Վասպուրականի Ասորիներ

Հեղինակ

Բաժին

Թեմա
Ասորիների երկիրը
       Վանայ վիլայէթի ասորիները գլխաւորապէս կենտրոնացած են Հաքեարի սանջակի արեւմտահարաւային մասում, Մեծ-Զար գետի միջին ընթացքում, ինչպէս նաեւ ցրուած Բէյթէլշէրարում, Շամդինանում, Գեաւառում, Թիմարում , Արճէշում։
       Թողնելով մի առ մի նկարագրել ասորական գիւղերը Վասպուրականի տեղագրական բաժնում, այստեղ ընդհանուր գծերով բնորոշենք այն վայրը՝ ուր ասորիները կարողացել են պահպանել իրենց ինքնուրոյն, անկախ դիրքը, եւ որը ահագին ազդեցութիւն ունի սրանց բնաւորութեան, կենցաղի եւ պարապմունքի վրայ։
       Ասորիների տոհմական (աշիրէթային ) երկիրը՝ Թիար, Թխում, Բազ, Ջելու, Դէզ՝ չափազանց լեռնոտ է։ Ընդհանուր առմամբ Ջելուի կոչուած լեռնաշղթաների բազմաթիւ ճիւղերը միմեանց կտրատելով յառաջացնում են փոքրիկ, նեղ հովիտներ որոնց միջեւ հաղորդակցութիւնը չափազանց դժուար է կատարւում։ Լեռներն ընդհանրապէս մերկ են, ապառաժոտ եւ շատ տեղ ուղղահայեաց. ամենաբարձր գագաթը՝ Դուրիկ՝ հասնում է 13, 000 ոտնաչափ բարձրութեան։ Լեռներից միայն միքանիսը, այն էլ ոչ ամբողջովին, այլ միայն կրծքերը, պատած են մացառներով։
       Սառնորակ աղբիւրներ, արագահոս վտակներ գրեթէ ամեն մի լերան լանջից գլորւում են դէպի Մեծ-Զար գետը, որ հազարաւոր պտոյտներ է կազմում, հպատակուելով լեռների քմահաճոյքներին։
       Բուսականութիւնը չափազանց աղքատ է, որովհետեւ երկրի մեծ մասը քարքարոտ է եւ ապառաժոտ, սակայն հովիտներն այնպիսի մեծ խնամքով են մշակուած, որ ո՛չ մի կածան անգամ բաց չէ մնացած. ճանապարհները ձգւում են ոչ թէ գիւղի միջով, այլ կողքից, լեռների քարքարոտ լանջերով։ Շատ տեղեր մի մետրաչափ լայնութեան տերրասներ են շինուած լեռների լանջերին եւ ցանուած։ Հացահատիկներ կամ բոլորովին չեն ցանւում եւ կա՛մ չափազանց քիչ, որովհետեւ հողը շատ թանգ գնահատելով՝ օգտաւէտ են համարում ծխախոտ, բրինձ, սիմինդր, բամբակ ցանել եւ պտղատու ծառեր տնկել։
       Տները շինուած են լեռների լանջերին, մէկը միւսից փոքր ինչ բարձր, այնպէս որ մինի կտուրը ծառայում է միւսին իբրեւ բաց։ Երբեմն հովիտնայնքան նեղանում է , որ հնարաւոր չի լինում մի քանի շարք տներ կառուցանել, ուստի եւ միշարքով ձգւում են գետի ուղղութեամբ, ամեն տան առջեւ ունենալով մի փոքրիկ ագարակ. այսպէս է, օրինակ, Աշուտա գիւղը, որ ունի 500 տուն եւ ձգւում է մօտ 10 կիլոմետր երկարութեամբ։
       Աշունն այստեղ սքանչելի է, մանաւանդ հոկտեմբեր ամիսը եւ նոյեմբերի կէսը, ձմեռը սաստիկ ցուրտ, յաճախ երկու մետրից աւելի բարձրութեան ձիւն է գալիս, եւ Թխումում, Թիարում, Բազում, ուր 35- 40 աստիճանի թեքութիւն է տիրում, 3- 4 ամիսների ընթացքում հաղորդակցութիւնը բոլորովին ընդհատւում է ո՛չ միայն գիւղերի մէջ, այլ եւ դեկտեմբերից մինչեւ մարտ ամիսը նոյնիսկ միեւնոյն գիւղի 100- 150 քայլ հեռաւորութեան վրայ գտնուած տների միջեւ։ Գարունն սկսւում է անձրեւներով, եւ հազիւ մայիսին պարզում են եղանակները՝ յունիսից արդէն սաստիկ շոգը, մոծակները եւ տենդը այնպէս են նեղում, որ բնակիչները ստիպուած են լինում բարձրանալ եայլաները։