Հայկական սովորութիւններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

       ՔՐԻՍՏՈՍԻ ԾՆՆԴԵԱՆ ՏՕՆԸ

       Հայոց կեանքում Քրիստոսի ծնունդն եւ մկրտութիւնն ունին ամենասրբազան նշանակութիւն։ Այդ տէրունական տօնը կատարւում է ամենայն ջերմեռանդութեամբ, եւ նորան մասնակցում են անխտիր եւ՛ մեծը եւ՛ փոքրը, եւ՛ գրագէտը եւ՛ անգրագէտը, հովիւն ու քահանան եւ այլն։
       Ո՞ւմ չէ յայտնի արդեօք, որ Յունվարի 5-ին. թաթախման երեկոյին, տիրացուները ժամաշապիկ հագած երկերկու, երեք երեք, երբեմն եւ քահանայք, քաղաքներում պտտւում են ծանօթ եւ անծանօթ տները «Այսօր տօն է» երգում ու վարձատրւում։ Կար ժամանակ, որ Ղազախի գաւառում երկերկու տիրացուներ, ժամաշապիկ հագած, խուրջինը ձգած մի խոնարհ իշու վրայ, մի աւելի խոնարհ իշապան առաջ ձգած պտտւում էին մի երկու շաբաթով, գիւղից գիւղ, տնից տուն եւ «Այսօր տօն է» երգելով՝ ժողովում էին ալիւր, ցորեն, գարի եւ այլն։

       Քրիստոսի ծննդեան առթիւ Հայ ժողովրդի բանաստեղծական ոգին յօրինել է զանազան տեղերում ժողովրդական անպաճոյճ երգեր։
       Ծննդեան երեկոյին պատանիները խումբ խումբ պտտւում են գիւղի տները եւ այն կարգով, որ նոցանից ներս է մտնում տուն մինը կամ երկուսը, իսկ մնացեալ խումբը բարձրանում է տան տանիքը եւ փոքրիկ ծակից կախում թոկով կամ գօտիկներով տոպրակ (Ղազախ, Աշտարակ եւ այլն) կամ գուլպայ (Շարուր) կամ քթոց (սալա) մէջը վառ ճրագ (Դարալագեազի Խաչիկ գիւղում) եւ խմբից մինը երգում է հետեւեալը.
      
       Աշտարակ եւ շրջակայ գիւղերում
       Ալելուեա ալելուեա
       Եւ ցնծացէ՛ք, ուրախացէք,
       Մեր Մարիամի պասն բացէ՛ք,
       Մարիամ գնաց լեռն ի ծնունդ,
       Ծննդեցաւ, ազատուեցաւ,
       Հրէս եկաւ մի ձիաւոր,
       Լախտը ձեռին բոզ ձիաւոր,
       Աջու ձեռին աւետարան,
       Ձախու ձեռին սաղմոսարան,
       Չինի, չինի՛, ձեր տղեքանց անունն ինչ ա.
      
       Տան բնակիչներից մինը յայտնում է գերդաստանի ամենափոքրի անունը, որից յետոյ երդիկիցը նորից շարունակւում է.
       «Արուսեակին» ու «Արամայիսին» բաղդը հանենք,
       Աձու ձեռը ջէբը տանենք,
       Դուշմանի աչքը հանի,
       Տասը շահին չարը տանի։
       Կանայք դնում են տոպրակի, գուլպայի կամ քթոցի մէջ մրգեղէն քաղցրեղէն, փլաւ կամ այլ չոր կերակուր։ Զուարճութեան համար երբեմն դնում են կատու։
      
       Վաղարշապատում
       Հրէս եկաւ մի ձիաւոր
       Լախտը ձեռին բօզ ձիաւոր
       Աջու ձեռին աւետարան,
       Ձախու ձեռին սաղմոսարան.
       Չինի, չինի, ձեր տղեքանց անունն ի՞նչ ա.
       «Արշաւիր» նստի թաղտը,
       Ձեռը տանի ջիբը.
       Մի բուռ ոսկի հանի,
       Թարը տանի, բարին բերի.
      
       Ղազախ
       Ալելուեա, ալելուեա
       Աշէն, աշէն էս տնաշէն
       Սեղան քաշեն էս տնաշէն,
       Հրէս իրի մի ձիաւոր,
       Լախտը ձեռին բօզ ձիաւոր,
       Աջու ձեռին աւետարան,
       Ձախու ձեռին սաղմոսարան,
       Ըստով գրեց, ընդով ջնջեց,
       Քոռն ու քաչալ սըղըցրեց։
       Աւագ մանթին կաշառքեցին
       Դբա Մարիամ ուղակեցին,
       Մարիամն իրի լալով, լալով,
       Լալ մի, լալ մի ճըճկեօհալով.
       Ըր ոտ փոխէր արքն հաղէր,
       Փունջ մանիշակ ետնէն հաղէր,
       Հրէս իրի իրիցընին,
       Իրար իդուս գեանդիշ անին
       Կաթնաղբիւրը փըլքըցըրին.
       Օրհնեալ Աստուած կեարունքացաւ,
       Էրգեան կիւթան մեգնուեցաւ,
       Ջուխտ օրօրոց օրօրուեցաւ.
       Տընըշէն, տընըշէն, ձեր փստըկի անունն ինչ ա։
       «Գուրգէն» ու «Տիգրան»
       Հօրը տայ, մօրը տայ,
       Ծաղկեն ծլեն,
       Ձեռը ջիբը տանեն
       Թալ աբասին հանեն
       Թարը տանի մի թունգի գինի
       Մի գթալ եղ, երկու ձու,
       Երկու ձուկը մի ջամ ալիր,
       Ով որ էսքան ասածս չ՚տայ,
       Կաղ գէլը մօրը տանի։
      
       Շարուրի Ուլնիա-Նորաշէն գիւղում, որ գաղթած են Սալմաստի գաւառից, Ծննդեան երեկոյին երգում են հետեւեալ երկու երգերից փոփոխակի մինը կամ միւսը։
       Ակլը մարեմ, մարեմ, մարեմ.
       Ձեր տղայի սօլը կարեմ,
       Ճշատ տուէք փորս լարեմ,
       Թամիչ տուէք ատմըներս շարեմ,
       Ընդեօզ տուէք գլուխ կօռեմ,
       Աստուած ձեր խարսն փեսան պախի։
       Միւս երգը.
       Էրնէկ էրնէկ էն տարեցին, ալելիա,
       Շինեցին կամարեցին, ալելուիա,
       Բարձր բոլորը բերեցին, ալելիա,
       Էրնէկ քեզի՝ սուր չէր մսուրք, ալելուիա,
       Որ Քրիստոս քեզ մէջ ծնուեցաւ, ալելիա,
       Էրնէկ քեզի՝ բրութ խանձարութ, արելիա,
       Քրիստոս քեզ մէջ փաթաթեցին, ալելուիա,
       Էրնէկ քեզ Խորոմսիմայ, ալելուիա.
       Որ Քրիստոսին տատմէր էլար, ալելուիա,
       Քրիստոս քեզ մէզ մկրտեցին, ալելուիա.
       Էրնէկ քեզի սուրբ Օհանէս, ալելուիա,
       Որ Քրիստոսին քաւոր էլար, ալելուիա,
       Էրնէկ քեզի, սուրբ Յորդանան, ալելուիա,
       Աստուած մեր խարսն փեսան պախի
       Մեր փայը տուէք։
      
       Դարալագեազի Խաչիկ գիւղում, որ բնիկ հայեր են.
       Ցնծացէ՛ք, ուրախացէք, ալելուիա,
       Մեր Մարիամին պասը բացէք, ալելուիա,
       Մարիամ գնաց դուռ տաճարին, ալելուիա,
       Մէջքն տուեց խաչափայտին, ալելուիա,
       Հնչեց բերեց Յիսուս որդին, ալելուիա,
       Յրանիք (երանի) քէ, Հոռոմսիմա, ալելուիա,
       Որ Քրիստոսին տատմէր ըլար, ալելուիա,
       Յրանիք քէ, բուրթ խանձերուն, ալելուիա,
       Քրիստոս միջին փաթաթին, ալելուիա,
       Յրանիք քէ, գետ Յորդանան, ալելուիա,
       Քրիստոս միջին մկրտին, ալելուիա,
       Յրանիք քէ, սուրբ Յոհաննէս, ալելուիա,
       Քրիստոսին քաւոր էլար, ալելուիա,
       Յրանիք քէ բարձր օրօրոց, ալելուիա,
       Քրիստոսին միջին օրօրին, ալելուիա
       Առին յուրագ, առին սղոց, ալելուիա,
       Գնացին խնկան, ալելուիա,
       Յուրագ տուին, ծառնի ճչաց, ալելուիա
       Սղոց քաշին, արիւն բխաց, ալելուիա.
       Ձեր տղի անունն ի՞նչ ա.
       «Ռուբէն» ու «Պարոյր» ճութեր ճութացաւ, ալելուիա
       Քանց բարդի ծառ, էրկենացաւ, ալելուիա.
       Ճիւղքեր գցեց քաղքէ քաղաք, ալելուիա,
       Ամէն ճղքին ջուղտմ ճրագ, ալելուիա,
       Մեր փայը տուէք ինչ կամենաք։
      
       Ղազախու «Սեւ քար» գիւղում յիշեալ երգի վերայ աւելացնում են հետեւեալը.
       Պէնպէնակ,
       Ասծու հալակ ծտենակ,
       Ընկերս ընկաւ ծովը.
       Ծովը դառաւ ծիրանի,
       Մազէն իրի կըռըկտուց,
       Հաւը թռցրուց,
       Ջուխտը ո… պրցրուց։
      
       Սուրբ Էջմիածնի շրջակայ գիւղորայքում ընդունում են, որ Յունուարի 5-ին, Ծննդեան նախընթաց երեկոյին գետերի, առուների եւ միւս հոսող ջրերի միաժամանակ կանգ են առնում մի վայրկեան տեւողութեամբ։ Եթէ կարողանանք իմանալ այդ վայրկեանը եւ հողոս ջրի մէջ դնէք մի իր, օրինակ սափոր եւ, հէնց այդ ջուրը կանգնելու վայրկեանին ասէք. «Սափորը ոսկի դառնայ»՝ նա իսկոյն ոսկի կը դառնայ։

       Շիրակայ գիւղերում տղայքը փայտեայ կժերով, որ նորանցում կոչւում է «քիւլակ» «քուղայ», գետից ջուր են բերում տուն այն լուսով, որ ջուրն էլ ամանն էլ ոսկի դառնան։
       Դարալագեազցիք ընդունում են, որ այդ գիշերը կանգ են առնում ոչ միայն ջրերը, այլ եւ բոլոր առարկաները, քամի, օդ, ծառ, քար, խոտ եւ այլն։ Սոքա եւս ընդունում են որ առարկաները ջրի մէջ ոսկի են դառնում, միայն ոչ թէ Ծննդեան, այլ Համբարձման երեկոյին, երբ երկու աստղ՝ Լէյլին եւ Մէջլումը երկնքումը իրար կըհամբուրեն։ Բասենումը նոյնպէս ընդունում են ջրի կանգնումը, սակայն նորանց կարծիքով այս իրողութիւնը կատարւում է կաղանդի գիշերը՝ դեկտեմբերի վերջին գիշերը։
       Բասենում համոզուած են, որ եթէ մանուկը ծնուի Ծննդեան երեկոյին կամ Զատկի խթման կամ թաթախման երեկոյին, որ սեռի եւ լինի նա, եթէ նորա ձեռի եղնկին քսեն նոր մորթած սեւ հաւի արիւն՝ այդ մանուկը կըդառնայ եղունկով հմայող։

       Վերջապէս Ծննդեան այդ անհանգիստ երեկոն անցնում է եւ հետեւեալ օրը կատարւում է Քրիստոսի սուրբ մկրտութեան հանդէսը։
       Ղազախում Ջրօրհնեաց հանդիսում, երբ երգւում է «Առաքելոյ աղաւնոյ» եւ քահանան սուրբ մեռօնը կաթեցնում է ջրի մէջ, ամեն սեռի ու հասակի բնակիչք իրարից առաջ կտրուկ անելով աշխատում են ամաններով ջուր վերցնել եւ տանելով տուն՝ ածում են մի փոքր խաշի՝ այսինքն թթուխմորի մէջ, մի փոքր ալիւր մշտական ամանի մէջ, մի փոքր խմորի տաշտի մէջ եւ մնացածը շաղախում են մոխրի հետ եւ գնդակ շինելով պահում են, որ հարկաւոր ժամանակ նորանով սրբագործեն այն ամանները, որոնց պատահմամբ դիպել եւ հարամել է շունը կամ մուկը։

       Շիրակում եւ սուրբ Էջմիածնի շրջակայ գիւղերում Ծննդեան տնօրհնութեան ժամանակ, երբ քահանան ընթեռնում է աւետարանը, տան կանայք թթուխմորը իւր ամանով բերում դնում են նորա առաջ, որ վրան աւետարան կարդացուելով հացի առատութիւնը անպակաս լինի։