Վասպուրական. Ազգագրութիւն. - Ա. Վան. Տոսպ Եւ Հայոց-Ձոր

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԶԳԵՍՏ ԵՒ ԶԱՐԴ

       Մեր ուսումնասիրութեան վայրում, մանաւանդ Վան քաղաքում եւ սրա շրջակայ գիւղերում, տեղական զգեստները կիսով չափ տեղի են տուել եւրոպականին եւ ներկայացնում են մի անճաշակ խառնուրդ։ Բուն տեղական տարազը դեռ պահպանում է իւր գոյութիւնը կենտրոնից հեռու գիւղերում , ինչպէս օրինակ Ալիւրում, Խաւենցում, Էրէրինում եւ այլն։

       Թէ՛ քաղաքացու եւ թէ՛, մանաւանդ, գիւղացու սովորական, ամենօրեայ հանդերձը չափազանց փոքր բացառութեամբ, ցնցոտիներ են, որ ո՛չ թէ՛ ուղղակի աղքատութեան հետեւեանք է, այլ սոսկալի ռեժիմի ազդեցութեան եւ սովորութեան, քաղաքակրթութեան ստորութեան։ Երեխաներն արդէն կիսամերկ են, կանայք բոբիկ եւ պատառոտուած, տղամարդիկ ցնցոտիներով ծածկուած, եւ այսպէս են ոչ միայն աղքատները, այլեւ հարուստները։Խեղճ ժողովուրդը՝ դարերի ընթացքում արգիլել են նրան լաւ հագնուել, դարերի ընթացքում լաւ հագնողին աւելի լաւ են կեղեքել եւ կողոպտել, ուստի եւ նա ցնցոտների մէջ է որոնել եւ որոնում իւր պաշտպանութիւնը հարկահանի եւ կողոպտողների բռնութիւնների դէմ։ 

       Գիւղացիների զգեստները. Ա. Տղամարդկանց - Վասպուրականի տղամարդկանց թէ՛ հայկական եւ թէ քրդական զգեստները ընդհանուր առմամբ միմեանց շատ նման են, միեւնոյն տարազի են, եւ միայն մանրասմասնութիւնների մէջ են տարբերւում ,, այսպէս քրդական զգեստի, քեազախիկի վրայ փայլում է կլապիտոնի ոսկեգոյն շերտերը, մինչդեռ հայկականի վրայ ասեղնագործած գեղեցիկ նշխեր։ Շալուարը նոյնպէս, հայերինը զարդարուած է ասեղնագործ նշխերով, իսկ քրդերինը՝ ոչ։ Քրդերը իշլիկի վրայից հագնում են ‎ֆստան, իսկ հայերը ո՛չ։ Ֆստանը իշլիկի ձեւ ունի, միայն փոքր ինչ երկար է, եւ յաճախ իջնում է շալուարի վրայ։ Քրդերի քոլոզը աւելի բարձր է լինում եւ վերան 3-4 գոյնզգոյն եազմա փաթաթած, մինչդեռ հայերի քոլոզը ցածր է լինում եւ միայն մի եազմա փաթաթած։

       Հայ գիւղացիները նախ հագնում են շապիկ, երկար թեւերով եւ մինչեւ ծնկները հասնող փեշերով։ Կարում են կտաւից։ Սրա կուրծքը բացւում է ոչ թէ մէջ տեղից, այլ աջ կողմից եւ միայն մի կոճակով կոճկւում։ Ամբողջ կուրծքը, մօտ 35 սանտիմետր լայնութեան եւ նոյնքան երկարութեան ծածկւում է գունաւոր թելերով ասեղնագործած կտորով։ Երեք սանտիմետր լայնութեան մի ուրիշ, միեւնոյն գոյնների ասեղնագործ էլ պատում է օձիքը։ Թեւերի ծայրերն էլ պատած են վեց սանտիմետր լայնութեան ասեղնագործով, որոնց ծայրերին միացած են նոյն լայնութեան, միայն վաթսուն սանտիմետր երկարութեան ասեղնագործ ջալահիկով, որ փաթաթում են շապկի թեւի ծայրերին, որով եւ արգիլում են թեւերը կախ ընկնելու կամ առաջ գալու։ Յաճախ այս թեւերի ասեղնագործերի երկու կողմը միմեանցից մի-մի սանտիմետր հեռաւորութեամբ կարում են կապոյտ ուլունքներ։ Շապկի շուրջն էլ կարմիր, բարակ ղայթան եւ փոքր ինչ վերեւ կարմիր կտորէ ժապաւէն են կարում։ Նաեւ աջ ու ձախ կողքերի փեշերը 14 սանտիմետր երկարութեան ձեղքելով՝ եզրերը եւ շուրջը պատում են ղայթանով եւ կարմիր կտորի ժապաւէննգրով. այս ճեղքերը տեղական բարբառով կոչւում են ջաք։

