Դատարկ (չի գործում)

Հեղինակ

Բաժին

Թեմա

Ժ դ. վերջի պատմիչ Մովսէս Դասխուրանցու (ձեռագրերում եւ գրականութեան մէջ կոչուած նաեւ՝ Կաղանկատուացի) Պատմութիւն Աղուանից երկում բառացի արտագրութեամբ պահպանուած Է դարի երկրորդ պատմական գործը պայմանականօրէն անուանւում է 684 թուականի պատմութիւն: Այն ընդօրինակուած է Պատմութիւն Աղուանից ի առաջին գրքի ԻԷ-Լ եւ երկրորդ գրքի ԺԸ-ԼԱ եւ ԼԳ-ԽԵ գլուխներում։ ԼԲ գլխում Դասխուրանցին տեղադրել է իր սեփական շարադրանքը՝ հիմնուելով պայմանականօրէն Աղուանից կաթողիկոսների գաւազանագիրք անուանուած մի սկզբնաղբիւրի տեղեկութիւնների վրայ։ Վերջինիս հիմնական մասերը պատմիչը տեղադրել է Պատմութիւն Աղուանից ի աւարտական գլխում . իգ), իսկ որոշ տեղեկութիւններ՝ նախորդող բազմաթիւ գլուխներում: 684 թուականի պատմութեան արտագրութեան հատուածներում առկայ գլխագրերի մեծ մասը (եթէ ոչ բոլորը) նոյնպէս արդիւնք են Մովսէս Դասխուրանցու ստեղծագործութեան. բուն երկի գլխագիրը մեզ չի հասել:

Որոշ հետազօտողների կարծիքով երկի շարադրանքին է յանգում նաեւ Բ. ժէ գլուխը, ուր պատմւում է հետագայում Միհրանեաններ համարուած Վարազ Գրիգոր, Ջեւանշէր եւ Վարազ Տրդատ Գարդմանից իշխանների՝ Սասանեաններից սերելու մասին առասպելական տոհմաբանութիւնը: Իրականում այդ պատմութիւնը հաւաստի գրեթէ ոչինչ չի պարունակում, լեզուով ու ոճով էապէս տարբերւում է 684 թուականի պատմութեան յարակից հատուածներից եւ անկասկած շարադրուած է հէնց իր՝ Ժ դ. հեղինակի կողմից՝ Խաչէնի եւ Փառիսոսի Առանշահիկ իշխանների տոհմաբանութիւնների մէջ սպրդած առասպելականացուած պատկերացումների հիման վրայ: Ըստ ամենայնի՝ 684 թուականի պատմութեան հեղինակը, որի շարադրանքը որոշ հատուածներում դառնում է առաջին դէմքով, բաւականին մօտ է կանգնած եղել իր հերոսներին՝ Ջեւանշէր եւ Վարազ Տրդատ իշխաններին եւ յատկապէս՝ Իսրայէլ (բնագրում՝ Իսրայէղ, երկրորդ անունով՝ Աբաս) եպիսկոպոսին. նա ներկայ կամ մասնակից է եղել նրանց մի շարք գործերին, այդ թւում՝ վերջինիս ուղեւորութեանը Հոնաց աշխարհ՝ հիւսիսկովկասեան թիւրքալեզու այդ ժողովրդին քրիստոնէական հաւատքի բերելու առիթով:

Մինչեւ վերջ յաջողութեան չհասած այս վերջին պատմական իրադարձութեանն ենք պարտական 684 թուականի պատմութեան մի հատուածում (պահպանուած վիճակով՝ սկզբում) Հոների մի խմբի՝ աւելի վաղ ժամանակներում քրիստոնէութեանը յարելու առասպելի առկայութեամբ: Մովսէս Դասխուրանցու մօտ այդ հատուածը բաժանուած է չորս գլխի, որոնց գլխագրերից առաջինը («Յաղագս սրբոյն Մեսրովպա եւ ընկերաց նորա պատմութիւն վիպասանաբար») եւ երկրորդը («Շարագրաց յաղագս աշակերտացն Մաշտոցի ընդ ներգոյս զրոյցատրաբար»), մեր կարծիքով, եթէ ոչ ամբողջութեամբ, ապա՝ մասամբ, Է դարի բնագրին յանգելու տպաւորութիւն են թողնում: Բ. իթ գլխի մի տեղեկութիւնից (նախ. 11) երեւում է, որ այդ հատուածը Իսրայելի տեսիլն է («… զարմացեալ ընդ զրոյցատրութիւն եպիսկոպոսին, որ պատմէր զտեսիլ Աբասուն»):

