Հայ ժողովրդի XIII-XVIII դարերի պատմութեան հարցերը

Հեղինակ

Բաժին

Թեմա

* * *

Կիլիկիայում հայկական պետության վերացումից հետո երկրում փաստական տիրություն էին անում թուրքմենական ռամազան օղլուները, որոնց դեմ պայքարում էին Լարենդայում հաստատված կարամանօղլու թուրքմենները։ Թուրքմենական առանձին ցեղեր կիլիկյան հողի վրա հաստատվել էին դեռեւս հայոց թագավորության գոյության ժամանակ։ 1228 թ. Իկոնիայի սուլթան Ալաէդդինը հայերից զավթելով էրմենեկը, երկրի պաշտպանության համար այնտեղ տեղավորեց թուրքմենական ցեղերին՝ ածխագործ Նուրե Սոֆիի գլխավորությամբ, որը Համմերի վկայությամբ ունեցել է հայկական ծագում [1] ։

Այդ ածխագործի անունով էլ, իբր, հետագայում այդ թուրքմենական ցեղը անվանվել է Կարաման [2] ։ Այս ցեղերը զբաղվում են ավազակությամբ՝ ահ ու սարսափի մեջ պահելով շրջակա բնակչությանը։ Իկոնիայի սուլթանության թուլությունից օգտվելով, նրանք հետագայում, ինչպես վկայում են հայկական աղբյուրները, խիստ ընդարձակում են իրենց զբաղեցրած տարածքը։ «… Յարեան ոմն ի խորանաբնակ իսմայելացոցն ցեղէն, Խարաման անուն, եւ եկեալ յարեցան ի նա ի նույն ցեղէն՝ բազումք, որ եւ ետ կոչել նոցա զինքն՝ սուլտան, եւ այնչափ զօրացաւ նա՝ մինչեւ սուլտանն Հոռոմաց (իմա՝ Իկոնիայի— Մ. Զ. ) ըռուգնատտին՝ յահի եղեալ ի նմանէ՝ ոչ իշխէր ընդդիմախոսել նմա, եւ բազում տեղիս հանդերձ ամրոցօք ընդ ձեռամբ իւրով բռնակալեաց, եւ բազում նեղութիւն էած կողմանն Սավրիոյ եւ Սելեւկիոյ՝ գերելով զնոսա. երկիցս անգամ կոտորեաց ի զօրաց արքային Հեթմոյ՝ զոր կացուծեալ էր անդ կողմնապահս» [3] ։ 1318 եւ 1336 թվականներին կարամանյան թուրքմենները, հաճախ դաշնակցած եգիպտական սուլթանների հետ հարձակվում են Կիլիկյան հայկական պետության վրա [4] ։

Կիլիկիայի Հայկական պետության վերացումից հետո, XV դարի սկզբին, ինչպես արդեն ասվեց, Կիլիկիա եւ նրա հյուսիս-արեւելքում ստեղծված Կարամանյան թուրքմենական իշխանություն է այցելում ֆրանսիացի Բերտրանդոն դե լա Բրոկիերը։ Եվ բոլորավին էլ զարմանալի չէ, երբ նա երկիրը տեսնում է քոչվոր թուրքմենական ցեղերով այն աստիճան ողողված, որ նա երկիրն անվանում է Թուրքոմանիա, թեպետ նշում է, որ դա նախկին Փոքր Հայքն է։ Սկսելով իր ճանապարհորդությունը Ալեքսանդրեթի ծոցից դեպի Կիլիկիայի խորքերը, ֆրանսիացի դիվանագետը գրում է. «Ինձ անհրաժեշտ եղավ երկու օր, որպեսզի կարողանամ շրջագայել ծոցի շուրջ ձգված երկիրը։ (Երկիրը) շատ գեղեցիկ է եւ ժամանակին ունեցել է քրիստոնյաներին պատկանող բազմաթիվ ամրոցներ, որոնք այժմ ավերված են» [5] ։ Այս երկրամասից դեպի արեւելք ընկած տարածության վրա, հեղինակի ասելով «…բնակվում են միայն թուրքմենները …նրանք ապրում են բաց դաշտում, եւ ենթարկվում են իրենց առաջնորդին, սակայն հաճախ փոխում են բնակավայրը՝ ընտանյոք հանդերձ։ Այս պարագայում նրանց սովորույթն է ենթարկվել այն իշխանին, որի հողում նրանք կանգ են առնում, եւ պատերազմի դեպքում զենքով ծառայել նրան» [6] ։

Լա Բրոկիերի հաղորդած վկայություններից չի կարելի հանգել այն եզրակացության, թե Կիլիկիայամ արդեն հայերը կազմում էին բնակչության փոքրամասնությունը։ Ե՛վ քաղաքներում, եւ՛ լեռնային գյուղերում ֆրանսիացի ճանապարհորդը հանդիպել է հայերի։ Ֆրանսիացուն ուղեկցած հայը նրան ցույց է տվել լեռան վրա գտնվող մի դղյակ, որի բնակիչները «…բացառապես իր ազգից են» [7] ։ Խոսելով Սսի մասին, մեր հեղինակը նշում է, որ լինելով «կարեւոր մի քաղաք»՝ պատկանել է հայերին։ «Այնտեղ մինչեւ այժմ կարելի է տեսնել կիսավեր բազմաթիվ եկեղեցիներ» [8] ։

Թուրքմենների տիրապետության ներքո ապահովություն գոյություն չունի։ Երբ Լա Բրոկիերը կիպրացի երկու վաճառականների հայտնել է իր նպատակը՝ ցամաքով վերադառնալ Ֆրանսիա, ապա նրա զրուցակիցներն զգուշացրել են նրան, ասելով, որ «…դա անհնարին է, եւ որ, եթե ես հազար կյանք ունենայի, բոլորն էլ կկորցնեի» [9] ։

Բերտրանդոն Դե Լա Բրոկիերի կողմից Լարենդայում Կարամանի իշխան Փիր-Բուդաղի եւ նրա պալատի նկարագրությունը ցույց է տալիս, որ մենք գործ ունենք ինքնուրույն մի պետության ներկայացուցչի արքայական տան հետ [10] ։

Այսպիսի վիճակն էր, որ առաջ էր բերել նորաստեղծ օսմանյան պետության ղեկավարների նախանձն ու ատելությունը։ Առաջին անգամ կարամանի թուրքմեններն ու օսմանցիները ընդհարվեցին սուլթան Մուրադ 1-ինի (1359-1389 ) ժամանակ [11] ։ Նրա հաջորդ Բայազետ Յըլդըրըմը (1384-1402), շարունակելով իր հոր քաղաքականությունը, եւս մեկ անգամ փորձեց վերացնել Կարամանի իշխանոլթյունը։ 1390 թ. Բայազետը հարձակվեց Կարամանի վրա, որի իշխանը՝ Ալաէդդինը, փախչելով Լեռնային Կիլիկիա, հաշտություն խնդրեց թուրքական տիրակալից։ նույն տարում տարածքային զիջումների գնով երկու կողմերի միջեւ կնքվեց հաշտություն, որը կարճ տեւեց։ Ալաէդդինը նորից հարձակվեց օսմանցիների դիրքերի վրա։ Բայազետն անհապաղ Եվրոպայից անցնելով Փոքր Ասիա, ռազմական գործողություններ սկսեց Ալաէդդինի դեմ։ Ակչայի մոտ տեղի ունեցած ճակատամարտում կարամանյան իշխանը պարտություն կրեց ու գերի ընկավ Բայազետի ձեռքը։ Մեծ փրկագնով եւ տարածքային նոր կորուստներով Կարամանի իշխանին հաջողվեց այս անգամ էլ գործն ավարտել հաշտությամբ [12] ։ Սակայն Կիլիկիայի եւ Կարամանի համար օսմանցիների եւ կարամանցիների միջեւ ծավալված պայքարը, ինչպես կտեսնենք հետագա շարադրանքից, շարունակվեց։

* * *

XIV դարի վերջերին Մեծ ու Փոքր Հայքերը ենթարկվեցին նոր անասելի աղետների, կոտորածի, ավարի ու թալանի Թիմուրի թյուրք-չաղաթայական հորդաների կողմից։

Քաղաքական այդ տակնուվրայությունների վերաբերյալ ստուգապատում տեղեկություններ են հաղորդում ինչպես հայ, այնպես էլ օտար աղբյուրները։ Վերջիններիս մեջ հատկապես ուշագրավ են իսպանացի Ռույ Գոնսալես դի Կլավիխոյի, բավարացի Շիլդբերգերի եւ հույն Խալկոնդիլեսի հաղորդածները։ Թիմուրի բանակներն ավերում ու քանդում էին քաղաքներն ու գյուղերը, բերդերն ու ամրոցները, եկեղեցիներն ու ապարանքները՝ ամայի ու անմարդաբնակ դարձնելով ամբողջ երկրամասեր։

1386 թ. Թիմուրի զորքերն Իրանը նվաճելուց հետո մուտք գործեցին Անդրկովկաս եւ անցնելով Արաքս գետը, երեւացին Կարսի մատույցում։ Այնուհետեւ, Թիմուրն իրեն ենթարկեց Վրաստանը [13] ։ 1387 թ. Այրարատյան նահանգը գրավելիս Թիմուրը Սուրմալիում հայերի կողմից համառ դիմադրության հանդիպեց. «իսկ բարեպաշտ տանուտէր մի Մարտիրոս անուն, կարգում ենք Թովմա Մեծոփեցու մոտ, յոյժ զօրեղ զօրական, ողորմած եւ աղքատասէր ի գեղջէն Կողբայ եղեալ ի լեառն բարդող, որ կոչի յայլով ազգաց Բակալթու, յոյժ արի եւ քաջ մանկամբք գեղջն ապրեցոյց զամենայն հաւատացեալսն մեծաւ պատերազմաւ եւ սրտապինդ զօրութեամբ օգնութեամբ հզօրին Աստուծո Յիսուսի Քրիստոսի փրկչին մերո։ Եւ թեպետ բազում անգամ պատերազմեալ՝ ոչ կարացին առնուլ զլեառն զայն» [14] ։

Հայերի կողմից թիմուրյան հորդաների դեմ ընդհարումներ տեղի ունեցան Հայաստանի եւ այլ մասերում։ Հայերի հանդգնության պատասխանը Թիմուրի կողմից միշտ միեւնույնն էր՝ անմարդկային դաժան հաշվեհարդարը։ Նույն 1387 թ. Շահապանում արտագրված մի ձեռագրի հիշատակարանում, նշելուց հետո, որ Հայոց աշխարհը ոտնատակ եղավ, գրիչը վկայում է, «Ոմանք ի գերութիւն վարեալք՝ արք եւ կանայք, եւ կէսք առաթուր դիաթաւալ արախողխող գալարեալ, առհասարակ քահանայք եւ աշխարհականք գէշ անկեալ դիակամբ անթաղ ընկեցեալք եւ այլք ի բազմազան տանջարանս մաղեալք։ Ոմանք հրով կիսայրեացք տոչորեալք եւ այլք ի սովոյ գազանաբեկ վտանգեալք, կէսք խստամբեր կրիւք չարչարեալք եւ այլք երկիւղիւս պաշարեալք» [15] ։

Երբ առաջին անգամ Թիմուրը երեւաց Փոքր Ասիայի տարածքի վրա, Փոքր Հայքը կառավարվում էր թյուրքական ցեղերից մեկի առաջնորդ Թահերթենի կողմից, որը Երզնկան դարձրել էր իր մայրաքաղաքը։ Հարվածելով Կարամանին, Բայազետը նպատակադրվել էր իրեն ենթարկել նաեւ Փոքր Հայքը, նախ եւ առաջ Սեբաստիան, որի տիրակալը դարձյալ թյուրքական ցեղերից մեկի ղեկավար Կազի-Բուրհանեդդինն էր։ Իր դաշնակից ակկոյունլուների դինաստիայի հիմնադիր Կարաձուլուկի օգնությամբ 1392թ. Բայազետը զավթում է Սեբաստիան [16] ։

Սա այն ժամանակ, երբ հարեւան Երզնկայի տիրակալ վերոհիշյալ Թահերթենն արդեն ճանաչել էր Թիմուրի սուվերեն իրավունքներն իր իշխանության նկատմամբ։ Բայազետը Սեբաստիան զավթելուց հետո անվերջ ոտնձգություններ էր կատարում Թահերթենի նկատմամբ, ինչը Կլավիխոյի ասելով, սրել էր Թիմուրի եւ Բայազետի հարաբերություննրը։ Սակայն խոսքը տանք Կլավիխոյին. «Արզինջան քաղաքի իշխանն այդ ժամանակում, ինչպես արդեն բացատրված է, իշխան Թահարթենն էր, եւ իր սահմանները կից էին թուրքի (սահմաններին)։ Սուլթանը վերջերս շատ ագահ էր դարձել եւ ուզում էր տիրանալ այդ երկրամասին, եւ հատկապես Կամախի այդ զորավոր բերդին, որը Թահարթեն շատ նախանձախնդիր էր պահելու։ Դրա վրա սուլթան Բայազետը մի պատգամ էր ուղարկել Թահարթենենին՝ պահանջելով, որ հարկ վճարի իրեն, ինչպես նաեւ իրեն հանձնի այդ Կամախի բերդը» [17] ։ Հույս չունենալով սեփական ռազմական ուժերի վրա, ինչպես այնուհետեւ վկայում է Կլավիխոն, Թահարթենը դիմում է Թիմուրի օգնությանը [18] ։

Թիմուրի այն պահանջին, որ Բայազետը հանգիստ թողնի Թահերթենին, թուրքական սուլթանը պատասխանել է, թե «.,. Թիմուրի պես հիմար մի մարդ, ինչպես է համարձակվում իրեն՝ սուլթանին ուղարկել այդպիսի մի պատգամ, երբ ինքը՝ սուլթանը, կարող է Թահերթենի հետ վարվել այնպես, ինչպես որ կամենա» [19] ։

Թիմուրը, անավարտ թողնելով Վրաստանի վերջնական նվաճումը, առժամանակ հետաձգել էր Բայազետի հետ առճակատումը։ Շուտով, սակայն, նա նոր արշավանք կազմակերպեց դեպի Վրաստան, իսկ մինչ այդ Մեծ Հայքի նվաճումը նա վաղուց էր ավարտել։ Թիմուրը Կարակոյունլու թուրքմեններից զավթել էր Խլաթը, Արծկեն, Մուշի հովիտը, Վան-Վասպուրականը։ Վանը Թիմուրին հերոսական դիմադրություն էր ցույց տվել, ուստի քսանօրյա պաշարումից հետո, երբ քաղաքն ու ամրոցը գրավվեցին, Թիմուրի կարգադրությամբ քաղաքի պաշտպանները ձեռքերը կռնակին կապված ամրոցից ցած նետվեցին [20] ։

Եվ ահա, երբ Թիմուրը արշավել էր Վրաստան, լուր ստացվեց, որ Ոսկե Հորդայի խան Թոխթամիշը Դերբենդի վրայով մուտք էր գործել Շիրվան։ Թոխթամիշի կողմից նման մի արշավանք Շիրվան եւ Հայաստան կատարվել է նաեւ 1386 թ. ՝ Թիմուրի առաջին արշավանքից մի տարի առաջ։ Այդ մասին են պատմել Սուրմալիի հայերը, երբ Կլավիխոն այցելել է իրենց քաղաքը։ Անշուշտ, այդ արշավանքից տուժել է ոչ միայն Սուրմալին, այլեւ ողջ Արարատյան նահանգը։ Ավելորդ չենք համարում այստեղ բերել Կլավիխոյի այդ վկայությունը։ «Այստեղի (Սուրմալիի— Մ. Զ. ) մարդիկ մեզ պատմեցին, թե սրանից (տասն)ութը տարի առաջ թաթար խանը՝ Թոխթամիշը պաշարել էր իրենց քաղաքը, երկու ամբողջ օր ռմբակոծելով։ Հետո, երրորդ օրը համաձայնության էին եկել նրա հետ, պայմանով, որ հանգիստ թողնվի իրենց քաղաքը, ոչ ինքը եւ ոչ էլ իր մարդիկը պետք էր որ չմտնեին քաղաքը, բայց իրենք, որպես տուրք պիտի վճարեին սահմանված մի գումար։ Այս պայմանները Թոխթամիշը խոսք տվավ հարգել, բայց նա ավելացրեց պահանջելով, որ քաղաքի զինված մարդուց կեսը դուրս գա միանալու իր ուժերին, եւ իր հետ միասին երթալու վրացիների դեմ, մտադրված լինելով պատերազմել այդ ազգի թագավորի դեմ, որի անունը Գեւորգ էր։ Սակայն եւ այնպես հազիվ թե իրենց պատերազմիկները քաղաքից դուրս էին եկել, Թոխթամիշը հրաման տվավ իր մարդկանց քայլելու քաղաքի դեմ, ուր նրանք ներս մտան հարձակումով, եւ կողոպտեցին, եւ այնտեղ գտնված բոլոր հարստությունները տարին, որպես ավար։ Այս թաթարները ապա այրեցին տները, շատ տեղերից խորտակելով քաղաքի պարիսպները եւ սպանելով մեծ թվով քաղաքացիների։ Սուրմալիի բնակչության ստվար մեծամասնությունը նախապես եղել են հայեր, որովհետեւ Հայաստանի քաղաքներից մինն է, բայց վերջին տարիներին շատ քրիստոնյաներ տեղահանվել են այս տեղից եւ իսլամներ են եկել ու հաստատվել նրանց տեղը» [21] ։ Թիմուրը շուռ տվեց իր զենքերը Թոխթամիշի դեմ եւ Թերեք գետի մոտ տված վճռական ճակատամարտում որոշեց վերջինիս ճակատագիրն ու Ոսկե Հորդան ենթարկվեց Թիմուրին (1395 թ. ապրիլ) [22] ։

Երբ Թիմուրը զբաղված էր իր գլխավոր հակառակորդներից մեկի՝ Թոխթամիշի հետ պատերազմելով, Բայազետ Յըլդըրըմը, օգտվելով հարմար առիթից, հարձակվեց Փոքր Հայքի վրա ու զավթեց այն։ Այդ մասին դեպքերի ականատես Շիլդբերգերի մոտ կարդում ենք. «Դեռ չէր հաջողեցրել Թամերլանը (Հյուսիսային Կովկասից) վերադառնալ իր երկրամասը, երբ Բայազետը 300 հազարանոց զորքով հարձակվեց Թամերլանին պատկանող Փոքր Հայքի վրա, զավթեց նրա գլխավոր քաղաք Երզնկան եւ գերեվարեց այդ քաղաքի տիրակալ Մույախարտին (պետք է լինի Թահարթենին— Մ. Զ. [23]: Այս նույն դեպքերը Կլավիխոյի մոտ նկարագրված են հետեւյալ կերպ. «Բայազետը հարձակում գործեց Արզինջան քաղաքի վրա, մղվելով այն կատաղությունից ու ցասումից, որ նա սնուցանում էր իշխան Թահարթենի հանդեպ» [24] ։ Բնականաբար, Թիմուրի եւ Բայազետի փոխհարաբերությունները ծայրահեղորեն սրվում են։

Ահա այս ժամանակ է, որ, ինչպես այդ մասին դարձյալ վկայում է Կլավիխոն, Կ. Պոլսի բյուզանդական կայսրը եւ ջենովացիները Թիմուրին առաջարկում են համատեղ ռազմական գործողություւններ ձեռնարկել թուրքերի դեմ, խոստանալով նույնիսկ դրամական օգնություն։ «Այս շրջանում էր, կարդում ենք Կլավիխոյի մոտ, որ Կ. Պոլսի (Մանվել) կայսրը եւ Ջենովայի ազնվականները, որոնք հաստատված էին Պերայում, պատգամավոր ուղարկեցին Թիմուրին՝ ասելով եթե նա պիտի կռվեր թուրքին (սուլթանի) դեմ, նրանք պիտի օգնեին, իրեն տալով զինվորներ եւ նավեր… Ավելին, հույները Թիմուրին (մարդ) ուղարկեցին եւ խոստացան դրամական օժանդակություն»։

1400 թվականին Թիմուրը Երզնկայի գրավումից ու Թահերթենին իշխանության գլուխ բերելուց հետո հսկայական բանակով [25] եկավ ու պաշարեց Սեբաստիան։ Փոքր Հայքի այս քաղաքը Փոքր Ասիայի ամենախոշորներից էր, եւ Խալկ Կոնդիլեսի վկայությամբ ուներ մինչեւ հարյուր քսան հազար բնակչություն, գերազանցապես՝ հայ [26] ։ Տասնութօրյա պաշարումից հետո քաղաքի բնակիչները դիմեցին հաղթողի ողորմածությանը, խնայվեցին հիմնականում մուսուլմանները, իսկ հայերը անողոք սրի մատնվեցին։ Յոզեֆ Համմերը, հենվելով «Շարաֆնամե»-ի վրա, այդ մասին գրում է. «Քրիստոնյաները, եւ մասնավորապես չորս հազար հոգուց կազմված հայկական հեծելազորը, որը պաշարող բանակին ցույց էր տվել ամենահերոսական դիմադրություն՝ ըստ կնքված հաշտության պիտի գերեվարվեր։ Սակայն հակառակ Ձորանի վրա երդվելուն, Բարբարոսը (իմա՝ Թիմուրը— Մ. Զ. ) հայերին հանձնեց իր զինվորներին՝ կարգադրելով կենդանի թաղել նրանց» [27] ։

Խալկ Կոնդիլեսը այսպես է նկարագրում Սեբաստիայի աղետը։ Համաձայն Թիմուրի տված հրամանի «…առաջին հերթին սրի քաշվեցին բոլոր տղամարդիկ, այնուհետեւ հավաքելով կանանց ու երեխաներին մի մեծ հրապարակի վրա (Թիմուրը) նրանց վրա բաց թողեց իր հեծելազորը, որը մի անողորմ կոտորած սարքեց սպանելով մինչեւ վերջին մարդը։ Ահա այս տարաբախտ քաղաքի վախճանը, քանզի եւ ոչ մի կենդանի էակ չճողոպրեց սրից» [28] ։ Ձիերի սմբակների տակ կոխկրտված այդ հողերը, ինչպես գրում է Մ. Չամչյանը, հետ այսու կոչվեցին սեւ հողեր [29] ։

Թիմուրի զորքերը շուտով վերադարձան Ղարաբաղ, իսկ Բայազետը չհապաղեց վերագրավել Սեբաստիան եւ Երզնկան։ 1402 թ. հուլիսին Անկարայի մոտ տեղի ունեցած վճռական ճակատամարտում Բայազետը ոչ միայն պարտություն կրեց Թիմուրից, այլեւ գերի ընկավ նրա ձեռքը։ Այժմ արդեն ողջ Փոքր Ասիան ենթարկվում էր Թիմուրի աշխարհակալությանը։

Թոխթամիշի ու Թիմուրի արշավանքները, ինչպես նշեցինք, աղետաբեր եղան հայ բնակչության համար։ Կլավիխոյին ընթերցելիս այն տպավորությունն է ստացվում, որ Հայաստանի շատ վայրեր, որտեղից անցել է իսպանացի դիվանագետը, դարձել էին ամայի ու անմարդաբնակ։ Այսպես՝ Իգդիրի մոտից Կլավիխոյի ճանապարհը անցնում էր լեռան շուրջը։ «Անցանք շատ ավերակ վայրեր, ուր տեսանք տների հիմքերը՝ շինված մեծ չափի քարերով», գրում է նա։ Այնուհետեւ՝ «Տասնըմեկ տարի առաջ էր (?), որ թաթարների խան Թոխթամիշը իշխանության գլուխն անցնելով եւ բազմաթիվ ձիավոր հետեւորդներ ունենալով (Ղփչաղից) արշավեց գրավելու համար Պարսկաստանը։ Նա հասավ (Ատրպատականի) նահանգը եւ գրավեց Թավրիզը ու վերին Հայաստանի բոլոր շրջանները։ Շատ քաղաքներ կողոպտվեցին, շատ բերդեր ավերվեցին եւ իր բանակները քար ու քանդ արին գյուղերը, ինչպես մենք դեսպաններս տեսանք այս մասերում ճանապարհորդելիս» [30] ։ Եվ այնուհետեւ, անցնում էինք մենք, գրում է նա, «Բոլորովին ամայի երկրից… Հայաստանի այս մասում (Խոյից մինչեւ Ալաշկերտ) բնակչության բացակայության պատճառն այն է, որ քրիստոնյաները կորցրել են իրենց իշխանությունն ամբողջ Մեծ Հայաստանում» [31], որի հետեւանքով Կլավիխոյի ասելով մուսուլմանները զավթել էին նրանց հողերը, տիրել քաղաքներին, սպանել տեղաբնակ հայ բնակչությանն ու տեղավորվել երկրում [32] ։

Կլավիխոյի այս վկայությունները, գուցե եւ մասամբ կարելի է ճիշտ համարել Արարատյան նահանգի եւ Հայաստանի հարավային ու հարավարեւմտյան մասերի համար, որտեղից անցել է իսպանացին։ Դրանք XV դարում զբաղեցված էին կարակոյունլու եւ ակկոյունլու՝ մեկը մյուսի նկատմամբ ախոյան թուրքմենական ցեղերով։ Նման պայմաններում, հայ ժողովրդական զանգվածները կոտորածներից խուսափելու համար գերադասել էին բնակվելու գյուղավայրերում։ Շիլդբերգերն էլ նույնն է վկայում ասելով, թե գյուղերի բնակիչները հայեր են, իսկ քաղաքներում բնակվողները՝ «անօրենները»։ XVI-XVIII դարերի եվրոպացի հեղինակների հաղորդած վկայություններից երեւում է, որ Մեծ ու Փոքր Հայքերի բնակչությունը, չնայած քաղաքական տակնուվրայություններին, մեծամասամբ տեղաբնիկ հայերն էին։

Ուշագրավ է Կլավիխոյի մոտ Հայաստանի սահմանների բնորոշումը։ Նա Խոյ քաղաքը, որի «…բնակչության մեծ մասը հայ ցեղից է» [33], մի քանի անգամ շեշտելով համարում է Հայաստանի սահմանը։ «Խոյ քաղաքում Պարսից երկիրը վերջանում է, Մեծ Հայաստանը՝ սկսում» [34] ։ Եվ ահա այս Խոյի ու Սալմաստի արանքում ընկած տարածքում, մասնավորապես Մակվում Կլավիխոն իջեւանում է Նուրեդդին կոչված հայ իշխանի մոտ, որր «…մեծ մխիթարություն էր զգում այն իրողությունից, որ մենք քրիստոնյա էինք» եւ որ նա «…մեզ ցույց տվավ մեծ հյուրասիրություն» [35] ։ Կլավիխոն պատմում է, որ Մակվի հայ իշխանն իրեն այնքան հզոր է զգացել, որ չի ենթարկվել Թիմուրի մերձավորագույն ավագանիներից մեկին՝ Ջհան շահ Միրզային [36] ։ Զարմացած իսպանացին բացականչում է. «Հիրավի, զարմանալի է, թե ի՞նչպես Մակվի այս քրիստոնյաները կարող են պահել իրենց, շրջապատված մահմեդական ժողովրդով եւ այսքան կտրված բոլոր քրիստոնյաների օգնությունից, փաստապես նրանք պատկանում են հայ ազգին, բայց հռովմեական կաթոլիկ հավատքին» [37] ։

Թիմուրի կարճ ժամանակում ստեղծած ընդարձակածավալ կայսրությունը, որը պահպանվում էր միայն բռնի ուժով, շուտով տրոհվեց առանձին մասերի։ Հայկական լեռնաշխարհում Թիմուրյանների թուլացումից առաջինը օգտվեցին կարակոյունլու թուրքմենները, որոնք Թիմուրին ուժեղ դիմադրություն էին ցույց տվել եւ ճզմվել ջաղաթայական բռնակալի կողմից, Եգիպտոս փախուստ տված կարակոյուլուների առաջնորդ Կարա-Յուսուֆը շուտով եկավ նորից նվաճեց Հայկական լեռնաշխարհի զգալի մասը եւ Թավրիզում իրեն հռչակեց նոր պետության հիմնադիրը։ Կարա-Յուսուֆի հաջորդների մեջ ամենակարկառուն դեմքը Ջհան շահն (1437-1467) էր, որի պետության սահմանները հասնում էին մինչեւ Հերատ։

Հայկական լեռնաշխարհում եւ Արեւմտյան Իրանում գերիշխանություն հաստատելու համար կարակոյունլուների դեմ դաժան պայքար էին ծավալել նաեւ պատմական Աղձնիք նահանգում հաստատված ակկոյունլու թուրքմենները որոնք, ի տարբերություն շիա կարակոյունլուների, պատկանում էին սուննի դավանանքին [38] եւ, հետեւաբար, մասնակի ատելություն էին տածում առաջինների նկատմամբ։ Իբրեւ սուննիներ ակկոյունլուները հանդես էին գալիս որպես Թիմուրի ու նրա հաջորդների զորեղ դաշնակիցներ։ 1449-50 թվականներին կարակոյունլուներն ասպատակում են Հայաստանի արեւմտյան մասերը եւ, մասնավորապես Կամախն ու Երզնկան, ավերելով երկրամասը, հրի ու սրի մատնելով նրա բնակչությանը, որր գերազանցապես բաղկացած էր հայերից։ 1450թ. արտագրված մի ձեռագրի հիշատակարանում կարդում ենք «ելեալ սուլթանն Թաւրիզու Ջհանշահ անուն՝ բազում եւ անթիւ զօրոք՝ վաթսուն հազարաւ, եկեալ էառ զեղնգայն, յազգէ թուրքմանաց (ակկոյունլուներից), որ իր ազգաւ Պայընտուր եւ կալեալ զիշխանն Երզնկայ քաղաքին եւ 40 անուանի ամիրայ զհետ նորա, եւ տարեալ յարեւելու կորուսին, եւ զկամխայ աստուածաշէն երկիրն եւս հասարակ գերեաց, իբրեւ անձինս ԺԻՀ (10. 000) ընդ այր եւ ընդ կին, թող զայն որ մաշեցան եւ զներքին Դերջանն եւ զվերին Դերջանն, զԲաբերդ, զԿեղի, զԿոճակն եւ զԳայլգետն, զՇեռեան, զՍատաղ, առհասարակ գերեաց» [39] ։

Կարակոյունլու Ջհանշահի եւ ակկոյունլու Ուզուն Հասանի միջեւ հակամարտությունը տեւեց երկար, եւ ի վերջո՝ 1467 թ. նոյեմբերի 11-ին Մուշի մոտ տեղի ունեցած ճակատամարտում կարակոյունլուները ծանր պարտություն կրեցին, սպանվեց ինքը՝ Ջհանշահը։ Գրավելով Թավրիզը, Ուզան Հասանը (1453-1477) իրեն հռչակեց կարակոյունլուներին փոխարինելու եկած ակկոյունլուների հզոր պետության տիրակալ։

Ահա նորաստեղծ այս պետության օգնությանն առաջինը դիմեց չորս կողմերից թուրքերով պաշարված, փոքրիկ ու անկման եզրին գտնվող հունական Տրապիզոնի կայսրությունը։ Մինչ այդ իր մահացու թշնամուն՝ օսմանցիներին, հարվածելու նպատակով դեռեւս Հռոմի Կալիքստոս պապը (1455-1458) հատուկ պատվիրակություն էր ուղարկել Արեւելք՝ Մինորիտ Լյուդովիկոս Բոլոնացու գլխավորությամբ։ Վերջինս 1459-1460 թվականների ընթացքում կապվեց Տրապիզոնի կայսր Դավիթի, Աբխազիայի ու Վրաստանի թագավորների, վրաց եւ մահմեդական մի շարք իշխանությունների հետ, որոնց թվում հիշատակվում են նաեւ Կարամանիայի սուլթանը եւ ակկոյունլուների առաջնորդ Ուզուն Հասանը։ Հռոմի պապի ներկայացուցչի եւ թվարկված այս իշխանությունների միջեւ կնքված համաձայնությամբ որոշվել էր ազատագրել Կ. Պոլիսը եւ վերջ տալ օսմանյան պետության գոյությանը [40] ։

Չնայած այն հանգամանքին, որ նշված համաձայնագիրը ոչ մի հետեւանք չունեցավ եւ մնաց թղթի վրա, հետագայում եվրոպական մի շարք երկրների եւ Ուզուն Հասանի միջեւ կայանալիք դաշնակցության հիմք ծառայեց։ Տրապիզոնի կայսրության եւ ակկոյունլուների պետության միջեւ քաղաքական հարաբերություններն էլ ավելի ամրապնդվեցին, երբ Ուզուն Հասանն ամուսնացավ Դավիթ կայսեր մերձավորագույն ազգակցուհի Կիրա Կատերինայի՝ Եվրոպայում Դեսպինա անունով հռչակված իշխանուհու հետ։

Համոզված լինելով, որ ինքն ի զորու չէ պայքարելու հզոր օսմանյան պետության դեմ, Ուզուն Հասանը ինքը հանդես եկավ Վենետիկի հետ դաշն կնքելու գաղափարով։ Այդ նպատակով, ինչպես վկայում է Կատերինո Զենոն, հատուկ պատվիրակություն ուղարկեց Վենետիկյան հանրապետություն՝ հայազգի մեծահարուստ վաճառական Մուրատի, կամ ինչպես ենթադրում է Ղ. Ալիշանը, Միրաքի գլխավորությամբ [41] ։

Իր հերթին Վենետիկն Ուզուն Հասանի պատվիրակության հետ իր դեսպանությունն ուղարկեց ակկոյունլու տիրակալի մոտ, զինական օգնության եւ համատեղ ռազմական գործողություններ առաջարկելով ընդդեմ թուրքերի (ծովից ու ցամաքից) [42] ։ Պատվիրակության հիմնական խնդիրն էր Ուզուն Հասանին համոզել, որ «բոլոր քրիստոնյաների կատաղի թշնամին հանդիսացող» Թուրքիան միաժամանակ, «թշնամի է նրան (իմա՝ Ուզուն Հասանին— Մ. Զ. ) եւ նրա ցեղին» [43] ։

1453 թ. Կ. Պոլիս գրավելով եւ այն վերածելով օսմանյան պետության նոր մայրաքաղաքի, սուլթան Մեհմեդ Ֆաթիհը նորանոր նվաճումներ կատարեց Արեւմուտքում։ 1461 թ. նա հարձակվեց Տրապիզոնի կայսրության վրա։ Տրապիզոնի վրա հարձակումը կատարվում էր ծովով՝ Սինոպի վրայով եւ ցամաքով՝ Էրզրումի ճանապարհով։ Սուլթանի Հրամանով՝ Ռումելիի բեգլերբեգ Համզաբեգը ասպատակեց Էրզրումի շրջակայքը «…իր հետեւում թողնելով միայն ավերակներ եւ հուսահատության մատնված մի ժողովուրդ» [44] ։ Իսկ երբ Համզաբեգի բանակին միացավ նաեւ ինքը՝ սուլթանը, ապա վախեցած Ուզուն Հասանը Ֆաթիհի մոտ ուղարկեց Սառա անունով իր մորը, խնդրելով հաշտություն։ Սուլթանը համաձայնվեց հաշտություն կնքելու Ուզուն Հասանի հետ միայն այն դեպքում, եթե վերջինս խզեր իր դաշինքը Տրապիզոնի կայսրության հետ [45] ։ Հաշտության առաջարկն ընդունվեց եւ սուլթանին ոչինչ չէր խանգարում հոշոտել հունական այդ փոքրիկ կայսրությունը։

Տրապիզոնի կայսրության անկմանը հաջորդեց հռոմեական պապ Պիոս 2-րդի 1464 թ. օգոստոսի 16-ի՝ թուրքերի դեմ ուղղվելիք նոր խաչակրաց արշավանքի կոչը։ Սակայն այդ արշավանքը եվրոպական պետությունների միջեւ գոյություն ունեցող տարաձայնությունների պատճառով այնպես էլ չկայացավ [46] ։

Թվում էր, որ Ուզուն Հասանի հեղինակությունն Արեւելքում սասանված էր, սակայն երկու իրադարձություններ նորից քաղաքական առաջին պլանի մղեցին նրան եւ ակկոյունլուների պետությունը միջազգային հասարակական աչքում դարձավ մեծ ու հզոր։ Առաջինը, ինչպես արդեն տեսանք, 1467 թ. Մեհմեդ Ֆաթիհի դաշնակից համարվող Ջհանշահի պարտությունն էր օսմանցիներից, եւ երկրորդը՝ իր վասալ Ջհանշահի վրեժն առնելու նպատակով Թիմուրի հաջորդներից Աբու Սայիդի 1469 թ. փետրվարի 11-ին Մուղանի դաշտավայրում կրած ծանր պարտությունն Ուզուն Հասանից։ Այս բոլորից հետո, Ուզուն Հասանն արդեն տեր էր դարձել ոչ միայն Հայաստանին ու Քրդստանին, այլեւ ողջ Իրանին եւ Իրաքին՝ Բաղդադը ներառյալ։

Այս էր պատճառը, որ երբ 1463 թ. իշխան Իբրահիմի որդիների միջեւ Կարամանիայում գահակալական պայքար բռնկվեց, ապա նրանցից մեկը՝ Իսահակ բեկը, գահը զավթելու նպատակով դիմեց Ուզուն Հասանի օգնությանը։ Վերջինս մի մեծ բանակի գլուխ անցած Երզնկայից շարժվեց դեպի Սեբաստիա՝ ավերելով ու կողոպտելով երկիրը [47] ։ Ակկոյունլու տիրակալի այս քայլը հավասազոր էր թուրքերի դեմ պատերազմի հայտարարության։ Ի պատասխան դրա, Մեհմեդ 2-րդը Կարամանիա ուղարկեց նորանոր բանակներ, որոնց առաջ խնդիր էր դրված օսմանյան պետության սահմաններին միացնել Փոքր Ասիայի տարածքում դեռեւս իր գոյությունը պահպանած եւ հարյուր հիսուն տարի շարունակ օսմանցիների վտանգավոր ախոյանը հանդիսացող Կարամանի իշխանությունը։ Կարամանիան ընդգրկում էր Իկոնիայից հարավ մինչեւ Միջերկրական ծովն ընկած տարածքը։ Դրա շնորհիվ կարամանցիներն ազատ հաղորդակցության մեջ էին Արեւմտյան Եվրոպայի եւ մասնավորասպես Վենետիկի հետ, որի գերիշխանության ներքո էր գտնվում Կիպրոս կղզին։ Հետեւաբար, Մեհմեդ Ֆաթիհի, Ուզուն Հասանի Կարամանյան իշխանների եւ Եվրոպայի երկրների դաշինքի վտանգը նկատի ունենալով իր ողջ ուժերով ձգտեց վերացնել այդ իշխանությունը։ Մինչեւ XV դարի 70-ական թվականներն ընկած ժամանակաշրջանում թուրքական հորդաներն ասպատակում էին Կարամանիան եւ նրա սահմանների մեջ մտնող Կիլիկիան, անողոք հրի ու սրի մ ատնելով երկիրը [48] ։

Ուզուն Հասանը Կարամանիային պաշտպանելու հարցում վճռական էր, ուստի 1471 թ. իր բանակին հրամայեց շարժվել դեպի Թոխատ։ «Այս բոլոր գազանությունները, որը պատմությունը վերագրում է Թիմուրին Թոխատի գրավման առթիվ, գրում է Յոզ. Համմերը, կրկնվեցին Ուզուն Հասանի պարսիկների (իմա՝ թուրքմենների— Մ. Զ. ) կողմից։ Այս քաղաքը բոցերի ճարակ դարձավ եւ նրա բնակիչները տանջամահ արվեցին» [49] ։ Թոխատից հետո թուրքմենական զորքերը մտան Կարամանիա եւ Իկոնիայի վրայով ասպատակեցին Կիլիկիան։ Սկզբնական շրջանում Ուզուն Հասանի զորքերը որոշ հաջողություններ ունեցան, եւ Մեհմեդ 2-րդի որդին Մուստաֆան, խուճապահար փախուստի դիմեց, սակայն, շուտով վերադասավորելով իր ուժերը՝ Իկոնիայի մոտ պարտության մատնեց Ուզուն Հասանի զորքերին եւ իրեն ենթարկեց Կարամանիայի ու Կիլիկիայի զգալի մասը։ Ուզուն Հասանի զորքերը անհաջողության մատնվեցին նաեւ Եփրատի ափին՝ Բիրաջիկի մոտ եգիպտական սուլթանի զորքերի հետ ընդհարվելիս։

Այսպիսով, դաշնակիցները կորցրեցին ռազմաստրատեգիական կարեւորագույն հանգույց հանդիսացող Կարամանիան ու Կիլիկիան եւ զրկվեցին փոխադարձ հաղորդակցման գլխավոր մայրուղուց։

Պատմագիտական գրականության մեջ պահպանվել են Արեւելքի երկու տիրակալների՝ Մեհմեդ Ֆաթիհի եւ Ուզուն Հասանի նամակագրությունները 1473 թ. Դերջանի վճռորոշ ճակատամարտից առաջ։ Այդ նամակները լույս են սփռում երկու պետությունների քաղաքական նպատակադրումների՝ եվրոպական երկրների հետ Ուզուն Հասանի կնքած դաշինքի խախուտ լինելու մասին եւ այլն։ Այսպես, 1472 թ, հոկտեմբերի 19-ի Ուզուն Հասանին ուղղած նամակում թուրքական սուլթանը թուրքմենական տիրակալին զգուշացնում է չապավինել եվրոպական պետություններին. «Կարո՞ղ ես հերքել այն հանգամանքը, որ դաշնակիցների միջեւ եղած համերաշխությունն անընդհատ խախտվում է նրանց ունեցած հակոտնյա շահերի պատճառով։ Այդ մասին ես կարող եմ անվերջ օրինակներ բերել։ Վենետիկցիները համերաշխ չեն իրար մեջ, եւ ես Էվրեոս կղզու գրավման համար պարտական եմ իրենց զորավարներից մեկի դավաճանությանը» [50] ։ Այնուհետեւ սուլթանը հիշեցնում է Ուզուն Հասանին, որ Կ. Պոլսի գրավման մեջ եվրոպացիների դավաճանությունը նույնպես կատարել է իր դերը։ «Քո շահերն անկեղծորեն չեն կարող պաշտպանվել քեզ համար այնքան անծանոթ միջավայրում։ Նրանք քեզանից այնքան հեռու են, որ քեզ լքելու դեպքում ամենեւին էլ չեն վախենա քո վրիժառությունից» [51] ։ Իսկ նույն թվականի նոյեմբերի 3-ի թվակիր պատասխան նամակում Ուզուն Հասանը հանդես է գալիս թուրքերի կողմից ստրկացված եվրոպական քրիստոնյա ժողովուրդների պաշտպանության դիրքերից։ «Ես հուզված եմ, գրում է Ուզուն Հասանը Մեհմեդ Ֆաթիհին, այն դժբախտություններից, որ կրում են այս ժողովուրդները։ Չնայած նրանք աստուծուն աղոթում են այլ կերպ, քան մենք, սակայն որպես մարդկային արարածներ պատկանում ենք միեւնույն հոր զավակներին» [52] ։

1472 թ. դեկտեմբերի 4-ի սուլթանին ուղղված նամակում Ուզուն Հասանը բացահայտում է եվրոպական պետությունների հետ դաշինք կնքելու իրական դրդապատճառները, որոնք թելադրված էին սեփական երկրի անվտանգության ապահովության մտահոգությունից։ «Իշխանությունը քո ձեռքը վերցնելու օրվանից քո անսահման ամբարտավանությունը դրդում է քեզ անխտիր հարձակվել քո բոլոր հարեւանների վրա։ Եվ այս հանգամանքը ստիպեց ինձ դաշինք կնքել (քրիստոնյա) իշխանների հետ» [53] ։

Այդուհանդերձ Եվրոպայի պետությունների հետ Ուզուն Հասանի դաշինքն անդրադառնում էր նրա ներքին քաղաքականության վրա։ Նա, աղբյուրների վկայությամբ, բարեհաճ վերաբերմունք ուներ իր հպատակ քրիստոնյա հայերի նկատմամբ։ Նրա հավանական հովանավորության ներքո Սյունիքում եւ Արցախում որոշ հայ իշխանական տոհմերի մնացորդները կենդանության նշաններ են ցույց տալիս։ Խոսքը, նախ եւ առաջ, վերաբերում է Դոփյաններին, Պռոշյաններին եւ այլն [54] ։

Ուզուն Հասանն աչքաթող անելով Մեհմեդ Ֆաթիհի ամեն տեսակի նախազգուշացումները, սպառնալիքները, ապաստան էր տալիս օսմանցիների կողմից իրենց իշխանությունից վտարվածներին, խոստանալով՝ վերականգնել նրանց իրավունքները։

1473 թ. գարնանը հարյուր հազարանոց բանակի գլուխ անցած Մեհմեդ Ֆաթիհը դուրս եկավ Ուզուն Հասանի դեմ։ Արշավող թուրքական բանակի շարքերում էր գտնվում իտալացի Ջիովաննի Մարիա Անջիոլելլոն, որը, որպես ականատես, հաղորդում է չափազանց հետաքրքիր տեղեկություններ։ Արշավող բանակի առաջապահ ուժն էին այսպես կոչված ակընջիները [55], որոնց առաջ խնդիր էր դրված ավերել ու ամայեցնել երկիրը։ Ակընջիները, ասում է իտալացի հեղինակը, ռոճիկ չստանալու պատճառով իրենց եկամուտներն ապահովում են ասպատակությունների ընթացքում կողոպտելով բնակչությանը ու ավերելով նրանց երկիրը [56] ։

Թուրքական բանակի արշավանքների ժամանակ, ինչպես դա երեւվում է Անջիոլելլոյի վկայությունից, ժողովրդից բռնությամբ ու անվճար հավաքել են պարենամթերք։ Հավաքման պարտականությունը դրված է եղել հատուկ պաշտոնյաների՝ արփաէմինների վրա։ «Երբ պատահի, որ բանակը սահմաններն անցնի եւ մտնի թշնամու երկիրը, եւ պարենի պետք լինի, կարդում ենք Անջիոլելլոյի մոտ, արփաէմինները (arpaemiler) պարտականություն ունեն լուր ուղարկելու իրենց վեհապետի երկրի այն տեղերը, ուր նրանք գիտեն թե առատ ցորեն կա, եւ հրամայելու, որ յուրաքանչյուր քաղաքը ուղարկի այսքան քանակությամբ ցորեն ու գարի։ Քաղաքները իրենց շրջակայքով պարտավորված են հնազանդելու եւ իրենց վերահսկիչներին հայթայթելու այն քանակությամբ ցորեն ու գարի, որքան իրենց վրա (պարտք) է դրված։ Բացի այս, նրանք պարտավոր են տալ բավականաչափ մթերք այն մարդկանց եւ կենդանիների համար, որոնք պետք է կրեն բեռները, հակառակ պարագային համայնքները ենթակա են պատժի ու կորուստի» [57] ։ Այստեղից էլ դժվար չէ պատկերացնել գյուղական բնակչության ողբերգական վիճակը։

Թուրքական բանակի արշավանքը, ըստ Անջիոլելլոյի, ուղեկցվում էր հրով ու սրով, բնակչությունը ենթարկվում էր անլուր տառապանքների։ Ակընջիները, գրում է նա, ասպատակությունների ժամանակ գերեվարում էին տեղացիներին, հարցուփորձի միջոցով նրանցից քաղում անհրաժեշտ տեղեկություններ տեղանքի եւ թշնամու առաջապահ ուժերի մասին [58], իսկ այնուհետեւ՝ այնպիսի մի ավերածություն սարքում, որ բնակչությունը ստիպված է լինում «իրենց տավարով ու ինչքերով ապաստանել լեռներում եւ այլ ապահով վայրերում» [59] ։ Ասպատակության ժամանակ, «Երզնկայի ողջ բնակչությունը դիմել էր փախուստի» Եփրատ գետի մյուս կողմը։ Այնուամենայնիվ, «…քչերը մնացել էին, որոնց մեջ կար աքընջիների ժամանման միջոցին մի ծերունի հայ մի եկեղեցում, շրջապատված շատ գրքերով, եւ թեեւ նրանք որ գտան նրան շատ անգամ կանչեցին, բայց նա չպատասխանեց, այլ շարունակեց ամենայն ուշադրությամբ կարդալ իր առջեւի գրքերը, եւ զինվորները բարկանալով, սպանեցին նրան եւ այրեցին գրքերը» [60] ։

1473 թ. հուլիսի 26-ին Դերջանից ոչ հեռու գտնվող մի վայրում՝ արեւելյան երկու բռնակալների միջեւ տեղի ունեցավ մեծ ու վճռական ճակատամարտ, որն ավարտվեց թուրքերի հաղթանակով։ Այս ճակատամարտը վերջնականապես վճռեց Փոքր Ասիայի ճակատագիրը, այդ երկրամասը վերածելով Թուրքիայի։

Այս հաղթանակից հետո սուլթանը իր հետ մայրաքաղաք տարավ գերեվարված մեծ թվով արհեստավորների եւ գիտնականների, գերազանցապես հայերից։

Չնայած բարոյական ծանր հարվածին, Ուզուն Հասանը չէր ընկճվել եւ Վենետիկին ուղղած իր նամակում հայտնում էր, որ նա կրկին հարձակվելու է օսմանցիների վրա՝ նրանց ոտնատակ է անելու ձիերի սմբակների տակ [61] ։

Անտեղյակ Ուզուն Հասանի կրած պարտությունից, Վենետիկի նավատորմը ռմբակոծում է Կիլիկիայի առափնյա շրջանները, մասնավորապես Ատտալիան, որից հետո իտալացիները կատարում են ափհանում [62], սակայն Ուզուն Հասանի նկատմամբ օսմանցիների հաղթանակի լուրը նրանց ստիպում է հետ քաշվել դեպի Կիպրոս։

1477 թ.. պատրվակ բռնելով, որ թուրքերի դեմ մղված պատերազմի ժամանակ վրացիներն իրեն չէին օգնել Ուզուն Հասանը պատերազմ սկսեց Վրաստանի դեմ։ Այդ մասին դարձյալ, որպես ականատեսներ, վկայում են Բարբարոն եւ Անջիոլելլոն [63] ։ Ուզուն Հասանը ցանկանում էր, գրում է Անջիոլելլոն. «կողոպտել Վրաստանը, որովհետեւ վրացիները օգնած չէին իրեն թուրքի (սուլթանի) դեմ մղված պատերազմում։ Իրենց սովորության համաձայն, նախ նա ուղարկեց իր թեթեւ հեծելազորը, մոտավորապես հինգ հագար հոգի, որոնք իրենց առաջխաղացման ընթացքում կտրտեցին ու այրեցին անտառները, որովհետեւ նրանք պետք էր որ անցնեին լեռներից ու ընդարձակ անտառներից։ Երկու օրվա ճանապարհորդությունից հետո մենք հասանք՝ մի բերդ Թիֆլիս անունով, որ լքված էր, եւ մենք գրավեցինք առանց դիմադրության։ Եվ առաջանալով Գորի (Gori) եւ շրջակա այլ տեղերը, նա կողոպտեց եւ նույնպես ոտնակոխ արեց շրջակա երկրի մեծ մասը» [64] ։ Ստանալով ռազմատուգանք եւ իրեն պահելով Թիֆլիսը, Ուզուն Հասանը հաշտություն է կնքում վրաց ղեկավարների հետ ու վերադառնում Թավրիզ [65] ։

1478 թ. հունվարի 6-ին Ուզուն Հասանը մահանում է եւ երկրում նրա ժառանգների միջեւ բռնկվում են ներքին երկպառակություններ ու համառ մարտեր։ Ի վերջո՝ Կարակոյունլուների գահն է բարձրանում սուլթան Յաղուբը (1478-1490)։

Գահակալական կռիվների ժամանակ Թավրիզում Մեհմեդ Ֆաթիհի դեսպան Ռուստամ բեգը իր 1478 թ. հոկտեմբերի 5 թվակիր նամակում իր տիրակալին հորդորում էր հարձակվել ակկոյունլուների պետության վրա եւ ոչնչացնել այն։ «Ձերդ մեծության համար ամենաբարենպաստ պահն է մի մեծ բանակի գլուխ անցած արշավանք ձեռնարկել մի երկրի վրա, որը բզկտված է ներքին կռիվներով» [66] ։ 20 հոկտեմբեր թվակիր պատասխան նամակում, Մեհմեդ Ֆաթիհը նպատակահարմար էր գտնում հետաձգել արշավանքը մինչեւ որ «…խաղաղություն հաստատվի իմ (նվաճած) երկրներում» [67] ։

Յաղուբի գահակալության տարիներին գնալով ուժեղանում են Արդեբիլում հաստատված ու շիա դավանանքին պատկանող Սեֆյան տոհմի ներկայացուցիչները։ Այս ժամանակներում տոհմի ավագանին էր շեյխ Հայդարը՝ Ուզուն Հասանի փեսան, որը մի մեծ բանակի գլուխ անցած արշավում է Շիրվան, գրավում Շամախին եւ քաղաքը մատնում հրի ու սրի։ Սակայն շուտով Յաղուբի օգնական զորքով Շիրվանշահ Ֆարրուխ Յասարը հարձակվում է Հայդարի վրա, պարտության մատնում նրան եւ Սեֆյանների ներկայացուցիչը ճակատամարտում սպանվում է։ Այս դեպքերի մասին հայերեն ձեռագրերի հիշատակարաններից մեկում ասված է. «…Որ եւ ժողովեաց յայսմ ամի (մեծ սօֆի Արտաւել քաղաքին) արն իբրեւ ԽՌ (40. 000), եւ գնացեալ խաբեութեամբ եմուտ ի Շամախի) եւ զամենեսեան որ ի ձեռն էած ի քրիստոնէից եւ ի տաճկաց զարս եւ զկանայս սրով կոտորեաց, եւ զքաղաքն ամենայն հրով այրեաց կումաշօքն եւ որ ինչ էր ի նմա… Զոր գոյժ արկեալ տէրն Շամախու ի Թաւրէզ առ Փատիշահ փեսայն իւր Աղաւալ (Աղուպ) եւ ծանոյց նմա, եւ նա յուղարկեաց զիշխանն մեծ Սուլեման՝ բազում զօրօք, որ գնացեալ ջանիւ մեծաւ մարտեան եւ յաղթեալ կոտորեցին առ հասարակ զամենեսեան, եւ յինքեանց եւս շատք մեռան» [68] ։

Ակկոյունլուների գահին բազմած Յաղուբ բեգի մահանալուց հետո երկրում ծայր են առնում նոր գահակալական երկպառակություններ ու կռիվներ, որոնք տեւում են երեք տարի։ Գահն անցնում է Ուզուն Հասանի թոռ Ռուստամի (1493-1496) ձեռքը, որի ժամանակ ակկոյունլուների պետությունը գնում է դեպի վերջնական անկում։ 1496 թ. բռնկվում են նոր գահակալական կռիվներ։ 1499 թ. Թավրիզում իշխանությունն անցնում է Ալվանդի ձեռքը։ սակայն գահին հավակնում էր նաեւ Իրանի հարավային մասում եւ Իրաքում հաստատված Մուրադը։ Այս խառնակ իրավիճակից օգտվեցին Արդեբիլի Սեֆյանները, որոնք հենվելով Իրանում հաստատված շամլու, ռումլու, ուսթաջլու, թեքելու, աֆշար, կաջար, զուլքադար թյուրքախոս ցեղերի վրա, կարողացան Իրանում հաստատել իրենց նոր՝ Սեֆյան հարստությունը։ Այս քաղաքական իրադարձությունների մասին եվրոպացի հեղինակների, մասնավորապես իտալացի հեղինակների (Ջիովաննի Անջիոլելլո, Անանուն իտալացի վաճառական, Ռոտա եւ այլն) մոտ կան հետաքրքիր վկայություններ։ Առավել ուշագրավ են Ռոտայի հաղորդածները։ Համաձայն Ջ. Անջիոլելլոյի [69], ինչպես եւ մի քանի այլ աղբյուրների, Սեֆյան պետության հիմնադիր Իսմայիլին Թավրիզի տիրակալ Ռուստամի հալածանքներից պատսպարել են Աղթամար կղզում, սակայն այս վկայությունը չի հաստատվում արեւելյան աղբյուրներով։ Այլ վկայություն է հաղորդում նաեւ քաջատեղյակ Ռոտան։ Սակայն լսենք Ջ. Անջիոլելլոյին։ «Ռուստանը (պետք է լինի Ռուստամը —Մ. Զ. ) թշնամու պարտության լուրը առնելով անմիջապես մարդ ուղարկեց Արդաբիլ բռնելու նրա կնոջը եւ երեք որդիներին, եւ ցանկանում էր նրանց մահվան դատապարտել, բայց մի քանի իշխանների հաճելի լինելու համար, ազատեցին նրանց, սակայն պահեցին նրանց Աղթամարի (Astumar) լճի մի կղզում, ուր բնակվում են հայ քրիստոնյաներ» [70] ։ Ռուստամը մարդիկ է ուղարկում Աղթամար եւ պահանջում է Իսմայիլին իրեն հանձնել, սակայն հայ քահանաները նրան Ղարաբաղ են փախցնում եւ այնտեղ Իսմայիլը մնում է հինգ տարի եւ նրա մասին «ոչ ոք ոչինչ չլսեց» [71] ։ Կատերինա Զենոն մի քիչ այլ կերպ է ներկայացնում այս դեպքերը։ Նա ակկոյունլու տիրակալին անվանում է ոչ թե Ռուստամ, այլ Ալամուր։ Շեյխ Հայդարի որդիները, գրում է նա, իրենց անձի ապահովության համար դիմեցին փախուստի, մեկը Անատոլիա, մյուսը՝ Հալեպ, երրորդը հայ քրիստոնյաներով բնակեցված Աղթամար կղզին, այստեղ մնալով չորս տարի։ Այդ մասին Պարսկաստանում ոչինչ չգիտեին։ Հայ քահանաների մոտ պատսպարված պատանին, որը տասներեք տարեկան էր՝ կոչվում էր Իսմայիլ, որը, հիրավի, ուներ արքայական կեցվածք։ Տասնութ տարեկան հասակում, Իսմայիլը Աղթամարից սկզբում մեկնեց Ղարաբաղ, այնուհետեւ Գիլան՝ իր հոր բարեկամներից մեկի տունը [72] ։

Ռոտայի տեղեկությունները համընկնում են արեւելյան աղբյուրների հաղորդածներին, ուր մասնավորապես ասված է, որ Իսմայիլը «…փախստական էր ու աքսորված իր Արդեբիլ քաղաքից ու գտնվում էր Լահիջան (Գիլանի նահանգ) քաղաքում Կասպից ծովի մոտ» [73] ։

1500 թվականին Իսմայիլը հարձակվեց Շիրվանշահի պետության վրա, իր հոր՝ Հայդարի, վրեժը տեղի տիրակալ՝ Ֆառուխ Յասարից առնելու նպատակով։ Շամախու մոտ տեղի ունեցած ճակատամարտում Ֆառուխ Յասարը պարտություն է կրում եւ գերի ընկնում Իսմայիլի ձեռքը, որը «…խնայեց նրա կյանքը եւ գրավելով քաղաքը, մեծ նվերներ տվավ իր զինվորներին» [74] ։ Իսմայիլն առատաձեռնության միջոցով շուտով իր կողմն է գրավում մեծ թվով համախոհներ։ «Նրա առատաձեռնությունը իր մարդկանց հանդեպ, դարձրել էր նրանց անձնվեր իր վերաբերմամբ եւ գրեթե անհավատալի թվով մարդիկ միացան նրան, եւ այսպես մոտ քառասուն հազար մարդ ունենալով իր հրամանի տակ, նա վճռեց շարժվել Թավրիզի վրա» [75] ։ Նրա առատաձեռնության մասին է խոսում նաեւ անանուն վաճառականը։ Գրավելով Գիլանում գտնվող Մահմուդաղար կոչեցյալ ամրոցը, գրում է նա, «Իսմայիլը անսահման գանձ գտավ քաղաքում, որը բաժանեց իր մարդկանց մեջ, ոչինչ չպահելով իր համար։ Եվ այսպես նրա համբավը տարածվեց ամեն կողմ, թե Շեյխ Հայդարի որդի Իսմայիլը գրավել է այս գեղեցիկ բերդը, եւ ինչ որ գտել է այնտեղ բաժանել է իր ընկերակիցներին» [76] ։ «Նա այնքան շատ ազատամիտ է, կարդում ենք Ռոտայի մոտ, որ եթե կարելի է այդպես ասել, չի հավաքում ոչ ոսկի եւ ոչ էլ հարստություն եւ արժեք չի տալիս դրանց, այլ բաժանում է դրանք այնպես, որ բոլոր մարդիկ մնում են զարմացած եւ կան անձինք, որոնք մտածում են, որ նա (Իսմայիլը) տեղյակ է հողի տակ թաքնված գանձերին» [77] ։

Ինչպես արդեն նշվեց, այդ էր պատճառը, որ նա դեռ երիտասարդական հասակում, Ռոտայի վկայությամբ, իր պալատականների եւ հպատակների կողմից պաշտվում է, որպես մարգարե [78] ։ «Ժողովրդի հարգանքն ու սերը թագավորի հանդեպ… անհավատալի է, որովհետեւ նրանք պաշտում են նրան ոչ իբրեւ թագավորի, այլ որպես աստուծո» [79], գրում է իտալացի Վինչենցս դ’Ալեսանդրին։ Ժ. Շարդենը գրում է, որ կզլբաշները հավատում էին, թե «հենց ինքը Աստվածն է խոսում նրա բերանով» [80] ։ Եվ վերջապես, ինքը՝ շահ Իսմայիլը, մի բանաստեղծության մեջ իր մասին գրում էր, որ «ինքն է բացարձակ Առաքյալը… եւ սեժտան (աստուծուն ուղղված աղոթքը) իրեն են պարտական» [81] ։ Մի այլ բանաստեղծության մեջ, շահ Իսմայիլն իրեն պարզապես համարում է «Ալի»։ «Ես իրականության աստվածն եմ, ես աստուծուց եմ գալիս, ես տասներկու իմամներից մեկն եմ, ես կնվաճեմ աշխարհի չորս ծագերը, ես Ալիի հզորության խտացված արտահայտությունն եմ» [82] ։

1501 թ. աստվածացված Իսմայիլն իր զենքն ուղղեց ակկոյունլուների պետության ներկայացուցիչ Ալվանդի դեմ եւ Նախիջեւանի մոտ գտնվող Շարուրում վճռական ճակատամարտում պարտության մատնեց նրան, գրավեց Թավրիզը եւ իրեն հռչակեց շահնշահ։ Հաջորդ տարին նա հարվածեց նաեւ Իրանի հարավում եւ Իրաքում հաստատված Յաղուբ սուլթանի որդի Մուրադին, դառնալով ընդարձակածավալ երկրի տիրակալը։ Այս իրադարձությունների մասին եվրոպացի հեղինակների մոտ կան ընդարձակ վկայություններ։

1502—1507 թվականների ընթացքում շահ Իսմայիլը գրավում է պատմական Հայաստանի մեծագույն մասը՝ հարեւան դառնալով օսմանյան պետությանը եւ եգիպտական սուլթանի տիրույթներին։ Կոտրելով քուրդ բեգերի, մասնավորապես Բիթլիսի Շարաֆ խանի դիմադրությունը, շահ Իսմայիլն իրեն է ենթարկում նաեւ ողջ Քրդստանը։ Քրդերի համառ դիմադրությունը շահ Իսմայիլին բացատրվում է նրանով, որ քրդերի մեծագույն մասը սուննիներ էին, «բոլոր քուրդերը ավելի ճշմարիտ մահմեդական են, կարդում ենք անանուն վաճառականի մոտ, քան Պարսկաստանի մյուս բնակիչները, քանի որ պարսիկներն ընդունել են սեֆեւվի վարդապետությունը, մինչ քուրդերը ընդունած չեն այդ, եւ թեեւ նրանք կրում են կարմիր գլխաշոր (caftan), սակայն իրենց սրտում մահացու ատելություն ունեն նրանց հանդեպ» [83] ։

Շահ Իսմայիլն այնքան է հզորանում, որ Ռոտայի բառերով ասած, «…այնպիսի մի հզոր պետություն, ինչպիսին թուրք (սուլթանինն) է, վախենում է շահ Իսմայիլից» [84]: Հիրավի, թուրքական սուլթանը վախենում էր ոչ միայն Սեֆյան Իրանի ռազմական հզորացումից, այլեւ Փոքր Ասիայում շիա վարդապետության տարածումը լուրջ վտանգ էր սպառնում Օսմանյան պետությանը։ «Հռչակավոր Սոֆին, կարդում ենք դարձյալ Ռոտայի մոտ, այն աստիճան հզորացավ ու ընդարձակեց իր տարածքը, որ նրան շրջապատող հարեւան շատ երկրներից ու վայրերից իր շուրջն էին համախմբվում մեծ թվով ներկայացուցիչներ իր հավատակիցներից։ Եվ դրա պատճառն այն էր, որ իրենց (սրբազան) գրքերում ասված էր, գալու էր իրենց հավատից մի նոր մարգարե, որը պիտի հզորանար ու բարձրանար, մինչդեռ ուրիշները պիտի ոտնատակ լինեին, թուլանային եւ կործանվեին» [85] ։

Շահ Իսմայիլի հեղինակությունն Իրանում ու Փոքր Ասիայի տարածքի շիաների մոտ այնքան մեծ էր, այնուհետեւ կարդում ենք Ռոտայի մոտ, որ նրա բանակը կազմված է կամավորներից, որոնք ծառայում էին առանց ռոճիկի եւ պատրաստ են պայքարելու «անհավատների», այսինքն սյուննիների դեմ [86] ։ «Եվ այս պատճառով, գրում է իտալացի հեղինակը, —Ասիայի բոլոր անկյուններից նրա մոտ են շտապում ամեն տեսակի մարդիկ իրենց ունեցվածքով եւ ընտանիքով, եթե, իհարկե, նրանք չեն ձերբակալվում ու հետ վերադարձվում իրենց իշխանների կողմից, ինչպես դա արեց սրանից վեց-յոթ տարի առաջ Թուրքիայի թագավոր Բայազետը, որը լսելով շահ Իսմայիլի օրավուր աճող հռչակի տարածումը, նրա ռազմական հզորության մեծացումը Անատոլիայից ու Թուրքիայից թվով տասը հազար նրա կողմնակիցներին ձերբակալել տվեց ու խարանեց դեմքը, որպեսզի նրանցից յուրաքանչյուրը անմիջապես ճանաչվի եւ նրանց աքսորեց Ռումելի» [87] ։

Նպատակ ունենալով, ինչպես դա անում էր մի ժամանակ Ուզուն Հասանը, դաշինք կնքել եվրոպական պետությունների հետ, ինչպես այդ մասին վկայում է դարձյալ Ռոտան, նա Արեւմուտք ուղարկեց հատուկ պատվիրակություն։ Մյուս կողմից Թուրքիայի դեմ պայքարում նա հպատակ հայերին սիրաշահելու համար, ինչպես արդեն տեսանք, բարյացակամ վերաբերմունք է ունեցել նրանց նկատմամբ։ Ռոտայի վկայությունները հայերի նկատմամբ Իսմայիլի բարյացակամ վերաբերմունքի մասին հաստատվում են հայկական աղբյուրներով։ 1506թ. գրված մի հիշատակարանում Թադեոս գրիչը Խիզանից հաղորդում է հետեւյալ ուշագրավ վկայությունները. «…Շահ Սմայիլ ելաւ ի մահմեդական յազգէն եւ եղեւ քակտումն թուրքաց ազգին (սուննիներին— Մ. Զ. ) եւ պղտորումն եղեւ յարեւելից մինչեւ ի շամբատունն։ ԵԼ զԹաւրէզ քաղաքն քակեաց եւ զվաղուց փտեալ ոսկերս պարոնացն՝ եհան եւ այրեաց հրով, եւ զմսկիթն ամենայն արար փութկայս եւ զմընարէքն քակեաց մինչեւ յատակս… եւ եկաւ ի Խոյ եւ շինեաց նոր թաղթ եւ կոչեաց առ ինքն զկաթողիկոսն եւ ասաց, լսել եմ թէ յԵրուսաղեմ լոյս ելանէ ասէ այո, ասէ շահն աղօթս արարէք՝ որ ես երթամ տեսնամ, եւ վերացոյց քահանայիցն զգլխադրամն զորոյ զվճարն Աստուած գիտէ» [88] ։ 1514 թ. մի այլ հիշատակարանում Մարտիրոս գրիչը հայտնում է, որ շահ Իսմայիլը պաշտպանում էր քրիստոնյաներին ու հանդես էր գալիս սուննիների դեմ [89] ։

Շահ Իսմայիլի հզորության առաջ ունեցած վախից դրդված, սուլթան Բայազետը թույլ տվեց շահ Իսմայիլին 1507 թ. Կարամանիայի տիրակալ Ալաուդդեվլեյի դեմ արշավանքի ժամանակ անցնել օսմանյան տարածքով։ Ալաուդդեվլեն եվրոպական բոլոր աղբյուրներում անվանվում է հայերի, Հայաստանի թագավոր։ Դա, գուցեեւ, բացատրվում է այն հանգամանքով, որ Կարամանիայում եւ նրա սահմանների մեջ մտնող Կիլիկիայում հայերն առաջվա նման կազմել են բնակչության զգալի մասը։

Բայազետ 2-րդի սուլթանության տարիներին օսմանյան պետության եւ Եգիպտոսի մամլյուկների միջեւ ծայրահեղորեն սրվել էին հարաբերությունները Կիլիկիայում եւ Կարամանիայում գերիշխանություն հաստատելու նպատակով [90] ։ Դեռ 1486 թ. թուրքական զորքերը պարտություն կրելով եգիպտացիներից, վերջիններիս հանձնեցին Ադանան եւ Տարսոնը [91] ։ Կատաղած Բայազետը Կարամանիա ուղարկեց նոր բանակ՝ մեծ վեզիր Դաուդ փաշայի գլխավորությամբ։ Երբ մեծ վեզիրի զորքերը մոտեցան Կարամանիային, ապա այստեղի տիրակալ Ալաուդդեվլեն նրան խորհուրդ տվեց հարձակվել եգիպտացիների հենարանը հանդիսացող վարսակ ցեղերի դեմ, որը եւ կատարվեց։ Մեծ վեզիրը հրով ու սրով իրեն ենթարկեց այդ ցեղերի զբաղեցրած տարածքը [92] ։ Հաջորդ տարիներին թուրքերի եւ եգիպտացիների միջեւ Կիլիկիայի եւ Կարամանիայի համար պատերազմն ընթացավ փոփոխակի հաջողություններով։ Եթե զուլքադարյան թուրքմենական ցեղին պատկանող Ալաուդդեվլեյին պաշտպանում էր թուրքական սուլթանը, ապա նրա եղբորը՝ Բուդակին, որը նույնպես հավակնում էր գահին, Եգիպտոսը։ Սակայն, նկատի ունենալով Կիլիկիայի եւ Կարամանիայի ռազմաստրատեգիական նշանակությունը, իր քաղաքական հզորության գագաթնակետին հասած Սեֆյան Իրանը 1507 թ, նույնպես ներկայացրեց իր հավակնությունը։ Ջ. Անջիոլելլոն հետեւյալ կերպ է ներկայացնում շահ Իսմայիլի դեպի Կարամանիա արշավելու դրդապատճառները. «Սոֆին (Իսմայիլը) իր իշխանության ներքո ուներ Դիարբեքերի երկիրը, այսինքն Ուրֆա(Orfa), Մերդին(Maredin) եւ Հիսնքեյֆ (Arsunchief) եւ ուրիշ տեղերը, եւ լսելով, որ Աբնադուլաթ (Abnuduleit) (Ալլա-եդ-Դուլե) շարունակաբար ավերում ու կողոպտում էր այդ երկրամասը եւ գրավել է Խարբերդ (Cartieberd) քաղաքը եւ իր որդիներից մեկին դրել այնտեղ, որոշեց մի արշավանք կատարել այս Ալլա-Էդ-Դուլեյի դեմ, քանի որ այս վայրերը միշտ եղել են Պարսկաստանի իշխանության տակ, մինչեւ որ այս Ալլա-էդ-Դուլեն Յաղուբի (Jacob) մահից հետո, գրավել էր այս տեղերը, այն միջոցին, երբ Պարսկաստանը անիշխանական վիճակումն էր։ Հետո, հավաքելով յոթանասուն հազար հոգի, նա առաջացավ դեպի Երզնկա (Arsingan) մի գեղեցիկ քաղաք Տրապիզոնի եւ Անատոլիայի (Natolia) սահմանի վրա» [93]: Այնուհետեւ Ջ. Անջիոլելլոն ընթերցողներին է պատմում շահ Իսմայիլի դեպի Կարամանիա կատարած արշավանքի ընթացքը։ Երզնկայից, ասում է նա, շահ Իսմայիլը գնաց «… Կեսարիա, մի քաղաք, որ պատկանում է օսմանյան պետությանը… Այս քաղաքում նա մնաց չորս օր, եւ ապա առաջացավ դեպի Ալբիստան (Alboustan), զետեղված մի գետի (Ջիհան) վրա եւ գեղեցիկ դաշտում, որ պատկանում է Ալիդոլիին։ Այստեղից Մարաշ (Maras) երկու օրվա ճանապարհ է եւ Ալբիստանի երկիրը այցելելուց հետո, առաջացավ Մարաշ։ Բայց Ալիդոլին անհետացել էր, եւ քաշվել էր լեռների ամրոցները… Իսմայիլն ավերեց ու կողոպտեց երկիրը եւ կոտորեց բազմաթիվ զինվորների, որոնք երբեմն-երբեմն լեռներից իջնում էին հարձակվելու համար սեֆեվիների վրա, բայց որոնք հայտնաբերվում էին նրա պահակների եւ երկրի ժողովրդի կողմից։ 1507 թ. հուլիս ամսումն էր, որ Իսմայիլ մտավ Ալիդոլիի երկիրը եւ այնտեղ մնաց մինչեւ նոյեմբերի կեսերը։ Հետո, ձյունի ու ցուրտի պատճառով, որոշեց վերադառնալ Պարսկաստան» [94] ։



[1]            Տե´ս J. Hammer, I, էջ 262։

[2]            Ղ. Ալիշան, Սիսուան, Վենետիկ, 1885, էջ 293։

[3]            Նույն տեղում։

[4]            Նույն տեղում, էջ 295։

[5]            Bertrandon de la Broquirè, էջ 525։

[6]            Նույն տեղում:

[7]            Նույն տեղում, էջ 526։

[8]            Նույն տեղում։

[9]            Նույն տեղում, էջ 534։

[10]          Նույն տեղում, էջ 537։

[11]          J. Hammer 1, էջ 266:

[12]          Նույն տեղում, էջ 307-308։

[13]          J. Hammer, II, էջ 18-19։ Հաջորդ՝ 1387 թ. Թիմուրի հորդաները երեւացին արդեն Էրզրումի մոտ։ Այդ նույն թվականին Երզնկայում արտադրված մի ձեռագրի հիշատակարանում Գեւորգ գրիչը հայտնում է. «Յայսմ ժամանակի, գրում է նա, յորում էր թուական հայոց ՊԼԶ (1387), ելաւ ազգն Խուժադուժ յարեւելից, ի կողմանց հիւսիսոյ, որ կոչեր Լանկ-թամուր, եւ եկն մինչեւ յԱրզրում, եւ բազում ոճիրս գործեաց… զոր յետս դարձույց Աստուած»։ . Խաչիկյան, ԺԴ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, էջ 570)։

[14]          Թովմա Մեծոփեցի, Պատմութիւն Լանկ Թամուրայ եւ յաջորդոց իւրոց, Փարիզ, 1860, էջ 18։

[15]          Տե՛ս Մ. Չամչյան, Հայոց պատմություն, հ. Գ. Վենետիկ, 1786, էջ 421։

[16]          J. Hammer, I, էջ 308-309։

[17]          Հովհ. Հակոբյան, Ուղեգրություններ, հ. Ա, էջ 97։

[18]          Նույն տեղում, էջ 98։

[19]          Նույն տեղում։

[20]          J. Hammer, II, էջ 20-21. Մ. Չամչյանը նշում է, որ պաշարումը տեւել է ոչ թե քսան, այլ քառասուն օր (տե՛ս Մ. Չամչյան, հ. Գ, էջ 425)։ Թ. Մեծոփեցու վկայությամբ, սպանվածների թիվը այնքան մեծ էր, որ դժոխային պատկեր էր ներկայացնում։ «Եւ այնքան բարձրացավ, գրում է նա, դեզ մեռելոցն առ պարսպաւ, մինչ զի որք ի վերջոյ անկանեին ոչ մեռանէին զոր եւ տեսաք ասէ աչօք, եւ լուաք ականջօք, յարքեպիսկոպոսէն Զաքեոսէ եւ ի Պողոս վարդապետէ, որք յայնժամ գերի վարեալ ազատեցան» (նույն տեղում)։

[21]          Հովհ. Հակոբյան, Ուղեգրություններ, հ. Ա, էջ 109։

[22]          J. Hammer, II, էջ 40։

[23]          Иоган Шильдбергер, Путешествие по Европе, Азии и Африке с 1394 по 1427. Перевод Ф. К. Брука, Изд. З. А. Буниятова, Баку, 1984, стр. 23.

[24]          Հովհ. Հակոբյան, Ուղեգրություններ, հ. Ա, էջ 101։

[25]          Շիլդբերգերը մեկ միլիոն է հաշվում նրա բանակի թիվը, որն, անշուշտ, չափազանցություն է . Шильдбергер, էջ 23)։

[26]          Chalcondyles, I, էջ 56։

[27]          J. Hammer, II, էջ 61։

[28]          Chalcondyles, I, էջ 56։

[29]          Մ. Չամչյան, հ. Գ, էջ 429 («…սրոյ վասն եւ տեղին կոչեցաւ եւ կոչի սեւ հողեր»)։

[30]          Հովհ. Հակոբյան, Ուղեգրություններ, հ. Ա, էջ 124։

[31]          Նույն տեղում, էջ 138։

[32]          Նույն տեղում, էջ 139։

[33]          Նույն տեղում, էջ 117։

[34]          Նույն տեղում, էջ 136։

[35]          Նույն տեղում, էջ 115։

[36]          Նույն տեղում։

[37]          Նույն տեղում, էջ 116։

[38]          V. Minorsky, La Perse au XVème siècle entre la Turquie et Venise. Paris, 1923, p. 4.

[39]          Տե´ս Ղ. Ալիշան, Այրարատ, Վենետիկ, 1890, էջ 327։

[40]          Տե՛ս Աշ. Հովհաննիսյան, Դրվագներ, հ. 2, էջ

[41]          Ղ. Ալիշան, Հայ-Վենետ., էջ 187։ Միրաքը համարվել է Ուզուն Հասանի «հավատարիմ սպասավորը (…,, fidel servidor nostro‘‘):

[42]          Հովհ. Հակոբյան, Ուղեգրություններ, հ. Ա, էջ 158։

[43]          Նույն տեղում, էջ 161։

[44]          J . Hammer, III. էջ

[45]          Նույն տեղում, էջ 75։

[46]          Նույն տեղում, էջ 114։

[47]          Նույն տեղում, էջ 117։

[48]          Ավելի մանրամասն տե՛ս նույն տեղում, էջ 142-151։

[49]          Նույն տեղում, էջ 143։

[50]          Տե´ս Histoire de Méhémet II, empereur ottoman, enrichie de lettres traduites du grec et de l’arabe, seconde partie, p. 22-23.

[51]          Նույն տեղում, էջ 24։

[52]          Նույն տեղում, էջ 30։

[53]          Նույն տեղում, էջ 37։

[54]          Հ. Մանանդյան, Երկեր, հ. Գ., Երեւան, 1952, էջ 411։

[55]          Ակընջի—թուրքերեն բառացի նշանակում է ասպատակող։

[56]          Հովհ. Հակոբյան, Ուղեգրություններ, հ. Ա, էջ 259։

[57]          Նույն տեղում, էջ 262։

[58]          Նույն տեղում, էջ 263։

[59]          Նույն տեղում, էջ 264։

[60]          Նույն տեղում, էջ 264-265։

[61]          V. Minorsky, էջ 15։

[62]          J. Hammer, III, էջ 175, 179։

[63]          Հովհ. Հակոբյան, Ուղեգրություններ, հ. Ա, էջ 204-205, 267-268։

[64]          Նույն տեղում, էջ 267-268։

[65]          Նույն տեղում, էջ 268։

[66]          Histoire de Méhémet II, sec. partie, էջ 116։

[67]          Նույն տեղում, էջ 121։

[68]          Ղ. Ալիշան, Հայապատում, էջ 586-587։

[69]          Հովհ. Հակոբյան, Ուղեգրություններ, հ. Ա, էջ 271։

[70]          Նույն տեղում։

[71]          Նույն տեղում, էջ 272։

[72]          Նույն տեղում, էջ 273։

[73]          Raphael du Mans, appendice, p, 265. Ադամ Օլեարիուսը, հենվելով արեւելյան աղբյուրների վկայության վրա, նույնպես նշում է, որ շահ Իսմայիլը «…թաքնված էր Գիլանի նահանգի իշխաններից մեկի մոտ („Voyages d’Adam Oléarius‘‘, I, էջ 613-614)։

[74]          Հովհ, Հակոբյան, Ուղեգրություններ, հ. Ա, էջ 275։

[75]          Նույն տեղում։

[76]          Նույն տեղում, էջ 318։

[77]          Raphael du Mans. appendice, էջ 264։

[78]          Նույն տեղում, էջ 264-265։

[79]          Հովհ. Հակոբյան, Ուղեգրություններ, հ. Ա, էջ 346։

[80]          J. Chardin, V, էջ 233։

[81]          V. Minorsky, The middle East in western polities in the 13th, 14th and 15th centuries. Journal of the Royal asiatic society of Great Britain and Ireland. London, օct., 1940, t. XVII, p. 450.

[82]          Irène Mélikoff. Le problème kizilbas. „Turcica‘‘ Revue des études turques, t. VI, Paris-Strasbourg, 1975, p. 58.

[83]          Հովհ. Հակոբյան, Ուղեգրություններ, հ. Ա, էջ 298։

[84]          Raphael du Mans, appendice, էջ 269։ Ռոտան, նշելով, որ «Շահ Իսմայիլը այնպիսի խորությամբ է ատում հրեաներին. որ ամենուր, ուր հանդիպում է նրանց, փորել է տալիս նրանց աչքերը ու բաց թողնում», շարունակում է. «Սակայն նա առավել հալածում է թուրքերին, քանզի բոլոր նրանց, ովքեր ընկնում են նրա ձեռքը առանց բացառության տանջամահ է անում, եւ խորտակել է տալիս նրանց տաճարներն ու մզկիթները» (նույն տեղում, էջ 274)։

[85]          Նույն տեղում, էջ 267։

[86]          Նույն տեղում։

[87]          Նույն տեղում։

[88]          Շահ Իսմայիլի Հունգարիա ուղարկած պատվիրակությունը Կ. Պոլսում ձերբակալվում ու սպանվում է։ Կզլբաշների առաջնորդը մտադրվել էր դիմել նաեւ եվրոպական մյուս պետությունների ներկայացուցիչներին, սակայն հանդիպել է անհաջողության (տե՛ս նույն տեղում, էջ 275)։

[89]          Մատենադարան, ձեռ. 4515, էջ 259։

[90]          Այդ մասին մանրամասն տե՛ս Fischer Տ. W, The foreign relations of Turkey 1481-1512. Urbana, 1948.

[91]          J. Hammer, IV, էջ 19։

[92]          Նույն տեղում, էջ 20—24։

[93]          Հովհ. Հակոբյան, Ուղեգրություններ, հ. Ա, էջ 279։

[94]          Նույն տեղում, էջ 280։