Դրուագներ Հայաստանի պատմագրութեան (V-VIII դդ.)

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԵՂԻՇԵՆ ԵՎ ՆՐԱ «ՎԱՍՆ ՀԱՅՈՑ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ» ԵՐԿԸ

Օտար նվաճողների դեմ հայ ժողովրդի մղած հերոսամարտերի փայլուն էջերից է 450-451 թվականների ժողովրդա-ազատագրական պատերազմը, որի պատմությունն առաջին անգամ գրել է V դարի հայ պատմագիրների համաստեղության ներկայացուցիչ, մեսրոպատառ խոսքի անզուգական վարպետ Եղիշե վարդապետն իր «Վասն Վարդանանց եւ Հայոց պատերազմին» երկում: Դրանով իսկ, ինչպես դիպուկ նկատվում է Մ. Աբեղյանը, նա անմահացրել է իրեն եւ իր գովերգած եղելությունը [1]:  

Եղիշե պատմագրի մասին էլ ցավոք, կենսագրական տեղեկություններ չեն պահպանվել: Ըստ հին ավանության նա եղել է սպարապետ Վարդան Մամիկոնյանի զինվորն ու քարտուղարը, ականատես է եղել նկարագրվող դեպքերին [2]: Նշված պատերազմից հետո թողել է զինվորական ծառայությունը, դարձել կրոնավոր-միայնակյաց Մոկաց աշխարհում, որտեղ եւ գրել է իր պատմական այս երկը եւ ուրիշ աշխատություններ: Նորից, ըստ ավանդության, Եղիշեն վախճանվել է Ռշտունիքում եւ մինչեւ վերջերս այնտեղ ցույց է տրվում նրա գերեզմանն իբրեւ ուխտատեղի [3]:

  Եղիշեի կենսագրության միակ հավաստի աղբյուրը նրա իսկ աշխատությունն է: Իր պատմության մեջ հեղինակ մի քանի անգամ որոշակի նշում է, որ ինքն ականատես է եղել նկարագրվող իրադաձություններին: Երկի սկզբում հենց ասում է. «Ահա ոչ ըստ կամաց արտոսրալիր ողբովք ճառագայթեմք բազում հարուածսն, յորում պատահեցաք եւ մեք իսկ ականատես լինելով» [4]: Եվ  ապա խոսելով քուշանների դեմ Հազկերտի մղած պատերազմի մասին, որին մասնակցել է նաեւ հայկական բանակը, որի կազմում եւ մեր պատմիչը, գրում է, որ ինքը ոչ թե «բամբասասեր մտքով, այլ ճշմարտությամբ պատմելուց  չի դադարի, որ ոչ կարծիքներով է վեր թռել  եւ ոչ էլ լուրերից արթնացել այլ ինքն անձամբ նույն տեղում պատահել է եւ տեսել ու լսել (Հազկերտի) հանդգնաբար խոսելու ձայնը» [5]: Կան եւ ուրիշ ակնարկներ, որոնք վկայում են պատմիչի՝ նկարագրված դեպքերին ժամանակակից լինելու մասին:

Ավանդության համաձայն «Վասն Հայոց պատերազմին»՝ ոսկեղեն մատյանի հեղինակը եղել է  վարդապետ, Սահակ Պարթեւի եւ Մեսրոպ Մաշտոցի կրտսերագույն աշակերտներից: Նրան էլ բախտ է վիճակվել աշակերտների երկրորդ խմբի հետ շուրջ  434թ. գնալ Ալեքսանդրիա՝ գիտության մեջ կատարելագործվելու նպատակով: Մովսես  Խորենացու վկայությամբ, որը նույն խմբումն էր, Ալեքսանդրիայում  մի քանի տարի մնալուց հետո, ցանկացել են գնալ Հունաստան, սակայն հողմը նրանց նետել է Հռոմ: Այնտեղ կարճ ժամանակ մնալուց հետո Աթենքի եւ Կոստանդնուպոլսի  վրայով վերադարձել են հայրենիք: Սահակը եւ Մաշտոցը  արդեն կնքել էին իրենց մահկանացուները, ուստի նրանց վերադարձը պետք է տեղի ունեցած լիներ 440 կամ 441թվականին: Եթե ենթադրենք, որ Եղիշեն Ալեքսանդրիա գնալու ժամանակ արդեն  24-25 տարեկան է եղել, ապա ծննդյան հավանական թիվը պետք է դնել 410-415 թվականների սահմաններում: Մահվան թվականը նույնպես հայտնի չէ, Ե. Տեր-Մինասյանը ենթադրում է՝ 470-475թվականների միջեւ, կյանքի մոտավոր տեւողությունը հաշվելով 60 տարի [6]:

Տասնիներորդ դարի երկրորդ կեսի վերջին տասնամյակում բանասերներին Եղիշե պատմիչն էլ հետաքրքրեց, նրան էլ տեղահան արեցին, կասկածի տակ առան նրա հեղինակությունը եւ այլն: Գրվեցին հատուկ հոդվածներ, անգամ մենագրություններ, բանասիրական բնույթի:

Նկատենք, սակայն, որ Ե. Տեր-Մինասյանը եւ Մ. Աբեղյանը համոզիչ ձեւով ցույց են տվել, որ Եղիշեի նկատմամբ քննադատությունները անհիմն են, ոչ գիտական, բռնազբոսիկ, փաստարկումները վայրիվերո են ու վարկպարազի:

Եղիշեից մեզ հասած աշխատություններից ամենաարժեքավորը նրա պատմական երկն է, որն իրավամբ որակվել է իբրեւ ոսկե մատյան: Այն ընդգրկում է 36 տարվա պատմություն (428-464/5թթ. ): Երկի բնագիրը կրել է «Վասն Հայոց պատերազմին» խորագիրը «Վարդանանց» բառը Մ. Աբեղյանի ենթադրությամբ, հետագայում են ավելացրել Վարդանին ավելի մեծարելու նպատակով [7]: Պատմագրի մյուս աշխատությունները մեկնողական են:

Եղիշեն իր երկը գրել է ոմն Մամիկոնյան Դավիթ երեցի հանձնարարությամբ: Ըստ Եղիշեի, այդ երեցը ժամանակի գիտուն մարդկանցից է եղել: Դիմելով Դավթին, Եղիշեն գրել է, թե. «իսկ դու, ով մեծդ աստվածային գիտության մեջ, ինչու արդյոք (ինձ) հրամայեցիր, քանի որ ինքդ կարող էիր հրամաններ ընդունել ավելի լավերը (գրելու) համար: Ինչպես թվում է ինձ եւ քեզ եւ իմաստասիրությամբ պարապած մարդկանց՝ այս բանը երկնավոր սիրո նշան է եւ  ոչ թե  երկրավոր փառասիրության» [8]: Մեր կողմից ընդգծված բառերից Մ. Աբեղյանը ենթադրում է որ Եղիշեն էլ է պարապել իմաստասիրությամբ, գիտություններով եւ ժամանակի գիտուններից մեկն է եղել, դրա համար էլ «վարդապետ» տիտղոս է ստացել:

«Վասն Հայոց պատերազմին» երկը բաղկացած է ութ գլուխներից եւ շատ փոքր ընծայականից, ուր թվարկված են յոթ գլուխների վերնագրերը: Մ. Աբեղյանը գտնում է, որ 8-րդ գլուխը շարադրված է ընծայականը գրելուց հետո [9]: Ե. Տեր-Մինասյանը Եղիշեի գիտա- համեմատական բնագրի հրատարակման ժամանակ հինգերորդ եւ վեցերորդ գլուխները միացրել եւ դարձրել է 7 գլուխ:  

Մ. Աբեղյանը եւ Ե. Տեր-Մինասյանը միանգամայն ճիշտ նկատում են, որ Եղիշեի երկը ամենից առաջ հայոց պատերազմի պատմությունն է, սխալվում են նրանք, որոնք այն սոսկ դյուցազնական վիպասանություն են համարում: Այն մի ամբողջություն կազմող քնարական վիպասանություն է, բանաստեղծական պատմություն [10]:

Պատմագիր Եղիշեն խոր գիտակցել է իր ստանձնած գործի կարեւորությունը եւ իսկական պատմաբանին հատուկ հմտությամբ իրականացրել է այն: Թերեւս նա հայ պատմագիրներից առաջիններից մեկն էր, որ նպատակ է դրել որոշակի տալու, բացահայտելու իրեն հետաքրքրող անցքերի պատճառները, զարգացումը եւ հետեւանքները: Նա գրում է, թե կարգով գրել է եւ մանրամասն շարադրել սկիզբը, միջին (ժամանակը) եւ ավարտը [11]:

Եղիշեն գործի խոր իմացությամբ բացահայտում է հայոց պատերազմի տնտեսական-քաղաքական ու կրոնական պատճառները:

Ընդհանրապես Եղիշեն նախքան կոնկրետ իրադարձության մասին գրելը, որոշ պատկերացում է տալիս դարաշրջանի քաղաքական ընդհանուր վիճակի, երբեմն եւ միջազգային դրության մասին: Նա պատմական անձերի փոխհարաբերությունները, կրքերը չի դնում իրադարձությունների հիմքում: Նա բացահայտում է պատմական իրական հանգամանքները եւ այդ հանգամանքներում առանձին գործիչների քաղաքական կողմնորոշման էությունը, դրանով իսկ պահպանելով պատմականությունը [12]:

Պատմագիրը հանգամանորեն նկարագրում է Հայաստանում պարսկական արքունիքի վարած տնտեսական ու ռազմական քաղաքականությունը եւ դրա կործանանար հետեւանքները: Նա խոր գիտակցել է այդ քաղաքականության իմաստն ու հեռուն գնացող նպատակները:

Խոսելով Պարսկաստանի թշնամի երկրների դեմ պատերազմ մղելու պատրվակով նախարարներին իրենց զինական ուժերով Հայաստանից դուրս տանելու մասին, Եղիշեն դառնությամբ գրում է, թե նրանց արտաքին տեսքը շատ ողորմելի էր օտարության մեջ: Այդպիսի պատվական զինվորությունը հասել էր չարաշուք եւ անարգ վիճակի, եւ հայրենի ազատությունը չարաչար կերպով գտնվում էր մարդախոշոշ բռնավորի ծառայության մեջ, որը արյունահեղությամբ հեթանոսների օրենքներից էլ գերազանցում էր [13]:

Եղիշեն ընդգծում է, թե ահա ինչպես էին իրականացնում պարսիկներն իրենց հետապնդած ռազմական միջոցառումը:

Ըստ պատմագրի, նրանց հաջորդ միջոցառումը հետապնդել էր ֆինանսա-տնտեսական նպատակ: Նա զայրութով նկատում է, որ բացի այս ամենից՝ պարսից թագավորը մի այլ չարություն էլ նյութեց: Իր հավատարիմ ծառաներից մեկին, որի անունը Դենշապուհ էր, գործով ուղարկեց Հայաստան: Նա խաղաղասեր կեղծավորությամբ ամբողջ երկրում աշխարհագիր անցկացրեց, իբր թե հարկերը ներելու եւ այրուձիու ծանրությունը թեթեւացնելու նպատակով: Սակայն ներքուստ երեւում էին նրա չարագույն դիտավորությունները:

Այդ չար դիտավորություններն, ըստ Եղիշեի հետեւայլներն էին. նախ՝ եկեղեցին հարկատու դարձնել: Երկրորդ, վանքերում բնակված միայնակյացներից էլ հարկ պահանջել: Երրորդ, երկրի հարկն ավելի ծանրացնել: Չորրորդ, նախարարներն բանսարկությամբ թշնամացնել միմյանց դեմ եւ ամեն տան մեջ խռովություն գցել: Եվ այս ամենը անում էր, ասում է Եղիշեն, որպեսզի քանդի միաբանությունը, եկեղեցու ուխտը ցրի, միայնակյացներին փախցնի, շինականներին տկարացնի եւ չափազանց աղքատության պատճառով՝ ակամա ընդունել տա մազդեական կրոնը [14]:

Պատմագիրը սակայն գտել է, որ ամենից վատթարը հինգերորդ միջոցառումն էր՝ Դենշապուհը հայոց հազարապետ Վահան Ամատունու դեմ գրգռելով՝ ապստամբություն հարուցեց, նրան պաշտոնից հեռացրեց, փոխարեն մի պարսիկ նշանակեց եւ մի մոգպետի էլ մեր աշխարհին դատավոր կարգեց, որպեսզի եկեղեցու փառքը նսեմացնի [15]:

Նա գիտակցել է, որ այդ արդեն իր հայրենիքի ներքին ինքնքվարության ոտնահարում էր ու վերացում: Սակայն դարի զավակ ջերմեռանդ քրիստոնյա պատմագիրը, կարծեք կոչ է արել ժամանակակիցներին՝ կրել ամենածանր զրկանքները, եթե բռնակալները չեն վտանգոմ իրենց դավանանքը: Թեպետեւ այս բոլոր գործերը դժնդակ էին, գրում է նա, բայց դեռ ոչ ոք հայտնի կերպով ձեռք չէր տվել եկեղեցուն, այդ պատճառով էլ ոչ ոք նրան չընդդիմացավ, թեեւ հարկերը ծանր էին [16]: Դիմադրել, պայքարել պետք է այն դեպքում, երբ վտանգվում է ժողովրդի հայրենի դավանանքը: Նման հարցադրումը թելադրված էր ժամանակի պահանջով: Եվ Եղիշեն իմացել է, որ երեւույթները, հարցադրումները, գաղափարները թելադրվում են ժամանակի պահանջով:

     Խոսելով Իսրայելի Դավիթ թագավորի մասին, նա գրում է, թե Դավիթը զորքը փրկել էր մահվանից ու ժողովրդին՝ գերությունից, եւ եղել Իսրայելի թագավորների անդրանիկն ու աստծու որդու հայր կոչվել: Ապա ընդգծում է, որ նա (այդպես) կոչվել է ժամանակի պետքի համար [17]:

Իր հայրենիքի տոկունությունն ու պոտենցիալ ուժը շեշտելեւ նպատակով, նա տալիս է Դենշապուհի կողմից անցկացրած աշխարհագրի ծանր հետեւանքները Գրում է, թե որտեղից պետք էր հարյուր դահեկան առնել, կրկնապատիկն էին վերցնում: Ոչ մեկը չի կարող պատմել, թե ինչպիսի ծանր տուրքեր ու սակեր, բաժեր ու հասեր էին նշանակված լեռների, դաշտերի ու անտառների վրա: Դրանք վերցնում էին  ոչ թե ինչպես վայել է  պետական արժանապատվությանը, այլ ավազակաբար հափշտակելով: Եվ ապա ընդգծում է, թե անգամ իրենք էլ՝ պարսիկները, մեծապես զարմանում էին  թե մի տեղից որ՛ այսքան գանձ է դուրս գալիս, է՛լ ինչպես է շեն մնում այդ աշխարհը [18]:

Եղիշեն հաստատում է Բուզանդի եւ Խորենոցու այն վկայությունը, որ հայրենիքին վտանգ սպառնալու օրերին հայ ժողովուրդը համախմբվում էր , լարում իր ուժերը եւ մեկ մարդու նման դիմակայում թշնամուն, թշնամու դեմ կռիվը վերաճում էր ժողովաազատագրական հզոր շարժման: Սակայն ի տարբերություն Բուզանդի, որը թշնամիների դեմ հայ ժողովրդի հաղթանակները վերագրում է Մամիկոնյան դյուցազներին ու բանակին, Եղիշեն չի իդեալականացնում իր գործիչներին, հայերի հաղթանակները վերագրում է ամբողջ ժողովրդին, մեծ տեղ է տալիս ռամիկներին ու շինականներին եւ հատկապես կանանց: Ընդհանրապես, Եղիշեն, հակառակ Փավստոս Բուզանդի, իր հերոսներին չի էլ դուցազնացնում, բավարարվում է միայն բնորոշ  մակդիրներով, ինչպես օրինակ՝ քաջ Վարդան, առաքինի զորավար, մեծն Վարդան, կորովին Վարդան եւ այլն: Նրա հերոսն ամբողջ ժողովուրդն է:

Եղիշեն առանձնապես հիացմունքով է խոսում պատերազմում զոհվածների, ինչպես նաեւ պատերազմից հետո բանտարկված նախարարների կանանց մասին: Գեղարվեստական խոսքի մեծ վարպետությամբ նկարագրում է նրանց դառն ու անտանելի վիճակը, միաժամանակ շեշտում, որ նրանք կորցնելով ամեն ինչ, մոռացության են տվել իրենց փարթամ ու փառավոր անցյալը, հերոսաբար մաքառել են դժվարությունների դեմ: Փափկասուն կանայք մոռացել են իրենց կանացի տկարությունը, եւ առաքինի տղամարդիկ դարձել պատերազմի մեջ [19]:

Փափկասուն կանանց նվինված այդ հատվածը, ավարտվում է Եղիշեի երկը, բանաստեղծական հիասքանչ ստեղծագործություն է: Մ. Աբեղյանն իրավացիորեն նշում է, որ համաշխարհային գրականության մեջ քիչ կան նման չգերազանցված նկարագրություններ: Այն այսօր էլ հիացմունք է առաջացնում ընթերցողի մեջ: Իրավամբ Եղիշեի պատմության շատ բանաստեղծական քնարական հատվածներ պետք է դրվեն համաշխարհային գրականության ոսկե ֆոնդում, որպես գեղարվեստական չգերազանցված գոհարներ:

Ականավոր հայագետ Հ. Մարկվարտը գրել է. «Միջնադարյան ո՛ր ժողովուրդը կկարողանա պարծենալ, թե երբեւիցէ կարողացել է իր սեփական լեզվով, կամ թեկուզ միայն բախտավոր լատիներենով, հրապարակ հանել Վարդանի եւ իր ընկերների դյուցազնամարտի այնպիսի մի նկարագրություն, ինչպիսին է եղել վարդապետի նկարագրածը» [20]:

Խորաթափանց քաղաքականագետ Եղիշեն հանգամանորեն բացահայտում է դեպքերի, իրադարձությունների ներքին կապը, պարսկական արքունիքի ձեռնարկած միջոցառումների ներքին ու արտաքին նախադրյալները: Ահա թե, որոնք էին, ըստ Եղիշեի՝ Հազկերտի սանձարձակ վարքագիծը խթանող հանգամանքները:

Մերձավոր Արեւելքում քաղաքական դրությունը նպաստավոր էր Պարսկաստանի համար: Կայսրությունը չէր խախտում Պարսկաստանի  հետ կնքած դաշինքը, հոները դադարել էին Ճորա պահակն անցնելուց, երկիրն ամեն կողմից խաղաղության մեջ էր ապրում: Հազկերտ II-ը հոների թագավորին էլ նեղն էր լծել, ավերելով նրա շատ գավառներ Օգտվելով ստեղծված բարեհաջող վիճակից Հազկերտը հրամայում է հափշտակել Պարսից աշխարհում գտնվող քրիստոնյաների ամբողջ ունեցվածքը [21]: Դեպքերը զարգանում են, պատմիչն  ասում է, որովհետեւ որտեղից քիչ կասկած  ուներ, այնտեղից լիովին ապահովվել էր, այդ պատճառով էլ  քրիստոնյաներից շատերին դավանափոխ արեց, մեկին սպառնալի խոսքերով, մյուսին շղթաներով ու տանջանքներով, երրորդին չարաչար մահով սպառնալով: Հափշտակում էր նրանց  ստացվածքն ու կալվածները եւ  մեծ անարգանքով տանջում էր բոլորին [22]:

Բռնակալի հաջորդ վճռական քայլը՝ դավանափոխության մասին հրովարտակ-պահանջագրի առաքումն էր Անդրկովկասի քրիստոնյա ժողովուրդների ավագանիներին: Այն մեծ զայրույթ է առաջացնում Հայաստանում, Վրաստանում եւ Աղվանքում: Հայ հոգեւորականությունը միաբան եւ միահավան, միահամուռ հավաքվում են թագավորանիստ վայր Արտաշատում՝ մեծամեծ նախարարների եւ Հայոց աշխարհի ամբողջ բազմության հավանությամբ պատասխան նամակ են գրում, ուր հիմնավորում են իրենց դավանանքի հիմնական դրույթները, ցույց տալիս նրա առավելություները եւ պարսիկների պաշտամունքի անհեթեթությունները: Նրանք հաստատակամորեն շեշտում են, որ իրեց «ո՛չ  ոք չի կարող դավանափոխ անել, ո՛չ հրետակները, ո՛չ մարդիկ, ո՛չ սուրը, ո՛չ հուրը, ո՛չ ջուրը եւ ո՛չ էլ այլ դառն հարված: Որ իրենց հավատի ուխտը աստծու հետ է անլուծելի կերպով, որ անհնար է քանդել ու հեռանալ ո՛չ այժմ եւ ո՛չ հետո, ո՛չ հավիտյանս եւ ո՛չ էլ հավիտենից հավիտյանս» [23]:

Պատմիչն ընդգծում է, որ ամբողջ բազմությունը, մեծերից մինչեւ փոքրերը, միաբանվեցին, երդվեցին կյանքով ու մահով հաստատ մնալ իրենց որոշման մեջ [24]:

Ստանալով մերժման մասին նամակը, պարսից արքունիքը հայ անվանի նախարարներին շտապ Տիզբոն է կանչում եւ մահի սարսափի տակ՝ ստիպում է դավանափոխ լինել: Նրանք հարկադրված առերես կատարում են պահանջը եւ մեծ թվով մոգերի հետ վերադառնում հայրենիք: Եպիսկոպոսները, երբ լուր են ստանում մոգերի գալու մասին, անմիջապես ցրվում են ամեն մեկն իր թեմը, քորեպիսկոպոսներ են ուղարկում գյուղերն ու ագարակները եւ լեռնային գավառների  բազմաթիվ ամրոցները: Նրանք ոտքի են հանում մեծ բազմություն, այր եւ կին, շինական եւ ազատ, քահանա եւ միայնակյաց, խրատում են, ամրապնդում եւ բոլորին «Քրիստոսի զինվոր» են դարձնում: Որոշում են՝  հարազատ եղբոր ձեռքը թող բարձրանա այն մերձավորի դեմ, որ դուրս է եկել աստծու պատվիրանի ուխտից, հայրը չխհայի որդուն, եւ որդին չակնածի հոր պատվից: Կինը կռվի իր ամուսնու դեմ, եւ ծառան դիմադրի իր տիրոջը: Ապա բոլորն էլ զինվում են ու դուրս գալիս՝ սաղավարդները գլխներին, սրերը մեջքներին եւ  վահանները ձեռքներին, ոչ միայն քաջ տղամարդիկ, այլեւ արիասիրտ կանայք, հպարտությամբ ընդգծում է  պատմիչը [25]: Նա հակառակ աստծու պատվիրանին՝ ծառաներին հնազանդ լինել տերերին, հայրենիքին եւ դավանանքին սպառնացող վտանգի ժամանակ, ծառաներին կոչ է անում ծառանալ ուխտադրուժ տերերի դեմ: Նախարարները մոգերի հետ ժամանում են Անգղ գյուղաքաղաքը, այնտեղ էր արդեն գտնվում Ղեւոնդ երեցն իր բազմաթիվ ուխտակիցների հետ: Երբ մոգպետը մի կիրակի օր մեծ ուժով գնում է եկեղեցու դռները քանդելու, Ղեւոնդը չի սպասում բոլոր եպիսկոպոսներին, այլ շտապում է, մեծ աղմուկ ու տագնապ է առաջացնում զորքերի ու մոգերի մեջ, դագանակներով հարձակվում են, ջարդում մոգպետի ու մոգերի գլուխները, բոլորին փախցնում իրենց կացարանները: Այդ խռովահույզ տագնապից հետո, ասում է Եղիշեն, Հայոց աշխարհի բոլոր կողմերից տղամարդկանց ու կանանց  մեծ բազմություն է հասնում այնտեղ: Պատմիչը նշում է, որ պետք էր տեսնել, թե ինչպիսի աղետալի իրարանցում էր ընկել, ոմանք աղբյուրի պես հորդ արտաասվում էին, ուրիշները բարձր ճչալով կարծես թե երկինքն էին դողացնւմ, իսկ կեսն էլ խիզախելով ու դեպի զենքը վազելով՝ նախընտրել էին մեռնել, քան թե ապրել: Հավաքվածները սարսափի մեջ  էին գցել մոգերին [26]:

Սկսվում է համաժողովրդական մեծ ապստամբությունը: Պատահական չէ, որ Եղիշեն իր երկն անվանել է «Հայոց պատերազմ» եւ ոչ «Վարդանանց» կամ «կրոնական»:

Հայաստանում դեպքերը քանի գնում ավելի են զարգանում ու խորանում:

Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ  451թվականի մայիսի 26-ին հայերը Ավարայրի դաշտում մեկ ամբողջ օր ճակատամարտ են տալիս մի քանի անգամ թվական գերակշռություն ունեցող ու շատ լավ զինված թշնամու բանակին: Թշնամին տալիս է 3544, իսկ հայերը՝ 1036 զոհ:: Ահա թե ինչպես է նկարագրում ոսկեղեն մատյանի հեղինակը այդ ճակատամարտը, որին մասնակցել ու ականատես է եղել ինքը: Երկու կողմերն էլ սրտմտությամբ ու մեծ բարկությամբ զայրացան եւ գազանացած զորությամբ միմյանց վրա հաձակվեցին, երկու կողմերի աղմուկն ու աղաղակը ճայթում էր ինչպես իրաի խառնված ամպերի միջից, եւ ձայների դղրդյունը շարժում էր լեռների քարանձավները: Բազմաթիվ սաղավարտներն ու զրահապատված զորականների զենքերը փայլում էին ինչպես արեւի ճառագայթների շողերը: Նաեւ բազմաթիվ սուսերների շողալուց եւ բազմախառն նիզակների ճոճվելուց կարծես ահագին կրակ էր թափվում երկնքից: Վահանավորների թնդյունն ու աղեղների լարերի ճայթյունն առհասարակ ճլացնում էին բոլորի ականջները: Պատմիչն ընդգծում  է, թե այնտեղ պետք էր տեսնել նիզակների կոտրատումն ու աղեղների խորտակումը: Ընկածների դիակներն այնպես խիտ էին ու իրար մոտ թափված, ինչպես անտառի կտրտված փայտերը: Հերոսի մահով զոհվում էին շատերը, դրանց թվում եւ հայոց սպարապետ՝ Վարդան Մամիկոնյանը:

Ըստ Եղիշեի՝ ճակատամարտում «ոչ եթէ կողմ էր, որ յաղթեաց եւ կողմ էր, որ պարտեցաւ, այլ քաջք ընդ քաջս ելեալ՝ երկոքին կողմանքն ի պարտութիւն մատնեցան» [27]:

Եղիշեն ընդգծում է, որ պարսիկները ապստամբությունը չեն կարողանում ճնշել: Վախենալով հետագա բարդություններից, Հազկերտը հարկադրված փոխում է իր քաղաքականությունը, դիմում է զիջումների: Այսպիսով, իրականում հայերի ժողովրդա-ազատագրական ապստամբությունը հաղթանակով է պսակվում:

Այդ հաղթանակի արդյյունքները հրճվանքով գոհունակությամբ է արձանագրում հայրենասեր մեր պատմիչը: Նշում է, որ նոր նշանակված մարզպանը հրամայում է սիրով նվաճել Հայաստանը, քանի որ հայոց նախարարներից շատերը դեռեւս ուժով գրաված էին պահում երկրի ամուր տեղերը, եւ նա դեռեւս երկյուղի մեջ էր եւ այդ պատճառով էլ հենց ինքն էր շրջում, հավաքում ու վերաշինում հաստատ խոստումներով: Եպիսկոպոսներին հրաման էր տվել, որ ամեն մեկն  իր իշխանությունն ստանձնի եւ նախկին սովորության համաձայն  ազատ  կերպով պաշտոն կատարի եւ ազատ, համարձակ հրապարակ դուրս գա: Մինչեւ իսկ պարգեւների էր արժանացրել նրանց: Ավելին, որովհետեւ զորականները ավերել էին շատ գավառներ, նա հրամայել էր երկրի հարկերը ներել, արքունի այրուձին էլ  միառժամանակ թեթեւացնել, փախած միայնակյացներին էլ թույլ էր տվել վերադառնալ իրենց տեղերը: Մարզպանը ասել էր, որ աստվածապաշտության բոլոր կարգերը կատարեն այնպես, ինչպես նախնիների օրով էր: Երկրից հեռացածները  վերադարձել են հայրենիք եւ տեր դարձել իրենց  ունեցվածքին:

Ըստ Եղիշեի, ամենամեծ բանն այն էր, որ եթե որեւէ մեկը բռնությամբ է պարսից կրոնը ընդունել՝ մարզպանը արքունիքից հրովարտակներ էր ուղարկել՝ նորից քիստոնյա դառնալու մասին: Արքունիքում էլ Հազկերտն ասել էր բոլորին, թե՝ ոքեր սիրով չեն ընդունում իրենց կրոնը, այդպիսինների վրա աստվածներն էլ են զայրանում: Եվ հրամայել էր՝ ամեն մարդու թողնել իր կամքի համաձայն վարվելու, ով ինչ կամենում է, թող այն պաշտի, բոլորն էլ իր ծառաներն են:

Եղիշեն ասում է թե անգամ այն նախարարները, որոնք գտնվում էին երկրի ամրություններում կամ հեռավոր օտարության մեջ, երբ տեսան հայրենիքի շենանալը, մանավանդ եկեղեցու ապահովությունը, սիրտ առան եւ համարձակվեցին ներկայանալ թագավորին:

Արքունիքում գործի քննությունից հետո հանցավոր էին ճանաչվել ուրացողները Վասակի գլխավորությամբ [28]:

Ո՞րն էր Հազկերտի քաղաքականության նման արմատական փոփոխության պատճառը: Եղիշեն այն բացահայտում է թշնամու բերանով, ավելի ազդու դարձնելու նպատակով:

Պարսիկ  պաշտոնյան, որը պետք է Հայաստանում գլխավորեր դավանաձոխության գործը, ականատես լինելով Անգղում մոգերի հետ պատահած միջադեպին, Վասակին սարսափահար ասել է. թողեք գրեմ եւ ցույց տամ մեծ թագավորին, որ ձեռք քաշի նման պահանջներից, որովհետեւ եթե աստվածներն էլ մեզ օգնության գան, հնարավոր չէ, որ Հայաստանում հաստատություն գտնի զրադաշտական կրոնը: Եթե այս աշխարհի զորքն էլ մոգեր լինեին, քրստոնյաները ամենեւին չէին խնայի եւ նրանց էլ կոչնչացնեին ոչ միայն դրսից եկածներին, այլեւ իրենց եղբայրներին, որդիներին եւ բոլոր մերձավորներին: Մարդիկ, որոնք ո՛չ շղթաներից են վախենում, ո՛չ տանջահքներից երկյուղ կրում եւ ո՛չ հարստությունը բանի տեղ դնում եւ վերջապես, որ բոլոր չարիքներից ամենից վատթարն է, մահը գերադասում են կյանքից, ով է, որ կարող է նրանց դիմադրել [29]:

Նույն պաշտոնյան ասել է նաեւ, որ ինքը լսել է, որ Շապուհ II-ն էլ դաժան ու վայրագ միջոցներով փորձել էր արգելել քրիստոնեությունը, սակայն համոզվել էր, որ այդ հնարավոր չէ, քանի որ ինչքան ճնշել, ոչնչացրել է, նրանք այնքան ավելի են աճել ու հզորացել: Պատմիչը պարսիկի  բերանով կարծեք հասկացնում է գահակալներին, որր հայերի դավանափոխությունն անիրագործելի է, եւ որ իզուր  կլինեն նաեւ նոր փորձերը [30]: Եղիշեն կաթողիկոսի տեղապահ Հովսեփ Հողոմցու բերանով հաստատում է այդ: Միհրներսեհ հազարապետին Հովսեփը գրել է, թե քո կողմից տանջանք, իսկ մեր կողմից հանձնառություն, քո սուրը եւ մեր պարանոցները: Մենք ոչնչով ավելի լավ չենք մեր նախնիներց, որոնք այս հավատի համար դրին իրեց գույքն ու ստացվածքը, եւ մարմինները [31] եւ ավելացրել է, որ իրենց հավատի ուխտը անհնար է քանդել ո՛չ այժմ եւ ո՛չ հետո, ո՛չ հավիտյանս եւ ո՛չ հավիտենից հավիտյանս:

Եղիշեն գիտակցել է, որ ստեղծված իրավիճակում, երբ երկրում ուժերը ջլատվել եին, առկա  էր քաղաքական կողմնորոշման երկու ուղղություն եւ երբ դրսից օգնության հույս չունեին, տրամաբանական չէր լինի  անկախության նպատակ հետապնդելը: Մեր պատմիչը չնայած բյուզանդական կողմնորոշման ջատագովն էր, ստիպված Բուզանդի՝ Մանվել Մամիկոնյանի ծրագրի կողմնակցի դերում է հանդես եկել, այն է ստեղծված պայմաններում հայերը հարկադրված պետք է լինեն ընդունել Պարսկաստանի գերիշխանությունը, հարկ վճարեն նրան, միայն թե չվտանգվի դավանանքը, հետեւապես եւ ազգային ինքնուրույնությունը: Եվ պատահական չէ, որ նա Հազկերտի բերանով է ասում, թե իր տերության մեջ այսուհետեւ ով ինչ կրոն ուզում է թող նա էլ պաշտի, չէ որ միեւնույն է բոլորն էլ իր ծառաներն են, այսինքն հարկատուներն են: Նման հարցադրման անհրաժեշտությունը օրակարգի հարց էր դարձել: Եղիշեն, ելնելով ստեղծված իրավիճակից եւ հետեւելով Բուզանդին, նույնպես քարոզել է այն գաղափարը, որ Հայաստանը պարսիկները զենքով չեն նվաճել, հայ նախարարները Հազկերտին հիշեցրել են, որ Շապուհ II-ի ժամանակ «…Ետ նմա Աստուած զերկիրն Հայոց ի ժառանգութիւն սովին օրինօք…» [32], դրա համար էլ իրենք սիրով ծառայել ու ծառայում են արքաներին՝ տանելով ամենածանր զրկանքներն ու հալածանքները:

Եղիշեն իր երկը գրել է 460-ական թվականների կեսերին, այն ժամանակ, երբ պարսկական արքունիքը նորից անցել էր հազկերտյան քաղաքականությանը, տնտեսական ու կրոնա-քաղաքական հալածանքները սկսել էր ուժեղացնել եւ վտանգել հայերի ինքնուրույնությունը, դավանանքը եւ ազգային արժանապատվությունը:

Եթե 25-30 տարի առաջ Կորյունը եւ Ագաթանգեղոսը նման վտանգի դեմ պայքարելու համար նավարկել են պայքարի միջոցներ ձեռք  բերելու համար, ապա Եղիշեն սավառնել է դեպի վեր, որպեսզի անցնի վնասակար մրրկածին օդից, փոքր ի շատե ծծի վերին անապական օդը եւ ձեռք բերի գիտություն իր  եւ իր հայրենակիցների փրկության եւ եկեկեղեցու փառքի համար [33]: Եղիշեն խոր գիտակցել է, որ իր ձեռք բերած գիտության միջոցով ու շնորհիվ պետք է անջնջելի արձան կանգնեցնել նվիրված քրիստոնեական կրոնին, խղճի ազատությանը եւ  դրանց համար նահատակվածներին: Բուզանդի նման, նա էլ գտել է, որ պետք է հայրենիքի անցյալի փառքով ոգեշնչել ու ոտքի հանել ժողովրդին, նա իր երկը գրել է, որպեսզի շարունակ կարդան, իմանան առաքինի անձերի  քաջությունը եւ ոչ առաքինների վատթարությունը: Նա կոչ է արել, թե միաբանությունը բարի գործերի մայրն է, իսկ անմիաբանությունը՝ չար գործերի ծնողը: Իր երկը սիրելիների համար պետք է մխիթարություն լինի, հուսացողներին՝ հույս, քաջերին քաջալերություն, որոնք հոժարակամ հարձակվում են  մահվան վրա [34]:

Ահա պատմիչ Եղիշեի նպատակն ու նշանաբանը՝ սովորեցնել, որ իր դավանանքն անպարտելի է եւ նրա համար պետք է հոժարակամ հարձակվել մահվան վրա: Միաժամանակ կոչ է անում կրոնավորներին, որ նրանք զվարթությամբ կատարեն իրենց պաշտոնն ու ծառայությունը [35]:

Իր՝ իբրեւ առաքինի զինվորի, գրչով կռվելն է շնորհ համարում, գրել ու ներշնչել ժամանակակիցներին ու հետագա սերունդներին ազատության, խիզախության, քաջութան ոգին, տոգորել հերոսությամբ եւ ընդհակառակը, ատելի դարձնել դավաճանությունը, բռնությունը, ուխտադրժությունը:

Խորաթափանց մեր պատմիչը գիտակցել է, որ իր այդ վսեմ նպատակն իրականացնելու համար պետք է ստեղծել բանաստեղծական պատմություն, քնարական վիպասանություն, իսկ դրա համար անհրաժեշտ է ոչ թե սոսկ շարադրել, այլ ճառագրել, տալ ճարտասանական պատմություն, կատարել շատ քնարական զեղումներ [36]: Պատմիչ Եղիշեն մեծ հմտությամբ ու վարպետությամբ կատարել է իր հետապնդած նպատակը, դրանով իսկ անմահացրել իրեն եւ դարձել իր ժողովրդի ամենասիրելի պատմիչներից մեկը:

Մ. Աբեղյանը ճիշտ կերպով նկատում է, որ հին քրիստոնեական գրականությունը կրել է հրապարակախոսական  ու միտումնավոր բնույթ, նպատակն է եղել ուսուցանել, լինել օգտակար դաս, օրինակ ընթերցողների համար, կրոնա-բարոյակրթական խրատ տալ եւ որ ուսուցանելու այդ միտումը բնորոշ է եղել նաեւ աշխարհիկ թեմատիկային նվիրված երկերին [37]: Եղիշեն էլ հենց այդ ձեւն է ընտրել, ձգտել է դեպքերն այնպես շարադրել, որ ոչ միայն համոզի, այլեւ ազդի, եւ ամենալավ, ամենաակտիվ կերպով խթանի իր նպատակին: Եղիշեին անչափ հուզել է իր հայրենիքի ու ժողովրդի օրհասական վիճակը, ցավել ու տանջվել է  այդ իրողության գիտակցությամբ: Նա կատարելով ժամանակի պահանջը, ստիպված գրել է. թեպետեւ չէինք հոժարի մեր ազգի թշվառությունը ողբալ, սակայն ստիպված շարադրում ենք [38]:

Անհրաժեշտ էր ոչ միայն ողբալ այդ թշվառ վիճակը, այլեւ ցույց տալ դրա պատճառները, եզրակացություններ անել ներկայի ու ապագայի համար, միաժամանակ հիանալ ու հիացնել, հափշտակվել ու հափշտակեցնել այդ թշվառ վիճակի դեմ պայքարող հերոս նահատակների սխրագործություններով, անհանդուրժողականություն, ատելություն սերմանել իր ժողովրդի՝ նման վիճակին հասցնողների նկատմամբ: Նա պայքարել է ժամանակի խավարի դեմ, գիտակցված կյանքի է կոչել մարդկանց: Սերունդները հպարտությամբ ու հիացմունքով են կարդացել, կարդում եւ կկարդան մեծ մտածողի ու հայրենասերի այն հատվածը, ուր գրում է թե. «Մահ ոչ իմացեալ՝ մահ է, մահ իմացեալ՝ անմահութիւն է: Որ մահ ոչ գիտէ՝ երկնչի ի մահունէ, իսկ որ գիտէ զմահ՝ ոչ երկնչի ի նմանէ:

Եւ այս ամենայն չարիք մտանեն ի միտս մարդոյն յանուսումնութենէ: Կոյր զրկի ի ճառագայթից արեգական, եւ տգիտութիւն զրկի ի կատարեալ կենաց: Լաւ է կոյր աչօք քան կոյր մտօք: Որպէս մեծ է հոգի քան զմարմին՝ այսպես մեծ է տեսաւորութիւն մտաց քան զմարմնոց» [39]:  

Ըստ Եղիշեի, եթե մեկը շատ ճոխացած լինի աշխարհական մեծությամբ՝ իսկ մտքով ավելի աղքատ, այնպիսին ողորմելի է շատերից: Եթե թագավորը իմաստությունն իրեն աթոռակից չունի, չի կարող իր վիճակի մեջ վայելուչ լինել: Ամբողջ մարմնի կենդանությունը հոգին է, իսկ մարմինն ու հոգին կառավարողը միտքն է. եւ ինչպես որ մի մարդու վերաբերմամբ է, այնպես էլ ամբողջ աշխարհի վերաբերմամբ: Թագավորը միայն իրեն համար պատասխանատու չէ, այ նաեւ նրանց համար, որոնց կորստյան պատճառ է եղել [40]:

Եղիշեն գիտակցել է, որ Պարսկաստանից եկող վտանգի դեմ պետք է բոլոր ճակատներով մահ ու կենաց կռիվ մղել, իսկ դրա համար անհրաժեշտ է մարդկաց նախապատրաստել, ցույց տալ համոզել, որ ուժեղ թշնամու դեմ անհավասար մարտը պահանջում է բարձր գիտակցականություն խիզախություն եւ տոկունություն: Քանի որ, ըստ Եղիշեի, մարդկու կյանքում մտքի խաղացած դերը ամենից կարեւորն է, վճռականն ու տոն տվողը, կառավարողը, ուստի այն պետք է միշտ էլ լուսավոր լինի: Հավանաբար նրան հայտնի է եղել «Յաղագս պիտոյից»-ի  «իմաստուն խորհրդով՝  զբազմաձեռն զօրութեան յաղթէ, իսկ անուսումնութիւն անհնարին չար է» [41] եւ  «կրթությունն է ամենայն ինչ» մտքերը [42]:

 

Եղիշեն մեծ հայրենասեր է: Ժամանակակիցներին եւ հետագա սերունդներին հայրենիքի անցյալի փառքով եւ նախնիների սխրանքներով դաստիարակելու, ոգեշնչելու, ուժերը լարելու, համախմբելու գործում նա չի զիջում անգամ Խորենացուն, Եղիշեի մոտ էլ հայերը անպարտ են: Մինչ Ավարայրը հայկական զորքը բոլոր մարտերում փայլուն հաղթանակներ է տարել, թշնամու բանակներ է ոչնչացրել, մեծ բանակների զորքերից հազիվ մեկն է կարողաաացել ճողոպրել, այն էլ նրա համար որ լուր տանի թագավորին, պարտության մասին: Իսկ Ավարայրի ճակատամարտում, որովհետեւ քաջերը քաջերի դեմ են կռվել, երկու կողմերն էլ պարտություն են կրել, թերեւս եթե Վարդանը չսպանվեր այդ ճակատամարտում էլ հայերը կհաղթեին:

Պատմիչն առանձնապես հպարտությամբ է խոսում ժողովրդի՝ հայրենիքի ու դավանանքի համար նահատակվելու պատրաստակամության մասին: Նշում է, որ տղամարդիկ ու կանայք եւ ամբողջ ռամիկ բազմությունը աղաղակում եւ ասում էին գոհանալով. պատրաստ ենք հալածվելու եւ մեռնելու եւ ամեն տեսակ նեղություն ու չարչարանք կրելու այն սուրբ եկեղեցիների համար, որ ավանդել են մեզ մեր նախահայրերը. կամենում ենք չարչարանքով ու արյունով նորոգել մեր անձերը [43]:

Այնուհետեւ, Եղիշեն ասում է, տերը ծառայից ավելի չէր երեւում, եւ ոչ էլ փափուկ    մեծացած ազատը, տառապյալ գեղջուկից եւ  ոչ էլ մեկը մյուսից ավելի պակաս քաջության մեջ: Միեւույն  հոժար սիրտն ունեին բոլորն էլ՝ տղամարդ ու կին, ծեր ու տղա եւ Քրիստոսի անունով բոլոր  միաբանվածները: Որովհետեւ առհասարակ բոլորն էլ միեւնույն զենքով էին զինավորվել եւ Քրիստոսի հավատի պատվիրանի միեւնույն  զրահն էին հագել, ճշմարտության միեւնույն գոտիով ամրացրել իրենց մեջքերը թե՛ տղամարդիկ եւ թե՛ կանայք: Արհամարված, անարգված էին  զարդարանքի ու մեծարանքի համար հատկացված պատվական հագուստները, ինչպես եւ ամեն մի գույք, ոչինչ էր համարվում իր տերերի աչքում: Հաճախ լսվում էին այս խոսքերը՝ «միայն թե քաջությամբ մեռնենք», «միայն թե անուն եւ հոգի ժառանգենք, որ մեր մեջ կենդանի լինի Քրիստոսը» [44]:

Անգամ պարսիկ զորավարն է ընդգծել հայերի քաջությունը, նա իր զորքերին ասել է. դուք ինքներդ գիտեք հայերի քաջության եւ ամեն մեկի անվեհերության մասին [45]:

Հայ նախարարները կայսրին գրել են, որ իրենք գերադասել են մահն աստվածապաշտությամբ, քան կյանքն ուրացությամբ [46]:

Ըստ Եղիշեի՝ հայերի հաջողությունների երաշխիքը միշտ նրանց միասնությունն է եղել: Միանգամայն ճիշտ է նկատում Վ. Նալբանդյանը, որ հենց այդ էլ հանդիսացել է նրա պատմության փիլիսոփայության հիմքերի հիմքը [47]: Խոսելով Վասակի երկպառակության մասին, նա նկատում է, թե մինչ այդտեղ շատ էլ չի վախեցել պատմելու իր ազգի այն հատվածները, որ պատճառել են արտաքին թշնամիները, որոնցից քչերն են իրենց ջարդել եւ շատերը իրենցից են ջարդ կրել, որովհետեւ դեռեւս միաբան ու ընկերակիցներ էին: Սակայն, երբ ներս է սպրդում երկպառակությունը, միաբանությունը քանդելու հետ հեռանում է նաեւ երկնավոր առաքինությունը, եւ անձնասիրությունն ավելանալով խիստ շատանում է լացն ու ողբը: Որովհետր ասում է Եղիշեն, կտրվեցին-ընկան այն անդամները, որոնք առաջներում այդ սուրբ մարմնին էին պատկանում, ուստի մարդու լացը գալիս է իր առջեւ այդ դիակը տեսնելիս, էլ ավելի դառնությամբ է լցվում սիրտը, այն մարդու պատճառով, որ հոգով ու մարմնով առհասարակ դիակ է դառնում: Եվ եթե մի անձի վերաբերմամբ այդպես է, որքան ավելի կլինի մի ամբողջ ազգի վերաբերմամբ, բացականչում է պատմիչը: Նա նշում է, որ իր ողբը ոչ թե միայն ազգի համար է, այլ շատ ազգերի ու երկրների, որ կարգով պատմելու է. ու ավելացնում է «թեպետեւ ոչ ուրախ սրտով»:   Գտնում է, որ ամենից վատն այն է, որ միաբանություննը քայքայողների բաց արած կորստյան դուռը միայն աստված կարող է փակել, իսկ մարդու կարողության սահմանից ավելի է եւ այլեւս հնար չկա [48]:

Ահա թե ինչու Եղիշեն իր ամբողջ երկում կարմիր թելի նման քարոզում է միաբանության գաղափարը:

Ջերմ հայրենասիրական ու մարտական հոգով է տոգորված պատմիչի գլխավոր գործող անձի՝ Վարդանի ճառը Ավարայրի ճակատամարտից առաջ: Դիմելով զորքին, նա ասել է, որ շատ պատերազմ է մղել նրանց հետ միասին, ավելի  շատ քաջաբար հաղթել են թշնամուն, քան պարտվել: Ով փախչում էր, վատանուն էր երեւում աշխարհում եւ նրանցից անողորմ մահ էր ստանում, իսկ ով քաջությամբ առաջ էր ընկնում, քաջ անուն էր ժառանգում եւ մեծամեծ պարգեւներ էր ստանում: «Արդ, աղաչում եմ ձեզ, - շարունակում է սպարապետը, - ով իմ քաջ նիզակակիցներ, մանավանդ որ ձեզանից շատերը քաջությամբ ինձանից լավ եք եւ  հայրենական գահի պատվով ավելի բարձր: Թող իմ խոսքերն  ախորժալուր եւ բաղձալի թվան մեծերիդ ու փոքրերիդ ականջներին : Չերկնչենք ու չվախենանք հեթանոսների բազմությունից եւ ոչ էլ մահկանացու մարդու ահռելի սրի դեմ թիկունքներս դարձնենք, ոչնչացնենք նրանց զորությունը, որպեսզի հաղթանակի ճշմարտությունը, իսկ եթե հասել է ժամանակը մեր կյանքը սուրբ մահով ավարտելու այս պատերազմում, ընդունենք ուրախ սրտով, միայն թե արիության ու քաջության մեջ վախկոտություն չխառնենք: Նշել է, որ նախորդ կռիվներում արդեն իրենք քաջի անուն են ժառանգել, արքունի զորքը չարաչար ջարդել են, մոգերին ել անողորմ կերպով կոտորել են, կռապաշտության պղծությունը մի քանի տեղերից սրբել են, թագավորի հրամանը ջնջել-ոչնչոցրել են, ծովի խռովությունն իջեցրել են, լեռնացած ալիքները դաշտացել են, բարձրադեզ փրփուրը սպառվել է, գազանացած զաըրույթը դադարել է: Նա, որ ամպերի վրայից էր որոտում, ընկճված՝ իր սովորական բնությունից էլ ցած է իջել՝ մեզ հետ խոսելով: Նա, որ խոսքով ու հրամանով էր ուզում կատարել իր չաիությունը՝ սուրբ եկեղեցու վերաբերմամբ, այժմ աղեղով ու նիզակով ու սրով է կռվում, նա որ կարծում էր, թե մենք քրիստոնեությունն իբրեւ  զգեստ ունենք հագած, այժմ չի կարողանում մեզ փոխել, ինչպես մարմնի գույնը չի կարելի փոխել, գուցե եւ այլեւս չկարողանա էլ մինչեւ վերջը: Վարդանը ճառն ավարտել է հետեւյալ խոսքերով. վախը   թերահավատության նշան է, թերհավատությունը մենք վաղուց ենք մերժել մեզանից, նրա հետ թող վախն էլ փախչի մեր մտքերից ու խորհուրդներից [49]:

