Յովհաննէս Մրքուզ Ջուղայեցի

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՎԵՐՋԱԲԱՆԻ  ՓՈԽԱՐԵՆ

Եվ այսպես, սիրելի՛ ընթերցո՛ղ, ավարտվեց քառորդդարյա աշխատանքս ու ծայր հասավ վաղուց սպասված մենագրությունս։ Այսքան ու այսպես կարողացա ներկայացնել Հովհաննես Մրքուզ Ջուղայեցու հայրենանվեր կյանքն ու գործը, իմաստավորել նրա տեսական-փիլիսոփայական ժառանգությունը, արժեվորել նրա տեղն ու դերը հայ բազմադարյան իմաստասիրության ու մշակույթի պատմության մեջ։ Բացառված չէ, որ դեռ կհայտնաբերվեն Հովհաննես Ջուղայեցու նոր աշխատություններ կամ ի հայտ կգան նոր նյութեր ու տեղեկություններ, որոնք լույս կսփռեն նրա կյանքի մութ էջերի վրա, կլուսավորեն նրա ժառանգության նորանոր երեսներ։ Հնարավոր է, որ եթե ոչ մոտ ապագայում, ապա գեթ տարիներ ու տասնամյակներ անց, կգրվեն նոր գրքեր ու մենագրություններ, որոնցում այլ ձեւով ու այլ բովանդակությամբ կներկայացվի նրա կյանքը, գործունեությունը եւ տեսական ժառանգությունը։ Դա պարզապես մեկ անգամ եւս կհաստատի Հովհաննես Ջուղայեցու այն խորիմաստ մտքի ճշմարտացիությունը, որ տարբերությունն ստացողներինն է եւ ոչ թե տվողներինը։ Այո՛, Հովհաննես Մրքուզ Ջուղայեցին վաղուց ասուպի նման ճառագել է իր լույսը ու տվել իր տալիքը, մնում է, որ ստացողներն ստանան իրենց ստանալիքը, հավաքեն նրա արձակած լույսը, ջերմանան ու լուսավորվեն դրանով, ջերմացնեն ու լուսավորեն ուրիշներին։ Իսկ քանի որ տարբեր են ստացողները, ուստի տարբեր են լինելու նաեւ նրանց ստացածները։ Հետեւաբար, թե ո՛վ ինչպես կներկայացնի նրան, ոչ թե ճշտի ու սխալի, այլ մոտեցման ու ընկալման հարց է, այսինքն՝ կախված է այն բանից, թե ո՛վ ինչպես է նայում նրան, ինչ եւ ինչպես է տեսնում, զգում, հասկանում ու վերարտադրում։

Կարողացա՞ արդյոք Ջուղայեցու տպագիր գրքերի խունացած մամուլներից, ձեռագիր մատյանների փոշեծածկ ու քայքայված, ցեցակեր ու թանաքակեր էջերից, համակիրների ու հակառակորդների դրվատական-գովասանական կամ մերժողական-թշնամական խոսքերից մոտավոր իսկ նմանությամբ ուրվագծել մեծ հայրենասերի ու մարդասերի, իմաստասերի ու աստվածաբանի, տրամաբանի ու քերականի, գիտնականի ու արվեստագետի, մտածողի ու հավատացյալի դիմանկարը, դույզն-ինչ տեսնել, զգալ ու հավաքել նրա մտքից ու հոգուց սփռված լույսը, որպեսզի դրանով լուսավորվի ու ջերմանա նաեւ ընթերցողը։ Պատասխանը թողնում եմ քեզ, ընթերցո՛ղ։ Եթե` այո՛, ուրեմն համարիր, որ լիուլի վարձատրված եմ, իսկ եթե` ո՛չ, ապա ինձ մնում է մխիթարվել Հովհաննես Մրքուզ Ջուղայեցու նույն մտքով, որով սկսեցի գրքիս շարադրանքը՝ «Զանազանութիւն առնողացն է եւ ոչ տուողացն»։

 

Երեւան

04. 04. 1998