բանասիրական հանդես», 1980, N 3, էջ 191-202):
85 Армянские источники о монголах, перевод с древнеармянского, предисловие и премичания А. Г. Галстяна, Москва, 1962, с 71-78. : Ցավոք 1724 թ. մատյանից ծագող սխալները փոխանցվել են նաեւ ռուսերեն թարգմանությանը: Օրինակ, Ղազան խանի դեմ Ռումի մոնղոլական կառավարիչ Բալատուի («Պալթօ») ընդվզման հատվածը՝ «մրտեց Պալթօ ընդդէմ Խազանին», «Մանր ժամանակագրություններում» տպված է «մարտեաւ պաշտօն ընդդէմ Խազանին» (էջ 87), որը ռուսերենում դարձել է « [ государственные] чиновники восстали против Газана » . 77), Հեթում Ա-ի՝ ոմն Ալիճախի հետ Ուճ բնակավայր գնալու հատվածը՝ «Հեթում թագաւորն Հայոց գնաց ի յՈւճն, հետ Ալիճախին», «Մանր ժամանակագրություններում»՝ «Հեթում թագաւորն գնաց ի Յուճն, հետեւեալ՝ ի Ճախին» (էջ 82), ռուսերենում՝ « Царь Гетум отправился в Ютч, а затем в Чах » . 72), մեկ այլ տեղում՝ «փլուցին զիրենց պուրճն», «Մանր ժամանակագրություններում»՝ «փլուցին Զիպանց պուրճքն» (էջ 82), ռուսերենում՝ « разрушили башни Зипанца » . 72) եւ այլն: Ժամանակագրության ռուսերեն թարգմանությունը տեղադրված է համացանցում՝ http: //www. vostlit. info/Texts/rus9/HetumII/frametext. htm
86 Հեթում Պատմիչ, էջ 77:
87 “Recueil des historiens des Croisades” Documents Arméniens, t. I, Paris, 1869, p. 471-490.
88 Վենետիկ , Մխիթարյանների մատենադարան , ձեռ . թիվ 1578, 1348-1351 թթ ., Մատենադարան , ձեռ . թիվ 3079, 1700 թ ., Երուսաղեմ , ձեռ . թիվ 995, 1720 թ . ( Մատենադարան , դրսի մանրաժապավեն , 890, տե՛ս նաեւ Մայր ցուցակ ձեռագրաց Սրբոց Յակոբեանց , կազմեց Նորայր եպս . Պողարեան , հ . Գ , Երուսաղէմ , 1968, էջ 597), Հռոմի Ս . Վլաս եկեղեցու թիվ 25 ձեռագիր , 1723 թ . ( Ցուցակ հայերէն ձեռագրաց Հռոմի Հայոց հիւրանոցի ի Ս . Վլաս եւ քահ . Լեւոնեան հայ վարժանի , կազմեց Ն . Ակինեան , 1961, էջ 19):
Ժամանակագրության Բ խմբագրությունը պարունակող մյուս 4 ձեռագրերն են Մատենադարանի թիվ 2037 եւ 7841 մատյանները, Օքսֆորդի համալսարանի թիվ 121 ձեռագիրը (որը պակասավոր է, հասնում է մինչեւ 1151 թ. ) եւ Վենետիկում պահվող մեկ այլ մատյան, որի թվահամարը մեզ հայտնի չէ, բայց որի մասին նշում է Ն. Ակինյանը . Ակինեան, Գրախօսական, էջ 504-505): Կարծում ենք, որ այս օրինակը նույնպես Բ խմբագրությունն է պարունակում, քանի որ ժամանակագրության 1842 թ. վենետիկյան հրատարակության մեջ չի ակնարկվում ներկայացված բնագրի այլ տարբերակի գոյության մասին:
89 Հարցի քննությունը տե՛ս Կ. Մաթեւոսյան, Հեթում Կոռիկոսցու ժամանակագրությունը…, էջ 137-140, տե՛ս նաեւ աստ, 1351 թվականի ծանոթագրությունը:
90 Գեւորգ Տեր-Վարդանյանի Ներսես Պալիանենցին նվիրված ուսումնասիրությունը, որտեղ արծարծվում է նաեւ այս հարցը, անտիպ է: Հեղինակին խորին շնորհակալություն ենք հայտնում անհրաժեշտ տեղեկությունները մեզ տրամադրելու համար - Կ. Մ.:
91 Հեթում Կոռիկոսցու ավագ որդին՝ Օշին պայլը, Օշին թագավորի մահից (1320 թ. ) հետո ամուսնացավ նրա այրու՝ Յովհաննա (Ժաննա-Իրեն) Անժուացու հետ, որը Լեւոն Ե (IV)-ի մայրն էր (Օշին պայլը վերջինիս չորս խնամակալներից ամենաազդեցիկն էր): Հայտնի է նաեւ, որ նա այս կնոջ հետ սիրավեպ էր ունեցել շատ վաղուց, մինչեւ թագավորի մահը, երբ որպես խնամախոս գնացել էր նրան Կիլիկիա բերելու (1316-ին): Հովհաննես Դարդելը գրում է, որ Օշին պայլը «առեալ էր ի կնութիւն զդշխոյն Յովհաննա, զմօրու արքայի, հարեալ ի սէր անդստին ի ժամանակէ անտի, յորում ած զնա ի Նէապոլսոյ ի Հայս» (Յովհաննէս Դարդել, Ժամանակագրութիւն, էջ 30): Մարիունը Օշին պայլի եւ Յովհաննայի դուստրն էր:
