Հեղինակ

Բաժին

Թեմա

* * *

1590 թ. մարտին կնքված Կոստանդնուպոլիսի պայմանագրով Թուրքիային հաջողվեց իրականացնել իր տնտեսական ու քաղաքական ծրագրի մի մասը՝ զավթելով Անդրկովկասի ու Հյուսիսային Իրանի կարեւորագույն առեւտրական ուղիները։ Ագրարային երկիր հանդիսացող ու ֆեոդալական մասնատվածությունից ուժասպառ եղած Իրանին հասցվեց շոշափելի հարված։ Նվաճված երկրամասում օսմանցի ֆեոդալները սկսեցին անողոք շահագործման ենթարկել տեղի բնական ու մարդկային հարստությունները։ Հողերը ենթարկվեցին վերաբաժանման, որի հետեւանքով Անդրկովկասի շատ ֆեոդալներ զրկվեցին իրենց տիրույթներից։ Հարկերը եռապատկվեցին։ Բնակչությունը ենթարկվեց թուրքերի կողմից կիրառվող կրոնական անհանդուրժողականության քաղաքականությանը։ Եվ, բնականաբար, այս բոլորը երկրում առաջացրեց համընդհանուր դժգոհություն թուրք զավթիչների նկատմամբ։ Խույս տալով թուրքերի քրիստոնեահալած քաղաքականությունից, հայ ավատական ավագանու եւ բնակչության մի մասը օսմանյան տիրապետության տարիներին ապավեն էին փնտրում Վրաստանում ու այլուր։

Մղձավանջային իրադրությունը վրաց Սիմեոն թագավորին ստիպում է նամակով օգնության հայցով դիմել Իսպանիայի Ֆիլիպ 2-րդ (1555-1598) թագավորին։ 1596 թ. օգոստոսի 14 թվակիր գրված աշխարհաբար այդ նամակում մասնավորապես կարդում ենք. «Այսքան ժամանակ թուրքի հետն ի մէջ նեղութեան կայեաք, այս ժամանակիս կու հայեաք թէ քրիստոնէից ի թագավորութիւն ի ոտք ելանէ եւ շարժի, հիմի մեծ գոհութիւն եւ փառք անմահ թագաւորին Յիսուսի Քրիստոսի, որ ետ զորութիւն եւ հզոր կարողութիւն քոյին մեծ թագաւորութեան իշխանութեանդ եւ քոյին սիրելի մայեսդադ չեղար ինփեռատուրին որ զմեզ մեծարեց եւ ուղարկեց մեզ թուղթ ու գիր սիրոյ միաբանութեան, վասն յամենայն հաւատացելոց ի Քրիստոս, որ զայս այլազգի եւ թշնամի հաւատոց զթուրք ազգս ի միջոյ վերացելոյ, նայ ես, Սիմէոն խանս Կուրճիստանու, Ալեքսանդր խան Լուանդինոյ (Լեւանի որդի), Շահ Աբաս Փերսիանին, երեքանքս միաբանեցաք, եւ խորհուրդ եւ թատպիր արարք, որ մենք այլ հիմակուց ի վեր առաջ գանք եւ զթուրքին գլուխն կոտրեմք եւ զսուրբ յԵրուսաղէմ եւ զքրիստոնեայքն ի թուրքի ձեռաց ազատենք» [1] ։

Եվրոպական պետություններից եւ ոչ մեկն այդ ժամանակ ի զորու չէր հայերին եւ վրացիներին իրական օգնություն ցույց տալ։ Թուրքիայի դեմ պայքարում նրանք, ինչպես դա առաջներում էր, ձգտում էին Սեֆյան Իրանի հետ դաշինքի։ XVI դարի վերջին Իրանին Թուրքիայի դեմ պատերազմի հրահրողների առաջին շարքերում մենք տեսնում ենք անգլիացիներին։ Իրան ժամանած Անտոն եւ Ռոբերտ Շերլի եղբայրների հրահանգով շահ Աբասը վերակառուցում էր իր բանակը։ Նախքան թուրքերի դեմ պատերազմ ձեռնարկելը, իր հերթին, կենսականորեն շահագրգռված լինելով Եվրոպայի հետ զինակցության, շահ Աբասը, ինչպես տեսանք, դեսպանություններ ուղարկեց Եվրոպա՝ Ռուսաստան, Գերմանիա, Իտալիա եւ, մասնավորապես, Հռոմի պապի մոտ։

Այս պայմաններում, շատ բնական է, որ հայ ու վրաց ավագանին օգնության հայցով դիմեր անմիջապես իրեն՝ Իրանի տիրակալին։ Չէր բացառված այն, ինչպես այդ մասին նշում է Աշ. Հովհաննիսյանը, որ Իրանին ապավինած հայ խոջայության ներկայացուցիչներն իրազեկ լինեին Եվրոպայի հետ շահ Աբասի վարած բանակցություններին [2] ։

Դիմելով շահ Աբասի օգնությանը, Անդրկովկասի ավատատերերն Իրանի երիտասարդ տիրակալին դիտում էին որպես հույսի ու փրկության ապավենի, որպես «չարյաց փոքրագույնի» անտանելի թուրքական տիրապետության պայմաններում։ «Բազումք ոմանք, գրում է Առ. Դավրիժեցին, յաշխարհէս Ատրպատականի իշխանք եւ կողմնակալք մահմետականք եւ քրիստոնեայք, գնացեալ էին առ թագաւորն Պարսից, վասն զի յոյժ չարաչար նեղութեամբ նեղէին զնոսա ազգն ouմանցւոց ծանր հարկապահանջութեամբ, եւ կեղեքմամբ զրկէին եւ կողոպտէին, եւ հաւատոց կուռէճութիւն (խստութիւն) առնէին, եւ այլ բազում տառապանօք չարչարէին ոչ միայն զազգս հայոց, այլեւ զազգս վրաց եւ զՄահմետականաց (ադրբեջանցիներ) եւ վասն այնր նեղութեան գնացին առ թագաւորն պարսից, զի թերեւս նովաւ դիւրութիւն գտցեն զեղծեալք ի ծառայութենէն օսմանցւոց» [3] ։

Կոստանդնուպոլսի հաշտության կնքումից հետո ընկած կարճ ժամանակամիջոցում շահ Աբասին հաջողվել էր ընկճել Իրանում կենտրոնախույս թյուրքախոս ավագանու դիմադրությունը, ստեղծել կենտրոնացված ուժեղ պետական ապարատ եւ, ինչպես տեսանք, Եվրոպայի օրինակով, վերակառուցել իրանական բանակը։ Այս նույն ժամանակ Թուրքիան անկման հայտանիշեր էր ցույց տալիս՝ ընկնելով ճգնաժամային վիճակի մեջ։ Դրանից դուրս գալու ելքն օսմանյան ղեկավար շրջանները փնտրում էին պատերազմական արկածախնդրությունների մեջ։ Մինչեւ 1606 թ. ընկած ժամանակաշրջանը Թուրքիան ռազմական ընդհարման մեջ էր Ավստրիայի հետ, որը բերում էր միայն անհաջողություններ։ Ամեն օր նորանոր լուրեր էին հասնում մայրաքաղաք՝ թուրքերի կրած ծանր պարտությունների մասին։ 1593 թ., որը թուրքական տարեգրություններում հայտնի է որպես «կազմալուծման կամ պարտության տարի» («Возздип senesi») Բոսնիայում ամբողջությամբ ոչնչացվեց Հասան փաշայի զորքը։ Եթե ավստրիական ճակատում թուրքերը լրիվ չջախջախվեցին, ապա դրա պատճառը Գերմանիայում ծայր առած կրոնական ներքին վեճերն էին։ Այս հանգամանքը թույլ տվեց օսմանցիների դեմ ընդհանուր հարձակում կազմակերպել։ «Ամեն առումով այս պետության գործերը անկում են ապրում, զեկուցում է իր կառավարությանը Կոստանդնուպոլսի ֆրանսիական դեսպան Բարոն դե Սալինյակը, եւ բավական է մի փոքր հարված, որ նա կործանվի» [4] ։ Իսկ 1607 թ. մարտի 13-ին գրած նամակում ֆրանսիական դեսպանը հետեւյալ կերպ է զարգացնում իր այս միտքը։ «Այս մեծ կայսրության գործերը միանգամայն վատ ընթացք ունեն։ Երկիրը կառավարում են ապիկար մարդիկ, պակասում է դրամը։ Եվ այդ պակասը լրացնելու համար, նրանք (կառավարողները Մ. Զ. ) անում են հազար ու մի անարդարություններ։ Եթե Հունգարիայի պատերազմը շարունակվի, հավանական է, որ ամեն ինչ ինքնիրեն խորտակվի» [5] ։

Սալինյակի այս եզրահանգումները հիմնված էին այն փաստի վրա, որ XVI դարի վերջում Թուրքիայում ծայր առած ջալալիների [6] հակապետական շարժումները փաստորեն կաթվածահար էին դարձրել սուլթանական պետությունը եւ մեծ հարված հասցրել նրա ռազմական ու քաղաքական հզորությանը։ Շահ Աբասը, որն ուշի-ուշով հետեւում էր Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունների ընթացքին, չհապաղեց օգտագործել բարենպաստ պայմանները պատերազմ սկսելով թուրքերի դեմ, հանուն իր ժառանգական «Հայրենի աշխարհի» հետ նվաճման։ Ահա թե ինչ ենք կարդում այդ մասին Անտոնիո դե Գուվեայի մոտ։ Շահ Աբասը, գրում է նա, «բոլոր քրիստոնյա իշխանությունների մոտ դեսպանություններ ուղարկեց նրանց միացնելու ու թուրքերի դեմ համատեղ պատերազմ սանձահարելու համար այն հաշվով, որ վերջինները զբաղված լինեն երկու կողմից՝ Եվրոպայից ու Ասիայից այդ միջոցով նա կարողանա վրեժ լուծել իրենց հասցված վիրավորանքների համար եւ վերանվաճել այն քաղաքներն ու ամրոցները, որոնք կորցրել էին իրենց նախնիները» [7] ։ Հետագայում, անդրադառնալով եվրոպական պետությունների հետ շահ Աբասի դաշնակցելու հարցին, Ժ. Շարդենը գրում է հետեւյալը. «Մեծն Աբասը, որն ուներ լայն ծրագրեր, եւ որ առանց դաշնակիցներ ունենալու եւ որեւէ մի տեղից օգնություն, մեծ պատերազմների մեջ էր մտել թուրքերի հետ՝ չափազանց լավ ընդունելություն էր ցույց տալիս բոլոր նրանց, ովքեր փնտրում էին իր բարեկամությունը, մասնավորապես եվրոպացիների, որոնց համարում էր իր մեծ թշնամու՝ թուրքի թշնամիները։ Եվ, իմիջիայլոց, պապին նա դիտում էր իբրեւ մի մարդու, որն առավել շահագրգռված էր օսմանյան այդ հզոր պետության կործանումով կամ գեթ նրա ընդարձակմանը խոչընդոտելով։ Այդ էր պատճառը, որ նա սիրալիր ընդունում էր նրա դեսպաններին։ Համաձայն երկրի սովորության, նա նրանց պահում ու կերակրում էր բազմաթիվ տարիներ, իր ամբողջ կյանքի ընթացքում նա նրանց օգտագործում էր որպես դեսպաններ քրիստոնյա իշխանների մոտ, կոչ անելով վերջիններին (համատեղ) պատերազմել թուրքերի դեմ, ինչպես որ նրանք շարունակ խոստանում էին» [8] ։

Շահին մնում էր միայն մի պատրվակ՝ սկսելու պատերազմը թուրքերի դեմ։ Եվ այն շուտով ներկայացավ։ Դժգոհ օսմանցիների տիրապետությունից՝ Սալմաստի բեկ քուրդ Ղազին ապստամբում է եւ շահի օգնությանը դիմում՝ նրան հորդորելով շարժվել դեպի Թավրիզ։ Քուրդ բեկերը, որոնք թուրքերի եւ Սեֆյանների միջեւ ծագած պատերազմների սկզբից ի վեր սովորել էին թեքվել դեպի հզոր կողմը, տեսնելով, ըստ երեւույթին, Թուրքիայի ներքին խառնակ վիճակը սկսեցին կասկածանքի տակ վերցնել հետագայում էլ օսմանյան տիրապետության տակ մնալու նպատակահարմարությունը։ Այս առումով, անշուշտ, քուրդ Ղազիի ապստամբությունը եզակի երեւույթ չէր։

1603 թ, օգոստոսի 3-ին վեց հարյուր հեծյալ զինվորներով շահ Աբասն Իսպահանից շարժվեց դեպի Թավրիզ։ Ճանապարհին նրան միացան Արդեբիլի կառավարիչ Զուլֆիգար խանի զորքերը։ Եթե հավատանք Գեւորգ Տեկտանդերի վկայությանը, ապա նրա բանակի թիվը շուտով հասնում է հարյուր քսան հազարի, որը մեզ թվում է կասկածելի, որովհետեւ նա խոսում է հետին թվով։ «Թագավորը, գրում է նա, Թավրիզ շարժվեց հարյուր քսան հազար մարդկանցով, եւ արդեն յոթ օրվա ընթացքում տեր դարձավ քաղաքին։ Ես այնտեղ հասա դեկտեմբերի 15-ին» [9], իսկ շահի զորքերը Թավրիզ մտան հոկտեմբերի 21-ին [10] ։ Թավրիզի գրավմանը նախորդել էր 1603 թ, սեպտեմբերի 25-ի Սոֆյանի ճակատամարտը [11] ։

Թավրիզի գրավումն ականատեսների վկայությամբ ցնծություն էր առաջացրել նրա բնակչության շրջանում։ «Քաղաքի բնակիչները, կարդում ենք դե Գուվեայի մոտ, ուրախացան թոթափելով թուրքական լուծը եւ իրենց բնական տիրոջը ենթարկվելով, սակայն վախենալով, որ Ալի փաշան (Թավրիզի կայազորի պետը Մ. Զ. ) կարող է հաղթանակել, գտնվեցին զուսպ, սակայն հենց որ իմացան նրա պարտությունը եւ ամրոցի դատարկվելը զինվորներից, մեծ ցնծությամբ դուրս եկան թագավորին ընդառաջ եւ կերակրեցին նրա զինվորներին ու ձիերին, եւ չբավարարվելով այս բարյացակամ ելույթներից, որպես հավատարիմ հպատակության նշան, նրանցից շատերը թագավորին բերեցին իրենց փեսաների կամ աներձագերի գլուխները… եւ որ ամենազարմանալին է, մայրերը սպանեցին թուրքերից ծնած իրենց հարազատ զավակներին, ասելով, թե անհրաժեշտություն չկա, որ այս չար ժողովրդից որեւէ հիշողություն մնա։ Ահա այս աստիճան մեծ էր թուրքերի նկատմամբ նրանց տածած ատելությունը» [12] ։

Թավրիզի գրավումը մի տեսակ ազդանշան հանդիսացավ Ադրբեջանում եւ Հայաստանում հաստատված քուրդ բեկերի համար։ Նրանք բոլորը իրենց հայտարարելով շահիսեվեններ (շահը սիրողներ) անցան Սեֆյանների կողմը, ավելի եւս ծանր կացության մեջ թողնելով այստեղ հաստատված թուրքական կայազորներին։

Դեպի Երեւան շահ Աբասի բանակի արշավանքին ականատես Տեկտանդերի վկայությամբ, հայերը եւ տեղացի մահմեդականները նույնպես դիմավորում էին ոգեւորությամբ։ «Բոլոր քաղաքներն ու գյուղերը, որ մենք հանդիպում ենք մեր ճանապարհին, գրում է նա, շտապում էին ընդունել պարսիկների գերիշխանությունը։ Ես անձամբ ականատես եղա Մեդիայում (Ադրբեջանում)՝ Մարանդի, Հայաստանում՝ Նախիջեւանի եւ Ջուլֆայի ու այլ բազմաթիվ քաղաքների հպատակությանը, որոնք հանձնվեցին առանց դիմադրության։ Երբ թագավորն անցնում էր մի որեւէ քաղաքից կամ գյուղից, ապա բոլոր կողմերից խառնիճաղանջ բնակչությունը վազում էր՝ տղամարդիկ, կանայք, երեխաները ձեռք-ձեռքի բռնած շուրջպար էին կազմում եւ իրենց սովորության համաձայն երգում ու պարում… Ժողովրդական այս ելույթը նպատակ ուներ հաճոյանալ թագավորին եւ նրա գալուստը նշել ուրախությամբ ու երգերով։ Հայաստան մեր ժամանումից հետո դեպքերը զարգանում էին նույն հաջողությամբ, թագավորը ոչ մի դիմադրության չհանդիպեց։ Ջուլֆայում, որը բազմամարդ էր եւ բացառապես բնակեցված հայերով, սրտագին ընդունելություն տեղի ունեցավ։ Թագավորին մեծարելու համար ջահեր վառեցին, այստեղի տները, որոնք կտուրներ չունեն եւ զարդարված են պատշգամբներով, պճնվեցին ավելի քան հիսուն հազար ջահերով, որոնք վառվեցին ամբողջ գիշերվա ընթացքում» [13] ։

Այս դեպքերը մի քիչ այլ նրբերանգներով հետեւյալ կերպ է նկարագրում Անտոնիո դե Գուվեան։ Նախիջեւանը, ասում է նա, «…Հեշտությամբ ենթարկվեց թագավորին, որը ողջ բնակչության կողմից դիմավորվեց ցնծությամբ։ Այնտեղից թագավորը իր ամբողջ բանակի հետ շարժվեց դեպի Օրդուբադ քաղաքը, որը նրան հանձնվեց առանց: որեւէ դիմադրության։ Այս (քաղաքը) ունի յոթից ութ հազար բնակիչ, մեծ մասամբ հայեր, որոնք ենթարկվում են Երեւանի փաշային: Տեղի կայազորի այստեղ գտնվող թուրքերը պարփակվեցին ամրոցի մեջ։ Թագավորը չուզեց կանգ առնել այստեղ եւ պաշարել այն։ Ճիշտ կռահելով, որ այս բոլոր փոքր վայրերի նվաճումը կախված կլինի մայրաքաղաքի Երեւանի, գրավումով։ Օրդուբադից հետո թագավորն ուղիղ շարժվեց հայերով բնակեցված Ագուլիս (Iglis) քաղաքը, որը հանձնվեց նույնպիսի դյուրությամբ, ինչպես եւ նախորդը։

Ագուլիսից շարժվեց դեպի Ջուլֆա, որը բնակեցված է երկրամասի ամենահարուստ հայ վաճառականներով եւ այդ պատճառով տարանցիկ առեւտրի հանգուցակետ է եւ Մեծ Տիրակալը (սուլթանը) այն հանձնել էր իր մորը՝ եկամուտն ըստ հայեցողության ծախսելու, եւ ահա երեք տարի է, ինչ եկամուտը նա (մայրը) առանձնացրել էր իր կողմից նախատեսված ծախսերի համար։ Ջուլֆայի բնակիչները միշտ էլ արժանացել էին թագավորի բարեհաճ վերաբերմունքին, քանզի նրանցից շատերն իրենց սովորական առեւտուրն էին անում (Իրանում) եւ արդեն ծանոթ էին թագավորին ու հովանավորվում էին նրա կողմից։ Ուստի որպեսզի ցույց տան, որ իրենք ավելի են ոգեշնչված, քան ուրիշները շահի գալուստով, վերջինիս քաղաքին մոտենալու լուրը ստանալով հարձակվեցին մոտավորապես հարյուր հոգուց բաղկացած թուրքական կայազորի վրա, բոլորին սպանեցին եւ վերցնելով Մեծ Տիրակալի մոր՝ պահեստում դրված դրամը, վերոգրյալ թուրքերի գլուխների եւ բանակի կարիքների համար սննդամթերքների հետ գնացին թագավորին ընդառաջ եւ այս բոլորը քաղաքի բանալու հետ միասին հանձնեցին թագավորին։ Նա ընդունեց նվերը եւ իր նկատմամբ ցուցաբերված բարի կամքի համար նրանց խոստացավ ըստ արժանվույն հովանավորել։

Ջուլֆայում թագավորը մնաց երեք օր, որի ընթացքում փայփայվեց ժողովրդի կողմից, որից հետո նա այնտեղից շարժվեց դեպի Ջուլֆայից հինգ մղոն հեռավորության վրա գտնվող Նախիջեւան քաղաքը, որը համարյա նույնպես ամբողջությամբ բնակեցված էր հայերով» [14] ։

Նախիջեւանից հետո շահական բանակը շարժվեց ուղիղ դեպի Երեւան եւ պաշարեց այն։ Քաղաքի ամրոցում գտնվում էր 12. 000-ոց թուրքական կայազորը Շերիֆ փաշայի գլխավորությամբ։

Երեւանն այդ ժամանակվա ռազմական տեխնիկայի համար բավականին ամրացված քաղաք էր։ Ուներ երկու ամրոցներ։ Մեկը՝ Հին բերդը (Կալա-ի ատիկ) եւ նորը (Կալա-ի ջեդիդ), որը կառուցվել էր, ինչպես տեսանք, 1583 թվականին, Ֆերհադ փաշայի կողմից։ Ուստի բերդի պաշարումը տեւեց շուրջ մեկ տարի, չնայած Գ. Տեկտանդերի մոտ ասվում է, որ այն գրավվեց մի քանի շաբաթվա ընթացքում։ Ավստրիական կայսեր ներկայացուցիչը, հավանաբար, նկատի ունի քաղաքի, եւ ոչ թե ամրոցի գրավումը։ Նա գրում է. «Քաղաքը դիմադրեց հինգ, շաբաթ, մինչեւ որ պարենի պակասը ստիպեց նրան անձնատուր լինել պարսիկներին, որոնք կոտորեցին բնակչության զգալի մասը» [15] ։

Ավելի ընդարձակ ու ավելի ստույգ են Երեւանի գրավման առթիվ Անտոնիո դե Գուվեայի հաղորդած վկայությունները։ Շահը, ասում է նա, հրամայեց վերցնել Երեւանը, «որն ամբողջովին բնակեցված է հայերով, քաղաքի հողը մշակելի ու բերրի է եւ հարուստ ամեն տեսակի մթերքներով։ Ամենահիշարժանն այն է այստեղ, թե ինչպիսի դյուրությամբ թագավորը նվաճեց այդքան մեծ քաղաքներ, էլ չենք խոսում նրանց կցված ավանների ու գյուղերի մասին, քանզի նրա Թավրիզ մուտքից մինչեւ Երեւանի պաշարումը նա հասցրեց կատարել երկու ամսից էլ պակաս ժամանակում» [16] ։ Հետեւաբար, Երեւանի պաշարումը պետք է սկսված լինի 1603 թ. դեկտեմբերի սկզբներին։

Այնուհետեւ Անտոնիո դե Գուվեան շարունակում է. «Երեւան քաղաքը հանդիսանում է ամբողջ Մեծ Հայքի կարեւորագույն քաղաքը ու մայրաքաղաքը, ուր թուրքերը մեծ նշանակություն ունեցող մի ամրոց էին կառուցել տվել, ինչպես նրանք այդ բանն անում են նվաճված մյուս բոլոր նահանգներում, նրանց կարծիքով, որպես երկրամասի պաշտպանության լավագույն միջոց։ Այսպես (Ուզդեմիր) Օսման փաշան, նվաճելով Մեդիան (Ատրպատականը), կառուցել տվեց փաշայի նստավայր Թավրիզի ամրոցը։ Դրանից եւս մի քանի տարի առաջ, նախքան թուրքերի գրավումը, Խորաբանդա շահի եւ Մեծ Տիրակալ Մուրադ 3-րդի ժամանակ, Ֆերհադ (Cadet) փաշան, նվաճելով Մեծ Հայքը, Երեւանում կառուցել տվեց մի ամրոց, որը, իր կարծիքով, ի զորու էր ամբողջ նահանգը պաշտպանել։ Երբ թագավորը եկավ այնտեղ, տեղի կայազորի պետն էր Շերիֆ փաշան՝ տասներկու հազար թուրք զինվորներով, որը քաշվեց ու պատսպարվեց ամրոցում։ Այնտեղ ապստամբվեց նաեւ քաղաքի ու նրա շրջակայքի բնակչության մի մասը։ Ամրոցից դուրս մնացին միայն ամենաաղքատներն ու թշվառները…

Թագավորն իր այստեղ ժամանումից հետո անմիջապես չուզեց մտնել քաղաք, այլ տեղավորվեց մեկ մղոն հեռու գտնվող վայրում եւ հետախուզական նպատակով հեծյալ գունդ ուղարկեց իմանալու ընդհանուր վիճակի եւ նոր բերդի տեղակայման հարցերի շուրջ։ Հետախույզները նրան հաղորդեցին, որ քաղաքը խաղաղ էր եւ չնկատեցին որեւէ մեկին, որ զենք կրած լիներ, եւ որ ամրոցը գտնվում էր պաշտպանական առումով բարվոք վիճակում ու նպատակադրվել է պաշտպանվել։ Եվ այդ բոլորը ստույգ էր… թագավորը… նկատի ունենալով այդ բոլորը, եկավ այն եզրակացության, որ (Երեւանի) ամրոցը հնարավոր է վերցնել միայն երկարատեւ պաշարումից հետո» [17] ։

Սկսելով պաշարումը, շահական զորքերը բոլոր կողմերից կրակ են տեղում Երեւանի ամրոցների վրա։ «Ամրոցը, գրում է դե Գուվեան, այնպես էր պաշարված, որ բացառված էր որեւէ մեկի ելքն ու մուտքը… Եվ պաշարվածների համար ամենամեծ դժվարությունը ջրի հարցն էր, որը չէր կարող երկար բավարարել ամրոցի ներսի մարդկանց պահանջները» [18] ։ Իր հերթին, «թագավորը կանգնած էր երկու մեծ դժվարությունների առաջ, մեկը ձմեռնամուտն էր, քանզի այն երկրում ձմեռը խստաշունչ է եւ առատ ձյուն է տեղում։ Երկրորդն այն էր, որ եթե թողներ պաշարումը, ապա ամրոցում պաշարվածներին հնարավորություն ու ժամանակ կտար Կոստանդնուպոլսից ուղարկված մի փաշայի միջոցով օգնություն ստանալ, ինչպես այդ մասին լուրեր էին տարածվում» [19] ։ Սակայն շուտով Սեֆյանների ձեռքն ընկած մի թուրք հետախույզից իմանում են, որ «…Մեծ Տիրակալը ծանր հիվանդ է եւ որ ոչ Կnuտանդնուպոլսում եւ ոչ էլ այլուր այլեւս խոսք չկա իր (շահի) դեմ բանակ ուղարկելու մասին» [20] ։ Հիրավի «1012 թ. (ըստ մահմեդական տոմարի) եւ մեր տոմարի 1603 թ. դեկտեմբերի 15ին թագավորը տեղեկացավ Կոստանդնուպոլսում թուրքերի կայսր Մեհմեդ 3-րդի մահանալու մասին, որին առանց որեւէ միջադեպի հաջորդել էր, չնայած երիտասարդ տարիքին, Ահմեդը։ Նրա մահը ցավով ընդունվեց իր պետության մեծամեծների կողմից։ Թագավորը նույնպես վշտացածի տեսք ընդունեց, իսկ երբ ոմանք հարցրին իրեն դրա պատճառը, նա պատասխանեց, թե իրեն զայրացնում է այն, որ նա (սուլթանը) մահացել է, առանց սեփական աչքերով տեսնելու (Սեֆյան Իրանի) վրեժը» [21] ։

Երեւանի պաշարման ժամանակ ռազմական կարիքներից դրդված, շահը դաժան թշնամու կրակոցի ներքո կոռվորության է լծել Երեւանի հայ բնակչությանը։ «Ամենից շատ տուժողները, կարդում ենք դե Գուվեայի մոտ, այս խեղճ ու դժբախտ հայերն էին, որոնք ձմեռվա այս դաժան իրականության պայմաններում լծվել էին կոռվորությանը» [22] ։ Անշուշտ, միայն պատերազմի արհավիրքից կամ կոռվորությունից չէ, որ հայ զանգվածները տուժում էին։ Շահական զորքերը չէին եկել հայ ժողովրդին փրկելու ստրկական կապանքներից, այլ հաստատելու թուրքական լծից քիչ տարբերվող իրենց իշխանությունը։ Ամրոցի պաշարման ժամանակ, ինչպես վկայում են հայ աղբյուրները, Արարատյան դաշտավայրի ու մերձակա շրջանների գյուղերն անխնա կողոպտվում էին, բնակչությունը գերեվարվում, իսկ աղջիկներին վերցնում էին զավթիչների հեշտանքին ծառայեցնելու համար։ Նախավկայի վանքում արտադրված մի ձեռագրի հիշատակարանում ասված է, որ «…որդի Խուտապանտային (շահ Աբաս—Մ. Զ. ) երեկ ի Սպահանա… գերեաց զազգն քրիստոնէից եւ խիզանն հայկական ազգին որպէս գառինս վաճառէին միմիանց եւ… անմեղ մարդիկ կոտորեցին եւ շատ անմեղ տղայք ի գրկից մաւրն խլէին… եւ զազգն հայոց վաճառէին» [23] ։

Երեւանի պաշարման ժամանակ շահի մոտ ժամանեցին վրաց պատվիրակությունները՝ հպատակություն հայտնելու, նրանց մեջ էին Կախեթի իշխան Ալեքսանդրը, Սիմոնի որդի Գեորգին [24] ։ Այս իշխաններն իրենց պատրաստակամությունը հայտնեցին Սեֆյանների հետ համատեղ հանդես գալու թուրքերի դեմ։ Հետաքրքիր է այստեղ նշել այն, որ շահի մոտ մեկնելիս «Վրաստանի թագավորը», որի անունը չի հիշատակվում, ճանապարհին հանդիպում է Ավստրիա վերադարձող Գ. Տեկտանդերին եւ թարգմանչի միջոցով նրան տալիս է հետեւյալ հարցը, «…Ինչու նորին կայսերական մեծությունը իրեն՝ քրիստոնյային, նույնպես դեսպանություն չի ուղարկում, այն ժամանակ, երբ Պարսկաստանի թագավորը մի հերետիկոս է, եւ իր կողմից ավելացրեց, որ ինքը կուզենար լավ հարաբերություններ հաստատել նորին մեծության հետ» [25] ։ Սրանից դժվար չէ կռահել, որ վրաց տիրակալն ակամա է մեկնում շահի մոտ ծառայության։

Երեւանը դեռ պաշարված էր, երբ շահ Աբասն իր զորավարներից մեկին՝ Հոսեյն խան Զիյադօղլու Կաջարին, ուղարկեց Շիրվանն ու Ղարաբաղը ասպատակելու։ Հոսեյն խանն ասպատակության ժամանակ «…սկսեց այրել գյուղերը, հնձել բերքը եւ ավերել ամեն ինչ, որ գտնվում էր Գյանջայի շրջակայքում ու այս միջոցով ստիպել ամրոցում ապաստանած փաշային բռնվել մարտի»։ Թուրքերի դեմ տարած հաղթանակից հետո «…սպանվեցին չորս հազար թուրքեր… եւ շրջակա գյուղերի ու ավանների ավարի հետ ներկայացան թագավորին՝ նրան նվիրելով բազմաթիվ այլ իրերի հետ տասներկու հազար ստրուկ կանայք, մեծ մասամբ աղջիկներ» [26] ։

Գանձակի անկումը Շերիֆ փաշային ստիպում է դիմելու շահին՝ հաշտության բանակցությունների առաջարկով։ Երբ թուրքական կայազորի պետը, գրում է դե Գուվեան, «…իմացավ Գյանջայի պարտության լուրը, որոշեց նետվել նրա (շահի) գիրկը եւ իր ներկայացուցիչների միջոցով ներում հայցել» [27] ։

Մտնելով Երեւան, շահն «ամրոցում գտավ մեծ հարստություններ՝ ոսկի, արծաթ, մետաքս եւ այլ ապրանքներ, եւ բացի այդ՝ 400 թնդանոթ, որից 25-ը ահռելի մեծության էին» [28] ։

Երեւանը գրավելուց հետո շահը 1604 թ. ամռան սկզբին մեկնում է Սեւան՝ հանգստանալու [29], միաժամանակ Ղարաբաղ ուղարկելով 15 հազարանոց մի բանակ՝ Ալլահկուլի բեկ Կաջարի գլխավորությամբ, որը համաձայն շահից ստացած հրահանգի, երեք օր շարունակ հրի ու սրի է մատնում երկիրը ու մեծ ավարով վերադառնում շահի մոտ։

Դեռ մինչեւ Երեւանի բերդի անկումը, 1603-1604 թվականների ձմեռվա ցուրտ պայմաններում իր գլխավոր զորավարներից մեկին՝ ծագումով հայ [30] Ալլահվերդի խանին շահը հրամայում է ասպատակել Արեւմտյան Հայաստանի գավառները եւ բնակչությանը բռնի տեղափոխել Արարատյան դաշտավայր։ Ալլահվերդի խանն «ասպատակեց ու ավերեց երկրամասը (Արծկեն եւ Արճեշը)» [31] ։ Ալլահվերդի խանի՝ արեւմտյան գավառները կատարած արշավանքի ու այնտեղ ստեղծված աղետալի վիճակի մասին մանրամասն տեղեկություններ են հաղորդում հայկական աղբյուրները։ Այսպես Առ. Դավրիժեցու մոտ կարդում ենք. «Իսկ շահն միշտ նստեալ ի վերա բերդին Երեւանու պատերազմէր, ոչ դադարէր (յաւերելոյ զաշխարհս, եւ գերելոյ զազգս Հայոց, քանզի առաքեաց զորագլուխս բազում զօրօք ի կողման Արզրումայ, որք գնացեալ աւերեցին զերկիրն Բասենու, եւ զԽնուսայ՝ եւ զդաշտն Արզրումայ՝ եւ զայլս, ուր եւ կարացին հասանիլ, քանդեալ՝ աւերեալ, այրեալ՝ եւ ապականեալ զերկիրն եւ զշէնսն, զինչս եւ զստացուածս կողոպտեալ, եւ զարս սպանեալ, եւ զկանայս եւ զմանկունս գերեցուցեալ բերին յԵրեւան ի բանակն իւրեանց։

Սոյնպես եւ յերկիրն Արճիշու առաքեաց զօրս՝ որք գնացեալ արարին ըստ վերոյասեցելումդ աւար եւ գերութիւն եւ ապականութիւն ազգին հայոց ի ժամանակս ձմերայնոյ» [32] ։ Իսկ մի քիչ ներքեւ պատմագրի մոտ կարդում ենք հետեւյալ մանրամասնությունները. «…եւ յարձակեցաւ (խանն) ի վերայ գաւառաց աշխարհին, եւ զամենայն երկիրն Արծկէոյ հաւասար աւերեաց, եւ հրդեհ արկեալ այրաց, եւ զամենայն արս կոտորեաց՝ եւ զինչս, եւ զստացուածս՝ զուստերս եւ զդստերս եւ զկանայս յաւար եւ ի գերութիւն առեալ։ Եւ եղեալ անտի եկն յԱրճէշ՝ եւ ի Բերկրի, եւ ի Վան, եւ յամենայն գաւառս նոցա արար այնպէս եւ ժողովեալ ամենայն գերեալսն, եւ հօրանս անդեոց, եւ ջոկս ոչխարաց, եւ երեմակս ձիոց, իբրեւ մեծ եւ յորդեալ հեղեղ զամենեսեան վարեալ ածեալ բերեալ հասուցին, յԵրեւան ի լիութիւն բանակին Պարսից» [33] ։ Արեւմտյան Հայաստանից Արարատյան դաշտ քշված բնակչության թիվը մի հիշատակարանում հաշվում է 60. 000 մարդ, առանց սպանվածների ու մահացածների [34] ։ Միայն Արճեշից, Բերկրիից ու Վանից Ալլահվերդի խանը տեղահան արեց 23. 000 հայերի [35] ։ 1604 թ. ապրիլին շահի հրամանով սեֆյան մի այլ բանակ՝ Համադանի կառավարիչ Հյուսեյն խանի եւ ծագումով հայ Կարչխա խանի գլխավորությամբ ասպատակում է Կարսն ու իր շրջակայքը, որին շուտով միացավ նաեւ ինքը՝ շահը։ «Այդ նույն ժամանակ, կարդում ենք դարձյալ դե Գուվեայի մոտ, —թագավորը Երեւանից հինգօրվա ճանապարհին գտնվող Կարս քաղաքի մոտակայքն ուղարկեց հեծյալ մի բանակ Համադանի կառավարիչ Հյուսեյն խանի եւ Կարչխա սուլթանի գլխավորությամբ։ Փաշան, որը գտնվում էր (Կարսի ամրոցի) ներսում, չէր ուզում դուրս գալ այնտեղից։ Պարսիկները ասպատակության ընթացքում այրեցին հացահատիկը, ավերեցին ու քարուքանդ արեցին երկիրը, ինչքան որ կարողացան։ Հասցված վնասը շատ մեծ էր… Այս բոլորից հետո բանակը հետ վերադարձավ։ Թագավորը կանգ առավ Կարսից յոթ մղոն հեռավորության վրա գտնվող Շորագյալի ամրոցի մոտ եւ Շահկուլի խանին հրամայեց Իսպահանի զորքով հարձակվել (Կարսի ամրոցի վրա), որը եւ կատարվեց հաջողությամբ» [36] ։

Այս բոլոր իրադարձությունների ժամանակ ջալալիների շարժումներից կաթվածահար եղած Թուրքիան պարզապես դիտողի դերում էր։ Այս հանգամանքը հատուկ շեշտում է դեպքերին մոտիկից հետեւող դե Գուվեան։ Նա գրում է. «Արդեն մեկ տարուց ավել էր, ինչ թագավորը տիրացել էր Թավրիզին եւ բազմաթիվ այլ քաղաքների, որոնք չունենալով հանդերձ այն մեծ նշանակությունը, ինչ ուներ առաջինը, այնուամենայնիվ կորուստն այնքան մեծ էր, որ թուրքին զգալ պետք էր տալ, սակայն (սուլթանի կողմից) չուղարկվեց եւ ոչ մի օգնություն եւ ոչ մի զորավար, որը կարողանար ի չիք դարձնել Օսմանյան կայսրության կրած հանապազօրյա կորուստներն ամբողջ Ասիայում։ Եթե մեկն ուզենա դրա պատճառն իմանալ, ապա պետք է նշել, որ դա ոչ թե Մեծ Տիրակալի կամ նրա զորավարների անհոգության հետեւանքով էր, այլ ինչպես այդ մասին միաձայն վկայում էին այս պատերազմի ժամանակ գերի ընկած (թուրք) սպաները, ուներ բազմաթիվ պատճառներ։ Առաջինն ու գլխավորն այն էր, որ բոլոր քրիստոնյա պետություններին Պարսկաստանի թագավորի ուղարկած դեսպանությունները Մեծ Տիրակալին պահում էին խռովահույզ վիճակում։ Այդ դեսպանություններին ցուցաբերված լավ ընդունելությունը Մեծ Տիրակալին պատկերացում էր տալիս, թե ինչ էր նշանակելու նրանց միջեւ կայանալիք դաշինքը, երբ Եվրոպայի վրայով կատարվելիք հարձակումը սպառնալու էր նրա եվրոպական տիրույթներին կամ գեթ նրա մեծ մասին… նախ՝ նրա վիճակը խառնաշփոթ էր եւ թուլացած քաղաքացիական պատերազմներից այնպես, որ բանակը բաժանելով առանձին փոքրիկ մասերի (սուլթանը) դրանց ուղարկում էր տարբեր անկյուններ։ Եվ այս ժամանակ Մեծ Տիրակալը ծանր հիվանդացավ այնպես, որ իր վեզիրներն ու բարձրաստիճան պաշտոնյաները չէին հանդգնում նրան հաղորդել Կոստանդնուպոլիս հասնող՝ Պարսկաստանի թագավորի տարած յուրաքանչյուր հաղթանակի ու քաղաքների գրավման մասին վատ լուրերը։ Այսուհանդերձ, երբ իմացան Մեծ Հայքի մայրաքաղաք Երեւանի պաշարման ու օգնության կարիքի մասին, որոշեցին այդ մասին հայտնել Մեծ Տիրակալին, որը ասիական ճակատի համար գերագույն հրամանատար նշանակեց Սինան փաշային, որին թուրքերն անվանում են Ջղալեի որդի, եւ որը զորավարների մեջ ամենատեղյակն էր (պարսկական գործերին), հետեւաբար՝ ամենակարողը այս հարցում։ Օսման փաշայի (Ուզդեմիր) հետ գտնվելով Թավրիզում ու Ֆերհադ փաշայի հետ Երեւանում՝ պարսկական գործերին քաջատեղյակ էր, կուտակել էր ռազմական փորձ» [37] ։

Մեհմեդ 3-րդի մահից հետո սուլթանական գահին բազմած Ահմեդ 1-ինը Ջղալազադեին թողնում է իր պաշտոնում [38] ։

1604 թ. նոյեմբերի 8-ին Ջղալազադեի զորքերն արդեն հասել էին Կարսի մատույցները [39] ։ Շահին թվում էր, թե սերասքյարը կարող է իր դեմ ռազմական գործողություններ ծավալել միայն հաջորդ տարվա գարնանը, սակայն նրա ենթադրություններն ի դերեւ ելան։ Ուստի նրան մնում էր ամենակարճ ժամանակամիջոցում կազմակերպել նահանջը, երկիրը ամայացնել, բնակչությանը տեղահան անել այնպես, որ. թուրքական բանակն այլեւս ցանկություն չունենա շարունակելու արշավանքը դեպի Իրանի խորքերը։ Շահի հրեշային այս հրամանը ամենայն դաժանությամբ ի կատար ածվեց։ Ամբողջ երկրամասը Կարսից մինչեւ Արաքս գետը ամայի ու անմարդաբնակ դարձավ։ Տեսնելով այս վիճակը, Սինան փաշան որոշեց մեկնել Շիրվան՝ իր որդու մոտ եւ գարնանը վերսկսել պատերազմական գործողությունները շահի դեմ։ Սակայն ենիչերիներն ապստամբեցին ու սերասքյարին ստիպեցին նահանջել դեպի Վան [40] ։ Նահանջը կատարվում էր Արաքսի ու Մակվի վրայով, ցրտաշունչ ձմեռվա պայմաններում։ «Առանց հանդիպելու թշնամուն, գրում է դե Գուվեան, նրանք (թուրքերը) ծանր կորուստներ ունեցան։ Շատերը մահացան ցրտից ու գետահեղձ եղան, եղանակը կոտորում էր նրանց։ Վերջապես նրանք խուճապի մատնված Վանի ամրոցը հասան կիսամեռ վիճակում» [41] ։

Այս խժդժություններից ամենից շատ, անշուշտ, տուժեցին բռնագաղթի կամ, ինչպես ընդունված է ասել, «Մեծ սուրգունի» ենթարկված հարյուր հազարավոր հայեր։ Տեղահանման էր ենթարկվում գերազանցապես Արարատյան դաշտավայրի հայ եւ մահմեդական բնակչությունը, իսկ Արեւմտյան Հայաստանի տարբեր մասերից՝ Վանից, Մուշից, Արճեշից, Բերկրիից, Արծկեից. Երզնկայից, Դերջանից, Բաբերդից, Սպերից, Էրզրումից, Ալաշկերտից, Շիրակից, ինչպես նաեւ Մակվից, Խոյից, Սալմաստից, Ուրմիայից, բռնագաղթվածները, ինչպես այդ մասին նշում է Առ. Դավրիժեցին, բացառապես հայեր էին [42] ։

Այդ բռնագաղթին, որպես ականատես, տասնյակ էջեր է նվիրել դե Գուվեան [43] ։ Որպես ականջալուրներ, բռնագաղթի մասին սրտաճմլիկ տողեր են թողել նաեւ այդ դեպքից մի տասը-տասներկու տարի հետո Իրանում գտնվող իտալացի Պիետրո դելլա Վալլեն եւ իսպանացի Գարսիա դե Սիլվան, ինչպես եւ ուրիշ հեղինակներ։ Վերջիններս իրենց տեղեկությունները հիմնականում քաղել են բռնագաղթված հայերից։

Անտոնիո դե Գուվեային ընթերցելիս մի պահ թվում է, թե ինքդ էլ մասնակից ես այդ աներեւակայելի տառապանքներին, այն աստիճան վառ են նկարագրությունները։ Սակայն դե Գուվեայի՝ բռնագաղթի մասին թողած պատմվածքը հիշարժան է նաեւ հայ ժողովրդի ազգային ճակատագրի շուրջը հեղինակի դատողություններով։ Ավելորդ չենք համարում քաղվածաբար բերել այդ հատվածները։

Շահի հրամանն այնպիսին էր, որ հայերին տեղահանության ենթարկվելու համար տրված էր ընդամենը երկու օր։ «Եթե մենք փնտրելու լինենք մի ժողովրդի՝ խլված իր սեփական երկրից եւ հին բնակավայրից, ապա մենք նրան կգտնենք հայերի մեջ։ Նրանք բռնությամբ ու ուժով հանված են պարսից թագավորի հրամաններով եւ նրանք, ովքեր ի կատար են ածել այդ հրամանները, այնպիսի քմահաճույք ու կատաղություն էին դրսեւորել, որ հայերը երկու սովորական օրվանից ավել ժամանակ չունեցան թողնել այն ծննդավայրերը, ուր մեծացել էին, եկեղեցիները, ուր նրանց հայրերն ու մայրերը թաղված էին, տները որ իրենք կառուցել էին, այգիները, որ տնկել էին, ժառանգությունը, որստացել էին, կարճ՝ այն ամենը, ինչ մարդուն գոհացում կարող է պատճառել եւ հաճելի հիշողություններ արթնացնել»։

Դե Գովեան եվրոպացի ընթերցողին է ներկայացնում հայ ժողովրդի դառը վիճակն իր բիբլիական հայրենիքում՝ թուրք ու պարսիկ տիրապետողների կրնկի տակ, «եթե մենք (աշխարհում) փնտրենք հարստահարված ու ոտնակոխ արված մի ժողովուրդ, ապա ահավասիկ քեզ այս ժողովուրդը, երբ նրանք թուրքերի հպատակներն էին, հարկերի հետ միասին տալիս էին իրենց ամենաընտիր զավակներին զինվորականության համար (ինչպես դա թուրքերի սովորությունն է), վտանգ, որից ապահովված չեն նաեւ Պարսկաստանի թագավորի գերիշխանության տակ, եթե Աստուած մի ճար չանի։ Այս խեղճ ժողովուրդն այնպես է շրջապատված անագորույն ազգերով, ինչպիսիք են մի կողմից՝ թուրքերը, մյուս կողմից՝ պարսիկները, այլ կողմերից նրանց հարեւաններ են թաթարներն ու արաբները, որոնց ասպատակություններին եւ ավազակություններին ենթակա են ամեն օր» [44] ։

Թուրք-իրանական այս պատերազմում, կարդում ենք դե Գուվեայի մոտ, «պատերազմի հիմնական թատերաբեմը Մեծ Հայքն է»։ Ուստի Սեֆյանները Հայոց հինավուրց երկրի վրա հարձակվելիս եւ նահանջելիս «ավերեցին եւ ամայի դարձրին ողջ երկիրը, այնպես որ քսանից ավելի հարուստ ու մարդաշատ քաղաքներ անգութ ու տմարդի եղանակով ավարի ենթարկվեցին, առանց հաշվի առնելու ավաններն ու գյուղերը, որոնք բազմաթիվ են եւ այնքան բազմամարդ, որ միայն Երեւանի գավառում հազար հինգ հարյուրից ավել են, որոնցից մի քանիսը չորս հարյուրից մինչեւ հինգ հարյուր բնակիչ ունեն։ Գլխավոր քաղաքներն են Երեւանը, Նախիջեւանը, Շարուրը եւ Գիլսը (Ագուլիսը)» [45] ։

Երբ ընթանում էր պատերազմը ու քաղաքները պաշարված էին, ասում է պորթուգալացի դիվանագետը, «մոտավորապես հարյուր հոգուց բաղկացած պարսից զորագնդերը մտնում էին գյուղերը եւ այնպիսի ավերածություններ էին գործում, որ անհնարին է պատկերացնել» [46] ։ Այնուհետեւ, շարունակում է նա, «ամեն ինչ կողոպտելուց հետո նրանք սկսեցին գերեվարել երկսեռ երեխաներին իրենց ծառայեցնելու կամ վաճառելու համար, ապա սկսեցին գերեվարել կանանց եւ աղջիկներին ու իրենց զգայական ստոր ցանկություններին հագուրդ տալուց հետո վաճառել կամ տեղավորել հասարակաց տներում, որպեսզի նրանք իրենց համար դրամ վաստակեն։ Այս ճանապարհով գերեվարված ու տարբեր տեղեր ուղարկված կանանց եւ աղջիկների թիվն անհավատալի չափով մեծ է եւ ավել է, քան հարյուր հազար հոգի եւ բոլորովին ստույգ է, քանզի եթե նրանք յուրաքանչյուր տեղից վերցրած լինեին տասը հոգի (դա նվազագույնն է, որ նրանք կարող էին վերցնել), այս թիվը հեշտությամբ կմեծանար, եթե նկատի ունենանք այս երկրում նրանց ավերված քաղաքների, ավանների եւ գյուղերի թիվը։ Ողորմելի մի տեսարան էր այս, որ կարող էր փափկացնել ամենակարծր սիրտն անգամ» [47]:

Երբ սերասքեր Սինան փաշան մոտեցավ Կարսին, այնուհետեւ կարդում ենք դե Գուվեայի մոտ, «հրամայեց ամբողջովին անմարդաբնակ դարձնել երկիրը, որտեղից պիտի անցնեին թուրքերը, որպեսզի նրանք չկարողանային գտնել եւ ոչ մի ապաստարան եւ ոչ էլ ուտելիք իրենց եւ իրենց ձիերի համար։ նա (շահը) զորագնդեր ուղարկեց գլխավոր քաղաքներն ու գյուղերը եւ ամենայն խստությամբ պատվիրեց կատարել բնակիչներին (տեղահան անելու) իր հրամանը։ Նրանք այնպես կատարեցին (շահական) հրամանը, որ ինչպիսի ցավ էլ պատճառած լիներ այս թշվառականներից յուրաքանչյուրի համար հինավուրց հայրենիքի սերը եւ ինչպիսի դժվարություններ էլ ներկայացներ այս տեղահանումը, այսուհանդերձ, որոշեցին ճամփա ընկնել, քանզի նրանց հրամայում էին ոչ միայն խոսքերով ու սպառնալիքներով, այլեւ (պարսիկ զինվորները) սուրը ձեռներին իրենց մոտ էին բերում յուրաքանչյուր բնակավայրի ավագներին եւ շահի անունից երդվելով սպառնում, որ եթե որոշակի ժամերին նրանք ճանապարհ չընկնեն եւ չդատարկեն քաղաքներն ու գյուղերը, ինչպես իրենց հրամայված էր, ապա կկտրեն եւ նրանց, նրանց կանանց եւ երեխաների գլոլխները, կայրեն քաղաքները ու կոչնչացնեն նրանց…

Այս խեղճ հալածվածների տարակուսանքը, ողբն ու կոծն այնպիսին էր եւ այնքան մեծ, որ կարող էր շարժել անգամ ամենաանգութ մարդկանց սիրտը, քանզի ոչ ոքի մնալն անհնարին էր ու նրանք զուրկ էին դրա ճարը տեսնելու որեւէ մարդկային հնարից… նրանց ողբերը սիրտ էին շարժում. անհրաժեշտ էր տեսնել, թե ինչ էին անում նրանք քաղաքների դռների առաջ, ոմանք գետին էին ընկնում եւ բազմիցս գրկում ու համբուրում էին հողը, ուրիշները հրաժեշտ էին տալիս իրենց հայրենիքին եւ բնակարաններին այնպիսի սրտամորմոք բառերով, կարծեք թե պատերը զգացում ունեին» [48] ։

Դե Գուվեան 60 հազար ընտանիքից ավելի է հաշվում Արարատյան դաշտավայրից բռնագաղթածների թիվը։ Մեծ սուրգունից զերծ են մնացել միայն այն գյուղերը, որոնք հեռու են գտնվել թուրքական բանակի արշավանքի երթուղուց [49] ։

Հազարավոր զոհերի գնով բռնագաղթվածների զանգվածն անցավ Արաքս գետը։ Նրանց կրած անլուր տառապանքների, սովի ու դրա հետեւանքով առաջացած մարդակերության, կամայականությունների, սեֆյան հրամանատարների կատարած վայրագությունների, ջրահեղձման դժնդակ պատկերների մասին պատմում են դե Գուվեան, եվրոպացի մյուս հեղինակները, հայկական ձեռագրերի հիշատակարանները [50], Առ. Դավրիժեցին, Գր. Դարանաղցին, հայ կաթոլիկ քահանա Ավգուստինոս Բաջեցին [51] եւ այլք։ «Ինչպիսի դժբախտությունների տեղի տվեց այդ ողբերգական տեղահանումը, բացականչում է դելլա Վալլեն, ինչպիսի սպանությունների, ինչքան մարդիկ մահացան սովից, ինչպիսի հափշտակումներ, աղջիկների ու կանանց բռնաբարումներ, ինչքան երեխաներ հուսահատության պատճառով խեղդվեցին կամ ջրահեղձ արվեցին իրենց հարազատ հայրերի աչքի առաք, այլք սպանվեցին պարսիկ ղեկավարների կողմից կամ խլվեցին իրենց մոր գրկից ու նետվեցին փողոցներն ու ճամփաները՝ դառնալու համար կենդանիների սնունդ, կամ տրորվեցին բանակի ձիերի եւ ուղտերի ոտքերի տակ մի ամբողջ օր։ Հայրերի՝ իրենց երեխաներից, ամուսինների՝ իրենց կանանցից, եղբայրների՝ իրենց քույրերից ինչպիսի դժոխային բաժանում, որոնք ուղարկվեցին Պարսկաստանի հեռավոր նահանգները՝ հույս չունենալով այլեւս իրար գտնելու։ Կազմվեցին տղամարդկանց ու կանանց ճամբարներ, որոնց զգալի մասն էժան գնով վաճառվեցին, ինչպես անասուններ» [52] ։

Նման վկայությունների շարանը մեծ է, սակայն բավարարվենք այսքանով։ Նշենք եւս մի անգամ, որ տեղահանման գլխավոր ստրա֊ տեգիական պատճառը երկրի այն մասերի ամայացումն էր, որտեղից պիտի անցներ օսմանյան բանակը եւ, որ ամենագլխավորն էր, բռնի տեղահանվող բնակչությունն ամեն կերպ պիտի նպաստեր Իրանի տնտեսության ու առեւտրի զարգացմանը։ Առ. Դավրիժեցին միանգամայն ճիշտ բացատրություն է տալիս շահի դիվային այդ հրամանի հետամտած նպատակներին. «Զի եկեալ օսմանցւոցն, գրում է նա, անբնակ գտանիցեն զերկիրն ի մարդկանէ։ Եւ ոչ գտցի կերակուր եւ ռոճիկ եւ այդ ինչ պիտոյք նոցա՝ եւ անասնոց նոցա, եւ առ ի չգոյէ հարկաւորաց վտանգեսցեն զօրքն օսմանցւոց։ Նաեւ ժողովուրդքն լինիցին նմա անզերծանելի հարկատու ծառայք, եւ հողագործք մինչեւ զյաւիտեան» (ընդգծումը մերն է— Մ. Զ. ) [53] ։ Ժան Շարդենն իր հերթին անդրադառնալով այս նույն հարցին, գրում է հետեւյալը, «Աբաս Մեծն էր, որ ավերեց Ջուլֆան եւ այն ամեն ամրությունները, ինչ ռազմարվեստը այստեղ ստեղծել էր. նույն այդ պատճառով նա ավերեց Նախիջեւանը եւ Հայաստանի նույն գծի վրա գտնվող այլ վայրերը, որպեսզի թուրքական բանակին զրկեր պարենից։ Այս նուրբ քաղաքական գործիչն ու մեծ զորավարը, տեսնելով իր ուժերի թուլությունը թշնամու նկատմամբ, եւ մտածելով, թե ինչ միջոցներով է հնարավոր խոչընդոտել յուրաքանչյուր տարի թուրքական զորքերի մուտքը Պարսկաստան, նվաճումներ կատարել այնտեղ ու իր գերիշխանության տակ պահել, որոշեց ամայացնել Էրզրումի եւ Թավրիզի արանքում ընկած Երեւանի ու Նախիջեւանի ուղղությամբ ձգված երկիրը, որ թուրքերի արշավանքի սովորական ուղին էր եւ նրա բանակի պարենավորման վայրը։ Նա այնտեղից տեղափոխեց բնակչությունն ու անասնահոտերը, ավերեց ամեն տեսակի շինությունները, hրկիզեց դաշտերն ու այգիները եւ թունավորեց նույնիսկ ջրի աղբյուրները» [54] ։

Վերադառնանք թուրք-իրանական ռազմական ընդհարումների պատմությանը։ 1605 թ, գարնանը շահ Աբասը թուրքերին լարված վիճակում պահելու նպատակով Շիրվան ուղարկեց սեֆյան մի բանակ վրաց Ալեքսանդր թագավորի որդի Կոստանդինի գլխավորությամբ, վերջինին նվաճումից հետո նշանակելով երկրի կառավարիչ։

Այդ նույն ժամանակ շահը Վանում գտնվող Սինան փաշայի դեմ ուղարկեց երեսուն հազարանոց ընտրյալ հեծելազոր Ալավերդի խանի գլխավորությամբ, մեծ նշանակություն տալով ապագա ճակատամարտի ելքին, որը որոշելու էր իր՝ շահի, հետագա ճակատագիրը։ Նա դե Գուվեայի հավաստիացումով Ալլահվերդի խանին հայտնեց որ «…այս հանձնարարությունը լինելու է մինչ այդ տվածների մեջ ամենակարեվորագույնը, որից կախված է լինելու իր բոլոր նվաճած երկրների հարցը՝ կորուստը կամ պահպանումը» [55] ։ 1606 թ. մայիսի 21-ին Ալլահվերդի խանը երեւում է Վանի պատերի տակ [56] ։ Տեղի է ունենում մեծ ճակատամարտ, որը վերջանում է սեֆյանների հաղթանակով։ «Թվական առումով պարսիկները, գրում է դե Գուվեան, գերազանցում էին: թուրքերին եւ ավելի լավ էին զինված» [57] ։ Այդ ճակատամարտում թուրքերը ռազմի դաշտում թողնում են հինգ հազար սպանված. թշնամու ձեռքն է անցնում մեծ քանակությամբ զենք ու զինամթերք, որոնց, թվում 150 հրանոթ [58] ։

Նա չի ընկճում սերասքեր Սինան փաշային, որը նահանջում է Արճեշ։ Նա շտապ կարգով ձեռնամուխ է լինում նոր բանակի ստեղծմանը, «ենթադրելով, որ եթե պարսիկների դեմ հաղթանակ տանի, ապա դա մեծապես մոռացնել կտա անցյալը» [59] ։ Կարճ ժամանակամիջոցում Սինան փաշային հաջողվում է ստեղծել հարյուր հազարանոց մի բանակ, որը սկզբում որոշ երկյուղ է առաջացնում շահի մոտ։

1605 թ. աշնանը թուրքական բանակը Վասպուրականից շարժվում է դեպի Իրանական Ադրբեջան։ Շահը, իր հերթին, բանակով շարժվում Է դեպի Խոյ։ Նրա նպատակն էր թվական առումով գերազանցող թուրքական բանակի նկատմամբ վարել պարտիզանական կռիվներ։ Սակայն Սոֆիանի մոտ տեղի տալով Ալլահվերդի խանի խորհուրդներին, որոշում է վճռական ճակատամարտ տալ թուրքերին։ Ճակատամարտն ավարտվում է թուրքական բանակի լիակատար ջախջախումով։ Օրվա հերոսն Ալլահվերդի խանն էր։ Թուրքերը ռազմի դաշտում թողեցին ավելի քան 20 հազար սպանված։ Սինան փաշան նահանջում է Վան որտեղ նրան է ներկայանում քրդական մի զորաբանակ՝ Հուսեյն Ջանփոլադի գլխավորությամբ։ Պատրվակ բռնելով, որ վերջինս ժամանակին օգնության չի եկել, Սինան փաշան անհապաղ գլխատել է տալիս քուրդ ցեղապետին, որը եւ Հուսեյն Ջանփոլադի եղբայր Ալի Ջանփոլադին առիթ է տալիս բարձրացնելու ապստամբության դրոշ, մի ապստամբություն, որը ալեկոծության մեջ պահեց Արեւմտյան Հայաստանի մի զգալի հատվածը։

Օսմանցիների պարտությունն այն աստիճան ազդեց Սինան փաշայի վրա, որ նա Դիարբեքիրում, ուր նահանջել էր, ինքնասպանությամբ վերջ տվեց իր կյանքին։ Բարոն դե Սալինյակը 1606 թ, մարտի 29-ին թագավորին գրած նամակում նրա մահը բացատրում է Որպես հետեւանք այն ծանր հոգեկան ապրումների, որ նա ունեցավ Սոֆիանում կրած պարտությունից հետո։ «Ասում են, գրում է ֆրանսիացի դեսպանը, որ նա մահացավ ծայրահեղորեն վշտացած այն դժբախտություններից, որ պատահեցին իր հետ» [60] ։

1607-1608 թթ. ջալալիների նոր հուժկու ապստամբությունները օսմանցիներին հնարավորություն չտվեցին պատերազմական գործողություններ ձեռնարկել Սեֆյանների դեմ։ Իսկ այդ նույն ժամանակամիջոցում օգտվելով այս բարենպաստ քաղաքական իրավիճակից, Սեֆյանները շարունակում էին իրենց նվաճումները Անդրկովկասում, թուրքական կայազորները դուրս վտարելով Շիրվանից ու Վրաստանից։ Այդ ռազմական գործողությունների ընթացքում շահը կարգադրում է, ինչպես վկայում է դե Գուվեան, վերակառուցել Երեւանի բերդը եւ քաղաքում թյուրքական ցեղերին վերաբնակեցնել։ «Երբ Թուրքիա փախած Երեւանի բնակիչները տեսան, որ թագավորը վերակառուցել էր տվել ամրոցը, կարդում ենք դե Գուվեայի մոտ, «…մարդիկ ուղարկեցին թագավորի մոտ թույլտվություն խնդրելով վերադառնալու իրենց գյուղերն ու տները, որը եւ թագավորն արեց ընդհանրապես բոլորի նկատմամբ, այնպես որ, կարճ ժամանակվա ընթացքում քաղաքը վերաշինվեց ու վերաբնակվեց մահմեդականներով եւ ոչ քրիստոնյա հայերով, որոնց թագավորը աքսորել էր Պարսկաստանի խորքերը» [61] ։

Ի դեպ, Իրան տեղափոխված հայերի մասին բավականին ընդարձակ վկայություններ են թողել ժամանակակից ականատեսներից Պիետրո Դելլա Վալլեն, Գարսիա դի Սիլվա Ֆիգուերան եւ ուրիշներ։ Ավելորդ չենք համարում այստեղ անդրադառնալ այդ հարցերին։ Գիլան ու Մազանդարան տեղափոխված հայերին շահը նպատակադրվել էր օգտագործել որպես այգեգործներ, շերամապահներ, կառուցող վարպետներ եւ այլն։ Իրանի այս նահանգների ճահճուտներն արտաքսված մոտ 50 հազար հայ ընտանիք, չդիմանալով կլիմայական ծանր վիճակին, մահացավ։ Մի մասն էլ ընդունեց իսլամը եւ ենթարկվեց էթնիկական դիմահեղման։

Հայ բնակչության մի զգալի մասը տեղավորվեց նոր կառուցված Մազանդարանի Ֆարրահաբադ քաղաքում ու նրա շրջակայքում։ Ֆարրահաբադ քաղաքը, Մազանդարանում կառուցելու շահի որոշումն ըստ Դելլա-Վալլեի պայմանավորված էր այն հանգամանքով, որ թուրքերն ի վիճակի չէին գրավելու այդ երկրամասը, նկատի ունենալով նրա բնական կտրվածությունը եւ հեռավորությունը [62] ։ Մազանդարան բռնի տեղափոխվածների միջից «…Նրանց ովքեր զբաղվում էին այգեգործությամբ, օրինակ հայերին… թագավորը… հատկացրեց հողամասեր։ Քրիստոնյա վրացիներն ու հրեաները, որոնք նախկինում եւս շերամապահներ էին, շարունակեցին իրենց մասնագիտությունը» [63] ։ Շահն իր նոր քաղաքացիներին հատկացնում էր ոչ միայն առանձին հողակտորներ, այլեւ վարկ՝ համոզված լինելով, որ նրանք ի վիճակի՝ չեն լինելու վճարելու իրենց պարտքը, եւ ի վերջո, ինչպես նշում է Դելլա Վալլեն, իսլամանալու են։ Հիրավի, ի վիճակի չլինելով վճարել իրենց պարտքերը, հայ գյուղացիներն ընկնում են ծանր կացության մեջ։ Իսկ երբ առիթից ուզում են օգտվել եվրոպացի միսիոներները եւ նրանց պարտքերի վճարման դիմաց կաթոլիկացնել, շահը, Դելլա Վալլեյի ասելով, հայտարարեց, «փոխանակ ֆրանկներ, այսինքն լատինականներ դառնալու, ինքը շատ կուզենար, որ նրանք (հայերը Մ. Զ. ) ընդունեին իր հավատքը եւ դառնային մահմեդականներ» [64] ։

Իրան բռնագաղթված հայերի վիճակը Դելլա Վալլեն համեմատում է Բաբելոնում հրեաների բիբլիական ստրկության հետ եւ նշում, որ նրանք այնտեղ գտնվում են «…բարբարոսների անտանելի լծի տակ, մի դաժան ստրկության պայմաններում» [65] ։ Այս իրավիճակում, անշուշտ, գտնվում էին նախ եւ առաջ ժողովրդական զանգվածները։ Տանելի վիճակ ու քիչ թե շատ բարենպաստ պայմաններ ստեղծվեցին հայ խոջայության ներկայացուցիչների համար։ Կասկածից վեր է, որ հենց այդ խավի ներկայացուցիչներին նկատի ունի Դելլա Վալլեն, երբ գրում է, թե նրանց շահը «…տալիս է ոչ միայն հողակտորներ ու անասուններ, այլեւ դրամ» [66] ։ Թե ինչ հետեւանքներ ունեցավ այդ վարկի բացթողումը, վերեւում ասվեց։ Հայերի նկատմամբ շահ Աբասի ցուցաբերած «սերը» թելադրված էր, նախ եւ առաջ, Իրանի գերագույն պետական շահերով։ Եվ բոլորովին պատահական չէ, որ Դելլա Վալլեն գրում է, թե ջուղայեցիները պարսից թագավորի նկատմամբ հավատարիմ են մինչեւ վերջ եւ նրանք շահ Աբասի համար այն են, ինչ ջենովացիներն իսպանական թագավորի համար։ Երկու դեպքում էլ առեւտրական թագավորները կապված են առեւտրական բուրժուազիայի հետ։

Արդ, նորից վերադառնանք թուրք-իրանական պատերազմների հետագա ընթացքի նկարագրությանը։ Շահ Աբասը քաջ գիտեր, որ թուրքերի դեմ իր տարած հաղթանակների համար պարտական է նախ եւ առաջ ոչ այնքան իրանական զենքի հզորությանը, որքան Փոքր Ասիայում շարունակվող ջալալիների ապստամբությանը [67] ։ Հենց օսմանյան ներքին խառնակ վիճակն էր թուրքերին ստիպել 1606 թ. Սիտվորոտոկում հաշտություն կնքել Ավստրիայի հետ՝ վերջինի համար բարենպաստ պայմաններով։ Ֆրանսիական թագավորին այդ մասին է գրում դե Սալինյակն իր 1606 թ, մարտի 14-ի նամակում [68] ։ Սինան փաշայի մահից հետո ջալալիների շարժումն էլ ավելի ծավալվեց եւ արդեն ընդգրկում էր Փոքր Ասիայի ողջ տարածքը՝ Իրանի եւ Սիրիայի սահմաններից մինչեւ Բոսֆորի ափերը։ Կալենդար օղլին եւ Ջանփոլադն ասպատակում էին երկրի կենտրոնական ու հարավարեւմտյան, իսկ այնուհետեւ հարավարեւելյան մասերը, Կարա Սաիդը՝ Այդընի եւ Սարուխանի շրջանները, Կընալըն՝ Բուրսայի շրջակայքը, Ջեմշիդը՝ Ադանայի, Թավիլ Ահմեդ Սաչլըն՝ Կարամանիայի ու հարակից շրջանները։ Շուտով ապստամբական շրջանների մեջ ներգրավվեցին նաեւ քրդական շրջանները։ Կարճ ասած՝ Օսմանյան կայսրությունում տիրում էր կատարյալ քաոսային մի վիճակ, որից շարունակում էր օգտվել շահ Աբասը։ Վերջինս 1606-1607 թթ. ընթացքում շարունակում էր իր նվաճումները Շիրվանում, Վրաստանում եւ Դաղստանում [69] ։

1606 թ. թուրքերն իրանական կողմին հաշտության առաջարկներ արեցին 1590 թ. կոստանդնուպոլսյան պայմանագրի հիման վրա, որը մերժվեց շահ Աբասի կողմից, քանզի վերջինս «…պահանջում էր նվաճված բոլոր հողերը ճանաչել որպես իր տիրույթը» [70] ։

1607 թ. գարնանը սուլթան Ահմեդը մեծ վեզիր Կույուջի (հոր փորող) կոչված Մուրադ փաշային նշանակելով սերասքերի պաշտոնում, ուղարկեց Արեւելք՝ Իրանի դեմ պատերազմելու։ 1607-1608 թթ. ընթացքում մեծ վեզիրը զենքի ու դիվանագիտության միջոցով մեկը մյուսի հետեւից հաշվեհարդար է տեսնում ջալալի ապստամբ ղեկավարների հետ ու արժանանում «կայսրության սուրը» եւ «սուլթանաթի վերականգնող» տիտղոսներին [71] ։ Յոզեֆ Համմերի հաշիվներով կառավարական զորքերի հետ ընդհարվելիս ոչնչանում են ավելի քան հարյուր հազար ապստամբներ [72] ։ Ապստամբների հետ վերջին ճակատամարտը տեղի է ունենում Էրզրումի մոտակայքում, որից հետո պարտություն կրած ջալալիների բեկորները, թվով 15 հազար մարդ, անցնում են Իրանի սահմանը, գալիս Երեւան՝ Ամիրգունա խանի մոտ, իրենց հայտարարում շահիսեվեններ եւ իրենց ծառայությունն են առաջարկում շահ Աբասին։

1609 թ. սերասքեր Կույուջի Մուրադի իրանական արշավանքը ձախողվեց ենիչերիների ցուցաբերած կատաղի դիմադրության պատճառով, որոնք վախենում էին արշավանքի ընթացքում ընկնել սովի ճիրանների մեջ։ «Ինչպես է հնարավոր պարեն գտնել Էրզրումում, երբ այնտեղ սով է ու մեկ կիլոգրամ գարին արժե հինգ դուկատ եւ պաքսիմատի կիլոն մեկ ղուրուշ» [73], ասում էին նրանք։

Եվ, այսուհանդերձ, 1610 թ. գարնանը սերասքեր Կույուջի Մուրադի բանակն Էրզրում-Չալդրան-Խոյ-Սալմաստ ճանապարհով շարժվեց դեպի Թավրիզ։ Շուտով Կույուջի Մուրադը մահանում է եւ նրան փոխարինում է Նասուհ փաշան, որի սերասքերության ժամանակ էլ՝ 1612 թ, նոյեմբերի 20-ին, արեւելյան երկու պետությունների միջեւ կնքվում է հաշտության պայմանագիր, համաձայն որի վերականգնվում են 1555 թ. Ամասիայի հաշտության պայմանագրի կետերը, այսինքն՝ ամբողջ Ադրբեջանը, Արեւելյան Հայաստանն ու Արեւելյան Վրաստանը մնում են Սեֆյան Իրանի տիրապետության ներքո։ Իրանը պարտավորվում էր տարեկան 200 բեռ մետաքս հանձնել Թուրքիային, որպես հարկ, սակայն, շուտով, նաեւ դրանից հրաժարվեց։ Ըստ էության Թուրքիան այդ պատերազմում պարտություն կրեց։ Որպես պարտության փոխհատուցում, Թուրքիան հաշտության պայմանագրում Իրանին ստիպում էր Ռուսաստանի դեմ որեւէ հնարավոր գործողությունների ընթացքում խոչընդոտ չհարուցել, այլ, ընդհակառակը, օգնել։ Ինչպես նշում է թուրք պատմագիր Նաիման, Դաղստանի ու Դերբենդի շրջանում ռուսական զորքերի երեւալը խափանելու եւ «ռուսի այս կողմերում երեւալը կանխելու համար նրա կողմից կառուցված Թերեք ամրոցի խորտակման գործում… շահի զինվորներից ու ոչ մեկը արգելք չպիտի հանդիսանա» [74] ։ Սա, հիրավի, Իրանի կողմից զիջում էր Թուրքիային։ Հավանաբար ե՛ւ Իրանը, ե՛ւ Թուրքիան ահաբեկված էին Ռուսաստանի հզորացումից։

1612 թ. հաշտությունը լոկ զինադադար էր։ Երկու պետությունների միջեւ լարվածությունը շարունակվում էր։ Թուրքիան չէր ուզում հաշտվել Անդրկովկասը կորցնելու գաղափարի հետ, իսկ Իրանը՝ մետաքսահարկն իր համար համարում էր ստոորացուցիչ։ Ուստի եւ 1612 թ. հաշտությունից հետո էլ թուրք-իրանական սահմանում հաճախ տեղի էին ունենում ռազմական ընդհարումներ, եւ երբեմն էլ թշնամի կողմերը խորանում էին հակառակորդ կողմի երկրի խորքերը՝ հուր ու ավերածություն սփռելով երկրում, գերեվարելով բնակչությանը։ 1614 թ. արտագրված մի ճառընտիրի հիշատակարանում գրիչը հայտնում է, որ «…վասն մեղաք իմոց ի նոյն ամն (1614 թ. ) եկն ազգն պարսից ի վերայ Տարօնոյ բազում արիւն հեղին եւ գերի վարեցին» [75] ։ Պիետրո Դելլա Վալլեն, իր 1617 թ. դեկտեմ բերի 8-ի նամակում որպես ականջալուր տեղեկացնում է, որ «…Նախիջեւանի կուսակալը (սուլթանը) հաղորդել էր թագավորին, թե այստեղի սահմանների մոտ բնակվող ու թուրքերի դաշնակիցները հանդիսացող քրդերը ներխուժել էին Պարսկաստան՝ Արաքսի հովիտը ու զբաղվում էին հայերի մի քանի քաղաքների կողոպուտով։ Ավելի թույլ զինվորական ուժ ունեցող կուսակալը, ինչպես նաեւ այստեղի զորքերի գերագույն հրամանատար, Պարսկաստանի նորագույն պատմության մեջ հռչակավոր, ներկայումս ծերունազարդ Երեվանի Ամիրգունա խանը դիմադրություն չէր կազմակերպել։ Թագավորը տեղեկանալով թշնամու ասպատակությունների հետեւանքով հասցված մեծ վնասների մասին կարգադրել էր նախապատրաստվել հակահարձակման» [76] ։

Տեղական բնույթի այս առանձին ընդհարումներին հաջորդեցին հայկական հողում մեծ ընդգրկումով նոր պատերազմական գործողությունները։ Ուշագրավ է պատերազմի ծագման այն պատճառաբանությունը, որ տալիս է Դելլա Վալլեն. «Ես կարծում եմ, գրում է նա, որ թուրքերի կողմից պատերազմի հայտարարման այլ պատրվակ չկա, քան այն, որ Աբաս թագավորը երկար ժամանակ է, ինչ հրաժարվել է յուրաքանչյուր տարի, որպես նվիրատվություն, (Թուրքիա) ուղարկել հարյուր հիսուն կամ երկու հարյուր բեռ մետաքս։ Եվ չնայած թագավորը պատերազմի դեպքում շատ ավելի ծախսեր է անում, քան եթե ուղարկեր նվիրատվությունը, այնուամենայնիվ, պատվասիրությունից դրդված, նա ցարդ նախընտրում է պատերազմը, քան մետաքսի առաքումը, քանզի թուրքերը, որոնց առաջարկված էր հաշտությունը, երբեք էլ չհամաձայնվեցին տարեկան այս հարկատվության միջոցով հաշտվել թագավորի կողմից զավթած հողերի կորստի գաղափարի հետ» [77] ։

Դեռեւս մինչեւ թուրքերի հետ ռազմական գործողություններ ծավալելը, շահ Աբասը, պատրվակ բռնելով վրաց թագավոր Թեյմուրազի անհնազանդությունը , ասպատակում էր Վրաստանում ու գերեվարում բնակչությանը։ «Թեյմուրազը, գրում է Դելլա Վալլեն, կորցնում է իր տիրույթները եւ Աբբաս թագավորը դրանք հիմնովին ավերեց ու բնակչության զգալի մասը, ինչպես ես այլ առիթով ասացի, աքսորեց Պարսկաստանի տարբեր մասերը, նրանց մատնելով ողորմելի ստրկության» [78] ։ Գարսիա դե Սիլվա Ֆիգուերան, իր հերթին, նշում է, որ շահ Աբասր «…ամբողջ իր (Թեյմուրազի—Մ. Զ. ) երկիրը կողոպտելուց ու ավերելուց հետո իր հետ տարավ «…ավելի քան ութսուն հազար գերիներ» [79] ։

Ուստի եւ նոր պատերազմի նախօրեին, ինչպես նշում է իսպանացի այս նույն հեղինակը, վրացիները, ինչպես եւ քրդերը նպատակադրվել էին ապստամբել Իրանի դեմ։ «Իման Կուլի խանը, գրում է նա, ուղարկված էր Հայաստան, որպեսզի մոտիկից վերահսկողություն սահմաներ քրդերի եւ վրացիների գործողությունների վրա, որոնք թուրքերի կողմից սպասում էին մի օգնական ուժ՝ ապստամբելու համար» [80] ։

Համոզված լինելով, որ պատերազմը թուրքերի դեմ անխուսափելի է, շահ Աբասը որոշեց անակնկալի բերել թուրքական բանակին։ Նա իր զորքերն ուղարկեց Վան եւ Էրզրում կարգադրելով եւս մի անգամ ավերածություն տարածել ողջ շրջակայքում։ Այս պարտականությունը դրվեց ծագումով հայ Կարչխա խանի վրա, որը նշանակվեց սիպահսալար՝ գերագույն հրամանատար։ Շուտով իրանյան բանակը պաշարեց Էրզրումը, սակայն քաղաքը գրավել չհաջողվեց։ Ուստի նա երկրամասը հրի ու սրի ենթարկելով շարժվեց դեպի Վան, որը պաշտպանում էր Թեքելու փաշան։ Վերջինս, իմանալով Էրզրումի Կարչխա խանի կողմից պաշարվելու մասին, որոշեց իր 12 հազար հեծյալ բանակով ասպատակել Թավրիզի շրջակայքը։ Սակայն տեղեկանալով Վանը Կարչխա խանի կողմից պաշարվելու մասին, ստիպված եղավ նահանջել դեպի Վան։ Թեքելու փաշան Կարչխա խանից կրում է ծանր պարտություն եւ ընդհարման ժամանակ ինքն էլ սպանվում է։ Այլեւս չհանդիպելով որեւէ դիմադրության Կարչխա խանն անպատիժ ավերում ու կողոպտում է Վանն ու Վասպուրականը եւ վերադառնում Թավրիզ շահին զեկուցելու։ Իրանյան բանակի կողմից Արեւմտյան Հայաստանի գավառների ասպատակումը հայերեն մի ձեռագրի հիշատակարանում վերագրվում է Ամիրգունա խանին. «Ի թուին հա(յ)ոց ՌԿԶ (1617) յամսին մարգաց, կարդում ենք հիշատակարանում, գումարեցաւ զաւրն պարսից՝ ԽՌ (40…) թիւ զաւրքին, եւ զաւարագլուխ Ամիրգունին, ելաւ գնաց յաշխարհ Հոռոմին, վայ եւ եղուկ հայոց ազգին եւ մեղաւոր Ղազար իրիցս որ տեսայ» [81] ։

Սուլթան Ահմեդի մահը եւ խելակորույս Մուստաֆայի իշխանության գլուխ անցնելը կաթվածահար էին դարձրել թուրքերին, որոնք ստիպված էին ժամանակավորապես հաշտվել իրանական զորքերի ասպատակությունների փաստերի հետ։ 1618 թ. փետրվարի 26-ին սուլթան Մուստաֆան գահընկեց է արվում եւ սուլթան է դառնում Ահմեդ 1-ինի որդի Օսման 2-րդը։ Շահն ամբողջ երկրով մեկ հայտարարում է ընդհանուր զորահավաք։ Սակայն շուտով թուրքերի կողմից ստացվում են հաշտության առաջարկներ։ Բայց տեղի ունեցած բանակցությունները չեն հասցնում դրական արդյունքի [82] ։ Պատերազմական գործողությունները երկու պետությունների միջեւ վերսկսում են։ Թուրքերը Թեյմուրազի տրամադրության տակ են թողնում «…մի մեծ բանակ, բաղկացած թաթարներից» [83], որոնք ասպատակում են հայաբնակ շրջանները։

Թուրքերի թվական գերակշռության առաջ սեֆյան բանակը, ինչպես միշտ, ստիպված էր նահանջել դեպի Թավրիզ։ Այսուհանդերձ, Կարչխա խանը թաթարների բանակին հասցնում է ծանր պարտության, գլխատել է տալիս հինգ հարյուր գերիների եւ գլուխներն ուղարկում շահին։ Ի դեպ, պետք է նշել, որ Պիետրո դելլա Վալլեն, անդրադառնալով թուրք-իրանական այս նոր պատերազմին, բերում է հոգեցունց մի փաստ այն մասին, որ շահին հաճոյանալու համար, իրանական որոշ զորավարներ շահին են ուղարկել կոտորածի ենթարկված հայ խաղաղ բնակիչների սրի քաշված գլուխները, որպես թշնամու բանակից գերեվարյալների։ Նկարագրված փաստը եզակի երեւույթ չի եղել։ «Այս չարագուշակ սովորույթը, կարդում ենք Դելլա Վալլեյի մոտ, հաճախ շատ մեծ դժբախտությունների պատճառ է դառնում, քանզի խոստացված վարձատրության դիմաց զինվորները երբեմն ոտնձգություններ են կատարում իրենց իսկ հայրենակիցների կյանքի նկատմամբ եւ կտրում թշվառ անմեղների գլուխները՝ հոգ չէ, թե թշնամիներ չեն… Ինձ հավաստիորեն պատմեցին, թե ինչպես մի ոմն չար ու նենգ խան, նպատակադրվելով թագավորին ինչքան հնարավոր է շատ սրի քաշված գլուխներ ուղարկել, սպանել է իր հպատակ քրիստոնյա հայերին, որոնք իրենց երկար մորուսներով նմանվել են թուրքերին ու գերեվարյալների գլուխներ անվան տակ ներկայացրել թագավորին» [84] ։ Ասպատակությունների ժամանակ, այնուհետեւ շարունակում է իտալացի հեղինակը, միշտ էլ վտանգավոր է արշավող բանակի աչքին երեւալը [85] ։

Գրավելով Թավրիզը, թուրքական բանակը շարժվեց դեպի Իրանի խորքերը։ Ինչպես վկայում են եվրոպացի հեղինակները [86], բնակչությունը մատնված էր ահ ու սարսափի։ Դրությունը փրկում է Կարչխա խանը, որը «Փուչ-ի շիկեստե» կոչված վայրում եւ Թավրիզի մոտակայքում պարտության է մատնում թուրքական, թաթարական եւ Թեյմուրազի վրացական բանակը [87] ։ Կարչխա խանի այս հաղթանակը մեծ վեզիր Խալիլ փաշային ստիպեց նորից դիմելու բանակցությունների։ Հաշտությունը կնքվում է 1618 թ. սեպտեմբերի 26-ին Սերավում, համաձայն որի իրանական կողմն այս անգամ պարտավորվում է թուրքերին տարեկան ուղարկել ոչ թե 200 բեռ մետաքս, ինչպես դա 1612 թ. հաշտության պայմանագրով էր նախատեսված, այլ 100։ Սա, անշուշտ, նշանակում էր իրանական կողմի հաղթանակը։



[1]            Տե՛ս Աշ. Հովհաննիսյան, Դրվագներ…, հ. 2, էջ 75։

[2]            Նույն տեղում, էջ 80։

[3]            «Պատմութիւն Առաքել վարդապետի Դաւրիժեցւոյ…», Վաղարշապատ, 1896, էջ 15 (հետ այսու՝ Առ. Դավրիժեցի):

[4]            Baron de Salignac, էջ 56։

[5]            Նույն տեղում, էջ 124։

[6]            Այդ մասին տե՛ս Մ. Զուլալյան, Ջալալիների շարժումը եւ հայ ժողովրդի վիճակը Օսմանյան կայսրության մեջ, Երեւան 1966։

[7]            Antonio de Gouvea, էջ 104։

[8]            Jean Chardin, VII, էջ 434-435։

[9]            Iter Persicum, էջ 47։

[10]          J. Hammer, VIII, էջ 40։

[11]          Նույն տեղում, էջ 39։

[12]          Antonio de Gouvea, էջ 220-221։

[13]          Iter Persicum, էջ 52։

[14]          Antonio de Gouvea, էջ 223-224։

[15]          Iter Persicum, էջ 62:

[16]          Antonio de Gouvea, էջ 225։

[17]          Antonio de Gouvea, էջ 227—228։

[18]          Նույն տեղում, էջ 230։

[19]          Նույն տեղում, էջ 230-231։

[20]          Նույն տեղում, էջ 234։

[21]          Նույն տեղում, էջ 237։

[22]          Նույն տեղում, էջ 238։

[23]          Ս. Տեր-Ավետիսյան, Ցուցակ ձեռագրաց Նախավկայի, Հայկ. ԽՍՀ պատմության ինստիտուտի արխիվ, ձեռ. էջ 36, հմմտ. Աշ. Հովհաննիսյան, Դրվագներ… հ. 2, էջ 83։

[24]          Antonio de Gouvea, էջ 239240։ Շահի ծառայությունն ընդունած պատվիրակությունների մասին ահա թե ինչ է գրում Անտոնիո դե Գուվեան. «Իբերիա երկիրը, որը մենք այսօր Գյուրջիստան ենք անվանում, բաժանված է չորս փոքրիկ թագավորների միջեւ, որոնցից մեկը եւ ամենագլխավորը Սիմոն խանն (Saman han) է, որը դեոեւս կենդանի է ու գտնվում է Կոստանդնուպոլսում գերության մեջ։ Վերջին պատերազմներում պարսիկների կողմն անցնելով թուրքերի դեմ կռվելու համար, իր հոր բացակայության ժամանակ նրա ավագ որդի Գեորգի խանը (Gorgin han) կառավարում էր պետությունը։ Այս իշխանը, որի երկիրն այնքան մոտ է Մեծ Հայքին, տեղեկանալով հարեւան թագավորի հաղթանակների մասին հարեւան մի երկրում նրա մոտ ուղարկեց դեսպանություններ եւ մեծ քանակությամբ սննդամթերք, պատրաստակամություն հայտնելով ծառայել նրան այս պատերազմում եւ կատարել նրա ցանկացած հրամանները։ Այս նույն երկրի մի այլ թագավոր՝ Ալեքսանդր խանը, որի որդին երկար տարիներ ի վեր ընդունել էր մահմեդականություն եւ գտնվում էր թագավորի կողքին, արեց նույնը»։

[25]          Iter Persicum, էջ 64-65։

[26]          Antonio de Gouvea, էջ 246։

[27]          Նույն տեղում, էջ 247։

[28]          Նույն տեղում, էջ 248։

[29]          Նույն տեղում։

[30]          Նույն տեղում, էջ 69։ Դե Գուվեայի վկայությամբ շահ Աբասը սիրել է ասել որ «Ամբողջ Պարսկաստանը ենթարկվում է ինձ, իսկ ես՝ Ալլահվերդի խանին»։ Ալլահվերդի խանի հայկական ծագման մասին խոսում են եվրոպական եւ այլ աղբյուրներ։

[31]          Antonio de Gouvea, էջ 253։

[32]          Առ. Դավրիժեցի, էջ 30։

[33]          Նույն տեղում, էջ 32-33։

[34]          Մատ., ձեռ. 5315, էջ 208ա-208բ։

[35]          Առ. Դավրիժեցի, էջ 33 («…գերեցան այսքան անձինք քրիստոնէից զորոց թիւն ԻԴՌ (23. 000), ասեն գոլ՝ թող զսպանեալսն»)։

[36]          Antonio de Gouvea, էջ 254։

[37]          Antonio de Gouvea, էջ 260-261։

[38]          J. Hammer, VII, էջ 57։

[39]          Նույն տեղում, էջ 61։

[40]          Նույն տեղում, էջ 82-63։

[41]          Antonio de Gouvea էջ 266։

[42]          Առ. Դավրիժեցի, էջ 450-451։

[43]          Antonio de Gouvea, էջ 342-343։

[44]          Նույն տեղում, էջ 343։

[45]          Նույն տեղում, էջ 347-348։

[46]          Նույն տեղում, էջ 348-349։

[47]          Նույն տեղում, էջ 349։

[48]          Նույն տեղում, էջ 354—364։

[49]          Նույն տեղում, էջ 355։ ,, Օո compte plus de soixante mil mesnages".

[50]          Պահպանվել են բռնի տեղահանումը նկարագրող զգալի քանակությամբ հիշատակարաններ, որոնցից ամենաընդարձակն, ըստ երեւույթին, Ն. Ակինյանի հրատարակածն է (տե՛ս Ն. Ակինյան, Բաղեշի դպրոցը» (1500-1704 թթ. ), Վիեննա, 1952, էջ 185-187)։ Մյուս հիշատակարաններից տե՛ս Մատ., ձեռ. 5345, էջ 206բ-207բ, 4692, էջ 613բ, 6093, էջ 3556, 3843, էջ 189բ, 5057, էջ 293ա, 4721, էջ 655 բ-656բ, 4525, էջ 363, 364-365, 369, 373-374 եւ այլն։

[51]          Itinéraire du três révérend frére Augustin Badjétsi, traduit par M. Brosset, Journal Asiatique, Paris, 1837.

[52]          Pietro della Vallé, էջ 338։

[53]          Առ. Դավրիժեցի, էջ 38։

[54]          Jean Chardin, II, էջ 304-305։

[55]          Antonio de Gouvea, էջ 269։

[56]          Նույն տեղում։

[57]          Նույն տեղում, էջ 270։

[58]          Նույն տեղում, էջ 274։

[59]          Նույն տեղում, էջ 284։

[60]          Baron de Salignac, էջ 30։

[61]          Antonio de Gouvea, էջ 312։

[62]          Piétro della Vallé. III, էջ 222։

[63]          Նույն տեղում, III, էջ 225։

[64]          Նույն տեղում, էջ 227։

[65]          Նույն տեղում, էջ 230։

[66]          Նույն տեղում, էջ 225։

[67]          Ջալալիների շարժումների մասին տե՛ս Մ. Զուլալյան, Ջալալիների շարժումը եւ հայ ժողովրդի վիճակն Օսմանյան կայսրության մեջ 16-17-րդ դդ., Նույնի՝ «Արեւմտյան Հայաստանը XVI-XVIII դդ. », էջ 135-175։

[68]          Baron de Salignac, էջ 24։

[69]          Այդ մասին որպես դեպքերի ժամանակակից եւ ականատես մանրամասն պատմում է դե Գուվեան: Antonio de Gouvea, էջ 304-336։

[70]          Նույն տեղում, էջ 314։

[71]          J. Hammer, VIII, էջ 134։

[72]          Նույն տեղում, էջ 141։

[73]          Նույն տեղում, էջ 158։

[74]          „Tarih-i Nâima", II, Istanbul, 1260 (1863), էջ 113-114։

[75]          «Մայր ցուցակ հայերեն ձեռագրաց Մատենադարանի Մխիթարեանց ի Վենետիկ, հ. 1, Վենետիկ, 1914, էջ 476։

[76]          Piétro della Vallé, III, էջ 290։

[77]          Նույն տեղում, էջ 330։

[78]          Piétro della Vallé, III, էջ 354։

[79]          Garcia Sylva de Figuera, էջ 133։

[80]          Նույն տեղում, էջ 136։

[81]          Մատ., ձեռ. 2775, պահպանակ Բ։

[82]          Հաշտության բանակցությունների ընթացքի մասին մանրամասն տեղեկացնում է Պիետրո Դելլա Վալեն իր 1619 թ. հոկտեմբերի 21-ի թվակիր նամակում (Piétrօ della Vallé, IV, էջ 10, 15)։

[83]          Նույն տեղում, III, էջ 356։

[84]          Piétro della Vallé, III, էջ 177։

[85]          Նույն տեղում, էջ 178։

[86]          Մանրամասն տե՛ս նույն տեղում, էջ 155-168։

[87]          Garcia de Sylva, de Figuera, էջ 260-270։