Հեղինակ

Բաժին

Թեմա

ՂԱԶԱՐ ՓԱՐՊԵՑԻՆ ԵՎ ՆՐԱ ՊԱՏՄԱԳՐԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

V դարի պատմագիրների փայլուն համաստեղության ներկայացուցիչներից է Ղազար Փարպեցին։ Նրա պատմագրական ժառանգությունն այսօր նրարավորություն է ընձեռում շատ թե քիչ ամբողջական պատկերացում ունենալու հարյուրամյա (387-485 թթ․)քաղաքական բուռն իրադարձություններով հարուստ ժամանակաշրջանի, հատկապես Պարսկաստանի դեմ Հայ ժողովրդի մղած ժողովրդա-ազատագրական պայքարի պատմության մասին։

Պատմագիր Ղազար Փարպեցին այն երջանիկ բացառություններից է, որոնց նկատմամբ հետագա դարերն արդարադատ են եղել, կասկածի չեն ենթարկել նրա ժամանակի ու աշխատության հեղինակի հարցերը։

Փարպեցու մասին կենսագրական տեղեկություններ համեմատաբար ավելի են մեզ հասել քան մյուս պատմագիրների մասին։ Դրանք հիմնականում ամփոփված են մարզպան Վահան Մամիկոնյանին՝ նրա գրած «Ստախոս աբեղաների մեղադրությունը» նշանավոր «Թղթում»։

Փարպեցին ծնվել է Արագածոտն գավառի Փարպի գյուղում, մոտավորապես թվականների ժամանակահատվածում, հավանաբար միջին կամ կրտսեր ազնվականի ընտանիքում, որը թերեւս, ինչպես ենթադրում են, ազգակցական կապ է ունեցել Մամիկոնյան կամ Արծրունյաց տոհմի հետ։ [1] Հավանական ահդ ենթադրությանը հանգեցնում է այն իրողությունը, որ Ղազարին պատանի հասակում պահել ու դաստիարակել է Վահան Մամիկոնյանի մայրը, իր երեխաների հետ միասին Աշուշա բդեշխի կնոջ Անուշ-Վռամի գերդաստանում։ Վերջինս Վահանի մոր՝ Ձվիկի քույրն էր, իսկ Ձվիկը Վարդան Մամիկոնյանի եղբոր՝ Հմայակի այրին էր, Աղան Արծրունու քույրը։ [2]

  «Թղթում» Փարպեցին Վահանին գրում է, թե չնայած ինքը տարիքով ավելի մեծ է եղել, քան նա, բայց սննդակից եւ խաղակից է եղել նրանց, չտարբերելով իրեն Վահանից ու նրա եղբայրներից։ [3]

Միաժամանակ պատմիչը շեշտում է, որ Վահանն իրեն հրավիրել է Վաղարշապատ « ոչ իբրեւ զաղքատ զոք ի քեն եւ կամ զծառայ ուրուք, քանզի պարեգոտաւորք ազատեալ են ի Քրիստոս»։ [4]

Այս կապակցությամբ դժվար է համաձայնվել Հ․ Մանանդյանի այն կարծիքի հետ, որ անվերապահորեն գտնում է, թե «եթե Փարպեցին «ազատ»-ների կարգն էր անցել հոգեւոր կոչում ընդունելուց հետո, սակայն միեւնույն ժամանակ, ինչպես ինքն է վկայում, չի եղել «ծառայ ուրուք», ոչ էլ աղքատ ոք ի կազմածէն եւ մանկտւոյն» կարելի է վստահ կերպով ենթադրել, որ նա եղել է, հավանորեն «շինական» Փարպի գյուղից։ Ավելին, ըստ Հ․ Մանդադյանի, «Փարպեցու ծագման մասին այս նոր ու կարեւոր ենթադրությամբ ոչ միայն որոշվում է նրա շինական ծագումը, այլեւս լուսաբանվում է «շինական»-ների իրավական դրության հետաքրքիր մի առանձնահատկությունը։

Որպեսզի Փարպեցին կարողանար հոգեւորական դառնալ եւ ստանալ «ազատութիւն», որ հատուկ էր եկեղեցականներին, ինչպես տեսնում եք, հարկավոր է եղել նրան «ծառայություն»-ից զատել։ Եթե շինականները լինեին ազատ՝ դժվար թե հարկավոր լիներ նրանց ազատագրումը նախկին «ծառայութիւն»-ից։ [5] Բանը, սակայն նրանումն է, որ Փարպեցու վկայության մեջ խոսքը շինականին ծառայությունից ազատելու մասին չէ, այլ ամենայն հավանականությամբ՝ աշխարհիկ ծառայությունից ազատվելու եւ  հոգեւոր ծառայության անցնելու մասին է։Փարպեցուն այդ ծառայությանն է ծառայագրել Աղան Արծրունին։ [6]

Չի կարելի համաձայնվել Հ․Մանանդյանի նաեւ այն անվերապահ հարցադրամն հետ, որ իբրեւ թե Հին Հայաստանում եւ Հին Ռուսաստանում երեխաներին բռնի էին վերցնում դպրոց եւ, որ «Հայաստանում դպրոցներն էին հավաքում գերազանցապես շինականների որդիներին»։ [7] Ինչքան հայտնի է, հայկական եւ օտար աղբյուրները նման եզրակացության հանգելու հիմք չեն տալիս։ Նման փաստարկումը, հասկանալի է, հիմք չի կարող հանդիսանալ Փարպեցու՝ ազատների դասին պատկանելու հնարավոր ենթադրությունը ժխտելուն։

  Փարպեցու առաջին ուսուցիչը Վահան Մամիկոնյանի մայրն է եղել, որի մասին նա ասում է, որ նա երեւելի կին էր, մանավանդ մտավոր զարգացմամբ։ Հայաստանի բոլոր կականցից ամենաբարձրը։ [8]

Հետագայում նա իր ուսումնառությունը շարունակել է Վահանի քեռու՝ հոգեւորական Ազան Արծրունու մոտ։ Սնվել եւ ուսանել է, գրում է պատմագիրը առաքինի վարքեվ երանելի Աղանի մոտ, որ ազգով հայտնի եւ պատվավոր Արծրունյաց տոհմից էր։ [9]

Ուսման մեջ կատարելագործվելու նպատակով Ղազարին ուղարկել են Կոստանդնուպոլիս։ Այդ կապակցությամբ «Թղթում» նշում է, որ իր վարդապետների հրամանով իրեն ուղարկել Բյուզանդիա [10], ուր մնացել է մեկ տարի, իր կարողությունների սահմաններում պարապել է հունական գիտություններով, կարդացել է Աթանաս Ալեքսանդրացու, Կյուրեղ Ալեքսանդրացու, Կյուրեղ Երուսաղեմցու, Բարսեղ Կեսարացու, Գրիգոր Նազիազանցու, Գրիգոր Լուսավորչի եւ նրանց նմանների գրվածքները։ [11]

«Թղթի» առաջաբանում, որ ենթադրում են ուրիշի գրած է [12], նշված է, որ Ղազարը Հունաց երկրում գիտուն ու առաքինի մարդկանցից սովորել ու խոր տիրապետել է աստվածաբանությանը եւ վերադրձել հայրենիք, որ նա մանկության տարիներից մեծ ձգտում է ունեցել դեպի այդ գիտությունը- «երկրավոր արվեստը», «բանական գիտությունը»։ [13]

Բյուզանդիայում ձեռք բերած գիտելիքների համար երախտապարտ  Փարպեցին հիացմունքեվ այն համարում է «գիտության վտակներ»։ Կոստանդնուպոլսից եւ Հունաց աշխարհի բոլոր կողմերից, ասում է նա գիտության վտակները հորդացած բխում են, լավ սովորողները շտապում են այնտեղ գնալ կարարելագործվելու եւ մինչեւ այսօր էլ հորդանալով տարածվում են նրա բոլոր կողմերից իմաստության վտակները։ [14]

Վերադառնալով հայրենիք, Ղազարը գնացել է Կամսարականների մոտ, այնտեղ մնացել է մինչեւ Վահանի մարզպան դառնալը։ Դրանից հետո, խառնակությունների նեղությունից հոգնած, ցանկացել է աղոթքով պարապել-հոգեւորական դառնալ։ Գնացել է Սյոնիք, երկու տարի ձմեռն ապրել է մի քարայրում Մովսես կրոնավորի մոտ, ամառը՝ Սյունիքի քահանայապետ Մուշեղի մոտ։ [15]

Ընդգծված բառերից Մ․ Աբեղյանը ենթադրում է, որ Ղազարն էլ մասնակից է եղել պարսիկների դեմ Վահանի եւ Կամսարականների պայքարին։ [16]

Մարզպան նշանակվելուց հետո, երկրում կարգ ու կանոն հաստատելու նպատակով Վահան Մամիկոնյանը ձեռնարկել է մի շարք միջոցառումներ, դրանց թվում նորոգել է տվել Վաղարշապատի Կաթողիկե եկեղեցին ու միաբանություն ստեղծել, Սյունիքից հրավիրել է իր մանկության ընկերոջը՝ Ղազարին ու նշանակել վանահայր։ [17]

Ղազար Փարպեցին կարճ ժամանակում ընդհանուր ճանաչում է գտել ամբողջ երկրում։ Նրան բարեկամաբար հովանավորել են նախարարները, հոգացել վանքի ու պատմիչի անձնական կարիքները։

«Թղթի» առաջաբանի հեղինակը գրում է, թե ինչպես իմաստուններն ու մեծամեծերը վաճառականներից գնում են մարգարիտներ եւ պատվական հանդերձանք, որպեսզի բոլոր երեւելի մարդկանց մեջ հայտնի եւ փայլուն երեւան, այնպես էլ աստծու պատվերները կարդացող իմաստուն եւ գիտուն մարդիկ լսելով Ղազարի գիտության մասին՝ գովել են եւ ուրախացել նրանով ամեն ժամ՝ եկեղեցիները, սրբերի վկայարանները եւ վարդապետարանները (դպրոցները)։Նրա բերանից դուրս եկած աստվածային պարգեւները լսողների հոգիները փառավորվել են, տրամաբանական գիտությամբ հայրապետների եւ եպիսկոպոսների մեջ նա իբրեւ պայծառացյալ արուսյակ էր երեւում։ Նա ձեռքն էր վերցրել գիտության զենքը, որպեսզի հաղթող երեւա, որպեսզի իր վերադառնալուց հետո նորից նրա գիտության աղբյուրից մարդիկ դարձյալ խմեն եւ արդարության պտուղ բերեն աստծուն։ [18]

Իր բարի համբավով եւ գրաված դիրքով Ղազարը, շուտով նախանձ է առաջացնում իրեն շրջապատող հետադեմ հոգեւորականության մեջ։ Այդ նախանձն ատելության է վերածվում։ Նրան վարկաբեկում են, զրպարտում, սուտ մեղադրանքներ ներկայացնում։ Ոգեշնչվելով այն հանգամանքից, որ Ղազարն այլեւս ոչ ոքի կողմից, հատկապես Վահանից եւ կաթողիկոսից պաշտպանություն չի գտնում, հակառակորդները հարձակվում են նրա վրա, բռնագրավում են ամբողջ ունեցվածքը  եւ վանքից դուրս քշում։

Այդ կապակցությամբ նա Վահանին գրում է, թե իր հակառակորդները, երբ տեսել են, որ նա այլեւս չի հովանավորում իրեն, մերկ դուրս են հանել իրեն, թշնամաբար խլել են, ինչ մանկությունից ստեղծած էր ինքը, անգամ լատիներեն գրերը իրեն չեն տվել։ Այդ պատճառով տրտում է, անմխիթար մինչեւ մահը, որ գայլերի նման հարձակվել էին իր վրա եւ անխնա գիշատել։ [19] Ցավով նկատում է, որ ինքն այն Ղազարն է, որին Վահանը եւ շատերն անփոխարինելի էին համարում, իսկ հիմա նախանձից շատները ջանում են իրեն փոխարինել եւ ավելացնում է, բայց եթե կարողանան։ [20]

Կաթողիկոսի մասին, որի անունը չի տալիս, բայց Մ․Աբեղյանի ենթադրությամբ, Բաբկենը պետք է եղած լիներ, եւ որին Ղազարը դիմել էր պաշտպանություն ստանալու համար, նույնպես ցավով գրում է, թե կաթողիկոսը նրան պատասխանել է, որ երկյուղից չի համարձակվում անգամ նրան տեսնել։ Պատմիչը զայրույթով բացականչում է․ «Ո՞ւր աներկիւղութիւն քաջ հովուի է․ ո՞ւր հոգողութիւն արդար ուսուցչի, ո՞ւր քրիստոսանմանութիւն առողջ հայրապետի»։ [21]

Երբ վարկաբեկված, աղանդավոր համարված Ղազարը հեռացել է Վաղարշապատից այդ նույն կաթողիկոսը «տարտմագին հառաչմամբ» ասել է․ «Ոչ եղեւ իրաւացի հեռանալ առն յաշխարհէս քանզի զարդ էր եկեղեցւոյ»։ [22] Եկեղեցու այդ զարդի շուրջն այնպիսի մթնոլորտ էր ստեղծվել, որ անգամ կաթեղիկոսը վախեցել էր նրան ընդունել եւ օգնություն ցույց տալ։

«Թղթի» առաջաբանի հեղինակը գրում է, թե փուչ մարդկանցից տրտմություն կրելուց հետո, Փարպեցին գնացել է Ամիդ քաղաքը եւ միաժամանակ մնացել այնտեղ։ Իմանալով այդ մասին, չարանախանձ մարդիկ նորանոր հերյուրանքներ են հորինել նրա ծառայության, ուսման եւ գիտելիքների մասին, նպատակ ունենալով վարկաբեկել նրա բարձր անունը։

Լսելով նորանոր ստերի եւ զրպարտությունների մասին, - շարունակում է նույն հեղինակը, - Ղազարը իբրեւ քաջ պատերազմող զինվելով իր հոգու խոսքի զորությամբ եւ քաջալերությամբ, թուղթ է գրել Վահանին, ցույց տվել իր վաստակը նրա մոտ եղած ժամանակ, երբ պայծառացած էր եւ կարճացնել իրեն չարախոսողների լեզուները, որովհետեւ անիմաստ ու փուչ այդ մարդկանցից հալածվում են Հայոց երկրի լավ ու պիտանի մարդիկ։ [23] Խընդրում է Վահանից ստուգել եւ համոզվել իրեն ներկայացված մեղադրանքների անհիմն ու զրպարտչական լինելու մասին։

Պատմիչը «Թուղթը» ուղարկել է Համազասպ Մամիկոնյանի միջոցով, որը բազում անգամ պաշտպանել էր իրեն հալածանքներից եւ իր կերակրիչն էր եղել։ [24]

«Թուղթն» իր դերը կատարում է, մարզպան Վահանը Ղազարին ետ է կանչում եւ հանձնարարում է գրել Հայոց պատմությունը, միաժամանակ տալիս է գրվելիք պատմության ծրագիրը-պլանը։

Վահանը պատշաճ է համարել շարունակել պատմության երկրորդ [25] գրքի վերջից ու գրել մինչեւ իրենց ապրած օրերը Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների պատմությունը։ Ղազարին պատվիրել է շատ զգուշությամբ գրել եւկարգել մեկ առ մեկ հոգեւորականների բոլոր առաքինությունները, եւ քաջ տղամարդկանց լավությունը-քաջագործությունները։ [26]

Մեր այս պատմիչն էլ նախորդների պես, իր ուժերից վեր է համարել հանձնարարված գործը։ Ասում է․ Վահանը բռնադատեց իր տկարությունը՝ ստիպեց ձեռնարկելու մի գործ, որ վեր է քան իր գիտության կարողությունը։ [27]

Վահան Մամիկոնյանի, հետեւապես եւ Փարպեցու նպատակն է եղել ստեղծելու պատմական մի երկ, որպեսզի հոգեւորականության բարի վարքի մասին կարդալով եւ լսելով ժողովուրդը ցանկանա նմանող լինել-հետեւել նրանց ճգնությանը եւ քաջերը լսելով նախնիների քաջագործությունների մասին, կրկնապատկեն իրենց ուժը, քաջությունը, անվանի հիշատակներ թողնեն իրենց վրա եւ լսելով ուրիշների պարսավանքը, բարի նախանձով կրթվելով կջանան լավանալ։ [28]

Ինչպես տեսնում ենք, մեր այս պատմիչի նպատակն էլ նույնն է եղել, ինչ նախորդներինը՝ անցյալի օրինակով դաստիարակել մանակակիցներին եւ հետագա սերունդներին, քաջալերել, ուժ ներշնչել, որպեսզի իրենցից հետո քաջի անուն թողնեն, նման նպատակը ժամանակի իրողությամբ էր թելադրված։Փարպեցին էլ կոչ է արել բարի գործ կատարել, ձգտել բարուն։ Արդեն Բուզանդից, Եղիշեից գիտենք, որ V դարում բարի գործն իմաստավորել է անհուն հավատարմություն եւ նվիրածություն հայրենիքին ու դավանանքին։

Իր նմատակն իրականացնելու համար Փարպեցին էլ Ագաթանգեղոսի նման նավարկել է, որպեսզի հասնի ապահով նավահանգիստ, այլ խոսքով, պատվով կատարի իր ստանձնած գործը, որ նա «մեծ եւ հոգեւոր գործոյ ձեռնարկութիւն» է համարել։ [29]

Պատմիչը գիտակցել է գործի դժվարությունը։ Նա գրել է, թե փոքր կասկածի բան չէ, որ մեկն աներկյուղ իր անձն այդպիսի աշխատության նվիրի, ուր պետք է խոսքերի վայելուչ դասավորություն, ինչպես կանոնավոր գիտությունը, կամ գիտության օրենքը պահանջում է, պատկառանքով ստույգը գրել, որ իմաստասերները լսելով չպարսավեն, խոսքեր իզուր տեղը ավելացնելու համար չեղածը հորինեն, եղածներն էլ չպակասեցնեն, անհոգ կերպով չկրճատեն, այլ բոլորը հրապարակ հանեն բարեմիտ զգուշությամբ։ Եվ որովհետեւ այդ պահանջում է մեծ պատրաստություն, ուստի նպաստելով իր տկար խորհրդին, աղաչում է բոլոր աղոթասեր անձերից, օգնություն ցույց տան իրեն, որ ճշմարիտ խոսքերով ստուգապես պատմի իր կարողությունից վեր առաջարկված գործի անհրաժեշտությունը կարեւորությունը, մտքի լուսավորությամբ կարողանա այդ մեծատարած ալիքների վրայից անցնի ու հասնի խաղաղ ու ապահով նավահանգիստը։ [30]

Փարպեցին այն կարծիքին է եղել, որ պատմություն գրելու մեջ ամենամեծ սխալը հանդիսանում է ոչ ճիշտ բաներ գրելը, գտել է, որ պատմությունը պետք է լինի միայն ճշմարտացի։

Փավստոս Բուզանդի կապակցությամբ բերվել է Ղազար Փարպեցի պատմիչւ սուբյեկտիվ, միաժամանակ վարկաբեկիչ կարծիքը [31], որում, սակայն, դրսեւորվել է Ղազարի անաչառ վերաբերմունքը պատմության կեղծարարների, խեղաթյուրողների նկատմամբ, ստուգապատում պատմություն գրելու նրա պահանջը։

Նա Ագաթանգեղոսին գովել է այն բանի համար, որ վերջինս գիտուն, կատարյալ տեղյակ եւ ճշմարտախոս է ճառերի շարադրման մեջ ու իր պատմությունները վայելուչ կերպով գրող է։ [32]

Փարպեցին ջանում է ընթերցողին հավատացնել, որ իր գրած պատմությունները ստուգապատում են։ Այսպես, տալով վեց սրբերի նահատակության պատությունը, գրում է, թե Արշավիր Կամսարականը դիմել էր երանելի Խուժիկին, խնդրել պատմելու այդ մասին իրեն եւ նա այդ պատմությունը լսել է նրանից ու Ղազարին պատմել եւ ինքը ճշմարտությամբ այդ գրի է առել [33] ։ Պարսկաստանում բանտարկված նախարարների մասին խոսելիս շեշտում է, որ ինքը ականատես է եղել նրանց տանջանքներին [34] ։

Սակայն, ինչպես հետո կտեսնենք, մեր պատմիչը ոչ բոլոր դեպքերում է ղեկավարվել իր առաջադրած ճիշտ սկզբունքներով, երբեմն մեղանչել է դրանց նկատմամբ։

Մտավոր նավարկությունը նրան հասցրել է ապահով նավահանգիստ, այսինքն նա ստեղծել է հիանալի հուշարձան, դրանով իսկ անմահացրել իրեն եւ դարաշրջանի իրադարձությունները։

Փարպեցու «Պատմության» աղբյուրներն են եղել մեծ չափով ականատեսների պատմածները, Կորյունը, Ագաթանգեղոսը, Բուզանդը, Աստվածաշունչը։ Նա գրում է, թե «Հայոց առաջին պատմագիրների շատ ճառերը (իմա պատմությունները) կարդացի» [35] ։ Սակայն վերը նշված երեք պատմիչներից բացի, ուրիշ պատմություններ չի հիշատակում, մինչդեռ բանասիրությունը ցույց է տվել, որ նա օգտվել է նաեւ Խորենացու եւ Եղիշեի երկերից, որ առաջին գլխի («Դրուագի») մեջ նմանություններ կան Խորենացու պատմության հետ, իսկ երկրորդի պատմությունը շատ նման է Եղիշեի պատմությանը [36] ։

«Հայող պատմությունը» բաղկացած է առաջաբանից եւ երեք գլուխներից։

Առաջին գլուխն ընդգրկում է Հայոց թագավորության երկու մասի բաժանվելուց (387 թ․) մինչեւ Սահակ Պարթեւի եւ Մեսրոպ Մաշտոցի մահը։ Արշակունիների հարստության անկումը Փարպեցին համարում է «Ի սպառ, ի սպուռ կործանումն աշխարհիս Հայոց», «Ընդհանուր կորուստ աշխարհիս Հայոց» եւ այլն։

Ճիշտ է նկատում Մ․ Աբեղյանը, որ այս գլխի պատմվածքները մեծ մասամբ «Ի լրոյ» են եւ շփոթ [37] ։ Ըստ Փարպեցու, գրերի գյուտը եւ թարգմանությունները եղել են 389 թվականից առաջ, իբրեւ թե Վռամշապուհ թագավորը մահացել է ամենաուշը 389 թվականին։ Սահակին իդեալականացնելու նպատակով նսեմացված է Մեսրոպի վաստակը եւ այլն։

Երկրորդ գլուխն ընդգրկում է մոտ տասնամյա ժամանակաշրջանի պատմությունը, սկսած Միհրներսեսի նախաձեռնությամբ հայերի նկատմամաբ կրոնական եւ տնտեսական հալածանքները ուժեղացնելուց մինչեւ Աբրահամ երեցի ասորեստանյան աքսորից հայրենիք վերադարձը։ Այլ խոսքերով հայերի ապստամբության պատճառները, նախապատրաստումը, անցկացումը եւ վախճանը։ Գլխում մեծ չափով փառաբանվում է Մամիկոնյան տոհմը եւ առանձնապես Վարդանը։

Երրորդ գլուխն ընդգրկում է Պերոզի թագավորումից մինչեւ Վահանին մարզպան նշանակելը, վերջանում է այդ կապակցությամբ Վաղարշապատում եկեղեցական ծիսակատարության արարողությամբ։ Պատմիչն այստեղ հիմնականում տալիս է Մամիկոնյանների ծավալված գործունեությունը դավանանքի եւ իրենց տոհմային շահերի պաշտպանության ուղղությամբ եւ նրանց մղած պայքարը պարսիկների դեմ, 481-484 թթ․ապստամբությունն ու հաղթանակը։ Դյուցազնացված է Վահան Մամիկոնյանը։

Փարպեցի պատմիչն էլ Եղիշեի նման  շատ ճիշտ հասկացել է որ բացահայտել պարսկական արքունիքի՝ հայերի նկատմամբ վարած նենք քաղաքականությունն ու դրա հետեւանքները։

Վռամշապուհ Արշակունի թագավորի մահից հետո, Հազկերտը որոշում է Հայոց գահի վրա նստացնել իր Շապուհ որդուն, նպատակ ունենալով իրականացնել իր մեջի հղացած ծրագիրը։

Հազկերտն իր մտքում չարաչար խորհել էր, ասում է Փարպեցին, առաջինն այն, որ Հայոց աշխարհը մեծ է եւ օգտակար, սահմանակից եւ դրակից Հունաց իշխանությանը, որի տիրապետության ենթակա են Արշակունիների ազգից շատերը, գուցե իրեն ենթակա Հայերը միանան իրենց արեւմտյան եղբայրակիցներին, գնան ենթարկվեն Հունաց կայսրին եւ ապստամբեն իր դեմ։ Հայերն էլ առաջ քիչ հոգսեր չեն պատճառել իրենց, իսկ եթե միանան, ապա պատերազմով անհանգստացնելու են իրենց։ Երկրորդն այն, որ իրենց օրենքներին հայերը օտար են եւ ատող, ունեն նույն դավանանքը եւ օրենքները, ինչ հույները։ Եթե իրենցից թագավոր նշանակի Հայաստանում, ապա նման կասկածներից անհոգ կլինի իր թագավորությունը, այն ժամանակ հույները միշտ երկյուղով ու դողալով կըծառայեն իրենց եւ օտար ու վնասակար բաներ չեն խորհի։ Սովորություն կդարձնեն ընդունել իրենց օրենքները, որսի եւ խաղերի ժամանակ մշտապես խոսելով միմյանց հետ սիրալիր բարեկամություն կստեղծվի, բացի այդ փոխադարձ ամուսնություններով էլ հաղորդակից կլինեն միմյանց հետ։ Դրանից հետո հայերը կզատվեն եւ այլեւս չեն սիրի հույներին եւ նրանց օրենքները [38] ։

Հայ նախարարներից շատերը իրենց վարքագծով նպաստել ու արագացրել են այդ ծրագրի իրականացումը։ Նրանք դժգոհ Արշակունի վերջին գահակալ Արտաշեսից, որոշում են դիմել թագավորին եւ խնդրել, որ նա վերցնի հայկական թագավորությունը եւ պարսիկ կառավարիչ ուղարկի Հայաստան։ Քանի որ եկել հասել էր նրանց վրա սուրբ Ներսեսի նզովքը՝ այն է, ընկնեն հեթանոսների չար ծառայության լծի տակ [39], դառնությամբ ավելացնում է Փարպեցին։

Այդ որոշման դեմ ծառանում է արեւմտյան կողմնորոշման պարագլուխ Սահակ կաթողիկոսը, որի համար աթոռազուրկ է արվում եւ հեղինակազրկվում։ Այս կապակցությամբ Փարպեցին Խորենացուց վերցրել է եւ նույնությամբ տվել է Սահակի հանդիմանական խոսքերը նախարարներին։

Փարպեցին էլ Բուզանդի նման Արշակունիներին Հայաստանի բնիկ տերեր է համարել եւ թագավորության անկումը՝ կենտրոնախույս ոււժերի ակտիվացման հետեւանք։

Սահակի ջանքերն ապարդյուն են անցնում։ Նախարարները ներկայանում են Վռամ թագավորին՝ թշնամաբար իրենց թագավորի մասին շատ հերյուրանքներ են ասում, վարկաբեկում։ Պատմիչըն ասում է, թե իհարկե, լսողները չեն հավատացել նրանց, սակայն երբ իմացել են, որ նախարարները եկել են խնդրելու, որպես վերակացու, Վռամը եւ արքունի ավագանին շատ են ուրախացել, թագավորը հրաման է տվել անմիջապես Արտաշեսին գահընկեց անելու եւ կաթողիկոսությունը Սահակի տոհմից վերցնելու մասին [40] ։

Մմամիկոնյաններին գովերգող պատմիչը իր հակառակորդներից մողադրվող Արտաշեսի բերանով ասում է․ թե նախարարներն ի բնե սովոր են թշնամանալ իրենց տերերի նկատմաբ, ըստ այդմ հիմա էլ կամենում են կատարել իրենց չար կամքը, քանի որ նրանք միշտ իշխանափոխ եւ տիրատյաց են եղել [41] ։

Հազկերտի ծրագրի հիմնական մասն արդեն իրականացվում էր․ վերացված էր Հայկական թագավորությունը։ Սակայն Փարպեցին հասկացել էր, որ այդ ծրագրի վերջնական իրականացման համար Հայաստանում կան  արգելակող հանգամանքներ։ Պարսկաստանը՝ հաշվի առնելով Հայաստանի դիմադրողական պոտենցիալ ուժը, հայ նախարարներին սեփական զինված ուժերի առկայությունը, անմիջապես վճռական միջոցառումների չէր կարող դիմել, նա ստիպված էր ժամանակավորապես մարզ դարձված Հայաստանին որոշ արտոնություններ տալ։ Պատմիչը վկայում է, որ թ․ հետո պատասխանատու պաշտոնները երկրում շարունակել են վարել հայ նախարարները, դատավորությունը եկեղեցու ձեռքումն էր գտնվում։ Առկա էր ամենագլխավոր վտանգը՝  Հայ-բյուզանդական դաշնակցության հնարավորությունը։ Անհրաժեշտ էր որոշ ժամանակ այդ արգելակող հանգամանքներն աստիճանաբար վերացնել։ Դրան հասնելու համար, ըստ մեր պատմիչի, հազարապետ Միհրներսեսը, ելնելով Հայաստանում իրենց ստեղծած նպաստավոր պայմաններից, իր ծրագիրն է թելադրել արքայից արքային։ Նա հիմնականում առաջադրելով Հազկերտի ծրագիրը, շեշտել է, որ եթե հայերին իրենց օրենքներին ընտելացնեն, նրանք կհեռանան կայսրից, սերտ սիրով ու միաբանությամբ կմիանան իրենց հետ, եւ որ կարեւորն է, եթե հայերն իրենց հետ լինեն, վրացիներն ու աղվանները իրենցն իսկ կլինեն։ Հազարապետը հայտնել է թագավորին, որ Սյունյաց տոհմից մեկն արդեն ուրացել է իր դավանանքը, եւ ընդունել է պարսից կրոնը։ Նա խերհուրդ է տվել նրան այդ ուրացողին մեծամեծ բարիքներ անի եւ փառավորի ավելի, քան Հայոց մյուս նախարարներին։ Նրանց եմջ նախանձ կգրգռվի, երբ տեսնեն թե ինչպիսի կյանք ու բարիքներ է վայելում ուրացողը, դրանից հետո նրանք հոժարական հանձն կառնեն նրա հրամանը կատարելու եւ կշտապեն նրա կամքով շարժվելու։ Հազարապետի կարծիքով, եթե այդ այդպես լինի, պարսից թագավորությունը միշտ խաղաղության եւ անհոգության մեջ կլինի, իսկ եթե այդպես չլինի, ապա նա վստահ չէ, կասկածում է, թե մի օր հայ նախարարները կարող են գնալ հունաց ծառայության, իսկ այդ մեծ վնաս կլինի պարսից թագավորությանը [42] ։

Պատմիչը շատ ճիշտ բացահայտում է պարսկական արքունիքի վերցրած նոր գծի (կուրսի) էությունը, այն է ուժեղացնել հայերի տնտեսական ու կրոնական հալածանքը, բռնի ուժով դավանափոխ անել։ Դավանափոխությունը Փարպեցին, թշնամու բերանով «ծանր ու կարեւոր գործ է համարում» [43] ։

Ավարայրն էր ցույց տվել, որ այն, իսկապես ծանր գործ է, իսկ հայերի հավանական դաշնակցությունը հույների հետ էլ ավելի անհրաժեշտ էին դարձրել նրա իրականացումը։ Պատմիչը բացահայտում է նաեւ այդ կարեւոր գործի իրականացման համար արքունիքի ձեռնարկած միջոցառումների էութունը։

Եթե Փարպեցու մոտ հայերի նկատմամբ Պարսկաստանի վարած քաղաքականության բացահայտման մեջ ցուցաբերված է կուռ տրամաբանություն, միջոցառումների ու դրանց հետեւանքների ճիշտ ըմբռնում եւ լուսաբանում, նրանց միջեւ եղած պատճառական կապակցությունների բացահայտում, ապա անբացատրելի է, որ տրամաբանորեն մտածող այդ պատմիչը կարեւոր ու խոշոր իրադարձությունները պատահականություններով է բացատրում ու ներկայացնում։

Տալով պարսկական արքունիքում նախագծվող ծրագրերի նպատակներն ու նրանց կիրառման կործանարար հետեւանքները, ընթերցողը տրամաբանորեն համոզված է, որ պատմիչը ճիշտ պետք է բացահայտի նաեւ թվականների ժողովրդա-ազատագրական ապստամբության պատճառները, սակայն, ցավոք, ընթերցողը գալիս է այն համոզման, որ սխալվել է։ Մեր պատմիչը հայ ժողովրդի կյանքում տեղի ունեցած այդ խոշոր իրադարձությունն էլ պատահականությամբ է բացատրում։

Այն օրերին, երբ Միհրներսեսը խորհում էր իր ծրագրի մասին, Վասակ Սյունեցու փեսան, նույ տոհմից ոմն Վարազվաղան, կնոջ հետ վատ վարվելու պատճառով, հալածվում է աներոջ կողմից եւ դուրս քշվում Սյունիքից։ Ատելությամբ լցված «մահվան դեղագործ եւ հոգիների կորստյան մատռվակ» [44] Վարազվաղանը ներկայանում է պարսկական արքունիքի հազաըապետ, հայատյաց Միհրներսեհին, հայտնում իր դավանափոխության մասին որոշումը եւ առաջարկում իր ծառայությունները հայերին բռնի ուշով դավանափոխ անելու գործում [45] ։ Այդ դավաճանությունը թեւ է տալիս չարանենգ հազարապետին, եւ նա վերջնականապես համոզվում է իր ծրագրի ճշտության եւ իրագործելի լինելու մեջ։

Պարսից արքայից արքան հավանություն է տալիս հազարապետի ծրագրին եւ դիմում է կոնկրետ ու վճռական միջոցների։ Հատուկ հորվարտակով պահանջում է հայերից, վրացիներից եւ աղվաններիցէ ընդունել իրենց կրոնը եւ ատրուշաններ կառուցել։ Արքունիքի այդ պահանջը զայրույթ ու ատելություն է առաջացնում Անդրկովկասի ժողովուրդների մեջ, եւ նրանք կտրականապես մերժում են [46] ։

Հայ, վրաց, աղվան ավագանին շտապ կանչվում է Տիզբոն։ Հազկերտը պահանջում է անմիջապես դավանափոխ լինել, հակառակ դեպքում բոլորին ընտանիքներով կոչնչացնի։ Կանչվածները լռում են, միայն «անրեկյուղ ու քաջասիրտ Վարդան Մամիկոնյանն է խիզախում պատասխանելու , ասելով թե ամեն ինչ կտա, եւ տուն, եւ ունեցվածք, եւ կյանք, բայց դավանանքը, որ սովորել է մանկությունից թողնել եւ երկյուղաց փոխել, անհնարին է։ Եթե մարդ ընդունել է արդար վարդապետությունը եւ իմանալով հանդերձ, որ այն ճշմարիտ է եւ ուրանա, նա նրան ողորմելի անձ կհամարի։ Նա երբեք դավանանքը չի վաճառի մարդու երկյուղի ու սնոտի փառքի փախարեն»։ Վարդանն ընդգծում է, որ իր պատասխանն այդ է եւ ինքը ցանկանում է մեռնել, քան ապրել ուրացությամբ [47] ։ Ահա այստեղից է Փարպեցին սկսում իր հիմնական գործիչներից մեկի՝ Վարդան սպարապետի գործունեության նկարագրությունն ու գովքը։

Կանչվածները լսելով Վարդանին, խորհելու համար ժամանակ են խնդրում։ Երկար մտածելուց հետո, որոշում են առերես դավանափոխ լինել, միայն թե կարողանան վերադառնալ հայրենիք։ Սակայն իմանալով Վարդանի ջերմ աստվածապաշտությունը, ըսկըզբում չեն համարձակվում իրենց որոշման մասին հայտնել նրան, չհայտնել էլ չէին կարող, որովհետեւ գիտեին, որ իրենց որոշումը լիակատար չի լինի եւ չի իրականացվի, քանի որ այդպիսի գործերն ի բնե գլուխ է բերվել միայն Մամիկոնյանների մաբանությամբ ու գլխավորությամբ [48], գոհունակությամբ շեշտում է Փարպեցին։ Հայտնում են եւ աղերսում չընդդիմանալ, այլ միանալ իրենց որոշմանը։ Եկեղեցական մտածող ու դատող պատմիչը բերում է որոշումն ընդունելու կապակցությամբ մի կողմից բոլոր նախարարների եւ, մյուս կողմից, Վարդանի դատողությունները։ Տարված լինելով Մամիկոնյաններին գովերգելու մոլուցքով, պատմիչը ելակետ ունենալով միայն ու միայն դավանանքի նկատմամբ անսահման հավատարմությունը, հակադրում է Վարդանին մյուսներին։ Ահա այստեղ է, որ ցցուն կերպով դրսեւորվել է պատմիչ Փարպեցու հայրենասիրություն հասկացության մեջ հակասական, անհետեւողական լինելը, որը, ինչպես ասվել է, առաջացել է այդ հասկացության միակողմանի, սոսկ դավանանքի իմաստավորմամբ եւ ըմբռնմամբ։

Այն դեպքում, երբ նախարարները իրենց որոշման անհրաժեշտությունը պատճառաբանում են ելնելով ժողովրդի եւ հայրենիքի շահերից, հումանիստական դիրքերից։ Վարդանը անտեսում է դրանք եւ իր անհամաձայնությունը պատճառաբանում է դավանանքի նկատմամբ անհուն հավատարմությամբ եւ ելնում է իր տոհմի ապահովության շահերից։ Նախարարներն ասում են, մտածիր, թե առաջիկա դեպքերը ինչ չարաչար աղետներ են պատճառելու հազարավոր մարդկանց, հիշիր մայրերի հառաչանքը, տղաների ողբը, ծերերի օտարության քշելը եւ բոլորին սպանելը, անհնարին ու չար վշտերը։ Այնուհետեւ նշում են, որ եթե նա միաբանի իրենց խորհըրդին եւ կարրողանա մի փոքր ժամանակով հաշտվել այդ մտքի հետ, ոչ միայն իրենցից շատերը չեն ավերվի, բնակիչները չեն գերեվարվի, քանի որ սուրբ հավատքը հիմքից չի շարժվելու, միայն մի փոքր ժամանակ կերերա, հետո կրկին կհաստատվի [49] ։

Նախարարները միաբերան շեշտում են, որ նրանք պատրաստ են իրենց անձերը սրբության ուխտի վրա դնել եւ բոլոր աշխարհի փրկության համար իրենց արյունը թափել [50] ։

Եվ ինչ, պատմիչի Վարդանը պատասխանում է․ թե աստված ոչ անի, որ նա կնոջ, որդիների եւ ազգի կարիքներն ու վշտերը մտածելու-հոգալու համար մոռանա աստծուն, ով որ սիրի կնոջը եւ որդի նորին աստծուց ավելի, իրեն արժանի չէ։ Եվ ավելացնում է, թե ինչպես մտածում եք, կարող եք անել, միայն թե նրանցից ոչ ոք թող չասի իրեն այն, ինչ որ անհնար է իրեն խոսքերով ասել, ուր մնաց, որ գործով կատարի [51] ։

Նախարարներին մեծ դժվարությամբ հաջողվում է համոզել Վարդանին եւ նրանք բոլորը առերես ընդունում են պարսից կրոնը, մոգերի մի մեծ խմբով վերադառնում հայրենիք։ Վարդանը վերադառնալուց առաջ Հազկերտին հիշեցնում է իր հավատարիմ ծառայությունների մասին պարսից արքունիքի հանդեպ, եւ կարծեք նրան ահաբեկելու նպատակով ասում է, որ ինքը կաշխատի այնպիսի գործ կատարել, որ ոչ միայն պարսիկների, այլեւ կայսեր դռանը եւ ուրիշ ազգերի մեջ պատմվի այն համբավը մինչեւ հավիտյան 52:

