Հեղինակ

Բաժին

Թեմա

XVIII դարի սկզբին Օսմանյան կայսրության, հետեւաբար նաեւ Արեւմտյան Հայաստանի վիճակը, Թուրքիայի փոխհարաբերությունները եվրոպական պետությունների հետ լուսաբանված են Թուրքիայի ֆրանսիական, անգլիական եւ այլ եվրոպական պետությունների դեսպանների՝ իրենց կառավարություններին հղած զեկուցագրերում, նամակներում, հուշերում եւ այլն։ Այդ նյութերի մի մասը հրատարակված է։ Այս առումով հատկապես ուշագրավ են 1717-1727 թթ. Պոլսում ֆրանսիական դեսպան բարոն դե Բոննակի [1], իսկ այնուհետեւ նրան այդ պաշտոնում փոխարինած մարքիզ դե Վիլնյովի [2] հուշերը, զեկուցագրերը։ Վերջինս Պոլսում մնաց մինչեւ 1741 թ. ։ Այս երկու հեղինակների մոտ էլ կան նյութեր, որոնք անմիջապես առնչություն ունեն հայ ժողովրդի պատմության հետ։ Բացի այս բնույթի աղբյուրներից, տվալ ժամանակաշրջանի պատմության ուսումնասիրման համար կան Թուրքիայի քաղաքական պատմությանը նվիրված աշխատություններ, որոնցից կարելի է առանձնացնել մոլդավական իշխան Դիմիտրի Կանտեմիրի «Օսմանյան պատմությունը» [3], ֆրանսիացի ճանապարհորդ Օբրի դե լա Մոտրեի (1674-1743) ուղեգրությունը [4] եւ այլն։ Մատնանշված վերջին երկու հեղինակներից կարելի է քաղել լրացուցիչ պատմական նյութեր, որոնք դարձյալ այս կամ այն չափով աղերսվում են հայ ժողովրդի պատմության հետ։

Ֆրանսիական դեսպաններ դե Բոննակի եւ դե Վիլնյովի ուշադրության կենտրոնում են եղել Ֆրանսիայի համար կարեւոր երկու հարց՝ «հերձվածողներին», այսինքն՝ Արեւելքի քրիստոնյաներին կաթոլիկ դարձնելու եւ լեւանտյան առեւտրի հարցերը։ XVIII դարի առաջին քառորդին պոլսահայ համայնքի ներսում ծայր առած ներհամայնքային պայքարի մասին այս երկու հեղինակների մոտ կան ուշագրավ վկայություններ։ Հատկապես դե Վիլնյովը ամենաեռանդուն մասնակցություն է ունեցել պոլսահայերի ներհամայնքային պայքարում։ Բացի այդ, օգտվելով կապիտուլյացիաների հետեւանքով Թուրքիայի վրա Ֆրանսիայի ունեցած ազդեցությունից, այս երկու դեսպանները կարեւոր դեր են խաղացել Թուրքիայի արտաքին քաղաքական պատմության մեջ։ Եթե դե Բոննակի միջնորդությամբ ստորագրվել է 1724 թ. հուլիսյան ռուս-թուրքական համաձայնագիրը, ապա դե Վիլնյովը վճռական դեր է կատարել 1739 թ. ռուս-թուրքական եւ ռուս-ավստրիական, բելգրադյան զույգ հաշտության պայմանագրերի կնքման հարցում։

XVIII դարի 30-40-ական թթ, թուրք- իրանական քաղաքական հարաբերությունների պատմությունը հնարավոր բոլոր մանրամասնություններով տրված է 1748 թ. Փարիզում լույս տեսած «Պարսկաստանի թագավոր Թահմազկուլիի պատմություն» ստվարածավալ հատորի մեջ [5] ։ Այն ընդգրկում է 1730-1736 թթ. ժամանակաշրջանը։ Թահմազկուլիի կողմից Արեւելյան Հայաստանի նվաճման առիթով Հայաստանի մասին հաղորդվում են անհրաժեշտ տեղեկություններ։ Աշխատությունը հիմնված է սկզբնաղբյուրների՝ օսմանյան եւ իրանական բարձրաստիճան պաշտոնյաների զեկուցագրերի վրա։ Չի բացառված, որ այստեղ օգտագործված լինեն նաեւ օսմանյան ժամանակագրությունները, ականատեսների վկայաթյունները եւ այլն։ Գրքում ուշագրավ տեղեկություններ կան նաեւ քրդերի ու Քրդստանի մասին [6] ։ Ընդարձակ էջեր կան նաեւ ջուղահայերի եւ այն մասին, թե ինչպես էր Նադիր շահը ուզում վերականգնել Շահ-Աբասի ժամանակ ջուղահայերի ձեռք բերած առեւտրական իրավունքներն ու արտոնությունները [7] ։

1730 թ. Պատրոնա Խալիլի Պոլսում բարձրացրած խռովության, Ահմեդ 3-րդի տապալման եւ Մահմուդ 1-ի գահ բարձրացման, խռովության օրերին պոլսահայերի անցկացրած ահուսարսափի եւ այլ հարակից հարցերի մասին է պատմում «Զեկուցագիր 1730 եւ 1731 թվականների երկու ապստամբությունների մասին» [8] վերնագրով 1737 թ. Հաագայում հրատարակված գիրքը, որը ավյալ ժամանակաշրջանի արժանահավատ աղբյուրներից է։ Այս նույն հարցերին է նվիրված նաեւ դե Գրուզենակի 1740 թ, Փարիզում լույս տեսած աշխատությունը [9] ։

Նադիր շահի ժամանակ թուրք-իրանական առնչությունների պատմության կարեւոր աղբյուրներից է ֆրանսիական արքայական ակադեմիայի անդամ Մ. Օտտերի երկհատոր ուղեգրությունն արեւելքում [10] ։ Հեղինակը, ինչպես ինքն է գրում, Պոլսում գտնվելու ժամանակ վայելել է ֆրանսիական դեսպան դե Վիլնյովի հովանավորությունն ու աջակցությունը։ Իր ուղեգրության մեջ Մ. Օտտերը խոսում է 1736 թ. աշնանը իր այցելած Կիլիկիայի քաղաքներ Ադանայի, Տարսոնի, Սսի եւ այլ վայրերի մասին։ Ապա անցնելով Քրդստանով ու պատմական Հայաստանի՝ քրդերի ազդեցության ոլորտում գտնվող տարածքով, տեղեկություններ է տալիս Բիթլիսի ու նրա հարակից շրջանների մասին։ Մ. Օտտերի հաղորդած վկայություններից երեւում է, որ նա Իրանում գտնվելու քսան ամիսների ընթացքում սովորել է պարսկերեն ու ծանոթացել Պարսկաստանի վիճակին [11] ։ Մ. Օտտերի ուղեգրության առաջին հատորի զգալի մասը նվիրված է թուրքերի դեմ Նադիր շահի մղած պատերազմների պատմությանը [12], գրված այլեւայլ ստույգ աղբյուրների հիման վրա։ Այն սկսվում է աֆղանական արշավանքից ու հասցվում է մինչեւ 1739 թ. տեղի ունեցած իրադարձությունները։ Շարադրված քաղաքական պատմությունը չնայած համառոտ լինելուն պարունակում է տեղեկություններ, որոնք բացակայում են Թահմազկուլի խանի պատմությանը նվիրված, վերը մեր հիշատակած աշխատության մեջ։ Այսպես, Մ. Օտտերը վկայություններ ունի Սյունիքում եւ Թավրիզի մոտ թուրքական բանակին հայերի ցույց տված դիմադրության մասին [13] եւ այլն։ Երկրորդ հատորը բացառապես նվիրված է 1739 թ. հեղինակի դեպի Պոլիս վերադարձի ուղեւորության նկարագրությանը։ Ճանապարհը Դիարբեքիրի, Արղնիի, Խարբերդի վրայով ընթանում էր դեպի Սեբաստիայի նահանգ։ Հատկապես հետաքրքիր են այն էջերը, ուր խոսվում է Սեբաստիայի նահանգում լեվենդ ավազակախմբերի խժդժությունների, փաշայի բանակի կամայականությունների ու բռնությունների մասին։ Նա մի քանի անգամ գիշերել է հայկական տներում, ուր իրեն պատմել են հայ ժողովրդի կրած անլուր տառապանքների, զրկանքների մասին։

Արեւելյան Հայաստանի 1720-1750-ական թթ. քաղաքական պատմության ուսումնասիրության համար որոշ արժեք ունի նաեւ ֆրանսիացի հեղինակ դե Պեյսոնելի «Պարսկաստանի եւ Վրաստանի արդի խառնակությունների մասին ուսումնասիրության փորձ» [14] վերնագրով աշխատությունը։ Նրանում մանրամասն շարադրված են Վրաստանի քաղաքական պատմության կարեւորագույն փուլերը՝ Վախթանգ 6-րդից մինչեւ Հերակլ 2-րդի ժամանակաշրջանը։ Վերջին գլուխը վերնագրված է այսպես. «Պարսկաստանի եւ Վրաստանի վիճակը ներկայիս 1753 թվականին» [15], այլ կերպ ասած, հեղինակը դեպքերը ընթերցողներին է ներկայացնում որպես ականատես։

Նադիր շահի ժամանակաշրջանի Արեւելքի պատմության հարցերը շոշափված են նաեւ ժամանակակից մի քանի այլ հեղինակների կողմից, որոնք գտնվելով Արեւելքում, մոտիկից ծանոթ էին թուրք-իրանական քաղաքական առնչություններին։ Այդպիսիներից էին, օրինակ, Էտյեն Մինյոն [16], դե Սագրեդոն [17], Մ. Դելակրուան [18] եւ այլք։ Այս հեղինակների մոտ շոշափվում են ոչ միայն քաղաքական, այլեւ երբեմն հասարակական-տնտեսական պատմության հարցերը։

XVIII դարի 50-60-ական թթ. Օսմանյան կայսրության պատմության ուսումնասիրության համար որոշակի արժեք ունեն Պոլսում Ֆրանսիայի դեսպան կոմս դե Սեն Պրիեստի [19], անգլիական դեսպաններ Հենրի Գրենվիլի [20] եւ Ջեյմս Պորտերի [21] հուշերն ու աշխատությունները։ Ֆրանսիայի եւ Անգլիայի դեսպաններն իրենց կառավարություններին հղած զեկուցագրերում մեծ տեղ են հատկացրել այդ երկու երկրների լեւանտյան առեւտրին։ Այդ զեկուցագրերում հաղորդվում են այնպիսի տեղեկություններ, որոնք բարձրացնում են դրանց գիտական նշանակությունը։ Ի դեպ, նույնպիսի խոշոր գիտական նշանակություն ունի նաեւ Հանվեյի աշխատությունը նույն ժամանակաշրջանի իրանյան առեւտրի վերաբերյալ [22] ։ Այս գրքում բազմաթիվ պատմական փաստեր կան, որոնք անմիջականորեն աղերսվում են հայ ժողովրդի պատմության հետ։

XVIII դարի 60—70-ական թթ. Թուրքիայի պատմության ուսումնասիրության համար շահեկան են նաեւ Ֆրանսուա դե Տոտտի [23], բարոն դե Բոննեվալի [24] հուշերը, Մարսիլյիի [25] ՝ Թուրքիայի ռազմական պատմությանը նվիրված հանրահայտ աշխատությունները եւ այլն։

Հունգարական ծագում ունեցող բարոն դե Տոտտը երկար տարիներ աշխատում էր Պոլսի ֆրանսիական դեսպան Վերժենի մոտ։ Նա մի քանի տարի որպես ռազմական ինժեներ ծառայեց նաեւ թուրքական բանակում եւ առանձնապես մեծ գործունեություն ծավալեց 1768-1774 թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ։ Մշտական շփման մեջ գտնվելով թուրքական ղեկավար շրջանների հետ, նա մոտիկից ծանոթացավ թուրքական վարչական համակարգի, ֆինանսական դրության, բանակի կացության հետ եւ այլն։

Վերը հիշատակված այս երեք հեղինակների մոտ էլ այս կամ այն առիթով խոսվում է Թուրքիայի հայերի, նրանց իրավական վիճակի մասին եւ այլն։

Այս ժամանակաշրջանի պատմության համար մասնագետների մոտ ամենալայն ճանաչում ունի ծագումով պոլսահայ Իգնատիոս Մուրաջեա դ’Օսսոնի յոթհատորանոց «Օսմանյան կայսրության ընդհանուր պատկերը» [26] խորագիրը կրող աշխատությունը։ Նա զբաղվել է դիվանագիաական գործունեությամբ (եղել է Շվեդիայի դեսպանության աշխատակիցը Պոլսում, հյուպատոս՝ Իզմիրում)։ Մ. դ’Օսսոնի աշխատությունը կատարյալ մի հանրագիտարան է Օսմանյան կայսրության ու նրա հպատակների կյանքի տարբեր կողմերի մասին։ Հիմնականում լինելով պատմական հետազոտություն, Մ. դ’Օսսոնի աշխատությունը միաժամանակ հեղինակի երկար տարիների ընթացքում կատարած անձնական դիտողությունների արդյունք է։ Աշխատության մի մասը թարգմանված է ռուսերեն [27] ։

XVIII դարի վերջին քառորդի Արեւելքի պատմության եւ կարեւորագույն եվրոպական աղբյուրների շարքին են դասվում նաեւ ֆրանսիացի ճանապարհորդներ ու դիվանագիտական ներկայացուցիչներ կոմս դե Ֆերրիեր-Սովբեֆի [28], Ֆ. Վոլնեյի [29] եւ Գ. Ա. Օլիվիեի [30] ուղեգրությունները։

Ֆերրիեր-Սովբեֆը (1750-1814) 1782-1789 թթ. ֆրանսիական թագավոր Լյուդովիկոս 16-րդի հանձնարարությամբ դիվանագիտական գործունեության է ուղարկվում Պոլիս եւ այստեղից երկու անգամ 1784-1785 եւ 1787 թթ, մեկնում է Իրան՝ Սպահան։ ճանապարհին նա այցելում է պատմական Հայաստանի քաղաքները՝ Էրզրում, Կարս, Բայազետ, Երեւան, Էջմիածին, Նախիջեւան, լինում է Անդրկովկասի հայաշատ քաղաքներում, որոնց թվում՝ Թբիլիսիում ու Շամախիում եւ այլն։ Գտնվելով Իրանում, Ֆերրիեր-Սովբեֆը իրանական կառավարությանը խորհուրդ էր տալիս հնարավորության սահմաններում թույլ չտալ Ռուստաստանի թափանցումը Անդրկովկաս։ Ի դեպ, հեղինակը տեղեկություններ է հաղորդում նաեւ Նադիր շահի մահից հետո Իրանի քաղաքական պատմության հարցերի մասին։ Այս առումով արժեքավոր են այն էջերը, որոնք նվիրված են հեղինակի ժամանակվա շահերին՝ Ալի Մուրադ խանին եւ Աղա Մուհամեդ խանին [31] ։ Ուղեգրության մեջ մեծ տեղ է հատկացված ռուս-թուրքական 1787-1791 թթ. պատերազմ ի գլխավոր պատճառներին, պատերազմող կողմերի ռազմական հնարավորություններին եւ այլն։

Ֆրանսուա Վոլնեյի ուղեգրության մեջ հիմնականում խոսվում է թուրքական տիրապետության ներքո գտնվող Սիրիայի եւ Եգիպտոսի մասին, սակայն նրանում արծարծվում են Օսմանյան կայսրության հասարակական-տնտեսական պատմության այնպիսի հարցեր, որոնք վերաբերում են հպատակ բոլոր ժողովուրդներին։ Այստեղ բազմաթիվ փաստերի հիման վրա ցույց է տրված օսմանյան իրավակարգի գիշատիչ բնույթը։

Գ. Ա. Օլիվիեի ուղեգրությունն ուսանելի է շատ կողմերով։ Ուշադրություն է գրավում հեղինակի քաջատեղյակությունը Թուրքիայի եւ Իրանի ներքին վիճակին XVIII դարի 60-ական թթ. ։ Թե՛ Թուրքիայի հողային հարաբերությունների եւ թե՛ նահանգներում փաշաների գործադրած բռնությունների ու կամայականությունների մասին խոսելիս անմիջապես երեւում են հեղինակի խոր գիտելիքները։ Հեղինակի գրչի տակից ընթերցողների առաջ հառնում է արեւելյան բռնատիրությունների քայքայման պրոցեսի եւ հպատակ ժողովուրդների, մասնավորապես քրիստոնյաների, անտանելի վիճակի վառ գույներով նկարագրված տխուր պատկերը։

Հայաստանի պատմական աշխարհագրության տեսակետից ուշագրավ է 1797 թ. Փարիզում լույս տեսած «Պատմական եւ աշխարհագրական հիշատակություններ Սեւ ու Կասպից ծովերի արանքով ընկած երկրների մասին» վերնագրով աշխատությունը [32] ։

Մեզ մնում է մի քանի խոսք ասել XIX դարի սկզբի եվրոպական մի շարք ուղեգրությունների մասին ու դրանով իսկ ավարտել աղբյուրների մասին մեր այս համառոտ տեսությունը։ Այս ուղեգիրների մոտ ոչ միայն կան նյութեր, որոնք անհրաժեշտ են երկփեղկված Հայաստանի հասարակական-տնտեսական պատմությունը ուսումնասիրելու, այլեւ XVIII դարի վերջերից Օսմանյան կայսրության սահմաններում առաջացած դերեբեյությունների հետ կապված հարցերը ավելի լավ ըմբռնելու համար։

Այս հեղինակներից նախ եւ առաջ պետք է հիշատակել Ա. Ժոբերին [33], Ա. Դյուպրեյին [34], Գ. Դրուվիլին [35], Զ. Մ. Կիննեյրին [36], Մ,. դե Կոցեբյուին [37] եւ այլոց։

Պիեր Ամեդե Ժոբերը (1779-1847) ֆրանսիացի խոշորագույն արեվելագետներից մեկն էր, Փարիզի արեւելյան կենդանի լեզուների թուրքերեն լեզվի պրոֆեսոր։ 1806 թվականին Պ. Ա. Ժոբերը Նապոլեոնի կողմից գաղտնի առաքելությամբ ուղարկվում է Իրան, Ֆաթհ-Ալի-Շահին Ֆրանսիայի կողմը թեքելու նպատակով։ Նույն տարվա ապրիլի 10-ին նա արդեն գտնվում է Պոլսում, ուր Սելիմ 3-րդի կողմից արժանանում է ջերմ ընդունելության։ Հունիսի 7-ին նա արդեն Տրապիզոնում էր, որտեղից ուղեւորվեց Էրգրում, իսկ այնուհետեւ անցնելով Արաքսը, ենթարկվեց քրդերի հարձակումներին, եւ ի վերջո գերի ընկավ Բայազետի փաշա Մահմուդի ձեռքը։ Հրաշքով ազատվելով բանտային կապանքից, նա ուղեւորվում է Իրան՝ իր առաքելությունը ավարտելու նպատակով։

Տրապիզոնից Էրզրում ուղեւորվելիս Ժոբերը ճանապարհին հանդիպում է ապստամբ թայուրօղլուների կատարած ավերածություններին, երկրում տիրող անիշխանությանը եւ, հետեւաբար, ճանապարհների անապահովությանը։ Նա ընդարձակ մի գլուխ նվիրել է քրդերին ու Քրդստանին [38], խոսում է քրդաբնակ շրջաններում հայերի զինված լինելու մասին, առանձին վկայություններ է հաղորդում իր այցելած քաղաքներ Երզնկայի, Էրզրումի, Մանազկերտի, Վանի, Թավրիզի եւ այլ վայրերի մասին։

Ա. Դյուպրեն, որն իբրեւ Ֆրանսիայի ներկայացուցիչ երկար տարիներ դիվանագիտական պաշտոններ էր վարել Թուրքիայում, իր ուղեգրության առաջին գրքում խոսում է Ամասիայի, Թոխատի, Սեբաստիայի մասին եւ հատկապես հետաքրքիր տեղեկություններ է հաղորդում պղնձի արդյունահանության կենտրոն Արզնի-Մադենի մասին [39] ։ Նրա հետագա ճանապարհն ընթանում է Դիարբեքիրի-Մերդինի-Մծբինի վրայով դեպի Իրան։ Երկրորդ հատորում Ա. Դյուպրեն նկարագրում է Նոր Ջուղայի եւ ջուղահայերի վիճակը XIX դարի սկզբին [40] ։ Այնուհետեւ տեղեկություններ է հաղորդում Թավրիզի ու նրա առեւտրի մասին։ Հետդարձի ճանապարհին նա Խոյի, Նախիջեւանի վրայով. ուղեւորվում է Երեւան ու Էջմիածին եւ խիստ արժեքավոր տեղեկություններ հաղորղում [41] ։ Վերջում հեղինակը դիտողություններ է անում Եվրոպայի հետ Իրանի առեւտրի վերաբերյալ [42] ։

Գասպար Դրուվիլի ուղեգրության ամենահետաքրքիր էջերն են իրանական բեկլերբեկերի (խաների) մասին հաղորդումները [43] եւ քրդերին նվիրված գլուխը [44] ։ Հեղինակի հավաստիացմամբ ինքը երկար տարիներ ապրել է բրդերի մեջ, ծանոթացել նրանց կենցաղին ու սովորույթներին։

Հայ ժողովրդի հասարակական-տնտեսական պատմության նյութերի կարելի է հանդիպել նաեւ Ջոն Մակդոնալդ Կիննեյրի եւ Մորիս դե Կոցեբյուի մոտ։



[1]            Mémoire historique sur l’ambassade de France à Constantinople par le marquis de Bonnac, publié avec un précis de ses négociations à la Porte ottomane, par M. Charles Schéfer, Paris, 1894.

[2]            Une ambassade française en Orient sous Louis XV. La mission du marquis de Villeneuve 1728—1741, par Albert Vandal, Paris, 1887.

[3]            Dimitri Cantémir. Histoire de l’empire ottoman. Paris, 1743.

[4]            Motraye de la. Voyages de la Motraye en Europe, Asie et l’Afrique. Vol. I-II, La Haye, 1727.

[5]            Histoire de Thamas Kouli-Kan, roi de Perse. Nouvelle édition. Paris, 1748.

[6]            Նույն տեղում, էջ 150-152։

[7]            Նույն տեղում, էջ 285-289։

[8]            Relation des deux rebellions arrivées à Constantinople en 1730 et 31 dans la déposition d’Achmet III et l’élévation au thrône de Mahomet V, composés sur des mémoires originaux reçus de Constantinople. La Haye, 1737.

[9]            Grouzenac de. Histoire de la dernière révolution arrivée dans l’empire ottoman le 28 septembre 1730. Paris, 1740.

[10]          Voyages en Turquie et en Perse avec une relation des expéditions de Tahmas Kouli-Khan. par M. Otter de l’académie royale des inscriptions et belle-lettres. T. I-II, Paris, 1748.

[11]          Նույն տեղում, հ. II, էջ

[12]          Նույն տեղում, հ. 1, էջ 254-358։

[13]          Նույն տեղում, էջ 281-282։

[14]          Essai sur les troubles actuels de Perse et de Géorgie, par M. de P/eysonnl/. Paris, 1754 Այս հեղինակը հետաքրքրվում էր Վրաստանի պատմությամբ՝ ֆրանսիական առեւտուրը Անդրկովկասում եւ Իրանում զարգացնելու նպատակով։ Ինքն էլ՝ 1787 թ. Փարիզում լույս տեսած «Տրակտատ Սեւ ծովի առեւտրի մասին» (Traité sur le commerce de la mer Noire, par M. Peyson/nel/, ancien général de France à Smyrne) գրքի հեղինակն է։

[15]          Նույն տեղում, էջ 151-154։

[16]          Histoire de l’empire ottoman depuis son origine jusqu’à la paix de Belgrade en 1740, par M. Mignot. T. I-IV, Paris, 1741.

[17]          De Sagredo. Histoire de l'empire ottoman. T. I-VII, Paris. 1732.

[18]          M. de la Croix. Abrégé chronologique de l’histoire ottomane, T. I III Paris, 1758.

[19]          M. le comte de Saint-Priest. Mémoires sur l’ambassade de France en Turquie et sur le commerce des français dans le Levant, Paris, 1877.

[20]          Henry Grenville. Observations sur l’état actuel de l’empire ottoman, edited by Andrew S. Ehrenkretz, The University of Michigan press, 1971.

[21]          Turkey, its history and progress. From the journals and correspondance of sir James Porter, continued to the present time with a memoir of sir James Porter by his grandson Gaorges Larpent. Vol. I—II, London, 1854: Réflexion sur l’état critique actuel de la puissance ottomane. Paris, 1765.

[22]          Hanvey. An historical account of the British Trade over the Caspian sea, T. I—IV, London, 1753.

[23]          Tott, baron de. Mémoires sur les Turcs et les Tartares. Vol. I-III, Amsterdam, 1784.

[24]          Mémoires de comte de Bonneval… sous les empereurs Ahmet III et Mahomet 1. Nouvelle édition. Vol. II, Paris, 1806.

[25]          L’état militaire de l’empire ottoman, ses progrès et sa décadence par M. le comte de Marsigli. Amsterdam, 1732.

[26]          M. d’Ohsson. Tableau général de l’empire othoman. Vol. I-VII, Paris, 1778-1824.

[27]          М. д'Оссон. Полная картина Оттоманской империи в двух частях. Перевод с французского. СПб., 1795.

[28]          Mémoires historiques, politiques et géographiques des voyages du comte de Ferrières-Sauveboeuf. faits en Turquie, en Perse et en Arabie, depuis 1782 jusqu’en 1789. T. I-II, Paris, 1790.

[29]          C. F. Volney, Voyage en Egypte et en Syrie pendant les années 1783, 1784 et 1785 suivi de considération sur la guerre des Russes. London, 1788.

[30]          Voyage dans l’empire othoman, l’Egypte et la Perse, fait par ordre d’un gouvernement pendant les six premières années de la république, par G. A. Olivier, Paris, an 9 (1801).

[31]          Ferrières-Sauveboeuf, II, էջ 1-20։

[32]          Mémoires historiques et géographiques sur les pays entre la mer Noire et la mer Caspienne Paris, 1797.

[33]          A. Jaubert. Voyage en Arménie et en Perse. Paris, 1821.

[34]          A. Dupré, Voyage en Perse, fait dans les années 1807, 1808 et 1809. T. I-II. Paris, 1819.

[35]          (G. Drouville). Voyage en Perse, fait en 1812 et 1813, par Gaspard Drouville. T. I-II, Paris, 1828.

[36]          John Macdonald Kinneir, Voyage en Turquie. Paris, 1819.

[37]          Maurice de Kotzebüe, Voyage en Perse à la suite de l’ambassade russe en 1817. trad. de l’allemand par M. Breton. Paris, 1819.

[38]          A. Jaubert, էջ 66-77, 108-120 եւ այլն։

[39]          A. Dupré, էջ 59-62։

[40]          Նույն տեղում, էջ 145-151։

[41]          Նույն տեղում, էջ 248-266։

[42]          Նույն տեղում, էջ 372-387։

[43]          G. Drouville, էջ 17-23։

[44]          Նույն տեղում, էջ 187-207։