Երեւանի պատմութիւնը (1500-1800 թթ.)

Հեղինակ

Բաժին

Թեմա

I. 1501-1746 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԵՐԵՎԱՆԸ

Ժամանակաշրջանի ընդհանուր բնութագիրը։ Երեւանի գրավումը Շահ-Իսմայիլի կողմից (1502 թ. Քաղաքի գրավումը մերթ թուրքերի, մերթ էլ պարսիկների կողմից 1514-1550 թթ. ։ Երեւանը 1551-1555 թթ. թուրք-պարսկական պատերազմների ժամանակ։ Մուստաֆա Լալա փաշայի 1579 թ. արշավանքը եւ Երեւանի գրավումր։ Ֆահրադ փաշայի 1583 թ. արշավանքը դեպի Երեւան եւ վերջինիս բերդի վերակառուցումը։ Ֆահրադ փաշայի նշանակած նոր բեյլերբեյը եւ Երեւանի ու շրջակա բերդերի կայազորները։ 1590 թվականի հաշտությունը։ Շահ-Աբասի 1603-1604 թթ. արշավանքը եւ Երեւանի գրավումը. Թավրիգի ու Նախիջեւանի գրավումը, Երեւանի բերդի ընդարձակումն ու ամրացումը, Երեւանի բերդի պաշարումը եւ գրավումը։ Մեր հիշատակարանները Երեւանի բերդի պաշարման ու գրավման մասին։ Ջղալօղլի Սինան փաշայի արշավանքը։ Բազմահազար հայերի (այդ թվում եւ երեւանցիների) բռնագաղթը դեպի Պարսկաստանի խորքերը։ Ջալալիների ասպատակությունները։ 1606-1609 թթ. սովը։ Կարճատեւ հաշտություն։ Օքուզ Ահմադի եւ Խալիլ փաշայի 1616-1617 թթ. արշավանքները եւ Երեւանի պաշարումը։ Սուլթան Մուրադ IV–ի 1635 թ. արշավանքը եւ Երեւանի գրավումը։ Շահ-Սեֆիի 1636 թվականի արշավանքը եւ Երեւանի վերագրավումը։ Արարատյան աշխարհի ավերումը եւ բնակչության ծանր վիճակը Մուրադ IV-ի ու Շահ-Սեֆիի արշավանքների հետեւանքով։ 1639 թվականի հաշտության պայմանագիրը եւ Երեւանը։ Օսմանական եւ պարսկական բանակների ազգային խայտաբղետ կազմն ու սպառազինությունը։ Թահմազ-Ղուլի խանի նվաճումներն Անդրկովկասում։ Եղվարդի 1735 թվականի ճակատամարտը։ Կարսի բերդի պաշարումը։ Երեւանի գրավումը 1735 թ. սեպտեմբերի 22-ին եւ թուրք-պարսկական հաշտությունը։

 

XV դարի վերջերին եւ XVI դարի սկզբներին Մերձավոր Արեւելքի քաղաքական ասպարեզում սկսում են կարեւոր դեր խաղալ նոր կազմավորված սեֆեւյան Պարսկաստանն ու սուլթանական Թուրքիան։ Սեֆեւյան պետության հիմնադիր Շահ-Իսմայիլ I-ը (1502- 1524) ակ-կոյունլու թուրքմենական ցեղերի դեմ հաղթանակ տանելով՝ XVI դարի սկզբներին տեր է դառնում մի հսկայական երկրի։ Նրա հիմնած աշխարհակալ պետության մեջ մտան Պարսկաստանը, Միջագետքը, Ատրպատականը եւ Վրաստանն ու Հայաստանը [1]. Այդ նույն ժամանակներում հզորանում էր նաեւ սուլթանական Թուրքիան, որը XV դարի վերջերին իր սահմանն արեւելքում հասցրեց Եփրատ գետը՝ Հայաստանի արեւմտյան սահմանագիծը։ Սկսած այդ ժամանակներից Հայաստանը մոտ 225 տարի դառնում է թուրք-պարսկական պատերազմների ոլորտ, պատերազմներ, որոնք մղվում էին Հայաստանը եւ նրա հարեւան շրջանները գրավելու համար։ Փոփոխակի հաջողություններով եւ երկար կամ կարճ ընդհատումներով մղված այդ պատերազմների կարեւորագույն կիզակետերից մեկը Երեւանն էր՝ Արեւելյան Հայաստանի ամենանշանավոր կենտրոնն ու բերդաքաղաքը։

Թուրք-պարսկական այդ երկարաձիգ պատերազմների ընթացքում Երեւանը բազմաթիվ անգամ ենթարկվել է պաշարման, ավերվել ու անցել ձեռքից-ձեռք։ Միանգամայն ճիշտ է նկատում հայագիտության մեծ երախտավոր Երվանդ Շահազիզը, որ Երեւանի համար առանձնապես «կատարյալ արհավիրք են եղեր» «Սուլթան Սելիմի (1514 թ. ), սուլթան Սուլեյմանի (1534 թ. ), սուլթան Մուրադ Գ-ի (1579-1583 թթ. ), սուլթան Մուրադ Դ-ի (1635 թ. ) եւ սուլթան Ահմեդի (1724 թ. ) արշավանքները Երեւանի վրա, բերդի առումը եւ պարսից շահերի՝ քաղաքը դրանց ձեռքից կրկին ու կրկին ետ առնելը» [2] ։ Այդ արշավանքների ընթացքում մի շարք անգամ Երեւանը վերածվել է ավերակների կույտի, նրա բնակչության հսկայական զանգվածները ոչնչացել կամ հարկադրված են եղել թողնել իրենց հայրենի քաղաքը եւ դիմել փախուստի՝ թշնամուց համեմատաբար զերծ մնացած վայրերում ապաստան գտնելու համար։

Սկսած XVI դարի սկզբներից ընդհուպ մինչեւ Արեւելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին Երեւանի քաղաքական պատմությունը (որը լայն առումով գրեթե լիովին համընկնում է ամբողջ Արեւելյան Հայաստանի քաղաքական պատմության հետ) ավերում, սով, կոտորած բերող թուրք-պարսկական պատերազմների մի մռայլ ժամանակագրություն է։ Այդ ամբողջ ժամանակաշրջանում «սուլթաններն ու նրանց արեւելյան հզոր ախոյանները պարսկական շահերը մշտապես» պայքարում էին Երեւանը գրավելու համար [3] ։ Այդ պայքարի ընթացքում թուրքերն ու պարսիկները բազմիցս պաշարել ու իրար ձեռքից խլել են Երեւանը [4] ։ Թվարկել դրանք բոլորը եւ մեկ առ մեկ դարձնել քննարկման նյութ հազիվ թե հարկ լինի։ Ուստի նպատակահարմար է քննության ենթարկել միայն քաղաքական այն խոշոր դեպքերը, որոնք ճակատագրական նշանակություն են ունեցել մեր մայրաքաղաքի նշված ժամանակաշրջանի պատմության համար։

Երեւանը Հայաստանի արեւելյան երկրամասերի հետ միասին XVI դարի սկզբին գրավվեց սեֆեւյանների հարստության հիմնադիր Շահ-Իսմայիլի կողմից՝ ակ-կոյունլու էմիր էլվենդիին 1502 թվականին Շարուրի դաշտում տեղի ունեցած ճակատամարտում չարաչար պարտության մատնելուց հետո [5] ։ Պատմական աղբյուրների հաղորդած տեղեկությունների համաձայն, Շահ-Իսմայիլը իր գրաված Երեւան քաղաքում եւ համանուն խանությունում խան է նշանակում մտերիմներից մեկին, որը, ինչպես ենթադրում են ուսումնասիրողներից շատերը, Ռեվան-խան (Րեվան-խան) է կոչվել Երեւանի անունով [6] ։ Շահ-Իսմայիլի եւ Ռեվան-խանի օրոք Երեւանը, որպես սահմանային մեծ խանության Երեւանի խանության կենտրոն, ռազմական առումով ձեռք է բերում խոշոր նշանակություն։ Հայագետներից ոմանք, հիմք ընդունելով պարսկական ծագումի մի վկայություն, որը ընդօրինակված է նաեւ եվրոպական մի շարք ճանապարհորդների կողմից, ենթադրել են, որ Երեւանի բերդը կառուցել է հենց այս Ռեվան-խանը [7] ։ Սակայն մեզ հասած պատմագրական տեղեկությունները եւ անուղղակի փաստերը ցույց են տալիս, որ Երեւանում բերդ գոյություն ուներ հնագույն ժամանակներից։ Արաբներն այդ բերդը գրավելու համար VII դարում հարկադրված են եղել երկու արյունահեղ մարտեր մղել, որոնցից առաջինը վերջացել էր նրանց պարտությամբ [8] ։ Երեւանի բերդի կառուցման մասին դեռ խոսք կլինի հետագայում։ Միայն առիթից օգտվելով պետք է նշել, որ Երեւանը ռազմական-քաղաքական առումով կարեւոր դեր էր խաղում նաեւ նախորդ շրջանում՝ կարա-կոյունլու եւ ակ-կոյունլու թուրքմենական ցեղերի տիրապետության ժամանակներում, երբ նա մի ընդարձակ կուսակալության կենտրոն էր եւ անշուշտ ուներ իր բերդը՝ կուսակալ-էմիրի աթոռանիստը։

Շահ-Իսմայիլի կողմից Երեւանը գրավվելուց հետո շուտով բռնկվում են թուրք-պարսկական պատերազմները եւ Երեւանը պարսից տիրապետությունից անցնում է Թուրքիայի տիրապետության տակ։ Թուրք-պարսկական այդ պատերազմը սկսվել էր 1512 թվականին սուլթան Սելիմ I-ի եւ Շահ-Իսմայիլի միջեւ ահաբեկիչ նամակներ փոխանակելուց հետո։ Վճռական ճակատամարտում, որը տեղի է ունեցել Չալդրանի դաշտում, 1514 թ. օգոստոսին, Շահ-Իսմայիլր խայտառակ պարտություն է կրում եւ իր զորքի մնացորդների հետ փախչում դեպի երկրի խորքերը՝ ամբողջ Ատրպատականն ու նրա զարդը կազմող Թավրիզ քաղաքը թողնելով թշնամուն [9] ։ Նույն թվականին, մինչեւ Չալդրանի ճակատամարտը, սուլթան Սելիմն արդեն գրավել էր Արեւելյան Հայաստանի մեծագույն մասը եւ նրա նշանավոր կենտրոն Երեւան քաղաքը [10] ։

Ավելի քան յոթ տարի (1514-1521 թթ. ) Երեւանը մնում է թուրքական տիրապետության տակ։ 1521 թվականին [11], սուլթան Սելիմի մահից հետո (1520 թ. ), Շահ-Իսմայիլը վերագրավում է 1514 թ. թուրքերի կողմից գրավված Ատրպատականը, Թավրիզը եւ Արեւելյան Հայաստանի մեծ մասը՝ Երեւան քաղաքի հետ միասին։ Սակայն դրությունը չէր կայունանում, թուրք-պարսկական պատերազմները շարունակվում էին եւ Երեւանն անցնում էր ձեռքից-ձեռք։ Այն պարսիկների ձեռքից նորից է անցնում Թուրքիային Սելիմի որդի սուլթան Սուլեյմանի օրոք՝ 1534 թվականին [12] ։ Հետագա տարիներին, սակայն, Երեւանր նորից էր անցել Պարսկաստանի տիրապետության տակ եւ կռվածաղիկ դարձել նույն դարի (XVI դ. ) 50-ական թվականների առաջին կեսին բորբոքված թուրք-պարսկական պատերազմների ժամանակ՝ շահ Թահմազի օրոք։ XVIII դ. հեղինակ Մարտիրոս դի Առաքելի ժամանակագրության մեջ այդ մասին հետեւյալն է ասված. «Շահ Թահմազ, որդի շահ Իսմայիլին նստաւ թախտ թվին ՋՀԵ (1526)։ Եվ թվին ՋՂ (1541) գնաց էառ Երեւան, Գանջայ, Շամախի, գնաց եւ ի Վրաց տուն եւ բազում աւերութիւն արար» [13] ։

XVI դ. 50-ական թվականների առաջին կեսին տեղի ունեցած թուրք-պարսկական պատերազմներում նախահարձակը եղել են պարսիկները։ Դրանք փաստորեն սկսվում են շահ Թահմազի՝ 1551 թվականին դեպի թուրքական տիրապետությունները կատարած արշավանքով [14], որի ընթացքում ավերվել են նաեւ Հայաստանի բազմաթիվ շրջանները։ Դեպի արեւելք Թուրքիայի առաջխաղացումը խափանելու միջոցներից մեկը Թահմազը համարում էր բուն Պարսկաստանի եւ թուրքական տիրապետությունների միջեւ եղած տերիտորիաների՝ Հայաստանի ու նրա հարեւան շրջանների ավերումն ու ամայացումը, մի քաղաքականություն, որին հաճախ էին դիմում թուրք-պարսկական բռնակալներն իրենց երկրամյա պատերազմների ընթացքում։ Պարսկական ավերիչ արշավանքներին օսմանցիները պատասխանում էին նույնպիսի կործանիչ արշավանքներով։

Երեւանի եւ Նախիջեւանի համար աղետաբեր հետեւանքներ ունեցավ հատկապես սուլթան Սուլեյմանի 1554 թվականի արշավանքը։ Նա մի հսկայական բանակի գլուխ անցած հարձակվում է Պարսկաստանի վրա՝ նպատակ ունենալով ավերել ու ամայացնել վերջինիս սահմանային երկրամասերը։ Սուլեյմանի այդ արշավանքն իրականում շահ Թահմազի 1551 թվականի արշավանքի պատասխանն էր եւ եթե վերջինիս արշավանքի ժամանակ հիմնականում ամայացել ու ավերակների կույտի էր վերածվել Արեւմտյան Հայաստանը, ապա Սուլեյմանի հարձակման հիմնական նպատակն էլ Արեւելյան Հայաստանի ամայացումն էր։

Սուլթան Սուլեյմանն իր բանակով 1554 թվականին [15] Կարսի վրայով անցնելով Ախուրյան գետը, մտնում է Արարատյան երկիրը եւ շարժվում դեպի Երեւան՝ ճանապարհին ավերելով ու հողին հավասարեցնելով բոլոր գյուղերն ու շինությունները։ Թուրքական պատմագիր Փելեւի-Իբրահիմր վկայում է, որ թուրքական զորքերը «վերջապես հասան Շորագյալ կոչված մենզիլը, եւ այնտեղ իջեւանեցին։ Այս երկիրը շատ բարեշեն է եղել, ունեցել է մշակված հողերով հարուստ բազմաթիվ գյուղեր։ Երկիրը լեռնային է։ Հաղթական բանակը քանդեց ու ավերեց այդ քարաշեն գյուղերը, շինությունները ոչնչացրեց եւ հողին հավասարեցրեց» [16] ։ Թուրք պատմագիրը «ցինիկ գոհունակությամբ» է նկարագրում նաեւ Երեւանի ու Նախիջեւանի շրջանի ամայացումը։ Նա, շարունակելով այդ արշավանքի նկարագրությունր, գրում է, որ թուրքական «բանակը շարժվեց (Շորագյալից— Թ. Հ. ) դեպի Շարաբխանե կոչված վայրը, ՆիլՖրակ կոչված մենզիլը եւ ապա՝ Երեւան քաղաքը, որն Աջեմների (պարսիկների— Թ. Հ. ) հուզին է։ ... Շահի, նրա որդու եւ մի շարք անվանի խաների եւ սուլթանների հոյակապ եւ գեղեցկազարդ պալատները, պարտեզներն ու այգիները, մասնավորապես «Սուլթանական բաղ» անունով հայտնի դրախտանման այգին, բոլորը կրակի տվին, այրեցին եւ հողին հավասարեցրեցին, 23-րդ օրն անցան հայտնի Արփաչայ (Արեւելյան Արփաչայ, այժմ Արփա—Թ. Հ. ) գետը, այդ շրջանում էլ ամեն ինչ կողոպտեցին ու ավերեցին» [17] ։

Մեկնությունները հազիվ թե որեւէ չափով լրացնեին կամ պարզաբանեին Փեչեւի-Իբրահիմի այդքան որոշակի ու պարզ վկայությունը, որը գրեթե նույնությամբ կրկնել է նաեւ XVII դ. թուրքական մի այլ պատմագիր՝ Սոլաք Զադեն [18] ։ Երեւանի ու Նախիջեւանի ավերման ու բնակչության գերեվարման մասին մի փոքրիկ հաղորդում ունի XVI դ. հայ հեղինակ Անդրեաս Սարկավագ Եվդոկացին. «Ի թվին ՌԳ (1554) սուլտան Սուլեյմանն սաֆար արավ ի վերայ Կարմիր գլխին. եւ զՅերեւան եւ զՆախչուան զամենայն գերի բերին» [19], գրում է նա։

Օսմանյան բանակը, սակայն, չի բավարարվում նշված շրջանների ու քաղաքների ամայացմամբ եւ ավերակների կույտի վերածելով։ Պատմագրական հիշատակություններից երեւում է, որ ավելի դառը եւ դժբախտ է եղել Սյունիքի ճակատագիրը։ Այն ամբողջովին ավերվել ու ամայացել է սուլթան Սուլեյմանի ավարառու բանակների կողմից [20] ։

1554-1555 թթ. տեղի ունեցած երկարատեւ բանակցություններից եւ զինադադարից հետո՝ 1555 թվականին Թուրքիայի եւ Պարսկաստանի միջեւ կնքվում է առաջին հաշտության պայմանագիրը, որով Հայաստանը բաժանվեց այդ երկու պետությունների միջեւ։ Երկու պետությունների սահմանն ըստ այդ՝ պայմանագրի անցնում էր Հայկական Պար լեռնաշղթայով։ Դրանով Երեւանի խանությունր եւ նշված լեռնաշղթայից հյուսիս գտնվող մյուս բոլոր շրջաններն ամբողջապես մնում էին Պարսկաստանի տիրապետության տակ [21] ։

1555 թ. կնքված հաշտությունը երկար չի տեւում։ 70-ական թվականների վերջերին նորից են բռնկվում թուրք-պարսկական պատերազմները։ Դրանք գրեթե առանց ընդհատման տեւում են ավելի քան 11 տարի՝ 1578-ից մինչեւ 1590 թվականը։ Հայ պատմագիրների ու հիշատակագիրների, վրացական ու թուրքական հեղինակների երկերում տրված են այդ պատերազմների ընթացքում հայերի ու հարեւան ժողովուրդների կրած տառապանքները՝ կոտորածներն ու գերեվարությունր, սովն ու ահը եւ մահասփյուռ հիվանդությունները [22] ։

Թուրք-պարսկական 1578—1590 թվականների պատերազմր սկսվեց թուրքերի կողմից Վրաստանի վրա հարձակմամբ։ Թուրքական զորքերի գլխավոր հրամանատար Մուստաֆա Լալա փաշան (թուրքական աղբյուրներում Ջաֆեր փաշա) երեսուն հազար հեծյալներից բաղկացած մի մեծ բանակի գլուխ անցած հարձակվում է պարսից տիրապետության տակ գտնվող Երեւանի խանության վրա։ Առանց լուրջ դիմադրության հանդիպելու՝ նրա բանակը 1579 թվականին, աշնանը (ըստ թուրքական աղբյուրների հոկտեմբերի սկզբներին) [23] գրավում է Երեւանը։ Մուստաֆա Լալա փաշային չեն դիմադրել նաեւ Երեւանում։ Ժամանակի Երեւանի Թոխմախ մականունով Մահմուդ խանը, լսելով թուրքական բանակի մոտեցման լուրը՝ «կողոպտում ու թալանում է քաղաքն ու նրա շրջակայքը եւ փախուստի դիմում» [24], իր հետ տանելով նաեւ 20 հազար գերիներ։ Քաղաքի կողոպուտից, թալանից եւ հրկիզումից մեծապես տուժել են հատկապես հայերը, ինչպես վկայում է Դանիշմենդը [25] ։

Զաքարիա Սարկավագի հիշատակության համաձայն, Մուստաֆա Լալա փաշան Երեւանից (եւ շրջակայքից) գերեվարեց 60. 000 հայ եւ այլազգի. «Ի սորա (Խուդաբանդա շահի— Թ. Հ. ) Բ ամին (1579 թ. Թ. Հ. եկն Լալայ փաշայն, եւ աւերեաց զԵրեւան, եւ գերեաց ԿՌ անձիս Քրիստոնէից եւ Տաճկաց» [26], գրում է նա։ Ըստ Դավիթ Բաղիշեցու վկայության, գերեվարվածների թիվր ոչ թե 60. 000 էր, այլ՝ 30. 000 [27] ։ Այդ արշավանքի մասին ասված է հայկական շատ հիշատակարաններում ու ժամանակագրություններում, բայց դրանք կցկտուր են եւ տեղեկություններ չեն տալիս արշավանքի ընթացքի, քաղաքի ավերման, գերեվարության մասին։ Որոշ բացառություն են կազմում ժամանակագիր Յոհանիսիկ վարդապետը եւ էրզրումի Սալաձոր գյուղացի հիշատակագիր Առաքել Սարկավագը։ Լալա փաշայի արշավանքի վերաբերյալ նրանց ասածները բավականին որոշակի են եւ համապատասխանում են Զաքարիա Սարկավագից վերը բերված վկայությանը։ «Եւ եկեալ ոմն զօրագլուխ, գրում է Յոհանիսիկ վարդապետը, Լալայ կոչեցեալ, բազում զօրօք եկն եւ եհաս յերկիրն Արարատեան, եւ գերեաց ընդ Հայ եւ ընդ Տաճիկ թուով ԿՌ, եւ տարեալ խաղացոյց յերկիրն Հոռոմոց» [28] ։ Նույնպիսի բովանդակություն ունի նաեւ սարկավագ Առաքել սալաձորցու հիշատակարանը [29] ։

Մուստաֆա Լալա փաշայի կողմից Երեւանի գրավման, ավերման, բնակչության գերեվարման, թալանի, գործադրած բռնությունների սրտաճմլիկ նկարագրությունը տվել է այդ դեպքերի ժամանակակից եւ ականատես Հովհաննես տաղասացը՝ ողբի ձեւով, որն առաջին անգամ հրապարկել է Ղ. Ալիշանն իր «Այրարատ» աշխատության մեջ։ Քերթվածքը չափածո է եւ տաղաչափական ու հանգավորման համար հեղինակը հավանաբար կատարել է դեպքերի որոշ խտացումներ ու գունազարդումներ, բայց ողբի բովանդակությունն ամբողջությամբ վերցրած համապատասխանում է հիշատակարաններում, ժամանակագրություններում եւ պատմագրական երկերում եղած վկայություններին։ Հովհաննեսի ողբում պատմական առումով հիմնականում ճիշտ են նկարագրված Մուստաֆա Լալա փաշայի՝ դեպի Արարատյան երկիր ու Երեւան կատարած 1579 թվականի արշավանքն ու նրա դաժան հետեւանքները։ Ուստի անհրաժեշտ ենք համարում մեջ բերել այդ ողբը՝ մի փոքր համառոտագրելով այն։

 

«Թիւն հազար քսան եւ ութին
Հաւուր աշնան մուտ ձըմեռին,
Հրոտից ամսուն տասնու երկուսին
Սեւ լուսացաւ երկուշաբթին։

Յանկարծ տեսին յԵաղին? հասեալ
Շուրք ու բոլոր զքաղաք պատեալ
Մեծ ու պզտիկ զամէն կալեալ
Լալոտ աչօք գերի տարան։

Ոմանք կալեալ թէ սպանէին,
Մալ եւ ըռզակ հարցանէին.
Շատ ոք իփզանց. նըշան տային,
Լալով ողբով գերի տարին։

Վա՜յ տանք երկրին Արարատեան,
Մայրաքաղաքն ՛ի Երեւան,
Եւ գեղանուն ամենեքեան,
Ձեռն այլազգեաց գերի անկան։...

Նախ եւ առաջ յորժամ եկին՝
Ի ՆՈՐԱԳԵՂ փաշայքն իջին.
Լաշկարն՝ անկարծ բոլորեցին,
Շատ ոք անմեղ ըսպանեցին։

Երէվանայ քաղաքէն տարար
Շատ սարկաւագ սաղմոսաձայն.
Ոմանք պաշտէն ըզշարական,
Եւ քահանայք գաւետարան.

Սաղմոսաց ձայնըն վերացաւ,
Եկեղեցեաց լոյսըն հանգեաւ.
ժամ եւ պաշտոն խափանեցաւ,
Գիւղս եւ քաղաք աւեր դարձաւ։

Ախ ու վայ մեզ հազար բերան.
Եւ կուրացեալ աչք մեր տեսան.
Ծերք եւ տըղայք, անմեղ խիզան՝
Ձեռն այլազգեաց գերի ընկան» [30] ։

Ողբի պատմագրական արժեքը մեր կարծիքով բավական մեծ է։ Դրանում նկարագրված են մի քանի այնպիսի մանրամասնություններ, որոնք իսպառ բացակայում են մյուս կարգի բոլոր աղբյուրներում։ Այսպես, միայն ողբում է նկարագրված քաղաքի բնակիչներին գերեվարելու մանրամասնությունները, նախքան քաղաք մտնելը թուրքական զորքի Նորագեղում բանակ դնելը, քաղաքի գրավման ամիսն ու օրը, կոտորածները եւ այլն։ Ղ. Ալիշանը ենթադրում է, որ Հովհաննեսի այդ ողբն ավելի ընդարձակ է եղել, նրա վերջին մասը չի պահպանվել։ Սակայն ըստ երեւույթին մեզ չհասած հատվածը պատմական առումով ավելի քիչ հետաքրքրություն է ներկայացրել, որովհետեւ այն, ինչպես նկատել է Ղ. Ալիշանը, ակրոստիկոս է եղել, որի գլխատառերը կազմել են տաղասաց Յովհաննեսի անունը [31] ։

Երեւանը գրավելուց հետո շուտով երկու պետությունների միջեւ կնքվում է հաշտության պայմանագիր, ըստ որի Երեւանը նորից անցնում է Պարսկաստանին։ Սակայն խաղաղությունը երկար չի տեւում։ Մուստաֆա Լալա փաշայի արշավանքից մի քանի տարի անց նորից է բորբոքվում թուրք֊պարսկական պատերազմր եւ նորից են նախահարձակ լինում թուրքերը։ 1583 թվականին թուրքական մի ստվար բանակ Մուստաֆա Լալա փաշային փոխարինած Ֆահրադ փաշայի հրամանատարությամբ արշավում է դեպի Երեւան, որը լիովին չէր վերացրել առաջինի՝ 1579 թ. արշավանքների հետեւանքները եւ զգալի չափով մնում էր ավերված վիճակում, չնայած թուրք պատմագիր Փեչեւի-Իբրահիմը գունազարդելով Արարատյան երկրի բնակչության դրությունը, գրում է, թե Ֆահրադի արշավանքի ժամանակ լիովին վերացվել էին Մուստաֆա Լալա փաշայի զորքերի կատարած ավերումների հետքերը՝ վերականգնված էին բոլոր գյուղերը, վերակառուցված էին ամայացված բոլոր բնակավայրերը [32] ։

Ֆահրադ փաշայի առաջին արշավանքի վերաբերյալ սկզբնաղբյուրների հաղորդած տեղեկություններն րնդհանուր առմամբ իրար չեն հակասում։ Ըստ այդ տեղեկությունների, Ֆահրադ փաշայի առաջին արշավանքը տեղի է ունեցել 1583 թվականին։ Այդ թվականի տակ են նկարագրում Ֆահրադ փաշայի արշավանքները եւ´ մեր հեղինակների մեծագույն մասը, եւ՛ թուրքական բոլոր աղբյուրները [33] ։ Երեւանի պատմության համար այդ կարեւոր նշանակություն ունի, որովհետեւ հենց նույն թվականին է կառուցվել մի շարք անգամ վերակառուցումներից հետո մինչեւ XIX ղարի վերջերը հասած թուրքական բերդը։ Դրանով իսկ պարզվում է նաեւ, որ Ֆահրադ փաշայի արշավանքը կատարվել է Մուստաֆա Լալա փաշայի 1579 թվականի արշավանքից ոչ թե երկու տարի հետո ինչպես ասված է մի քանի հիշատակություններում եւ ուսումնասիրողների կողմից, այլ՝ 3-4 տարի անց։ Վարդապետ Բարսեղ Վարագեցու մի հիշատակարանում Ֆահրադ փաշայի արշավանքի տարին համարվում է 1584 թվականը [34], իսկ XVIII դարի մի անանուն ժամանակագիր այդ արշավանքը դրել է 1580 թվականի տակ [35] ։

Դրանք երկուսն Էլ ուշ ժամանակների հեղինակներ են, եւ նրանց վկայությունները արժանահավատ չեն։ Ժամանակակից եւ ականատես գրեթե բոլոր հեղինակները Ֆահրադ վւաշայի արշավանքն ու Երեւանի բերդի կառուցումը նկարագրում են 1583 թվականի տակ։ XVI դարի հեղինակներից որքանով մեզ հայտնի է, միայն երկուսը՝ գրիչ Դավիթը եւ մի այլ հեղինակ իրենց հիշատակարաններում Ֆահրադի արշավանքի եւ Երեւանի բերդի կառուցման տարին համարում են հայոց ՌԼԳ (1584) թվականը [36], որ նույնպես արժանահավատ չէ։ Սակայն նույն Դավիթ գրիչի հիշատակարանն արժեքավոր է նրանով, որ այն միակ աղբյուրն է, ուր նշվում է Ֆահրադ փաշայի հրամանատարությամբ դեպի Երեւան արշավող զորքի քանակը։ 1854 թ. ընդօրինակած մի ավետարանի հիշատակարանում նա հաղորդում է. «Գնաց Ֆահրատ փաշայն ԳՃՌ (300000) հեծելազաւրաւք ի վերայ Երեւան քաղաքին... » [37] ։ Եթե ընդունելու լինենք, որ թուրքական զորքը բաղկացած էր միայն հեծյալներից, իսկ այդ քիչ հավանական է, որովհետեւ այն առանց զորքի այլ տեսակների չէր կարող գրավել բերղաքաղաքաներ, ապա դարձյալ նա հսկայական բանակ էր։ Այդպիսի մեծ բանակի դեմ դուրս բերելու համար Մուստաֆա Լալա փաշայի 1579 թ. արշավանքից եւ ժամանակավոր հաշտությունից հետո։ Երեւան վերադարձած Մահմադ Թոխմախ խանը չուներ համապատասխան մեծաթիվ ջոկատներ, իսկ բերդի ամրության վրա ըստ երեւույթին մեծ հույսեր չէր կարող կապել, որովհետեւ այն շատ փոքր էր եւ համեմատաբար վատ ամրացված. Մուստաֆա Լալա փաշայի արշավանքից հետո նույնիսկ ժամանակ չի եղել բերդը վերականգնել իր նախկին վիճակով։ Թուրքական զորավար Ֆահրադ փաշան շատ լավ էր հասկանում Երեւանի բերդն ամրացնելու անհրաժեշտությունը եւ պատահական չէ, որ քաղաքը գրավելուց հետո նա անմիջապես ձեռնարկեց բերդի ընդարձակման, վերակառուցման ու ամրացման գործին։ Սակայն մինչ այդ տեսնենք ինչպիսի ընթացք ու հետեւանքներ է ունեցել թուրքական փաշայի 1583 թվականի արշավանքը դեպի Երեւան։

Պետք է նկատել, որ այդ արշավանքի մասին մեզ հասած հայկական ու թուրքական աղբյուրների մեջ հաղորդվում են բովանդակությամբ իրար հար ու նման տեղեկություններ։ Այդ պատճառով էլ հարկ ենք համարում վկայակոչել XVI դարում գրված միայն չորս հիշատակություններ՝ երեքը հայկական աղբյուրներից, որոնք լրացնում են իրար, իսկ մեկը՝ թուրքական։

Հայկական աղբյուրներից Ֆահրադ փաշայի արշավանքի ժամանակակից ու ականատես է մեր կողմից արդեն վկայակոչված Յովհանիսիկ Ծարեցին, որի հիշատակարանը զետեղված է Սամվել Անեցու «Հաւաքմունք ի գրոց պատմագրաց... » աշխատության շարունակության, Առաքել Դավրիժեցու Պատմության, Մեսրոպ Մագիստրոսի կազմած ձեռագրաց ցուցակի . Մաշտոցի անվան Մատենադարան, ֆոնդ Մ. Մագիստրոսի արխիվ) եւ Վ. Հակոբյանի կազմած «Մանր ժամանակագրություններ»-ի երկրորդ հատորի մեջ։ Ահա թե ինչ է հաղորդում Հովհանիսիկ Ծարեցին Ֆահրադ փաշայի 1583 թ. արշավանքի մասին.

«Իսկ ՌԼԲ (1583) թվականին դարձեալ հրաման եղեւ ի Մուրատ խոնդկեարէն (սուլթան Մուրադ III— Թ. Հ. ) զօրապետաց եւ զօրաց իւրոց՝ ելանել ի վերայ Յէրեվանայ եւ առնուլ զնա։ Եւ եկին իսկ եւ աւերեցին, եւ բազում եկեղեցիք քակեալ, զքարինս ի շինումն բերդին տանէին, որ եւ կամեցան զմեծ եկեղեցին, որ Յերկու երեսի ասի, եւս քակել։ Իսկ յոմն վարդապետ Յառաքեալ անուն, որ եւ յետոյ կաթողիկոս եղեւ (ըստ Մ. Օրմանյանի այդպիսի կաթողիկոս չի եղել Թ. Հ. ), յիշատակ նորայ աւրհնութեամբ եղիցի, եմուտ առաջի Ֆարհատի զօրապետի զօրուն եւ ոչ ետ թոյլ քակելոյ զեկեղեցին. բայց վա՜յ լսելեացս եւ պատմութեանս, զի աւուրս Լ(30) ջորիք եւ երիվարք եւ բազում Տաճիկք ինքեանց յանծանօթք բնակեցան եկեղեցին» [38] ։

Նույն դարի մի այլ գրիչ՝ Առաքելր 1585 թ. Էրզրումի Դընիկ գյուղում ընդօրինական ձեռագրի հիշատակարանում հաղորդում է, որ «... քանզի յայսմ ամի եղեւ տարտարոս սաստիկ, վասն ծովացեալ մեղաց մերոց, որ եկեալ Վազիր փաշայն (Ֆահրադ փաշային է վերաբերում—Թ. Հ. ) յարեւմտից բազում զաւրաւք եւ անթիւ հեծելաւք գնաց արեւելս ի Շահաստան, վասն շինութեան Երեւանայ բերդին... » [39] եւ այլն։

Առաքելի հիշատակարանի համեմատությամբ ավելի կոնկրետ է մի այլ գրիչի՝ Դավիթի թողած վկայությունը 1584 թ. Բասեն գավառի Ծառ գյուղում ընդօրինակած մի ավետարանի հիշատակարանում։ Բերենք այդ հիշատակարանը համառոտագրելով.

«... Գրեցալ երկիրս Բասենու, ի գիւղն, [որ] կոչի Ծառս, ընդ հովանեաւ սբ. Խաչի վանեացս... ի թուականիս Հայոց ՌԼԳ (1584), որ յայսմ տարոյս գնաց Ֆարհատ փաշայն ԳՃՌ (300000) հեծելաղաւրալք ի վերայ Երեւան քաղաքին, փախոյց զտէրն, որ նստեալ էր անդ, Մահմետ խանն, եւ շինեաց անդ նորայիմն բերդ մեծ եւ զարմանալի, որ բազում եկեղեցիք խաչ եւ տապանք քակեցին, եւ քարն ի բերդն տարան, քրիստոնէից ազգս ամէն թալանուեցաւ, որ առաջ քան հասանել փաշային ի քաղաքն Երեւան. Թաջալ ազգն արձակեց ի վերայ քրիստոնէից ազգիս, որպէս գայլք ի վերայ ոչխարաց՝ քշեցին տարան մինչեւ Գանճայ... » [40] ։

Հայկական մյուս հիշատակարաններում եւ պատմագրական երկերում 1583 թվականի արշավանքի մասին էական նորություններ չեն հաղորդված, եթե բացառելու լինենք հայոց ՌԼԳ թվականին (1584 թ. ) գրված մի հիշատակարան, որտեղ հիշատակվում են գերվածների թվերը (72 հազար եւ 60 հազար), սակայն դրա հետ միասին Մուստաֆա Լալա փաշայի 1579 թ, եւ Ֆահրադ փաշայի 1583 թ. արշավանքները շփոթված են իրար հետ [41], եւ Բարսեղ Վարագեցու ընդարձակ հիշատակարանը, որտեղ նա հիմնականում նկարագրում է ոչ թե Երեւանի գրավումն ու նրա բերդի կառուցումը, այլ Թավրիզում տեղի ունեցած դաժան կռիվները։ Բայց Բարսեղ Վարագեցու հիշատակարանը հետաքրքիր է պարսկա-թուրքական կռիվների հետեւանքով երկրի ու նրա բնակչության անմխիթար վիճակի մասին գաղափար կազմելու համար։ Վարագեցին կսկիծով գրում է, «... Եւ դարձեալ զօրք կազմեցին յայսմ ամի(ՌԼԳ = 1584) անթիւ եւ չուեալ գնացին յօգնականութիւն նեղելոցն՝ որ ի Թաւրէզ. եւ էր գլուխ զօրացն, ոմն անուն Ֆահրատ փաշայ. եւ էր անդ կռիվ սաստիկ, եւ մենք ոչ գիտեմք պատմել զաղետ եւ զկսկիծ, զողբումն եւ զկոծումն եւ զարածութիւն, զսով եւ զգերութիւն, զսասանութիւն եւ զայլ ազգի ազգի պատուհաս, որ եկն ի վերայ մեր վասն ծովացեալ մեղաց մերոց։ Երեւանայ աշխարհն, քաղաքն եւ երկիրն, եւ ամենայն շուրջակայ գաւառոքն ի (անօրէն ազգացն Պարսից եւ Իսմայելացւոց սըրաջինջ եղեւ ամենայն աշխարհս քրիստոնէից» [42] ։

Թուրքական աղբյուրներում Ֆահրադ փաշայի 1583 թ. արշավանքի ընթացքի, զորքի քանակի, գերեվարության եւ այլնի վերաբերյալ եղած տվյալները համեմատաբար կցկտուր են եւ միակողմանի։ Նրանցից միայն իմանում ենք, որ Ֆահրադ փաշան Երեւանի վրա է հարձակվել 1583 թվականին եւ առանց դիմադրության հանդիպելու մի քանի օրում հասել է քաղաք, մի «պտույտով» գրավել այն եւ անմիջապես սկսել նրա բերդի կառուցումը [43], որի մասին կասվի քիչ հետո։

Ի մի բերելով վկայակոչված աղբյուրների վկայությունները, կարելի է հանգել հետեւյալին։ Ֆահրադ փաշան Երեւանի վրա հարձակվել է 1583 թվականին, ոչ պակաս, քան 300000 հեծյալներից բաղկացած մի մեծ բանակով։ Երեւանի Թոխմախ կոչված Մահմուդ խանը, լսելով թուրքական բանակի առաջխաղացման մասին, նահանջում է դեպի արեւելք, քաղաքը թողնելով անպաշտպան։ Թուրքերը Երեւանի խանությունն ու Երեւան քաղաքը գրավում են կարճ ժամանակամիջոցում։ Ինչպես միշտ, այնպես էլ այս անգամ թուրքական ավարառու բանակը ավերում, թալանում է բնակչությանը, գերեվարում տասնյակ հազարավոր մարդկանց։ Բարսեղ Վարագեցու վկայության համաձայն, Ֆահրադ փաշայի արշավանքին զուգորդեցին ու հաջորդեցին ողբը, կսկիծն ու աղետը, սովը, կործանումը, գերությունը, խոտաճարակությունը եւ զանազան այլ պատուհասներ։

Երեւանը գրավելուց հետո թուրքական զորավարը անմիջապես ձեռնարկում է նրա ամրացման գործին՝ բերդի վերակառուցմանը։ Պատմական գրականության մեջ գրեթե առանց բացառության Ֆահրադ փաշային են վերագրում Երեւանի բերդի կառուցումը։ Սակայն այդ հարցում պետք է մտցնել որոշ ճշտում։ Երեւանի պատմության ողջ ընթացքից երեւում է, որ այնտեղ քաղաքի հիմնադրման օրից մինչեւ XIX դարի 80-ական թվականները (երբ Երեւանը դադարեց ոուս-թուրքական սահմանային բերդաքաղաք լինելուց, իր այդ տեղը զիջելով Կարսին ու Ալեքսանդրապոլին) միշտ բերդ կամ ամրոց է եղել։ Ուրարտական շրջանում նրա բերդերը գտնվում էին Արին-Բերդ֊ բլրի եւ Կարմիր-բլրի վրա, հետագայում՝ Ծիծեռնակաբերդում եւ այլուր։ Վկայակոչված հիշատակություններից պարզ երեւում է, որ Երեւանը բերդ ուներ նաեւ պարսկական տիրապետության շրջանում։ Սակայն հենց նույն աղբյուրները հաղորդում են, որ նախկինից գոյություն ունեցող Թոխմախ խանի ապարանքր փոքր էր, պաշտպանական տեսակետից ոչ հուսալի։ Հետեւապես Ֆահրադ փաշան ոչ թե բերդը նոր է կառուցել, այլ մեծացրել, վերակառուցել եւ ավելի է ամրացրել նախկին բերդը՝ Թոխմախ խանի աթոռանիստը։ Այդ երեւում է նաեւ նրանից, որ բերդի «կառուցման» բոլոր աշխատանքները տեւել են ընդամենը 45 օր [44] ։ Այդքան կարճ ժամանակամիջոցում միանգամայն անհնար էր իր ամրությամբ Արեւելքում այնքան անուն հանած Երեւանի բերդի կառուցումը, չնայած նրա կառուցման համար պատրաստի քարերը վերցնում էին հայկական գերեզմանոցներից եւ եկեղեցիները քանդելով։ Եվ վերջապես, ինչպես կտեսնենք, թուրքական աղբյուրները պարզապես հիշատակում են բերդի պարսպի եւ աշտարակների կառուցման մասին։ Մինչդեռ բերդ ասելով միայն պարիսպներ ու բուրգեր չեն հասկացվում, այլ նաեւ զինանոցներ, զորանոցներ, ախոռներ, պահեստներ, ապրանքներ եւ այլն, եւ այլն։ Այսպիսով, Ֆահրադ փաշան ոչ թե կառուցել, այլ հիմնովին վերակառուցել է նախկինից գոյություն ունեցող Երեւանի բերդը։

Հայկական աղբյուրներից վերը մեջբերված բոլոր վկայություններում հաղորդվում է այն մասին, որ Ֆահրադ փաշան Երեւանը գրավելուց հետո անմիջապես ձեռնարկեց բերդի «կառուցմանը»: Այնուհետեւ դրանք վկայում են, որ բերդի կառուցման համար թուրqական փաշայի հրամանով օգտագործում են հայկական գերեզմանաքարերն ու եկեղեցիների քարերը։ Հսկայական պարսպի համար անհրաժեշտ է լինում մեծ քանակությամբ քար։ Մի քանի եկեղեցի֊ ներ քանդելուց եւ դրանց քարերը օգտագործելուց հետո հերթը հասնում է քաղաքի ամենամեծ եկեղեցուն՝ «Երկու երեսի» (երկու բեմանոց) եկեղեցուն։ Սակայն Առաքել անունով մի վարդապետ կարողանում է թուրքական փաշայից կարգադրություն ստանալ այդ եկեղեցին կանգուն թողնելու մասին։ Այնուհետեւ մեր հիշատակագիրները հաղորդում են, որ կանգուն մնացած եկեղեցիները թուրքական զինվորները բավական ժամանակ վերածեցին ախոռների։

Երեւանի բերդի կառուցման մասին կողմնակալ, բայց համեմատաբար ավելի մանրամասն են պատմում թուրքական աղբյուրները։ XVI դարի վերջի եւ XVII դարի առաջին կեսի պատմագիր Փեչեւի-Իբրահիմը այդ մասին հետեւյալն է գրում.

«Երբ նա (Երեւանի խանը Թ. Հ. ) տեղեկացավ, որ իսլամական բանակը մոտենում է, շփոթվեց եւ իրեն կորցրեց։ Երբ արդարադատ Սերդարը (Ֆահրադ փաշան Թ. Հ. ) մտավ վերոհիշյալ քաղաքը (Երեւանը), նա անմիջապես ձեռնարկեց բերդի կառուցման աշխատանքներին։ Թոքմաք խանի պալատը մեջտեղ առնելով, նրա շրջակայքում կառուցեց մի լայն, եւ ամրակուռ պարիսպ։ Այդ աշխատանքներն ավարտվեցին 45 օրում» [45] ։

Գրեթե նույնպիսի, բայց ավելի որոշակի հիշատակություն ունի Երեւանի բերդի կառուցման մասին թուրքական մի այլ պատմագիր՝ Գելիբոլուլու Ալին։ Նա պատմում է, որ «հիշյալ Թոքմաք խանի պալատի շուրջը պարիսպներ շինեցին եւ այդ պալատի բարեշեն մասերը բեյլերբեյինների պալատի վերածեցին։ Ներքին բերդում կառուցեցին 8 աշտարակ, մի ջամի եւ պարսպի 725 պատնեշ։ Արտաքին բերդը լրացրին 43 աշտարակներով եւ պարսպի 1726 պատնեշներով։ Բերդում «շահանի» թնդանոթ դրեցին։ Վերոհիշյալ աշխատանքներն ավարտվեցին 45 օրում» [46] ։

Երեւանի բերդի կառուցման մասին թուրքական մի քանի այլ պատմագիրներ եւս ունեն վկայություններ, բայց դրանք համեմատաբար ուշ շրջանի են եւ էապես ոչնչով չեն լրացնում Փեչեւի-Իբրահիմին եւ Գելիբոլուլու Ալիին։ Իսկ վերջիններիս վկայություններից պարզ երեւում է, որ Ֆահրադ փաշան կառուցել է ոչ թե միանգամայն մի նոր բերդ, այլ հիմնովին վերակառուցել, մեծացրել եւ նոր պարիսպներով, աշտարակներով ու կրակակետերով ամրացրել է նախորդ ժամանակներից գոյություն ունեցող բերդը։ Այդ են վկայում Փեչեւիի՝ «Թոքմաք խանի պալատը մեջտեղ առնելով, նրա շրջակայքում կառուցեց մի լայն եւ ամրակուռ պարիսպ», Ալիի՛ «Ներքին բերդում կառուցեցին 8 աշտարակ... », «Արտաքին բերդը լրացրին 43 աշտարակներով» եւ այլ արտահայտությունները։

Բերդը հիմնովին վերակառուցելուց հետո Երեւանում բեյլերբեյ է նշանակում Վանի նախկին բեյլերբեյ Ջըղալե Զադե Յուսուֆ Սինան փաշան [47] ։ Նույն Ֆահրադ փաշայի հրամանով Երեւանի բերդում նշանակվում է 5600 զինվորներից բաղկացած կայազոր։ Երեւանից բացի, կայազորներ են կարգվում նաեւ «Շորագյալի, Թալինի, Ակչակալայի, Սուրմալուի, Իգդիր-Կարակալայի եւ Բեջենի (Բջնիի— Թ. Հ. ) բերդերում» [48] ։

Թուրք-պարսկական պատերազմները շարունակվում են մինչեւ 1590 թվականր։ Դրանց րնթացքում թուրքերը գրավում են ամբողջ Անդրկովկասը, Ատրպատականը եւ սպառնում բուն Պարսկաստանին։ Օսմանյան Յուզդեմիր փաշայի 1585 եւ Ֆահրադ փաշայի 1588 թվականների արշավանքների ընթացքում ավերումն ու ամայացումը հասնում են ահավոր չափերի [49] ։ Թուրքական բանակներն ավերակների կույտի են վերածում Ղարաբաղը, Մուղանը, Ատրպատականը, Արարատյան երկրի մեծ մասը, Գանձակի շրջանը եւ այլն։

1587 թվականին իր հոր՝ Խուդաբանդայի փոխարեն շահ կարգված Աբասը հարկադրված էր 1590 թ. մարտին ծանր պայմաններով հաշտություն կնքել թուրքերի հետ, վերջիններիս թողնելով ամբողջ Անդրկովկասն ու Ատրպատականը։ Երիտասարդ Շահ-Աբասին ժամանակ էր պետք ներքին երկպառակությունները եւ արեւելքից եկող վտանգը վերացնելու համար։ 90-ական թվականների վերջերին նա արդեն բավական կայունացրել էր պարսկական պետությունը, պարտության մատնել ուզբեկներին (1597 թ. ) եւ պատրաստվում էր նոր պատերազմով ետ գրավել կորցրած տերիտորիաները՝ Անդրկովկասն ու Ատրպատականը։ Շահ-Աբաս I-ի հարձակման համար բավական նպաստավոր պայմաններ էին ստեղծվել. Թուրքիայում բռնկվել էր ջալալիների շարժումը, Անդրկովկասի ժողովուրդներն ավելի հակված էին Պարսկաստանի կողմը եւ նույնիսկ հատուկ ներկայացուցիչներ ուղարկեցին Շահ-Աբասի մոտ՝ խնդրելով նրան Անդրկովկասն ու Ատրպատականը ազատագրել թուրքական լծից [50] ։ Զաքարիա Սարկավագն ուղղակի գրում է. «Քանզի որպէս պատմէ Առաքեալ պատմագիր, թէ՝ ելուզակք՝ որ է Ջալալիք, որոց անուանքն գրեալ է, զի բազմացան նոքա ՛ի Կոստանդնուպօլսէ մինչ ՛ի Երեւան. վասն որոյ զօրացաւ նա (Շահ-Աբասը— Թ. Հ. ). եւ ժողովեալ ղօրս իւր, եւ գնացեալ էառ զամենայն երկիրն, զոր առեալ էին օսմանցիքն ՛ի Պարսից» [51] ։

Նույն կերպ է նկարագրում Գրիգոր Կամախեցին օսմանյան Թուրքիայում տիրող խառը դրությունը եւ Շահ-Աբասի արշավանքի համար այնտեղ ստեղծված նպաստավոր պայմանները։ Նա գրում է, որ ջալալիների ապստամբության պատճառով ավերվել էր ամբողջ Անատոլիան, էրզրումը, Կարսը, Երեւանը եւ ամբողջ երկրում տիրում էր սովը, մահը, «գազանակերութիւնը» [52] ։ Այդպիսի պայմաններում Շահ-Աբասն սկսեց իր արշավանքը եւ «բազում աշխարհի բերդունայք եւ քաղաքունայք եւ բազում գաւառք մի մեկ տարոյն միջումն զամէնքն էառ՝ վասն անտերունչ լինելով աշխարհացն» [53], վկայում է Գ. Կամախեցին։

Միանգամայն հասկանալի է, որ այդպիսի պայմաններում Շահ-Աբասը, որին մեր պատմագիրները որակում են «բազմահնար», «հանճարեղ», «քաջ» եւ այլ ածականներով, առանց մեծ դժվարության պետք է ետ գրավեր օսմանյան Թուրքիայի կողմից 1578—1590 թթ. պատերազմների հետեւանքով նվաճված Անդրկովկասն ու Ատրպատականը։ Շահ-Աբասն իր արշավանքն սկսում է 1603 թվականին։ Անդրկովկասում պատերազմական դաշտի էին վերածվել Նախիջեւանի գավառի արեւելյան սահմաններից մինչեւ Շիրակ ներառյալ։ Այլ կերպ ասած՝ ամբողջ Երեւանի եւ Նախիջեւանի խանությունները վերածվել էին պատերազմական թատերաբեմի։ Կրոնավոր-ճանապարհորդ Ֆ. Անտուան Գուեայի վկայությամբ պատերազմական գործողությունների ոլորտի մեջ ընդգրկված այդ շրջանները խիտ բնակեցված էին, այնտեղ կային բազմաթիվ քաղաքներ եւ գյուղեր։ Այնուհետեւ նա նշում է, որ օսմանյան զորքերը սակավաթիվ էին եւ հարկադրված էին փակվել բերդերում։ Պարսիկներն այդ բերդերը պետք է գրավեին պաշարումով [54] ։

Շահ-Աբասը մեծ բանակի գլուխ անցած 1603 թվականին գրավում է Թավրիզը։ Այստեղի օսմանական զորքի մի մասը դիմում է փախուստի եւ գալիս ժողովվում Նախիջեւան քաղաքում [55] ։

Առանց հապաղելու դեպի Նախիջեւան է արշավում նաեւ Շահ-Աբասն իր բանակով [56] ։ Առաքել Դավրիժեցու հիշատակության համաձայն, Նախիջեւանի թուրք բնակիչներն ու կայազորը, լսելով պարսիկների կողմից Թավրիզի գրավման եւ դեպի Նախիջեւան շարժվելու մասին, մեծ տագնապ են ապրում [57] ։ Իսկ օսմանյան այն զորքը, որը Թավրիզի գրավման ժամանակ ճողոպրել էր այնտեղից եւ եկել Նախիջեւան, Շահ-Աբասի գալստյան լուրն առնելով հապճեպորեն թողնում է Նախիջեւանը եւ գալիս Երեւան. «Իսկ այն զօրքն օսմանցւոց, գրում է Առաքել Դավրիժեցին, փախեան ի Թարվիզու եւ եկին ի Նախչուան, ոչ կարացին մնալ անդէն՝ եւ կալ ընդդէմ, այլ երկիւղիւ մեծաւ ըմբռնեալ ի սիրտ եւ յոգի, հապճեպ տագնապաւ ելին ի Նախչուանայ՝ եւ ժամանեալ անկանէին ի քաղաքն Երեւան» [58] ։

Սկզբնաղբյուրների հաղորդած տեղեկություններից պարզ երեւում է, որ օսմանցիները Նախիջեւանում Շահ-Աբասին լուրջ դիմադրություն չեն ցույց տվել։ Համոզված լինելով, որ Նախիջեւանը հեշտությամբ կգրավվի, որոշում են այնտեղից փախած զորքերի հետ միասին ընդարձակել ու ամրացնել Երեւանի բերդը եւ միասնական ուժերով այս ամրակուռ բերդում դիմադրել հարձակվող թշնամուն։ Առաքել Դավրիժեցին վկայում է, որ Նախիջեւանից փախած զինվորները «հարաւային կողմն բերդին Երեւանայ կից ընդ նմա պատեցին պարիսպ եւ շինեցին միւս եւս բերդ, եւ մտին ինքեանք ի ներս պատերազմական զինուք» [59] ։ Նույնպիսի, բայց ավելի մանրամասն հիշատակություն ունի Երեւանի բերդի մեծացման ու ամրացման մասին թուրք պատմագիր Նայիման։ Նա հաղորդում է, որ երբ լսեցին Շահ-Աբասի՝ Նախիջեւանի ու Երեւանի վրա հարձակվելու լուրը, Երեւանի ավագանին ու բնակիչները որոշեցին բերդը մեծացնել, որովհետեւ Նախիջեւանի կայազորն այստեղ գալու դեպքում բերդը նախկին վիճակում չափից ավելի նեղվածք կլիներ։ Որոշվում է բերդի հարավային պարսպին կից կառուցել նոր, բարձր պարիսպ՝ նրա մեջ առնելով այդ մասում եղած թուրքական տներն առանց դրանք քանդելու։ Նոր պարսպի երկարությունր 500 արշին էր, որը կառուցվել է մոտ մեկ ամսվա րնթացքում՝ զինվորների միջոցով։ Նայիման գրում է, որ «Աստուծո օգնությամբ, դեռ Շահը չեկած, կարողացան ավարտել [Երեւանի] բերդի վերակառուցման աշխատանքները» [60] ։

Այսպիսով, օսմանյան թուրքերը վճռել էին Շահ-Աբասին համառ դիմադրություն ցույց տալ Երեւանում եւ նրա բերդը պաշտպանել մինչեւ վերջ։

1603 թվականի վերջերին Շահ-Աբասն իր զորքերով արդեն գտնվում էր Երեւանի բերդի պարիսպների տակ։ Մյուս քաղաքների նման, սակայն, Շահ-Աբասը Երեւանը գրավել է ոչ թե անմիջապես գրոհով, այլ երկարատեւ պաշարմամբ, մի հանգամանք, որ շատ ծանր է նստել բնակչության վրա [61] ։ Հիշատակությունների համաձայն, տեղական բնակչությունը թուրքական ծանր լծի համեմատությամբ գերադասել է Երեւանն ու համանուն խանությունը պարսից ձեռքն անցնելը. «Եւ յորժամ եկն շահն յԵրեւան՝ ամենայն բնակիչք երկրին եկին յերկրապագութիւն եւ յողջոյն թագաւորին, եւ ընծայաբերք լինէին ըստ կարի իւրեանց», գրում է Առաքել Դավրիժեցին [62] ։ Վրաց թագավորները նույնիսկ իրենց զորքերով գալիս եւ Շահ-Աբասի զորքերի հետ միասին մասնակցում են Երեւանի պաշարմանն ու գրավմանը [63] ։

Սակայն անժամանակ էր հայերի եւ տեղական մյուս ժողովուրդների ուրախությունը։ Շահ-Աբասի արշավանքը մահացու հարված հասցրեց նրանց՝ հատկապես հայերին։ Ավելի քան ութ ամիս տեված [64] Երեւանի բերդի պաշարման ժամանակ Շահ-Աբասը մերթ ընդ մերթ կազմակերպում էր գրոհներ, պարսից զորքի առջեւից դեպի բերդի պարիսպների տակ մղելով հայերին։ Միայն Երեւանի բերդի պաշարման ժամանակ փոսեր փորելու համար հարկ է եղել 12000 մարդ [65], որը գրեթե բացառապես համալրվել է հայերից։ Ե´վ փոս փորողները, եւ՛ պարսկական զորքի առջեւից հարկադրաբար դեպի բերդի պարիսպները գրոհող հայերն իրենց վրա էին վերցնում բերդապաշտպան կայազորի կրակն ու առաջին հարվածները տալով մեծ թվով զոհեր։ Դրանցից ոչնչով չէր տարբերվում ասպատակային արշավանքներով Շիրակից, Էրզրումից, Բասենից եւ Արեւմտյան Հայաստանի այլ գավառներից Արարատյան երկիր բերված 23 հազար [66] հայերի վիճակը։ Բայց այդ Թուրքիայի սահմանամերձ շրջաններն իսպառ ամայացնելու առաջին քայլերն էին։ Արարատյան երկիրն ու շրջակա գավառները, ինչպես կտեսնենք, մարդաթափ եզան, ավերակների կույտի վերածվեցին տեղական բնակչության բռնագաղթից հետո։

Շահ-Աբասը չէր շտապում գրավել Երեւանի բերդը։ Պաշարելով այն եւ գրավելով Երեւանի խանությունն ամբողջությամբ ու շրջակա մի շարք գավառներ, պարսից բռնակալն ամեն կերպ ձգտում էր խնայել իր ուժերը եւ երկարատեւ պաշարմամբ հարկադրել թուրքական կայազորին՝ հանձնել բերդը։ Օսմանական բերդապաշտպան զորքը Սայիղ փաշայի եւ Սուլեյման փաշայի հրամանատարությամբ քաջաբար կռվում են պարսկական մեծաթիվ բանակի դեմ [67], մի շարք անգամ ետ մղելով վերջինիս ձեռնարկած մասնակի գրոհները։ Սակայն դրսից օգնության ոչ մի հույս չունենալով՝ թուրքական կայազորը 8-9 ամիս բերդը պաշտպանելուց հետո հարկադրված է լինում անձնատուր լինել եւ բերդը պարսիկներին հանձնել. «Բայց զօրքն Օսմանցւոց որք էին ի մէջ բերդին Երեւանու, գրում է Առաքել Դավրիժեցին, որոց գլուխ էր Սայիտ փաշայն, եւ Սուլեյման փաշայն որդի Խտըր փաշային, քաջութեամբ զդէմ կալեալ արքային, եւ զօրացն Պարսից պատերազմէին. եւ դիմակաց եղեն յամիսս Ը. եւ յիններորդումն ամսեանն՝ անճար մնացեալ ետուն զբերդն. քանզի մտախոհ եղեալ Օսմանցւոցն տեսանէին զի ոչ քաղաքացն, որք շուրջ զիւրեամբք են՝ եւ ոչ ի Դրանէ թագաւորին իւրեանց, քազի Դուռն թագաւորին խառնակ էր։ Զի սուլթան Մահմատ խոնդքարն մեռաւ ի նոյն ամի. եւ սորին որդին Սուլթան Ահմատ՝ զոր թագաւոր կարգեցին՝ էր տղայ հասակաւ երկոտասան ամաց, թագաւորն էր նոր, եւ այն հասակաւ տղայ։ Այլեւ իշխանքն ո՛չ ունէին ընդ միմեանս սէր եւ միարանութիւն, եւ ընդ տան թագաւորին մտերմութիւն։ Այլեւ ապստամբ Ջալալիք բազումք եւ յոլովք էին յարուցեալ ի մէջ աշխարհին՝ որք ավերէին զքաղաքս եւ զերկիրս թագաւորին... ։ Եւ հանդերձ վերոյասացելովք պատճառովքդ եւ այլ եւս յոլովից նեղութեանց վասն, զոր կրեցին զօրքն Օսմանցւոց՝ որք պաշարեալք կային ի մէջ բերդին Երեւանու, նեղեալ եւ անյոյս լեալք յօգնողաց ի փրկողաց՝ վասն որոյ ետուն զբերդն զօրացն Պարսից» [68] ։

Հազիվ թե որեւէ բան կարելի է ավելացնել ժամանակակից պատմիչի վկայության վրա։ Ինչպես տեսնում ենք, Առաքել Դավրիժեցին Երեւանի բերդի անկման պատճառը համարում է օսմանյան պետության ներքին խառնակ դրությունն ու երկրի ամայացումը ջալալիների կողմից, որոնց հետեւանքով բերդապաշտպան զորքը զրկված էր դրսի օգնությունից։

Երեւանի բերդի պաշարման եւ գրավման մասին ավելի մանրամասն են խոսում թուրքական աղբյուրները։ Դրանք շատ հարցերում կողմնակալ են։ Այսպես, օրինակ՝ Շահ-Աբասին ներկայացնում են որպես ձեւամոլ ու փքված բռնակալ, պարսկական զորքը՝ իր հիմնական մասով ավազակաբարո եւ խառնիճաղանճ ամբոխ։ Ըստ այդ նույն աղբյուրների, դուրս է գալիս, որ Երեւանի բերդապաշտպան օսմանական զորքի թիվը 4000-6000-ից չէր անցնում եւ իբր թուրքերն այդքան փոքրաթիվ զորքերով 8-9 ամիս պաշտպանել են բերդը պարսկական մեծաթիվ բանակից [69] ։ Սակայն, այդ բոլորով հանդերձ, թուրքական աղբյուրները՝ Փեչեւի-Իբրահիմը, Նայիման եւ Քյաթիբ Չելեբին արժեքավոր տեղեկություններ են հաղորդում Երեւանի բերդի պաշարման, պաշարողների եւ պաշարվածների միջեւ տեղի ունեցած ընդհարումների, զորքերի քանակի, Շահ-Աբասի կողմից բերդապաշտպաններին ուղղված կոչերի ու նամակների, գործածված զենքերի՝ հատկապես թնդանոթների տեսակների, պաշարման ընթացքում պարսկական զորքերի կողմից Անդրկովկասի գավառներում կատարած ասպատակությունների եւ բերդի հանձնման հանգամանքների մասին [70] ։ Իսկ դրանք զգալի չափով լրացնում եւ հարստացնում են մեր գիտելիքները Շահ-Աբասի նշված արշավանքների ու Երեւանի գրավման վերաբերյալ։

Շահ-Աբասի արշավանքի եւ Երեւանի գրավման մասին բավական առատ նյութեր կան նաեւ մեր հիշատակարաններում։ Ոմն Հովհաննես գրիչ (Խարբերդի Գահլու գյուղից) լատիներենից թարգմանված «Առաքինությանց» գրքի վերջում 1606 թ. գրած հիշատակարանում հետեւյալն է վկայում. «Ելաւ Պարսից արքայն ի Յասպահանայ բազում եւ անթիւ զաւրաւք, որում անուն էր Շահապազ, եկն առաջ ի շահաստան, որ կոչի Թարուէզ, մարտընչաւ հետ Օսմանցուն եւ էառ զԹարուէզ. եւ ապայ եկեալ ի Յերեւան. եւ զաւրաւքն Նախճըւանայ փախըստական եղեալ յամրացան ի բերդն Երեւանայ. եւ շահ է. ամիս եւ է... եւ յորժամ էառ զբերդն, զոմանսն կոտորեաց եւ զոմանս ազատ արաւ» [71] ։ Ինչպես տեսնում ենք, հիշատակարանի բովանդակությունը լիովին համապատասխանում է Առաքել Դավրիժեցու հաղորդած տեղեկություններին եւ դրանում համառոտ նկարագրված է Շահ-Աբասի արշավանքի ընթացքն ու հետեւանքները, այդ թվում նաեւ Երեւանի գրավումը։ Հայկական ձեռագրերի ուրիշ հիշատակարաններում Շահ-Աբասի արշավանքի մասին եղած վկայություններն ավելի համառոտ ու անորոշ են։ Այսպես, օրինակ՝ գրիչ Հովհաննես Վարագեցին մի ճառընտիրի 1604 թվականին վերաբերող հիշատակարանում Երեւանի գրավման մասին բավարարվել է միայն հետեւյալ համառոտ վկայությամբ. «Եւ զի յայսմ ամի (1604 թ. Թ. Հ. ) եկն կարմիր գլուխն Շահաբազն ի վերայ Երեւանայ բերդին, եւ էառ զնա բազում ջանիւ» [72] ։ Նույնպիսի բնույթ ունեն նաեւ մյուս հիշատակարանները։

Շահ-Աբասի արշավանքի, Երեւանի գրավման եւ բազմահազար հայերի դեպի Պարսկաստանի խորքերը քշելու մասին ընդարձակ եւ պատմագրական տեսակետից խիստ արժեք ներկայացնող ծավալուն ողբ է գրել Հովհաննես Մակվեցի տաղասացը։ Համառոտագրելով մեջ բերենք նրա ողբի այն մասը, որը վերաբերում է Երեւանի պաշարմանն ու գրավմանը։

«Եկայք Ադամայ որդիք
ժողովեալ ՛ի մի տեղ նստիք.
Ես ձեզ պատմեմ լալագին՝
Զողբն եւ զկոծ Հայոց ազգին։

 

Խաւար սփրեաց մեր ազգին.
Բարկացաւ մեզ տէր երկնային
Որպէս կարկուտ գայ գետին՝
Նոյնպէս զօրքն Պարսից եկին.

 

Գլուխ զօրաց էր նոցին
Շահ Ապազ Խուտաբանդ որդին,
Հազարապետք ընդ նմայ
Յերեւան քաղաք եկին։

 

Չորս կողմն վրան դրին,
Զբերդավանքն պաշարեցին.
Երկիր եւ աշխարհ եւ փռան?
Քրիստոնեայքն ժողովեցին։

 

Զբոլորն առին նախ,
Ու վերէն սիպայ կանգնեցին,
Որպէս մեծամեծ բլուրք
Նայ անդէն հողն կտրեցին.

Ի Հայոց հազար թըւին
Յիսուն երեք աւելին,
Ելք Աւելեաց պատկերին,
Մուտ ամսեանն նավասարդին,

 

Իսկ նոքա բերդէն ՛ի վայր
Զքրիստոնեայք հարկան էին,
Որպէս զանմեղուկ գառինս
Զբազումսն կոտորեցին...

 

Եօթն ամիս հասարակաւ
Եւ եօթն վերայ աւելի,
Թօփով զպարիսպըն քակեաց
Վարաւ զինքն աւաղելի։

 

Ի չարխըն ժըռաւ նոցին,
Այն ազգին Օմարին,
Հազար թէ պատերազմաւ,
Բայց իւրեանց կամօք տըվին։

 

Յորժամ որ ըզբերդն առին՝
ԸզԽտրի տղայն ՛ի բաց թողին.
Հինգ հազար զօրօք գընաց
Իւրեանց խոնդքարն որ կ´ասին» [73] ։

 

Ինչպես տեսնում ենք, ողբում եղած նկարագրությունը լիովին համապատասխանում է պատմագրական երկերի վկայություններին։ Այնտեղ ասված է, որ պարսից զորքր Խուդաբանդի որդի Շահ-Աբասի հրամանատարությամբ 1604 թվականի օգոստոսին պաշարել եւ յոթ ամիս ու յոթ օր հրանոթներով բերդի պարիսպները քանդելուց հետո գրավել է այն։ Բերդը գրավելուց հետո 5000 հոգուց բաղկացած բերդապաշտպան զորքը Սուլեյման փաշայի հետ միասին ազատ է արձակվել։ Այնուհետեւ հեղինակը սրտի կսկիծով պատմում է մեր ժողովրդի գլխին եկած դժբախտություններն ու արհավիրքները։ Ողբի շարունակության մեջ Հովհաննես Մակվեցին նկարագրում է Շահ-Աբասի կարգադրությամբ կազմակերպված բնակչության բռնագաղթը [74], որի մասին խոսք կլինի քիչ հետո։

Երեւանի բերդն ու քաղաքը գրավելուց հետո Շահ-Աբասը թուրքական կայազորի զգալի մասր իրոք որ ազատ է արձակում։ Առաքել Դավրիժեցին այդ մասին հաղորդում է. «Եւ յորժամ էառ շահն զբերդն, հրաման ետ մունետկաց քարոզել եւ հրատարակել ի մէջ բանակին Պարսից եւ Օսմանցւոց։ Հրաման է ի մեծ արքայէն Շահաբասայ, որ ոք սիրէ զայս աշխարհս՝ եւ զշահն, եւ կամեցի կալ ի հայրենիս իւր՝ սիրով կացցէ, եւ ի շահէն պատիւս եւ ընդունելութիւն գտցէ ըստ արժանւոյն. եւ որ ոք գնալ կամիցի յազգ եւ ի ժողովուրդ իւր, խաղաղութեամբ երթիցէ իւրովք ընչիւք եւ ստացուածովք» [75] ։

Շահ-Աբասի այդ կարգադրությունր վերաբերում էր ե՛ւ զորքին, ե՛ւ քաղաքացիական բնակչությանը։ Վերը մեջ բերված ողբում մենք տեսանք, որ Շահ-Աբասի թույլտվությամբ ազատ արձակված օսմանյան զինվորների թիվը հասնում էր 5000-ի։

Թուրք պատմագիրներ Նայիմայի եւ Քյաթիբ Չելեբիի մոտ միանգամայն այլ ձեւով եւ այլ թվեր են հաղորդվում։ Ըստ դրանց Երեւանի բերդի պաշարման սկզբում օսմանյան զորքն իր կազմում ուներ ընդամենը 5000-6000 զինվոր, յոթ ամսվա ընթացքում դրանցից մարտում զոհվել է 1. 500 զինվոր, մահացել՝ 500 զինվոր, ամբողջ զինվորների «կեսը հակառակվելով» թողել հեռացել է եւ բերդի գրավման ժամանակ իբր մնացել էին միայն 500 զինվոր, որոնք եւ հանձնվել են պարսիկներին [76] ։ Շահ-Աբասի կողմից օսմանյան բանակի մնացորդներին ազատ արձակելու հրամանի մասին Նայիման եւ Քյաթիբ Չելեբին որոշակի ոչինչ չեն ասում։ Դրանցից առաջինը գրում է, որ «Երբ Շահի զինվորները պաշարվածներին օգնություն խնդրելու եւ անձնատուր լինելու կոչ արին, պաշարվածներն ստիպված շնորհ խնդրելով դիմեցին վեզիրին։ Որոշ նկատառումներով այդ խնդրանքն ընդունվեց» [77] ։ Գրեթե նույնն է հիշատակում նաեւ Քյաթիբ Չելեբին. «Բերդում մնացածները ստիպված են լինում անձնատվություն խնդրել։ Նրանց խնդրանքը շահի կողմից ընդունվում է» [78], գրում է նա։ Մինչդեռ դեպքերին ժամանակակից Փեչեւի-Իբրահիմը ուղղակի նշում է, որ Շահ-Աբասը օսմանյան զորքերի տեղում մնալու ու չմնալու իրավունքր տվեց իրենց՝ զինվորներին, իսկ Խդըր փաշայի որդուն՝ Սուլեյման փաշային բազմաթիվ ընտանիքներով ապահով կերպով ուղարկեց Կարս։ Ահա նրա խոսքերը. «(Շահը) մնացած զինվորներին ասաց. «Ով ուզում է, թող ինձ կուլ լինի, ով ուզում է, թող գնա օսմանցու մոտ»։ Մինչեւ անգամ Խդըր փաշայի որդուն՝ Մուհամմեդ փաշային 300-400 տուն, ընտանիքով եւ երեխաներով Շահի մարդկանց ուղեկցությամբ ապահով կերպով Կարս ուղարկեց։ Իսկ Երեւանի բերդը ավերեց, այրեց եւ հողին հավասարեցրեց» [79] ։

Սկզբնաղբյուրների հաղորդած տեղեկությունների մանրամասն ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պարսկական զորքը Երեւանը պաշարել է1603 թվականի նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբներին եւ գրավել է հաջորդ տարվա օգոստոսին։ Երեւանն ու համանուն խանությունը գրավելուց հետո Շահ-Աբասն այնտեղ սարդար (զորագլուխ) եւ բեյլերբեյ է նշանակում իր հավատարիմ ու քաջ զորավարներից մեկին՝ Ամիրգունա խանին, որի մասին խոսք կլինի հետագայում։

Սակայն օսմանյան Թուրքիան ամենեւին չէր հաշտվում Երեւանի ու Նախիջեւանի խանությունները եւ հարակից երկրները ընդմիշտ Պարսկաստանին թողնելու մտքի հետ։ Որոշ չափով հաղթահարելով ներքին հակասությունները եւ երկրում շատ թե քիչ կայուն վիճակ ստեղծելով՝ օսմանյան Թուրքիան Երեւանի բերդը Շահ-Աբասի կողմից գրավելուց երկու-երկուս ու կես ամիս անց, 1604 թվականի աշնանն արդեն անցնում է հարձակման։ Դեպի Երեւան ու Նախիջեւան արշավող թուրքական մեծաթիվ բանակի հրամանատար էր նշանակված Ջղալօղլի մականունով Սինան փաշան։ Թուրքական հարձակումն սկսվել էր Երեւանի բերդը պարսիկների կողմից պաշարվելուց մեկ տարի անց։

«Յորժամ տարին բոլորաւ,
Բօատուն երեկ կանցնեցաւ,
Թէ Ջղալ օղլին կ՚ասեն՝
Վերցաւ, կռիւ շարժեցաւ»

գրում է Հովհաննես Մակվեցի տաղասացը [80] ։

Առաքել Դավրիժեցին Ջղալօղլի Սինան փաշայի արշավանքի կազմակերպման պայմանները նկարագրում է բավական որոշակի ու համակողմանի։ Նա գրում է. «Արդ այս ամենայն որ գործեցաւ ի թագաւորէն Պարսից. եւ լուեալ ազգին Օսմանցւոց եւ թագաւորի նոցա, որ ի Կոստանդնուպօլիս. միաբանեցան եւ նոքա՝ եւ շարժեցան ի գործ արութեան ելանել եւ զթշնամեաց ի դիմի հարկանել։ Որեւ կարգեցին զոմն գլուխ եւ սարդար, որում անուն էր Սինան փաշայ՝ զոր մակ անուամբ Ջղալօղլի կոչէին որ գումարեաց զօրս բազումս որովք ելեալ ի Կոստանդնուպօլսէ դիմեալ գայր յաշխարս արեւելեան» [81] ։

Ջղալօղլի Սինան փաշայի արշավանքը սկսվել էր այն ժամանակ, երբ Շահ-Աբասը Երեւանը գրավելուց հետո շարունակում էր իր հարձակումը դեպի արեւմուտք։ Վերջինս թուրքական հարձակման մասին լսում է Շիրակում՝ Կարսը գրավելուց հետո. «Եւ ետ կատարելոյ այս ամենայն գործոց եւ իրականութեանց՝ զորս արար շահըն, պատմում է Առաքել Դավրիժեցին, չուեալ այնուհետեւ յԵրեւանայ ամենայն բանակաւն իւրով յառաջ խաղաց գնալ ի վերայ քաղաքին Կարսայ առնում եւ զայն եւս։ Եւ իբրեւ եհաս ի գաւառն Շիրակվանաց, եւ րնդ բազում համբաւոյ գալոյ Ջղալօղլւոյն, զոր հանապազ բերէին գնացեալ լրտեսքն, անդէն եկին այլ եւս լրտեսք՝ եւ բերին ստոյգ համբաւ թէ, ահաւասիկ եկեալ Ջղալօղլին եմուտ ի գաւառն Կարնոյ, որ է Արզրում» [82] ։ Այդ պահից սկսած Շահ-Աբասը ոչ միայն դադարեցնում է իր հարձակումը, այլեւ նահանջում է դեպի Արաքս ու Ախուրյան գետերի խառնարանը, դեպի պատմական Երվանդակերտի ավերակների շրջանը. «Իբրեւ լուաւ շահն զայս համբաւ, դարձոյց զերեսս իւր՝ եւ եկն յԵրուանդակերտն հին, որ այժմ ասի Աղջաղալայ» [83], գրում է Առաքել Դավրիժեցին։

Սակայն այդ Շահ-Աբասի նահանջի միայն սկիզբն էր։ Պարսից բռնակալը, տեսնելով, որ չի կարող բաց ճակատամարտով դիմադրել ու կանգնեցնել Սինան փաշայի հարձակումը, որոշում է ամայացնել ու մարդաթափ անել թուրքական բանակի առաջխաղացման ճանապարհին ընկած բոլոր շրջանները, քաղաքները եւ գյուղերը։ Դրանով Շահ-Աբասը ձգտում էր երկու նպատակի, առաջին՝ ամայացնելով սահմանամերձ երկրամասերը թուրքական բանակին զրկել պարենավորումից ու մատակարարումից, արգելակել նրա առաջխաղացումը դեպի արեւելք եւ երկրորդ ամայացրած շրջանների բնակիչներին՝ արհեստավորներին, առեւտրականներին ու գյուղացիներին քշելով Պարսկաստանի խորքերը, նպաստել իր պետության կենտրոնական երկրամասերի տնտեսության բարգավաճմանը։ Պատմիչը նշում է, որ վաղուց էին մտադրվել հայոց աշխարհի հայ, հրեա, մահմեդական բնակիչներին բռնի կերպով ընդմիշտ գաղթեցնել Պարսկաստան եւ երկիրը հիմնահատակ ավերել։ Առաքել Դավրիժեցու խոսքերով ասած. «Եւ զոր ի վաղ ժամանակաց ունէր ի մտի զքշելն ազգին քրիստոնէից՝ եւ զաւերելն աշխարհին Հայոց՝ անդ յայտնեաց խորհրդակցաց իւրոց։ Քանզի գիտէր ի միտս իւր՝ թէ ո՛չ կարէ պատերազմաւ զդէմ ունիլ Սինան փաշային՝ այսինքն Ջղալօղլի Սարդարին. վասն որոյ հրամայեաց զամենայն բնակիչս աշխարհին Հայոց, եթէ քրիստոնեայ, եթե հրէայ, եթե մահմետական, քշել յաշխարհն Պարսից։ Զի եկեալ Օսմանցւոցն անբնակ գտանիցեն զերկիրն ի մարդկանէ։ Եւ ո՛չ գտցի կերակուր եւ ռոճիկ եւ այլ ինչ պիտոյք նոցա՝ եւ անասնոց նոցա, եւ առ ի չգոյէ հարկաւորաց վտանգեսցին զօրքն Օսմանցւոց։ Նաեւ տարեալ ժողովուրդքն լինցին նմա անզերծանելի հարկատուք՝ ծառայք. եւ հողագործք մինչեւ ցյաւիտեան» [84] ։

Եվ այսպես, Շահ-Աբասը հրամայում է բոլորին գաղթեցնել՝ ավերելով բոլոր բնակավայրերը եւ ոչնչացնելով այն մթերքները, որ անհնար էր տանել Պարսկաստան։ Այդ 1604 թվականի աշնանն էր։ Բնակիչները խնդրում են հրամանի կատարումը հետաձգել գեթ մինչեւ հաջորդ տարվա գարուն, բայց շահը կտրուկ մերժում է նրանց խնդրանքը [85] ։ Թուրքական բանակը հարձակվում էր, իսկ նա շտապում էր օր առաջ ամայացնել Հայաստանի արեւելյան շրջանները եւ նրա բնակիչներին ու ունեցվածքի մի մասը տանել Պարսկաստան։ Շահի հրամանով պարսկական զորավարներից ու իշխաններից ըստ գավառների նշանակվում են վերակացուներ, որոնք տեղական իշխանավորների հետ միասին սկսեցին տեղահան անել եւ խումբխումբ դեպի Պարսկաստան քշել ողջ բնակչությանը՝ կին թե տղամարդ, պատանի թե աղջիկ, երեխա թե ծերունի, բոլորին անխտիր [86] ։ Շահը Երեւան քաղաքի, Արարատյան երկրի եւ շրջակայքի բնակիչների տեղահանման եւ բռնագաղթեցման գլխավոր վերակացու է նշանակում Ամիրգունա խանին. «Եւ զԱմիրգունայ խանն՝ յատուկ քաղաքին Երեւանայ եւ երկրին Արարատու, եւ նորին մերձակայ մասնաւոր գաւառացն», գրում է Առաքել Դավրիժեցին [87] ։ Վերակացուներին հրամայված էր ոչ մի կենդանի շունչ չթողնել երկրռւմ, բոլորը քշել դեպի Պարսկաստան։ Այնուհետեւ պատմիչը սրտի կսկիծով, ամենայն մանրամասնությամբ նկարագրում է տեղահան արված բնակչության տառապանքները, պարսկական զորքի կողմից հասցըված նեղություններն ու բռնությունները, ճանապարհի դաժան պայմաններին զոհ գնացածներին ու Արաքսում խեղդվածներին [88] ։ Երեւան քաղաքի, Արարատյան աշխարհի եւ դրա շրջակայքի (Սեւանա լճի շրջակայք, Նախիջեւանի շրջաններ, Եղեգնաձոր, Լոռի, Ապարան, Շիրակ, Ծաղկաձոր, Գառնիի ձոր, Ուրծաձոր եւ այլն) բնակիչներից [89] բացի, նրանցից առաջ բռնագաղթեցրին նաեւ Գանջայից (Գանձակ), Արծկեից (Վանա լճի հյուսիսում), Արճեշից (Վանա լճի հյուսիսում), Բերկրիից (Վանա լճի հյուսիս-արեւելքում), Վանից, Մանազկերտից, Ալաշկերտից, Մակուից, Կարսից, Կաղզվանից, Բասենից, էրզրումից, Խնուսից եւ այլ տեղերից բերվածները, որոնց նախ հավաքեցին Երեւան, ապա քշեցին դեպի Պարսկաստան. «զսոսա ամենեսեան հրամայեաց զի խոյզ արարեալ գտցեն յերկրին Երեվանու. զամենեսեան վարեսցեն յաշխարհն Պարսից։ Որ եւ փութով կատարեցալ հրամանս այս. զի որքան կային այնպիսի ժողովուրդք, զամենեսեան վարեալք քշեցին յաշխարհն Պարսից» [90] ։

Իր չափերով ու դաժանությամբ հազվագյուտ այդ բռնագաղթը ահ ու սարսուռ ազդող ողբով է նկարագրել Յովհաննես Մակվեցի տաղասացը։ Բերենք նրա խոսքերը համառոտագրումով.

 

«Յորժամ որ լըսեց արքայն
Թէ այսպէս ասած պիղծ մօլայն,
Ձայնեց մի զօրագլխացն՝
Որ ասի Ամիրգունա խան.

 

Ասաց, ժողովեա ըզօրքն,
Կատարեա զինչ տամ հրաման.
Ի յ Անու քաղաքէն ՛ի վայր՝
Դու այրեա մինչ Նախչւան։

 

Յորժամ առին հրաման՝
Ան մօլայ ազգն Մահմետան,
Որպէս ըզգայլ ՛ի գառինս
Ի յերկիրն յարձակեցան։

 

Սարերն ամեն սուգ մըտան։
Ծուվք եւ գետք ՛ի լաց շարժեցան.
Շաբաթ էր լուս կիրակի՝
Որ կրակ տուին յԵրեւան։

 

Շատ հարք յորդւոց բաժանեցան,
Ի Պարսից ագգէն գերեցան.
Շատ հարսն եւ աղջկունք տարան
Ի Սպահան եւ ի Խորասան։

Շատ նազելի ճոխ պատկերք
Սեւադէմ Պարսից ձեռն անկան.
Շատ զօրայեղգուն կտրիչ
Ի նոցա ազգէն ըսպահան։

 

Շատ գեղեցկագուն մանկունք
Ոտնայատակ թաւալմամբ մեռան.
Շատոնք ՛ի յԵրասխն անկան,
Ջրախեղդ առ Աստուած փոխան։

 

Ո՜վ կարէ պատմել գըրավ
Զույց կսկիծս որ մեզ հանդիպան
Որ մենք ՛ի մեր սուրբ տեղացն
Զրկեցաք, եղաք անպիտան....

 

ԵՍ ՅՈՎՀԱՆՆԷՍ ՄԱԿՈԻԵՑԻ...
Լալագին տեղիս երգողի,
Ես էի ՛ի մէջ նոցա,
Եւ աչօք իմովք զայս տեսի։

 

Ընդ նըմին ես ձայնակցեալ
Սուտանուն Դաւիթս որ կոչիմ,
Զձեզ աղաչեմ, ո՜վ երգողք,
Թողութիւն խնդրէք մեղացիմ»... [91]

 

Կարծում ենք ականատես հեղինակի ողբի այսքան պարզ ու որոշակի հաղորդումների մասին լրացուցիչ բացատրությունների անհրաժեշտություն չկա։ Յուրաքանչյուր ընթերցող դյուրին կերպով դրանում կարող է տեսնել բռնագաղթի ահավորությունն ու ողբայիհեեւանքները։

Գուվեայի հիշատակության համաձայն, բռնագաղթի էր ենթարկված ավելի քանի 60000 ընտանիք [92] ։ Եթե յուրաքանչյուր ընտանիք համարենք 5-6 շնչից բաղկացած, ապա դուրս կգա, որ Պարսկաստան քշված բնակիչների թիվը ամենահամեստ հաշիվներով հասնում էր 300000-ից մինչեւ 360000 մարդու։ Թե քանի հոգի էին տարվել Երեւան քաղաքից եւ հետագայում ինչպիսի ճակատագիր են ունեցել նրանք, մենք կտեսնենք մի այլ առիթով՝ քաղաքի բնակչության մասին խոսելիս։ Միայն հարկ է նկատել, որ այդ մեծ աղետի մասին նշվածներից բացի, վկայություններ, չափածո ողբեր եւ հիշատակություններ ունեն նաեւ ուրիշ շատ հեղինակներ՝ պատմագիրներ, տաղասացներ, գրիչներ, ճանապարհորդներ [93], որոնց հաղորդած տեղեկությունները հանգամանորեն կարող են քննարկման առարկա դառնալ հայ ժողովրդի րնդհանուր պատմության այդ ժամանակաշրջանի հարցերն ուսումնասիրելիս։ Երեւանի քաղաքական պատմության համար դրանցից հատկապես ուշադրության արժանի է Դավիթ Գեղամեցի եպիսկոպոսի «Ողբք ի Ջուղա» վերնագրով չափածո հիշատակարան-ողբը, որը գրված է 1610 թվականին եւ զետեղված հայսմավուրքի վերջում։ Այդ րնդարձակ ողբից բերում ենք մեզ հետաքրքրող հատվածը.

 

«Ողբամք երկիրս Արարատեան
Գեօղք եւ գաւառք աւեր դարձան,
Եկեղեցիք խաւարեցան,
ժամատեղաց ձայնքըն հատան։
Ջուղա քաղաքն ազնիւ շինած,
Քոշք եւ սարայքն բարձրացած
Եւ գոյնըզգոյն ծաղկեցուցած,
Նա հիացնում էր տեսողաց.
Եօթն ժամտեղ էր հաստատած,
Եկեղեցիքըն զարդարած,
Բուրվառանքն ոսկեջըրած,
Ծածկոցներըն ոսկեթեղած։
Բոլոր երկիրըս ամենայն
Մինչ ԿԱՂԶԸՎԱՆ եւ Շիրակվան

Ավետարանքն եւ Սուրբ Խաչեր
Անգին ակամք էր զարդարած,
Սեղանըներն եւ սրբութիւն
Ուրախութիւն էր նայողաց։
ժամատեղին խափանեցաւ,
Պաշտօնէից ձայնըն հատաւ,
Լոյսն եւ կանթեղքն խաւարեցաւ,
Պայծառութիւնն աւեր դարձաւ։
Ջուղա քաղաքն եւ ԵՐԵՒԱՆ
Շուշ քաղաքին բընակեցան
Իյայն տեղին հաստատեցան.
Յետ դառնալոյ չըկայր հրաման։
Ձորն ԵՂԵԳԵԱՑ եւ Նախչեվան
Զամենեսեան սուրկուն տարան» [94] ։

 

Ինչպես տեսնում ենք, Դավիթ Գեղամեցու ողբը լիովին համապատասխանում է մյուս սկզբնաղբյուրների հաղորդած տեղեկություններին եւ որոշ առումով լրացնում է վերջիններիս հիշատակությունները։ Նա գրում է, որ Արարատյան աշխարհի գյուղերի ու գավառների եւ Ջուղա ծաղկած քաղաքի հետ միասին ամայացել է նաեւ Երեւան քաղաքը, որի բնակիչները Ջուղայի բնակիչների հետ միասին աքսորվել են («սուրգուն» տարան) Շոշ (Նպահան ) եւ հրաման չեն տվել նրանց վերադառնալու մասին։

1604 թվականի աշնանը պարսկական բանակն Արարատյան դաշտով եւ Արաքսի հովտով արագորեն նահանջում էր, իր հետ տանելով տեղահան արված բազմահազար բնակիչներին։ Ջղալօղլի Սինան փաշան կրնկակոխ հետեւում էր պարսկական նահանջող զորքերին։ Բայց մինչեւ թուրքական բանակի հասնելը Շահ-Աբասին հաջողվում է անցնել Արաքս գետը եւ շարժվել դեպի Թավրիզ։ Ուշ աշուն էր եւ ցրտերն արդեն վրա էին հասնում։ Ուստի Սինան փաշան հրաժարվում է պարսիկներին հետապնդելու եւ իր զորքերով Աստապատ գյուղի մոտով անցնում է Արաքսը ու գնում է Վան՝ այնտեղ ձմեռելու համար։

Հաջորդ տարվա գարնանը պատերազմական գործողությունները վերսկսվում են։ Թուրքական ու պարսկական զորքերի միջեւ մի շարք բախումներ լինելուց հետո 1605 թ. հոկտեմբերի վերջերին տեղի է ունենում վճռական ճակատամարտը, որն ավարտվում է թուրքերի պարտությամբ։ Երկու պետությունների միջեւ կնքվում է ժամանակավոր հաշտություն, որով վերականգնվում են 1555 թվականի սահմանները [95] ։ Ըստ դրա Արեւելյան Հայաստանի մյուս նահանգների հետ միասին Արարատյան աշխարհն ու նրա կենտրոն Երեւան քաղաքը նորից անցան Պարսկաստանին։

Սակայն բովանդակ Արեւելյան Հայաստանի հետ միասին Երեւանին նույնպես չէր վիճակված վայելել այդ խաղաղությունը։ Դեռեւս Շահ-Աբասի 1604 թվականի արշավանքից առաջ ջալալիները ասպատակություններ էին կատարում Արեւելյան Անատոլիայում եւ Հայաստանում [96] ։ Իսկ շահի եւ թուրքական Սինան փաշայի արշավանքներից հետո, երբ երկիրը մեծապես ավերվել էր ու մարդաթափ եղել, ջալալիները հարմար պահ համարեցին «անտեր» ու ամայի երկիրն ասպատակելու։ Ահա թե ինչ է գրում Առաքել Դավրիժեցին. «Եւ ի մէջ երկուց տիեզերակալացս այսոցիկ, այսինքն շահին եւ Ջղալօղլուն, ամայի մնաց երկիրն Արարատու իւրովք մասնաւոր գաւառօքն. քանզի շահն գնաց ի Թարվէզ՝ եւ ո՛չ է ձեռնահաս, եւ Սարդարն Օսմանցւոց մեռաւ, եւ ինքեանք ի մէջ իւրեանց ի խռովութեան կան, զի ոչ են միաբանք։ Վասն որոյ պարոնայք ոմանք՝ որք խրախուսեալ յուսային ի զորութիւնս անձանց իւրեանց, գային եւ տիրէին երկրին Արարատու՝ այսինքն Երեւանայ։ Որպէս պարոնն՝ զոր Քանաքրլու Մահմուտ ասէին, եկեալ տիրացաւ աշխարհին։

Եւ զկնի սորա այլ ոմն Ջալալի փաշայ՝ զոր թօփալ Օսման փաշայ ասէին..., սա եկեալ մարտեաւ ընդ Քանաքրլու Մահմուտին եւ գաւառին Կոտէից, որ այժմ Ղրխբուլաղ՝ մերձ ի գիւղն Առինճ. եւ փախոյց զՔանաքրլու Մահմուտն։ Եւ ինքն Օսման փաշայն հաւաքեալ առ ինքն բազում արս սրիկայս՝ արար իւր զօրս իբրեւ հազարաց եւ կալեալ իւր կայան զգիւղն Կարփի՝ եւ անդ նստեր» [97] ։

Այնուհետեւ պատմիչը վկայում է, որ շալալիներն ամայացրին Կոստանդնուպոլսից մինչեւ Երեւան եւ Բաղդադից Դերբենդ ընկած երկըրները [98] ։ Առաքել Դավրիժեցու հիշատակություններից բացի, ջալալիների ասպատակությունների մասին կարեւոր վկայություններ ունի նաեւ Գրիգոր Կամախեցին։ «Աշխարհ ամէնն խուռն աւերակ էր եղեր ի ջալալացն, ի Հարզուլումէն ի վեր ի Կարս եւ յԵրեւան փախեան եւ ի Թէոդուպօլսոյ ի վայր ի Կահան անցան, ի յԱնատօլ ցրուեցան, յԸստամբօլ եւ ի Թիրայ, որ Ռումէլ ասի... » [99], գրում է նա։

Շահ-Աբասի արշավանքի եւ ջալալիների ասպատակությունների հետեւանքով ամայացավ երկիրը, բնակիչները զանգվածներով ցրվեցին, կյանքի պայմանները դարձան անտանելի, բռնկվեց մարդակերության հասնող մեծ սով, որը տեւեց ավելի քան երեք տարի (1606-1609 թթ. ), եւ որը խլեց հսկայական թվով մարդկային զոհեր։ Իրոք որ, XVII դ. սկիզբը մեր երկրի ու ժողովրդի պատմության մռայլագույն պահերից է։

Այդ խառը տարիներին Երեւանի Ամիրգունա խանը մի քանի արշավանքներ է կատարում դեպի Արեւմտյան Հայաստանի զանազան շրջաններ (Կարին, Կարս, Մուշ, Վան եւ այլն) [100] եւ բազմաթիվ հայերի գերելով բերում բնակեցնում է Երեւանի շրջակայքում ու Արարատյան դաշտի մյուս մասերում։ Ամիրգունա խանը ձգտում էր շենացնել, բազմամարդ դարձնել իր խանությունը։ Մեր պատմիչներն այդ պատճառով նրան ներկայացնում են որպես քաջ ու երկիրը շենացնող խան։ Սակայն Ամիրգունայի ձեռնարկումները չէին կարող զգալի փոփոխություններ մտցնել երկրի կյանքում կամ զգալի չափով թեթեւացնել ծայրագույն աղքատության ու սովի դուռը հասած բնակչության վիճակը։ Թուրք-պարսկական ընդհարումները շարունակվում էին։ Այդ ընդհարումների կիզակետը դարձյալ Երեւանն էր։

Երկու պետությունների միջեւ պատերազմական գործողությունները նոր ուժով են ծավալվում 1616 թվականից։ 1617 թ. թուրքական բանակը Ղարա Մուհամմեդ (ըստ մեր աղբյուրների Օքուզ Ահմադ) փաշայի հրամանատարությամբ արշավում է Երեւանի վրա եւ պաշարում բերդը։ Պարսիկները հերոսական դիմադրություն են ցույց տալիս։ Ըստ Առաքել Դավրիժեցու, պաշարումը տեւում է երկուս ու կես ամիս եւ բերդապաշտպան կայազորին օգնության հասած Շահ-Աբասն իր զորքով հարկադրում է թուրքական բանակին՝ հրաժարվել Երեւանը գրավելու մտադրությունից եւ նահանջել դեպի Կարին [101] ։ Օքուզ Ահմադի դեպի Երեւան կատարած այդ արշավանքի մասին Առաքել Դավրիժեցուց բացի, վկայություններ եւ հիշատակություններ ունեն նաեւ մեր մյուս աղբյուրները, որոնց հաղորդած տեղեկությունները [102] հիմնականում համապատասխանում են նրա հաղորդածին։ Նրա արշավանքի մասին մի փոքր այլ ձեւով է վկայում թուրք պատմագիր Քյաթիբ Չելեբին։ Ըստ նրա Մուհամմեդ (Օքուզ Ահմադ) փաշան Երեւանը պաշարել է ոչ թե երկուս ու կես ամիս, ինչպես Առաքել Դավրիժեցին է հաղորդում, այլ՝ 44 օր, որի ընթացքում, ըստ նրա, տեղի են ունեցել կատաղի մարտեր, եւ իբր թուրքերն այդ մարտերում կռվել են խիզախորեն [103] ։ Այնուամենայնիվ, նա ստիպված է խոստովանել, որ թուրքական զորքերն այդ մարտերում կրել են պարտություն եւ ընգունել պարսիկների առաջարկած զինադադարի պայմանները, Մուհամմեդ վյաշան հեռացվել է իր պաշտոնից եւ ձեռնարկվել է նոր արշավանք՝ Խալիլ փաշայի հրամանատարությամբ։

Պատերազմական գործողություններն թեեւ այս անգամ հիմնականում տեղի են ունենում Գանձակի եւ Նախիջեւանի կողմերում [104], բայց Երեւանի գրավումր դարձյալ մնում է թուրքական բանակի ուշադրության կենտրոնում։ Այդ մասին Գրիգոր Կամախեցի պատմագիրը հաղորդում է. «... գնաց (Մուրադ IV-ը Թ. Հ. ) ամենայն զօրոքն ի վեր եւ զԵրեւանայ բերդն առաւ, որ երեսուն եւ երկու ամ էր, զոր նոքա առեալ էին ի թուրքացն, եւ շատ վազիրնիք գնացին բազում զօրոք բազում անգամ ի վերայ Երւանու եւ ոչ կարացին առնուլ զնա վասն ամրութեանն, մինչ Խալիլ փաշան գնաց եւ չկարաց առնուլ զամրոցն, այլ էանց աւերելով եւ գնաց մինչ ի յԱրտաւիլ» [105] ։

Ինչպես երեւում է Կամախեցու վկայությունից, Խալիլ փաշան եւս վարձել է Երեւանը գրավել, բայց նրան չի հաջողվել եւ հանդիպելով ուժեղ դիմադրության, հարկադրված շրջանցել է այն եւ ասպատակել Ատրպատականի շրջանները։ Ըստ եղած աղբյուրների Շահ-Աբասի արշավանքից հետո չնայած թուրքերը մի շարք արշավանքներ էին կատարել Երեւանը գրավելու համար, բայց 32 տարի՝ մինչեւ Մուրադ IV–ի, արշավանքը, Երեւանը մնում էր պարսիկների ձեռքին։

Շուտով թուրքական բանակը վերադառնում է Կոստանդնուպոլիս եւ մի քանի տարի խաղաղություն է հաստատվում, որի ընթացքում Ամիրգունա խանը շարունակում է արշավել Արեւմտյան Հայաստանի տարբեր շրջաններ եւ դրանց բնակիչների մի մասը բերել ու բնակեցնել Արարատյան դաշտում։ Սակայն շուտով վերսկսվում են փոքր ընդհարումները, իսկ դրանից հետո հաջորդում է սուլթան Մուրադ IV-ի արշավանքը, որի հիմնական նպատակներից էր Երեւանի գրավումը։

Մուրադ IV-ի արշավանքն սկսվել է 1635 թվականի մարտին։ Զաքարիա Սարկավագի հիշատակության համաձայն դեռ մինչեւ նրա արշավանքն սկսվելը, 1634 թվականին, Երեւանում արդեն լուր էր ստացվել Թուրքիայում կատարվող մեծ զորահավաքի մասին։ Սակայն լուր բերող վաճառականները ստույգ չգիտեին, թե սուլթանը որ ուղղությամբ պետք է տանի իր զորքերը։ Թուրքական մայրաքաղաքում այդ մասին պտտվում էին տարբեր լուրեր, ոմանք ասում էին, որ Մուրադ IV–ը արշավանքի է ելնելու հույների դեմ, ոմանք ենթադրում էին, որ գնալու է դեպի Բաղդադ, ոմանք էլ ասում էին, թե նրա արշավանքն ուղղված է լինելու Երեւանի դեմ [106] ։ Երեւանի այն ժամանակվա Թահմազ ղուլի խանը (Ամիրգունա խանի որդին) նույնիսկ հատուկ մարդ է ուղարկում (ոմն Ամիրջանի) Կոստանդնուպոլիս՝ թուրքական սուլթանի մտադրությունն իմանալու համար [107] ։

Ըստ աղբյուրների հաղորդած տեղեկությունների, 1635 թ. մարտի 12-ին Մուրադ IV-ը 700 հազար զորքի գլուխ անցած (նրա զորքի թիվը ոմանք հասցնում են նույնիսկ 800 հազարի) արշավում է դեպի արեւելք։ Թուրքական այդ ահռելի բանակի առաջին հարվածն ուղղված էր Արարատյան աշխարհի եւ նրա կենտրոն Երեւան քաղաքի դեմ։ Նույն թվականի հուլիսի վերջին թուրքական բանակն էրզրումի եւ Կարսի վրայով գալիս պաշարում է Երեւանի բերդը։ Ընդամենն 9 օր տեւած պաշարումից հետո Մուրադ IV-ը այն գրավում է առանց մեծ կորուստներ պատճառող մարտերի, թեպետ թուրքական աղբյուրները միաբերան հաղորդում են, թե արյունահեղ կռիվներ են տեղի ունեցել Երեւանի գրավման համար եւ երկար ու բարակ նկարագրում են սուլթան Մուրադ IV-ի քաջալերող ճառերը, ահաբեկիչ կոչերը, թուրքական փաշաների ու զինվորների «քաջագործությունները», թուրքական զենքի «գերազանցությունը» պարսկականի նկատմամբ եւ այլն, եւ այլն։

1635 թվականի օգոստոսի 8-ին Մուրադ IV-ը գրավում է Երեւանը։ Երեւանի կայազորը, որը բաղկացած էր 12 հազար զինվորներից, ազատ արձակվեց, իսկ Թահմազ ղուլի խանը (որին այնուհետեւ կոչեցին Յուսուֆ փաշա) ու նրա հավատարիմ մեծամեծները գերվելով ուղարկվեցին Կ. Պոլիս։ Երեւանի գրավումն այդքան կարճ ժամանակում բացատրվում է պարսկական կայազորի նկատմամբ թուրքական բանակի ահռելի գերազանցությամբ եւ ավելի քան 600 հրանոթների առկայությամբ, որոնցով միաժամանակյա կրակ էին բացել պաշարված բերդի վրա։ Հրետանային ռմբակոծության ժամանակ մեծ վնասվածքներ էին ստացել բերդի պարիսպները, աշտարակներն ու պաշտպանական մյուս կառույցները, իսկ Թահմազղուլիի պալատը, որն, րստ թուրքական աղբյուրների վկայության, նման էր սուլթանի Կ. Պոլսի պալատներից մեկին եւ հայտնի էր իր շքեղությամբ ու մեծությամբ, իսպառ ավերվում է։

Բերդը գրավելուց 6 օր անց, թուրքական բանակի հաղթանակը նշելու համար, 1635 թվականի օգոստոսի 14-ին կատարվում է հանդիսավոր արարողություն, որին, զորքից բացի, հարկադրված էին մասնակցել ու զոհաբերություններ անել նաեւ մեծ թվով քաղաքացիներ։

Սակայն Երեւանը թուրքական բանակի վերջնակետը չէր։ Մուրադ IV-ը 700 հազար բանակով Պարսկաստանի դեմ արշավանքի էր դուրս եկել ոչ միայն Արարատյան աշխարհն ու Երեւանը, այլեւ ամբողջ Անդրկովկասն ու Ատրպատականը գրավելու համար։ Ուստի նա Երեւանը գրավելուց հետո այնտեղ Մուրթուզա փաշայի գլխավորությամբ թողնում է 15 հազար զինվորներից բաղկացած բերդապաշտպան կայազոր, իսկ ինքը բանակով շարժվում դեպի Թավրիզ։ Կարճ ժամանակամիջոցում թուրքական բանակը գրավում է նաեւ Թավրիզը (1635 թ, սեպտեմբերի 12-ին)։ Բայց շուտով վրա են հասնում ցրտերը եւ Մուրադ IV–ը հարկադրված է լինում Վանի, Բիթլիսի եւ Ամիդի վրայով վերադառնալ։ Նույն թվականի դեկտեմբերի վերջերին (ըստ Գրիգոր Կամախեցու դեկտեմբերի 18-ին) նա արդեն իր մայրաքաղաքում էր [108]:

Մուրադ IV-ը, սակայն, չբավականացավ Երեւանում Մուրթուզա փաշայի գլխավորությամբ 15 հազար հեծյալներ թողնելով։ Նախորդ տարիներին եւ իր զորքի կողմից պաշարման ու գրավման ընթացքում Երեւանի բերդը մեծ վնասվածքներ էր ստացել։ Պարսիկների դեմ հուսալի պատվար դարձնելու համար անհրաժեշտ էր այն վերանորոգել եւ ավելի ամրացնել։ Թուրքական սուլթանն այդ լավ գիտեր եւ բերդը գրավելուց հետո անմիջապես կարգադրեց շուտափույթ նորոգել նրա քանդված տեղերը ու կարգի բերել խրամատները։ Արագ ավարտելու նպատակով նա այդ աշխատանքը բաժանեց զորամասերի միջեւ եւ կարգադրեց ավարտել կարճ ժամանակամիջոցում [109] ։ Թուրք պատմագիր Նայիմայի հիշատակության համաձայն, բերդի նորոգման գործը «եռանդով առաջ» գնաց եւ շուտով ավարտվեց [110] ։

Սակայն թուրքական, բանակի կատարած ավերման հետքերը դեռ միանգամայն թարմ էին, երբ սկսվեց պարսկական արշավանքը։ Պարսից Շահ-Սեֆին՝ Մուրադ IV-ը Թավրիզից հեռանալուց մի քանի ամիս հետո, վերջինիս նվաճած շրջաններն ու քաղաքները ետ գրավելու համար գումարում է 100 հազար հեծյալներից բաղկացած մի բանակ եւ արշավում Հայաստան [111] ։ Շահի արշավանքի հիմնական նպատակը Երեւանի գրավումն էր եւ Արարատյան աշխարհը նորից Պարսկաստանի տիրապետությանը ենթարկելը։ Շահ-Սեֆիի այդ արշավանքի մասին րնդարձակ հիշատակություններ ունեն Առաքել Դավրիժեցին, Զաքարիա Սարկավագր, Գրիգոր Կամախեցին, Խաչատուր Ջուղայեցին, օտարերկրյա ճանապարհորդներից՝ Ադամ Օլեարին, թուրք պատմագիրներ Նայիման, Քյաթիբ Չելեբին եւ հայ ժամանակագիրները։ Առաքել Դավրիժեցու ասելով. «Թուին ՌՁԵ (1636). յամսեանն Դեկտեմբերի, ի ժամանակս այս սուլթան Մուրատիս (Մուրադ IV), թագաւորն Պարսից ՇահսԷֆի եկեալ պատեաց զբերդն Երեւանայ, եւ ունէր ընդ իւր զօրս պատերազմողս հարիւր հազար, թող զբեռնակիրս եւ զայլս» [112] ։ Մի այլ տեղում նույն պատմիչը հաղորդում է, որ Շահ-Սեֆիի 100 հազարանոց բանակը բացառապես կազմված էր հեծյալներից «Իբրեւ էանց այն ամառն, եւ ի գալ ձմրանն՝ յուրոււմ էր թուականն մեր ՌՁԵ (1636), ելեալ թագաւորն Պարսից Շահսէֆի հարիւր հազար հեծելօք եկեալ եմուտ յաշխարհս Արարատու» [113] ։ Շահ-Սեֆիի զորքի քանակի մասին նույնն են ասում եւ մյուս աղբյուրները։ Նրանց հիշատակություններն իրար լիովին համապատասխանում են նաեւ Երեւանի բերդի պաշարման տեւողության ու պաշարման հանգամանքները նկարագրելիս։ Նրանք բոլորը միաբերան վկայում են, որ Երեւանի բերդի պաշարումը տեւել է երեք ամիս եւ բերդապաշտպան թուրքական կայազորի ու պարսից մեծաթիվ բանակի միջեւ տեղի են ունեցել արյունահեղ մարտեր։ Առաքել Դավրիժեցին գրում է, որ Շահ-Սեֆին «երեք ամիս նստաւ ի վերայ բերդին, եւ բազում ջանիւ ի զօրաց Օսմանցւոց կարի բազում կոտորեաց, եւ յինքն կալաւ զաշխարհն ամենայն. Օսմանցւոցն երեք փաշայ եւ այլ նշանաւոր իշխանս ընդ իւր տարաւ յԱսպահան, որք եւ անդէն մեռան» [114] ։ Մի այլ տեղում կրկնելով իր այդ վկայությունը, նա նշում է, որ Շահ-Սեֆին, գրավելով Երեւանի բերդը՝ սպանում է բազմաթիվ զինվորների եւ բերդի իշխան Մուրթուզա փաշային (այլ աղբյուրների համաձայն վերջինս անձնասպան է եղել՝ ինքն իրեն թունավորելով), իսկ Շխիջան, Իբրահիմ եւ Մայմուն փաշաներին կալանավորելով ուղարկում է Պարսկաստան [115], որտեղ նրանք մահացան Անհուշ բերդում [116] ։

Եթե նկատի ունենանք, որ Մուրադ IV-ի արշավանքից հետո Երեւանի բերդի ամրություններն այնուամենայնիվ հուսալի վիճակում չէին գտնվում, բերղապաշտպան զորքը կազմված էր ընդամենը 15 հազար մարդուց եւ դրսից օգնության հույս չկար, ապա ակամայից հարց է առաջանում, թե ինչո՞ւ պարսկական 100 հազարանոց բանակը բերդը կարողացավ գրավել միայն երեքամսյա պաշարումից հետո, այն դեպքում, երբ թուրքական բանակը դրանից մեկ տարի առաջ նույն բերդը գրավել էր ընդամենն 9 օրվա պաշարմամբ։ Երեւանի վրա արշաված թուրքական ու պարսկական զորքերի թվի տարբերությունը չէր կարող վճռական դեր խաղալ։ Շահ-Սեֆիի 100 հազարանոց բանակը Երեւանի բերդի գրավման համար փոքր ուժ չէր։ Հետեւապես այդ առաջին հերթին բացատրվում է նրանով, որ պարսից զորքը գրեթե բացառապես բաղկացած էր հեծյալներից, որոնք պաշարմամբ բերդ գրավելու համար քիչ պիտանի էին եւ իր կազմում հրետանի գրեթե չուներ։ Թուրքական կայազորը, ինչպես վկայում են աղբյուրները, ցույց է տվել կատաղի դիմադրություն։ Այդ բոլորի վրա գումարվում էր նաեւ այն, որ պարսկական զորքն ապահովված լինելով պարենով ու անասնակերով եւ թուրքական մայրաքաղաքից բերղապաշտպան զորքին օգնության վտանգ չտեսնելով առանձնապես չէր շտապում գրոհով գրավել բերդը. «Եւ յորժամ եղեւ թուականն մեր ՌՁԵ (1636), զօրաժողով արար թագաւորն Պարսից Շահ-Սաֆի իբրեւ ՃՌ աց. այլեւ արուեստաւորս եւ զվաճառականս աւելի քան զպատերազմող զօրսն. եւ ելեալ նօքոք եւ եկն ի վերայ Երեւանայ. եւ յաւուր չորեքշաբթի պահոցն սուրբ Յակոբայ՝ պատեցին զբերդն. եւ նստան ի վերայ նորա երեք ամիս. եւ ողորմութեամբ Աստուծոյ ոչ եկն ձիւն եւ ոչ կաթ մի. եւ յամենայն կողմանէ գոյր (գոյին ) դարմանք եւ պիտոյք զօրացն. վասնորոյ անհոգ էին յամենայն կողմանէ, եւ խաղաղութեամբ նստեին», գրում է Զաքարիա Սարկավագը [117] ։

Սակայն տեսնելով, որ Երեւանի բերդի գրավումր ձգձգվում է, թուրքական կայազորը թշնամու դեմ մղում է կատաղի մարտեր։ Մուրադ IV-ը որոշում է Մուրթուզա փաշային ուղարկել օգնական զորքեր։ Սուլթանի հրամանով Էրզրումում գումարվում է մի բանակ, որը Քոռ-Խազնադար կոչված փաշայի գլխավորությամբ պետք է աճապարեր Երեւան՝ տեղի կայազորի հետ միասին բերդը պաշտպանելու համար։ Սակայն տեղում է առատ ձյուն եւ փակում թուրքական օգնական զորքերի ճանապարհը։ Հարկադիր աշխատանքի կարգով հարյուրավոր գյուղացիներ դուրս են բերում ճանապարհը մաքրելու։ Բայց բոլորն ապարդյուն են անցնում։ Ճանապարհի մաքրված հատվածները նորից են ծածկվում տեղացող ձյան տակ եւ սկսվում են սաստիկ սառնամանիքներ [118] ։ Կռվելով մինչեւ վերջին հնարավորությունները եւ դրսից որեւէ օգնության հույս չունենալով՝ թուրքական կայազորը վերջիվերջո հարկադրված է լինում հանձնվել։ Ադամ 0լեարու հիշատակության համաձայն, Երեւանի բերդի գրավման ժամանակ Շահ-Սեֆին իր ծառաներից մեկի հագուստով ծպտյալ վիճակում անձամբ մասնակցել է արյունահեղ մարտերին։ Նրա ասելով պարսից շահն իր պատվի համար մեծ վիրավորանք էր համարում այդքան երկար ժամանակ Երեւանի բերդի պարիսպների տակ անգործ մնալը [119] ։ Սակայն իրողությունն այն էր, որ Շահ-Սեֆին բերդը գրավելու համար գրոհ է տվել միայն այն ժամանակ, երբ լսել է թուրքական զորահավաքի եւ Մուրթուզային օգնական զորք ուղարկելու նախապատրաստական աշխատնքների մասին։ Արյունահեղ են եղել բերդի գրավման համար տեղի ունեցած կռիվները, մեծ է եղել զոհերի թիվը։ Նույն Ադամ Օլեարին հաղորդում է, որ պարսից բանակի զոհերի թիվը իբր հասել է 50000 մարդու [120] ։ Այդ անշուշտ անհավանական է, բայց բոլոր աղբյուրները միաբերան վկայում են, որ Շահ-Սեֆին Երեւանի բերդը գրավել է մեծ դժվարությամբ, արյունահեղ կռիվներով եւ բազմաթիվ զոհերի գնով։

Առաքել Դավրիժեցու, Զաքարիա Սարկավագի եւ մյուս պատմիչների ու ժամանակագիրների վկայություններից պարզ երեւում է, որ Շահ-Սեֆին Երեւանը գրավել է մարտին՝ հավանաբար ամսվա վերջերին։ Այդ են հուշում Առաքել Դավրիժեցու եւ Զաքարիա Սարկավագի վերը բերված անուղղակի վկայությունները եւ թուրքական աղբյուրների նկարագրությունները։ Սակայն Երեւանի բերդի գրավման ստույգ ամիսն ու օրը հաղորդել է XVII դարի ժամանակագիր, ոմն կաթոլիկ Հակոբը։ Նա ասում է. «Դարձեալ այս ամի (1636 թ. Թ. Հ. ) շահ Սաֆին [121] էրեկ գնաց բերդին (Երեւանի Թ. Հ. ) վ՟ր, գ, ամիս նստաւ, մարտի Ժ՟ե օրն երիշ ելաւ բերդին վ ր, սիր հաճին առին, ի բ, բերդն առին, մութուզա փաշէն մեռաւ, շխիջան փաշէն, իբրահիմ փաշէն, մէիմուն փաշէն եւ այլ բազում փաշունէք, եւ զէիմնի բռնէց, ողարկէց ղահ ղահ ղալէն (Անհուշ բերդը Թ. Հ. [122] ։

Հակոբի այդ հիշատակությունից հայտնի է դառնում, որ Շահ-Սեֆիի բանակի գրոհը Երեւանի բերդի վրա սկսվել է 1636 թ. մարտի 15-ին եւ 12 օր տեւած կատաղի կռիվներից հետո՝ մարտի 27-ին վերջապես հաջողվում է գրավել բերդը։ Հայագիտության մեջ, սակայն, արտահայտվել է եւ այնպիսի կարծիք, ըստ որի Երեւանն իբր գրավվել է ոչ թե մարտ ամսին, այլ սեպտեմբերին։ Այդ մասին չէր նշվի, եթե դրա հեղինակը չլիներ Մաղաքիա Օրմանյանի պես հայտնի հայագետը [123] ։

Երկարատեւ պաշարման եւ գրոհով գրավելու հետեւանքով Երեւանի բերդը զգալի չափով ավերվել էր՝ շատ հատվածներում փլվել էին նրա պարիսպները, խարխլվել էին աշտարակները եւ պաշտպանական մյուս կառուցվածքները։ Եթե պարսիկներն ուզում էին Արարատյան աշխարհն իրենց ձեռքում պահել եւ հաջողությամբ ետ մղել թուրքական հարձակումները, ապա պետք է վերականգնեին, վերանորոգեին ու ամրացնեին Երեւանի բերդը։ Թուրք պատմագիր Նայիմայի հիշատակության համաձայն, բերդը գրավելուց հետո Շահ-Սեֆին ձեռնամուխ է լինում նրա վերակառուցման ու ամրացման գործին։ Պարսից շահը Երեւանի բերդի ամրացման համար բաց է թողնում բավական մեծ գումար։ Բերդի վերակառուցման աշխատանքներին օգնելու համար Գյանջայի Մուհամմեդ եւ Շիրվանի Յուսուֆ խաներն ուղարկում են 3000 զինվոր։ Բերդը շուտափույթ նորոգվում է, ամրացվում եւ շուրջը փորված պաշտպանական փոսը լցվում ջրով [124] ։

Երեւանը համանուն խանության հետ միասին գրավելուց հետո Շահ-Սեֆին Երեւանի խան է կարգում Քյալբ-Ալի խանին։

Մուրադ IV-ի եւ Շահ-Սեֆիի արշավանքների ընթացքում Արարատյան աշխարհը մեծապես ավերվել էր, գյուղական բնակչության զգալի մասը ցրվել էր զանագան կողմեր, երկրում տիրում էր թանկություն. «Եւ ի շարժմանէ այս երկուց ինքնակալ թագաւորաց (Մուրադ IV-ի եւ Շահ-Սեֆիի Թ. Հ. ), ավերեալ ապականեցան աշխարհք՝ արեւելք եւ արեւմուտք եւ մանաւանդ աշխարհն Արարատու իւր շրջակայ գաւառօքն. վասն զի երկոքին թագաւորքն իւրեանց հեծելօք եւ հետեւելովք անդր գումարեալ կատարեցին զգործս իւրեանց, եւ դարձան», վկայում է Առաքել Դավրիժեցին [125] ։ Եվ իրոք, ընդամենը երկու տարվա ընթացքում 1635 —1636 թվականներին Արարատյան աշխարհը տեսել էր մոտավորապես մեկ միլիոնի հասնող զավթիչներ եւ ոտնատակ եղել նրանց մարտական գործողությունների ու գործադրած բռնությունների հետեւանքով։ Իսկ թուրք պատմագիր Նայիման վկայում է, որ 1636 թվականին հացահատիկների ու հացի գները սոսկալի բարձր էին, եւ երկիրը կանգնած էր ուժեղ սովի առաջ [126], թեեւ անհաջող փորձ է կատարում սովը բացատրել սաստիկ սառնամանիքների հետեւանքով ճանապարհների խափանմամբ [127] ։

Արեւելյան այդ բռնակալների արշավանքների ժամանակ Արարատյան աշխարհի բնակիչներից շատերը թողնում էին իրենց տունն ու տեղը եւ իրենց կյանքը մի կերպ փրկում ավելի անմատչելի վայրեր փախչելով։ Զաքարիա Սարկավագը վկայում է, որ Մուրադ IV–ի բանակի մոտենալու լուրն առնելով՝ Երեւանի Թահմազ-ղուլի խանը

Արարատյան երկրի բնակիչներին հրամայում է ցրվել հեռավոր վայրեր, եւ ով ինչպես կարող է ազատել իր գլուխը, որպեսզի թշնամին երկիրն ավերված տեսնի։ Երկրի բնակիչները զանգվածներով փախչում են Վրաստան, Ձեգամ, Գյանջա, Խաչեն, Քաշաթաղ եւ այլ տեղեր [128] ։ Նրանց մի մասը հետագայում ընդմիշտ մնաց իր նոր բնակավայրերում։

1636 թվականի Շահ-Սեֆիի արշավանքով չավարտվեցին թուրք-պարսկական կռիվները։ Սուլթան Մուրադ IV-ը ոչ մի կերպ չէր հաշտվում ստեղծված դրության հետ։ 1638 թվականին երկու պետությունների միջեւ նորից է բորբոքվում պատերազմը։ Մուրադ IV-ը մի մեծ բանակի գլուխ անցած արշավում է Բաղդադի վրա եւ արյունահեղ մարտերից հետո գրավում այն՝ գրեթե իսպառ ոչնչացնելով քաղաքը պաշտպանող պարսկական կայազորը։ Իսկ Երեւանի ուղղությամբ պարսիկներին զբաղեցնելու եւ թալանչիական արշավանք կատարելու համար ուղարկեց 400 հազարից ավելի մի հավաքական բանակ, որի կազմի մեջ մտնում էին Էրզրումի, Ախալցխայի, Շապին-Գարահիսարի ու այլ փաշաների զորքերը եւ դաշնակից Ղրիմի խանի ուղարկած 500 թաթարներից բաղկացած հրոսակային ջոկատը [129] ։

Թուրքական հյուսիսային այդ բանակը գումարվում է Էրզրումում 1638 թվականին եւ Քանան փաշայի ընդհանուր հրամանատարությամբ արշավում է Արարատյան աշխարհի վրա։ Գրեթե առանց դիմադրության, թուրքական զորքն ասպատակ է սփռում երկրում եւ գալիս, հասնում Երեւանի մատույցները՝ Կոտայք գավառը։ Երեւանի խանն իր փոքրաթիվ զորքով դուրս է գալիս թշնամու դեմ ճակատամարտ տալու համար։ Ընդհարումը տեղի է ունենում Պտղնի գյուղի մոտ (այն ժամանակ Պտղնին ամայի էր)։ Պարսկական զորքը կրում է խայտառակ պարտություն, խանը հազիվ փրկում է իր կյանքը եւ ջարդված զորքի մնացորդների հետ միասին ճողոպրում իր նստավայր Երեւանի բերդը [130] ։ Խանական զորքի պարտությունից հետո օսմանցիներն ավելի են լկտիանում։ Նրանք ջոկատների բաժանվելով ավերում, թալանում ու ամայացնում են Երեւանի շրջակայքը՝ Եղվարդը [131], Քանաքեռ գյուղը, Գառնին, Նորքը եւ նույնիսկ մտնում Երեվան՝ քաղաքի Քարհանք (Դաշքյասան) թաղամասը [132] ։ Ըստ Զաքարիա Սարկավագի վկայության, դրությունը փրկում է Մասում աղան, որը մի ժամանակ Երեւանում քալանթար էր եւ 1635 թվականին Երեւանի բերդը գրավելուց հետո Թահմազ-ղուլի խանի հետ միասին գերվելով ուղարկվել էր Ստամբուլ։ Իբրեւ երկրին լավատեղյակ անձնավորություն, Մասում աղային մասնակից են դարձնում Քանան փաշայի այդ ավերիչ արշավանքին։ Պատմիչի ասելով Մասում աղան տեսնելով իր երկրի սոսկալի ավերումը՝ դիմում է խորամանկության։ Կոտայքեցի մի հայի միջոցով Քանան փաշային հայտնում է, որ իբր Ռոստամ խանը 12 հազար հեծյալներով արդեն եկել է Երեւան եւ շուտով հարձակվելու է թուրքական բանակի վրա։ Քանան փաշան տագնապահար է լինում եւ առանց ստուգելու գործի իսկությունը՝ հրամայում է զինվորներին փրկել իրենց գլուխը ով ինչպես կարող է։ Պատմիչը գրում է. «Եւ ապա հրամայեաց զօրացն փաշայն, թէ՝ ամենեքեան գլուխ ձեր զերծուցե՝ք. եւ որք լուանն՝ թողին զառ եւ զաւար՝ եւ փախեան յիւրաքանչիւր դէմս իւր՝ ուր եւ կարացին» [133] ։ Թուրքական բանակի փախուստի մասին Մասում աղան հատուկ գրությամբ տեղեկացնում է Երեւանի խանին, հայտնելով, որ Ղրիմից եկած թաթարական ջոկատը, որ բաղկացած է 500 հոգուց, փախուստի մասին ոչինչ չգիտի եւ ըստ պայմանի գիշերով հավաքվելու է քաղաքի Քարհանք թաղամասում՝ թուրքական մյուս ջոկատներին միանալու եւ ասպատակությունները շարունակելու համար։ Երեւանի Քյալբ-Ալի խանը իր հեծյալ ջոկատով հանկարծակի հարձակվում է թաթարական ջոկատի վրա եւ գլխովին ջախջախում այն։ Զաքարիա Սարկավագի ասելով 500 թաթարներից հազիվ ազատվել են 100-ը [134] ։ Պարսկական խորամանկությունն այս անգամ Երեւանն ազատում է թուրք-պարսկական ավերումից։

Սակայն Հայաստանի մեծագույն մասը պարբերաբար կրկնվող թուրք-պարսկական երկարատեւ պատերազմների մշտական թատերաբեմն էր եւ բազմաթիվ անգամ ամայացել ու մարդաթափ է եղել։ Ժամանակագիր Հակոբ Կարնեցին, բարձր գնահատելով 1639 թվականի հաշտության դաշնագիրը (որի մասին խոսք կլինի քիչ հետո), գրում է, որ մինչ ա; դ բազմաթիվ անգամ, գրեթե ամեն տարի թուրքերն ու բարբարոսությամբ նրանց չզիջող պարսիկները ասպատակում էին մեր երկիրը, մանուկներին գերում, ծերերին սրո, իսկ բնակավայրերը՝ հրո ճարակ դարձնում, քանդում ու ավերում էին ամեն ինչ եւ անապատի վերածում մեր երկիրը, միայն բերդերն էին, որ պարբերաբար վերանորոգելու պատճառով կանգուն էին մնացել։ Ահա նրա խոսքերը. «Զի այսմ կողմին բերթորէից պահպա(ն)քն քաչ (քաջ Թ. Հ. ) եւ արինք ընդ իւրոց յաջող ժամուն, ամենայն աւուր եւ ամենայն տարի, բազում զօրոք ասպատակէին եւս գնացեալ երկիրն Երէւանայ, Լօռու, Չօրսայ եւ Բամպակայձորու առհասարակ ասպատակէին, մանկունսն գերի վարէին եւ զծերսն սրոյ ճարակէին եւ զտեղիսն հրով կիզուին, նոյնպէս եւ Պարսիկքն քան զսոսայն անողորմքն չար եւ բարբարոսք են, ատելիք Աստուծոյ եւ մարդկան, ամենայն կողմանց ելանէին գաղտագողի ասպատակեալ քանդէին եւ ավէրէին առհասարակ... զի այնպէս անապատ արարին այս սահրաթ երկիրս, որ Արզրումայ հետ մինչեւ Էրէվան միայն բերթորեայքն ի շեն մնացին» [135] ։

Եվ պատահական չէ, որ մեր պատմագիրներն ու մյուս հեղինակները մեծ նշանակություն են տվել 1639 թվականին կնքված հաշտությանը, յուրաքանչյուրն իր ձեւով բարձր գնահատելով դրա շնորհիվ հաստատված խաղաղությունը եւ երկրի տնտեսական ու մշակութային կյանքի նորմալացումը։

1639 թվականի հաշտության պայմանագիրը կնքվել է մայիսի 17-ին, Պարսկաստանի եւ Իրաքի սահմանի մոտ գտնվող Զեհաբ կամ Զոհաբ գյուղում եւ ստորադրվել է օսմանյան կողմից մեծ վեզիր Քեմենքեշ Կարա փաշայի (ըստ Հակոբ Կարնեցու՝ Մուստաֆա), իսկ Պարսկաստանի կողմից՝ արտակարգ դեսպան Սարուխանի (ըստ Զաքարիա Սարկավագի՝ Քոթուկ-Մահմադ խան) կողմից [136] ։ Պայմանագիրը կնքվել է 30 տարով եւ երկու պետությունների միջեւ հաստատվել էր շատ թե քիչ կայուն մի սահման, որը Հայաստանում անցնում էր հետեւյալ բնագծերով՝ հյուսիսում՝ Ախուրյան գետով՝ մինչեւ նրա ստորին հոսանքի շրջանում գտնվող Բախչալար (այժմ Երվանդաշատ) գյուղը, որտեղից թեքվում էր դեպի արեւմուտք եւ, չանցած 17-18 կմ կտրում էր Արաքսը եւ հասնում Հայկական Պար լեռնաշղթային՝ Կողքից հարավ-արեւմուտք։ Այնուհետեւ սահմանն անցնում էր Հայկական Պար լեռնաշղթայի ջրբաժան գծով դեպի արեւելք՝ մինչեւ Մեծ ու Փոքր Մասիսների միջեւ ընկած թամքոցը, իսկ այստեղից էլ թեքվում էր դեպի հարավ-արեւելք՝ անցնելով այն բլրաշարքերով, որոնք Մասիսը կապում են Կոտուր լեռնաշղթայի հյուսիսային վերջավորության հետ, ապա՝ շեշտակի ուղղվում է դեպի հարավ եւ անցնում Կոտուր ու Զագրոշ (իրար շարունակություն կազմող այդ երկու լեռնաշղթաները միասին այժմ կոչվում է Վասպուրականի լեռնաշղթա) լեռնաշղթայի ջրբաժան բարձրություններով [137] ։ Նույն պայմանագրով երկու հատվածի էր բաժանված նաեւ Վրաստանը։ Նրա արեւելյան հատվածը (Քարթլին եւ Կախեթը) անցավ Պարսկաստանին, իսկ արեւմտյան (Իմերեթը եւ Սաաթաբագոն)՝ Թուրքիային [138] ։

Թեպետ հաշտության պայմանագիրը կնքված էր 30 տարի ժամանակով, բայց երկու պետությունների միջեւ ընդհանուր առմամբ ավելի քան 80 տարի խաղաղություն էր տիրում։ Ըստ այդ պայմանագրի, Երեւան քաղաքն ու Երեւանի խանությունը ամբողջությամբ մտնում էին Պարսից բաժնի մեջ, իսկ Բաղդադն ու նրա շրջակայքը՝ Թուրքիայի, «... Եղեւ բարիշութիւն ի մէջ երկուց ազգացն, հաղորդում է Առաքել Դավրիժեցին, եւ թագաւորացն Օսմանցւոց եւ Պարսից, զի թագաւորն Պարսից Շահսէֆի զԵրեւան էառ, եւ թագաւորն Օսմանցւոց սուլթան Մուրատն զԲաղդատ էառ, յետ առնելոյ զքաղաքս զայսոսիկ միաբանեցան երկոքին թագաւորքն եւ արարին բարիշութիւն, պայման եդեալ մինչեւ ցերեսուն տարի պահել զբարիշութիւն» [139] ։

Պայմանագրի նշանակությունն առանձնապես բարձր է գնահատում Հակոբ Կարնեցին։ Նշելով, որ ըստ պայմանի 3 կամ 4 տարին մեկ անգամ շահը սուլթանի համար պետք է Կ. Պոլիս ուղարկեր զանազան նվերներ՝ աբրաշումե հագուստներ, փղեր, մեկ եղջերու եւ թագավորավայել այլ իրեր, հայրենասեր ժամանակագիրը հաշտության դաշինքը համարում է աստվածային նախախնամություն հատկապես հայերի համար, որոնք ռազմական արշավանքի ենթակա երկրամասերում՝ թե´ Թուրքիայի կողմում եւ թե´ Պարսկաստանի, կազմում էին ճնշող մեծամասնություն։ Ահա նրա խոսքերը. «Եւ արար խաղաղութիւնն սուլթան Մո[ւ]րատն ընդ Ղըզլպաշին ուխտ եւ դաշին եդին, որ էրէվան Ղըզլպաշին լինի եւ Պաղտատ Օսմանցուն, այլ միմիանց թուր չքաշեն, վաճառականք եւ շինականք աներկուղ գայցեն եւ գնայցեն. հոտք սոցա եւ նոցայ այժմ խառնին ընդ միմիանս. զի Գ(3) եւ Դ(4) տարին անգամ մի առաքեսցէ շահն ընծայս ի Պօլիս ապրշմեղէնս, փիղս եւ մի եղջերին եւ այլ պիտոյս արժան եւ պատշաճ թագաւորին։ Զի խաղաղութիւնն Աստուծոյ նախախնամութեամբն եղե, եւ այնպէս, որ ազատեցաւ ազգս Հայոց ի երկուց կողմանց, զի այն կողմի բնակիչք երկրին ամենայնք Հայք էին եւ են եւ յայս կողմս ամենայն Հայոց ազգէն էին, Յոյնք եւ Տաճիկ բազում» [140] ։

1639 թվականի հաշտության պայմանագիրը կնքելուց հետո, նույն թվականին Շահ-Սեֆին մահացած Քալբ-Ալի խանի փոխարեն Երեւանում խան է կարգում Ջաղաթա-Քոթուկ-Մահմաղ խանին [141] ։

1639 թվականի հաշտության պայմանագրով վերջանում են թուրք-պարսկական երկարատեւ պատերազմները, որոնք նորից բռնկվեցին հաջորդ դարի առաջին քառորդի վերջերից։ Սակայն մինչ այդ մի քանի խոսք պատմագիտական տեսակետից հետաքրքրություն ներկայացնող երկու հարցի՝ թուրք-պարսկական զորքերի ազգային կազմի եւ գործածած զենք ու հանդերձանքի մասին։

Պատմագրական աղբյուրների վկայություններից պարզ երեւում է, որ օսմանական եւ պարսկական բանակները ազգային տեսակետից երբեք միատարր չեն եղել։ Թուրք պատմագիր Փեչեւի-Իբրահիմը, խոսելով Շահ-Աբասի 1603-1604 թթ, արշավանքի մասին, հաղորդում է, որ դրան մասնակցում էին նաեւ «Վրաստանի իշխաններից Աղեքսանդրե խանի որդին՝ Լեվենդ խանը եւ Սիմոնի որդին Լեւասար իշխանը իրենց զինվորներով» [142] ։ Ըստ Քյաթիբ Չելեբիի վկայության, Շահ-Աբասի բանակը ազգային տեսակետից էլ ավելի խայտաբղետ կազմ ուներ։ Նա գրում է, որ Շահ-Աբասի բանակում «բուն աջեմները (պարսիկները— Թ. Հ. ) հազիվ չորս-հինգ հազար մարդ էին, որի մոտ երեք հազարը «Թուլունգի» եւ «Գյոք-դուլաք» անունով հայտնի ավազակներն էին, մի մասն էլ վատաբարո քրդերի խմբերը՝ Քուրդ Ղազրի եւ նրա եղբայրներ Կռջի բեյի եւ Սեյֆեդդինի գլխավորությամբ։ Մյուս մասը, նախապես էմարեթ ստացած Միրփաշա օղլի Շեյխ Նեյդար անունով քուրդն էր, չորրորդ մասն էլ նախապես Նախիջեւանի երկրի գրավման գործում փադիշահի նայիբին ճանապարհ ցույց տալու համար բարձր աստիճանի արժանացած, Ալաեդդին բեյի մարդիկ, Սակուի տիրակալ Մուստաֆա բեյի վաշտը, ապա՝ ստոր եւ խայտառակ քուրդ Զեյնալ բեյի վաշտը, Ալաշկերտի Կըլըջ բեյի վաշտը, Բերգուշատ սանջակի բեյ Ֆերեհ Զորի վաշտը» [143] ։

Ե՛վ Շահ–Աբասը, ե՛ւ մյուս շահերը այս կամ այն բերդն ու քաղաքը պաշարելու եւ գրավելու ժամանակ լայնորեն օգտագործել են տեղական բնակիչների ուժերը՝ խրամատներ փորելու, բերդերի պարիսպները քանդելու համար։ Նրանք հաճախ գրոհող զորքի առջեւից դեպի նվաճվելիք քաղաք կամ բերդ էին քշում տեղական բնակիչների հոծ զանգվածներ, որպեսզի նրանք իրենց վրա վերցնեին պաշարվածների առաջին հարվածները, փոքրացնեին պարսկական բանակի կորուստները եւ իրենց զոհերի գնով ապահովեն վերջինիս Հաղթանակը։ Ռազմական արատավոր մի տակտիկա, որը պարսից պատմության մեջ հայտնի է հին ժամանակներից։

Էլ ավելի խայտաբղետ էր թուրքական բանակը։ Հայտնի է, որ օսմանական բանակի մարտական գործողություններին մասնակցել են նաեւ եգիպտական, թաթարական, քրդական եւ այլ զորամասեր։ Թուրքական բանակի ընտիր զորամասերի մեծ մասը համալրված էր թուրքացրած քրիստոնեաներից (գլխավորապես հայերից, հույներից) ասորիներից), որոնց մանուկ հասակում բռնությամբ պարբերաբար հավաքում էին, թուրքացնում եւ դաստիարակում ռազմաշունչ ոգով։ Միով բանիվ, բազմացեղ Թուրքիան եւ Պարսկաստանը ազգային տեսակետից ունեին տարակազմ բանակներ։

Ճիշտ է նկատում Երվանդ Շահազիզր, ազատագրական պատերազմները չհաշված, Երեւանի հայ բնակիչները (հայերն րնդհանրապես) միշտ աշխատել են չեզոք մնալ, չմասնակցել թուրք-պարսկական պատերազմներին։ «Եվ այդ հասկանալի է, գրում է Երվանդ Շահազիզը, հայերն իրենց օսմանցոց կամ պարսից կողմն անցնելը եւ դրանով մեկի կամ մյուսի հաղթության նպաստելն իրենց համար օգտավետ չեն համարել, բարիք չակնկալելով իրենց համար ոչ մեկի, ոչ մյուսի տիրապետությունից, մանավանդ որ հաջողության դեպքում կարող էին հաղթողի վրեժխնդրության էլ ենթարկվել, ինչպես բազմիցս դրա փորձն առած են եղել» [144] ։ Բայց եւ այնպես հայերը չէին կարող բոլոր դեպքերում չեզոք մնալ եւ որեւէ չափով չմասնակցել թշնամական պետությունների ու երկրի ներսում տարբեր տիրապետողների՝ խաների եւ փաշաների միջեւ մղված պատերազմներին։

Հովհանավանցի ոմն Ղարիբից վերցրած Զաքարիա Սարկավագի մի ընդարձակ վկայությունից երեւում է [145], որ Երեւանի խաների զորքերի հետ կարող էին լինել նաեւ հայեր։ Պատմելով Շիրակում օսմանցիների հետ Ամիրգունա խանի մի ընդհարման մասին, նա վկայում է, որ խանի հրամանով Երեւան քաղաքից եւ Եղվարդ, Քանաքեռ, Նորագավիթ, էջմիածին, Օշական, Կարբի ու Հովհանավան գյուղերից խանական զորքի մեջ էին մտցվել ավելի քան 60 կորովի հայ հրացանավորներ. «Եւ ապա հրամայեաց զորականս առնել ի Հայոց, այսինքն՝ թուանքչի. եւ ժողովեցան աւելի քան զԿ, յԵղեւարդայ եւ ի Քանաքեռոյ, յԵրեւանայ, ի Նորագաւթայ, յէջմիածնայ, յՕշականոյ, յԱշտարակայ, ի Կարբոյ եւ ի Յովհաննուվանից, արք ընտիրք եւ կորովիք ի գործս թուանքչի. զնոսա եւ զօրս իւր առեալ՝ եւ եկեալ գնացեալ ի հիւսիսոյ կողմն Արագածոյ... » [146] ։ Հայերը, ինչպես տեսնում ենք, Ամիրգունայի մշտական զորքի մեջ չէին մտնում։ Բայց նրանք վարժ հրացանաձիգներ էին եւ խանի հրամանով բոլոր դեպքերում այդպիսիներին կարող էին մասնակից դարձնել խանական զորքի մարտական գործողություններին։ Այդ եւ անուղղակի ուրիշ փաստերից երեւում է, որ հայերը հմուտ էին հրազենի (թնդանոթ, հրացան, վառոդ) եւ՛ պատրաստման, եւ՛ գործածության մեջ։ Այլապես հանելուկային կլիներ այն իրողությունը, որ նրանք 1724 թվականին, առանց խանական զորքի, Երեւանում երկար ժամանակ դիմադրել եւ հսկայական կորուստներ են պատճառել օսմանյան այն հսկա բանակին, որին առաջադրանք էր տրված գրավել ամբողջ Անդրկովկասն ու Ատրպատականը։

Օսմանական եւ պարսկական բանակները զինված էին տարբեր տեսակի զենքերով։ Նրանց հիմնական զենքը հրազենն էր՝ իր տարբեր տեսակներով։ Թուրքական բանակում բավական մեծ տեղ էր գրավում հրետանին։ Մենք տեսանք, որ, օրինակ՝ Երեւանի վրա հարձակվելու պահին Մուրադ IV-ի բանակի կազմում կար 600-ից ավելի հրանոթ։ Բավական մեծ թվով թնդանոթներ են հիշատակվում նաեւ դրանից առաջ՝ 1616-1617 թվականների պատերազմական գործողությունները նկարագրելիս [147] ։ Օսմանյան բանակը մեծ թվով հրանոթներով էր զինված նաեւ XVIII դարի առաջին քառորդի պատերազմների ժամանակ։ Մասամբ դրանով կարելի է բացատրել օսմանյան բանակի կողմից տարբեր ժամնակներում Երեւանի բերդի համեմատաբար հեշտ գրավումը, իսկ երբ նույն բանակը 1617 թվականին 44 օր շարունակ մարտեր մղելուց հետո անհաջողության է մատնվում եւ ստիպված է լինում ուշ աշնանը նահանջել Կարս, փադիշահը (սուլթանը) խիստ զայրանում է զորավար Մուհամմեդ փաշայի վրա՝ «այդքան զինվորներով եւ գանձերով Երեւանի նման հողաշեն բերդը չգրավելու» համար եւ հեռացնելով նրան, հրամայում է նոր արշավանք կազմակերպել Խալիլ փաշայի հրամանտարությամբ [148] ։

Ավանդույթի ուժով եւ երկրի բնակլիմայական պայմաններից ելնելով, պարսկական բանակի մեծագույն մասը կազմում էր հեծելազորը։ Նրա կազմում թնդանոթներ քիչ են հիշատակվում։ Այսպես, օրինակ՝ 1604 թ. Երեւանի վրա արշավող Շահ-Աբասի հսկա բանակն ըստ հիշատակության իր կազմում ուներ ընդամենը մի քանի թնդանոթ։ Եվ պատահական չէ, որ նա Երեւանի բերդը գրավեց միայն 8 ամիս պաշարելուց հետո։ Այնպես որ եթե նա ուժեղ էր բաց դաշտում, ապա համեմատաբար թույլ էր ամրացված կետեր ու բերդաքաղաքներ գրավելիս։

Նեղ երեւանադիտաթյան համար, սակայն, մեծ հետաքրքրություն է ներկայացնում Զաքարիա Սարկավագի մի ընդարձակ հիշատակությունը խանական զորքի եւ իր՝ խանի սպառազինության մասին։ Պարզվում է, որ Երեւանի խանի զորքը, սովորական սպառազինությունից բացի, զինված էր նաեւ հրացաններով։ Հրացանակիրներ կոչվում էին «թվանքչի»-ներ եւ դրանք կարող էին լինել հայեր, որոնք ժամանակավոր էին եւ խանի հրամանով ծառայության էին կանչվում միայն այս կամ այն գործողություններին մասնակցելու համար [149] ։ Պատմիչը մանրամասն նկարագրում եւ թվարկում է Ամիրգունա խանի սպառազինությունը, իսկ այն բաղկացած էր զրահից, սաղավարտից, կռնապանակից, նետերով լի կապարճներից, զիլֆիղար կոչված թրից, լախտից, նիզակից, վահանից։ Անխոցելի էր ոչ միայն խանը, այլեւ նրա ձին եւս, որին նույնպես հագցնում էին պաշտպանական հագուստներ. «Եւ զգցեալ էր զզրեհն երկաթայ, գրում է Զաքարիան, որ է գեյիմ, եւ զսաղավարտն եդեալ ի գլուխն, եւ զկռնապանակն ի թեւն. եւ այնպէս ամրացուցեալ զինքն ամենայն պատրաստութեամբ. նոյնպես եւ ունէր զգործի պատերազմին՝ զկապարճս լի նետիւք, եւ զթուրն՝ որ ասէին զիլֆիղար, եւ լախտն, եւ զնիզակն, եւ արծաթեայ վահանն զթիկամբք, այսպէս եւ ագուցեալ էր զերիվարն... զկշտապանակն, զսրտապանակն, եւ ոչ գոյր տեղի՝ որ ոչ էր ծածկեալ. եւ այսպէս զինեալ եւ մղեաց ընդ դէմ թշնամեացն» [150]:

Ինչպես տեսնում ենք, խանի զենքն ու զրահը թանկարժեք էին, խանական։ Նրա շարքային զինվորները զինված էին շատ էժանագին ու հասարակ։

XVIII դ. առաջին քառորդի վերջերին սկսվում է օսմանապարսկական պատերազմների մի նոր շրջան։ Պատերազմն սկսվում է 1722 թվականին, Թուրքիայի կողմից։ Այս պատերազմում օսմանական Թուրքիայի նվաճողական բանակների դեմ կռվում էին հիմնականում Անդրկովկասի հայ, վրացի եւ ադրբեջանական ազատագրական ուժերը, որոնք զինված պայքարի էին ելել թուրք-պարսկական լուծը թոթափելու համար։ Այդ ընդհանուր պայքարին ակտիվ մասնակցություն է ունեցել նաեւ Երեւանի ու նրա շրջակայքի գյուղերի բնակչությունը։ Ուստի թուրք-պարսկական այդ նոր պատերազմի մասին կխոսվի Երեւանի 1724 թվականի հերոսական պաշտպանության հետ առնչված եւ դրան կանդրադառնանք ազատագրական ու սոցիալական շարժումներին նվիրված գլխում։

Երեւանի, Սյունիքի ու Ղարաբաղի ազատագրական շարժումները ճնշելուց եւ պարսիկներին պարտության մատնելուց հետո, XVIII դ. 20-ական թվականների վերջերին թուրքերը գրավել էին ամբողջ Անդրկովկասը եւ պարսիկներին հարկադրել հաշտություն կնքել՝ երկու պետությունների միջեւ սահման համարելով Արաքս գետը։ Ճիշտ է, Պարսկաստանը աֆղաններից ազատագրելուց հետո Թահմազ-Ղուլի խանը (հետագայում՝ Նադիր-շահ) իր մի քանի փայլուն հաղթանակներով թուրքերին նեղն էր գցել եւ ժամանակավոր հաշտություն կնքել պարսիկների համար բավական ձեռնտու սլայմաններով, բայց պայմանագրի ժամկետր լրանալուց հետո նա գտնվում էր երկրի արեւելյան մասում եւ մարտեր էր վարում ուզբեկների դեմ, իսկ Թահմազ II շահի՝ Երեւանը ետ գրավելու համար թուրքերի դեմ ձեռնարկած մարտական գործողությունները ավարտվեցին նրա խայտառակ պարտությամբ [151] ։ Թահմազ II-ը հարկադրված էր դիմել իր տաղանդավոր զորավարի ու մրցակցի՝ Թահմազ-Ղուլի խանի օգնությանը, թուրքերի դեմ հետագա գործողությունները ղեկավարելու համար վերջինիս Խորասանից իր մոտ կանչելով։ Սակայն մեծ զորքով Սպահան մտած Թահմազ-Ղուլի խանը Թահմազ II-ին գահընկեց է անում եւ շահ հռչակում նրա վեց ամսական Աբաս որդուն (1732 թ. Այդ ժամանակվանից արդեն փաստորեն Պարսկաստանի տեր դարձած Թահմազ-Ղուլի խանը նորից է պատերազմ հայտարարում Թուրքիային։ Գործողությունները տեղի են ունենում Միջագետքի կողմերում եւ վերջ ի վերջո պսակվում են Թահմազ-Ղուլիի փայլուն հաղթանակով [152] ։

Դրանից հետո ճնշում է երկրում ծագած ապստամբությունը եւ թուրքերի դեմ կռիվները վերսկսում այս անգամ արդեն Անդրկովկասի ուղղությամբ։ Այստեղ նրան ամենուրեք ուղեկցում էին հաղթանակները։ Թահմազ-Ղուլի խանին հաջողվում է կարճ ժամանակամիջոցում գրավել Թիֆլիսր, Գանձակը, Շիրվանը։ Նա ջարդում է Դաղստանից Անդրկովկաս ներխուժած Դավուդ-բեկի հրոսակներին եւ ետ շպրտում Կովկասյան լեռնաշղթայից այն կողմ։ Նրան հաջողվում է դիվանագիտական ճանապարհով ետ ստանալ ռուսների կողմից գրավված Դերբենդն ու Բաքուն՝ թուրքերի դեմ դաշնակցած կռվելու պայմանով [153] ։

Անդրկովկասում Թահմազ-Ղուլի խանի (Նադիր-շահ) այս հաղթանակների պատճառներից գլխավորը մեր կարծիքով այն է, որ նա կարողացավ օգտվել թուրքական լծի դեմ անդրկովկասյան ժողովուրդների մղած պայքարից՝ զանագն խոստումներ եւ վարչա-քաղաքական կյանքում որոշ արտոնություններ տալով տեղի հասարակայնության վերնախավի ներկայացուցիչներին։ Եթե չլինեին, Ղափանի, Ղարաբաղի ապստամբական հուժկու շարժումները, Երեւանի հերոսական պաշտպանությունը, մյուս վայրերում բնակչության կողմից թուրքական բանակներին ցույց տրված դիմադրությունը, որոնց հետեւանքով թուրքական զորքերը կրում էին հսկայական կորուստներ, ապա դրանց հաջորդած 30-ական թվականների առաջին կեսին նոր ուժով բռնկված պատերազմում Թահմազ-Ղուլի խանը հազիվ թե այդքան մեծ հաղթանակների հասներ։ Թեպետ անժխտելի է նաեւ այն, որ Թահմազ-Ղուլի խանը տաղանդավոր զորավար էր եւ թշնամու նկատմամբ առավելության էր հասնում միշտ Հավատարիմ մնալով արագ գործելու եւ թշնամուն հանկարծակիի բերելու՝ ռազմագիտության մեջ արդարացված տակտիկային։

Թահմազ-Ղուլի խանի վերջնական հաղթանակը թուրքերի դեմ կապված է Երեւանի գրավման հետ։ Թուրքերը հաշտ աչքով չէին կարող նայել Անդրկովկասում նրա ձեռք բերած հաջողություններին եւ ռուս–պարսկական լավ սկսված դիվանագիտական հարաբերությունների վրա։ Նրանք ձգտում են ամեն կերպ կանգնեցնել Թահմազ-Ղուլիի հաղթարշավը եւ ռուս-պարսկական ենթադրվող դաշնակցությունը։ Դրան հասնելու միակ ելքը թուրքերը համարում են ռազմականը։ Նրանք Անդրկովկասում, Քյոփրուլու-Աբդուլլա փաշայի հրամանատարությամբ, Թահմազ-Ղուլի խանի դեմ դուրս են բերում 100 հազարանոց մի մեծ բանակ եւ հույս ունեին, որ այդ բանակին անուղղակիորեն մեծ օգնություն ցույց կտա նաեւ Երեւանի թուրքական կայազորը, որովհետեւ Երեւանը դեռեւս գտնվում էր թուրքերի ձեռքին։ Բայց այդ էլ չի փրկում թուրքերին։ Ականատես պատմագիր Աբրահամ Կրետացու վկայությամբ, Թահմազ-Ղուլի խանը իր զորքով գալիս է Ապարանի կողմից եւ անցնելով Շիրաղալայով ու Էջմիածնով բանակ է դնում Փարաքար գյուղի մոտ՝ այստեղից Երեւանի վրա արշավելու համար։ Երեւանի բերդապահ թուրքական զորքը Հաջի-Հուսեին փաշայի հրամանատարությամբ դուրս է գալիս բերդից ու ճակատամարտ տալիս պարսկական բանակի դեմ, բայց պարտվելով՝ վերստին փակվում է բերդում։ Այդ միջադեպից հետո Թահմազ-Ղուլի խանը թուրքական կայազորին չի հետապնդում, այլ բանակ է դնում Եղվարդի սարահարթում՝ սպասելով արեւմուտքից թուրքական զորքի գալուն։ Շուտով խանին հայտնի է դառնում, որ թուրքական զորքը Քյոփրուլու-Աբդուլլա փաշայի հրամանատարությամբ անցել է Ախուրյանը (Արեւմտյան Արփաչայ) եւ շարժվում է դեպի Երեւան։ Թահմազ-Ղուլի խպնն ամրացնել է տալիս իր բանակատեղին՝ Աղթափասի բլուրը, եւ իրենց մոտ եղած ոչխարներն ու այծերը տիկ հանելով՝ դրանցով զորքի համար Հրազգան գետից խմելու ջուր բերել տալիս ջրազուրկ բանակատեղին։ Շուտով վրա են հասնում թուրքական զորքերը եւ 1735 թ. հուլիսի 8-ին երկու բանակների միջեւ տեղի է ունենում արյունահեղ ճակատամարտ։ Թուրքերը կրում են խայտառակ պարտություն եւ դիմում ուղղակի փախուստի։ Աբրահամ Կրետացու հիշատակության համաձայն թուրքերն այդ ճակատամարտում տվել են մոտավորապես քառասուն հազար սպանված, իսկ պարսիկներից իբր սպանվել են ընդամենը 17-20 հոգի [154] ։ Դրանից հետո Թահմազ-Ղուլի խանը դարձյալ չի հարձակվում Երեւանի վրա։ Նա Երեւանի կայազորին զբաղեցնելու եւ իր թիկունքն ապահովելու համար Երեւանի մոտ թողնում է մի քանի հազար մարդուց բաղկացած ուժեղ ջոկատ, իսկ ինքը հիմնական ուժերով առայժմ բարձրանում լեռնային շրջանները՝ ամառվա շոգից ազատվելու համար՝ ի նշանավորումն տարած հաղթանակի Աղթափասի բլուրը կոչելով «Մուբարեկ թափասի» (օրհնյալ բլուր, որի վրա կաթողիկոսի միջամտությամբ կառուցվել է խանի վրանի նմանությամբ մի հուշարձան) [155] ։

Օսմանյան զորքի եւ պարսկական բանակի միջեւ տեղի ունեցած սւյդ ճակատամարտի մասին Աբրահամ Կրետացուց բացի, վկայություններ ունեն նաեւ Խաչատուր Ջուղայեցին, Աբրահամ Երեւանցին, ֆրանսիացի ճանապարհորդ Շարդենը (ըստ որի ճակատամարտը տեղի է ունեցել ոչ թե Եղվարդի դաշտում, այլ վաղեմի Արտաշատի կողմերում), Հակոբ Շամախեցի գրիչը եւ ուրիշներ որոնք այս կամ այն չափով միայն լրացնում են առաջինի հաղորդած տեղեկությունները։ Դրանցից առանձնապես ուշագրավ է Հակոբ Շամախեցու ընդարձակ հիշատակարանը՝ գրված 1743 թվականին։ Նա չնազած մի փոքր խախտել է դեպքերի հաջորղականությունը, բայց միանգամայն արժանահավատ տեղեկություններ է հաղորդում Եղվարդի դաշտում տեղի ունեցած ճակատամարտի եւ հետագա անցքերի վերաբերյալ։ Նա գրում է, որ Եղվարդի դաշտում բանակ դրած Թահմազ-Ղուլի խանի զորքը հեռվից փոքրաթիվ էր երեւում, ընդամենը մոտ 10000 մարդ եւ օսմանցիներն այդ պատճառով համարձակություն ձեռք բերելով նույնպես եկան իջան այստեղ, որպեսզի այստեղից էլ գնան Երեւանի բերդը, որ գտնվում էր իրենց ձեռքում [156] ։ Այնուհետեւ նա գրում է. «Զայն ժամ ուրախացեալ խանին (Թահմազ-Ղուլի խանը Թ. Հ. )` վաղվաղակի իջանէ ՛ի բլորց անտի հանդերձ զօրօք՝ եւ հասանէ ի վերայ նոցա։ Խմբի պատերազմն, յաղթահարեն սաստկապէս՝ եւ ի փախուստ դառնան օսմանցիք։ Եթէ որպէս, աստ ո´չ գրեմ մանրամասնաբար, քանզի յայլ պատումիս գրել եմ զայնս։ Բայց աստ զայս միայն գիտասջիկ, զի ետ պատերազմին՝ ´ի թուելն զդիսկունս անկելոց գտանին ի օսմանցւոց. ԽՌ (40000) անձիք, եւ ի պարսից՝ Ժէ(17), եւ կամ քսանք... » ապա շաբունակում է. «Եւ ապա զզօրս կացոյց ի վերայ ամուր դզեկին Երեվանայ, առ ի պահել զայն զգուշութեամբք զի միելեք փախիցեն օսմանցիք։ Իսկ ինքն առեալ զզօրսն իւր ել ի լեառն Աղմաղան, ի հովանոց, վասնզի աւուրք ամարայինք էին» [157] ։

Սակայն Թահմազ-Ղուլի խանը երկար չի մնում Աղմաղանի (Գեղամա) լեռների հովասուն լանջերին։ Երեւանի բերդի վրա հսկող ջոկատը թողնելով, որ շարունակի զբաղեցնել թուրքական կայազորին, ինքը հիմնական ուժերով դիմում է դեպի արեւմուտք՝ դեպի Կարս։ Շուտով նա իր զորքով բոլոր կողմերից պաշարում է Կարսի բերդը [158] ։ Կարս գնալու ժամանակ եւ նրա բերդը պաշարելուց հետո Թահմազ-Ղուլի խանը ասպատակային խմբեր է ուղարկում Թուրքիայի տիրապետության տակ գտնվող Բայազետի, Կաղզվանի, Չլդրի, Արդահանի, Օլթիի, Էրզրումի եւ այլ շրջաններ։ Սրանք ավերում են տասնյակ բնակավայրեր եւ բնակիչներին իրենց ունեցվածքով քշում, բերում պարսկական բանակատեղին [159], իսկ այստեղից էլ՝ հարյուրավոր ընտանիքներ գաղթեցնում դեպի Պարսկաստանի խորքերը։ Այդ ժամանակաընթացքում Թահմազ-Ղուլի խանը Կարսի բերդի պաշարման օղակն ավելի ու ավելի է նեղացնում, բերդապաշտպան թուրքական զորքը ընկնում է անելանելի դրության մեջ եւ լսելով նշված շրջանների ամայացման ու դրանց բնակիչներին գերեվարելու մասին, այն ուղղակի հուսալքվում է։ Այնուհետեւ հիշատակագիրը պատմում է, որ Կարսի բերդից պատվիրակներ ուղարկվեցին Էրզրում, որպեսզի հաշտություն կնքվի Թահմազ-Ղուլիի հետ՝ Երեւանը նրան հանձնելու պայմանով։ Նեղն ընկած թուրքերը Էրզրումից հատուկ պատվիրակություն են ուղարկում Կարս, որը կարճատեւ բանակցություններից հետո համաձայնության է գալիս խանի հետ՝ Երեւանը նրան հանձնելու, Կարսի պաշարումը վերացնելու եւ պարսկական զորքի հետագա հարձակումը դադարեցնելու համար։ Հակոբ Շամախեցին հետեւյալ կերպ է պատմում այդ դեպքերի մասին, «Յորժամ զայս տեսին եւ լուան Ղարսեցիք՝ խոստացան զբերդն Երեւանայ դատարկել եւ տալ նմա։ Վասն որոյ յղեցին զոմանս ´ի մեծաւորաց իւրեանց ´ի յԷրզրում, սակս այսր խորհրդոյ, որք եւ միաբանեալք ´ի յԷրզրումայ անտի՝ զարս երեւելիս որպէս դեսպանս յղեցին առ յաջողաբաղդ խանն Թահմազղուլի, վասն դատաբկեցւոցնելոյ զԵրեւանայ զբերդն։ Զայս իբրեւ լուաւ խանն՝ուրախացաւ՝ եւ խլայեաց (պարգեւ տվեց Թ. Հ. ) զդեսպանս... » [160] ։ Այնուհետեւ նա հաղորդում է, որ Թահմազ-Ղուլին իր խաներից մեկին ուղարկում է Երեւանի բերդն ընդունելու համար՝ թուրքական կայազորին եւ Թուրքիա գնալ ցանկացող օսմանցիներին ազատ արձակելու պայմանով։ Սեպտեմբերի 22-ին Երեւանի բերդը հանձնվում է պարսիկներին, իսկ Թահմազ-Ղուլի խանը առանց այստեղ գալու Կարսից ուղղակի գնում է Թիֆլիս. «... Եւ խանն ոմն կարգեաց (Թահմազ-Ղուլին Թ. Հ. ) գալ յԵրեւան, գրում է Հակոբ Շամախեցին, եւ զբերդն դատարկել։ Որք եկեալ աստ դատարկեցին զբերդն եւ ի միջի եղեալ Օսմանցիքն եղեալք անվնաս գնացին յաշխարհն իւրեանց հանդերձ ստացուածովք իւրեանց... որ էր օր իբրեւ սեպտեմբերի ամսոյ։ Ուստի խանն մեծ յարուցեալ ՛ի Ղարսայ անդի գնաց ի Թիֆլիզ... » [161] ։

Սակայն 1735 թվականի սեպտեմբերի 22-ին պարսիկների կողմից Երեւանի գրավումր եւ դրա հետ կապված անցքերը ավելի մանրամասն ու որոշակի տվյալներով հագեցված նկարագրում է ականատես Աբրահամ Կրետացի պատմագիրը։ Ահա թե ինչ է հաղորդում նա. «Եւ ապա զիջան եւ Հագարացիքն ՚ի բարձրավզութենէ եւ ՚ի գոռոզութենէ իւրեանց. եւ ելեալ յԱրզրումայ արք ոմանք երեւելիք եւ եկին իբրեւ դեսպանս առ Խանն, որ դեռեւս նստեալ կայր ՚ի վերայ Ղարսայ. եւ միաբանեալ ընդ Ղարսեցւոց մեծամեծացն գնացին առ Խանն յաղերս եւ յաղաչանս, զի մի՛ աւերեսցէ զերկիրն իսպառ. եւ խոստացան տալ զԵրեւան։ Յորմէ բերկրեցաւ Խանն. եւ պատուեաց զնոսա խիլայիւ. եւ եղեալ ընդ նոսա Խան մի... սակաւ. ձիաւորօք, եւ յղեաց. Երեւան, որ եւ եկեալ՝ նախ՝ յանդիման եղեն Պապա խանին, որ նստեալ ի Քալարէն՝ ունելով ընդ իւր զԵրեւանայ Խանն եւ զՍարտար խանն, եւ առեալ ´ի նմանէ եւս մարդ եւ հրաման, եւ ապա մտան ´ի Երեւան՝ համոզել զնոսա ´ի խաղաղութիւն եւ տալ զբերդն Խանին։ Եւ յետ Գ. Դ. աւոր, ել համբաւ թէ՝ ահա տալու եղան զԲերդն՝ այնու պայմանաւ, որ զպատերազմական պատրաստութիւնս՝ որ է հրահանելիքն, եւ ճապխանայն [վառոդատուն— Թ. Հ. ] կիսեսցին, զկէսն տարցեն ընդ ինքեանս, զկէսն թողիցեն ՛ի բերդին։ Եւ այնպէս ուխտք եւ դաշինք հաստատեցին, եւ խնդրեցին սայլ՝ զի բարձցեն զինչս իւրեանց. որ եւ ետուն զՃ. սայլ երկրայ, որում բարձեալ զկահն եւ զկարասիս իւրեանց, ելին ´ի բերդէն ´ի սեպտեմբերի ԻԲ. օրն՝ Բ շաբթի Վարագայ սուրբ Խաչի պահոցն, եւ տարեալ հասուցին մինչեւ ցեզրն Ախուրյան գետոյն... գնալ անտի ´ի Ղարս. եւ սայլավորքն հանդերձ սայլիւք դարձան յիւրաքանչիւր տեղիս իւրեանց։ Իսկ Խանն դարձ արարեալ ´ի Ղարսայ, գնաց ի Թիֆլիզ» [162] ։

Այսպես, ուրեմն, Թահմազ-Ղուլի խանի կողմից Կարսի բերդի պաշարումը եւ շրջակայքի գավառների ամայացումը ծնկի է բերում գոռոզ օսմանցիներին, որոնք հատուկ պատվիրակության միջոցով խնդրում են խանին խաղաղության դաշն կնքել Երեւանի բերդը (եւ Երեւանի խանությունը) կամովին նրան հանձնելու պայմանով։ Թահմազ-Ղուլի խանն ընդունում է օսմանցիների առաջարկը եւ իր խաներից մեկին մի փոքրիկ հեծյալ ջոկատով ուղարկում է բերդն ընդունելու համար։ Ճանապարհին այդ ջոկատին հանդիպում է Քալարա գյուղում գտնվող Բաբա խանը, որը նույնպես որոշ թվով զինվորներ է տալիս Երեւան գնացող խանին, բավական մեծացնելով նրա ջոկատը։ Երեւանում բանակցությունները երկար չեն տեւում եւ դրանք բացառապես վերաբերում էին բերդը հանձնելու կարգին ու պայմաններին։ Երեք-չորս օրվա ընթացքում կողմերը համաձայնության են գալիս։ Թուրքական կողմը բերդը հանձնում է այնտեղ եղած զենքերն ու վառոդի պաշարը կիսելու պայմանով։ Այնուհետեւ, պատմիչի ասելով պարսիկները ըստ պայմանի 100 սայլ տվեցին օսմանցիներին՝ նրանց ունեցվածքը մինչեւ Ախուրյան գետը տանելու համար։ Օսմանյան կայազորը Երեւանի բերդը հանձնել եւ այնտեղից դուրս է եկել 1735 թվականի սեպտեմբերի 22-ին, երկուշաբթի։

Դրանից հետո Երեւանն ընդհուպ մինչեւ Արեւելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելը մնաց պարսիկների տիրապետության տակ։ Սակայն այն համանուն խանության հետ միասին եթե Նադիր-շահի օրոք (1736-1747 թթ. Թահմազ-Ղուլի խանը 1736 թվականի ձմռանը Մուղանում հռչակվել էր Պարսից շահ՝ Նադիր-շահ անունով) անմիջապես ենթակա էր Պարսկաստանին, ապա նրա մահից մինչեւ Աղա-Մամեդ խանի արշավնքն ուներ կիսանկախ վիճակ կամ երբեմն հարկատու էր Վրաստանի թագավորներին, որոնք իրենց հերթին նույնպես որոշ չափով ենթակա էին պարսից շահերին։

Նադիր-շահի թագավորության տարիներին Երեւանի քաղաքական կյանքում էական փոփոխություններ ու դեպքեր տեղի չեն ունեցել, եթե չհաշվենք վարչական վերափոխությունները, որոնց մասին կխոսվի համապատասխան տեղում։ Միայն պետք է նշել, որ Երեւ֊ անը գրավելուց հետո խան է նշանակվում Մամեդ-Ղուլի խանը, որը սերած էր դեռեւս Շահ-Աբաս I-ի օրոք մահմեդականություն ընդունած Գողթն գավառի Մուսաբեկյան բնիկ տոհմից։

1735 թվականի դեպքերով ընդհանրապես ավարտվում են նաեւ թուրք-պարսկական պատերազմները, որոնք ընդհատումներով տեւել են 222 տարի՝ 1513-1735 թթ. ։



[1]            Տե՛ս Լեո, Հայոց պատմություն, երրորդ հ., Երեւան, 1946, էջ 171-174, Ս. Պ. Պողոսյան, Հայ ժողովրդի պատմություն, հ. II, Երեւան, 1965, էջ 207-208։

[2]            Երվանդ Շահազիզ, Հին Երեւանը, Երեւան, 1931, էջ 86։

[3]            Линч, Армения, т. I, 1910, էջ 274:

[4]            Տե՛ս Հ. Դ. Փափազյան, Օտար տիրապետությունր Արարատյան երկրում, «Տեղեկագիր», ՀՍՍՀ ԳԱ (հասարակական գիտութ. ), Երեւան, 1960, №7—8, էջ 22։

[5]            Տե՛ս Լեո, Հայոց պատմություն, հ. III, էջ 173։

[6]            Տե՛ս Ղ. Ալիշան, Այրարատ, Վենետիկ, 1890, էջ 300։

[7]            Տե՛ս նույն տեղում։

[8]            Տե՛ս Թ. Խ. Հակոբյան, Երեւանի Պատմությունը (հնագույն ժամանակներից մինչեւ 1500 թվականը), Երեւան, 1969, էջ 191-199։

[9]            Տե՛ս Լեո, Հայոց պատմություն, հ. III, էջ 174-176։

[10]          Տե՛ս Ղ. Ալիշան, Այրարատ, էջ 300։

[11]          Տե՛ս նույն տեղում։

[12]          «Քարթլիի պատմության» մեջ սուլթան Սուլեյման I-ի (1520-1566 թթ. ) կողմից Երեւանի այդ գրավումը դրված է ոչ թե 1534 թ. տակ, այլ 1529 թ., որը ճիշտ չէ (տե՛ս պրոֆ. Լ. Մելիքսեթ-Բեկ, Վրաց աղբյուրները Հայաստանի եւ Հայերի մասին, հ. Գ, Երեւան, 1955, էջ 61)։

[13]          Վ. Ա, Հակոբյան, Մանր ժամանակագրություններ, հ. II, Երեւան, 1956, էջ 427։

[14]          Տե՛ս Մ. Չամչյան, Պատմութիւն Հայոց, հ. Գ, Վենետիկ, 1786, էջ 514– 515։

[15]          Թուրքական աղբյուրները Սուլեյմանի այս արշավանքը նկարագրում են ոչ թե 1554, այլ 1553 թ. տակ։ Հմմտ. Մ. Գ. Ներսիսյան, Հայ ժողովրդի ազատագրական պայքարը թուրքական բռնապետության դեմ 1850—1870 թթ., Երեւան, 1955, էջ

[16]          Տե՛ս «Թուրքական աղբյուրները Հայաստանի, հայերի եւ Անդրկովկասի մյուս ժողովուրդների մասին», հ. Ա, Երեւան, 1961, էջ 33։

[17]          Նույն տեղում։

[18]          Տե՛ս նույն տեղում, հ. Բ, Երեւան, 1964, էջ 146։

[19]          Վ. Հակոբյան, Մանր ժամանակագրություններ, հ. I, Երեւան, 1951, էջ 157։

[20]          Տե՛ս Հ. Գ. վ. Այվազովսկի, Պատմութիւն Օսմանեան պետութեան, հ. Ա, Վիեննա, 1841, էջ 376։

[21]          Տե՛ս Թ. Խ. Հակոբյան, Հայաստանի պատմական աշխարհագրություն, Երեւան, 1968, էջ 377-378։

[22]          Տե՛ս Ղ. Ալիշան, Հայապատում, Վենետիկ, 1901, էջ 598։

[23]          «Թուրքական աղբյուրները Հայաստանի, հայերի եւ Անդրկովկասի մյուս ժողովուրդների մասին», հ. Բ, էջ 271։

[24]          Նույն տեղում, էջ 154-155։

[25]          Տե՛ս նույն տեղում, էջ 271։

[26]          Զաքարիա Սարկավագ, Պատմագրութիւն, հատոր առաջին, Վաղարշապատ, 1870, էջ 13։

[27]          Տե՛ս Վ. Հակոբյան, Մանր ժամանակագրություններ, հ. II, էջ 355։

[28]          Յոհանիսիկ վարդապետի համառոտ-պատմութիւն անցից անցելոյ ի վերին կողմանս Հայաստանի րստ կարգի ժամանակագրութեան (Սամուէլի քահանայի Անեցւոյ, Հաւաքումք ի գրոց պատմագրաց..., Վաղարշապատ, 1893, էջ 187)։ Նրա այդ ժամանակագրությունը զետեղված է նաեւ Վ. Հակոբյանի կազմած «Մանր ժամանակագրություններ» ժողովածուի II հատորում՝ «Հովհաննիսիկ Ծարեցու ժամանակագրությունր» վերնագրի տակ։ Այսուհետեւ Հովհաննիսիկին վկայակոչելիս, նշէլու ենք այդ ժողովածուն։

[29]          Տե՛ս Լեո, Հայոց պատմություն, հ. III, էջ 198-193։

[30]          Ղ. Ալիշան, Այրարատ, էջ 300-301։

[31]          Տե՛ս Ղ. Ալիշան, Այրարատ, էջ 300։

[32]          «Թուրքական աղբյուրները Հայաստանի, հայերի եւ Անդրկովկասի մյուս ժոդովուրդների մասին», հ. Ա, էջ 51։

[33]          Տե՛ս Մ. Մաշտոցի անվան Մատենադարան, Մեսրոպ Մագիստրոս, Կանոնգիր (ձեռագիր 2776), էջ 16, Վ. Հակոբյան, Մանր ժամանակագրություններ (Հովհանիսիկ Ծարեցոլ ժամանակագրությունը, XVI դ. ), հ. II, էջ 244, Պատմութիւն Առաքել վարդապետի Դաւրիժեցւոյ, Վաղարշապատ, 1896, էջ 611, «Թուրքական աղբյուրները Հայաստանի, հայերի եւ Անդրկովկասի մյուս ժողովուրդների մասին», հ. Ա. կջ 51, հ. Բ, էջ 13 եւ այլուր։

[34]          Տե՛ս «Դիւան Հայոց պատմութեան», գիրք Ժ, մանր մատենագիրք, ԺԵ-ԺԹ դար, կենսագրական տեղեկություններով եւ ծանոթագրություններով հրատարակեց Գյուտ-Աղանեանց, Թիֆլիս, 1912, էջ 36-37։

[35]          Տե՛ս Վ. Հակոբյան, Մանր ժամանակագրություններ, հ. I, էջ 324։

[36]          Տե՛ս «Էջմիածին» ամսագիր, Էջմիածին, 1950, XI–XII, էջ 77-78, Վ. Հակոբյան, Մանր ժամանակագրություններ, հ. II, էջ 253։

[37]          «Էջմիածին», 1950, XI-XII, էջ 87։

[38]          Վ. Հակոբյան, Մանր ժամանակագրություններ, հ. II, էջ 244, Հմմտ. «Պատմութիւն Առաքել վարդապետի Դաւրիժեցւոյ», Վաղարշապատ, 1896, էջ 611։

[39]          Մ. Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռագիր 8625, էջ 367ա։ Հմմտ. Վ. Հակոբյան, Մանր ժամանակագրություններ, հ. II, էջ 252։

[40]          «Էջմիածին» ամսագիր, 1950, XI–XII, էջ 87։

[41]          Տե՛ս Վ. Հակոբյան, Մանր ժամանակագրություններ, հ. II, էջ 253։

[42]          Գ. Աղանեանց, Դիւան Հայոց պատմութեան, գիրք Ժ, էջ 36-37։

[43]          Տե՛ս «Թուրքական աղբյուրները Հայաստանի, հայերի եւ Անդրկովկասի մյուս ժողովուրդների մասին», հ. Բ, էջ 271։

[44]          Տե´ս «Թուրքական աղբյուրները Հայաստանի, հայերի եւ Անդրկովկասի մյուս ժողովուրդների մասին», հ. Ա, էջ 51։

[45]          «Թուրքական աղբյուրները Հայաստանի, հայերի եւ Անդրկովկասի մյուս ժողովուրդների մասին», հ. Ա, էջ 51։

[46]          Նույն տեղում, հ. Բ, էջ 271—272։

[47]          Տե՛ս «Թուրքական աղբյուրները Հայաստանի, հայերի եւ Անդրկովկասի մյուս ժողովուրդների մասին», հ. Ա, էջ 51, հ. Բ, էջ 272։

[48]          Նույն տեղում, հ. Բ, էջ 272։

[49]          Տե՛ս Գ. Աղանեանց, Դիւան Հայոց պատմութեան, գիրք Ժ, էջ 37-39, Վ. Հակոբյան, Մանր ժամանակագրություններ, հ. II, էջ 246, Լեո, Հայոց պատմություն, հ. III, էջ 203-206 եւ այլուր։

[50]          Տե՛ս Ս. Պ. Պողոսյան, Հայ ժողովրդի պատմություն, հ. II, էջ 213-214։

[51]          Զաքարիա Սարկավագ, Պատմագրութիւն, հ. I, Վաղարշապատ 1870, էջ 18-19։

[52]          Տե՛ս Գրիգոր Կամախեցի կամ Դարանաղցի, ժամանակագրութիւն, Երուսաղեմ, 1915, էջ 14։

[53]          Նույն տեղում։

[54]          Տե´ս Г. Эзов, Сношения Петра Великого с армянским народом, СПб 1898, էջ 468։ Հմմտ. Լեո, Հայոց պատմություն, հ. III, էջ 243։

[55]          Տե՛ս Առաքել Դավրիժեցի, Պատմութիւն, էջ 20-21։

[56]          Адам Олеарий, Путешествия Голштинского посольства в Московию и Персию в 1633, 1636 и 1639 годах, Москва 1870, էջ 851:

[57]          Առաքել Դավրիժեցի, Պատմութիւն, էջ 21:

[58]          Նույն տեղում։ Տե՛ս նաեւ Адам Олеарий, Путешествия Голштинского посольства .., էջ 851:

[59]          Առաքել Դավրիժեցի, Պատմութիւն, էջ 22։

[60]          Տե՛ս «Թուրքական աղբյուրները Հայաստանի, հայերի եւ Անդրկովկասի մյուս ժողովուրդների մասին», հ. Ա, էջ 71։

[61]          Տե՛ս Г. Эзов, Сношения Петра Великого с армянским народом, էջ 243։

[62]          Առաքել Դավրիժեցի, Պատմութիւն, էջ 27։

[63]          Տե՛ս պրոֆ. Լ. Մելիքսեթ-Բեկ, Վրաց աղբյուրները Հայաստանի ու հայերի մասին, հ. Գ, էջ 19 եւ 63, «Թուրքական աղբյուրները Հայաստանի, հայերի եւ Անդրկովկասի մյուս ժողովուրդների մասին», հ. Ա, էջ 73—74, հ. Բ, էջ 91։

[64]          Աղբյուրներում եւ պատմական գրականության մեջ նշվում է, որ Շահ-Աբասը Երեւանը գրավել է ութ կամ ինը ամիս պաշարելուց հետո (Առաքել Դավրիժեցի, Պատմութիւն, էջ 33, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռագիր 46, էջ 249ա, Ղ. Ալիշան, Այրարատ, էջ 302, «Թուրքական աղբյուրները Հայաստանի, հայերի եւ Անդրկովկասի մյուս ժողովուրդների մասին», հ. Ա, էջ 54 եւ այլն)։

[65]          Տե՛ս Г. Эзов, Сношения Петра Великого с армянским народом, էջ 245։

[66]          Նույն տեղը, էջ 244։ Տե՛ս նաեւ Աոաքել Դավրիժեցի, Պատմութիւն, էջ 29 30։

[67]          Տե՛ս Առաքել Դավրիժեցի, Պատմութիւն, էջ 33 34։

[68]          Առաքել Դավրիժեցի, Պատմութիւն, էջ 33-34։

[69]          Տե՛ս «Թուրքական աղբյուրները Հայաստանի, հայերի եւ Անդրկովկասի մյուս ժողովուրդների մասին», հ. Ա, էջ 54 55 եւ 71-74, հ. Բ, էջ 86-94։

[70]          Տե՛ս նույն տեղում, էջ 86-92։

[71]          Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռագիր 46, էջ 248բ-249ա։

[72]          Տե՛ս Հակովբոս Տաշեան, Ցուցակ հայերեն ձեռագրաց մատենադարանին Մխիթարեանց ի Վիեննա, Վիեննա, 1895, էջ 253։

[73]          Ղ. Ալիշան, Այրարատ, էջ 301 302։

[74]          Տե՛ս նույն տեղում։

[75]          Առաքել Դավրիժեցի, Պատմութիւն, էջ 34։

[76]          Տե՛ս «Թուրքական աղբյուրները Հայաստանի, Հայերի եւ Անդրկովկասի մյուս ժողովուրդների մասին», հ. Ա, էջ 55 եւ 73։

[77]          Նույն տեղում, էջ 73։

[78]          Նույն տեղում, հ. Բ, էջ 92։

[79]          Նույն տեղում, հ. Ա, էջ 55։

[80]          Տե՛ս Ղ. Ալիշան, Այրարատ, էջ 302։

[81]          Առաքել Դավրիժեցի, Պատմութիւն, էջ 35։

[82]          Նույն տեղում, էջ 37։

[83]          Նույն տեղում, էջ 37-38։

[84]          Առաքել Դավրիժեցի, Պատմութիւն, էջ 38։

[85]          Տե՛ս նույն տեղում, էջ 38-39։

[86]          Տե՛ս նույն տեղում, էջ 39-40։

[87]          Տե՛ս նույն տեղում, էջ 40։

[88]          Տե՛ս նույն տեղում, էջ 40-52։

[89]          Տե՛ս նույն տեղում, էջ 53։

[90]          Նույն տեղում, էջ 35 36։

[91]          Տե՛ս Ղ. Ալիշան, Այրարատ, էջ 302 303։

[92]          Տե՛ս Г. Эзов, Сношения Петра Великого с армянским народом, էջ 470։ Հմմտ. Լեո, Հայոց պատմություն, հ. III, էջ 247։

[93]          Տե՛ս Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, Մեսրոպ Մագիստրոսի արխիվ, Ավետարանք, էջ 21, 294, 347, գործ 221, 3ասմաւուրք, էջ 79, Մատենադարան, ձեռագիր 46, 248 բ–249ա, Ղ. Ալիշան, Հայապատում, Վենետիկ, 1901, էջ 614 615, Հակովբոս Տաշեան, Ցուցակ հայերէն ձեռագրաց մատենադարանին Մխիթարեանց ի Վիեննա, Վիեննա, 1895, էջ 181 եւ 410, Վ. Հակոբյան, Մանր ժամանակագրություններ, հ. II, էջ 356, Խաչատուր Աբեղայի Ջաղայեցւոյ Պատմութիւն Պարսից, Վաղարշապատ, 1905, էջ 102 եւ այլուր։

[94]          Տե՛ս Ղ. Ալիշան, Հայապատում, էջ 614։

[95]          Տե՛ս Ս. Պ. Պողոսյան, Հայ ժողովրդի պատմություն, հ. II, էջ 215։

[96]          Ջալալիների մասին մանրամասը տե՛ս Մ. Կ. Զուլալյան, Ջալալիների շարժումը եւ հայ ժողովրդի վիճակը Օսմանյան կայսրության մեջ (XVI—XVII դդ), Երեւան, 1966։

[97]          Առաքել Դավրիժեցի, Պատմութիւն, էջ 79 80։

[98]          Տե´ս նույն տեղում, էջ 81 եւ 85—86։

[99]          Գրիգոր Կամախեցի կամ Դարանաղցի, ժամանակագրութիւն, Երուսաղեմ, 1915, էջ 322։

[100]        Տե՛ս Ղ. Ալիշան, Այրարատ, էջ 303։

[101]        Տե´ս Առաքել Դավրիժեցի, Պատմութիւն, էջ 355—356։ Հմմտ. Յ. Մանանդեան եւ Հ. Աճառեան, Հայոց նոր վկաները, Վաղարշապատ, 1903, էջ 424։

[102]        Տե´ս Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, Մեսրոպ Մագիստրոսի արխիվ, թղթապանակ 33, Տօնացոյց, էջ 256, Վ. Հակոբյան, Մանր ժամանակագրություններ, հ. I, էջ 146, հ. II, էջ 519 եւ այլուր:

[103]        «Թուրքական աղբյուրները Հայաստանի, հայերի եւ Անդրկովկասի մյուս ժողովուրդների մասին», հ. I, էջ 98—100։

[104]        Տե՛ս Մ. Չամչյան, Պատմութիւն Հայոց, հ. Գ, էջ 588։

[105]        Գրիգոր Կամախեցի կամ Դարանաղեցի, Ժամանակագրութիւն, Երուսաղեմ, 1915, էջ 518։

[106]        Տե՛ս Զաքարիա Սարկավագ, Պատմագրութիւն, հ. II, էջ, 4-5։

[107]        Տե՛ս նույն տեղում, էջ

[108]        Մուրադ IV-ի, 1635 թ. արշավանքի մասին տե՛ս Առաքել Դավրիժեցի, Պատմութիւն, էջ 316—317, 574-575, 642, Զաքարիա Սարկավագ, Պատմագրութիւն, հ. II, էջ 4-8, Գրիգոր Կամախեցի կամ Դարանաղցի, ժամանակագրութիւն, էջ 518-520, Խաչատուր Աբեղա Ջուղայեցւոյ, Պատմութիւն Պարսից, Վաղարշապատ, 1905, էջ 139-140, «Թուրքական աղբյուրները Հայաստանի, հայերի եւ Անդրկովկասի մյուս ժողովուրդներէ մասին», հ. I, էջ 101-108, հ. II, էջ 108-111, Լ. Մելիքսեթ–Բեկ, Վրաց աղբյուրները Հայաստանի եւ հայերի մասին, հ. Գ, էջ 64, 76, 113-114 (վրացական աղբյուրները Մուրադ IV-ի կողմից Երեւանի գրավումը դնում են ոչ թե 1635 թ., այլ՝ 1636 կամ 1637 թվականին, որը սխալ է եւ հակասում է մյուս ավելի ստույգ, աղբյուրների վկայություններին), Վ. Հակոբյան, Մանր ժամանակագրություններ, հ. I, էշ 145, 146, 194, 196, 250-251 (XVII դ. հեղինակ Հակոբ Կարնեցին իր ժամանակագրության մեջ Մուրադ IV-ի զորքի քանակը 400 հազար է տալիս), հ. II, էջ 358, 395, 523, Միքայել Չամչյան, Պատմութիւն Հայոց, հ. Գ, էջ 617, Ղ. Ալիշան, Այրարատ, էջ 303, Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյան, ազգապատում, մասն Բ, Կոստանդնուպոլիս., 1914, էջ 2433, Լեո, Հայոց պատմութիւն, հ. III, էջ 299-301, «Հանդես ամսօրեայ», 1934, 5-7, էջ 331, 332-333, Երվանդ Շահազիզ, Հին Երեւանը, էջ 78 եւ այլուր։

[109]        Տե՛ս «Թուրքական աղբյուրները Հայաստանի, հայերի եւ Անդրկովկասի մյուս ժողովուրդների մասին», հ. Ա, էջ 108։ Ըստ Նայիմայի Երեւանում թողած կայազորը բաղկացած էր ոչ թե 15000 զինվորից, այլ՝ 12000։

[110]        Տե՛ս նույն տեղում։

[111]        Շահ-Սեֆիի 1636 թ. արշավանքի մասին տե՛ս Առաքել Դավրիժեցի, Պատմութիւն, էջ 317, 57 5, 642, Զաքարիա Սարկավագ, Պատմագրութիւն, հ. II, էջ 11-12, 14, Գրիգոր Կամախեցի, ժամանակագրութիւն, էջ 520, Խաչատուր Ջուղայեցի, Պատմութիւն Պարսից, էջ 139-140, Վ. Հակոբյան, Մանր ժամանակագրություններ, հ. I, էջ 251, հ. II, էջ 520, Адам Олеарий, Путешествия Голштинского посольства в Московию и Персию..., 879-880, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, Մեսրոպ Մագիստրոսի արխիվ, Տաղարան-Տօնացոյց, թղթապանակ 33, էջ 171, «Արարատ» ամսագիր, 1914, դեկտեմբեր, էջ 1113-1114, «Թուրքական աղբյուրները Հայաստանի, հայերի եւ Անդրկովկասի մյուս ժողովուրդների մասին», հ. I, էջ 108-109, հ. II, էջ 112-113, Միքայել Չամչյան, Պատմութիւն Հայոց, հ. Գ, էջ 617, Մաղաքիա Օրմանեան, Ազգապատում, էջ 2433-2434, Ղ. Ալիշան, Այրարատ, էջ 303, Լեո, Հայոց պատմություն, հ. III, էջ 300-301 եւ այլ տեղերում։

[112]        Առաքել Դավրիժեցի, Պատմութիւն, էջ 575։

[113]        Նույն տեղում, էջ 317։

[114]        Նույն տեղում, էջ 575։

[115]        Տե՛ս Առաքել Դավրիժեցի, Պատմութիւն, էջ 642։

[116]        Տե՛ս Զաքարիա Սարկավագ, Պատմագրութիւն, հ. II, էջ 12։

[117]        Նույն տեղում, էջ 11։

[118]        Տե՛ս Զաքարիա Սարկավագ, Պատմագրութիւն, հ. II, էջ 11։ Տե՛ս նաեւ «Թուրքական աղբյուրները Հայաստանի, հայերի եւ Անդրկովկասի մյուս ժողովուրդների մասին», հ. I, էջ 108, հ. II, էջ 112—113։

[119]        Տե՛ս Адам Олеарий, Путешествия Голштинского посольства в Московию и Персию..., էջ 879—880:

[120]        Տե՛ս նույն տեղում, էջ 880։

[121]        Պահպանված է բնագրի ուղղագրությունը։

[122]        Տե՛ս «Արարատ» ամսագիր, 1914, դեկտեմբեր, էջ 1113։

[123]        Տե՛ս Մաղաքիա Օրմանյան, Ազգապատում, էջ 2434։

[124] Տե՛ս «Թուրքական աղբյուրները Հայաստանի, հայերի եւ Անդրկովկասի մյուս ժողովուրդների մասին», հ. Ա, էջ 109։

[125]        Առաքել Դավրիժեցի, Պատմութիւն, էջ 317։

[126]        Տե՛ս «Թուրքական աղբյուրները Հայաստանի, հայերի եւ Անդրկովկասի մյուս ժողովուրդների մասին», հ. Ա, էջ 108։

[127]        Տե՛ս նույն տեղում։

[128]        Տե՛ս Զաքարիա Սարկավագ, Պատմագրութիւն, հ. II, էջ 8-9։

[129]        Տե՛ս Զաքարիա Սարկավագ, Պատմադրութիւն, հ. II, էջ 16-17, ԳրիգորԿամախեցի կամ Դարանաղցի, ժամանակագրութիւն, էջ 578, Լեո, Հայոց պատմություն, հ. III, էջ 302։

[130]        Տե՛ս Զաքարիա Սարկավագ, Պատմագրութիւն, հ. II, էջ 16-17։

[131]        Գրիգոր Կամախեցի կամ Դարանաղցի, ժամանակագրութիւն, էջ 579։

[132]        Տե՛ս Զաքարիա Սարկավագ, Պատմագրութիւն, հ. II, էջ 18։

[133]        Նույն տեղում, էջ 19։

[134]        Տե՛ս Զաքարիա Սարկավագ, Պատմագրութիւն, հ. II, էջ 20։

[135]        Հակոբ Կարնեցի, Տեղադիր Վերին Հայոց, Վ. Հակոբյան, Մանր ժամանակագրություններ, հ. II, Հավելված, էջ 565— 566։

[136]        Տե՛ս «Թուրքական աղբյուրները Հայաստանի, հայերի եւ Անդրկովկասի մյուս ժողովուրդների մասին», հ. II, էջ 114, Զաքարիա Սարկավագ, Պատմագրութիւն, հ. II, էջ 25։

[137]        Տե՛ս Թ. Խ. Հակոբյան, Հայաստանի պատմական աշխարհագրություն, երկ. հրատ., Երեւան, 1968, էջ 378։

[138]        Տե՛ս Լ. Մելիքսեթ-Բեկ, Վրաց աղբյուրները Հայաստանի եւ հայերի մասին, հ. Գ, էջ 64։

[139]        Առաքել Դավրիժեցի, Պատմութիւն, էջ 575։

[140]        Հակոբ Կարնեցի, Տեղագիր Վերին Հայոց . Հակոբյան, Մանր ժամանակագրություններ, հ. II, Հավելված, էջ 565)։

[141]        Տե՛ս Զաքարիա Սարկավագ, Պատմագրութիւն, հ. II, էջ 29։ Հմմտ. Յ. Մանադեան եւ Հ. Աճառեան, Հայոց նոր վկաները (1155—1843), Վաղարշապատ, 1903, էջ 445։

[142]        «Թուրքական աղբյուրները Հայաստանի, հայերի եւ Անդրկովկասի մյուս ժողովուրղների մասին», հ. Ա, էջ 54։

[143]        Նույն տեղում։

[144]        Երվանդ Շահազիզ, Հին Երեւանը, էջ 105։

[145]        Զաքարիա Սարկավագ, Պատմագրութիւն, հ. I, էջ 87։

[146]        Նույն տեղում, էջ 86։

[147]        Տե՛ս «Թուրքական աղբյուրները Հայաստանի, հայերի եւ Անդրկովկասի մյուս ժողովուրդների մասին», հ. II, էջ 98-99 եւ այլուր։

[148]        Տե՛ս «Թուրքական աղբյուրները Հայաստանի, հայերի եւ Անդրկովկասի մյուս ժողովուրդների մասին», հ. II, էջ 99-100։

[149]        Տե՛ս Զաքարիա Սարկավադ, Պատմադրութիւն, հ. I, էջ 85-86։

[150]        Տե՛ս Զաքարիա Սարկավագ, Պատմագրութիւն, հ. I, էջ 86։

[151]        Տե՛ս Լեո, Հայոց պատմություն, հ. III, էջ 708։

[152]        Տե՛ս նույն տեղում, էջ 708—709։

[153]        Տե՛ս նույն տեղում, էջ 709։

[154]        Տե՛ս Աբրահամ կաթողիկոս Կրետացի, Պատմութիւն անցիցն իւրոց եւ Նատր-Շահին պարսից, Վաղարշապատ, 1870, էջ 18-19։

[155]        Տե՛ս նույն տեղում, էջ 19։

[156]        Տե՛ս Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռ. 8444, էջ 509ա— 509 բ։

[157]        Նույն տեղում, էջ 509ա-510ա։

[158]        Տե՛ս նույն տեղում, էջ 510ա։

[159]        Տե՛ս Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռ. 8444, էջ 510ա-510բ։

[160]        Նույն տեղում, էջ 510բ։

[161]        Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռ. 8444, էջ 510 բ։

[162]        Աբրանամ կաթողիկոս Կրետացի, Պատմութիւն անցիցն իւրոց եւ Նատր Շահին Պարսից, էջ 23։