ՊԵՏՐՈՍ ԴԻ ՍԱՐԳԻՍ ԳԻԼԱՆԵՆՑ

Հեղինակ

Բաժին

Թեմա

գ. Հետախոյզ խմբակ եւ հայկական էսկադրօն

Մինաս վարդապետի յանձնարարութեամբ եւ ռուս կառավարութեան գիտութեամբ ու ցանկութեամբ 1722 թուի ապրիլին, այն իսկ ժամանակ, երբ Աստրախանում պատրաստութիւն էր տեսնւում առաջիկայ արշաւանքի համար, Գիլանենցն իր տասը հաւատարիմների հետ գալիս է Պարսկաստան [1]: Նրան, ինչպէս երեւում է, յանձնարարուած էր տեղեկութիւններ հաւաքել այստեղ քաղաքական անցքերի մասին, այլ եւ իւր փոքրիկ խմբի միջոցով զինուորական հետախուզութիւններ կատարել Գիլանի շրջանում, այն երկրում, որ իր արդիւնաբերութեամբ վաղուց էր արժանացել ցարի առանձին ուշադրութեանը: Գործունէութեան կենտրոն ընտրելով Ռէշտը՝ Գիլանենցը բաւականացաւ իր սակաւաթիւ մարդկանց աջակցութեամբը մինչեւ 1723 վերջերը. այնուհետեւ նրա խումբն աճում է եւ կազմում 80 հոգուց բաղկացած մի գումարտակ, որ յետագայում «հայկական անկանոն ձիաւոր էսկադրօն» անուան տակ կազմում էր Գիլանում գործող ռուսական գնդի առաջապահ մասերից մէկը [2]: Կայ յիշատակութիւն, որ հայերն աւելի մեծ քանակութեամբ էին խմբուել ռուս զօրքի շուրջը. սակայն տեղեկանալով, որ դրա մասին չը կայ յատուկ հրաման՝ նորից ցրւում են [3]: Ինքը Գիլանենցը, բարձր կարծիք էլ չունէր տեղական ոյժերի մասին. իր նամակում նա խնդրում է Մինաս վարդապետին «քանի լեվ բիլան տղէք» ուղարկել Ռէշտ, որովհետեւ «տեղս տղայ շատ կան ամայ բանի պետք չեն եւ ... մոչ մեկն մեր ֆանդ չեն» [4]: Ինչպէս խուզարկու խմբի, նոյնպէս սկզբում նաեւ հայկական էսկադրօնի պարենաւորման հոգսն ամբողջովին ընկնում էր գործը կազմակերպողների վրայ [5], ամենախոշոր զոհաբերութիւն անողն այդ ուղղութեամբ հէնց Պետրոս Գիլանենցն էր: Նա էր հայթայթում խմբի համար պատերազմական մթերքներ [6], նա էր, որ կերակրում էր իր միջոցներով գրեթէ բոլորին. «նրանց, որոնք չքաւոր էին մեր մէջ, գրում է Մինաս վարդապետին Գիլանենցի գործակիցներից մէկը, բոլորին էլ, ինչպէս գիտես, կերակրում էր ինքը պարոն Պետրոսը. ինչքան փող եւ ապրանք ունէր, բոլորն էլ ծախսեց ու շատ պարտքերի տակ ընկաւ, քանի որ եօթանասուն եւ չորս ձիաւոր էր կերակրում նա» [7]:

Կրելով այսքան ծանր զրկանքներ Գիլանենցն իր մարդկանցով կատարում էր ռուս զօրքի համար կարեւոր գործեր: «Ինչպէս քեզ յայտնի է, - կարդում ենք Մինաս վարդապետին ուղղած նոյն գրութեան մէջ, շատ ծանր են տեղիս պայմանները, երկիրն անտառապատ եւ ճահճոտ՝ բացի ուրիշ անյարմարութիւններից (гарствъ)». հետախուզութեան մասին եղած զինուորական կանոններով ոչինչ չէ կարելի անել այստեղ: Մեզանում օդն էլ վատառողջ է. օտարները չեն դիմանում այստեղ, իսկ մահմետականներն այնքան լաւ տեղեակ են այստեղի սովորութիւններին ու այնպէս գիտեն վարուելու եղանակները, որ երբեմն հարիւրով ջարդում են երկու հազարին, որովհետեւ տեղը խուլ է, եւ եթէ չը լինէր մեր հայոց զօրքը, յայտնի է Աստծուն, թէ ինչ ծուղակներ կը պատրաստէին մահմետականները» [8]:

Պատերազմական վայրերի խուզարկութեան նպատակով, այլ եւ տիրող տրամադրութիւններին եւ ընթացիկ լուրերին իրազեկ լինելու դիտաւորութեամբ՝ հայերը շփում եւ հաղորդակցութիւն էին պահպանում մահմետական ազգաբնակութեան հետ [9]: Մարդիկ ուղարկելով ամենուրէք կամ հարցման ենթարկելով պատահող մարդկանց՝ Գիլանենցն իրազեկ էր պահում գնդապետ Շիպօվին եւ Գիլանի կառավարիչ Լեվաշեվին. այդ տեսակէտից էլ հէնց պէտք է մօտենալ նրա ընդարձակ տեղեկագրին, որ ըստ էութեան նրա ձեռնարկած գործի աչքի զարնող արդիւնքներից է: «Պէտք է զարմանալ, նկատում է Գիլանենցի գիտնական թարգմանիչը, հեղինակի վարպետութեան՝ բազմաթիւ իրար հակասող տեղեկութիւններից արժանահաւատ փաստերն ընտրելու եւ նրանց բարեխղճօրէն գրի առնելու վրայ: Կասկածելի ծագում ունեցող լուրերին իւրաքանչիւր անգամ կցում է՝ ասում են, չը գիտենք, ճշմարի՞տ է արդեօք եւ այլն բառերը: Նրա հաղորդած գրեթէ բոլոր փաստերի վաւերացումը մենք գտանք Կրուզինսկիի եւ Հանվէյի աշխատութեանց մէջ, որոնցից առաջինն ականատես է եղել (Սպահանի) պաշարմանը, իսկ երկրորդը գրել է վստահելի աղբիւրների եւ սոսկալի յեղաշրջման բոլոր շրջանները վերապրած մարդկանց պատմուածքների հիման վրայ» [10]:

Հարկաւ ռուս բրիգադիրը սիրով էր ընդունում Գիլանենցի մատուցած ծառայութիւնները եւ կրկին ու կրկին խոստանում էր զեկուցել դրանց մասին Պետրոս Մեծին [11]: Ռուս զինուորականների հետ յամենայն դէպս այնքան բարեկամական էին Գիլանենցի յարաբերութիւնները, որ Մինաս վարդապետին ուղղած գրութեան մէջ նրան ողջոյններ էր ուղարկում դրանց կողմից [12]: Դժուար է ի հարկէ նման փաստերի մէջ նշմարել գործի իրական գնահատութիւն: Հայերը յամենայն դէպս վստահութեան աւելի շօշափելի հաւաստիացումներ էին սպասում իրանց նոր տէրերից. նրանք չէին ուզում հասկանալ այն սիրալիր վերաբերմունքի խորհուրդը, որ նկատում էին ռուսների մահմետական ազգաբնակութեան հետ ունեցած յարաբերութեան մէջ: «Ռուս զօրքի մէջ, - նկատում է այդ առթիւ մեզ ծանօթ նամակագիրը, մեզանից աւելի խելօք մարդիկ կան. բայց նրանք ընդունակ չեն ճանաչելու իրանց հաւատարիմ մարդկանց եւ հեշտութեամբ կարող են ենթարկուել ուրիշների խաբէութեան» [13]: Հեղինակի ինքնասիրութիւնը շոյում է միայն այն կարծիքը, որ ունէին հայերի մասին մահմետականները. «եթէ չը լինէին մեր մէջ հայերը, այս խօսքերն է դնում նրանց բերանում նամակի հեղինակը, եթէ ականատես չը լինէին նրանք մեր գործողութիւններին ու չիմանային մեր լեզուն, մենք վաղուց ջարդած կը լինէինք Ռուսաստանի զօրքերին» [14]: Նամակագիրը շեշտում է առանձնապէս, որ թշնամին քանիցս խոստացել է Գիլանենցին եւ իւր գործակիցներին մեծամեծ պատուանշաններ եւ նոյն իսկ առանձին իշխանութիւն՝ միայն թէ նրանք յետ կանգնեն իրանց ռուսասէր քաղաքականութիւնից: Սակայն Գիլանենցին չէ հրապուրել նրանց խոստումներից եւ ոչ մէկը [15]:

Դէպքերի այս արձանագրութեան յետեւը թագնուած է յուսախաբ եղած հոգու դառնութիւն. Պարսկաստանում տեղի ունեցող քաղաքական խոշոր անցքերը պէտք է գային դեռ ընդարձակելու հայերի հիասթափութեան սահմանները:



[1]            Г. Эзовъ, անդ, 305, § 100 եւ «Ժամանակագրութիւն», 133:

[2]            М. Г. А. И. Д. Дъла арм., 1725, 1. ff. 2r-3r. եւ 9v. հմմտ. Г. Эзовъ,, անդ, 303 ու 305, § 10 եւ К. Бутковъ, Материалы для овой истории Кавказа, съ կ. 1722 по 1803 годъ, СПб., 1869, г. I, стр. 57.

[3]            Дъла арм., 1725, 1, fol. 13r.

[4]            «Ժամանակագրութիւն», 133 (էջ 210-211):

[5]            Անդ, էջ 209 եւ հետ. Дъла арм., 1725, 1. fol. 2r. –3r. Г. Эзовъ, 305, § 10:

[6]            «Ժամանակագրութիւն», 133, էջ 212:

[7]            Дъла арм., 1725, 1, fol. 11 v.

[8]                Дъла арм., 1725, 1, fol. 10v.

[9]            Անդ, fol. 9 r.

[10]          «Дневникъ и. т. д. », Առաջաբան, էջ XXIII:

[11]          Անդ, fol. 11 r.

[12]          «Ժամանակագրութիւն», 133, էջ 212:

[13]          Дъла арм., 1, fol. 12 v. Հայերը չը գիտէին ի հարկէ, որ ռուսների սիրալիրութիւնը թելադրուած էր կառավարութեան կողմից եւ հետեւանք քաղաքական փափուկ կացութեան: Հմմտ. К. Бутковъ, I, стр., 43 եւ հետ.:

[14]          Дъла арм., 1725, 1, fol. 10r.

[15]          «И неоднакратно мусульманы объщали дать великiе чины и провинцiи, чтобы мы отстали отъ той службы4 но нашъ господинъ Петръ того не принялъ и ни въ что вмъенялъ». Անդ, fol. 10v-11r.