Հայկական սովորութիւններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

Ս. ՍԱՐԳԻՍ ԶՕՐԱՎԱՐԻ ՏՕՆԸ.

       Ղազախ, Շիրակ, Վաղարշապատ, Դարալագեազ եւ այլ տեղեր Սուրբ Սարգսի պասի ուրբաթ երեկոյին պաղ ջրով փոխինդ են շաղախում եւ նորանով թաթախւում։ Փոխինդը (Ղազախում փոխինձ), ինչպէս յայտնի է, լինում է բոված եւ երկանքով աղացած ցորենի ալիւրը։ Այդ երեկոյին փոխինդի ալիւրը դնում են Աշտարակ՝ աստղերի տակը, Շիրակում՝ դուռը բաց տան մէջ, իսկ այդ տեղերում՝ տան մէջ կամ եկեղեցում, որպէս զի գիշերը սուրբ Սարգիսը ձի հեծած գայ եւ փոխնդի վրայով անցնի։ Անցնելու ժամանակ նորա ձիու մի ոտը դիպչում է փոխնդին եւ սորա վերայ թողնում է պայտի հետքը։

       Սուրբ Սարգսի երեկոյին երիտասարդ տղայք եւ աղջկունք ուտում են աղի հաց եւ գիշերը ծարաւում են եւ երազում, ո՛ր տղան աղջկան, կամ աղջիկը տղային ջուր տայ խմելու, նա էլ կը լինի նորա ապագայ ամուսինը։
       Շաբաթ առաւօտ եփում են փոխնդից շփոթանման կերակուր - խաշիլ - եւ ուտում են։ Մի քանի գաւառներում երիտասարդ տղայք կամ աղջկունք լաւաշի կտորի մէջ փաթաթում են խաշիլը եւ դնում են տան երդիկը, կտուրը։ Կաչաղակը կամ ագռաւը կտցում եւ փախցնում է խաչիլը եւ որ տան կողմը նա թռաւ, այն տան տղեն կամ աղջիկը կըլինի նորա ամուսինը։