Հայկական սովորութիւններ

Հեղինակ

Բաժին

Թեմա
ԵՐԿՈՒ ԽՕՍՔ.
       Շատ տարիների ընթացքում, պետական ծառայութեամբ կապուած, ես միջոց եւ պարտաւորութիւն եմ ունեցել ճանապարհորդել Երեւան, Շարուր, Դարալագեազ, Հին Նախիջեւան, Հին Ջուղայ, Ագուլիս, Ալէքսանդրապօլ, Ղարս, Ներքին եւ Վերին Բասէն, Շիրակայ գիւղերը եւ Ղազախ գաւառը, նոյնպէս Շամախի իւր գաւառով հանդերձ։
       Անսահման ցանկութիւններիցս մինն է եղել կարելոյն չափ ընդարձակ զննողութեան եւ ուսումնասիրութեան առնել ազգային սովորութիւնները, աւանդութիւնները, երգերը այդ հայաշատ գաւառներում։
       Համաձայն ցանկութեանս ես գրի եմ առել այն բազմազան եւ բազմատեսակ նիւթերը հայազգի կեանքից, որոնց մի խոշոր քանակութիւն մինչեւ այսօր անմշակ եւ անտիպ մնալով, միւս մասը կարողացել եմ լրագրութեան միջոցով մատուցանել հայ հասարակութեան ընթերցող բաժնին։ Վերջին կանգին են պատկանում իմ «Ճանապարհորդական նկատողութիւնք» ստուար աշխատասիրութիւնը եւ այլք շատերը։
       Այժմ եւս պատրաստելով սոյն հաւաքածուն ազգային ներքին կեանքից, տալիս եմ տպագրութեան, յայտնելով սակայն ընթերցողներին որ ժողովուած նիւթիցս այս կամ այն երգը. առածը ասուածը եւ այլն կարող են կցկտուր տպագրուած լինել, բայց դա ինձ չէ կարող արգելք լինել նորից տպագրելու, քանի որ ես լիակատար իրաւունք ունեմ օգտուելու շատ տարիների ընթացքում քաղած նիւթերից։
       Նկարագրածս սովորութիւններից, որոնք ունին ազգային հասարակաց կեանքի մէջ պատմական խորութիւն շատերը աննկատելի կերպով արդէն մոռացուել են, ոմանք սակաւ առ սակաւ մոռացւում են կեանքի նոր հոսանքի ազդեցութեան տակ, ուրեմն մոռացուածը կարող է պահել միայն գրականութիւնը։