Դրուագներ Հայաստանի պատմագրութեան (V-VIII դդ.)

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԴՐԱՍԽԱՆԱԿԵՐՏՑԻ

  IX դարի վերջում եւ X դարի առաջին քառորդում Հայաստանը նորից դարձել էր սարսափների թատերաբեմ: Եթե դարեր առաջ նրանում հիմնական դերակատարներն էին աշխարհակալության ձգտող պարսկական եւ բյուզանդական մահաբեր բանակները, իսկ VII դարի կեսերից՝ արաբական աշխարհավեր հորդաները, ապա IX դարի վերջից սկսած նրանք բազմանում են, իսկ հայ նահանգական թագավորներն ու նախարարներն իրենց եղբայրասպան գործողություններով է՛լ ավելի են խորացնում, էլ ավելի են վշտալի դարձնում անվերջ թվացող այդ ողբերգությունը:

Փորթկալից աղետների այդ ժամանակաշրջանի պատմության, կասերին՝ ողբերգության շարադրանքը տվել է դրանց դառնություններն ու արհեվիրքները իր սեփական կաշվի վրա կրած, ժամանակի հոգեւոր-քաղաքական ականավոր գործիչ Հովհաննես Դրասխանակերտցի կաթողիկոսը:

Հետեւելով նախորդ պատմագիրներին, Դրասխանակերտցին էլ նշում է, որ իր «տագնապեալ պատմությունը» գրել է թագավորների հրամանով [1] եւ շատերի խնդրանքով [2], սակայն ոչ մեկի անունը չի հիշատակում [3]:

«Պատմության» վերջաբանից երեւում է, սակայն, որ այն գրելու նախաձեռնությունը իրենն է: «Թաքաւորք աստուածասերք եւ բարեպաշտօնք, իշխանք եւ պետք եւ հրամանատարք Հայոց, եղբայրք մեր եւ առաքեալք եկեղեցւոյ եւ փառք Քրիստոսի՝ աղերս առաջի մատուցանեմ ձեզ զպիտառութիւն զայս բանի: Զի իբրեւ ցուցող հայելի ի միտս անբասիրս սռվաւ զձեզ հրաւիրեալ, եւ զյանդուգն եւ զանկարգ ճամարտակելն արտալած արարեալ՝ անպատուհաս ես մնացից յահեղ մրրկէ աստի եւ յահագին ալեացս փրկելոց եւ դիզացելոց եւ կուտակելոց եւ դիմացելոց ի վերայ Ասքանազեանս գրոհի: Սարսափեալ զոփացեալ դողացաւ սիրտ իմ, զի դիտոք աչաց խաղաց Տէր ի վերայ մեր սակս անօրէնութեանց մերոց, եւ վասնզի ցարդ եւս յարակայեալ անդնդապտոյտ ալեացն յորդութիւնք խորութեանցն եւ ոչ հանդարտեաց, վասն այսորիկ ես բռնադատեցայ գալ յայս եւ առնել տալ տագնապեալ զՊատմութիւնս: Նախ ի կրից աստի զիս փութացուցեալ, որ շուրջ պատեալ պաշարեաց զմեզ եւ ապա ի հրամանէ թագաւորաց ի վերայ հասելոյ՝ որ զիմս ճմլեալ բաշխեաց զիմաստիցս գործարան եւ հաւանեցոյց ոչ ինչ գոլ ինձ յայսմիկ դանդաղելի» [4]: «Պատմության» առաջաբանից էլ երեւում է, որ այն գրելու նախաձեռնությունը պատմագրին է պատկանում:

Ըստ նրա՝ պատմություն գրելն աշխարհի օգտին արված գործ է, իսկ գրողները՝ հավետ «պատվասիրելիք, փափագելիք եւ կենցաղօգուտք» են: Նա մեծ հարգանքով է խոսում պատմագիրների մասին եւ գտնում է, որ գրելով պատմությունը, նրանք մարդկանց պետքերն են բավարարում:

«Եւ այսպէս զընտանի իւրեանց առատութեան մտաց ջանացան օգուտ աշխարհի գործել՝ զփափագելի մարդկան պէտս լցուցին պատրաստեցին, եւ ստուգագէտ իմացուածիւ խորհրդոց պատկանաւորեցին, յարձանագրութիւնս բանից մատենագրելով զնախնական պատմութիւնսն, զոր յաւէտ պատուասիրելիք եւ փափակելիք եւ կենցաղօգուտք ինձ ի նմանին: Այսպէս եւ ես աստանօր զանձն ի ներքս արկի ի կարգ բանիս, որ առաջի կայ ինձ ասել՝ ոչ մտահաճ հպարտութեամբ ըստ իմում ինչ կամի, այլ վասն զի ծանեայ զառ ի յինէն խնդրողացն զանդուլ նոցայն հոգւոյն շարժմունս իմացուածոց, այնուհետեւ հարկեալ իբր ի նաւապետէ ումեմնէ սրաւարեցայ թիակօք ի մակուկի ճառիս, եւ զայնս պատմութիւն առնել տաղտկացեալ տագնապեցայ» [5]:

Նա մեկենաս չի ունեցել, ինչպես Խորենացին, Փարպեցին կամ Ղեւոնդը, այլ ելնելով պատմությունը գրելու անհրաժեշտության գիտակցումից, ցանկացել է դասվել պատվասիրելիների, փափագելիների եւ կենցաղօգուտ գործ կատարողների շարքում:

Դրասխանակերտցի պատմագիրն այն բացառիկ դեմքերից է, որ «Պատմությունը» գրելիս միաժամանակ տվել է նաեւ իր կենսագրությունը՝ հաճախ ամենայն մանրամասներով: Ծննդավայրի անունով հորջորդվել է Դրասխանակերտցի, եղել է Մաշտոց կաթողիկոսի աշակերտը, որի մահից հետո եւ ժառանգել է նրա գայիսոնը: «Յաշակերտութենէ նորին սրբոյն Մաշտոցի, - գրում է նա իր «Շարք կաթողիկոսաց» աշխատության մեջ, - այլ եւ արեան հարազատութեամբ մերձաւոր սմին զոլով եւ հայրենեօք ի մեծ դաստակերտէն Դրասխանակերտէ, եւ ընկալայ զաթոռ նորին ի յԽԶ (897) թուականութեանս Հայոց» [6]: «Պատմության» մեջ էլ չի թերացել գրելու «Զկնի (Մաշտոցի- Լ. Բ. ) ապա հէքս ես եւ թշուառականս եւ պասքեալս ընդ հոգեւոր արբուցման խրատու Յովհաննէս, որ զսոյն զայս գրեցի գիրս՝ ոչ ըստ արժանեաց ածայ յաթոռ սրբութեան, թերեւս ոչ կարացեալ դիմակ գոլ հրամանի արքային եւ կամ այլոց եւս նախարարակոյտ բազմութեան նորա ըստ մարմնոյ. Սակայն կուրացեալ գերանով մեղաց իմոց՝ ոչ բաւական զանձն վարկայ դնել ի նշմարել զշիշ յական եղբօրն, կամ յառաջագէտ լինել յատենագրութիւնս նորա Իսրայելի» [7]:

Ժամանակակից պատմագիր Թովմա Արծրունին հաստատում է կաթողիկոսի տեղեկություններն իր մասին: «Եւ փոխանակ նորա (Մաշտոցի- Լ. Բ. ) գրում է Թովման, - ժառանգ է զաթոռ հայրապետական երանելին տէր Յօհաննէս, որ եւ սնեալ եւ ուսեալ առ ոտս սրբոյն Մաշտոցի. նորին հրահանգեալ կրթարանի ուսումնասիրութեանն վարժիւք ոռոգացեալ, այր քաղցրաբարոյ եւ հեզահայեաց, հասարակաբար առ հասարակ զինքն վարկանելով, արտաքոյ անբարտավանական բարձրայօնութեանն՝ կալով յաստիճան հեզոցն, դրուատեալ ի փրկչէն մերմէն Յիսուսէ Քրիստոսէ» [8]

Մինչ կաթողիկոս ընտրվելու ժամանակաշրջանի մասին մի տեղեկություն էլ է նա հաղորդում իր մասին։ Գեւորգ Գառնեցի կաթողիկոսի բանտից ազատվելու կապակցությամբ գրում է, թե արաբ ոստիկանը կաթողիկոսից գանձը ոսկով եւ արծաթով էր պահանջում։ Վերջինս իմաց է տալիս այդ մասին  իրեն եւ խնդրում ուղարկել պահանջված գումարը «…զգացուցեալ մեզ հոգւով չափ զհոգն մեր եպիսկոպոսի դրան իւրոյ եւ այլ եւս կղերց եկեղեցւոյն՝ ըստ օրինի գերելոց յածիլ շրջիլ ընդ գլխաւոր նախարարաս եւ իշխանս աշխարհիս, եւ ժողովեալ միանգամայն զխնդիր պահանջման ոստիկանին՝ վաղվաղակի առաքեցաք…» [9] ։

Հովհաննես Դրասխանակերտցու ծննդյան եւ մահվան տերեթվերը հայտնի չեն։ Բանասեր Կ․ Քիպարյանը ենթադրում է ծնունդը 850-ական թվականները, մահը՝ 931 թվականը [10] ։ Մ․ Աբեղյանը կահը դնում է 925-930 ժամանակաշրջանում [11] ։

XIII դարի ականավոր պատմագիր Կիրակոս Գանձակեցին նրա մասին գրել է․ «…էր այր իմաստուն եւ բանաւոր…, գրեաց պատմութիւնս գեղեցկայարմարս եւ զոր ինչ գործեցիք անօրէն ազգն հագարացւոց ընդ աշխարհս ամենայն՝ մեծամեծ չարիս» [12] ։

Ի տարբերություն նախորդ պատմագիրների, Հովհանես Դրասխանակերցին եղել է նշանավոր գործիչ։ Կաթողիկոսության շրջանում գազմիցս հաշտարարի, իր խոսքով ասած «խաղարարի» դեր է կատարել։ Ելնելով հայրենիքի եւ ժողովրդի շահերից, ձգտել է կանխել կամ վերջ տալ եղբայրասպան կռիվներին, որ տեղի էին ունենում նախարարների կամ նախարարների ու հայոց թագավորների, ինչպես նաեւ վերջինների եւ Ատրպատականի կուսակալների միջեւ։

Թովմա Արծրունին՝ Դրասխանակերտցու ժամանակակիցը, վկայում է, որ «Ընդ ժամանակս ընդ այնոսիկ էր կացեալ յաթոռ հայրապետութեան տէր  Յօհաննէս կաթողիկոս Հայոց։ Եւ յաւետ հրաշիւք յորինէր զկարգս սրբոյ եկեղեցւոյ ուղղափառ առաքելական հաւատոց ի տէր Յիսուս Քրիստոս․ դնէր ուխտս ընդ իշխանս աշխարհիս Հայօց՝ գնալ ըստ արժանի հաւատոցն Քրիստոսի․․» [13] ։

Ատրպատականի կուսակալ Յուսուֆի՝ երկրորդ անգամ Հայաստան ներխուժելու նախօրյակին, Սմբատ թագավորի հանձնարարությամբ Դրասխանակերտցին մեծ ընծաներով գնում է Յուսուֆի մոտ բանակցություններ վարելու, սակայն վեջինիս կողմից բանտարկվում է, ենթարկվում անասելի տառապանքների։ Դրանից հետո կապանքներով բերվում է Դվին, որտեղից նա մեծ դժվարությամբ փախչում է ու ասպանդական կյանք վարում։ Որոշ ժամանակ ապաստանում է Աղվանքում, ապա անցնում է Վրաստան։ Հարեւան այդ երկու երկրներում մեր պատմագիր կաթողիկոսը մեծ հյւրասիրության եւ պատվի է արժանանում։ Վրաստանից անցնում է Տարոն։ Սմբատ թագավորի սպանությունից հետո, մի նամակ է գրում Բյուզանդիայի Կոստանդին կայսրին, օգնություն խնդրում հարենիքըւնկնհվ ծանր դրությունից փրկելու համար։ Կայսրը նրան եւ արքայորդի Աշոտին հրավիրում է իր մոտ: Վերջինս ընդունում է հրավերը եւ մեկնում Պոլիս, իսկ կաթողիկոսը խուսափում է գնալ, մտածելով, որ դրանով կարող է տկարամիտներին առիթ տալ մտածելու, թե ինքը հարում է քաղկեդոնականությանը [14]: Տարոնից անցնում է Դերջան, ապա Մանյա այրը: Ինն ամիս անց է կացնում Սեպուհ լեռան ճգնավորների հետ: Հետո վերադառնում է իր նստավայրը, ուր ավելի ու ավելի է վշտանում եւ նոր հոքսերի մեջ ընկնում:

Ժամանակով մոտ կանգնած ասողիկը հաստատում է այս տեղեկությունը: Ասում է «ճարտասան ու պատմագիր» [15] տեր Հովհաննեսը փախավ գնաց հունաց երկիրը, մեր սուրբ Լուսավորչի հանգստարանը եւ մենարանը, Մանյա այրք կոչվող լեռում, Դարանադյաց գավառում Գառնկա վանքում [16]:

Աշոտ Բ-ի եւ Աշոտ սպարապետի միջեւ տեղի ունեցած եղբայրասպան պատերազմի կապակցությամբ Դրասխանակերտցին գրել է. «Իսկ ես ապա ժամանեալ անդ ի մէջ նոցա՝ ոչ սակաւ ինչ բանս յանդիմանութեան եւ լուտացօղ ապառում խռովութիւն ի վերայ արքայորդւոյն ածէի արտօսրաթոր տոչորմամբ սակս այնպիսի մահահոտ դրժողութեանցն զոր արար: Եւ թէպէտ բողոք բարձեալ ջանահնար լինէի բառնալ ի միջոյ նոցա զչար սերմնացանի որոմնն, զի մի գտցի ի նոսա խմորք ցաւոց իսկ ես աւաղ եղկելի անձին իմօյ կարդայի, զի բազում անգամ բնակեաց անձն իմ ընդ այսոնիք ոյք ատէին ղողջոյն, վասն զի ես էի խաղաղարար եւ յորժամ խօսէի՝ նոֆա մարտընչէին ընդ իս» [17]:

Ծերության հասակում կաթողիկոս պատմագիրը ստիպված է լինում նորից թափառական կյանք վարել: Նսըր ոստիկանի Դվին ժամանելուն պես, նա ստիպված փախչում, ապավինում է Գեղա լեռան ծործորներում, անցնում է Սեւանա կղզին, այնտեղից էլ իր սեփական Բյուրական «ձեռակերտ ամրոցիկը», ուր եկեղեցի էր կառուցել (այն մնում է ցայսօր): Շատ չանցած արաբները պաշարում են Բյուրականը, սակայն մինչ պաշարումը, կաթողիկոսը կարողացել էր փախչել Բագարան: Այստեղ միառժամանակ մնալուց հետո, Գագիկ Արծրունի թագավորի հրավերով, գնում է նրա մոտ եւ այնտեղ էլ կնքում իր մահկանացուն:

***

Դրասխանակերտցին հետագա սերունդներին ժառանգություն է թողելպատմական բովանդակությամբ երկու գործ: Առաջինը հայ կաթողիկոսների ցանկն է համառոտ կենսագրական տեղեկություններով, սկսած Գրիգոր Լուսավորչից մինչեւ X դարը: Երկրորդը՝ «Պատմութիւն Հայոցն» է, որ նա գրել է ծերության հասակում, 920-ական թվականներին:

Նա էլ ավանդական կարգով պատմությունը սկսել է Նոյից, հասցրել մինչեւ 923-924 թթ.:

Մ. Աբեղյանը ճիշտ է նկատում, որ Դրասխանակերտցու երկը մի ամբողջական հայոց պատմություն է [18]: Եվ իսկապես, ի տարբերություն Սեբեոսի եւ Ղեւոնդի, որոնք գրել են ավելի շատ օտարների, քան թե հայերի պատմությունը, Դրասխանակերտցին տվել է հիմնականում հայոց պատմությունը:

Նոյից սկսած մինչեւ 850-ական թվականները պատմագիրը հանդես է եկել բանաքաղի դերում, օգտվել է Խորենացու, Եղիշեի, Ագաթանգեղոսի, Սեբեոսի, Շախուհ Բագրատունու, թերեւս եւ ուրիշների երկրներից: «Այս մասում սակայն, - նկատում է Մ. Աբեղյանը, - կան այնպիսի տեղեկություններ, առավելապես կաթողիկոսների մասին, որ ուրիշ աղբյուրներից հայտնի չեն» [19]: VII դարի վերջերի եւ IX դարի առաջին կեսի համար նա հիմնականում գրել է կաթողիկոսների մասին եւ տվել է այդպես վարվելու պատճառը: «Եւ վասն զի սպառսպուռ Հագարացիքն տիրեցին կալան զՀայաստանեայասս եւ մեծամեծք աշխարհիս նուազեցան, եւ մնացեալք ղողեալ դադարեալ կային ընդ լծով ծառայութեան նոցա. Սակս այսօրիկ իսկ յայսմ վայրի պակասեաց ի Պատմութեանէ աստի զրոյցք իշխանաց մերոց, բայց եթէ գուցէ գտցի ինչ՝ բաւական քեզ բերցի նախ քան զմեզ պատմեալն ի Շապհոյ պատմագրք» [20]:

«Պատմությունը» առանձնապես կարեւոր ու հետաքրքիր է դառնում եւ շատ ընդարձակ մանրամասնություններ է հաղորդում վերջին մասում, որ նվիրված է Սմբատ Ա եւ Աշոտ Բ թագավորների ժամանակաշրքանին (891-924թթ. ):

Առաջաբանում Դրասխանակերտցին տալիս է գրելիքի համառոտ ծրագիրը:

Կաթողիկոս պատմագրի «Պատմությունը» նշված ժամանակահատվածի իրադարձությունների ամենավստահելի ու հիմնական աղբյուրն է հանդիսանում, այն ականատեսի, ականջալուրի եւ, որ ամենակարեւորն է, գործող անձի ստուգապատում աղբյուր է:

Իր աղբյուրների մասին նա գրում է. «Արդ այսոքիկ քեզ բաւականացեալ յառաջաբանութիւն, որով մարթասցես գալ բանիւ զրուցացն ճշմարտութեամբ առ ի մատուցանել զլսելիս եւ առնուլ զպատմութիւն, հետեւելով իմ ընդ համառօտ հաւաստութիւն առաջնոցն գրագիծ մատենից աստուածայնոց, ալյեւ ընդ արտաքնոց եւս ժամանակագրութիւնս, որք վիպեն հաւաստեաւ՝ ընդ մերումս կշռադատեալ յազգաբանութիւն համարու» [21]:

Առանձին դեպքերում որոշակի նշում է օգտագործած պատմագրական երկերը, հաճախ նկատում է, որ այդ մասին գրել են ուրիշ մատենագիրներ, հիշում է Խորենացուն, Ագաթանգեղոսին եւ առանձնապես Շապուհ Բագրատունուն: Նշում է նաեւ, որ իրեն պատմել են հավատարիմ մարդիկ:

Ճիշտ է նկատում Գալուստ Տեր-Մկրտչյանը (Միաբանը), որ «…մենք գիտենք՝ Հովհաննես կաթողիկոսի գրելու ձեւը, սովորությունը: Նա անգիր գիտե Խորենացու (նաեւ Եղիշեի, Սեբեոսի եւ այլոց) բոլոր ոճերն ու դարձուածքները եւ տեղի անտեղի գործ է ածում այդ ամբողջ ասածները բառ առ բառ» [22]: Սակայն դժվար է հանաձայնել Միաբանի ընդհանրացնող եզրակացության հետ, որ իբր թե Դրասխանակերտցու ամբողջ «Պատմությունը» բանաքաղություն է եւ ճոռոմաբանություն [23]:

Հակառակ միաբանի այս խիստ վճռին, Մ. Աբեղյանը իրավացիորեն գտնում է, որ եթե մի կողմ թողնենէ Դրասխանակերտցու «Պատմության» սկզբի մասը, որ ուրիշներից է վերցրել, մնացածը մեծ թափով ստեղծված մի իսկական գրական գործ է, որ վկայում է հեղիբակի մտավոր կարողության մասին [24]:

Որքան «Պատմության» հին մասը արագ ու հապճեպ համառոտել է, սեղմ բովանդակությամբ շարադրել, այնքան ավելի ծավալուն ոճով եւ իրական կյանքի գծերով է գրել իր ժամանակի պատմությունը: Ըստ Աբեղյանի՝ «Պատմության» այդ մասի բոլոր հատվածները լի են հեղինակի ապրումներով, ցավագին վշտահարությամբ ժամանակի տխուր ու թշվառ կացության համար, կաւդալիս շարունակ տեսնում եւ զգում ենք հեղինակին, որ շատ զգայուն է դեպի ուրիշների տառապանքները: Դրա համար եւ նա ազդում է, երբեմն նրա խոսքը նույնիսկ հուզիչ է իր մանրամասնություններով: Իբրեւ քերթողական արվեստին վարժված գրող՝ Հովհաննեսը ջանում է ըստ ամենայնի ճարտասանորեն ու գեղեցիկ պատմել եւ իր ոճով էլ ազդել: Մ. Աբեղյանը նկատում է նաեւ, որ նա հորինել է ընդհանրապես զարդարուն դարձվածքներով, ճարտասանական ձեւերով [25]: Չի սիրում շատ պարզ ոճը, բարձրից նայելով Շապուհ Բագրատունու «գեղջուկ» գրվածքին՝ աշխատում է գրել քերթողաբար [26]: «Պատմության» առաջաբանում նշելով որ «…Հարկեալ իբր ի նաւապետէ ումեմնէ սրվարեցայ թիակոք ի մակուկի ճառիս, եւ ցայս պատմութիւն առնել տաղտկացեալ տագնապեցայ, - անմիջապես ընդգծում է, - սակայն ոչ ըստ գեղջկաց անարուեստից երկրորդեալ զայն ինչ զոր նախ քան զմեզ…» [27]:

***

Հովհաննես Դրասխանակերտցու ապրած ժամանակաշրջանում էլ հայ ժողովրդի քաղաքական կյանքի հիմնական առանցքային հարցը շարունակում էր մնալ քաղաքական կողմնորոշումը, որը եւ պայմանավորում էր նրա ինքնագոյությունը, լինել-չլինելը: Փոխվել էր ուժերի հարաբերակցությունը: Բյուզանդիան, որ IX դարի սկզբներին Մերձավոր արեւելքում կորցրել էր իր երբեմնի հզորությունն ու փառքը, նույն դարի սկցբներին ապրում էր իր ծաղկման ու վերելքի շրջանը, ապա դարի վերջում արդեն սկսել էր տրոհվել: Երկրի ներսում էլ միջֆեոդալական հակամարտությունները բավական սրվել էին, կենտրոնախույս ուժերը բացահայտ, արյունահեղ, եղբայրասպան պատերազմներ էին մղում:

Տնտեսական-քաղաքական ծանր ճգնաժամից դուրս գալու համար խալիֆայությունը դաժանորեն հաշվեհարդար էր տեսնում արաբների եւ նվաճված ժողովուրդների ապստամբ ուժերի հետ, ուժեղացրել էր շահագործման առանց այն էլ դաժան լուծը, բացահայտ կողոպուտի էր անցել։ Նվաճված երկրներում ամենափոքր ըմբոստացումը կամ տրտունջը առիթ էին դարձնում անպաշտպան ժողովրդին ոչնչացնելու, գերեվելու, քաղաքներն ու գյուղերը ավերելու համար։ Հայկական երկնակամարի տակ կյանքն անտանելի էր դարձել։ Ճիշտ է, Հայաստանը, ժողովրդի հերոսական մաքարումների շնորհիվ, մարդկային անասելի զոհերի գնով կարողացել էր անկածություն ձեռք բերել, անգամ վերականգնել իր պետականությունը ի դեմս Բագրատունյաց թագավորության։ Սակայն արաբ բռնակալները չէին հաշտվում դրա հետ, ամենաչնչին առիթն օգտագործում էին ներխուժելու Հայաստան՝ նորանոր ավերածություններ պատճառելու եւ զանգվածային կոտորածներ ձեռնարկելու համար։

Դրասխանակերտցու ապրած ժամանակներում արտաքին արհավիրքներին ավելացել էին եւ ներքին գժտությունները․ երկրում սկսվել էին եղբայրասպան կռիվները, որոնք հաճախ հրահրվում ու հովանավորվում էին արաբ բռնակալների կողմից։ Բյուզանդական կայսրությունը շարունակում էր հայերի նկատմամբ իր ավանդական նենգ քաղաքականությունը։ Նման պայմաններում, ահա, քաղաքական ճիշտ կողմնորոշման հարցը ճակատագրական նշանակություն ուներ։

Բագրատունիները, որոնք VIII դարում եւ IX դարի առաջին կեսում զգույշ քաղաքականություն էին վարում արաբ բռնակալների նկատմամբ, քարոզում էին համբերատարություն եւ խուսափում էին ամենաչնչին առիթ տալ թշնամուն եւ գլխավորում էին հակաբյուզանդական կողմնորոշման հոսանքը, պետականություն ստեղծելուց հետո, սակայն, նորաստեղծ պետականությունն ու նրա անկախությունը պահպանելու նպատակով ստիպված էին արդեն ապավինել Բյուզանդական կայսրությանը եւ բարեկամություն փնտրել հարեւան ժողովուրդների մոտ։

Ճիշտ է, Արծրունիները, Սյունեցիները, Ուտիքի ու Գուգարքի իշխանությունները, Եգերացոց եւ Վրաց թագավորությունները ճանաչել էին Բագրատունիների գահերեցությունը, սակայն նրանց կենտրոնաձիգ քաղաքականությունը, ուժեղ պետություն ստեղծելու նրանց ձգտումը հակասում էր նշված նախարարությունների ու թագավորությունների շահերին։ Այդ իսկ պատճառով էլ հայ իշխաններից թմանք ոտնահարելով համահայկական շահերը, ըմբոստացան կենտրոնական պետության դեմ, անգամ ձեռք մեկնեցին հայրենիքի արյունարբու թշնամուն՝ արաբներին, իսկ Արծրունիները նրանց հորդաներին առաջնորդեցին դեպի հայրենի երկիրը։

Այդպիսի մտածող էր Հովհաննես Դրասխանակերտցի պատմագիրը։ Նա համահայկական կենտրոնացված պետականության կողմնակիցն էր եւ նրա շահերի արտահայտիչը։ Իբրեւ կաթողիկոս՝ նա իր ուժն ու եռանդը գործադրել է հանուն միասնականության։ Պատահական չէ, որ նրա համակրանքն առաձնապես Սմբատ Ա-ի կողմն է, որին գրեթե հաջողվել էր իրականացնել մեր պատմագրի քաղաքական նպատակը։ Մեր պատմիչը գիտեր, որ Սմբատի հաջողությունների երաշխիքը հայկական ուժերի միասնությունն է եղե, որի վրա հենված՝ նա կարողացել է ոչ միայն ընդարձակել նորաստեղծ թագավորության տարածքային սահմանները, ոչ միայն իրեն ենթարկել հայ խոշոր նախարարներին եւ հարեւան թագավորություններն ու իշխանությունները ու իրեն հռչակել տիեզերական թագավոր, այլեւ դուրս գալ Ատրպատականի արաբ կուսակալի ենթակայությունից ու անմիջապես ձեւականորեն ենթարկվել խալիֆին։

Վերեւում ասվեց, թե ինչպիսի դիմադրության հանդիպեցին առաջին Բագրատունի գահակալների՝ ուժեղ կենտրոնացված պետություն ստեղծելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները։ Ահա այդ դիմադրությունն էլ օգտագործեցին Հայաստանի թշնամիները, առաջին հերթին Յուսուֆ ոստիկանը։

Դրասխանակերտցին զայրույթով արձանագրում է, որ Գագիկ Արծրունին, Սմբատ թագավորից չստանալով Նախիջեւան քաղաքը, որը մինչ այդ վերջինս տվել էր Սյունյաց իշխանին, դիմում է բացահայտ դավաճանության։

«Ընդ որ յաւէտ իմն իշխանին Գագկայ դժգմեալ՝ դրժողութեամբ չարահաւակ առ արքայ լինէր եւ… չուէր գնայր առ ոստիկանն Յուսուփ… Եւ առաջի մատուցեալ զխորհրդականն իւր ընծայս՝ զզրկանաց ամբաստանութեան իւրոյ բան բարձրաբարբառ զօրացուցանէր զարքայէ։ Իսկ նորա ախորժաբար ընկալեալ՝ տայր նմա թագ արքայական եւ պատիւս եւ պարգեւս արքունականս, ի քակտումն միաբանութեան նոցա զայն հնարեալ գործել, զի դիւրադաւ լիցին այնուհետեւ երկաքանչիւրքն առ ի նմանէ դրժելոյ » [28] ։

Գագիկի այդ քայլն այնքան էր զայրացրել պատմագրին, որ չնայած հետագայում մեծ հարգանքով է խոսում նրա մասին, սակայն, նրան « թագակերպել իշխան » է անվանում, որովհետեւ «…իրազգացք լինէին խաւարասէր խորհրդոց ոստիկանին, որ զկորստական դուռն բանալ հանդերձեալ էր» [29] ։

Աշոտ սպարապետի կապակցությամբ էլ գրում է․ «Եւ քանզի խորամանկ ոստիկանն խորհրդաբար ի մտի եդեալ՝ սուր հակառակութեան ի մէջ նոցա արկանել (սպարապետի եւ թագավորի- Լ Բ ), այսպիսաբար նանրական մտօք թագ կապեալ սպարապետին Հայոց …առաքէ յաշխարհ իւր… հետեւանքը… երկաքանչիւրքն նոքա իբրեւ զօտարածին թշնամիս ընդ միմեանս ի գրգռութիւն մարտից մարտուցեալ՝ ջանահնար լինէին զմիմեամբք ելանել ի հակառակութիւնս եւ ի կռիւս։ Եւ վասնզի ի վերայ երկոցունց նոցա թագաւորական անունս կառուցեալ եդեալ էր ի նախանձ չարակնութեան յաչաղման ընդ միմեանս բերեալ, վասն այնորիկ առաւել ընդվզեալ զչարէին՝ իւրաքանչիւրօք ի նոցանէ զիւրն խնդրելով կացուցանել» [30] ։

Այն ժամանակ, երբ Սմբատ Ա-ը մեծ դժվարությամբ կարողացել էր Հայաստանը դուրս բերել Ատրպատականի կուսակալի հպատակությունից եւ երկիրը սկսել էր բուռն թափով շենանալ [31], ահա հենց այդ ժամանակ էլ Գագիկ Արծրունին Հայաստանի ամենաոխերիմ թշնամու՝ Յուսուֆի հետ, « կորստական դուռը » բացեց։

Հայրենասեր պատմագիրը, որն ուներ ազգային ինքնագիտակցություն եւ V դարի մեր պատմագիրների նման ընդհանուր հայրենիքի գաղափարն էր քարոզում, վերահաս վտանգից փրկվելու միակ ելքը հայերի միասնությունն էր համարում եւ այդ ուղղությաբ քիչ ջանքեր չի գործադրել, որոնք, սակայն, ստեղծված իրադրության մեջ մեծ մասամբ ապարդյուն են անցել։ Նա դառնացած սրտով գրել է․ «Իսկ իբրեւ այսպէս կրեցաք տագնապս տարակուսից ի հինից օտարաց, ի մերս ապա լինէաք ի թագաւորս եւ յիշխանս անկառոյց․ այլ եւ ի պետս եւ ի նախարարս երկրի մերոյ։ Եվ յուսացեալ սպասէաք ոչ եւս ընդ փորձութեանն խառն վրիպիլ սոցա եւ անկանիլ․ այլ ջան առաջի դնել եւ ելս նեղութեան հնարել, եւ վայելչաբար ի միասին կապակցել հասարակ եղբայրութեամբ եւ իբրեւ զմի այր միանալ… ի շուրջ պատեալ պատերազմէն փրկել, եւ այսպէս ազատել զկաթողիկէ եկեղեցի եւ լուծանել զլուծ ի պարանոցէ հաւատացելոց, եւ շահել զորդիս սպանելոց։ Բայց ոչ զայս եղեւ տեսանել մեզ, այլ զնորին հակառակն կրեցաք…» [32] ։

Միասնության գաղափարը ավելի համոզիչ ու ազդու դարձնելու նպատակով պատմագիրը բերել է Կոստանդնուպոլսի պատրիարքի նամակը, հասցեագրված իրեն, ուր շարադրել է, մեր կարծիքով, իր քաղաքական ծրագիրը, այն է՝ եթե հայերը, վրացիները եւ աղվանները վերջ տան ներքին հակամարտություններին, միավորվեն թշնամու դեմ անխախտ միասնությամբ, բյուզանդական կայսրը այդ տեսնելով մեծ օգնական զորք կտա եւ միացյալ ուժերով կհաղթեն հակառակորդին։ Պատրիարքը, իբր, դառնորեն սգում է Հայաստանի ողբալի վիճակը եւ միակ ելքը համարում է ներքին հակասություններին վերջ տալը եւ միավորվելը [33] ։

Սրտի կսկիծով Դրասխանակերտցին ներկայացնում է իր ժամանակը․ «Իսկ թագաւորք մեր եւ պետք եւ իշխանք, զորս ի բնէ նախարարութիւնքն էին՝ ջանային վարատել եւ խլել յիւրաքանչիւրոցն բնակութեանց, եւ ըստ ախորժից իմն ձեռական եւ նոր ստեղծանել պայազատս եւ սպասալարս։ Այլ եւ եղբայր ընդ եղբօր եւ ազգայինք ընդ ազգայինս ընդվզեալ ի նախանձ եւ չարականութիւն եւ ի գրգռութիւն եւ ի կատարեալ ատելութիւն ընդ միմեանս բերէին։ Եւ այսպէս համագունդ ընդ միմեանս հարեալք՝ հակառակութիւն եւ ի կռիւ պայքարէին․ եւ միշտ սուր յազդէր ունելով՝ բազում եւս քան զթշնամիսն հեղուին ի միմեանց զարեան ճապաղիս եւ առ հասարակ զքաղաքս եւ զգեօղս եւ զաւանս եւ զագարակս, այլ եւ զտունս իւրեանց քանդէին ձեռօք իւրեանց․ եւ գրեթէ այն իսկ ոճիրք հակառակութեան գտան պատճառք հինիցն եկելոց ի վերայ մեր…» [34] ։

Զայրույթով նկարագրելով երկու Աշոտների միջեւ ծավալված պատերազմական գործողությունները եւ իր միջնորդության ձախողումը, Դրասխանակերտցին գրում է․ «Եւ ապա երկաքանչիւրք նոքա հետամուտք լեալք միմեանց եւ զմիմեանց եւ զմիմեամբք պարայծեալք՝ առ հասարակ դղրդեալ սասանեալ աւերեալ քանդեալ կործանեալ լինէր սեպհական տէրութիւն աշխարհին իւրեանց եւ զմեծութիւն եւ զփառս իւրեանց ազգի օտարի տուեալ՝ ի փարթամութիւն այլոց եւ յաղքատութիւն ինքեանց տարածեցին զճանապարհս իւրեանց ։ Եւ այսպէս զերկեամ մի ելուզակօրէն զկնի իրերաց դռոյթս տային» [35] ։

Մոկաց եւ Անձեւացյաց իշխանների միջեւ տեղի ունեցած պատերաազմի մասին նշելուց հետո, նա գրում է․ «Իսկ վշտասէր չարասէր ոստիկանն Ափշին՝ լուեալ զայսպիսի գործեցեալ ոճիրս եւ զդավադրժող փախուստն Սմբատայ, եւ զլքումն եւ զլուծումն զօրաց Հայոց, եւ զնենգումն իսկ մեծամեծ աւագանոյն եւ զայլոց եւս շեշտակի կտուրն ի միմեանց լինել՝ ի հաճ առեալ զայն ժամ դիպող եւ պատշաճ գոլ իւրոյ կամացն կատարման…» [36] ։

Այս դեռ բոլորը չէր։ Դրասխանակերտցին գրում է․ «Բայց եւ ես տխրական տրտմութեան բանս ինչ աստ հառաջ բերեմ ասել․ քանզի դրացիք մեր եւ ազգք որ շուրջ զմեօք են՝ Հունականք եւ Եգերացիք եւ Գուգարացիք եւ Ուտէացիք, հիւսիսական ազգք բնակեալք առ ոտամբն Կովկասու, ի մտի եդեալ եթե գուցե յինքեանս հետի աղագս գտանել մարթասցին՝ ոստիկանն չար թե երբէք չէն գտցէ զքաղաքս եւ զաւանս եւ զգեօղս, վասն այնորիկ ի խլել եւ ի բրել, կորուսանել եւ յատակել ջանացան, առ ստորոտով իւրաքանչիւր աշխաչհաց իւրեանց․ եւ ապա խառն ընդ նոսին եւս աւազակք եւ սրիկայք ելին ի մարտս ընդ երկրի մերում… Եւ այսպէս անմարդացեալ եւ անգաւակացեալ խոպանացեալ եւ անշքեղացեալ այսուհետեւ աւանք եւ շէնք մեր եղեն իբրեւ զանդաստան մացառախիտ․ եւ ցամաքեցան բողբոջք բուսոց արտավարաց եւ արօտից․ եւ քաղաքք մեր կործանեցան առ ի չգոյէ բնակչաց, եւ երկրագործք մեր սպառեցան եւ սուգ զգեցան» [37] ։

Ինչպես պարզ երեւում է, Դրասխանակերտցին միանգամայն ճիշտ է ընբռնել իր ապրած օրերում երկրում ստեղծված իրադրության եւ թշնամիների հաջողությունների պատճառները։ Ըստ պատմագրի, այդ իրադրության հետեւանքըեղավ այն, որ «Այսպէս ապա ամենայն առաքինի քաջողջութիւն եւ շինութիւն եւ խաղաղութիւն քայքայեցաւ, եւ եղծումն եւ ապականումն զտեղի փոխաբերեաց… » [38] ։

Այդ իսկ պատճառով էլ պատմագիրն անզուսպ ատելությամբ է խոսում հայրենիքի դավաճանների, խռովարարների, ուրացողների մասին։

Դրասխանակերտցին ղեկավարվել է այն հայտնի դրույթով, ըստ որի՝ պատմագրի պատքն է սերունդներին հաղորդել ոչ միայն այն, ինչը մարդուն արատավորում է ու դատապարտում, այլեւ այն ամենը, ինչ արժանի է գովասանքի։ Նա գտնում է, որ մարդկանց բնութագրելիս չպետք է լինել միակողմանի։

Այսպես․ Գագիկ Ապումրվան Արծրունու մասին գրում է․ «Յայնմ ժամանակի իմաստութեամբ երեւելի էր» [39] ։ Սակայն, երբ նա իր փոսա Աշոտ Արծրունուն եւ նրա եղբայրներ Գագիկին ու Գուրգենին բանտարկում է, պատմագիրը նրա մասին գրում է․ «…յանգուցանէր նանրական եւ նենգ խորհրդով» [40] ։ Հետագայում երբ նույն այդ Ապումրվանը Թուղխ գյուղի մոտ դավաճանում է Սմբատ Ա-ին եւ վերջինս պարտություն է կրում Միջագետքի կուսակալ Ահմադից, պատմագիրը նկատում է, որ Գագիկ Ապումրվանը «նենգապատիր խաբեությամբ քաղցրացոյց ի կամս արքայի… դրժադաւ իշխանն Գագիկ ջանայր զիրս նենգութեանն ի տիրոջ սրտին ընդ գրուանաւ թագուցանել» [41] ։

Գագիկ Արծրունու եղբայր Գուրգենի՝ Յուսուֆի մոտ գնալու կապակցությամբ գրում է․ «…անփորձ եւ անկիրթ մտօք համոզել զոստիկանն վասն աշխարհս մեր գալոյ եւ ելանելոյ»։ Մեկ ամիս հետո, ըստ պայմանավորվածության, Գագիկն է գնում Յուսուֆի մոտ, այդ առթիվ գրում է․ «հորդել յարդարել զչու ճանապարհին ի Հայս եւ առ հասարակ զիրերաց զվրէժ խնդրել յարքայէն Սմբատայ։ Ոչ իմացեալ, եթե հուր հրդեհեալ յոր կողմ եւ կարէ նիւթ լուցկեաց գտանել՝ անչառապէս ճարակի յայրել եւ յապականել» [42] ։

Ի դեպ, Յուսուֆի մոտ կապանքներում գտնվող պատմագիր կաթողիկոսը մեծ ակնկալություն էր ունեցել, որ Գագիկը կմիջնորդի իրեն ազատելու, սակայն իզուր, ասում է Դրասխանակերտցին, Գագիկի գալուց հետո իրեն սկսել են ավելի չարչարել։

Գագիկ Ա Արծրունու մասին պատմագրի ունեցած կարծիքի փոփոխման եւ դրա պատճառների մասին կասվի հետո։

Նշելով, որ խալիֆաթը եւ Բյուզանդիան ի վիճակի չէին Սմբատ թագավորին օգնելու, քանի որ զբաղված էին ներքին ապստամբությունների ճնշմամբ, Դրասխանակերտցին դառնացած արձանագրում է, թե Սմբատի դրությունը անելանելի էր դարձել, նրա համախոհ իշխանները զոհվել մարտերում, մնացածները լքել էին նրան, իսկ ոմանք ահից անցել էին թշնամու կողմը [43] ։

Սմբատի ողբերգական մահից հետո դրությունը երկրում ավելի է սրվում, ներքին ու արտաքին թշնամիները ավելի սանձարձակ են գործում։ Աշոտ եւ Սմբատ գահակալների ջանքերով ձեռք բերած անկախությունն ու պետականությունը խիստ վտանգված էր։ Սմբատին հաջորդած Աշոտ Բ Երկաթը մեծ դժվարությամբ, կարողանում է ամրապնդել իր դիրքերը եւ դաժանորեն հաշվեհարդար տեսնել արտաքին եւ ներքին թշնամիների նկատմամբ։

Աշոտ Երկաթը նախքան սպանությունը «… իբրեւ զարծուի սաւառնաթեւ սլացեալ ընդ օդս, այնպես սրավարեալ խոյանայը զկնի գիշատեալ այլազգեացն… եւ նախ քան զամենայն ինչ փոքր մի վայրկեան ժամանակի յինքն առ հասարակ գրաւեալ նուաճեր զբոլոր իսկ ամրոցս տէրութեան հօր իւրոյ, զոր առեալ կալեալ էր ոստիկանին։ Եւ ամենայնիւ յամենայնի աներկիւղաբար սրտի գրեթէ զԵղիական պատերազմն յարդարէր ընդդեմ հակառակամարտիցն…» [44] ։ Այնուհետեւ տալիս է Աշոտի հաղթանակները Բագրեւանդում, Շիրակում, Գուգարքում, Տփխիսում, Տաշիրում, Արշարունիքում եւ ավելացնում է «Եւ յայնմհետեւ ոչ եւս յաւելին ելանել ապականրիքն յաշխարհ տէրութեան նորա» [45]:

Նույնգոհունակությամբ նա գրում է․ Աշոտը «…բազում մրցմունս եւ արիական քաջութիւնս ընդդէմ բոլոր թշնամեացն մարտիւ կարգէր՝ ոչ միայն ընդ Սառակինոսացն, այլ եւ ընդ Վրաց եւ ընդ Գուգարաց, որք ապիրատս զնմանէ խորհէին» [46] ։

Աշոտը «…հնազանդեցուցանէր զամբարտաւան եւ զբիրտ ապստամբութիւն նոցա ընդ լծով ծառայութեան իւրոյ» [47] ։

Աշոտ Երկաթի գործադրած խստությունը սակայն, ինչպես երեւում է, մեր պատմագրին այնքան էլ դուր չեն եկել։ Առանձին դեպքերում նա Աշոտի վարքագիծը դատապարտում է, եւ դա թերեւս բացատրելի է։ Ըստ Դրասխանակերտցու, այդ խստությունները կարող էին խոչընդոտել իր քարոզած միասնության կոչին։

«Իսկ ես ի խաղաղութիւն միշտ խօսեի ընդ իւրաքանչիւրսն՝ որպէս միանգամայն եւ երկիցս եւ երիցս» [48] ։

Գեղարքունիկի տեր Վասակի կապակցությամբ, որը իբրեւ թե Աշոտ սպարապետին «ամենայն խորամանկ խորհրդովք» թուղթ էր գրել, եւ թագավորի կողմից բանտարկվել էր։ Դրասխանակերտցին գրում է․ « Իսկ ես թէպէտեւ սաստկագոյն բան յանդիմանութեան ի վերայ ածեալ թագաւորին՝ պաշարեցի զնա կշտամբութեամբ մեծաւ վասն ստելոյ ուխտին երդման եւ կապելոյ զՎասակն եւ ընդ իւրով ձեռամբ զտերութիւն նորա նուաճելոյ… » [49] ։

Նկարագրելով թագավորի դեմ նրա աներոջ՝ Սահակի, նրա որդու՝ Գրիգորի ապստամբությունը, վերջիններիս պարտությունը եւ աներոջ կուրացումը, պատմագիրը նշում է, որ ավելորդ ու վնասակար է այդօրինակ դաժանությունը, քանի որ նման արարքները միայն ժնում են անվստահություն եւ ստվարացնում թագավորի հակառակորդների շարքերը [50] ։

Աշոտը մեր պատմագրի կամքին հակառակ է գործել, իսկ ահա Գագիկ Արծրունին, որ այդ ժամանակ զղջացել էր եւ չնայած «զթագաւորել Հայոց ոստիկանն նմա հաւատար» բայց նա չտանելով ոստիկանի գազանությունները, իր համախոհներով թողնում հեռանում է նրանից, որից հետո նրանք դառնում են ոխերիմ թշնամիներ։ Ահա այդ ժամանակից էլ Գագիկը գործել է մեր պատմագրի կամքով։ Աշոտի վարվելակերպն այպանելով՝ Հովհաննես կաթողիկոսը բարձրացնում ու օրինակելի է համարում Գագիկի գործունեությունը։ Չէ՞ որ նա միարար քաղաքականությամբ կարողացավ իր շուրջը համախմբել ամբողջ Վասպուրականի ուժերը եւ դիմակայել արաբ բռնակալների բոլոր ոտնձգություններին, քիչ հոգսեր չպատճառելով նրանց։ Իսկ Աշոտը, որ փորձում էր վերջ տալ կենտրոնախույս ուժերի ակտիվ դրսեւորումներին, ընդհակառակը, մեկուսացվում էր, այս դեպքում արդեն ոչ թե օտար բռնակալների, այլ հենց իր իսկ հպատակ իշխանների կողմից, որոնցից շատերին ինքն էր իշխանություն տվել։

Պատահական չէ, որ մեր պատմագիրը իր ծերության օրերը անց կացրեց Վասպուրականում, գերադասելով ապրել « մեծ թագաւորն » Գագիկի նահանգում [51] ։ Նա վերջինիս դիտում էր իբրեւ «…թագաւորն Հայոց Գագիկ» [52] ։ Մի տիտղոս, որ Աշոտի վերաբերմամբ ոչ մի անգամ գործ չի ածել։

Պատմագիրը մեծ գոհունակությամբ ու հպարտությամբ է խոսում այն ժամանակաշրջանների մասին, երբ իր հայրենիքում խաղաղություն է տիրել, երկիրը բարգավաճել է, հայերը հաղթանակել են օտար բռնակալների դեմ մղած պատերազմում։

Դրասխանակերտցին էլ է նպատակ ունեցել հայրենիքի անցյալի փառքով դաստիարակել իր ժամանակակիցներին ու հետագա սերունդներին, պատվաստել սեր եւ նվիրվածություն հայրենիքի հանդեպ։

Տիգրանը «…զսահմանս հայրենի գրոհին ի հինն մեր հասուցանէր յեզերս ծայրից բնակութեանց, եւ յազգս մեր եւս քան զեւս բարձրացունացէր ճոխացուցեալ․ եւ որք ընդ լծով հարկի այլոց ոմանց էին կացեալք՝ ամենեցունց նոցա լծադիր եւ հարկապահանջ լինէր։ …Այսպէս էր սա մեծիմաստ եւ պարկեշտ եւ մեծաջան եւ նազելի ի գնացս եւ ի գործըս զկեանս իւր էր քաղաքավարեալ․ այլ եւ ի հաւասարասիրութիւն առ ամենեսեան զինքն կշռադատեալ՝ այսպէս եւ անդր եւս քան զայլս լցեալ էր սորա բարի մրցանաց հանդէսք․ եւ բան գովեստից սորա բազում ճառից պիտոյ է…» [53] ։

Հիմնական նյութը վերցնելով Խորենացուց եւ տալով Վաղարշակի գործունեության մասին շարադրանքը, Դրասխանակերտցի ընդգծում է․ «… այսպէս կենահաղորդս լինել ընդ միմեանս աննախանձ եղբայրութեամբ, որ է առիթ շինողութեան եւ խաղաղութեան։ Արդ սա յետ այսպիսի գեղեցկայարմար կարգաց յօրինուածոց բորի եւ բարգաւաճ անուամբ մեռանի» [54] ։

Մուավիա խալիֆի ժամանակ Հայաստանում իշխած Գրիգոր Մամիկոնյանը «․․էր այր բարեպաշտ եւ երկիւղած յԱստուծոյ, առաջնորդ գտեալ յոքնապատիկ կարգաց եւ ուղղութեանց, շինութեան եւ խաղաղութեան, ապահովութեան, եւ բարեմասն լրութեան» [55] ։ Հայերի այդ ժամանակվա ինքնավարությունը Դրասխանակերտցին անվանում է « իշխանական պետութիւն » [56]:

Իշխանաց իշխան Աշոտ Բագրատունին «…մեծիմաստ եւ քաղցրաբան, եւ առ կերակուրս խրախճանաց պարկեշտ, ոչ խանդացեալ նորա ընդ լաւագոյնսն եւ ոչ արհամարեալ զնուաստագոյնսն, այլ հասարակաց զիւր եւ ապա զամենեցուն կենցաղս․ միանգամայն իսկ ասել, եթէ որ ինչ մարդկութեանս է պիտանի ոչ ինչ կասեցուցանէր» [57] ։ Թագադրվելուց հետո էլ «…բազում եւ երեւելի կարգս յարդարէր աշխարհի տէրութեան իւրոյ, յորինուածս տանց ազգաց, քաղաքաց, շինից, դաստակերտաց, եւ հարթահաւասար ըստ իւրաքանչիւրոցն կատարէր կարգս լեռնականաց եւ ջերմահովիտ բարեխառն դաշտականաց, եւ զամենայն տափարակ տեղիս՝ ագարակս եւ գոմս գնէր․ եւ զմարմանդս յայգիս եւ ի բուրաստանս զարդարէր․ եւ զամենայն որ ինչ օրէն է թագաւորութեան եւ որ ինչ ի թագաւորութեան եւ որ շուրջ զթագաւորութեամբ ոչ ինչ իւիք կասեցուցանէր, եւ գրեթէ հարստագոյն եւ խոհեմագոյն քան զամենայն թագաւորութիւնս գտանէր։ Եւ այսպէս ի նորոգատուր թագաւորութեանն բարձրացուցանէր զազգս Թորգոմեան» [58] ։

Հիացմունքով է խոսում պատմագիր եւ Սմբատ Ա-ի մասին։ Սմբատը «…թգտեալ աճեցուցանէր զշավիղ տէրութեան իւրոյ յարեմտից հիւսիսոյ մինչեւ ցԿարնոյ քաղաք, եւ անդր եւս քան զԿղարջս՝ քերեալ մինչեւ առ ափն ծովուն մեծի, եւ մինչեւ ցսահմանս Եգերացւոց եւ մինչեւ ցստորոտ մեծի լերինն Կովկասու, զԳուգարացիս եւ զԾանարս մինչեւ ցԴուռն Ալանաց, առեալ եւս յինքն եւ զամրոց դրան պահակի նոցա, եւ անտի ի հարաւակողմն կոյս զԿուր գետով մինչեւ ի քաղաքն Տփխիս եւ զՈւտի գաւառ մինչեւ ի քաղաքն Հունարակերտ եւ մինչեւ ի Տուս եւ ի Շամքոր։ Եւ այսպէս ընդարձակեալ զսահման տէրութեան իւրոյ, որ ընդ լծով արքունի սակից եւ բեկարաց եւ կանգնէր» [59] ։

Նա ոչ պակաս հիացմունքով է խոսում եւ հայերի՝ թշնամու դեմ պայքարում ցուցաբերած քաջագործությունների ու խիզախության մասին։

Նկարագրելով Յուսուֆի ներխուժումը Սյունիք եւ կարծեք հակադրելով Արծրունիների դավաճանությանը, Դրասխանակերտցին Սյունյաց իշխանների մասին գրում է․ «Իսկ գահերեց գլխաւոր իշխանն Սիւնեաց համազուն եղբարբքն իւրով եւ համագունդ զօրօք աճապարեալ ունեին զանցս մտիցն եւ զկիրճս ճանապարհացն արիաան քաջութեամբ ըստ հոյակապ անուանակիր հռչակութեանն՝ զէն ի վեր առեալ, առ նա զէն վառեալ եւ զբազումս թաւագլոր խաղացուցանէին» [60] ։

Սյունեցիների «Զայս ամենայն ոյժ պնդութեան տեսեալ չար ոստիկանին ըստ ամենայն կուսակալութեանց, եւ ահագին իմն զայրագնաբար մռմռեակ մղձկալ սրտիւ ի թեթեւագոյնս անդր զթոյնսն թափէր» [61] ։

Աշոտի զորավարներից Գեւորգ անունով մեկը (Մուրացանի՝ Գեւորգ Մարզպետունին) քիչ ուժով պարտության է մատնում թշնամու հազար հոգուց բազկացած զորագունդը։ Գեւորգը «…քաջապինդ քաջողութեամբ սրտի ընդդէմ նոցա արիաբար շահատակեալ՝ ձի ի ներքս տանէր եւ բազումս ի նոցանէ թավալգլոր խաղացուցանէր» [62] ։

* * *

Դրասխանակերտցի պատտմագիրն էլ Ղեւոնդի նման դեմ է ապստամբությանը՝ ելնելով ինքնուրույնության եւ խաղաղության պահպանման շահերից։

Սեւադա անունով մի պարսիկ, որի կինը Բագրատունիների տոհմից էր եւ տիրում էր Հայաստանի որոշ շրջանների, ապստամբում է Հոլ ոսըիկանի դեմ։ Նրա հետ էին եւ Սմբատ սպարապետը, Սյունաց Սահակ իշխանը եւ «այլ եւս ազատագունդ տեարք»։ Հոլը նրանց «չարությունը» կանխելու նպատակով Դավիթ կաթողիկոսին ուղարկում է ապստամբների մոտ բանակցելու։ Գրում է, թե «…ընդէ՞ր եւ կամ վասն է՞ր իրիք այդպէս զօշաքաղութեամբ իմիք հպարտացեալ խրոխտայք դաւել զիս․ թե ոչ զիս՝ ասէ, կամիք ընդունել, վայրացդ ելիցդ իմ տեղի տուք ի բաց գնալով, զի է ձէնջ աներկիւղաբար չու արարեալ երթեալ դնացից» [63] ։ Դավիթը «…բազում բանիւք զնոսա համոզեալ եւ աղաչեալ, ոչ կամեցան լսել․ ընդ որ յաւէտ ապա տրտմեալ գնայր» [64] ։

Եվ ինչ, ապստամբները չեն լսում Դավթին ու չարաչար պարտություն են կրում, Սահակը սպանվում է, իսկ Սմբատը եւ Սեւադան «հազիվ ճողոպրեալք անձնապուրծ փախչէին»․

Ողբալով հայրենիքի վիճակը եւ ցույց տալով, որ դրանում մեղավոր են ոչ միայն օտար նվաճողները, այլեւ նահանգական հայ թագավորներն ու իշխանները, որոնք փոխանակ միաբանվելու թշնամու դեմ, եղբայրասպան պատերազմներ էին մղում միմեանց դեմ, Դրասխանակերտցին մեղադրում է նաեւ «նուազունքներին» եւ «ծառայքներին» «…վասնզի նուազունքն քան զմեծամեծսն ձեռներթց լինել ջանային, եւ ծառայքն ըստ Սողոմոնի հնարէին, զի զտեարս տրեխավորեալ՝ ի գետնի գնացուսցեն եւ ինքեանք ելցեն յերիվարս ահիպարանոցս եւ առաթուր հարողս՝ խրոխտացեալք եւ սոնքացեալք եւ սոնքացեալք մեծաւ ապստամբութեամբ» [65] ։

Կարծում ենք, որ պատմագիրը նկատի ունի հասարակության ստորին խավերին, հիմնականում գյուղացիության՝ X դարի սկզբին ծավալած ապստամբական շարժումը Այրարատում։

Այս վկայությունը չափազանց կարեւոր է գյուղացիական այդ ապստամբության բնույթը եւ զարգացման աստիճանը լուսաբանելու հանար։

Որ իսկապես գյուղացիության վիճակը անտանելի ու անելանելի է եղել, վկայում է հենց ինքը կաթողիկոս պատմագիրը։

«Ըստ հարուածոցս» դաժանութեանց եւ տարերքս եւս յեղափոխեցին ի մեզ զդառն առարկութիւն չարի, վասն զի բարեխառն օդք հիւսիսայինք ի դառնաշունչ հողմ հարավային շրջեցան․ եւ քաղցր եւ հշետալի գարուն ի ձմեռային սգաւորութիւնս յեղանակեցաւ․ եւ քաղցր եւ հեշտալի գարուն ի ձմեռային սգաւորութիւնս հեղանակեցաւ։ Յայնժամ երկրագործք մեր բազմայորդորք էին ի վաստակս ձեռաց իւրեանց, իսկ այժմ լքեալք եւ ընդարմացեալք շտեալք յայնժամ շտեմարանք զեղեալք, իսկ այժմ դատարկացեալք եւ ամաչեցեալք անդ հօտք արօտականք ծաղկաւէտք խայտացեալ աստ խամրեալ եւ յոյժ պակասեալ յայնժամ դաշտք պարարտութեամբ լցեալ, իսկ այժմ տխրութեամբ անդ եւ հովիտք բազմացուցեալ ցորեան, աստ կարկտիւ եւ չար ուղխիւք հեղեղեալ   թէ եւ գտանի ուրեք պտղեղութիւն անդ լերինք զցնծութիւն զգեցեալ, իսկ արդ անզարդացեալ առ ի չգոյէ արօտականաց։ Տասն լուծք եզանց գործեցաք, եւ սափոր մի մեզ տուաւ, սերմանեցաք եւ ոչ հնձեցաք տնկեցաք եւ ոչ կթեցաք։ թէ շտեմարանեցաք ինչ, եւ զայն եւս այլոց թողաք մեք վաստակեցաք, եւ այլք ի վաստակս մեր մտին » [66] ։

Պատմագիրը վկայում է, որ Սմբատ Ա թագավորը խալիֆայությանը հարկը վճարելու համար ստիպված է եղել «…հինգերորդել հրամայէ զամենայն երամակս ձիոց եւ զանդեայս արջառոց եւ զհօտս ոչխարաց՝ եւ բերեալ, զի թէ միովն յարքունուստ խաղաղութիւն գտցի, չորիւքն դիւրալ զապրուստ անձանց մարթի վճարել» [67] ։

* * *

Դրասխանակերտցու երկը քրիստոնեական հավատի փառաբանության բազմաթիվ էջեր ունի, որոնցում փառաբանելով ճշմարիտ հավատացյալներին՝ ծաղրում է ուրացողներին։ Պատմագիրն այդ թշվառականներին հակադրում է դավանանքի համար մարտիրոսաբար շատ նահատակվածներին։ Թշնամին գործադրում է չտեսնված գազանություններ, սակայն գերեվարվածներից շատերը արհամարում են տանջանքները եւ համարձակ դիմում են մահվան։ Դրանց թվում էին Դավիթ եւ Գուրգեն Գնունի եղբայրները, որոնց ոստիկանը խոստանում է իր տերության գրեթե կեսը տալ, թանկարժեք զգեստներ, ոսկեղեն կամար եւ մանյակ, ձիեր, զենք եւ զարդ նվիրել, եթե նրանք ուրանան իրենց կրոնը։ Երկու երիտասարդները պատասխանում են, թե մեր դավանանքը «…ոչ կամիմք փոխանակել ընդ ձերում ստութեանդ, որ ոչինչ իսկ են եւ յոչինչ համարեալ» [68] ։ Դրանից հետո նրանց տանջանքի են ենթարկում։ Նրանք «դիմեցին խաղաղութեամբ առ Աստուած ժամանեալք» [69] ։

Դրասխանակերտցին գոհունակությամբ արձանագրում է, որ «…իշխանք եւ նախարարք, որք ընբռնեալք գերեցան ի Բուխայէ՝ զայսու ժամանակաւ մի ըստ միջոցէ ի կարգ անկեալ չուէին յաշխարհ տէրութեան իւրեանց եւ ի սեպհականութիւնս եւ ի տունս եւ ապա մերկացեալ յանձանք իւրեանց զակամայ ուսմունս պիղծ օրինացն Մահմէտի՝ զքրիստոսաւանդ օրէնս հայրենիս առ հասարակ բարձրացուցեալ բերէին յանձինս իւրեանց, ոչ ի ծածուկ երկիւղիւ ինչ՝ այլ իբրեւ եւ վերայ բարձր տանեաց քարոզէին զՔրիստոսի աստուածապաշտութիւնն» [70] ։

Արաբ բռնակալների գազանություններն ու դառնություններն իր սեփական կաշվի վրա զգացած պատմագիրը անհուն ատելությամբ է խոսում նրանց մասին։ Նկարագրելով Բուղայի ավերածություններն ու գազանությունները, նրան «չար գազան» է համարում [71] ։ Ատրպատականի կուսակալ Ափշինը «…իբրեւ զանգայռագեղ գազան (վանդակից դուրս) զայրագնութեամբ մռմռեալ ընդդէմ Սմբատայ… գալ եւ մղձկեալ յախտ դժնդակ ցաւոց, ջեռաւ փոր նորա եւ տրորեալ գոգոց նորա ի վայր քամեալ մղէին յորովայնէ անտի կոտորումն աղեաց նորա․․ Եւ այսպէս հեղձամեղձուկ սատակեալ՝ էջ ի դժոխս անհնարին դառնութեամբ» [72], գոհունակությամբ արձանագրում է Դրասխանակերտցին եւ գրում է, որ դա հայերի աղոթքի հետեւանքն էր։

Ափշինը «խորամանկ սատանա» է [73] ։

Ափշինին փոխարինած Յուսուֆ ոստիկանը «իբրեւ զանգայռագեղ առիւծ մռմռեալ» էր [74] ։ Նա «հին վիշապ» է [75] ։

Արաբները «…զգազանս չորչորս եւ զգայլս յափշտակողս եւ զհեթանոսս ապստամբս եւ զբարբարոսս վայրենիս» են [76] ։

Նկարագրելով խալիֆայության ներքին կռիվները, պատմագիրը ավելացնում է․ «Եւ յիրաւի թմբրութիւն չարեաց անզգամութեան նոցա ըզողկոյզս դառնութեան լեղւոյ ճմլէր ի հնձանս Սոդոմայ» [77] ։

Ընդհանրապես նկատեք, որ իր ապրած ժամանակաշրջանի արաբների մասին ամբողջ շարադրանքն արտահայտում է Դրասխանակերտցու ցասումն ու ատելությունը այդ բռնակալների նկատմամբ։

* * *

Դավանանքի հարցերում հույներին ոչինչ չզիջող Դրասխանակերտցին, սակայն քաղաքական կողմնորոշման բնագավառում Բյուզանդական կայսրության ջատագովն է, եւ այդ վերաբերմունքը կարմիր թելի պես անցնում է ամբողջ երկով մեկ։

Վերեւում սկսվեց Կոստանդնուպոլսի պատրարքի՝ պատմագրին գրած նամակի եւ վեջինիս կայսրին գրած նամակի՝ գրքում ղետեղելու նկատառումների մասին։ Ավելացնենք միայն, որ վերջինում տրված է կայսերի գովքը եւ պատմագրի ակնկալությունները նրանցից։

Բյուզանդական կայսրերը Բագրատունի գահակալներին իրենց որդի էին համարում։ Սմբատը հաջորդելով հորը «…ըստ հայրենի կարգացն ուխտի ոչ զատէր զինքն ի սիրընթաց մտերմութենէ կայսերն Հոռոմոց Լեւոնի՝ ընծայիւք բազմօք եւ նուիրական պատարագօք զնա մեծարեալ ըստ հեզահամբոյր հանդարտութեան իւրոյ։ Վասն որոյ եւ կայսր ոչ եթէ զինուց եւ զարդուց եւ ոսկէհուռ՝ հանդերձ զգեստուաց… զի որդի սիրելի կայսր զՍմբատ իւր անուանէր՝ սիրալիր դաշամբք ուխտից» [78] ։

Պատմգիրը ընդգծում է բյուզանդական եւ հայ գահակալների փոխադարձ հարգանքն ու սերը, ուխտն ու դաշինքը։

«Ի վերայ այսոցիկ, - գրում է Դրասխանակերտցին, - բարեբաստութեանց թագաւոր Հոռոմոց Լեւոն ոչ ինչ սակաւ նախախնամէր զարքայ Սմբատ իբրեւ զորդի սիրելի անքակութեամբ ընդ նմա բերելով յուխտ միաբանական սիրոյ, եւ բազում ընծայս եւ պարգեւս եւ պատիւս ամ յամէ առաքէր։ Իսկ եւ Սմբատ ի շնորհակալությիւն բարերարութեանն արքայի Հոռոմոց առատաձիր պարգեւօք հատուցանէր զդարձ փոխարինին տասնապատիկ յաւելուածով՝ իբրեւ վեհագունի քան զինքն եւ հօր հարազատի» [79] ։

Դրասխանակերտցու նպատակն է ցույց տալ, որ իբր կայսրերը հոգացել են Հայաստանի համար, իրեն եւ Աշոտին շտապ հրավիրել են իրենց մոտ, որպեսզի միասին տնորինեին « հասարակաց օգուտ ս»։ Պատմագիրը, սակայն, չի բացահայտում կայսրերի այդ վարքագծի դրդապատճառները։ Նրա նպատակն է եղել ժողովրդին հուսադրել թշնամու դեմ պայքարում, ցույց տալ, որ խալիֆայության քայքայման պայմաններում կայսրության օգնությունը վճռական նշանակություն կունենա հայերի համար։ Պատահական չէ, որ նա գրում է եւ խալիֆայության ներսում ծավալված ներքին կռիվների, ապստամբությունների մասին, միաժամանակ ընդգծում կայսրության հզորությունը։

Կայսրությունը համարելով «պերճ եւ պանծալի հզոր թագավորություն» Հովհաննես կաթողիկոսը գրում է․ «Եւ օգնականութեամբ ձերով մեծաւ եւ փառօք եւ շնորհօք պատրաստեսցուք զՀայաստանեայցս ժողովուրդ՝ կազմեալ նախ Տեառն եւ ապա ձեզ կամօքն Աստուծոյ» [80] ։

Երեւում է, Դրասխանակերտցին մեծ հույսեր է կապել կայսրության հետ եւ չի տեսել կամ չի ցանկացել տեսնել նրա նենգ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ։

Պատմագիրը ցույց է տալիս, նաեւ, որ հայ-բյուզանդական դաշինքը վախեցրել եւ զայրացրել է թշնամուն։

* * *

Պատմագիր Դրասխանակերտցու ջերմ հայրենասիրությունը ամենից ցայտուն դրսեւորվել է իր հայրենիքի եւ ժողովրդի դառն ու ողբալի վիճակի նկարագրություններում, որոնք զգալի տեղ են գրավում երկում։ «Եւ անդ էր ապա տեսութիւն ողորմելի եւ ողբք անհանդուրժելիք, - գրում է նա, - եւ լալումն անտանելի եւ բախումն կրծից եւ կքումն արտեւանաց եւ դողումն անձին եւ սարսափումն սրտի եւ ճչումն կոծոյ եւ ցտումն դեղոյ եւ խզումն հերաց։ Իսկ ոչ պիտանացուսն ի գործ վաճառաց եւ կամ Սոդոմայական արբանեկութեանց ի մետաղս եւ ի բանտս եւ ի շղթայս տարեալ մղէին՝ սաստիկ տանջանարանօք խոշտանգեալ, եւ ըստ Հոմերական օտար  կանոնի ի փարթամէն եւ ի փանաքէն զնոյն կշիռ միապէս պահանջէին գանձս ոսկւոյ եւ արծաթոյ։ Եւ միանգամայն իսկ զմեծս եւ զփոքունս ի մի տանջանս մահու դատապարտեալ սպառէին սպանմամբ յաշխարհէ աստի…» [81] ։

Վերեւում բերվեց երկրագործների համար ստեղծված անտանելի դրության նկարագրությունը։ Դրա շարունակության մեջ պատմագիրը գրում է․ «Ապա այնուհետեւ սկիզբն առնոյր սովն կորստական եւ ապականէին առ հասարակ Այրարատեան աշխարհիս ծնունդք ի քաղաքս եւ ի գիւղս եւ յագարակս՝ իբրեւ զդիակունս գունատեալս եւ լքեալս դանդաչէին։ Եւ այլք ի փարթամաց առ սակաւ սակաւ զիւրեանց ստացուածս վատնեալք ընդ աւուրն պարենի՝ ի վերջին տնանկութիւն հասանէին եւ յաւէտ յաղքատութիւն եւ ի կարոտութիւն։ …Իսկ ոմանք զսիրելի որդեակս իւրեանց ընդ սակաւիկ ինչ ռոճկաց թշնամեացն վաճառեալ ի տագնապէ վտանգին՝ ոչ յիշեցան նոցա աղէկոտոր խնամք ծնողականաց։ …Դողումն եւ սոսկումն եւ սարսափումն աստանօր զիս պատեալ պաշարէ ի բանէս, որ առաջի կայ ասել․ զի մարդք հաւատարիմք ստուգեցին մեզ բանս ճշմարիտ, եթե մարք ոմանք զսովամահ որդւոց իւրեանց մարմինս ի կերակուր իւրեանց պատրաստէին․ եւ այլք զընկերակիցս իւրեանց գաղտակծութեամբ իմն իբրեւ զոչխար ի սպանդ վարեալ՝ կերակուրս իւրեանց պատրաստէին» [82] ։

Պատմագրի կսկիծը մերթ այնքան սաստիկ է դեպի անմեղ զոհերը, որ նա ոչ միայն վշտալի սրտով պատմում է դառն իրադարձությունները, այլեւ ընդհատելով պատումը՝ մարգարեական եղանակով, նաեւ մարգարեների խոսքերով, քնարական զեղումներով ողբում է հայրենիքի ավերումը, ժողովրդի ոչնչացումը եւ թշվառությունը։ Դրասխանակերտցին ընդգծում է, որ ամենից ծանր ու թշվառ է եղել անպաշտպան ռամիկի վիճակի։

Ոչ միայն նվաճողները, այլեւ հայ իշխանները միմյանց դեմ պատերազմելով, կոտորում ու գերեվարում էին բնակչությանը․ «…եւ սրոյ ճարակ զբերդապահնակսն տուեալ՝ եւ խաղացուցեալ զգաղթ զբնակչաց երկրին առհասարակ աղխիւ իւրեանց յամուրս տէրութեան իւրոյ, եւ զարտորայս նոցա, որ մերձ էր ի հունձս՝ տարաժամ զայն հնձեալ գերանդիւք եւ հրաբորբոք հրկիզեալ» [83] ։

Դրասխանակերտցին սակայն չի հուսահատվում։ Իր Պատմության վերջաբանում նա Հայաստանի թագավորներին, իշխաններին եւ մյուս մեծամեծերին կոչ է անում լսող լինել իր բաղաձայնության (միաբանության) խրատին, թողնեն իրենց անկարգ ճամարտակելը միմյանց դեմ, միաբան լինել, չլինեն հետեւող եղբայրասպան Կայենին։ Եվ այն ժամանակ, հավատացած է նա, ոչ թե թշնամիները հայերին, այլ հայերն իրենց թշնամիներին գետին կտապալեն։

Հովհաննես Դրասխանակերտցու Պատմությունը հիրավի ստուգապատում ու կարեւոր աղբյուր է Հայաստանի IX դարի երկրորդ կեսի եւ X դարի առաջին երկու եւ կես տասնամյակների պատմության ուսումնասիրության համար։ Իզուր չէ, որ նա Պատմության վերջաբանում գրել է․ « բոլորաձայն հնչմամբ հագագասփիւռ ձայնիւ դարուց ի դարս զայս ձեզ աւանդեալ ուղղախոհ իմացուածիւ» [84] ։


[1]     Դրասխանակերտցի, էջ 262-263:

[2]     Նույն տեղում, էջ 4:

[3]     Մ. Աբեղյանը հավանական է համարում, որ նկատի ունի Աշոտ Բ եւ Գագիկ Արծրունի թագավորներին (տե՛ս Հայոց հին գրականության պատմություն, Հ. 1, Երեվան, էջ 436):

[4]     Դրասխանակերտցի, էջ 362-363:

[5]     Նույն տեղում, էջ 3-4:

[6]     Մ. Աբեղյան, նշվ. Աշխ., Հ. 1, էջ 433:

[7]     Դրասխանակերտցի, էջ 183:

[8]     «Թովմա վարդապետի Արծրունւոյ Պատմութիւն տանն Արծրունեաց», Թիֆլիս, 1917, էջ 391: (Այսուհետեւ՝ Թովմա):

[9]     Դրասխանակերտցի, էջ 170:

[10]    Կ. Քիպարյան, Պատմութիւն հայ գրականութեան, Վենետիկ, 1944, էջ 221-222:

[11]    Մ. Աբեղյան, նշվ. Աշխ., հ. 1, էջ 435:

[12]    Գանձակեցի, էջ 82:

[13]    Թովմա, էջ 193:

[14]    Միանգամայն իրավացի է Մսեր Մսերյանը, որը խիստ քննադատել է Մ. Չամչյանին (եւ նրան հետեւող հայ ու եվրոպական հայագետներին) այն բանի համար, որ իբր Դրասխանակերտցին իր պատմության առաջին մասը գրել է մինչ կաթողիկոս դառնալը, իսկ երկրորդը մասը՝ կաթողիկոս դառնալուց հետո, ընդորում՝ առաջին մասը գրելու ժամանակ նա թշնամի է եղել քաղկեդոնականությանը, իսկ երկրորդը գրելիս իբր «յաւէտ հաճեալ ընդ նոսա»:

      Նման պնդման պատճառը Մսերյանը համարում է «նախանձ առեալ սորա վասն եկեցեցւոյն Հռովմայ՝ տեսանել գուն գործէ յամենայն ի մատենագիրս Հայոց զդաւանութիւն վարդապետութեան իւրոյ եկեղեցւոյ» Նախերգանք, էջ Զ:

[15]    Ասողիկ էջ 160:

[16]   Նույն տեղում, էջ 168:

[17]   Դրասխանակերտցի, էջ 299-300

[18]    Մ. Աբեղյան, նշվ. Աշխ., հ. 1, էջ 436:

[19]    Նույն տեղում։

[20]    Դրասխանակերտցի, էջ 111:

[21]    Նույն տեղում, էջ 8-9:

[22]    Գ. Տեր-Մկրտչյան, Խորենացու Պատմութեան ուսումնասիրութիւն Վաղարշապատ, 1896, էջ 55:

[23]    Նույն տեղում, էջ 55-56:

[24]    Մ. Աբեղյան, նշվ. Աշխ., հ. 1, էջ 437:

[25]    Նույն տեղում, էջ 437:

[26]    Նույն տեղում։

[27]    Դրասխանակերտցի, էջ 4:

[28]    Նույն տեղում, էջ 209։

[29]    Նույն տեղում, էջ 210։

[30]    Նույն տեղում, էջ 293-294։

[31]    Այդ մասին Դրասխանակերտցու վկայությունը բերված է սույն աշխատության առաջաբանում, էջ 2-3։

[32]    Դրասխանակերտցի, էջ 257-258։

[33]    Նույն տեղում, էջ 267—268։

[34]    Նույն տեղում, էջ 258-259։

[35]    Նույն տեղում, էջ 299։

[36]    Նույն տեղում, էջ 177-178։

[37]    Նույն տեղում, էջ 256-257։

[38]    Նույն տեղում, էջ 259։

[39]    Նույն տեղում, էջ 172։

[40]    Նույն տեղում։

[41]    Նույն տեղում, էջ 174-176

[42]    Նույն տեղում, էջ 212։

[43]    Նույն տեղում, էջ 233-234։

[44]    Նույն տեղում, էջ 243։

[45]    Նույն տեղում, էջ 245։

[46]    Նույն տեղում, էջ 271։

[47]    Նույն տեղում, էջ 307։

[48]    Նույն տեղում, էջ 300։

[49]    Նույն տեղում, էջ 305։

[50]    Նույն տեղում, էջ 358։

[51]    Նույն տեղում։

[52]    Նույն տեղում, էջ 357։

[53]    Նույն տեղում, էջ 22։

[54]    Նույն տեղում, էջ 27։

[55]    Նույն տեղում, էջ 90։

[56]    Նույն տեղում, էջ 89։

[57]    Նույն տեղում, էջ 137-138։

[58]    Նույն տեղում, էջ 139-140։

[59]    Նույն տեղում, էջ 161-162։

[60]    Նույն տեղում, էջ 213։

[61]    Նույն տեղում, էջ 246։

[62]    Նույն տեղում, էջ 355։

[63]    Նույն տեղում, էջ 114։

[64]    Նույն տեղում։

[65]    Նույն տեղում, էջ 258։

[66]    Նույն տեղում, էջ 259-260։

[67]    Նույն տեղում, էջ 205։

[68]    Նույն տեղում, էջ 253։

[69]    Նույն տեղում, էջ 255։

[70]    Նույն տեղում, էջ 134։

[71]    Նույն տեղում, էջ 122։

[72]    Նույն տեղում, էջ 188-189։

[73]    Նույն տեղում, էջ 235։

[74]    Նույն տեղում, էջ 215։

[75]    Նույն տեղում, էջ 216։

[76]    Նույն տեղում, էջ 230։

[77]    Նույն տեղում, էջ 326։

[78]    Նույն տեղում, էջ 158-159։

[79]    Նույն տեղում, էջ  199-200։

[80]    Նույն տեղում, էջ 282։

[81]    Նույն տեղում, էջ 247։

[82]    Նույն տեղում, էջ 261-263։

[83]    Նույն տեղում, էջ 310։

[84]    Նույն տեղում, էջ 363։