Սիւնեաց Օրբէլեանների Բուրթէլեան ճիւղը

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՍԻՒՆԵԱՑ ՕՐԲԷԼԵԱՆՆԵՐԻ ԲՈՒՐԹԷԼԵԱՆ ՃԻՒՂԸ

XIV-XV դդ. Պատմական Հայաստանի Սիւնեաց նահանգի մի շարք գաւառների աշխարհիկ ու հոգեւոր իշխանութիւնը կենտրոնացուած էր Օրբէլեան ֆեոդալական գերդաստանի Բուրթէլեան կոչուող ճիւղի պայազատների ձեռքում [1] ։

Շուրջ երկու հարիւրամեակ, սկզբից Սիւնեաց մի շարք գաւառների հզօր տիրակալներ, իսկ այնուհետեւ որպէս նոյն աշխարհի տարբեր մասերում որոշ կալուածքներ ունեցող սակաւազօր աւատատէրեր կամ հոգեւոր առաջնորդներ՝ XIV-XV դդ. սկզբնաղբիւրներում յիշատակւում են Օրբէլեանների Բուրթէլեան ճիւղից սերուած տասնեակ ներկայացուցիչներ։ Առ այսօր, սակայն, այդ տուեալների բաղդատական ուսումնասիրութեամբ դեռեւս չի ստեղծուած ֆեոդալական այդ գերդաստանի ճիւղագրութիւնը՝ ժամանակագրական վստահելի հիմքով։

Առաջին փորձն այս ուղղութեամբ կատարել է հայագիտութեան մեծ երախտաւոր Ղ. Ալիշանը [2] ։ Երկրորդ փորձը, շատ աւելի հարուստ նիւթերի հիման վրայ, ըստ իր հաւաստման, կատարելու էր Գ. Յովսէփեանը, Օրբէլեանների մասին գրելիք իր ուսումնասիրութեան մէջ [3] ։ Նրա անտիպ գործերի շարքում յիշատակուած է նաեւ Օրբէլեան իշխանութեան մասին անաւարտ մի երկ, որի մէջ, թերեւս, տրուած է նաեւ Բուրթէլեան գերդաստանի տոհմագրութիւնը. ցաւօք, այդ ձեռագիր աշխատութիւնը անմատչելի է մեզ։

Ալիշանի «Սիսականում» տպագրուած տոհմածառը, մեզ հետաքրքրող իր մասով, այսպիսի տեսք ունի (տե՛ս յաջորդ էջ)։

XIV- XV դդ. հայերէն ձեռագրաց յիշատակարանների եւ վիմական արձանագրութիւնների վերջին տարիներս կատարուած հրատարակութիւնների մէջ ամբարուած են բազմաթիւ տուեալներ ու ակնարկներ, որոնք հնարաւորութիւն են ընձեռում վերանայելու Ղ. Ալիշանի խիստ թերի տոհմածառը, եւ կազմելու Բուրթէլեան գերդաստանի շատ աւելի ամբողջական ու ստուգապատում ժամանակագրական պատմութիւնը։ Այդ աշխատանքը, անշուշտ, ինքնանպատակ չէ. յիշեալ դարերի հայ քաղաքական մշակութային կեանքի շատ իրողութիւններ առնչւում են Սիւնեաց աշխարհի հետ, եւ շատ անցուդարձերի ժամանակագրութիւնը աղերսուած է սերտօրէն Սիւնեաց այս կամ այն իշխանի ու եպիսկոպոսի աթոռակալութեան տարիներին։ Ըստ այդմ՝ Բուրթէլեան գերդաստանի տոհմածառն ու ժամանակագրական պատմութիւնը, անտարակոյս, իր դոյզն նպաստն է բերելու վերոյիշեալ ժամանակաշրջանի Հայոց պատմութեան ամբողջական ուսումնասիրութեանը։

Ահա այս ակնկալութեամբ մանրակրկիտ քննութիւն կատարելուց յետոյ ստորեւ ի մի ենք բերում մեզ յայտնի բոլոր կարեւոր վկայութիւնները Բուրթէլեան գերդաստանի պայազատների մասին։ Քիչ թէ շատ նշանաւոր անձանց կեանքի դրուագներին նուիրել ենք առանձին ամփոփ հատուածներ, Բուրթէլեանների պատմութիւնը, բնականաբար, սկսելով այդ գերդաստանի հիմնադրի կեանքի համառօտ տարեգրութեամբ։

ԲՈՒՐԹԷԼ ՕՐԲԷԼԵԱՆ

Բուրթէլը Տարսայիճ Օրբէլեանի թոռն է, Էլիկումի որդին, անուանի պատմիչ եւ Սիւնեաց մետրոպոլիտ Ստեփանոս Օրբէլեանի եղբօրորդին։

Սիւնիքում ու նրա սահմաններից դուրս Բուրթէլը որպէս Սիւնեաց մեծ իշխան, յիշատակւում է 1306-1344 թուականներին։ Առաջին անգամ նրա անունը գտնում են 1306 թ. Սարգիս գրչի Եղեգիսում շարադրած յիշատակարանում (ԺԴ, 42) [4], իսկ վերջին անգամ՝ Նորատուսի 1344 թ. վիմական մի արձանագրութեան մէջ։

Ժամանակակիցները Բուրթէլին մեծարում են շռայլ տիտղոսներով. «մեծ ամիր» (ԺԴ, 100) «մեծ կոմս եւ կողմնակալ» (ԺԴ, 117), «մեծ քրիստոսազաւր իշխան» (ԺԴ, 167), «մեծ իշխանաց իշխան տանս Սիւնեաց», «յաղթող սպայապետ» (ԺԴ, 182), «Հայոց Մեծաց թագազարմ ժառանկ՝ տէր տանն Սիսակայ՝ մեծիմաստ պարոն» (ԺԴ, 292), «մեծ սպարապետ Հայոց եւ Վրաց՝ թագազարմ իշխան» (ԺԴ, 297), «հիւպատոս եւ սպարապետ Հայոց» (ԺԴ, 328) եւ այլն։ Շռայլօրէն մասնատրուած այս բնոյթի տիտղոսները, իհարկէ, հնարաւորութիւն չեն ընձեռում ճշգրիտ որոշելու այս կամ այն գործչի քաղաքական ու տնտեսական կշիռն իր ապրուած ժամանակաշրջանում։ Սրանք, այնուամենայնիւ, ցուցանիշ են այն իրողութեան, որ մոնղոլական իլղանութեան վերջին տասնամեակներում Սիւնեաց իշխանաց իշխան ամիր Բուրթէլը ազդեցիկ դիրք է գրաւում։ Մի յիշատակարանում ասուած է, որ նա «առաջի աշխարհակալացն մեծարեալ եւ բազում ընծայիւք պատուեալ» էր, եւ որ 1307 թ. իր զօրքերով (Ջեսար Օրբէլեանի հետ միասին) մասնակցել է Խարբանդա խանի դէպի Գիլանի կողմերը ձեռնարկաց մի արշաւանքին, որից «խաղաղութեամբ» տուն է դարձել՝ բայց կորցրել է իր զօրքի մի մասը («բայց զօրացն պակաս մնացին» [5] ։ Այս արշաւանքի մասին ուշագրաւ տուեալներ են գրանցուած «Վրաց ժամանակագրութեան» մէջ։ Անանուն հեղինակը յայտնում է, որ «Երբ բորբոքուեց ճակատամարտը, ոչ Վախթանգ թագաւորը, ոչ էլ նրա բանակը թիկունք չէին դարձնում, այլ տեղի նեղութիւնից այնպէս էին ջարդւում, որ տասից հազիւ երկուսն էր կենդանի մնում։ Մարտ մտան սոմխիթացիք՝ որքան հեծեալներ կային։ Նոյնպէս կոտորուացին... իսկ Վախթանգ թագաւորին ու նրա բոլոր դիդեբոյլներին քաջամարտութեան համար յարգեցին, ապա մեծ շնորհովուղարկեցին երկիր» [6] ։

Իր իշխանութեան տարիներին Բուրթէլը մասնակցել է նաեւ այլ պատերազմների, վաստակելով «քաջի եւ միշտ յաղթողի» համբաւ [7] ։

Ժամանակակից աղբիւրներում տուեալներ կան Բուրթէլի զօրահրամանատարի՝ Շահուռեցի Վահրամ իշխանի որդի Ամատա զօրավարի մասին (մեռել է 1349-ից առաջ), որ տէր էր կարգուած Վայոց ձորում գտնուող Երերան (Հերհեր), Վանք, եւ Քալատակ կոչուող բնակավայրերի (ԺԴ, 376)։ Տեղեկութիւն ունենք նաեւ Բուրթէլի նայիպ (հաւատարմատար) կոչուած ոմն Ալինախ իշխանի մասին, որը յիշատակուած է միջնադարեան ուշագրաւ մի զրոյցի մէջ [8] ։

Մեծարուել է Բուրթէլ իշխանը նաեւ որպէս բարեպաշտ մի անձնաւորութիւն, որ «էր խստակրօն ցայգաջան եւ գիշերաւաստակ ծնրադրող, առաւել քան զմիանձունս քարանձաւաց» [9] ։ Եղեգիսի Նորվանքում կառուցել է է Բուրթէլաշէն կոչուող հոյակապ եկեղեցին՝ հայ միջնադարեան ճարտարապետութեան գոհարներից մէկը, գրել է տուել ու շքեղ զարդարել ձեռագրեր [10] ։

Գլաձորեան համալսարանի րաբունապետ Եսայի Նչեցին, 1323 թ. գրած մի յիշատակարանում, մեծարում է Բուրթէլին ու նրա որդիներին եւ յայտնում, որ նրանց առատաբաշխութեամբ՝ «յոլով շինութիւն եւ խաղաղութիւն գործեցաւ մեզ եւ ամենայն եկեղեցեաց Քրիստոսի», եւ որ՝ «ի հասարակախնամ բարեաց սոցա ընդ ամենեսեան եւ մեք՝ մեր աշակերտաւք՝ բազում եւ անթիւ գութս գտաք ի սոցանէ» (ԺԴ, 182-183)։

1306-1315 թթ. Եղեգիսում շարադրուած յիշատակարաններում Բուրթէլի կողքին, որպէս տեղի տէր. յիշատակւում է նրա եղբայր Բուղտա (կամ Պուղտա) իշխանը, որը, սակայն, երիտասարդական հասակում՝ «յետ յոլով քաջ մրցմանց տիգախոցեալ զանթառամն ընկալաւ պսակ», այսինքն՝ սպանուեց (1318 թ.

Բուրթէլի մահուան ստոյգ թուականը չգիտենք. վերջին անգամ, որպէս ապրող անձնաւորութիւն, յիշուած է 1344 թ., մեռած էր արդէն 1348-ին։ Այդ թուականին շարադրուած մի յիշատակարանու ասուած է. «Փոխեցելոյն առ Քրիստոս յոյսն ամենեցուն պարոն Բիրթելին» (ԺԴ, 369)։

Բուրթէլի կինն է Վախախ իշխանուհին, որ հաւանաբար Ծարի Դոփեան կոչուող գերդաստանից է սերում։ Բուրթէլ եւ Վախախ ամուսիններից ծնուած զաւակներն են՝ Բեշքէնը, Իւանէն ու Սամէղը, որոնք միատեղ յիշատակուած են 1344 թ. Նորատուսում գտնուող վիմական մի արձանագրութեան մէջ [11] ։

Սամէղը (իմա՛ Սամուէլ)՝ եղբայրներից կրտսերն է, մեռած լինելով պատանի հասակու՝ չի յիշատակուած այլ աղբիւրներում, իսկ Բեշքէնի եւ Իւանէի մասին կան բաւարար տեղեկութիւններ։

ԲԵՇՔԷՆ ՈՐԴԻ ԲՈՒՐԹԷԼԻ

Անտարակոյս՝ Բուրթէլի աւագ որդին է. յիշատակագիրները ամէնուրեք, նախ սրա անունն են տալիս եւ նոր միայն Իւանէի։ Առաջին անգամ յիշատակուած է Արփա գիւղի եկեղեցու արձանագրութեան մէջ (1322 թ. ) եւ ապա՝ Եսայի Նչեցու կողմից՝ 1323 թ. (տե՛ս վերը)։

1337 թ. Բեշքէնը գտնւում էր իլղանութեան կենտրոններում՝ Թաւրիզում եւ Սուլթանիայում՝ զինուորական ծառայութեան մէջ։ Այս քաղաքներում Բեշքէնի պատուէրով նշանաւոր գրիչ Աւագն ընդօրինակեց փառայեղ մի Աւետարան, որ նա վաղամեռիկ իր տիկնոջ՝ Փաշայի յիշատակին նուիրեց Տաթեւի վանքին (ԺԴ, 232)։ Ձեռագրի յիշատակարանում Աւագը Բեշքէնին կոչում է «մեր տէրն ըստ մարմնոյ» եւ մեծարում նրան՝ «Հայոց Մեծաց թագազարմ ժառանգ, տէր տանն Սիսակայ, մեծիմաստ պարոնաց պարոն» տիտղոսներով։ Այստեղ յիշատակւում է նաեւ Բեշքէնի մանկահասակ որդի Էլիկումը։

Ուշագրաւ են Բեշքէնի եւ Իւանէի մասին Սարգիս մետրոպոլիտի շարադրուած տողերը՝ 1337 թ. յիշատակարանում. այստեղ ասուած է, որ սրանք ամէն բանով նման են իրենց բարեպաշտ հօրը՝ Բուրթէլ իշխանին՝ «Խոհականութեամբ եւ մատակարարութեամբքն զաշխարհս եւ զզօրս, նաեւ յառաջադէմ յարքունիս եւ մեծախառ, զի մեծարանս արար տէր երեսաց սոցա» [12] ։

Վերջին անգամ Բեշքէնը յիշատակուած է 1347 թ. ՝ որպէս «քաջ զաւրավար Հայոց, աստուածասէր եւ բարէպարշտ իշխանաց իշխան» (ԺԴ, 375)։ Երբ է կնքել իր մահկանացուն՝ չգիտենք։

Բեշքէնի որդի Էլիկումի մասին տուեալները խիստ աղքատիկ են։ 1337 թ. Աւագ գրիչը յիշատակում է նրան, որպէս «նորաբոյս ոսկեբողբոջ աստուածատուր հարազատ ծիրանածին եւ բարեպաշտ զաւակ» (ԺԴ, 292), որը որբ էր մնացել մօրից եւ դաստիարակւում էր, հաւանաբար, իր պապ Բուրթէլի եւ տատ Վախախի խնամածութեամբ։

Երբ օրբէլեանների սպարապետ Ամատա Շահուռեցին վախճանուեծ երիտասարդ հասակում, թողնելով միայն մի դուստր՝ Նաթիլ անունով, Բուրթէլն ու Վախախը Շահուռեցի իշխանների տիրոյթների ժառանգ այդ դեռատի օրիորդին ամուսնացրին Բեշքէնի որդի Էլիկումի հետ, որ 1349 թ. յիշատակարանում (ուր խօսւում է այդ ամուսնութեան մասին) կոչուած է Կուկա («զորդի Բեշքէնայ՝ զԿուկայն»)։ Գիտենք արդէն, որ Բեշքէնն ունէր միայն մէկ որդի, ուստի դժուար չէ եզրակացնել, որ Կուկա անունը Էլիկում անուան փաղաքշական ձեւն է։

Արդ, այս ամուսնութեամբ Բեշքէնի որդի Էլիկումը ժառանգեց Ամատա Շահուռեցու (Նաթիլի հանգուցեալ հօր) կալուածքները եւ իր պարի կողմից կարգուեց «տէր հայրենեաց Վահրամայ որդոյ Շահուռեցոյն՝ Երերան եւ Վանացն եւ Քալատակին եւ այլ հայրենեացն ամենայնի» (ԺԴ, 376)։ Այս դէպքերը կատարուել են 1344-1348 թթ. առաջ, երբ դեռ ողջ էին Բուրթէլն ու Վախախը։

Ինչքան են ապրել ու տիրել իրենց կալուածքներին Էլիկումը (Կուկան) եւ Նաթիլը, չգիտենք։ Նրանց մասին որեւէ այլ տուեալներ չեն հաղորդում ժամանակակից աղբիւրները։ Ըստ այդմ կարծում ենք, որ շատ կարճատեւ է եղել նրանց կեանքը, եւ հեռացել են աշխարհից՝ անյիշատակ։

ԻՒԱՆԷ ՈՐԴԻ ԲՈՒՐԹԷԼԻ

Բուրթէլի երկրորդ որդու՝ Իւանէի անունը սկզբնաղբիւրներում տառադարձուած ենք գտնում տարբեր ձեւերով՝ Իւան (ԺԴ, 303), Իւանէ (բազմիցս), Իւանէ («Սիսական», 96), Իւանիկ (ԺԵ, II, 317, «Սիսական», 47), Ինանիկ (ԺԵ, I, 87, 656, «Սիսական 96»), Նանիկ (ԺԴ, 567)։ Բարեբախտաբար, գրեթէ ամէնուրեք, նա յիշատակուած է կամ հօր ու աւագ եղբօր հետ միասին, կամ իր որդիների ու թոռների առնչութեամբ, ուստի դիւրութեամբ որոշւում է, որ տարբեր ձեւերով գրի առնուած այդ անուան տակ ժամանակակիցները նկատի են ունեցել նոյն անձնաւորութեանը՝ Բուրթէլ իշխանի Իւանէ որդուն։

XIV դ. առաջին տասնամեակներին, սակայն Սիւնիքում ապրել է նաեւ մի այլ Իւանէ իշխան՝ տէր Որոտան գաւառի։ Եւ ահա մինչեւ Իւանէ Բուրթէլեանի կենսագրականին անցնելը անհրաժեշտ է տարբերակել համանուն իշխաններին [13] ։

Նախ, անդրադառնանք Որոտանի տէր Իւանէին։

Այս անձնաւորութեան եւ նրա գերդաստանի մասին ամենաուշագրաւ տուեալներ գրանցուած են 1337 թ. ընդօրինակուած մի Սաղմոսարանի յիշատակարանում, որ ստացել է հէնց այս Իւանէի եղբայր՝ Սիւնեաց մետրոպոլիտ Սարգիս եպիսկոպոսը՝ «յիշատակ անջինջ իւր եւ ծնողաց իւրոց՝ հօր իւրոյ Հասանայ, որ էր յազգէ եւ յազնէ մեծափառ իշխանաց տանս Սիւնեաց, եւ մօր իւրոյ տիկին Վախախին, եւ եղբօրն իւրում՝ պայազատի եւ քաջագօտի գամրի Իւանէի, որ էր ամիրա եւ պետ երկրին Որոտան, եւ եղբօրորդւոյ իւրոյ՝ կորովամիտ սրբազան նորընծա քահանայի Յովհաննիսի... նայ եւ եղբարց սորին հարազատաց եւ հսկայազօրու հաստաբազուկ մանկտուոցն՝ Հասանայ եւ Զաքարէի, եւ ամենայն արեան մերձաւորաց» [14] ։

Այս արժէքաւոր տուեալները հաւաստւում եւ լրացւում են Իւանէ իշխանի դուստր եւ Օրբէլեանների սպարապետ Ամատա Շահուռեցու տիկին՝ Թուղթանի իշխանուհու յիշատակարանով, որ շարադրուած է 1349 թ. ։ Այնտեղ ասուած է. «Արդ, ես՝ անարժան Թուխթանի, դուստր Իւանէ Որոտան իշխեցողի, քոյր քաջ քարտուղարի եւ երջանիկ րաբունապետի Յովաննէս վարդապետի, հարսն մեծ Շահուռեցեանց, կենակից հզաւր եւ մեծ իշխանին Ամատին շինեցի յԵրերան ժամատունս... յիշատակ ինձ, եւ առն իմում Ամատին... եւ զաւակին իմ նաթիլին, եւ հաւր իմ Իւանէ, եւ մաւր իմ Տիկնանց-Տիկնայ, հարազատ եղբարց իմոց Հասանայ եւ Զաքարէի, եւ ամենայն արեան մերձաւորաց» (ԺԴ, 375)։

Որոտան գաւառի հին աւատատերերի այս գերդաստանի մասին աւելի աղքատիկ տուեալներ կան նաեւ ձեռագրաց այլ յիշատակարանների մէջ, գրանցուած մեծանուն գիտնական ու մանկավարժ Յովհան Որոտնեցու կապակցութեամբ, որը ըստ վերոյիշեալ աղբիւրների եւ բազմաթիւ այլ վկայութիւնների, որդին էր «քաջի Իւանէի՝ Որոտան իշխեցողի» (տե՛ս օրինակ, ԺԴ, 497, 520)։

Թովմա Մեծոփեցին եւս յայտնում է, որ Յովհան Որոտնեցին ծննդեամբ էր «ի գաւառէն Որոտնոյ, ի գեղջէն Վաղանդնայ՝ որդի մեծի իշխանին Իւանի, որ էր ի զարմէ առաջին իշխանացն Սիւնեաց, յորմէ Վասակն էր» [15] ։

Այս գերդաստանի տոհմագրութիւնը ըստ վերոյիշեալ տուեալների՝ հնագոյն դարերից է գալիս, նրանք սերուած են համարւում Սիւնիքի հին ու բնիկ իշխաններից։ Սակայն, ցաւոք, յանուանէ յիշատակւում են միայն Հասանը (կինն է՝ Վախախ), նրա որդիները՝ Սարգիս եպիսկոպոսն ու Իւանէ Իշխանը (կինն է՝ Տիկնանց-Տիկին), եւ թոռները (Իւանէի զաւակները)՝ Յովհան Որոտնեցին, Հասանը, Զաքարէն եւ Թուղթանին, եւ այս վերջինի դուստրը՝ Նաթիլ իշխանուհին։

Հասան իշխանը, հայրը լինելով Սարգիս մետրապոլիտի (որ արդէն 1326 թ. յիշուած է որպէս Վաղադնի վանահայր) ապրած պէտք է լինի XIII դ. երկրորդ յիսնամեակում։ Այդ ժամանակաշրջանից յայտնի են Հասան անունը կրող շուրջ երկու տասնեակ գործիչներ [16], որոնցից մէկը՝ Դլենեանց կոչուող Հասանը՝ ըստ երեւոյթին նոյնացուելու է սրա հետ։

Ստ. Օրբէլեան պատմիչը յայտնում է, որ Դլէն իշխանի սերնդից Հասան իշխանը, իր երկու եղբայրների հետ միասին, «եկեղեցի եւ բազում միաբանութիւն» է ունեցել Տաթեւում, սակայն XIII դ. վերջին՝ «յաւերմանէ գաւառին իւրեանց եւ ի դառն եւ վերջինաղքատութենէ», ստիպուած է եղել Ստ. Օրբէլեանին վաճառելու իրենց գերդաստանին պատկանող մի սուրբ մասունք, ստանալով, 500 դահեկան եւ «այլ բազում պարգեւս ձիոց եւ եզանց եւ հանդերձից» [17] ։

Ահա Դլենեան այս Հասանի որդին է եղել, հաւանաբար, մեզ հետաքրքրող Իւանէ Որոտնեցի իշխանը։ Իւանէի եղբայր Սարգիս մետրոպոլտի 1337 թ. յիշատակարանում ասուած է, որ նա «էր ամիրա եւ պետ երկրին Որոտան»։ Ուստի մեռած էր արդէն այդ թուականից տարիներ առաջ, մինչդեռ Բուրթէլի որդի Իւանէ իշխանը առաջին անգամ յիշատակուած է Արփա գիղի եկեղեցու մի արձանագրութեան մէջ՝ 1322 թ. որպէս «նորաբողբոջ» երիտասարդ։ Յետագայ տարիների (1323, 1333, 1334, 1337, 1338, 1348, 1349) բազմաթիւ յիշատակարաններում, Սիւնեաց իշխանների թուարկման ժամանակ, տրւում է նաեւ այս Իւանէ անունը՝ նրա աւագ եղբայր Բեշքէնից յետոյ։ Վերջին անգամ, որպէս կենդանի արձանագրութիւն, Իւանէն յիշատակուած է1377 թ., երբ, մի ժամանակագրի վկայութեամբ, «իշխանութիւնս Հայոց էր նուազեալ, եւ միայն մնացեալ Իւանի, որ կոչի Իւանիկ, որդի մեծին Բուրթէլին, ի մէջ այլասեռից՝ բազում հարկապահանջութեամբ» [18] ։

Իւանէ Բուրթէլեանը ունեցել է 4 արու զաւակ՝ Ստեփանոս-Սուլթանշահ, Սմբատ, Բուրթէլ եւ Գորգուն։ Արդ, առանձին-առանձին ծանօթանանք Իւանէի այս որդիներին։

ՍՈՒԼԹԱՆՇԱՀ-ՍՏԵՓԱՆՈՍ ՈՐԴԻ ԻՒԱՆԷ ԲՈՒՐԹԷԼԵԱՆԻ

Մաշտոցեան Մատենադարանի 9450 Աւետարանի վերջում կան այդ ձեռագրի յետագայ օտարումների մասին մի քանի յիշատակագրութիւններ։

Մեզ համար յատուկ հետաքրքրութիւն են ներկայացնում 374ա եւ 373բ էջերի գրանցումները։ Դրանցից առաջինում ոմն «Գրիգոր նուաստ եւ անարժան քահանայ» ասուս է, որ իր հալալ արդիւնքով 1366 թ. գնել է այդ Աւետարանը՝ «յիշատակ ինձ եւ ծնաւղաց իմոց եւ եղբարց»։ 373բ էջի յիշատակագրութեան առաջին տողը («Կամաւ կարող հզաւրին Աստուծոյ») գրուած է վերոյիշեալ յիշատակարանի ձեռագրով, իսկ շարունակութիւնը գրել է ոմն տէր Ստեփանոս-Սուլթանշահ՝ այսպէս. «Ես տէր Ստեփաննոս մականուն Սուլթանշահ, թոռն Բուրթէլին որդի Նանկի[ն ե]ղբաւրն [Բ]շքինի պարոնի՝ ի Քրիստոս է հանգուցել։ Մեք վկայ եմք այս սուրբ Աւետարանիս Վահրամայ եւ իւր եղբայ’ ///, իւրեանց հալալ արդեմք գնեցին զայս սուրբ Աւետարանս, Աստուած շնորհաւոր առնէ, ամէն, ամէն»։Ստացող Վահրամի եւ նրա եղբօր եղծուած անունները գրուած են ջնջուած այլ բառերի վրայ, իսկ ջնջուել են, հաւանաբար, վերոյիշեալ Գրիգոր քահանայի ու նրա եղբօր անունները [19] ։ Ըստ այդմ Ստեփանոս-Սուլթանշահի յիշատակագրութիւնը գրանցուած պէտք է լինի նոյն թուականին, ինչ Գրիգոր քահանայինը, այսինքն՝ 1366 թ. ։ Այս յիշատակագրութեան համաձայն Բուրթէլի որդի, Բեշքէնի եղբայր Նանիկ-Իւանէն ունեցել է Ստեփանոս-Սուլթանշահ անունով մի որդի, որ եղել է եպիսկոպոս (սրա մասին աւելի հանգամանալից խօսք կլինի Սիւնեաց եպիսկոպոսներին նուիրուած բաժնում)։

ՍՄԲԱՏ ԵՒ ԲՈՒՐԹԷԼ՝ ՈՐԴԻՔ ԻՒԱՆԷ ԲՈՒՐԹԷԼԵԱՆԻ

Սմբատի մասին առաջին տեղեկութիւնը գտնում ենք Յովհան Որոտնեցու աշակերտ Յակոբ գրչի 1386 թ. շարադրուած բովանդակալից յիշատակարանում։ Խօսելով 1-2 տարի առաջ տեղի ունեցած քաղաքական անցուդարձի մասին՝ նա գրում է, որ «զմեղքն իմ ծովացեալ եհան զգունդս անօրինաց ի վերայ քրիստոնէից, մանաւանդ ի վերայ տանն Բուրդէլի։ Որ եկին եւ առին զբերդն Որոտան, եւ հայրենազուրկ արարին զպարոն Սմբատն, որդի Նանիկին» (ԺԴ, 560)։ Այստեղ յիշատակուած «անօրէնները», հաւանաբար, Ոսկեայ-Հորդայի ղան Թողթամիշի զօրքերն են, որ 1385-ին մեծ աւերածութիւններ գործեցին նաեւ Սիւնիքում։ 1400-1403 թթ. Սմբատ եւ Բուրթէլ եղբայրները Տաթեւում շարադրուած մի յիշատակարանում կոչուած են տեղի իշխաններ (ԺԴ, 632, ԺԵ, 1, 4, 35)։ Հաւանաբար 1403 (կամ յաջորդ) թուականին Լանկթամուրի Թոռ Միրզա-Օմարը, որ կուսակալ էր կարգուած Իրանի եւ Անդրկովկասի վրայ, Սմբատ եւ Բուրթէլ իշխաններին «դարձոյց բռնութեամբ ի յանհաւատութիւն» (այսինքն՝ դարձրեց մահմեդական) եւ, իրենց ընտանիքներով, ուղարկեց Սամարղանդ։ Շատ չի տեւում, սակայն, սամարղանդեան գերութիւնը, շուտով նրանք վերադառնում են Սիւնիք [20] եւ կրկին դառնում քրիստոնէական հաւատքի։ 1406 թ. նրանք նորից սկսում են յիշատակուել Տաթեւում գրուած ձեռագրերում (ԺԵ, I, 74)։

Բուրթէլ իշխանն իր եկու մանկահասակ որդիների հետ, ինչպէս եւ Սմբատի մի որդին (բոլորն էլ՝ անանուն) զոհ են գնում 1407 թ. մեծ հունձ կատարած համաճարակին. «Այսօր եղբայր Սմբատին պարոն Բուրթէլ՝ հանդերձ որդւովք իւրովք հանգեաւ ի Քրիստոս, եւ որդի Սմբատին, եւ այլքս անթուելիք են», - գրել է Թ. Մեծոփեցին իր ընդարձակ յիշատակարններից մէկում (ԺԵ, I, 80, հմմհ. նաեւ ԺԵ, I, 75)։1407 թ. Սմբատ իշխանն իր հեծելագնդով մասնակցում է Ջելաիրեան Ահմադ Ղանի եւ Կարա—Իւսուֆի դաշնակցած ուժերի մղած կռիւներին՝ թամուրեանների դէմ։ Յիշատակարանը, որի մէջ տուեալներ են եղել այդ մասին, պահպանուել է խիստ քայքայուած վիճակում, ուստի շատ բան մութ է մնում։ Պարզ է, սակայն, որ Սմբատի զօրագունդը մեծ կորուստներ է ունեցել (ԺԵ, I, 82)։

Երբ Կարա-Իւսուֆը զբաղուած էր Աղ-Կոյունլուների դէմ պատերազմելով, Սուլթան-Ահմադը իշխանութիւնը գրաւելու փորձ է կատարում, միայնակ վայելելու համար Կարա-Կոյունլուների գործակցութեամբ թամուրեանների դէմ տարած յաղթանաըկ։ Սմբատ Բուրթէլեան իշխանը, անսալով իր ոչ հեռատես խորհրդատուներին, նոյնպէս յայտնւում է Ահմադի կուսակիցների շարքում եւ նրանից պարգեւ ստանում Անգեղակոթ գիւղը [21] ։ 1410 թ. օգոստոսին Ահմադը պարտութիւն է կրում եւ սպանւում Կարա-Իւսուֆի կողմից։ Ջելաիրեաններին աջակցողները պատժւում են։ Իւսուֆը բռնագրաւում է Սմբատ իշխանի կալուածքները. «Էառ զՈրոտն ի Սմբատայ իշխանէ», - յայտնում է Թ. Մեծոփեցին [22] ։ Եւ Սմբատ իշխանը ստիպուած է լինում պատսպարուել Վրաստանում։ 1412 թ. իր Բեշքէն որդու հետ միասին նա յիշատակւում է որպէս Գորիի մոտ գտնուող Աֆլիսցիխէ (Ուփլիսցիխէ) գիւղաքաղաքի իշխան։ Այստեղ շարադրուած մի յիշատակարանում Մելքիսեդեկ գրիչը յայտնում է, որ ձեռագիրը ընդօրինակել է «իշխանութեան տեղոյս (Աֆլիսցիխէի) պարոն Սմբատի եւ որդւոյ նորին պարոն Բէշքէնի, որ ի յաստմանէ չարին վտարեցան ի հայրենեաց իւրեանց» (ԺԵ, I, 133)։

Սմբատ իշխանը կնքում է իր մահկանացուն օտարութեան մէջ՝ 1412-1414 թթ. միջոցին։ 1415 թ. Տաթաւում գրուած մի ձեռագրում, որպէս տեղի իշխաններ, յիշատակւու են սրա որդիները՝ Բեշքէնն ու Շահը։ Ուստի հաւանաբար հայրը՝ Սմբատ իշխանը, մեռել էր այդ թուականից առաջ (ԺԵ, I, 653)։ Մատթէոս Մոնոզոնը 1417 թ. Գանձասարում շարադրուած յիշատակարնում Սմբատի մասին գրում է. «Քանզի այն. որ կայր մնացեալ ռաշաւիղ տանն Բիւրթելեանց՝ ... որոյ անուն Սըմբատ կոչիւր, եւ անդ Վրաստան) ի յօտարութեանն վախճանեցաւ» (ԺԵ, I, 194)։ Սմբատ Բուրթէլեանը մեծ հաւանականութեամբ ամուսնացած է եղել վրացուհի մի իշխանուհու հետ, այդ ամուսնութիւնից ծնուած որդիներից տեղեկութիւն ունենք 4-ի մասին. մէկը 1407 թ. մահտարաժամին զոհ գնացած պատանին է, որի անունն իսկ չի պահպանուել, միւսներն են՝ Բեշքէնը, Իւանէ-Ստեփանոսը եւ Շահը։ Բայց մինչեւ սրանց անդրադառնելը անհրաժեշտ է ի մի բերել Իւանէի միւս որդու՝ Գորգուն իշխանի գործունէութիւնը լուսաբանող հատուկենտ վկայութիւնները [23] ։

ԳՈՐԳՈՒՆ ՈՐԴԻ ԻՒԱՆԷ ԲՈՒՐԹԷԼԵԱՆԻ

Գորգունի անունը, իր հօր անուան պէս, տառադարձուած ենք գտնում տարբեր ձեւերով՝ Գորգուն, Գորգոն, Գուգուն, թերեւս նաեւ Գօրգունէ։

Սամուէլ Անեցու «Ժամանակագրութեան» շարունակողներից մէկը, ՊԼԵ (1386) թուականի տակ, պատմում է հետեւեալը. «Թուրքն էառ զբերդն Որոտան, եւ մեծ վարդապետն Կախիկ գնաց փախստական ի Ծարայ, եւ պարոն Գօրգունէն դարդամահ եղեւ» [24] ։ Այս ուշագրաւ տեղեկութիւնը Հ. Աճառեանի կողմից հասկացուել է այն իմաստով, որ «Սրա (իմա՛ Գորգուն իշխանի) ձեռքից վշտամահ եղաւ Յովհան Որոտնեցին» [25] ։ 1386 թ. այս վկայութւինը միակն է, ուր Իւանէ Բուրթէլեանի Գորգուն որդին յիշատակուած է ոպէս կենդանի, կամ քիչ առաջ մեռած անձնաւորութիւն։

XV դ. յիշատակարանների ու Թ. Մեծոփեցու «Պատմութեան» մէջ մի երկու անգամ դարձեալ հանդիպում ենք Բուրթէլեան այս իշխանի անուանը, բայցարդէն՝ նրա Տարսայիճ որդու կապակցութեամբ։ Մեծոփեցին, օրինակ, յայտնում է, որ Սմբատ եւ Բուրթէլ իշխանների հետ մէկտեղ Թամուրեան տիրակալ Միրզա-Օմարը բռնի հաւատափոխ է արել նաեւ վերոյիշեալ Տարսայիճին («Զտէրն Եղեգեաց Տարսայիճ անուն՝ զորդի Գորգոնին ուրացուցին» [26] ), իսկ Գրիգոր Ախալցխացի գրիչը, 1419 թ. շարադրուած իր յիշատակարանում, Բուրթէլեանների այս ճիւղի յաջորդականութեան մասին այսպիսի ցուցու է տալիս. «... պարոն Տարսայիճին, որդւոյ Գուգունին, որդոյ Ինանիկին, որդոյ Բուրթէլին» (ԺԵ, I, 656)։ Այս վկայութիւններից պարզւում է, որ պարոն Գորգունը իշխել է Եղեգնաձորում։

Այժմ դառնանք Սմբատ իշխանից սերուող պայազատներին։

ԲԷՇՔԷՆ ՈՐԴԻ ՍՄԲԱՏ ԲՈՒՐԹԷԼԵԱՆԻ

Սրա անունն առաջին անգամ հանդիպում ենք 1406 թ. Տաթեւում շարադրուած մի յիշատակարանում, ուր ասուած է, որ ձեռագրի ընդօրինակութիւնը կատարուել է «յիշխանութեան պարոն Սմբատին եւ որդոց նորին Բեշքէնին եւ Իւանէին» (ԺԵ, I, 58)։

1410 թ. յետոյ, իր հօր հետ միասին, Բեշքէնն էլ հայրենազուրկ է լինում, վտարւում Սիւնիքից ու պատսպարւում Վրաստանում։ 1412 թ., ինչպէս գիտենք արդէն, նա եւս յիշւում է որպէս Աֆլիսցիխէ գիւղաքաղաքի տէր («իշխանութեան տեղոյս պարոն Սմբատի եւ որդւոյ նորին պարոն Բեշքէնի»), (ԺԵ, I, 133)։

Սմբատը, տեսանք, որ վախճանւում է «ի յօտարութեանն» (Վրաստանում), բայց նրա որդիներից երկուսը, Մատթէոս Մոնոզոնի ստուգապատում տուեալներով, «եկին ի հայրենիսիւրեանց, եւ ոչեն տեարք իշխանութեանն իւրեանց, այլ ընդ ձեռամբ անօրինաց» (ԺԵ, I, 194)։ Եկու այդ որդիներից մէկը, անտարակոյս, Բեշքէնն է, միւսը՝ Շահը. այդ մասին է վկայում Յովհաննէս գրիչը, որ 1415 թ. Տաթեւում շարադրած իր յիշատակարանում գրում է. «Իշխանութեան տեղոյս մեծատոհմի Բեշքէնի, հարազատով Շահիւ» (ԺԵ, I, 653)։ Մի քանի տարի անց՝ 1422 թ., նոյն Տաթեւում, նա յիշատակւում է որպէսայդ վայրի իշխան՝ միայնակ, առանց իր եղբայր Շահի ընկերակցութեան (ԺԵ, I, 292)։

Բեշքէնի որդի Ռուստամը, Կարա-Կոյունլու Սքանդար փադիշահի մերձաւոր զինակիցներից մէկը լինելով, պետական բարձր պաշտօններ է գրաւել (այդ մասին՝ քիչ յետոյ)։ Սքանդարի իշխանութեան տարիներին (1421-1437) Բեշքէնին յաջողւում է, անշուշտ իր Ռոստամ որդու աջակցութեամբ, վերստանալ Բուրթէլեան տան կալուածքների մի մասը։ 1428 թ., օրինակ, նրան էր պատկանում նաեւ Անգեղակոթ գիւղը (ԺԵ, I, 382), իսկ 1429 թ. մի պաշտօնական գրութեան մէջ Բեշքէնը յիշատակւում է իր մի քանի վասալների հետ միասին [27] ։

Դրութիւնը, սակայն, փոխւում է 1434-1435 թուականից յետոյ, երբ Լանկ-Թամուրի Շահռուխ որդին, երրորդ անգամ լինելով, որշաւեց Կարա-Կոյունլու, Սքանդարի վրայ եւ պարտութեան մատնեց նրան։ Թամուրեանները ներխուժում են նաեւ Սիւնիքի սահմանները եւ աւերածութիւններ գործում. Բեշքէնը, իր Ռուստամ որդու հետ միասին, դարձեալ ստիպուած է լինում թողել իր հայրենական կալուածքները եւ, հազարաւոր հպատակենրի գլուխ անցած, գաղթել վրաց տիրապետութեան տակ գտնուող Հիւսիսային Հայաստանի շրջանները։

Վրաց Ալեքսանդր թագաւորը, որ Բեշքէնի փեսան էր, Լոռու բերդն իր շրջակայքով յանձնում է իր աներոջը։ Սիւնիքից Լոռիկատարուած մեծ գաղթիմասին ուշագրաւ տողեր է գրանցել Թովմա Մեծոփեցին. «... Առեալ (Բեշքէնն) զամենայն կողմն Սիւնեաց եւ զամենայն գաւառս շրջակայ մեր ի Սիւնիս, աւելի քան զԶՌ (6000) քրիստոնեայտունս, ազատեալ ի Շահռուհէն, հասոյց ի կողմն Վրաց։ Եւ թագաւորն առ երեսս պատուեալ զնա, տայ նմա զդղեակն Լօռու» [28] ։

Որպէս Լոռու տիրակալ Բեշքէնը եւ Ռուստամը յիշատակւում են նաեւ 1437 թ. Սանահնի վանքում Շմաւոն վարդապետի շարադրած յիշատակարանում. այստեղ կարդում ենք. «Իշխանութեան տեղոյս իշխանաց իշխանին պարոն Բեշքէնին՝ շառաւիղին Օրբէլեանց, եւ որդոյ իւրոյ պարոն Ըռկստամին» (ԺԵ, I, 468)։

Մի տարի անց՝ 1438 թ., Վրաց Ալեքսանդր թագաւորը, երկիւղ կրելով, որ «Հայք առ նա ժողովեսցին եւ աւերումն լինի կողման Վրաց», թունաւորեալ է տալիս իր աներոջը՝ Բեշքէն իշխանին [29] ։

Բեշքէնի զաւակներից տեղեկութիւն ունենք երեքի մասին. Ռուստամից բացի ունեցել է 1438-ին հազիւ 10 տարին բոլորած մանկահասակ մի որդի [30], որի անունը չի հաղորդուած եւ որի յետագայ կեանքի մասին վկայութիւններ չկան։ Դուստրը, որի անունը նոյնպէս չգիտենք, ինչպէս ասացինք, եղել է Վրաց Ալեքսանդր թագաւորի (1412-1443) կինը։

ԻՒԱՆԷ-ՍՏԵՓԱՆՈՍ ՈՐԴԻ ՍՄԲԱՏ ԲՈՒՐԹԷԼԵԱՆԻ

Սմբատ իշխանի այս որդին մեզ արդէն ծանօթ 1406 թ. Տաթեւում շարադրուած յիշատակարաններից, ուր նա յիշուած է հօր եւ եղբօր հետ միասին, որպէս տեղի իշխաններից մէկը («յիշխանութեան պարոն Սմբատի եւ որդոց նորին Բեշքէնին եւ Իւանէին»)։ Այդ ժամանակ նա դեռեւս աշխարհական էր ու արդէն ընտանիք կազմած (Իւանէի որդի պարոն Սմբատի տարիներ յետոյ թողած մի յիշատակագրութիւնից յայտնի է դառնում նաեւ նրա կնոջ՝ Մարգարիտ-Խաթունի անունը)։

Ե՞րբ է Իւանէն եկեղեցականի սքեմ հագել ու դարձել Ստեփանոս Սիւնեաց եպիսկոպոս, ստոյգ չգիտենք, գուցէ 1410 թ. (Այս մասին տե՛ս Սիւնեաց եպիսկոպոսների ժամանակագրութեանը նուիրուած բաժնում)։ 1419 թ. Հերմոնի վանքում շարադրուած արժէքաւոր մի յիշատակարանի մէջ նրա մասին կարդում ենք. «Եւ ի հայրապետութեան այսմ նահանգի տէր Ստեփանոսի՝ մակնուն Իւանէի, որդի պարոն Սմբատայ եւ եղբայր պարոն Բէշքէնի» (ԺԵ, I, 656)։

Իւանէ-Ստեփանոս պարոնտէրը վերջին անգամ յիշատակուած է 1421 թ. ՝ Տաթեւի վանքում («Ի յառաջնորդութիւն տէր Ստեփաննոսի ի զարմէն Պուռթելեանց. մեռել է հէնց նոյն թ. (ԺԵ, I, 256) Վրաստանում, ուր գնացել էր իր մօրը տեսութեան։ Թումա գրիչը նրա խախճանի մասին գրում է. Յառաջնորդութեան տանս Սիսականայ տէր Ստեփաննոսի՝ որդւոյ պարոն Սմբատին, որ եւ յայսմ ամի գնացեալ ի տունն Վրաց առ մայրն իւր՝ փոխեցաւ ի Քրիստոս» (ԺԵ, I, 292)։

Իւանէ-Ստեփանոս պարոնտէրի որդուն ու սերնդին քիչ յետոյ անդրադառնելու խոստումով, երկու խօսք ասենք Սմբատ իշխանի միւս որդու՝ Շահի մասին։

ՇԱՀ ՈՐԴԻ ԲՈՒՐԹԷԼԵԱՆԻ

Շահը, իր աւագ եղբայր Բեշքէնի հետ միասին, հօր մահուանից յետոյ վերադարձել է Սիւնիք։ 1415 թ. Տաթեւում գրուած մի յիշատակարանից պարզւում է, որ երկու այս եղբայրները այդ ժամանակ գտնւում էին Սիւնիքում («Իշխանութեան տեղոյս մեծատոհմի Բեշքէնի, հարազատով՝ Շահիւ»)։ Մի քանի տարի անց Բեշքէնը մենակ է յիշւում որպէս իշխան Տաթեւի, յետագայում նաեւ այլ կալուածքների։ Պէտք է ենթադրել, ուրեմն, որ Շահը երկար չի մնացել Սիւնիքում, այլ վերադարձել է Վրաստան, ուր ապրում է դեռեւս իր մայրը (հաւանաբար ազգութեամբ վրացուհի)։

Բեշքէն իշխանի եղեռնական մահուան պատմութիւնը շարադրելիս Թովմա Մեծոփեցին տխրութեամբ արձանագրում է, որ այդ ժամանակ (1438) նրա Շահ անունով եղբայրը ողջ էր եւ հանգիստ ապրում էր Վրաստանում՝ «վարժեալ եւ սնեալ առ որովայնամոլ ազգին Վրաց։ Եւ անարի գտեալ եւ ոչ ի խնդիր ելեալ հայրենի գաւառին» [31] ։

ՏԱՐՍԱՅԻՃ ՈՐԴԻ ԳՈՐԳՈՒՆ ԲՈՒՐԹԷԼԵԱՆԻ

Տարսայիճն իշխում էր Եղեգիսում. յիշատակուած է այն իշխանների շարքում, որոնք բռնութեամբ մահմեդական դարձուցին Լանկ-Թամուրի թոռ Միրզա-Օմարի կողմից, 1403 թ. [32] ։ Թամուրեանների պարտութիւնից յետոյ Տարսայիճը նոյնպէս դառնում է քրիստոնէական հաւատքի. «Մարդիկ, - գրում է Թ. Մեծոփեցին, - որք յաւուրս չաղաթային ի հաւատոյ ուրացեալք էին, եկին ի հաւատս՝ Բուրթէլն Որոտնայ, Տարսայիճ՝ Եղեգեաց» [33] ։ 1415 թ. Տարսայիճի մասին ուշագրաւ տուեալներ է գրանցել Գրիգոր Ախալցխացի գրիչը, յայտնելով, որ հէնց նոյն տարում նա զրկուեց հայրենական իր կալուածքներից ու թշուառ վիճակի մէջ է գտնւում։ «Գրեցաւ գիրքս, որ կոչի Հարցմունք, - կարդում ենք վերոյիշեալ գրչի յիշատակարանում, - ... ի հայրապետութեան սուրբ ուխտիս եւ գաւառիս պարոն Տարսայիճին, որդոյ Գուգունին, որդոյ Ինանիկին, որդոյ Բուրթէլին։ Զի յայսմ ամի յոյժ ի նեղութիւն, ի տառապանք եւ յաղքատութիւն անկաւ, զի նա, որ բոլոր գաւառիս իշխէր, այժմ ոչ միոյ ագարակի կամ զեղջ ոչ կարէ իշխել, զի խլեալ եւ յափշտակեալ էին ի նմանէ զամենայն գեւղ եւ զքաղաք, զվանք եւ զանապատ ի նմանէ. եւ նա փախեալ եւ թագուցեալ էր ի ծերպս վիմաց եւ ի մայրիս, մինչեւ այց արասցէ նմա տէր Աստուած եւ յառաջին փառսն եւ իշխանութիւնն դարձուսցէ զնայ» (ԺԵ, I, 656)։

Գրչի այս բաղձանքը չի իրականացել. ճիշտ է, Տարսայիճի որդինարից Սմբատը դարավերջի մի յիշատակարանում (տե՛ս ստորեւ) մեծարուած է «իշխանաց իշխան» տիտղոսով, բայց չունենք որեւէ վկայութիւն հաւաստելու, որ Տարսայիճին կամ նրա ժառանգներին յաջողուել է յետագայում վերստանալ իրենց կալուածքները Եղեգիսում։

«Իշխանաց իշխան» այդ Սմբատը յիշատակուած է իր Որդի՝ Վայոց-ձորի արքեպիսկոպոս Եղիշէի կապակցութեամբ՝ Եղեգիս քաղաքում ընդօրինակուած մի Աւետարանի յիշատակարանում, որի մեզ հետաքրքրող մասը բերում ենք ստորեւ. «Արդ, գրեցաւ սուրբ Աւետարանս ի թւականիս Հայոց ՋԽԴ. ()1495), ի կաթողիկոսութեան տեառն Սարգսի ... եւ վերադիտող այսմ նահանգի (ի՛մա Վայոց ձորի) պարոնտէր Եղիշա արքեպիսկոպոսի, որդոյ իշխանաց իշխանի պարոն Սմպ[ատ]ա, որդոյ մեծին Տա[ր]սաիճի» [34] ։

Այսքանով սպառւում են Տարսայիճի յաջորդների մասին մեզ յայտնի աղքատիկ տուեալները։

ՌՈՒՍՏԱՄ ՈՐԴԻ ԲԵՇՔԷՆ ԲՈՒՐԹԷԼԵԱՆԻ

Ռուստամը մեզ արդէն մասամբ ծանօթ է Բեշքէնի կեանքի տարեգրութեանը նուիրուած հատուածից։ XV դ. Հայոց պատմութեան մէջ կարեւոր դեր կատարած մի գործիչ է։ Սքանդար Կարա-Կոյունլուն ներքնապէս ուժեղ պետութիւն ստեղծելու իր ծրագրերն իրագործելու ճանապարհին ինչ-որ չափով յենւում էր նաեւ հայ իշխող վերնախաւի վրայ. իրեն կոչում էր «Հայաստանի թագաւոր» (Շահ-ի արմեն), պեհական բարձր պաշտօններ էր շնորհում հայ ֆեոդելական տներից սերուած որոշ գործիչների, իր զօրքի մէջ հաւաքագրում էր նաեւ հայ ռազմիկների եւ այլ։ Ռուստամ Բուրթէլեանը, անտարակոյս իր արտակարգ ընդունելութիւնների շնորհիւ, դարձել էր Սքանդարի մերձաւոր գործակիցներից մէկը եւ առաջ քաշուել պետական բարձր պաշտօնների։ 1413 թ., լինելով հաւանաբար Երեւանի նահանգի կառավարիչ, Ռուստամը Էջմիածնի վանքին վաճառքի անուան տակ վակֆ արեց 7 խոշոր գիւղեր, որով եւ տնտեսական հող ստեղծաց Հայ եկեղեցու հոգեւոր կենտրոնը Կիլիկիայից մայր հայրենիք՝ Էջմիածին տեղափոխելու համար։ Նուիրաբերուած այդ գիւղերի պարսկերէն ընդարձակ կալուածագրում շատ ուշագրաւ են Ռուստամին տրուած տիտղոսները, որոնք ինքնին ցուցանիշ են այն բարձր դիրքի, որ գրաւել էր Բուրթէլեան այդ իշխանազունը Կարա-Կոյունլուների վարչական ատեաններում։ Այնտեղ ասուած է. «Վեհանձնեայ Էմիր եւ իշխան, մեծափառ, ազնուաշուք, բարձրաստիճան, բարձրագոյն, վստահելի ծառայ եւ ամենաազնիւ վեզիր, նորին կայսերական մեծութիւն սուլթանի մտերիմ, ամենզօր, արքայական պետութեան սիրելի, մեծագոյն արքունի խորհրդական, արքաներից ամենից իմաստունի վստահելի, որի անձը վեր է ամէն տեսակ նկարագրութիւնից ու գովասանքից, յաւիտենականութեան տէր Աստուծոյ ողորմութեամբ իշխանութեան եւ կրօնի քաջայաղթ Էմիր Ռուստամ, որդի Էմիր Բեշքէնի, որդի Էմիր Սմբատի» [35] ։

Պէտք չէ տարակուսել, որ Սքանդարի իշխանութեան տարիներին Ռուստամի բարձր հեղինակութեամբ Սիւնեաց Օրբէլեանները եւ, մասնաւորապէս Ռուստամի հայր Բեշքէնը, վերստացել էին իրենց կալուածքներից մի մասը եւ բարեկեցիկ վիճակ ստեղծել իրենց համար։ Դրութիւնը փոխուեց արմատապէս Սքանդարի պարտութիւնից ու սպանութիւնից յետոյ։ Գիտենք արդէն, որ 1437 թ. Ռուստամը, պետական գործերից հեռացած ու պատիւներից զրկուած, պատսպարուել էր Լոռիում։ Յետագայում սակայն նա կրկին վերադարձել է Սիւնիք։ 1451 թ. պահպանուել է մի պարսկերէն կալուածագիր, որի համաձայն նոյն Ռուստամը, Տաթեւի վանքին է վաճառում իրենց պատկանող Սուարանց, Տաշու, Աղանց ու Տանձատափ գիւղերը։ Բայց այս փաստաթղթում նա յիշատակւում է առանց բազմայարկ տիտղոսների, սոսկ որպէս՝ «հայ ամիրզադա Ռուստամ , որդի ամիր Բեշքէն ի, որդի Սմբատի» [36] ։

Ամիր Ռուստամի կեանիքի կեանքի յետագայ տարիների մասին տեղեկութիւններ չեն պահպանուել։ Մեծ հաւանականութեամբ նա ունեցել է որդիներ, գուցէ ոչ հայ եւ ոչ քրիստոնեայ կնոջից կամ կանանցից։

Դառնանք այժմ Ռուստամի հօրեղբայր՝ պարոնտէր Իւանէ-Ստեփանոսի սերնդին։

ՍՄԲԱՏ ՈՐԴԻ ԻՒԱՆԷ-ՍՏԵՓԱՆՈՍ ԲՈՒՐԹԷԼԵԱՆԻ

Այս Իւանէ Ստեփանոսը, տեսանք արդէն, որ մինչեւ Սիւնեաց եպիսկոպոս դառնելը ամուսնացած է եղել եւ ունեցել Սմբատ անունով մի որդի։ Այս պարոն Սմբատը 1471 թ. ստանում է մի Աւետարան, որի յիշատակարանում տուեալներ է հաղորդում իր նախնիների մասին. «Ես՝ պարոն Սմբատս, - գրում է նա, ֊ առի զկենսաբեր Աւետարանս յիշատակ ինձ եւ ծնողաց իմոց՝ զհայրն իմ Ստեփանոս, մայրն իմ Մարգարիտ-Խաթուն, զպապն իմ Սմբատ, զմեծ պապն Իւանիկ» (ԺԵ, II, 317)։

Կարելի է ենթադրել, որ հէնց այս Սմբատն է յիշատակուած Հերհերի մօտ գտնուող աւերակ գիւղատեղում կանգնեցուած սի խաչքարի արձանագրութեան մէջ, ուր ասուած է. «Թվ. ՋՃԼ. (1489), կամաւն Աստուծոյ ես Խաչատուր երէցս... կանգնեցի զխաչս հոգ(ոյ) փրկութիւն պարոն Սմբատին»։

Այս գրութիւնը խորհրդածութիւնների տեղիք է տալիս. նախ, ինչու՞ է խաչքարը կանգնեցուած ոմն Խաչատուր երէցի կողմից, որը, կարծես, ազգակցական կապ չունի պարոն Սմբատի հետ, եւ ապա Սմբատի ի՞նչ մեղքերն ի նկատի ունի արձանագրութիւն կազմողը՝ աղերսելով նրա հոգու փրկութիւնը։ Կարելի՞ է արդեօք հետեւեցնել, որ հէնց այս Սմբատով է սկսւում Սիւնեաց Օրբէլեանների հաւատափոխութեան պրոցեսը, եւ որ նա կնքեց իր մահկանացուն՝ որպէս առաջինը մահմեդականութիւն ընդունած Բուրթէլեան պայազատներից։

Այս հարցին անկարող ենք պատասխանել, բայց տեղեկութիւն ունենք «Սմբատ որդի Ուռութցի (իմա՛ Որոտնեցի) Սոհրաբ» անունով մի մահմեդականի մասին, որը 1508 թ., որպէս վկայ, իր ստորագրութիւնն է դրել Տաթեւի վանքապատկան գիւղերի Շմաւոն վարդապետին պատկանելու իրողութիւնը հաւասող մի վակֆնամէի տակ։ Գուցէ այդ Սոհրաբը որդին է հէնց 1489 թ. մահացած այս Սմբատի, բայց կարող է նաեւ լինել Ռուստամի սերնդից (թոռը՞)։ Ռուստամ ու Սոհրաբ անունները բնական են ազգակցական աւելի սերտ աղերս ունեցող անձանց համար։ Սոհրաբի ստոյգ տեղը Բուրթէլեանների տոհմածառում առկախ թողնելով, յայտնենք, որ նրա հեռաւոր ժառանգներին՝ «Բուրթէլլուների համայնք» («ջմաըթ-ի Բուրթէլլու») անուան տակ, բազմիցս հանդիպում ենք XVI-XVII դդ. փաստաթղթերում. այդ բուրթէլլուները, ազգային իրենց դիմպատկերը կորցրած, յաճախ վէճի են բռնուել Տաթեւի վանքի հետ եւ, միջոցների ընտրութիւն չկատարելով, փորձել են բռնագրաւել վանական կալուածքները [37] ։

Այսպիսով, XV դ. վերջերին Սիւնեաց Օրբէլեանների Բուրթէլեան ճիւղը, որ շուրջ երկու դար հայրենի աշխարհին պարգեւեց աշխարհագրական ու հոգեւորական նշանաւոր գրոծիչներ, օտար տիրակալների անլուր բռնութիւններին ենթարկուելով՝ ազգային դիմայեղձման է ենթարկւում եւ իջնում Հայոց պատմութեան բեմահարթակից։

 

 

* * *

Որպէս աշխարհիկ եւ հոգեւոր տէրեր XIV-XV դդ. Սիւնեաց աշխարհում տիրակալած Օրբէլեան իշխանների Բուրթէլեան ճիւղի պայազատների մասին մեր հետազօտութեան արդւնքները հնարաւորութիւն են ընձեռում կազմելու այդ գերդաստանի ըստ հնարաւորի ամբողջական տոհմածառը։

Հարկ է նշել, սակայն, որ ձեռագրական յիշատակարանների, վիմական արձանագրութիւնների եւ այլ աղբիւրների մէջ կարող են դեռեւս յայտնաբերուել նոր տուեալներ, որոնց օգտագործմամբ հնարաւոր կլինի լրացնել տոհմածառը աննշան դեր կատարած մի քանի նոր անուններով, ինչպէս եւ ճշգրտումներ կատարել թուականների մէջ։ Որոտնավանքում պահպանուած մի տապանաքարի արձանագրութեան մէջ, օրինակ, յիշատակուած է ոմն «բարեպաշտ իշխան արքայազուն Սմբատ», վախճանուած 1430 թ. ։ Սրկղունիքում 1461 թ. շարադրուած մի յիշատակարանում, Պռօշեան իշխան Ջումայի հետ մէկտեղ, տեղեկութիւն է գրանցուած նաեւ ոմն իշխան Ինանիկի մասին (ԺԵ, II, 157)։ Չենք տարակուսում, որ այդ Սմբատն ու Ինանիկը նոյնպէս Բուրթէլեան գերդաստանից են սերուած, բայց անհրաժեշտ տուեալներ չունենք պարզելու նրանց ծնողների անունները եւ տեղ տալու նրանց Բուրթէլեանների տոհմածառի մէջ։ Աւելացնենք նաեւ, որ յետագայ դարերի աղբիւրներում կան ու դեռեւս կարող են գտնուել ստոյգ կամ շինծու տուեալներ իրենց Օրբէլեան իշխանների շառաւիղ համարող ընտանիքների մասին [38] ։ Այս կարգի տուեալների հաւաքումն ու դասակարգումը՝ մեր նպատակից դուրս ենք համարել։

Կից էջի վրայ տալիս ենք Բուրթէլեանների տոհմածառը, իւրաքանչիւր անձնանուան տակ նշանակելով ծայրային այն թուականները (կամ թուականը), որ գտել ենք նրա մասին սկզբնաղբիւրներում։


ԲՈՒՐԹԷԼԵԱՆՆԵՐԻ ՏՈՀՄԱԾԱՌԸ

ԲՈՒՐԹԷԼ ՕՐԲԵԼԵԱՆ

(կինն է Վախախ)

յիշուած է 1304-1344 թթ.

մհ. 1348-ից առաջ

 

 


Բեշքէն

   (կինն է Փաշա)

հշւ. 1322-1344 թ.

 

            Իւանէ (Իւան, Իւանի, Իւանիկ, զԻնանիկ, Նանիկ)                                                                                                  Բեշքէն

 
   

 


Սուլթանշահ-                    Բուրթէլ                    Սմբատ                    Գորգուն 

Ստեփանոս եպս.            հշւ. 1403 թ.,            հշվ. 1386 թ.,             հշվ. 1386 թ.

 

   Էլիկու (Կուկա)

  (կինն է Նաթիլ)

   հշւ. 1337-1349 թթ.

 

  հշվ. 1366՞ թ.                 մհ. 1407 թ.             մհ. 1414՞ թ.

           
           
 
 

 


                            Երկու անանուն որդիք                                                                               Տարսայիճ     

                                  մհ. 1407 թ.                                                                                    հշւ. 1403-1419 թթ.

 
   

 


Իւանէ-Ստեփանոս եպս.          Շահ                    Անանուն               Բեշքէն                                 Սմբատ

(կինն է Մարգարիտ)        հշւ. 1415-1438 թթ.   մհ. 1407 թ.        հշւ. 1406 թ.

հշւ. 1406 թ., մհ. 1424 թ.                                                            մհ. 1438 թ.

 
   

 


         Սմբատ               Ստեփանոս եպս.       Ռուստամ          Վրաց թագուհի             Անանուն                        Եղիշէ եպս.

     հշւ. 1471 թ.,                հշւ. 1447-           հշւ. 1437-     (կին Վրաց Ալեքսանդր      1418-ին՝                         Վայոց ձորի

    մհ. 1489՞ թ.                   1464 թթ.           1451 թթ.           թագավորի՝ 1412-        10 տարեկան                 հշւ. 1490-1495

                        

Սոհրաբ Ուռութցի

    հշւ. 1508 թ.


* * *

Այժմ, մասնաւոր քննութեան նիւթ դարձնելով, փորձենք որոշել Սիւնեաց մետրոպոլիտների յաջորդական կարգը XIV-XV դդ. ՝ Բուրթէլեան գերդաստանի գործունէութեան երկդարեայ ժամանակաշրջանում։

Ղ. Ալիշանը «Սիսականի» մէջ՝ «Եպիսկոպոսունք Սիւնեաց» խորագրի տակ (էջ 20-21) տալիս է այսպիսի ցանկ.

- 1310 Յովհաննէս Օրպէլ

- 1329 Ստեփանոս Օրպէլ (վրիպակ է, պէտք է լինի Տարսայիճ), որդի Ջալալայ

- 1337 Սարգիս եւ Ներսէս

................................... [39] ։

- 1407 Առաքել քեռորդի Գ. Տաթեւացւոյ

- 1422+ Ստեփանոս, որդի Սմբատայ Օրբէլեան

- 1464+ Ստեբանոս միւս, որդի Իւանէի Որոտնեցւոյ

-... + Շմաւոն յազատ տանէ

- 1483+ Ստեփանոս, եղբօրորդի Շմաւոնի

- 1495+1522 Եղիշէ Օրպէլեան։

Ալիշանի հաղորդած տուեալների վրայ որոշ յաւելումներ կատարելով մի ցանկ էլ կազմել է Արտակ եպս. Սմբատեանը, «Համառօտ պատմութիւն Տաթեւի վանքի» իր ուսումնասիրութեան մէջ, առանց սկզբնաղբիւրների վկայութեան [40] ։

Աւելի հանգամանօրէն Սիւնեաց եպիսկոպոսների յաջորդական ցանկը կազմելու աշխատանքով զբաղուել է Նորայր եպս. Պողարեանը իր «Տաթեւ» ուսումնասիրութեան մէջ [41], իւրաքանչիւր անձնանուան դիմաց տալով նրա աթոռակալութեան իրեն յայտնի թուականները, նաեւ համառօտակի նշելով աղբիւրները (ըստ մեծի մասի Հ. Աճառեանի «Անձնանունների բառարնի» ընձեռած տուեալներով)։

Ծանօթանանք նաեւ այդ ցանկին (Առանց նշելու աղբիւրները).

- Յովհաննէս եպս. Օրպէլ, 1310-1324

- Ստեփանոս եպս. Օրպէլ, 1329

- Շմաւոն եպս. 1332

- Սարգիս արքեպիսկոպոս, 1337

- Յովհաննէս Որոտնեցի, 1375՞-1386, որդի Իւանէ Օրբէլեանի

- Գրիգոր Տաթեւացի, 1336-1407

- Առաքել եպս. Սիւնեցի, 1407-1416՞

- Ստեփանոս եպս. 1417՞-1422, որդի Օրբէլեան Սմբատի

- Յովհաննէս փակակալ, 1422՞-1463՞

- Ստեփանոս եպս. 1464-1472, որդի Որոտնեցի Իւանէի՞

- Շմաւոն եպս. 1472՞, յազատ տանէ

- Յովհաննէս եպս. 1478

- Ստեփանոս եպս. 1478՞-1485, եղբօրորդի Շմաւոն եպս.

- Եղիշէ եպս. Օրբէլեան, 1495-1522

Ալիշանի եւ Պողարեանի (Ծովական) այս ցանկերը՝ վերանայման ու ճշգրտման խիստ կարիք են զգում։

Ուրիշ կամ այլ առիթի թողնելով հարցի մանրակրկիտ ու ամբողջական ուսումնասիրութիւնը, հիմնականում ձեռագրական յիշատակարանների մատուցած տուեալներով, փորձելու ենք աւելի ճշգրտուած ցանկ կազմել XIV-XV դդ. աթոռակալած Սիւնեաց եպիսկոպոսների։

Յովհաննէս-Օրբել. նշանաւոր պատմագիր՝ Ստեփանոս Օրբէլեանի կենդանութեան օրօք (Ստեփանոսը մեռել է 1303 թ. [42] ) Սիւնեաց մետրոպոլիտ է օծուել նրա հօրեղբայր Լիպարիտ Օրբէլեանի որդի Յովհաննէս-Օրբելը։ 1302 թ. մի պաշտօնական գրութեան մէջ նա իրեն կոչում է. «Տէր Յովհաննէս յազգէ Աւրպելեանց, պռաւառթրանտէս Հայոց Մեծաց եւ մետրոպաւլիտ Սիսակ[ան] նահանգի» (ԺԴ, 7)։ Վերջին անգամ յիշատակուած է որոշակիօրէն 1323 թ. ՝ «Տէր Յովհաննէս մականուն Աւրպէլ, մետրոպաւլիտ եւ այցելու Սիւնեաց երկոտասան գաւազանաց» (ԺԴ, 183)։ Երբ է վախճանւել՝ չգիտենք։

Ստեփանոս-Տարսայիճ. որդին Ջալալ Օրբէլեանի, եղբօրորդին Ստեփանոս պատմագրի։ Հոգեւոր կոչում էր ընդունել 1314 թ. առաջ. այդ թուականին, դեռեւս «դեռաբողբոջ եւ լուսազարդ պատանի», նա յիշատակուած է որպէս «Տէր Ստեփանոս մականուն Տարսաիճ» (ԺԴ, 99, 100)՝ աթոռակալ Սիւնեաց (ԺԴ, 104)։ 1321-23 թուականներին եւս, Յովհաննէս-Օրբէլի հետ միասին, յիշատակուած է որպէս «վերադիտող տանս Սիւնեաց» (ԺԴ, 166)՝ «Մանուկ տիաւք առեալ զաշտիճան արհեպիսկոպոսութեան» (ԺԴ, 183)։

Յովհաննէս-Օրբելի մահուանից յետոյ (տարեթիւը անյայտ) միայնակ է վարել Սիւնեաց մետրոպոլիտութիւնը. 1331 թ. յիշատակուած է որպէս «տէր եւ վերատեսուչ գահերեց եւ գլուխ արհիերից աթոռոյս Սիւնեաց՝ Տաթեւոյ եւ Նորավանից եւ Ցախացքարոյ, պետ երկոտասան գաւառաց» (ԺԴ, 231)։

Սարգիս մետրոպոլիտ. որդին է Հասան իշխանի, «որ էր յազգէ եւ յազնէ մեծափառ իշխանաց տանս Սիւնեաց»։ Սրա եղբայր Իւանէ իշխանը կոչուած է «ամիրա եւ պետերկրին Որոտան» (հայրն է նշանաւոր Յովհան Որոտնեցու)։

Սարգիսը 1326 թ. եղել է Վաղադնի վանքի վանահայր եւ այնտեղ կառուցել է մի պանդոկ։ 1333 թ. յիշատակուել է որպէս «աթոռակալ» Սիւնեաց(ԺԴ, 257)։ Իսկ նոյն թուականին մի այլ յիշատակարանում (Նոր Ջուղա, ձեռ. , 402) կոչուած է արդէն արքեպիսկոպոս Սիւնեաց («Իշխանութեան պարոն Բուրթէլին... եւ ի յարքեպիսկոպոսութեան մերոյ տէր Սարգսի»)։ 1337 թ. առաջ եղել է Երուսաղէմում, ուր ստեցել է մի Սաղմոսարան (Երուսաղէմ, ձեռ. 1033), որի յիշատակարանում ուշագրաւ տուեալներ է հաղորդում իր ազգականների մասին։ Նոյն 1337 թ. ստացել է նաեւ Մանրուսման մի ձեռագիր, որի յիշատակարանում կոչուած է «Մեծ եւ ամեներջանիկ մետրապօլիտն եւ արհիական գլուխն այսմ (Սիւնեաց) նահանգիս տէր Սարգիս» [43] ։

Սրա աթոռակիցն է եղել ոմն տէր Ներսէս պահպանուել է Սարգսի ու Ներսէսի մանրանկար համատեղ պատկերը՝ 1337 թ. («Սիսական», էջ 20)։ Այդ տարեթուից յետոյ եօթանասունամեայ անջրպետ կայ, որ Ղ. Ալիշանը դատարկ է թողել՝ բազմակէտեր դնելով, իսկ Արտակ եպս. Սմբատեանն ու Նորայր եպս. Պողարեանը լրացրել են Յովհան Որոտնեցու, Գրիգոր Տաթեւացու եւ Առաքել Սիւնեցու անուններով։ Սակայն Սարգիս մետրոպոլիտն եւ Յովհան Որոտնեցին շարունակական շղթայ չեն կազմում, շուրջ 40-ամեայ անորոշ ժամանակաշրջանով նրանք անջատուած են միմեանցից Ն. Պողարեանի ցանկում։

Ահա այդ տարիների մի մասը պէտք է տալ Ստեփանոս-Սուլթանշահ եպիսկոպոսին։

Ստեփանոս-Սուլթանշահ. սրա ինքնագիր յիշատակարանի հետ, շարադրուած շուրջ 1366 թ., ծանօթանանք Բուրթէլեան պայազատների տոհմագրութեան բաժնում։ Վերոյիշենք եչստեղ, որ նա ներկայացնու է որպէս «տէր Ստեփանոս մականուն Սութլանշահ»։ Այս մականունը հնարաւորութիւն է ընձեռում նոյնացնելու այս տէր Ստեփանոսին՝ «Տաղ տէր Ստեփանոսին Սիւնեաց եպիսկոպոսին» պոեմի նահատակ հերոսի հետ [44] ։ Պոեմի տուեալներով Սիւնեաց այս եպիսկոպոսը, մինչեւ հոգեւոր կոչում ընդունելը, եղել է Թաւրիզում՝ զինուորական ծառայութեան մէջ։ Ինչ-ինչ պատճառներով սպանել է իր խորթ մօրը՝ Էլխութլուին, գժտուել հօր հետ։

Ստեփանոսի աշխարհական անունն ի յայտ է գալիս այն տողերից, որ դրել է պոեմի հեղինակը որդեկորոյս մօր բերանին. սա ողբում է վաղաթառամ իր որդուն՝ կոչելով. «Որդեակ իմ, որդեակ, Սաւլթանշայ» (տպագրուած է սխալ՝ «Սաւլթան» եւ «շահ» ձեւով, որպես առանձին բառեր)։ Նահատակութեան տարեթիւը չգիտենք, բայց պէտք է եղած լինի 1366 թ. -ից հետո եւ 1377 թ. -ից առաջ։ Մեծ հաւանականութեամբ նա թաղուած է Վայոց ձորի Հերմոնի վանքում. այնտեղ հանգչող նշանավոր անձինք յիշատակուած են 1423 թ. մի ձեռագրի մէջ՝ այսպէս. «Աստ վանս Հերմոնի) հանգուցեալ կան Տիրայտուր վարդապետն, Գրիգոր վարդապետն, Բարսեղ վարդապետն, տէր Սուլտանշէն... » (ԺԵ, I, 301)։

Յովհան Որոտնեցի, Կախիկ մականունով. ծնուել է 1313 թ., Որոտան գաւառի Վաղադին գիւղում։ Որդին է մեզ ծանօթ Իւանէ իշխանի, որին Մեծոփեցին համարում է «ի զարմէ առաջին իշխանացն Սիւնեաց, յորմէ Վասակն էր»։ 1337 թ. Որոտնեցին նորընծայ քահանայ էր, որ «Մեծ ջանիւ եւ իսրով յիմաստս բանի դեգերի՝ զապտուականսն ի սուրբ մատենաց որոճալիվ» [45] ։Սովորել է Գլաձորի ու Հերմոնի վանքերում՝ աշակերտելով Եսայի Նչեցուն եւ Տիրատուր վարդապետին, եղել է Մարաղայում [46], Տփղիսում, Դարանաղեանց գաւառում, Երուսաղէմում, Գողթան գաւառի Սինէական անապատում, Վաղադնի վանքում, Ծարում, ի վերջոյ՝ Երնջակի Ապրակունեաց վանքում, ուր եւ մահացել ու թաղուել է 1386 թ. ։ Տաթեւի վանքում համալսարան է հիմնել 1373 թ., անհաշտ պայքար է ծաւալել կաթոլիկ քարոզիչների ու նրանց յարած հայ ունիթորիներ դէմ։ 1379 թ. Ապրակունեաց վանքը մաքրել է կաթոլիկներից, դպրոց է հիմնել նաեւ այդտեղ՝ իր աշակերտ Գիրգոր Տաթեւացուն կարգելով ղեկավար ։ Մի-երկու տարի անց կրկին վերադարձել է Տաթեւ, ու շարունակել է մանկավարժական գործունէութիւնը, ունկնդիր ունենալով 60 ուսանող։ Ժամանակակիցներից, մասնաւորապէս՝ Տաթեւացու կողմից մեծարուած է «մեծ վարժապետ», «տիեզերալոյս րաբունապետ», «աստուածարեալ րաբունապետ» եւ այլ տիտղոսներով (տե՛ս ԺԴ, 497, 498, 501, 507, 514, 556), եւ միայն մէկ անգամ 1386 թ. ՝ «տիեզերահամբաւ եւ երանաշնորհ րաբունապետ Հայաստանեաց եւ վերադիտող տէր Յովհան Որոտնեցի» (ԺԴ, 560)։ «Վերադիտող» բառացի նշանակում է եպիսկոպոս, ուստի վիճելի կամ ինչ-որ տարիների համար միայն ստոյգ պէտք է համարել Հ. Աճառեանի հաղորդած տուեալը, ըստ որի «հրաւիրուեց Սիւնեաց առաջնորդական աթոռը, բայց նա մերժեց» [47] ։ Որ կեանքի վերջին տարիներին Յովհան Որոտնեցին ստանձնել էր Սիւնեաց թեմի ղեկավարութիւնը, երեւու է նրա աշակերներից մէկի՝ Յակոբ կրօնակորի բովանդակալից յիշատակարանց. այստեղ ասուած է, որ խուսափելով օտար զաւթիչներից (որոնք ներխուժել էին Սիւնիք, գրաւել Որոտան բերդն ու ցանկանում էին ձերբակալել նաեւ Որոտնեցուն «վասն հայրենեաց ժառանգութեան»), նա փախուստ է տալիս ու ազատւում. իսկ ապա՝ կրկին վերադառնու «ի վերայ վանորէից իւրոց, ի գաւառն Երնջակայ», եւ որոշ ժամանակ խաղաղ կեանք վարում. «Շինէր ու հաստատէր զսուրբ եկեղեցիս շքեղ եւ փառաւոր ի մէջ անօրէն իշխանաց եւ բերթաւագաց» (ԺԴ, 560)։

Այս անուղղակի տուեալները յուշում են, որ Յովհան Որոտնեցին, եթէ նոյնիսկ չի օծուել պաշտօնապէս Սիւնեաց եպիսկոպոս, ապա փաստօրէն իր կեանքի վերջին տարիներին վարել է այդ պաշտօնը։

Գրիգոր Տաթեւացի, Խաթլուշահ մականունով. հայրը՝ Ամիր Սարգիս՝ Քաջբերունեաց նահանգից էր, մայրը՝ Մարիամ՝ Փարպի գիւղից։ Ծնուել է շուրջ 1344 թ. Վրաստանի Թմոգուի բերդաւանում, եւ պատանեկութիւնը անցկացրել այնտեղ՝ եղբօր խնամակալութեան ներքոյ (ԺԵ, I, 103)։ 1370 կամ 1371 թ. Յովհան Որոտնեցին, Երուսաղէմ գնալու նախօրէին, տեսնելով պատանի Խաթլուշահի առաջադիմութիւնը «յամենայն ուսմունս», վերցնում է նրան իր մօտ աշակերտ, տանում Երուսաղէմ եւ դարձի ճանապարհին, Դարանաղեաց գաւառում, ձեռնադրում վարդապետ (հաւանաբար 1373 թ.

Յովհան Որոտնեցու մահուանից մի քանի տարի յետոյ, հաւանաբար 1393 թ., Ապրակունսից տեղափոխուել է Տաթեւի վանք ու ստանձնել Սիւնեաց դպրոցի ղեկավարութիւնը։ Այս տարիներին է Տաթեւի համալսարանն ապրել իր ամենածաղկուն շրջանը, որ տեւել է շուրջ 15 տարի։ Տաթեւում եղած տարիներին՝ մինչեւ 1408 թ., երբ նա «վասն իւիք ինչ պատճառի» (ԺԵ, I, 93) ստիպուած էր իր դպրոցը տեղափոխել Մեծոփայ վանք, Գրիգոր Տաթեւացին միաժամանակ (հաւանաբար տեղապահի հանգամանքներով) ղեկավարել է Սիւնեաց աթոռը։ XIV դ. վերջերին եւ, մանաւանդ, XV դ. սկզբներին Տաթեւի վանքում շարադրուած մի շարք յիշատակարանների այն հատուածում, ուր ըստ սովորոյթի պէտք է յիշատակուէր տեղի եպիսկոպոսը, գտնում ենք միայն Գրիգոր Տաթեւացու անունը, որպէս «քաջ հռետոր եւ բանիբուն վարդապետ», «ամեներջանիկ դիտապետ Հայոց», «[առաջնորդ] տանս Սիւնեաց» եւ այլն (տե՛ս ԺԵ, I, էջ 34, 60, 77)։ Շատ աւելի ուշագրաւ են Յովհաննէս գրչի հաղորդած տուեալները. վերջինս 1407 թ. Տաթեւում ձեռագիր էր ընդօրինակում «ի տեղապահութեան աթոռոյս... վարժապետին Գրիգորի» (ԺԵ, I, 81). նոյն թուականի մէկ ուրիշ յիշատակարանում գրիչը յայտնում է, որ «վարդապետն մեր Գրիգոր... հսկի յաթոռ վարդապետութեան եւ աթոռակալութեան Սիւնեաց վիճակիս» (ԺԵ, I, 82)։

Առաքել Սիւնեցի. այս նոյն տարիներին Սիւնիքում եպիսկոպոս էր նաեւ Գրիգոր Տաթեւացու քեռորդի Առաքել Սիւնեցին (հայրն է Դաւիթ, մայրը՝ Մելիք)։

Իր «Քարոզգրքի» յիշատակարանում Տաթեւացին նրա մասին գրում է.

«Նախ քեռորդւոյն իմ ըստ մարմնի

Ծնընդամիտ երգարանի՝

Առաքելոյ առաքինի,

Եւ Սիւնական գլուխ արհի» (ԺԵ, I, 73)։

Առաքելն իրեն «Տէր Առաքել» է կոչում 1401 եւ 1403 թթ. շարադրած «Ադամգրքի» յիշատակարաններում, ուստի եպիսկոպոս էր այդ թուականներից առաջ։ Վերջին անգամ նրա մասին, որպէս կենդանի անձնաւորութիւն տեղեկութիւն է գրանցուած 1422 թ. Անգեղակոթ գիւղում շարադրած ինքնագիր յիշատակարանում, ուր նա ներկայանում է որպէս «Տէր Առաքել Սիւնեաց», (ԺԵ, I, 292)։

1425 թ. արդէն մեռած էր (ԺԵ, I, 336) [48] ։ Ղ. Ալիշանը Առաքելին Սիւնեաց եպիսկոպոս է համարում 1407-1422 թթ. միջոցին, Ն. Պողարեանը՝ 1407-1416 թթ. է նշում, Մև Պոտուրեանը եւ նրան հետեւող Ն. Տէր-Ներսէսեանը՝ 1401 կամ 1403 թ. են սկսում նրա եպիսկոպոսութեան տարիները [49] ։

Գր. Տաթեւացու եւ Առաքել Սիւնեցու մասին ներկայացուած տուեալներից կարելի է եզրակացնել, որ մինչեւ 1407 թ. Սիւնեաց մետրոպոլիտութեան ղեկը գտնւում էր Տաթեւացու ձեռքում։ Նախորդ շարադրանքից գիտենք արդէն, որ Սիւնեաց եպիսկոպոսները իրենց կենդանութեան օրօք ունենում էին նաեւ փոխանորդ եպիսկոպոսներ, ուստի Առաքելը անձնիշխան Սիւնեաց եպիսկոպոս կարող էր լինել միայն Գրիգոր Տաթեւացու Մեծոփայ վանք մեկնելուց (1408) յետոյ։ Իսկ մինչեւ ո՞ր թուականը. այս հարցին որոշակի պատասխան տալու համար ստոյգ տուեալներ չւոնենք. սակայն կարելի է մօտենալ ճշմարտութեանը՝ ծանօթանալովյաջորդ եպիսկոպոսի՝ Ստեփանոս-Իւանէի կեանքի տարեգրութեանը։

Ստեփանոս-Իւանէ եպիսկոպոսը, ինչպէս ասել ենք Բուրթէլեան պայազատների տոհմագրութեանը նուիրուած էջերում, Սմբատ Բուրթէլեանի որդին էր, 1406. ՝ դեռեւս աշխարհական։ 1410 թ., երբ Կարա-Իւսուֆը գրաւեց Բուրթէլեանների կալուածքները, սրայ հայր Սմբատն ու եղբայր Բեշքէնը գաղթեցին Վրաստան։ Իւանէ Ստեփանոսը նրանց հետ չէր։ Նա, ըստ երեւոյթին, մնաց Սիւնիքում եւ հոգեւոր կոչում ընդունելով՝ կոչուեց «Տէր Ստեփանոս մականուն Իւանէ»։ Որպէս «հայրապետ Սիւնեաց նահանգի» կամ «առաջնորդ տանս Սիսականայ» նա յիշատակուած է 1419 թ. Հերմոնի վանքում եւ 1421 թ. Տաթեւում շարադրուած յիշատակարաններում։ 1421 թ. մեկնել էր Վրաստան իր մօր մօտ, այնտէղ էլ կնքել է իրմահկանացուն (ԺԵ, I, 258, 292)։

Այս Ստեփանոսից յետոյ Սիւնեաց մետրոպոլիտական աթոռը, որ դարեր շարունակ հոգեւոր իր աշխատութեան տակ էր պահում Սիւնեաց աշխարհի 12 գաւառները, փեղկւում էր տարբեր մասերի։ Սիւնիքի տարբեր գաւառների՝ Վայոց ձորի, Ծղուկի, Գողթան վանական հաստատութիւններում շարադրուած հիշատակարանները տեղեկութիւններ են հաղորդում յաճախ նոյն տարիներին կամ տասնամեակներին եպիսկոպոս եղած անձնաւորութիւնների մասին։ Ուստի սխալ կլինի միահիւս շարայարութեամբ կազմել Սիւնեաց թեմի առաջնորդների գաւազանագիրքը XV դ. 20-ական թթ. յետոյ։ Նոյնիսկ այն դէպքում, երբ ժամանակակիցների կողմից այս կամ այն հոգեւոր առաջնորդը, հին աւանդոյթ ուժով մեծարուած է «Սիւնեաց եպիսկոպոս» բարձր կոչումով, վստահաբար չենք կարող հաւաստել, թէիրօք եղել է ողջ Սիւնեաց աշխարհի հոգեւոր առաջնորդը։ 1424-1425 թթ. Տաթեւի վանքում յիշատակուած է «մեծ րաբունապետ եւ տիեզերալոյս վարդապետ» Մխիթար (ԺԵ, I, 319, 338)։

1428 թ. ոմն Պետրոս արքեպիսկոպոս Եղեգեցի իրեն կոչում է «վերադիտող այսմ (Եղեգեա՞ց) նահանգի» (ԺԵ, I, 382)։

Բազմիցս յիշատակւում է Հերմոնի դպրոցի րաբունապետ Յովհաննէս Կոլոտիկը, որը մեծ հեղինակութիւն ունեցող եկեղեցական էր։

1475-1484 թթ. Վայոց ձորի Բոլորաբերդ անապատում եւ Սրկղունիքում քանիցս յիշատակւում է մի այլ Յովհաննէս արքեպիսկոպոս, որպէս հոգեւոր առաջնորդ «այսմ նահանգի», կամ «յայսմ գաւառի» (ԺԵ, II, 375, 400, 427, ԺԵ, III, 27, 55)։

Գողթան գաւառում 1477 թ. արքեպիսկոպոս է յիշւում ոմն տէր Սիմոն (ԺԵ, II, 420), իսկ 1489 թ. ՝ տէր Ազարիան (ԺԵ, III, 129)։

Այս ցանկը կարելի է կրկնապատկել, սակայն մեզ հետաքրքրող հարցի համար ուշագրաւ են յատկապէս հոգեւոր այն առաջնորդները, որոնք գրաւել են Սիւնեաց գլխաւոր եպիսկոպոսանիստ՝ Տաթեւի աթոռը, եւ, մասնաւորապէս, այն գործիչները, որոնք Բուրթէլեան գերդաստանի պայազատներ են։

Այս առումով ըստ ժամանակի Ստեփանոս-Իւանէից յետոյ ուշադրութեան արժանի գործիչ է Շմաւոն Անգեղակոթցին (հայրն է Խաչատուր, մայրը՝ Աղուտ)։ Շմաւոնին առաջին անգամ հանդիպում ենք 1437 թ. Սանահնի վանքում շարադրուած մեծարժէք յիշատակարանում, որը տեղեկութիւն է հաղորդում իշխան Բեշքէնի ու նար Ռուստամ որդու Սիւնիքից արտագաղթելու եւ Վրաստանում հաստատուելու մասին։

Շմաւոնն այստեղկոչւում է «Երանաշնորհ եւ երջանիկ րաբունի՝ առաջնորդ եւ վերադիտող առաքելական աթոռոյն Սիւնեաց» (ԺԵ, I, 470)։

Ռուստամ Բուրթէլեան նշանաւոր իշխանը 1451 թ. այս Շմաւոնի անունով Տաթեւի վանքին վաճառում է 4 գիւղեպ։

1459 թ. շարադրուած մի քանի յիշատակարաններում Շմաւոնը իրեն կոչում է րաբունապետ եւ յայտնում, որ Շամախի ու Շամրան քաղաքներում ձեռք է բերել ձեռագրեր ի վայելումն իր եղբօրորդի Ստեփանոս արքեպիսկոպոսի։ Դրուատական խօսքեր են գրանցուած Շմաւոնի մասին Ս. Օրբէլեանի «Պատմութեան» վերջում որպէս յաւելուած հրատարակուած «Շարագրութիւն եպիսկոպոսաց Սիւնեաց» ցանկի մէջ։ Այնտեղ ասուած է, որ «Տէր Սիմէոն (իմա՛ Շմաւոն) եպիսկպոսն անգեղակոթցի... յոյժ ջանակուռ եղեւ վասն շինութեան եւ պայծառութեան սրբոյ աթոռոյս։ Եւ զի տաճիկք բռնութեամբ յաճշտակեալ էին զբազում անդս եւ անդաստանս սրբոյ աթոռոյս, սա... վերստին սեփականեալ է սրբոյ տանս զխլեցեալսն զամենայն»։ Ասուած է նաեւ, որ այդ պատճառով մահմեդականները թշնամացել են նրա դէմ ու սպանել [50], բայց այդ տուեալը հաւաստող ժամանակակից որեւէ վկայութիւն չի պահպանուել։

1471 թ. Տաթեւի վանքում ընդօրինակուած մի ձեռագրի յիշատակարանում ասուած է. «Ի յառաջնորդ[ութեան] Շմաւոն վարդապետի եւ Ստեփանոս արքեպիսկոպոսի», ուստի Շմաւոնը 1474 թ. դեռ ապրում էր, հաւանաբար մահացել է մէկ-երկու տարի յետոյ։

Ստեփանոս արքեպիսկոպոս. Շմաւոնի եղբօրորդին է։ Առաջին անգամ յիշուած է Թ. Մեծոփեցու կողմիցորպէս 1441 թ. Էջմիածնի ժողովի ժամանակակիցներից մէկը. «Տէր Ստեփանոս տեղապահ Սիւնեաց աթոռոյն ի յազատաց» [51] ։

1459 թ. Շմաւոնը իր եղբօրորդուն կոչում է արդէն «եպիսկոպոս Եւստաթէի սուրբ առաքելոյս» կամ «Տէր Ստեփանոս արքեպիսկոպոս Սիւնեաց նահանգէ» (ԺԵ, II, 123, 124)։

1478 թ. Աղ-Կոյունլուների նշանաւոր զօրահրամանատար, Աթաբեկ Սուֆի-Խալիլը բանտարկեց Ստեփանոս արքեպիսկոպոսին եւ բռնադատեց ընդունել մահմեդականութիւն։ 5 տարի շարունակ, անասելի խոշտանգումների դիմանալով, տոկաց Ստեփանոսը, ի վերջոյ ազատուեց բանտարգելութիւնից, վերադարձաւ Տաթեւի վանք, գնաց Երուսաղէմ ուխտի եւ վերադարձին՝ 1485 թ. վախճանուաց [52] ։

Ստեփանոսի անմիջական յաջորդը, հաւանաբար, եղել է Շմաւոն Բ եպիսկոպոս [53] ։ Յիշուած է 1508 թ. ։ Մի քանի տարի յետոյ՝ 1513 թ. Գեղարքունեաց մելիքները ստորագրեցին պարտաւորագիր իրենց ենթակայ գիւղերը վերստին Տաթեւի վանքի հոգեւոր իշխանութեանը ենթակայ դարձնելու մասին։ Պարտաւորագրի մէջ ասուած է. «Թիւն ՋԿԲ (1513) էր, մեք Գեղարքունոյ մելիք ու տանուտէրքս եկայք ի սուրբ յաթոռս Ըստաթէի Սիւնեանց ԲԺ-ն գաւառ, եւս առաւել երկրին մեր Գեղամայ, որ ճշմարիտ երկիրն մեր Գեղարքունի թեմ եւ վիճակ է սուրբ առաքելոցս Ըստաթէի... Յուխտ եւ դաշինք դրինք սուրբ առաքելոցս եւ առաջի եպիսկոպոսացս՝ Շմաւոն եպիսկոպոսի եւ տէր Ստեփանոսի եւ Մարտիրոս փակակալի եւ Տէր Ղուկաս հայրապետին եւ այլ միաբանիցս՝մեծի եւ փոքու... » [54] ։

Այս Շմաւոնի եւ նրան յաջորդող եպիսկոպոսների աթոռակալութեան ժամանակաշրջանը դուրս է մնում մեր հետաքրքրութեան շրջանակից։

XIV-XV դդ. Սիւնեաց եպիսկոպոսների յաջորդական ժամանակագրութիւնը փակելուց առաջ անհրաժեշտ է անդրադառնել նաեւ երկու այլ հոգեւոր պետերի, որոնք սերուած են Բուրթէլեան տոհմից։

Ղ. Ալիշանի «Սիսականից» վերը մէջբերուած «Եպիսկոպոսունք Սիւնեաց» ցանկի մէջ, 1464 թ. տակ, կարդում ենք՝ «Ստեփանոս միւս, որդի Իւանէի Որոտնեցւոյ». նոյն այս անձնաւորութեան մասին Ալիշանը յայտնում է նաեւ այսպիսի մի տուեալ. «Յիշիգրեաթէ եւ ի կէս ԺԵ դարու (1447) Տէր Ստեփանոս եպիսկոպոս Սիւնեաց որդի Իւանէի՝ տեառն Որոտան, հարկ է ուրիշ ի նախորդէն (իմա՛ Ստեփանոս-Իւանէի, որդւոյ Սմբատայ Լ. Խ. ), զի նա մեռաւ յամի 1422 (ուղղելի է՝ 1421 Լ. Խ. ) բայց այս Իւանէ որո՞յ որդի եւ զիարդ էր տակաւին տէր Որոտան, ոչ գիտեմ» [55] ։

Եւ իրօք, այս տեղեկութիւնների մէջ, որոնցսկզբնաղբիւրը յայտի չէ, կան ստուգման ու բացատրութեան կարօտ տեղիներ։ Նախ, ինչու՞ Ալիշանը ցանկի մէջ այս Ստեփանոսին եպիսկոպոս է համարել 1464, իսկ նոյն աշխատութեան մի այլ բաժնում՝ 1447 թ. ։ Եթէ նրան յայտնի էին երկու տարբեր աղբիւրներ, ինչու՞ է նա զլացել ցանկի մէջ 1464 թ. առաջնշելու 1447 թ., եւ հակառակը, 218-րդ էջի մեր կողմից մէջբերուած հատուածում չի յիշեցրել, որ այդ նոյն Ստեփանոսի մասին տեղեկութիւն ունի նաեւ 1464 թ. ։ Այս հարցին պատասխանել կարելի է միայն Ալիշանի դիւանը ուսումնասիրելուց յետոյ. թերեւս պարզուի, որ այդ տուեալները քաղուած են անստոյգ աղբիւրներից (որ բացառուած չէ)։ Ո՞վ էր այս Ստեփանոս եպիսկոպոսի հայր Իւանէն եւ ինչպէս կարող էր նա XV դ. կէսերին կոչուել «տէր Որոտան», այս հարցըյուզել է Ալիշանին. պատասխանը եղել է՝ «ոչ գիտեմ»։ Կարելի է երկու ենթադրութւին անել. կամ առաջադրուած թուականները (1447, 1464) մէկ հարիւրամեակ պէտք է ետ տարուեն ու սրբագրուեն 1347, 1364, այդ դէպքում այս ստեփանոսը կնոյնանայ մեզ արդէն ծանօթ Ստեփանոս-Սուլթանշահ եպիսկոպոսի հետ, որ իրօք Իւանէ Բուրթէլեանի որդին էր։ Կամ էլ պէտք է ենթադրել, որ Սմբատ Բուրթէլեանի որդի Ստեփանոս-Իւանէ եպիսկոպոսը, որ մինչեւ հոգեւոր կոչումն ընդունելը ամուսնացած է եղել եւ հայրն է Սմբատ անունով մի իշխանի, ունեցել է նաեւ մի այլ որդի, որ յետագայում ընդունել է հոգեւոր կոչում՝ Ստեփանոս անունով։ Եթէ հաստատուի այս վարկածը, ապա պէտք է կարծել, որ նրա հայր Իւանէն (յետագայում Ստեփանոս եպիսկոպոս), ինչ-որ կարճատեւ ժամանակ Որոտանի տէր է եղել, կամ այդպէս է կոչուել աւանդոյթով (Որոտանի տէր էր, իրօք, նրա հայրը՝ Սմբատ իշխանը)։

Այսպիսով, 1447 կամ 1464 թ. Իւանէի որդի Ստեփանոս Սիւնեաց եպիսկոպոսի գոյութիւնը երկբայական է։

Գորգուն Բուրթէլեանիորդի Տարսայիճին նուիրուած հատուածում արդէն ասել ենք, որ Տարասայիճի թոռ, Սմբատի որդի Եղիշէն՝ XV դ. վերջերին, եղել է արքեպիսկոպոս։ Նրա մասին տեղեկութիւններ են պահպանուել 1490 թ. Վերին Նորավանքում եւ 1495-1496 թթ. Եղեգիսում շարադրուած յիշատակարաններում. այսպէս. «յարհեպիսկոպոսութեան մերոյս նահանգի տէր Եղիշէի՝ յազգէ Բուրթէլանց» (ԺԵ, III, 147) եւ «վերադիտող այսմ նահանգի պարոնտէր Եղիշա արքեպիսկոպոսի» (ԺԵ, III, 213, նաեւ 229)։ Ըստ այդմ Եղիշէի հոգեւոր իշխանութեան սահմանները սահմանափակուել են Եղեգնաձորի շրջանակներով, ուստի նրա անունը պէտք է դուրս հանել Սիւնեաց եպիսկոպոսների գաւազանացանկից։

Վերը մէջբերուած տուեալները հնարաւորութիւն են ընձեռում կազմելու XIV-XV դդ. աթոռակալած Սիւնեաց եպիսկոպոսների ճշգրտուած ու ստուգուած ցանկը, որ տալիս ենք ստորեւ, իւրաքանչիւր եպիսկոպոսի դիմաց նորհելով նրա աթոռակալութեան ծայրային թուականները՝ եթէ յայտնի են, կամ այն տարեթուերը, որ յիշատակուած են նրանց կապակցութեամբ ժամանակակից աղբիւրներում։

 

ՑԱՆԿ ՍԻՒՆԵԱՑ ԵՊԻՍԿՈՊՈՍՆԵՐԻ
(XIV-XV դ. )

1. Ստեփանոս Օրբէլեան, որդի Տարսայիճի 1286-1303 թթ. ։

2. Յովհաննէս Օրպել, որդի Լիպարիտ Օրբէլեանի 1302-1323 թթ. ։

3. Ստեփանոս-Տարսայիճ, որդի Ջալալ Օրբէլեանի որպէս աթոռակալ Սիւնեաց յիշուած 1314-1323 թթ., որպէս մետրոպոլիտ՝ 1331 թ. ։

4. Սարգիս, որդի Որոտան իշխան Հասանի, եղբայր Իւանէ (Սիւնիքի հին իշխանական տան սերնդից) Վաղադնի վանահայր 1326 թ., մետրոպոլիտ՝ 1333՞-1337 թթ. (յիշուած է վերջին անգամ)։

5. Ստեփանոս-Սուլթանշահ, որդի Իւանէ (Նանիկ) Բուրթէլեանի յիշուած շուրջ 1366 թ. ։

6. Յովհան Որոտնեցի, որդի Իւանէ Որոտնեցու, եղբօրորդի Սարգիս մետրոպոլիտի մհ. 1386 թ. ։

7. Գրիգոր Տաթեւացի, որդի ամիր Սարգսի 1386՞-1408 թթ. ։

8. Առաքել Սիւնեցի, որդի Դաւիթի, քեռարդի Գր. Տաթեւացու եպիսկոպոս էր 1401 թ., Սիւնեաց մետրոպոլիտ 1408՞-1410՞ թթ։

9. Ստեփանոս-Իւանէ, որդի Սմբատ Բուրթէլեանի 1410՞-1421 թթ. ։

10. Շմաւոն Անգեղակոթցի, որդի Խաչատուրի յիշուած 1437-1471 թթ. ։

11. Ստեփանոս եպիսկոպոս, Շմաւոնի եղբօրորդի, «ի յազատաց» - յիշուած 1441 թ. որպէս «տեղապահ Սիւնեաց», եպիսկոպոս 1471՞-1485 թթ. ։

12. Շմաւոն Բ յիշուած 1508-1513 թթ. ։

Սիւնեաց 12 այս եպիսկոպոսներից 5-ը Օրբէլեան-Բուրթէլեան գերդաստանի պարոնտէրերն են՝ (Ստեփանոս Օրբէլեան, Յովհաննէս-Օրել, Ստեփանոս- Տարսայիճ, Ստեփանոս-Սուլթանշահ, Ստեփանոս-Իւանէ)։ Ուշագրաւ է, որ Յովհաննէս-Օրբելից բացի, բոլորն էլ հոգեւոր կոչումն ընդունելով՝ Ստեփանոս անունն են ժառանգել, բայց պահել են նաեւ իրենց աշխարհական անունները։ Եպիսկոպոսներից երկուսը (Սարգիս եւ Յովհան Որոտնեցի) սերւում են Սիւնեաց հին իշխանների գերդաստանից, որոնք մինչեւ XIV դ. առաջին տասնամեակները դեռեւս տէրն էին Որոտանի։ Ըստ երեւոյթին ազգակցական կապերով շաղկապուած մի փունջ են կազմում նաեւ միւս 5 եպիսկոպոսները, սկսած Գրիգոր Տաթեւացուց, մինչեւ Շմաւոն Բ (Առաքել Սիւնեցին Տաթեւացու քեռորդին է։ Շմաւոն Անգեղակոթցին եւս Առաքելի ազգականներից պէտք է լինի)։

 



[1]            Ժամանակակից յիշատակարաններու Օրբէլեանների այդ ճիւղը կոչւում է «Տուն Բուրդելի» («ԺԴ դարի հայրէն ձեռագրերի յիշատակարաններ», էջ 560), «Տուն Բիւրթէլեանց» («ԺԵ դարի հայերէն ձեռագրերի յիշատակարաններ», I, էջ 194, II, էջ 194), «Պուռթելեանց զարմ» (ԺԵ, I, էջ 258), «Բուրթէլեանց ազգ» (ԺԵ, III, էջ 147) եւ այլն։

[2]            Ղ. Ալիշան, Սիսական, Վենետիկ, 1893, ներդիր՝ 92-93-րդ էջերի միջեւ

[3]        Գարեգին արքեպս. Յովսէփեան, Խաղբակեանք եւ Պռօշեանք Հայոց պատմութեան մէջ, մասն առաջին, Երեւան, 1928, էջ IV-V. Ս. Սիմոնեան, Գարեգին կաթողիկոսի բանասիրական վաստակը, «Հասկ», 1952, էջ 253։ [Տե՛ս նաեւ Kyrille Toumanoff, Manuel de généalogie et de chronologie pour l’histoire de la Caucasie chrétienne (Arménia-Géorgia-Albanie), Roma, 1976, էջ 358-359։ Տոհմածառը մասամբ լրացնող նիւթեր կան Նորավանքի նորայայտ արձանագրութիւններում։ Տե՛ս Ս. Սաղումեան, Նորայայտ վիմագրեր Նորավանքից, «Յուշարձան», Բ, Երեւան, 1993, էջ 91-103]։

[4]            Այստեղ եւ այսուհետեւ ամէնուրեք մեր կազմած «ժդ դարի հայերէն ձեռագրերի յիշատակարաններ» ժողովածուն (Երեւան, 1950 թ. ) վկայակոչում ենք «ԺԴ» համառօտագրութեամբ՝ շարադրանքի մէջ եւ ոչ տողատակում։ Նոյն ձեւով՝ XV դ. յիշատակարանների եռեակ հատորները՝ ԺԵ, I, ԺԵ, II եւ ԺԵ, III համառօտագրութեամբ։

[5]            «Բազմավէպ», 1947, 9-10, էջ 216-217

[6]            Վրաց ժամանակագրութիւն (1207-1318), աշխատասիրութեամբ Պարոյր Մուրադեանի, Երեւան, 1971, էջ 183-184

[7]            ՄՄ ձեռ. 4515, էջ 81

[8]            Տե՛ս Ն. Մառ, Ժողովածոյք առակաց Վարդանայ, մասն Բ, Ս. Պետերբուրգ, 1894, էջ 343-344։ Զգալի տարբերութիւններ ունի տպագրուածիցնոյն զրոյցի ՄՄ 8076 ձեռագրում ընդօրինակուած փոփոխակը, որ բերում ենք ստորեւ. «Պարոն Բուրթէլն յաւուր միում գնայր զօրօքն ի ճանապարհ, եւ երէց մի աշխարհի պատահեալ ի ճանապարհին։ Եւ իջեալ ի ձիոյն՝ հանդերձ զօրօքն համբուրեցին զաջ քահանային։ Եւ նայիպն Ալինախ անուն տրտնջաց պարոնին։ Եւ նա գաղթ պատուէր ետ, զի մի կնքեսցեն եւ թաղեսցեն զընտանիս նորա։ Մեռաւ որդին եւ ոչ թաղեցին զնա։ Եկն առ Բուրթէլն եւ նա ասէ. «Ես եւ դու գնամք, թաղեմք զնա»։ Եւ նա ասէ. «Արդ անհնար է»։ Եւ նա ասէ. «Բայց դու այն օրն էր տրտնջեցեր՝ յորժամ զքահանայն պատուեցի»։ Վասն այսորիկ պատուել զքահանայն պարտ է՝ միջնորդ հաշտութեան առ Աստուած» (ձեռ. 8076, էջ 72ա)։

              Բուրթէլ Օրբէլեանի մասին կան նաեւ այլ զրոյցներ, որոնք ուշագրաւ են որպէս պատմական նշանաւոր անձնաւորութիւնների շուրջ հիւսուած զուարճախօս պատմութիւններ եւ վկայում են Սիւնեաց այդ իշխանի ժողովրդականութեան մասին։ Աւելորդ չենք համարում ներկայացնել նաեւ դրանք՝ քաղելով ՄՄ 2226 ձեռագրերից։

              - «Վարդապետ մին գովեցին մօտ պարոն Բուրթէլն, թէ յոյժ համբերող է։ Ասէ. «Գնացէք, բերէք, որ փորձեմ»։ Երբ ի դուռն երեկ, տեսաւ զնա, ասէ. «Երթ ի բաց, յիմար եւ շէթ»։ Եւ նա լռութեամբ ի բաց գնաց։ Դարձեալ ասէ. «Վարդապետ, եկ, վարդապետ, եկ»։ Եւ դարձեալ եկն առ իշխանն, Ասէ. «Վարդապետ, զայդ ուստի գիտէիր համբերել»։ Ասէ. «Պարոն, զայդ ի շանէն եմ ուսել, դեռ ի գրոց շատ բան գիտեմ»։ Եւ պարոնն յոյժ սիրեաց զնա։

              - «ԶՏիրատուր վարդապետն ի պաշտօն տարան եւ այն օրն հաց մոռացան տալ ուտելոյ։ Երեկոյին ժամուն տարան ի տուն։ Ասէ պարոնն (Բուրթէլ) «վարդապետ, քանի՞ տարոյ ես»։ Ասէ. «Խ (40) տարոյ, պակաս մի օր»։ Ասէ. «Մէկն է՞ր է պակաս»։ Ասէ. «Օրս այս, որ քաղցած պահեցեր, ժամանակի կարգ ոչ է» (ՄՄ ձեռ. 2226, էջ 59ա-59բ, հմմտ. նաեւ Ղ. Ալիշան, Սիսական, էջ 127)։

[9]            ՄՄ ձեռ. №4515, էջ 81-82

[10]          Տե՛ս «Բազմավէպ», 1947, 9-10, էջ 216-217

[11]          Ղ. Ալիշան, Սիսական, էջ 47

[12]          Երուսաղէմ, ձեռ. 1033, էջ 62։ Հմմտ. ԺԴ, 297։

[13]          Այդ աշխատանքը առ այսօր չի կատարուած, եւ, ինչպէս այլ բանասէրներ, այնպէս էլ մենք «ԺԴ դարի հայերէն ձեռագրերի յիշատակարաններ» ժողովածուի անձնանունների ցանկի մէջ եւ այլուր շփոթել եւ որպէս մի անձնաւորութիւն ենք ներկայացրել Իւանէ անունը կրող այս երկու իշխաններին։ Դրանց տարանջատման գործում մեզ օգնել է Ա. Մնացականեանը, որին յայտնում ենք շնորհակալութիւն։

[14]          Երուսաղէմ, ձեռ. 1033, էջ 61-62։ Տե՛ս նաեւ «Սիոն», 1868, 8, էջ 192, 1938, 9, էջ 275-278։

[15]          Թ. Մեծոփեցի, Պատմութիւն Լանկ-Թամուրայ, 1860, Փարիզ, էջ 14

[16]          Տե՛ս Հ. Աճառեան, Հայոց անձնանունների բառարան, Գ, էջ 57-59։

[17]          Ս. Օրբէլեան, Պատմութիւն նահանգին Սիսական, Թիֆլիս, 1910, էջ 485-487

[18]          «Սիսական», էջ 96

[19]          Անունների այս փոփոխութիւն կատարողը նպատակ է ունեցել ներմուծել այդ յիշատակագրութեան մէջ ձեռագրի նախկին ստացողների՝ Վասիլի եւ Վահրամի անունները։

[20]          Թովմա Մեծոփեցի, Փարիզ, 1860, էջ 68

[21]          Նոյն, էջ 72-73

[22]          Նոյն, էջ 34

[23]          Սմբատի նախնեաց այլ յաջորդականութիւն է տալիս Երուսաղէմի №1719 ձեռագիրը, ըստ որի Սմբատի հայրը՝ Գուգուն է, պապը՝ Պեշքէնը, պապի հայրը՝ Բուրթէլը (տե՛ս Ն. Պողարեան, Մայր ցուցակ ձեռագրաց սրբոց Յակոբեանց, հտ. 6, Երուսաղէմ, 1972, էջ 28)։

[24]          «Սամուէլի քահանայի Անեցւոյ, Հաւաքմունք ի գրոց պատմագրաց», Վաղարշապատ, 1893, էջ 170

[25]          «Հայոց անձնանունների բառարան», հտ. Ա, էջ 493։ Բացառուած չէ, որ տարաձեւ գրանցուած այս (Գորգուն) անձնանուան ուղղական հոլովաձեւերից մէկն էլ եղել է Գորգունէ (հմմտ. Իւանէ, Կուրիկէ, Ստեփանէ եւ այլն)։ Այդ դէպքում պէտք է ենթադրել, որ ժամանակագիրն ակնարկել է պարոն Գորգունի վշտամահ լինելու մասին՝ թուրքերի կողմից ի կալուածքների գրաւման կապակցութեամբ։

[26]          Թ. Մեծոփեցի, էջ 68

[27]          Ստորեւ բերում ենք այդ գրութիւնը. «Յանուն Աստուծոյ ես՝ Բեշկէն, որդի մեծի իշխանին Սմպա[տա]յ, հեսի զԱւետարանս, որ բազում ժամանակ ի մեր երկիրս էր ու գնել էր Տանծիկանց Աւագն։ Երեկ Թումայ երէց Սիւնայվանից, թէ այս մեր եկեղեցին է, Սիւնավանից թալան է տարել, ու երդումն կերաւ։ Ես Բեշքէն, որդի պարոն Սմպատին, տուի մեզ արեւշատութեան ու մեր նախնեցն յիշատակ ի Սիւնեց վանիցն, որ Սիւնիվանք ասեն։

              Ես Յովհանես վարդա[պ]ետ, որ զգիրս գրեցի վկա եմ։ Ես Յովանէս եկեղեցայպան Վաղադնոյ [վա]նացն վկայ եմ։ Ես Դիլանճի որդի Լեշին վկա[եմ], ես Պաշարաթ՝ որդի Էլէկ[ս]անին Լորեցի վկայ եմ, ես Էլտուր՝ որդի Փալիկին վկայ եմ, ես Ափղազ՝ որդի Սեթիկայ, որ մեր հայրն ու հաւրեղբայրն Աւաքն գնել էր, մեք էլ հետ տւիք, մեք ենք Դաւայքարու տէր՝տւիք ի յեկեղեցին Սիւնէվանից, ոդ ում խաւսք ու զրոյց չկայ, Աստուած շնհաւոր առնէ։

              Ամիս արեգ, թուական հայոց ՊՀԸ (1429)։ Դաւայքարն պատժաւք լինի» (ԺԵ, I, 392)։

[28]          Թ. Մեծոփեցի, էջ 117-119։ Տպագիրն այստեղ աղաւաղուած է, սրբագրում ենք մի շարք ձեռագրերի բաղդատութեամբ։

[29]          Նոյն, էջ 118

[30]          Նոյն, էջ 119

[31]          Թ. Մեծոփեցի, էջ 119

[32]          Նոյն, էջ 68

[33]          Նոյն, էջ 73

[34]          Բ. Սարգիսեան, Մայր ցուցակ հայ ձեռագրաց մատենադարանին Մխիթարեանց ի Վենետիկ, հտ. Ա, 1914, էջ 585

[35]          Յ. Փափազեան, Մի էջ Արեւելեան Հայաստանի քաղաքական կեանքի պատմութիւնից, «Տեղեկագիր», 1955, 8, էջ 86

[36]          Նոյն տեղում

 

[37]          Բուրթէլուների մասին այս տուեալները քաղել ենք Յ. Փափազեանի «Մատենադարանի պարսկերէն կալուածագրերը» տպագրուող աշխատութիւնից։ [Աւելի հանգամանօրէն տե՛ս А. Д. Папазян, Новые эпиграфические данные о последних отпрысках армянской феодальной знати в Сюнике, “К освещению проблем истории и культуры Кавказской Албании и Восточных провинции Армении”, т. I, Ереван, 1991, с. 236-254. նաեւ՝ А. А. Хачатрян, К расшифровке и интерпретации некоторых арабских надписей Армении (XV-XVI вв. ), նոյն տեղում, էջ 255-275]։

[38]          Այսպիսի մի տուեալ, շարադրուած կիսագրագէտ մէկի կողմից XVIII դ., հրատարակել է Ղ. Ալիշանը «Սիսականի» մէջ (էջ 97)։

[39]          Եօթանասունամեայ այս բացատի կապակցութեամբ Ալիշանը գրում է. «Ոչ յիշին եւ յաջորդք սոցա (իմա՛ Սարգսի եւ Ներսիսի Լ. Խ. ) մինչեւ ի սկիզբն ԺԵ դարու՝ ցամս 70» («Սիսական», էջ 21)։

[40]          Տե՛ս «Տաթեւ» տարեցոյց, 1930, էջ 276-351

[41]          Ն. Վ. Ծովական, «Տաթեւ» («Սիոն», 1950, յունիս-յուլիս, էջ 197-202)

[42]          Ղ. Ալիշանը մահուան տարեթիւ է համարում 1309 թ., որ անընդունելի է։

[43]          D. N. Karamianz, Verzeichniss Armenischen Handschriften, Berlin, 1888, էջ 26

[44]          Թերի պահպանուած այս պոեմը Ա. Մնացականեանի աշխատասիրութեամբ հրատարակուել է «Բանբերի» նախորդ հատորում («Բանբեր Մատենադարանի», 8, 1967, էջ 291-317)։ Պոեմին անդրադարձել է նաեւ Պ. Խաչատրեանը («Պատմա-բանասիրական հանդէս», 1965 թ., 2, էջ 197-204)։ Պոեմի հերոսին նոյնացնելով Իւանէ Բուրթէլեանի որդի Ստեփանոս-Սուլթանշահի հետ՝ հնարաւորութիւն ենք ստանում քննարկելու ուշագրաւ այդ ստեղծագործութեան շարժառիթը հանդիսացող ողբերգական դէպքերի ժամանակի, միջավայրի ու գործող անձանց հետ առնչուաղ վիճելի հարցերը նոր լուսաբանութեամբ։

[45]          Երուսաղէմ, ձեռ. 1033, էջ 61

[46]          Յ. Որոտնեցու Մարաղա գնացած լինելու մասին վկայութիւն է պահպանուել Թովմա Մեծոփեցու թերի վիճակում պահպանուած մի յիշատակարգրութեան մէջ։ Ինչ-որ աշխատութիւն սրբագրելու կապակցութեամբ նա ասում է, որ այդ ձեռագիրը «բերաւ ի Մարաղու քաղաքէն ձեռամբ Յովանէս գրագրի՝ աշակերտի մեծին Տիրատրոյ» ( Ս. Տէր-Աւետիսեան, Ձեռագիրք Նախավկայի վանաց Դարաշամբի Ս. Ստեփանոսի, որ ի Գողթն, 1904 թ., ձեռ. 54)։ Որոտնեցին Մարաղա էր գնացել, հաւանաբար, այնտեղ հաստատուած կաթոլիկ միսիոներ Բարթուղիմէոս Բոլոնիացու հետ ծանօթանալու եւ, գուցէ, նրա դասախօսութիւններն ունկնդրելու նպատակով։

[47]          «Հայոց անձնանունների բառարան», Գ, էջ 628։ Երուսաղէմի 1084 ձեռագրի յիշատակարանում Որոտնեցին կոչուած է «Մեծ վարդապետ» ... Այս է հաւատոյ դաւանութիւն, զոր գրեաց մեծ վարդապետն Յոհաննէս Որոտնեցի, որ մականուն Կախիկ կոչի, հրամանաւ պր. Խաթլուշահին ի Հայս առ կաթողիկոսն տէր Կոստանդին ի թվին Հայոց ՊԻԴ (=1375)»)։ Տե՛ս Ն. Պողարեան, Մայր ցուցակ ձեռագրաց Սրբոյ Յակոբեանց, Երուսաղէմ, 1969, հտ. Դ, էջ 124։

[48]          Առաքել Սիւնեցու մասին առկայ շատ սուղ կենսագրական տուեալները պէտք է լրացնել 1407 թ. ուշագրաւ մի յիշատակարանով, որ շարադրել է նա իր իսկ նկարազարդած Աւետարանի մէջ։ Նախ պարզւում է, որ Առաքելը եղել է նաեւ ծաղկող եւ ապա յայտնի դառնում, որ նրա աւագ եղբայր Բարսեղ քահանան 1393 թ. մեկնած է եղել Կիլիկիա՝ կաթողիկոսի մօտ (գուցէ եւ եպիսկոպոս ձեռնադրուելու), բայց դարձի ճանապարհին սպանուել է անօրէնների կողմից։ Առաքելը իր եղբօր մասունքները գտնելու համար 7 ամիս շրջել է «յերկրէ յերկիր֊ բազում աշխատութեամբ». ի վերջոյ այլոց օգնութեամբ մարմինը գտել է Եղջախոռ կոչուող սարում, տեղափոխել Սիւնիք ու ամփոփել Վաղադնի վանքում (ԺԵ, I, 602)։

[49]          Առաքել Սիւնեցի, Դրախտագիրք, հրատարակեց Հ. Ն. Տէր-Ներսէսեան, Վենետիկ, 1956, էջ 54

[50]          Ս. Օրբէլեան, Պատմութիւն նահանգին Սիսական, Թիֆլիս, 1919, էջ 525

[51]          Թ. Մեծոփեցի, Յիշատակարան, էջ Ա

[52]          «Հայոց նոր վկաները», գիտ. հրատ., էջ 313-319

[53]          Մի Աւետարան վաճառելու մասին 1491 թ. շարադրուած գրութեան տակ պահպանուել է իրեն «տէր Սարգիս եպիսկովպոս Տադևացի» կոչուող բարձրաստիճան մի եկեղեցականի ստորագրութիւնը (ԺԵ, III, 172), սակայն հիմք չունենք այդ Սարգսին Սիւնեաց եպիսկոպոս համարելու։ Նա իրեն նոյնիսկ չի կոչում Տաթեւի եպիսկոպոս, այլ՝ Տաթեւացի եպիսկոպոս։

[54]          «Բանբեր Մատենադարանի», 8, էջ 192

[55]          «Սիսական», էջ 218