Այդ գործն Ավարայրն էր: Պատահական չէ, որ Ղազարը գրում է, թե Վարդանն այդ խոսքն ասաց աստծու շնորհիվ, որով հռչակվելու էր հավիտենական աստծու համար հանձն առած նահատակությունը: Պատմիչն ասում է, թե թագավորն ու բոլոր մեծամեծները լսելով Վարդանի այդպիսի  խոսքերը, զարմացած, մեծ շնորհակալությամբ գովեցին նրան եւ բավականացան, որովհետեւ աստված ծածկեց այդ խոստումների միտքը, որ Վարդանը խոստացավ գործելու անվան մեծ համբավի համար, որը աստված նրան պարգեւեց անվերջ ժամանակների ազգերի մեջ նահատակ անունով 53:

Փարպեցու մի ակնարկությունից պետք է ենթադրել, որ հայ, վրաց եւ աղվան նախարարները Տիզբոնում որոշել էին նաեւ հայրենիք վերադառնալուց հետո նախապատրաստվել ապստամբության: Նա ասում է, որ հայերը, վրացիները եւ աղվանները դարձան իրենց աշխարհները, շատ անգամ հաստատելով սուրբ ավետարանի նույն ուխտը եւ իրարից էլ բաժանվելով խոստացան միմյանց հայտնել, որ ժամանակին աստծու հրամանին համաձայն իրենց մտածած գործերը կատարեն 54:

Վարդանի՝ Աղվանք գնալու կապակցությամբ էլ նշում է, որ Աղվանքի նախարարները, որոնք հայերի հետ դաշնակից էին, խիստ շտապեցնում էին Վարդանին՝ շուտափույթ հասնելու իրենց երկիրը համատեղ կռվելու համար այնտեղ ներխուժած պարսիկների դեմ 55:

Ի տարբերություն Եղիշեի, որը մոգերի՝ Հայաստան ժամանելուց անմիջապես ոտքի է հանում, զինում ամբողջ ժողովրդին ու նրանց դուրս քշում հայրենիքի սահմաններից, դրանով իսկ  սկսված ապստամբությանը տալով տաթերային, ժողովրդա-ազատագրական բնույթ, Փարպեցին ժողովրդին ողբացնում է, սուգ տարածում ամբողջ երկրով մեկ: Լսվում էր լացի ու գույժի ձայն, գրում է Փարպեցին, ողբերի ու ճչոցների գռչյուններ, մայրերը կողկողալով   արտասվում էին, սուրբ եպիսկոպոսները պատվական քահանաների, եկեղեցու ուխտի, ծերերի, տղաների եւ ժողովրդի բազմության հետ բարձրաձայն լալիս էին եկեղեցում 56:

Ընդհանրապես պետք է նկատել, որ եթե Եղիշեի աշխարհիկ եւ հոգեւոր գործիչների ճառերը մարտական ոգով են տոգորված, հերոսության, քաջության կոչեր են, ապա Փարպեցու այդ նույն մարդկանց ճառերում կրոնա-բարոյական քարոզն է իշխում, դավանանքի համար մարտիրոսանալու գաղափարը 57:

Այս բոլորը տեսնելով, Վարդանը կարծեք մոռանում է մեծ գործ կատարելու մասին Հազկերտին տված խոստումը, որոշում է ընտանիքով անցնել կայսրության սահմանը։ Ւր մոտ է հավաքում բոլոր հարազատներին. ասում է, որ ինքն առերես է ուրացել, հիմա ցանկանում է ապաշխարել ու ապրել եւ քանի որ ս. հոգին ասել է՝ երբ որ դառնանաս եւ լաս, այն ժամանակ կփրկվես. ուստի ցանկանում է թողնել ամեն փառք, արհամարհել սնոտի վայելչությունները եւ օտարության գնալ։ Նրա եղբայրը՝ Հմայակը, շտապեցնում է Վարդանին մտածածը կատարելու, ասելով, հանձն առնենք մեզ հասած բոլոր վշտերը, թե սով, թե սուր, եւ կամ թե օտար երկրում մուրացկանություն, միայն թե փրկվենք։ Վարդանն իր հարազատներով ճանապարհ է ընկնում դեպի Բյուզանդիա, ուր միաբանությամբ եւ կամ ցանուցիր կարող էին իրենց անձերը պահել 58 ։

Իմանալով Մամիկոնյանների հեռանալու մատին, հայ նախարարները եւ մարզպան Վասակ Սյունեցին ընկճվում, գարհուրում են, իրենց կորած համարում, վերահաս փորձանքից փրկության ելք չեն տեսնում, որովհետեւ, բոլորն էլ գիտեին ու հասկանում էին, որ աոանց Մամիկոնյան տոհմի առաջնորդության, Հայոց աշխարհի եւ մի գործ չէր իրագործվել 59, ընգգծում է մեր պատմագիրը։

Նախարարները նամակ են գրում Վարդանին, աղերսում վերադառնալ։ Նամակում նորից են շեշտում Մամիկոնյանների տոհմի փրկարար դերը հայրենիքի համար, միաժամանակ հանդիմանում «անձնապուր» լինելու համար։ Վարդանն իր պատասխան խոսքում ասում է, որ իրենք դավանանքում հաստատ են եւ իրենց հոգու փրկության միակ ելքը օտարության մեջ են տեսնում։

Այնուհետեւ ասում է, թե ինչ օգուտ մարդուն, որ ամբողջ աշխարհը շահի եւ իր անձը կորցնի, կամ մարդ ինչ փրկանք պետք է տա իր անձի փոխարեն։ Իրենք միայն իրենց հոգու օգուտը չեն պահանջում, այյեւ ուրիշների փրկության վրա ուրախանում են։ Թող ոչ մեկը չկարծի, թե իրենք սրի երկյուղից են փախել, որից ոչ ոք իրենց ազգի մեջ բնավ չի վախեցել, այլ միշտ ընկերոջ համար իրենց անձը չեն խնայել: Այդ բոլորը հայերը գրքերի պատմածներից եւ իրենց մեծերի խոսքերից ստույգ գիտեն։ Այնուհետեւ Վարդանը զայրացած գրում է  նախարարներին, որ մտաբերելով նրանց նենգավոր այն խաբեությունը, որ նրանք արել են իրենց նախնիների հետ, որոշել են գնալ իրենց անձերը փրկել։ Շեշտում է, որ նրանք՝ նախարարները միշտ Մամիկոնյաններին գցել են նեղության մեջ եւ իրենց անձերը հեռու պահել նեղություններից, միայն Մամիկոնյաններն են կրել մեծ վիշտ ու մահ 60:

Բուզանդի եւ Եղիշեի Մամիկոնյան դյուցազուններից եւ ոչ մեկը այսպես չի մտածել, նրանք բոլորն էլ արհամարհել են անձնական ու տոհմային վիրավորանքներն ու զրկանքները, հանուն հայրենիքի ու դավանանքի, կազմակերպել են ժողովրդի ուժերը, ամրապնդել հայրենիքի պաշտպանունակությունը, համառ պայքար են մղել հայրենիքի դավաճանների դեմ։ Վարդանին նման վարքագիծ վերագրելը ելնում է պատմիչ Փարպեցու՝ ընդհանուր համըմբռնումից՝ այն է ամեն ինչ կարելի է զոհել հանուն դավանանքի։ Եթե Արարատյան գավառի նկարագրության մեջ արտահայտված է աշխարհիկ մտածող Ղազարի բուռն հայրենասիրությունը, այն աշխարհիկ ու առարկայական է, կապված որոշակի տարածքի հետ, ապա մարդկանց, հատկապես իր գործիչների հայրենասիրությունը, ցույց տալիս նա, անտեսում է դրանք, այն ստանում է հավատքի բնույթ եւ դրվում է հոգեւոր հիմքերի վրա, դավանանք անկախ տարածքային հասկացությունից: Արդեն չկա հանրահայկական, համազգային շահ, կա տոհմական ու անձնական շահ։ Ղազարի մոտ գրեթե բացակայում  է  հայրենիք, հայրենի հող, մայր հող  գաղափարը: Եթե Բուզանդի մոտ մարդուն ուժ տվողը հայրենի հողն ու ջուրն է, Եղիշեի մոտ՝ կուռ միաբանությունը, ապա Ղազարի մոտ՝ միայն եւ միայն դավանանքը, եկեղեցին։ Եթե Եղիշեի մոտ ժողովուրդր մարտի է նետվում հանուն հայրենիքի եւ եկեղեցու, Փարպեցու մոտ՝ միայն հանուն Քրիստոսի 61: Դա բացատրվում է նրանով, որ քանի ուժեղացել են քրիստոնյաների նկատմամբ հալածանքները, բռնի դավանափոխությունը օրինականացվել է, հեթանոսներով շրջապատված քրիստոնյաների մոտ ազգության (էթնիկական առումով) հասկացությունը ետին պլանի վրա է դրվել: Դիմակայեյու համար համընդհանուր հոգեւոր ճակատ կազմելու անհրաժեշտությունը, քրիստոնյա հասկացությանը տվել է նաեւ ազգություն, հայրենիք իմաստն անկախ կոնկրետ տարածական հասկացության: Ավելի ուշ «ֆրանկ» տերմինը նույնպես նույն էվոլյուցիան է ապրել, ֆրանկ էին համարվել Եվրոպայի կաթոլիկ ժողովուրդներն, անկախ նրանց ազգային պատկանելիության։

Եղիշեի Վարդանն ապրել է ամբողջ ժողովրդի ու հայրենիքի տառապանքներով, իր անձնական օրինակով, սխրանքների կանչել ժողովրդին ։ Փարպեցու Վարդանն օրհասա ան պահերին աղոթում է, որոշում լքել հայրենիքր, միայն թե հավատը չվտանգվի եւ ազգային արժանապատվությունը չոտնահարվի։

Ըստ Փարպեցու, այդպես է մտածել եւ Արշակ թագավորը։ Հայաստանի բաժանումից հետո նա, չնայած հիացած է եղել Արշակուհիների բնիկ ժառանգություն հանդիսացող ոստանի՝ Այրարատ նահանգի բարիքներով, սակայն որոշել է գնալ, հնազանդվել հունաց թագավորին, քան թե մնալ առատ բերք ունեցող փառավոր Այրարատ գավառում եւ ամեն օր տեսնել հավատի ու եկեղեցու անարգվելը, տեսնել այն նախատինքը, որ հոգեւորականները կրելու էին անօրեններից եւ իր ազգի ու թագավորության խայտառակվելը պարսից գոռոզ իշխաններից։ Նա ավելի գերադասել էր այս աշխարհի կարճ կյանքը քրիստոնեությամբ անցկացնել խաղաղության մեջ, քան թե սուտ փառքով՝ արհամարհվածի պես այնտեղ ապրելով՝ զրկվել հավիտենական կյանքից ու մատնվել հավիտենական անմարելի կրակի այրելուն։

Չնայած պատմիչը Բուզանդից գիտեր, որ Արշակը ստիպված է եղել այդ քայլին դիմելու, նրա դեմ ըմբոստացել էին պարսկական կողմնորոշման նախարարները եւ նրանց խնդրանքով Շապուհը Խոսրովին էր գահ նստեցրել, բայց թերեւս Վարդանի այդ քայլն արդարացնելու նպատակով, Արշակին էլ է վերագրել ջերմ քրիստոսասիրություն եւ ազգային արժանապատվություն։ Եթե թագավորն է այդպես մտածել ու դիմել այդ քայլին, ապա բացի դավանանքից, ամեն ինչից հրաժարվող սպարապետի այդ քայլը նույնպես արդարացվում է։ Եղիշեի եւ Փարպեցու վարդանները տարբեր մտածելակերպ են ունեցել, եւ դա ունի իր բացատրությունը։ V դարի 70-ական թվականներին անհրաժեշտ էր ամեն կերպ ցույց տալ, որ առանց ջերմեռանդ, աստվածապաշտ Մամիկոնյանների, երկիրը կորած է, որ այդպես մտածել են բոլորը։ Պատմիչին անհրաժեշտ էր այդ ավելի համոզիչ ու ցցուն դարձնել, դրա համար նա Վարդանին օտարության է ուղարկում, որպեսզի շեշտած լինի նրա բացակայության ծանր հետեւանքները երկրի ու ժողովրդի համար։ Որպեսզի ցույց տա, որ բոլորը, այդ թվում եւ մարզպան Վասակը «խորտակեալ սրտիւ զարհուրէին», որովհետեւ երկրի բախտը որոշում էին Մամիկոնյանները, առանց նրանց հայերը ոչինչ չէին կարող  անել:

Վարդանը տեսնելով բոլորի միաբանությունն ու ուխտը Բագրեւանդից վերադարձել է 63 ։

Եղիշեի Վարդանը հեռատես, անմիջական ակտիվ գործիչ է, Փարպեցունը՝ պասսիվ, պատահականություններով հրապարակ եկող գործիչ։ Ամատունյաց Վահան իշխանն է նրան տվել ապստամբության գաղափարը, այն էլ ելնելով ոչ թե ժողովրդի ու հայրենիքի շահերից դրդված։ Պատմիչն ասում է, թե իշխան Վահան Ամատունին հանգիստ չէր տալիս Վարդանին երբեմն ինքը, երբեմն ուրիշ մարդկանց միջոցով ստիպում էր շտապ սկսել ապստամբությունը, ելնելով Վասակ Սյունեցու նկատմամբ ունեցած թշնամությունից։ Նա մտածում էր այսպես՝ եթե Վասակը դեմ լինի ապստամբությանը, ապա անարժան մահով կմեռնի իր ընկերներից, իսկ եթե հարկադրված համաձայնվի ապստամբել, ապա Պարսկաստանում պատանդ տարված երկու որդիները չարաչար տանջանքների կենթարկվեն ու կմեռնեն 64 ։

Հայերը ապստամբության մասին որոշում են ընդունում։ Ապստամբությունը սկսում է ռամիկ զորքը։ Մեծերի հրամանին չսպասելով զորքր գնացել էր ու կրակը ջուրը թափել 65:

Այնուհետեւ հիմնական նյութը վերցնելով Եղիշեից, Փարպեցին յուրովի տալիս է ապստամբության նախապատրաստման պատմությունը։ Վարդանի Աղվանք գնալը, հաղթանակները, հոների հետ դաշնակցությունը, Վասակի դավաճանական գործունեությունը, Վարդանի վերադարձը եւ ապա Ավարայրի ճակատամարտը։ Հակառակ Եղշեի, որ ճակատամարտը ներկայացնում է որպես քաջերը քաջերի դեմ պատերազմ եւ երկու կողմերի պարտություն, Ղազարն մոռանալով իր իսկ գրածն այն մասին, որ հայոց տանուտերերը Վարդանի հետ միասին ջերմեռանդ սիրով շտապել են մարտիրոսության ժամին հասնել, նախարարները եւ զորքը ինքնահոժար սիրով փափագել են վրեժխնդիր լինել եկեղեցու սուրբ ուխտի համար եւ իրենց անձերը մահի մատնել «Քրիստոսի ճշմարիտ ու սուրբ հավատի» համար, Ավարայրի ճակատամարտի հենց սկզբից հայերին փախուստի է մատնում, հաղթանակ պարգեւում պարսիկներին։

Ճակատամարտի սկզբում «մարտիրոսության պսակին» 66 ցանկացողները հարձակվել են թշնամու վրա եւ փախտւստի մատնել նրան։ Ւսկ հայոց այն զորքերի բազմությունը, որոնք րստ Փարպեցու, հարկադրված են եկել եւ ոչ կամավոր, դիմել են փախուստի։ Պարսից զորքը տեսնելով հայոց զորքի փախուստը, շրջապատել է «մարտիրոսության պսակին ցանկացողներին» եւ նրանք իրենց այդ ցանկությանն արժանանալով նահատակվել են։ Այնուհետեւ պարսիկները հետապնդել են փախուստի դիմածներին, մի մասին կոտորել, մի մասին ամրոցներում բանտարկել։ Հայոց զորքի մնացորդները  Հայաստանի այլեւայլ տեղերն են ցրվել 67 ։

Հակառակ ականատես Եղիշեի նկարագրությանը, ըստ որի հայերը մի սիրտ, մի ոգի կազմած հերոսաբար կռվել են, Փարպեցու մոտ նույնպես մի սիրտ մի ոգի կազմած զորքի «այլ բազմութիւն»-ը հարկադրաբար է կռվել, ոչ իր կամքով, ավելին, Վարդանն իր Համազասպ եղբորը թողել էր վերջապահ եւ պատվիրել էր նրան ոչ մեկին չստիպել, այլ միայն խոսքերով հորդորել իրենց փրկութեան համար 68:

Եթե Եղիշեի հայ զինվորը արհամարհելով մահը, խիզախորեն նետվել էր մարտի դաշտ հայրենիքն ու դավանանքը պաշտպանելու համար, ապա Փարպեցու զինվորների մի մասը՝ դավանանքի համար մարտիրոսության պսակի արժանանալու, իսկ մյուս մասը՝ «յաղագս իւրեանց փրկութեան» համար։

Եղիշեի հայրենասիրության վեհ գաղափարներով տոգորված զինվորը Փարպեցու մոտ փոխարինված է երկնքից բարություն ցանկացողներով։

Իրադարձությունների միտումնավոր խեղաթյուրումը Փարպեցու կողմից, նույնպես բացատրելի է։ Իր մեկենասին Վահանին մեծարելու նպատակով, նա աշխատել է ամեն ինչ նսեմացնել, չզլանալով անգամ Վարդանին, որպեսզի որեւէ չափով ստվեր չընկնի Վահանի գործունեության վրա։ Վարդանի մասին նա բավարարվում է մեծադղորդ պիտակներով միայն, առանց ցույց տալու նրա ռազմական ու կազմակերպչական   տաղանդն ու գործունեությունը։

Լսելով Վարդանի մահվան լուրը, իբր Հազկերտը սաստիկ սգի մեջ ընկնելով ալեկոծվել էր, հիշելով Վարդանի քաջությունը եւ  այն լավությունները, որ շատ անգամ գործել էր նա թշնամիների դեմ Պարսից աշխարհի համար։ Մուշկան Նյուսալավուրտի զորքը ետ է կանչել Հայաստանից, Ատրորմիզդ անունով մեկին Հայաստանում մարզպան է նշանակել եւ պատվիրել նրան՝ հայերին չվշտացնել, այլ սիրով հնազանդեցնել, դավանանքի ազատություն տալ բոլորին, ով ինչ կրոն ուզում է, այն էլ կարող է համարձակ պաշտել։ Նոր մարզպանը խաղաղության շատ թղթեր է ուղարկել Հայաստանի զանազան տեղերը, հայտնել է, որ հեռացածները գան աներկյուղ կերպով հաստատվեն իրենց բնակավայրերում, չվախենան  ոչնչից 69:

Եթե Եղիշեի մոտ հիմնավոր ձեւով պատճառաբանված է Հազկերտի քաղաքականության նման փոփոխումը, ապա Փարպեցու մոտ այդ նույնպես պատահականությամբ է բացատրված։ Ըստ ժամանակակից եւ ականատես Եղիշեի, հայերի համառ ու հերոսական դիմադրությունն է ստիպել Հազկերտին ժամանակավորապես դիմողական քաղաքականություն վարել եւ դավանանքի ազատություն տալ հայերին։ Ըստ Փարպեցու, պարսիկները հաղթել են, հետեւապես Հայաստանում իրենց համար նպաստավոր պայմաններ են ստեղծել հայերին բռնի դավանափոխության համար: Սակայն Վարդանի մահը ահավոր սգի մեջ ընկած բռնակալին շատ էր հուզել եւ նա հիշելով Վարդանի ծառայությունները, անմիջապես քադաքականությունը փոխել է։ Պատմիչի նման բացատրության նպատակն էլ պարզ է։ Վարդանն իր մահով փրկել է հայերին դավանափոխ լինելուց, եթե նա մարտիրոսական մահով չնահատակվեր, ապս պարսիկները անպայման կիրականացնեին իրենց ծրագիրը:

Պատմիչ Փարպեցին խոր գիտակցել է Ավարայրի ճակատամարտի ճակատագրական նշանակությունը հայ ժողովրդի ինքնուրույնության պահպանման գործում։ Վարդանի նահատակությամբ՝ նրա եւ Ավարայրի համբավը պատմվելու է մինչեւ հավիտյան, ասում է պատմիչը 70 ։ Նա գիտակցել է նաեւ, որ դարեր շարունակ, քանի հայ ժողովուրդը գոյատեւի, սերունդները հպարտությամբ են հիշելու իրենց պատմության այդ, ճիշտ է, ողբերգական, բայց եւ միեւնույն ժամանակ՝ փառահեղ էջը:

Ավարայրն էր Փարպեցուն համոզել, որ «բռնությունները թույլ չեն տա իրավունք ճանաչել» 71, որ նա, ի լուր աշխարհի, ասում Է Տիզբոնում Ղեւոնդի բերանով։

Մամիկոնյաններին հայերի փրկիչ դարձնելու այս միտումը պատմագիրն ավելի ակնառու դրսեւորել է Վահանի գործունեության նկարագրության մեջ։

Անհրաժեշտ էր ցույց տալ, որ Վահանը ամենախելոքն է, ամենաիմաստունն է, կշռադատող է, մոլեռանդ աստվածապաշտ է։

Պարսկական արքունիքը V դարի 70-ական թվականներին նորից ուժեղացրել էր հայերի տնտեսական ու կրոնական հալածանքները։ Հայ նախարարների մի խումբ որոշում է ապստամբել եւ այդ մասին հայտնում է սպարապետ Վահան Մամիկոնյանինն։ Վերջինս պատասխանում է, թե միաբանել այդ խորհրդին, որ դուք մտածում եք, ասել ձեզ՝ թե լավ է այդ խորհուրդը եւ կատարեցեք, չեմ կարող եւ չեմ վստահում, քանի որ գիտեմ պարսիկների ուժն ու հանդգնությունր եւ հռոմեացիների (բյուզանդացիների Լ. Բ. ) թուլությունն ու խաբեությունը. ես փորձով ծանոթացրել եմ ձեզ, թե ինչպես նրանք մեր հայրերի հետ երդմամբ ուխւտ էին դրել ու ստել, ինչ վերաբերում է վրացիներին եւ հոներին, որ ասում եք, վրացիներն առանձին տկար են եւ քիչ այրուձի ունեն, իսկ հոներն ո՞վ գիտե, կհամաձայնվեն գալ, թե ոչ։ Բայց ամենից ավելի, ընդգծում է Վահանը, ձեր անձերից վախեցեք, որովհետեւ ստախոս ու անվստահ մարդիկ եք։ Իսկ եթե ինձ եք հարցնում եւ իմ խռսքը կհավանեք ու կկատարեք, թողեք այդ ձեր մտքերը, եւ միայն աստծուն աղաչեք, որ այդ գործերի հնարը գտնի, բայց ձեր զուր ու անօգուտ խորհուրդների համար ինձ մի նեղացրեք 72 ։

Դյուցազնացնելու վարպետությունից զուրկ Փարպեցին Վահանին էլ, Վարդանի պես, հակադրում է նախարարներին եւ հակառակ իր նպատակին, նախարարներին «սուտք եւ անվստահք» մարդկանց ավելի աստվածապաշտ ու հայրենասեր է ներկայացնում, քան Վահանին։ Նախարարները լսելով Վահանի պատասխանը, նրան ասում են, որ ինչ որ նա ասում է, ճիշտ է, բայց իրենք հույսը դրել են ոչ բյուզանդացիների եւ ոչ էլ հոների վրա, այլ իրենց անձերի վրա, քանի որ լավ են համարում մի ժամում մեռնել, քան թե ամեն օր եկեղեցու եւ քրիստոնյաների քանդվելն ու անարգանքները տեսնել 73 ։

Եվ ինչ, ապստամբությունը «յընդունայն եւ յանպիտան խորհուրդս» համարող Վահանը եւ նրա եղբայր Վասակը, աստծու համար մեռնելու մասին խոսքերը լսելով, քաջալերվում են ու գլխավորում ապստամբությունը:

Ակոռի եւ Ներսեհապատ գյուղերի մուտ հաղթանակ տանելուց հետո Վահանը բանակով անցնում է Վրաստան վրացիների հետ համատեղ կռվելու պարսիկների դեմ:

Փարպեցին չպատճառաբանված խաբեբայություն է վերագրում վրաց Վախթանգ թագավորին, որն ինքն էր դիմել հայերի օգնությանը 74, իսկ «բազմաց ի գնդէն հայոց»-ին էլ՝ դավաճանություն 75: Հայերի եւ վրացիների «դավաճանության» հետեւանքով թշնամին հաղթում է, Վահանը հարյուրի չափ մարդկանցով անցնում է Տայք։ Նրան հետապնդող պարսկական մի քանի հազարանոց բանակի հրամանատարը Վահանի ահից դողալով սարսափում է, չի վստահում հարձակվել նրա վրա, այլ խաղաղություն է առաջարկում 76 ։

Փարպեցին   իր Վահանի բերանով պարսիկ զորավարին պատճառաբանում է, թե ինչու են հայերն ապստամբել։ Պատմիչն այդտեղ ցուցաբերում է իր ջերմ դավանապաշտությունը, հայրենասիրությունը եւ ազգային հպարտությունը: Այնուհետեւ տալիս է, թե Վահանն ինչու է ըմբոստացել պարսիկների դեմ։ Պարզվում է, որ հիմնական պատճառը կրոնական գայթակղությունն է եղել եւ անձնական վիրավորանքը։

Պատմիչը Միհրանին Վահանի բերանով դառնացած ասում է. Հայոց աշխարհը մեծ ու պիտանի երկիր է, բայց թող նա ցույց տա իրեն, մի մարդ, այդ երկրում, որ թագավորի շնորհիվ է զորացել, արժանավոր կերպով հասնելով իշխանության, ընդհակառակը, հիմա զորանում են ավազակ, անպիտան, հացկատակ ու ստոր մարդիկ, որոնք պարսից մեծ թագավորությանը խաբում են, ուրանում իրենց կրոնը, փառքի ու իշխանության արժանանում, որից հետո գաղտնի միզում են կրակի վրա, իրենց աղբը անթեղ (վառած աթար) են դնում եւ վաճառողին ու վաճառվածին միասին անարգում։ Այնուհետեւ Վահանը զայրույթով նշելով, որ Պերոզ թագավորը արքունիքում բոլորի առաջ հայտարարել էր, թե վատ ու անպիտան գունդը ասորին է, բայց ասորուց ավելի վատ է ու անպիտան հայ մարդը, ազգային արժանապատվությունը ոտնահարված Վահանը բացականչել է, արդյո՞ք մահը լավ չէր, քան թագավորի այդպիսի խոսքը։ Պատմիչի Վահանը ցավով նշելով, որ նրանց, որոնց Հայոց աշխարհի ստոր տոհմից եւ անպիտան մարդկանցից պարսիկներն իշխանություն են տվել, իրենց ստորությամբ ջնջեցին քաջությունը, բարի անունն ու լավությունը հայոց աշխարհքից, եզրակացնում է, որ «... գնդի, որոյ զօրագլուխն վատ է՝գնդին լաւ լինել չէ հնար, եւ աշխարհի, որոյ իշխանքն յետին են՝ աշխարհին այնմ անհնար է  յառաջադէմ եւ անուանի լինել» 77:

Վահանի խիզախ ու հանգուգն պատասխանի առաջին մասի՝ մինչեւ Պերոզին վկայակոչելը, խթանող գործոնը հայերի ապստամբության հաղթանակի արդյունքն էր, նրա արտացոլումը, իսկ երկրորդ մասինը, ուր խոսում է իրենց անհաջողությունների մասին՝ այն ռեալ իրավիճակը, որ տիրում էր Հայաստանում ապստամբության նախօրեին եւ ամբողջ ընթացքում։

Պարսկաստանի դեմ ապստամբելու պատճառները տալուց հետո Վահանը պարսից զորավարին առաջադրել է իր պահանջները, որոնք հետեւյալն են. ամենից առաջ թող թագավորը Հայոց աշխարհին շնորհի քրիստոնեությունը դավանելու եւ բռնի ուժով դավանափոխությունը արգելի, լավ ու անպիտան մարդկանց ճանաչի, ամեն մեկից գործ պահանջի եւ ոչ ծաղրաբանություն, գործին նայելով վարձատրի, եւ ոչ լրբաբար խաբեությանը: Գրի ու հաստատի որ պարսիկների բռնությունից եղավ իրենց մեղանչելը, զիջողականությունը եւ ոչ թե հայերի ապստամբությունից-հանդգնությունից: Ազնվականներին թող ընդունեն ազնվականների կարգում, իսկ անարդներին անարգների կարգում: Եթե ընդունեն իրենց այդ պահանջը, պարսիկներն իրենց եւ իրենց հայրերի ու պապերի իսկական իշխանները կլինեն, եւ հայերը կծառայեն ու կհպատակվեն։ Իսկ եթե դարձյալ անարգներին լավերի տեղ ընդունեն, լավերին ետ տանեն եւ երկրի իշխանությունը աղտեղի մեղքերով վաճառեն եւ ոչ արդարությամբ նայեն արժանավորներին ու պիտանիներին, իրենք չեն դիմանա։

Այնուհետեւ Վահանն ասել է, որ իրենք գիտեին պարսիկների զորքերի հզորությունը, բայց ապստամբվեցին մահն աչքի աոաջ ունենալով եւ պատրաստ են դրան, առավել եւս ուրախ են, որ այդպիսի անվանի ու քաջ մահով պիտի մեռնեն քրիստոնեությամբ, քան թե ուրացությամբ գնեն փաոքեր ու հավիտենական կորուստ ժաոանգեն 78:

Վահանի եւ Մերուժանի միջեւ բանակցությունները, սակայն, ընդհատվում են պարսկական բանակի Տիզբոն կանչելու կապակցությամբ, եւ ճակատամարտը տեղի չի ունենում: Որաշ ժամանակ անց, պարսկական մի մեծ բանակ նորից է ներխուժում Հայաստան 79: Մի քանի ընդհանրումից հետո հայկական բանակը ստիպված քաշվում է արեւմուտք:

Պարսիկներն ասպատակում են մի շարք գավառներ, ապա անցնում Վրաստան: Հայաստանում մարզպան է նշանակվում մի ոմն Շապուհ, որին եւ հանձնարարվում է՝ ինչ գնով էլ լինի Վահանին ձերբակալել, ուղարկել Տիզբոն: Վահանը հանգիստ չի տալիս մարզպանին ու նրա տրամադրության տակ եղած ուժերին, անընդհատ հարձակումներ է կատարում եւ մարդկային ու նյութական մեծ վնաս պատճառում:

Փարպեցին տալիս է նաեւ շարքային հայի ազգային արժանապատվությունը: Կարինի մոտ Արծաթ գյուղի սահմաններում պարսիկները հարձակվում են դաշտում աշխատող հնձվորների վրա: Նրանք «կամեցան նույն տեղի հնձվորներին սպանել, ասելով թե, «ինչու արքայից արքայի ծառաներին թույլ եք տալիս շրջելու ձեր աշխարհում»: Խուրս անունով մի մարդ տեսնելով, որ մի պարսիկ զինվոր հարձակվում է կարնեցի մի մշակի վրա սպանելու նպատակով, զայրացած դիմում է Մուշեղ Մամիկոնյանին եւ Ներսեհ Կամսարյանին, աներկյուղ կերպով ասում է. Չէ որ ուրիշները, եթե պարսիկներից մեռնեն, վրեժնդիր աստվածը մեզանից կպահանջի եւ հարձակվում է պարսիկի վրա սպանում ու կարնեցում ազատում 80: Մուշեղն ու Ներսեհը գրգռվելով Խուրսի խոսքերից եւ տեսնելով նրա քաջագործությունը, չնայած իրենց ուժը շատ սակավ էր թշնամու համեմատությամբ, հարձակվում են թշնամու վրա, շատերին կոտորում, մնացածներին ամոթով փախուստի մատնում 81:

Կարծեք Վահանը զարմանում է, թե ինչպես առանց իրեն, ուրիշները կարողացել են հաղթանակ տանել: Ուստի Փարպեցին շտապում է Վահանին դյուցազնացնել, ասելով, թե ամեն մարդ երկյուղով ու կամքով լսում էր Վահանի հրամանը, ինչպես մի թագավորի, որ աստծուց կարգված է երկրի վրա եւ աստված ինքը նրա հետ էր ամեն գործում «ուր եւ ուղղէր զկամս խր» 82:

Անհրաժեշտ էր պատերազմում էլ ցույց տալ Վահանի սխրանքները ու գերբնական ուժը: Դրանով էլ պետք է բացատրել պատմիչի կողմից հայերի մի սիրտ մի ոգի ոնեցող բանակի չպատճառաբանված փախուստները պատերազմի դաշտից: Պետք էր ցույց տալ, որ ամենածանր պայմաններում Վահանը մի քանի տասնյակ մարդկանցով ամոթալի պարտության է մատնել թշնամու հազարների հասնող բանակներին: Արշակունյաց գավառի Շահա գյուղի մոտ ճակատամարտից առաջ Վահանը դիմում է իր զորքին, ոգեշնչում նրանց, ասում ապրելն ու մեռնելը պարծանքի բաժին է, եւ սուրբ ուխտի համար մեռնելը մարտիրոսության վիճակ 83: Եվ հանկարծ ճակատամարտը դեռ չսկսած ամբողջ գունդը դիմում է փախուստի 84: Եվ ի՞նչ. Վահանը չի վհատվում, Մուշեղի եւ Կամսարական երեք եղբայրների հետ, նրանց երկու կամ երեք դայակներով, մի քանի ազատներով եւ Մամիկոնյան տան մի քանի մարդկանցով, թվով 40 կամ ավելի պակաս, քաջի նման հարձակվում են պարսիկների վրա ու հաղթանակում:

Պարսից գահը ժառանգում է Վաղարշը: Ավագանին, որ Վահանի հաղթանակը դիտում էր իբրեւ Հայաստանի ազատագրում, նոր թագավորին ասում է, թե քո եղբայր Պեռոզը բռնակալ էր, ինքնահավան ու անհավան, նրա արհամարհող կամակորությունից շատերը փախել են պարսից թագավորությունից, որոնք քիչ վնաս չեն տվել թագավորությանն ու երկրին: Օրինակ են բերում «Հայոց մեծ աշխարհը», որ իրենց հպատակությունից հրաժարվել է եւ Վահանին, որ իրականացրել է այդ: Պերոզը չհասկացավ այդ մարդու կատարելությունը ու պիտանելիությունը, այդ պատճառով նա իրեն եւ իր երկիրը հանեց պարսկական ծառայությունից եւ շատ վնասներ ու հարվածներ հասցրեց արեաց աշխարհին 85:

Ավագանին խնդրում է Վաղարշին՝ լսել Շապուհ զորավարին, վերջինս դեսպանի պատմածին ավելացնում է, թե Վահանի արած գործը նման էր ժիր մշակների շատ սուր մանգաղով ու գերանդիով խոտ հնձելուն եւ շատ խրձեր իր մոտ կուտակելով թողնելուն, եւ իրենք յուրաքանչյուրը ուրախ ցնծությամբ տները գնալուն 86:

Փարպեցին լավ էր հասկացել, թե Պարսկաստանի համար Հայաստանի ազատությունը կամ նրա ըմբոստացումը որքան մեծ հարված էր դիտվելու պարսիկների կողմից եւ, պատահակն չէ, որ նա նույն Շապուհի բերանով Վաղարշին ասում է, թե թեպետ Վահանի մասին իր խոսքերը հանդգնություն են արքայի առաջ, սակայն նա վստահում է ասել որ Հայոց աշխարհի մեծությունն ու օգուտն ինքը՝ արքան էլ շատ լավ գիտի, բայց Վահանը եւ նրա մարդիկ, եթե այսօր խաղաղությամբ պարսիկների ծառայության մեջ լինեին, նա իրենց հասած խիստ տրտմության մխիթարության եւ հաջողության մեծ բաժին կհամարեր այդ գործը: Քամի որ՝ երբ հայերն կիրենցն էին, վրացիները եւ աղվանները երբեք չէին համարձակվում հակառակ բան մտածել 87:

Այս բոլորը լսելուց հետո Վաղարշը Հայաստան է ուղարկում ոմն Նիխորի եւ պատվիրում է նրան գնալ Հայաստան, Վահանի եւ նրա ընկերների կամքին համաձայն՝ ամենայն քաղցրությամբ եւ սիրով հպատակեցնել նրանց նորից Պարսկաստանին 88:

Պատմիչը թշնամու բերանով արդարացնում է Վահանի եւ հայերի ապստամբությունը եւ կարծեք հասկացնել է տալիս, որ հայերը հետագայում հավատարիմ կծառայեն, եթե չոտնահարվի նրանց դավանանքը եւ ազգային արժանապատվությունը: Վաղարշն Նիխորին ասում է, որ իրեն թվում է, որ Վահանը նոր հարձակման չի դիմի, որովհետեւ նրա ապստամբելու պատճառը Պերոզի անճանաչողությունն էր, որ իր հպարտ ու ինքնահավան բնավորությամբ յուրաքանչյուրի արժանիքը չէր ճանաչել եւ Վահանն ու նրա հետ միաբանված մարդիկ չկարողանալով դիմանալ արհամարհանքներին, իրենց անձերը մահի մատնելով, հարկից ստիպված ապստամբել են 89:

Հայաստան ժամանելուց Նիխորը պատգամավորություն է ուղարկում Վահանի մոտ, հայտնում թագավորի հրովարտակի բովանդակությունը: Վահանը ներկայացնում է իր պահանջները: Դրանք երեքն էին:

Առաջին կարեւոր եւ անհրաժեշտ պահանջը՝ իրենց հայրենի սեփական օրենքներին ձեռք չտալ, ոչ մի հայ մարդու դավանափոխ չանել, ոչ մեկին ուրացության համար իշխանություն ու պատիվ չտալ, Հայոց երկրից կրակարանները հանել, թույլ չտալ աղտեղի ու անպիտան մարդկանց կողմից եկեղեցուն անարգելը, թույլ տալ համարձակ եւ աներկյուղ պաշտպանել քրիստոնեության կարգն ու պաշտոնը, ուր եւ կամենան:

Երկրորդ պահանջը՝ մարդուն իշխանությամբ չճանաչել, այլ արդարությամբ լավն ու վատթարը հասկանալ, պիտանին եւ անպիտանին որոշել, պատվավոր եւ աննշան մարդկանց իմանալ, պատվական, քաջ ու օգտակար մարդուն լավերի կարգումն ընդունել, վատին ու անպիտանին արհամարհելով բանի տեղ չդնել, աշխատավորներին սիրել ու անաշխատներին ատել, իմաստուններին մոտ պահել ու խորհրդակից դարձնել եւ հիմարներին հեռացնել ու հրապարակից էլ հալածել: Վահանը միաժամանակ շեշտակի ընդգծել է, թե երբ այդ ամենն այդպես լինի, ապա արեաց աշխարհի բոլոր գործերը հաջող ու անսխալ կլինեն, իսկ եթե հակառակը անեն, ինչպես մինչ այդ են արել, նրանց գործերը դիմադրության կհանդիպեն ու կձախողվեն:

Երրորդ պահանջն էլ այն էր, որ պարսից թագավորն իր աչքերով տեսնի, իր ականջներով լսի, եւ ինքը հասկանա լավ ու վատ մարդուն եւ ուրիշի բերանով չխոսի պետք չեղած բաները, որովհետեւ այդ դեպքում ուղիղ չի լինի նայած գործը, եւ ոչ արդար է լսածը, այլ հաճախ խոսքերը սուտ են ճանաչվում եւ հրամանները՝ դատարկ, եւ բոլորովին տակնուվրա է լինում ընդհանուր միտքը: Եթե այդպես շարունակվի, ապա վաստակները ծառաների հետ կկորչեն եւ երկիրն ու նրա վրա բնակվողները չեն կարող անշարժ ու հաստատուն մնալ: Բայց եթե թագավորն իր առողջ աչքերով նայի ու աննախանձ լսի ու արդար խոսքով խոսի իր ծառաների հետ, ծառաները քաջալերվելով ՝ աշխատությամբ չեն կշտանա, այլ աշխատության մեջ զորանալով՝ օրեօր կաշխատեն բարին աճեցնել, աշխարհն այդպես է շինվում, եզրակացնում է Փարպեցին 90:

Վահանը Նիխորին գրում է, որ իրենց պահանջները դրանք են. եթե նա ընդունում է եւ կարող է գրավոր ու կնիքով հաստատված տալ իրեն ընդունման մասին նրա խոստումը, ապա նա հոժարությամբ կգնա նրա մոտ եւ կլսի նրան եւ թագավորի հրամանին կհնազանդվի: Իսկ եթե իրենց պահանջները չընդունվեն, ապա իրենք պատրաստ են մեռնել, բայց թագավորին ծառայել չեն կարող:

Նիխորն ընդունում է ներկայացված պահանջները եւ Վահանին հրավիրում է իր մոտ: Վերջինս կազմ ու պատրաստ բանակով գնում է Նավարսակ գյուղը: Գյուղ չհասած Վահանը հրամայում է հնչեցնել փողերը: Փողերի սաստիկ ձայներից, գրում է պատմիչը, երկիրը թնդաց: Նիխորի հանդիմանությանը, թե արեաց բանակը մտնելիս միայն արեաց սպարապետն իրավունք ունի փող հնչեցնել, Վահանը ասում է. «նախ, արա ինձ արեաց թագավորի ծառա, ապա նույնիսկ առանց քեզնից սովորելու՝ երեւի եթե ես իսկապես գիտեմ արեաց աշխարհի կարգն ու արժանը» 91:

Փարպեցին Նիխորի բերանով էլ է արդարացոնւմ Վահանի ու նրա ուխտակիցների վարքագիծը, ավելին անգամ փառաբանում է այդ վարքագիծը: Բայց դու, ասել է Նիխորը Վահանին, եւ քեզ հետ միաբանված մարդիկ մահը ոչինչ համարելով, քաջի նման դիմեցիք դեպի ապստամբություն 92:

Վահանի ներկայացված պահանջները թելադրված էին ժամանակին ստեղծված իրավիճակով: Փարպեցին շատ լավ էր հասկացել այդ իրավիճակի կորստաբեր հետեւանքները հայերի եւ Հայաստանի համար: Նա Վահանի բերանով հանգամանորեն բացահայտում է Հայոց աշխարհի կործանման պատճառները: Վահանը ասում է, թե Պերոզին եւ ընդհանրապես պարսիկներին խաբել են անպիտան մարդիկ, առաքինի մարդկանց ատելիները, իրենց աղտեղի գործերի համար այստեղից փաղչողները, լեռները քաշվողները, ավազակապետերը, արյունապարտները, հացկատակները, խառնակիչները, խաբեբաները, շաղակարտները, անմիաբանները, որոնք բոլորն էլ համոզվելով, որ ոչինչ են, ոչ մի բանով պարապել չեն կարող, գալիս մոխրի մեջ էին ընկնում, եւ պարսիկները նրանց խնդիրը ուրախությամբ կատարելով, տալիս էին նրանց իշխանություն, պատիվ ու պարգեւներ, ուրիշներին էլ տուն ու կարողություն: Ինչպես ամեն մի արհեստավոր իր արհեստը ինքը գիտե եւ կամենում է իր որդիներին էլ սովորեցնել, որ ապրեն, այնպես էլ այդ խաբեբա մարդիկ հասկանալով, որ խելքով ու քաջությամբ չեն ապրել ու մեծացել, այլ այն սուտ վաճառականության մոխրով, նույնն էլ աշխատում են սովորեցնել իրենց որդիներին: Այդ պատճառով վերացել է եւ  Հայոց աշխարհից աշխատասիրությունն ու խելքը, քաջությունը, տոհմականությունը, արդարությունը եւ մեջ էր մտել այդ ամենի կեղծ կերպարանքը 93: Վահանն այնուհետեւ զայրացած ասել է, թե տեսնելով այդ ամենը, պարսիկներդ մեզ համեմատում եք ամենավատերի հետ, նախ ասորիների, ապա լքյալների ու անդամալույծների հետ: Բայց ո՛վ որ մարդ է եւ ամո՛թ կա սրտում, ու այդպիսի խոսքեր է լսում թագավորից, գտնում է, որ ավելի լավ է մեռնել, քան ապրել 94:

Փարպեցին Վահանի բերանով հասկացնում է թշնամուն, որ հայերն ապստամբել են իրենց դավանանքը եւ մարդկային ու ազգային արժանապատվությունը պաշտպանելու համար: Վահանն ասում է, թե սկզբում նրանք մտածել էին թողնել հեռանալ հայրենիքից, քաջ իմանալով պարսիկների ուժն ու հզորությունը, սակայն հետո խորհեցին, թե անհանդուրժելի են այդպիսի ծաղրական խոսքերը իրենց մասին: Եթե գաղտուկ՝ բոլորովին առանց իմանալու զարհուրելով գնան, կհաստատեն Պերոզի ծաղրական ու վարկաբեկիչ խոսքերը, ուստի որոշեցին նախ իրենց անձերը ճանաչել, եւ ապա կամ մեռնել, կամ կորչել: Եթե իրենք միաբան ապրեին, չպառակտվեին ու չքայքայվեին, իրենց վրա հարձակվողներին կճանաչեցնեին, թէ իրենք ա՞րի մարդիկ են, թե՞ ասորու նման են 95:

Վահանին դյուցազնացնելու նպատակով Փարպեցին նրան տանում է Տիզբոն, որպեսզի նա մեծարվի նաեւ պարսից թագավորի կողմից, եւ վերջինիս բերանով հաղթանակը պսակի:

Տիզբոնում Պերոզին հաջորդած Վաղարշ թագավորը Վահանին ասել է. թե դու եղել ես կորստյան պատճառ քո եւ այնքան բազմության, որ քո ձեռքով ոչնչացան, այսօր հարցուփորձի, պատժի ու խիստ մահի արժանի էս, բայց երբ այդ ամեն գործի եւ կորստյան պատճառն այլ է, որ դու գործեցիր, քեզ ուրիշի բռնության ու վնասի փոխարեն պատժելը խիստ ծանր է, եւ մեր օրենքներով նման պատիժ չի նախատեսված: Պերոզի արհամարհող ու կամակոր բնավորության պատճառով, պարսիկներից շատերը մտածել են ապստամբել, բայց չկարողացան, որովհետեւ աշխարհիս կյանքը քաղցր համարելով չվստահեցին այդպես աներկյուղ իրենց անձերը մահի մատնել՝ ինչպես դուք ինքներդ մատնեցիք: Բայց դուք այս աշխարհը բոլորովին ոչինչ համարեցիք, մեռնողները քաջի նման մեռան, առավել եւս քաջի նման ապրեցիք կենդանի մնացածներդ: Ավելի Վաղարշը ցավով բացականչել է. երանի թե մյուս մարդիկ էլ, որոնց Պերոզը զուր տեղը կորցրեց, կարողանային այնպիսի քաջասրտություն անել, ինչպիսին դուք արեցիք, եւ գուցե այսօր կենդանի լինեին ձեզ նման եւ մեզ մոտ՝ ներկա 96:

Վահանը պարսից ամբողջ ավագանու ներկայությամբ, համարձակ պատասխանել է թագավորին, հատկապես շեշտել է, թե այն ամենը ինչ որ նա ասաց իր եղբոր մասին, շատ էր եւ թագավոր մարդուն անվայել: Միաժամանակ նկատել է, որ եթե մեկ ուրիշը կատարեր այն, ինչ իրենք են արել, անմիջապես տնով-տեղով կոչնչացվեին, իսկ իրենց պարսիկները հոգեպես (հոգով) են սպանում, այն նեղությանն ու վտանգին ոչ իրենց պապերը եւ ոչ իրենք չկարողացան դիմանալ, իրենք միշտ բողոքել ու բողոքում են, նշում, որ պարսիկների օրենքները սուտ են թվում իրենց, որ դրանք անմիտ մարդկանց ցնդաբանությունն են: Ապա ասել է, թե թող չստիպեն իրենց անարգել այն, ինչ-որ կամքով պատվել ու սիրել չեն կարող, որովհետեւ դրանք իրենց համար ծաղրելի են եւ իրենք չեն հավատում: Իսկ պարսիկները չլսելով իրենց բողոքը, իշխանաբար եւ բռնությամբ կամենում էին իրենց կորցնել ու կորցրին: Հայերի օրենքները սրբություն են պահանջում, եւ ամեն աղտեղություն, որով մարդկանց հոգիները կորչում են, հանձն չեն առնում եւ չեն կամենում, այդ օրենքները հրամայում են ծառայել ու հնազանդվել տերերին՝ ինչպես աստծուն 97:

Ուստի, ընդգծել է Վահանը, թող պարսիկները հայերից, իբրեւ ծառաներից, պատիվ, գործ, աշխատանք, հպատակություն, օգուտ, արդարամտություն պահանջեն եւ ամեն մարդու իր, ծառայության համեմատ, արժանը հատուցեն, այդ է հայերի պահանջը: Միաժամանակ նա բարձր ձայնով պահանջել է հեռացնել կրակապաշտությունը Հայոց աշխարհից, այն պատմիչը «խաբեբայության առեւտուր» է համարում, քանի որ ուրացողները խաբեությամբ ընդունում են պարսից օրենքները, արժանանում մեծ պատիվների, միաժամանակ կրակն ապականում են ու պարսիկներին հիմարի տեղ դնում: Այդ նույնպես ասված է Վահանի բերանով 98:

Թագավորը եւ բոլոր մեծամեծերը լսելով Վահանին, բարձր ձայնով գովել են նրան ու զարմացել նրա իմաստության ու խելացիության վրա: Ավելի, ոչ միայն հավատացյալներին, այլեւ անհավատներին թվացել է, թե Վահանի խոսքերը աստծուց պարգեւած աղբյուր է, որ սիրելի քաղցրությամբ բոլորը լսեն, հպարտությամբ արձանագրում է Փարպեցին 99:

Պարսից թագավորը վերջում ասել է, որ ընդունում է հայերի բոլոր պահանջները եւ գրով ու կնիքով հաստատում մինչեւ հավիտյան: Ապստամբներին, որոնք իրենց կամքով չեն ապստամբել, այլ Պերոզի պատճառով, ներում է շնորհում: Հայտարարում է, որ այսուհետեւ պարսից գահի վրա նստող թագավորներից եւ ընդհանրապես պարսիկներից ոչ մեկը չպետք է համարձակվի  մինչեւ հավիտյան հիշել այդ մասին 100:

Հաղթանակը կատարյալ է: Վահան Մամիկոնյանին տրվում է հայոց սպարապետությունը եւ Մամիկոնյանին տրվում է հայոց սպարապետությունը եւ Մամիկոնյան տան տանուտիրությունը, նրա համախոհ նախարարներն էլ մեծամեծ պարգեւների են արժանանում: Հայաստանում մարզպան է նշանակվում Անդեկան անունով «խելացի, ուշադրություն դարձնող, զննող» մի պարսիկ, «որ գիտեր ճանաչել ու որոշել իմաստունին՝ հիմարից, լավին՝ վատից» 101:

Նա գովասանական նամակներ է գրում արքունիք, ցույց տալիս Վահանի խելամիտ գործունեությունը: Ի վերջո նա գնում է Պարսկաստան Վաղարշ թագավորին համոզում, որ Վահանին նշանակի մարզպան, քանի որ բացի թագավորից ոչ ոք այնպես խելացի եւ այնպես իմաստուն չէ, ինչպես Վահանը: Մարզպանն ասում է՝ հազիվ թե մեկը լինի, որ համեմատվի նրա հետ: Այնուհետեւ այդ նույն մարզպանը պատճառաբանում է, թե ինչու անհրաժեշտ է տեղից մարզպան նշանակել: Հայոց երկիրը մեծ է, ընդգծում է նա, օտար մարզպանը, որ գնում է Հայաստան, երկու-երեք տարի հազիվ է կարողանում ճանաչել երկրի դյուրին եւ դժվար գործերը, լավ ու վատ մարդկանց, անպետքներին ու պիտանիներին, եւ դրա հետեւանքով շատ ծանր վիճակի մեջ են ընկնում տեղի մարդիկ: Իսկ բնիիկ երկրից նշանակվածը բոլորին ճանաչում է: Ամենից կարեւոր առավելությունն այն է, ասում է պարսիկ պաշտոնյան, որ պարսիկ մարզպանը իր հետ տանում է իր ամբողջ ընտանիքը, դրացիներին , սիրելիներին, ծառաներին ու աղախիններին, նրանք բոլորը ուտում են արքունիքի ռոճիկը եւ թե երկրի եկամուտը, քանի որ ծախսերը քիչ չեն, այդ հանգամանքը չափազանց ծանր է անդրադառնում տեղի բնակչության վրա: Իսկ եթե տեղից լինի, իր ունեցվածքը կուտի, արքունի գանձը կավելացնի եւ արքունիքին օգուտ կլինի 102:

Թագավորը եւ բոլոր մեծամեծերը լսելով Անդեկանին, հավանում են, զարմանում եւ մեծ գովեստով Վահանին ընդունում են որպես տիրասեր եւ աշխարհաշեն մարդ: Անդեկանի առաջարկը սիրով ընդունվում է, եւ Վահան Մամիկոնյանը նշանակվում է Հայաստանի մարզպան: Հաղթանակն էլ ավելի կատարյալ է:

Այսպիսով, պատմիչ Ղազար Փարպեցին, ինչպես տեսնում ենք, իր քաղաքական ծրագրի վերջնական իրականացումը կատարում է պարսիկ պաշտոնյայի միջոցով:

Հայերը ցնծության մեջ են, հրճվանքով բացականչում է Փարպեցին: Դվինում գտնվող մարդիկ լսելով այդ անսպասելի լուրը, բոլորն, առհասարակ, նախարարներն ու ազատները, ռամիկները, այր եւ կին, ծեր եւ երիտասարդ, անգամ առագաստի հարսներն առժամանակ մոռանալով հարսնության ամոթը, խռնված գնում են եկեղեցի: Եկեղեցին լեփ լեցուն էր, ժողովուրդը ստիպված խմբվել էր եկեղեցու սրահներում ու փողոցներում: Այդ օրը աստվածասեր բարեսիրտների ու բարեկամների համար անհագ խնդության ու անվերջ ուրախության օր էր, իսկ չարամիտների ու խարդախների համար, թանձր սգի ու անմխիթար տրտմության օր 103, ընդգծում է պատմագիրը: Ոչ միայն վերացված էր դավանանքին սպառնացող վտանգը, այլեւ վերականգնված էր երկրի ներքին ինքնավարությունը:

***

Եկեղեցական պատմիչ Ղազար Փարպեցու հիմնական նպատակն է եղել ցույց տալ իր դավանանքի ուժն ու հզորությունը, անպարտելիությունն ու հաղթանակը: Եվ պատահական չէ, որ նա այդ բոլոր հաջողությունները վերագրել է աստծուն, եկեղեցուն: Աստվածաշնչից բերելով հատվածներ, ուր խոսվում է աստծու արարչական ու ազատարար դերի, նրա սքանչելագործությունների մասին, նա Հովհան կաթողիկոսի բերանով բացականչում է. «սիրեցեք եկեղեցին, եւ սիրվեցեք եկեղեցուց, եկեղեցին թագավորների քաղցրացրեց, գազաններին ընտելացրեց, գայլերին գառներ դարձրեց, ձեզ պայծառացրեց եւ ճշմարտության թշնամուն ամաչեցրեց» 104:

Հովհանն ասում է. աստված սրբեց իր եկեղեցու չարչարված որդիների քրտինքը, որը նրանք Քրիստոսի անվան համար թափեցին, նա հանգստացրեց չարչարանքը, զենքերի աղտը մաքրեց, հավատարիմների ոգիները լցրեց ուխտապահության ջրով, բոլորին փրկության հանդերձ հագցրեց եւ ուրախության պատմուճան 105:

Ավելին, պատմիչի դավանանքի զորությունը ընդունում են անգամ նրա ամենաոխերիմ թշնամիները: Պարսից արքունիքի երկու նշանավոր պաշտոնյաները՝ Դենշապուհը եւ Ջնիկանը միմյանց ասում են, թե քրիստոնյաների գործերը  մի թեթեւ ու մի փոքր բան չէ, այլ նրանց հավատի ու օրենքների զորությունը հաստատ մեծ է, եւ մենք տգիտությամբ վնասելով կորչում ենք ու չենք հավատում 106, նման հարցադրումն էլ Փարպեցու դավանանքի հաղթանակի արդյունքն էր:

Ի վերջո, Փարպեցու Վահանն իր գործունեության շնորհիվ հայերի մեջ ավագներին ու կրտսերներին մեծապես օգուտների, իշխանության ու փառքի է հասցրել, իսկ ոմանց՝ մահից ազատելով կյանքի է արժանացրել եւ կորածներին գտնելով՝ նրանց գոյությունն է պահպանել 107:

***

Հայրենասեր պատմիչը զայրույթով ու ատելությամբ է խոսում հայրենիքի դավաճանների ու ուրացողների մասին, նրանք ամեն աղտեղությամբ լի, սուտ անպիտան, չարագործ, գող, գերեզմաններ քանդող, խաբեբա, աստվածանենգ, անօրեն, չարախորհուրդ մարդիկ են: Նրանց հետ Հայոց աշխարհի շինականն անգամ գարշում է անգամ հաց ուտել կամ մոտենալ, վախենալով թե չլինի պղծվի:

Սյունյաց սեպուհ Վարազվաղանը «սատանայական խորհուրդ մտքումը դնելով»՝ իր հայրենիքի կորստյան առաջնորդ էր դարձել, ուրացել ճշմարտությունը, բոլոր թուլամիտ ու թերահավատ մարդկանց կորստյան պատճառ եւ մահվան դեղագործ հանդիսացել 108: Վասակին բանտարկելուց հետո նա նշանակվել էր Սյունյաց աշխարհի տեր, շատ անիրավություններ է կատարել, շատ կրակատներ շինել, եւ այդ բոլորի համար շատ երկար ժամանակ տանջվելով դառն մահով սատկել է 109, գոհունակությամբ գրել է Փարպեցին:

Ոչ պակաս սեւ գույներով է ներկայացնում պատմիչը եւ Վասակ Սյունեցուն: Վարդանին Աղվանք ուղարկելուց անմիջապես հետո սկսվում է Վասակի դավաճանական գործունեության նկարագիրըը: «Անօրեն Վասակը ստել է աստծու ուխտը, խաբելով դրժել է ավետարանի երդումը եւ ետ կանգնելով՝ ապստամբել ճշմարտության միաբանությունից», նրա հետ են միացել եւ նրա հետ գտնվող նախարարներն ու ազատները: Նրանք էլ երես են դարձրել «արդարության ճանապարհից», այլ խոսքով՝ զենքի միջոցով պաշտպանելու իրենց դավանանքը: Պատգամավոր են ուղարկել Պարսկաստան, իրենց ուրացությունը ու հպատակությունը հայտնել, հայոց բերդերի բերդապաններին հեռացրել, իրենց մարդկանց նշանակել:

Պատմիչը գիտակցել է Վասակի դավաճանական գործունեության պառակտիչ հետեւանքները: Նենգավոր Վասակը, ասում է Փարպեցին, երբեք չէր դադարում նամակներ գրելուց Հայոց աշխարհի իշխաններին, շինականների ու քահանաներին, ցույց էր տալիս թագավորական պալատից բերած սուտ դաշինքներ ու զուր խոստումներ, որ իբրեւ թե թագավորը հրաժարվել է հայերին բռնի հավատափոխ անելու իր որոշումից եւ սպանված մոգերի համար վրեժխնդիր չի լինելու, որ ինքը՝ Վասակը, հայերի ապստամբելու մասին երբեք չի հիշելու, միայն թե նրանք պետք է հեռանան Վարդանից:

Այդ նամակների հետեւանքները այն էր լինում, ցավով նկատում է Փարպեցին, որ հավատի մեջ թուլացածները եւ անհույսները հավատալով նենգավորի խոսքերին, կորչում էին: Իսկ հավատացյալներն ու մարտիրոսություն ցանկացողներն, երբ լսում էին ցնորքների այս բոլոր խոսքերը, առավել եւս հաստատվելով զորանում եւ սպասում էին իրենց ավետաբեր փրկության օրվան 110, գոհունակությամբ շեշտում է պատմիչը:

Ըստ նրա Վասակի նպատակն է եղել իր դավաճանության դիմաց մեծ պարգեւներ ստանալ, անգամ հայոց թագավորությունը: Իսկ եթե վերջինս չստանար, մտածել է նա, համենայն դեպս մյուս բոլոր պարգեւներն ու պատիվներն առանց կասկածանքի իրենն են լինելու 111:

Պարսկաստան գնալու ճանապարհին Վասակը հանդիպել է շղթայակապ «սուրբ հայրերին»: Հովսեփը տեսնելով նրան, Ղեւոնդին ասել է, թե գիտես, որ Վասակը մոտենալու է իրենց, լիրբ ու անամոթ երեսով ողջունելու համար: Ղեւոնդը սուր հեգնանքով Վասակին ասել է, որ ամեն բան խոսեցին նրա հետ, բայց ամենակարեւորը մոռացան՝ հարցնել թե ո՞ւր է գնում: Վասակը պատասխանել է, թե իր տիրոջ մոտ է գնում, որ նրան մատուցած մեծ ծառայությունների դիմաց ստանա նրանից մեծ վարձատրություն: Ղեւոնդը նկատել է, թե կարծել է տալիս նրան այդ դեւը –Միհրներսեհը, Հայոց աշխարհի թագավորությամբ պարսիկները պետք է վարձատրեն իրեն իր արժանի ծառայության համար: Այնուհետեւ շեշտում է, որ նրանք նրան ոչինչ չպետք է կարողանան տալ փոխարենը, միայն թե նա կարողանա գլուխը ուսերի վրա կենդանի վերադառնա Հայաստան 112:

Այս գրել է պատմիչը, որ հետո համոզի ընթերցողին, որ Վասակին աստված է պատժել նրա դավաճանության եւ ուրացության համար, որ իրականացվել են Ղեւոնդի բերանով ասված խոսքերը:

Վասակը պարսից արքունիքում ամբողջապես մերկացվում է հայ ուխտապահ նախարարների կողմից: «Արդարություն պահանջող աստծու խոսքը կատարվում է», Վասակի նենգավոր խորհուրդների դիմակները պատռվում են, եւ տակնուվրա անում նրա բոլոր չար մտադրությունները:

Ժամանակակիցներին եւ հետագա սերունդներին ցույց տալու նպատակով, թե ինչ վախճան է սպասվում դավաճաններին ու ուրացողներին, Փարպեցին Վասակին անարգանքի սյունին է գամում նաեւ պարսից թագավորի բերանով: Թվարկելով Վասակի գործած հանցանքները, Հազկերտը նրան ասել է, թե այդ բոլորից հետո դու մեր այնպիսի ծառայի սպանեցիր, ինչպիսին Վարդանն էր, այնպիսիս մեծ ու պիտանի աշխարհ կորցրիր- անջատեցիր Պարսկաստոնից, ինչպիսիսն Հայաստանն  է, եւ լրբաբար համարձակվեցիր մեզ մոտ գալ, իբրեւ քո խաբեբա գործերին անտղյակների մոտ: Այնուհետեւ զրկել է Սյունյաց իշխանությունից, ասելով ՝ այն բոլոր չարքերը, որ նա մտածել ու կատարել է, բոլորը պետք է կուտակվի նրա գլխին: Պահանջել է նրանից վճարել յուրացրած հարկագումարները եւ վերադարձնել ստացած մեծ հարստությունը 113:

Պատմիչը ինչպես տեսնում ենք, դավաճաններին անարգելու նապատակով, չի զլացել, անգամ թշնամու բերանով, արտահայտելու ազնիվ զգացումներ ու մտքեր, նրան վերագրելու արդարադատությունը:

Նա ասում է, որ Վասակի արդարախոս ծառաներն իրեն պատմել են իրենց տիրոջ Տիզբոնում կրած տառապանքների մասին:

Հազկերտը հրամայել էր հրապարակում անարգանքով վերցնել նրանից բոլոր ունեցած պատիվները, սպասավորները նրան խայտառակելով՝ մերկացրել են, խլել տերության պատվի զարդարանքները եւ արքունի հարապարակից դուրս հանել: Վասակը մի քանի տարի խիստ ծանր վշտերով եւ շատ նեղություններով մնացել է Տիզբոնում: Ամեն օր եւ ամեն ժամ ախ քաշելով ու հառաչելով իր օրերն է անցկացրել, ձեռքերը նախատական խայտառակությամբ երեսին է խփել, ասելով, ահա ընդունիր այս անարգանքները, որ քեզ պատճառեց ավետարանի ուխտագնացությունը եւ սուրբ Վարդանի ու նրա ընկերների արյունը: Նրանք ժառանգեցին հավիտենական կյանք եւ բարի անուն ստացան, որ սերնդե սերունդ անցնի կմնա: Իսկ իր մեղավոր մարմինը պետք է ապրի խղճահարությամբ ու մտատանջությամբ: Մինչեւ վերջին օրը այսպես տանջվելով, նա, ինչպես Ղեւոնդն էր ասել, Պարսկաստանում էլ մեռել է 114:

  Փարպեցին դրանով հասել է իր նպատակին, ցույց է տվել երկու ճակատագիր եւ երկու վախճան՝ Վասակ դավաճանի եւ ուրացողի անփառունակ դաժան մահը եւ Վարդանի մարտիրոսաբար անմահանալը:

  Աշ. Հովհաննիսյանը ելնելով Մեսրոպ երեց Վայոցձորցու Պատմությունը կցված հիշատակարանի ձեռագիր օրինակում պահպանված մի հատվածից, ուր Վարդանի մասին ասված է ուղղակի, թե նա «բռնացեալ ունէր զտեղի թագաւորացն Հայոց…», եզրակացնում է, որ Վարդանանց պատերազմի ժամանակ Մամիկոնյաց եւ Սյունյաց նախարարական տների բախումը տեղի ուներ մասամբ հենց Արշակունյաց քաղաքական ժառանգության շուրջը, հանգամանք, որ մեզ հասած հնագույն պատմական աղբյուրների մեջ դիտավորյալ մթագնվել է կամ դուրս ձգվել հետագա գրիչների ձեռքով՝ նպատակ ունենալով վեր հանել սոսկ անցքերի կրոնաբարոյական կողմը կամ ներկայացնել Վարդանին եւ յուրայիններին՝ միայն որպես կրոնի ու եկեղեցու համար նահատակված վկաների 115:

Պատմիչը ոչ պակաս ատելությամբ է խոսում նաեւ Սյունյաց մի երկրորդ իշխանի՝ «անօրէն Գդիհոն»-ի մասին 116:

Նա հայրենիքի եւ դավանանքի դավաճաններին հարդի հետ է համեմատում: Վարդանը, ուխտապահ նախարարները եւ զորքը, իմանալով Վասակի ու նրա համախոհների դավաճանական գործողությունների մասին, ասել են. «ահա ամեն Փրկիչ Քրիստոսը հեծանոցը ձեռքն առած՝ սրբում է իր կալը եւ ընտրում ու հավաքում ցորենի հատիկները երկնքի շտեմարանում եւ հարդը անխնա մատնում անմարելի կրակի բոցին»: Պատմիչը  նրանց «մաքրված ցորնահատեր է համարում, իսկ դավաճաններին «սատանայի արբանյակներ» 117:

Նիխորի հետ Վահանի հետ ունեցած ամբողջ խոսակցության մեջ պատմիչն արտացոլել է արեւմտյան կողմնորոշման կուսակիցների բացահայտ պայքարն այդ ժամանակ Հայաստանում գերիշխող դիրք գրավող պարսիկների խմբակցության դեմ: Ավելին, Փարպեցու Վահանը բացարձակ մարտահրավեր է նետում այդ խմբակցությանը: Նա Նիխորին ասում է, փորձեցեք այն մարդկանց, որոնց Պիրոզն իր թագավորության մեջ իշխան էր կարգել եւ այժմ իշխանություն ու պատիվ ունեն, եւ ամեն  մի գավառում իշխանապան են, ձիու զենքի ու զորքի տերն են, հրաման տալ, որ իրենց այրուձին հավաքեն եւ իրենք էլ թվով այսքան մարդկանցով, որոնք ոչ տուն, ոչ ծառա, ոչ զորք եւ ոչ տանուտերություն ունեն, պարսիկներն էլ նրանց չօգնեն, Հայոց երկիրը թողեք իրենց ու նրանց, ով որ հաղթի, նրան էլ տան երկիրը եւ նա թող պարսիկների ծառայի:

Փարպեցու մոտ պարսկական կողմնորոշման բացակայությունն արհամարհված է անգամ պարսիկների կողմից: Այդ էր պահանջում պատմիչի ապրած օրերի ոգին:

Նիխորի մոտ ուրախության ու ընթրիքի ժամանակ, նրա հրամանով ընթրիքից ամոթալի կերպով դուրս էին քաշել ամոթալի ու ուխտադրուժ հայերին: Պատմիչը նկատում է, որ աստված իր սիրելի ուխտակատարներին պարծանք ու համարձակություն էր տվել, իսկ խաբեբա ուրացողներին ամոթ ու անարգանք: Փայլում էին աստվածասեր մարդկանց երեսները այն լույսի նման, որ իրենք ընտրել էին ու լուսավորվել էին: Իսկ անբարիշտ մոխրապաշտների երեսների վրա նույն մոխրի կերպարանքն էր նստել: Նրանց աներես դեմքերով՝ խաբեբա հացկատարների կերպարանքներն էին երեւացել, որ ստույգ նշան էր ամոթալի խայտառակության: Թշվառացած ու ողորմելի էին այն մարդիկ, որոնց այն արտուշանը շնորհակալություն չհայտնեց, եւ սուրբ եկեղեցուց էլ մերժվելով դուրս էին գցվել: Աստծու զորության գործի վրա սարսափելով ապշում էին նրանք, իրենց այնպես խաղք ու խայտառակ անելու համար: Ցանկանում էին, եթե հնար էր, թանկ գնով եւ ապստամբի անուն կրել, սակայն ոչ մեկը նրանց այդպիսին չէին համարում:

Պատմիչն ասում է, թե կողմնակի մարդկանցից ով ուզում էր մտնել ատյան, բազմության մեջ նվիրականներին բարձրաձայն ասում էր «ապստամբների գնդից եմ» եւ անմիջապես ներս էին թողնում, իսկ ուրացողներից ոչ մեկին թույլ չէին տալիս մոտենալ ատյանի դռներին 118: Այստեղ էլ պատմիչը հաղթանակը կատարյալ է դարձրել, ապստամբության մասնակցողը պատվի է արժանացել, այն մի տեսակ պատվարժան անցագիր է հանդիսացել հակառակորդի մետ:

Փարպեցին Հովհան կաթողիկոսի բերանով հրճվանքով ու հաղթականորեն բացականչում է. ո՞ւր են այն աստծու գոռոզացածները, ո՞ւր են առանց աստծու իշխանություն ձեռք բերողները, ո՞ւր են եկեղեցի անարգողները, օրենքները ոտի տակ տվողները, սրբությունը պղծողները, մոխրատներ շինողները, ճշմարտությունը մոռացողները, արդարությունը հայհոյողները-փախան, գլուխները կախեցին, ամաչեցին 119: Հաղթանակը նույնպես կատարյալ է:

Հակառակ այդ դավաճան եւ ուրացող նախարարների, պատմիչը, բացի Մամիկոնյաններից տվել է նաեւ լավ քրիստոնեասեր նախարարների մասին, որոնք խելագար թագավորի հոգեսպանությունից եւ ժամանակի անբարիշտ իշխանների կատաղությունից, ինչպես նապաստակները, գիշակեր արծիվների սլանալուց քարերի խոռոչներում կամ մայր ծառերի մացառուտում տեղերում թաքնվել են, կարեւոր համարելով համբերությամբ քրիստոնեության մեջ մեռնել, քան թե փառասիրությամբ ուրացության մեջ կորչել: Նրանք հավաքվել են քահանայապետ Գյուտի մոտ, որ երբեք չէր դադարում ուրացողների մոլորությունն արտասվելուց, որ գաղտնի, երբեմն օտար երկիր փաղչելու եւ երբեմն օգնություն որոնելու եւ ապստամբելու հնարներ էր փնտրում նրանց հետ 120:

Վերեւում տեսանք, թե ինչպիսի ատելությամբ է խոսում Փարպեցին Հազկերտ եւ Պերոզ թագավորների, հազարապետ Միհրներսեհի մասին, մերկացնում նրանց մերկ ու խարդախ ծրագրերն ու ծավալած գործողությունը: Բարյացակամ չէ պատմիչը եւ ասորիների նկատմամբ 121:

***

Պատմիչ Փարպեցին էլ կենտրոնացված պետության, բայց ոչ բացարձակ միապետության կողմնակից է: Նրա առանձին ակնարկներից երեւում է, որ նա էլ հակակրանք է տածել Արշակունի վերջին գահակալի նկատմամբ, որոնք փորձել են ինքնուրույնություն հանդես բերել, սահմանափակել եկեղեցու եւ հոգեւորականության իրավունքները: Ավելին ըստ նրա, Հայաստանի երկու մասի բաժանման պատճառը Արշակունիներն են եղել:

  Խոսելով Վաղարշապատում կույսերի վկայարանների գոյության մասին, նկատում է. թե որքան անարժան գտնվեց Արշակունյաց տոհմն իր վատ գործերի պատճառով 122:

Այնուհետեւ պատմելով Խոսրով թագավորի գահընկեց անելու մասին, գրում է. մի ժամանակ անցնելուց հետո՝ պարսից իշխանության տակ գտնվող նախարարները ատելությամբ են նայել իրենց Խոսրով թագավորին, Արշակունյաց թագավորության հետզհետե թուլանալու եւ գահակալների թույլ տված չար գործերի պատճառով: Ընդգծում է, որ առաջին սուրբ քահանայապետերը եւ ուրիշ շատ առաքինի մարդիկ, միշտ նկատել են նրանց անարժան գործերը եւ նախապես գուշակել պարսից ծառայության խիստ ու անօրեն լծի տակ ընկնելը 123:

Բուզանդի նման Փարպեցին էլ գտել է, որ չնայած Արշակունի գահակալների վատ վարքագծին, այնուամենայնիվ, քանի որ նրանք Հայաստանի բնիկ տերերն են, պետք է նրանց ենթարկվել ու պաշտպանել, ոչ թե բանսարկությամբ զբաղվել: Խոսրովի դեմ ըմբոստացած հայ նախարարների մասին գրում է, որ Խոսրովի այդ թշնամիներն իրենց անմիտ որոշմամբ հոււյս ունեին կորցնել նրան, եւ իրենց անձերին ու աշխարհին մի բարիության պատճառ լինել, չգիտեին թե՝ իրենց մեղքերի պատճառով դեռ խիստ ծառայության են մատնվելու աստծուց 124:

Սահակի բերանով  նա նախարարներին ասում է, հրաժարվեցեք ձեր այդ որոշումից, ինչպես ձեր պապերից ոմանք, մի աշխատեք կորցնել ձեր սեփական տերերին 125:

Սահակը բերելով Պողոսի խոսքերն այն մասին, որ փոքր-ինչ վշտանում է մարմնի մի անդամը, բոլոր անդամները վշտանում են նրա հետ եւ եթե անդամը փառավորվում է, բոլոր անդամներն ուրախանում են նրա հետ եւ ապա Գրիգորի օրինակը, խորհուրդ է տալիս նախարարներին՝ ողորմություն խնդրել մեղավոր անդամի համար եւ չմատնել անօրեններին, որ իրենց «հավատի սուրբ խորհուրդը» ծաղրեն 126:

Վերեւում տեսանք, թե ինչպիսի զայրույթով ու ատելությամբ է խոսում Փարպեցին այն նախարարների մասին, որոնք կործանեցին հայկական թագավորությունը եւ թե Արատաշես թագավորի բերանով ինչպես է բնութագրում նրանց:

Ընդհանրապես հայ պետականության անկման եւ երկրում ստեղծված ծանր իրավիճակի ամբողջ մեղքը, մեր պատմիչը գցում է պարսկական կողմնորոշում ունեցող նախարարների վրա եւ թշնամաբար է խոսում նրանց մասին: Նրանք պարսիկներից ուրացությամբ գնել են տանուտերական իշխանությունն անարժան կերպով, նրանք հիմար ու վնասակար, անպետք ու անպիտան, վախկոտ ու քաջությունից զուրկ մարդիկ են, դրանց պատճառով Հայոց աշխարհից լավությունը հեռացել է, իմաստությունը կորել, քաջությունն անհետացել 127:

Ղազար Փարպեցին էլ ատելությամբ ու արհամարհանքով է խոսում հեթանոսության եւ, հատկապես զրադաշտական կրոնի մասին, այն համարում է «բանս սնոտիս եւ պատգամս ընդունայնս» 12 8, «անմիտ վարդապետություն» 129: Խոսելով Հայաստան ուղղարկվելիք մոգերի մասին, նա նկատում է, որ սուտ վարդապետների բազմությունը, որոնց մոգ են անվանում, ստիպում, հարդարում են սովորել ծաղրելի փչումների ուսմունքը եւ կախարդական տռտռոց խոսքերը, ինչպես օձերի թովելը եւ կախարդությունը եւ ավելացնում է, թե պատվիրել էին նրանց երեք երկրներում բացել խաբեւոթյան դպրոցներ եւ սովորեցնել մոգերի ուսմունքը:

Պատմիչը Գյուտ կաթողիկոսի բերանով Տիզբոնում թագավորի պատգամավորներին ասւմ է, գնա թագավորիդ հայտնիր, որ նրա օրենքները-դավանանքը գարշելի է, այն դավանողներն իր աչքերույմ մեռած են համարված, որ թագավորի պատիվներն ու փառքն ինքն անարգանք է համարում եւ մանուկների ծաղր ու խայտառակություն 130:

Հետաքրքիր դատողություններ ունի մեր պատմիչը կրակապաշտության մասին: Ըստ նրա կրակը գոյանում է շատ նյութերից, ինչ նյութերից, որ գոյանում է՝ նրանցից էլ մարում է, երբեմն որից որ առաջանում է, նրանից էլ աճելով բորբոքվում է: Կրակը գոյանում է երկաթից, քարից, փայտից եւ ջրից: Եթե երկաթից ստացված կրակի վրա երկաթ հավաքեն, կրակը կմարի, նույնը եւ քարից, ջրից եւ այլ նյութերից, իսկ փայտից առաջացած կրակը՝ փայտից բորբոքվում է՝ զորանում է, ուրեմն ոչ թե կրակին պետք է աստված համարել, այլ փայտին, որը ծնում է եւ կյանք է տալիս կրակին: Ասում է, թե բոլոր նյութերի մեջ էլ կրակ կա, ուստի երկրի բոլոր նյութերն աստվածներ են, ապա եթե այդպես են հասկանում պարսիկները, ինչու հիմարությամբ կես մասին աստված են անվանում, եւ կեսին անմաքուր գործերում վատնելով անարգում 131:

Դարի զավակ Փարպեցին նույնպես համոզված է եղել, որ ամեն ինչի արարիչը աստվածն է, որ ստեղծեց երկիրն ու երկինքը եւ նրանցում գտնված ամեն բան 132: Աստված ամենախնամ արարիչն է 133, ամենագետը 134: Ուրացող Վարազվաղանը, երբ չկարողացավ հասկանալ Միհրներսեհի անմտությունը եւ պատասխանել հիմարացած քարոզչին, Փարպեցին անմիջապես միջամտում է, պաշտպանում քրիստոնեությունը եւ ասում, որ բոլոր ժամանակների, տարիքների, ջերմության ու ցրտության , չորության ու խոնավության , լույսի ու խավարի ստեղծողը ճշմարիտ աստվածն է 135:

Մեր այս պատմիչն էլ հավատում է հրաշքներին, տեսիլներին, գերբնական երեւույթներին 136:

Սահակի տեսիլը, ուր կանխագուշակված են Արշակունիների թագավորության անկումը եւ կաթողիկոսությունը Գրիգորի տոհմից վերցնելը եւ ապա թագավորության եւ կաթողիկոսության վերականգնումը 137, բանասիրությունը վաղուց ցույց է տվել, որ այն հետագա դարերի գործ է, մտցվել է Փարպեցու պատմության մեջ Սահակին ավելի մեծարելու նապատակով 138:

Փարպեցին էլ գտնում է, որ երկրի եւ ժողովրդի վրա հասած դժբախտություններն ու արհավիրքներն աստծու պատիժներն են, նրա դեմ կատարած մեղանչանքների հատուցումն են: Իսկ այժմ, ասում է պատմիչը Արշակի բերանով, մեր եւ մերպապերի երկայնամիտ ու քաղցր աստծուն բարկացնելու համար, մատնելով ընկանք ստրկության մեջ, եւ անարգության հասած՝ անխնա բաժանվեցինք 139: Ըստ պատմիչի Հայաստանի բաժանումն էլ աստծու պատիժն է:

***

Հետեւելով Կորյունին եւ Բյուզանդին, Փարպեցին նուրյնպես ցավով արձանագրել է, որ Մաշտոցը միշտ տրտում էր՝ տեսնելով Հայաստանի մանուկների մեծ չարչարանքով արած ծախսերը, նրանք շատ դրամներով, երկար ճանապարհորդությամբ եւ բազմաժամանակյա չարչարանքով մաշում էին իրենց անձերը ասորի գիտության դպրոցներում: Որովհետեւ եկեղեցական արարողություններն ու սուրբ գրքի ընթեցանությունը՝ վանքերում ու եկեղեցիներում ասորերեն լեզվով էին կատարվում, ժողովուրդը ոչինչ չէր կարողանում հասկանալ եւ օգուտ ստանալ նրանից 140:

Պատմիչն ասորերեն լեզուն «մուրացածոյ» բարբառ, խավար եւ տանջանք է համարում 141: Ըստ Փարպեցու, գրերի գյուտը «Հոգեւոր կենաց փափագ» է: Սահակն ու Մաշտոցը Վռամշապուհից իմանալով դանիելյան գրերի մասին, նրան ասել են շտապիր Հայոց աշխարհին օգուտ բերող այդ մեծ գյուտի համար քո ժամանակում, որ ապագայում անմոռաց հիշատակ կբերի քեզ եւ երկնային փառքը վայելելու օգուտ, քեզանից առաջ եղած քո Արշակունի պապերի եւ քո թագավորության իշխանությունից ավելի: Թագավորը երբ լսել է այդ խոսքերը, կատարյալ ուրախության փառք է տվել աստծուն, որ իր թագավորության ժամանակ այնպիսի անմահ կյանքի ցանկություն (հոգեւոր կենացի փափագ) ժառանգեց Հայոց աշխարհում 142:

Պատմիչը  նույնպես վկայում է, որ Մաշտոցի գյուտից հետո բոլորը փափագել են հայերեն գիտության, եւ ասորի լեզվի տանջանքներից, ինչպես խավարից՝ դեպի լույս գնալով ուրախացել 143:

Փարպեցի Աստվածաշնչի թարգմանությունը հունարենից «սաստիկ եւ կարեւոր», «մեծ» գործ է համարել 144: Դրա անհրաժեշտությունը թելադրված էր այն բանով, որ ժողովուրդը եկեղեցում լսելով արարողությունը ասորերեն լեզվով, ոչինչ չէր հասկանում. Դատարկ ու անմխիթար դուրս էր գալիս, ուսուցիչներն ախ քաշելով զղջում էին իրենց զուր աշխատանքի համար, ուսումնասեր ունկնդիրներից ոչ մեկը օգուտ չէր քաղում հոգեւոր խրատների այն վարդապետությունից, որ լսողների զորացնող կերակուրն էր, ասում է պատմիչը 145:

Փարպեցու մոտ սակայն, ոչ թե Մաշտոցի ստեղծած գրերի գյուտն է «հոգեւոր վաստակի մեծ գործ», այլ Սահակի կողմից Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը: Դրանից հետո է, որ ստեղծվեցին դպրոցներ ժողովրդին սովորեցնելու համար, շատացան գրողներ, միմյանց գերազանցելով, զարդարվեցին եկեղեցու պաշտանմունքները, տղամարդկանց եւ կանանց բազմությունը շատացավ փրկչի տոների օրերում եւ մարտիրոսների վկայարաններում: Նրանք լիանալով հոգեւոր մխիթարությամբ, հասակավորներն ու փոքրերը մեծ խորհրդին հաղորդելով՝ գնում էին կատարյալ ուրախությամբ, սաղմոս ասելով ամեն տեղ՝ հրապարակներում, փողոցներում եւ տներում: Եկեղեցիները պայծառացան, սրբերի վկայարանները փառավորվեցին, միշտ նրանցում մեկնիչները մարգարեների գրվածքները բացատրելով ժողովրդին հագեցնում էին հոգեւոր կերակուրով: Բայց ամբողջ երկիրը լցվեց աստծու գիտությամբ՝ սուրբ Սահակի հոգեւոր աշխատության շնորհիվ, շատ ջրերի նման, որ լցնում են ծովերը 146, հրճվանքով շեշտում է մեր պատմիչը:

Չնայած նա խոստովանում է, որ գրերի գյուտի մասին իր աղբյուրը Կորյունն է, որը ստույգ գրել է այդ պատմությունը եւ ինքը շատ անգամ այն կարդացել է եւ ճշմարտապես տեղեկացել 147, սակայն Սահակին մեծարելու նպատակով մեղանչել է ճշմարտության առաջ: Նրա մոտ Մաշտոցը նսեմացված է, նրան պատկանում է  միայն գիր ունենալու անհրաժեշտության գաղափարը: Հենց այդպես էլ նա ասում է, թե Մաշտոցին «աստվածային շնորհը մղեց դեպի այդ ցանկությունը», այն է շատ վաղուց գրված տառերը կարգավորել 148:

Ըստ Փարպեցու, Սահակն է՝ հարմարեցնելով, գրերի դասավորության եւ վանկերի ճիշտ հնչելուն հեշտ ճանապարհ ցույց տվել Մաշտոցին եւ նրան օգնական տվել հայ գիտնական եւ սրամիտ քահանաներ, որոնց օգնությամբ Մաշտոցը կարողացել է հայերեն վանկերը հունաց վանկերի եւ հնչյունների դասավորության համաձայն, հունականի նման ուղիղ կարգավորել՝ հաճախ հարցնելով ու սովորելով Սահակից տառերի օրինակը: Որովհետեւ նրանք ուղղակի անսխալ չէին կարող կատարել՝ առանց Սահակի ղեկավարության, որ իր կատարյալ գիտությամբ հունաց շատ գիտնականներից բարձր էր 149: Ավելին, միշտ դանիելյան նշանագրերի մասին իմանալը, Սահակը Մաշտոցին լսելուց հետո, նրան քաջալերել է եւ ասել. զորացի՛ր, պի՛նդ կաց, վերցրու քահանաներից օգնականներ, որոնց ինքը կասի, ուր որ նրանք կկարանան վանկերը որոշել, իրեն մոտ տանեն, ինքը այն կուղղի, քանի որ շատ հեշտ բան է համարել Մաշտոցի խնդրած գյուտը: Պատմիչն ավելի է մեղանչում ճշմարտության առաջ, գրելով, թե Մաշտոցն ու նրա օգնականները հունարեն լավ չգիտեին 150: Դրա համար էլ նախարարները Մաշտոցի եւ Վռամշապուհի հետ աղաչել են Սահակին ստանձնելու «այդպիսի մեծ գործ», այլ խոսքով Աստվածաշունչը թարգմանելու:

Ըստ Փարպեցու, գիտության լուսավորությունը տվել է Գրիգորը, իսկ եկեղեցազարդ բանավորությունը-Աստվածաշնչի էությունը, «հոգեւոր խորտիկները» ՝ Սահակը:

Հետեւելով Եղիշեին, Փարպեցին էլ համոզված է, որ ուսումն ու Աստվածաշունչը ուժ ու կորով են ներշնչում մարդկանց: Խոսելով Տիզբոնում բանտարկված նախարարների մասին, նա նշում է, որ նրանք այնտեղ սովորել են եկեղեցու կտակարանները, աներկյուղ կատարել սահմանված սաղմոսագրությունները եւ կարդացել ընթերցվածները: Գիշեր ու ցերեկ անդադար բանակի մեջ պարապել են աղոթքով, նրանք իրենց մտավոր զենքով զինված՝ թշնամիների վրա հարձակվելիս՝ աղոթել են եւ աստծու օգնությամբ բոլոր կռիվներից ողջ, հաղթող ու հռչակված վերադարձել 151:

***

Ղազար Փարպեցու «Մեղադրութիւն ստախոս աբեղայից» խորագիրը կրող «Թուղթը» չափազանց կարեւոր աղբյուր է V դարի երկրորդ կեսի հայ հասարակական կյանքի, տիրող բարքերի ուսումնասիրության համար: Այն միաժամանակ հոյակապ գրական հուշարձան է պատմիչի համար, մի զորեղ ամբաստանագիր իր ժամանակակից հոգեւորականության մի դասի

Փարպեցու «Թուղթը» ճիշտ նկատում է Մ. Մկրյանը, կարեւոր փաստաթուղթ է հայ հասարակական մտքի համար, այն ճիշտ պատկերացում է տալիս այն ժամանակաշրջանի գաղափարական պայքարի բնորոշ կողմերի մասին 152:

«Թղթում» պատմիչն իր հալածանքների հիմնական պատճառը համարում է «ստախոս աբեղաների» նախանձը: Ըստ Փարպեցու, աշխարհի սկզբից նախանձը շատ չարագործություններ է արել 153, իսկ իր ապրած օրերում շատերը ձգտել են իր փոխարեն լինել, եւ բացականչում է. «Բայց երանի թե լինեին» 154: Այնուհետեւ աստվածաշնչից բերելով օրինակներ նախանձից կատարած գործողությունների վերաբերյալ՝ պատմիչն ասում է «առ նախանձու՝ կուտէին եւ ի վերայ իմ բազում բանսարկիւթինս» 155: Եվ մեկ առ մեկ թվարկում է իրեն ներկայացրած մեղադրանքները. 1)պոռնկությունը մեղք չէ: 156 2) Ղազարն աղանդավոր է 157: 3) Ով որ չարագործ եւ պիղծ է, Ղազարի բնակությունն այնտեղ է եւ նա սիրում է նրանց 158: 4) Ղազարը յուրացրել է վանքապետական գույքը եւ վատնել այն, որ նրա հեռացումից հետո ոչ մի բան չի մնացել վանքում 159: 5) Ղազարն առաջ գիտնականի նման էր խոսում, իսկ այժմ՝ տգետի 160: 6) Գիրք չի կարդում, բայց ընթերցածն այնպես անսխալ է կարդում, որպես թե գրքի վրա 161: 7) Մի մանուկը չի կարող վանքին հոգաբարձու լինել 162:

«Թղթում» դրսեւորվել է պատմիչ Փարպեցու ճարտասանական վարպետությունը: Իզուր չէ, որ ժամանակակիցները նրան տվել են «ճարտասան» մականունը: Հմուտ արվեստով եւ խիստ ոճով նա ժխտել է իր նկատմամբ հարուցված բանսարկությունները, ապացուցել իր անմեղությունը, կծու սրամտությամբ մեկ՝ ծաղրել է իր հակառակորդներին, մեկ՝ վկաներ բերել իր գործողությունն ու անմեղությունը ցույց տալու համար: Մերթ անարգանքի ու արհամարհանքի սյունին է գամել նրանց տգիտությունը, որպեսզի «լռեսցեն լիրբքն ու անամօթքն» 163, բնութագրել է նրանց իբրեւ «հեգք եւ թշուառականք» 164:

Փարպեցին իբրեւ ճարտասան, քաջ գիտակցել է, որ լավ խոսելու գլխավոր պայմաններից մեկն էլ լավ ունկնդրելն է: Նա համեմատություն է կատարում հույների եւ հայ աբեղաների միջեւ, գտնում է, որ հույները սիրով են վերաբերվում հանդեպ ճառախոսը եւ այդ՝ վերջինիս միտքը զարթնեցնում է, ոգեւորում է նրան: Իսկ հայոց աբեղաները, ցավով արձանագրում է պատմիչը, սաստիկ նախանձի պատճառով հակառակն են անում, մարգարեի ասածի նման «ցավեր են հղացնում եւ անօրենություն ծնում»: Եթե աստծուց քարոզելու գիտություն է շնորհվում ճառախոսին, նախանձից տրաքվում են: Որ տեսնում են ժողովուրդը մեկին գովում է, ծաղրելով ամաչացնում են նրան: Մի անգամ, որ խոսեց, ասում են, լռել չգիտե, եւ զուր տեղն աղաղակում ու պարծենում են: Իսկ հույները, անգամ նրանց երեխաները, իրենց ծնողների ուսերի վրա ձեռքերը թափահարելով ուրիշներին գովելու համար, անկապ ձայներ արձակելով՝ ուրախությամբ վեր են թռչում 165:

Փարպեցու համար ամենածանր մեղադրանքը աղանդավոր համարվելն էր: Նրա ժամանակ եկեղեցու ամենավտանգավոր թշնամին մծղնեկան (մեսալյան) աղանդն էր, որի դեմ Սահակ Պարթեւի եւ Մեսրոպ Մաշտոցի աշակերտները 440-ական թվականներին սուր ու համառ պայքար են մղել: 443 թվականին Շահապիվանի եկեղեցական ժողովը խիստ դատապարտել ու  հալածել էր այդ աղանդի հետեւորդներին, սահմանել էր ծանր պատիժներ նրանց նակտմամբ: Այդ իսկ պատճառով մեր պատմիչի հակառակորդները նրան խորտակելու նպատակով հենց այդ աղանդին պատկանելու մեջ են մեղադրել: Այդ հանգամանքը ցույց է տալիս, որ նշված ժողովից հետո, այդ աղանդը ոչ միայն վերացել էր, այլ ընդհակառակը, ավելի ծավալվել եւ հնարավոր դարձել, անգամ հունական կրթություն ստացած պատմիչին այդ ասորական ծագում ունեցող աղանդի մեջ մեղադրելու 166:

Փարպեցին չի նշում իր հակառակորդների ով լինելը, քաղաքական կողմնորոշման պատկանելիությունը: Ճիշտ են նկատու Մ. Աբեղյանը եւ Ե. Տեր Մինասյանը, որ այդ պայքարը սկզբունքային դավանական չէր, ինչպես կարծել են, եւ ոչ էլ ասորական հոսանքի գործ էր: Հայաստանում այդ ժամանակ նվազել էր ասորի հոգեւորականության դերը, ընդհակառակը ասորական եկեղեցին V դարի վերջին Պարսկաստանում չափազանց թուլացել էր, նա ինքն էր ձգտել հովանավորություն գտնել հայոց եկեղեցու կողմից ընդդեմ նեստորականների, որոնց հովանավորում էր պարսից արքունիքը:

Այդ պայքարը քաղաքական կողմնորոշման հետեւանք էր: Պարսկական կողմնորոշումը այդ ժամանակ բավական ուժեղացել էր եւ հալածանք էր սկսել բյուզանդասերների նկատմամբ: Պարսկասերները վաղուց ի վեր կատարում էին պարսից արքունիքի կամքը՝ թուլացնել եւ իսպառ վերացնել հունական ազդեցությունը Հայաստանում, ոչնչացնել արեւմտյան կողմնորոշման ուժերը, նպաստավոր հող նախապատրաստել հայերի ձուլողական քաղաքականության համար: Իր այդ նպատակը պարսից արքունիքը՝ V դարի երկրորդ կեսից սկսած իրականացնում էր ոչ թե ասորիների, այլ պարսկական կողմնորոշման կուսակիցների միջոցով, ուրացողների ու դավաճանների միջոցով: Նրանք այնքան էին հզորացել, որ անգամ Բաբկեն կաթողիկոսը, ինչպես տեսանք վերեւում, վախեցել էր Փարպեցուն որեւէ օգնություն ցույց տալ: Տգետ աբեղաները չեն ըմբռնել, կամ չեն ցանկացել ըմբռնել Սահակ-Մաշտոցի աշակերտների ծավալած մշակույթային գործունեության նշանակությունը, նրանք նենգ ու ստոր ճանապարհով պայքարել են հայ մշակույթի անխոնջ մշակների դեմ, կաշառքի, զրպարտության, անվանարկության միջոցով հալածել առաջավոր մտածողներին: Ահա այդ զոհերից էր Ղազար Փարպեցին, որը սակայն չէր ընկճվել, չէր հուսահատվել, այլ կարողացել էր իրեն պաշտպանել:

Ղազարը չէր կարող աղանդավոր լինել հենց այն պարզ պատճառով, որ նա էլ ատելությամբ է լցված, ընդհանրապես աղանդավորների նկատմամբ, համարելով այն «կորստյան ճանապարհը»:

Նա գրում է, որ իր կարողության չափով հունական գիտությամբ պարապելով, եւ իր տկարության չափով կարդալով այն սուրբ մարդկանց գրքերը, որոնք սուրբ հոգու շնորհքով զինված՝ աղանդավոր ուսմունքների հոգեկորույս խոսքերն իրենց բերանով լռեցրել էին, նրանց ուժը ոչնչացրել եւ փրկության պարգեւող այն վարդապետությունը իրենց գրով ավանդել իրենց, հոգ տանելով որդեսեր ճշմարիտ հայերի նման, բոլոր տգետ մարդկանց օգտի մասին: Նրանց երկար գրածները եթե մեկը ջերմ սրտով կարդա, անվնաս եւ հեշտ կազատվի աղանդավորների թունավոր խոսքերից: Այնուհետեւ թվարկելով մի քանի աղանդավորների անունները (Արիոս Աղեքսանդրացու, Ապողինարոս Լավոդիկեցու, Նեստոր Անտիոքացու, Եվտիքիոս եւ Կումբրիկ ստրուկի, որ հետո իր անունը Մանի էր փոխել, որի համար էլ իր աշակերտները կոչվեցին մանիքեցիներ), ավելացնում է, թե ուրիշ շատ միանման կորստյան ճանապարհի ուղեկիցներին, սուրբ կաթողիկո առաքելական եկեղեցին նզովեց եւ դուրս գցեց 167:

Փարպեցին գտնում է, որ Հայոց աշխարհի աղանդի մասին ասում են, որ անանուն է, գրված մի բան չկա, հայ աղանդավորները, որոնք հավատից ու գիտությունից զուրկ են, գործերի մեջ ծույլ եւ անհամբեր են, նայելով նրանց մեջ եղած տգիտությանն ու անկարգ վարքին, իսկապես, վայել էր, որ նրանցից առաջ գար այդ աղանդը: Բայց ինքը, թեեւ այդպիսի աղանդավորներից մեկին գիտե, ասում է պատմիչը, սակայն միայն լսածով դատել եւ կամ դատապարտել ամենեւին չի կամենում, դրա համար նույն վնասակար մարդիկ (իր թշնամիները-Լ. Բ. ) կարծել են, որ ինքն էլ է նրանց մասնակից: Որովհետեւ ինքը սովորել էր փրկչից, որ չի հրամայում ամենեւին՝ հանդուգն կերպով պոկել որոմը ցորենի միջից մինչեւ հնձի ժամանակ 168:

Ահա պատմիչ Փարպեցու տրամաբանությունն աղանդավորների մասին: Ասվեց, որ պատմիչը չի ընկճվել, կարողացել է իր մեջ ուժ գտնել ու ցույց տալ իր անաղարտությունը: Վահանին նա գրել է, թե որովհետեւ ինքը երկնային մտածմունքով տկարամիտ եւ անզգույշ մարդ է, չի հասկացել նույն միջոցի որոգայթը, այլ իրեն հարկավոր էր իսկույն ընկնել Վահանի ոտքերի առաջ, արտասուքով եւ աղաչանքով, ու հեռու փախչել վանքի հոգաբարձությունից: Այն ժամանակ ինքը ազատված կլիներ նույն գազանների պատառող ժանիքներից, որոնք այնուհետեւ ծածուկ դարանամուտ լինելով եւ իրենց անթիվ մեծ կարողությամբ շատ հեսան գնելով, իրենց լեզուները սրեցին սուսերի նման, եւ նրանց շրթունքների տակը իժերի թույներ կային: Ինքը չի կարողացել սաղմոսերգուի պես աղոթել, թե պահիր, տեր, մեղավորների ձեռքից ու չար մարդուց ազատիր ինձ, նրանք այնուհետեւ ընկել են իր ետեւից, խափնել նրա ճանապարհները եւ հասցնելով մերձիմահ, վիրավորել իրեն: Բայց ուրախացել է ինքը, որ այն վերքերով ու մեղքերով ավելի առաջուց իր խոցված հոգին առողջանալով զորացել է:

Փարպեցին այսպես է բնութագրել իր հակառակորդներին, թե այժմ լիրբ նախանձողներից շատերը՝ եկեղեցական գրքերի անուններն ու քանի հատ լինելն անգամ հազիվ կարող են գիտենալ, բայց նախանձ սերմանող դեւի գրգռելով՝ իրար մոտ նստած՝ ուրիշներին լսելի անելու համար «զինչպես խոսին» 169:

Փարպեցու «Պատմությունից» իմանում ենք նաեւ Մովսես Խորենացու, Խոսրովիկի եւ ուրիշների հալածանքների պատճառները:

«Թղթի» վերջում նա գրում է, թե ասենք ինքն արժանի էր այդպիսի պատուհասի, իսկ մյուս առաքելանման մարդիկ, ինչու այդ կերպով եւս առավել վշտերի պատահելով այս աշխարհում, ավելի խիստ ցավերով վախճանվեցին: Եվ նշում է դրանցից մի քանիսին, առաջին հերթին Մովսես փիլիսոփային՝ Խորենացուն: «Որն իսկապես կենդանի ժամանակ միշտ երկնային զորքերին էր քաղաքացի», չէ՞ որ տեղից տեղ հալածեցին հայոց այդ աբեղաները: Չէ՞ որ Խորենացու լուսավորիչ եւ տգիտություն վերացնող գրքերը՝ այդ աբեղաներն իրենց տգիտության պատճառով փաթաղիկես անվանեցին եւ ուրիշ շատ բաներով նախատեսելով՝ ապա ուրիշների ամոթի պատճառով շինծու եպիսկոպոսությունը մահու դեղի նման խմեցնելով սուրբ Մովսեսին մահացրին: Խորենացին, ասում է Ղազարը, իր մահվան ժամանակ սարսափելի նզովքներ է գրել այդ քահանայության գլխավորների վրա: Նրա ոսկորները գերեզմանից հանել տվին եւ գետը գցեցին: Այն հրեշտականման Խորենացուն նույն հալածանքներով մեռցրին, այժմ էլ դեռեւս նրանք անկուշտ նախանձով մեռելի հետ են կռվում 170:

Խոսրովիկի մասին էլ նշում է, թե անարատ ու բոլորի կողմից հարգվելու արժանի Խոսրովիկը՝ դեռ սահմանը (Հայաստան) չհասած, երբ նրա գալու մասին աբեղաները իմացել են, թշնամաբար են ընդունել այդ լուրը եւ ասել են. էլ ո՞ւր է գալիս մյուս թրգմանիչն էլ: Խոսրովիկը հեռվից լսելով մահաբեր աղեղների ձայնը՝ աղոթել է աստծուն եւ մահացել 171:

Փարպեցին նշել է նաեւ Աբրահամ եպիսկոպոսին, Ներսես եւ Սահակ կաթողիկոսներին եւ ուրիշներին եւ ապա ավելացրել է, թե նրանց այդպես անարգվելը եւ նախատինքով հալածվելու պատմությունները ոչ թե մեկ մարդուց է լսել, այլ իր իսկ ժամանակում կատարված է տեսել այդ բոլորը 172:

***

Ղազար Փարպեցու «Հայոց պատմությունը» պատմական արժեքավոր ստեղծագործություն է, մանավանդ նրա երրորդ գլուխը-դրվագը, որ ամենահարուստ եւ ստուգապատում աղբյուրն է V դարի երկրրդ կեսի երեսուն- երեսունհինգ պատմության: Նա միաժամանակ կարեւոր գրական կոթող է, որ գեղեցիկ ձեւով արտացոլել է իր ժամանակի իրականությունը: Միայն թե, ինչպես ճիշտ է նկատում Ե. Տեր- Մինասյանը, շատ են նրա մեջ ճառերը, որոնք հոգնեցնում են ընթերցողին ու դանդաղեցնում գործողության զարգացումը: Ոճը կենդանի է ու բնական, ունի երբեմն նույնիսկ ընտանեկան-ռամկաբանակն բնույթ: Այդ պատճառով էլ նրա լեզվի մեջ հանդիպում են ձեւեր, որոնք մոտ են արդի հայերենին, կան եւ սրախոսություններ ու կծու ծաղրանք: Երկը զերծ չէ նաեւ հակասություններից, կրկնություններից, ավելորդաբանությունից եւ խրթինությունից 173:

Դժվար է անվերապահորեն համաձայնվել Հ. Ն. Ակինյանի եւ Հ. Պ. Տեր- Պողոսյանի այն կարծիքի հետ թե «Ղազարի պատմութիւնը յատուկ իմաստով Հայոց պատմութիւն չի կարելի կոչել, այլ տոհմային պատմութիւն՝ Մամիկոնյան տան» 174:

Չի կարելի նաեւ անվերապահորեն համաձայնվել Կյուեսերյանի հետ, ըստ որի Փարպեցին «Հայ պատմագիրներու հայրն է», «իւր գիտական իւղությիւնը, իւր ծանօթ անձնաիւրութիւնը մեր եւ ոչ մեկ պատմագիրներուն վրայ կարելի է տեսնել Ե կամ Զ դարու մեջ» 175:

Իրավացի է Զ. Հարությունյանը, երբ գրում է, թե IV դարի վերջի եւ V դարի անցքերի, հատկապես այդ դարի երկու խոշոր ազատագրական պատերազմների պատմության եւ հայ, վրացի եւ աղվան ժողովուրդների ազատագրական համատեղ պայքարի պատմության շուրջը որեւէ ուսումնասիրության, առանց Փարպեցու երկերի օգտագործման, միանգամայն զուրկ կլինի որեւէ արժեքից 176:

Զ. Հարությունյանը իրավացի է նաեւ, երբ գրում է, թե «Հայկական միջնադարյան մատենագրության մեջ Ղ. Փարպեցին է այն պատմագիրը, որն անմիջապես կանգնած է պատմահայր Մովսես Խորենացու կողքին:

Արդարեւ, գրել է մեծանուն Մ. Նալբանդյանը, Փարպեցու պատմությունը շատ տեղ եւ մեծ մասով նմանություն ունի Տակտոսի հոյակապ տարեգրությանը, թե իր անախտագիր ոգու, թե ճարտասանության մասին: Եվ մեզ թվում է, թե այս համեմատությունը է՛ր ամենամեծ գովասանությունը, որ կարող էինք տալ Փարպեցու պատմության, առանց վախենալու եվրոպական գիտության դատաստանից 177:

Լեոն էլ բարձր է գնահատել Փարպեցու «Պատմությունը», նա գրել է. «Փարպեցին հայոց գրականությանը տվեց նրա դասական ամենաշքեղ զարդերից մեկը՝ «Պատմությունը» 178:

Ղազար Փարպեցու Պատմությունը նյութերի ընդգրկումով դուրս էգալիս Հայաստանի եւ հայ ժողովրդի պատմության շրջանակներից: Այն պարունակում է կարեւոր ու հետաքրքիր տեղեկություններ Մերձավոր Արեւելքի ու հատկապես Անդրկովկասի ժողովուրդների՝ IV-Vդարերի պատմության վերաբերյալ: Այն զգալի չափով լրացնում է նախորդ պատմագիրներին եւ հնարավորություն է տալիս ավելի լայն գաղափար ունենալու մեր հայրենիքի ու հարեւան երկրների ներքին ու արտաքին կյանքի մասին, ավելի ստույգ ու շատ բան իմանալու քաղաքական, սոցիալ-տնտեսական, գաղափարական ու մշակույթային բազում իրադարձությունների եւ երեւույթների մասին, լուսավորելու այդ բնագավառների պատմության շատ մութ ծալքերը:

Փարպեցու Պատմությունը, ինչպես եւ Թուղթը, հնարավորություն են տալիս մոտավոր պատկերացում ունենալու դարագլուխ կազմող անցման այդ ժամանակաշրջանում հնի ու նորի միջեւ տեղի ունեցող գաղափարական, քաղաքական քողարկված ու բացահայտ պայքարի մասին: Այո, Փարպեցուն համարձակ կարող ենք դնել Տակիտոսի կողքին եւ չվախենալով հանձնել համաշխարհային պատմագրության անաչառ դատաստանին, որին նա դարեր շարունակ հիացմունք է պատճառել եւ փառք բերել հայ մատենագրությանը:

 



[1]            Գր․ Խալաթյանց, Ղազար Փարպեցի և գործք նորին, Մոսկվա, 1883, Մ․ Աբեղյան, Հայոց Հին գրականության պատմություն, հատ. 1, Երևան, 1994, էջ 311։

[2]            Տես Ղազարայ Փարպեցու պատմութիւն Հայոց եւ թուղթ առ Վահան Մամիկոնեան, Թիֆլիս, 1907, էջ 242 և 411:

[3]            Տես նույն տեղում, էջ 441։

[4]            Նույն տեղում, էջ 410-441:

[5]            Հ․ Մանանդյան, Քննական տեսություն հայ  ժողովրդի պատմության, հատ․ Բ, մասն Ա , Երևան, 1957, էջ 361։

[6]            Ղ․ Փարպեցի, էջ 441:

[7]            Տես Մեսրոպ Մաշտոց, Հոդվածների ժողովածու, Երևան, 1962, էջ 34:

[8]            Տես Ղ․ Փարպեցի, էջ 242:

[9]            Նույն տեղում , էջ 13։

[10]          Տես Ղ․ Փարպեցի, էջ 410։ Պատմագրի մոտ՝ Հունաստան։

[11]          Տես նույն տեղում, էջ 418-419:

[12]          Տես Մ․ Աբեղյան, նշվ․ աշհ․, էջ 313։ Կ․ Քիպարյան, Պատմութիւն Հայ գրականութեան, Հատ Ա, Վենետիկ էջ 94։

[13]          Տես Ղ․ Փարպեցի, էջ 406:

[14]          Տես նույն տեղում, էջ 11։

[15]          Տես նույն տեղում, էջ 410

[16]          Տես Մ․ Աբեղյան, նշվ․ աշխ․, էջ 312

[17] Տես Ղ․ Փարպեցի, էջ 410-411:

[18] Տես նույն տեղում, էջ 406-408:

[19]          Տես նույն տեղում, էջ 425-426:

[20]          Տես նույն տեղում, էջ 412:

[21]          Տես նույն տեղում, էջ 430:

[22]          Տես նույն տեղում, էջ 431:

[23]          Տես նույն տեղում, էջ 407-408:

[24]          Տես նույն տեղում, էջ 424:

[25]          Փարպեցին պատմության երկրորդ գիրքը համարում է Բուզանդինը, առաջինը՝ Ագաթանգեղոսինը, իսկ իրենը՝ երրորդ պատմություն։

[26]          Տես Ղ․ Փարպեցի, էջ 13:

[27]          Տես նույն տեղում, էջ 14-15:

[28]          Տես նույն տեղում, էջ 13:

[29]          Տես Ղ․ Փարպեցի, էջ 16:

[30]          Տես նույն տեղում:

[31]          Տես նույն տեղում, էջ 11-12:

[32]          Տես Ղ. Փարպեցի, էջ 7:

[33]          Տես նույն տեղում, էջ 220 եւ 228:

[34]          Տես նույն տեղում, էջ 238:

[35]          Նույն տեղում, էջ 7:

[36]          Տես Մ. Աբեղյան, նշվ. աշխ., էջ 321:

[37]          Տես նույն տեղում:

[38]          Տես Ղ. Փարպեցի, էջ 37-38:

[39]          Տես նույն տեղում, էջ 46:

[40]          Տես նույն տեղում, էջ 51:

[41]       Տես նույն տեղում, էջ 48:

 

[42]          Տես Ղ. Փարպեցի,   էջ 87-89:

[43]          Տես նույն տեղում, էջ 89:

 

[44]          Տես Ղ. Փարպեցի,   էջ 88:

[45]          Տես նույն տեղում, էջ 84:

[46]          Տես նույն տեղում, էջ 93:

[47]          Տես Ղ. Փարպեցի,   էջ 101-102:

[48]          Տես նույն տեղում, էջ 104-105:

[49]          Տես Ղ. Փարպեցի,   էջ 105-106:

[50]          Տես նույն տեղում, էջ 110:

[51]          Տես նույն տեղում, էջ 106-107:

52          Տե'ս Ղ. Փարպեցի, էջ 115։

53          Տե'ս նույն տեղում:

54          Տե'ս նույն տեղում, էջ 115-116:

55          Տե'ս նույն տեղում, էջ 133:

56          Տե'ս Ղ. Փարպեցի, էջ 118։

57          Տե'ս Եղիշե, էջ 100-104, 106-111, Ղ. Փարպեցի, էշ 151-152, 148-150։

58          Տե'ս Ղ . Փարպեցի, էջ 120։

59          Տե'ս նույն տեղում, էջ 123։           

60          Տե'ս նույն տեղում, էջ 124։

61          Ղ. Փարպեցի, էջ 124:

63          Տե'ս Ղ. Փարպեցի, էջ 125:

64          Տե'ս նույն տեղում, էջ 125-126։

65          Տե'ս նույն տեղում, էջ 132։

66          Տե'ս նույն տեղում, էջ 153։

67          Տե'ս նույն տեղում, էջ 153-154։

68          Տե'ս Ղ. Փարպեցի, էջ 154-154։

 

69          Տե'ս նույն տեղում, էջ 156։

70          Տե'ս նույն տեղում, էջ 115։

71          Տե'ս նույն տեղում, էջ 173։

72          Տե'ս Ղ. Փարպեցի, էջ 262։

73          Տե'ս նույն տեղում, էջ 262-263։

74          Տե'ս նույն տեղում, էջ 291-298։

75          Տե'ս նույն տեղում, էջ 299 - 300։

76          Տե'ս նույն տեղում:

77          Ղ. Փարպեցի, էջ 303:

78          Նույն տեղում, էջ 305-306։

79          Նույն տեղում, էջ 316:

80          Տես նույն տեղում, էջ 327-329:

81          Տես նույն տեղում, էջ 329:

82          Ղ. Փարպեցի, էջ 331:

83          Տես նույն տեղում, էջ 333:

84          Տես նույն տեղում, էջ 334:

85          Տես նույն տեղում, էջ 348:

86          Տես նույն տեղում, էջ 349-350:

87          Տես նույն տեղում, էջ 350-351:

88          Տես նույն տեղում:

89          Տես նույն տեղում, էջ 351-352:

90          Տես Ղ. Փարպեցի, էջ 356:

91          Ղ. Փարպեցի, էջ 363:

92          Տես նույն տեղում, էջ 365-366:

93          Տես Ղ. Փարպեցի, էջ 368-369:

94          Տես նույն տեղում, էջ 369-370:

95          Տես նույն տեղում, էջ 370:

96          Տես Ղ. Փարպեցի, էջ 380-381:

97          Տես նույն տեղում, էջ 382:

98          Տես նույն տեղում, էջ 383:

99          Տես նույն տեղում, էջ 384:

100        Տես նույն տեղում, էջ 385:

101        Տես նույն տեղում, էջ 390:

102        Տես նույն տեղում, էջ 392:

103        Տես Ղ. Փարպեցի, էջ 394:

104        Նույն տեղում, էջ 397:

105        Տես նույն տեղում, էջ 389:

106        Տես նույն տեղում, էջ 224:

107        Տես նույն տեղում, էջ 439:

108        Տես նույն տեղում, էջ 85-86:

109        Տես նույն տեղում, էջ 183-184:

110        Տես Ղ. Փարպեցի, էջ 143-144:

111        Տես նույն տեղում, էջ 162:

112        Տես նույն տեղում, էջ 164-165:

 

113        Տես նույն տեղում, էջ 182:

114        Տես Ղ. Փարպեցի, էջ 184:

115        Տես Աշ. Հովհաննիսյան, Դրվագներ, հատ է, էջ 99:

116        Տես Ղ. Փարպեցի, էջ 309:

117        Տես նույն տեղում, էջ 142-143:

118        Տես Ղ. Փարպեցի, էջ 372-373:

119        Տես նույն տեղում, էջ 398:

120        Տես նույն տեղում, էջ 246-247:

121        Տես նույն տեղում, էջ 247:

122        Տես նույն տեղում, էջ 24:

123        Տես նույն տեղում, էջ 25:

124        Ղ. Փարպեցի, էջ 26:

125        Տես նույն տեղում, էջ 46:

126        Տես նույն տեղում, էջ 43:

127        Տես նույն տեղում, էջ 243:

128        Տես Ղ. Փարպեցի, էջ 211:

129        Տես նույն տեղում, էջ 112-113:

130        Տես նույն տեղում, էջ 225:

131        Տես նույն տեղում, էջ 171-172:

132        Տես նույն տեղում, էջ 96:

133        Տես նույն տեղում, էջ 23:

134        Տես նույն տեղում, էջ 69:

135        Տես նույն տեղում, էջ 83:

136        Տես նույն տեղում, էջ 222-225, 315:

137        Տես նույն տեղում, էջ 70-71:

138        Տես Գ. Խալաթեան, Ղազար Փարպեցի, ու գործք նորին, Մոսկվա, 1883, էջ 120:

139        Տես Ղ. Փարպեցի, էջ 18:

140        Տես Ղ. Փարպեցի, էջ 29-32:

141        Տես նույն տեղում, էջ 29:

142        Տես նույն տեղում, էջ 30:

143        Տես նույն տեղում, էջ 32:

144        Տես նույն տեղում, էջ 32, 34:

145        Տես նույն տեղում, էջ 33:

146        Տես նույն տեղում, էջ 35-36:

147        Տես նույն տեղում, էջ 28:

148        Տես նույն տեղում, էջ 33:

149        Տես նույն տեղում, էջ 32:

150        Տես նույն տեղում, էջ 32-33:

151        Տես նույն տեղում, էջ 238-239:

152        М. Мкрян, Хоренаци, стр. 15.

153        Տես Ղ. Փարպեցի, էջ 412:

154        Տես նույն տեղում:

155        Տես նույն տեղում, էջ 414:

156        Տես նույն տեղում:

157        Տես նույն տեղում, էջ 418:

158        Տես նույն տեղում, էջ 422:

159        Տես նույն տեղում, էջ 426:

160        Տես նույն տեղում, էջ 434:

161        Տես նույն տեղում, էջ 434-435:

162        Տես նույն տեղում, էջ 426:

163        Տես նույն տեղում, էջ 417:

164        Տես նույն տեղում, էջ 417:

165        Տես նույն տեղում, էջ 432-433:

166        Տես Ե. Տեր-Մինասյան, Պատմա-բանասիրական հետազոտություններ, Երեւան, էջ 325:

167        Տես Ղ. Փարպեցի, էջ 419-420:

168        Տես նույն տեղում, էջ 420-421:

169        Տես Ղ. Փարպեցի, էջ 435:

170        Տես նույն տեղում, էջ 436-437:

171        Տես նույն տեղում, էջ 437:

172        Տես նույն տեղում, էջ 438:

173        Տես Ե. Տեր-Մինասյան, նշվ. աշխ., էջ 327, Մ. Աբեղյան, նշվ. աշխ., էջ 336-338:

174        Մատենագրական հետազոտություններ, Ղազար Փարպեցի, տես «Հանդէս ամսօրեայ», 1973, ապրիլ-հունիս, էջ 131:

175        Եղիշէ Քննական ուսումնասիրութիւն, Վենետիկ, 1909, էջ 178:

176        Տես Զ. Ե. Հարությունյան, Ղազար Փարպեցի, Երևան, 1962, էջ 86:

177        Մ. Նալբանդյան, Ղազար Փարպեցու գրած թուղթը, ս. Պետերբուրգ, 1868, էջ 37, տես եւ Զ. Հարությունյանի աշխ., էջ 87-88:

178        Լեո, Հայց պատմություն, հատ. 2, Երևան, 1947, էջ 139: