ՅՈՎՀԱՆ ՄԱՄԻԿՈՆԵԱՆ

Է դարի երկրորդ կէսի պատմիչ Յովհան Մամիկոնեանի «Պատմութիւն Տարօնոյ» երկն իր բնոյթով եւ շարադրանքի ոճով եզակի է վաղ միջնադարեան հայ մատենագրութեան մէջ։ Օգտագործելով Տարօն գաւառում հաւաքուած գրաւոր եւ բանաւոր բազմաժանր նիւթերը՝ հեղինակը Հայաստանում առաջին անգամ ստեղծել է իր երկրամասի պատմութեան որոշակիօրէն համակարգուած շարադրանքը լայն պատմական ֆոնի վրայ։ Երկի վերջում զետեղուած բաւական ընդարձակ յիշատակարանում Յովհանը ներկայանում է որպէս Մամիկոնեան եպիսկոպոս, նշում, որ իր «շարադրութիւնը» կատարել է «ի վանսն Գլակայ, ի դուռն սրբոյ Կարապետին», որտեղ գաւառի առաջին եպիսկոպոս Զենոբ Ասորուց յետոյ եղել է քսանհինգերորդ (առկայ ձեռագրերում՝ ԼԵ-երորդ) առաջնորդը (ըստ այդմ՝ ենթադրելի է, որ Գլակավանքը եղել է Մամիկոնեան եպիսկոպոսութեան նստոցը)։ Յիշատակարանի՝ մեզ հասած գրչագրերի աւանդած մի արտայայտութեան համաձայն՝ աշխատութեան համակարգումը կատարուել է Հերակլ կայսեր (610-641 թթ.) եւ Ներսէս Տայեցի կաթողիկոսի (641-661 թթ.) օրօք, Խոսրով Բ Պարսից արքայի մահից յետոյ (628 թ.), «յիշխանութեանն Մամիկոնեան Վահանայ, զոր մայրենեաւք Կամսարական կոչեն»։ Իրականում պարզ է, որ երկն ստեղծուել է մի քանի փուլով (նոյն կերպ, առնուազն երկու փուլով է գրուել նաեւ «Մատենագիրք Հայոց»-ի սոյն հատորում ներառուած 684 թ. Անանունի Պատմութիւնը) եւ վերջնականապէս ձեւաւորուել Է դարի երկրորդ կէսում, բոլոր դէպքերում՝ մինչեւ Հայաստանի վերջնական ենթարկումը Արաբական խալիֆայութեանը, ամենայն հաւանականութեամբ՝ 680-ական թթ.։ Ըստ երեւոյթին՝ պատահական չէ Հայոց ՃԼ թուականի (681 թ.) յիշատակութիւնը երկի Ժ գլխի աւարտական հատուածում եւ (ըստ Ն ենթախմբի ձեռագրերի) հեղինակի յիշատակարանի բնագրում, թէկուզ եւ վերջին հատուածում առկայ է նաեւ աւելի վաղ ժամանակաշրջանով (գուցէ՝ հետագայում աւելացուա՞ծ) թուագրումը։