Հայոց Հարցի վաւերագրերը

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՅԱՒԵԼՈՒԱԾ
ՈՒՐԻՇ ԱԶԳՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿՆԵՐԸ

Որպէս զի ճիշտ գնահատենք Հայաստանի համար զանազան ժամանակ կատարուած դիւանագիտական գործի բուն արժէքը, մենք պէտք է իմանանք թէ ինչ կերպով են ուրիշ ազգութիւնները ազատուել թիւրքական լուծից: Պատմութիւնը մեզ պարզ ցոյց կը տայ որ երկար ժամանակի ընթացքում մշակուեց ազատագրութեան մի իրական մի ջոց, որ ամեն անգամ, երբ գործադրութեան էր հրաւիրւում, տալիս էր միանգամայն գոհացուցիչ հետեւանքներ:

Ազատագրութեան այդ ապահով, փորձուած միջոցը ռուսաց պետական կանցլեր իշխան Գորչակովը գեղեցիկ կերպով ձեւակերպում էր «anatomie ou autonomie» (կա՛մ անդամահատութիւն կա՛մ աւտոնոմիա) բառերով: Այս ձեւակերպումն էլ կազմում էր ռուսաց քաղաքականութեան նշանաբանը Թիւրքիայի վերաբերմամբ մինչեւ 1880-ական թուականների սկիզբը:

Անդամահատութիւնը, ինչպէս ազատագրական միջոց, գործադրուեց միայն մի անգամ, 1829-1830 թուականներին, երբ Թիւրքիայի մարմնից բոլորովին կտրուեց ուանջատուեց Յունաստանը, ստանալով քաղաքական անկախութիւն: Աւելի շատ են այն դէպքերը, երբ ազգերը ազատութիւն ստանում էին աւտոնոմիայի միջոցով, եւ Թիւրքիայի նորագոյն պատմութիւնն արձանագրել է իր էջերում մի շարք աւտոնոմի աներ, իբրեւ հետաքրքրական յուշարձաններ ազգերի վերածնութեան: Այս յուշարձանները վերին աստիճանի կարեւոր նիւթեր են մանաւանդ հայերի համար:

Ուստի եւ ստիպողական պահանջ է առաջանում՝ դնել այստեղ այդ հարուստ եւ հրահանգիչ նիւթը:

Նախ քան առանձին առանձին իւրաքանչիւր աւտոնոմիայի դիմելը՝ հարկաւոր է այստեղ արձանագրել մի երկուընդհանուր դիտողութիւններ: Առաջինն այն է, որ բոլոր թիւրքական աւտոնոմիաները երկու տեսակի են 1) Այս կամ այն երկրից կազմւում է վասալական իշխանութիւն, որի գլուխը (իշխանը) ունի դինաստիա հիմնելու իրաւունքը, այսինքն իր իշխանութիւնը իր ժառանգներին թողնելու իրաւունքը: Երկիրը մի անգամայն ինքնավար է, ունի իր սեփական բանակը, մինիստրութիւններ, ժողովրդական ներկայացուցչութիւն, իսկ Թիւրքրային տալիս է որոշուած հարկ, որ նշան է թիւրք պետութեան վեհապետական իրաւունքների: 2) Տեղական աւելի սահմանափակ ինքնավարութիւն, որ իրագործւում է ընդհանուր մի նահանգապետի կարգումով: Այս գլխաւոր կառավարիչը ընտրում եւ հաստատւում է Սուլթանի կողմից որոշ ժամանակով: Նրա կառավարութեան տակ գտնւում են նահանգի գործերի ընդհանուր կարգադրիչներ, որոնք համապատասխանում են մինիստրներին. կայ եւ տեղային ընդհանուր ժողով, որ պարլամենտի պաշտօն է կատարում: Կայ տեղային ոստիկանութիւն, իսկ զինուորական ոյժը ներկայացւում է պահնորդ զինուորութեան (միլիցիա) ձեւով:

1. ԱՒՏՈՆՈՄ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆՆԵՐ

1. Եգիպտոս (միակ օրինակ մահմետական աւտոնոմիայի) 6817000 բնակիչ: Թիւրքերը, սուլթան Սէլիմ I ղեկավարութեամբ, վերջացրին Եգիպտոսի նուաճումը 1517-ին եւ դարձրին այդ երկիրը մի սովորական մի փաշայութիւն (փաշալըգ): Բայց փաշաների անուանական իշխանութեան տակ պահպանուեց երկրի նախկին կառավարութեան ձեւը եւ թիւրքերից առաջ Եգիպտոսում տիրած մամլիւքները շարունակեցին իրանց իշխանութիւնը [1]: 1801 թուին Եգիպտոսի փաշայ նշանակուեց Մէհմէդ-Ալի անունով մի թիւրք, որ օժտուած էր կազմակերպչական խոշոր տաղանդով: Նա կազմակերպեց բանակ եւրոպական ձեւով, պատերազմի բռնուեց թիւրքերի հետ, որոնց եւ յաղթեց մի քանի անգամ: Նա հաստատել էր կատարեալ անկախութիւն, բայց եւրոպական պետութիւնները (առաւելապէս շահագրգռուած Անգլիան եւ Ֆրանսիան) միջամտեցին եւ Անգլիան 1841-ին ստիպեց Մէհմէդ-Ալիին ընդունել Սուլթանի գերիշխանութիւնը: Եգիպտոսը դարձաւ մի տեսակ փոխարքայութիւն, որ միայն հարկ էր տալիս Թիւրքիային:

Մէհմէդ-Ալիի տոհմի ժառանգական սեփականութիւն դարձաւ իշխանութիւնը: 1870-ական թուականների վերջերին Եգիպտոսն այնքան զարգացրել էր իր ազգային գիտակցութիւնը, որ հասաւ կառավարութեան սահմանադրական կարգին: 1882-ին բացուեց եգիպտական պարլամենտը, որ սկսեց քննել մի նիստրների խորհրդի ծրագրած սահմանադրութիւնը: Այս բոլորն արդիւնք էր ազգային գաղափարով ոգեւորուած մի յեղափոխական շարժման [2]: Սակայն այդ շարժումն էլ պատճառ դարձաւ Անգլիայի միջամտութեան, որի հետեւանքը եղաւ այն, որ երկիրը ենթարկուեց անգլիական գրաւման եւ, ուրեմն, մտաւ Անգլիայի հովանաւորութեան տակ, միաժամանակ շարունակելով մնալ Թիւրքիայի մի մասը կազմող երկիր [3]: 1914-ի վերջերում Անգլիան ջնջեց օսմանեան գերիշխանութիւնը Նեղոսի հովտում եւ ստեղծեց մի կիսաանկախ պետութիւն, որ գտնւում է իր հովանաւորութեան տակ:

2. Մոլդաւիա (1, 600, 000 բնակիչ) եւ Վալաքիա (3, 200, 000 բնակիչ): Այս երկուիշխանութիւնները թիւրքերի ձեռքով նուաճուեցին XV դարի վերջերում եւ XVI-ի սկզբում: Բայց սուլթանները թողեցին նախկին աւատական-ճորտատիրական կարգը: Ժողովուրդը կառավարւում էր իշխաններով (հոսպոդար), որոնց սուլթանները նշանակում էին Կ. Պօլսի յոյների (ֆանարեօտների) միջից: 1773 թուի ռուս-թիւրքական պատերազմի ժամանակ ռուսները գրաւեցին երկուիշխանութիւններն էլ, բայց վերադարձրին նրանց նորից Թիւրքիային 1774 թ. յուլիսի 10-ին Քուչոկ-Կայնարջա գիւղում կնքուած դաշնադրութեամբ, որի 10-րդ յօդուածով մի շարք արտօնութիւններ ձեռք բերին իշխանութիւնների համար:

Ի միջի այլոց, ընդունւում էր որ Կ. Պօլսի ռուսաց դեսպանը վարէ Մոլդաւիայի եւ Վալաքիայի գործերը: Բացի նրանից՝ իշխանութիւնների կողմի ց երկուհաւատարմատարներ էին նշանակւում Կ. Պօլսում, իբրեւ նրանց ներկայացուցիչներ [4]: Այսպիսով մի կողմից երկուիշխանութիւնները աւելի ընդարձակում էին իրանց ներքին ինքնավարութիւնը, իսկ միւս կողմից՝ նրանց վրայ տարածւում էր Ռուսաստանի հովանաւորութիւնը: Այս սկզբունքները հաստատում էր եւ Եաշի դաշնադրութիւնը 1791 թուին: XIX դարի սկզբում Ռուսաստանը մեծամեծ ջանքեր է անում երկու իշխանութիւնները իր կալուածքներին միացնելուհամար եւ այդ պատճառով երկարատեւ պատերազմ է մղում Թիւրքիայի դէմ (1807-1811): Սակայն այս ծրագիրը նրան ամբողջապէս չէ յաջողւում եւ Բուքրէշի դաշնադրութեամբ (1812) նա կարողանում է միացնել միայն Բեսարաբիան:

1826 թուականին Ռուսաստանի եւ Թիւրքիայի մէջ ծագած մի շարք թիւրիմացութիւնները պարզելու համար տեղի ունեցան երկու պետութիւնների ներկայայուցիչների խորհրդակցութիւններ Ակքերման փոքրիկ քաղաքում, որոնք եւ յանգեցին մի յատուկ դաշնադրութեան: Այդ դաշնադրութեան կցուած էր մի ամբողջ առանձին յաւելուած, որ կանոնադրում էր երկու իշխանութիւնների համար հոսպոդարներ ընտրելու կարգը: Մինչեւ այդ՝ հոսպոդարները, ինչպէս տեսանք, նշանակւում էին Սուլթանի իշխանութեամբ: Այժմ սահմանւում էր ընտրողական կարգ: Երկու իշխանութիւնների մէջ ապրող ազնուականները (բօեարները) ընտրում էին իրանց մի ջից հոսպոդար եօթը տարի ժամանակով, որ եւ հաստատւում էր Սուլթանի կողմից, բայց պաշտօնանկ անել հոսպոդարին, նոյն իսկ եւ այն դէպքում, երբ այդ խնդրում էր նա ինքը, իրաւունք չունէր Սուլթանը առանց նախապէս ստանալու Ռուսաստանի համաձայնութիւնը:

Ադրիանուպօլսի դաշնադրութիւնն էլ (1829 թ. սեպտեմբերի 2) ունէր մի յատուկ յաւելուած, որի մէջ արդէն մանրամասն եւ որոշ կերպով որոշւում էին ներքին կատարեալ ինքնավարութեան սկզբունքները: Երկու իշխանութիւնները Թիւրքիայից բաժանւում էին Դունայ գետով, որի ձախ ափին Թիւրքիան չը պիտի ունենար բերդեր եւ այլ ձեռնարկութիւններ: Նոյն իսկ մահմետականները չունէին իրաւունք ապրելու գետի ձախ ափում, բացառութեամբ մի միայն վաճառականների, որոնք առանձին ֆիրմաներով կարող էին ժամանակաւորապէս ապրել այդ կողմերում իրանց առեւտրական գործերի համար: Թիւրքիան հանդիսաւոր կերպով խոստանում էր ոչ մի կերպ չը խառնուել երկու իշխանութիւնների ներքին գործերին: Սահմանւում էր միայն տարեկան հարկ, իշխանութիւնները իրաւունք էին ստանում, ներքին խաղաղութիւնը ապահովելու համար, պահել պահնորդ զօրք, որի քանակութիւնը իրանք պիտի որոշէին:

Ադրիանուպօլսի դաշնադրութիւնից յետոյ Ռուսաստանը ձեռք բերեց շատ մեծ ազդեցութիւն Թիւրքիայի վրայ եւ Հունքեար-Իսկէլէսիի դաշնադրութիւնը, որ 1833-ին կնքուեց այդ երկու պետութիւնների մէջ, Թիւրքիային տալիս էր, Ռուսաստանի վերաբերմամբ, համարեա ստորադասեալ վասսալի նշանակութիւն: Այդ ժամանակ էլ ռուսական ազդեցութիւնը սաստկացաւ Մոլդավիայի եւ Վալաքիայի մէջ, որոնք շարունակում էին գրաւուած մնալ ռուսական զօրքերով: Մշակուեց երկու իշխանութիւնների համար էլ ներքին կազմակերպչական կանոնադրութիւն, որ, չը նայած Ռուսաստանի տհաճութեան, ստացաւ եւրոպական գոյն, մտցնելով ժողովրդական ներկայացչութեան սկզբունքները կառավարութեան կարգերի մէջ:

Այս կանոնադրութիւնը հաստատուեց Սուլթանի կողմից համաձայն այս բանակցութիւնների, որ վաղօրօք ռուսաց կառավարութիւնը վարել էր Կ. Պօլսում:

Ռուսական հովանաւորութիւնը Դանուբեան երկու իշխանութիւնների մէջ շատ ցայտուն կերպով բնորոշում են այն դէպքերը, որոնք տեղի ունեցան 1848-ի ֆրանսիական յեղափոխութեան ազդեցութեան տակ: Չը պէտք է մոռանալ որ Ռուսաստանի տէրն այդ ժանանակ Նիկոլայ I էր, անհաշտ թշնամի ամեն մի յեղափոխական գործողութեան: 1848 թուին Մոլդովիայում, բայց առաւելապէս Վալաքիայում տեղի ունեցան յեղափոխական շարժումներ, որոնց ղեկավարներն էին գլխաւորապէս Արեւմտեան Եւրոպայում կրթութիւն ստացած մարդիկ: Գահընկէց եղաւ հոսպոդար Բիբեսկօն, կազմուեց ժամանակաւոր կառավարութիւն, որ դիմումն եր արաւ եւրոպական պետութիւններին եւ նոյն իսկ Թիւրքիային, անտես անելով Ռուսաստանը: Նիկոլայ կայսրի պահանջով՝ թիւրքական մի խոշոր բանակ մօտեցաւ իշխանութիւնների սահմանին. բայց երբ յայտնի դարձաւ որ այդ բանակի հրամանատար Սուլէյման փաշան աւելի հակուած է դէպի յեղափոխականների կողմը, Նիկոլայ կայսրը իր զօրքերը մտցրեց իշխանութիւնների մէջ յեղափոխութիւնը ճնշելուեւ Թիւրքիայի ամբողջութիւնը պահպանելու համար: Շարժումը խեղդուած էր:

Բալթա-Լիման տեղում նոր դաշնադրութիւն կնքուեց Ռուսաստանի եւ Թիւրքիայի մէջ, որ զրկում էր իշխանութիւնների բնակիչներին հոսպոդարներ ընտրելուիրաւունքից եւ վերականգնւում էր Սուլթանի հին իրաւունքը, որով նա նշանակում էր հոսպոդարներ:

Ղրիմի պատերազմը նշանաւոր փոփոխութիւններ մտցրեց եւ Մոլդավիայի ու  Վալաքիայի վիճակի մէջ: Պարիզի դաշնադրութիւնը վերացնում էր Ռուսաստանի հովանաւորութիւնը. երկու իշխանութիւններն այնուհետեւ պիտի գտնուէին Եւրոպայի հովանաւորութեան տակ եւ նորից ստանում էին իրանց համար հոսպոդարներ ընտրելու իրաւունքը: Եւրոպական հովանաւորութեամբ ծագում առան ազգայնական ուժեղ շարժումն եր, որոնք եւ ամբողջացրին այդ երկիրների պետական կազմակերպութիւնները:

Ամենից առաջ երկուիշխանութիւնները նշանաբան դարձրին միութիւնը մի իշխանութեան տակ: Այս հայրենասիրական շարժման չընդդիմացաւ եւ Ռուսաստանը, ուր արդէն վերջացած էր Նիկոլայ I-ի թագաւորութիւնը: 1859 թուին պէտք էր ընտրել հոսպոդարներ երկու իշխանութիւնների համար: Ազգային մի ութեան գաղափարն այնքան ուժեղացել էր, որ, չը նայած Թիւրքիայի դիմադրութիւններին, Մոլդավիայում էլ Վալաքիայում էլ հոսպոդար ընտրուեց միեւնոյն անձը-գնդապետ Կուզան: Մի քանի անպտուղ ձգձգումներից յետոյ Թիւրքիան ստիպուած եղաւ ընդունել այդ միացումը: Այնուհետեւ երկու երկիրները մի միացել իշխանութիւն էին կազմում՝ Մոլդավօ Վալաքիա անունով: 1862 թուին բացուեց առաջին ընդհանուր օրէնսդրական ժողովը: Չորս տարի հազիւ անցած այդ ժամանակից՝ հասարակական շարժումն երը առաջացրին մի նոր երեւոյթ. զգացւում էր թէ տեղացիներից ընտրուող իշխանները անկարող են երկիրը առաջ տանել, ուստի անհրաժեշտ էր իշխանութիւնը դարձնել դինաստիա եւ հրաւիրել մի օտար իշխան:

1866-ին ընտրուեց Պրուսիայի թագաւորական տան իշխաններից մէկը, Կարլ Հոհենցոլլերն, իսկ երկուիշխանութիւններն ստացան Ռումի նա ընդհանուր անունը: Դա կիսանկախ մի պետութիւն էր, որ ճանաչում էր իրան Թիւրքիայի վեհապետական իրաւունքներին ենթարկուած եւ վճարում էր նրան հարկ: Նոր պետութեան քաղաքական զարգացումն այնքան արագ առաջ գնաց, որ 1877-ին, երբ ծագեց ռուս-թիւրքական պատերազմը, Ռուսաստանի հետ դաշնակից դարձաւ եւ պատերազմի ն մասնակցեց նաեւ Ռումանիան:

Պատերազմի հետեւանքներից մէկն էլ այն էր, որ Ռումինիան դարձաւ անկախ թագաւորութիւն:

3. Սերբիա (2, 450, 000 բնակիչ): Սլաւոնական ազգերից առաջինը սերբերն էին, որ XIX դարի սկզբում իրագործեցին վաղուց ի վեր իրանց սնուցած ու փայփայած ազգային իդէալը-ապստամբութիւն թիւրքական բռնակալութեան դէմ եւ ազատութիւն:

1804 թուականին սկսուած սերբիական ապստամբութիւնը առաջ մղուեց յաղթականօրէն՝ Կարա-Գիորգիի ղեկավարութեամբ: Սկզբում Սերբիան յոյս ունէր Աւստրիայի վրայ, բայց տեսնելով նրա թշնամական վերաբերմունքը, դիմեց Ռուսաստանին: Իսկ Ռուսաստանը այդ միջոցին քաղաքական հանգամանքների բերմունքով այնպիսի դրութեան մէջ էր Թիւրքիայի վերաբերմամբ, որ 1806-ից պատերազմական գործողութիւններ սկսեց նրա դէմ: Սերբերը միացան ռուսների հետ պատերազմական գործողութիւնների մէջ: Ռուսաց զօրքերի հրամանատարը կամաւորների գնդեր կազմեց սերբերից եւ բոլգարներից, ապստամբութեան ղեկավար Կարա-Գիորգին ճանաչուեց սերբ ժողովրդի առաջնորդ եւ 1807-ից ռուսները պաշտօնապէս դաշնադրութիւն կնքեցին սերբերի հետ՝ պատերազմը միասին մղելու համար: Այս պատերազմը ընդհատումն երով ձգձգուեց մի նչեւ 1812 թուականը եւ վերջացաւ Բուքրէշի դաշնադրութեամբ, որ Աղէքսանդր I կայսրը շտապեց կնքել՝ Նապօլէօնի ծրագրած արշաւանքին դիմադրելու միջոց ունենալու համար, եւ այդ պատճառով էլ այդ դաշնագրի պայմաններից շատերը չէին կարող ռուսական շահերի տեսակէտից գոհացուցիչ համարուել: Սերբիայի վերաբերմամբ ռուսաց կառավարութիւնն այն միայն կարողացաւ անել, որ մտցրեց Բուքրէշի դաշնադրութեան մէջ խոստում Թիւրքիայի կողմից տալու սերբերին ներքին ինքնավարութիւն, այն է՝ բաւականանալ որոշուած հարկ ստանալով եւ չը խառնուել սերբերի ներքին գործերի մէջ: Կարա-Գիորգին ճանաչւում էր սերբ ժողովրդի բարձրագոյն պետ:

Խոստումը չիրագործուեց իսկոյն, մանաւանդ որ դաշնադրութիւնը այդ խոստումը համարել էր «գթասրտութեան» գործ: Սակայն դաշնադրութիւնն ունէր այն կարեւոր նշանակութիւնը որ այդ միջազգային գործով ճանաչւում էին Սերբիայի իրաւունքները եւ բացի դրանից՝ Սերբիան դրւում էր Ռուսաստանի հովանաւորութեան տակ, քանի որ վերջինս իրաւունք էր ստանում հսկելու թէ ինչպէս են կատարւում Թիւրքիայի խոստումները, որոնք ձեւակերպուած էին Ռուսաստանի թելադրած պայմանագրի մէջ:

Բուքրէշի դաշնադրութիւնից յետոյ Ռուսաստանը, սակայն, չը կարողացաւ իրական քայլեր անել յօգուտ Սերբիայի. Նապօլէօնի դէմ մղած պատերազմը կլանեց նրա բոլոր ոյժերը եւ սերբերը մենակ էին պահանջներ ներկայացնում թիւրք կառավարութեան: Սա, թելադրուած ֆրանսիական կառավարութիւնից, ոչ միայն մերժեց որ եւ է խոստում կատարելը, այլ եւ պատերազմական գործողութիւններ սկսեց՝ Սերբիան նորից նուաճելու համար: Նորից ապստամբութիւնը պայթեց այդ երկրում եւ ժողովրդի հերոսական կռիւը ազգային դրօշակի տակ հաւաքեց սերբերին զանազան կողմերից: Բայց յաղթեցին թիւրքերը: Երկրի մէջ նորից հաստատուեց մահմետական իշխանութիւնը, Կարա-Գիորգին իր կողմն ակիցների հետ փախաւ Ռուսաստան: Բայց այս դեռ ժողովրդական լքում չէր: Նրա տեղ ապստամբութեան գլուխ անցաւ Միլօշ Օրբենովիչը, որ եւ ազգային դատի ներկայացուցիչը դարձաւ: Այդ մի ջոցին, այսինքն 1815-ին, գումարուած էր Վիեննայի Վեհաժողովը, որ ինչպէս յայտնի է, Եւրոպայի համար քաղաքական կարգեր էր սահմանում Նապօլէօնի անկումից յետոյ: Սերբերը պատգամաւորութիւն ուղարկեցին Վիեննա՝ աղաչելուհամար վեհաժողովի անդամն երին որ ուշադրութիւն դարձնեն դժբախտ Սերբիայի դրութեան վրայ: Բայց ոչ ոք, նոյնիսկ Ռուսաստանը, ուշադրութիւն չը դարձրեց եւ պատգամաւորութիւնը ձեռնունայն վերադարձաւ: Ռուսաստանի վարմունքն այն պատճառն ունէր, որ նա, Սրբազան Դաշնադրութեան համաձայն, պիտի եւրոպական քաղաքականութեան հետ համերաշխ գնար, իսկ այդ քաղաքականութիւնը հիմն ուած էր գոյութիւն ունեցող «օրինական կարգը», այսինքն գոյութիւն ունեցող պետութիւնները պահպանելու սիստեմի վրայ:

Այս հանգամանքն էլ չը յուսահատեցրեց սերբերին: Նրանք շարունակեցին փորձեր անել ուղղակի թիւրք կառավարութեան հետ բանակցութիւններ շարունակելու: Վերջինս, չը կամենալով առիթներ տալ որ Ռուսաստանը միջամտութեան պատրուակներ ստեղծէ, մի ժամանակ զիջողութիւնների քաղաքականութեան դիմեց եւ համաձայնութիւն յայտնեց Միլօշ Օրբենովիչին ժառանգական իշխան ճանաչել, եթէ նա կընդունէ իր առաջարկած պայմանները: Այդ պայմանները ստորացուցիչ եւ վնասակար էին սերբ ժողովրդի համար, ուստի Կ. Պօլսի ռուսաց դեսպանը համոզեց Օրբենովիչին չընդունել թիւրքական առաջարկութիւնը: 1820 թուին սերբիական մի նոր պատգամաւորութիւն գնաց Կ. Պօլիս՝ բանակցութիւններ վարելու թիւրք կառավարութեան հետ: Ռուսաց կառավարութիւնն այդ մի ջոցին միայն այն օգնութիւնն էր հասցնում սերբերին, որ թոյլ էր տալիս այդ բանակցութիւնները վարել Կ. Պօլսի ռուսական դեսպանի միջոցով:

Սերբ պատգամաւորութեան առաջարկած պայմաններն էին. 1) Բոլոր այն քաղաքներն ու գիւղերը, որոնք Բուքրէշի դաշնադրութեան միջոցին գտնւում էին ապստամբական դրութեան մէջ, պիտի մտնեն սերբիական իշխանութեան կազմի մէջ, թէեւ չեն պատկանում Բելգրադի փաշալըգութեան. 2) Ամեն տեսակ հարկեր, որ վճարում է Սերբիան Բ. Դրան, պիտի միացուին մի ընդհանուր գումարի մէջ, որ պիտի որոշուած լինի մի անգամ ընդմիշտ. 3) Սուլթանը Միլօշին կը հաստատէ Սերբիայի իշխանի կոչման մէջ, տալով իրաւունք յանձնել այդ իշխանութիւնը իր ժառանգներին եւ նշանակել հանրային վարչութեան համար անհրաժեշտ պաշտօնեաներ. 4) Սերբիայում օրթօդոքս դաւանութիւնը պիտի ստանայ կատարեալ ազատութիւն եւ իրաւունք կառուցանելու եկեղեցիներ ու վանքեր, բաց անելու դպրոցներ եւ հիմնելու տպարաններ. 5) Թիւրքերին արգելուած կը լինի բնակութիւն հաստատել Սերբիայում այն բերդերից դուրս, ուր թիւրքական զօրքեր կը մնան:

Բայց այս առաջարկութիւնները չընդունուեցին, որովհետեւ հէնց այդ ժամանակ պայթեց յունական ապստամբութիւնը եւ կատաղած սուլթան Մահմուդը հրամայեց բանտարկել սերբ պատգամաւորներին: Բանտից նրանք ազատուեցին միայն 1824-ին, այն էլ ռուսաց կառավարութեան կողմից առաջադրուած ուլտիմատումի ուժով: Սերբիական հարցը այնուհետեւ մէկ էլ արծարծուեց Ակքերմանի դաշնադրութեան մէջ, ուր Ռուսաստանը պարտաւորեցրեց թիւրք կառավարութեան կատարել Բուքրէշի դաշնադրութեան 8-րդ յօդուածը Սերբիայի վերաբերմամբ, աւելացնելով որ նկատի պէտք է առնուեն սերբիական պատգամաւորութեան կողմից առաջարկուած վերոյիշեալ պայմանները եւ թիւրք կառավարութիւնը պարտաւոր է հաշիւ տալ ռուսական կառավարութեան թէ ինչ է արել այս ուղղութեամբ:

Բայց այս պայմաններն էլ չը կատարեց Թիւրքիան, համարելով նրանց իւր մի պաշտօնական հաղորդագրութեան մէջ «հրէշաւոր եւ անիրագործելի»: Բայց մի երկուտարուց յետոյ Ռուսաստանը նորից այդ պարտաւորութիւնը դրեց Թիւրքիայի վրայ Ադրիանուպօլսի դաշնադրութեան վեցերորդ յօդուածով, որի զօրութեամբ Թիւրքիան այս անգամ արդէն «ամենահանդիսաւոր» խոստում էր տալիս իրագործելու Ակքերմանի դաշնադրութեան կցած այն առանձին յաւելուածը, որ վերաբերւում էր Սերբիային:

Հետեւեալ տարին, այն է 1830-ին, հրատարակուեց սուլթանական մի ֆիրման, որ խոստանում էր Սերբիային շուտով իրագործել այն բոլորը, ինչ յանձն էր առնուած դաշնագրերով նրա օգտին: Բայց այս պաշտօնական յայտարարութիւնը դարձաւ անբովանդակ խոստում: Սերբիական պատգամաւորութիւնը Կ. Պօլսում բանակցութիւններ էր վարում, բայց թիւրք կառավարութիւնը իւրաքանչիւր քայլում խոչընդոտներ էր յարուցանում եւ գործը այսպիսով ձգձգւում էր: Այդ իսկ միջոցին Բելգրադի վեզիր Հիւսէին փաշան ցոյց տուեց թէ ինչպէս պէտք է գործ տեսնել թիւրքերի հետ: Նա անկեղծաբար յայտնեց թէ վճռական դեր կարող է կատարել մի միայն սերբիական ոսկին: Ոչ մի դիւանագիտական քայլ, ոչ մի դաշնադրութիւն, -ասաց փաշան, չէ կարող այն ազդեցութիւնն անել, ինչպէս թիւրք իշխանաւորներին մատուցած կաշառքը: Միլօշը իսկոյն դիմեց այդ միջոցին եւ նրա ծախսած գումարները միանգամայն հրաշագործ հանդիսացան: Նոյն 1830 թ. սեպտեմբերին ստորագրուեց Սուլթանի ֆիրմանը, որի զօրութեամբ 1) Սերբերն ստանում էին կրօնական կատարեալ ազատութիւն. 2) Միլօշ Օրբենովիչը հաստատւում էր սերբ ազգի ժառանգական իշխանի աստիճանի մէջ. 3) Երկրի ներքին գործերի կառավարութիւնն անցնում էր իշխանին, որ գործում էր աւագների ժողովի համաձայնութեամբ. 4) Սերբիայի կախումը Թիւրքիայից արտայայտւում էր մի միայն նրանով, որ Սերբիան հարկ էր տալիս, իսկ թիւրք զօրքերը մնում էին մի քանի բերդերում. 5) Թիւրք պաշտօնեաներին արգելւում էր խառնուել իշխանութեան ներքին գործերի մէջ. 6) Իշխանին իրաւունք էր տրւում զօրք պահելու՝ երկրի հանգստութիւնը ապահովելուհամար. 7) Սերբերն իրաւունք ունէին հիմն ել հիւանդանոցներ, տպարաններ, դպրոցներ. 8) Դատելու իրաւունքը տրւում էր իշխանին. 9) Այն մահմետականներին, որոնք չէին պատկանում բերդապահ զօրքերին, արգելւում էր բնակուել Սերբիայի մէջ. 10) Սերբերին թոյլատրւում էր որ նրանք իրանք ընտրեն իրանց միջից մետրապօլիտներ եւ եպիսկոպոսներ, այն պայմանով, որ այդ ընտրութիւնները հաստատուեն Կ. Պօլսի պատրիարքի կողմից. 11) Սերբերին թոյլատրւում էր ունենալ Կ. Պօլսում իրանց գործակատարներին, յարաբերութիւններ ունենալու համար Բ. Դրան հետ այն բոլոր գործերում, որոնք վերաբերւում էին նրանց կիսանկախ պետութեան [5]:

Սերբիան այսպիսով ազատագրուած էր, ունենալով իր կախումը Թիւրքիայից եւ մնալով Ռուսաստանի հովանաւորութեան տակ: Միլօշը հասնելով այսքան նշանաւոր յաջողութեան, իսկոյն ձեռք զարկեց երկրի համար գրաւոր օրէնսդրութիւն ստեղծելու գործին: Բայց այստեղ Սերբիան կանգնած էր իր հովանաւորի դիմադրութեան առաջ: Ռուսաստանը յանկարծ սկսեց անձեռնտու համարել Սերբիայի մեծացումը եւ ուժեղացումը, որ պիտի դրդէր նրան դուրս գալ Ռուսաստանի հովանաւորութեան տակից: Այս առիթով ծագեցին եւ ներքին խռովութիւններ, բայց վերջիվերջոյ 1835-ին գումարուած սկուպշչինան ընդունեց իշխանութեան համար խմբագրուած կանոնադրութիւնը: Այսպիսով Սերբիան դարձաւ սահմանադրական իշխանութիւն:

1860-ական թուականների սկզբում հարց ծագեց թիւրքաց բերդապահ զօրքերի մասին. սերբիական իշխան Միխայէլը եռանդուն դիւանագիտական քայլեր արաւ, աշխատելով համաձայնութիւն կայացնել որ բերդապահ զօրքերը դուրս հանուեն Սերբիայից: Այս առիթով խոշոր անհամաձայնութիւն ծագեց Սերբիայի եւ Թիւրքիայի մէջ եւ թիւրքերը 1862-ին ռմբակոծեցին Բելգրադը: Բայց եւ այդպէս, հարցը, եւրոպական պետութիւնների օգնութեամբ, լուծուեց յօգուտ Սերբիայի հետեւեալ եղանակով. սերբիական կառավարութիւնը գրաւոր դիմում արաւ Բ. Դրան, խնդրելով իրան զիջել Սերբայի սահմաններում գտնուող բերդերը: Բ. Դուռը պատասխանեց թէ Սուլթանը համաձայն է տալ բերդերը Սերբիային, սակայն այն պայմանով որ սերբիական դրօշակի հետ ծածանուի եւ թիւրքականը:

Այս արդէն մի մեծ քայլ էր դեպի անկախութիւն: Իսկ անկախութիւնը տեղի ունեցաւ 1878 թ. Բերլինի դաշնադրութեամբ, որի 34 յօդուածը վերաբերւում է յատկապէս այդ առարկային [6]:

4. Սամոս կղզի (45000 բնակիչ): Այս կղզին միացած էր Յունաստանին նրա ապստամբութեան եւ Թիւրքիայի հետ ունեցած երկարատեւ պատերազմների ժամանակ: Յունաստանն ազատուեց անկախ պետութիւն դարձաւ, բայց Սամոսը չէր կարող նրա հետ միանալ այդ նոր կարգի մէջ, որովհետեւ մի կղզի է դա, որ մօտ է Միջերկրականի թիւրքական ափին: Այս պատճառով կղզին 1832 թուին ստացաւ ինքնավարութիւն եւ դրուեց, անկախ Յունաստանի նման, Անգլիայի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի հովանաւորութեան տակ:

Սամոսի ինքնավարութիւնը հետեւեալ ձեւն էր ստանում: Սամոսը Թիւրքիայի մի անբաժան մասն է եւ նրա բնակիչները Սուլթանի հաւատարիմ հպատակներն են: Կղզուբարձր կառավարութիւնը բաղկացած է մի խորհրդից, որի անդամն երը ընտրւում են ազգաբնակութեան երեւելիներից: Այս խորհրդի ձեռքին է կղզու ընդհանուր կառավարութիւնը. նա է որ կարգաւորում է վարչութեան բոլոր ճիւղերը: Խորհրդի նախագահը ընտրում եւ հաստատում է Սուլթանը, տալով նրան Սամոսի իշխան տիտղոսը: Իշխանը պիտի լինի կղզու բնակիչների կրօնին (յունադաւան) պատկանող մէկը: Նրա հետ կղզի է գնում եւ մի էֆէնդի, ընտրուած թիւրք պաշտօնեաների միջից: Իշխանը veto-ի իրաւունք ունի: Կղզում գոյութիւն ունի միայն ոստիկանութիւն: Զօրքեր չը կան: Ազգաբնակութիւնը թիւրք կառավարութեան տալիս է տարեկան «խարաջ» (հարկ) 400000 ղրուշ: Կղզուց պատգամաւորներ պիտի գնան Կ. Պօլիս՝ արկանելուառ ոտս գահոյից Սուլթանի բնակիչների հաւատարիմ հպատակութեան զգացմունքները [7]:

Այսպիսով՝ Սամոսը մի իշխանութիւն է, բայց ոչ ժառանգական:

5. Բոլգարիա (3154000 բնակիչ): 1877-1878 թ. ռուս թիւրքական պատերազմի գլխաւոր նպատակը Բոլգարիայի ազատագրութիւնն էր: Սան-Ստեֆանօի դաշնադրութիւնը ստեղծում էր մի մեծ Բոլգարիա՝ Դանուբի ափից մինչեւ Էգէյեան ծովը: Բայց դա դեռ մի անկախ պետութիւն չէր, այլ մի վասսալական իշխանութիւն, հարկատու Թիւրքիային, ունէր քրիստոնեայ կառավարութիւն եւ տեղական պահնորդ զօրք (մի լիցիա): Բերլինի դաշնադրութիւնը, պահպանելով կառավարչական այդ ձեւը, փոքրացրեց բոլգարական իշխանութեան սահմանները: Վասսալական կազմակերպութիւն ստանում էր հիւսիսային մասը, Դանուբից մինչեւ Բալկանեան լեռները: Իսկ հարաւային մասը բաժանւում էր, ստանալով Արեւելեան Ռումելի անունը եւ մնում էր Սուլթանի իշխանութեան տակ իբրեւ վարչական ինքնավարութիւն (autonomie administrative) վայելող մի նահանգ:

Կիսանկախ Բոլգարիայի ազգաբնակութիւնը ստանում էր ազատ իրաւունք իր համար իշխան ընտրելուեւ պիտի իր ներկայացուցիչներն ուղարկէր Տիրնով քաղաքը՝ հաստատելու համար այն սահմանադրութիւնը, որ կը մշակուի մինչեւ այդ: Մինչեւ իշխան ընտրելը եւ այնուհետեւ նոր կարգեր հաստատելը Բոլգարիայի կառավարութիւնը յանձնւում էր ռուսաց կայսերական կոմիսարին:

Այդ բանի համար նշանակւում էր երկուտարի ժամանակ եւ այդքան ժամանակ էլ Բոլգարիայում պիտի մնար ռուսաց զօրքերից մի բանակ ոչ աւել 50000 հոգուց: Այսպիսով նոր ազատուած երկիրը իրապէս դրուած էր իր ազատողների պրօտեկտօրատի տակ: Ժողովրդի կողմից հաստատուեց բոլգարական սահմանադրութիւնը, ընտրուեց եւ իշխան, բայց ռուսները մնացին գլխաւոր դերակատարները վարչութեան մէջ: Դաշնադրութեան սահմանած մի լիցիայի փոխարէն ռուս գեներալները կազմակերպեցին կանոնաւոր բանակ, իսկ միլիցիան, նոյն ռուսների ձեռքով, կազմուեց Արեւելեան Ռումելում, որտեղից ռուսաց զօրքերը պիտի հեռանային ինն ամսուայ ընթացքում: Սակայն ռուսական այս խնամակալութիւնը ծանր էր գալիս բոլգարական ինտերլիգենցիայի մի մասին, որ տեսնում էր ռուսական ձգտումն երի մէջ վտանգ բոլգարական ազատութեան համար: Այս հողի վրայ ծագեցին երկարատեւ հակառակութիւններ ազատողների եւ ազատուածների մէջ, հակառակութիւններ, որոնք ծնեցրին Բոլգարիայում մի կատաղի ռուսատեացութիւն (Ստամբուլով եւ ուրիշները), որ քիչ էր մնում պատճառ դառնայ մի ռուս-բոլգարական պատերազմի: Այս հակառակութիւնները արգելք չը հանդիսացան որ Բոլգարիան շարունակ զարգանայ եւ ուժեղանայ [8]: 1885-ին, յեղափոխութեան մի ջոցով, Արեւելեան Ռումելին միացաւ Բոլգարիային, հակառակ Ռուսաստանի բողոքներին: Տարիների ընթացքում բոլգարական բանակը դարձաւ պատկառելի ոյժ եւ դրա վրայ հիմն ուելով, Բոլգարիան 1908 թուին, ուղիղ երեսուն տարի անցած իր ազատագրութիւնից, դէն ձգեց Թիւրքիայի գերիշխանութիւնը եւ դարձաւ անկախ մի թագաւորութիւն:

2. ԱՒՏՈՆՈՄ ՆԱՀԱՆԳՆԵՐ

6. Լիբանան: Այս լեռնաստանին նահանգական ինքնավարութիւն տալու պատճառ դարձաւ Նապօլէօն III կայսրը, որ թէեւ շարունակ դիմադրում էր Ռուսաստանին թիւրքական գործերում, առաջ քաշելով այն սկզբունքը թէ պէտք է Թիւրքիան բարեկարգել եւրոպական հիմքերի վրայ, պէտք է բարենորոգումներ մտցնել պետութեան ամբողջ ազգաբնակութեան եւ ոչ թէ նրա այս կամ այն մասի համար, բայց երբ 1860-ին տեղի ունեցան Սիրիայի համբաւաւոր կոտորածները, ուրիշ մի ելք չը գտաւ կաթոլիկ քրիստոնեայ մարոնիտներին պաշտպանելու համար, բայց միայն ստեղծելով նրանց երկրի համար ինքնավարական կարգ: Այս դէպքում Նապօլէօնն, ուրեմն, ընդգրկում էր ռուսաց կառավարութեան սկզբունքները:

Յայտնի է որ Լիբանանում ապրում են մի քանի ազգութիւններ, որոնց մէջ գլխաւորներն են դրուզներն ու մարոնիտները: Սրանք համարեա մշտապէս պատերազմում էին իրար հետ: 1860-ին դրուզները մեծ կոտորածներ արին Դամասկոսում եւ այլ տեղերում:

Ֆրանսիական մի զօրաբանակ ափ իջաւ Սիրիայում եւ թիւրքաց կառավարութիւնը, այսպիսի դէպքերում իր սովորական երկդիմի խաղերից ոչինչ օգուտ չը ստանալով, ստիպուած եղաւ ընդունել Ֆրանսիայի պահանջները, որոնց միացան եւ միւս պետութիւնները: 1861 թուի յունիսի 9-ին պետութիւնների ներկայացուցիչներն ստորագրեցին Լիբանանի վերակազմութեան վերաբերեալ կանոնադրութիւնը, որ յետոյ վերամշակուեց 1864-ին: Այս կանոնադրութեամբ Լիբանանը կառավարւում է մի ընդհանուր նահանգապետի ձեռքով, որ նշանակւում է Սուլթանի կողմի ց եւ պիտի լինի քրիստոնեայ: Նա փոփոխելի է: Նրան է յանձնւում ամբողջ գործադիր իշխանութիւնը, հսկել կարգ ուկանոնի, հասարակական հանգստութեան վրայ, բաշխել հարկերը, նշանակել պաշտօնեաներ, հաւաքել վարչական մէջլիս եւ նախագահել այնտեղ: Վարչական մէջլիսը մի հատ է ամբողջ Լեռնաստանի համար եւ բաղկացած է 12 անդամներից: Դրանք ընտրւում են նշանակուած գաւառներից եւ պիտի անպատճառ պատկանէին կանոնադրութեան մէջ նշնակուած կրօններին. օրինակ, Ջէզին գաւառը պիտի տար մի մարօնիտ, մի դրուզ, մի մուսիլման, իսկ Մետտէն գաւառը-մի մարօնիտ, մի օրթօդոքս յոյն, մի դրուզ եւ մի մետուալի:

Այդ կենտրոնական մէջլիսը տուրքեր է սահմանում, հսկում է եկամուտների վրայ եւ խորհրդակցական ձայն ունի նահանգապետի մօտ՝ սրա առաջադրած բոլոր հարցերի վերաբերեալ: Գաւառների գլխաւորներին նշանակում է նահանգապետը, իսկ գիւղապետները (շէյխերը) ընտրում են գիւղի ազգաբնակութեան կողմից: Ամենքը հաւասար են օրէնքի առջեւ: Կանոնադրութիւնը մանրամասն կերպով կարգաւորում է երկրի դատաստանական մասը: Դատաւորներին նշանակում է նահանգապետը: Դատարանները մի քանի տեսակ են, փոքր պահանջները քննում են գիւղական տանուտէրերը (շէյխերը), իսկ աւելի մեծ պահանջների համար հիմն ւում են դատաստանական երեք ինստանցիաներ: Քրէական դատավարութիւնն էլ յատուկ կազմակերպութիւն է ստանում:

Սովորական ժամանակ երկրում կարգ պահպանում է ոստիկանութիւնը, որի պաշտօնեաները հաւաքւում են ազգաբնակութիւնից, հաշուելով 7 հոգի իւրաքանչիւր 1000 բնակչից: Ընդհանուր նահանգապետը արտակարգ դէպքերում կարող է դիմել Լիբանանից դուրս գտնուող պետական զօրքերի աջակցութեան: Երկիրը մտած զօրքերը պիտի հեռանան, հէնց որ ընդհանուր նահանգապետը կը հաղորդէ հրամանատարին, թէ այլեւս կարիք չըկայ, որ նրանք մն ան երկրում:

Լիբանանը հարկ է տալիս 3500 քսակ ղրուշ եւ այս քանակութիւնը կարելի է աւելացնել: Բայց եթէ եկամուտները աւելի քիչ են, քան անհրաժեշտ ծախսերը, այն ժամանակ պակասորդ գումարը տալիս է պետական գանձարանը:

Հանրային աշխատանքների կամ ուրիշ արտակարգ ծախսերի վերաբերմամբ Բ. Դուռը պարտաւոր է վճարումներ անել այնչափով, որչափով որ նա նախօրէն տուել է իր համաձայնութիւնը այդպիսի ծախսեր կատարելու [9]:

7. Կրետէ (300, 000 բնակիչ): Այս հռչակաւոր հին կղզին, Թիւրքիայի տիրապետութեան տակ ընկնելուց յետոյ, շատ անգամ է փորձել ապստամբութեամբ ձեռք բերել իր կորցրած ազատութիւնը: Այդ ապստամբութիւններից մէկը սկսուեց 1866 թուին:

Ապստամբութիւնը հերոսական էր եւ նպատակ ունէր կղզին միացնել Յունաստանին, որ եւ ամենաեռանդուն աջակցութիւն էր ցոյց տալիս ապստամբուածներին: Ռուսաստանի համակրութիւնն էլ կրետացիների կողմն էր, մինչդեռ Անգլիան եւ Ֆրանսիան պաշտպանում էին թիւրք պետութեան ամբողջութիւնը: Թիւրքիան այս անգամ էլ կարողացաւ ճնշել ապստամբութիւնը. բայց որովհետեւ Յունաստանը շարունակում էր պաշտպանել կրէտական ազատագրութիւնը եւ նրա յարաբերութիւնը այս պատճառով շատ սառը կերպարանք էին ընդունել Թիւրքիայի վերաբերութեամբ, ուստի եւրոպական դիւանագիտութիւնը դարձեալ մի ջամտեց եւ Պարիզում տեղի ունեցաւ դեսպանաժողովի մի շարք նիստեր՝ այդ սուր յարաբերութիւնները հարթելուհամար: Արեւմտեան պետութիւնները այդտեղ, իհարկէ, դարձեալ պաշտպանում էին Թիւրքիան, այնպէս որ վերջիվերջոյ Յունաստանը եւ մասնաւորապէս Կրետէն չը հասան իրենց նպատակին: Կղզին մնաց Թիւրքիայի տիրապետութեան տակ: Իսկ այդ տիրապետութեան դէմ եղած տրտունջներին վերջ տալու համար, թիւրք կառավարութիւնը 1868 թուին համաձայնուեց տալ կղզուն վարչական ինքնավարութիւն, որ, սակայն, գործադրութեան մէջ չը մտաւ, այնպէս որ Բերլինի Վեհաժողովը 1878-ին մտցնում էր դաշնադրութեան մէջ մի առանձին յօդուած (23-րդ), որով պարտաւորեցնում էր թիւրք կառավարութիւնը իրագործել Կրետէ կղզում 1868 թուին խմբագրուած կազմական կանոնադրութիւնը, մտցնելով նրա մէջ այն փոփոխութիւնները, որոնք անհրաժեշտ կը դատուեն նոր պահանջների համաձայն: Այդ փոփոխութիւններն էլ խմբագրուեցին 1878 թուին եւ այդպիսով լրացաւ Կրետէի կազմակերպական կանոնադրութիւնը, որ բաղկացած էր երեք մասերից՝ վարչական, դատաստանական եւ ընդհանուր ժողով:

Կղզին բաժանւում էր հինգ նահանգների որոնց գլխաւորները նշանակւում են Սուլթանի իրադէներով, իսկ ամբողջ կղզու կառավարութիւնը յանձնւում է մի ընդհանուր նահանգապետի, որ նոյնպէս նշանակւում է Սուլթանի հրամանով: Նահանգապետներն ընտրւում են թիւրքական կայսրութեան պաշտօնեաների միջից. կէսը մահմետականներից, իսկ կէսը քրիստոնեաներից: Գործադիր իշխանութիւնը պատկանում է ընդհանուր նահանգապետին, որի մօտ կայ վարչական մի խորհուրդ: Այսպիսի խորհուրդներ ունին եւ նահանգապետները նահանգներում, գաւառապետները գաւառներում, իսկ գիւղական համայնքները ունին ծերերի ժողովներ:

Ընդհանուր նահանգապետի խորհուրդը բաղկացած է երկու խորհրդականներից, որոնք նշանակւում են Սուլթանի կողմից եւ որոնցից մէկը քրիստոնեայ է, միւսը՝ մահմետական եւ երկուսն էլ ընտրւում են օսմանեան պաշտօնեաների միջից, ապա ընդհանուր հարկահանից, միտրապօլտից, արդարարդատութեան վերահսկիչից, երկուընդհանուր քարտուղարներից ու վեց անդամն երից՝ երեքը մահմետական, երեքը՝ քրիստոնեայ, որոնք ընտրւում են կղզու քրիստոնեայ եւ մահմետական ազգաբնակութիւնից: Ընդհանուր նահանգապետը չէ կարող վարչական զանազան ճիւղերի վերաբերեալ հրահանգներ հրատարակել, առանց վարչական խորհրդի համաձայնութեան: Նոյն այդ խորհուրդին է պատկանում վերահսկողութեան իրաւունքը:

Գանք նահանգապետներին: Եթէ նրանք քրիստոնեայ են՝ նրանց օգնականները պիտի լինեն մահմետական եւ հակառակը: Նահանգապետներն ունին նոյնպէս վարչական խորհուրդներ, որոնք բաղկացած են նահանգապետի օգնականից, հարկային տեսչից, դատաւորից, եպիսկոպոսից, երկու գլխաւոր քարտուղարներից եւ վեց ընտրուած անդամներից, դարձեալ երեքը քրիստոնեայ եւ երեք մահմետական: Միեւնոյն տեսակ կազմակերպութիւն ունին եւ գաւառական խորհուրդները, այն տարբերութեամբ մի միայն, որ այդտեղ քրիստոնեայ հոգեւորականութիւնը ներկայացուցիչ չունի:

Նահանգական խորհուրդների անդամն երին ընտրում են գաւառները, իսկ գաւառական խորհրդի անդամն երին ծերերի ժողովները:

Դատաստանական գործը կազմակերպուած է այնպէս, ինչպէս պահանջում են ազգաբնակութեան կրօնական բաժանումն երը, այն է՝ մահմետականները իրար հետ դատ վարում են Շէրիի օրէնքներով, քրիստոնեաները՝ աշխարհական դատարաններում, որոնց համար մշակուած օրէնքներ արդէն գոյութիւն ունին պետութեան մէջ, իսկ երբ դատը քրիստոնեաների եւ մահմետականների մէջ է, կազմւում են խառն դատարաններ: Առեւտրական, քաղաքացիական եւ քրէական դատավարութիւնների համար էլ հիմն ւում են յատուկ դատարաններ, որոնք չորս տեսակի են, ինչպէս վարչական կազմն է: Գիւղերում տանուտէրն (շէյխ) է դատաւորը եւ նրան ենթակայ են փոքրիկ պահանջները. այնուհետեւ գալիս են գաւառական, նահանգական դատարանները եւ մի հատ բարձր դատարան էլ ընդհանուր նահանգապետութեան կենտրոնում: Իւրաքանչիւր դատարան բաղկացած է մի նախագահից եւ չորս դատաւորից: Նախագահը նշանակւում է սուլթանական կառավարութեան կողմից իսկ անդամները ընտրւում են ազգաբնակութիւնից եւ փոխւում են ամեն տարի:

Ընդհանուր խորհուրդը ազգաբնակութեան կողմից է ընտրւում: Ամեն մի գազա ընտրում է չորս խորհրդական (պատգամաւոր): Եթէ գազայի ազգաբնակութիւնը բաղկացած է քրիստոնեաներից եւ մահմետականներից, այդ չորս խորհրդականների կէսը ընտրւում են քրիստոնեաներից, կէսը մահմետականներից: Իսկ այն գազաները, ուր ազգաբնակութիւնը ամբողջովին մի կրօնի է պատկանում, ընտրում են բոլոր չորս խորհրդականներին այդ կրօնին պատկանողներից: Բոլոր անդամները ընտրւում են ծերերի ժողովներից, որոնք այդ պատճառով հաւաքւում են գաւառական քաղաքներում: Պատգամաւորներն ընտրւում են երկուտարով: Ընդհանուր ժողովը գումարւում է ամեն տարի ընդհանուր նահանգապետութեան կենտրոնում. նրա նիստերը հրապարակային են, տեւում են 40 օր եւ նախագահում է ընդհանուր նահանգապետը: Այդ ժողովի իրաւասութեան են ենթարկւում կղզու ներքին տնտեսական եւ վարչական բարեկարգութիւնները, հրահանգներ եւ ցուցմունքներ, որոնք վերաբերւում են երկրագործութեան հաղորդակցութիւններին մաքսային եւ հարկային սիստեմներին, առեւտրին եւ այլն: Իւրաքանչիւր որոշումն, որ կղզու ընդհանուր շահերն է պահանջում կամ շօշափում, պիտի հաստատուին կենտրոնական կառավարութեան կողմից: Նոյն այս ժողովին էր յանձնւում նոյնպէս մշակել քաղաքացիական եւ քրէական օրէնսդրութիւն, որ վերջնականապէս պիտի հաստատուէր Սուլթանի կողմից: Այնուհետեւ ամեն մի փոփոխութիւն այդ կանոնադրութիւնների մէջ, որ մտցւում էր Ընդհանուր Խորհրդի կամ ժողովի վճիռներում, պիտի նոյնպէս վաւերացուէր Սուլթանի հրամանով:

Կղզին կազմակերպում էր սեփական ոստիկանութիւնը, ժանդարմերիա, որի հրամանատարը նշանակւում էր Սուլթանի կողմից: Պետական զօրքերը միանգամայն անկախ էին տեղական իշխանութիւններից եւ հպատակւում էին իրանց հրամանատարներին [10]:

8. Արեւելեան Րումելի: Ինչպէս տեսանք, Բերլինի Վեհաժողովն էր, որ Բալկանեան լեռնաշղթայի հարաւային կողմում եղած երկրներից կազմեց այս անունը կրող մի նահանգ, որ, ինչպէս ասուած է Բերլինի դաշնագրի մէջ, «Նորին Կայսերական Մեծութիւն Սուլթանի քաղաքական եւ զինուորական ուղղակի իշխանութեան տակ դրուած մի նահանգ է վարչական ինքնօրինութեան (autonomie administrative) պայմանով»: Նոյն դաշնադրութիւնը պարտաւորեցնում էր որ այս նահանգը կառավարուի մի ընդհանուր նահանգապետի ձեռքով, որ նշանակւում էր Սուլթանի կողմից եւ պիտի լինէր քրիստոնեայ: Մի խառն միջազգային յանձնաժողով պիտի խմբագրէր այդ նահանգի համար վարչական կանոնադրութիւն:

Անմիջապէս Վեհաժողովից յետոյ նշանակուեց այդ յանձնաժողովը, որ եւ խմբագրեց մի շատ մանրամասն «Կազմական Կանոնագիր», որի հայերէն թարգմանութիւնն էլ ունինք մենք, տպուած Կ. Պօլսում:

«Կազմական Կանոնագիրը», հաւատարիմ մնալով Բերլինի Վեհաժողովի ցուցմունքներին, սահմանել է այնպիսի կարգեր, որոնք գրեթէ ամեն քայլում պիտի ցուցադրեն թէ Բոլգարիայից կտրած սոյն երկիրը Թիւրքիայի անբաժան մասն է կազմում: Բոլոր վարչական կարեւոր պաշտօնեաներին ընդհանուր նահանգապետը նշանակում էր Սուլթանի հաւանութեամբ, ասել է թէ այդ պաշտօնեաները պիտի հաստատուէին Սուլթանի հրամանով, այլապէս նրանք չէին կարող պաշտօնի կանչուել: Բոլոր դատաստանական վճիռները կայանում էին Սուլթանի անունով. նահանգը պիտի իր պատգամաւորներն ուղարկէր օսմանեան պարլամենտը եւ այլն: Բայց մի եւնոյն ժամանակ այդ ինքնօրէն նահանգն ունէր իր ընդհանուր ժողովը բաւական ընդարձակ օրէնսդրական իրաւունքներով, իր սեփական ոստիկանութիւնը եւ իր տեղական զօրքը (միլիցիա), որի հրամանատարներին եւ օֆիցերներին նշանակում էր Սուլթանը:

Նահանգի մէջ պաշտօնական լեզուէին ճանաչւում թուրքերէնը, յունարէնը եւ բոլգարերէնը: Ազգաբնակութիւնը վայելում էր քաղաքացիական ազատութիւններ: Նահանգի վարչութիւնը բաղկացած էր հետեւեալ պաշտօնէութիւններից. 1) Ընդհանուր քարտուղար, տնօրէն ներքին գործոց, 2) Տնօրէն դատական գործոց, 3) Տնօրէն ելեւմտից, 4) Տնօրէն երկրագործութեան, վաճառականութեան եւ հասարակային շինութեանց, 5) Տնօրէն հասարակային կրթութեան, 6) Հրամանատար տեղական զինուորութեան եւ ոստիկանութեան: Այս տնօրէններն էլ կազմում են ընդհանուր նահանգապետի խորհուրդը:

Ընդհանուր ժողովը բաղկացած էր երեք տեսակ անդամներից. 1) Իրաւամբ անդամն եր, 2) Ժողովրդից ընտրուած անդամներ եւ 3) Ընդհանուր նահանգապետից անուանուած անդամն եր: Իրաւամբ անդամներն են «1) Միւֆթին, հինգ քրիստոնեայ հասարակութեանց հոգեւոր գլուխներն եւ նահանգին մայրաքաղաքը բնակող խախամապետը, 2) Դատական գերագոյն ատենից նախագահը, 3) Վարչական դատերուատենին նախագահը, 4) Ելեւմտից գլխաւոր քննիչ համարակալը»: Ժողովրդի կողմի ց ուղղակի եւ գաղտնի քուէով ընտրւում էին, երկու տարի ժամանակով, 36 պատգամաւոր, որոնց կէսը նորոգւում էր ամեն տարի: Իսկ ընդհանուր նահանգապետն իր կողմից կարող է նշանակել տասն անդամ: Ընդհանուր Ժողովը նստաշրջան ունի ամեն տարի, որի տեւողութիւնը որոշւում է երկու ամիս:

Ընդհանուր Ժողովը բաց է անում եւ փակում է ընդհանուր նահանգապետը: Ժողովը «կրնայ ուղերձի մի ջոցաւ ընդհանուր կառավարչին յանձնարարել այն ամեն խնդրոց քննութիւնն, որոց վրայ օրինաց ծրագրի մը կամ հանրօգուտ առաջարկութեան մը պատրաստութիւն ուներկայացումն յարմար դատէ»: Ընդհանուր Ժողովն ընտրում է մի մնայուն Յանձնախումբ, բաղկացած 10 անդամից, որ Ընդհանուր Ժողովի կողմի ց «իրեն յղուած գործերն իւր ձեռնհասութեան սահմանին մէջ կը կարգադրէ եւ օրինօք իրեն յանձնուած ամեն խնդրոյ վրայ կը խորհի: Ընդհանուր կառավարչին իրեն յանձնուած կամ նահանգին շահուն համար իւր ուշադրութիւնը հրաւիրել պարտք համարած ամեն խնդրոյ վրայ իւր կարծիքը կուտայ»: Նոյն այս մարմի նն իրաւունք ունէր ամեն տեսակ բացատրութիւններ պահանջել նահանգում գործող պաշտօնեաներից, նոյնպէս պահանջել ընդհանուր նահանգապետից, որ իր ցոյց տուած պաշտօնեաները դատի ենթարկուեն:

Կազմական Կանոնագիրը ամենամանրամասն հրահանգներ էր տալիս նահանգի զինուորական կազմակերպութեան մասին: Երկու տեսակ է այդ զինուորութիւնը. 1) Տեղային զինուորութիւն (մի լիցիա) եւ 2) Ոստիկան զինուորութիւն (ժանդարմերիա): Տեղային զինուորութիւնը երկրի պաշտպանողական ոյժն է, որ իրագործւում է ընդհանուր զինուորագրութեամբ: Այդ զօրքը ստորադրւում էր ընդհանուր նահանգապետին իբրեւ Սուլթանի փոխանորդին:

Հարկաւոր դէպքերում նա պիտի աջակցէ օսմանեան զօրքերին պատերազմական գործողութիւնների մէջ, բայց միայն նահանգի սահմաններում: Խաղաղ ժամանակ տեղային զինուորութիւնը պիտի մն ար իր տեղում, զինուորները ծառայում էին իրանց երկրում, մն ալով տանը: Իւրաքանչիւր տղամարդ՝ 18 տարեկանից մինչեւ 50 տարեկան, պարտաւոր էր պատերազմ գնալ՝ հայրենիքը պաշտպանելու: Եւ միայն մարմնական արատներն էին կարող ազատել մէկին այդ պարտականութիւնից:

Ոստիկան զինուորութիւնն էլ իր առանձին կազմակերպութիւնն ունէր. նա պիտի պահպանէր երկրի ներքին խաղաղութիւնը:

Արեւելեան Րումելիի կազմակերպութիւնը շատ մանրամասնօրէն կանոնադրուած էր, շօշափում էր ինքնավար նահանգի վարչական եւ իրաւական բոլոր յարաբերութիւնները: Նա բաղկացած էր 495 յօդուածներից եւ բազմաթիւ յաւելուածներից եւ առհասարակ կարող է լաւագոյնը համարուել այդ օրինակ օրէնսդրութիւնների մէջ [11]: Սակայն նա երկար կեանք չունեցաւ: Խմբագրուելով եւ հաստատուելով եւրոպական պետութիւնների կողմից նշանակուած կօմիսէրների կողմից 1879 թ. ապրիլի 14-ին, Կազմական Կանոնագիրը գործադրուեց մի նչեւ 1884 թուականը, երբ Արեւելեան Րումելին յեղափոխութեան մի ջոցով միացաւ Բոլգարիային եւ դարձաւ նրա անբաժան մասը:

------------

Սրանք են այն աւտոնոմիաները, որոնք գործադրուեցին Թիւրքիայում: Բայց մենք ունինք դարձեալ երկուհատ այդպիսի կանոնագրեր, որոնք թէեւ գործադրութեան մէջ չեն մտել, բայց ներկայացնում են որպէս շատ հետաքրքրական նիւթ, քանի որ մշակուած են շատ ձեռնհաս եւ բարձր հեղինակութիւն վայելող դիւանագիտական մարմն ի ձեռքով: Ինչպէս յայտնի է, 1876-ի վերջերում Կ. Պօլսում գումարուեց մեծ պետութիւնների ներկայացուցիչների եւ դեսպանների խորհուրդ (կոնֆերենցիա) Բալկանեան թերակղզուճգնաժամը շտկելու եւ ապստամբուած նահանգները խաղաղացնելու համար: Հարցը վերաբերւում էր գլխաւորապէս Բօսնիային եւ Հերցեգովինային եւ Բօլգարիային: Այդ քրիստոնեայ նահանգների համար եւրոպական դիպլոմատիան լաւագոյն վիճակ համարեց ինքնավար նահանգների դրութիւնը, ուստի եւ մշակեց նրանց համար կազմական կանոնագրեր: Այդ վաւերագրերը մենք պէտք է այստեղ դարձեալ յիշատակենք, քանի որ դրանք էլ նիւթեր են, որոնք ցոյց են տալիս թէ ինչ հայեացքներ ունէր դիւանագիտութիւնը Թիւրքիայի այն նահանգների վերաբերմամբ, որոնց հարկաւոր էր համարում ազատել թիւրքական լուծից եւ առհասարակ ինչ սկզբունքների վրայ էր հիմնում աւտոնոմիաները: Հետաքրքրական պիտի լինեն նրանք մանաւանդ մեզ համար, որովհետեւ Ներսէս Պատրիարքի ծրագիրը բաւական մօտ է կանգնած նրանց եւ, ինչպէս երեւում է, շատ է ներշնչումներ ընդունել նրանից:

9. Բոլգարիա: Ամբողջ Բոլգարիայից կազմւում էր երկու նահանգ Արեւելեան (Տիրնօվ մայրաքաղաքով) եւ Արեւմտեան (Սօֆիա մայրաքաղաքով): Նահանգները կառավարում են ընդհանուր նահանգապետները (վալի), որոնք պիտի լինեն քրիստոնեայ, թիւրքահպատակ կամ օտարահպատակ եւ որոնք նշանակւում են Բ. Դրան կողմից, պետութիւնների համաձայնութեամբ, հինգ տարի ժամանակով:

Վարչական կազմակերպութեան մէջ հիմք ընդունւում է գիւղախումբը կամ գիւղական համայնքը, բաղկացած 5-10 հազար բնակիչներից: Այդ գիւղախմբերը կառավարում են ընտրուած մուդիրները (մէր): Մի քանի գիւղախմբեր միացւում են եւ կազմում սանճակներ եւ սրանք էլ կառավարւում են գաւառապետների ձեռքով:

Իւրաքանչիւր նահանգ ունի իր նահանգային ընդհանուր ժողովը, որի անդամներն ընտրւում են ազգաբնակութեան կողմից առանց խտրութեան կրօնի եւ ազգութեան, չորս տարի ժամանակով: 30-40 հազար բնակիչների վրայ գալիս է մի պատգամաւոր: Ընդհանուր Ժողովը գումարւում է տարին միանգամ եւ մշակում է բիւջէ, կանոններ նահանգի վարչական, տնտեսական եւ ելեւմտական կեանքին վերաբերեալ:

Մաքսը, պոստը, հեռագիրը, ծխախոտի հարկը կախուած չեն նահանգային վարչութիւնից, որոնք այս դէպքերում պիտի հետեւեն պետութեան մէջ գոյութիւն ունեցող օրէնքներին: Մնացած բոլոր հարկերի եւ եկամուտների 30% մտցւում է պետական գանձարանը, իսկ մն ացորդը կազմում է նահանգի սեփականութիւնը եւ ծախսւում է նրա պէտքերի համար:

Իւրաքանչիւր նահանգի համար պիտի խմբագրուի դատաստանական օրէնսդրութիւն: Դատաստանական գործը կազմակերպւում է մի վերահսկիչ մարմն ի ձեռքով: Գաւառապետները եւ գիւղական համայնքների կառավարիչները գործում են այն խորհուրդների հետ միասին, որոնք ընտրւում են ազգաբնակութեան կողմից:

Նահանգների մէջ կարգ պահպանելուհամար, կազմակերպւում են ոստիկանութիւն (ժանդարմերիա) եւ տեղական զինուորութիւն (միլիցիա): Երկու կազմակերպութիւններն էլ գտնւում են ընդհանուր նահանգապետի հրամանատարութեան տակ: Զինուոր վերցւում է իւրաքանչիւր հարիւր բնակչից մի հոգի, առանց խտրութեան կրօնի եւ ազգութեան: Պետական զօրքերը կարող են մն ալ միայն բերդերի եւ գլխաւոր քաղաքների մէջ, բայց նրանք գործ ածւում են մի միայն արտաքին պաշտպանութեան համար, մէկ էլ այն դէպքերում, երբ ընդհանուր նահանգապետը խնդրում է նրանց աջակցութիւնը ներքին կարգի պահպանութեան համար:

Հաստատւում է կրօնական պաշտամունքների կատարեալ ազատութիւն:

Երկրի ազգաբնակութեան մեծամասնութեան լեզուն պիտի թիւրք լեզուի հաւասար իրաւունքներ ունենայ դատարաններում եւ վարչական տեղերում:

10. Բոսնիա եւ Հերցեգովինա: Այս երկուշրջանները միացւում էին, կազմում մի նահանգ, որի համար առաջարկւում էին կազմական մի եւնոյն հիմունքները, ինչ մշակուած էին Բոլգարիայի համար: Տարբերութիւնը միայն այն էր, որ նահանգային Ընդհանուր Ժողովի մէջ սահմանւում էին որոշ թուով տեղեր բոլոր կրօնների համար - 2/5 պիտի լինեն մահմետականներ, 2/5 օրթոդոքսներ եւ 1/5 կաթոլիկներ [12]:

Այս տասն դէպքերը միահամուռ վկայում են, որ եւրոպական դիւանագիտութիւնը հարիւր տարուայ ընթացքում գործադրել է Թիւրքիայի վերաբերմամբ ինքնավարութիւններ մտցնելու սիստեմը՝ իբրեւ լաւագոյնը եւ միակ հնարաւորը Արեւելեան Հարցի զանազան մասնիկները լուծելուհամար: Մենք տեսանք որ այդ ինքնավարութիւնները թէեւ տեսակ տեսակ են իրանց բովանդակութեամբ եւ ձեւերով, բայց ամենքն էլ յանգում են խիստ որոշակի արտայայտուած սկզբունքի-ինքնավարութեան, որքան կարելի է լիակատար ձեւով: Եւ ուր այս լիակատարութիւնը մտցնել չէ յաջողուել, այնտեղ եւրոպական դիւանագիտութեան համար կատարեալ Գորդեան հանգոյց է դարձել րեֆօրմների գործը:

 



[1]            Houtsma - «Encyclopédie de L’lslam», Leyde 1913 t. II, p. 11.

[2]            A. Bioovès - «Français et Anglais en Egypte 1881-1882», Paris 1901, p. 45.

[3]            Bouillet - «Dictionnaire Universel d’Histoire èt de Geographie», Paris 1908, p. 589.

[4]            Т. Юзефовичъ-«Договоры Россiи съ Востокомъ» СПб. 1869 с. 32-34.

[5]            Жигаревъ- “Русская Политика въ Восточномъ Вопросъ”, М. 1895, т. I с. 410.

[6]            Жигаревъ- “Русская Политика въ Восточномъ Вопросъ”, М. 1896, т. I.

[7]            A. Schopof-«Les Réphormes de la protection de Chrétiens en Turquie», Paris p. p. 579-580.

[8]            Жигаревъ, Наз. Соч.

[9]            Schopoff - «Les Reformes» p. p. 582-599.

[10]          Schopoff , p. p. 559-637.

[11]          Թարգմանուած է հայերէն եւ տպուած Կ. Պօլսի «Կազմական Կանոնագիր Արեւելեան Րումելիի» անունով:

[12]          Schopoff , p. p. 234-244.