       Թումպան. Կարում են տեղական կտաւից, հագնում են ոտներին եւ շապկի փեշերը դնում սրա մէջ։ Փողկերը շատ լայն են , վերին մասի ծայրերը յետ են դարձուած եւ սրա միջով անցկացրած ամուր թելից գործած մի, 11/2-2 սանտիմետր լայնութեան ժապաւէն, որ խոնջան է կոչւում. սրա ծայրերը փնջիկներով են վերջանում։ Այս խոնջանով կապում են թումպանը մէջքին։ Թումպանը առջեւից բացուածք չունի, այլ աջ կողմում, սովորական գրպանի տեղում։ Թումպանի լայն փեղկերը ուղիղ կերպով քաշ են ընկնում, որովհետեւ ամառները սովորաբար սրա վրայից այլեւս շալուար չեն հագնում։ Թէեւ սա շատ հով է պահում, սակայն փոշին էլ առատութեամբ ներս է թափանցում։ Երբ սրա վրայից շալուար էլ են հագնում, որ սովորաբար տեղի է ունենում ձմեռը, սրա փողկերի ծայրերը դնում են գուլպայի մէջ եւ վերջինիս թելով կապում։

       Ոմանք էլ ոտներին սախկ են հագնում. սա 35 սանտիմետր երկարութեան եւ հետզհետէ լայնացող, գլանաձեւ, բրդէ գործուածք է, որի վերի ծայրին թելէ կապ (կապան ) կայ։ Թումպանի, յաճախ նաեւ շալուարի, փողկերը դնում են այս սախկերի վերին ծայրերի մէջ եւ կապանով կապում։

       Շալուար . - կարում են շալից, հագնում են ստներին, յաճախ թումպանի վրայ, որին եւ միանգամայն նման է իւր ձեւով։ Սրա փողկերը եւս չափազանց լայն են, 50-70 սանտիմետր, առջեւում բացուածք չունի եւ խոնջանով է կապւում։ Ձախ կողքին կայ մի փոքրիկ գրպան, իսկ աջ կողքին գրպանաձեւ բացուածք, որից օգտւում են ջուպ թափելիս։

       Շալուարի փողկերի աջ ու ձախ կողմերը, նաեւ ներքին ծայրերը պատած են 12-17 սանտիմետր լայնութեան գունաւոր ձեռագործով ։ Շալուարի խոնջանը գունաւոր թելերից է գործած, 2 սանտիմետր լայնութեան եւ ծայրերին ունի մի քանի փնջիկներ, կապոյտ ուլունքներով զարդարուած։

       Իշլիկ. - Հագնում են շապկի վրայ, կտրում են մանուսա կոչուած բամբակէ կտորից։ Հասնում է մինչեւ մէջքը, ունի երկար թեւեր, կուրծքը ղայթանի կոճակներով կոճկւում է, ոմանցն էլ վերեւում եռանկիւնաձեւ բացուածք ունի, որպէսզի շապկի կրծքի ձեռագործը ամբողջովին երեւայ։

       Մէջաց շալ. - 2-3 մետր երկարութեան մի բրդէ գունաւոր կամ սպիտակ կտոր է, որ փաթաթում են մէջքին, շալուարի եւ իշլիկի վրայով։ Այս շալը յաճախ տեղական կամ Շատախի գործ է լինում։

       Քեազախիկ . - Հագնում են իշլիկի վրայ կարում են յատկապէս այծի չուռից (բրդից ) գործած մազոտ կտորից։ Իջնում է մինչեւ գօտակատեղին ծածկում է ամբողջ թիկունքը եւ կողերը, ամբողջ լանջը մնում է բաց։ Թեւերը շատ կարճ են, հասնում են մինչեւ արմունկը, եւ ընթի տակից (թեւի տակ ) կախւում են մի մի փնջիկ։ Կրծքի եզրերը պատած են կանաչագոյն ժապաւէնով եւ մի սանտիմետր լայնութեան կլապիտոնով։

       Ոտներին հագնում են թաթ, (գուլպա ), որ գրեթէ միշտ գունաւոր է լինում եւ զանազան նշխերով պատած։ Սովորաբար թաթերը կարճ վիզ են ունենում, 15-20 սանտիմետր, եւ կապում են նոյնպէս գործուած կէս մետրաչափ թելով, որ վերջանում է փնջելով։

       Թաթի վրայից հագնում են չարուխ (տրեխ ), որ ամեն մի գիւղացի ինքը կարող է կարել, եւ կամ սոլ, որ կարում են քաղաքում սոլկարները։ Չարուխը սովորական տրեխն է, գոմշի կամ տաւարի կաշուց կարած, իսկ սոլը նման է եւրոպական տու‎ֆլուն, երեսը այծի, ոչխարի կաշուց է լինում, իսկ ներբանը գոմշու կաշուց։ Սրա մի տեսակը, որի յետեւի, կրնկի, մասը նեղ շերտով մօտ 5 սանտիմետրաչափ բարձրանում է, կոչւում է պոջով սոլ։ Հագնելիս այս պոչից բռնում, քաշում են։ 

       Գլխին ծածկում են արախչին, քոլոզ, եւ կամ, շատ սակաւ, ‎ֆէս։

       Արախչինը գործում են գիւղացի կանայք բրդէ թելից եւ կամ կարում կտորից ու ծածկում ասեղնագործով։ Արախչինը գլանաձեւ է, 10-15 սանտիմետր բարձրութեան։

       Քոլոզը պատրաստում են գիւղացի տղամարդիկ թաղիքից. խա կտրուած կոնուսի ձեւ ունի, 15-20 սանտիմետր բարձրութեան. լինում է սովորաբար սպիտակ։ Քոլոզի շուրջը անպայման կապում են մետաքսեայ փուշի կամ եազմա։ Փուշին 5 սանտիմետր լայնութեան ծալում են եւ փաթաթում քոլոզի ստորին մասի վրայ, ճակատի մօտ, աշխատելով նրա ծոպերը քաշ քցել ճակատի եւ քունքերի վրայ։ Յաճախ այս ծոպերի վրայ անց են կացրած լինում կապոյտ ուլունքներ, որոնք պահպանուելու են չար աչքերի ազդեցութիւնից։ Եազմաները սովորաբար ոլորում են եւ այնպէս փաթաթում։

       Կանանց հանդերձ. - Շապիկ. - Կարում են փաթուսխից կամ շիլայից, հասնում է մինչեւ ոտները եւ զբունի տակից փոքր ինչ երեւում է։ Թեւերը երկար են, կուրծքը բացւում է մէջտեղից մինչեւ գօտկատեղին եւ կոճկւում մի կոճակով բկի տակ։ Շապկի քղանցքների շուրջը կտրւում է կանաչ ու կարմիր ղայթան, իսկ փոքր ինչ բարձր՝ 15 սանտիմետր լայնութեան ծաղկաւոր երիզ, որը եւ զբունի տակից երեւում է։ 

       Ոտաշոր կամ փոխան. Հագնում են ոտներին, կարում են կարմիր շիլայից, նոյն գոյնի կտաւից եւ կամ կանաւուղից։ Ո՛չ կողքերին եւ ոչ առջեւը բացուածք չունի, եւ խոնջանով կապւում է կողքից։ Փողկերը շատ լայն են , ծայրերը բուզմայով նեղանում են եւ, իջնում մինչեւ ոտների երեսը, գուլպայի վրայ եւ դրսից, զբունի տակից, մօտ 10-15 սանտիմետրաչափ երեւում են։

       Զբուն. - Հագնում են շապկի վրայ, կարում են մանուսայից, չթից եւ մետաքսէ կտորներից։ Ֆարաջի ձեւ ունի, միայն քղանցքները աջ եւ ձախ կողմում մինչեւ մէջքը ճեղքուած է, եւ եզրափակուած կարմիր ու կանաչ ղայթանով։ Այս ճեղքը կոչւում է ջաք։ Զբունը իջնում է մինչեւ ոտները, եւ շապկից մօտ 6 սանտիմետր բարձր է մնում։ Թեւերը երկար են եւ հասնում են մինչեւ դաստակը։ Թեւի ծայրը փոքրիկ ձեղքուած, չաք, ունի, կարմիր ու կանաչ ղայթանով եզրափակուած, երբեմն էլ արծաթէ կոճակներով զարդարուած։ Կուրծքը չի կոճկւում, այլ քղանցքները միմեանց վրայ են բերւում եւ կրծոսկրի մօտ փոքր ինչ բաց թողնւում։ Չաքերի մօտ լինում է մի կամ երկու գրպան։ Սովորաբար երկու, երեք, իսկ տօներին նոյն իսկ չորս, հինգ զբուն միմեանց վրայ են հագնում, այնպէս որ մինը միւսից մօտ 5 սանտիմետր բարձր կանգնի , որպէս զի նկատելի լինի։ Այս դէպքում զբունները տարբեր գոյնի են անում։ Սովորական եւ սիրուած գոյնը կարմիրն է, նոյն գոյնի աստառով։

       Կոճիկ կամ կոլոտիկ . - Հագնում են զբունի, կամ զբունների վրայ։ Կարում են գունաւոր կտաւից կամ չթից։ Իջնում է մինչեւ մէջքը եւ կուրծքը ամբողջովին բաց է։ Աջ եւ ձախ կողքերից կան մի մի կարճ բացուածք, չաք։ Ունի երկար թեւեր։ Կարմիր ու կանաչ ղայթանով ամբողջովին եզրափակուած է։ Կուրծքը չի կոճկւում։ 

       Մէջկապ . - Լինում է շալից 2-4 մետր երկարութեան . փաթաթում են մէջքին, կոճիկի վրայից։

       Մեզար կամ գոգնոց . - Կապում են կոճիկի եւ մէջկապի վրայից։ Կարում են գունաւոր չթից, կտաւի աստառով։ Մեզարի վերին մասը կապողի կրծքի լայնութեան է լինում եւ նրա վզի համեմատ էլ փորուածք է ունենում , մի կոճկով, իսկ ներքին մասը հետզհետէ լայնանում է։ Թեւերի տակ կապան է լինում, որ մէջքի վրայ արծաթէ կոճկով կոճկւում է։ Մեզարը զբուններից հինգ սանտիմետր բարձր է կանգնում, որպէսզի չխանգարէ նրանց երեւալուն։

       Դալիմա. - Նորահարսերը եւ հարուստ , չափահաս կանայք կոճիկ չեն հագնում, այլ դալիմա ուղղակի զբունի կամ զբունների վրայ, նախապէս կապելով սրանց վրայ մէջկապը։ Դալիման կարում են կարմիր մահուդից. միանգամայն նման է քահանաների ‎ֆարաջային, միայն կողքերին, գրպանների տեղերում, բացուածք ունի , որ կարելի լինի ձեռքը տանել զբունի գրպանը։ Այս գրպանային բացուածքի շուրջը եւ սրանից բարձր մինչեւ թեւի տակը կարուած է կլապիտոն։ Նոյնպիսի երիզ է կարուած նաեւ քղանցքների եւ թեւերի եզրերին։ Հարուստ կանանց դալիմայի կուրծքը եւս ծածկւում է կլապիտոնով զարդարուած ասեղնագործով։ Դալիման եւս իջնում է մինչեւ ոտները, միայն վերջին զբունից մի հինգ սանտիմետր բարձր է մնում։

       Հարուստ կանայք դալիմայի վրայ, բկին մօտիկ, արծաթէ գեղեցիկ ճարմանդ են կարում։ (Տես նկ. 18, 4)

       Ագանեկլիք . - Հագնում են նախ նխշուն գուլպա՝ թաթ, եւ թաթի թելով վիզը կապում, եւ ապա կոնտուրա կամ սոլ, որ եւրոպական տու‎ֆլու նման է։

       Վան քաղաքում այժմ չքաւոր դասակարգը, բայց մի կէս դար առաջ գրեթէ բոլորը, մեր նկարագրած տարազով էին հագնւում, այժմ եւրոպական զգեստը հետզհետէ ընդհանրանում է։ Միայն քաղաքացի կանայք փողոց դուրս գալիս ստիպուած են եղել ամբողջովին ծածկուել վիրւու (վերեւի ) շապկով եւ մըխմելով, իսկ աղջիկները մէտակով, որ մինչեւ այժմ էլ դեռ եւս գործածութիւնից դուրս չեն ելել։ Գիւղերում այս ծածկոցների կարիքը չի զգացուել, որովհետեւ գեղջկուհին շարունակ դուրսն է, գործով զբաղուած եւ մեծ մասամբ միայն հայերով շրջապատուած։

       Վիրւու շապիկը կարում են կարմիր շիլայից, որ բամբակէ կտոր է, Բաղէշում գործուած։ Սա միանգամայն սովորական շապկի եւ կամ տիրացուների եկեղեցական շապկի ձեւ ունի, եւ իջնում է մինչեւ ոտքերը։ Զուրկ մի որեւէ ասեղնագործից եւ կամ զարդարանքից, օձիքի շուրջը միայն կայթան է կարուած եւ բկի մօտ մի կայթնի կոճակ ունի։

       Այս ռապկի վրայից ձգում են մըխմել. կարւում է սպիտակ կտորից, որ ընտա է կոչւում եւ կամ ամենանուրբ բամբակէ գործուածքից։ Սա կիսաբոլոր է, շուրջառի պէս, առանց աստառի. ձգում են գլխին եւ ծայրերը առջեւից քաշ ձգում, այնպէս որ ծածկում է ամբողջ մարմինը եւ նոյն իսկ գլուխը մինչեւ ոտները։ Մըխմելի ծայրերը միացնելով բռնում են աջ ձեռքով կրծքի մօտ, իսկ ձախով քթի մօտ, այնպէս որ միայն աչքերն են բաց մնում։

       Աղջիկները փողոց դուրս գալիս ձգում են իրենց վրայ մէտակ, մօտ 11/2 մետր մեծութեան մետաքսեայ գոյնզգոյն կտոր, որի մի կողմի երկու ծայրը իրար հետ կարելով կպցրած է։ Մէտակը ձգում են գլխին այնպէս, որ միացած ծայրերը մէջքի վրայ ընկնեն, իսկ միւս երկու ծայրերը ձգում են առջեւից ու միացնելով ձախ ձեռով կրծքի, աջով քթի մօտ բռնում , այնպէս որ միայն աչքերն են երեւում։

       Գլխի յարդարանք . - Նախ սանրում են մազերը եւ 15-50 մանր ծամ կամ պոչիկ հիւսում. ապա սրանց վրայ, ուսերի բարձրութիւնից արծաթէ ծամքաղ անցկացնում։ Սա արծաթէ երկտակ շղթայ է, 30-35 սանտիմետր երկարութեան , որոնց վրայից կախուած են արծաթէ գնդակիկներ, իսկ մէջտեղից մի մեծ կապոյտ ուլունք, որ աջից ուլնիկ է կոչւում։ Առաջինները կախւում են իբր զարդարանք, իսկ ուլունքը իբր յուռութ չար աչքերի ազդեցութեան դէմ։ Ծամքաղի երկու շղթաները խաչաձեւ անց են կացնում բոլոր ծամերի վրայից եւ իրենց ծայրերի կարթերով ամրացնում ուսերի մօտ։ Ծամերը ծայրերին կապում են երեքական սեւ շերիտ, մօտ կէս մետր երկարութեան։

       Աղջիկները գլխներին ծածկում են կարմիր ֆէս՝ սեւ, երկար պուխով, այսինքն մետաքսի սեւ թելերից մօտ 50 ս. երկարութեան փնջիկ (փիւսկիւլ Ֆէսի վրայ կապում են արծաթէ զարդեր . - Ճակտի վրայով ձգում են զնճիլ՝ արծաթէ շղթայ, որից կախ են ընկած արծաթէ դրամներ՝ 20-40 փարաներ։ Սրանից բարձր կապում են թիթրամա . - դարձեալ արծաթէ շղթայ, որից կախուած են նշաձեւ արծաթէ զարդեր եւ կարմիր բուստեր։ Սրանից բարձր էլ կրկին զնճիլ են ամրացնում, այսինքն նոյնպիսի արծաթէ շղթայ՝ վրայից արծաթէ դրամներ կախուած։

       Ոմանք, ի հարկէ հարուստներից, առաջին զնճիլի ներքեւ, ֆէսի եզրերին, միայն ճակատի վրայ արծաթէ դրամներ են կարում։

       Քունքերի մօտ կախում են երեսնոց. սա արծաթէ մի սրտիկ է, մէջտեղում մի կարմիր յակինդ նստեցրած, սրանից կախուած են երկու ուրիշ, նոյնանման սրտիկներ՝ կապոյտ փերուզաներով, իսկ այս վերջիններիցս կախուած են վեց հատ շղթաներ՝ միմեանցից փոքր ինչ երկար, ծայրերին մի մի արծաթէ շրջանակ՝ իսկ մէջ տեղերում մանիշակագոյն, հասարակ ուլունքներ կամ թանգագին քարեր։ Այս վեց շղթաներից առաջնի երկարութիւնն է 2, իսկ վերջինինը՝ հինգ սանտիմետր։ (Տես նկ. 16, 2)

       Ապա շաւան անց են կացնում բկի տակով եւ ամրացնում քունքերի մօտ։ Շաւան արծաթէ մի շղթայ է, որից կախուած են արծաթէ թելից շինուած սրտաձեւ զարդեր մի սանտիմետր երկարութեան եւ բուստեր։ Շղթայի երկու ծայրում կան մի մի արծաթէ գնդասեղ՝ գլխներին մի մի մեծ, կարմիր բուստ ամրացրած։ Շղթայի մէջ տեղում կայ արծաթէ նոյնպէս սրտաձեւ ճարմանդը։ Գնտասեղները ամրացնում են քունքերին, իսկ ճարմանդը բկի տակ։ (Տես նկ. 18, 3)

       Կրծքին ձգում են գեարդանլըղ (կրծկալ ). երկու շարք կապոյտ եւ կարմիր ուլունքների մէջ ամրացրուած են ճաճանչաձեւ նշխերով զարդարուած ականակուռ արծաթէ 12 հատ շրջանակ, քարաստա, ներքեւի ուլունքների շարքից կախուած են լինում նոյնպէս արծաթէ 12 հատ շրջանակ, թուփ, որոնց մէջ եւս ամրացած են մի մի կարմիր բուրջ։ Սրանցից ներքեւ ձգւում են երկու արծաթէ շղթաներ, համակենտրոն, միայն միմեանցից մի քանի սանտիմետր հեռու։ Սրանցից կախուած են արծաթէ դրամներ։ Գեարդանլըղի ծայրերին կան ճարմանդներ, որով ամրացնում են կրծքին։

       Ականջներից կախում են արծաթէ գինտեր։

       Թեւերին անց են կացնում կամ արծաթէ ապարանջան եւ կամ ուլունքներից գործածուած կեօլպաղի (բազպան ). - արծաթէ ականակուռ ճարմանդ զանազան գոյնի եւ տեսակի 78 շարք ուլունքներով։

       Կանանց գլխի յարդարանքը բաւական տարբերւում է օրիորդների յարդարանքից։ Կանայք նոյնպէս մազերը հիւսում 15-50 ծամ են շինում, սակայն ծամքաղ չեն անցկացնում։ ‏՚Ի հարկէ նորահարսները բացառութիւն են կազմում։ 

       Մազերի վրայ ծածկում են գլխակ . - չթից կարուած գլանաձեւ, բայց շատ բարձր մի գլխարկ։ Սրա վրայից ձգում են տակի փոխջիկ՝ եռանկիւնաձեւ մի չթի կտոր, մօտ 1/2 մետր մեծութեան, որի երկու ծայրերից կարուած են լինում շորից մի մի կապ, կապան, չափռաստով։ Այս փոխչիկը ձգում են գագաթի վրայից եւ կապանները բկի տակով անցկացնում եւ հակառակ կողմերից բերելով՝ գագաթի վրայ ճարմանդում։ Սրա վրայից կապում են ճակտի կապ . - սա քառանկիւնի 10X20 ս. մեծութեան մի կարմիր կտոր է, աստառով, որի մի եզրին, երկարութեամբ շարուած են կապոյտ ուլունքներ։ Չորս ծայրերին էլ ամրացրուած են շորէ կապաններ։ Այս ճակտի կապը կապում են գլխին այնպէս, որ ուլունքների շարքը ընկնի ճակտի վրայ։ Կապանները հանգուստում են ծոծրակի մօտ։

       Ճակտի կապի վրայ ամրացնում են մախչան։ Սա լինում է մի քանի տեսակ, որոնցից ես կը նկարագրեմ միայն երկուսը, որ շատ տարածուած են։ Առաջին տեսակը (նկ. 17) բաղկացած է 7 արծաթէ տախտակիկներից, որոնցից իւրաքանչիւրը ներկայացնում է երեք սանտիմետր մեծութեան քառակուսի, վերին մասը թագաձեւ բարձրացած մօտ 11/2 սանտիմետր եւ աստղով պսակուած։ Քառակուսի մասի մէջտեղում բարձրանում է մի ռմբաձեւ եւ շուրջը՝ չորս նշաձեւ կերտուածներ, որոնց կենտրոններում նստեցրած են մի մի փերուզա կամ յակինթ։ Թագաձեւ մասի վրայ բարձրանում է մի նշաձեւ զարդ՝ յակնակիթը, ներքեւը երկու տերեւ։ Մէջտեղի տախտակիկը, որ համեմատաբար բոլորից լայն է, կրում է իւր մէջ տեղում մի կիսալուսին։ Տախտակիկները միացած են միմեանց հետ թելքաշ ճարմանդով եւ վերին մասում ունին մի մի բուստ։ Տախտակիկների ներքին մասից կախուած են գնդակիկներ, իսկ միջին տախտակիկի եւ սրա երկու կողքի տախտակիկների վերին մասից, աստղերի յետեւից, բարձրանում են 5 սանտիմետր երկարութեան արծաթէ մի մի շղթայ, որ միանում են մի թռչնաձեւ ճարմանդի մէջ՝ իսկ սա ամրացնում են նոյն ճակտի-կապի վերին մասում։ Միւս մախչան (նկ. 18) 5 արծաթէ տախտակիիկներ են, 5 սանտիմետր երկարութեան եւ առ առաւելը 4 ս. լայնութեան։ Այս տախտակիկներից իւրաքանչիւրը կիսից բարձր եռանկիւնաձեւ նեղանում է եւ 2 սանտիմետր լայնութեամբ կտրւում, ուր եւ անցք է շինուած թել անցկացնելու։ Կիսից ներքեւ կիսաբոլոր է եւ ատամնաձեւ կտրատուած, որոնցից եւ կախուած են 21/2 սանտիմետր երկարութեան փոքրիկ, արծաթէ գնդակիկներ։ Արծաթէ տախտակիկների մէջ տեղում կան մի մի սրտաձեւ բարձրութիւն, թէ վերջիններիս վերայ եւ թէ սրանց շուրջը ամրացրուած են են յակինթ եւ փիրուզա։ Տախտակիկները միմեանց հետ միացած են կողքերից մի մի փոքրիկ օղակներով, իսկ վերեւից թելով, որ տախտակիկների միջեւ շարուած է կապոյտ ուլունքներով։ Ճակատի կապի վրայ դնելուց յետ այս մախչան նրա կողքերից եւ վերեւից ձգուող կապանները հանգուստում են ծոծրակի վրայ։

       Մախչայից յետոյ գագաթի վրայ դնում են կօտիկ . - Սա 11 սանտիմետր տրամագծով եւ 31/2 սանտիմետր լայնութեան փայտէ շրջանակ է՝ պատած կարմիր կտորով։ Առաջի մասում, դէպի ճակատը, բուրդ կամ հին կտորներ է դրուած եւ մի ուրիշ շորով այնպէս պատած, որ այս մասը կիսաբոլոր կերպով վեր է ուղղուել։ Կօտիկի շրջանակի վերին մասում ամրացրուած է մի ռմբաձեւ երկտակ կտոր՝ շորէ երիզով զարդարուած եւ կապոյտ ուլունքներով եզրափակուած։ Սրա մէջտեղում կարուած է մի սադաւ կոճակ, շուրջը մի քանի շարք կապոյտ ուլունքներ։ Այս կապոյտ ուլունքները, որ չեն երեւում, նոյնպէս յուռութի նշանակութիւն ունին։ 

       Կօտիկի վրայից ձգում են վրայի փոխջիկ. Սա տակի փոխչիկի պէս է, եռանկիւնի, երկու ծայրերին կապեր, միայն սրա եզրերին կարուած են լինում պռա-մի սանտիմետր լայնութեան գունաւոր կտորից ժապաւէն։ Փոխչիկը ձգելով կօտիկի վրայ՝ ծայրերը տանում բկի տակից անց են կացնում, եւ հակառակ կողմերից բարձրացնելով՝ կօտիկի վրայ ճարմանդում են։ Ապա ձգում են լալիկ՝ մի եռանկիւնաձեւ սպիտակ, բաւական նուրբ կտոր։ Ծգում են գլխին, քաշում մինչեւ ունքերը, եւ ապա ծայրերը անցկացնում բկի տակով եւ հակառակ կողմերից բարձրացնելով հանգուստում գագաթի վրայ եւ կամ լալիկի աջ ծայրը դնում են ձախ ծայրի տակ, իսկ ձախը անցկացնում աջ այտի վրայ յանկած մասի մէջ։ Նոյն կտորի բկի մօտի մասով ծածկում են կզակը մինչեւ քիթը, երբ պատահում են տղամարդկանց կամ պառաւ կանանց, ՚ի նշան ամոթխածութեան։

       Կանայք եւս, մանաւանդ նորահարսերը, զարդարում են իրենց կուրծքը գարդանլըղով, թեւերին անցկացնում ապարանջան կամ կեօլպաղ, մատներին դնում մատանիներ։ Ուշագրաւ է, որ կանայք աջ ձեռի բոյթ մատին դնում են արծաթէ մատանի, ահագին սարդիոնով։ Մատանուն միացած է թռչնաձեւ ճարմանդով վերջացող 12 սանտիմետր երկարութեան մի շղթայ, որ ամրանում է զբունի թեքի վրայ։

       Տոսպի եւ Հայոց-Ձորի յետ ընկած գիւղերում մէկ մէկ պատահում են կանայք , որ իրենց քթերին խզմա են կրում։ Սա երկու սանտիմետր տրամագծով արծաթէ մի շրջանակ է՝ թելքաշ, որի կենդրոնում նստեցրած է մի բաւական մեծ յակինթ։ Սրա յետեւի արթածէ կանթը անցեն կացնում յատուկ այս նպատակով ծածկուած քթի աջ խռչակի մէջ ։