Մի պտոյտ Ճապոնում

Հեղինակ

Բաժին

Թեմա

  ՆԱԳԱՍԱԿԻԻ ԾՈՑԸ


Յունիսի առաւօտը նոր էր ծագում, երբ մեր առջեւը ծովի մէջ նկարւեցին ճապոնական լեռների անորոշ գծերը։

Առաւօտը թարմութիւն ու զով էր շնչում։

Եւ կուրծքը ազատ ու թեթեւ էր շունչ քաշում։

Անընդհատ շարքով ձգւում էին սարերը, մեր ամեն շարժումին նկատելի կերպով աճելով, մինչեւ որ երկու կողմից մեզ բոլորովին մէջ առան։

Մտանք Նագասակիի ծոցը, Ճապոնի նախադուռը։

Սքանչելի է այդ ծոցը։

Նա սուր գալարուն օձի պէս խորը խրւում է ցամաքի մէջ եւ ձեզ մի անգամից փոխադրում է մի այլ, ուրոյն աշխարհ, ուր ամեն-ինչ զարմանք է պատճառում ձեր աչքերին իր մինիատիւր չափերով։

Բաց ծովը թողնելուց յետոյ շոգենաւը մտնում է նեղ ու երկար նեղուցը եւ առաջ է սողում բլրոտ ու անտառապատ մանրիկ կղզեակների ամբողջ մի լաբիրինտի միջով։

Կանաչ պուրակների անդրադարձումները իրար կցւում են ջրի մէջ, ծածկում են ծովի ամբողջ մակերեսը՝ ջրի մէջ մի նոր ցոլածու անտառ կազմելով։

Շոգենաւը առաջ է գնում այդ իրար հիւսող կանաչի խիտ ցանցի միջով, յամառ ու անխնայ պատռտելով նրան։

Կղզեակները առաջ են վազում աջից, ձախից, դէմ են տալիս իրանց կուրծքը նրա ճամփին, կարծես ուզում են առաջը կտրեն, կանգնեցնեն շոգենաւի արագ ընթացքը։ Բայց յանկարծ նորից բացւում է բարակ նեղուցը եւ նորից առջեւդ զմրուխտ կղզիներ։

Վերջ չկայ քմահաճ գալարներին։ Շոգենաւի պտուտակի ամեն դարձին տեսարանը փոխւում է։ Դէմ եկող ամեն մի հրւանդան բերում է իր հետ եւ մի նոր անակընկալ։

Երբեմն նաւակների մի ամբողջ շարք է, որ խմբւել է մանրիկ խորշում ձկնորսի խրճիթի տակ, երբեմն մի գերեզմանոց, որ սարն ի վեր է մագլցում կամ ճգնաւորի լռիկ խուցը, որ գաղտուկ ցած է նայում անտառակի թագուն անկիւնից։

Թէեւ օրը շատ վաղ էր դեռ, բայց մեր շոգենաւի ամբողջ բնակչութիւնը դուրս էր թափւել տախտակամածը, որ զմայլւէ առատօրէն մեր դէմ բացւող տեսարանով ու այդ սար ու ծովի իրար գրկող գոյներով, որոնք աւելի էին գեղեցկացել «ծագող արեւի» ճառագայթների տակ։

Մի առանձին պարզութիւն, փափկութիւն ու իդիլիկ անդորրութիւն է բուրում այդ ո՛չ - բարձր կենսուրախ սարերից, այդ օրօրուն մեղմ ծովից եւ երկնքի ջինջ կապոյտից։

Ո՛չ մի խիստ բեկւող գիծ չի խանգարում նկարի փափուկ ներդաշնակութիւնը, չի գրգռում դիտողի երեւակայութիւնն ու ջիղերը։

Ամեն ինչ կարծես ձգտում էր ճամփորդին էլ ներշնչելու մի խաղաղ ու զւարթ տրամադրութիւն՝ այդ ժպտուն, կանաչ աշխարհը մտնելիս։

Կեանքը հետզհետէ զարթնում էր ծոցում։ Ջօնկերը ծալաւոր առագաստները բացած սլանում էին մեր մօտից ու շտապում բաց ծոցը ձկան որսի։

Ճապոնական երկճեղ վերջով նաւակները ճօճւելով լող էին տալիս ամեն ուղղութեամբ։ Ծովի կապոյտի վրա որոշակի գծագրւում էր ղեկավարի բնորոշ կերպարանքը, որը կանգնած կառավարում էր միակ թին, որը միեւնոյն ժամանակ եւ ղեկի պաշտօն էր կատարում։

Նրա ընկերները մէկը միւսի ետեւից դուրս էին սողում փոքրիկ խցիկից, որ անխուսափելի է ճապոնական ամեն մի նավաւկի վրա, եւ սիրալիր ժպիտով նայում էին մեր ետեւից։

Մի ոլոր էլ, եւ ահա երեւացին ռէյդում կանգնած մեծ նաւերի կայմերն ու ծխնելոյզները. սա՝ Նագասակիին մօտ լինելու նշանն էր։

Նեղուցը յանկարծ բացւում է։

Քաղաքը ինքը մեր դէմ է լողում եւ շուտով պատում է մեզ օղակի պէս։

Ամերիկեան կրէյսերը, որի մօտով մենք անցնում ենք, նւագում է ի պատիւ մեզ ռուսական օրհներգը, որին շուտով յաջորդում է ամերիկական ազգային երգը, հնչուն ու սահուն կերպով փռւելով ծովի վրա։ Բայց ընդհանրապէս շատ քիչ շարժում կայ ծոցում ամառւայ շնորհիւ։

Ռէյդում կանգնած են մի քանի կէտորս նաւեր, երկու - երեք ճապոնական սովորական շոգենաւ, այլ եւ լայն ծոցի խորքում միայնակ կանգնած է ֆրանսիական մի գեղեցիկ զրահակիր։

Բոլորովին այլ պատկեր է ձմեռը, երբ այդ ծոցի մէջ աշխարհի ամեն կողմից հաւաքւում են ռազմական տորմիղ­ները։ Այն ժամանակ օդի մէջ ծածանւում են հազարաւոր գոյնզգոյն դրօշակներ. ծովը կենդանանում է փորձեր անող մակոյկներով. սուր ճչում են շոգեմակոյկների սուլիչները, որոնք զինւորական հիւրերին մի նաւից միւսն են փոխադրում. նրանց ետեւից թնդում է հրազէնների զարկը, որը մի ճշմարիտ թնդանօթաձգութիւն է դառնում, երբ ծոց է մտնում մի նոր կրէյսեր։

Իսկ այժմ ամեն-ինչ հանգիստ է ու խաղաղ։ Լսւում է միայն ջրերի ճողփիւնը մօտից սլացող ջօնկի տակ, եւ կրկին լուռ է։

Խարիս ձգեցինք։

Ճապոնական նաւակների, «ֆունէների» մի ամբողջ արշաւ շրջապատում է մեզ ու տիրում է մեր նաւին։

Ամեն կողմից առջեւդ բուսնում են փոքրիկ շարժուն մարդիկ իրենց երկար շորերով ու խոր ծունկի տալով՝ բարեւում են քեզ իրանց բարի ժպիտովը։

Ոմանք գալիս են յանձնարարական քարտերով, որոնց վրա գրւած է ռուսերէն, թէ պ. Տակասիմա կամ Մերուտակի լաւ լւացք է անում, արագ ու վարպետօրէն կարում է հագուստ, կամ կարող է հիանալի առաջնորդ դառնալ ու ցոյց տալ քաղաքի բոլոր նշանաւոր տեղերը։

Քարտի տակը փայլում է յանձնարարողի ստորա­գրութիւնը, սովորաբար մի ծովային սպայի։

Սակայն խուժողների մեծ մասը ապրանք է բերում ։ Նրանք տիրապետում են տախտակամածին, բաց են անում իրանց անհամար կապոցները արկղիկները, եւ ճամփորդի զարմացած հայեացքի դիմաց դուրս են գալիս մէկը միւսի ետեւից սիրուն օրիժինալ փոքրիկ իրեր։

Տախտակամածը ամբողջովին մի եռուն խանութի է փո­խարկւում։ Ամեն կողմ կանոնաւոր կերպով շարւած են յա­տակին սափորներ, ալբօմներ, արկղիկներ, եւ նրանց մօտ ճապոնացին, որ ծունկի նստած հանգիստ սպասում է յաճախորդին։

Ինձ ամենից շատ զարմանք էր պատճառում այդ իրերի չափազանց էժանութիւնը, որ բնաւ չէր համապատասխանում աշխատանքի մեծութեանը։ Ու բոլորովին անհասկանալի էր թւում, թէ ինչպէս նրանք կարողանում են դիմանալ, երբ այդքան ցած են գնահատում իրանց աշխատանքը։

Ասացէք խնդրեմ, դարձայ ես վերջապէս իմ ծանօթ մի նաւսպայի, որ մտազբաղ կանգնած էր այդ ընդհանուր շարժման մէջ. ի՞նչն է ստիպում ճապոնացուն, որ այդպէս քիչ գնահատի իր աշխատանքը։ Ի՞նչ է մնում նրան այս առուտուրից։

Դուք մոռանում էք, ազնիւ օրիորդ, առարկեց ինձ նաւսպան մի մեղմ ժպիտով. մոռանում էք, որ ճապոնացու կեանքը շատ է պարզ. ի՞նչին է հարկաւոր շատ ստանալը, երբ իր պէտքերն էլ ամենեւին բարդ չեն։

Իսկն ասած, այդ իրերը աւելի չարժեն, միջամտեց արհամարհոտ շեշտով մի նիհար ու մաղձոտ պարոն, որ կանգնած էր քիչ հեռուն. դրանք այժմ գրաւում են ձեզ իրանց գեղեցիկ գոյներովն ու էժանութեամբը. միայն գիտէ՞ք, ի՜նչպէս շուտ են կոտրւում։ Արդէն նրանց ոչ մի բանը դիմացկուն չէ։ Ապա, որ ասում եմ, այս ժողովուրդը չափազանց անբարեխիղճ է։

Ի՞նչպէս կարող էք այդպէս թեթեւ կերպով պախարակել մի ամբողջ ժողովուրդ, տաքացաւ նաւսպան. կարո՞ղ էք ուրանալ, թէ այս իրերի վրա մեծ աշխատանք է դրւած, այն էլ ի՜նչ նստուկ, մանր ու յամառ աշխատանք։ Ոչ, պարոն, ճապոնացու անբարեխղճութեան մասին խօսելն անգամ մեղք է։ Դուք մեղադրում էք, որ նրանց շինածը յաւիտենական չէ։ Բայց իզուր։ Մենք, իբրեւ եւրոպացիք, ամենից առաջ տեւական ու դիմացկուն լինելու ետեւից ենք ընկնում, դիզում ենք այնքան անպէտք ու աւելորդ առարկաներ, որոնք մեզանից շատ աւելի են ապրելու։ Մենք ընդհանրապէս խիստ ենք կապւած կեանքին ու կեանքի մանր բաներին. այդ պատճառով էլ մահը մեզ համար կարծես միշտ յանկարծակի է գալիս, իբրեւ մի անակնկալ, երկնքից ընկած բան։ Այլ է ճապոնացու հայեացքը։ Նա հէնց իր մանկութիւնից նայում է իր կեանքին, ինչպէս մի արագ անցնող ու ժամանակաւոր բանի, ու դրա համար մեզպէս երբէք մեծ կարեւորութիւն չի տալիս այս աշխարհի բաներին։ Ի՞նչու այդչափ հոգ տանենք իրերի տեւականութեան մասին, մտածում են նրանք, երբ մենք ինքներս տեւական չենք։

Գիտէք, օրիորդ, խօսքը շարունակեց նա դառնալով ինձ. այս տեսակէտից խիստ բնորոշ է ճապոնական այբուբէնը։

–Ի՞նչպէս։

–Լսած չէ՞ք. դա մի ոտանաւոր է. այ, մօտաւորապէս կարելի է թարգմանել. «Գոյնն ու բոյրը կորչում են. մեր կեանքում ի՜նչն է մշտական։ Այսօրն էլ սուզւեց ոչնչութեան անդունդը. դա երազի մի անկայուն նմանութիւն էր եւ իր ետեւից ոչ մի հետք չը թողեց»։ Այս խօսքերը երեխաները կրկնում են շարունակ դպրոցում, եւ այս խօսքերի դրոշմը մնում է նրանց սրտում ամբողջ կեանքի մէջ։ Այդ կնիքը դրւած է նրանց բովանդակ կենցաղի վրա, նրանց պարզ ու ազատ նիստ ու կացի, նրանց բնակարանների վրա, որոնք այն աստիճան թեթեւ եւ օդային են, որ ամեն մի անգլիացի նաւաստի ուսովը կարող է տեղիցը հանել. նոյն կնիքն է նրանց ամուսնական կապերի վրա, որ այնպէս հեշտ խզելի է։

Զարմանալի է, ընդհատեցի ես, որ այս տեսակ հայեացքը նրանց մռայլ չի դարձնում։

Ի՞նչու. ընդհակառակը. դա շատ բնական է։ Ապագայի խախուտ լինելը մարդ որքան խորն է գիտակցում, այնքան աւելի սիրով է փարում ներկային։

Մինչդեռ վերնաիւտում (տախտակամածի ետեւի մասում) առեւտուրն էր տիրել, սպարդէկի (միջի մասի) վրա եռում էր աշխատանքը։ Այստեղ ածուխ են բեռնում, միւս կողմից ջուր են քաշում շոգենաւ։

Ածուխի նաւը կանգնած է մեր շոգենաւին կից, ու մի երկու տասնեակ ճապոնացի յարդէ գլխարկները գլխներին կանգնած են խիստ շարքով նեղ տախտակի վրա՝ ածխանաւի գոգից սկսած մինչեւ շոգենաւի տախտակամածը։ Նրանք անց են կացնում ձեռքէ ձեռք ածուխի զամբիւղները, որոնք կարծես սլանում են օդի մէջ, եւ գործը առաջ է սլանում մի զարմանալի աշխոյժով։

Ջուրը քաշում են մի փոքրիկ նաւակից, ուր բանում էին մարդ ու կին, ամեն մէկը իր ջրմուղի գլխին։ Կինը մարդուց պակաս չէր աշխատում, մերթ ընդ մերթ նայում էր դէպի մեզ մի լայն ժպիտով, որի միջից, աւա՜ղ, երեւում էին մրուրի նման սեւ ատամները, իբրեւ ամուսնական հաւատարմութեան գերագոյն նշան։ Դա մի սովորութիւն է Ճապոնում, որ կինը ցույց տալու համար, որ բացի իր մարդուց ոչ ոքի դուր գալու ցանկութիւն չունի, սեւացնում է իր ատամները։

Հասաւ ժամանակը ափը ելնելու։

Իմ ուղեկիցներին ճանկել էր արդէն մի ճապոնացի, որ խոստանում էր մեզ առաջնորդել ռուսական խոհանոց ունեցող մի հիւրանոց։

Սանդուխի տակ նաւակների մի այնպիսի խիստ բազմութիւն էր հաւաքւել, որ ստիպւած էինք անցնելու մի ամբողջ շարքի վրայից հասնելու համար վերջապէս ետեւի ազատ նաւակներից մէկը։

Նաւավարը թռաւ նաւի վերջը, ձեռք առաւ թիակը, որ միաժամանակ ղեկի դերն էր կատարում, ու մեր նաւակը թափ - թափ տալով դէպի ափը շարժւեց։

Սրախօսները Վլադիվօստօկում ֆունէին « юли-юли » են ասում, որովհետեւ գնալիս այնպէս է ճօճւում, որ որոշ աստիճանի հմտութիւն պիտի ունենաս առանց մի բանից բռնելու ոտքի վրա մնալու համար։

Եւ ահա աւելի ու աւելի մօտենում է մեզ տափարակ ափը իր փայտակերտ շէնքերով։

Մաքուր քարափը ձգւում է եզերքին՝ խուզւած ծառերով ստւերաւորւած։

Այստեղ են ընդհանրապէս եւրոպական առեւտրական հաստատութիւնները, բանկերն ու զանազան այդ կարգի շէնքերը։ Իսկ աւելի վեր, սարի լանջին, ցրւած են եւրոպական վիլլաներն ու դեսպանատները իրանց զանազանագոյն ծածանւող դրօշակներով։

Շէնքերը թէեւ եւրոպական են, բայց նրանց վրա մի ինչ - որ ճապոնական դրոշմ կայ։ Նրանք բոլորը աչքի են ընկնում իրենց շինւածքի մի առանձին թեթեւութեամբը, որի շարժառիթը Ճապոնում յաճախ կրկնւող երկրաշարժերն են։

Մենք կանգ առանք վերջապէս քարէ նաւամատոյցի առաջ։ Մեր ափի վրա երեւալը ամեն կողմից դէպի մեզ քաշեց լծւորների (ջինրիկիշաների) մի ահագին բազմութիւն, որոնք ճարտարախօս ժպիտով մատնանիշ էին անում իրանց մանրիկ կառքերի վրա։

Անշուշտ լսել եք, որ Ճապոնում, ձիերի սակաւութան պատճառով, ամբողջ մի դասակարգ կայ, որ նրանց պաշտօնն է կատարում։

Կառքերը խիստ փոքր են, միայն մի մարդու նստելու համար. ջենրիկշան բռնում է նրա երկայն թեւերից եւ արագ վազ է տալիս, ոտները թափահարելով իսկական ձիու պէս։

Բոլորովին հարթ ու յարմար խճուղին ձգւում է ժապաւէնի պէս, որի վրայով երկանիւ թեթեւ կառքը գլորւում է շատ հեշտ ու առանց առանձին ջանքի։

Այդ պատճառով ջինրիկիշայի աշխատանքը նրա ուժերից վեր չէ, անասնական մի բան չի համարւում. չի ճնշում, չի նւաստացնում նրա մարդկային արժանաւորութիւնը։ Նա միշտ ուրախ ու բաւական է եւ մի առանձին հոգածութեամբ է վարւում իր հեծնորդի հետ։

Նրա առածն էլ մեծ բան չէ. մէկ մեքսիկեան դօլլարով (ռուբլի) կարելի է նրան ամբողջ օրով վարձել։ Եւ նա բացարձակ յօժարութեամբ կատարում է ձեր բոլոր պատւէրները, քաշում է, կանգնում կամ անփոյթ նստած իր կառքի առջեւի մասում՝ սպասում է ձեզ, մինչեւ որ դուք ձեր գործը վերջացնէք։

Եւրոպացին իր երկրի հասկացողութեամբ չի կարող մի ռուբլին բաւական համարել այդ աշխատանքի համար, եւ տալիս է ընդհանրապէս աւելի։ Դրա համար էլ օտար եկւորների տեսքը մագնիսի ազդեցութիւն է անում, իսկոյն թափւում են գլխիդ եւ յամառ հետեւում են քեզ, մինչեւ որ ձանձրանաս ու զիջես նրանց խնդրանքին։

Բայց այս անգամ նրանց յամառութիւնը յաջողութիւն չունեցաւ։


ՆԱԳԱՍԱԿԻ ՔԱՐԱՓ

Մենք մեր ճապոնացու առաջնորդութեամբ վճռաբար անցանք նրանց միջով, քարափից մտանք մի կողմնակի փողոց ու կանգ առանք մի փոքր երկյարկանի տնակի առջեւ, որի ետեւը սեպ քարաժայռի գլխին գեղեցիկ եւրոպական վիլլաներն էին բազմած։

Այս տան տէրը մի ռուս էր, որ սենեակներ էր տալիս վարձու գլխաւորաբար Վլադիվօստօկից եկողներին։

Վերցրինք երկու սենեակ, մարդագլուխ երկու դօլլար, ուտել - խմելով։

Հազիւ էինք տեղաւորւել, որ մեզ ճաշի կանչեցին։ Սեղանին նախագահում էր տեսքոտ ու բարձրահասակ տանտիկինը, ծագումով սիբիրուհի։ Նա արդէն վաղուց էր ապրում Ճապոնում եւ ծառաների հետ բոլորովին ազատ խօսում էր ճապոներէն։

Սեղանակիցները բացառապէս ռուսներ էին, որոնք ոչ մի կերպ չէին կարողացել ընտելանալ անգլիական կերակուրներին, քանի որ շոգենաւներում ամեն տեղ ճաշը անգլիական է, եւ հիմա բոլոր սրտով ուրախ էին, որ վերստին սեղանի վրա տեսնելու են ռուսական կաշան ու շչին։

Խօսակցութիւնը բնականաբար դառնում էր գլխավորապէս Ճապոնի շուրջը։

Տանտիկինը բացատրում էր իր տեսութիւնները ճապոնացի­ների մասին, ասում էր, թէ նրանք խիստ փափկանկատ են եւ ծիծաղելի դառնալու չափ քաշւող են փողային հարցերում։

Գալիս է օրինակ մի արհեստաւոր կամ բանւոր վարձը ստանալու. փոխանակ ուղղակի իր գալու նպատակը յայտնելու, նա քաշքշւում է, հազում։ Ի՞նչ ես ուզում, հարցնում ես զարմացած։ Պատասխան՝ ոչ մի բառ։ Նա միայն ոտից ոտ է անցնում, ու լսւում է նրա թեթեւ չոր հազը, մինչեւ որ նրա դէմքին դրոշմւած շփոթութիւնից, վերջապէս գլխի ես ընկնում, թէ բանն ինչումն է։

Երբ սեղանից ելանք, դուրսն արդէն կիսով չափ մութն էր։ Փափուկ ջերմ գիշերը իջնում էր Նագասակիի վրա եւ շուտով բոլորովին պարուրեց ամբողջ քաղաքը։

Բայց մինչեւ ուշ գիշեր կեանքը չէր դադարում փողոցներում։ Շարունակ փայլկտում ու արագ անց են կենում վազող ջիների թղթէ լապտերները. հեռուից լսւում են օտարազգի հարբած նաւաստիների խռպոտ ձայները եւ փողոցային մանրավաճառի ականջ ծակող ճըռռանի ձայնը։

Մեր հանդիպակաց տան բաց պատուհաններից դէպի մեզ էին գալիս մի երգի յստակ ուժեղ հնչիւնները, որոնց ընկերակցում էր ֆիս - հարմօնիայի ներդաշնակ նւագը։

–Երգողն ո՞վ է, հարցրի տանտիկնոջից։

Գիտէք, ասաց նա, այդ տան մէջ հաւաքւում են քաղաքում մնացած անգլիացի նաւաստիները, եւ անգլուհիք գալիս են երգելու հարբեցութիւնից նրանց քիչ հեռու պահելու համար։

Մեր փողոցի դուռը ամբողջ գիշերը բաց էր. բաց էին նաեւ բոլոր պատուհանները, եւ ես իմ անկողինը մոծակներից պաշտպանող ցանցի տակից երկար ժամանակ լսում էի փողոցից անցնող ճապոնացիների փայտէ կօշիկների թխկթխկոցը։

Ուրիշի սեփականութիւնը սուրբ է համարւում ճապոնացու աչքում, եւ կարող ես հանգիստ քնել պատուհաններդ բաց։