92 Ժամանակագրությունը չունի բնագրի բավական խոշոր հատվածներ, եղածներում էլ կան կրճատումներ: Վ. Հակոբյանը նշում է. «E բնագրում (ձեռ. թիվ 5599 - Կ. Մ. ) բացակայում են 1196 թ., 1198-1204 թթ., 1205-1206 թթ., 1213-1216 թթ., 1217-1219 թթ., 1227-1265 թթ., 1270 թ., 1272-1273 թթ. վերաբերող վկայությունները, ինչպես նաեւ ուրիշ մանր վկայություններ» (Մժ, հ. 1, էջ 68):
93 Չպետք է բացառել նաեւ այն տարբերակը, որ Ստեփանոսի կամ նրա նախօրինակի գրչի ձեռքին եղել է այն օրինակը, որտեղ ժամանակագրության հեղինակի անունը ջնջված եւ տեղում նոր անուն է գրված եղել, ուստի նրանք հասկանալով, որ ինչ որ բան այնպես չէ, այդ անունը զանց են առել: Ստեփանոսի մատյանում Հեթում Բ-ի խմբագրության հետ առնչվող միայն մեկ վկայություն կա, բայց այլ ձեւակերպմամբ. «Փոխեցաւ ի Քրիստոս Կեռան թագուհին» (Մժ, հ. 1, էջ 85):
94 Տե՛ս Մժ, հ. 1, էջ 88:
95 Հիշենք, որ Ներսես Պալիանենցը հիմնական հեղինակն է եղել Հռոմի պապի պահանջով կազմված՝ «Հայոց եկեղեցու մոլորությունները» անվանումով հայտնի եւ 117 մեղադրանք ներկայացնող գործի (տե՛ս Մ. Օրմանեան, Ազգապատում, հ. Բ, Ս. Էջմիածին, 2001, էջ 2179-2222):
96 Հեթում Բ-ն իր ստացած Սաղմոսարանի 1292 թվականից հետո գրված հիշատակարանում ժամանակագրական կարգով, առաջին դեմքով նշում է իր երկու պապերի, հայրական տատի եւ ծնողների (ընդամենը 5 հոգու) մահվան թվերն ու ստույգ ամսաթվերը (Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, ԺԳ դար, էջ 705): Այդ տեղեկություններից երկուսի՝ (մայրական պապի եւ մոր մահվան մասին) Կոռիկոսցու Ժամանակագրության մեջ միջնորդավորված ներթափանցման մասին է հուշում այն հանգամանքը, որ թագավորի մոր՝ Կեռանի մահվան ամսաթիվը սխալ է՝ «յոգոստոսի ԻԹ (29)», այն դեպքում, երբ իր հիշատակարանում Հեթում Բ-ը նշում է օգոստոսի 9-ը՝ «ի յաւգոստոս Թ (9)», եւ որը փաստագրում է նաեւ Սարգիս Սսեցին՝ «Կեռան թագուհին մեռաւ, եւ է օգոստոսի Թ (9)» (Մժ, հ. 1, էջ 105): Թվում է, որ այս երկու վկայությունները, որոնք առաջին դեմքով են գրված, (Փոխեցաւ ի Քրիստոս առաքինի մայրն իմ, Կեռան…») ժամանակագրության մեջ արտագրվել են Հեթում Բ-ի Սաղմոսարանից (որի ժամանակ կատարվել է ամսաթվի գրչական վրիպում): Իսկ մյուս ընդմիջարկությունները՝ «Դաւ եղեւ Հեթում թագաւորին…» եւ այլն, թագավորի քարտուղարը գրել է արդեն երրորդ դեմքով:
97 Լ. Տեր-Պետրոսյան, Խաչակիրները եւ հայերը, հ. Բ, էջ 545:
98 Ուղղագրական տարբերությունները չենք նշում, եթե դրանք վերաբերում են գրության ձեւին՝ «աւ» կամ «օ» (պահում ենք կիրառված հին ձեւը՝ աւ), «ղ»-ին եւ «լ»-ին (Պաղտին-Պալտին), կամ եթե իմաստը նույնն է, բառերը տարբեր, օրինակ մի տեղում՝ «վախճանեցաւ», մյուսում՝ «մեռաւ» եւ այլն։ Անգամ նույն ձեռագրում (Ա1, Ա2) «գալեր» նավի անունը կարող է գրվել ղալե կամ խալե, ֆրանսերեն «թագավոր» բառը (ռուա, roi)՝ «ըռէ» կամ «ռէ», եւ այլն: Տարընթերցումների այս եւ այլ մանրամասներ չենք նշում, մանավանդ նկատի ունենալով ժամանակագրության համեմատական բնագրի հրատարակությունը «Մանր ժամանակագրություններում»:
99 Ծանոթագրություններն աշխատել ենք չծանրաբեռնել տեղեկատու գրականության հղումներով: Որոշ տեղանուններին կամ անձնանուններին կից փակագծում նշում ենք դրանց գրության օտարալեզու ձեւերը, որպեսզի հետաքրքրվողները հեշտությամբ հավելյալ տեղեկություններ գտնեն համացանցում: Ժամանակագրության մեջ նշված բերդերի ու բնակավայրերի գտնվելու տեղերը կարելի է տեսնել Կիլիկիայի եւ խաչակիրների պետությունների քարտեզներում . Տեր-Պետրոսյան, Խաչակիրները եւ հայերը, հ. Ա, էջ 543-549):
100 Օրինակ , տողատակում « Ա 3 Սպիլ ] Սլիպ , Բ 1, Բ 2 ՝ Սիպիլա », նշանակում է , որ բնագրի « Սպիլ » անվան փոխարեն Ա 3 ձեռագիրն ունի « Սլիպ », իսկ Բ 1 եւ Բ 2 ձեռագրերը՝ « Սիպիլա » ձեւը: