Հայկական սովորութիւններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

Հանդերձ հագնելու նշանաւոր հանդէսը վերջանալուց յետոյ թագաւորը համբուրում է քաւորի ձեռքը եւ շրջապատուած ազափներով գնում է նախ եկեղեցի՝ համբուրելու, ապա պըտտում է գիւղի բարեկամների տները, ուր նուէր է ստանում դրամ, թաշկինակ եւ այլն, իսկ նորա ազափները հիւրասիրւում զանազ ուտելիքներով։ Ապա դառնում են թագաւորի տունը։
       Սակայն թագաւորը քաւորի տանից դուրս գալուց սկսած մինչեւ թագը վերցնելը միշտ ծածկում է քիթը կլորած թաշկինակով, որ իբրեւ թէ գիւղում հարբուխ ցաւը չերեւեայ։
       Տուն վերադառնալով՝ թագաւորը քաւորի եւ ազափների հետ բազմում է տախտակներից կազմած բարձրութեան վերայ, որ ասում է թախտ։ Երբ այս կամ այն հրաւիրուածը մըտնում է տուն բարեւում է թագաւորին եւ ազափներին այս խօսքերով. «Բարեւ պարոնաց» եւ ազափները պատասխանում են. «Աստծու բարին գալողաց»։
       Հէնց որ, երբեմն հրաւիրակներից մինը կամ միւսը ձայն է տալիս «թոռն է» ազափները պատասխանում են «Աստծու գառն է» եւ իսկոյն թագաւորը, կլոր թաշկինակով քիթը ծածկած, ոտքի է կանգնում եւ կանգնած մնում, մինչեւ հիւրերից նստելու թոլտւութիւն չստանայ։ Դեռ քանի թագաւորը քաւորի տանն է լինում, այնտեղ ազափները շինում են փայտից ծառ, որ պարսկահայերի մէջ, ինչպէս տեսանք, կոչւում է ուրց։ Ծառի վերի ծայրը կոչւում է կաքաւ։ Ծառը զարդարուած է գոյնզգոյն թելերով։
       Թագաւորն իւր տուն վերադառնալուց յետոյ ծառը բերում են քաւորի տնից, որպէս զի թագաւորի տանը զարդարեն նորան խնձորներով, ջղանով եւ ապա գովաբանեն։ Երկու ամուսնացած տղամարդ նստած բռնում են ծառը եւ նորանց առաջ կանգնում է լեզուով ճարպիկ մի տղամարդ։ Առաջինը մօտենում է քաւորկինը եւ նուիրում է մի խնձոր՝ վրան զարկած գոյնզգոյն թելերով փոքրիկ խաչ, որ կոչւում է ջղան։ Կանգնած ճարպիկը օդի մէջ պտտցնելով ջղանը զուարճախօսութեամբ կոչում է «օրհնեա, տէր, ջամիաթ, անգաջ արէք, քաւորկինը սանահօր համար մի խնձոր է բերել, ջղան վրէն, հայով, հոյով, նորա մարդը ինչ որ աշխատել է մալով, մարդով, տուէլ է էս մի խնձորին, որ կաժէ Խոյ, Խորասան, Հինգ, Հնդստան, Բալխի, Բուխարայ, Շաքի, Շիրվան, Շամախի, Ստամբուլ, էս օրս իրան տղին եղնի, շէն մնայ՝ շէն»։
       Ամենքն էլ ձայնում են. շէն մնայ»։
       Ծառ բռնողներից մինը տնկում է ջղանով խնձորը ծառի վերին ծայրում՝ կաքաւի վերայ։ Ապա բերում են խնձոր թագաւորի քոյրը, մայրը կամ հարսը եւ միւս բարեկամներն ու հրաւիրուածները եւ նրանց բերածը գովելուց յետոյ զարդարում են ծառը։
       Ապա երկու խմբի են բաժանւում եւ սկսում են գովասանել ծառը հետեւեալ կերպով։ Առաջին խումբը հարցական ձեւով դիմում է երկրորդին, իսկ երկրորդ խումբը պատասխանի ձեւով դարձնում է առաջինին։ Ուստի, որպէս զի կրկնութիւն չլինի, առաջին խումբը նշանակում են ա տառով. իսկ երկրորդը բ տառով։

       ա. Օրհնեալ է Յիսուս,
       Օրհնեալ է Քրիստոս,
       Խաչս բազամնեցաւ,
       Ծառս բազամնեցաւ,
       Ծաղկեցաւ ծառս կանանչ,
       Ինչա՞ նման էր,
       Լուսեղէն պտուղ տուաւ,
       Ինչա՞ նման էր։
       բ. Ծաղկեցաւ ծառս կանանչ,
       Ինչա՞ նման էր,
       Լուսեղէն պտուղ տուաւ՝
       Եայվայ նման էր։

       ա. Այն ճղաբեր ալփին ալփին
       Ինչա՞ նման էր,
       Լուսեղէն պտուղ առաւ՝Ինչա՞ նման է։
       բ. Այն ճղաբեր ալփին ալփին
       Աստուածածինն էր,
       Լուսեղէն, պտուղ առաւ,
       Տէր Միածինն էր։

       ա. Այն էգուան հովն էր հովեց
       Եւ աննման էր,
       Աղուէնուն գելնէր, մտնէր,
       Ինչա՞ նման էր։
       բ. Այն էգուան հովն էր հովեց,
       Առաքեալներն էր
       Աղուէնուն գելնէր մտնէր,
       Արդար հոգիքն էր։

       ա. Այն բախչէն, կանանչ բախչէն
       Ինչա՞ նման էր
       Ծով մը կար բախչի դուռը,
       Ինչա՞ նման էր։
       բ. Այն բախչէն, կանանչ բախչէն,
       Այն մեր դրախտն էր.
       Ծով մը կար բաղչի դուռը՝
       Այն էլ դժոխքն էր։

       ա. Ղարղ (կանգ) եղաւ միջնածովին.
       Ինչա՞ նման էր։
       Այն աղբիւր որ ոտնագնաց,
       Ինչա՞ նման էր։
       բ. Ղարղ եղաւ միջնածովին,
       Էն մեղաւորներն էր։
       Այն աղբիւր որ ոտնագնաց,
       Գէտ Որդանանն էր։

       ա. Այն աղբիւր որ մկրտեցին,
       Ինչա՞ նման էր,
       Ճեղքերն ամէն ալփին ալփին՝
       Եայվայ նման էր։
       բ. Աղբիւր որ մկրտեցին
       Սուրբ Կարապետն էր,
       Ճեղքերն ամեն ալփին ալփին,
       Այն խնկէ ծառն էր,

       ա. Էն սեղան բարձրասեղան
       Ինչա՞ նման էր.
       Էն հնձան բոլոր հնձան,
       Եայվայ նման էր։
       բ. Էն սեղան բարձրասեղան
       Էջմիածինն էր.
       Էն հնձան, բոլոր հնձան,
       Էն Երուսաղէմն էր։

       ա. Այն խաչեր, բարձրախաչեր
       Ինչա՞ նման էր,
       Բուրվառ ձեռք որ ժուռ կուգար՝
       Ինչա՞ նման էր։
       բ. Այն խաչեր, բարձրախաչեր,
       Տէր քահանան էր,
       Բուրվառ ձեռք որ ժուռ կուգար՝
       Այն սարկաւագն էր։

       ա. Այն սալամ (թռչուն) սար հնչելով
       Տեսէք այն ո՞րն է.
       Էն կաքաւ կարկաչելով
       Տեսէք այն ո՞րն է.
       բ. Էն սալամ սար հնչելով
       Վարդապետն է,
       Էն կաքաւ կարկաչելով
       Երիցաներն է։
       ա. Էն ճնճուղ ճըլվըտալով
       Տեսէք այն ո՞րն է,
       Երկու ճնճուղ կանանչ բաղչէն,
       Տեսէք այն ո՞րն է։
       բ. Էն ճնճուղ ճըլվտալով,
       Տիրացուներն է,
       Երկու ճնճուղ կանաչ բաղչէն
       Արդար հոգիքն է։

       ա. Արեգակ նոր շաղեշաղ
       Ինչա՞ նման էր։
       Լուսնեակ նոր սարն ելաւ,
       Ինչա՞ նման էր։
       բ. Արեգակ նոր շաղէշաղ,
       Այն թագուհին էր.
       Լուսնեակ նոր սարն ելաւ,
       Այն թագաւորն էր։

       ա. Յիսուսի Քրիստոսի սուրբ զօրութիւնով
       Ծառս ծաղկեցաւ.
       Սուրբ Կարապետի սուրբ զօրութիւնով
       Ծառս ծաղկեցաւ։
       բ. Սուրբ Էջմիածնի սուրբ զօրութիւնով
       Ծառս ծաղկեցաւ։
       Սուրբ Լուսաւորչի սուրբ զօրութիւնով
       Ծառս ծաղկեցաւ։

       ա. Սուրբ Երուսաղէմի սուրբ զօրութիւնով
       Ծառս ծաղկեցաւ։
       Սուրբ Նարեկացու սուրբ զօրութիւնով
       Ծառս ծաղկեցաւ։

       ա. Ծաղկեցաւ ծառս կենաց
       Տեսէք այն ո՞րն է.
       Բազմեցաւ խէչն ի գլխուն,
       Տեսէք այն ո՞րն է։
       բ. Ծաղկեցաւ ծառս կենաց
       Էն թագաւորն է,
       Բաղմեցաւ խէչն ի գլխուն,
       Էն իւր պսակն է։

       ա. Այն խնձոր, գլխախնձոր,
       Տեսէք այն ո՞րն է,
       Այն խնձոր, գըլվագլոր,
       Տեսէք այն ո՞րն է։
       բ. Այն խնձոր, գլխախնձոր,
       Թագաւորահայրն է,
       Այն խնձոր գլվագլոր,
       Այն ազափներն է։

       ա. Այն խնձոր աջ աթոռին
       Տեսէք այն ո՞րն է։
       Այն խնձոր ձախ աթոռին,
       Տեսէք այն ո՞րն է։
       բ. Այն խնձոր աջ աթոռին՝
       Այն խաչեղբայրն է,
       Այն խնձոր ձախ աթոռին՝
       Էն թագուհին է։

       ա. Այն չոբան, բարձրաչոբան
       Եւ աննման էր,
       Հրեղէն թուրն ի ձեռին
       Ինչա՞ նման էր։
       բ. Այն չոբան, բարձրաչոբան,
       Այն հարսնեղբայրն էր,
       Հրեղէն թուրն ի ձեռին՝
       Այն խէչեղբայրն էր.

       ա. Այն երկիք որ ամպ ու պարզ
       Եւ աննման էր.
       Երկու հաւք որ տետետափ (յոգնած)
       Ինչա՞ նման էր
       բ. Այն երկինք որ ամպ ու պարզ
       Այն խնամտիք էր,
       Երկու հաւք որ տետետափ,
       Խնամտոց խօսքերն է։

       ա. Այն խնձոր գլվագլոր
       Ինչա՞ նման էր,
       Փունջ մանուշակ որ ծաղկեցաւ,
       Եայվայ նման էր։
       բ. Այն խնձոր գլվագլոր
       Էն ազափներն է,
       Փունջ մանուշակ որ ծաղկեցաւ,
       Էն աղջիկներն էր։

       ա. Էն փտած կոճն ի որմին,
       Տեսէք էն ո՞րն է.
       Էն կարաս գլվագլոր՝
       Տեսէք էն ո՞րն է։
       բ. Էն փտած կոճն ի որմին
       Հալեւորներն է,
       Էն կարաս գլվագլոր,
       Պառաւներն է։

       ա. Շունն եկաւ պարկն ի բերան,
       Տեսէք էն ո՞րն է,
       բ. Շունն եկաւ պարկն ի բերան,
       Գեղի գզիրն է։

       Սորանից յետոյ դիմելով անմիջապէս թագաւորին սկսում են գովաբանել նորան հետեւեալ երգով։

       Թագաւոր, ի՞նչ բերեմ քէ նման։
       Մո կանանչ արեւուդ նման.
       Էն բալասան ծաղիկն՝ որ կբացուի,
       Բացուի արեւուդ նման։
       Թագաւոր, ի՞նչ բերեմ քէ նման,
       Մո կանանչ արեւուդ նման,
       Էն կարմիր վարդն որ կբացուի,
       Բացուի արեւուդ նման։
       Թագաւոր, ինչ բերեմ քէ նման,
       Մո կանանչ արեւուդ նման
       Սիրուն մանիշակ, որ կբացուի,
       Բացուի արեւուդ նման։
       Թագաւոր, ի՞նչ բերեմ քէ նման,
       Մո կանանչ արեւուդ նման,
       Էն խունկի ծաղիկ որ կբացուի,
       Բացուի արեւուդ նման։
       Թագաւոր ի՞նչ բերեմ քէ նման,
       Մո կանանչ արեւուդ նման,
       Անթառամ ծաղիկ՝ որ կբացուի,
       Բացուի արեւուդ նման։
       Թագաւոր, ի՞նչ բերեմ քէ նման,
       Մո կանանչ արեւուդ նման,
       Շուշան ծաղիկ՝ որ կբացուի,
       Բացուի արեւուդ նման.
       Թագաւորին ծաղիկ պիտէր ծաղկունակ,
       Ծառիկ ինչե՞նի պիտէր ծաղկունակ,
       Ծաղիկ պալասան պիտէր ծաղկունակ։
       Թագաւորին ծաղիկ պիտէր ծաղկունակ,
       Ծաղիկ ինչե՞նի պիտէր ծաղկունակ,
       Ծաղիկ նռնենի պիտէր ծաղկունակ։
       Թագաւորին ծաղիկ պիտէր ծաղկունակ,
       Ծաղիկ ինչե՞նի պիտէր ծաղկունակ.
       Ծաղիկ համասփիւռ պիտէր ծաղկունակ։
       Թագաւորին ծաղիկ պիտէր ծաղկունակ,
       Ծաղիկ ինչե՞նի պիտէր ծաղկունակ.
       Ծաղիկ պրաբեօն պիտէր ծաղկունակ։
       Թագաւորին ծաղիկ պիտէր ծաղկունակ,
       Ծաղիկ ինչե՞նի պիտէր ծաղկունակ։
       Ծաղիկ նունուֆար պիտէր ծաղկունակ։
       Թագաւորին ծաղիկ պիտէր ծաղկունակ,
       Ծաղիկ ինչե՞նի պիտէր ծաղկունակ,
       Ծաղիկ ոսկեծաղիկ պիտէր ծաղկունակ։

     Վերջապէս գովաբանները դիմում են թագաւորի ծնողաց եւ ազգականներին հետեւեալ երգով՝

       Գնացէք, ասէք թագաւորահէր, թագաւորահէր,
       Ծառդ գոված է.
       Եզ մի խորվու, տիկ մի գինի
       Ծառ գովողինն է։
       Գնացէք ասէք, թագաւորամէր, թագաւորամէր,
       Ծառդ գոված է.
       Սել մը սեղան, խոյ մը խորվու
       Ծառ գովողինն է։
       Գնացէք ասէք, թագաւորաքուր, թագաւորաքուր,
       Ծառդ գոված է.
       Ուլ մի խորվու, գաւ մի գինի
       Ծառ գովողինն է։
       Գնացէք ասէք, թագաւորահարս, թագաւորահարս,
       Ծառդ գոված է.
       Թորս ջուխտ գուլպայ մի մահրամայ
       Ծառ գովողոինն է։
       Գնացէք ասէք, թագաւորաղբէր, թագաւորաղբէր,
       Ծառդ գոված է.
       Երկու ճնճուղ մէկ գարէ հաց
       Ծառ գովողինն է։
       Գնացէք բերէք սինով սեղան,
       Գաւով եինի, ջուխտ գաթաներ,
       Նախշուն գուլբէք,
       Ծառ գովողին խալաթ տուէք։

       Ծառ գովողներն ստանում են ձուաձեղ, հալուա, գինի, սեր, եւ այլ ուտելեղէն։ Ազափները ծառը զգուշութեամբ պահում են ապահով տեղ, որպէս զի աղջկունք չգողանան եւ տղայոց վերայ չծիծաղեն։

       Շամախու գաւառում, ուր կան 24 մեծ եւ փոքր հայ գիւղեր Ղարաբաղի, Թաւրիզի, Սպահանի գաղթականներ, չունին հարսանիքի ժամանակ այն սիրուն հանդէսները, որ տեսնում ենք Բասենի, Շիրակի եւ կամ Դարալագեազի գիւղերում։ Սակայն այստեղ էլ հայ ժողովուրդը զուրկ չէ կրօնական զգացումներից. այստեղ էլ փեսան եւ հարսը իւրեանց ապագայ յաջողութիւնը եւ բարօրութիւնը յանձնում են տեղական ուխտատեղերի բարեխօսութեան, ուխտատեղիների, որոնք կազմում են մի ծառի տակ բազմեցրած մի տափարակ քար, կամ մի քանի հասարակ քարեր իրար վերայ դարսոտած։
       Հէնց հարսանիքի սկզբում փեսան առանձին, շրջապատուած իւր ազափներով - մակարներով-զուռնայի նուագակցութեամբ եւ հարսն առանձին, շրջապատուած երկու հասակակից աղջիկներով եւ երիտասարդ հարսներով, ուխտ են գնում իւրաքանչիւրն իւր գիւղի մօտի սրբատեղերը, ջերմեռանդութեամբ աղօթում են, մոմ են վառում, խունկ են ծխում, համբուրում են անպաճոյճ քարերը եւ դառնում են տուն։ Եթէ գիւղի շուրջը կան մի քանի ուխտատեղիներ, ոչ մինը զանց չեն անում, բոլորին էլ կարգով այցելում են։
       Այսպէս, օրինակ, Զարգեարան գիւղում ուխտ են գնում «Խաչի Սըռ» կոչուած տեղը, որ գիւղից դէպի արեւելք Ամրաքիւ լերան ծառախիտ անտառի մէջն է։ Բահլիան գիւղում այցելում են «Նահատակ» ուխտատեղին, որ գիւղի եզրում, բարձրադիր բլուրի վերայ է, հասարակաց հանգստարանի մէջ։ Քեավանդի գիւղում հինգ սրբատեղիք կան, 1. «Դալլաքի բաղի նահատակ», 2. «Մուսիանց սուրբ», 3. «Ռուշանենց կամ քեօխենց սուրբ», 4. «Սրբի Բաղ» եւ 5. «Թեզի տակի սուրբ»։ Այսպէս էլ միւս հարեւան գիւղերում։
       Մինչեւ այժմ խօսում էի գլխաւորապէս փեսայի նախապատրաստութեան մասին։ Այժմ խօսեմ թէ ինչ նախապատրաստութիւններ եւ հանդէսներ են կատարւում աղջկայ, այսինքն նորահարսի տանը։
       Հին Նախիջեւանում եւ Հին Ջուղայում, շաբաթ երեկոյին հարսանիքի երկրորդ օրը, հասակակից երիտասարդ աղջկունք հարսնացուին շրջապատելով հինա են դնում նորա ձեռքերի վերայ, ներկելու նրանց։ Հետեւեալ օրը, կիւրակէ, թագաւորը, քաւորը, խաչեղբայրը, ազափբաշին, վառ մոմերը ձեռքերը, տանում են հարսի տունը նոր հանդերձը։
       Հանդերձը հագցնելուց յետոյ հրաւիրում են քաւորին որ հարսի գօտիկը կապէ։ Նախ քաւորը իւր գդակը ծածկում է հարսի գլխին եւ քամարի երկու ծայրից բռնած՝ երեք անգամ անց է կացնում հարսի գլխից եւ ոտքերից, ասելով «օխտը տղայ բերես, մի աղջիկ» եւ ապա կապում է քամարը նորա մէջքը եւ նուէր տալի հարսի գլուխ կապողին, ու հեռանում է կանանց բաժնից։
       Այս տեղը զոքանչը նոր մոմեր է դնում փեսայի եւ միւսների ձեռքում, նուիրում է փեսային, ըստ կարողութեան, ժամացոյց, կամ երեքին էլ մի մի մետաքսէ թաշկինակ, դնում է նորա առաջ խոնչա զանազան ուտելեղէններով (հաւ, հալուա, գաթայ վարաղածածկ կամ կարմիր ձու եւ այլն, որ ազափբաշին իսկոյն եւ եթ ժողովում, տանում է միւս օրը այգում վայելելու համար։
       Դաւալու գիւղում Խոր վիրապի մօտ՝ հարսի քամարը կապում է հարսի եղբայրը, առանց գլխարկ դնելու հարսի գլխին, իսկ քաւորը ներս է հրաւիրում միայն փող նուիրելու գլուխ կապողին։
       Դարալագեազի գաղթական հայերի մէջ, կիւրակէ օրը, թագաւորը քաւորի, ազափների եւ բոլոր իւրայինների հետ զուռնայով գնում են հարսի տունը հարսին բերելու։ Եթէ հարսը մի այլ գիւղումն է, այն ժամանակ յիշեալ անձինք գնում են ձիանց վերայ, հրացաններ եւ ատրճանակներ արձակելով եւ ձի արշաւելով։ Երբ մօտենում են հարսի գիւղին՝ հարսանքաւորներն աշխատում են փայլել արտաքինով։ Զուռնայի նուագակցութեամբ նոքա շատ արագ արշաւում են ձիանց վերայ, ճարպիկ շարժումներ են անում, հրացաններ արձակում. մի խօսքով՝ աշխատում են գիւղի ուշադրութիւնը իւրեանց վրայ դարձնել։ Սոքա արագութեամբ մօտենում են գիւղին եւ նորից ձիու գլուխը թեքում ու նոյն արագութեամբ յետ արշաւում դէպի զուռնաչիները, որոնք միւս հանդիսականների հետ յետեւից կամաց յառաջ են գալի։ Ձիարշաւի ժամանակ զուռնան նուագում է, այդ կողմերում սովորաբար «Քեօր օղլու» յայտնի եղանակը։ Ինչ կասկած որ գիւղացիք մեծ եւ փոքր դուրս են գալի նայելու։
       Սակայն պէտք է ասել որ այս ձիարշաւը կատարւում է ամենայն տեղ։ Նոյն սովորութիւնը մենք տեսնում ենք Շիրակում, Բասենում, Երեւանի կողմերում, Ղազախում եւ այլուր։