Վասպուրականի Ասորիներ

Հեղինակ

Բաժին

Թեմա
Դ. Ներքին թիարի մելիքութիւն
       Այս աշիրաթի առաջին մելիք համարւում է մելիք-Աւդիշը, որ Ջուլամերիկի միր Իբրահիմ խանի հետ միացած մի քանի անգամ յարձակուել է Պարսից երկրի վրայ եւ աւարտել։ Իբրահիմ խանը այս յաղթութիւններից յետոյ գնացել Կոստանդնուպօլիս եւ սուլթանից դրամ կտրելու արտօնութիւն է ձեռք բերել, խոստանալով Ջուլամերիկի շրջանում ճանապարհներ շինել, որ եւ մասամբ կատարել է։
       Մելիք Աւդիշի գերեզմանը գտնւում է Սալաբաք գիւղում, ամեն տարի, զատկի երկրորդ, մեռելոցի, որը թէ մելիքի եւ թէ գիւղացիների տներից կերակուրներ են բերւում եւ դրւում այս գերեզմանի վրայ, գալիս են քահանաներ եւ օրհնում նախ այս եւ ապա միւս մելիքների գերեզմանները, յետոյ թէ մելիքը եւ թէ գիւղացիները նստում են այս գերեզմանների շուրջը եւ ուտում բերւած կերակրները։
       Մելիք Աւդիշի գերեզմանով երդուիլը այժմ էլ շատ սովորական է։
       Մելիք Աւդիշից յետոյ մելիք է դարձել մելիք Բարխօն։ Սրա ժամանակ Բօտանի Ջեզիր գաւառի միրը յարձակուել է Ջուլամիրիկի վրայ եւ յաղթել, ուստի եւ մելիք Բարխօն միացել է Բէյտուլշաբարի Գիրաւի Արտուշ աշիրաթի աղա Շաքիրի հետ եւ օգիութեան հասնելով Ջուլամիրիկի միրին՝ յարձակուել Ջեզիրի միրի վրայ, եւ դորս քշել նրան Ջուլամիրիկի սահմաններից։
       Սրանց յաջորդել է մելիք-Աւդիշ Բ. որ խաղաղութեամբ կառավարել է իւր երկիրը։ Սրա գերեզմանը եւս այժմ ցոյց է տըրւում միեւնոյն Սալաբաք գիւղում։
       Սրա յաջորդ մելիք-Բարխօն նորից վերսկսել է ասպատակութիւններ կազմակերպել, յարձակուել է Բարուարի միրի վրայ, աւերել Ղումրի բերդը եւ մեծ աւար բերել։
       Այս ասպատակութիւններից յետոյ ժողովուրդը բերուած աւարով լիացած՝ միառժամանակ խաղաղ է մնացել եւ այս միջոցին մելիք Մեալիք-Դանիէլը ներքին բարեկարգութիւններով է զբաղուել եւ շինել է մի քանի ճանապարհներ։
       Մելիք Դանիէլին յաջորդել է մելիք Բարխօն։ Սրա ժամանակ Չալի քուրդ աշիրաթը յարձակուել է սրա երկրի վրայ եւ քշել, տարել է սրանց հոտերը։ Մելիք Բարխօն ընկել է սրանց յետեւից, փախցրել եւ յետ բերել իրենց հօտերը։ ենթարկուելով կաթոլիկ միասիօնարների ազդեցութեան, մելիք Բարխօն ընդուել է կաթոլիկութիւն, ուստի եւ մարշըմոնի կողմից գահընկեց է եղել եւ նրա փոխարեն մելիք է հաստատուել մելիք-Կեամօն, որ այժմ կառավարում է։