Դրուագներ Հայաստանի XIV-XVIII դարերի պատմագրութեան

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԹՈՎՄԱ ՄԵԾՈՓԵՑԻ

XV դարի հայ պատմագրության միակ ներկայացուցիչը նշանավոր մատենագիր, եկեղեցական գործիչ, վարդապետ եւ րաբունական Թովմա Մեծոփեցին է:

Մեսրոպ Մաշտոցից հետո Թովման առաջին հայ մատենագիրն է, որ ունեցել է կենսագիր: Նրա երախտապարտ աշակերտներից Կիրակոս անունով մեկը գրել է նրա կենսագրությունը, եւ այն մեզ է հասել «Պատմութիւն մեծի րաբունապետին Թումային, զոր արարեալ Կիրակոսի բանասէր Վարդապետի» խորագրով [1] : Ճիշտ է, Թովման էլ Դրասխանակերտցու եւ Ստ. Օրբելյանի նման, տալով իր ապրած ժամանակաշրջանի պատմությունը, միաժամանակ գրել է եւ իր կենսագրությունը, սակայն Կիրակոս կենսագիրը շատ մանրամասնորեն լրացնում ու ավելիա մբողջական է դարձնում այն եւ հնարավորություն է տալիս լրիվ ու ստույգ պատկերացում կազմելու այդ նշանավոր գործչի ծավալած գիտամանկավարժական ու հոգեւոր-հասարակական բեղուն գործունեության մասին:

Թովմա Մեծոփենցին հարուստ ու փոթորկալից կենսագրություն է ունեցել: Գ. Հովսեփյանը Թովմայի կենսագրությանը նվիրված իր աշխատության մեջ միանգամայն ճիշտ նկատում է, որ «ԺԴ եւ ԺԵ դարերի, Հայաստանի այս թշուառության շրջանի, հայ վարդապետների մեջ խորին յարգանաց արժանի դեմքեր ունեին՝ ուսումնասիրութեան, անձնասիրութեան ու տոկունեութեան հոգվով լցուած: Այս հոգին է, որ հայ եկեղեցու եւ ժողովրդի մեջ գրի ու գրականութեան կրակն անշեջ պահեց, որքան եւ թշուառութեան երեսից մոխրով ծածկուած: Այսպիսի վարդապետներից մեկն էր Հովհաննէս Մեծոփեցին» [2]:

Մենք կավելացնեինք՝ եւ Թովմա Մեծոփեցին:

Թովման ծնվել է Վասպուրականի Քաջբերունյաց գավառի Աղի կամ Աղահովիտ գյուղաքաղաքում 1377/78 թ. «ի մեծ տոհմէ. յազնուական ազգէ» [3]: Ըստ կենսագրի մահացել է 1446 թ. [4]: Սկզբնական կրթությունը ստացել է, ինչպես ինքն ու կենսագիրն են վկայում, Մեծոփա վանքում Հովհաննես Մեծոփեցու մոտ, այնուհետեւ ուսումը շարունակել է Սոխարտի կամ Խարաբաստայի վանքում՝ Սարգիս եւ Վարդան վարդապետների մոտ [5]:

Մեծոփյա վանքում ավարտելով իր ուսումնառությունը, Թովման 1406/7 թ. ուսման մեջ կատարելագործվելու նպատակով գնացել է Տաթեւ ժամանակի հռչակավոր ուսուցչապետ Գրիգոր Տաթրացու մոտ: Թովմայի հիշատակարաններից մեկում՝ գրված 1407 թ., կարդում ենք « եւ այլ վեցեքեան եղբարցս, ոբք եկեալ եմք տարաշխարիկ ի գաւառէ Քաջբերնոյ վասն ուսման օգտի, եւ ոչ դիպեցաւ մեզ որպէս կամք մեր էր, այլ պանդխտութեամբ կացաք ի միասին ժամանակս ինչ» [6]: Թովմայի եւ նրա ընկերների կամքն է եղել՝ երկար ժամանակ մնալ Տաթեւում «առ ոտս մեծ վարժապետի, քաջ հռետորի եւ անյաղթ փիլիսոփայի արթուն անուն Գրիգորի՝... արգասաւորի, որ իբր զարեգակն պայծառ փայլէ ի մեջ Հայաստանեայց եկեղեցւոյ եւ լուսաւորէ իմաստութեամբ եւ գիտութեամբ առհասարակ զամենեսեան՝ զմերձաւորս եւ զհեռաւորս, եւ կարկէ զբերանս երկաբնակ հերձուածոց... » [7]: Երկու տարի է տեւում Թովմայի ուսումնառությունը Տաթեւում: Հանգամանքների բերումով Տաթեւացին ստիպված 1409 թ. իր աշակերտների հետ, որոնց թվում եւ Թովման, գնում է Մեծոփա վանքը, մոտ մի տարի մնում է այնտեղ, շարունակում իր մանկավարժական գործունեությունը, հետո տեղափոխվում է Արարատյան երկիրը: Այս բոլորի մասին մեզ հայտնում է Թովման: 1410 թ. գրած հիաշատակարանում նա նորից մեծարում է իր ուցուցչին՝ «մանաւանդ եռամեծին Գրիգորին... որ ի սոյն եւ ի սմին ժամանակի փայլէր ջահն լուսոյ եւ արուսեակն մեծապայծառ ի նսեմ եւ ի մութն գիշերիս, եւ կամ թէ իբր ճիւռ ի մեջ որկուզաց ի գաւառին Սիւնեացմ ուստի եւ համբաւ սորա տարածեալ առ ամենեքումբք: Ընթանային ամենեքեան եւ գային, լուսաւորէին հոգով եւ մտաւք ի քաղցրաբան վարդապետութեանց սորա, զի առաքելամնան բղխէր զշնորհս հոգոյն աստուծոյ, եւ նրա թեքեալ շարժէր զլեզու նորա առ ի վարդապետել զբանն ճշմարտութեան: Ընդ որս եւ ես տկար հոգով եւ ցանկանեալս գնացաք ի լուր նորա... եւ կացաք առ ոտս նմա՝ ամս Բ(2)՝ խնամածութեամբ եւ սիրով նորին » [8]:

Այդ գրելուց հետո, սրտի անհուն կսկիծով հայտնում է, որ Տաթեւացուց բաժանվելուց 36 օր հետո լուրեր են ստացել նրա մահվան մասին։ «Աւաղ մեծի տարակուսանացս եւ յանկածահաս թշուառութեանս, -բացականչում է Թովման, - զի մինչեւ ցայսօր ժամանակի յայտնի գիտէաք, թե ողորմած է աստծուած տառապեալ ազգիս մեր Հայկազնի, բայց այժմ երեւեցաւ, թե բարկացելա է աստուած ազգիս Հայող, զի զնա ունէաք հոգեւոր եւ մարմնաւոր թագաւոր աստուածապարգեւ, եւ զնա եբարձ ի մեզանէ։ ․․․ Եւ մեք մնացաք անգլուխ անձն եւ մամին առանց հոգոյ, զի աստանդեալ, քայքայեալ ցրուցեան գրոց աշակերտեալ մանկունք, ոչ ունենալով տեղիք ապաստանի եւ հեգեւոր հանգստեան» [9]:

Իր պատմագրական երկրում Թովման նաեւ գրում է․ «Եւ երկոտասն եղբարքն աշակերտք մեծին Սարգսի, մեք էաք որ յետ մահուան նորա գնացաք յաշակերտութիւն նորա»  (Գրիգոր Տաթեւցուն-Լ․Բ․), այնուհետեւ թվարկում է այդ աշակերտների անունները եւ ավելացնում․ «Եւ ես անարժանս Թովմա։ Եւ երկու ամ զմեզ մխիթարեաց Աստուածաշունչ գրովք։ Եւ ի հալածմանէ անօրինաց շարժեցաւ ի գաւվառէն Սիւնեաց առեալ զմեզ՝ եկն ի գաւառն Արճիշոյ։ Եւ արարեալ ի բնակութիւն զաստուածահաճոյ ուխտն Մեծոբայ» [10] ։ Ասում է նաեւ, որ նա իր շուրջն է համախմբել 10 վարդապետ եւ ավելի քան 80 քահանա եւ աշակերտ։ «Եւ զամ մի լման մխիթարեաց զամենայն եղբարսն անճառելի ցնծութեամն․եւ զերիս գիրս մեկնեաց դասիւ՝ զԱւետարանն Յովհաննու աւետարանչին, զգիրս Յոբայ նահատակին եւ զգիրս գրչութեան երկոքեան վարդապետացն Գէորգայ Լամբրոնացւոյն եւ Արիստակէսի» [11] ։

Այնուհետեւ հաղորդում է, թե ինչպես մեկ տարի հետո եկան նրա աշակերտները, որոշ ժամանակ մնացին «եւ գաղթագողի առեալ գնացին ի գաւառն առ նա․․․ Եւ յետ ուրն աւուր գնալոյ նորա հիւանդաւ եւ փոխեցաւ յաստի կեացս ի հանդերձեալն» [12] ։ «Պատմության» -րդ էջում հավաստում է նաեւ․ «Իսկ մեծ վարդապետն Գրիգոր օրհնեաց զաշխարհս մեր, եւ առեալ զաշակերտս իւր՝ ելեալ գնաց ի գաւավռ Արարատեան։ Եւ վարդապետն Հովհաննէս եւ ամենայն աշակերտքս զհետ նորա ընթացաք։ Եւ անտի ելեալ գանցաք ի շնորհալից աթոռն իւր սուրբ Առաքելոյն Ստաթէոսի» [13], որ քիչ հավանական է, քանի որ նախորդ վկայության մեջ եւ 1410 թ․ գրած հիշատակարանում, նա ինչպես եւ նրա կենսագիրն , այդ մասին ոչինչ չեն ակնարկում։

Թովմայի բնութագրմամբ՝ Գրիգոր Տաթեացին «վարդապետն ամենայն հայող, երկրորդ լուսաւորիչն եւ աստոածաբանն գեր ի վերոյ գոլով ամենայն իմաստասիրաց եւ վարդապետավ հնոց եւ նորոց» [14] ։ Եվ ահա այս «երկրորդ լուսաւորիչից 1410 թ․ Երեւանում եղած ժամանակ, նախքան նրա Տաթեւ մեկնելը, Թովման ստանում է վարդապետական աստիճան։ Երբ Մեծոփա վանքից եկած վարդապետների ու աշակերտների՝ Գրիգորին իրենց մոտ ետ վերադարձնելու ջանքերը ապարդյուն են անցնում, Թովման վարադառնում է իր վանքը եւ դրանից հետո Մեծոփա վանքում 35 տարի վարդապետություն եւ հետո ուղուցչապետություն է ամում մինչեւ իր կյանքի վերջը՝ 1446 թ․։

1444 թ․ գրած հիշատակարանում Թովման նշում է իր մասին․«Եւ ես ԿԶ (66) տարոյ եմ» [15] ։

«Եկեալ ի վանքն Մեծոփայ, գրում է կենսագիր Կիրակոսը, եւ Կ (60) ամ անդ կացեալ, բազում ջանիւ եւ առաքինութեամբ եւ ԼԵ(35) ամ դաս ասելով ամենայն անձանց գրոց աշակերտելոց եւ բազում որդիս ի փառս ածեալ եւ է(7) աշակերտի գաւազան տուեալ» [16] ։

Թովմայի համար Մեծոփա վանքը, որտեղ նա մինչեւ իր կյանքի վերջը «Ի դառն եւ յանբարի ժամանակիս» [17] ծավալել է եռանդուն գիտամանկավառժական եւ հոգեւոր գործունեություն, հանդիսացել է «հրեշտակաբնակ կայարանս սրբոց վաչդապետաց եւ ճնաւորաց առաջնոց․․․» [18] ։

Թովման երկար տարիներ եղել է Մեծոփյա վարդապետարանի րաբունապետը։ Մե հեղինակություն է վայելել ժամանակակից հոգեւոր ու աշխարհիկ վերնախավերի շրջաններում։ Հակոբ Ղրիմեցի վարդապետը Թովմային հղած ուղերձում գրում է, «Արդ, ո՛վ րաբունապետդ սուրբ եւ առաքինի, ահա եւ զայս եւս զխինդիր քո կատարեց բազում աշխատութեամբ։ Եւ առցես զսայ եւ ըստ ուշիմ եւ նրբահայեաց մտաց քոց որոնեսցես՝ զպակասն լցուցես եւ զաւելորդն կշռեցես, ․․․» [19] ։ Ղրիմեցին նրան աստվածաբան է համարում, «ցանկալի եւ բաղձալի վարդապետ», «առաջնորդ աստուածաբնակ քերոբէագում հռչակաւոր սուրբ ուխտին Մեծոփայ վանքն անուանելոյ» [20] ։ Այլում նշում է նաեւ, որ ինքն «ծառայաբար» կատարել է Թովմայի «խնդրանքը» [21] ։ Մի այլ հիշատակարանում կարդում ենք․ « Ի յառաջնորդութեան սուրբ ուխտիս (իմա՝ Մեծոփա վանք— Լ․Բ․) հոգիազարդ եւ երանաշնորհ եւ աշխահալոյս մեծ րաբունապետիս մերոյ Թովմայ վարդապետի, որ հանապազ խրատ (տ)այ մեզ ի յարուեստ գրչութեանն» [22] ։

Այս հիշատակարանի գրիչը Թովմային մի այլ առիթով «տիեզերալոյս վարդապետ» է համարում [23] ։

Թովման ինքն էլ վկայում է, որ եղել է Մեծոփա վանքի առաջնորդը-քերականական նյութերի մի ժողովածու 1446 թ․ խմբագրելուց հետո, հիշատակարանում գրում է․ «․․․վարդապետս Թովմա՝ առաջնորդ սուրբ ուխտիս Մեծոփայ, վերստին սրբագրեց զստ» [24] ։

Նույն թվականին գրիչ Մկրտիչն իր հիշատակարանում գրոմ է․ «Եւ մեծաւ տենչմամբ ․․․ խնդրեցի ի վեհագոյն պետէն իմմէ եւ ի րաբունապետէն Թումայի, որ փայլէ ի յաւորս մեր իբրեւ արեգակն ի մեջաւրէի յազգս Հայոց եւ յերկրս Քաջբերունի, ի հրաշափառ սուրբ Մեծոփայ» [25] ։

Թովմայի կեսագիր Կիրակոս բանասեր վարդապետն էլ գրոմ է․ « Ի թուականութեանս հայոց մեծաց ՊՂ երրորդ Ե երրորդ եղեւ վախճան մեծ վարդապետին, երցս երանելոյ սուրբ Հօրն մերոյ երջանին եւ փառաւոր րաբունոյն, խորիմաց հռետորին համանման անյաղթ փիլիսոփային՝ Դաւթի սոփեստոսին իմաստասէր հայազեան սեռիս։ Վասն որոյ ի վերջին ժամանակս սա մայն գտաւ ի մէջ ամենայն վարդապետաց իբր եւ զարեգակն ի մէջ աստեղաց ամենայն առաքինութեամբ զարդարեալ տեսականաւն եւ գործնականաւն եւ գիտնականաւն» [26]

1427 թ․ Ղուկասի ավետարանի՝ Սարգսի Կունտի գրած մեկնության իբրեւ խմբագրողի թողած հիշատակարանում, Թովման նշում է, «Յիսեսջիք եւ զիմս աշխատութիւն, որ ի վերջին ժամանակի զգիրս զայս գտի եւ ետու ի ձեռս վարժապետաց եւ րաբունապետացդ հայկազեանս սեռի՝ դաս ասել սովաւ եւ զաշակերտեալսն ի հոգի եւ ի մարմին մխիթարել» [27] ։

Այնուհետեւ պատմում է, թե ինչպես եւ որտեղից է գտել այդ մեկնությունը։ « Ելեալ գնացաք ի գեօղ մի կոչեղեալ Ասպիսընակ։ Մտաք յեկեղեցին եւ գտաք ի խորանին՝ ձգեալ անպիտան ի մէջ մոխրակուտին․ ․․․ Եւ վասն դառն եւ չար ժամանակիս թշուառութեան Ը(8) ամ ի մէջ անցաւ, եւ ոչ  կարացաք գրել։ Իսկ յորժամ բարերարն աստուած սակաւ ինչ անդորրութիւն ետ՝ ի ՊՀԶ (1427) թվականիս․․․ սակավ ինչ ես գրեցի, եւ ղբոլորն գրել ետու հոգեւոր որդոց իմոց, Թովմայ գրագրի եւ Յովհաննէս գրոց աշակերտի ․․․» [28] ։

Սակայն, ինպես երեւում է, այդ անդորրությունը երկար չի տեւել, քանի որ նույն 1427 թ․ գրած մի այլ հիշատակարանում նա գրում է «․․․ի ՊՀԶ (1427) թվականի, ի դառն եւ չար ժամանակի, որ սէրն աստուածային պակասեցավ ի մարդկանէ․․․ աւերեցաւ աշխարհս ամէն ի անաւրէն Թուրքմանէն․․․» [29] ։

1435 թ․ Թովման խմբագրել է Պողոս առաքյալի 14 թղթերի մեկնությունը եւ իր թողած հիշատակարանում գրել․ «․․․ գտի մեկնեալ եւ թարգմանեալ, համառօտեալ եւ ի միասին հաւաքեալ ճշմարտասէր եւ ուղղադաւան վարժապետացն մերոց ի կրկին ազգաց՝ Յունաց եւ Ասորաց, քչիստոսածաւալ աղբեր եւ անմուտ արեգական Յովհաննու Ոսկեբերանի եւ երջանիկ․․․Եփրեմ ի Խորին Ասորոյ, բացայայտ եւ պարզ տեսութեամբ մտաց վարդապետաց եւ ի լուսաւորութիւն գրոց աշակերտաց անձանց, որ էր թաքուցեալ յանկեան ուրեք՝ ի խաւարի տգիտութեան․ անփոյ եղեալ յուսումնասիրաց անձանց, վասն դառնութեան ժամանակաց պատահմանց եւ վասն աւերման մերոց աշխարհաց» [30] ։

Իր ուսուցիչների նման՝ Թովման էլ որպես րաբունական, հանգիստ ու ապահով կյանք չի ունեցել, նա էլ ստիպված հաճախ դիմել է փախուստի, տեղից տեղ է փախադրվել իր վարդապետների ու սաների հետ։

1435 թ․ Իսքանդարի ասպատակությունների կապակցությամբ գրում է․ «Իսկ մեք փախստական եղեալ հասաք ի Խլաթ քաղաք․․․։ Իսկ մեք մազապուրծ եղեալ ի նոցանէ, ի գիշերի հասաք ի լերինս Բաղիշու․․․» [31] ։

1439 թ․ ոմն նորոգող եւ կազմող հերապետ իր հիշատակարանում գրում է․ « յայսմ ամի տիեզերալույս եւ քաջ րաբունապետ Թովմա փախստական էր եղեալ յազգէն նետողաց ի գաւառէն Արճիշոյ, եւ եկեալ հանդիպեցաւ ի սուրբ ուխտն Առաքելոց երկու վարդապետօք ու բազում գրոց աշակերտօք․ եւ ետես զպատուհաս ցասման․․․» [32] ։

Խոսելով կարա-կոյունլու տիրակալ Իսքանդարի դեմ Շահռուխի երկրորդ անգամ գալու մասին, Թովման նշում է, թե «Եւ զայս յատնի եմ տեսեալ ի գաւառս մեր զիյ 885 (1436)  թուականիս յերկրորդ գալն Չաղաթային փախեաք ի Չաղաթայէն եւ հասաք ի Խլաթ քաղաք, հեր եւ Բերկրի, Արճեշ եւ Արծկէ» [33] ։

Կիրակոս կենսագրից պահպանված են նաեւ տեղեկություններ Թովմայի ստացած գիտելիքների մասին։ Այս առնչությամբ կարդում ենք․ «Ուսեալ էր զերկոտասան մասունք իմաստասիրութեան, զբնաբանականն զուսումնականն զաստուածաբանականն եւ զբարոյականն, զտնտեսականն եւ զքաղաքականն, զթուականն, զերաժշտականն, զերկրաչափականն եւ զաստղաբաշխականն եւ զամենայն իմաստ հռետորական հանճարոյ արտաքին փիլիսոփայութեան Է (7) գրոց, որ է Քերականն, Սահմանքն, Պորփիւրն, Ստորոգութիւնքն Արիստոտէլին, Պերիաիմենիասն, Աշխարհացն, Առաքինութեանցն, եւ զհին եւ զնոր Կտակարանացն, այտուածեղէն տառիցն Հ եւ Բ գրոց եւ Ծ նուրբ գրոց․ դժուարիմաստ եւ խրթին բարիւք ծածկեալ աստուածազարդ եւ ուղղափառ սուրբ վարդապետաց․Եւ զԾԱ վիպասական պատմագրաց ի բերան առեալ՝ պատէր մարդկան զտիւ եւ զգիշեր, յանձանձիր ուսուղանէր եւ լուսաւորէր զամենայն մարդ․․․Եւ ջանայր զամենեսեան ի գիտութիւն ճշմարտութեան աստուածային աւրինացն ածել եւ նմանիլ Աստուծոյ բարեաւն եւ գիտնականաւն եւ կատարեաւլ։ Զի սա էր կատարեալ իմաստասէր ըստ Պղատոնին, որ ասէ․իմաստասէր կոչեմ ես ոչ զաքնագէտս եւ ոչ զայն, որ կարողագոյն բազում ինչ առնուլ ի բերան, այլ զայն, որ անբիծ եւ անաղտ վարս ատացեալ ունին յինքեանս» [34] ։

Այնուհետեւ Կիրակոսը բնութագրում է իր ուսուցչապետին այսպես․ «Եւ վարդապետս մեր ունէր զամենայն, ինքն ուակացեալ աստուածային եւ մարդկային առաքինութեամբ զարդարեալ։ Հաւատով ուղղափառ, յուսով հաստատուն, սիրով կատարեալ, խոհեմութեամբ, արիութեամբ, ողջախոհութեամբ, արդարութեամբ քաղաքաւարել է մանկութենէ մինչեւ ի խորին ծերութեանն։․․․ Սուրբ հայրս մեր հոգեւոր միշտ ցաւէր վասն հայոց եկեղեցեաց, կարգաւորաց, արանց եւ կանանց, ծերոց եւ տղայոց, կենդանեաց եւ մեռելոց։․․․ Չարչարէր զինքն ի յուսուցանել զմանկանս եկեղեցւոյ, ի սաղմոսն, ի յաղօթքն, ի շարական, ի գրագրութիւն, ի ժամանակարգութիւն․ զի գրեաց ընտիր եւ անսղալ աղաւթամատոյց եւ մեկնիչք եւ տաւնացոյց ի լաւ օրինակաց եւ ուսոյց ԻԴ ընտիր գրագիր» [35] ։

Կենսագիրը Թովմայի խոսքերով վկայում է՝ «զինչ որ ի ժամատեղս կարգեալ եմ, զմինն որ եդեալ եմ յինէն, այլ յառաջին սուրբ հարցն եմ առեալ եւ եդեալ ի գրի» [36] ։

* * *

Թովմա Մեծոփեցու պատմագրական ժառանգությունը չնայած ծավալով մեծ չէ, բայց պարունակած նյութով խիստ կարեւոր ու արժեքավոր է XIV դարի վերջին եւ  XV դարի առաւին կեսի Հայաստանի ու Անդըրկովկասի պատմության ուսումասիրության համր։ Թովմայի հրատարակիչ Կարապետ Շահնազարյանն իր առաջաբանում նշում է, որ Թովմայի Պատմությունը Շերեֆ-Էդդինի (նկատի ունի Շարաֆ ադ-ադին Յազդիի «Զաֆար-Նամե» երկը) գրածի համեմատությամբ շատ հառոտ է, եթե վերջինս մանրամասն տվել է  Լանկ-Թամուրի հրապարակ գալը եւ պատճառած ավերածությունները մի շարք երկրներում, այդ թվում եւ Հայաստանում, Թովման հարեւանցիորեն հիշում է այդ բոլորը եւ հոտո ընդարձակ ձեւով նկարագրում է Հայաստանում Թամուրի պատճառած ավերածությունները, գերեվարումը, բնակչության ոչնչացումը, որոնց մասին օտար գրողները մեծ մասամբ զանց են արել։ Նա միանգամայն ճիշտ նշում է, որ այդ առումով Թովմայի երկը խիստ կարեւոր է մեր տոհմային պատմության ուսումասիրության համար [37] ։ Ճիշտ է նաեւ Գ․Հովսեփյանը, որ գրում է, թե Թովմայի Պատմությունը եւ Հիշատակարանը, իրենց թերություններով հանդերձ, պատմության համար անգնահատելի աղբյուրներ են իբրեւ ժամանակակից եւ ականատես անձի նկարագրություն, «առանց որոնց մեր տեղեկությունները թերի կլինէին ժամանակի այնպիսի դեպքերի մասին, որպիսին արիւնարբու Լանկթամուրի եւ նրա յաջորդների արշավանքներն են, հայրապետական Աթոռի վերանորոգութիւնը Էջմիածնում։...

  Թովմայի պատմութիւնը ազգային եւս մի կարեւոր աղբիւր է, Լանկթամուրի նման պատմական խոշոր անձի հետ կախուած լինելով, ուստի եւ գիտնականների ուշադրութեան արժանացած» [38] ։

Ըստ Գ. Հովսեփյանի, ոչ պակաս կարեւոր է «Յիշատակարանը» իբրեւ հայոց եկեղեցական պատմության այդ առաջնակարգ երեւույթի (նկատի ունի կաթողիկոսության վերահաստատումը Էջմիածնում) միակ ամբողջական նկարագրությունը [39]:

Կ. Շահնազարյանը նշում է, որ Թովմայի «Պատմությանը» Եվրոպայում առաջին անգամ ծանոթացել են XIX դարում Ֆրանսիացի գիտնական Նեվի միջոցով [40]:

Նա միաժամանակ գրում է, որ բնագրի խորագիրը երկար լինելու պատճառով ինքը այն համառոտել է՝ «Պատմութիւն Լանկ-Թամուրայ եւ յաջորդաց իւրոց արարեալ Թովմա վարդապետի Մեծոփեցւոյ» [41]:

Թովմա վարդապետը Պատմությունն սկսել է գրել 50 տարեկանն անց հասակում. «զի ծեր էի եւ յետ 50 ամացս սկսալ. Վասն այսորիկ յետ եւ յառաջ գրեցի» [42]:

Կիրակոսը գրում է, «Եւ գրեաց պտմութիւն Կ տարոյ. ի ՊԼԵ թուականէն մինչ ի ՊՂԵ ամի կատարման իւրոյ. սկիզբն ի Թօղթամիշ զանէն եւ ի Թամուրէն առեալ եւ ի կատարումն ի Ջհանշէն վճարեցաւ: Եւ զամենայն վիշտ եւ զդառնութիւն եւ զնեղութիւն եւ զտրտմութիւն տառապեալ ազգիս արամեան տանս աբեթան լիովին եւ գեղեցկաշար բառիւք եւ ողբալից դիմաւք եւ աղիողորմ կսկքանօք եւ սրտահառաչ լալաւք եւ արտասուաւք պատմէր, եւ աշխատէր հանապազ ի թուղթ գրելն վասն աղքատաց եւ գերելոց, որ մին տարին Գ դաստա թուղթ վճարել էր ի նամակ գրելն» [43]:

Երախտապարտ սանը միանգամայն ճիշտ է ներկայացնում իր ուսւոցչի գրած պատմությունը, հիրավի Թովմայի երկը կարդալիս մարդ այդ տպավորությունն է ստանում:

Հայաստանն ու հարեւան երկրները, հայ ժողովուրդն ու հարեւան ժողովուրդները Թովմա պատմագրի ապրած օրերում ծանր ու օրհասական վիճակում էին գտնվում, նորանոր կործանարար ու ավերիչ ասպատակություններ, բնակչության զանգվածային ոչնչացում, գերեվարում, առանց այն էլ նոսրացած գավառների ամայացում, սով, անապահով կյանք, զանգվածային արտագաղթեր, քաղաքների, գյուղերի, հոգեւոր կենտրոնների ավերումներ ու կողոպուտներ: Երկիրն անընդմեջ ոտնատակ էր արվում բիրտ ու վայրագ նվաճողների՝ թամուրյանների, թուրքմենական, քրդական, ցեղերի կողմից՝ Հայաստանում իրենց գերիշխանությունը հաստատելու կամ վերահսկելու, ավարի ու կողոպուտի, բնակչության գերեվորման համար ծավալած արյունահեղ պատերազմական գործողությունների, ավազակային ասպատակությունների ժամանակ, որոնք վերջ չոունէին եւ անասելի սարսափներ էին պատճառում բնակչությանը:

Սակայն այդ դեռ բոլորը չէր: Պապականության նենգ քաղաքականությունը պակաս չարիքներ չէր պատճառել հայ ժողովրդին: Այդ քաղաքականությունը հայ ժողովրդի երկրորդ հարենիքը՝ Կիլիկյան հայկական թագավորությունը հյուծել, կործանման եզրին էր հասցրել, խարխլել էր հայ եկեղեցու միասնությունը, անզիջում ու համառ պայքար էր սկսվել Կիլիկիայում այդ ժամանակ գտնվող հայոց կաթողիկսության եւ հոգեւոր վերնախավի ու բուն Հայաստանի հոգեւորականության միջեւ: Առաջինները զոհ էին դարձել կաթողիկոսության մեքենայություններին եւ ուզում էին նույն ճակատագրին արժանացնել արեւելահայ հոգեւորականությանը: Սա էլ դեռ բոլորը չէ: Պապերի կողմից ուղարկված ունիթոռ քարոզիչները, որոնք վխտում էին Հայաստանի գացառներում եւ օրեցօր շատանում էին, իրենց քայքայիչ գործն էին կատարել ու իրենց հերթին խարխլել արեւելահայ հոգեւորականության միասնությունը, ջլատել ուժերը, ստեղծել իրենց կենտրոնները, խոր արմատներ գցել հայ հոգեւոր ու աշխարհիկ շրջաններում: Մահմեդական աշխարհը, հայ ժողովրդի ֆիզիկական ոչնչացմանը զուգահեռ, դավանափոխության քաղաքականությունն էր ուժեղացրել, պապականությունն էլ, իր հերթին, հայերի ձուլումն էր խիստ սկտիվացրել: Ստեղծված այդպիսի մղձավանջային ժամանակաշրջանում հայ ժողովրդի գոյատեւման շահերը պահանջում էին միավորել ուժերը, պահպանել, գոնե, ազգային ինքնատիպությունը, որը մարմնավորված էր դավանանքի մեջ, ուստի հայ եկեղեցում միասնության ապահովությունը խիստ կենսական ու անհետաձգելի խնդիր էր առաջադրել արեւելահայ հոգեւոր ու աշխարհիկ տերերի առջեւ: Անհրաժեշտ էր առաջին հերթին կաթողիկոսությունը փրկել կործանումից, մի բան, որ Կիլիկիայի պայմաններում արդեն հնարավոր չէր, ուստի պետք էր այն տեղափոխել մայր հայրենիք, վերակենդանացնել Էջմիաշնի դիրքն ուդերը: Այս գաղափարը առաջին անգամ տվել էր 1441 թվից մոտ հարյուր հիսուն տարի առաջ Ստեփանոս Օրբելյանն իր «Ողբ ի ս. Կաթողիկէն»-ում, որ հետագայում նրա տոհմի ժառանգներից Հովհաննես Որոտնեցին ու նրա աշակերտները զարգացրին եւ նախապատրաստեցին, իսկ Գրիգոր Տաթեւացու աշակերտներն էլ, որոնց թվում եւ Թովման, իրականացրին այն:

Այդ մասին առավել հանգամանորեն՝ քիչ հետո:

***

Ահա նշված պայմաններում է ապրել ու գործել, մեր պատմագիրը, իր սեփական կաշվի վրա կրել ապրած օրերի դառնությունները: Նրա պատմագրական ժառանգության մեջ կարմիր թելի նման անցնում է, մի կողմից՝ անհուն սերն ու նվիրվածությունը հանդեպ իր հայրենիքը, իր դավանանքը, իր մշակույթը եւ, մյուս կողմից՝ անզուսպ ատելությունը օտար նվաճողների, դավաճանների, ուրացողների, քայքայիչների, բարոյալքվածների նկատմամբ:

Պատմագիր Թովման իր երկրի հենց սկզբում ասում է, թե ինչի մասին է գրելու. «Պարտ է գիտել ուսումնասիրաց եւ բանասիրաց անձանց զի ժամանակն բաժանի յերեք՝ յանցեալն, ի ներկայ եւ յապառնի: Եւ վարդապետաց եկեղեցւոյ պիտոյ է վասն երիցն գիտելոյ, վասն անցելոյն պատմել, վասն ներկային խօսիլ, վասն ապագային իմանալ եւ զգուշացնել: Նմանապէս եւ մեզ պարտ է սակաւ մի համառօտաբար վասն ներկայիս, զոր ի մերում ժամանակիս եղե., պատմել, զոր չար թագաւորքն անհաւատք Արեւելից կորուստ բերին Հայկազեան սեռիս ի վերջին ժամանակիս, եւ ամենայն օտարացեղ ազգաց ցուցանել» [44]:

Հակառակ թամուրյանների պալատական եւ մի քանի այլ մահմեդական պատմագիրների Թամուրին տված սուբյեկտիվ բնութագրմանը, որը այսօր չարաշահում են առանձին մասնագետներ, մեծարում են ու բարձր գանհատում նրա գործունեությունն ու խաղացած դերը, Թովման, Արեւելքի թերեւս առաջին պատմագիրն է, որ հնարավորություն է տալիս քողազերծ անելու այդ առասպելը: Թամուրին՝ նրա տված բնութագիրը հաստատվում է ինչպես հայ, այնպես եւ օտար, այդ թվում եւ մահմեդական աղբյուրների կողմից: Նրա մոտ կարդում ենք. «... այր մի Թամուր-Լանկ անուն, դաւանութեամբ եւ օրինօք պղծոյն Մահմետի՝ Նեռին կարապետի, յայտնեալ երեւացաւ ի յարեւելս եւ ի Սմրղանդ քաղաքի, անողորմ, անգութ, անագորոյն, լեալ ամենայն չարութեամբ, պղծութեամբ եւ հնարիւք բանսարկուին սատանային» [45]:

Ըստ պատմագրի, Թամուրը «աւազակապետ եւ գլուխ մարդառպանից» [46] է, նրա հաջողությունները եւ հաղթանակները թովման բացատրում է նրանով, որ նա իր շուրջ է համախմբել իր նմաններին, ավազակաբար, նենգ ու խարդախ միջոցներով կարողացել է տիրել Արեւելքի երկրների [47]: Պատմում է, թե ինչպես է նա կարողացել տիրել Շիրազ, Քիրման եւ Սպահան քաղաքներին, որոնց իշխան Շահ-Մանսուրը, ութ տարի համառ մարտնչել էր նրա դեմ, որի համար Թովման նրան «արի» է համարում: Պարտվելով Մանսուրից, Թամուրը վերադառնում է Արեւելք, Մանսուրը դեսպան է ուղարկում նրա մոտ: Իմանալով դեսպանի գալու մասին «չարահնարը» սուտ հիվանդ է ձեւացնում, մի գառի արյուն է խմում, հրամայում դեսպանին կանչել իր մոտ, բազմության մեջ «եցոյց զդէմս կերպարանաց իւրոց իբրեւ զմեռելոտի», ապա հրամայում է պղնձե թաս բերել իրեն, խմած արյունը ետ է տալիս: Դեսպանը այդ տեսնելով տերքուստ ուրախանում է համոզվելով, որ նա հոգեվարքի վիճակում է ու պիտի «սատկի», գիշերը փախչում է եւ Մանսուրին հայտնում այդ մասին: Վերջինս եւ ամբողջ ժողովուրդը շատ են ուրախանում, հանգստացած ցրվում են իրենց բնակավայրերը, «չարահնար» Թամուրը 3-4 օրից գալիս պաշարում է քաղաքը, «արի» Մանսուրը 800 հոգով հանկարծակի դուեւս է գալիս քաղաքից ու հարձակվում թշնամու վրա, սակայն պարտվում է, Թամուրն այս ճանապարհով տիրում է նրա քաղաքներին [48]:

Թամուրը Սուլթանիայի իշխան Էդիլին, որը մտադրվել էր նրան սպանել բաղնիքում, ամբողջ բազմության առջեւ, պղնձե կաթսայի մեջ կենդանի եփել է տալիս [49]:

Թամուրը Թովմայի համար «զպիղծ վիշապն անդնդային» է [50], «չար գազան» [51] եւ այլն:

Դառնացած պատմագիրը սրտի անհուն կսկիծով նկարագրում է «պիղծ եւ անօրէն Չաղատայի» զորքերի պատճառած ավերածությունները: Ի դեպ նկատենք, որ նա ողբում է ոչ միայն իր հայրենիքի ու իր ժողովրդի օրհասական վիճակը, այլ նրան ցավ է պատճառել հարեւան երկրների քրիստոնյա եւ տեղական մահմեդական ժողովուրդների ու ցեղերի կրած տառապանքները:

Արարատյան գավառի գրավման կապակցությամբ նշում է. «եւ զայլ ամենայն բազմութիւն հաւատացելոց չարչարէին տանջանօք, սովով, սրով, գերութեամբ, անտանելի չարչարանօք եւ անագորոյն բարուք անմարդաձայն արարին զամենալից գաւառն Հայոց» [52]:

Այնուհետեւ նա ուրվագծում է Թամուրի ասպատակությունների երթուղին: «Եւ ընթացեալ բազում զօրօք (Թամուր— Լ. Բ. ) ի Փայտակարան Տփղիս քաղաք՝ էառ զնա եւ գերեաց անթիւ ու անհամար: Եւ կածիք է՝ թե սպանեալն յոլով էր քա թե ապրեալն» [53]:

Իսքանդարի՝ Արալի որդու կապակցությամբ, որն իշխել է Վանում, գրում է. «առնէր զանիրաւութիւն հարկապահանջութեամբ ազգիս մէր եւ Տաճկաց» [54]:

Ահա թե ինչպես է ողբում նա Վանի պաշարումն ու առումը. «Եւ նոցա նեղեալ ի հացէ եւ ի ջրոյ՝ ոչ կարացին կալ ի խսարին, եւ ետուն զբերդն ի ձեռս նոցա:

Աւաղ աղէտիս եւ դառն կսկիծիս: Աստ էր տեսանել զահ եւ զերկիւղ աւուրն դատասանի, զլալումն եւ զողբումն ամենայն բերդին զի հրաման եղեւ ի չար բռնաւորէն զկանայս եւ զմանկունս առնուլ ի գերութիւն, եւ զհաւատացեալս ու զանհաւատս ի բերդէն ի վայր ընկենուլ: Իսկ նոքա առժամայն կատարեցին զչար հրաման նորա սկսած առհասարակ զամենեսեան ի վայր ընկենուլ եւ այնքան բարձրացաւ մեռեալն, մինչ զի վերջին անկեալքն ոչ մեռանէին, զոր տեսաք աչօք եւ լուաք ականճօք մեովք ի սուրբ հօրէն՝ սրբազան արքեպիսկոպոսէն Տէր Զաքարիայէ եւ ի հօրէն վարդապետ Տեր Պօղոս կեչեցեալ, որ եւ նոքա ազատեցան լինելով ի բերդին... Բայց ով կարէ պատմել զթիւ գերեացն եւ զսպանումն անմեղացն... զի լցաւ աշխարհ ամենայն գերութեամբ Հայոց, մեռան քահանայք եւ աշխարհականք հաւատացեալք եւ անհաւատք» [55]:

Ամփոփելով Լանկ Թամուրի առաջին արշավանքի հետեւանքները, պատմագիրը բացականչում է․ «Աւաղ եւ եղուկ ամենայն Հայոցս, զի աւերեցաւ ամենայն երկիրս, զի յԱրճշոյ մինչեւ ի տունն Վրաց եւ մինչ ի Կուր գետն Աղվանից շաղախեցաւ արեամբ անմեղաց երկիր ամենայն չարչարանօք, սպանմամբ եւ գերութեամբ։ Եւ յետ գնալոյ նորա յաշխարհէս մերմէ եկն սով սաստիկ յաշխարհս մեր եւ տարաշեցաւ յամենայն տեղիս զի կերան զշունս եւ զկատուս, խորովէին զուստերս եւ դստերս․ այր՝ զկինն, եւ կինն՝ զայրն սպանանէին զմիմեանս եւ ուտէին եւ ոչ յագենային, եւ յետոյ ինքեանք մեռանէին։ Զի ոչ կարեմ պատմել զդառնութիւնս մեր զոր տեսաք աչօք եւ լուաք ականճօք» [56] ։

Ահնուհետեւ նկարագրում է Թամուրի երկրորդ արշավանքը, նրա զորքի եւ ջելայիրիան Յուսուֆի միջեւ մղված պատերազնմները, նրանց երկուսի պատճառած ավերածությունները Հայաստանի տարբեր քաղաքներում ու գավառներում։

Ապա տալիս է նրա երկրորդ արշավանքը՝ 1401 թ․, կատարած գազանություններն ու վայրագությունները Դամասկոսում, Բաղդատում, Սեբաստիայում եւ այլուր։ Այսպես Դամասկոսում «հրաման եղեւ ի նմանէ՝ (եւ ասէ) 700, 000 մարդ կայք առ իս՝ 700․000 գլուխ այսօր ու վաղիւն այսր բերջիք․ եւ եօթն բերդ շինեսջիք, որ ոչ բերիցէ զգլուխն՝ հատցի գլուխ նորա։ ․․․Եւ բազում զօրացն սուր ի վերայ եդեալ՝ կոտորեցին զամենայն քաղաքն․ եւ պակասեալ լենէին ալր մարդ․ եւ գլուխ գտանել ոչ կարէին․ ապա կտրէին գլուխս կանանցն եւ զհրամանն ի տեղ բերէին ամենայն զօրքն։

Աստ էր տեսանել զօրինակն համօրէն դատաստանին եւ զգոչումն եւ զաղաղակն, զլաց եւ զհառաչումն։ Եւ ով ոք որ ոչ կարէր սպանանել զգլուխ մի՝ ի 100 թանկայ գնէր եւ տայր ի համարն։ Եւ բազումք ի զօրացն ոչ սպանանել կարէին եւ ոչ գնել, զգլուխս նոցին հատանէին եւ ի չար մսէ բլուր դնէին» [57] ։ Թովման այս գրելուց հետո ասում է․ այդ մեզ պատմել է «հոգեւոր արդեակն մեր Մխիթար», որն եղել է այդ ժամանակ Դամասկոսում, իր աչքով տեսել է հրեշավոր այդ իրողությունը եւ ինքն հազիվ փախել է քաղաքից։

Թամուրը նույնը կատարել է եւ Բաղդատում։ Խաբեությամբ գրավել է Սեբաստիա քաղաքը եւ հավատացյալներից եւ անհավատներից 4000 հոգու քաղաքից դուրս կենդանի «թաղեցին զնոսա, եւ ջրով եւ մոխրով ծածկեցին» [58] ։ Թովման զայրացած բացականչում է․ « եւ ով կարէ ընդ գրով աեւկանել զայս դառն տանջանս, զորս գորխեաց կարապետ Նեռին՝ անողորմ բռնաւորն» [59] ։

Թամուրն այստեղից շարժվել է դեպի արեւմուտք , գերեվարել 60. 000 տուն ղարաթաթարներից, ուղարկել դրանց Խորասան։ Ապա գնացել է Վրաստան, ուր վրացիներն ու հայերը ամրացել էին անմատչելի վայրերում, սակայն նա կարողացել է  հաղթել եւ ավելի քան  60. 000 գերի վերցնել։ « Եւ նոքա սրով ու հրով զամենայն աշխաչհս Վրաց կործանեցին, զեկեղեցիսն քակեցին, քգերինս առեալ հասուցին յաշխարհս մեր մերկ եւ բաբիկ, քաղցած եւ ծարաուած, ամեն հինգ Չաղատայ 20 գերի ունելով։ Եւ բազում այն էր, որ ի ճանապարհին մեռանէին եւ նոքա քար առեալ ջախջախէին զգլուխս նոցա, զի մի կենդանի մնասցեն․․․Զոր տեսաք աչօք մերովք եւ լուաք», սրտի կսկիծով գրում է պատմագիրը ու ավելացնում, «վայ եւ եղուկն բարձրացաւ ի վերայ քրիստոնէից ազգիս, տեսանէաք զգերինս եւ օգնել որ կարէաք, այլ հեղձամղձուկ լեալ՝ ողբով եւ լալով խոյս տուեալ փախչէաք ի նողանէ» [60] ։

Նկարագրելով Թամուրին որդի Միրան շահի հարձակումը Բաղեշի վրա եւ գրավումը, ապա վերադարձը Թավրիզ, Թովման մեծ բավականությամբ գրում է․ « Եւ պիղծն Թամուր․․․ սատակեցաւ շան պէս, եւ ոռնայր մեռելն իբրեւ զշուն ի պիղծ խատիրայ Մաշաթին» [61] ։ Արժեքավոր տեղեկություններ է հաղորդում Միրան շահի ու նրա եղբոր Աբու-Բաքրի եւ ջելայիրյան Յուսուֆի միջեւ տեղի ունեցած ընդհանրումների ու նրանց պատճառած ավերածությունների մասին։

Յուսուֆի՝ Բաղդատի սուլթան Ահմադի դեմ տարած հաղթանակից հետո որոշ չափով խաղարկություն է տիրում Անդրկովկասում, եւ Թովման թեթեւացած շնչով հավաստում է․ «Եւ եղեւ ի նոյն ժամանակս խաղաղութիւն․․․ ամենայն աշխարհիս Վրաց եւ Աղվանից, եւ շինութիւն ամենայն աշխարհիս, մինչ զի յԱրճիշու մինչ ի գաւառն Արարատեան մարդիկ ի յաւեր ոչ բնակէին, այլ ի շէնս բնակէին եւ թէպետ հարկապահաջութիւնն բազում էր, սակայն խաղաղութինն առանց խռովութեան էր։ Եւ ծաղկեալ էին եկեղեցիք քահանայիւք եւ սարկաւագօք․ եւ մարդիկ որք Չաղաթային ի հաւատոց ուրացեալք էին, եկին ի հաւատս․․․» [62] ։

Սակայն մեր պատմագրի հոգեկան բավականություն երկար չի տեւում։ Նկարագրելով Յուսուֆի՝ «Իբրեւ կատաղի եւ անողորմ գազան»։ Ախալցիայում իրագործած կոտորածը եւ գերեվարումը, նա գրում է, թե հայերը տեսնելով գերիների վիճակը աշխատեցին փրկագնով ազատել նրանց․ «տեսանողքն ոչ կարէին ժուժկալել․ կանայք զզարդարանս իւրեանց կողոպտէին, արք՝ զանասունս, քահանայք եւ կրօնաւորք զաղքատութիւնս իւրեանց ցուցին․ ում ոչխարիկ եւ ում տաւարիկ կայր՝ տային եւ գնէին»։ Մինչեւ անգամ փրկագնի առասպելական չափն է հաղորդւոմ․ «եւ տեսեալ անօրինաց զյօժարութիւն նոցին՝ զամեն գերին հանեցին ի 10. 000 եւ ի 20. 000 մինչ զի քահանային միոջ յԱրճեշ եւ յԱրծկէ երկերիւր երեսուն հազար դահեկան գնէին» [63] ։

Անհուն վշտով է նկարագրում նաեւ Շահռուխի եւ կարա-կոյունլու գահակալ Իսքանդարի, վերջինս ու նրա եղբայրների միջեւ տեղի ունեցած ընդհանրումները եւ դրանց տխուր հետեւանքները․ «Ոչ կարեմ ընդ թիւ արկանել զմեռեալսն եւ զողբումն, գլացն եւ զաղաղակն եւ զկորուստ ազգից մեր» [64] ։

Ասում է՝ չէին խնայում նրանք «ոչ ի տաճիկ եւ ոչ Ասորի» [65] ։ «Անողորմ վիշապն եւ արեանարբու գազանն» Բաղեշի քուրդ ամիրան հայոց Որմի քաղաքում գազանաբար 700 տաճիկ էր սպանել ու ավերել քաղաքն ու շրջակայքը [66] ։

Թովման Իսքանդարի ( Իսկենդերի եւ Իսքանդարի) մասին էլ ատելությամբ է գրում, նրան «յիմար եւ անզգայ եւ անհնազանդ եւ հպարտ  եւ գոռոզ» բռնավոր է համարում [67] ։

Նկատենք, սակայն, որ Թովմայի մոտ որոշ հակասություն է դրսեւորվում առանձին մարդկանց, հատկապես Իսքանդարի բնութագրումների մեջ, եւ դրա թերեւս բացատրելի է։ Սկզբնական շրջանում նա, հավանաբար, տեսնելով Իսքանդարի առաջին հաջողությունները թամուրյանների դեմ ծավալած պայքարում, որոշ հույսեր էր կապել նրա հետ։ Սակայն հետագայում, երբ հաոզվել էր նրա անկարողության մեջ, իրենց վրա հասած նորանոր սարսափների պատճառած Իսքանդարի անհնազանդությունն էր համարում «Վասն հպարտութեան բարուց իւրոց ոչ ինքեան յաջողեցաւ եւ ոչ հաւատացելոց, կորեաւ ինքն եւ կորոյս զագս մեր» [68] ։

Թերեւս նա սկզբնական շրջանում տգետ չհամարեր այն մարդկանց, որոնք Իսքանդարին ցանկանում էին «երկար կյանք»։ Հավանաբար դրանք այն մարդիկ էին, որոնք իր նման սկզբում հույսեր էին կապել նրա հետ․ «Զայս չարիս գործեաց անօրեն գազանն (Իսքանդարը— Լ․․ Բ․), գրում է նա, եւ տգէտք ոմանք վասն սակաւ սիրելոյն զհաւատացեալս թե ազգ բարի է՝ երկարութիւն կենաց խնդրէին, որ եւ կարծիք է մարդկան թէ՝ քան զաստեղս աւելի մարդիկ մեռեալ եղեն վասն սորին անհնազանդութեան եւ հպարտ բարուց որ ոչ հնազանդեցաւ թագաւորին արեւելից։ Վասն զի նա (իմա՝ Շահռուխը Լ․Բ․) խաղաղասէր էր» [69] ։

Թովման որոշակի ասում է նաեւ․ «Ի զ870 թուականէն ի հետ մինչ ի մահ սորա (Իսքանդարի— Լ․ Բ․) ամենայն երկիր ի վրդովման կայր եւ ի խռովութեան անհաւատ եւ հաւատացեալ, զի երեք անգամ է այս որ Շահ-Ռուհ Չաղաթայն նորա անհնազանդութեան աղագաւ զամենայն Թուրքմանն եւ զՄիեջերկրեայս ի գերութիւն ետ․․․» [70] ։

Երբ ինքը վարդապետներով ու աշակերտներով փախուստի է դիմել ու ապաստանել Լիմ կղզում, ոմն Հաճիբեկ իշխան զորքով գնում է այնտեղ, բոլորից պահանջում ոսկի եւ արծաթ․ «Եւ յերեկոյի ժամէն մինչեւ ի լոյսառաւոտուն 40. 000 դահեկան էառ, բայց ի համարս աւելի (քան) զ100. 000 եւ յահէ նոցա կամէաք, զի ծովն ընկղմէր զմեզ տեսանելով եւ լսելով զաղաղակ եւ զճիչ կանանց եւ որդւոց նոցա․ վասնզի հարկանէին զամենեսեան եւ բրածեծ առնէին» [71], ցավով գրում է Թովման։

Իբրեւ ողբերգու Թովման թերեւս զիջում է միայն Արիստակեսի Լաստիվերցուն։ Նկարագրելով Արճեշի գավառի բնակչության օրհասական վիճակը, նա գրում է․ «Եւ բազմութիւն քրիստոնէիցն․․․ ի լերինս եւ ի բլուրս, ի ծերպս եւ ի ծակս վիմաց փախուցեալք կային։ Եւ նոցա շրջապատեալ զլերամբն, իբրեւ արծիւ որ որսայ զթռչունս երկնից, գոչէին, ձայնէին, երիւարաւն արշաւէին, զսիրտս արանց եւ կանաց ճմլէին, իբրեւ զօր դատաստանին սոսկալի եւ սարսափելի պատուհասի հասին, զմեծամեծսն սպանանէին, զոմանս թլպատէին եւ ի հաւատոց բեկանէին, եւ զկին եւ որդի ի հարանցն յափշտակեալ գերի առեալ տանէին։ Գոչէր մայրն առ որդին եւ որդին առ մայրն․ «մայր իմ՝ ո՜ տայր  ինձ տեսանել զքեզ»։ Եւ մայրն՝ առ որդին․ «Ո՜վ որդեակ իմ՝ վայ է ինձ եւ եղուկ, եւ վայ աւուր քոյ ծննդեան, վայ ինձ եւ վայ հօր քոյ աւետեաց․ վայ բեկեալ բազկիս որ զքեզ բարձի որդեակ՝ երթեալ գնաց ի ծով դառնութեան․․․ Եւ այս կսկիծ դառնութեան անճառելի է ընդ գրով արկանել զայս աղէտ տարկուսանաց նեղութեանս։ Բայց սակաւ մի ծանօթութիւն տամ յետ մեզ եկելոցդ զի լալով լայք զկորուստ ազգիս Հայոց, զի անձամբ ի ներս կայաք» [72] ։ Այնուհետեւ ասում է․ « Եւ մեք բազում անգամ հարցաքննութեամբ ի խնդիր ելեալ թերեւս գտանեաք զթիւ համարոյ գերեացն զԱրճիշոյ եւ զՎանայ․ եւ ոչ ոք կարաց ստուգել․․․» [73] ։

Թովման ողբում է նաեւ Իսքանդարի՝ Շամախու շրջանում եւ Դերբենդից հյուսիս ընկած տարածքում կատարած վայրագությունների հետեւանքները։ «Աւերեաց զաշխարհն ամենայն (Շամախի— Լ Բ․), զքաղաք եւ զգիւղ եւ սրոյ ճարակ ետ» [74] ։ Ապա շարունակում է․ «աւերեաց բազում աշխարհ (Դերբենտից հյուսիս— Լ Բ․) անողորմ սրախողխող առնելով զլեռնականս եւ զդաշտականս՝ զամ մի լման անդ յարեալ զանմեղ արիւնս հեղլով զոր ոչ ոք կարէ ընդ գրով արկանել» [75] ։

Խոսելով ոմն Փիրալի իշխանի Արճեշի եւ Արծկեի գավառներում կատարած կողոպուտի մասին, Թովման հաղորդում է «Եւ զամենայն գաւառս այնքան կողոպտեցին եւ ի յընչից մերկացուցին մինչ զի ամենայն քրիստոնեայք որ այժմ կան մեծամեծ եւ փոքունք խոտեն զինքեանս եւ ոչ ինչ համարին, առանց ամօթոյ խոտով ծածկեն զինքեանս, եւ մերկ եւ բոբիկ շրջին իբրեւ զանասունս» [76] ։

Դառնացած հավաստում է միաժամանակ, որ Լիմ կղզին գնացած կանանց վաճառել էին եկրու-երեք հարյուր թանկայի․ «եւ այժմ ձգեալ է զամենայն հաւատացեալս ի ներքոյ հարկապահանջութեան՝ մինչ զի ամենայն մարդագլուխ 40 թանկայ առնուն թող զբահայր (հողային ռենտան— Լ․Բ․) եւ զչարեք (բնակչության աշխաչհազորային պարտականությունը— Լ․Բ․) ի ծերոց եւ ի տղայոց, յորբոց եւ յայրեաց ի կուրաց, յաղքատաց եւ ի տնանկաց։ Եւ ամենեքեան կենդանի մեռեալք եւ սովեալ կան» [77] ։

Պատմագիրը ողբում է նաեւ 1431 թ․ սովի հետեւանքները․ «մոթ ցորեանն աւելի հանէր քան զ60 թանկայ ի պազարին Արճիշոյ» [78] ։ Ցավագնորեն նշում է, որ սովի եւ աղքատության հետեւանքով Արճեշից 500 հոգի ստիպված դավանափոխ են դարձել։ Սովը տեւել է 7 տարի եւ այդ ընթացքում «սուրն կորոյս, սովն սպան, գերին պակասեաց, գազանք կերան զմարդիկ, թռչունք կերան զվաստակս, գորտն եւ մկունք ապականեցին զանդաստանս» [79] ։

***

Համեմատելով հայերին հասած պատիժը եբրայեցիների եւ եգիպտացիների պատիժների հետ, պատմագիրը սրտի կսկիծով նկատում է․ «որդիք Եգիպտացւոց ի ծով ընկղմեցան, իսկ որդիքն Հայոց՝ ի ծովն անհաւատութեան․․․ Նոքա ի ծովն մեռան, եւ ոչ ծծնդեամբ բազմացան, արդինք մեր եւ եղբարք, որք անհաւատութեամբ մեռան եւ կորեան, աճեն որդիք նողա անհաւատութեամբ եւ լնուն զածխարհս ամենայն․․․» [80] ։ Այնուհետեւ ողբում է դրա տխուր հետեւանքները, այն արատավոր բարքերը, որոնք այլասերել են մարդկանց եւ հասարակությունը։

«Եւ այս պատուհաս որ եղեւ, գրում է նա, մի կարգաւոր եւ աշխարհական, մեծատուն եւ աղքատ զլեզու իւր ոչ սանձեաց ի հայհոյութենէ յիշոցացն, եւ ոչ ասացին մեզայ Աստուծոյ եւ ի ժանտալից դառնապտուղ եւ դառնաբերան անիծից եւ Նզովից գարշաբերան աղտեղութեանց զորս ժայթքեն հանապազօր մոխրաթաւալ նորընծայ ուխտի մանկունք եկեղեցւոյ Հայստանեայց՝ հանապաղ զաղտեղիս խօսելով զբերանս ուսումնականաց լնուն։ Այլ վայ եւ եղուկ է մեզ, եւ եղուկ է նոցա, զի անձամբ զանձն իմ դատապարտեմ զի եւ ես  ի նոյնս կամ բայց հարեալ ի խղճէ մտացս․ զի գիտութեամբ Աստուածաշունչ գրոց ծանօթացայ, կամ իմ բառնալ, եւ ոչ կամին լսել եւ ես հանապազ ի դառնութեան կամ, զի սովորութիւնն հնացեալ բնութիւն մակստացական է։ Դարձեալ եւ ոչ կարեմ բառնալ ի մանկանց եկեղեցւոյ զի վիշապ ապստամբ եղեալ են, եւ ի խրատուէ հեգեւոր արանց եւ եկեղեցւոյ վարդապետաց խոյս տուեալ գնան զհետ կամաց իւրեանց» [81] ։

Թովման էլ Լաստիերցու եւ Ուռհայեցու նման, Արճեշի օրինակով բացահայտում է արմատացած արատավոր բարքերը եւ դրանց պատճառը համարում է հասարակության վերասերումը․ «Եւ մեք զայս ամենայն տեսանելով զողբումն եւ զհառաչանս մերկացելոց եւ աղքատաց եւ գանագատ եւ սուտ անուն տանտուրեաց որ թուլութեամբ եւ անփոյթ առնելով կորուսին զտառապեալ ազգս մեր ոչ միայն ի դառն աղքատութեան այլեւ ի գործս անլսելիս եւ անպատմելիս եւ յանառակ արբեցութիւնս ծերոց եւ տղայոց, որպէս յայտ է տեսանել ի քաղաքն Արճէշ» [82], զայրութով գրում է Թովման եւ ավելացնում․ «չար սերմանցն չար լինի եկրկագործութիւն, եւ չար ուսուցչացն չար լինի ուսումն նոցա» [83] ։ Ասում է, որ ինքը շատ ջանքեր է գործադրել Արճեշում մարդկանց խրատելու, ճիշտ ճանապարհի բերելու համար, սակայն ապարդյուն․ «Եւ մեք աղօթս եւ պատարագս մատուցաք թերեւս թողութիւն մեղաց գտցէ, եւ նա ոչ զղջացավ ի գործս իւրո։ Եվ կամ՝ «մենք դէմ յանդիման քարոզելով խրատեցաք, եւ նա ոչ հնազանդեցաւ, այլ երիցս եւ չորիցս նամակ օրհնութեան գրեցաք, եւ նա անտէս արար» [84] եւ այլն։

Իր նախորդ գրչակիցների նման վարդապետ Թովմա Մեծոփեցին էլ երկրներին ու ժողովուրդներին վրա հասած սարսափների ու ավերածությունների պատճառը մարդկանց՝ աստծո հանդեպ գործած հանցանքներն է համարում եւ դրանք դիտում իբրեւ ի վերուստ եկեած պատիժներ․ «Եւ այս ամենայն, —գրում է նա, եկն ի վերայ մեր վասն մեղաց մերոց եւ չար գործոց, մանաւանդ ի ծուլութենէ երիցանց եւ ի խաբեբայութենէ կրօնաւորաց եւ ի չար գործոց անհաւատ եւ սուտանան հաւատավելոց, ի զրկող եւ յանիրաւ տանուտերաց, ի պիղծ եւ ի զազրալի առաջնորդաց․․․» [85] ։

Այս իսկ պատճառով՝ «հեռացաւ Աստուած, կարծեմ, յազգէս եւ յեկեղեցւոյս Հայաստանեայց» [86], ընգծում է պատմագիրը։

Այս հեղինակն էլ համոզված է եղել, որ միայն աստված է պարգեւում «յաղթութիւն հաւատացելոց եւ անհաւատից» [87] ։ Բանից պարզվում է, որ թշնամին էլ է դրանում համոզված եղել։ Դերջանում Իսքանդարի՝ բնակչության գերեվարման ժամանակ սաստիկ ձյուն է տեղացել, շատ զոհեր պատճառել եւ բռնակալը «ծիծաղելով ասէր «Աստուած արար, զինչ փոյթ է ինձ, թող չէր տուեալ զդոսա ի ձեռս իմ եւ ոչ ձիւն յերկնից առաքեալ» [88] ։

Նախորդ մեր մի քանի պատմագիրների նման, սակայն այս դեպիքում թշնամիների բերանով, մոլեռանդ Թովման, կարծեքմ իր տրտունջն է արտահայտում Աստծու նկատմամբ․ «Եւ զայսպիսի կորուստ մեր պարծանս անձանց համարէին եւ ասէին բարձր ձայնիւ՝ ու՞ր է Քրիստոս Աստուած նոցին․ թող գայ եւ փրկեսցէ զհաւատացեալս իւր» [89] ։

***
Ոչ պակաս արգասավոր է եղել Մեծոփեցու նաեւ հասարակական-քաղաքական ու հոգեւոր գործունեությունը։ Այդ մասին չափազանց արժեքավոր ու հետաքրքիր տեղեկություններ են հաղորդւոմ, ինչպես ինքնը Թովման իր գրած հիշատակարանում [90], այնպես եւ նրա կենսագիր Կիրակոս բանասերը։ 1441 թ․Հայրապետական աթոռը Սսից Էջմիածին էր տեղափոխվել։ Այն ժամանակ այդ խոշոր իրադարձություն էր հայոց եկեղեցու եւ արեւելահայ հոգեւորականության կյանքում։ Հայոց եկեղեցական պատմության մեջ կարեւոր նշանակություն ունեցող այդ իրադարձության միակ ամբողջական նկարագրությունը տրված է Թովմայի «Հիշատակարանում»։ Լինելով ժամանակակից այդ դեպքերին, եւ որ կարեւոր է՝ հիմնական գործող անձերից մեկը, նրա գրածը ստուգապատում աղբյուր է Էջմիածնում կաթողիկոսության վերականգնման պատմության ուսումնասիրության համար։ Հիշատակարանը փաստորեն Պատմության շարունակությունն է հանդիսանում։ Նրանում մոլի հայադավան Թովման սրտի խորը կսկիծով ու միաժամանակ զայրութով բացահայտում է XV դարի առաջին կեսում հայոց եկեղեցու ապրած խոր ճգնաժամը, նրա նախադրյալներն ու կաթողիկոսական աթոռի փոխադրման դրդապատճառները։ Անարգանքի սյունին է գամում Սսի կաթողիկոսներին, որոնք տեղի տալով պապերի պահանջներին, ոտնահարում էին հայոց եկեղեցու ավանդական կանոններն ու սովորույթները․ նորաձեւություններ էին մտցնում նրա կանոններում ու ծեսերում։ Պատմագիրը հարց է տալիս․ «Վասն զի՜նչ պատճառի եդեալ եղեւ կաթողիկոս ի Վաղարշապատ քաղաքի ի սուրբ Էջմիածինն» [91] եւ ինքն էլ պատասխանում է՝ նշելով 12 տախադրյալներ [92] ։

Թովման անզուսպ ատելությամբ է վեր հանում հոգեւորականության մեջ արմատացած արատավոր բարքերը՝ աներկյուղ խստությամբ գրելով, թե հոգեւորականները․ «անառակութեամբ եւ արբեցութեամբ եւ պիղծ վարուք շրջէին եւ ինքեանք կապող եւ արձակող նստէին Հայոց» [93] ։

XV դարի առաջին կեսին ջլատվել էր հայկական եկեղեցու միասնությունը։ Հայկական առաքելական դավանանքի ջատագովները բացահայտ պատերազմ էին հայտարարել մի կողմից պապականության միսիոներների եւ հայ ունիթորների (միարարների, որոնք Մեծոփեցու մոտ անվանված են «աղթարմաներ՝ կախարդներ»), մյուս կողմից Սսի կաթողիկոսության եւ քաղկեդոնականության հետ միաբանվելու կողմնակիցների դեմ։ Ժամանակի հոգեւորականության առաջավոր թեւը քաջ գիտակցում էր այդ պայքարի անհրաժեշտությունը, քանի որ կենսական պահանջ էր զգացվում միավորելու հոգեւոր ուժերը, ապահովելու հայոց եկեղեցու միասնությունը, այդ էր թեալդրում նաեւ ազգային մշակույթի ինքնուրույն զարգացման ու ինքնատիպության պահպանման շահերը։ Պատմագիրը դա շատ լավ էր հասկացել։ Այս պայքարի հիմքը դրել էր Գլաձորի համալսարանի հիմնադիր Եսայի Նչեցին։ Նրա սկսած գործը շարունակել էր իր աշակերտ Հովհան Որոտնեցին, ապա վերջինիս աշակերտ Գրիգոր Տաթեւացին եւ ի վերջո նրա աշակերտները— Հերմոնի վանքի վարդապետ Հովհաննեսը՝ մականվանմբ Կոլոտիկը եւ մեր պատմագիր Թովմա Մեծոփեցին։ Վերջիններս էլ գլխավորեց Էջմիածնում կաթողիկոսության վերահաստատման գործը։

Գարեգին Հովսեփյանը ճիշտ է նկատում, որ Թովման առհասարակ շժլատ է իր անձի մասին տված տեղեկություններով։ Նրա առանձին ակնարկներից երեւում է, որ նա շատ վաղուց է տոգորված եղել Էջմիածնում կաթողիկոսություննը վերականգնելու գաղափարով։ Աղթամարի կաթողիկոսները նրա աչքում դեռեւս 1410 թվից ապստամբ են։

1416 թ․ Ախալցխայի ավարից գնած «կոպողայի» առնչությամբ Թովման այսպես է դատում․ «Այս Էջմիածնին է պատշաճ, եւ ոչ այլ եկեղեցեաց, եւ ինձ մահ ոչ տացէ Աստուած մինչեւ բացեալ տեսից զդուռն Էջմիածնին» [94] ։ Կիրակոս կենսագիրն հաստատում է, որ իսկապես կաթողիկոսությունը Էջմիածնում վերահաստատելու համար ծավալված շարժման ոգին Թովմա Մեծոփեցին է եղել։

«Եւ հանապազ խնդրէր յԱստուած, գրում է կենսագիրը, զի Էջմիածինն վերստին նորոգեսցի կաթողիկոս եւ թագաւոր նստցի յԷջմիածինն․․․ Կատարեաց զխնդրուածս նորա եւ ելից զփափագ սրտի նորա»․․․ [95] ։ Թովմայի այդ փափագի մասին իմացել են ոչ միայն Հայաստանի, այլեւ Կիլիկիայի հոգեւորականները։ Նա հավաստում է, որ ինքը Սսի չորս եպիսկոպոսներից նամակ է ստացել կաթողիկոսական աթոռի անկման նկարագրությամբ, եւ ինքը «սկիզբն արարեալ աղջունի նամակաց առ ամենայն ազգս, գալ ամենայն միաբանութեամբ ի յօրհնութիւն Էջմիածնին եւ ձեռնադրութեան կաթողիկոսութեան ամենայն հակազեան սեռի»։ Այդ նամակներին առաջինն արձագանքում է Հովհաննես Կոլոտիկը, եւ Արարատյան գավառի տիրակալ Աղուբ (Եաղուբ) բեկի համաձայնությունը ստանալուց հետո՝ հրավիրում է Թավմային գալ կաթողիկոսական ընտրությանը մասնակցելու։ Վերջինս իր վարդապետներով, եպիսկոպոսներով եւ քահանաներով գնում է Էջմիածին։ Ահա թե ինպիսի հրճվանքով է նա նկարագրում այդ պահը․ «եկաք ի գիւղաքաղաքն Երեւան․աստ էր տեսանել զուրախութիւն եւ ցնծութիւն ամենայն մերային ազինս․զի փողն զանգակաց գոչէր․ երիտասարդքն գոչէին, ծերքն աղաղակէին․․․մանկունքն խայտային, կանայք եկրպագութեամբ եւ լալով զամենեսեան զարհուրեցուցանէին եւ անօրինացն ուշ եդեալ զարմանային։․․․Զի ի վաղուց հետէ անտերունչ էին կացեալ․․․» [96]

Պատմագիրը հասել էր իր նպատակին, նրա գործադրած ջանքերը իզուր չէին անցել։ Մտավոր եւ ֆիզիկական աշխատանքով նա ամեն կերպ ձգտում էր շուտ իրականացված տեսնել իր փափագը․ «Բազում աշխատութիւնս կրեաց ինքն վարդապետն եւ իւր աշակերտքն, գրում է Կիրակոս կենսագիրը, ի սրբել տաճարաց Էջմիածնին եւ Հռիփսիմին եւ Գայիանին եւ ի շինութիւն պարսպանց, խցերուն եւ տանցն, զի ինքն անձամբ աշխատէր եւ զամենայն յաւժարեցուցանէր ի շինութիւնն» [97] ։ Շինարարական իր աշխատանքների մասին ակնարկում է ինքը՝ Թովման իր «Հիշատակարանում»։ Կաթողիկոսի ձեռնադրության օրը «առեալ բահ մի ի ձեռս զառաջին տան հիմնարկութիւնն շինութեանն ես արկի եղբարբք իմովք» [98] ։

Վաղարշապատի ժողովին ավելի քան երեքհարյուր հոգեւորականներ են հավաքված եղել եւ Թովմայի ու Հովհաննես Կոլոտիկի նախագահությամբ կաթողիկոս են ձեռնադրել Կիրակոս Վիրապեցուն [99] ։ Թովման, մոտ մեկ տարի իր վարդապետներով ու աշակերտներով մնում է Էջմիածնում եւ գործուն մասնակցություն ունենում կաթողիկոսի գործերին։ Նրա նախաձեռնությամբ կաթողիկոսը «արձակեց զԱղթամար ի զուր եւ յանպատշաճ անիծիցն, զոր վասն փառամոլութեանն արարին Կիլիկեցիքն․․․ զամենայն անեծքս եբարձ ի բանադրողաց եւ ի բանադրելոցն» [100], գրում է կենսագիրը եւ ամնիջապես ավելացնում․ «Եւ յայս որ պատճառ եւ միջնորդ եւ աւգնական ազատութեան եւ աւրհնութեան լուսաւոր հոգին եղեւ, մեծ վարդապետ Թովմա, որ իբրեւ զարեգակն լուսաւորեր զազգս հայոց» [101] ։

Թովմա պատմագրի ուրախությունը երկար չի տեւում սակայն։ Կիրակոս Վիրապեցուն նրա թշնամիները, Հովհաննես Կոլոտիկի գլխավորությամբ, երկու տարի հետո աթոռից զրկում եւ Գրիգոր Մակուեցուն են կաթողիկոս ձեռնադրում։ Այս իրադարձությունը, ինչպես վկայում է կենսագիրը, «շատ նեղութիւն եւ վիշտ կրեաց (Թովմա Լ․Բ․) վասն Էջմիածնին եւ Կիրակոս կաթողիկոսին համար յանաւրինաց եւ ի սուտ եղբարց» [102] ։ Ըստ Թովմայի, Վիրապեցին զրպարտության զոհ էր։ Նա «լիրբ եւ յանդուգն» է համարում նրա թշնամիներին, զայրութով խոսում է Կոլոտիկի մասին, որը Աղուբ բեգի մետ «ուրանալ զճմարտութիւնն ․․․․ եւ ասէ քաւ լիցի, ես ոչ եմ փեռնդրեալ զնա (Կիրակոս Վիրապեցուն— Լ․Բ․), այլ Թովմէն եւ ընկերք նորին» [103] ։ Այս խոսքերից թերեւս կարելի է ենթադրել, որ Վիրապեցու ընտրության ժամանակ  Թովմայի կողմնակիցները զորեղ են եղել։ Ի դեպ 1442 թ․ մի հիշատակարանում կարդում ենք․ «Ի յայսմ ամի եղեւ ժողով եպիսկոպոսաց եւ վարդապետաց ի մայրաքաղաքն ի Վաղարշապատ, որոց գլուխ մեք րաբունապետն Թովմա եւ Յովհաննէս վարդապետն» [104] ։

Թովմայի Հիշատակարանի վերջին մասն իսկապես մի դառն ողբ է եւ խարազանում անցյալի ու իր ժամանակի հոգեւորականությանը, միաժամանակ ջերմ հայրենասերների սրտաճմլիկ խոսք։ Այնտեղ կարդում ենք․ «աւա՛ղ անմտութեան ազգիս․ աւա՛ղ թշուառութեանս․ աւա՛ղ կուրութեանս աշխարհի, աւա՛ղ տխմարութեանս․ աւա՛ղ հիքութեանս, աւա՛ղ չարութեանս, թե ո՛րքան լուսաւորս խաւարեցին ազգս Հայոց․ ո՛րչափ աստուածաբան բերանս խցեցին, քան սիւնս եկեղցւոյս․ քանի քահանայապետս ի հող մահու իջուցին»։ [105]

Մեծոփեցին որոշակի տեղեկություններ է հաղորդում XV դարի առաջին կեսւոմ Հայաստանում ունիթորական շարժման ծավալման եւ նրա դեմ կազմակերպված պայքարի ձեւերի մասին։ Պատմագրի վկայությամբ ունիթորների՝ աղթարմաների եւ քաղկեդոնների դեմ մաքառողների շարժումը գլխավորում էին Որոտնեցու երեք աշակերտները՝ Գրիգոր Տաթեւացին՝ «անմար արեգակն, երկրորդ լուսաւորիչն», «առատ եւ ճոխ բանիւ, ոչ գոլով նամն նմա յազգս ամենայն», Սարգիս մեծ վարդապետը որ «ունէր մարգարեութեամբ ոգի եւ Ադամայ որդոց մէջ խոնարհութեամբ եւ հեզութեամբ իւր նմանը չունէր», «պատկառելի քաջ վարդապետն Վարդանը», որը «իմաստութեամբ, խրատաուք եւ առաքինութեամբ» հայոց բոլոր վարդապետնորից բարձր էր։ Իրենց ուսուցչի նման նշանավոր այս վարդապետները իրենց շուրջն էին համախմբել  համախոհներին ու բազմաթիվ աշակերտների, նպատակ ունենալով նախապատրաստել նրանց «աղթարմաների» կամ «ճշմարտության ուրացողների» դեմ մաքառելու համար։ Նշված վարդապետներն իրենց ուսուցչի նման, ամեն մեկն առանձին վանք էր ընտրել, ծավալել հոգեւոր-քաղաքական ու մանկավարժական գործունեություն։ Նրանց շնորհիվ Տաթեւի, Ապրակունիսի, Սաղմոսավանքի, Խառավաստայի եւ Մեծոփա վանքերը իրենց ժամանակաշրջանի լուսավորության կենտրոններն էին։

Ստորեւ Թովմայի կողմից բերվող դեպքի նկարագրությունը ցույց է տալիս նախ հայ լուսավորչականների մոտ արմատացած ատելությունը հանդեպ ունիթորների եւ ապա նրանց դեմ պայքարելու միջոցները։ Նա պատմում է, որ մի անգամ ունիթորներից մեկը գնացել է Ապրակունիսի վանքը վերը նշված Սարգիս վարդապետի մոտ եւ հայտարարել «ես երբեմն աբեղայ ի ձէնջ եղեալ եմ, բայց սատանայ կորոյս զիս եւ արար քաղկեդոնական, եւ սիրտ իմ հանապազ խոցի եւ դէմս ձեր անարգութեան եւ հայհոյութեան»։ Այս ասելուց հետո նա Սարգսին տվել է Առաքինութեանց գիրքը, որ ունիթորները թարգմանել էին լատիներենից․ միեւնույն ժամանակ հայտնել է, որ ճագարակեր Կարապետ վարդապետի աշակերտները այդ գիրքը ուսումնասիրել են եւ մտադիր են գալու Սարգսի մոտ նրան հարցեր տալու։ Սովորաբար ունիթորները իրենց հմտությունները ցույց տալու եւ հակառակորդների տկարությունը ապացուցելու նպատակով գալիս էին Ապրակունիսի վանքը, որ իրենց կենտրոնից հեռու չէր (Երնջակի մոտերը) եւ հարցեր էին տալիս Սարգսին։ Այս անգամ էլ նրանք եկել են, եւ Սարգսից ստանալով իրենց հարցերի պատասխանը՝ հեռացել։ Սարգսի աշակերտները, որ վաղուց լսել էին Առաքինությանց գրքի մասին, խնդրել էին իրենց վարդապետից, որ նա այդ գրքի մասին դասախոսություն կարդա։ Սարգիսը կատարել է նրանց ցանկությունը, սակայն հետեւանքը վատ է եղել, որովհետեւ աշակերտները տակավին այնքան լավ չէին ըմբռնել եկեղեցու նախնի սուրբ հայրերի վարդապետությունը, որ այդ դասախոսությունը նրանց չվնասեր, ուստի ցավով նկատում է Թովման, նրանք «վաղվաղակի տկարացան ի հաւատոց եւ կամէին աղթարմայ լինել» իրենց վարդապետից գաղտնի։ Վանքի փակակալ Ստեփանոս վարդապետը իսկույն իմացել է աշակերտների մոլորվելը։

Պետք էր դիմել վճռական միջոցների։ Նրանք Հովհան Որոտնեցուն ամնիջապես օգնության են կանչել, վերջինս իր բազմաթիվ աշակերտներով ու քահանաներով եկել է, ստուգել եղելությունը, հրավիրել է իր մոտ Սարգսի աշակերտներին, հանդիմանել ու դատապարտել, հետո «տարեալ էդին ի բանտի, եւ զոմանս յերկաթ հարեալ, եւ զոմանս բրածեծ արարին» [106] ։ Իսկ Սարգիս վարդապետի նզովքի ազդեցության տակ աշակերտներից ոմանք «գետակուր եղեն, ոմանք խայտառակեալ մերկս շրջէին, կէսք ի նոցանէ փախուցեալ գնացին յաշխարհն Ֆրանկաց, եւ ի նոցա միջի չարախօսութիւն արարեալ՝ ի պղնձի եդեալ եփեցին, կէսք ի նոցանէ զղջացեալք ապաշխարեցին, որպէս Ատոմն Մոկացին» [107] ։ Թովմայի վկայություններից պարզվում է, թե որքան ազդու են եղել Առաքինության գրքի գաղափարները, որ մի դասախոսությունից աշակերտները, այն էլ այնպիսի վարդապետի՝ ինչպիսին էր Սարգիսը, մոլորվել են եւ չեն թաքցրել Որոտնեցուց իրենց գայթակղությունը։

Այն կրքոտությունը, որ Թովման հանդես է բերում այս միջադեպի նկարագրության մեջ, արդեն իսկ ցույց է տալիս նրա վերաբերմունքը հանդեպ ունիթորները, միաժամանակ կիրառված դաժան միջոցառումները խոսում են այն անհադուրժողակական մթնոլորտի մասին, որ տիրել է հայոց վարդապետարաններում։

Թովմայի հաղորդումներից պարզվում է նաեւ, որ աղթարմաների դեմ մաքառող վարդապետները նրանց դեմ զինվում էին նրան իսկ զնեքերով, ուսւոմնասիրում էին նրանց գրքերը, նրանց հնարագիտություններն ու մեթոդները։

Վերեւում հիշված քաղկեդոնական դարձած աբեղան Սարգիս վարդապետին Առաքինության գիրքը տալիս է ու ասում․ «Ահա քեզ գիրք առաքինութեանց․ զի պատասխանի տացես նոցա»։ Սարգիսը «յոյժ ուրախացեալ փառս ետ Աստուծոյ մեծաւ գոհութեամբ» [108] նկատում է Թովման։ Որպեսզի պատասխան տա Սարգիսն իր մոտ եկող ունիթերներին, նա պետք է այդ գիրքը կարդար։

Թովման վկայում է  նաեւ, որ իր ժամանակ Մերդինի շրջանում կռապաշտ արեւորդիներ են բնակվել։ Հաղորդելով Թամուրի դեպի  Մերդին կատարած ասպատակություն եւ բնակչության գերեվարման մասին, գրում է․ «Գերեցան եւ զչորս գեղս արեւորդի կռապաշտից զՇոլ, զՇմրախ, զՍաֆարի, զՄարաշի իսպառ կործանեաց։ Եւ յետոյ դարձեալ սատանայի հնարիւք բազմացան ի Մերդին եւ յԱրմիթ» [109] ։

***
Պատմագրին, մղձավանջային այդ ժամանակներում, ուրախացրել է այն ամենը ինչ պատիվ է բերել իր հայրենիքին ու ժողովրդին, լինի դա անցյալից, թե՛ իր ապրած օրերից, լինի դա հաղթանակ թշնամու նկատմամբ, թե՛ հերոսական պաշտպանություն, խիզախություն, թե՛ մարտիրոսություն, համատեղ պայքար, միասնության փորձ, լուսաբություն տարածող վանք-վարդապետարան, դիտուն ու հռչակավոր վարդապետ, գերիների ետ գնում, խաղաղություն եւ շինություն եւ այլն։ Ուրախացել է եւ առիթ բաց չի թողել գրի առնելու ու հետագա սերունդներին թողնելու խավարում ցոլացող լուսաշող այդ ծալքերը։

Թովման հիացմունքով է գրում ամն տանուտեր Մարտիրոսի մասին, որ համառ դիմադրություն է ցույց տվել Թամուրին «Իսկ բարեպաշտ տանուտէր Մարտիրոս անուն՝ յոյժ զօրեղ զօրական, ողորմած եւ աղքատասէր ի գեղջէն Կողբայ, եղեալ ի լեառն Բարդող․․․ յոյժ արի եւ քաջ մանկամբք գեղջն՝ ապրեցոյց զմենայն հաւատացեալսն, մեծաւ պատերազմաւ եւ սրտապինդ զօրութեամբ եւ թէպէտ բազում անգամ պատերազմեալ՝ ոչ կարացին առնուլ զլեառն զայն» [110] ։ Հետագայում մի թուրքմեն միայն նենդութամբ է կարողացել ապանել այդ հերոսին։

Մատթեւոս Ուռհայեցուց հետո, Թովման երկրորդ պատմագիրն է, որ գովերգում է հայ կնոջ արիությունը։ «Բայց զարմանալի գործ մի գործեվաւ, գրում է նա, ի սմին աւուր, զի կին մի երկիւղախ եւ հաւատարիմ ի Մուշ գաւառէ ունելով զորդի մի յոյժ պատուական եւ բաղձալի, եւ դեմք կերպարանացն իբրեւ զերեսս հրեշտակի, գոլով ամաց իբրեւ եօթ անց կամ ութից․ զի յելանել զօրացն արեւելից ի լեառն Խութայ, բազումք ի քրիստոնէից աստ եւ անդ փախուցեալ կային ի պրակսն մայրիցն գաղտագողի։ Եւ տեսեալ զնոսա անօրինացն՝ արշաւեալ ի վերայ նոցա կամէին հերել զնոսա։ Իսկ ողորմելի մայրն սրբասէր եւ եկիւղած յետս դարձեալ՝ տեսանէր զի գային զկնի, եւ մերձենային առնուլ զմանուկն։ Առեալ տուր ի ձեռին իւրում զենեաց զորդին ցանկալի եւ իբրեւ զգառն ամնեղ պատարագեաց ի սէր գառին Յիսուսի․․․ Եւ ինքն մայր մանկան սակաւ մի յառաջ ընթացեալ՝ էր ի վերայ բարձրաւանդակ վիմին, ի վայր ընկէց զինքն․․․»։ Այսնուհետեւ Թովման ասում է, «Եւ զայս մի ոք երկբայութեամբ եւ կարծեօք դիտեսցէ, զի մեք իսկ վարդապետօք եւ աշակերտօք գնացաք ի Սուրբ Կարապետն, եւ դարձեալ եկաք ի Մուշ եւ բերաք զտեսողսն եւ զլսողսն՝ ճգնաւոր հայրն զԴավթի կրօնաւորն․․․ Եւ ի նոցանէ զճշմարիտն ստուգեցաք, եւ զիշատակ օրհնութեան Աստուծոյ թողաք» [111] ։

Գոհունակությամբ է գրում Թովման նաեւ ժողովուրդների համատեղ պայքարի մասին։ Իսքանդարի կողմից Արծկե քաղաքի պաշարման կապակցությամբ նկատում է․ «Եւ պատերազմ մեծ եղաւ ի վերայ․ եւ քրիստենեայքն եւ այլ ազգիքն գուն քաջութեան գործեցին» [112] ։ «Բայց արք գաւառին Սասնոյ եւ Խութայ հաւատացեալք եւ անհաւատք յազգէն Մարաց, քաջալերեալք ի միմեանց՝ դիմեցին ամենեքեան ի կողոպտել զաւար Չաղաթային, եւ լցան աւարօք եւ գանձիւք նոցին» [113] ։ Վրաց Գեորգի թագավորը եւ իր երկու եղբայրները, երբ իմացել են Թամուրի չար նպատակների մասին, «Վաղվաղակի զօրաժողով եղեն, եւ զամենայն ազգն Վրաց եւ Հայոց յամրոցս արկեալ պահէին» [114] ։

Պատմահիրը սիրո եւ միասնության գաղափարն է քարոզում․ նա գրում է․ «Բայց աղաչեմ զվերջին եղբարսդ որ գայք զհետ՝ եպիսկոպոսք եւ վարդապետք․․․այս սուտ եւ անցաւոր կենացս համար մի նենգէք ի սերն եղբայրական․ զի ամենայն որ ատէ զեղբայր իւր՝ մարդասպան է․ եւ սիրովն եղբայրական ծնանին սէրն աստուածական․ եւ որ ոչ ունի սէր աստուածական ոչ կարէ միաւորիլ  յԱստուածն պետական․․․» [115] ։

Թովման համակրանքով է խոսում հայկական իշխանական տների, առանձնապես օրբելյանների շառավիղների մասին, «որք իբրեւ զճիռ մի ողկուզաց էին մենացեալ ի մէջ ազգիս» [116] ։ Ցավով նշելով, որ Միրան շահի որդու՝ Օմարի կողմից բռնի դավանքփոխ են արվել եւ քշվել Սամարղանդ Որոտանի տէր Բուրթել եւ Սմբատ Օրբելյան եղբայրները, Եղեգեացի տեր Տարսայիճը, Մակույի տեր Սուրղաթմիշը, որը «սուտ եւ յերկաբնակ» աղթարմա էր դարձել, եւ Ազիտան անունով մի ազատաորդի Արարատյան գավառի Աղուաղ գյուղց» [117], հետո սակայն գոհունակությամբ հավաստում է, որ կարճ ժամանակից հետո նրանք «եկին ի հաւատ» եւ վերադարձան հայրենիք» [118] ։

Թովման առանձին հմայքով է արտահայտվում ուսումնական կենտրոններ դարձած վանքերի, հատկապես Տաթեւի եւ Մեծոփի ու վարդապետարանների մասին։

Մեծոփա վանքում Հովահաննես վարդապետի ծավալած գործունեության կապակցությամբ նշում է․ «զարդարեաց զսուրբ ուխտն ժամօք, աղօթիւք եւ պատարագօք, ընթերցմամբ գրոց եւ ուսումնականօք եւ գեղեցիկ կարգաւորութեամբ, ծառօք եւ տնկօք իբրեւ զդրախն եդեմական։ Եւ գային հաւատացեալքն եւ շարժէին ի բարին, եւ ասէին, ահա տեսաք զԵրուսաղէմ» [119] ։

Տաթեւի վանքը նրա համար «երկնահանգէտ մեծարգո ուխտ» է, «առաքելական աթոռ» [120] ։

Երախտապարտ աշակերտը մեծ ակնածությամբ է խոսում իր ժամանակաշրջանի հայ մշակույթի անխոնջ մշակների ու հատկապես իր վարդապետների մասին։ Որոտնեցու եւ Գրիգոր Տաթեւացու մասին նրա գովքը վերեւում արդեն բերվել է։ Վերջինիս մասին, որ նրանց «ուսուցանէր զգիրս արտաքին իմաստասիրացն» [121], «երկրորդ Աստուածաբան, Յովհան Ոսկեբերան» [122] «ապշեցոյց զամենեսին առաւել քան զիմաստունսն Հելլենացւոց» [123] գրում է նա։ Սարգիս վարդապետը «ունէր հոգի մարգարէութեան․․․եւ հեզութեամբ եւ խոնարհութեամբ ոչ գոլով նման նմա յորդիս Ադամայ․․․ Եւ դէմք կերպարանաց իւրոց ահաբեկէր եւ զարմացուցանէր զամենայն մարդ, մանաւանդ զազգս այլազգեաց մինչզի ազգ Չաղաթային յերկրպագութիւն գային նմա․․․եւ ժողովեցան առ նա բազումք ի գրոց աշակերտաց եւ ի կրօնաւորաց եւ յուսումնասիրաց աւելի քան 60 կարգաւորք եւ ուսումնականք։ Եւ ուսոյց զամենայն ծովեզր Վասպուրական գաւառիս ուսմամբ եւ գիտութեամբ» [124] ։

«Վարդապետն հայոց Վարդան․․․լուսաւորեաց եւ պայծառացոյց զգաւառա Արճիշոյ, զվերջինն առաւվել պայծառ քան զառաջինն» [125] ։

