Հայկական սովորութիւններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՄԵԾ ՊԱՍԸ.

       Բասենում մեծ պասի առաջին օրը իւրաքանչիւր տան թխում են եօթը հատ ալանի բաղարճ ի նշան եօթը շաբաթի եւ այդ օրը խաշով հաց չեն ուտում։ Երդիքից կախում են թելով մի սոխ, մէջը ցցած եօթը փետուր, նա կոչւում է ախելուած։ Իւրաքանչիւր շաբաթի վերջը մի փետուրը հանում ձգում են։ Փետուրների վերայ դրած մանրիկ քարերը շարժուելուց վայր ընկնելով վախեցնում են երեխանց, որ նաք ճշտութեամբ պահեն պասը։

       Ղազախում նոյնպէս կախում են սոխը փետուրներ ցցած եւ անուանում են նորան պապի պլոր, որից իւրաքանչիւր շաբաթ մի փետուր ձգում են։ Այդ երկրում մեծ պասի առաջին օրը ընդունում է կրաըի կիւրակի եւ ով չընդունի նորան նորա շորերը շուշ շուտ կ՛այրուին, երկրորդ օրը ջրիին է, չպահողին ջուրը կըտանի։ Երրորդ օրը, մկանն է, մկները կուտեն թել, հաց շոր եւ այլն։ Այդ օրը, չորեքշաբթի, կանանցից ով չգնայ եկեղեցի եւ չլսի առաջին անգամ ասած «Տէր ամենակալը» նա չի կարող ջահրը (ճախարակ) մտնել։ 

       Չորրորդ օրը, հինգշաբթի, առաջին գործը պէտք է լինի ճախարաը մանել, որովհետեւ նորա մէջ միայն կարելի է գտնել բարաքեա առատութիւն։
       Աւելացնեմ այստեղ, որ Ղազախում սովորութիւն է կանանց մէջ, որ ամբողջ տարի չորեքշաբթի եւ ուրբաթի երեկոյին գործ չպէտք է կատարել, ըստ որում չորեքշաբթի արածը բարաքեա չի ունենալ, իսկ ուրբաթն ունի վատ հետեւեանք, կրակին զոհ կգնան շոր, կայք, երեխայ եւ այլն։ Շիրակացիք եւ Ղարսեցիք մեծ պասի առաջին շաբաթի շաբաթ օրը անուանում են Թալալօսի կիրակի, ով չպահի, կթալկանայ, այսինքն նորանց կարծիքով կըցնդի։

       Մեծ պասի 24-րդ օրը հինգշաբթի, իբրեւ մեծ պասի կէսը, կոչւում է միջինք. Դարալագեազի բնիկ հայերի մէջ սովորութիւն կայ, որ մեծ պասի 23-րդ օրը, չորեքշաբթի երեկոյին եկեղեցում շինում են լիճք, այն է լագանի մէջ ածում են ջուր եւ ձէթ ու եղեգնէ խաչի մէջ պատրոյկը լիճքում վառում են մինչ լոյս։ Առաւօտեան լիճքի ջուրը մաս մաս բաժանում են գիւղի բոլոր տների վերայ, ուր այդ ջուրը խառնում են բաղարջ խնորի հետ։

       Վաղարշապատի գիւղերում, հին Ջուղայում, Դարալագեազի բնիկ եւ գաղթած հայերի մէջ այդ օրը թխում են մի մի հատ մեծ բաղարջ, որ Վաղարշապատում անուանում է միջունք, Դարալագեազի բնիկների մէջ՝ միջնաբ ողջ, իսկ գաղթածների մէջ՝ կլօճ։
       Բաղարջի մէջ դնում են ուլունք կամ դրամ եւ բաժանում են տան բոլոր անդամների վերայ։ Մի քանի տեղ բաժին են հանում նաեւ անասուններին, հողին եւ այլն։ Ուլունքը կամ դրամը, որ Խաչիկ գիւղում կոչւում է դեօլվաթ, ում բաժնի մէջ դուրս գայ, այն տարուայ առատութիւնը նորա գլխին է։

       Ջուղայումը հաւաստում են, որ բաղարջը կտրելու ժամանակ ուլունքը կամ դրամը ընկնի կտրող դանակի բերանը, որ նոյն է թէ գութանի խոփը, այն ժամանակ նորանց ապրուստը պէտք է սպասել հողից։
       Շիրակցոց եւ Բասենցոց մէջ եւս գործադրւում է բաղարջի մէջ բաղդ դնելու սովորութիւնը, սակայն նորանցում բաղարջը թխում են դեկտեմբերի վերջին օրը, իսկ բաժանում են Յունվարի 4-ին, երեկոյին։

       Լիճքը սովորական է նաեւ Արարատեան գաւառում եւ Բասենցոց մէջ, նորանում վառւում է 40 պատրոյկ, բայց ջուրը չեն բաժանում։ Երիտասարդ աղջկունք եւ տղայք հաւաքւում են այս կամ այն բարեկամի տունը, իւրաքանչիւրը նոցանից ժողովում է 40 մանրիկ քարեր ի յիշատակ 40 մանկանց եւ մի քարի վերայ 40 անգամ ծունր են կրկնում, ուրեմն 1600 ծունր, որպէս զի 40 մանկանց աղօթքը լինի նորանց վերայ. ծունրի ժամանակ նոքա կրկնում են հետեւեալը

       Մառսուն մանուկ, քառսուն կուս,
       Մառսուն մանկան բարեխօս։

       Դարալագեազի գաղթական ժողովրդի մէջ սովորութիւն է որ Գրիգոր Լուսաւորչու օրը (մուտն ի վիրապ) նորահարսի սկեսուրը հրաւիրում է իւր տուն բարեկամ կանանց, հարսնամօրը եւ սորա բարեկամ կանանց եւ զանազան ուտելեղէններ պատրաստելով գնում են կանաչազարդ դաշտը զբօսնելու։

       Այս զբօսանքի անունն է գեաշտ։ Դորա մասին ասում են հետեւեալը։

       «Հարսները կնացած է գեաշտ,
       Ի՞նչ են բերած, ջուխտ ջուխտ լաշ. (տղայ)
       Անուները ի՞նչ.
       Մէկին զաննակ, մէկին պամբակ»։