Վասպուրականի Ասորիներ

Հեղինակ

Բաժին

Թեմա
Գ. Վերին թիարի մելիքութիւն
       Վերին Թիարի աշիրաթի առաջին մելիք համարւում է Մելիք-Որմըզը։ Սրա ժամանակ Զուլամերիկի խան Քարիմ-խանը Սուրան-բաբան քրդական աշիրաթի գլխուն անցած կոտորել է Վերին Թիարի ասորիներին։
       Մելիք-Որմըզը միքանի անձերի հետ փախել, ապաստանել է Սմադար լերան գագաթը, որտեղից քսան որ շարունակ կռուել է Քարիմ-խանի մարդկանց դէմ։ Երբ Քարիմ խանը երկիրն անապատ դարձնելուց յետոյ՝ քաշուել է իւր տեղը, մելիք-Որմըզը իջել է լերան գագաթը, հաւաքել իւր շուրջը սրի բերանից ազատուած, ցիրուցան եղած ասորիներին, տեղաւորել Ճամպա գիւղում է կառավարել նրանց մինչեւ իւր մահը։ Նրա գերեզմանը այժմ էլ ցոյց են տալիս Ճամպա գիւղում։ Ամեն տարի, զատկին, Ճամպա գիւղի բոլորբնակիչները հաւաքում են այս, իրենց համար նուիրական գերեզմանի շուրջը եւ օրհնել տալիս։ Սրա մոտ թաղուած են նաեւ յետագայ մելիքները,
       Մելիք-Որմըզի յաջորդներից հետեւեալ երեքի մասին, այսինքըն՝ Կեանեւ, Բենիամի, Եաւնան, ոչ մի ուշագրաւ բան չի պատմըւում, իսկ Սմայելի մասին վառ յիշողութիւններ կան։ Սրա ժամանակ ասորիների երկրները սկսել են դարձեալ աւիրուել քիւրդ՝ այս անգամ Բադի-խան-բէյի հրոսակային արշաւանքներից։ Մելիք-Սմայիլը երեք օր շարունակ արիաբար կռուել է Բադիր-խանբէյի դէմ եւ ապա թեթեւ վէրք ստանալով՝ ապաստանել է մի անմատչելի լեռ։ Բադիր-խան-բէյ երդումն տալով որ ոչ մի վնաս չի հասցնիլ նրան, համոզում է իջնել Դէրա Մարսաւա գիւղը՝ բանակցելու։ Սմայիլը իջնում է, եւ այստեղից, մի աղբիւրի մոտ նստած այս մելիքը եւ Բադիր-խան-բէյը երկար խօսում են։ Վերջը Բադիր-խան-բէյը առաջարկում է մելիք-Սմայիլին ընդունել մահմեդականութիւն, խօստանալով նրան տալ ամեն ինչ՝ ինչ որ ցանկանայ։ Մելիք-Սմայիլը վրդովւում է եւ պատասխանում , թէ դու ընդունիր քրիստոնէութիւն, ես կըտամ քեզ, ինչ որ ցանկանաս։ Այս լսելով Բադիր-խան-բէյը աչքով անում իւր ծառաներին եւ սրանք անմիջապէս խփում, սպանում են մելիքին։
       Այս նահատակ մելիքին յաջորդել են Բենիամի, Փըթիւ, Ջնդու, Եաղուր , որոնց մասին դարձեալ չկան յիշողութիւններ։ Վերջին մելիքը այժմեան մելիք-Իսրայէլն է, որ գրագէտ է եւ բարեկիրթ անձնաւորութիւն։ (Տես մելիքի ընդունելութիւն պատկերը, ժողովուրդը զինուած ընդ առաջ գալով՝ նրա ոտների առջեւ ոչխար է զոհում։)