Երեւանի պատմութիւնը (1500-1800 թթ.)

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԱՌԱՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ

Աշխատության սույն գրքի հրապարակմամբ ամբողջացնում ենք մեր մայրաքաղաքի պատմությունը՝ սկսած հնագույն ժամանակներից մինչեւ 1917 թվականը՝ մինչեւ Հոկտեմբերյան մեծ հեղափոխությունը։

Ժամանակագրական առումով հրապարակվող գիրքն ընդգրկում է 1500-1800 թվականները։ Նրանում քննարկված եւ հնարավորին չափ լուսաբանված են Երեւանի պատմության այդ ժամանակաշրջանի բոլոր մեծ ու փոքր հարցերը՝ ելեւէջներով լեցուն քաղաքական պատմությունը, տնտեսական ու մշակութային կյանքը, բնակչությունն ու նրա հասարակական հարաբերությունները, սոցիալական ու ազատագրական շարժումները, քաղաքի կոմունալ պայմանները։ Արխիվային եւ մատենագրական նյութերը, հայագիտական բազմապիսի ուսումնասիրությունների արդյունքները, պարբերական մամուլում հրապարակված Երեւանի հետ առընչվող նյութերը, եվրոպական ճանապարհորդների հուշերը եւ օտար աղբյուրների հիշատակությունները, այդ բոլորը հնարավորություն են տվել աշխատությունը հագեցնել փաստական հարուստ նյութերով։

XVI-XVIII դարերում Երեւանը Արեւելյան Հայաստանի կարեւոր կենտրոնն էր եւ մշտապես գտնվում էր թուրք-պարսկական պատերազմների կիզակետում։ Այդ պատճառով էլ նրա պատմությունը շարադրել ենք ամբողջ Արեւելյան Հայաստանի եւ հարեւան շրջանների ու երկրների պատմության հետ սերտորեն առնչված։

Գիրքը բաղկացած է ութ գլխից։ Դրանում զետեղված են համապատասխան հատակագծեր, աղյուսակներ, հավելվածներ, ինչպես նաեւ ռուսերեն ու անգլերեն ամփոփումներ, համառոտ ժամանակագրություն եւ վկայակոչված գրականության ու հատուկ անունների ցանկեր։

Հավակնություն չունենք Երեւանի պատմության այս եւ մյուս գրքերն անթերի համարելու։ Թե ինչքանով է հաջողվել լուսաբանել մեր մայրաքաղաքի երկարաձիգ պատմության մեծաքանակ հարցերը՝ կասեն մասնագետները։

10 մայիսի, 1969 թ.

Երեւան

Թ. Խ. ՀԱԿՈԲՅԱՆ