Արտազի հայկական իշխանութիւնը…

Հեղինակ

Բաժին

Թեմա

5. Արտազի աթոռը դաւանաբանական պայքարի յորձանքում

Կիլիկեան Հայաստանի բարձրաստիճան հոգեւորականութեան ամենաազդեցիկ ներկայացուցիչները՝ յանձինս Գրիգոր Անաւարզեցի (1293-1307) եւ Կոստանդին Կեսարացի (1307-1322) կաթողիկոսների, Կաթոլիկ եկեղեցու գերիշխանութիւնն ընդունելը նախապայկան էին համարում Հայկական թագաւորութեան գոյութիւնը պահպանելու համար անհրաժեշտ նկատուող եւ եւրոպական խաչակիր երկրների կողմից շարունակ խոստացուող ռազմական օգնութիւնն ստանալու։ Եկեղեցու վեհապետերը, կուսակից ունենալով Կիլիկիայի հայ աւատատէրերի գերակշիռ մասին, եռանդուն քայլերի էին դիմում իրենց քաղաքականութեան դէմ ե՛ւ Կիլիկիայում, եւ, մանաւանդ, Մեծ Հայքում կազմակերպուած հուժկու դիմադրութիւնը յաղթահարելու համար։ Դաւանաբանական շղարշի տակ կատաղի պայքար էր մղւում հայ ժողովրդի քաղաքական բաղձանքների իրականացման երկու հակադիր ուղիների վրայ կանգնած ու սոցիալ-քաղաքական տարբեր դիմորոշում ունեղոց խմբակցութիւնների միջեւ։ Եւ եթէ արքայանիստ Սիս քաղաքում կայեան գտած հայոց կաթողիկոսները՝ լատինասէր քաղաքականութեան ջատագովներն էին, ազգային եկեղեցու աւանդոյթներին հաւատարիմ կուսակցութեան պարագլուխները՝ Սիւնեաց եպիսկոպոսներն էին. սրանք, որ սիրում էին պճնուել «պռօտօֆրօնդէս Հայոց մեծաց եւ մետրոպոլիտ Սիսական նահանգի» բարձրագոչ տիտղոսներով, յենւում էին Սիւնեաց Օրբէլեանների եւ Հայաստանի աշխարհիկ ու հոգեւոր միւս աւատատէրերի միասնական ուժի վրայ, որոնք, գիտակցելով հեռաւոր Եւրոպայից օգնութիւն ակնկալելու անիրական լինելը, Ամենայն Հայոց կաթողիկոսական աթոռը մայր հայրենիք տեղափոխելու ծրագրեր էին մշակում, գտնելով, որ դարեր սրբագործուած ազգային աւանդութիւններն ինքնին՝ գաղափարական հզօր ազդակ են ժողովրդի ինքնագիտակցութեան եւ գոյատեւման համար։ «Հաւան եմք ընդ հարսն ի դժոխս իջանել, եւ ոչ ընդ հոռոմոց յերկինս ելանել». այս էր նրանց կարգախօսը, որ այսքան գեղեցիկ ու դիպուկ ձեւակերպել էր Սիւնեաց մետրոպոլիտ Ստեփանոս Օրբէլեանը։

Արտազի թեմի առաջնորդ Զաքարիա եպիսկոպոսը ընթանալով իր նախորդ Տիրացու եպիսկոպոսի նախագծած ուղիով, Հռոմէական եկեղեցուն մերձենալու քաղաքականութեան ջերմ կողմնակիցն ու ջատագովն էր Մեծ Հայքում. «Տէրս Զաքարիա զինքն նուաստ եւ հնազանդ ունի եւ հրամանակատար յոջորդին Պետրոս» (այսինքն՝ Հռոմի պապին), - այսպէս է գրում նրա մասին իր կուսակիցներից մէկը [1] ։

Այս հաստատւում է ժամանակակիցների բազմաթիւ վկայութիւններով. ֆրանցիսկեան միաբանութեան անդամ դարձած մի հայ կրօնաւոր՝ Դանիէլ Թաւրիզեանին, լատիներէն լեզուով շարադրած դաւանաբանական իր գրուածքի մէջ յայտնում է, որ «Հռոմէական եկեղեցու հետ միաւորուած ժամանակակից հայերը ընդունում են Սուրբ Հոգու բխումն ինչպէս Հօրից, այնպէս էլ Որդուց. ես համոզուած եմ. որ այդ հէնց այդպէս է, քանի որ անձամբ տեսել եմ մի քանիսի, այսինքն՝ տէր թագաւորի, տէր կաթողիկոսի եւ Մեծ Հայքում տէր Զաքարիայի, ինչպէս եւ Հռոմիեկեղեցու հետ միաւորուած մի քանի այլ անձանց մօտ» [2] ։

Հայ եկեղեցու առաքելական հիմնադրութեան մասին գոյութիւն ունեցող աւանդությունների, կաթոլիկութեանը յարած հայերի եւ մասնաւորապէս՝ Զաքարիա եպիսկոպոսի մասին խիստ ուշագրաւ տեղեկութիւններ է գրանցել դոմինիկեան կրօնաւոր Ժուրդեն դէ Սեւերակը, որ Հնդկաստան ուղեւորուել ճանապարհին՝ 1320 թ. ձմռանը եղել էր Հայաստանում։ Նրա ուղեգրութեան Արտազի շրջանին եւ Ս. Թադէի վանքին վերաբերող հատուածը մէջ ենք բերում ստորեւ ամբողջութեամբ, չնայած այն պարունակում է նաեւ մեր նիւթին անմիջապէս չառնչուող տեղիներ. «[Արարատ] լեռան վրայ, - գրում է նա, - կանգնած է մի տուն, որն ինչպէս պատմում են, կառուցել է ինքը՝ Նոյը, իր տապանը թողնելուց յետոյ։ Ասում են նաեւ, որ լեռան վրայ ինչ-որ տեղ պահպանուել է Նոյի տնկած խաղողի որթը, որի գինուց Նոյն արբեց։ Իսկ ՆՈյի որթատունկի հատիկներն այնքան հսկայական են, որ մարդիկ իրենց աչքին չեն հաւատում։ Այս բոլորի մասին ես իմացա մեր մի կաթողիկ արքեպիսկոպոսից՝ մեծ եւ ուժեղ վեհապետից։ Նա իշխում է այս կողմերում եւ ըստ ամենայնի արժանի է վստահութեան [3] ։ Իսկ ես չնայած եղել եմ այստեղ (հաւատացէք իմ խօսքերին), բայց ոչ ամռանը, այլ ձմռանը։

Այս Մեծ Հայքը շատ է տառապել. այստեղ նահատակութեամբ իրենց վախճանն են գտել երեք առաքեալներ՝ Բարթուղիմէոսը, Սիմէոնն ու Յուդան [4] ։ Ես տեսել եմ այն զնդանը, ուր տանջուել են Սիմոնն ու Յուդան եւ աղբիւրները, որոնք առաքելական գաւազանի հարուածով ժայթքել են կենսատու ժայռից։ Ութ, տասը, տասնեօթ անգամ գաւազանը դիպել է քարին, եւ այժմ այդտեղ հէնց այդքան աղբիրներ կան, իսկ նրանցից ոչ հեռու կառուցուած է մեծ ուգեղեցիկ մի եկեղեցի։

Այս Մեծ Հայքում նահատակուել է մի հիանալի կոյս Սանդուխտ [5] անունով եւ նա արքայադուստր է եղել։ Այստեղ (Մեծ Հայքում) են նետել վիրապի մէջ՝ առիւծի եւ վիշապի բերանը՝ հայերին կաթոլիկական հաւատքի բերող սուրբ Գրիգորին. եւ այդ տեղի է ունեցել, երբ Հայաստանում թագաւորում էր Տրդատը, սուրբ Սեղբեստրոսի եւ կայսր Կոստանդիանոսի ժամանակներում։ Նոյն այս Հայաստանում է մորթուել երանելի Յակոբ վկան [6] ։

Այս նահանգում (այսինքն՝ Հայաստանում) մեծ մասամբ բնակւում են հերձուածող հայեր. քարոզիչեւ կրտսեր եղբայրները [7] կաթոլիկութեան են դարձի բերել հերձուածողներից [8] ճիշտ չորս հազար, թերեւս նոյնիսկ աւելի անձանց. եւ այս բացարձակ ճշմարտութիւն է։

Եւ իրօք, մի մեծ արքեպիսկոպոս՝ տէր Զաքարիան, իր ողջ հօտի հետ միասին, ընդունել է մեր կրօնը։ Ապաւինելով Տիրոջ ողորմածութեանը մենք յուսով ենք, որ բոլոր (հերձուածողները) շուտով դարձի կբերուեն, եթէ այդ գործին ձեռնամուխ լինեն արժանաւոր եղբայրներ։

... Այս Հայաստանը երկայնութեամբ ձգւում է Սեբաստայից մինչեւ Օրոգի (իմա՛ Մուղանի) հարթավայրը, իսկ լայնութեամբ՝ Պարխար լեռից մինչեւ Թաւրիզ։ Պարխարից Թաւրիզ քսաներեք օրուայ ճանապարհ է, Սեբաստիայից Մուղան՝ քառասուն օրուայ» [9] ։

  Ժուրդենի հաղորդածտեղեկութիւնները կարեւոր են նաեւ իլխանութեան վարչական կենտրոններում եւ այլ հայաբնակ վայրերում կաթոլիկ դաւանանք ընդունած բնակչութեան թիւը պարզելու համար. «Այստեղ, - գրում է նա Թաւրիզի մասին, - մենք (իմա՛ կաթոլիկները) ունենք բաւականին գեղեցիկ մի եկեղեցի՝ հազարի չափ հաւատացեալներով. նախկինում նրանք հերձուածողներ էին, իսկ այժմ դարձի են եկել մեր հաւատքի։ Գրեթէ նոյնքան նորադարձներ կան Ուրում (իմա՛ Հեր կամ Խոյ) եւ այս քաղաքը հարուստ է եւ գտնւում է Թաւրիզից երկօրեայ հեռաւորութեան վրայ. ճիշտ այդպէս հինգհարիւր կամ վեց հարիւր (կաթոլիկներ) են հաշւվում Սուլթանիայում... այնտեղ եւս մենք ունենք շատ գեղեցիկ մի եկեղեցի» [10] ։

Մերձաւորարեւելեան երկրներում Կաթոլիկ եկեղեցու ծաւալած քարոզչական աշխատանքի հիմնական ծանրութիւնը մինչեւ 1318 թ. ընկած էր Ֆրանցիսկեան միաբանութեան անդամների ուսերին։ Նրանք առաջին հերթին յայտնւում ու յենակէտեր էին ստեղծում միջազգային տարանցիկ առեւտրի հիմնական մայրուղիների վրայ գտնուող այն վայրերում, որոնք նշանակալից դեր էին կատարում որպէս ապրանքափոխադրութեան կենտրոններ եւ կարաւանային երթեւեկի կանգառներ։ Ըստ այդմ էլ՝ նրանք համարում էին հասարակական այն շերտերը, որոնք ներգրաւուած լինելով միջազգային առեւտրի ոլորտի մէջ, անմիջական շահ ունէին եւրոպական երկրների հետ տնտեսական եւ քաղաքական կապերի յետագայ ամրապնդումից։ Ինչպէս նշել ենք արդէն, ֆրանցիսկեան միաբանութեան քարոզիչ անդամնարը XIII դ. վերջերին եւ XIV դ. սկզբներին իրենց ազդեցութեան տակ էին առել Կիլիկեան Հայաստանի աշխարհիկ ու հոգեւոր աւատատէրերից շատերին եւ, առաջ շարժուելով դէպի արեւելք, քայլ առ քայլ ներթափանցում եւ յենակէտեր էին ստեղծում Պատմական Հայաստանի առեւտրական-արհեստագործական նշանաւոր կենտրոններում եւ Անդրկովկասի ու Իրանի հայաշատ քաղաքներում։ Դեռեւս 1302 թ. Սիւնեաց մետրոպոլիս Ստեփանոս Օրբէլեանը, իր «Հակաճառութիւն ընդդէմ երկաբնակաց» վիճաբանական գրուածքիմէջ դառնութեամբ անդրադառնում էր Լատինական եկեղեցու ազդեցութեան տարածման երեւոյթին. «Կիլիկիա բոլոր, - գրում էր նա, - որ տեղի էր մեր պարծանաց, յայս (իմա՛ Լատինական եկեղեցու դաւանանքով) վարակեալ կայ. եւ գլխաւոր քաղաքք որ ի Հոռոմք՝ ի սոյն մոլորեալ են. եւ եհաս մինչեւ առ մեզ. զի քարոզի այս յայտնապէս ի թագաւորական քաղաքն ի Տփխիս, եւ ի հին տունն Բագրատունեաց յԱնի՝ որ ի Շիրակ, նաեւ ի Թավրէժ շահաստան, եւ յայլ բազում տեղիս» [11] ։

Ժուրդենը, ինչպէս տեսանք քիչ առաջ, Օրբէլեանի այս ցանկը լրացնում է Հեր եւ Սուլթանիս քաղաքների անուններով, որոշակի տեղեկացնելով, որ Կաթոլիկ եկեղեցին հետեւորդներ է ձեռք բերում այդ վայրերում ոչ թէ մահմեդականներինքրիստոնեայ դարձնելով, այլ «հերձուածող» քրիստոնեաներին, այինքն հայերին «դարձի բերելով»։

Լատինական եկեղեցուն մերձենալու քաղաքականութեան վարիչները, Կիլիկիայում՝ թագաւորն ու կաթողիկոսը, Մեծ Հայքում՝ Արտազի եպիսկոպոսը, դաւանաբանական եւ ծիսական տարբերութիւնները վերացնելուիրենց պահանջը հիմնաւորում էին տեսական այն դրոյթներով, որ, իբր, Հայոց եկեղեցին ի սկզբանէ անտի (Գրիգոր Լուսաւորչի ժամանակներից սկսած), Կաթոլիկ եկեղեցու մասն է կազմել, ուստի յետագայում առաջացած տարբերութիւնները վերացնելով, եկեղեցին վերականգնում է իր անաղարտվիճակը։ Սակայն ընդունելով Հռոմի պապի գերիշխանութիւնը, լատինամէտ հայ գործիչները հեռուէին այն մտքից, թէ այդ քայլով ոտք են դնում ինքնալուծարքի ճանապարհի վրայ։

Այլ վիճակ ստեղծուեց Հայաստանում 1318 թ. յետոյ, երբ Յովհաննէս ԻԲ պապի (1316-1334) յատուկ կոնդակով ֆրանցիսկեան եւ դոմինիկեան միաբանութիւնների միջեւ քարոզչական գործունէութեան շրջանների նոր բաժանում կատարուեց։ Վաշխառու պապի կամակատարները դարձած դոմինիկեան կրօնաւորները, ի տրիտուր իրենց ծառայութիւնների, որպէս քարոզչութեան ասպարէզ ստացան ասիական Արեւելքի այն երկրները, որոնցով անցնում էին միջազգային առեւտրի ամենաբանուկ ճանապարհները։ Այդ կոնդակով հիմնադրուեց մի նոր արքեպիսկոպոսութիւն՝ Սուլթանիա կենտրոնով, որի անծայրածիր սահմանները որոշւում էին այսպէս «Արարիո (իմա՛ Արարատ) լեռից սկսած դէպի արեւելք, ներառեալ Պարսկական Թաթարիայի մեծ պետութեան... ողջ կայսրութիւնը... ինչպէս եւ Դոխիի ու Խայդուի թագաւորութիւնը (այսինքն՝ Միջինասիական արկրները) եւ նրանց ենթակայ բոլոր շրջանները։ Այս արքեպիսկոպոսութեանն ենենթարկւում նաեւ Հնդկաստանն ու Եթովպիան, իսկ արքեպիսկոպոսն ինքը այսուհետեւ նստելու է Սուլթանիա քաղաքում, քանի որ այդ արժանաւայել ու մեծ բնակավայր է» [12] ։

Սուլթանիայի արքեպիսկոպոս է նշանակւում դոմինիկեան միաբանութեան անդամ Ֆրանկո Պարուջացին, որն իր ենթակայութեան տակ ունէր վեց եպիսկոպոսութիւններ, որոնցից երեքը՝ Ատրպատականի Թաւրիզ, Մարաղա եւ Դեհխարկան քաղաքներում [13] ։

Դոմինիկեան այս քարոզիչները սկզբնական շրջանում համագործակցում էին ֆրանցիսկեանների հետ, հաշուի առնելով, որ նրանք այդ վայրերում ստեղծել էին արդէն որոշ յենակետեր, կառուցել եկեղեցիներ եւ հետեւորդներ շահել։ Դոմինիկեաններն սկզբից զգոյշ էին նաեւ Հայոց եկեղեցու պաշտօնէութեան հետ իրենց յարաբերութիւններում՝ խուսափելով իրենց թշնամական դիրքը բացայայտելուց։

Սակայն քիչ անց, ամրապնդելով իրենց դիրքերը Նախիջեւանի գաւառում [14] եւ իրենց ազդեցութիւնը տարածելով ֆրանցիսկեանների ստեղծած լատինադաւան համայնքների վրայ նրանք անսքող պայքարի դրոշ են պարզում Հայոց եկեղեցու դէմ։ «Իրենց գլխաւոր զէնքն էր, - գրել է նրանց մասին Հայոց եկեղեցու պատմութեան նշանաւոր հետախոյզ Մ. Օրմանեանը, - շարք մի պիտակ հեղինակութիւններով եւ իմաստակ պատճառաբանութիւններով խիղճերը վրդովել, Հայոց եկեղեցւոյն մէջ պաշտուած խորհուրդները անվաւեր ու չեղեալ նկատել եւ հաւատացելոց մկրտութեան եւ պաշտօնէից ձեռնադրութեան վրայ կասկածներ յարուցանելով, կրկնամկրտութիւններ ու կրկնաձեռնադրութիւններ ընել, հայ եկեղեցիներու եւ սրբութիւններու նուիրականութիւնը ուրանալ եւ անարգել, եւ պարզապէս հայադաւանները անհաւատներու հաւասարուել» [15] ։

Արտազի շրջանի հայ աւատատերերի գերդաստանը, պարոնտէր Զաքարիա եպիսկոպոսի գլխաւորութեամբ, փորձում է ի շահ իր նպատակների օգտագործել Հայաստանի եւ Ատրպատականիհարեւան շրջաններում խարիսխ նետած կաթոլիկ քարոզիչների գաղափարական ազդեցութիւնն ու կշիռը։ Ստեղծուած պայմաններում Մեծ ՀԱյքի աշխարհիկ ու եկեղեցական գործիչները, ի պաշտպանութիւն ազգային ակաղացու գաղափարական եւ կազմակերպչական դիրքերի, հակամիջոցների պէտք է դիմէին։ Այսպիսով, Հայաստանում սկսւում է դաւանաբանական լարուած պայքարի մի շրջան, որ տեւում է տասնամեակներ, ունենալով մակընթացութեան եւ տեղատւութեան իր փուլերը։ Մեզ, բնականաբար հետաքրքրելու են այդ պայքարի այն դրուագները, որոնք առնչւում են Արտազի շրջանին եւ Թադէոս առաքեալի վիճակին։

Այսռաումով ուշագրաւ են յատկապէս Սիւնեաց մետրոպոլիտ Յովհան-Օրբելի (յիշատակուած է որպէս եպիսկոպոս 1302-1323 թթ. ) զոյգ նամակները, մէկն ուղղուած կաթողիկոսին, միւսը Զաքարիա Ծործորեցուն։ Բանասիրութեան մէջ տարբեր կարծիքներ են յայտնուել այդ գրութիւնների շարադրման ժամանակի մասին. Մ. Չամչեանը գրուած է համարում 1305 թ. կապելով Գրիգոր անաւարզեցու հետ, Մ. Օրմանեանը գրեթէ համամիտ է նրան, իսկ Գ. Յովսէփեանը, գրութեան հնագոյն եզրը 1314 թ. համարելով, աւելի հաւանական է գտնում 1317-1318 թթ. ։

Նամակներից պարզւում է, որ կաթողիկոսը Արեւելեան Հայաստան է ուղարկել Գրիգոր անունով իր նուիրակին, պատուիրելով նրան մեռոն բաշխեք միայն թեմական այն առաջնորդներին, ովքեր յանձն կառնեն ջրախառն գինով պատարգ մատուցել եւ Քրիստոսի Ծննդեան տօնը դեկտեմբերի 25-ին կատարել։ ՀԱյոց եկեղեցու պատմութեան XIV դ. առաջին տասնամեակների կարեւոր իրադառձութիւնների լոյսի տակ դժուար չէ յանգել այն եզրակացութեան, որ այդպիսի վճռական պահանջով կաթողիկոսը կարող էր հանդէս գալ միայն Սսի (1307 թ. ) կամ Ադանայի (1317 թ. ) եկեղեցական ժողովներից յետոյ, յենուելով հէնց այդ ժողովների խիստկասկածելի իրաւական ուժ ունեցող որոշումների վրայ։ Հարցի մանրակրկիտ քննութիւնը մեր նպատակից դուրս համարելով, մենք եւս այդ նամակների գրութեան ամենահաւանական տարեթիւ համարում ենք 1317-1318 թթ. [16] ։

Արդ, կաթողիկոսին հասցէագրուած իր նամակում Սիւնեաց մետրոպոլիտը յայտնում է, որ արտայայտելով իր վիճակի իշխանների, ազատների, հոգեւորականութեան ու ժողովրդի միասնական կամքը, նա հրաժարւում է կատարել կաթողիկոսի պահանջը, եւ մնալովազգային եկեղեցու աւանդական դիրքերի վրայ, իրեն ազատ է համարում այսուհետեւ վարելու ինքնորոյն քաղաքականութիւն [17] ։

Յովհան-Օրբելի Զաքարիա Ծործորեցուն հասցէագրած նամակից պարզւում է, որ վերջինս ոչ միայն հաճոյքով կատարել է կաթողիկոսի պահանջը՝ պատարագի խորհրդին ջուր խառնելով եւ դեկտեմբերի 25-ին Քրիստոսի Ծննդեան տօնը կատարելով, այլեւ ընդառաջ է գնացել Կաթոլիկ եկեղեցուն բազմաթիւ այլ հարցերում եւս (տարուայ ընթացքում պահք 50 էր է հաստատել, արգելել է աշխարհիկ քահանաների ամուսնութիւնը եւ այլն)։ «Ի հակառակաց կողմն դարձուցեր զքեզ, - մեղադրում է նրան Յ. Օրբելը, - եւ երդմամբ չափ քակես զեկեղեցի Աստուծոյ, եւ զհնազանդեալքս ի հոգեւոր գլխոյն օձտես, երբեմն իշխանաբար սաստելով, երբեմն գիրս եւ խօսս չարախօսութեան զմէնջ առ հոգեւոր տէրն առաքելով, եւ ի նմանէ մեզ սաստ եւ սպառնալիս տես բերել» եւ այլն [18] ։

Մ. Չամաչեանի ձեռքի տակ եղել են նաեւ այլ թղթակցութիւններ. Զաքարիայի պատասխանա-նամակը Յովհան-Օրբելին, վերջինիս երկրորդ գրութիւնը եւ այլն։ Դրանց տուեալներով Արտազի եպիսկոպոսը Կաթոլիկ եկեղեցուն ընդառաջ գնալու իր գործելակերպը փորձում է արդարացնել տեսական այն դրոյթով, որ «Օրէնք Աստուծոյ զամենեսեան միաւորէ ընդ Քրիստոսի, իսկ օրէնք սատանայի՝ բաժանէ ի նմանէ, զի մի է Տէր, մի հաւատ, մի օրէնք, եւ գլուխ օրէնացն՝ սէր, եւ մի եկղեցի՝ ժառանգ սիրոյ նորա, յորմէ արտաքսեալ ոք ոչ ունի բնաւին փրկութիւն»։ Ինչպէս հրեաները հնում ունեցել են մի քահանայապետ, այնպէս էլքրիստոնեաները՝ պէտք է մէկ հօտ լիեն՝ մէկ հովիւ ունենալով, դաս առնելով հրեաների պարմութիւնից. «Որչափ ժամանակ հրեայքն ի մի տաճար երկրպագէին եւ մի թագաւոր ունէին, Աստուած ընդ նոսա էր, իսկ յորժամ բաժանեցան՝ յաւար եւ յափշտակութիւն մատնեցան. որպէս եւ այժմ քրիստոնեայք՝ տուեալ եղեն կոխան հեթանոսաց», - գրում է նա [19] ։

Սսի եւ Ադանայի ժողովների որոշումները Մեծ Հայքի թեմերին պարտադրելու մտահոգութեամբ կաթողիկոսն ու իր գործակիցները եռանդուն քայլերի են դիմում. գրւումեն յորդորական նամակներ՝ հասցէագրուած ոչ միայն վիճակաւոր առաջնորդներին, այլեւ անուանի ու հեղինակաւոր գիտնական-վարդապետներին։ Պահպանուել են այդպիսի մի քանի նամակների Եսայի Նչեցու շարադրած պատասխան-գրութիւնները։ Գլաձորի համալսարանի մեծ րաբունապետը, իր եւ իր կուսակիցների անունից («ես եւ հաւանողքդ ինձ», գրում է նա) յայտնում է, որ քրիստոնէական եկեղեցիների միաբանութիւնը իրօք աստուածահաճոյ մի գործ է, եւ սատանան է, որ «ատելութեամբ զմեզ առ իրեարս գրգռէ եւ բաժանէ, զի դիւրաւ յաղթեսցէ»։ Բայց իրատես լինելով՝ նա գտնում է, որ քանի դեռ չեն ստեղծուել եկեղեցիների միաւորման համար անհրաժեշտ պայմաններ, ամէն մի եկեղեցի, առաջնորդելով «հին սովորութիւն քաղցր է իւրաքանչիւր ումեք» սկզբունքով, պարտաւոր է հաւատարիմ մնալ անցեալից ժառանգած եւ ազգային երանգ ստացած աւանդութիւններին, միաժամանակ յարգելովմիւսների օրէնքներն ու սովորոյթները։

Նչեցի րաբունապետը կիլիկեցիների կողմից «սուրբ» հռչակուած ժողովը (ամենայն հաւանականութեամբ խօսքն Ադանայի ժողովի մասին է)՝ «սուտ ժողով» է կոչում, ելնելով, այն իրողութիւնից, որ՝ նախ, ժողովին մասնակցել են սակաւաթիւ պատգամաւորներ (այն էլ միայն կիլիկիայի ներքին թեմերից), եւ ապա, շատերը հէնց տեղում հակառակել են ու «դեռ տակաւին եւս հակառակին»՝ մերժելով ժողովի վնասակար որոշումները. իմաստասէր վարդապետը իր միտքն եզրափակում է այսպէս. «Իրք, որ ի սահմանելն իւրում հակառակութիւն կրէ՝ յայտ է թէ ոչ ճշմարիտ, այլ սուտ» [20] ։ Ի վերջոյ Եսայի Նչեցին յայտնում է, որ ինքը եւ իր կուսակիցները պատրաստ են նոյնիսկ իրենց կեանքը զօհաբերելու, բայց չեն շեղուելու երբէք նախնիներից ժառանգած ու դարերով սրբագործուած աւանդութիւններից [21] ։

Մեծ Հայքի քաղաքական եւ եկեղեցական գործիչները չեն սահմանափակւում լոկ գաղափարական պայքար մղելով, ի պաշտպանութիւն իրենց սկզբունքների գրուածքներ շարադրելով ու բանավիճելով։ Շուտով գործարար քայլեր են կատարւում Զաքարիա Ծործորեցու լատինամէտ գործունէութեան արդիւնքները խափանելու եւ նրա իրաւասութիւնները սահմանափակելու ուղղութեամբ։ Առաքելոց աթոռի հոգեւոր իշխանութիւնը, ինչպէս ասել ենք արդէն, դուրս էր գալիս պատմական Արտազ գաւառի սահմաններից՝ ընդգրկելով Պարսկահայքի եւ Ատրպատականի հայաբնակ մի շարք շրջաններ. ներառեալ Թաւրիզ ու Մարաղա քաղաքները [22] ։

Այս վիճակը, սակայն, երկար չի տեւում. շուրջ 1321 թ., Մեծ Հայքի բարձրաստիճան հոգեւորականութեան ու ֆեոդալների համատեղ ջանքերով, Թաւրիզում թեմական առաջնորդ է կարգւում Զաքարիա Ծործորեցուց կախում չունեցող եւ նրա որդեգրած քաղաքականութեան հակառակորդ Մատթէոս եպիսկոպոսը, որին մեծարում են «սրբզան քաւչապետ եւ վերատեսուչ առաքելական աթոռոյ» տիտղոսով [23], հակադրուելով Առաքելոց թեմի լատինադաւան առաջնորդներին։

Այս Մատթէոսին Եսայի Նչեցին «մեր յոյժ սիրեցեալ որդի» է կոչում [24] եւ նրան հասցէագրած իր ուշագրաւ թղթի մէջ խորհուրդ է տալիս մերժել ու հալածել ֆռանկ եւ կաթոլիկ դարձած հայ այն վարդապետներին, որոնք թշնամական դիրք են գրաւել Հայոց եկեղեցու նկատմամբ ու հայերին իրենց հաւատքից հանելու նպատակ ունեն. «Դարձեալ լսեցաք, գրում է նա, - թէ սուտ վարդապետեր ի ֆռանկաց յազգէ եւ այլք ի Հայոց՝ ծագեր, եկեալ են առ ձեզ, եւ զՀայոց քրիստոնէութիւնս հայհոյեալ՝ նախատեն զեկեղեցի, եւ զառաջնորդս ուրանալ տուեալ, բազում հակառակութիւնս յեկեղեցիս ձգեն։

Զայսպիսի հերձուածողսն մի ընդունիցիք ի տունս ձեր, եւ մի ողջոյն տայք նոցա, եւ մի առնոյք աղջոյն ի նոցանէ, զի ուրացողք են, այլ եղիցին ձեզ իբրեւ զհեթանոս եւ զմաքսաւորս» [25] ։

Մատթէոս եպիսկոպոսը պաշտօնավարում է երկար, 1335 թ. պահպանուել է չափածոյ մի յիշատակարան, գրուած ոմն Գրիգոր երէցի կողմից, որի մէջ դրուատանքի ջերմ խօսքերի է արժանանում եռանդուն այս գործիչը։ Նա, որ կարողանում է «որպէս արծիւ սլանալով առ թագաւոր եւ ընդ իշխան» հոգել իր վիճակի հայ բնակչութեան կարիքները, յաջող պայքար է մղում նաեւ կաթոլիկ քարոզիչների ու նրանց դաւանանքն ընդունած հայ գործիչների դէմ.

«Տէրն ոչ արար ընդ մեր մեղացն,

Աստուածութեան կամք քաղցրացան,

Յարոյց կրկին կանկնող բնութեանս

Ըստ առաջին Մաթէոսեան,

Լուսաւորիչ սուրս հաւատոյս

Որպէս Գրիգոր Պարթեւական

Որ զշարժեալ թիւն (իմա՛ թոյնն) մահաբեր

Իժիցն արար փախըստական,

Քաղկեդոնի չար /// անդելով.

ԶՆեստոր առնէր թշուառական» [26] ։

Այս Մատթէոսին յաջորդած պէտք է լինի Արտազի արքեպիսկոպոս եւ Ս. Թադէի վանահայր կոչուած Մեսրոպ վարդապետը։ 1335 թ. նա յիշատակուած է որպէս անուանի րաբունապետ, որի մօտ ուսանելու էին գալիս աշակերտներ նոյնիսկ Կիլիկեան Հայաստանից եւ այլ վայրերից։ Սա եպիսկոպոս է եղել 1335 թ. տարիներ յետոյ [27], 1359 թ. ընտրուել է կաթողիկոս եւ աշխոյժ գործունէութիւն ծաւալել Կաթոլիկ եկեղեցուն արուած զիջումներն ի չիք դարձնելու, Հայոց ազգային դիմապատկերն անաղարտ պահելու ուղղութեամբ։ Սրա ջանքերով 1361 թ. Սսում գումարուել էր եկեղեցական ժողով, որն անվաւեր ճանաչելով Սսի եւ Ադանայի ժողովների որոշումները, իսպառ մերժել է կաթոլիկական նորամոյծ ծէսերը [28]. «Եբարձ զջուրն ի սուրբ խորհրդոյն եւ հերքեաց զախթարմայութիւնն, որ մուծեալ էր ի Հայս ի Կոստանդին հերձուածողէն եւ յՕշին թագաւորէն», - ասում է սրա մասին Սիմէոն Երեւանցին [29] ։

Որոշ տուեալներ թոյլ են տալիս յանգելու այն եզրակացութեան, որ Մեսրոպ վարդապետի Արտազի եպիսկոպոս եղած տարիներին, հաւանաբար Զաքարիա եպիսկոպոսի մահուանից յետոյ՝ Ս. Թադէի վանքը դուրս է բերուել Արտազի հայ աւատատէրերի իրաւասութիւնից՝ դառնալով ազգային եկեղեցու աւանդութիւններին հաւատարիմ եպիսկոպոսի աթոռանիստ։ Արտազի կաթոլիկութեան յարած եպիսկոպոսները՝ Զաքարիա Ծործորեցու յաջորդները՝ ստիպուած տեղի են տուել, ամփոփուելով Մակուի բերդում եւ Ծործորի վանքում։

Ստոյգ տուեալները չեն պահպանուել պարզելու, թէ Մեսրոպ վարդապետից յետոյ ո՛վ է գրաւել Արտազի եպիսկոպոսութիւնն ու Ս. Թադէի վանքի վանահայրութիւնը, գիտենք, սակայն, որ 1397 թ. այդ պաշտօնում եղել է Պետորս անունով մի եպիսկոպոս, որ քահանայ է ձեռնադրել Էջմիածնի ապագայ կաթողիկոս Կիրակոս Վիրապեցուն [30] ։ Այսուհետեւ տեղեկութիւն ունենք 1426 թ., երբ Գրիգոր Մակուեցի Ջալալբեկեանը, ներկայանալով որպէս «աթոռակալ սրբոյն Թադէոսի», տեղեկութիւններ է գրանցում Իսքանդար Կարա-կոյունլուի կողմից Մակուի բերդի գրաւման եւ Արտազի հայկական իշխանութեան վերացման մասին [31] ։

 

* * *

Զաքարիա եպիսկոպոսը Արտազի հայկական իշխանութեան սահմաններում 1313-1321 թթ. ընթացքում շարադրուած յիշատակութիւնների մէջ [32] մեծարուած է որպէս եկեղեցական այդ թեմի եւ Ս. Թադէի վանքի միահեծան առաջնորդ [33], իսկ 1329 թ. շինարարական ընդարձակ արձանագրութեան մէջ, ինչպէս տեսանք վերը, Զաքարիան գրանցել է տուել նաեւ իր փոխանորդ կարգուած Տիրացու եպիսկոպոսի անունը, որ եղել է նրա եղբօրորդին («Եւ զաջորդն՝ մեր աղբաւր որդին՝ գտէր Տիրացուն») [34] ։ XIV դ. 30-40-ական թթ. մի շարք յիշատակարաններում, իր մեծանուն հօրեղբօր հետ միասին յիշատակւում է նաեւ այս Տիրացու եպիսկոպոսը, որ ժամանակակիցների կողմից «հեզ ու մարդասէր» մակդիրն է ստացել [35] ։

Զաքարիայի մահուան թուականը անյայտ է մնում. իր մահկանացուն կնքած պէտք է լինի 1340-ական թթ. վերջերին, անտարակոյս 1350 թ. առաջ, քանի որ այդ թուականի մի յիշատակարանից պարզւում է, որ նա այլեւս գոյութիւն չունի («զհանկուցեալն ի Քրիստոս») եւ նրան յաջորդել է իր ժառանգ տէր Տիրացուն, «որ է այ[ր բար]եխորհ եւ իմաստուն, յոյժ անուանի եւ ամենեցուն մեծամեծ սիրելի» [36] ։

Մինչեւ Տիրացու եպիսկոպոսի ու նրա յաջորդող Արտազի հայ հոհգեւոր ու աշխարհիկ տէրերի գործունէութեանն անդրադառնալը, անհրաժեշտութիւն է զգացւում հակիրճ մի ամփոփումով փակել Զաքարիա եպիսկոպոսին նուիրուած այս դրուագը։

Գրեթէ մի ամբողջ յիսնամեակ իշխելով որպէս Առաքելոց թեմի եպիսկոպոս եւ Արտազի շրջանի աւատատէր դարձած հայ գերդաստանի նահապետ՝ պարոնտէր Զաքարիա Ծործորեցին զգալի դեր է կատարել Հայաստանի քաղաքական ու մշակութեաին կեանքում։ Ընդառաջելով Կիլիկեան Հայաստանի արքունիտան անդամների ու բարձրաստիճան հոգեւորականութեան լատինամոլ քաղաքականութեանը՝ նա դարձել է նրանց ձայնափողը Մեծ Հայքում՝ պայքարելով Հայոց եկեղեցու ինքնուրոյն գոյութիւնը ամրապնդել ցանկացող եւ ազգային աւանդութիւններին հաւատարիմ մնացած քաղաքական ու եկեղեցական գործիչների դէմ։ Իր գործունէութեան առաջին երեք տասնամեակների ընթացքում նա յաջողութիւններ է ունեցել։ Հաւատ ընծայելով եւրոպական երկրներից քաղաքական ու ռազմական օգնութիւն ստանալու սին ու պատիր խոստումներին՝ Արտազի շրջանի եւ շրջակայ նահանգների քաղաքային բնակչութեան որոշ խաւեր (մասնաւորապէս՝ եւրոպական երկրների հետ տնտեսական կապեր ունեցող ու քարաւանային առեւտրի մէջ ներգրաւուած վաճառականներ ու արհեստաւորներ) ընդունել են կաթոլիկ դաւանանք եւ ճանաչել Արտազի արքեպիսկոպոսին՝ որպէս իրենց հոգեւոր առաջնորդ։ Զաքարիա Ծործորեցին, իր գերդաստանի իշխանազուների գործակցութեամբ, թերեւս նաեւ կիլիկիայից ու եւրոպական երկրներից նիւթական օժանդակութւին ստանալով, Արտազի շրջանում ծաւալել է շինարարական աշխոյժ գործունէութիւն։ Կառուցել է Ծործորի վանքը, ստեղծելով այնտեղ վանական դպրոց եւ մշակութային աշխատանքների համար նպաստաւոր պայմաններ [37] վերաշինել է Ս. Թադէի երկրաշարժից գրեթէ հիմնայատակ կործանուած վանքը եւ այլ վանքեր ու եկեղեցիներ, բարեկարգել Արտազի շրջանով անցնող միջազգային նշանակութիւն ունեցող ճանապարհը՝ կառուցելով գեղեցիկ կամուրջներ եւ այլն։

1320-ական թթ., երբ կաթոլիկ քարոզիչների քայքայքիչ աշխատանքը թափ է ստանում Հայաստանում, ազգային եկեղեցու ինքնուրոյն գոյութեան անհրաժեշտութիւնը գիտակցող հայրենասէր գործիչները, Եսայի Նչեցի րաբունապետի գաղափարական ղեկավարութեամբ, հակագրոհի են անցնում։ Շուտով Զաքարիա եպիսկոպոսի իրաւասութիւնից դուրս է բերւում իլխանութեան մայրաքաղաքն ու ողջ Ատրպատականը. Թաւրիզում ստեղծւում է Արտազի թեմին հակադրուող, Թադէոս առաքեալի անունը իրեն վերապահող եկեղեցական նոր թեմ, կաթոլիկութեան ակնյայտ թշնամի Մատթէոս եպիսկոպոսի աթոռակալութեամբ։ 1340-ական թթ. Առաքելոց եպիսկոպոսի հոգեւոր իշխանութիւնից դուրս է բերւում նաեւ Ս. Թադէի վանքը. Արտազի կաթոլիկ դարձած տէրերը աւելի են սեղմում իրենց գործունէութեան շրջանակները՝ տեղի տալով ազգային եկեղեցու սկզբունքներին հաւատարիմ կուսակցութեան գրոհներին։ Եւ այսպէս, Արտազի եպիսկոպոս Զաքարիա Ծործորեցու յաջորդներին ժառանգութիւն է մնում բզկտուած եկեղեցական մի թեմ, որ սահմանափակւում է Մակուի բերդի եւ Ծործորի վանքի անձուկ շրջանակներով։ Սրանց հոգեւոր առաջնորդութիւնը՝ Մակուի իշխանութեան սահմաններից դուրս ճանաչում են միայն Ատրպատականի հայաբնակ շրջաններից կաթոլիկ դաւանանք ընդունած հայ ընտանիքները։

 



[1]            Երուսաղէմ մատենադարան, ձեռ. 789, էջ 149

[2]            Տե՛ս Դանիէլ Թաւրիզեցու «Հայերին վերագրուած մոլորութիւններ կապակցութեամբ եղբայր Դանիէլի պատասխանը» խորագրով լատիներէն աշխատութիւնը՝ հետեւեալ հրատարակութեան մէջ. “Recueil des historiens des Croisades. Documents arméniens”, t. III, Paris, 1906, էջ 561։

[3]            Ինչպէս կտեսնենք ստորեւ, խոսքը Զաքարիա Ծործորեցու մասին է, ուստի Ժուրդեն դէ Սեւեպակի գրանցած տեղեկութիւնների սկզբնաղբիւրը նա է՝ Առաքելոց աթոռի եպիսկոպոսը։

[4]            Բարթուղիմէոսը համարւում է Քրիստոսի 12 աշակերտներից մէկը, որ ըստ աւանդութեան քարոզել է Խորասանում. Պարսկաստանում եւ Հնդկաստանում, բայց ի վերջոյ հաստատուել է Հայաստանում ու նահատակուել Սանատրուը թագաւորի կողմից։ Սիմոնը կամ Շմաւոնը նոյնպէս 12 առասպելական առաքեալներից է համարւում. քարոզել է, իբր, Եգիպտոսում, Լիբիայում եւ Մաւրիտանիայում. ոմանք նրան նահատակուած են համարում Բրիտանիայում, ուրիշներ՝ Երուսաղէմում, իսկ հայկական միջնադարեան աւանդութեամբ՝ Յուդա-Թադէոսի հետքերով մեկնել է Հայաստան եւ վկայական իր վախճանը գտել Ռշտունեաց գաւառում։ Յուդան կամ Թադէոսը համարւում են Քրիստոսի 70 աշակերտներից մէկը՝ Թովմաս առաքեալի եղբայրը. ըստ աւանդութեան՝ բժշկել ու քրիստոնէական հաւատքի է բերել Եդեսիայի հայ թագաւոր Աբգարին, նահատակուել է Սանատրուկ թագաւորի կողմից. արքայադուստր Սանդուխտի հետ միասին (տե՛ս Մ. Աւգերեան, ծաղիկ վարուց սրբոց, Վենետիկ, 1800, էջ 52, 106-107, 227-228)։

              Զաքարիա Ծործորեցին իրեն համարում էր հիմնականում Թադէոս առաքեալի յաջորդ, սակայն ըստ հարկի պճնւում էր նաեւ Բարթուղիմէոսի եւ Սիմոնի հեղինակութեամբ՝ կոչուելով առաքելոց եպիսկոպոս։

[5]            Սանդուխտ անձնանունը թիւրիմացաբար արտածելով հայերէն սանդուխտ (աստիճան) բառից եւրոպացի ուղագիրը տուել է այդ բառի լատիներէն թարգմանութիւնը՝ Scala։

[6]            Խօսքը հաւանաբար Յակովիկ Պարսկի մասին է (տե՛ս«Ծաղիկ վարուց սրբոց», էջ 188-189)։

[7]            Քարոզիչ եղբայր էին կոչւում դոմինիկեան միաբանութեան անդամները, իսկ կրտսեր եղբայր (նաեւ՝ մինոր) ֆրանցիսկեանները։

[8]            Կաթոլիկ այս կրօնաւորը հերձուածող է անուանում ոչ կաթոլիկ քրիստոնեաներին, տուեալ դէպքում՝ լուսաւորչական հայերին։

[9]            После Марко Поло... , էջ 137-138

[10]          Նոյն, էջ 164

[11]          Տեառն Ստեփաննոսի նախագահ արքեպիսկոպոսի՝ Հակաճառութիւն ընդդէմ երկաբնակաց, շարադրեալ ի թուին Հայոց ՉԾԱ, Կ. Պոլիս, էջ 1756, էջ 42-43 (հմմտ. նաեւ ՄՄ ձեռ. 573, էջ 63ա-63բ)։

[12]          G. Golubovich, Biblioteca bio-bibliograficadella Terra Santa e dell՚ Oriente Francescono, t. II, էջ 570 եւ հտ. օգտուել ենք М. Я. Свет-ի “После Марко Поло” աշխատութեան միջնորդութեամբ։

[13]          “Marcus Antonius v. d. Ouudenrijn. Linguare Haicanae Scriptores”, Bern, 19604 էջ 19-20

[14]          Այստեղ կաթոլիկ դաւանանք է ընդունում Երնջակի շրջանի Քռնա, Ապարաներ, Սալիթաղ, Ապրակունի, Խոշկաշէն եւ Ջահուկի շրջանի Ջահուկ եւ Շահապոնս գիւղերի հայ բնակչութեան մեծ մասը։

[15]          Մ. Օրմանեան, Ազգապատում, § 1350

[16]          Այսպէս ենք կարծում՝ հաշուի առնելովնաեւ Յովհան-Օրբելի Զաքարիա Ծործորեցուն ուղղուած նամակի մի հատուածը, ուր խօսք կայ այն մասին, որ Արտազիեպիսկոպոսը պարծենալիս է եղել ինչպէս իր, այնպէս էլ իր շուրջ համախմբուած անձանց գիտութեան վրայ... ... թէ դու այնպէս գիտուն եղար՝ որպէս կարծես զքեզ կամ զքոյքդ՝ որպէս պարծես հանապազ եւ խրոխտացեալ ես առաջի իշխանաց»)։ Պարզ է, որ Զաքարիան այդպիսի դիրք կարող էր բռնել 1314 թ. յետոյ միայն, երբ արդէն հիմնադրել էր Ծործորի վանքը՝ բարձրագոյն իր դպրոցով, իր կուսակիցը դարձրել Յովհաննէս Երզնկացի-Ծործորեցի վարդապետին եւ այլն։ Որ այս նամակների շարադրման ժամանակ Երզնկացին արդէն հաստատուել էր Ծործորի վանքում ու դարձել Զաքարիայի մերձաւոր գործակիցը, պարզ երեւում է Մ. Չամչեանի ձեռքի տակ եղած եւ օգտագործած նիւթերից (տե՛ս «Պատմութիւն Հայոց» հտ. Գ, Վենետիկ, 1786, էջ 306-308)։

[17]          «Ճռաքաղ», 1860, էջ 43։ Հմմտ. ձեռ. ՄՄ 8245, էջ 182։

[18]          «Ճռաքաղ», 1860, էջ 56։ Հմմտ. ձեռ. 8245, էջ 183։

[19]          Մ. Չամչեանց, Պատմութիւն Հայոց, հտ. Գ, Վենետիկ, 1786, էջ 306-308

[20]          Ուշագրաւ այս գրութիւնը որ պահպանուել է Մաշտոցի անւ. Մատենադարանի 9622 ձեռագրում (էջ 734-753), խորագրուած է այսպէս. «Թուղթ Եսայեայ վարդապետին, պատասխանի թղթոյ Սսոյ կաթողիկոսին եւ թագաւորին»։ Գրութեան ստոյգ տարեթիւը յայտնի չէ, բայց գրուած պէտք էլինի նոյն այս տարիներին՝ XIV դ. 10-ական թթ. վերջերին։

              Հարկ է նշել այստեղ, որ չնայած Եսայի Նչեցի րաբունապետի անունը Գլաձորի համալսարանի առնչութեամբ վերջերս շատ է հոլովւում, բայց նրա կեանքի ու գիտական գործունէութեան դրուագները գիտական ուսումնասիրութեան առարկայ չեն հանդիսացել։ Աշխարհով մէկ ցրուած հայերէն ձեռագրերի մէջ նրա անունով կան շուրջ երկու տասնեակ աշխատութիւններ՝ մեկնութիւն, ճառ, նամակ, շրջաբերական գրութիւն եւ այլն, որոնց մեծագոյն մասը ոչ միայն չի հրապարակուած, այլեւ չի գնահատուած մասնագէտների կողմից։ Հ. Աճառեանի «Հայոց անձնանունների բառարանի» Բ հատորում (Երեւան, 1944, էջ 128) թուարկուած են Նչեցու 12 աշխատութիւնները. առանց յատուկ քննութիւն կատարելեու այդ ցանկը կարող ենք լրացնել հետեւեալ գործերով. (1) «Թողթ վասն կարգաց եկեղեցոյ եւ ժամուց, զոր արարեալ է Եսայի վարդապետի ի խնդրոյ վարդապետաց Սիւնեաց եւ առաջնորդաց վանորէից, աստուածասէր կրօնաւորաց» (ՄՄ ձեռ. №5154, էջ 259ա-261ա). (2) «Երիցս երանեալ բազմերջանիկ վարդապետին Եսայեայ, արարեալ ի խնդրոյ Ստեփանոս վարդապետի Թեղենեցւոյ, Յաղագս եկեղեցւոյ խորհրդեան» (ՄՄ ձեռ. 9622, էջ 754-772), (3) Շրջաբերական թուղթ, որով յորդորում է հաւատացեալներին ողորմութիւն տալ Տարոնի Ս. Կարապետի վանքի նուիրակին (ՄՄ ձեռ. 848, էջ 100-106բ) եւ վերջապէս, (4) կաթողիկոսին եւ թագաւորին հասցէագրուած այս նամակը, որից քաղուածքներ ենքկատարու եւ որը առիթ տուեցանդրադառնալու Եսայի Նչեցու գրական ժառանգութեանը։ [վերջին տարիներին Նչեցու ժառանգութեան վերաբերեալ պրպտումն երկատարեց այժմ յանգուցեալ Աւետիս Սանճեանը։]

[21]          Մ. Չամչեանը, Յ. Շարխաթուեանցը, Ղ. Ալիշանը եւ այլ բանասէրներ, յենուելով Սամուէլ Անեցու շարունակողներից մէկի հաղորդած տուեալի վրայ (Սամուէլ, էջ 155), նոյնացրել են Կոստանդին Կատուկեցի (Պրոնգործ) եւ Կոստանդին Կեսարացի կոթողիկոսներին, գտնելով, որ Հեթում թագաւորի կողմից 1289 թ. գահընկէց արուած վեհապետը՝ երկրորդ անգամ կոթողիկոսէ դարձել 1307 թ. ։ Մ. Օրմանեանը, հանգամանօրէն քննարկելով այս կաթողիկոսների մասին առկայ տուեալներ, յանգել է այն եզրակացութեան, որ դրանք տարբեր անձնաւորութիւններ են (տե՛ս «Ազգապատում», §§ 1169, 1245)։ Եսայի Նչեցու այս թղթի մէջ կայ մի հատուած, որ թերեւս հնարաւորութիւն է ընձեռում վերանայելու Օրմանեանի ուսումնասիրութեան արդիւնքները։ Նչեցու գրութեան մէջ կան նաեւ մէջբերումներ կիլիկեցիների իրեն յղած նամակից. «Այլ եւ պատուով, - ասէ, - ընկալարուք զհրամանս սուրբ հօրս՝ իբրեւ ճշմարիտ» խօսքերի կապակցութեամբ Նչեցին գրում է. «Թէ սուրբ հայր էր ընդէ՞ր ընկեցիք յաթոռոյն եւ չար ի վերայ եդիք»։ դժուար չէ կռահել, որ աթոռազուրկ արուած եւ կրկին սուրբ հայր դարձած անձը, որի հրամաններին պարտաւոր էին ենթարկուել Մեծ Հայքի հոգեւորականները, պէտք է կաթողիկոսը լինէր, իսկ այդպիսին Կատուկեցին կարող էր լինել, որի կրկին կաթողիկոս դառնելու մասին, ինչպէս ասացինք, կան ձեռագրական վկայութիւններ։

[22]          Այդ երեւում է ստորեւ վկայակոչուող երկու յիշատակարաններից, որոնք գրուած են Զաքարիա եպիսկոպոսի իշխանութիւնը ճանաչող դաւանակիցների կողմից։ 1. Տէր Տիրացու եպիսկոպոսը՝ Զաքարիայն յաջորդն ու եղբօրորդին, 1342 թ. յիշատակուած է որպէս առաջնորդ Թաւրիզ քաղաքի եւ շրջակայքի ... ի յառաջնորդութեան աստուածապահ նահանգիս Թավրիժու քաղաքիս տէր Տիրացու եպիսկոպոսի», «ԺԴ դարի հայերէն ձեռագրերի յիշատակարաններ», էջ 331)։ 2. Մարաղայում 1361 թ. ընդօրինակուած Աստուածաշնչի յիշատակարանում որպէս հոգեւոր առաջնորդ դարձեալ յիշատակուած են Արտազի եպիսկոպոսները. «... ի հայրապետութեան աթոռակալաց առաքելոյն Թադէոսի տէր Տիրացուի եւ Զաքարիայի» (Նոր Ջուղա, ձեռ. 336)։

[23]          Մատթէոս եպիսկոպոսի մասին անդրանիկ վկայութիւնը գտնում ենք Եսայի Նչեցու ծանօթ թղթի մէջ, որն ըստ Գ. Յովսէփեանի՝ գրուած պէտք է լինի կամ 1321 թ. կամ քիչ առաջ (տե՛ս «Խաղբակեանք կամ Պռօշեանք Հայոց պատմութեան մէջ», Բ հրատ., Անթիլիաս, 1969, էջ 286-288)։

[24]          Որոշ ուսումնասիրութիւնների մէջ ասւում է, թէ իբր, Եսայի Նչեցու գլխաւորած Գլաձորեան համալսարանն աւարտել ու վարդապետական գաւազան են ստացել 360 անձինք։ Այդ թիւը, սակայն, խիստ չափազանցուած է ու չի հիմնաւորւում հին աղբիւրներով։ Մխիթարիչ Ապարանեցու «Գիրք ուղղափառացի» մէջ այդ մասին կայ ուշագրաւտուեալ. «Մեծ վարդապետն Հայոց Եսայի, որ էր ի Գայլիձորն... տուեալ է գաւազան իշխանութեան վարդապետելոյ զՃ եւ ԿԷ (167) անձանց» ( M. Oudenrijn, նշ. աշխ., էջ 216)։ Հաւանաբար դրանցից մէկն էր Առաքելոց թեմի առաջնորդ դարձած Մատթէոս եպիսկոպոսը։

[25]          «Ճռաքաղ», 1860-1861, էջ 210։ Հմմտ. ձեռ. 2776, էջ 248ա, 8245, էջ 170։

[26]          ՄՄ ձեռ. 2776, էջ 262ա

[27]          Մեսրոպ րաբունապետի ջանքերով Ս. Թադէի վանքում ստեղծուած դպրոցի մասին կարեւոր տուեալներ է հաղորդել Յովհան անունով Սսեցի մի երիտասարդ, որ «սակս ուսման» Կիլիկիայից Մեծ Հայք էր եկել, սովորել Գլաձորում, ապա հաստատուել Ս. Թադէի վանքում՝ դառնալով Մեսրոպի աշակերտը։ Ներսէսէ Շնորհալու «Մեկնութիւն Մատթէի Աւետարանին» աշխատութեան իր ընդօրինակութեան յիշատակարանում Յովհանը գրել է. «Այլ եւ ես թարմատարս Յոհան աշակերտ բանի յաշխարհէն Կիլիկեցոց, ծնեալ եւ սնեալ ի մայրաքաղաքն Սիս, եկի յաշխարհս Արեւելից՝ տարաշխարհիկ շրջելով սակս ուսման, որ եւ ուսայ զորն որ յեռամեծէն Եսայեայ եւ է զոր ի մերոյս րաբունապետէ Մեսրոպայ, առ ոտս սորա դեգերելով եւ վարժելով. եւ տեսի ի մեր լսարանիս զայս լուսաւոր եւ թուրվանդա մեկնիչս. եւ ստացա զսայ յիշատակ հոգոյ իմոյ եւ ծնողաց եւ ուսուցչաց։ Արդ, գրեցաւ սա ի թվականիս ՉՁԴ (1335), ի յաշխարհիս Արտազ կոչեցեալ, ի հայրապետութեան տեառն Յակոբայ... եւ յեպիսկոպոսութեան Արտազու եւ սուրբ առաքելոյն Թադէոսի տէր Զաքարիայի» (Երուսաղէմ, ձեռ. 1428)։

              Թերեւս նոյն այս գրչի մէկ ուրիշ յիշատակարանն է տպագրուած Գ. Զարպհանալեանի «Պատմ. հայ դպրութեան» աշխատութեան Բ հատորի մէջ (Վենետիկ, 1878, էջ 193-194). այստեղ ասուած է. «Եղեալ թափառական տարագնաց ընթացիւք ի կոյս կողմանց արեւու, եւ զկայ առեալ դադարեցի յԱրտազ... դեգերեալ առ ոտս աստուածախօս սուրբ րաբունւոյս Մեսրոպի»։

[28]          Մ. Օրմանեան, Ազգապատում, § 1322

[29]          Ջամբռ, Վաղարշապատ, 1873, էջ 17

[30]          Այս տեղեկութիւնը քաղուած է Թովմա Մեծոփեցու «Յիշատակարրանից», որի տպագրում Պետորս անուան փոխարէն, հաւանաբար վրիպակոս, Պօղոս է գրուած։ Մատենադարանի մէր համեմատած 12 ձեռագրերը, առանց բացառութեան, այս եպիսկոպոսին Պետրոս են կոչում։

[31]          Անտեղեակ լինելով Արտազի աթոռի եպիսկոպոսութեան եւ Ս. Թադէի վանքի առաջնորդութեան զզոյգ պաշտօնների շուրջ XIV դ. ընթացքում Հայ եկեղեցու աւանդութիւններին հաւատարիմ եւ Կաթոլիկ եկեղեցու դաւանանքն ընդունած հակընդդէմ խմբաւորումների միջեւ ծաւալուած պայքարի դրուագներին, պատմագրական աշխատութիւններում շփոթել են միմեանց «Թադէոս առաքեալի աթոռակալ» կոչուած անձնաւորութիւններին, ապարդիւն փորձեր կատարելով միասնական մի շղթայի մէջ առնելու Զաքարիային ու նրա յաջորդներին՝ մի կողմից, եւ մատթէոսին ու նրա յաջորդներին՝ միւս կողմից։

[32]          Պահպանուել են յիշատակարաններ 1313, 1315, 1318 եւ 1321 թթ., որոնք տպագրուած կամ յիշատակուած են հետեւեալ աշխատութիւնների մէջ. Ն. Պողարեան, Մայր ցուցակ ձեռագրաց սրբոց Յակոբեանց, հտ. հինգերորդ, Երուսաղէմ, 1971, էջ 96-97, «ԺԴ դարի հայերէն ձեռագրերի յիշատակարաններ», Երեւան, 1950, էջ 114-115, ՄՄ. ձեռ. 2104, էջ 164բ Վ. Հացունի, Կարեւոր խնդիրներ Հայ եկեղեցւոյ պատմութենէն, Վենետիկ, 1927, էջ 310։

[33]          1313 թ. Թաւրիզում ընդօրինակուած Սարգիս գրքի մէջ յիշատակուած է նաեւ ոմն տէր Յակոբ «Յաթոռակալութիւն Բ աթոռոցն Թադէսի եւ Բարդողիմէոսի տէր Զաքարիա եւ տէր Յակոբի» ( Ն. Պողարեան, նշ. աշխ., էջ 69-67)։ Այս Յակոբ, սակայն, Զաքարիային ենթակայ մի կղերական է, հաւանաբար Սալմաստի առաջնորդ Յակոբ եպիսկոպոսը, որ յիշատակուած է նաեւ Կ. Գալանոսի կողմից՝ որպէս Ադանայի ժողովի մասնակից։

[34]          XIV դ. 40-ական թթ. սկզբներին կաթոլիկների կողմից Հայ եկեղեցու վրայ բարդուած 117 «մոլորութիւնների ցանկում» կայ նաեւ մի կէտ (103-րդ), որով հայերը մեղադրւում են բազմակնութեան նկատմամբ ներողամիտ լինելու մէջ։ Համառօտելով այդ գրութեան հիմնական մասերը՝ Մ. Օրմանեանն այսպէս է ձեւակերպում մեզ հետաքրքրող հատուածը. «Հայերը... ապօրէն զաւակները իբր օրինաւոր ժառանգ կընդունին, եւ մինչեւ իսկ այսպիսիները եպիսկոպոսութեան կը բարձրացնեն. եւ օրինակ կը բերեն Զաքարիայի եղբօր ապօրէն զաւակը, որ հօրեղբօր տեղը եպիսկոպոս ձեռնադրուեցաւ» («Ազգապատում», § 1305)։

              Եթէ այս վերաբերում է Զաքարիա Ծործորեցուն, ապա պէտք է հետեւեցնել, որ 1329 թ. նրա հետ միասին Արտազի եպիսկոպոս կոչուած տէր Տիրացուն Զաքարիայի եղբայրներից մէկի (հաւանաբար՝ պարոն Պետրոսի) ապօրէն զաւակն է եղել։

[35]          Տե՛ս «ԺԴ դարի յիշատակարաններ», էջ 227, 282 եւ Քեշիշեան, Ցուցակ, էջ 579։

[36]          «ԺԴ դարի յիշատակարաններ», էջ 385

[37]          Զաքարիա եպիսկոպոսն անձամբ զբաղուել է մատենագրական աշխատանքներով, որպէս մեկենաս զարկ տուել ինքնորոյն ու թարգմանական երկերի ստեղծման, ձեռագրերի բազմացման աշխատանքներին։ Նրա գործունէութեան այս բնագաւառին անդրադառնալու ենք Ծործորի վանքին նուիրուած դրուագի մէջ։