Թուղթ առ Դաւիթ Մեծ Կողմանց եպիսկոպոս

Հեղինակ

Բաժին

Թեմա

Ըստ Ստեփաննոս Ասողիկի՝ Յովհան Մայրագոմեցին հեղինակ է երեք աշխատութիւնների՝ Խրատ վարուց, Հաւատարմատ, Նոյեմակ:

 

ա. Խրատ վարուց ը 23 ճառերից կամ թղթերից կազմուած ժողովածոյ է, որ մի խումբ ձեռագրերում ընծայւում է Յովհան Մանդակունուն, իսկ ձեռագրերի մէկ այլ խմբում՝ Յովհան Մայրագոմեցուն: Այս ժողովածոյի Յառաջագրի համաձայն՝ ճառերի ընդհանուր թիւը եղել է 44, որոնցից Ի խրատ հաւատոյ ճառաշարի ճառերի թիւը եղել է 21 ։ Դրանք, ամենայն հաւանականութեամբ, ընդօրինակուած են եղել առանձին հատորի մէջ, որը, ցաւօք, մեզ չի հասել:

բ. Պէտք է ենթադրել, որ Կոմիտաս կաթողիկոսի օրօք Մայրագոմեցու կողմից կազմուած Հաւատարմատ կամ Ամարտանակ դաւանաբանական ժողովածոն այժմ յայտնի Կնիք հաւատոյ ի առաջին խմբագրութիւնն է եղել:

գ. Ըստ Նորայր արքեպիսկոպոս Պողարեանի՝ Նոյեմակ անունը գոյացել է « Հաւատոյ նամակ » բառերի աղաւաղումից: Ամենայն հաւանականութեամբ, ցարդ անյայտ այս աշխատութեան առանձին մասերն են ներկայացնում Մայրագոմեցու Բան հաւատոյ երկի 4 հատուածները, որոնք հետագայում ներմուծուել են Կնիք հաւատոյ ի մէջ: Այս ժողովածոյի միջոցով պահպանուել եւ մեզ են հասել նաեւ Մայրագոմեցու հետեւեալ երկերի հատուածները՝ Վասն տնաւրէնութեան Փրկչին, Ի տնաւրէնութիւնն Քրիստոսի (4 հատուած ), Վասն չարչարանաց եւ աներկիւղ մատնել զանձն իւր ի մահ վասն արարածոց ( տե՛ս աստ, էջ 84-86, 148-150, 228-229, 247, 253, 279-281, 305-306):

դ. Յովհան Մայրագոմեցու Ողբ ի վերայ անապաշխար մեղաւորաց երկը, որը նախկինում վերագրւում էր Յովհան Մանդակունուն, հրատարակւում է ըստ Ն. Պողարեանի կազմած գիտական բնագրի։

ե. Մայրագոմեցու անունով յայտնի է մի այլ աշխատութիւն՝ Վերլուծութիւն կաթողիկէ եկեղեցւոյ եւ որ ի նմա յաւրինեալ կարգաց խորագրով: Այն հայ եկեղեցաբանական մտքի վաղագոյն նմոյշներից է: Այստեղ տրուած է Եկեղեցու ներքին տարածքի նուիրապետական արժեւորումն ու ճարտարապետական առանձին մասերի եւ սրբազան անօթների այլաբանական վերլուծումը: Ստորեւ հրատարակւում է երկի՝ Ն. Պողարեանի կազմած գիտական բնագիրը։

Յակոբ Քէոսէեան

***

Յովհան Մայրագոմեցու Առ Դաւիթ Մեծ Կողմանց եպիսկոպոս թուղթը պահպանուել է միայն Ժ դ. վերջի հեղինակ Մովսէս Դասխուրանցու ( ուշ ձեռագրերում եւ գրականութեան մէջ կոչուած նաեւ Կաղանկատուացի ) Պատմութիւն Աղուանից երկի երկրորդ գրքի վերջին գլուխներից մէկում ( ԽԶ ): Գլխագրից եւ սկզբում շարադրուած մի բացատրական առաջաբանից իմանում ենք, որ Թուղթը Մայրագոմեցունն է եւ ուղղուած է Արցախի Մեծ Կողմանք ( Մեծ Կուէնք ) գաւառի եպիսկոպոս Դաւթին: Առաջաբանն, ըստ ամենայնի, գրուած է բուն Թղթից շատ աւելի ուշ կա՛մ Մովսէս Դասխուրանցու, կա՛մ, որ աւելի հաւանական է, Աղուանից կաթողիկոսարանում գտնուած Գիրք Թղթոց ի նման մի ժողովածոյ կազմողի կողմից: Այդ ժողովածոն Ժ դ. կէսին մատուցուել է Հայոց Անանիա Մոկացի կաթողիկոսին նրա՝ Արցախ կատարած այցելութեան օրերին (948 թ. ), իսկ դարավերջին եղել է Մովսէս Դասխուրանցու ձեռքի տակ եւ մեծապէս օգտագործուել նրա կողմից, Պատմութիւն Աղուանից ը շարադրելիս:

Մեծ Կողմանք գաւառի Դաւիթ եպիսկոպոսի մասին բաւականին տեղեկութիւններ են հաղորդուած 684 թուականի պատմութեան մէջ, որից գիտենք, որ նա վախճանուել է 680 թ.: Քանի որ 632 թ. յետոյ Յովհան Մայրագոմեցին վտարուել է Հայոց կաթողիկոսարանից եւ այլեւս չի մօտեցել պաշտօնական հարցերին։ Ուսումնասիրողները արդարացիօրէն ենթադրում են, որ այս Թուղթն ուղղուած է եղել ոչ թէ Աղուանից Ուխտանէս (668-680 թթ. ) կաթողիկոսի ժամանակակից Դաւիթ Մեծկողմանց եպիսկոպոսին, այլ աւելի վաղ ապրած մի անձնաւորութեան: Հայր Ներսէս Ակինեանի կարծիքով, Թղթի հեղինակը ոչ թէ Յովհանն է, այլ նրանից մի քանի տասնամեակ աւելի վաղ յայտնի Վրթանէս Քերթողը, որը նաեւ մի ընդարձակ երկ է գրել պատկերամարտութեան դէմ: Սակայն այդ մօտեցումը հնարաւոր չէ ընդունել, քանի որ վերջինիս ժամանակաշրջանում ( Զ դ. վերջ, Է դ. առաջին տասնամեակ ) Աղուանից կաթողիկոսութիւնը յարել է քաղկեդոնականութեանը, իսկ Թղթում այն ներկայացուած է իբրեւ հակաքաղկեդոնական (632 թ. տեղի ունեցած Կարինի եկեղեցական ժողովից յետոյ Հայոց Եզր Արահեզացի կաթողիկոսի հետ միասին Աղուանքը վերստին ինչ - որ ժամանակով յարեց երկաբնակութեան մի տարատեսակին՝ մոնոթելիզմին ): Ըստ այսմ՝ Թղթի ստեղծման ամենահաւանական ժամանակը պէտք է ենթադրել Հայոց Կոմիտաս Աղցեցի կաթողիկոսի գահակալութեան տարիները (615-628 թթ. ): Աղբիւրներից յայտնի է, որ նրան յաջողուեց Աղուանից կաթողիկոսութիւնը միաբնակութեան վերադարձնել: Միաժամանակ հէնց այդ տարիներին է Հայոց կաթողիկոսարանում ամենամեծ հեղինակութիւն վայելել Յովհան Մայրագոմեցին:

Թուղթը պարունակում է Զ - Է դդ. սահմանագծի ժամանակաշրջանում տեղի ունեցած իրադարձութիւնների հաւաստի եւ անպաճոյճ շարադրանքը՝ հաղորդելով մի շարք եզակի եւ աղբիւրագիտական մեծ արժէք ներկայացնող տեղեկութիւններ: Օրինակ՝ ամենայն լրջութեամբ պէտք է ընկալել նրա այն վկայութիւնը, որ Մօրիկ կայսեր ջանքերով նոր բաժանման ենթարկուած Արեւելեան Հայաստանը Խոսրով Պարուէզի ռազմական յաջողութիւնների ժամանակաշրջանում « միաւորուել է »: Դաւանաբանական մօտեցումների հետագայ փոփոխութիւնների արդիւնքում, փաստօրէն, մոռացութեան է մատնուել նաեւ համոզուած հակաքաղկեդոնական Յովհան Մայրագոմեցու ( այդպէս նաեւ՝ Վրթանէս Քերթողի ) դրական վերաբերմունքը Հայոց եկեղեցական շէնքերի պատկերագրման հարցում: Այնինչ, վաղ միջնադարի գրեթէ բոլոր եկեղեցիները պատուած են եղել հոյակերտ որմնանկարներով ( Նիկոլայ Քոթանջեանի կարծիքը ), որոնց տարբեր աստիճանի պահպանուածութեամբ նմոյշներն ունենք Ծիծեռնավանքում ( Բ փուլ, Ե դ. կէս ), Կոշում ( Զ դ. ), Թալինի մեծ եկեղեցում, Արուճում, Լմբատավանքում, Եղվարդում ( Զօրաւոր ), Սիսաւանում եւ Աշտարակի Կարմրաւորում ( Է դ. ):

Պատմութիւն Աղուանից ի ձեռագրերի երկու խմբերի ( a ձեռագիր, bclr ձեռագրեր՝ bl եւ cr ենթախմբերով ) օգտագործմամբ կազմուած Յովհան Մայրագոմեցու Թղթի քննական բնագիրը մեծ հաւանականութեամբ պատկերացում է տալիս նրա եօթերորդդարեան վիճակի մասին։ Ստորեւ ներկայացուած բնագրի տողատակերում հաշուի չեն առնուած Պատմութիւն Աղուանից ի երկու տասնեակից աւելի մնացեալ գրչագրերի տարընթերցումները, քանի որ դրանք հաստատապէս արտագրուել են վերը նշուած հինգ ձեռագրերից որեւէ մէկից եւ չեն կարող օգտակար համարուել հեղինակի ինքնագրի վերականգնման հարցում: Բնագրի տողատման եւ կէտադրման խնդրում էապէս օգտուել ենք Պատմութիւն Աղուանից ի համեմատական հրատարակութեան հեղինակ Վարագ Առաքելեանի կատարած աշխատանքից։

Ալեքսան Յակոբեան

ՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹԻՒՆ

1. Հ. Բարսեղ Սարգիսեան, Քննադատութիւն Յովհան Մանդակունւոյ եւ իւր երկասիրութեանց վրայ, Վենետիկ - Ս. Ղազար, 1895։

2. Կարապետ եպս. Տէր - Մկրտչեան, Յովհան Մանդակունի եւ Յովհան Մայրագոմեցի, « Շողակաթ », 1913, էջ 84-113։

3. Կնիք հաւատոյ, 52-55, 142-146, 253-256, 327-330, 363-364։

4. Նիկողայոս Ադոնց, Քննութիւն Մովսէս Կաղանկատուացու, « Անահիտ », Փարիզ, 1939, թիւ 4-5։

5. Ասատուր Մնացականեան, Աղուանից աշխարհի գրականութեան հարցերի շուրջը, Երեւան, 1966։

6. Յովհան Մայրագոմեցի, Վերլուծութիւնք կաթողիկէ եկեղեցւոյ եւ որ ի նմա յաւրինեալ կարգաց, հրատ. Ն. եպս. Ծովական, « Սիոն », 1967, թիւ 1-2, էջ 70-75։

7. Հ. Ներսէս Ակինեան, Մովսէս Դասխուրանցի ( կոչուած Կաղանկատուացի ) եւ իր Պատմութիւն Աղուանից, Վիեննա, 1970։

8. Հենրիկ Սւազեան, Մովսէս Կաղանկատուացու « Աղուանից պատմութեան » աղբիւրները, ՊԲՀ, Երեւան, 1972, թիւ

9. Համբարձում Քենդերեան, Յովհան Մայրագոմեցի, Երեւան, 1973։

10. Մովսէս Կաղանկատուացի, Պատմութիւն Աղուանից աշխարհի, քննական բնագիրը եւ ներածութիւնը՝ Վ. Առաքելեանի, Երեւան, 1983։

11. Ալեքսան Յակոբեան, Մովսէս Կաղանկատուացու « Աղուանից պատմութեան » ձեռագրերը, ԲՄ, թիւ 15, Երեւան, 1986։

12. Յակոբ Քէոսէեան, Դրուագներ հայ միջնադարեան արուեստի աստուածաբանութեան, Վաղարշապատ - Ս. Էջմիածին, 1995։

13. Ալեքսան Յակոբեան, Ծիծեռնավանքի եկեղեցու անուանումը, նահատակի գերեզմանը եւ շինարարական փուլերը, ՀԱ, Վիեննա, 2000։

14. Նիկողայոս Ադոնց, Պատկերների խնդիրը, աշխատասիրեց, ծանօթագրեց եւ ներածութիւնը գրեց Պ. Հ. Յովհաննիսեանը, Երեւան, 2003։

15. The History of the Caucasian Albanians by Movs e s Dasxuranci. Translated by C. J. F. Dowsett, London, 1961.

 

ՏԱՌԱՆԻՇԵՐ ԲԱՂԴԱՏՈՒԱԾ ՁԵՌԱԳՐԵՐԻ

Ա - Ս. Յակոբեանց վանքի ձեռագրատուն, ձեռ. թիւ 1 Գ, Ճառընտիր

Բ - ՄՄ ձեռ. թիւ 1525, Ճառընտիր, ԺԳ դ. ( հրատ. տե՛ս « Շողակաթ », 1913, էջ 84-113)

Գ - ՄՄ ձեռ. 2244, ժողովածոյ, ժամանակ՝ ԺԲ դ.

a - ՄՄ ձեռ. թիւ 1531, ժամանակ՝ 1289 թ.

b - ՄՄ ձեռ. թիւ 1725, ժամանակ՝ 1675 թ.

c - ՄՄ ձեռ. թիւ 2561, ժամանակ՝ 1664 թ.

e - Ս. Յակոբեանց վանքի ձեռագրատուն, ձեռ. թիւ 1199

f - Յովհաննու Մանդակունւոյ Ճառք, Վենետիկ - Ս. Ղազար, ժամանակ՝ 1860

g - Յովհաննու Մանդակունւոյ Ճառք, Վենետիկ - Ս. Ղազար, ժամանակ՝ 1832

h - Ս. Յակոբեանց վանքի ձեռագրատուն, ձեռ. թիւ 1228

l - Ռուսաստանի Գիտութիւնների ակադեմիայի Արեւելագիտութեան ինստիտուտի Ս. - Պետերբուրգի բաժանմունքի գրադարանի հայերէն ձեռագրերի հաւաքածոյ, թիւ C 59, ժամանակ՝ 1678 թ.

r - Բրիտանական թանգարանի թիւ Or 5261, ժամանակ՝ ԺԷ դ.

a ց, b ց, c ց տառանիշերով տրուած են համապատասխան ձեռագրերի՝ Մովսէս Դասխուրանցու կազմած գլխացանկերի ընթերցումները։