684 թուականի պատմութիւնը պարունակում է Է դ. 30-80-ական թթ. Աղուանք երկրի (Սասանեան մարզպանութեան ընդգրկումով) բաւական մանրամասն ու վաւերական եւ գեղարուեստական չափազանց բարձր ոճով շարադրուած պատմութիւնը: Այն աւարտւում է 682 կամ ամենաուշը՝ 683 թ. իրադարձութիւններով: Վերջնական շարադրանքը կատարուել է հաստատապէս 685 թ. ամռանը տեղի ունեցած հիւսիսկովկասեան խազարների աւերիչ արշաւանքից առաջ, որին զոհ գնացին Հայոց եւ Վրաց (ըստ մի տեղեկութեան՝ նաեւ Աղուանից) իշխանները: Այստեղից էլ նրա՝ մօտաւորապէս 684 թ. շարադրուած լինելու մասին ենթադրութիւնը եւ ըստ այդմ նաեւ՝ պայմանական անուանումը:

Երկը պարունակում է մի շարք պաշտօնական նամակներ, որոնց վաւերականութիւնը կասկածելի էր համարում Նիկողայոս Ադոնցը: Սակայն իրականում հնարաւոր է կասկածել դրանցում եւ ամբողջ երկում առկայ միայն որոշ չափազանցութիւնների առիթով, որոնք արդիւնք են իր հերոսներին մեծարելու՝ միջնադարեան հեղինակի համար սովորական ու հասկանալի միտումի: 684 թուականի պատմութեան մէջ ընդգրկուել է նաեւ Հայոց վաղ միջնադարի բանաստեղծութեան մի եզակի նմուշ՝ Դաւթակ Քերթողի Ողբք ի մահն Ջեւանշերի մեծի իշխանին ստեղծագործութիւնը՝ գրուած ակրոստիքոսով («ըստ աղփայփէտաց գլխակարգութեանց»): Այն պահպանուել է (մեր կարծիքով, հէնց շարադրուել է) մինչեւ Ճ տառի քառեակը ներառեալ։ ԺԹ դ. սկզբում Պատմութիւն Աղուանից ի հնագոյն a ձեռագրից կատարուած մի ընդօրինակութեան մէջ (այդ գրչագրից առաջացել է ձեռագրերի Ա p ենթախումբը) Դաւթակի Ողբքին «շարունակութիւն» է աւելացուած, որը մենք, իհարկէ, բաց ենք թողնում:

Պատմութիւն Աղուանից ի ձեռագրերի երկու խմբերի (a ձեռագիր եւ bclr ձեռագրեր՝ bl եւ cr ենթախմբերով) օգտագործմամբ կազմուած 684 թուականի պատմութեան քննական բնագիրը մեծ հաւանականութեամբ պատկերացում է տալիս նրա եօթերորդդարեան վիճակի մասին: Մովսէս Դասխուրանցու գրչի տակ տեղի է ունեցել երկի մի քանի հատուածների փոփոխութիւն, որոնք նկատուած են գրականութեան մէջ եւ մեր կողմից վերցուած են փակագծերի մէջ: Ստորեւ ներկայացուած բնագրի տողատակերում հաշուի չեն առնուած Պատմութիւն Աղուանից ի երկու տասնեակից աւելի մնացեալ գրչագրերի տարընթերցումները, քանի որ դրանք հաստատապէս արտագրուել են վերը նշուած հինգ ձեռագրերից որեւէ մէկից եւ չեն կարող օգտակար համարուել հեղինակի ինքնագրի վերականգնման հարցում: Բնագրի տողատման եւ կէտադրման խնդրում էապէս օգտուել ենք Պատմութիւն Աղուանից ի համեմատական հրատարակութեան հեղինակ Վարագ Առաքելեանի կատարած աշխատանքից:

Միայն հատուկենտ դէպքերում, երբ բոլոր ձեռագրերի ընթերցումներն ինչ-ինչ պատճառներով իսկապէս աղաւաղուած են, կրկնել ենք նախորդ հրատարակիչների վերականգնումները, իսկ աւելի հազուադէպ՝ կատարել նաեւ ակնյայտօրէն անհրաժեշտ թուացող նոր վերականգնումներ: Շատ դէպքերում, երբ առկայ ձեռագրերը մատուցում են բառային ու քերականական ոչ սովորական կամ անգամ ոչ ճիշտ ձեւեր եւ միաժամանակ հնարաւորութիւն չեն տալիս ապացուցել, թէ դրանք չեն յանգում հեղինակային դար) ինքնագրին, անխուսափելի ենք համարել այդ ձեւերը թողնել բնագրում: Վաղ միջնադարում նմանատիպ ձեւերի շրջանառութեան ուսումնասիրութեանը նպաստելով հանդերձ (վիմագրերի բառագանձի օրինակով)՝ դա թերեւս բնագրի օգտագործման հասկանալի դժուարութիւններ է առաջ բերում (յատկապէս՝ ծանօթագրութիւնների փոքրաթիւ լինելու պարագայում), որի համար հայցում ենք ընթերցողի ներողամտութիւնը: Ներկայ շարքի հրատարակութեան մէջ որդեգրուած սկզբունքի համաձայն՝ հետեւողականութիւն չենք ցուցաբերել աւ–օ եւ կցագիր եւ տարընթերցումները ներկայացնելիս (նշենք, որ հնագոյն a ձեռագիրը բացառապէս ունի աւ եւ չնչին բացառութիւններով՝ երկնիշ եւ, իսկ Բ խմբի ԺԷ-դարեան ձեռագրերում աւելի յաճախ են օ տառը եւ կցագիր եւ -ը):

Ալեքսան Յակոբեան

ՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹԻՒՆ

1. Ն. Ադոնց, Քննութիւն Մովսէս Կաղանկատուացու, «Անահիտ», Փարիզ, 1939, թիւ
4-5։

2. Հ. Ն. Ակինեան, Մովսէս Դասխուրանցի (կոչուած Կաղանկատուացի) եւ իր Պատմութիւն Աղուանից, Վիեննա, 1970։

3. Կ. Ղահրամանեան, «Պատմութիւն Աղուանից աշխարհի» երկի աղբիւրները (թեկնածուական ատենախօսութիւն), Երեւան, 1974։

4. Մովսեսի Կաղանկատուացւոյ Պատմութիւն Աղուանից աշխարհի, ի լոյս ընծայեաց Մկրտիչ Էմին, Մոսկուա, 1860։

5. Մովսէս Կաղանկատուացի, Պատմութիւն Աղուանից աշխարհի, քննական բնագիրը եւ ներածութիւնը՝ Վ. Առաքելեանի, Երեւան, 1983։

6. Ա. Յակոբեան, Մովսէս Կաղանկատուացու «Աղուանից պատմութեան» ձեռագրերը, ԲՄ, Երեւան, 1986, թիւ 15։

7. Ե. քահանայ Պետրոսեան, Աղուանից աշխարհի կաթողիկոսութեան մի քանի թուականների շուրջ, «Էջմիածին», Վաղարշապատ-Ս. Էջմիածին, 1984, թիւ 11-12։

8. Հ. Ս. Սւազեան, Մովսէս Կաղանկատուացու «Աղուանից պատմութեան» աղբիւրները, ՊԲՀ, Երեւան, 1972, թիւ 2 ։

10. Manandian A., Beiträge zur albanischen Geschichte, Untesuchungen über Moses der Utier (Kalankatuaci), Leipzig, 1897.

11. The History of the Caucasian Albanians by Movsés Dasxuranci. Translated by C. J. F. Dowsett, London, 1961.

ՏԱՌԱՆԻՇԵՐ ԲԱՂԴԱՏՈՒԱԾ ՁԵՌԱԳՐԵՐԻ

a - ՄՄ ձեռ. թիւ 1531, ժամանակ՝ 1289 թ.

b - ՄՄ ձեռ. թիւ 1725, ժամանակ՝ 1675 թ.

c - ՄՄ ձեռ. թիւ 2561, ժամանակ՝ 1664 թ.

l - Ռուսաստանի Գիտութիւնների ակադեմիայի Արեւելագիտութեան ինստիտուտի Ս. - Պետերբուրգի բաժանմունքի գրադարանի հայերէն ձեռագրերի հաւաքածոյ, թիւ C 59, ժամանակ՝ 1678 թ.

r - Բրիտանական թանգարանի թիւ Or 5261, ժամանակ՝ ԺԷ դ.

a ց, b ց, c ց, l ց, r ց տառանիշերով տրուած են համապատասխան ձեռագրերի՝ Մովսէս Դասխուրանցու կազմած գլխացանկերի ընթերցումները։