Դիտելի է այն կարեւոր հանգամանքը, Թովմայի Պատմության մեջ կարմիր թելի նման անցնում թ նրա կարեկցական վերաբերմունքը հանդեպ աղքատներն ու ընչազուրկները, եւ նա հոգեւոր գործիչների ու իր վարդապետների, անգամ օտար բռնակալների (բացառիկ դեպքերում) բնութագրամն մեջ որպես դրական հատկանիշ ընդգծում է նրանց՝ աղքատների նկատմամբ ցուցաբերած բարյացակամությունը եւ հոգատարությունը։ Իր ողբերում հատուկ ընդգծում է աղքատների անելանելի ծանր վիճակը։

Իր ուսուցիչ Սարգսի աշակերտ Արծկեցի վարդապետ Գրիգորը «ոչ պարապեալ վարդապետական դասի վասն սառնացեալ բարուց ուսւոմնականաց մերում ազգի։ Այլ տիւ եւ գիշեր գիրս գրէր, եւ զամենայն աղքատս կերակրէր, եւ սիրէր զողարմածութիւն, եւ զամենայն վարդապետ եւ կարգաւորս ի նոյն յորդորէր։ Ոչ գոլով նման ողորմած եւ մարդասէր եւ սպասաւոր աղքատաց եւ տնանկաց» [126] ։

Վերեւում բերվեց Թովմայի վկայությունները նվաճողների վարած շանր հարկային քաղաքականության մասին։ Այստեղ ասենք, որ նրա կարծիքով այս քաղաքականության նպատակն էր․ «Եւ նոքա եդին խարաճ եւ հարկս մեծամեծ ի վերայ ամենայն ազգիս թերեւս վասն բազում նեղութեանց դարձցին ի կրօնս մեր», եւ ոչպես դրա ապացույց ցավով նշում է․ «Եւ ոմանք գնացեալ խառնեցան ի քուրդն Բաղիշոյ, Մշոյ եւ Սասնոյ վասն աղքատութեան եւ սովոյն դառնութեան ելեալ ի հաւատոց դարձան յանհաւատութիւն աւելի քան զ500 ոգի» [127] ։

Արճեշի կապակցությամբ տեսանք, թե ինչպես է նա խարազանում սուտ անուն տանուտերներին, որոնցից ողբալով եւ հառաչելով գանգատվում են մերկացյալներն ու աղքատները [128] ։

Պատմագիրն իր ողբն ավարտում է հետեւյալ ընդհանրացումով․ «վայ եւ եղուկ է ինձ հազար անգամ ի մի բերան․ զի զոր անգթութեան մեղացն ի դատաստանի աւուրն այսօր ի քաղաքիս մեր տեսաք․ զի ամենայն գերին ի 1․000 թանկայ վաճառէին, եւ այնքան յաղքատութեան անկեալ կամք ամենայն ազգս․ քաղաք եւ գիւղք, վանք եւ ագարակ, զի մին քաղաք եւ մին գիւղ գերի մի գնել ոչ կաչէ վասն դառն աղքատութեան տառապաց, այլ սուգ եւ ողբ ի բերան առեալ՝ աղիողորմ դառնութեամբ եւ լալագին հեծեծեանօք լամբք եւ աղբամք զկորուստ մեր, զի ամնեղ մակունք գնեալ արեամբ Քրիստոսի, ժողովուրդ, սուրբ գառիք եւ անարատ հարսունք մատնեալ անօրիմաց՝ իսպառ կորեան, եւ ոչ ոք էր որ օգնէր, եւ ոչ որ ի թիկունս հասանէր» [129] ։ Այս հուսալքում չէր, այլ իրողության արձանագրում։ Պատմագիրը մեծ հույսեր էր կապել, ինչպես վերը տեսանք, իր փայփայած գաղափարի հետ, այն է Վաղարշապատում տեսնել հայոց կաթողիկոսության եւ թագավորության վերականգնումը, որի իրականացման համար նա նվիրել է իր ողջ կյանքը եւ այդ գաղափարը կիսով չափ իրականացրել։

Այդ իրականցման կապակցությամբ ահա թե ինչպես է երախտապարտ աշակերտը՝ Կիրակոս կենսագիրը, բնութագրել իր ուսուցչին․ «իբրեւ զարեգակն լուսաւորէր զազգս հայոց։ Զի արեգակն զխաւարն հալածէ եւ սա զխաւարն անգիտոթեան եւ անհաւատութեան, զխաւարն անյուսութեան եւ ատելութեան, զխաւար ծուլութեան եւ հպարտութեան, զխաւար բղջախոհութեան եւ անիրաւութեան, զխաւար անկարգութան ի ժամատեղաց եւ զամենայն տեսակ մեղաց, որ խաւար կոչի ի գրոց․․․սուրբ վարդապետս մեր զամենայն մարդ յօժարեցուցանէր եւ ջերմացուցանէր ի տեսակս առաքինութեան աստուածայնող եւ մարդկայնոց» [130] ։

Թովման իր Պատմությունը ավարտել է Ջահան շահի կողմից 1440 թ․ Տփղիսի ավերումով։

Մեծոփեցու պատմագրական ժառանգությունը այնքան էլ մեժ չէ, սակայն պարունակած նյութով այն անգնահատելի սկզբնաղբյուր է Հայաստանի ու հարեւան երկրների XIV դարի վերջի եւ XV դարի առաջին կեսի պատմության ուսումնասիրության համար, Չինգիզ խանի «արժանավոր» հաջորդների աշխարհավեր գործունեության ու նրանց զոհը դարձած ժողովուրդների ապրած ամենամռայլ ժամանակաշրջանի մասին ճիշտ պատկերացում ստանալու համար։

 



[1]            Տե՛ս Գ. Հովսեփյան, Թովմա Մեծոփենցու կյանքը, Վաղարշապատ, 1914, էջ 1—13:

[2]            Նույն տեղում, էջ ԺԱ:

[3]            Կիրակոս, տե՛ս Գ. Հովսեփյանի նշվ. աշխ., էջ 6:

[4]            Նույն տեղում, էջ 11:

[5]            Նույն տեղում, էջ 7:

[6]            ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, մասն Ա., կազմեց Լ. Խաչիկյան, Երևան, 1955, էջ 78: Այսուհետև՝ Հիշատակարաններ:

[7]            Նույն տեղում:

[8]            Նույն տեղում, էջ 101:

[9]            Նույն տեղում, էջ 102-103։

[10]          Պատմութիւն Լանկ-Թամուրայ և յաջորդաց իւրոց արարեալ Թովմա վարդապետի Մեծոբեցւոյ, Փարիզ, 1860, էջ 51-52 Այսուհետև՝ Թովմա։

[11]          Նույն տեղում։

[12]          Նույն տեղում, էջ ։

[13]          Նույն տեղում, էջ 60։

[14]          Նույն տեղում, էջ 50։

[15]          Տե՛ս Հիշատակարաններ, մաս Ա, էջ 567։

[16]          Կիրակոս, տե՛ս Գ․ Հովսեփյանի նշվ․ աշխ․ մեջ, էջ 7-8։ 

[17]          Հիշատակարաններ, մասն Ա, 103։

[18]          Նույն տեղում։

[19]          Նույն տեղում, էջ 182։

[20]          Նույն տեղում։

[21]          Նույն տեղում, էջ 183։

[22]          Նույն տեղում, էջ 305։

[23]          Նույն տեղում, էջ 523։

[24]          Նույն տեղում, էջ 597։

[25]          Նույն տեղում, էջ 598—599։

[26]          Կիրակոս, տե՛ս Գ․Հովսեփյանի նշվ․ աշխ․ էջ

[27]          Հիշատակարաններ, մասն Ա․, էջ 359։

[28]          Նույն տեղում, էջ 359-360։

[29]          Նույն տեղում, էջ 361։

[30]          Նույն տեղում, էջ 450-451։

[31]          Նույն տեղում, էջ 452։

[32]          Նույն տեղում, մասն Գ․, Էջ 388։

[33]          Թովմա, էջ 108։

[34]          Կիրակոս․ տե՛ս Գ․ Հովսեփյանի նշվ․աշխ․, էջ 1-2։

[35]          Նույն տեղում, էջ 2-5։

[36]          Նույն տեղում, էջ 5-6։

[37]          Թովմա, էջ

[38]          Գ․ Հովսեփյան, նշվ․ աշխ․ էջ ԻԷ։

[39]          Նույն տեղում:

[40]          Տե՛ս Թովմա, էջ 7:

[41]          Նույն տեղում:

[42]          Նույն տեղում, էջ 44:

[43]          Կիրակոս, Տե՛ս Գ. Հովսեփյանի նշվ. աշխ. Էջ 6:

[44]          Թովմա, էջ 9:

[45]          Նույն տեղում:

[46]          Նույն տեղում, էջ 10:

[47]          Նույն տեղում, էջ 10-13:

[48]          Նույն տեղում, էջ 11-12:

[49]          Նույն տեղում, էջ 12-13:

[50]          Նույն տեղում, էջ 12:

[51]          Նույն տեղում, էջ 29:

[52]          Նույն տեղում, էջ 19:

[53]          Նույն տեղում:

[54]          Նույն տեղում, էջ 99:

[55]          Նույն տեղում, էջ 30—31:

[56]          Նույն տեղում, էջ 32։

[57]          Նույն տեղում, էջ 63-64։

[58]          Նույն տեղում, էջ 65:

[59]          Նույն տեղում:

[60]          Նույն տեղում, էջ 67։

[61]          Նույն տեղում, էջ 70։

[62]          Նույն տեղում, էջ 73։

[63]          Նույն տեղում, էջ 77-78։

[64]          Նույն տեղում, էջ 84։

[65]          Նույն տեղում, էջ 82։

[66]          Նույն տեղում, էջ 85։

[67]          Նույն տեղում, էջ 86։

[68]          Նույն տեղում, էջ 93։

[69]          Նույն տեղում, էջ 105:

[70]          Նույն տեղում, էջ108։

[71]          Նույն տեղում, էջ88։

[72]          Նույն տեղում, էջ 91։

[73]          Նույն տեղում, էջ 92։

[74]          Նույն տեղում, էջ 100։

[75]          Նույն տեղում։

[76]          Նույն տեղում, էջ 111։

[77]          Նույն տեղում։

[78]          Նույն տեղում, էջ 94-95։

[79]          Նույն տեղում, էջ 95։

[80]          Նույն տեղում, էջ 96։

[81]          Նույն տեղում, էջ 96-97։

[82]          Նույն տեղում, էջ 111-112։

[83]          Նույն տեղում, էջ 113։

[84]          Նույն տեղում, էջ114։

[85]          Նույն տեղում, էջ 95։

[86]          Նույն տեղում, էջ 99։

[87]          Նույն տեղում, էջ 87։

[88]          Նույն տեղում, էջ 105։

[89]          Նույն տեղում, էջ 121։

[90]          Թովմա Մեծոփեցու Յիշատակարանը, հրատարակեց իւր յառաջաբանով Կ Կոստանեաց, Թիֆլիզ, 1892։

[91]          Նույն տեղում, էջ 54-55։

[92]          Նույն տեղում, 55-61։

[93]          Նույն տեղում, Հիշատակարան, էջ 56։

[94]          Նույն տեղում, էջ 62—63։

[95]          Կիրակոս, տե՛ս Գ․Հովսեփյանի նշվ․աշխ․, էջ

[96]          Թովմա, Հիշատակարան, էջ 68—69։

[97]          Կիրակոս, տե՛ս Գ․Հովսեփյանի նշվ․աշխ․, էջ 10-11։

[98]          Թովմա, Հիշատակարան, էջ 63։

[99]          Նույն տեղում, էջ 53—54։

[100]        Կիրակոս, տե՛ս Գ․Հովսեփյանի նշվ․աշխ․, էջ 8-9։

[101]        Նույն տեղում, էջ

[102]        Նույն տեղում, էջ 10։

[103]        Թովմա, Հիշատակարան, էջ 80։

[104]        Գ․ Հովսեփյան, նշվ․ աշխ․, էջ ԻԲ։ Ընդգծումը հրատարակչինն է։

[105]        Թովմա, Հիշատակարան, էջ 82—83։

[106]        Թովմա, էջ 40։

[107]        Նույն տեղում։

[108]        Նույն տեղում, էջ 37։

[109]        Նույն տեղում, էջ 15—16։

[110]        Նույն տեղում, էջ 18։

[111]        Նույն տեղում, էջ 25—27։ Ընդգծումները հրատարկչինն են։

[112]        Նույն տեղում, էջ 89։

[113]        Նույն տեղում, էջ 27։

[114]        Նույն տեղում, էջ 66։

[115]        Նույն տեղում, էջ 116—117։

[116]        Նույն տեղում, էջ 67։

[117]        Նույն տեղում, էջ 67—68։

[118]        Նույն տեղում, էջ 73։

[119]        Նույն տեղում, էջ 57։

[120]        Հիշատակարաններ, մասն Ա, էջ 78։

[121]        Թովմա, էջ 51։

[122]        Նույն տեղում, էջ 34։

[123]        Նույն տեղում, էջ 51։

[124]        Նույն տեղում, էջ 36—37։

[125]        Նույն տեղում, էջ 49։

[126]        Նույն տեղում, էջ 42։

[127]        Նույն տեղում, էջ 95։

[128]        Նույն տեղում, էջ 112։

[129]        Նույն տեղում, էջ 122։

[130]        Տե՛ս Գ․ Հովսեփյան, նշվ․ աշխ․, էջ 9-10։