Վարդանի ճառը, իսկապես, ամբողջապես քաջության ու արիության ներբող է:

Պատմիչի մյուս գործիչը՝ Ղեւոնդն էլ է քաջության կոչել Դիմելով զորքին նա ասել է եղբայրներ, չթուլանանք եւ չվհատվենք , այլ պինդ սրտով ու հաստատուն հավատով հոժարակամ հարձակվենք այն թշնամիների վրա, որ վեր են կացել-գալիս են մեզ վրա [50]:

Պարմիչի ապրած օրերը պահանջում էին միասնություն՝ պարուրված քաջությամբ ու խիզախությամբ եւ եթե Վարդանն ուՂեւոնդը Իսրայելի հերոսների մասին պատմելով էին ոգեշնչել զորքին, ապա ինքն էլ վարդանների ու ղեւոնդների օրինակով է ոտքի հանել հայրենակիցներին, անձնազոհ նահատակների օրինակով տոկունություն ու համբերություն քարոզել: Տիզբոնում հայ նախարարներն ու եպիսկոպոսները երեցների հետ միասին, թեպետեւ մեծ պատուհասի մեջ են եղել, ամենեւին չէին հիշել այն նեղությունները, որ անցել էին նրանց գլխով եւ կամ որ սպասվում էին ապագայում, այլ մխիթարում էին միմյանց եւ ասում՝ քաջությամբ պատերազմեցինք, էլ ավելի մեծ համբերությամբ տանենք չարչարանքները [51]:

Ըստ Եղիշեի՝ բոլոր առաքինություններից գլխավորն համբերությունն է եւ այդ էլ հենց նա քարոզել է: Դա էլ դարի պահանջն էր:

Երիտասարդության մեջ համարձակություն ու խիզախություն դաստիարակելու նպատակով, պատմիչն հանդուգն վարքագիծ է վերագրում ոչ թե հայ նախարարների ավագ սերնդի, այլ կրտսեր սերնդի ներկայացուցչին: Սիզբոնում Գարեգին անունով երիտասարդ մի նախարար Հազկերտին հարց է տվել, թե քաջ թագավոր, դու՛ որտե՞ղից  գիտես տիրոջ մասին, այդ բաները, որ խոսում ես. Հազկերտը պատասխանել է, որ իր առաջ կարդացել են հայերի մոլորության գրքերը, Գարեգինն ասել է, իսկ ինչու մինչեւ այդտեղ միայն կարդալ տվեցիր, շարունակել տուր կարդալը եւ այնտեղ կլսես հարությունը, շատերին հայտնվելը, երկինք վերանալը, հոր աջ կողմը նստելը, երկրորդ գալստյան խոստումը, բոլորին հրաշալի կերպով հարություն տալով, արդար դատաստանի համառոտ հատուցումը: Թագավորն ասել է, որ այդ բոլորը խաբեություն է, նախարարը պատասխանել է, եթե քեզ համար հավատալի է նրա մարմնավոր չարչարանքը, ապա էլ  ավելի հավատալի պիտի լինի նրա երկրորդ ահավոր գալուստը [52]: Այդ հանդգնության համար «Քրիստոսի զինվորը» նահատակվել է:

  Հայերի համարձակությունն ու աներկյուղությունը հավանության է արժանացրել մեր պատմիչը նաեւ թշնամիների կողմից: Տրզբոնում, երբ ստացել են հայերի պատասխան նամակը Հազկերտին եւ այն կարդացել ամբողջ բազմության առաջ, շատերը գովել են տված պատասխանները: Թեպետեւ երկյուղ են կրել, սակայն գաղտնի միմյանց մոտ գովել են եւ ճարտասանությունից ավելի զարմացել նրանց աներկյուղ համարձակության վրա: Նույն շշնջյունն է լսվել բոլոր շրթունքներից [53], հպարտությամբ ընդգծում է հեղինակը:

 

Որքան ջերմությամբ է խոսում Եղիշեն հայրենիքին եւ դավանանքին նվիրված, հոգեւորականության եւ ամբողջ ժողովրդի մասին, այնքան ավելի ատելությամբ է տրամադրված հայրենիքի ու դավանանքի թշնամիների նկատմամբ: Նրանք բոլորն էլ անօրեն են, պիղծ, քսու: Դրանք են Հազկերտը, Միհրներսեհը, մոգպետն ու մոգերը, Վասակը եւ վերջինիս զինակիցները, որոնց եւ շատ խիստ ու մռայլ գույներով էլ ներկայացնում է:

Սատանան իրեն գործակից էր դարձրել Հազկետին, - գրում է պատմագիրը, - հավաքված ամբողջ թույնը լցրել էր նրա մեջ, ինչպես թունավորված նետերով լի կապարճ: Վերջինս սկսել էր հոխորտալ անօրենությամբ, գոռոզանալ, որովհետեւ նրան շատ սիրելի էր խռովությունն ու արունահեղությունը, այդ պատճառով ինքն իր մեջ ալեկոծվում էր, թե ու՞մ վրա թափի դառը թույնը, կամ ուր արձակի բազմաթիվ նետերը: Եվ սաստիկ հիմարության պատճառով, ինչպես կատաղի գազան, հարձակվել էր հունաց երկրի վրա [54]:

  Հազկերտը մերթ շանթում՝ գալարվում էր, ինչպես թունավոր օձ, մերթ ձգվում՝ մռնչում էր ինչպես զայրացած առյուծ, ճմլվում էր խարդախ մտադրությամբ եւ կամենում էր իր կամքը կատարել [55], դառնացած գրում է Եղիշեն:

Այնուհետեւ նշում է, թե. նա լեղուց ավելի դառնացած՝ փորի մեջ կուտակված մաղձի ծովը փուլ էր ածում, եւ նրա քթց ու բերանից առհասարակ ջերմախառն գոլորշի էր դուրս գալիս, ինչպես սաստիկ հնոցից թանձր ծուխը: Եվ սիրտը չհամբերելու պատճառով՝ կոտրում էր իր մարմնի զորությունը, ծակոտում մտադրությունների բազմամբեր ամանը եւ  ցրում-տարածում էր իր բոլոր նենգավոր մտածմունքները [56]:

Ճիշտ է նկատում Մ. Աբեղյանը, որ առհասարակ սկզբից մինչեւ վերջը Եղիշեն բաց չի թողնում Հազկերտի, իբրեւ գլխավոր գործող անձի, հոգեկան վիճակի փոփոխությունները պարզելը: Եվ այդ կատարում է մեծ վարպետությամբ եւ ուժեղ, թանձր գույներով [57]:

Եվ Սեբիոսից , Հիրոնիմոսից, եւ Ավգուստինոսից եկեղեցական - ֆեոդալական պատմագրությունը ժառանգել է նաեւ դուալիստական աշխահայացքը: Նաեւ քաղաքական իրադարձություններում եւ առանձին մարդկանց ճակատագրում տեսնում էր աստծու եւ  սատանայի, չարի ու բարու երկնքի  եւ դժոխքի հնից եկող պայքարի դրսեւորում: Այդ պատկերացումը դարձել էր քրիստոնեական դավանաբանության օրգանական մասը եւ ամենափոքր կասկածանքը սատանայի գոյության  մասին համարվում էր մեծագույն հերետիկոսություն: Սատանայի ժխտումը նշանակում էր եկեղեցու անհրաժեշտության ժխտում, որի գոյության էությունը կայանում էր հենց այն պայքարում, որ նա մղում էր «խավարի իշխանի դեմ մարդկային հոգիների փրկության համար»: Այդ պատճառով էլ մեր այս պատմագիրն էլ ընդունում է սատանայի գոյությունը:

Եղիշեն խռովարար, արյունարբու Հազկերտին հակադրել է բյուզանդական կայսր Թեոդոսին, իսկ երանելի Թեոդոս կայսրը, որովհետեւ խաղաղասեր քրիստոնյա մարդ էր, չկամենալով նրա դեմ պատերազմի դուրս գալ՝ հաշտության առաջարկ էր արել [58], գրում է նա:

Միհրներսեհը հին վիշապ ու օձ է, նա Հազկերտի հետ միասին հայերի դժբախտության պատճառ դարձավ: Այս հին չարության վիշապը, ասում է պատմիչը, ամուր որջի մեջ մտած եւ մեծ կեղծավորությամբ իրեն անվախ ձեւացնելով՝ հեռավորներին սաստում էր ահարկու ձայնով, իսկ մերձավորների վրա օձի նման ֆշշացնում էր սողալով [59]:

Ոչ պակաս ատելությամբ է խոսում  նաեւ մոգպետի եւ մոգերի մասին: Հազկերտը խորհրդակցում է նրա հետ, որոնք կռապաշտության մեջ կաշկանդված էին անքակտելի կապերով: Վառված ու կրակ կտրած ինչպես  մի հնոց՝ եկեղեցու սուրբ ուխտն այրելու համար: Որովհետեւ բռնի դավանափոխությունը մոգերի թելանդրանքով էր կատարվում, ուստի Եղիշեն ամբողջ մեղքը  նրանց վրա է բարդում, համեմատում է նրանց օրհասական արջերի հետ, որոնք շնչները հատնելիս ավելի ուժգին են կռվում: Ըստ պատմիչի, մոգերը պարսկական տերությունը վախճանի են հասցրել, երբ պարսիկներին խփում են՝ չեն զգում, երբ իրենք են խփում՝ չեն հասկանում, իսկ երբ արտաքին թշնամի չի գտնվում, իրենք իրենց հետ են կռվում, իրար դեմ մարտնչում: Բերելով «Տիրոջ» խոսքը, թե ամեն մի տուն եւ թագավորություն, որ բաժանվում է ինքն իր մեջ, հաստատուն մնալ չի կարող, Եղիշեն դիմում է Հազկերտին ասելով. Ի՞նչ ես ծեծկվում, ի՞նչ ես կռիվ տալիս, ի՞նչ ես այրում, ի՞նչ ես բորբոքվում, ինչու՞ չես հանգչում, ինչու՞ ես խորհրդի կանչում նրանց (մոգերին), ովքեր ձեր հոգիները ձեզնից խլել, ձեր անապականանն ապականություննեն դարձրել, իսկ ձեր ապականելի մարմինը զազրելի դիակի նման քարշ են տվել ու դեն նետել: Չէ՛ որ այդ էս կամենում, որ ամբարիշտ խորհուրդդ ծածկվի, կտեսնես՝ երբ կհայտնվի, հետո կիմանաս դրա վերջը [60]:

Պատմիչը գիտակցել է, որ մասնատվածությունը հանգեցնում է պետության քայքայման ու անկման: Եվ չնայած խոսքը վերաբերում իրեն ատելի պետությանն, այնուամենայնիվ, մեծ հումանիստը ցավով նշում է այդ: Նա գտնում է, որ բռնի դավանափոխությունն էլ է առաջացնում մասնատվածություն, ուժերի ջլատում, դրա համար էլ ընդգծում է, որ Հազկերտի «ամբարիշտ խորհրդի» վերջը վատ է լինելու:

Շատ ավելի թունոտ ատելությամբ է լցված Եղիշեն հայոց միաբանությունը քայքայող, ուրացող ու դավաճան Վասակի ու նրա համախոհների նկատմամբ: Վասակն անօրեն է, ստոր, նենգ, խաբեբա:

Միհրներսեհն անգամ հասկացել էր, որ Վասակը թմրել ու ցնորվել էր եւ անջատվել միաբանվածներից, գրում է Եղիշեն, որ նա իր տրտմած սրտում շատ էր մխիթարվել ու մտքովն  անց էր կացել , որ կկարողանա բոլորին էլ այդ ձեւով որսալ դեպի «անգյուտ կորուստը» [61]:

Ահա հայրենասեր պատմիչի տված բնութագիրը Վասակին. ասում է. նա կամակորությամբ ձեռնարկեց եւ դիվապաշտության որդեգիր մտավ, չարի անոթ դարձավ եւ սատանան նրան լցրեց ամեն տեսակ խորամանկությամբ: Իր ձեռքն առավ եւ հագավ նրան ինչպես զրահ, եւ դարձավ նրա կամքի կատարյալ զինվորը: Հնարներով կռիվ մղեց  իմաստունների դեմ, եւ մեծ խորագիտությամբ՝ գիտություննեի դեմ, հայտնի կերպով անմեղների դեմ եւ ծածկաբար՝ խորագետների դեմ. ձեռնարկեց եւ շատերին դուրս հանեց Քրիստոսի գնդից եւ խառնեց դեւերի գնդերի հետ: Շատ ուրիշ տեղեր էլ գողաբար սողոսկեց եւ օձի նմաններս մտավ ամրացածների մեջ. եւ ցանկապատի մեջ ճեղքվածք առաջացնելով՝ հայտնապես հափշտակեց, առավ ու դուրս հանեց բազմաթիվ ազատների եւ էլ ավելի բազմաթիվ շինականների, ինչպես եւ ուրիշ ոմաց, որոնք միայն անունով էին քահանա [62]:

Վասակը շարժել ու շփոթել էր Հայոց աշխարհը, մինչեւ իսկ բազմաթիվ հարազատ եղբայրների բաժանել էր միմյանցից, հորն ու որդուն միաբան չէր թողել եւ խաղաղության մեջ խռովություն էր գցել: Քայքայել էր հայերի, վրացիների ու աղվանների միաբանությունը, թուղթ էր գրել կայսրությանը, ցույց տվել, որ իբր ամբողջ Հայաստանը միաբանվել է իր հետ [63]:

Միհրներսեհը գործել է Վասակի չար խորհուրդներով, միաժամանակ նրան համարել է բոլոր չարիքների սկրզբն ու առաջնորդը [64]: Նա թագավորին ցույց էր տվել, Վասակի հնարները, թե ինչպես նա քայքայել ու պառակտել էր հայոց զորքը:

Պատմիչ Եղիշեն խտացրած գույներով սոսկալի դառն է ներկայացնում Վասակի անկումն ու վախճանը: Հազկետն անգամ լսելով Վասակի չար գործունեության մասին, ասել է, եթե այդ անօրենը ողջ ազատվի մեծ պատերազմից, մեծ անարգանքով նրան պետք է խմեցնի մահվան դառը բաժակը [65]:

Պարսից արքունիքում բոլորի կողմից մերկացվելուց հետո, շղթայակապ Վասակին առանձին են պահել: Ամեն օր բերել են ինչպես լեշ գցել մեծ  հրապարակը, նախատել ու ծաղրել են եւ ամբողջ բանակի առաջ խաղք ու խայտառակ արել: Կողոպտել են ինչ-որ ունեցել է այնպիսի խայտառակ աղքատության մեջ են գցել, որ նրա ծառաները մինչեւ իսկ հաց են մուրացել բերել նրան: Հարկերի այնպիսի պարտք էին դրել նրա տան վրա, որ նույնրսկ  հայրերի ու պապերի եւ իր ունեցվածքն կանանց զարդերն էլ վրան էր դրել ու տվել, բայց չէր կարողացել արքունի պատքը վճարել: Այն տեղն էին հասցրել, որ անգամ հարցրել էր, թե իրենց նախնիքների գերեզմանում արդյոք որեւէ գանձ չի մնացել, եւ եթե գտներ, ասում է Եղիշեն, կհաներ ու կտար [66]:

Կարծեք հրճվանքով պատմիչը տալիս է նաեւ Վասակի տանջամահ լինելու մանրամասները:

Հայրենասեր պատմիչը գոհունակությամբ եզրակացնում է, որ նա, որ հանցագործությամբ ուզում էր Հայոց աշխարհի վրա թագավոր լինել, նրա գերեզմանի տեղն էլ չգտնվեց, որովհետեւ մեռավ ինչպես շուն եւ քարշ տրվեց ինչպես էշ [67]: Եվ այնուհետեւ շեշտում է, որ այս հիշատակարանը գրվեց նրա մասին՝ նրա հանցանքները կշտամբելու եւ նրան մեղադրելու համար, որպեսզի ամեն մարդ, որ լսի ու իմանա այս բանը, նզովք կարդա նրա հետեւից եւ նրա գործերին ցանկացող չլինի [68]: Ահա Եղիշեի հետապնդած հիմնական նպատակներից մեկը: Այդ էլ դարի պահանջն էր:

Հայրենիքի դավաճանների ուրացողների ստոր ու նենգ գործունեությունը ավելի շեշտած լինելու նպատակով, Եղիշեն չի խորշել դրականորեն բնութագրելու թշնամու առանձին պաշտոնյաներին, որոնք հասկացել էին Վասակի չար մտադրությունները:

  Պարսիկ պաշտոնյան, որ եկել էր բռնությամբ դավանափոխ անելու հայերին, Անգղի միջադեպից հետո Վասակին ասել է, որ նա ուրիշ ժամանակ իմաստուն է եղել, բայց այդ բանը - բռնի դավանափոխությունը, իմաստութըամբ չի արել: Եթե Վասակը չի կամենում մոգություն ընդունել, ամենեւին թող չքաշվի եւ չվախենա թագավորից: Որ ինքը կգրի եւ ցույց կտա, արքունիքի բարձրաստիճան պաշտոնյաներին, որ նրանք համոզեն թագավորին, որպեսզի նա թույլ տա վարվելու առաջին հրամանի համեմատ եւ  մարդկանց կամքին թողնվի, որպեսզի կամաց-կամաց նրանք ընտելանան մոգական կրոնին, որպեսզի  ովքեր ընդունեն այն սիրով կատարած լինեն արքունի հրամանը: Որովհետեւ, ասել է պաշտոնյան, այս աշխարհը մի ծայրերկիր է, եթե նրա բնակիչներին որեւէ վնաս հասցնեն, նրանք էլ կլքեն երկիրը: Իսկ եթե երկիրը մարդկանցից դատարկվի, այն ժամանակ քեզ էլ գլխովին մեծ վտանգ կհասնի արքունիքից [69]:

  Իսկ Վասակը փոխանակ լսելու պաշտոնյայի խրատը, նրան ասել է, թե մի քիչ համբերություն ունեցիր, թաքցրու քո այդ խորհուրդը շատերից, մինչեւ ես ուժ հավաքեմ, օգնական զորք կանչեմ, գուցե կարողանամ եկեղեցու այդ ուխտը երկփեղկել [70]:

 

Եթե Փավստոս Բուզանդը  ցավով արձանագրել է Հայաստանում հեթանոսության դեռեւս կենսունակության մասին, ապա Եղիշեն հավաստում է, որ քրիստոնեությունն իր հայրենիքում արդեն ամուր հիմքերի վրա է դրված, որ նրա գաղափարները խոր արմատներ են գցել հասարակության բոլոր խավերի մեջ, որ նա դարձել է հոգեւոր կյանքի սնունդը: Սակայն պարսկական արքունիքի վարած ձուլողական քաղաքականությունը հայերից պահանջում էր մինչեւ վերջը մերկացնել հեթանոսության անհեթեթությունը, շեշտակի ցույց տալ քրիստոնեության առավելությունները: Ինչպես հայտնի է, այդ գործի սկրզբը դրել էր Եզնիկ Կողբացին իր անմահ «Եղծ աղանդոց» աշխատությամբ: Եղիշեն իր «Պատմությամբ» փաստորեն շարունակել է նրա սկսած գործը: Այս իմաստով չափազանց արժեքավոր են գրքում բերված նամակները եւ ճառերը, առանձնապես Հազկերտին գրած նամակը, որտեղ դրսեւորվել են մեր պատմիչի աստվածաբանական եւ բնա-փիլիսոփայական հայացքները:

Անտիկ՝ պատմագրությունից հայ պատմագիրները վերցրել են նաեւ հնարովի ճառերի օգնությամբ պատմական անձնավորությունները բնութագրելու ձեւը: Ճառը, ուղղակի խոսակցությունը ծառայում էր ոչ միայն խոսող  անձի բնութագրմանը, այլեւ կատարում էր մի այլ կարեւոր  ֆունկցիա, այն է՝ քաղաքական խնդրի, քաղաքական իրավիճակի բացատրումը: Հարց ու պատասխանի ձեւով Եղիշեն շարադրում է հեթանոսության դրույթները, ցույց տալիս նրանց անտրաբանական լինելը եւ ապա հակադրում քրիստոնեության սկզբունքները: Այստեղ Եղիշեն հանդես է գալիս իբրեւ գիտնական մտածող, ականավոր աստվածաբան, բնա-փիլիսոփա եւ մեծ բարոյագետ: Ագաթանգեղոսի եւ Բուզանդի նման նա էլ  աշխատել է  հեթանոսության դեմ պայքարը ամուր, սկզբունքային հիմքերի վրա դնել, մարդկանց պետք է համոզել, բացահայտել բնական երեւույթների իսկսկան պատճառները, բացատրել դրանք, ցույց տալ նրանց իրական կապակցությունները: Եղիշեն էլ  այդ անելու համար դիմել է բնական օրենքներին, օբյեկտիվ փաստերին, կյանքից ու բնությունից վերցրած օրինակներին:

Աստվածաբան Սոկրատես Սքոլաստիկոսը իր «Եկեղեցական պատմություն» աշխատության մեջ նշել է, որ անհրաժեշտ է ուսումնասիրել քրիստոնեության հակառակորդներին, հատկապես հին հունական փիլիսոփաների աշխատությունները, քանի որ դրանք քրիստոնեության քարոզիչներին կսովորեցնեն փաստարկման արվեստը, որը չեն սովորեցնում սուրբ գրքերը: Իսկ այդ արվեստի օգնությամբ կարող ենք հակադրվել նրանց դեմ, ովքեր հանդես են գալիս ճշմարտության դեմ: Բացի դրանից, հակառակորդներին շատ ավելի հեշտ է հաղթել, երբ նրա դեմ է ուղղվում հենց իր սեփական զենքը [71]:

Ամենայն հավանականությամբ Եղիշեն էլ է առաջնորդվել այդ դրույթով, քաջատեղյակ է եղել հակառակորդի-պարսիկների սեփական զենքին-զրադաշտական կրոնի սկզբունքներին եւ փաստարկման արվեստը կիրառել է իր քրիստոնեական հակաքարոզչությունում:

Այսպես, պարսիկներին ասում են, թե կրակը աստված է, գերբնական ուժ է, Եղիշեն հենց իրենց մոգերի բերանով ցույց է տվել, որ դա անհեթեթություն է:

Դենապուհի հարցին, թե կրակը դու՞ ես հանգցրել, Ղեւոնդը պատասխանել է, որ ինքը մտել է նրանց կրակատունը, ուր կրակարանը կրակով լի բորբոքվում էր եւ հարցրել է մոգերին, թե նրանք իրենց մտքում ինչ են համարում այդ պաշտամունքի կրակը: նրանք ասել են. մենք ոչինչ չգիտենք, միայն այնքան գիտենք, որ նախնիների սովորություն է եւ թագավորի սաստիկ հրաման: Ղեւոնդը դարձյալ հարցրել է, թե այդ կրակի բնությունն ինչպե՞ս եք հասկանում, արարի՞չ եք կարծում, թե՞ արարած: Բոլորը միաբան ասել են, որ իրենք արարիչ չեն համարում եւ ոչ էլ աշխատող մարդկանց հանգստացնող: Որ իրենց ձեռքերը կոշտացել են կացին գործածելով, մեջքերը քերթվել են փայտ կրելուց, աչքերը ջրակալել են արտասուքներով կրակի ծխի կծու լինելուց, երեսները մրոտվել են նրա թանձր ծխից: Այնուհետեւ նրանք ասել են եթե շատ են նրան կերակուր տալիս, սաստիկ սովածանում է, իսկ եթե բնավ չեն տալիս, բոլորովին հանգչում է, եթե մոտ են գնում երկրպագելու, այրում է, իսկ եթե ամենեւին չեն մոտենում, մոխիր է դառնում: Նրանք այդպես են հասկացել կրակի բնությունը, ասել է Ղեւոնդը եւ ավելացրել, թե երբ լսեց մոգերին, շատ խղճաց, որովհետեւ տգիտությամբ ճշմարտությունը ասացին [72]:

Ըստ Եղիշեի, կրակը նյութի գոյության մի ձեւ է միայն եւ իր մեջ ոչինչ գերբնական չի պարունակում: Նա հեթանոսության դրույթները հիմար բարբաջանքներ է համարում: Գտնում է, որ նրանք իրենց կամքով են կուրացել, որ նրանք ամենաողորմելի ու ամենախղճալի մարդիկ են [73]:

Պատմիչի համար հեթանոսությունը խավարն է, քրիստոնեությունը՝ լույսը: Նա անողոք պատերազմ է մղում խավարի դեմ, որովհետեւ «արեւելքի խավարասեր որդիները» ուզում են այդ լույսր խլել իրենց ձեռքից [74]: Պարսկական արքունիքի այդ ձգտումը նա կրակ է համարում եւ Հովսեփ Հողոմցու՝ կայսրին գրած նամակում զգուշացնում է, թե երբ հույները մի քիչ էլ դանդաղեն իրենց օգնել, գուցե այդ կրակի բոցը ուրիշ շատ երկրների էլ հասնի [75]:

Եղիշեն այդ նամակում, ի գիտություն բոլորին, հպարտությամբ հայտարարում է, որ պատերազմը պարսիկների դեմ շարունակելու համար ամեն ինչ արված է, որ հայերը հույս դնելով հույների արիության եւ քաջության վրա, շատ բաներում ընդդիմացել են պարսիկների հրամաններին, բայց էլ ավելի շատ բան կա, որին պատրաստվել են այսուհետեւ ընդդիմանալու: Որ իրենք գերադասել են մահն աստվածապաշտությամբ, քան կյանքն ուրացությամբ [76]:

Պատմագիրը միաստվածության ջերմ պաշտպանն է, գտնում է, որ Հիսուս Քրիստոսից բացի, ուրիշ աստված չկա [77]: Որ մի աշխարհ երկու իշխող չի ունենա, ոչ էլ մի արարածը՝ երկու աստված: Եթե մի աշխարհին հանդգնեն իշխել երկու թագավորներ, աշխարհը կփչանա, եւ թագավորությունները կոչնչանան [78]: «Ոչ է բարւոք բազմիշխանութիւն, մի իշխան եղիցի» ասված է «Յաղագս պիտոյից»-ում [79], որով եւ ղեկավարվել է Եղիշեն:

Ըստ Եղիշեի, այս աշխարհը նյութեղեն է, իսկ նյութը «յինքեան է» բաղկացած չորս տարբեր հականիշներ ունեցող տարրերից (հող, ջուր, կրակ, օդ) [80]:

Ճիշտ է նկատում Հ. Գաբրիելյանը, որ Եղիշեն բնական երեւույթների արհեստական խորհրդավորումն անընդունելի է համարում: Երբ փաստերն անառարկելիորեն ապացուցում են, որ մեր տեսածը բնական երեւույթ է կամ իր է, անթյուլատրելի է համարում ճշմարտությունն անտեսելով այն աստվածացնելը [81]:

Ընդհանրապես, Եղիշեի մոտ, ինչպես ճիշտ նկատում է Հ. Գաբրիելյանը, երեւույթների ճանաչողությունը սոսկ բանաստեղծական, զգացմունքային չէ, այլ նաեւ խորապես փաստական ու տեսական [82]:

Եղիշեն աստվածա-բարոյակրթական եւ բնա-փիլիսոփայական հետաքրքիր ու կարեւոր դատողություններ, եզրակացություններ ու ընդհանրացումներ է անում կրակի, ջրի, արեգակի, օդի եւ այլ երեւույթների մասին: Այդ հարցերի մասին իր գրքում հանգամանորեն խոսում է Հ. Գաբրիելյանը եւ իրավացիորեն նշում, որ «Եղիշեն, հաճախ կողմնորոշվելով դեպի գիտությունը, կարողացավ ամուր տեղ գրավել միջնադարյան հայ տեսական մտքի պատմության մեջ, մեծ ազդեցություն ունենալով հետագա սերունդների վրա, օգնելով հայ գիտական մտքի առաջընթացին» [83]:

Դարի զավակ Եղիշեի համար էլ ամեն ինչի ստեղծողը, արարիչը աստվածն է, նա ճարտարապետ է, փրկիչ է եւ այլն:

Եղիշեն ոչ միայն հավատում է հարությանը, Քրիստոսի երկրորդ գալստյանը, այլեւ աշխատում է դրանով զգուշացնել, սարսափեցնել թշնամիներին, ասելով «հավատալի պիտի լինի քեզ (Հազկերտ) համար նրա երկրորդ ահավոր գալուստը» [84]:

Փավստոսի նման, Եղիշեն էլ քարոզում է այն գաղափարը, թե մարդն ու հրեշտակը ազատ են թողնված իրենց կամքին, որովհետեւ բնական են եւ մարդու կամքի վրա չպետք է բռնանալ [85]:

Մեր այս պատմիչն էլ հպարտությամբ պարծենում է որ իր դավանանքն ամենահաղթն է, եւ այդ ասում էի լուր աշխարհի քիրստոնեության ամենակատաղի թշնամու՝ Հազկերտի բերանով, մի կողմից հայրենակիցներին ոգեշնչելու, մյուս կողմից հայրենակիցներին ոգեշնչելու, մյուս կողմից պարսկական արքունիքին զգացնել տալու, որ եթե Հազկերտն է հաշտվել դրա հետ եւ հրաժարվել է իր նպատակից, նոր փորձերն անպայման կձախողվեն: Ավելին, նա, որ հրեշավոր հալածանքներ էր սկսել քրիստոնյաների նկատմամբ, ինքն է արդեն սարսափել քրիստոնեության ամենակարող ազդեցությունից եւ ուժից: Քրիստոնեության անխուսափելի վերջնական հաղթանակի հավատը կարմիր թելի նման անցնում է վաղ ֆեոդալիզմի պատմիչների երկերում եւ մեկնողական գրականության մեջ: Եղիշեն դրանում բացառություն չէր կազմում եւ դա բնական էր, քանի որ չունենալով գործնականորեն մեծ հնարավորություններ պարսիկների դավանափոխության դեմ վճռական կռիվ մղելու, քրիստոնեական քարոզիչները, այդ թվում եւ Եղիշեն, հույսերը դրել են հոգեբանական ներգործության վրա: Դրանով նրանք ժողովրդի մեջ ֆանատիկ համոզվածություն են ներշնչել քրիստոնեական հավատի ուժի մասին եւ պատրաստակամություն՝ զոհել կյանքը նրա պահպանման ու անաղարտության մասին:

Եթե Ագաթանգեղոսը քրիստոնեության ամենակարող ուժը ցույց տալու համար Տրդատին ներկայացրել է խոզի կերպարանքով, իսկ հետո, ոչ միայն ջերմեռանդ քրիստոնյա, այլ զենքի ուժով այն տարածող, Բուզանդը՝ 2000 հեթանոսի, որոնք ցանկացել էին կաթողիկոսին սպանել, հրաշքով մի ակնթարթում  անշարժ էր դարձրել, ձեռքերը հետեւները կապել, եւ միայն կաթողիկոսի աղոթքից հետո մի ակնթարթում բուժել եւ նրանց անմիջապես դարձրել ջերմ քրիստոնյաներ, ապա Եղիշեն ավելի առաջ է գնացել, նա այդ ուժը ցույց տալու համար քրիստոնյա է դարձրել Պարսկաստանի ամենամեծ ու ազդեցիկ մոգպետին եւ դրանով սարսափեցրել Հազկերտին: Դենշապուհը ցանկացել է ծածուկ խոսել այդ մոգպետի հետ, պարզելու համար նրա դավանափոխության իսկությունը, մոգպետը  բարձրաձայն ասել է, թե թաքուն մի խոսիր ինձ հետ եւ լուսավոր մտքերը մի լսիր խավարի մեջ, որովհետեւ այժմ իմ աչքերը բացվեցին, քանի որ տեսա երկնավոր լույսը: Եթե ուզում ես կյանքի խորհրդակից լինել, դեմ հանդիման հրապարակով հարցրու ինձ եւ կպատմեմ քեզ աստծու մեծամեծ գործերը, որ տեսա [86]:

Դենշապուհը ստիպել է նրան դավանափոխ չլինել եւ երբ նա համառել է, հայտնել է այդ մասին Հազկերտին: Վերջինս նրան ասել է, որ ոչ ոք նրանից չպետք է լսի այդ մասին, մանավանդ այն մեծ տեսիլքի մասին, որ երեւացել է այդ մոգպետին, որպեսզի տգետ մարդիկ երկմտելով՝ չբաժանվեն իրենց ճշմարիտ կրոնից: Մինչ իրենք ուզում էին ուրիշներին հնազանդեցնել, սակայն երբ չկարողացան նրանց ոչինչ անել, իրենց կրոնի վարդապետները շեղվեցին-գնացին նրանց մոլորության հետեւից: Հաղթանակն ավելի փայլուն դարձնելու նպատակով պատմիչը, հատկապես, շեշտում է, որ  Հազկերտը Դենշապուհին ասել է, մեզ համար ամենից վատն այն է, որ մի չնչին մարդ չէ, որ շեղվել է դեպի նրանց կրոնը, այլ մի նշանավոր մարդ, այս ամբողջ Վերին աշխարհում երեւելի: Եթե պայքարի մտնենք նրա հետ, նա ավելի տեղյակ է, քան իրենց երկրի բոլոր մոգերը: Ավելին , ասել է, թե գուցե հիմքից խարխլելով նա քանդի իրենց կրոնը: Եվ եթե նրան մյուս չարագործների հետ միասին պատժեն, այդ ձեւով էլ կհռչակվի նրա քրիստոնեության հավատը, եւ մեծ անարգանք կկրի իրենց հավատը: Եթե մինչեւ իսկ սրով սպանվի, իրենց բանակում բազմաթիվ քրիստոնյաներ կան, նրա ոսկորները կցրեն-կտարածեն ամբողջ երկրով մեկ: Քիչ էր իրենց անարգանքը այն ամեն մարդկանց մոտ, ուր մեծարում, պատվում էին այդ նածրացիների ոսկորները, իսկ եթե մոգերի եւ մոգպետների ոսկորներն էլ նույն պատիվն ստանան, հենց իրենք իրենց ձեռքով քանդած կլինեն իրենց կրոնը [87]: Եվ ի՞նչ: «Ամենաերեւելի» այդ մոգպետը նահատակվում է քրիստոնեության համար: Հաղթանակը կատարյալ է:

Ըստ Եղիշեի, Հայաստանը քրիստոնյա մյուս ժողովուրդների համար ապաստանի ապահով երկիր է, միաժամանակ նրանց պարծանքը: Տիզբոնում քրիստոնյա ժողովուրդների ներկայացուցիչները չիմանալով հայ նախարարների գաղտնի որոշումր առերես դավանափոխ լինելու մասին, նրանց շատ խիստ հանդիմանել են, ասելով. դուք էիք մեր ապաստանի ամուր պարիսպը, երբ այստեղից վտանգ էր սպառնում, ձեզ մոտ էինք ապահովություն գտնում, այժմ այդ մեծ ամրությունը հիմնահատակ տապալվեց: Դուք էիք մեր պարծանքը ճշմարտության թշնամիների առաջ, այժմ դուք եք մեր նախատինքը նույն թշնամիների մոտ: Մինչեւ այժմ ձեր ճշմարիտ հավատի համար մեզ էլ փոքրիշատե խնայում էին, իսկ այժմ ձեր պատճառով էլ են անողորմ դատում [88]:

 

Եղիշեն նույնպես հավատացել է առասպելներին, հրաշքներին, տեսիլներին: Աստվածաշնչից մեջբերումներ է արել, գործող աների եւ իրադարձությունների մեջ շեշտը դրել է կրոնա-բարոյական կողմի վրա: «Ամենազոր արարիչ աստծո» ուժը ցույց տալու նպատակով, գրել է, թե իբր երկու մեծ բերդերի պարիսպներ հրաշքով կործանվել են:

Հայ հոգեւորականները բանտարկված են եղել մութ ու խոնավ բանտում, պահապանները զարմացել են նրանց տոկունության վրա: Այդ մասին հայտնել են մոգպետին: Վերջինս ստուգելու նպատակով գիշերը այցելել է բանտ եւ տեսել, որ յուրաքանչյուր շղթայվածի անձը բորբոքվում էր անշեջ վառված կանթեղի նման [89]:

Այդ նույն մոգպետը ուրանալով իր կրոնը, բանտում սկսել է աղոթել, այդ ժամանակ տունը լցվել է լույսով եւ նրան մի լուսեղեն սանդուղք է երեւացել, որ դրված էր երկրից մինչեւ երկինք, եւ  խումբ-խումբ զորքեր վեր են բարձրացել, եւ բոլորի տեսքը նոր էր ու չքնաղ, ահավոր ու սքանչելի, ինչպես հրեշտակների տեսքը [90]:

 

Բանասերները բարձր են գնահատել Եղիշեի լեզուն ու ոճը: «Նրա գրվածքի մեջ, - գրում է Մ. Աբեղյանը, - սկզբից մինչեւ վերջն իշխող է գեղարվեստը: Գործողությունն առաջ է  տարվում մասերի ներդաշնակ բաժանումով, երկրորդական, բայց կենդանի, բնական մանրամասնություններով, զարդարուն ու ծաղկուն ոճով: Շարադրում է մերթ արագ թափով, կորովի, եռանդուն ու աշխույժ, մերթ դանդաղ ու քաղցրաբան: Թեպետեւ երբեմն փոքր ինչ ճապաղ է, բայց նրա երկն իր ամբողջությամբ վայելուչ է ու գրավիչ, հաճախ նույնիսկ նափշտակիչ: Դրա պատճառ այն է, որ այնտեղ ամեն ինչ բխում է անկեղծ ու խորին զգացումից, չկա շինծու արվեստականություն: …Նա փայլուն ոճի հետ ունի աչքի ընկնող մշակված պարզ ու հստակ խոսք, կատարելապես իշխում է լեզվին եւ հորինում է մեծ ճաշակով, միշտ հարմարվելով ներքին բովանդակությանը [91]:

Չնայած Լեւոն Եղիշեին VI դարի պատմագիր է համարում, եւ սխալմամբ գտնում է, որ նրա երկը, ավելի մի դյուցազներգական վեպ է, քան լուրջ մի պատմություն» [92]: Միաժամանակ սակայն չափազանց բարձր է գնահատում, «փայլուն երեւույթ համարում մեր գրականության մեջ» [93]: Գտնում է, որ Եղիշեն իր հեղինակային խառնվածքով կարող է համարվել առաջին արտահայտությունը հայ գրական այն բուռն կրակոտ ինքնուրույնության, որի ամենաբարձր տիպարն է Խաչատուր Աբովյանը:

Իր մեծ տաղանդի ուժով է, դիպուկ նկատում է Լեւոն, որ «Եղիշեն տասնյակ դարերի ընթացքում անշեջ պահեց հայության մեջ Վարդան Մամիկոնյանի եւ նրա ժամանակի պաշտամունքը… Ազգային գիտակցության զգացմունքն իր զարգացմամբ շատ է պարտական այս եզակի, ինքնատիպ հեղինակությանը» [94]:

Պատմիչ Եղիշեի «Վասն հայոց պատերազմին» երկը կարեւոր է ոչ միայն այդ պատերազմի պատմության, այլեւ Հայաստանի այդ ժամանակաշրջանի ներքին կյանքի ուսումնասիրման համար: Այն պարունակում է արժեքավոր տեղեկություններ սովորությունների, բարքերի, գյուղացիության վիճակի, հողատիրության ձեւերի, հարկային քաղաքականության, ազնվականության առօրյա կյանքի եւ շատ այլ հարցերի մասին:

Չլիներ մեսրոպատառ այս անզուգական կոթողը, մենք շատ քիչ բան կիմանայինք Ավարայրի ճակատամարտի - հայ ժողովրդի հերոսապատում անցյալի փայլուն էջերից մեկի պատմության մասին: Քիչ բան կիմանայինք հայոց պատերազմի տնտեսական-քաղաքական ու կրոնական պատճառների մասին, Անդրկովկասի եղբայրական ժողովուրդների դաշինքի եւ ռազմական զինակցության մասին: Սակավ բան կիմանայինք նաեւ Սասանյանների՝ Անդրկովկասում վարած ռազմա-քաղաքական, կրոնական ու տնտեսական քաղաքականության հետապնդած նպատակների ու պատճառած սարսափների մասին: Եղիշեի ոսկեղեն մատյանը դարեր շարուակ հանդիսացել ու հանդիսանում է ամեն մի հայի սեղանի զարդը, հայ ժողովրդի հերոսական կենսագրության փայլուն ու անջնջելի էջերից մեկը:


[1]            Տե՛ս Մ. Աբեղյան, Հայոց հին գրականության պատմություն, հատ. 1, Երևան, 1944, էջ 292:

[2]            Տե՛ս Պատմութիւն սրբոյն Եղիշեի վարդապետի, Սոփերք Հայկականք, ԺԱ, էջ 39-45:

[3]            Տե՛ս նույն տեղում:

[4]            Եղիշեի Պատմութիւն Վարդանանց, Տփխիս, 1879, էջ 5:

[5]            Տե՛ս Եղիշեի Վարդանանց պատմությունը, թարգմանությամբ և ծանոթություններով, պրոֆ. դ-ր Ե. Տեր-Մինասյանի, Երևան, 1958, էջ 21:

[6]            Տե՛ս Եղիշեի Վարդանանց պատմությունը, թարգմանությամբ, ներածական ուսումնասիրությամբ և ծանոթագրություններով Ե. Տեր-Մինասյանի, Երևան, 1946, էջ 7-10, Մ. Աբեղյանի նշվ. աշխատությունը, էջ 291-294, Կ. Քիպարյան, Պատմ. հայ. գրակ., հատ. Ա, Վենետիկ, 144, էջ 123-129:

[7]            Տե՛ս Մ. Աբեղյան, նշվ. աշխ., էջ 297:

[8]            Տե՛ս Եղիշե, 1958, էջ 9-10:

[9]            Տե՛ս Մ. Աբեղյան, նշվ. աշխ., էջ 298:

[10]       Տե՛ս Մ. Աբեղյան, նշվ. աշխ., էջ 303 և Ե. Տեր-Մինասյան, նշված ներածականը էջ 14:

[11]          Տե՛ս Եղիշե, էջ 9:

[12]          М. Мкрян, Мовсес Хоренаци, Ереван, 1969, стр. 67.

[13]          Տե՛ս Եղիշե, էջ 26:

[14]          Տե՛ս նույն տեղում, էջ 27:

[15]          Տե՛ս նույն տեղում, էջ 27:

[16]          Տե՛ս նույն տեղում:

[17]          Տե՛ս նույն տեղում, էջ 99:

[18]          Տե՛ս նույն տեղում, էջ 27:

[19]          Տե՛ս նույն տեղում, էջ 177-180:

[20]          Հ. Մարկվարտ, Հայոց այբուբենի ծագումը և սբ. Մաշտոցի կենսագրությունը, տե՛ս «Մեսրոպ Մաշտոց», հոդվածների ժողովածու, Երևան, 1962, էջ 127:

[21]          Տե՛ս Եղիշե, էջ 18:

[22]          Տե՛ս նույն տեղում, էջ 14:

[23]          Տե՛ս նույն տեղում, էջ 40-41:

[24]          Տե՛ս նույն տեղում, էջ 55:

[25]          Տե՛ս նույն տեղում, էջ 55:

[26]          Տե՛ս Եղիշե, էջ 55-56:

[27]          Եղիշեի Պատմութիւն Վարդանանց, Տփխիս, 1879, էջ 177:

[28]          Տե՛ս Եղիշե, էջ 118-120:

[29]          Տե՛ս նույն տեղում, էջ 56-67:

[30]          Տե՛ս նույն տեղում, էջ 57:

[31]          Տե՛ս նույն տեղում, էջ 41:

[32]          Պատմութիւն Վարդանանց, էջ 62:

[33]          Տե՛ս Եղիշե, էջ 10:

[34]       Տե՛ս նույն տեղում, էջ 9-10:

[35]          Տե՛ս նույն տեղում, էջ 10:

[36]          Տե՛ս Մ. Աբեղյան, նշվ. աշխ., էջ 303

[37]          Տե՛ս Մ. Աբեղյան, նշվ. աշխ., էջ 303

[38]          Տե՛ս Եղիշե, էջ 11:

[39]          Պատմուտիւն Վարդանանց, էջ 17-18:

[40]          Տե՛ս Եղիշե, էջ 20-21:

[41]          Մատենագրութիւն նախնեաց, Յաղագս պիտոյից, Վենետիկ, 1843, էջ 369:

[42]          Տե՛ս նույն տեղում, էջ 371:

[43]          Տե՛ս Եղիշե, էջ 63:

[44]          Տե՛ս նույն տեղում, էջ 58-59:

[45]          Տե՛ս նույն տեղում, էջ 105:

[46]          Տե՛ս նույն տեղում, էջ 67:

[47]          Տե՛ս В. Налбандян, Егише, Ереван, 1972, стр. 229.

[48]          Տե՛ս Եղիշե, էջ 32-33:

[49]          Տե՛ս Եղիշե, էջ 92-94:

[50]          Տե՛ս նույն տեղում, էջ 100:

[51]          Տե՛ս Եղիշե, էջ 124:

[52]          Տե՛ս նույն տեղում, էջ 19:

[53]          Տե՛ս Եղիշե, էջ 41-42:

[54]          Տե՛ս նույն տեղում, էջ 13-14:

[55]          Տե՛ս նույն տեղում, էջ 22:

[56]          Տե՛ս Եղիշե, էջ 46:

[57]          Տե՛ս Մ. Աբեղյան, նշվ. աշխ., էջ 307-308:

[58]          Տե՛ս Եղիշե, էջ 14:

[59]          Տե՛ս նույն տեղում, էջ 80:

[60]          Տե՛ս նույն տեղում, էջ 14-15:

[61]          Տե՛ս Եղիշե, էջ 83:

[62]          Տե՛ս նույն տեղում, էջ 84:

[63]          Տե՛ս նույն տեղում, էջ 85-87:

[64]          Տե՛ս նույն տեղում, էջ 116:

[65]          Տե՛ս նույն տեղում, էջ 125:

[66]          Տե՛ս նույն տեղում:

[67]          Տե՛ս նույն տեղում, էջ 126:

[68]          Տե՛ս նույն տեղում:

[69]          Տե՛ս Եղիշե, էջ 59:

[70]          Տե՛ս նույն տեղում:

[71] Տե՛ս Socrates (Scolasticus), Ecclesiastial Nistory, L, 1914, pp. 193-194

[72] Տե՛ս Եղիշե, էջ 157:

[73] Տե՛ս նույն տեղում, էջ 102:

[74]          Տե՛ս նույն տեղում, էջ 67:

[75]          Տե՛ս նույն տեղում, էջ 67:

[76]          Տե՛ս նույն տեղում:

[77]          Տե՛ս նույն տեղում, էջ 41:

[78]          Տե՛ս նույն տեղում, էջ 34:

[79]          Տե՛ս Մատենագրութիւն նախնեաց, Վենետիկ, 1843, էջ 356:

[80]          Տե՛ս Եղիշե, էջ 33:

[81]          Տե՛ս Հ. Գաբրիելյան, Հայ փիլիսոփայական մտքի պատմություն, հատ. 1, Երևան, 1956, էջ 238:

[82]          Տե՛ս նույն տեղում, էջ 241:

[83]          Տե՛ս նույն տեղում, էջ 238:

[84]          Տե՛ս Եղիշե, էջ 19:

[85]          Տե՛ս նույն տեղում, էջ 37:

[86]          Տե՛ս Եղիշե, էջ 141-142:

[87]          Տե՛ս Եղիշե, էջ 141-142:

[88]          Տե՛ս նույն տեղում, էջ 54:

[89]          Տե՛ս Եղիշե, էջ 130:

[90]          Տե՛ս նույն տեղում, էջ 138:

[91]          Տե՛ս Մ. Աբեղյան, նշվ. աշխ., էջ 306:

[92]          Լեո, Հայոց պատմություն, հատ. II, Երևան, 1947, էջ 46:

[93]          Տե՛ս նույն տեղում, էջ 199:

[94]          Տե՛ս նույն տեղում, էջ 200-201: