Յովհաննէս Մրքուզ Ջուղայեցի

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՄՈՒՏՔ

Ընթերցողի դատին ներկայացվող մենագրությունը ծնունդ է ավելի քան քսանհինգամյա գիտական պրպտումների ու որոնումների: Հովհաննես Ջուղայեցու մասին առաջին հրապարակումը կատարել եմ դեռեւս 1976թ., որին հաջորդել են նրա կյանքի, գործունեության ու գրական ժառանգության, ինչպես նաեւ տրամաբանական, արվեստաբանական, հասարակական-քաղաքական հայացքների լուսաբանմանը նվիրված շուրջ մեկուկես տասնյակ հոդվածներ: Այդ ամենի յուրատեսակ հանրագումարը, միաժամանակ ծավալումն ու հարստացումն է սույն մենագրությունը, որը կարող էր տպագրված լինել տարիներ առաջ: Բանն այն է, որ 1988թ. հունվարին արդեն շարադրված էր առաջին երեք գլուխը եւ, ըստ Երեւանի պետական համալսարանի հրատարակչության ամենամյա թեմատիկ պլանի, պետք է հրատարակվեր 1992թ.: Սակայն 1988թ. փետրվարից հետո տեղի ունեցած պատմական իրադարձությունները՝ արցախյան ազատագրական պայքարը, ինչպես նաեւ մեր կյանքում կատարված քաղաքական, տնտեսական, սոցիալական, գաղափարական ու աշխարհայացքային արմատական փոփոխություններն ու դրանց հետեւանքով ծագած դժվարությունները հիմնիվայր շրջեցին նաեւ իմ ծրագրերը…

Խոստովանում եմ, երկար ժամանակ խորապես ցավում էի աշխատությանս տպագրության ուշացման համար, բայց հետո, երբ առիթ ու բախտ ունեցա առժամանակ աշխատելու Երուսաղեմում, օգտվելու ս. Յակոբեանց միաբանութեան ձեռագրական հարուստ հավաքածուից, որտեղ, ի թիվս շատ այլ արժեքավոր մատյանների, պահվում են նաեւ Հովհաննես Ջուղայեցու մինչ այդ ինձ անծանոթ երեք աշխատություն, ընդհակառակը, անչափ ուրախացա իրերի նման ընթացքից, որովհետեւ առանց վերջինների օգտագործման, անխուսափելի կլինեին փաստական մի շարք սխալներ ու դրանց հիման վրա արված ոչ ճիշտ եզրահանգումներ:

Ասվածից բնավ չպետք է եզրակացնել, թե ես բացառում եմ ներկա մենագրության մեջ նման կարգի սխալների ու անճշտությունների գոյության հնարավորությունը: Ուստի շնորհակալ կլինեմ անաչառ ընթերցողից՝ լսելու ցանկացած դիտողություն ու առաջարկություն: