Ս. Գրիգոր Նարեկացի

Հեղինակ

Բաժին

Թեմա
Թ.
       Այս է ահա ամբողջ Ողբերգութեան «միագոյ իրի հրաշակերտութիւնը »։ Ամեն բան, ինչպէս կոչում է հեղինակն իր այս քնարերգութեան գլուխները, այս միագոյ իրի բարդումը, կուտակումն է, ներքին յուզման ու շարժմունքի մի մի կողմերի պատկերացումը, ահ ու սարսափի բացումը, գետնաքարշ ու աղեխարշ պաղատանքը, սրտի գաղտնարանի բացատրութիւնը, անձի քստմնումը մեղքի առաջ ու տենչանքը վեր խոյանալ, հասնել լուսոյ աղբիւրին։ Ամեն ինչ թանձր գոյներով նկարած եւ մարդկային հոգու եւ նոյն իսկ մարմնի բոլոր ուժով զգացած։
       Եւ այս ապաշխարութիւնն ու կոծը, ինքնանուաստացումն ու ձաղկումը, անձնապարսաւն ու քարկոծումը, ինքն իրենից զզուանքն ու վայ տալը, նոյն իսկ սեպհական մարմնի ատելութիւնը չափ ու սահման չունին։ Նա մեծ հաճոյքով անում է այդ ամենը. որովհետեւ որքան շատ ջարդի իրեն, այնքան ազատ կը լինի կորստից. որքան շատ կընդունի Աստուծոյ շնորհքը, որքան շատ յանդիմանէ իր մեղաւոր անձը, իր յանցանքները երգէ, այնքան շուտ դուրս կը գայ կեանքի մթին վհից «ի լոյս անձկալի»։
       Եւ վասն զի եդի զքեզ նպատակ
       Հանդէպ երեսաց տեսութեան մտացս,
       Անձն իմ անպիտան,
       Վիմօք ձգելոց արձանաց բանից
       Իբր զանընդել գազան վայրենի՝
       Անողորմաբար զքեզ քարկոծել…
       Բան Թ . եր. 21
       Եւ իսկապէս ստգտանքի ամեն մի խօսքը մի ծանր քար է, որոն նա ինքն իրեն գանակոծում է (Բան Ի . եր. 47)։
       Սարսռացնող է ապաշխարողի այս ողբերգական տեսարանը որ բաց է անում մեր առաջ բանաստեղծը։ Միակ մխիթարութիւնը որ կայ այս մռայլ բանաստեղծութեան մէջ, այն է՝ որ փրկութեան վստահութիւնն իսպառ կտրուած չէ եւ տեղ տեղ երեւում է յուսոյ նշոյլ։
       Յոյսը երբեմն զօրանում է, եւ այդ վայրկեաններում նա փոքր ինչ բացւում է եւ ինքն իրեն քաջալերում. «Եւ արդ հի՞մ տրտմիս, անձն իմ կործանեալ՝ ոչ յաստուածուստ հնարաւորութեանց, այլ ի քումդ ինքնագործ հակամիտութեանց, կամ ընդէ՞ր զիս խռովես՝ յուսահատութեամբ սատանայականաւ »։ Յուսոյ հիմք կազմում է նախ՝ այն որ Աստուծու համար հնարաւոր է ամենայն ինչ։ Այս ժամանակ նա, սիրով լցուած, Աստուծու մեծութիւնն է երգում, երբեմն մեծ հոյակապութեամբ, ինչպէս ամբողջ ԿԳ. բանը, որի մէջ Աստուծու ամենակարող արարքները թուած են մի զօրեղ թափով։ Ապա՝ կայ եւ այն գիտակցութիւնը, թէ մեղքերը ինչքան հեշտածին, նոյնքան էլ դիւրամեռ են։
       Քանզի զայն ամենայն գունդս չարութեան
       Բանսարկուին զօրաց՝
       Սակաւ մի արտօսր կաթուածոց աչաց, -
       Իբր զճճիս զեռունս բազմոտանիս
       Խխայթից երկրի տկար խլրտմանց՝
       Անկեալ ի վերայ ծորումն ձիթոյ,
       Կամ դոյզն դեղ ինչ սատակչական , - ցամաքացուցանէ.
       Եւ դոյզն մի հառաչումն սրտի հեծութեան ելեալ ի յոգւոյ,
       Իբր շնչումն հարաւային ջերմութեան խառնեալ յարեւու,
       Զսառնամանեաց սաստկութիւն հալէ…
       Բան Է . եր. 17։
       Բայց այդ դեղերն են՝ «դժուարակութ պտուղք ծառոց անհասանելեաց, եւ անկոխ ճանապարհաց երկք եւ տաժանմունք »։ Դրանով, հետեւաբար, մխիթարութիւնը մեծ չէ, եւ տանջանքն աւելի եւս սաստկանում է, մանաւանդ որ եթէ մի կողմից՝ ապաշխարութեամբ ջնջւում է մեղքը, միւս կողմից՝ միշտ նորանոր մեղքեր են ծնւում, (Բան ՀԱ. եր. 152 հտ . ) եւ ապաշխարողը մնում է նոյն վշտահար, նոյն տրագիկական վիճակի մէջ։ Ուստի նա պէտք է ապաշխարի եւ միշտ ապաշխարի, իրեն նուաստացնի ու պարսաւի։